Ամենից շատ նրա մեջ ինձ զարմացնում էր որևիցե շտապողականության բացակայությունը։ Նա չէր ձգտում տպագրվել, ճանաչված դառնալ, ստանալ հոնորարներ, ապրել լավ բնակարանում, ավելի լավ ուտել սնվել և հագնվել։ Հետո ես շատ զարմացա, երբ Սիմիչը լինելով փառքի շեմքին սկսեց մեծ նշանակություն տալ իր արտաքինին և նույնիսկ մորուք աճեցրեց։ Նրա մորուքի մասին ես մտածում էի, որ նրան չի սազում և նույնիսկ հակասում է նրա ներքին նկարագրին։ Բայց հետո ես ստիպված էի ընդունել, որ այս դեպքում էլ, նա հստակ գիտեր իր անելիքը։ Գիտեր, երբ ման գալ մորուքով և երբ առանց դրա։ Լինելով հնոցապան, եթե նա աճեցներ ցանկացած երկարության մորուք, հազիվ թե դա կբերեր նրան որևիցե օգուտ։ Ծայրահեղ դեպքում Բեսկուդինովոյի բնակիչների կողմից կընդունվեր որպես քաղաքային խելագար։ Հասկանալի է, որ այդպիսի համբավի համար նա երբեք չէր գնա այն անհարմարություններին, որոնք կապված են մորուք կրելու հետ, առավել ևս նկատի ունենալով նրա պարտականությունները, դա հրդեհի դեպքում կլիներ չափազանց վտանգավոր։ Իսկ երբ եկավ ճանաչումը, նրա հետ էլ երկրպագուների և լրագրողների ամբոխը, մորուքը շատ տեղին եղավ։ Հարյուրավոր հեռուստաէկրաններով բազմապատկված, դա թողնում էր անջնջելի տպավորություն։
Ճիշտն ասած, ես ունեմ մի ամբողջ հետազոտություն մորուքի մասին, որը, ամեն մի ցանկացող կարող է ստանալ աշխարհի համարյա ամեն մի գրադարանում։ Բայց նրանց համար, ով ծուլանում է գրադարան գնալ, ես կարճ կբացատրեմ, որ իմ խորին համոզմամբ, մորուքը խաղում է շատ մեծ դեր առաջավոր գաղափարների, տեսությունների տարածման և ուղեղներին տիրապետելու գործում։ Ես մտածում եմ, որ մարքսիզմը երբեք չէր կարող գրավել մասսաներին, եթե Մարկսը ժամանակին, թեկուզև ստիպողաբար, սափրված լիներ։ Լենինը, Կաստրոն, Հոմեյնին՝ չէին կարողանա իրագործել հեղափոխություն այս կամ այն երկրում, եթե սափրված լինեին։ Իհարկե, գրավել իշխանությունը այս կամ այն երկրում կամ նվաճել տարածքներ, երբեմն հաջողվում էր և մորուսավորներին և անմորուսներին։ Բայց դեռ ոչ մի անմորուսի չի հաջողվել դառնալ մարգարե։