― Դեյզի, տեսնում եմ, անկեղծ ես խոսում․ դու բարի տղա ես։ Երանի թե բոլորս քեզ նման լինեինք։
Եվ հետևյալ վայրկյանին նա զվարթ սրտով մր․ Պեգգոտիի ծովային երգը հնչեցրեց, և մենք շտապեցինք Յարմաութ հասնել։ ==Բ․ գլուխ== Հին բեմի վրա նոր անձինք Ստիրֆորթն ու ես երկու շաբաթից ավելի Յարմաութում մնացինք։ Ավելորդ է ասել, որ գրեթե միշտ միասին էինք։ Պատահում էր, սակայն, որ երբեմն իրարից մի քանի ժամով բաժանվում էինք։ Նա վարժ նավաստի էր, իսկ ես՝ ոչ, և երբ նա ու մր․ Պեգգոտին ձկնորսության էին գնում, ես սովորաբար ցամաքի վրա էի մնում։ Ես, որպես դայակիս հյուրը, փոքր֊ինչ կաշկանդված էի, այնինչ Ստիրֆորթն ազատ էր։ Ես տեսնում էի, որ պառավ Պեգգոտին ամբողջ օրը հիվանդ մարդուն է խնամում, և նրան ավելորդ նեղություն չտալու համար աշխատում էի գիշերները շուտ տուն գալ, մինչդեռ պանդոկում եղած Ստիֆորթը լիովին ազատ էր իր հակումներին հետևելու։ Այսպես ահա ականջիս հասավ, թե մի գիշեր իմ անկողին մտնելուց հետո, նա ձկնորսներին պատիվ է տվել «Զվարթ ընկեր» գինետանը, ուր երբեմն հաճախում էր և մր․ Պեգգոտին․ հետո իմացա, թե մի լուսնկա գիշեր, նավաստու շորեր հագած, ծովի վրա է մնացել և միայն լուսադեմին տուն եկել։ Սակայն ես նրա այդ արարքների վրա չէի զարմանում, որովհետև ինձ հայտնի էր, որ նրա աշխույժ բնավորությունը, անվեհեր ու բուռն ոգին ֆիզիկական հոգնության մեջ հաճույք են գտնում և ամեն տեսակ նոր ու զորեղ գրգիռներից բավականություն ստանում։ Երբեմն մենք իրարից բաժանվում էինք և այն պատճառով, որ ես մեկ֊մեկ Բլենդրոտըն էի գնում՝ իմ մանկության ծանոթ վայրերը տեսնելու համար․ այնինչ Ստիրֆորթը, մի անգամ այնտեղ ինձ հետ միասին լինելուց հետո, բնական է, որ նորից գնալու մի առաձին փափագ չէր զգում։ Եվ այսպես, որքան հիշում եմ, չորս անգամ պատահեց, որ առավոտյան նախաճաշից հետո, այլևայլ պատճառներով, մենք իրարից բաժանվում էինք և միայն երեկոյան ուշ ճաշին, նորից իրար հանդիպում։ Ես ամենևին տեղյակ չէի, թե ընկերս ինչպես է անցկացնում այս միջանկյալ ժամերը․ միայն երբեմն լսում էի, թե նա մի հանրածանոթ մարդ է դարձել Յարմաութում և կարող է հազար տեսակ զվարճություն գտնել, ուր ուրիշը մեկն էլ չէր գտնի։ Միայնակ պտույտներիս ժամանակ սիրելի էր ինձ հին ճանապարհին ամեն մի կանդունը մտաբերել և առանց հոգնելու այն տեղերը նայել, որոնք լի էին մանկությանս հիշատակներով։ Ես անդադար պտույտ էի գալիս այդ վայրերում, ինչպես հաճախ արել էի մտքիս մեջ, և սիրով կանգ առնում այդտեղ, ինչպես մտքով էլ արել էի, երբ մարմնով հեռու էի Բլենդրոտընից։ Ահա հանգստարանը և ծնողներիս գերեզմանը՝ ճյուղատարած ծառի տակ, ուր շատ անգամ մի տարօրինակ վշտակցությամբ կանգնել եմ, երբ գերեզմանը միայն հորս մարմինն էր ամփոփում, և ուր այնքան հուսահատ արտասվել եմ, երբ մայրիկս էլ իր մանկան հետ նրա գոգն իջավ ― մի գերեզման, որ հավատարիմ Պեգգոտիի ջանքերով, մինչև այժմ մաքուր էր պահվել, ու մի գեղեցիկ բուրաստան դարձել։ Գերեզմանը հանգստարանի մի անկյունումն էր գտնվում, ճանապարհի եզերքին։ Ետ ու առաջ ճեմելիս ես ժամերով կանգնում էի շիրիմի մոտ և վրայի անունները կարդում։ Այդ միջոցին ինձ անթիվ մտքեր էին պաշարում․ մտածում էի, թե ինչպիսի դեր պիտի խաղամ ապագայում և ինչ երևելի գործեր կատարեմ։ Հանգստարանի եկեղեցու ժամացույցը ժամանակ առ ժամանակ հնչում էր, և ես կարծես գերեզմանից լսում էի մորս ձայնը, որ ինձ օրհնում էր ու խրատում՝ ազնիվ շավղով առաջ գնալ կյանքի մեջ։ Մեր հին տունը շատ էր փոխվել։ Որորների թողած կիսավեր բույներն արդեն բոլորովին անհետացել էին․ ծառերն էլ այնպես խուզվել էին, որ այլևս չէր կարելի ճանաչել։ Պարտեզը միանգամայն խոպանացել էր և տան պատուհանները կիսով չափ փակ էին։ Տան այժմյան բնակիչը մի թշվառ խելագար էր։ Պատուհանիս առջև նստած նա շարունակ նայում էր հանգստարանին։ Արդյոք ի՞նչ էր մտածում։ Մի՞թե նրա թափառիկ մտքերն էլ հուզված են այն ցնորքներով, որոնք մի ժամանակ ինձ հիացնում էին, երբ ես արշալույսին նույն պատուհանի առջև կիսամերկ նստած՝ սիրում էի արեգնափայլ մարգագետնի վրա հանգիստ արածող գառներին նայել։ Մեր առաջվա հարևանները՝ մր․ Գրայպըրը և իր կինը, Հարավային Ամերիկա էին գնացել, և անձրևը նրանց ամայի տան կտուրից ներս կաթելով, ամբողջ հատակն ու որմերը փչացրել էր։ Մր․ Չիլիպն ամուսնացել էր երկրորդ անգամ․ նրա հիմիկվա կինը մի երկայնաքիթ, բարձրահասակ, չոր տիկին էր։ Նրանց վտիտ ու նիհար որդին հազիվ էր իր ահագին գլուխը վզի վրա բռնում և անզոր աչքերով կարծես հարցնում էր, թե ինչո՞ւ է աշխարհ եկել։ Այսպես տրտմախառն զվարճությամբ ման էի գալիս ծննդավայրիս շրջակայքում, մինչև որ ձմռան արևի մայր մտնելը հիշեցներ ինձ, թե արդեն քաղաք վերադառնալու ժամանակն է։ Եվ այնտեղ, պանդոկի կրակի դիմաց, Ստիրֆորթի հետ ընթրելիս, զվարճանում էի իմ ցերեկվա զբոսանքները հիշելով։ Նույն զգացումը, թեև ավելի նվազ չափով, տիրում էր սրտիս, երբ գիշերվա ժամին մտնում էի իմ սենյակը, ուր «Կոկորդիլոսներ» երևելի գիրքը միշտ դրված էր սեղանի վրա։ Այս գիրքը թերթոտելիս՝ ես աստծուն փառք էի տալիս, որ նա ինձ Ստիրֆորթի նման ընկեր է պարգևել, Պեգգոտիի նման մի ընկերուհի և տատիս նման մի պատվական ու վեհանձն խնամակալ, որ փոխարինում էր լուսահոգի ծնողներիս։ Զբոսանքներից դեպի Յարմաութ ետ գալիս, ճանապարհս կարճելու համար, նստում էի մի լաստանավ, որ ինձ քաղաքի ու ծովափի միջև տարածվող տափարակն էր հասցնում և ազատում էր մեծ ճանապարհով երկար շրջան անելուց։ Մր․ Պեգգոտիի տնակն այդտեղից հեռու չէր, վերադարձիս միշտ մտնում էի նրա մոտ։ Ստիրֆորթը սովորաբար սպասում էր ինձ նրա հարկի տակ, և այնտեղից, արդեն միասին, երեկոյան մթնշաղին մոտենում էինք քաղաքին, որի լապտերները հեռվից մեզ շող էին տալիս։ Երկու շաբաթն արդեն անցել էր։ Ես գնացի վերջին անգամ մնաս բարով ասելու իմ տենչալի վայրերին և երեկոյան ետ գալիս մր․ Պեգգոտիի տնակը մտա։ Այնտեղ Ստիրֆորթը կրակի առջև մենակ նստած էր և այնպես խորասուզված մտքերի մեջ, որ տնակին մոտենալս չլսեց։ Կարող էր իրավ չլսել, որովհետև ավազոտ տափարակի վրա քայլերս ձայն չէին հանում։ Սակայն ներս մտնելս էլ նրա մտքի թելը չընդհատեց։ Ես մոտեցա և երեսին մտիկ տվեցի․ նա դարձյալ հոնքերը կիտած խոկում էր։ Ձեռքս երբ նրա ուսին դրեցի, նա այնպես ցնցվեց, որ ես էլ սարսուռ զգացի։ ― Որտեղի՞ց ուրվականի պես վրաս եկար, ― ասաց նա գրեթե հանդիմանական եղանակով։ ― Ստիպված էի մի կերպ զարթեցնել քեզ, սիրելիս, ― պատասխանեցի ես։ ― Գահավեժ ընկար