Changes
/* ԺԷ․ գլուխ */
Վարդագույն լույսով ողողուն, երկուսն էլ իրար կռթնած՝ նավի վրա բարձր կանգնած էին, և այդպես հանդիսաբար անցան գնացին մեր առջևից։ Ծովափ որ հասանք, Կենտի բլուրներն արդեն մթապատ էին․․․ իմ հոգին էլ մթապատ էր։
==ԺԸ․ գլուխ==
Բացակայություն
Հոգուս վրա մի խավար ու երկար գիշեր էր իջել՝ շատ հույսերի, շատ հրեշտակների, շատ սխալների, շատ վշտերի ու դառն զղջումների ուրվականներով վրդովված։
Ես թողի Անգլիան և մեկնելու ժամին անգամ չգիտեի, թե որքան մեծ հարված եմ կրում։ Ես թողի բոլոր սիրելիներիս և այն հույսով տարաշխարհ գնացի, թե ինձ հասած հարվածից բաժանվել եմ, և նա վաղուց անցել է։ Ինչպես որ ռազմի դաշտում մահառիթ վերք ընդունած զինվորը երբեմն չի զգում, թե խոցվել է, այնպես էլ ես, մենակ մնալով իմ անփորձ սրտի հետ, մինչև անգամ չգիտեի, թե որքա՜ն խորն է այն վերքը, որի կսկիծն ինձ մաշելու էր։
Գիտակցությունը հետո եկավ, բայց ոչ հանկարծ, այլ քիչ֊քիչ, կամաց֊կամաց։ Հեռանալուս րոպեին ինձ պաշարող անհաճո զգացումը ժամ առ ժամ սաստկացավ։ Սկզբում դա զրկանքներիս առթիվ զգացած մի անորոշ տրտմություն էր, մի ծանր թախիծ։ Հետո նա աստիճանաբար մի վհատեցուցիչ գիտակցություն դարձավ, գիտակցություն այն բոլոր կորուստների, որ կրել եմ․․․ կորած սիրո, կորած բարեկամության, անհետացած եռանդի, գիտակցություն՝ իմ առաջին մտերմության, սրտիս առաջին հույզերի, կայնքիս օդային ամրոցների, որոնք խորտակվել էին և մի առ մի չքացել։ Այնուհետև ի՞նչ էր մնում ինձ իմ շուրջը՝ մի մռայլ, ավեր, ամայի անապատ։
Գուցե եսական զգացումներ էլ խառն լինեին վշտիս հետ, բայց այդ մասին ես դեռ ոչինչ չգիտեի։ Ես ողբում էի մանուկ֊կնոջս, որ թոշնել էր ծաղկափթիթ հասակում, ողբում էի այն մեկին, որ կարող էր հազարների սերն ու հիացումը գրավել, ինչպես իմս էր գրավել․ ողբում էի այն բեկված սիրտը, որ ալեծուփ ծովի մեջ էր հանգիստ գտել, և ողբում այն ջախջախված հին տնակը, ուր երբեմն ես, իբրև երեխա, ականջ էի դրել գիշերային հողմի մռնչյունին։
Բազմադիմի վշտերիս վիհից երբևէ ելք գտնելու հույսս արդեն հատել էր։ Թափառում էի տեղից֊տեղ, ամենուրեք բեռս ինձ հետ կրելով։ Արդեն նրա ամբողջ ծանրությունն զգում էի, դրա ճնշման տակ ընկճվում էի և արդեն ինքս ինձ ասում, թե այլևս թեթևություն չեմ գտնի։
Սրտիս լքման ամենադառն րոպեներին կարծում էի, թե մահս արդեն հասել է։ Երբեմն մտքովս անցնում էր, թե լավ է տանը մեռնել, և քայլերս ետ էի ուղղում, որպեսզի շուտ մոտենամ հայրենիքիս սահմանին։ Երբեմն էլ շտապով շարունակում էի ճանապարհս մի քաղաքից դեպի մյուսը, չգիտեմ թե ի՞նչ բանի դիմելով և կամ ինչի՞ց խույս տալով։
