Երեկոյան դեմ նորից եկա և ննջեցյալի դին սպասավորների օգնությամբ մոր սենյակը դրի։ Ասացին, թե մայրը միևնույն դրության մեջ է, թե միս Դարտլը ոչ մի րոպե չի թողնում նրան, թե բժիշկերն ամեն դարման գործ են դրել, բայց լեդին արձանի պես անշարժ է և միայն աղիողորմ հեծեծանքներ է արձակում։
Անցա այդ սգավոր տան միջով ու բոլոր պատուհանների վարագույրները ներքև քաշեցի ամենից առաջ այն սենյակում, ուր դրված էր ննջեցյալը։ Հետո նրա կապարի պես ծանր աջը բռնեցի ու սեղմեցի սրտիս։ Ամբողջ աշխարհը լուռ ու մեռած թվաց ինձ․ միայն մոր հեկեկանքն էր մերթընդմերթ հասնում ականջիս։ ==ԺԷ․ գլուխ== Գաղթականները Այսքան հուզումներից դեռ ընկճված՝ ես մի ուրիշ բան էլ ունեի հոգալու։ Դա եղելությունը մեկնողներից ծածկելն էր, որ նրանք երջանիկ անգիտությամբ ճանապարհ ընկնեն։ Ժամանակ կորցնել չէր կարելի։ Միևնույն գիշեր մր․ Միկաբրին տեսա և նրան խնդրեցի, այնպես անել, որ վերջին աղիողորմ դեպքի գույժը մր․ Պեգգոտիին չհասնի։ Նա եռանդով հանձն առավ մր․ Պեգգոտիի և այդ գույժի միջև պատվար լինելու պաշտոնը և թաքցնել այն բոլոր լրագրերը, որոնք կարող էին նրա ձեռքն ընկնել։ ― Այդ գույժը նախ այս մարմնի միջով կանցնի, ― գոչեց մր․ Միկաբրը կուրծքը բախելով։ Պետք է ասել, որ մր․ Միկաբրը, իրեն սպասող նոր վիճակին հարմարվելով, մի դիմագրավ, բայց ոչ անիրավ ծովահենի պես էր շարժվում։ Կարելի էր կարծել, թե վայրենի բնության որդի է՝ երկար ժամանակ քաղաքակրթության սահմաններից դուրսն ապրելու սովորած, և այժմ պատրաստվում է իր մայրենի անտառը վերադառնալ։ Ի միջի այլոց, նա ճարել էր մի ձեռք մոմած քաթանի հագուստ և մի տափակ հարդե գլխարկ՝ կպրաներկ։ Այդ կոպիտ հանդերձով, թևի տակ բռնած դիտակով և անդադար վերև նայող ու կարծես թե փոթորիկ գուշակող աչքերով նա ավելի էր նավորդի նման, քան թե մր․ Պեգգոտին։ Նրա ամբողջ ընտանիքն էլ, եթե կարելի է այսպես ասել, արդեն կռվի պատրաստ էր։ Ես գտա մրս․ Միկաբրին մի շատ դիմացկուն գլխարկ հագած և կրծքին մի ստվար ու կոպիտ շալ փաթաթած, որի ծայրերը պինդ կապված էին հետևից․ մրս․ Միկաբրն էլ, ինչպես որ տեսա, փոթորկի դիմադրելու վիճակի մեջ էր և իր վրա ոչ մի ավելորդ բան չուներ։ Մաստր Միկաբրը հազիվ էր աչքի ընկնում իր լայն շապկի ու թավամազ բաճկոնի միջից, իսկ երկվորյակներն ամուր֊ամուր դրված էին անթափանցիկ տուփերի մեջ, հենց իմանաս պահածո ուտելիք լինեին։ Թե՛ մր․ Միկաբրն ու թե՛ նրա ավագ որդին իրենց թևերը փոքր֊ինչ սոթտած էին ցույց տալու համար, թե առաջին նշանը տալուն պես պատրաստ են առաջ նետվել, կայմի վրա բարձրանալ և առագաստները հավաքել։ Տրեդլսն ու ես այդպես գտանք երեկոյան դեմ մր․ Միկաբրի գերդաստանը Հընգրֆորդ կոչված նավամատույցի կամրջի վրա, ուր նրանք իրենց գույքերը դեպի նավն էին կրել տալիս։ Արդեն պատմել էի Տրեդլսին սոսկալի դեպքի հանգամանքները, և նա սաստիկ հուզված էր։ Վստահ էի, որ նա գաղտնիքը կպահի, և նա եկել էր այդ գործում ինձ օգնելու։ Այդ միջոցին էր, որ մր․ Միկաբրին մի կողմ քաշեցի և վերոհիշյալ խոստումը նրանից