== Գլուխ առաջին. Տոնախմբություն: Առաջին բաժին ==
=== I ===
Տոնախմբությունը տեղի ունեցավ, չնայած անցած «շպիգուլինյան» օրվա բոլոր տարակուսանքներին։ Ես կարծում եմ, որ եթե մեռներ Լեմբկեն այդ իսկ գիշեր, տոնախմբությունն այնուամենայնիվ, կկայանար առավոտյան, այնքան շատ առանձնահատուկ նշանակություն էր դրան տալիս Յուլիա Միխայլովնան։ Ավաղ, մինչև վերջին րոպեն կուրացած վիճակում էր նա ու չէր հասկանում հասարակության տրամադրությունը։ Ոչ ոք վերջում չէր հավատում, որ հանդիսավոր այդ օրն անցնելու է առանց որևէ հսկայական արկածի, առանց «հանգուցալուծման», ինչպես արտահայտվում էին ոմանք՝ նախապես շփելով ձեռքերը։ Ճիշտ է, շատերը ջանում էին ընդունել ամենախոժոռ ու քաղաքական տեսք, բայց ընդհանուր առմամբ, ռուս մարդուն անչափ զվարճացնում է հասարակական որևիցե սկանդալային իրարանցում։ Ճիշտ է, սոսկ սկանդալի ծարավից շատ ավելի լուրջ մի բան կար մեզանում՝ հանընդհանուր ջղայնություն, անհագորեն չարամիտ, թվում էր, ամեն ինչ ահավոր ձանձրացրել է բոլորին։ Իշխում էր մի տեսակ համընդհանուր խառնիխուռն ցինիզմ, ուժից վեր, ասես լարումից առաջացած ցինիզմ։ Միայն կանայք չէին խառնվել, այն էլ մի կետում սոսկ. Յուլիա Միխայլովնայի հանդեպ անողոք ատելությամբ։ Այստեղ համընկել էին կանացի բոլոր ուղղությունները։ Իսկ նա, խեղճը, չէր էլ կասկածում, մինչև վերջին ժամը վստահ էր դեռևս, թե «շրջապատված» է և որ բոլորը դեռևս «նվիրված են ֆանատիկոսի պես»։
Ես արդեն նշել եմ, որ մեզ մոտ հայտնվել էին զանազան մարդուկներ։ Տատանման կամ անցումային խառնակ ժամանակներում միշտ և ամենուր հայտնվում են զանազան մարդուկներ։ Այսպես կոչված այն «առաջավորների» մասին չեմ ասում, որոնք միշտ բոլորից առաջ են շտապում (գլխավոր հոգսը), ու թեև շատ հաճախ հիմարագույն, բայց և այնպես փոքրիշատե որոշակի նպատակով։ Ոչ, ես խոսում եմ սոսկ խաժամուժի մասին։ Անցումային բոլոր ժամանակներում բարձրանում է ամեն մի հասարակության մեջ եղած խաժամուժը, և արդեն ոչ առանց որևիցե նպատակի, այլ նույնիսկ չունենալով մտքի նշույլ իսկ՜ սոսկ իրենց ամբողջ ուժով արտահայտելով անհանգստություն և անհամբերություն։ Այնինչ, այդ խաժամուժը, ինքն էլ չիմանալով, համարյա միշտ ընկնում է «առաջավորների» այն փոքր խմբակի հրամանի տակ, որոնք գործում են որոշակի նպատակներով, ու սա ուղղում է այդ ամբողջ աղբն իրեն հարկավոր կողմը, եթե միայն ինքն էլ կազմված չէ կատարյալ ապուշներից, ինչ, ի դեպ, նույնպես պատահում է։ Մեզանում հիմա արդեն, երբ ամեն ինչ անցել-գնացել է, խոսում են, թե Պյոտր Ստեպանովիչին ղեկավարում էր Ինտերնացիոնալը, Պյոտր Ստեպանովիչն էլ՝ Յուլիա