Անզոր եմ սևաթույր թախծիս յուրաքանչյուր ելևէջը մեկ֊մեկ գծել։ Երազներ կան, որ կարող են միայն թերի, անորոշ կերպով նկարագրվել․ կյանքիս այդ շրջանը մտաբերելիս՝ դա էլ ինձ մի այդպիսի երազ է թվում։ Իմ առջևից անցնում են նոր քաղաքներ, պալատներ, տաճարներ, պատկերներ, դղյակներ, շիրիմներ, տարօրինակ փողոցներ՝ պատմության ու գեղարվեստի հին վայրեր, բայց ես, վշտիս բեռից ընկճված, համարյա թե չեմ տեսնում նրանց և կամ տեսնում եմ իբրև մտքից անհետք կորչող մի երազ։ Ամեն բանի անուշադիր, անտարբեր և միայն տագնապիչ ցավերիս անձնատուր, ― ահա դա էր անփորձ սրտիս վրա ծանրացած գիշերը։ Սակայն դուրս գանք դրա միջից, ինպես որ, փառք աստծո, վերջ ի վերջո ես դուրս եկա․․․ և սթափվելով այդ երկար ու տագնապիչ անուրջից, դեպի նորափայլ արշալույսը առաջ դիմենք։
Շատ ամիսներ ճամբորդեցի, այդ ծանր ամպը հոգուս վրա կրելով։ Միտքս պղտորող մի քանի անորոշ պատճառներ արգելում էին ինձ տուն վերադառնալ և ստիպում, որ թափառումս շարունակեմ։ Երբեմն ամենևին հանգիստ չառած մի տեղից դեպի մյուսն էի շտապում, երբեմն էլ միևնույն տեղում երկար մնում՝ առանց գիտենալու, թե ինչո՞ւ։ Ո՛չ նպատակ ունեի, ո՛չ էլ մի որոշ շարժառիթ։
Զվիցերիա էլ հանդիպեցի։ Մտա այնտեղ Իտալիայից՝ ալպիական մեծ կիրճով, և սկսեցի լեռնեում շրջել մի առաջնորդի ուղեկցությամբ։ Արդյոք սրտիս դո՞ւր էին գալիս այց վեհավայր մենությունները, ― չգիտեմ։ Հրաշալի էին սոսկալի վիհերն ու բարձրունքերը, որոտագոչ հեղեղները, ձյունի ու սառցի անապատները․ սակայն միտքս նրանցից սնունդ չէր ստանում։
Մի երեկո, դեռ արևը մայր չմտած, իջնում էի մի հովիտ, ուր մտադիր էի գիշերել։ Սարի լանջից ոլորապտույտ շաղվով իջնելիս իմ դիմացը մի պայծառ տեսարան նշմարեցի, և դրա ամոքիչ ազդեցությամբ սրտիս մեջ գեղեցկության ու անդորրության մի քաղցր շարժում զգացվեց, որ արդեն վաղուց ինձ անհայտ էր։ Ես վշտահար կանգ առա, բայց վհատության վիշտ չէր դա, և ես սկսեցի թեթև հույս զգալ, թե իմ մեջ դեռ մի բարի փոփոխություն կառաջանա։
Երբ հովիտը մտա, երեկոյան արեգակը շողշողում էր ձյունապատ գագաթների վրա, որոնք հավիտենական ամպերի նման պարփակում էին նրան հեռվից։ Լեռների կանաչ ստորոտում մի փոքրիկ գյուղ էր նստած խորշի մեջ, իսկ քնուշ դալարից փոքր֊ինչ վեր՝ եղևնու մութ անտառներ էին բարձրանում, ձմռան ձյունի հյուսերից պաշտպանելով հովիտը։ Ավելի վեր՝ շարեշար դիզվում էին գորշագույն ժայռեր, ապառաժներ, սառցի փայլուն զանգվածներ և տեղ֊տեղ աչքի ընկնում կանաչագույն բծերի նման արոտներ՝ բոլորն պաղպաջուն ձյունով պսակված։ Սարերի լանջերին դեսուդեն նշմարում էի հատ֊հատ տնակներ, որոնք հսկայական գագաթների առջև թզուկների խաղալիքի նման էին։ Այդպես էր թվում և հովտում փակված սիրուն գյուղը իր փայտաշեն կամրջով, որի ներքև գետակը քարերի վրայից թռչկոտում էր ու որոտալով ծառերի տակ անհետանում։ Անդորավետ օդի մեջ հեռվից մի հովվական երգ հնչեց, և մինչ մի ոսկեփայլ ամպիկ էր գալիս սարի լանջին նստելու, այն երգն ինձ ոչ երկրային, այլ երկնային երաժշտություն թվաց։ Եվ այդ խաղաղ ժամին մեծազոր բնույթյունը հանկարծ հետս խոսել սկսեց, և ես իմ հոգնած գլուխը, որ նրա սրտաշարժ հորդորին հլու էր, խոտերին դրեցի ու լաց եղա։ Դորայի մահից ի վեր, ես դեռ այդպես չէի լացել։
Իմ գյուղ գալուց փոքր֊ինչ առաջ այնտեղ հասած նամակների մի ծրար գտա և վերցնելով դուրս եկա կարդալու, մինչև ընթրիքը պատրաստվեր։ Մյուս ծրարներն ինձ չէին հասել, և ես վաղուց լուր չունեի։ Ինքս էլ մեր տունը թողնելուց ի վեր շատ սակավ էի նամակ գրել, այն էլ կարճ, թե առողջ եմ և այսինչ տեղն եմ գտնվում․ ավելի երկար գրելու ո՛չ սիրտ ունեի, ո՛չ փափագ։
Ծրարը ձեռքիս էր։ Բաց արի ու Ագնեսի նամակը կարդացի։
Նա երջանիկ է, ուրիշներին օգտակար է, գործերը հաջող են, ինչպես և հուսացել էր։ Միայն այդ էր գրում իր մասին․ մնացածն ինձ էր վերաբերում։
Նա ոչ մի խորհուրդ չէր տալիս, ոչ մի պարտք վրաս չէր դնում, այլ իր սրտագին եռանդով հայտնում էր, թե ինձ ի՞նչ է սպասում։ Նրա ասելով՝ իմ բնության տեր մարդն ամեն աղետից մի փրկարար օգուտ կստանա։ Նա գիտի, որ կրած վշտերս հոգուս ուժերը կկազդուրեն, կամրացնեն։ Նա վստահ է, որ յուրաքանչյուր ցավիս մեջ մի նոր զարկ, մի նոր մղիչ կգտնեմ՝ ավելի վսեմ, ավելի ազնիվ նպատակների ձգտելու։ Նա, որ այդքան պարծենում է իմ փառքով և դրա աճելուն փափագում, լիովին հավաստի է, որ ես անդուլ ջանք կդնեմ ավելի առաջ գնալու։ Նրան հայտնի է, որ տառապանքն ինձ համար թուլության աղբյուր չի դառնա, այլ զորության։ Ինչպես որ մանկությանս աղետներով ես այն դարձա, ինչ որ եմ, այնքան էլ իմ ներկա վշտերը հոգուս կորովը կմարզեն և ինձ կօգնեն ավելի ազնիվ մարդ դառնալ։ Ինքս այսպես փորձվելով, մյուսներին էլ ավելի բան սովորեցնելու հնար կունենամ։ Նա հանձնում է ինձ աստծո գթության, որ անմեղ կնոջս դեպի ինքը կանչեց, և ուր էլ գնամ, միշտ ինձ մտքով հետևում է, միշտ ինձ հետ է, իբրև մի կաթոգին քույր։ Նա իմ գործերով պարծենում է և ավելի կպարծենա այն բոլորով, ինչ որ դեռ անելու եմ։
Նամակը կրծքիս դրի և մտածեցի, թե ի՞նչ էի դեռ մի ժամ առաջ։ Հովիվների երգը գնալով լռեց, երեկոյան հանդարտ ամպը մթացավ, հովտի գույները նսեմացան և լեռների ոսկեփայլ ձյունը գիշերվա երկնքի հետ ձուլվեց․ բայց ես զգացի, որ հոգուս գիշերն անցել է, նրա խավար ստվերը փարատվել է, և թե այն սերը, որ ազդում էր ինձ Ագնեսը, անուն չունի, Ագնեսը, որ այնուհետև ինձ առաջվանից շատ ավելի պաշտելի էր։
Նորից մի քանի անգամ նրա նամակը կարդացի և միևնույն գիշերը պատասխան տվի։ Գրեցի, թե նրա օգնության անչափ կարոտ եմ, թե առանց նրան ես երբեք այն չէի լինի և չէի կարող լինել, ինչ որ կարծում է թե եմ, բայց քանի որ նա ինձ այդպես լինելու սիրտ է տալիս, ես կփորձեմ նրա ազդեցությանը հետևել։
Եվ փորձեցի։ Սգիս տարեդարձը երեք ամսից լրանալու էր։ Մտքիս դրի՝ այդ ամիսների անցնելուց առաջ ոչ մի բան չորոշել, ոչ մի գործ չսկսել, այլ միայն հովտում և դրա շրջակայքում ապրել։
Երեք ամիսը որ անցավ, որոշեցի դարձյալ հայրենիքից հեռու մնալ, առժամանակ Զվիցերիայում, որ ինձ այն երեկոյան հիշատակով սիրելի էր դարձել, վերստին գրիչս առնել և աշխատել։
Հլությամբ հետևելով Ագնեսի տված խորհրդին, ես սկսեցի բնությունից սփոփանք խնդրել, ու գտա․ և մարդկային շահերը, որոնցից վերջերս օտարացել էի, սրտիս մեջ նորից արթնացան։ Հետզհետե հովտում այնքան բարեկամներ ունեցա, ինչքան ունեի Յարմաութում․ և երբ ձմեռը Ժնևում անցնելուց հետո՝ գարնանը դարձյալ հովիտն իջա, նրանց մտերմական ողջյուններն ախորժալուր թվացին ինձ, թեև անգլերեն չէին ասվում։
Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր՝ տոկուն համբերությամբ աշխատում էի։ Այդ միջոցին մի վեպ գրեցի, որի նյութը նոր վշտերիս հետ կապ ուներ, և ուղարկեցի Տրեդլսին․ նա հանձն առավ հրատարակիչ գտնել շատ ձեռնտու պայմաններով։ Գրական հռչակս արագ աճում էր և երբեմն ինձ պատահող ուղևորների բերանով ինձ հասնում։ Փոքր֊ինչ դադար առնելուց հետո ես եռանդով սկսեցի մի ուրիշ վեպ գրել․ վեպի գաղափարը վերին աստիճանի գրավել էր ինձ։ Որքան ես այդ երկը առաջ էի տանում, այնքան ավելի նրան նվիրվում էի, ճիգ թափելով, որ ըստ կարելվույն լավ ավարտեմ։ Դա իմ երևակայության երրորդ գործն էր։ Սակայն դեռ կեսին չհասած, մինչ հանգստանալու համար կանգ էի առել, որոշեցի տուն վերադառնալ։
Չնայած անդուլ մտային զբաղմունքներիս, ես վաղուց արդեն երկար ու դժվար զբոսանքներին վարժվել էի։ Անգլիայից մեկնելիս սաստիկ վնասված առողջությունս արդեն լիովին կազդուրվել էր։ Այն օրից ի վեր շատ բան էի տեսել, շատ բան դիտել, զանազան երկրներում եղել, և կարծեմ գիտությանս պաշարն էլ փոքր ի շատե ճոխացել էր։