առա։ Մր․ Միկաբրի ընտանիքը Հընգրֆորդի մի փոքրիկ կեղտոտ ու հին պանդոկի մեջ էր բնակվում, որի փայտաշեն սենյակները պատշգամբի պես դեպի գետն էին ձգված։ Տեսնելով, որ գաղթականները շրջակա հարևանների ուշադրությունը գրավել են ու դիտողներ հավաքել, մենք ընտանիքի բնակարանը քաշվեցինք։ Գետը համարյա թե դրա տակովն էր անցնում։ Ագնեսն ու տատս այնտեղ էին նստած և փոքրերի համար շորեր էին պատրաստում։ Պեգգոտին հանգիստ օգնում էր նրանց՝ առջևն ունենալով իր ձեռագործի հին տուփը, մետրաչափն ու մեղրամոմի կտորը, որոնք այնքան բաներ էին տեսել աշխարհում։ Դժվար էր իմ դայակի հարցերին պատասխան տալ, ավելի դժվար՝ շշնջալ մր․ Պեգգոտիին, երբ նրան մր․ Միկաբրը ներս մտցրեց, թե նամակն արդեն հանձնված է և ամեն բան հաջող։ Այնուամենայնիվ ես անելիքս արի, և նրանք երկուսն էլ գոհ մնացին։ Որքան էլ դեմքիս վրա ներքին զգացումս նշմարվեց, իմ սուգն արդեն բավական էր, որ ունկնդիրներս ոչ մի կասկած չունենան։ ― Ե՞րբ կմեկնի նավը, մր․ Միկաբր, ― հարցրեց տատս։ Մր․ Միկաբրը պետք համարելով քիչ֊քիչ նախապատրաստել տատիս և կամ իր կնոջը, ― ասաց թե ավելի շուտ կմեկնի, քան սպասելի էր։ ― Երևի թե նավակի մարդի՞կ այդպես ասացին, ― ասաց տատս։ ― Այո՛, տիկին, ― հաստատեց մր․ Միկաբրը։ ― Շատ լավ, ― ասաց տատս։ ― Ուրեմն նավն անշուշտ կեմկնի՞։ ― Այո՛, տիկին, ինձ հայտնեցին, թե առավոտյան ճիշտ ժամը վեցին նավ կնստենք։ ― Օհո՜, այդ շատ վաղ է, ― նկատեց տատս։ ― Բայց նավորդների համար սովորական բան է, չէ՞, մր․ Պեգգոտի։ ― Իրավ է, տիկին։ Նավը կմեկնի գետի առաջին խաղացքով։ Եթե Դեվին ու քույրս ուզենային վաղը, երեկոյան դեմ Դրեյվսենդ գալ, դարձյալ մի անգամ իրար հետ հրաժեշտ կառնեինք։ ― Անպատճառ կգանք, ― ասացի ես։ ― Մինչև այն ժամանակ, մինչև մեր ծովը մտնելու րոպեն, ― ասաց մր․ Միկաբրը, մի խորհրդավոր նշան անելով ինձ, ― մր․ Պեգգոտին ու ես մեր իրեղեններն ու հակերը միասին կհսկենք։ Սիրելի Էմմա, ― շարունակեց նա, քնքաբար հազալով, ― մր․ Տրեդլսը կամացուք հաղորդեց ինձ, թե պատրաստ է պատվիրել, ինչ որ միայն անհրաժեշտ է այն խմիչքի համար, որ մեր մտքում սերտ կապված է մի հին անգլիական ռոստբիֆի հետ․․․ Կարճ ասած՝ մի լավ պունչ։ Ուրիշ ժամանակ կքաշվեի այդ մասին զիջողություն խնդրել մրս․ Տրոտուդից և միս Ուիկֆիլդից, բայց․․․ ― Իմ կողմից կարող եմ ասել, ― վրա բերեց տատս, ― որ ամենայն սիրով ձեր կենացը մի բաժակ կպարպեմ, մր․ Միկաբր։ ― Ես էլ, ― զվարթ֊զվարթ հարեց Ագնեսը։ Մր․ Միկաբրն իսկույն սեղանատուն իջավ և գոլորշի արձակող սափոր բերելով ետ եկավ։ Այնուհետև սկսեց լիմոնները կճպել իր ծալովի դանակով, որ գործնական գաղթաբնակի դանակի պես մի ոտնաչափ կլիներ, և ապա թեզանիքով հպարտ֊հպարտ սրբեց նրան։ Նկատեցի, որ մրս․ Միկաբրը և երկու ավագ որդիքն էլ այդպիսի ահեղ զենքեր ունեին, իսկ փոքրերը մի֊մի հատ փայտե գդալ են կրում՝ հաստ չվանով ուսերից կախած։ Մր․ Միկաբրը՝ կարծես հիմիկվանից ծովային և կամ վայրենի կյանքի պայմաններին վարժվելու համար՝ պունչը սեղանի վրա շարված գինու