Միխայլովնային, իսկ վերջինս, նրա հրամանով՝ ամեն կարգի խաժամուժը։ Մեր խելոքներից ամենապատկառելիները հիմա զարմանում են իրենք իրենց վրա. այն ժամանակ ինչպե՞ս հանկարծ սխալվեցին։ Ո՞րն էր մեր խառնակ ժամանակը և ինչից ինչի էինք անցնում՝ ես չգիտեմ, ու կարծում եմ, ոչ ոք էլ չգիտե, թերևս որոշ կողմնակի հյուրեր... Իսկ այդ ընթացքում անպետքագույն մարդուկները հանկարծ գերակշռություն ստացան, սկսեցին բարձրաձայն քննադատել սրբազան ամենայն ինչ, երբ նախկինում բերան բացել իսկ չէին համարձակվի, իսկ առաջնային մարդիկ, որ մինչ այդ այնքան բարեհաջող գլխավորում էին, սկսեցին հանկարծ նրանց լսել, իսկ իրենք լուռ մնալ, ոմանք էլ՝ այնքան խայտառակ կերպով խնդմնդալ։ Ինչ-որ Լյամշիններ, Տեյլատնիկովներ, կալվածատեր Տենտետնիկովներ, տնաբույծ փսլնքոտ Ոադիշչևներ, տրտմալի, սակայն գոռոզաբար ժպտացող ջհուդիկներ, եկվոր քրքջացող ճամփորդներ, մայրաքաղաքից ուղարկված բանաստեղծներ և տաղանդի փոխարեն անթև բաճկոններով ու յուղած սապոգներով ուղարկված բանաստեղծներ, մայորներ և գնդապետներ, որոնք ծիծաղում էին իրենց կոչումների անիմաստության վրա և ավելորդ մի ռուբլու համար պատրաստ էին տեղնուտեղը ձգել իրենց թրերն ու որպես գրագիր սողոսկել երկաթուղի, փաստաբանության անցած գեներալներ, զարգացած միջնորդներ, զարգացող առևտրականներ, անհամար ճեմարանականներ, իրենցից կանանց հարց պատկերող կանայք՝ այս բոլորը մեկեն կատարյալ գերազանցություն ստացան մեզանում և ո՞ւմ նկատմամբ։ Ակումբի, հարգարժան բարձրաստիճանների, փայտի պես անթեք ոտքերով գեներալների, խստաբարո և անմատչելիագույն մեր տիկնանց հասարակության նկատմամբ։ Եվ եթե Վարվառա Պետրովնան իսկ, մինչև որդյակի հետ կատարված փորձանքը, համարյա թե կատարում էր այդ ամբողջ սրիկայախմբի մանրմունր հանձնարարությունները, ապա մեր մյուս Միներվաներին մասամբ և ներելի է այն ժամանակվա իրենց թմբիրը։ Հիմա ամեն ինչ վերագրում են, ինչպես ասացի, Ինտերնացիոնալին։ Այս գաղափարն այնքան հիմնավորվեց, որ այդ իմաստով արդեն հայտնում են եկած կողմնակի անձանց։ Դեռ վերջերս խորհրդական Կուբիկովը՝ վաթսուներկուամյա մի մարդ, Ստանիսլավը վզից կախ, եկավ առանց որևէ հրավերի ու ոգեշնչված ձայնով հայտարարեց, թե երեք ամիս ի վեր անկասկած եղել է Ինտերնացիոնալի ազդեցության տակ։ Իսկ երբ, նրա տարիքի ու վաստակի հանդեպ համակ հարգանքով հանդերձ, հրավիրեցին ավելի բավարար բացատրություն տալ, ապա նա թեև չէր էլ կարող որևիցե փաստաթուղթ ներկայացնել, բացի որ «զգացել էր իր բոլոր զգայարաններով», այդուհանդերձ, հաստատ մնաց իր հայտարարության վրա, այնպես որ նրան արդեն այլևս չհարցաքննեցին։
Մի անգամ էլ կրկնեմ։ Մեզանում մնացել էր զգուշավոր, ամենասկզբում առանձնացած և նույնիսկ կողպեքով կողպված անձանց մի փոքրաթիվ խումբ։ Բայց ի՞նչ կողպեք կդիմանա բնական օրենքին։ Ամենազգուշավոր ընտանիքներում էլ հաստատ հասակ են առնում օրիորդներ, ում պարել է պետք։ Եվ ահա, այդ բոլոր անձինք նույնպես ավարտեցին նրանով, որ ցուցակագրվեցին դաստիարակչուհիների օգտին։ Իսկ պարահանդեսը ենթադրվում էր շատ շողշողուն, չտեսնված։ Հրաշքներ էին պատմում, լուրեր էին պտտվում եկվոր, լոռնետակիր իշխանների մասին, տասը կարգադրիչների՝ ձախ ուսին վարդակապ կրող երիտասարդ պարընկերների մասին, պետերբուրգյան ինչ-ինչ շարժիչների մասին, այն մասին, որ Կարմազինովը, գումարը մեծացնելու համար, համաձայնել է իր «Merci»-ն կարդալ մեր նահանգի դաստիարակչուհու հագուստով, որ լինելու է «գրականության կադրիլ», նույնպես լրիվ զգեստավորված, և յուրաքանչյուր զգեստ պատկերելու է որևէ մի ուղղություն։ Վերջապես, նույնպես զգեստավորված, պիտի պարի ինչ-որ «ռուսական ազնիվ միտք», ինչ ինքնըստինքյան ներկայանում էր կատարյալ նորություն։ Ինչպե՞ս կարելի էր չցուցակագրվել։ Բոլորը ցուցակագրվեցին։
=== II ===
Ըստ ծրագրի, տոնական օրը բաժանված էր երկու հատվածի. գրական առավոտի՝ կեսօրից չորսը, հետո պարահանդեսի՝ ժամը իննից ամբողջ գիշեր։Բայց այդ տնօրինման իսկ մեջ արդեն թաքնված էին անկարգության սաղմեր։ Նախ, ամենասկզբից հասարակության մեջ կայունացավ նախաճաշի մասին տեղեկությունը, գրական առավոտից անմիջապես հետո կամ նույնիսկ դրա ընթացքում, հատկապես նախաճաշի համար տրվող ընդմիջմանը, հարկավ, ձրի, ծրագրի մեջ մտնող, այն էլ շամպայնով։ Տոմսի շատ մեծ գինը (երեք ռուբլի) նպաստում էր տեղեկության կայունացմանը։ «Թե չէ, դատարկ տեղը ցուցակագրվո՞ղն էի։ Տոնախմբությունը նախատեսված է լրիվ օր, ուրեմն՝ կերակրիր։ ժողովուրդը կսովածանա»,― այսպես էին դատում մեզ մոտ։ Ես պիտի խոստովանեմ, որ հենց Յուլիա Միխայլովնան արմատավորեց այդ կործանարար լուրն իր թեթևամտությամբ։ Մեկ ամիս առաջ, դեռևս մեծ ծրագրման առաջին հմայքի ազդեցության տակ, իր տոնախմբության մասին բլբլացնում էր առաջին պատահած մարդու մոտ, իսկ որ բաժակաճառեր են հնչելու՝ ուղարկել էր նույնիսկ մայրաքաղաքային թերթերից մեկին։ Գլխավորը, որ նրան այն ժամանակ հրապուրում էին այդ բաժակաճառերը, ինքն էր կամենում արտասանել և շարունակ հորինում էր։ Դրանք պիտի պարզաբանեին մեր դրոշը (ո՞րն էր դա, գրազ եմ գալիս՝ խեղճն այդպես էլ ոչինչ չհորինեց), թղթակցությունների տեսքով անցնեին մայրաքաղաքային թերթեր, հուզեին և հմայեին բարձրագույն ղեկավարությանը, իսկ հետո սավառնեին գավառներով մեկ՝ զարմանք