Սիմիչը խոստացավ դա անել, բայց տուն հասնելուն պես, հենց իր կաթսայատանը հարցազրույց հրավիրեց արտասահմանյան լրագրողների համար։ Եվ նրանց առաջ շատ տպավորիչ ճառ արտասանեց ընդդեմ կոմունիզմի և կոմունիստների, որոնց նա անվանեց ամենակուլ կոմունիստներ, կամ ուղղակի զագլոտչիկներ։
Արձագանքը անսովոր էր։ Սիմիչը միանգամից հայտնի դարձավ ոչ միայն որպես աշխարհի ամենալավ գրող, այլև հերոս, և այդ անվախ ռուս հերոսի մասին խոսեց ամբողջ երկրագունդը։ Հենց որ աշխարհը մի քիչ հանգստանում էր և իշխանությունը համարում էր, որ երբ աղմուկը դադարի, նրան միանգամից կխժռի, նա, հիմար չլինելով, անհապաղ տպում էր նոր բեկոր։ Սկսվում էր ավելի մեծ աղմուկ, և նրա ենթադրյալ կալանավորումը կարող էր ավելի մեծ միջազգային արձագանք ստանալ, քան նույնիսկ, ներխուժումը Չեխոսլովակիա կամ Աֆվանստան։ Ավղանստան։ Իշխանությունները փորձում էին և այսպես, և այնպես, առաջարկում էին ինքնակամ մեկնել երկրից։ Բայց նա ոչ միայն չարեց դա, այլև հիշելով Սոլժենիցինի հետ կատարվածը, դիմեց աշխարհին խնդրանքով չհամաձայնվել ընդունել նրան, եթե ամենակուլների մտքով անցնի ուժով դուրս գցել նրան։
Իշխանությունները ուղղակի ոռնացին, չիմանալով ինչ անել։ Կալանավորումը չէր ստացվում։ Կարնավալովի երկրպագուները (իսկ նրանց թիվը հասնում էր հազարների) հետևում էին նրա գործունեությանը և իշխանությունների գործելակերպին։ Իշխանությունները վախ ունեին, որ Կարնավալովի բացահայտ կալանավորումը կարող է բերել ապստամբության։ Ավտովթարը կլիներ սպիտակ թելերով կարված, մնում էր միայն գաղտնի վտարումը, բայց ինչպե՞ս և ո՞ւր վտարել, եթե բոլոր արևմտյան տերությունները հրաժարվում էին նրան ընդունել։ Այն ժամանակ ԿԳԲ֊ն իրականացրեց փայլուն և օրիգինալ գործողություն։