բաժակներով չառաջարկեց ամուսնուն ու որդիներին, այլ անագե վատ գավաթներով։ Երբեք չէի տեսել, որ ինքն էլ այնպես ախորժակով պունչ խմեր, ինչպես խմում էր կոպիտ գավաթից, որ երեկոն վերջանալուն պես մի առանձին զգուշությամբ իր գրպանի մեջ պահեց։ ― Հրաժարվելով հրաժարվում ենք հին աշխարհի զեխությունից, ― ասաց մր․ Միկաբրը գոհ սրտով։ ― Անտառի բնակիչներին անվայել է հաղորդ լինել այս կիրթ երկրի նրբություններին։ Այդ րոպեին մի տղա ներս մտավ և ասաց, թե դուրսը մի մարդ է սպասում մր․ Միկաբրին։ ― Արդեն զգում եմ, որ ազգականերից մեկը կլինի, ― գոչեց մրս․ Միկաբրը, անագե գավաթը վայր դնելով։ ― Եթե այդպես է, սիրելիս, ― ասաց մր․ Միկաբրը մի առանձին սաստկությամբ, որ սովոր էր ցույց տալ այդ նյութը շոշափելիս, ― ով էլ լինի գերդաստանիդ անդամը՝ պարոն թե տիկին, որովհետև նա մեզ այցելությանը շատ երկար սպասել տվեց, այժմ թող այդ անդամը ինքը սպասի, մինչև որ ես հարմար դատեմ ընդունել նրան։ ― Միկաբր, ― ասաց կինը հեզությամբ, ― մի այսպիսի խորհրդավոր ժամանակ․․․ ― Անպատշաճ է մտաբերել, ամեն մի չնչին զրկանք, ― լրացրեց մր․ Միկաբրը Շեքսպիրի բուն խոսքերով ու ոտքի ելավ։ ― Էմմա, մեղավոր եմ քո առջև։ ― Դու կորցնելու բան չունես, ― շարունակեց մրս․ Միկաբրը, ― կորցնողը գերդաստանս է, և ոչ թե դու։ Եթե գերդաստանիս անդամները վերջ ի վերջո տեսել են, թե որքան եմ վնասվել իրենց անցյալ վարմունքից և այժմ փափագում են հաշտության աջ մեկնել մեզ, մի մերժի դրան։ ― Թող այդպես լինի, սիրելիս, ― պատասխանեց մր․ Միկաբրը։ ― Եթե ոչ նրանց սիրուն, գոնե իմ սիրուն, ― ասաց կինը։ ― Այդ տեսակետից խնդրին նայելը մի անդիմադրելի հրապույր ունի, սիրելի Էմմա, ― ասաց մարդը։ ― Դեռ չեմ կարող ասել, թե գերդաստանիդ անդամի վզով կփարվեմ, ջերմությունը իմ պաղության չի հանդիպի։ Մր․ Միկաբրը դուրս եկավ և մի որոշ ժամանակ չվերադարձավ, մինչ մրս․ Միկաբրն ակներև վախենում էր, թե իր մարդու և գերդաստանի անդամի միջև մի բան պատահած կլինի։ Վերջապես միևնույն տղան նորից եկավ ու մատիտով գրված մի տոմսակ հանձնեց ինձ, որի վերնագիրն էր՝ «Հիպի պահանջը Միկաբրից»։ Այդ փաստաթղթից իմացա, որ մր․ Միկաբրը վերստին ձերբակալված լինելով, արդեն հետին հուսահատության տագնապի մեջ է։ Նա ինձ աղաչում էր, գրաբերի հետ ուղարկել իր ծալովի դանակը և անագե գավաթը, որոնք կարող էին իրեն պետք գալ զնդանում, որտեղ իր կյանքը կնքելու էր։ Աղաչում էր նաև, իբրև բարեկամության վերջին նշան, որ իր ընտանիքին թաղական աղքատանոցում այցելեմ և ընդմիշտ մոռանամ, թե երբևէ ապրած է եղել նրա նման մի էակ։ Պատասխանս իհարկե այն եղավ, որ ներքև իջա ու պարտքը հատուցեցի։ Մր․ Միկաբրը լուռ նստած էր անկյունում, մռայլ նայելով իրեն բռնող ոստիկանին։ Ազատվելուն պես նա ցնծությամբ ինձ համբուրեց և ամբողջ հաշիվն անմիջապես իր հուշատետրում նշանակեց, վիճելով ինձ հետ մի չնչին կես պեննիիի համար, որ անզգուշաբար բաց էի թողել գումարից։ Այդ նշանավոր հուշատետրը մի ուրիշ գործողություն հիշեցրեց նրան։ Մեր ետ գալուն պես նա ներողություն խնդրեց իր բացակայելու համար, որ իր կամքից անկախ պատճառով էր պատահել, և տետրից մի ահագին ծալած թերթ հանեց, որ մանրամասն հաշիվներով լիքն էր։ Կարող եմ ասել, որ օրումս չէի տեսել մի թվաբանության դասագիրք, որ այնքան թվեր պարունակեր։ Մր․ Միկաբրի ասելով, դա քառասունմեկ ստեռլինգ, տասը շիլինգ, տասնեկ ու կես պեննի մայր պարտքի բաղադրյալ տոկոսների հաշիվն էր զանազան ժամանակների բաժանած։ Հաշվի թվերը ճիշտ գումարելուց և իր միջոցներն ուշի֊ուշով կշռելուց հետո՝ նա գտել էր, թե պետք է այն գումարն ընտրել, որ պարտքի քանակն էր ներկայացնում՝ բաղադրյալ տոկոսներով հանդերձ՝ երկու տարվա, վեց ամսվա և տասնչորս օրվա ընթացքում, սկսած ներկա թվականից և օրից։ Այդ հիման վրա նա մի գեղեցիկ մուրհակ էր գրել, որ և հազար ու մի շնորհակալությամբ Տրեդլսին հանձնեց, որպես ամբողջ պարտքի գրավական։ ― Սիրտս վկայում է, ― ասաց մրս․ Միկաբրը, ― որ գերդաստանս մեր մեկնելու ժամից առաջ նավի վրա կերևա։ Անշուշտ, մր․ Միկաբրն էլ այդ մասին նախազգացում ուներ, բայց թաքցրեց այն անագե գավաթի մեջ ու կուլ տվեց։ ― Մրս․ Միկաբր, եթե ճանապարհից նամակ գրելու լինեք, խնդրեմ մեզ էլ չմոռանաք լուր հաղորդել ձեր մասին, ― ասաց տատս։ ― Անչափ երջանիկ եմ, շնորհաշուք մրս․ Տրոտուդ, որ գեթ մի մարդ փափագում է լուր առնել մեր մասին, ― պատասխանեց մրս․ Միկաբրը։ ― Զանց չեմ առնի գրել ձեզ։ Մր․ Կոպպերֆիլդն էլ, որպես մեր տան հին բարեկամ, հարկավ կուզենա երբեմն լուր ընդունել մի անձից, որ այն օրից է ճանաչել նրան, երբ երկվորյակները դեռ ինրեց անգիտակ էին։ Հույս հայտնեցի, թե ամեն անգամ, երբ նա գրելու պատեհություն ունենա, մի լուր կառնեմ նրանից։ ― Փառք աստծո, պատեհություն միշտ կունենանք, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Այս միջոցին օվկիանոսը, նավատորմով ծածկված է, և մենք անշուշտ վերադառնող նավերի կպատահենք։ Վերջապես ճանապարհն էլ շատ երկար չէ, մի կարճ անցք է, ― հարեց մր․ Միկաբրը ակնոցի հետ խաղալով, ― մի կարճ անցք։ Երկարությունը միայն երևակայական է, ավելի ոչինչ։ Հիշում եմ, թե որքան ծիծաղեցի, բայց և մր․ Միկաբրի բնավորությանը որքան հատուկ էր, որ նա Լոնդոնից Կենտըրբրի գնալիս այնպես էր խոսում, իբր թե աշխարհիս մյուս ծայրը գնալիս լիներ․ այնինչ այժմ, երբ Անգլիայից Ավստրալիա պիտի նավեր, ճանապարհը Լա֊Մանշի պես մի կարճ անցք էր համարում։ ― Կաշխատեմ ճանապարհին հեքիաթներով զբաղեցնել նրանց, ― ասաց մր․ Միկաբրը, ― և հույս ունեմ, որ իմ Ուիլկինսի երգերը երեկոյան կրակի շուրջը նրանց քաղցրալուր կթվան։ Մրս․ Միկաբրն էլ, երբ որ նավի վրա անսայթաք սկսի ման գալ, զվարճալի երգեր կհնչեցնի։ Ամեն օր նավի մոտով խոզուկներ ու դելֆիններ կանցնեն, և մենք թե՛ ձախ կողմից, թե՛ աջից հետաքրքիր բաներ կտեսնենք։ Մի խոսքով․․․ ― ասաց մր․ Միկաբրը նախկին վայելչությամբ, ― այնքան ուշագրավ բաներ կունենանք տեսնելու թե՛ վերևում, թե՛ ներքևում, որ երբ հանկարծ մեր կայմի վրայից նավաստին կանչի «երկի՜ր, երկի՜ր», մենք շատ ապշած կմնանք։ Եվ այդ ասելուն պես նա իր անագե գավաթը ճոճեց, կարծես թե ուղևորությունն ավարտվել էր և առաջին կարգի մրցանակ տարել ամենահմուտ ծովագնացի ժողովում։ ― Ինձ գալով, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― հույսս սա է, թե մենք վերստին մայր երկրում կապրենք մեր գերդաստանի այս կամ այն ընձյուղի մեջ։ Հոնքերդ մի կիտի, Միկաբր։ Իմ գերդաստանի մասին չէ խոսքս, այլ մեր զավակների զավակաց մասին։ Որքան էլ փոխադրված ոստերը զորեղ լինեն, ― ասաց մրս․ Միկաբրը գլուխը շարժելով, ― այնուամենայնիվ բուն ծառը չեն մոռանա․ և երբ մեր սերունդը բարգավաճի ու հարստանա, ես կուզենամ, որ նրա հարստության հոսանքը դեպի մեծ Բրիտանիայի սնդուկները գնա։ ― Մեծ Բրիտանիան տեղը մնաց, սիրելիս, ― ասաց մր․ Միկաբրը։ ― Պիտի ասեմ, որ նա ինձ համար երբեք շատ բան չի արել․ ես էլ նրա համար դարդ անելու փափագ չունեմ։ ― Այդ բանում անարդարացի ես, Միկաբր, ― ասաց կինը։ ― Չէ՞ որ հեռավոր աշխարհ գնալիս նպատակդ է՝ Ալբիոնի հետ ունեցած կապերդ ամրացնել, ոչ թե թուլացնել։ ― Կրկնում եմ, սիրելիս, ― պատասխանեց մր․ Միկաբրը, ― երբեք այդ կապերը այնքան ինձ ախորժելի չեն եղել, որ կամենայի ամրացնել։ ― Միկաբր, դարձյալ կասեմ՝ սխալվում ես, ― կրկնեց մրս․ Միկաբրը։ ― Դու ինքդ չգիտես, թե ինչ ձիրքերի տեր ես։ Ահա դրանք են, որ եթե Ալբիոնից հեռանաս էլ, քո ու նրա միջև եղած կապերը կամրապնդեն։ Մր․ Միկաբրը հոնքերը փոքր֊ինչ բարձրացնելով, բացկաթոռի վրա նստեց։ Մրս․ Միկաբրի արտահայտած մտքերին նա մասամբ հավան էր, մասամբ հակառակ, թեև շատ գոհ էր կնոջ լավատես հայացքից։ ― Սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը, ― ես կամենում եմ, որ մր․ Միկաբրը իր դիրքը լավ ճանաչի։ Ինձ համար վերին աստիճանի կարևոր է, որ մր․ Միկբրը՝ դեռ նավ չմտած՝ քաջ գիտենա իր դիրքը։ Մեր բազմամյա բարեկամությունից, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, արդեն ստուգած կլինեք, որ ես մր․ Միկաբրի վառվռուն բնավորությունը չունեմ։ Իմ բնությունը, եթե կարելի է այսպես ասել, գերազանցորեն գործնական է։ Գիտեմ՝ երկար կլինի մեր ճամփան․ գիտեմ՝ շատ նեղություն ու զրկանքներ կքաշենք։ Մի՞թե կարող եմ այդ իրական փաստերը չտեսնել։ Այն էլ, սակայն, քաջ գիտեմ, թե ի՞նչ է մր․ Միկաբրը։ Ուստի և շատ կարևոր եմ համարում, որ մր․ Միկաբրը իր դիրքը լավ ճանաչի։ ― Հոգյակ իմ, ― ասաց մր․ Միկաբրը, ― չնեղանաս, եթե ասեմ, որ իմ կարծիքով ես դիրքիս փոքր֊ինչ գիտակ եմ։ ― Այո՛, փոքր֊ինչ, բայց ոչ լիովին, ― պատասխանեց մրս․ Միկաբրը։ ― Մր․ Միկաբրի հանգամանքը հասարակ բան չէ, սիրելի մր․ Կոպպերֆիլդ։ Մր․ Միկաբրը մի հեռավոր երկիր է գնում, որպեսզի առաջին անգամ իրեն ուղիղ հասկանան և ըստ արժանվույն գնահատեն։ Ես ուզում եմ, որ մր․ Միկաբրը նավի առաջամասին կանգնի և սաստակհնուն ձայնով գոչի․ «Ես եկել եմ այս երկիրը նվաճելու։ Պատիվներ ունե՞ք։ Գանձեր ունե՞ք։ Ունե՞ք արդյունավոր ու շահաբեր պաշտոններ։ Այստեղ բերեք։ Բոլորն էլ իմս են»։ Մր․ Միկաբրը, աչքերը մեր վրա դարձնելով, կարծես մտածում