Ինչ որ պետք էր մինչև ուղևորությանս այդ կետը հիշատակել, պատմեցի․․․ բացի միայն մի բանից։ Այդ մեկը լռության տվի ոչ թե մի բան թաքցնելու համար, ― ընթերցողին հայտնի է, որ ներկա պատմությունը կյանքիս վեպն է, ― այլ որովհետև ուզում էի սրտիս ծածուկ գաղտնիքն առանձին պահել, և ապա թե հայտնել նրան։ Այժմ այդ նյութն եմ շոշափում։
Անզոր եմ, սակայն, սրտիս խորքը քննելիս նրա գաղտնիքն այնքան պարզել, որ ճիշտ ասեմ, թե ե՞րբ հատկապես սկսեցի մտածել, թե կարող էի նրա առաջին ու լուսավոր հույսերն Ագնեսի վրա կենտրոնացնել։ Չգիտեմ էլ, թե վշտակրությանս ո՞ր րոպեին առաջին անգամ մտքովս անցավ, թե իմ անհոգ երիտասարդության ժամանակ նրա սիրո անգին գանձը մերժել էի։ Թերևս լսած լինեի այդ հեռավոր գաղափարի թեթև շշունջը մի հին կորուստի և կամ որևէ փափագի մեջ, որ թեև չպիտի կատարվեր, բայց կցանկանայի, որ կատարվեր։ Այդ գաղափարն իբրև մի նոր հանդիմանություն ու նոր զղջանք միտքս ընկավ, երբ Դորային կորցնելով այնպես մենակ ու թշվառ էի մնացել։
Եթե այդ միջոցին միշտ Ագնեսի հետ լինեի, հավանական է, որ տրտմությանս րոպեին գաղտնիքս նրան հայտնեի։ Այդ անորոշ երկյուղն էր, որ մասամբ դրդել էր ինձ Անգլիայից հեռանալ։ Ես նրա քույրական սիրո մի մասն անգամ կորցնելուց վախենում էի․ գաղտնիքս մատնելով, ես մեր միջև մի բռնազբոսություն կառաջացնեի, որ մինչև այն ժամանակ մեզ անհայտ էր, և մեր փոխադարձ մտերմությունը կպակասեր։
Չէի կարող մոռանալ, որ Ագնեսի այժմյան զգացումը դեպի ինձ իմ ազատ ընտրությունից ու վարմունքից էր սկիզբն առել։ Չէի կարող չտեսնել, որ եթե նա երբևէ ինձ մի ուրիշ սիրով էր սիրել, ― և կար ժամանակ, երբ կարծես թե նա մի այդպիսի սեր ունեցել էր, ― ես ինքս էի այդ սերը մերժել։ Մեր մանկության ժամանակից ես սովորել էի իմ վայրենի ցնորքներին անմատչելի էակ համարել նրան։ Իմ առաջին խանդակաթ սերը մի ուրիշ անձի էի նվիրել, և չարված թաղել, ինչ որ անել կարող էի, և եթե ինձ համար Ագնեսն այժմ մի քույր էր, այդ եղել էր իմ կամքով ու նրա սրտի ազնվության շնորհիվ։
Հետզհետե իմ մեջ ծագած փոփոխության սկզբին, երբ ես վճռել էի լավ հասկանալ ինքս ինձ, ավելի ազնիվ մարդ դառնալ, մեկ֊մեկ մտածում էի, թե գուցե անորոշ ապագայում կարենամ անցյալիս սխալները ուղղել և Ագնեսի հետ ամուսնանալու երջանկությանը ունենալ։ Սակայն օրերն անցնում էին, և այդ վսեմ հեռապատկերը իմ աչքից անհետացել ու ծածկվել էր։ Եթե Ագնեսը մի ժամանակ սիրել էր ինձ, ուրեմն ես պարտավոր էի ավելի սուրբ համարել նրան, հիշելով մանավանդ, որ մոլորվող սրտիս բոլոր շարժումները նրան լիովին հայտնի են, և նա իր անձը զոհել էր և իր վրա հաղթանակ տարել, որպեսզի ինձ համար քույր մնա, ընկեր մնա։
