― Ա՜յ քեզ հիմար, ― ասաց Զիլբորովիչը և խփեց ազդրին։ ― Դե իհարկե դեմ է։ Եթե նրանք լինեին կողմ, ես քեզ չէի պատմի նրանց մասին։
Չեմ ուզում սխալ հասկացված լինել, բայց երբ Լեոն հրապուրվեց այդ Լեոնարդո Տոլստոյով, սկսեց վազել նրա մոտ և խոսել միայն նրա մասին, ես ընկալեցի դա որպես անսպասելի դավաճանություն։ Բանն այն է, որ անգիտակցաբար ես սովորել էի ունենալ նրան ձեռքի տակ, որպես հավատարիմ երկրպագու, որին միշտ կարելի էր ուղարկել սիգարետների կամ օղու շշի հետևից, և դուրս գցել գլխիցս, երբ նա ինձ պետք չէր։ Ես սովորել էի, որ ցանկացած պահին կարող եմ գալ նրա մոտ, կարդալ նրան ինչ֊որ մի նոր բան և տեսնել նրա հիացմունքը։ Իսկ հիմա նա սկսեց կտրուկ փոխվել։ Չէ, նա առաջվա պես ինձ հաճույքով լսում էր և նույնիսկ գովում, բայց արդեն ոչ այնպես։ Արդեն ոչ թե հոյակապ է, հանճարեղ է, հիասքանչ է, այլ լավ է, հաջող է, վատ չի, իսկ Կարնավալովի մոտ․․․
Եվ հրամցնում է ինձ մի մեջբերում Կարնավալովից։ Ավելին, այն օրվանից, ինչ նա դարձել էր իրեն՝ Կարնավալովի մերձավորներից, նրա վերաբերմունքում իմ հանդեպ հայտնվեց ինչ֊որ տիրական ներողամտություն։