էր, թե այդ գաղափարը մասամբ ճշմարիտ է։ ― Ես կցանկանամ, ― շարունկեց մրս․ Միկաբրը, ― որ եթե կարելի է այսպես ասել, մր․ Միկաբրն իր բախտի Կեսարը լինի։ Այս է ըստ իս, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, նրա բուն դիրքը։ Փափագս այս է, որ նա ներկա ուղևորության հենց առաջին րոպեից նավի առաջամասին կանգնի և բարձրաձայն հայտարարի․ «Բա՛վ է, որքան զուր հուսացի, բա՛վ է, որքան չարչարվեցի։ Այդ բոլորը հին աշխարհում պատահեց։ Այժմ ես նորումն եմ։ Դուք ինչո՞վ ինձ վարձահատույց կլինեք։ Բերեք տեսնեմ»։ Մր․ Միկաբրը ձեռքերն արիաբար կրծքին դրեց, հենց իմանաս իսկ և իսկ նավի առաջամասին կանգնած լիներ։ ― Եվ երբ որ նա այդպես անի, ― ասաց մր․ Միկաբրը, ― երբ իր դիրքը հաստատի, մի՞թե բանավոր միտք չեմ ունենա ասելու, թե այն ժամանակ կամրապնդի իր կապերը Բրիտանիայի հետ, ոչ թե կթուլացնի։ Ո՞վ կարող է ուրանալ, որ մյուս կիսագնդի վրա բարձրացող մի նշանավոր դեմքի վարկ ու կշիռը մայր երկրում էլ կզգացվի։ Մի՞թե այնքան ապուշ եմ, որ թուլություն ունենամ կարծելու, թե Ավստրալիայում հանճարի ու զորության գավազան շարժող Միկաբրը ոչինչ կլինի Անգլիայում։ Ես մի հասարակ կին եմ միայն, բայց և այնպես ինքս ինձ ու հայրիկիս արժանի չէի լինի, եթե այդքան ապուշ լինեի։ Մրս․ Միկաբրը իր պատճառաբանության անդիմադրելի ուժին ապավինելով, մի վեհ հպարտություն ցույց տվեց։ ― Այս է պատճառը, ― շարունակեց մրս․ Միկաբրը, ― թե ինչու կցանկանայի մի օր վերստին մեր հայրենի երկրում ապրել։ Մր․ Միկաբրը կարող է մի օր․․․ չեմ թաքցնի, կարող է մի օր մի էջ գրավել պատմության մեջ, և այն ժամանակ արդարացի կլինի, որ այս երկրոմ ներկայացուցիչներ ունենա, երկրում, որ թեև նրան կյանք էր տվել, բայց պաշտոններ չէր տվել։ ― Հոգյակ իմ, ― ասաց մր․ Միկաբրը, ― անչափ հուզված եմ քո սիրուց և միշտ պատրաստ խոնարհվելու առողջադատ մտքիդ առջև։ Ինչ որ լինելու է, կլինի։ Քա՜վ լիցի ինձ չնվիրել հայրենի երկրիս, մինչև անգամ վերջին մասն այն հարստության, որ մի օր դիզվելու է մեր սերնդի ջանքերով։ ― Այդ լավ է, ― ասաց տատս, դիմելով մր․ Պեգոտիին։ ― Խմում եմ ձեր ամենքի կենացը և մաղթում ձեզ բարի ճանապարհ ու հաջողություն։ Մր․ Պեգգոտին իր գրկած երկվորյակներին վայր դրեց և մր․ ու մրս․ Միկաբրների հետ մեր բոլորիս արևշատության բաժակը պարպեց․ այնուհետև մտերմաբար Միկաբրների աջը սեղմեց։ Այդ միջոցին նրա թխագույն երեսի վրա մի քաղցր ժպիտ փայլեց, և ես զգացի, որ մր․ Պեգգոտին, ուր էլ գնա, ամեն տեղ ճանապարհ կբանա, բարի անուն կվաստակի և մարդկանց սիրելին կլինի։ Մինչև անգամ տղաներին թույլ տվին, որ իրենց փայտե գդալներով մր․ Միկաբրի պունչից մի֊մի ումպ անուշ անեն և ընդհանուր բարեմաղթություններին մասնակցեն։ Այնուհետև տատս ու Ագնեսը վեր կենալով հրաժեշտ տվին գաղթականներին։ Վշտագին էր այդ հրաժեշտը։ Բոլորն էլ լալիս էին։ Մանուկները մինչև վերջին րոպեն Ագնեսից պոկ չէին գալիս, և մենք շատ հուսահատ թողինք մր․ Միկաբրին․ խեղճը լալով նստել էր մի հատ ճրագով լուսավորված սենյակում, որ գետի կողմից նայողին մի հին փարոս կթվար։ Հետևյալ օրը ես գնացի իմանալու, թե ուղևորները մեկնե՞լ են, թե՞ ոչ։ Արդեն առավոտյան ժամը հինգին մեկնել էին նավակով։ Թեև միայն մի գիշեր էի տեսել նրանց՝ փայտե սանդուղքով հին պանդոկում, այնուամենայնիվ, դա ինձ այժմ թափուր ու շատ տխուր երևաց, և ես նոր զգացի, թե այդ տեսակ մեկնումները որքան ցավալի ամայություն են թողնում։ Հետևյալ օրը ճաշից հետո ես ու դայակս Գրեյվսենդ գնացինք։ Նավը դեռ գետի վրա էր՝ անթիվ մակույկներով շրջապատված։ Քամին հաջող էր․ մեկնելու նշանը ծածանվում էր ավագ կայմի գագաթին։ Ես իսկույն մի նավակ վարձեցի, և նավի շուրջը խռնվող ծփծփուն բազմության միջից անցնելով, նրա վրա ելանք։ Մր․ Պեգգոտին մեզ ծածկի վրա սպասում էր։ Նա ինձ պատմեց, թե փոքր֊ինչ առաջ մր․ Միկաբրը դարձյալ մի անգամ (վերջին անգամ) բռնված է եղել Հիպի պատճառով, և մր․ Պեգգոտին անձամբ պարտքը վճարել էր, ինչպես որ ես խնդրել էի։ Հետո մեզ նավի միջնահարկը տարավ, և ես այնտեղ վստահացա, որ Յարմաութում պատահած աղետի լուրը այլևս նրան չի հասնի, որովհետև մր․ Միկաբրը մութ անկյունից դուրս գալով, մտերիմ պաշտպանի պես նրա աջը սեղմեց և կամացուկ ինձ հայտնեց, թե երրորդ գիշերվանից ի վեր նա ու մր․ Պեգգոտին ոչ մի վայրկյան իրարից չեն բաժանվել։ Շրջակա տեսարանն ինձ համար մի նոր բան էր, իրարանցման ու մթության պատճառով սկզբում ոչինչ չէի կարողանում որոշ տեսնել․ աչքերս հեզհետե ընտելացան այդ շփոթին, և ես կարծեցի, թե Վան Օստադեի<ref>Նիդեռլանդացի նկարիչ ու փորագրող (1610 -1685</ref> նկարներից մեկի մեջտեղն եմ գտնվում։ Նավի ահագին հեծանների, գերանների, սողնակների ու լարերի մինջև քնելու թախտեր էին երևում, սնդուկներ, հակեր, տակառներ, դեզ֊դեզ կուտակված կապոցներ՝ բոլորն էլ ձեղունների լապտերով ու ցերեկվա աղոտ լույսով լուսավորված, որ վերևի դռնակից և կամ կտավի խողովակից էր ներքև ընկնում։ Զանազան խմբեր շտապում էին իրար հետ ծանոթանալ և կամ իրարից հրաժեշտ առնել․ ամեն տեղ զրույց, գոռում֊գոչում, կերուխում, լաց ու ծիծաղ։ Ոմանք արդեն իրենց անձուկ խշտիկները բռնել էին, մանր֊մունր իրերը կարգի բերել, և մանուկներին աթոռակների վրա նստեցրել․ մինչ մյուսները չիմանալով, ո՞ր անկյունում հաստատվեն, անճարակ քարշ էին գալիս։ Բազմության մեջ կտեսնեիր դեռ նորածին երեխաներ և արդեն կորաքամակ, գուցե և մի շաբաթից մեռնելու պատրաստ ծերուկներ, կտեսնեիր մշակներ, որոնք բառիս բուն նշանակությամբ՝ հայրենի հողի մասնիկ էին տանում իրենց կոշիկների հետ, կտեսնեիր իրենց մաշկի վրա անգլիական ծխի ու մրի նմուշներ կրող դարբիններ, ամեն հասակի ու արհեստի բանվորներ ― բոլորն էլ սեղմ ու նեղ միջնահարկում խռնված։ Շուրջս նայելիս կարծես թե Միկաբրի որդյակներից մեկի հետ դռան տակ նստած մի կին տեսա, որ Էմլիի նման էր․ այդ զույգը ուշադրությունս գրավեց, երբ մի ուրիշ կին նստածին մոտենալով, նրան համբուրեց ու բազմության մեջ անհետացավ․ այդ երկրորդը կարծես Ագնեսն էր․ բայց ես ընդհանուր աղմուկի ու մտքերիս շփոթման