Վերջապես նա հանդիպել էր այն կնոջը, որի մասին ինքը ճիշտ է՝ հազվադեպ, բայց մտածել էր (նրա բնավորությանը հատուկ չէր խորհել կանանց մասին), և որին իր կյանքի ճամփին հանդիպելու մասին միշտ էլ աղոտ հույս էր ունեցել։ Նա սեղան է նստել այդ կնոջ կողքին, սեղմել է նրա ձեռքը, նայել աչքերին և նրանց մեջ տեսել է հոգու գեղեցկությունը, որ հավասարվում է աչքերի գեղեցկությանը, որոնց մեջ այդ հոգին ճառագայթում է, այդ մարմնի գեղեցկությանը, որի մեջ այդ հոգին բնակվում է։ Բայց նրա մարմնի մասին Մարտինը չէր մտածում որպես մարմնի, և այդ բանը նրա համար նորություն էր, որովհետև իր ճանաչած կանանց մասին նա ոչ մի անգամ այլ կերպ չէր մտածել։ Ռութի մարմինը ինչ֊որ առանձնահատուկ բան էր, մինչև անգամ թվում էր, թե նրա մարմինը չպետք է ենթակա լինի սովորական ֆիզիկական հիվանդությունների և տկարությունների։ Այդ մարմինը ոչ միայն նրա հոգու բնակարանն է, դա հոգու սկզբնաղբյուրն է, նրա աստվածային էության ամենամաքուր և ամենագեղեցիկ մարմնավորումը։ Աստվածայնության այդ տպավորությունը ապշեցրեց Մարտինին և, ցրելով նրա երազանքը, նրանում զարթեցրեց ավելի զգաստ մտքեր։ Մինչև այժմ աստվածայինի մասին ո՛չ մի խոսք, ո՛չ մի ցուցում, ո՛չ մի ակնարկություն չէին հասնում նրա գիտակցությանը։ Մարտինը ոչ մի ժամանակ չէր հավատում աստվածայինին. նա միշտ անկրոն մարդ է եղել և բարեհոգաբար ծիծաղում է հոգևորականների և հոգու անմահության մասին խոսող երկերի վրա։ Ոչ մի կյանք «այնտեղ» չկա, ասում էր նա իրեն, և չի կարող լինել․ ամբողջ կյանքը այստեղ է, իսկ դրանից դենը՝ հավիտենական խավար։ Բայց այն, ինչ նա տեսավ աղջկա աչքերում, դա հենց հոգին է՝ անմահ հոգին, որը չի կարող մեռնել։ Ոչ մի տղամարդ, ոչ մի կին, որոնց ճանաչել էր նա մինչև այդ, նրանում չէին առաջացրել անմահության միտքը, իսկ Ռութը առաջացրեց՝ երիտասարդին անշշուկ փսփսաց այդ միանգամից՝ հենց որ նայեց Մարտինին։ Աղջկա դեմքը հիմա էլ շողում է նրա աչքերի առաջ՝ դժգույն ու լուրջ, փաղաքշող ու զգայուն, կարեկցությամբ ու քնքշությամբ ժպտալով, ինչպես միայն ոգին կարող է Ժպտալ, և այնպիսի անարատությամբ, որպիսին նա երբեք չի երազել տեսնել։ Ռութի անբիծ լինելը ապշեցրեց ու ցնցեց նրան։ Նա գիտեր, որ գոյություն ունեն բարին ու չարը, իսկ անբիծության միտքը, որպես կենդանի կյանքի հատկանիշներից մեկը, երբեք չէր անցել նրա մտքով։ Իսկ այժմ (այդ աղջկա մեջ) նա տեսավ այդ անբիծությանը, բարության և անարատության բարձրագույն աստիճանը, որոնց զուգակցությկան մեջ էլ հենց կայանում է հավիտենական կյանքը։