աստղերից, հա՞։ ― Ո՛չ, ― ասաց նա։ ― Ո՛չ։ ― Ուրեմն որտեղի՞ց, ― հարցրի ես, նրա մոտ նստելով։ ― Կրակի սիրուն ձևերին էի նայում, ― ասաց Ստիրֆորթը։ Բայց ինչո՞ւ ես այդ ձևերը քանդում, ― նկատեցի ես, երբ նա մի խանձող սաստիկ շարժեց, և բոցերի հազարավոր կայծեր ճարճատելով վերև թռան։ ― Դու ոչինչ չէիր տեսնի, ― ասաց նա։ ― Ատում եմ այս ժամանակը, որը ո՛չ ցերեկ է, ո՛չ գիշեր։ Ինչո՞ւ ուշացար։ Որտե՞ղ էիր։ ― Գնացել էի հրաժեշտ առնելու Բլենդրոտընից։ ― Իսկ ես նստած մտածում էի, ― ասաց Ստիրֆորթը, շուրջը նայելով, ― թե այս դատարկ տան բնակիչները, որոնք մեր գալու րոպեին այնքան երջանիկ էին, այժմ որտե՞ղ են ցրվել կամ կորել, և կամ ի՞նչ փորձանքի են հանդիպել։ Դավիթ, որքան ցավում եմ, որ այս վերջին քսան տարին ես մի խելացի հայր չեմ ունեցել։ ― Ի՞նչ է պատահել քեզ, սիրելի Ստիրֆորթ։ ― Ոհ, ինչպես սրտանց ափսոսում եմ, ինչպես սիրտս կտրտվում է, որ ինձ վատ են դաստիարակել, ― գոչեց նա։ ― Ախ, երանի թե կարենայի ավելի լավ կառավարել ինքս ինձ։ Նրա վշտագին վհատությունը միանգամայն շփոթեց ինձ։ Չէի սպասում այդպես տեսնել Ստիրֆորթին։ Նա վեր կացավ ու վառարանին հենվելով, դառնությամբ նայեց կրակին։ ― Ավելի լավ կհամարեի, ― շարունակեց նա, ― մի համարձակ ձկնորս, խեղճ Պեգգոտիին հավասար մի բան և կամ նրա անտաշ Հեմի նման մի տղա լինել, քան ինչ որ եմ այս րոպեիս՝ իմ ավելի մեծ ուսումով ու պերճանքով, քան տանջվել, ինչպես որ ահա կես ժամից ի վեր տանջվում եմ այս դժոխային նավի մեջ։ Ես սարսափած մնացի, երբ որ նրա դեմքի փոփոխությունը նկատեցի, մինչ նա անքթիթ նայում էր կրակին։ Հետո անձկությամբ աղաչեցի նրան հայտնել ինձ, թե ինչ է պատահել, որ նա այդպես այլայլված է։ Մտադիր էի գեթ կարեկցությամբ, եթե ոչ խորհրդով, սփոփել ընկերոջս։ Բայց դեռ խոսքս չէի ավարտել, երբ Ստիրֆորթը նախ զայրացած, հետո՝ սրտանց ծիծաղեց։ ― Բան չկա, Դեյզի, բան չկա, ― ասաց նա։ ― Կարծեմ մի անգամ Լոնդոնում քեզ ասել եմ, թե երբեմն ես ինքս ինձ համար մի բեռ եմ դառնում․․․ Վրաս մի տեսակ ահ էր եկել։ Ձանձրույթի րոպեներին երբեմն դայակիս հեքիաթներն են մտքիս գալիս, որոնք հանկարծ ճիվաղի պես պաշարում են ինձ։ Դայակս ասում էր, թե չար տղային առյուծը կուտե։ Լավ է առյուծը, քան թե շունը։ Ահա այս ահռելի հիշատակներից քստմնելով, ես ակամա զարհուրում եմ։ ― Ուրեմն վախիդ պատճառը դատարկ բան էր, ― ասացի ես։ ― Շատ կարելի է, բայց գուցե և դատարկ բան չէր, ― պատասխանեց Ստիրֆորթը։ ― Համենայն դեպս, անցավ գնաց, մյուս անգամ, Դեյզի, դու ինձ այսպես չես տեսնի։ Սակայն կրկնում եմ, սիրելիս, որ ինձ համար, գուցե և ուրիշների համար, լավ կլիներ, եթե մի հաստատակամ ու խելացի հայր ունենայի։ Նրա ազդու դեմքը ոչ մի ժամանակ մի այնպիսի մռայլ վիշտ չէր արտահայտել, ինչպես որ այն վայրկյանին, երբ նա ասաց․ ― Է՛լ չխոսենք այն բանի մասին, ― և կարծես մի շյուղ, մի հարդ և կամ մի փետուր շպրտելով օդի մեջ՝ ավելացրեց․ ― «Why so, ― being gone։ J ame a man again», ինչպես ասում է Մակբեթը։<ref>«Այդ անցավ, և ես նորից տղամարդ եմ։ ― Խնջույքի ժամանակ Բանկոյի ուրվականի հանկարծական երևումով զարհուրած՝ Մակբեթը այդ խոսքերն ասում է ստվերի անհետանալուց հետո։ Բանկոյին սպանել տվողը Մակբեթն էր։ (Մակբեթ, III արարված, չորրորդ տեսիլ)։</ref> Գնանք այժմ ճաշ ուտենք, որպեսզի ես էլ, Դեյզի, Մակբեթի նման մի զարմանալի անկարգությամբ հացկերույթը չխանգարեմ։ ― Սակայն որտե՞ղ են այս տան մարդիկ, ― ասացի ես։ ― Աստված գիտե, ― պատասխանեց Ստիրֆորթը։ ― Լաստի մոտ քեզ սպասելուց հետո՝ այստեղ եկա, բայց տունը դատարկ էր։ Այս բանի մասին էի մտածում, երբ դու եկար։ Այդ միջոցին մրս․ Գըմիջը, զամբյուզը ձեռքին, ներս մտավ և պարզվեց, թե ինչու տանը մարդ չկա։ Նա գնացել էր ուտելու բան գնելու, մինչև մր․ Պեգգոտին ծովից վերադառնա, և դուռը բաց է թողել, որպեսզի Էմլին ու Հեմը երեկոյան ետ գալիս դուրսը չմնան։ Ստիրֆորթը կատակներով ու ծաղրական համբյուրներով մրս․ Գըմիջի տրտմությունը մեղմացրեց, հետո ձեռքը տվեց ինձ․ և միասին դուրս ելանք։ Մրս․ Գըմիջի թախծությունը փարատելիս՝ Ստիրֆորթը ինքն էլ իր սովորական զվարթությունը ստացավ և ամբողջ ճանապարհին ծիծաղում էր ու հանաքներ անում։ ― Ուրեմն հեռանում ենք այս ծովահենների որջից, ― ասաց նա ուրախ ձայնով։ ― Ինչպես որոշել էինք, այնպես էլ կանենք, ― պատասխանեցի ես։ ― Չէ՞ որ դիլիժանսի տոմսակներն արդեն առնված են մեզ համար։ ― Եթե այդպես է, պետք է մեկնել, ― ասաց Ստիրֆորթը։ ― Այստեղ մնալով՝ ես բոլորովին մոռացել էի, որ բացի նավակով ծովի վրա ճոճվելուց, ուրիշ անելու բաներ էլ կան աշխարհում։ Բայց երանի թե չլինեին։ ― Կարծեմ ամեն բան հրապուրում է քեզ, քանի դեռ նոր է, ― նկատեցի ես ծիծաղելով։ ― Շատ կարելի է, թեև մի այդպիսի հեգնական նկատողություն չէի սպասում իմ անմեղ բարեկամից։ Այո՛, Դեյզի, ես մի քմահաճ տղա եմ։ Ինքս էլ գիտեմ, որ այդպես եմ, բայց այս էլ կասեմ, որ քաջ գիտեմ երկաթը կոփել, քանի որ տաք է։ Հավաստի եմ, որ այստեղ մնալս զուր չեղավ։ Թող քննեն ինձ, և կտեսնես, որ կարող եմ հմուտ նավավարի պաշտոն կատարել Յարմաութի ջրերում։ ― Արդեն մր․ Պեգգոտին վկայում է, որ դու հրաշք ես։ ― Ծովային հրաշք, չէ՞, ― ծիծաղեց Ստիրֆորթը։ ― Նա իրոք ասաց, որ դու հրաշք ես, և այդ սուտ չէ, քանի որ այնպես եռանդով ես նվիրվում սիրած բանիդ և հեշտությամբ գլուխ բերում։ Սակայն, Ստիրֆորթ, ես միշտ զարմացել եմ, որ դու ընդունակ ես հաճույք զգալ փայլուն կրքերդ այդպես անզուսպ վատնելուց։ ― Հաճո՞ւյք, ― պատասխանեց նա խնդալով։ ― Ես ոչ մի բանից հաճույք չեմ զգում և գոհ չեմ, բացի քո պարզամտությունից, սիրելի Դեյզիս։ Գալով կրքերիս գործադրության, ես երբեք չեմ սովորել այն անվին կապել ինձ, որի վրա անդադար պտույտ են գալիս մեր ժամանակի Իքսիոնները։<ref>Իքսիոնը մի առասպելական թեսալացի թագավոր է, որ աստվածների սեղանակից լինելու պատիվ ստանալով, սիրահարվել էր Հերայի վրա։ Այդ պատճառով Արամազդը գահավեժ ձգել էր նրան Տարտարոս, և օձերով կապել մի անվի, որը անդադար պտույտ էր գալիս բքաշունչ հողմից։</ref> Սակայն գիտե՞ս, որ ես այստեղ մի նավ եմ գնել։ ― Ինչ տարօրինակ տղա ես դու, Ստիրֆորթ, ― գոչեցի ես՝ կահգ առնելով, որովհետև նոր էի լսում այդ բանը։ ― Նավ գնել, մինչդեռ գուցե մյուս անգամ ոտք էլ չդնես այս անկյունը։ ― Ո՞վ գիտի, գուցե և դնեմ։ Այս անկյունն ինձ դուր է գալիս։ Համենայն դեպս, ― ասաց Ստիրֆորթը, շարունակելով իր խոսքը, ― ես գնեցի մի սրընթաց նավ, մի կլիպպըր, ինչպես որ ասում է մր․ Պեգգոտին։ Իմ բացակայության ժամանակ նա կվարի այդ նավը։ ― Այժմ միտքդ հասկանում եմ, Ստիրֆորթ, ― գոչեցի ես ցնծությամբ։ ― Իբր թե քեզ համար էս նավդ գնել, բայց իրոք մտադիր էր մի վայելուչ ընծա անել մր․ Պեգգոտիին։ Ճանաչելով քեզ, այդ ես սկզբից պիտի գուշակեի։ Հարկ կա՞ արդյոք, սիրելի Ստիրֆորթ, քեզ ասելու, թե որքան եմ գնահատում այդ գեղեցիկ վեհանձնությունդ։ ― Սուս, ― ասաց նա կարմրելով։ ― Քանի այդ մասին քիչ խոսես, այնքան լավ։ ― Մի՞թե չէի ասում, ― գոչեցի ես, ― չէ՞ի ասում, որ քո սիրտը միշտ այդ ազնիվ էակների ուրախությանն ուրախակից է և վշտերին՝ վշտակից։ ― Այո՛, այո՛, այդ բոլորն ասել ես, և բավական է։ Էլ չխոսենք այդ մասին։ Ես լռեցի։ Չէի ուզում վշտացնել նրան մի նյութի մասին խոսելով, որին նա ամենևին կարևորություն չէր տալիս, և մենք շարունակեցինք մեր խոսակցությունը։ ― Պետք կլինի նորից սարքել այն նավը, ― ասաց Ստիրֆորթը, ― Լիտտիմերին կհանձնարարեմ, որ այս գործը նա լիովին գլուխ բերի։ Ի դեպ, չե՞մ ասել քեզ, որ Լիտտիմերն այստեղ է։ ― Ո՛չ։ ― Այո, եկել է, և նամակ բերել իմ մորից։ Մեր աչքերն իրար հանդիպեցին։ Ստիրֆորթի ամբողջ դեմքը և նույնիսկ շուրթերը գունատվել էին, բայց նա անվրդով նայում էր ինձ։ Ես կարծեցի, թե մի անախորժ բան պատահած կլինի նրա և մոր միջև, և թե այդ էր պատճառը, որ նա այնքան տխուր էր ձկնորսի սենյակում, և մի թեթև ակնարկ արի այդ մասին։ ― Օհ, ո՛չ, ― ասաց նա, գլուխը շարժելով ու փոքր֊ինչ ժպտալով։ ― Բնավ այդպիսի բան չկա։ Այս մարդը եկել է, իբրև իմ սպասավորը։ ― Եվ դարձյալ նույնն է, ինչ֊որ առաջ էր։ ― Միշտ նույնն է, և միշտ հյուսիսային բևեռի պես հաստատ ու սառը։ Նա գնած նավիս նորոգությամբ պիտի զբաղվի։ Նավի անունը «Մրրիկ ճայ» է, բայց ի՞նչ գործ ունի ճայերի հետ մր․ Պեգգոտին։ Ես մի ուրիշ անուն կտամ այդ նավին։ ― Եվ ի՞նչ անուն։ ― Փոքրիկ Էմլի։ Ստիրֆորթը դարձյալ անքթիթ երեսիս նայեց, կարծես թե հիշեցնելով, որ այդ գեղեցիկ դիտավորության համար իրեն չգովեմ։ Ես կարճ կտրեցի, բայց դեմքիս ժպիտը ցույց տվեց, թե ի՞նչ եմ զգում։ Նա էլ ժպտաց ու զվարթացավ։ ― Սակայն տես, ― ասաց նա, առաջ նայելով, ― ահա ինքը՝ փոքրիկ Էմլին գալիս է, հետն էլ այն տղան։ Այ դրան կասեմ բուն ասպետ։ Ոչ մի րոպե իր օրիորդից չի բաժանվում։ Այժմ Հեմը նավ շինող էր և, այս արհեստը սիրելով, մի ճարտար բանվորի համբավ էր ստացել։ Նա բավական կոպիտ էր երևում իր առօրյա հագուստով, բայց այրական դեմքը ցույց էր տալիս, որ գիտի իր նորատի ուղեկցին պաշտպանել։ Այդ ազնիվ ու համարձակ դեմքի վրա պարզ գծված էր, որ նա աղջկան սիրում է ու նրանով պարծենում։ Նրանց միասին տեսնելով ես մտածեցի, թե Էմլին ու Հեմը իրար համար են ստեղծված։ Երբ մենք կանգ առանք նրանց հետ խոսելու, Էմլին իր թևը նշանածի թևից կամաց արձակեց և կարմրելով՝ Ստիրֆորթին և ինձ մեկնեց իր ձեռքը։ Երբ նրանք մեզ հետ մի քանի խոսք փոխանակելուց հետո, առաջ գնացին, Էմլին այլևս Հեմի հետ թևանցուկ չարեց, այլ, ասես թե ամաչած ու շփոթված, մենակ հեռացավ։ Այս բոլորն ինձ շատ սիրուն ու գրավիչ թվաց, ինչպես կարծեմ և Ստիրֆորթին, մինչ մենք նայում էինք նորածին լուսնի շողքերում անհետացող զույգի հետևից։ Հանկարծ մեր մոտով շտապ անցավ մի ջահել կին, որի մոտենալը չէինք նկատել։ Անշուշտ նա հետևում էր այդ երկուսին․ նրա նիհար երեսը՝ փոքր֊ինչ ծանոթ թվաց ինձ։ Կինը թեթև էր հագնված, համարձակ, վայրեի հայացք ուներ, թշվառ ու հպարտ տեսք։ Նա կարծես ինքն իրեն մոռանալով՝ շտապում էր հեռացողների հետևից հասնել։ Մի քանի վայրկյանից թե՛ մեր երկու բարեկամները և թե՛ այդ կինը անհետացավ տափարակի ու ծովի վրա տարածվող մթության մեջ։ ― Այդ խավարադեմ ուրվականը կարծես թե հետապնդում է Էմլիին, ― ասաց Ստիրֆորթը, որ դեռ անշարժ կանգնած էր։ ― Այդ ի՞նչ է նշանակում։ Ստիրֆորթի դողդոջ ձայնի շեշտերը տարօրինակ էին։ ― Երևի ուզում էր մի բան մուրալ նրանցից, ― ասացի ես։ ― Մուրացիկներ շատ կան այստեղ, ― ասաց Ստիրֆորթը, ― բայց գիշերով մուրացող կինը զարմացնում է ինձ։ ― Ինչո՞ւ, ― հարցրի ես։ ― Որովհետև․․․ ― փոքր֊ինչ լռելուց հետո՝ պատասխանեց Ստիրֆորթը, ― ճիշտ մի այդպիսի բանի մասին էի մտածում, երբ որ նա երևաց։ Որտեղի՞ց բերեց նրան սատանան։ ― Կարծեմ այս շենքի ստվերից դուրս ելավ, ― ասացի ես, երբ մոտեցանք այն պատին, որի մոտով անցնում էինք։ ― Գնաց֊կորավ վերջապես, ― գոչեվ Ստիրֆորթը ետ նայելով։ ― Թող չարն էլ հետը խափանվի։ Այժմ շտապենք ճաշելու։ Սակայն նա դարձյալ մի քանի անգամ շուռ եկավ, նայելով ծովի սպիտակ շերտին, որը նշմարվում էր հեռվում։ Ամբողջ ճանապարհին նա կցկտուր խոսքերով զարմանք էր հայտնում անսպասելի հանդիպումի առթիվ, և դժգոհ էր․ միայն այն ժամանակ հանգստացավ, երբ արդեն նստած էինք սեղանի առջև՝ վառարանի ու մոմերի լույսով լուսավորված հյուրանոցի տաք սենյակում։ Լիտտիմերը մեզ սպասում էր․ նա դարձյալ իր սովորական տպավորությունը թողեց վրաս։ Երբ որ հարցրի, թե արդյոք մրս․ Ստիրֆորթն ու միս Դարտլը առո՞ղջ են, նա ակնածու (հարկավ և հարգալի) եղանակով շնորհակալություն հայտնեց ու ասաց, թե առողջ են և երկուսն էլ ինձ ողջունում են։ Այս էր բոլորը, ինչ որ լսեցի, բայց և այնպես ակնհայտ երևում էր, որ սպասավորն ուզում է ասել․ «Դուք դեռ շատ ջահել եք, սըր, շատ ջահել»։ Ճաշը գրեթե վերջացել էր, երբ Լիտտիմերը, որ անկյունում կանգնած էր, մեզ երկուսիս և կամ միայն ինձ դիտելով, մի քանի քայլ առաջ եկավ ու ասաց իր տիրոջը․ ― Ներեցեք, սըր։ Միս Մաուչրն այստեղ է։ ― Ո՞վ, ― զարմանալով հարցրեց Ստիրֆորթը։ ― Միս Մաուչրը, սըր։ ― Ի՞նչ, ― գոչեց Ստիրֆորթը։ ― Նրա ոտքը կոտրվի։ Ի՞նչ բան ունի նա այստեղ։ ― Նա կարծեմ այս գավառից է, սըր։ Ասում է, թե ամեն տարի Յարմաութ է գալիս՝ իր արհեստը գործ դնելու։ Հանդիպեցի նրան փողոցում, և նա խնդրեց իմանալ, թե արդյոք կհաճի՞ք, սըր, ընդունել նրան այս երեկո։ ― Ճանաչո՞ւմ ես, Դեյզի, այդ հսկային, ― հարցրեց Ստիրֆորթը։ Ստիպված էի պատասխանել, ամաչելով Լիտտիմերից, որ միս Մաուչրն ու ես բոլորովին անծանոթ ենք։ ― Փույթ չէ, իսկույն կծանոթանաս, ― ասաց Ստիրֆորթը։ ― Այդ կինը աշխարհիս յոթ հրաշալիքներից մեկն է։ Ընդունել միս Մաուչրին՝ հենց որ գա։ Հետաքրքրությունս շատ շարժված էր, բայց Ստիրֆորթը՝ հարցումներիս պատասխան տալու փոխարեն, միայն ծիծաղում էր։ Այսպես անցավ մի կես ժամ․ սեղանի սփռոցը հավաքեցին։ Մենք կրակի առջև նստած էինք, գինու շիշը դիմացներս դրած, երբ դուռը բացվեց և Լիտտիմերն իր անվրդով հանգստությամբ հայտնեց․ ― Միս Մաուչըը։ Նայեցի դռան կողմը․ բան չտեսա։ Եվ մինչ շարունակ նայում էի, մտածելով, թե ինչո՞ւ է ուշանում միս Մաուչրը, հանկարծ բազմոցի հետևից, որ դրված էր իմ ու դռան միջև, ի մեծ զարմանս իմ՝ մոտ քառասուն կամ քառասունհինգ տարեկան մի գաճաճ դուրս եկավ՝ ահագին գլխով ու դեմքով, խորամանկ գորշ աչքերով և այնպես կարճ ձեռքերով, որ երբ նա՝ Ստիրֆորթին նշմարելուն պես չար֊չար ժպտաց և ուզեց իր ցուցամատը քթին դնել, ստիպված էր գլուխը կախել և քիթը ցուցամատին դնել։ Նրա ծալ֊ծալ կզակը այնքան գեր էր, որ գլխարկի ժապավեններն ու կապերը ծալքերի մեջ բոլորովին կորչում էին։ Միս Մաուչրը, վիզ չուներ, մեջք չուներ, սրունք չուներ, ոտքեր էլ չուներ․․․ Կամ ճիշտն ասած՝ այդ բոլոր անդամներն այնքան փոքր էին, որ հիշելու անգամ արժանի չէին։ Հասարակ աթոռը նրա համար սեղանի չափ բարձր էր, և նա պիտի թաթիկները բարձրացներ, որ կարողանար աթոռի վրա դնել իր պայուսակը։ Այդ բավական անփույթ հագնված տիկինը, վերոհիշյալ դժվարությամբ մի քանի անգամ մատն ու քիթը իրար կպցնելուց հետո, գլուխը թեթև մի կողմ թեքեց, մի աչքը չար֊չար փակեց, մյուսով Ստիրֆորթին երկար դիտեց և հետո խոսել սկսեց, բառերը հեղեղի պես դուրս տալով։ ― Ահ, իմ սիրուն վարդիկս, ― սկսեց նա, ահագին գլուխը շարժելով։ ― Դու այստե՞ղ ես, իրա՞վ այստեղ։ Ամոթ չէ՞ քեզ, չար մանուկ, որ տանից այսպես հեռացել ես։ Ի՞նչ գործ ունես այս կողմերում։ Գրավ կբռնեմ, որ միտքդ ծուռ է։ Օ՜, դու չարաճճի տղա ես, Ստիրֆորթ, բայց ես էլ հիմարներից չեմ, չէ՞։ Հա՜, հա՜, հա՜։ Դու անշուշտ պատրաստ կլինեիր հինգ ոսկու դեմ հարյուր ոսկու գրավ բռնել, որ ինձ այստեղ չես տեսնի, չէ՞։ Բայց տեսա՞ր, ես մեկ այստեղ եմ, մեկ՝ այնտեղ, աճապարարի ոսկու նման, որ հանկարծ ազնիվ կնոջ թաշկինակից է դուրս գալիս։ Թաշկինակ և տիկիններ․․․ Ի դեպ, հոգիս, ո՞վ գիտե, որքան տիկին Ստիրֆորթը՝ քո մայրիկը, երջանիկ է, որ քեզ նման որդի ունի։ Միս Մաուչրն այս վերջին խոսքերն ասելիս իր գլխարկի կապերը բաց արեց ու հևալով նստեց ցածլիկ աթոռակի վրա, կրակի առջև, ճաշի սեղանի ոտքերի մոտ, ինչպես մի հովանոցի տակ։ ― Ո՜ֆ, ― շարունակեց նա, թաթիկները ծնկներին դեմ տալով և իմ վրա սուր֊սուր նայելով, ― ինչ վնաս բան է, որ այսպես գեր եմ, Ստիրֆորթ։ Սանդուղք բարձրանալիս շունչս այնպես է կտրվում, որ ասես թե հորից մի քսան դույլ ջուր քաշած լինեմ։ Ո՞վ գիտի՝ ինչ սիրուն տիկին կերևայի քեզ, Ստիրֆորթ, եթե մայթի վրա տեսնեիր ինձ վերջին հարկի պատուհանից։ ― Միշտ և ամեն տեղ դու ինձ սիրուն ես երևացել, ― ասաց Ստիրֆորթը։ ― Սո՛ւս, սո՛ւս, անամոթ, ― գոչեց գաճաճն ու սպառնաց Ստիրֆորթին թաշկինակով, որով սրբել էր իր երեսը։ ― Բավական է, զգաստացիր․․․ Բայց, գիտե՞ս ում մոտ էի ես անցյալ շաբաթ։ Պատիվս վկա, լեդի Միթերսի մոտ։ Ա՛հ, ի՜նչ տիկին է այդ լեդի Միթերսը։ Ինչպես լավ է պահպանվել։ Լորդ Միթերսը ինքն անձամբ ողջունեց ինձ այն սենյակում, ուր սպասում էի իր ամուսնուն։ Ա՛յ քեզ մարդ։ Միշտ առույգ ու զվարթ։ Կեղծամն էլ տասը տարի է, որ հագնում է ու չի մաշում։ Կողքիս նստեց և սկսեց այնպես սիլի֊բիլի անել, որ քիչ էր մնում ծառաներին կանչեի։ Շատ անպիտանն է այդ լորդը, հա՜, հա՜, հա՜։ Ափսոս միայն, որ սկզբունք չունի։ ― Ի՞նչ էիր անում լեդի Միթերսի մոտ, ― հարցրեց Ստիրֆորթը։ ― Ի՜նչ հետաքրքիր տղա ես, հոգիս, ― ասաց միս Մաուչրը, մատը քթին դնելով ու դևուկի նման խորամանկ աչքերը քթթելով։ ― Ես ուրիշի տան գաղտնիքն ու զիբիլը դուրս տանողը չեմ։ Կուզենայիր, իհարկե, իմանալ, թե լեդի Միթերսի մազերին ի՞նչ էի քսում, որ չթափվեն, կամ թե ինչո՞վ եմ ներկում նրա հոնքերն ու թշերը, չէ՞։ Այո, սիրելիս, կիմանաս, երբ որ ասեմ։ Բայց գիտես պապիս անունն ի՞նչ էր։ ― Ոչ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Ուոկր<ref>Walker ― շրջիկ։</ref> էր, գառնուկ իմ։ Նա ծագում էր Ուոկրների երկար սերնդից, և ես նրանից ժառանգեցի Հուկեյի<ref>Hook ― հուկ, ճանկ, կեռ, նմանապես՝ խաբեբա և խարդախ մարդ։ Հուկեյի ամբողջ կալվածքը ժառանգեցի ասելով, գաճաճը ուզում էր հասկացնել, թե պապի բոլոր չարահնար նենգությունը ժառանգել է։ Առհասարակ միս Մաուչրի լեզուն ճիշտ թարգմանելը շատ դժվար է կամ ավելի ճիշտ՝ անհնարին։</ref> ամբողջ կալվածքը։ Ես չգիտեի, թե ինչի՞ց ավելի շատ զարմանամ ― միս Մաուչրի նայվածքներից, թե՞ նրա տարօրինակ վստահությունից։ Այդ կինն ամեն ինչով զարմացնում էր ինձ և՛ նրանով, թե ինչպես է ականջ դնում իրեն ասված խոսքերին, և՛ նրանով, թե ինչպես էր իրեն տրվելիք պատասխանին սպասում, և՛ նրանով, թե ինչպես էր լուռ մնալիս կաչաղակի նման գլուխը թեքում ու մի աչքով դեպի վեր նայում։ Կարճ ասած՝ ես շվարած էի և հակառակ քաղաքավարության ամեն մի կանոնի՝ ակնապիշ նայում էի նրա դեմքին։ Նա աթոռը մոտ քաշեց և սկսեց զանազան իրեր հանել պայուսակից, ամեն անգամ իր կարճ բազուկը մինչև ուսը մեջը մխելով, հանեց անթիվ մանր սրվակներ, սպունգեր, սանրներ, խոզանակներ, վրձիններ, բրդի կտորներ, մազեր խոպոպելու գանգրոցներ և ուրիշ գործիքներ, և շարեց աթոռի վրա։ Այս գործն ավարտելուց հետո հանկարծ Ստիրֆորթին դիմեց և ինձ սաստիկ շփոթելով, հարցրեց․ ― Ինչպե՞ս է բարեկամիդ անունը։ ― Մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց Ստիրֆորթը։ ― Նա ուզում է ծանոթանալ քեզ հետ։ ― Շատ լավ, թող ծանոթանա, վաղուց եմ տեսնում, որ ուզում է, ― ասաց միս Մաուչրը, պայուսակը ձեռքին դեպի ինձ գալով։ ― Թշերը մի֊մի դեղձի՜կ են։ (Գաճաճը իր ոտքերի ծայրրի վրա կանգնեց, որ կարողանա այտիս հասնել)։ Մարդ ակամա կհրապուրվի։ Ես դեղձիկ շատ եմ սիրում։ Ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ, մր․ Կոպպերֆիլդ, հավատացեք։ Պատասխաբեցի, թե ես էլ ուրախ եմ իր ծանոթությանը արժանանալու համար։ ― Օ՜հ, աստված իմ, որքան քաղաքավարի ենք, ― գոչեց միս Մաուչրը, զուր փորձելով իր լայն երեսը ձեռքերով ծածկել։ ― Առաջին անգամն է, որ միմյանց տեսնում ենք և արդեն սիրաբանում ենք իրար հետ։ Ասել է թե այս սուտ աշխարհը լավ ենք ճանաչում։ Վերջին բառերը մտերմաբար ուղղված էին մեզ երկուսիս, մինչդեռ նրա թաթիկը դեմքից իջնելով, դարձյալ մինչև ուսը պայուսակի մեջ անհետացավ։ ― Ի՞նչ եք ուզում հասկացնել մեզ, միս Մաուչր, ― ասաց Ստիրֆորթը։ ― Ոչինչ, սիրելիս։ Ասելս այն է, որ բոլորս էլ լավ օյինբազներ ենք, ամեն մեկս իր հանգի, հա՜, հա՜, հա՜, ― ծիծաղեց փոքրիկ կինը, շարունակելով պայուսակում բան որոնել, գլուխը թեքած և մի աչքը վեր բարձրացրած։ ― Հապա տեսեք, սրանք ինչ են։ ― Ի՞նչ են դրանք, ― ասաց Ստիրֆորթը։ ― Մի ռուս բոյարի եղունգների կտորները։ Նրա անունը «գլխիվայր այբուբեն» է, որովհետև միջի բոլոր տառերը տակն ու վրա են խառնված։ ― Այդ բոյարը ձեր հաճախորդներից մե՞կն է, ― հարցրեց Ստիրֆորթը։ ― Հարկավ, սիրելիս, ― պատասխանեց միս Մաուչրը։ ― Շաբաթը երկու անգամ նրա եղունգները կտրում եմ՝ հա՛մ ձեռքի, հա՛մ ոտքի։ ― Եվ լա՞վ է վճարում, ― ասաց Ստիֆորթը։ ― Քթով է խոսում, բայց ձեռքն առատ է, ― ասաց միս Մաուչրը։ ― Ձեզ նման երեխա չէ․ դրա ապացույցը իր ահագին բեղերն են, որոնք կարմիր են ի բնե և սևագույն՝ իմ շնորհիվ։ ― Այսինքն՝ քո արվեստի՞ շնորհիվ, ― հարցրեց Ստիրֆորթը։ Միս Մաուչրը նրա ասածն աչքով հաստատեց ու ասաց․ ― Բոյարը ստիպված էր իմ հետևից մարդ ուղարկել և չէր կարող այդպես չանել։ Մեր կլիման վատ էր ազդել նրա բեղերի վրա, և այստեղ նրանք երկաթի պես ժանգոտել են։ ― Գուցե նրա՞ն էր, որ օյինբազ անվանեցիր այս րոպեիս, ― հարցրեց Ստիրֆորթը։ ― Ի՜նչ խելոք տղա ես դու, ― գոչեց միս Մաուչրը, գլուխն արագ շարժելով։ ― Ես ասացի, թե մենք բոլորս էլ առհասարակ խաբեբա ենք, և ասածս հաստատելու համար՝ ռուս իշխանի եղունգները ցույց տվի ձեզ։ Ճշմարիտն ասեմ, այս եղունգենրն իմ բոլոր ձիրքերից ավելի ազդու են․ նրանց շնորհիվ է, որ ես ամեն տեղ մուտք ունեմ։ Եթե միս Մաուչրը մի իշխանի եղունգներ է կտրում, ասել է թե վարպետ է։ Ես մի֊մի կտոր մեր նորատի լեդիներին եմ տալիս, և նրանք, կարծեմ, կտորները ալբոմների մեջ են դնում․․․ Հա՜, հա՜, հա՜։ Եվ միթե չգիտե՞ք, որ մեր ամբողջ հասարակության շինվածքը, ինչպես ասում են պառլամենտում, իշխանների եղունգի վրա է հաստատված, ― վերջացրեց գաճաճը թաթիկները կրծքին դնելով և ահագին գլուխը տատանելով։ Ստիրֆորթը ծիծաղեց․ ես էլ նույնպես։ Միս Մաուչրը շարունակում էր մի կողմ թեքած գլուխը շարժել, մի աչքը վեր բարձրացնելով, իսկ մյուսը՝ քթթելով։ Վերջապես իր ծնկներին խփեց ու ոտքի ելավ։ ― Է՛հ, բավական է, ― ասաց նա։ ― Այժմ ե՛կ, Ստիրֆորթ, քո գլխի բևեռային կողմերը հետազոտեմ և ինչ֊որ պետք է, անենք֊պրծնենք։ Այս ասելով նա իր իրերից երկու֊երեք գործիք ջոկեց, մի հատ էլ սրվակ և հարցրեց՝ արդյոք սեղանն ամո՞ւր է։ Այն ժամանակ գաճաճը սեղանի մոտ մի աթոռ դրեց և իմ ձեռքից բռնելով, իսկույն աթոռի վրա ցատկեց, աթոռից էլ՝ սեղանի վրա։ ― Եթե ձեզնից մեկը սրունքս տեսավ, ― ասաց նա, այդ բարձրունքի վրա կանգնելուցս հետո, ― թող իսկույն ասի․ ես տուն կգնամ և կկախվեմ։ ― Ես չտեսա, ― ասաց Ստիրֆորթը։ ― Ես էլ չտեսա, ― ասացի ես։ ― Եթե այդպես է, ― գոչեց միս Մաուչրը, ― պատրաստ եմ ապրել։ Դե՛, ճուտիկ իմ, ծի՛պ, ծի՛պ, ծի՛պ։ Ե՛կ քեզ մորթեմ։ Այս հրավերը Ստիրֆորթին էր ուղղված, որը ծիծաղելով սեղանի մոտ նստեց, մեջքը գաճաճին, իսկ երեսը դեպի ինձ դարձած։ Հավատացած էի, որ նա հանաքի համար է իր գլուխը միս Մաուչրի հետազոտությանը ենթարկում։ Շատ զվարճալի տեսարան էր, երբ այդ թզուկը Ստիրֆորթի գլխին կանգնած, գրպանից մի մեծ խոշորացույց հանեց և սկսեց նրա թուխ մազերը զննել։ ― Շատ սիրուն ես, ա՛յ տղա, ― ասաց միս Մաուչրը, Ստիրֆորթի թավ մազերը մի քանի վայրկյան դիտելուց հետո։ ― Բայց իմացած եղիր, որ եթե ես չլինեի, դու մի տարում չինական մանդարինի պես մի ճաղատ բան կդառնայիր։ Մի կես րոպե էլ սպասիր, հոգիս, և մազերիդ այնպիսի փայլ տամ, որ տասը տարի պսպղան։ Նա սրվակից ֆլանելի վրա մի ինչ֊որ հեղուկ ցանեց, մի փոքրիկ խոզանակ նրա մեջ թրջեց և սկսեց դրանով Ստիրֆորթի գագաթը արագ֊արագ շփել, մի վայրկյան դադարելով խոսելուց։ ― Հա՛, ինչ էի ուզում հարցնել։ Ճանաչո՞ւմ ես Չարլի Պայգրևին, դքսի որդուն, ― ասաց միս Մաուչրը, Ստիրֆորթի գլխի հետևից նրա երեսին նայելով։ ― Փոքր֊ինչ, ― պատասխանեց ընկերս։ ― Ի՜նչ փառավոր մարդ է։ Ի՜նչ սքանչելի բեղեր ունի այդ Չարլին; Ափսո՜ս միայն, որ ոտքերն իրար հավասար չեն։ Եվ այդ դքսիկը կամենում էր առանց իմ օգնության առաջ գնալ թիկնապահների գնդում, կհավատա՞ս։ ― Հիմա՜րը, ― ասաց Ստիրֆորթը։ ― Իրավ որ հիմարի նման է, ― շարունակեց միս Մաուչրը։ ― Սակայն հիմար թե խելոք, բայց ուզում էր առանց իմ միջնորդության գործ տեսնել։ Եվ տե՛ս, թե ինչ է անում։ Լսի՛ր։ Գնում է մի պարֆյումեռռի մոտ և մի շիշ Մադագասկարի ջուր պահանջում։ ― Չարլին, ― գոչեց Ստիրֆորթը։ ― Այո՛, Չարլին։ Բայց խանութում Մադագասկարի ջուր չկար։ ― Այդ ի՞նչ ջուր է։ Խմելու բա՞ն է, ― հարցրեց Ստիրֆորթը։ ― Խմելո՞ւ, ― կրկնեց միս Մաուչերն ու կանգ առավ, ասես թե նրան մի թեթև ապտակ տվեցին։ ― Ի՞նչ խմել։ Այդ ջրով իր բեղերն էր ուզում թրջել։ Դու այդ բանը հո լավ գիտես։ Խանությում Կերբերի նման մի տարեց կին կար, որ երբեք չէր լսել, թե Մադագասկարի ջուր ասածդ ի՞նչ բան է։ «Ներեցեք, սըր, ― ասում է կինը Չարլիին, ― ձեզ, երևի, ոչ թե այդ ջուրն է հարկավոր, այլ․․․ սնգույր»։ «Սնգո՞ւյր, ― գոչում է Չարլին Կերբերին։ ― Ինչո՞ւ եք կարծում, թե ինձ սնգույր է հարկավոր»։ «Մի՛ նեղանաք, սըր, ― ասում է Կերբերը» ― Այդ նյութից մեզ մոտ այնքա՜ն են հարցնում, որ կարծեցի, թե ձեր խնդրածն էլ սնգույր կլինի։ Ահա՛, սիրելիս, ― շարունակեց միս Մաուչրը, առաջվա պես Ստիրֆորթի գլուխն արագ շփելով, ― ահա դարձյալ այն գեղեցիկ շառլատանության մի նմուշ, որի մասին խոսել էի։ Ես ինքս էլ եմ այդ բանին մասնակցում՝ երբեմն շատ, երբեմն՝ քիչ։ Սակայն խոսքը մեր մեջ մնա, իմացա՞ր։ ― Ինչե՜ր ես ասում։ Մի՞թե դու էլ սնգույր ես ծախում, ― հարցրեց Ստիրֆորթը։ ― Փոքր ի շատե, ամեն բան, իմ սիրելի աշակերտ, ― պատասխանեց միս Մաուչրը, մատիկը քթին դնելով։ ― Ամեն նյութ իրար հետ խառնիր, բայց այնպես որ մարդ չիմանա, և գործդ կհաջողվի․ այս ընդհանուր կանոն է։ Այս արվեստին ես էլ փոքր֊ինչ մասնակից եմ։ Այրի կոմսուհիներից մեկը մի քիչ շրթունքի օծանելիք է խնդրում ինձնից, մյուսը՝ մի զույգ ձեռնոց, երրորդը՝ մի կտոր շղարշ, չորրորդը՝ մի հովհար, մինչդեռ նրանց ուզածը ո՛չ շրթունքի օծանելիք է, ո՛չ ձեռնոց, ո՛չ շղարշ, ո՛չ էլ հովհար, այլ՝ սնգույր։ Ես էլ նրանց սնգույր եմ տալիս, բայց իրար այնպես ազնվաբար խառնելով, որ նրանք պատրաստ են հրապարակավ կարմիր ներկվել, քան թե ինձ խոստովանել, թե սնգույր են քսում դեմքերին։ Եվ երբ որ ես նրանց մոտ եմ գնում, նրանցից որևէ մեկը մատի հաստությամբ կարմիր շպարած երեսով հարցնում է ինձ․ «Ինչպես եք գտնում ինձ, միս Մաուչր, չէ՞ որ դեմքս այսօր գունատ է»։ Հա՜, հա՜, հա՜։ Շառլատանություն չէ, հապա ի՞նչ է այս բոլորը։ Ի՞նչ կասես, սիրելիս։ Կյանքումս չէի տեսել միս Մաուչրի նման մի էակ, երբ նա սեղանի վրա ուղիղ կանգնած՝ քրքջում էր իր կատակի վրա և փութաջան շարունակում Ստիրֆորթի մազերը շփել, աչքերը դեպի ինձ հառելով։ ― Ա՜հ, ― ասաց նա։ ― Այսպիսի ապրանք այս կողմերում ամենևին չեն հարցնում։ Զարմանալի բան։ Եվ որքան այստեղ եմ, ոչ մի գեղեցիկ կին չեմ տեսել։ ― Մի՞թե, ― ասաց Ստիրֆորթը։ ― Գեղեցիկի ստվերն անգամ չեմ տեսել, ― հաստատեց միս Մաուչրը։ ― Ոչ միայն ստվերը, այլ կարծեմ մարմինն էլ կարելի է սրան ցույց տալ, ― ասաց Ստիրֆորթը, նայելով վրա։ Չէ՞, Դեվի։ ― Անտարկույս, ― վկայեցի ես։ ― Հա՜, ― գոչեց գաճաճը, սուր֊սուր նայելով մեր երեսին։ ― Այդպես, հա՞։ Առաջին բացականչությունը կարծես մեզ երկուսիս էր ուղղված, իսկ երկրորդը՝ միայն Ստիրֆորթին։ Մեզնից պատասխան չստանալով, միս Մաուչրը շարունակեց շփել և գլուխը մի կողմ հակեց, իսկ աչքերը դեպի վեր ուղղեց, իբր թե օդում որոնելով իր սպասած բացատրությունը։ ― Ձեր քույրը չլինի՞, մր․ Կոպպերֆիլդ, ― գոչեց գաճաճը, լռությունը խզելով և առաջվա պես առաստաղին նայելով։ ― Երևի ձեր քույրն է, չէ՞։ ― Ո՛չ, ― ասաց ինձնից առաջ Ստիրֆորթը։ ― Բնավ ո՛չ։ Ընդհակառակը, մր․ Կոպպերֆիլդը, եթե չեմ սխալվում, ինքն էլ մի ժամանակ հափշտակված էր նրանով։ ― Մի ժամանակ, իսկ այժմ ո՞չ, ― աղաղակեց միս Մաուչրը։ ― Երևի ընկերդ փոփոխամիտ է։ Ֆո՛ւյ, ամոթ իրեն․․․ Գուցե սիրում է մի ծաղկից դեպի մյուսը թռչել։ Մի օր մեկին է սիրում, իսկ այսօր ուրիշին։ Պոլլի չէ՞ այն սիրունի անունը։ Չարաճճի թզուկի անակնկալ հարցումից ու խորամանկ ակնարկից շփոթված, ես մի վայրկյան լուռ մնացի և ապա ասացի․ ― Ո՛չ, միս Մաուչր։ Նրա անունն Էմլի է։ ― Իրա՞վ, ― գոչեց նա առաջվա շեշտով։ ― Հը՜մ։ Այս ինչքա՞ն եմ խոսում։ Ես շատ լեզվանի եմ, չէ՞, մր․ Կոպպերֆիլդ։ Նրա հայացքի ու ձայնի մեջ մի անախորժ բան կար, որը իմ կարծիքով, շոշափված նյութի համար շատ անվայել էր։ Ուստի լուրջ եղանակով պատասխանեցի նրան․ ― Այն աղջիկը որքան գեղեցիկ է, այնքան էլ առաքինի։ Նա նշանված է մի շատ արժանավոր ու պատվական մարդու հետ։ Ինչքան որ ես նրա զգաստությունն եմ հարգում, այնքան էլ գեղեցկության վրա եմ զարմանում։ ― Լա՜վ ասաց, ― գոչեց Ստիրֆորթը։ ― Լսեցե՛ք, լսեցե՛ք, լսեցե՛ք։ Այժմ, Դեյզի, ես այս ֆաթիմեի հետաքրքրության վրա միանգամից սառը ջուր կածեմ, որպեսզի այլևս հարցնելու բան չունենա։ Այն աղջիկը, միս Մաուչր, այժմ Օմրի ու Ջորեմի մոտ է սովորում, որոնք նորույթի, արդուզարդի և ուրիշ բաների կրպակ ունեն այս քաղաքում։ Ինչպես որ ընկերս ասած՝ նա իրոք նշանված է իր հորեղբոր որդու հետ․ փեսայի անունը Հեմ է, ազգանունը Պեգգոտի․ արհեստով նավ շինող է, ծագմամբ՝ Յարմաութցի։ Աղջիկն իր ազգականի մոտ է ապրում․ նրա մկրտության անունը հայտնի չէ, իսկ մականունը Պեգգոտի է և արհեստը ձկնորսություն։ Այդ աղջկա չափ սիրունիկ ու հրապուրիչ արարած աշխարհիս երեսին չկա։ Ես էլ, ընկերոջս պես, նրան սաստիկ հավանում եմ։ Եթե չվախենայի աղջկա նշանածին անարգել, որ, հարկավ, ընկերոջս համար շատ անախորժ կթվար, պարզ կասեի, թե Էմլին, Հեմին գնալով, ինքն իրեն ստորացնում է։ Նա կարող էր մի ավելի լավ մարդ գտնել և պատիվս վկա՝ մի ազնվական տիկին դառնալ։ Այս ձևով արտահայտված որոշ խոսքերը միս Մաուչրն առաջվա պես գլխահակ և աչքն առաստաղին բևեռած էր ականջ դնում։ Հենց որ Ստիրֆորթն ավարտեց, գաճաճը հանկարծ աշխուժացավ ու սկսեց նորից զարմանալի արագությամբ բարբաջել․ ― Էհ, ա՞յդ է բոլոր պատմությունը, միայն ա՞յդ, ― գոչեց նա, շարժելով իր փայլուն մկրատը, որ Ստիրֆորթի մորուքի ու գլխի շուրջն էր թռչկոտում։ ― Շատ լավ, շա՜տ լավ։ Գրեթե մի ամբողջ ռոման, որ կարող է այսպես վերջանալ՝ «միացան և երջանիկ կյանք վարեցին», չէ՞։ Հիշո՞ւմ ես, մի խաղ կա, ուր ասում են, օրինակի համար, ես սիրում եմ սիրեկանիս Է տառի համար, որովհետև նա երկնային է․ ատում եմ նրան Է տառի համար, որովհետև երդվել է ուրիշի չգնալ․ մի երեկո ես նրան առևանգեցի և Արևելք փախցրի։ Հապա իմացեք, ո՞վ է նա։ Էմլին է։ Հա՜, հա՜, հա՜։ Ես սաստիկ լեզվագար եմ, մի իսկական քամու աղաց, չէ՞, մր․ Կոպպերֆիլդ։ Նա իր նենգավոր հայացքը իմ կողմը նետեց և չսպասելով պատասխանիս՝ առանց շունչ քաշելու շարունակեց․ ―Եթե եղել է աշխարհիս երեսին մի լավ սանրված ու լավ կոկված խորամանկ մարդ, այդ դու ես, Ստիրֆորթ։ Եվ եթե կա աշխարհումս մի գլուխ, որ ես լավ եմ ճանաչում, այդ քոնն է։ Լսում ես ինձ, սիրելիս։ Ես քեզ լավ եմ հասկաում, ― ասաց միս Մաուչրը, նայելով Ստիրֆորթի երեսին։ ― Այժմ, սըր, դուք կարող եք հեռանալ, ինչպես ասում են դատարանում, և եթե մր․ Կոպպերֆիլդը բարեհաճի ձեր տեղը բռնել, նրա գլուխն էլ կարգի կբերեմ։ ― Ի՞նչ կասես, Դեյզի, ― հարցրեց Ստիրֆորթը՝ ծիծաղելով և աթոռից վեր կենալով։ ― Կցանկանա՞ս, որ քեզ էլ կոկի։ ― Ո՛չ, միս Մաուչր, շնորհակալ եմ։ Այս երեկո չէի ցանկանա։ ― Չէ մի՛ ասեք, ― ասաց գաճաճը և բանիմաց մարդու աչքով վրաս նայեց։ ― Ավելորդ չէր լինի փոքր֊ինչ գույն տալ ձեր հոնքերին։ ― Շնորհակալ եմ։ Մի ուրիշ անգամ։ ― Փոքր֊ինչ մոտեցնել քունքերին։ Լավ չէ՞ր լինի։ Ի՞նչ կասեք։ Այս բանը կարելի կլիներ երկու շաբաթում վերջացնել։ ― Ո՛չ, շատ շնորհակալ եմ։ Թող այս անգամ չլինի։ ― Եկեք նստեք գեթ մի րոպե, ― շարունակեց գաճաճը։ ― Ձեր մազերը փոքր֊ինչ գանգրացնեմ, շրթունքի վրա բեղեր շինեմ։ Շո՛ւտ արեք, շո՛ւտ։ Այս առաջարկը մերժելիս ես զգացի, որ կարմրեցի, որովհետև միս Մաուչրը շատ թույլ կողմս շոշափեց։ Բայց և այնպես դիմադրեցի նրա շողշողուն սրվակին, որով ուզում էր հրապուրել ինձ, և նա տեսնելով որ մտադիր չեմ իր արվեստի ազդեցությանը ենթարկվել, ասաց թե մի ուրիշ օր ինձ հետ կզբաղվի։ Այնուհետև խնդրեց, որ օգնեմ իրեն ներքև իջնել։ Օգնեցի։ Նա աջս բռնելով արագ ցատկեց սեղանից և իսկույն սկսեց գլխարկի կապերը կզակի տակ հարդարել։ ― Իսկ պա՞րտքս, ― հարցրեց Ստիրֆորթը։ ― Միայն հինգ շիլինգ, մի չնչին բան, հոգյակ իմ, ― ասաց միս Մաուչրը։ ― Չե՞ք կարծում, որ ես մի թեթևսոլիկ էակ եմ, մր․ Կոպպերֆիլդ։ Պատասխանեցի, թե «բնավ ո՛չ», թեև նա իրոք մի թեթևսոլիկ արարածի նման էր, երբ Ստիրֆորթի տված ոսկին աճպարարի պես վեր֊վեր ձգեց, հետո գրպանը սլացրեց ու ձեռքով էլ վրայից խփեց։ ― Այս իմ գանձանակն է, ― ասաց միս Մաուչրը, նորից աթոռի մոտ կանգնելով, և պայուսակի մեջ դնելով այն մանր իրերը, որ հանել էր մի ժամ առաջ։ ― Արդյոք բոլոր ծուղակներս այստե՞ղ են։ Կարծեմ այստեղ են։ Չէի ուզենա երկայնավիզ Նեդ Բրեդվուդին նմանվել, որ պսակվելու համար եկեղեցի գնալիս՝ իր հարսին հետը տանել մոռացել էր։ Հա՜, հա՜, հա՜։ Փուչ կենդանի է այդ Բրեդը, թեև շատ հանաքի։ Դե, այժմ դուք, գիտեք, պիտի արտասվեք ու ողբաք, բայց ի՞նչ անեմ, ես ստիպված եմ թողնել ձեզ։ Արիացեք, համբերատար եղեք ձեր վշտի մեջ։ Բարով մնաք, մր․ Կոպպերֆիլդ։ Զգույշ եղիր, Նորֆոլկի Ջոկի։<ref>Jockey ― ձիավաճառ, խաբեբա, նենգավոր</ref> Ա՜հ, որքան ժամանակ կորցրի, ձեզ հետ շաղակրատելով։ Բայց հանցանքը ձերն է, անպիտաններ։ Վեհանձնաբար ներում եմ ձեզ։ Bob swore,<ref>Bob swore ― անգլերեն նշանակում է Բոբն երդվեց։ Միս Մաուչրը այս խոսքերը գործ է ածում ֆրանսերեն bonsoir֊ի տեղ, որ նշանակում է բարի երեկո։</ref> ― ինչպես ասում է ֆրանսերեն նոր սովորող անգլիացին, որ այդ լեզուն անգլերենին շատ նման էր գտել։ Bob swore, ձագուկներս։ Միս Մաուչրը պայուսակը թևին գցեց և շարունակելով բարբաջել, արագ սահեց դեպի դուռը, բայց դեռ դուռը չբացած՝ կանգ առավ ու ասաց մեզ․ ― Չէի՞ք կամենա, պարոններ, հիշատակի համար իմ մազերից մի֊մի փնջիկ ընդունել։ Հա՜, հա՜, հա՜։ Ի՜նչ թեթևսոլիկ արարած եմ։ Եվ մատիկը քթին դնելով, անհետացավ։ Ստիրֆորթն այնպես ծիծաղեց, որ ես էլ նրա օրինակին հետևեվի, թեև տրամադիր չէի ծիծաղել։ Բավական երկար քրքջալուց հետո, նա ասաց ինձ, թե միս Մաուչրը բազմաթիվ ծանոթներ ունի և հազար տեսակ ծառայություն է անում զանազան մարդկանց։ Շատերը նրան խենթուլիկ են համարում և միայն ծաղրի առարկա, ― ասաց Ստիրֆորթը, ― բայց նա շատ նրբամիտ է ու դիտող․ ինչքան որ նրա քիթը կարճ է, այնքան էլ հոտառությունը սուր է։ Ստիրֆորթը հաստատեց միս Մաուչրի ասածը, թե նա մե՛կ այստեղ է, մե՛կ այնտեղ, ամեն տեղ և ոչ մի տեղ, որովհետև գավառից գավառ է թափառում և անկյուն չկա, ուր ամենքի հետ ծանոթ չլինի և հաճախորդներ չունենա։ Հարցրի ընկերոջս, թե միս Մաուչրը ի՞նչ էակ է, այրդյոք գլխովին չա՞ր է, թե՞ բարություն էլ ունի սրտի մեջ։ Իմ կրկնած հարցերին Ստիրֆորթն ուշք չդարձրեց և փոխանակ պատասխանելու՝ սկսեց նրա ձիրքերը, նրա դրամական շահերը գովել․ այն էլ ասաց, թե գաճաճը գիտի վարպետ կերպով սրվակ (արյան) դնել, և թե ես էլ կարող եմ, եթե պետք լինի, միս Մաուչրի այս վիրաբուժական հմտությունից օգուտ քաղել։ Այսպես գրեթե ամբողջ երեկո միս Մաուչրն էր մեր խոսակցության առարկան։ Եվ երբ ես Ստիրֆորթին բարի գիշեր ասացի ու սանդուղքից ներքև իջա, նա բազիրքից վայր կռանալով գոչեց ինձ․ ― Bob swore, Դեյզի։ Bob swore: Ես շատ զարմացա, երբ Բարկիսի տնակին մոտենալիս Հեմին տեսա, որ ետ ու առաջ էր քայլում փողոցում․ ավելի զարմացա, երբ նա հայտնեց, թե Էմլին ներսումն է։ ― Իսկ դուք ինչո՞ւ ներս չեք մտնում, ― հարցրի նրան։ ― Չեմ մտնում, որովհետև մաստր Դեվի, ― ասաց Հեմը վարանելով, ― Էմլին մեկի հետ խոսելիք ունի։ ― Ուրեմն Հեմ, ավելի հարկավոր է ձեզ ներսում լինել, ― նկատեցի ես ժպտալով։ ― Այո, այդպես է, մաստր Դեվի, ― ասաց Հեմը, ― բայց գիտե՞ք, ― շարունակեց նա ձայնն իջեցնելով ու ջանալով իր խոսքերին մի խորհրդավոր իմաստ տալ, ― Էմլին մի ջահել կնոջ հետ է բանակցում․․․ Այո՛, մի կնոջ, որի հետ մի ժամանակ ծանոթ էր, իսկ այժմ երանի թե նրան ամենևին չտեսներ։ ― Նա մի ողորմելի կին է, մաստր Դեվի, մի թշվառ արարած, որին մեր ամբողջ քաղաքը ոտքի տակ կոխկռտում է։ Նա չի կարող ո՛չ փողոցում երևալ, ո՛չ եկեղեցում․․․ Ամենքը նրանից գարշում են։ ― Այդ այն կինը չէ՞, որին ես տափարակի վրա տեսա, ծովափի մոտ, երեկոյան դեմ, մեր հանդիպումից մի քիչ հետո։ ― Որ գալիս էր մեր հետևի՞ց, ― ասաց Հեմը։ ― Այո՛, մաստր Դեվի, գուցե նա լինի ձեր տեսածը։ Ճանապարհին մենք չգիտեինք, որ նա է, և իմացանք, երբ որ արդեն տուն էինք մտել։ Այն ժամանակ նա թաքուն Էմլիի պատուհանին մոտեցավ, որտեղից լույս էր երևում, և կամացուկ ասաց․ «Էմլի, Էմլի, աստծու սիրուն, աղաչում եմ՝ գթա ինձ։ Ես էլ մի օր քեզ նման էի՜»։ Ահ, ինչ հանդիսավոր խոսքեր էին դրանք, մաստր Դեվի։ ― Իրավ որ, Հեմ։ Սակայն Էմլին ի՞նչ ասաց։ ― Էմլին ասաց․ «Դո՞ւ ես, Մարթա։ Միթե դո՞ւ ես»։ Գիտե՞ք, մի ժամանակ նրանք միասին էին աշխատել մր․ Օմրի խանութում։ ― Այո, այո, հիշում եմ նրան, ― գոչեցի ես, մտաբերելով այն երկու աղջիկներից մեկին, որին տեսել էի մր․ Օմրի մոտ՝ առաջին անգամը նրա կրպակը ոտք դնելիս։ ― Շատ լավ եմ հիշում։ ― Նրա անունը Մարթա Էնդըլ է, ― ասաց Հեմը։ ― Երկու կամ երեք տարով Էմլիից մեծ է, բայց Էմլին ու նա միասին են սովորել դպրոցում։ ― Անունը երբեք չէի լսել, ― ասացի ես։ ― Շարունակեցեք, Հեմ։ ― Շարունակելու բան չկա, մաստր Դեվի։ «Էմլի, Էմլի, աստծու սիրուն, աղաչում եմ՝ գթա ինձ։ Ես էլ մի օր քեզ նման էի»։ Այս խոսքերով արդեն ամեն բան ասված է։ Նա ուզում էր Էմլիին տեսնել, բայց Էմլին անկարող էր ներս կանչել նրան, որովհետև ապերը տանն էր․․․ Այո՛, տանն էր։ Իսկ ապերը, մաստր Դեվի, չէր հոժարի․․․ երբեք, ― ասաց Հեմը ջերմությամբ։ ― Ապերը շատ բարի մարդ է, շատ գթասիրտ, բայց ծովի տակ սուզված բոլոր գանձերն էլ նրան որ տան, թույլ չի տա, որ Էմլին այն աղջկա հետ միասին գտնվի։ Ես զգում էի, որ այդ բոլորը ճշմարիտ է, և ես այս բանը նույնքան հավատում էի, որքան և ինքը Հեմը։ ― Այս պատճառով էլ Էմլին մի բան գրեց թերթիկի վրա, ― շարունակեց Հեմը, ― և պատուհանից տվեց նրան։ «Այս տոմսակը տար հորաքրոջս տուր, մրս․ Բարկիսին, ― ասաց նա, ― հորաքույրս գոնե իմ սիրուն, մի անկյուն կշնորհի քեզ իր կրակի մոտ, և երբ ապերը տանից հեռանա, ես կգամ քեզ տեսնելու։ Հետո Էմլին ամեն բան կարգով պատմեց ինձ, ինչ որ ես էլ ձեզ պատմեցի, մաստր Դեվի, և խնդրեց որ իրեն այստեղ բերեմ։ Ի՞նչ անեի։ Իհարկե, պետք չէր, որ նա մի այդպիսի կնոջ հետ ծանոթ լինի, բայց նրա խնդիրքը ինչպե՞ս մերժեի, քանի որ արտասվում էր խնդրելիս։ Հեմը իր ծոցագրպանից մի սիրուն քսակ հանեց։ ― Եթե արտասուքը բանի տեղ էլ չդնեի, ― շարունակեց նա, շոյելով քսակը կոշտ ափում, ― միթե կարելի՞ էր, մաստր Դեվի, դիմադրել նրան, երբ ինձ պատվիրեց այս փոքրիկ բանն այստեղ բերել։ Ես հո քար չեմ, մաստր Դեվի։ Ես հո գիտեի, թե ո՞ւմ համար է սա, ― ասաց Հեմը, լուրջ նայելով քսակին։ ― Ինչպե՜ս քիչ է միջի փողը, ա՜հ, Էմլի ջան։ Սրտանց սեղմեցի Հեմի աջը, երբ նա դարձյալ քսակը գրպանը դրեց, որովհետև խոսքերով չէի կարող զգացմունքներս ավելի լավ արտահայտել, և մենք սկսեցինք լռիկ ման գալ տան առջև։ Մի քիչ հետո դուռը բացվեց և Պեգգոտին Հեմին ներս մտնելու նշան արեց։ Ես ուզում էի հեռանալ, բայց նա ինձ էլ ներս հրավիրեց։ Ներս մտա՝ ուղղակի իմ ննջարանը քաշվելու մտքով, բայց այնտեղ գնալու համար պետք էր խոհանոցի մաքուր սենյակից անցնել, ուր նրանք բոլորը հավաքված էին․ այնպես, որ դեռ ուշքի չեկած՝ ես արդեն նրանց շրջանի մեջ էի։ Այն աղջիկը, որին ես ծովեզերքի ավազոտ տափարակի վրա էի տեսել, այժմ վառարանի