մեջ նրա հետքը կորցրի։ Վերջապես նշան տվին, որ այցելուները նավից հեռանան, և ես նկատեցի, որ պառավ դայակս մի սնդուկի վրա նստած լաց է լինում, իսկ մրս․ Գըմիջը փութով հավաքում է մր․ Պեգգոտիի իրերը մի սևազգեստ ջահել կնոջ օգնությամբ, որի երեսը չկարողացա նշմարել։ ― Էլ ի՞նչ կասեք, մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին։ ― Գուցե էլի բան հիշեցիք մեր բաժանման րոպեից առաջ։ ― Միայն մի բան, ― ասացի ես։ ― Որտե՞ղ է Մարթան։ Ծերունին ձեռքը սևազգեստ կնոջ ուսին դիպցրեց։ Կինը շուռ եկավ։ Մարթան էր։ ― Աստծո օրհնությունը ձեր վրա լինի, ո՜վ բարի մարդ, ― ասացի ես։ ― Դրա՞ն էլ տանում եք ձեր հետ։ Մր․ Պեգգոտիի փոխարեն՝ պատասխանը տվեց Մարթան արտասվելով։ Էլ չէի կարող բան ասել, միայն թե ծերունը աջը սեղմեցի։ Աշխարհիս երեսին ես ոչ մի մարդու այնքան սրտանց չեմ սիրել ու չեմ հարգել, որքան սիրել ու հարգել եմ այդ մարդուն։ Նավը գրեթե դատարկվել էր այցելուներից։ Պարտքիս այն մասը, որ ամենից դժվարն էր, դեռ անկատար էր մնում։ Ես հայտնեցի ալևորին, ինչ որ վերջին անգամ ավանդել էր ինձ ասել նրան ազնվասիրտ լուսահոգի երիտասարդը․․․ Ծերը սաստիկ հուզվեց․ բայց երբ ինքն էլ իր կողմից աղաչեց տանել հասցնել իր կարեկցության ու սիրո խոսքերն այն մարդուն, որ այլևս լսել չէր կարող, ես եղա ավելի սաստիկ հուզվողը։ Ժամանակը հասավ։ Համբուրեցի ալևորին, լացող դայակիս թևից բռնեցի ու շտապով հեռացա։ Կամրջի վրա հրաժեշտ առա խղճուկ մրս․ Միկաբրից։ Նա դեռ անհանգիստ սպասում էր իր գերդաստանի անդամներին, և նրա վերջին խոսքերն այն եղան, թե նա ոչ մի ժամանակ մր․ Միկաբրից չի բաժանվի։ Մենք մեր մակույկն իջանք և փոքր֊ինչ հեռնալով, կանգ առանք նավի շարժվելը տեսնելու համար։ Պայծառ արևը մայր մտնելու վրա էր։ Նավը մեր մակույկի ու հրափայլ հորիզոնի միջև էր կանգնած։ Նրա ամեն մի կայմը, առագաստն ու պարանը ջինջ օդի մեջ փայլում էր։ Այնուհետև ես չեմ տեսել այնքան սիրուն, այնքան տխուր, բայց և այնպես հուսալի բան, որքան այդ փառահեղ նավը, որ դեռ անշարժ կանգնած էր շառագույն ջրի երեսին, մինչ բոլոր նավորդները կամրջի վրա էին հավաքվել գլխաբաց, լուռումունջ։ Լռությունը տևեց մի վայրկյան։ Հենց որ առագաստները փքվեցին, և նավը սկսեց շարժվել, բոլոր շրջակա մակույկներից մի եռյակ «հուռա՜» թնդաց․ նույնը թնդաց և նավի վրայից, և որոտալիր ձայները ծովափի վրա արձագանք տըվին։ Ձայների որոտից և անթիվ գլխարկներից ու թաշկինակների ճոճվելուց քիչ էր մնում սիրտս պայթեր․․․ այդ րոպեին նրան տեսա։ Տեսա նրան իր ապոր ուսին հենված։ Ալևորը մատնացույց արեց դեպի մեզ, և Էմլին մի վերջին ողջույն առաքեց ինձ։ Գնա, Էմլի, դու սիրուն, հողմահար ծաղիկ․ կպիր այդ մարդուն վիրավոր սրտիդ ամբողջ ուժով, որովհետև նա էլ միշտ քեզ էր կպած իր անհուն սիրո զորությամբ։ Վարդագույն լույսով ողողուն, երկուսն էլ իրար կռթնած՝ նավի վրա բարձր կանգնած էին, և այդպես հանդիսաբար անցան գնացին մեր առջևից։ Ծովափ որ հասանք, Կենտի բլուրներն արդեն մթապատ էին․․․ իմ հոգին էլ մթապատ էր։