Եվ հանկարծ Մարտինի հոգում ծագեց հավիտենական կյանքին հաղորդակից լինելու փառասեր տենչը։ Նա շատ լավ գիտեր, որ արժանի չէ մինչև անգամ ջուր կրելու այդ աղջկա համար, հենց այն, որ նրա հետ նստել է ամբողջ երեկո և զրուցել՝ անակնկալ ու ֆանտաստիկ մի հաջողություն էր։ Իհարկե, դա լոկ պատահականություն էր։ Ինքը ոչնչով արժանի չէր այդ բանին, արժանի չէր այդ երջանկությանը։ Նրան տիրեց կրոնական տրամադրություն։ Նա դարձավ հեզ ու խոնարհ, պատրաստ՝ անձնուրացության և ինքնանվաստացման։ Այդ վիճակում է, որ մեղավորը գնում է խոստովանանքի։ Իր մեղքը ապացուցված էր։ Եվ ինչպես ամեն մի մեղավոր, զղջալով ու քավելով իր մեղքերը, գուշակում է իր ապագա երանությունը, այնպես էլ Մարտինը տեսնում էր առաջիկա իր երջանկությունը, որ ինքը ձեռք կբերի՝ տիրելով աղջկան։ Բայց այդ նվաճումը պատած էր ինչ֊որ մշուշով և բոլորովին տարբեր էր այն նվաճումից, որ ծանոթ էր իրեն։ Փառասիրական երագները երազները թևավորեցին Մարտինին․ նա պատկերացնում էր, որ աղջկա հետ միասին ճախրում է գլխապտույտ բարձունքներում, մտքեր է փոխանակում նրա հետ, նրա հետ միասին հրճվում է այն ամենով, ինչ գեղեցիկ է ու վեհ։ Իր երազածը հոգեկան նվաճում էր, ամեն կոպտությունից զերծ, հոգիների ազատ ընկերակցություն, որը որոշակի պատկերացնել չէր կարողանում. նա երբեք չէր էլ աշխատում պատկերացնել․ Մարտինն առհասարակ ոչ մի բանի մասին չէր մտածում։ Նրանում զգացողությունը գերիշխում էր բանականության վրա, և նա անձնատուր եղավ հոգու այնպիսի հույզերի, որպիսիք անցյալում երբեք չէր ունեցել. նա հոսանքով գնում էր զգացմունքների ծովում՝ տարվելով իրական կյանքի սահմաններից դուրս։ Նա քայլում էր հարբածի նման տատանվելով և կիսաձայն մրթմրթալով․
— Գրողը տանի։ Օ՜, գրողը տանի։
— Այդ դուռը անցած շաբաթ ենք ներկել,— ասաց միստր Հիգգինբոթամը՝ միաժամանակ տրտնջալով և չարանալով,— և դու գիտե՞ս, թե այժմ որքան վաղ է գջլում միությունը։ Դու կարող էիր ավելի զգույշ լինել։
Մարտինն ուզում էր պատասխանել, բայց հրաժարվեց՝ մտածելով, որ դա անհուսալի բան է։ Մտքերը ցրելու համար նայեց պատից կախած քրոմովիմատիպ նկարին։ Նա զարմացավ։ Այդ նկարը միշտ էլ դուր էր գալիս իրեն, իսկ հիմա կարծես առաջին անգամ է տեսնում։ Դա էժանագին ապրանք էր, ինչպես այս բնում գտնվող ամեն բան։ Նրա մտքում հանկարծ պատկերացավ այն տունրտունը, որից նա քիչ առաջ էր հեռացել․ այստեղ ամենից առաջ տեսավ պատերից կախած կտավները, հետո աղջկան, որը քնքուշ ժպիտով նրա ձեռքն էր սեղմում հրաժեշտ տալիս։ Նա մոռացավ, թե որտեղ է գտնվում, մոռացավ Բեռնարդ Հիգգինբոթամի գոյությունը և ուշքի եկավ միայն այն ժամանակ, երբ այդ ջենտլմենը հարցրեց․
― Ի՞նչ է, աչքիդ տեսի՞լք երևաց։
— Նա անպայման դիպել է Ալիսի սայլակին,— պատասխանեց կինը,— մթության մեջ չի նկատել։
Միստր Հիգգինբոթամը ձայնը բարձրացրեց, ավելի ու ավելի ջղայնանալով։ Նա ամբողջ օրը կրպակում համեստորեն հաճոյացել էր հաճախորդներին, սպասելով, որ երեկոյան ընտանեական շրջան ում ընտանեկան շրջանում վերջապես իրավունք կունենա լինել այն, ինչ ինքն է։
— Քեզ ասում եմ, որ քո աննման եղբայրը հարբած էր։