մոտ էր։ Նա նստած էր հատակի վրա՝ գլուխն ու ձեռքը աթոռին հենած։ Իսկույն իմացա, որ Էմլին նոր էր աթոռից վեր կացել և որ այն խոնարհ գլուխը նրա ծնկների վրա էր հանգչել։ Մարթայի դեմքը ծածկված էր առատ մազերով, որոնք կարծես դիտավորյալ էին արձակված, այնուամենայնիվ երևում էր, որ նա դեռ ջահել և շատ սիրուն է։ Պեգգոտին լաց էր եղել։ Լաց էր եղել և Էմլին։ Մեր մտնելուց հետո մի քանի ժամանակ ոչ մի բառ չասվեց, և այս ընդհանուր լռության մեջ հոլանդական ժամցույցի թիկ֊թակը կրկնապատիկ սուր էր հնչում։ Էմլին առաջինը սկսեց խոսել։ ― Մարթան ուզում է Լոնդոն գնալ, ― ասաց նա Հեմին։ ― Ինչո՞ւ Լոնդոն, ― հարցրեց Հեմը։ Հեմը կանգնած էր երկուսի մեջ ու անորոշ զգացումով նայում էր կուչ եկած աղջկան․ և՛ կարեկցում էր նրան, և՛ եժգոհ էր, որ իր սիրական Էմլիի մոտ էր տեսնում նրան։ Միշտ հիշում եմ երիտասարդի այդ հայացքը։ Հեմն ու Էմլին շշնջալով էին խոսակցում, կարծես հիվանդի պես, բայց այնքան պարզ, որ ամեն մի բառ լսելի էր։ ― Լավ է այնտեղ լինեմ, քան այստեղ, ― հնչեց հանկարծ մի երրորդ ձայն։ (Այս ասողը Մարթան էր, որ դեռ անշարժ նստած էր։) ― Այնտեղ ինձ ճանաչող մարդ չկա։ Այստեղ ամենքը ճանաչում են։ ― Ի՞նչ պիտի անի այնտեղ, ― հացրեց Հեմը։ Մարթան գլուխը փոք֊ինչ բարձրացրեց, մռայլ նայեց Հեմին, հետո նորից կուչ եկավ, աջ ձեռքը ծոծրակին դրեց, և մահառիթ վերք ստացողի պես մի սրտակեզ հառաչ հանեց։ ― Նա կաշխատի իրեն ուղղել, ― ասաց Էմլին։ ― Դու չգիտես, թե ինչ բաներ ասաց մեզ։ Չէ՞, հորաքույր․․․ սա․․․ սրանք չեն էլ կարող գիտենալ։ Պեգգոտին կարեկցաբար գլուխը շարժեց։ ― Այո, ես կջանամ ուղղել ինձ, եթե օգնեք ինձ հեռանալ, ― ասաց Մարթան։ ― Ինչ էլ անեմ, ավելի վատ չի լինի, քան ինչ որ արել եմ այստեղ։ Լոնդոնում ես կաշխատեմ ավելի լավ պահել ինձ։ Օ՜հ, ― ասաց նա սարսռալով, ― հեռացրեք ինձ այս քաղաքից, ուր ամեն մարդ ճանաչում է ինձ փոքր հասակից։ Էմլին իր աջը Հեմին մեկնեց, և ես տեսա, որ Հեմը մի կտավե քսակ դրեց նրա ափի մեջ։ Էմլին առավ կարծելով թե իր քսակն է, և մի երկու քայլ առաջ գնաց, սակայն սխալը նկատելով, դիմեց Հեմին, որ ետ էր քաշվել դեպի ինձ, և ասաց նրան․ ― Դու սխալվել ես, սիրելիս, այս քսակը իմը չէ։ ― Ոչ քոնն է, Էմլի, ― պատասխանեց Հեմը։ ― Աշխարհումս ես բան չունեմ, որ քոնը չլիներ, անգին իմ։ Էմլիի աչքերը դարձյալ արցունքով լցվեցին, բայց նա շուռ եկավ և Մարթային մոտեցավ։ Ի՞նչ տվեց նրան, չգիտեմ։ Տեսա միայն, որ կռանալով փող դրեց նրա ծոցը։ Հետո մի քանի խոսք շշնջաց նրան ու հարցրեց, թե հերի՞ք է։ «Պետքից ավելի», ասաց մյուսն ու նրա ձեռքը համբուրեց։ Հետո Մարթան վեր կացավ, շալը գլխին փաթաթեց, երեսը ծածկեց և բարձրաձայն հեկեկալով՝ համրաքայլ մոտեցավ դռանը։ Դուրս գնալուց առաջ մի վայրկյան շեմքի վրա կանգ առավ, կարծես թե կամենում էր մի բան ասել, սակայն շրթունքից ոչ մի բառ դուրս չեկավ։ Միայն մի դառնակսկիծ հառաչ արձակեց ու գնաց։ Դուռը փակելուն պես փոքրիկ Էմլին ահով նայեց բոլորիս և դեմքը ձեռքերի մեջ թաքցնելով հեկեկաց։ ― Բավական է, Էմլի, ― ասաց Հեմը, նրա ուսը շոշափելով։ ― Մի՛ լար, սիրելիս, հերիք է։ ― Օ՜հ, Հեմ, ― գոչեց Էմլին, աղիողորմ լաց լինելով, ― ես այնքան բարի աղջիկ չեմ, ինչքան որ պետք էր․․․ Այո՛, երբեմն շատ ապերախտ եմ։ ― Ինչեր ես ասում, ― գոչեց Հեմը։ Ես լավ գիտեմ, որ դու ազնվասիրտ աղջիկ ես։ ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ― գոչեց Էմլին հեծելով։ ― Ես բնավ այնքան բարի չեմ, ինչքան որ պետք էր ինձ լինել։ Ինձ դեռ շատ բան պակաս է, շատ ու շա՜տ բան։ Եվ նա շարունակեց կոտրված սրտով լալ ու կոծել։ ― Ես անչափ շատ եմ փորձում քո սերը, ― ասաց նա։ ― Շատ եմ գրգռում ու տանջում քեզ իմ հեղհեղուկ վարմունքով, թեթևամիտ ընթացքով, այն ինչ պետք չէր, որ ես այդպես անեի։ Իսկ դու միշտ վեհանձն ես, միշտ բարի ես դեպի ինձ։ Օ՜հ, ինչո՞ւ եմ քեզ հետ այդպես վարվում, մինչդեռ մտքերիս միակ նպատակը այն պիտի լիներ, որ ես քեզնից շնորհակալ լինեմ և քեզ երջանիկ դարձնեմ։ ― Քեզ հետ ես միշտ երջանիկ եմ, անգին Էմլի, ― ասաց Հեմը։ ― Երջանիկ եմ քեզ տեսնելիս, երջանիկ եմ օր ու գիշեր միայն քո մասին մտածելիս։ ― Ա՜հ, այդ բավական չէ, ― լալով գոչեց Էմլին։ ― Դրա պատճառը քո բարությունն է, ոչ թե իմը։ Օ՜հ, դու շատ ավելի բախտավոր կլինեիր, Հե՛մ, եթե մեկ ուրիշին սիրեիր, մեկ ուրիշին․․․ որ ավելի հաստատամիտ լիներ և ավելի քեզ արժանի․․․ Բոլորովին քեզ նվիրված, այլ ոչ թե ինձ նման ունայնամիտ ու փոփոխական։ ― Խեղճ աղջիկ, ― ասաց Հեմը մեղմ ձայնով։ ― Մարթան սրա սիրտը սաստիկ հուզել է։ ― Հորաքույր, աղաչում եմ մոտեցիր ինձ, ― հեկեկաց Էմլին։ ― Թույլ տուր գլուխս ուսիդ դնեմ։ Օհ, ես շատ թշվառ եմ այս երեկո, հորաքույր։ Ես բնավ այնքան լավ աղջիկ չեմ, ինչքան որ կարծում եք։ Գիտեմ, գիտեմ։ Պեգգոտին շտապեց վառարանի մոտ նստել։ Էմլին նրա վզին փարվելով՝ առջևը չոքեց ու լրջությամբ նայեց երեսին։ ― Աղաչում եմ, հորքուրիկ, օգնիր ինձ, ― ասաց նա։ ― Սիրելի Հեմ, օգնիր ինձ։ Մր․ Դավիթ, պաղատում եմ ձեզ՝ մեր մանկության սիրուն, «օգնեցեք» ինձ։ Ես ուզում եմ հարյուր անգամ ավելի երախտագետ լինել, քան որ եմ։ Ուզում եմ ավելի լավ աղջիկ լինեմ։ Փափագում եմ լիովին զգալ, թե ինչ երջանկություն է մի պատվական մարդու կին դառնալ, խաղաղ ապրել նրա հետ միասին։ Օհ, աստված իմ, օհ սի՜րտս, սի՜րտս։ Էմլին մի սուր ճիչ արձակելով դայակիս կրծքի վրա ընկավ և շարունակեց հանդարտ լաց լինել, մինչ պառավն աշխատում էր փայփայել նրան, ինչպես մի երեխայի։ Էմլին, իր սրտաճմլիկ ցավն ու վիշտն արտասվալից աղերսանքով հայտնելիս, բոլորովին նման էր թե՛ կնոջ, թե՛ երեխայի, որով ավելի էր աչքի ընկնում նրա իսկական բնավորությունն ու գեղեցկությունը։ Նրա հուզմունքը քիչ֊քիչ մեղմացավ, և մենք սկսեցինք նրան մեկ խրախուսելով, մեկ հանաքներ անելով սիրտ տալ։ Նա կամացուկ բարձրացրեց գլուխը ու սկսեց խոսել։ Մի քիչ հետո փորձեց ժպտալ, ապա ծիծաղեց, վերջապես վերկացավ և նստեց մեր կողքին։ Պեգգոտին նրա գզգզված մազերը կարգի բերեց, աչքերը սրբեց, երեսը մաքրեց, որպեսզի հորեղբայրը տուն մտնելիս չհարցնի, թե ինչո՞ւ է լաց եղել իր սիրելի թոռնիկը։ Առաջին անգամն էր, որ Էմլին իմ ներկայությամբ այդ գիշեր մի անմեղ համբույր տվեց իր նշանածին և հենվեց նրան, ասես թե կամենալով նրա մեջ գտնել իր լավագույն նեցուկը։ Երբ նրանք հեռանում էին լուսնի լույսով, ես նայում էի, համեմատելով նրանց մեկնելը Մարթայի մեկնելու հետ, տեսա որ Էմլին երկու ձեռքով Հեմի թևը բռնլ և ամուր ու սեղմ կպել է նրան։