Ես միշտ զգացել էի իմ թուլությունը նրա հաստատակամության ու զորության առջև, և այժ այս զգացումը ավելի էր սաստկացել։ Ինչ որ մի ժամանակ ես կարող էի նրա համար լինել և կամ թե նա կարող էր լինել ինձ համար, եթե նրան արժանի գտնվեի, այժմ ոչ ես կարող եմ լինել, ոչ էլ նա։ Ժամանակն արդեն անցել էր։ Ես պատեհ ժամը փախցրել էի և ինքս կորցրել Ագնեսին։
Այս մորմոքիչ մաքառումն ինձ շատ էր տանջում․ բայց և այնպես ազնվության պարտք էի համարում ինձնից հեռու քշել՝ իմ զառամած հույսերով այդ պատվական օրիորդին դիմումն անելու գաղափարը, քանի որ ես ինքս էի մերժել նրան, երբ հույսերս դեռ թարմ էին, դեռ զվարթ։ Ես այլևս չէի աշխատում ինձանից թաքցնել, որ սիրելով սիրում ու լիովին նվիրված եմ նրան․ սակայան մտքիս մեջ էլ կրկնում էի, թե արդեն ուշ է և պետք չէ մեր երկարամյա մտերմության բնույթը փոխել։
Շատ էի մտածում Դորայիս վերջին ակնարկների մասին, թե ինչ կպատահեր մեր կյանքում, եթե մեզ վիճակվեր ավելի երկար միասին ապրել։ Սկսել էի հասկանալ, թե շատ բաներ կան, որոնք թեև ոչ մի ժամանակ չեն պատահել, բայց երբեմն մեր վրա այնպես են ազդում, որ կարծես իրոք պատահած լինեն։ Նրա հիշած ապագան այժմ մի իրական եղելություն էր, որ եկել էր ինձ ուղղելու․ այսպես էլ մի օր կլիներ, եթե նույնիսկ մեր մանուկ սիրո սկզբում իրարից բաժանված լինեինք։ Ես ձգտում էի իմ կատարելության միջոց դարձնել այն բանը, որ կարող էր իմ ու Ագնեսի միջև պատահել, բայց չէր պատահել, և աշխատում էի ջանք դնել, որ ավելի անձնուրաց, ավելի հաստատուն, ավելի գիտակից մարդ դառնամ և ինքնս ինձ լավ ճանաչեմ։ Եվ այսպես մտածելով, թե ինչ կարող էր լինել, եկել էի այն համոզման, թե այդ բանը երբեք չի լինի։
Մտքերս այդ հարատև ծփանքի մեջ էին տանից մեկնելուս օրից սկսած մինչև կրկին ետ գալս, այսինքն՝ ամբողջ երեք տարի։ Երեք տարվա ժամանակ էր անցել և գաղթականների նավի հեռանալուց ի վեր և այժմ ես միևնույն արևի մայր մտնելու րոպեին, միևնույն տեղում ինձ Անգլիա բերող նավի վրա կանգնած էի, միևնույն վարդագույն ջուրը դիտելով, որի մեջ երբեմն հեռացողների նավի պատկերն էր ցոլացել։
Երե՜ք տարի։ Երեք երկա՜ր տարիներ, թեև կարճ օրերից բաղկացած։ Եվ այժմ հայրենիքն ինձ տենչալի էր, Ագնեսն էլ տենչալի․․․ սակայն նա իմս չէր․․․ երբեք էլ իմս լինելու չէր։ Մի ժամանակ կարող էր, այո՛, իմս լինել, բայց այդ ժամանակն անցել էր։