ու ընդօրինակում հարուցելով։ Սակայն բաժակա-ճառերի համար շամպայն է պետք, իսկ քանի որ սոված փորին շամպայն խմել չի կարելի, ապա ինքնըստինքյան, անհրաժեշտ դարձավ նախաճաշը նույնպես։ Հետագայում, երբ արդեն նրա ջանքերով կազմվեց կոմիտեն ու գործի անցան ավելի լրջորեն, անմիջապես ու հստակ ապացուցվեց նրան, որ խնջույքների մասին երազելու դեպքում, շատ քիչ բան կմնա դաստիարակուհիներին, անգամ շատ հարուստ դրամահավաքի պարագային։ Այսպիսով, հարցն ունեցավ երկու ելք. բաղտասարյան խրախճանք և բաժակաճառեր, և իննսուն ռուբլու չափ՝ դաստիարակուհիներին, կամ՝ նշանակալի դրամահավաք տոնախմբության ընթացքում, այսպես ասած, սոսկ ձևի համար։ Կոմիտեն, իմիջիայլոց, միայն վախեցնել էր ուզում, ինքը, իհարկե, երրորդ որոշումը հորինեց՝ հաշտեցնող ու ողջամիտ, այն է՝ շատ օրինավոր տոնախմբություն, բոլոր առումներով, միայն թե առանց շամպայնի, այդպիսով բավական կարգին գումար էր մնում, շատ ավելի իննսուն ռուբլուց։ Բայց Յուլիա Միխայլովնան չհամաձայնեց, նրա բնավորությունն արհամարհում էր քաղքենիական միջինը։ Նա իսկույն որոշեց, որ առաջին միտքն անիրականանալի է, ապա անհապաղ ու ամբողջովին նետվել է պետք հակառակ ծայրահեղության, այսինքն, իրականացնել վիթխարի դրամահավաք՝ բոլոր նահանգներին ի նախանձ։ «Հասարակությունն ի վերջո պիտի հասկանա,― եզրափակեց նա կոմիտեական բոցաշունչ ճառը,― որ համամարդկային նպատակների ձեռքբերումը անհամեմատ բարձր է մարմնական րոպեական վայելքներից, որ տոնախմբությունն ըստ էության սոսկ մեծ գաղափարի ազդարարումն է, ուստի և պիտի բավարարվի ամենախնայողական, գերմանական պստիկ պարահանդեսով, միմիայն այլաբանության համար և եթե բոլորովին անհնար է յոլա գնալ առանց այդ անտանելի պարահանդեսի»,― հանկարծ այնքան ատեց նա դա։ Բայց նրան վերջապես հանգստացրին։ Այդ ժամանակ էլ, օրինակ, մոգոնեցին ու առաջարկեցին «գրականության կադրիլը», գեղագիտական այլևայլ բաներ՝ մարմնական վայելքները փոխարինելու համար։ Այդ ժամանակ էլ Կարմազինովը վերջապես համաձայնեց կարդալ «Merci»-ն (իսկ մինչ այդ ձգձգում ու կմկմում էր) ու դրանով ոչնչացնել ուտելիքի գաղափարն իսկ մեր անզուսպ հասարակության ուղեղներում։ Այդպիսով, պարահանդեսը վերստին դառնում էր շատ հոյակապ տոնակատարություն, թեև արդեն ոչ այն ձևով։ Իսկ որպեսզի լրիվ ամպերի մեջ չհայտնվեն, վճռեցին, որ պարահանդեսի սկզբում կարելի կլինի մատուցել չոր թխվածք և կիտրոնով թեյ, հետո զովացուցիչ և լիմոնադ, իսկ վերջում նույնիսկ պաղպաղակ, բայց միայն դա։ Իսկ նրանց համար, ովքեր միշտ և ամենուրեք անպայման քաղց, և գլխավորը՝ ծարավ են զգում, սենեկաշարի ծայրին կարելի է հատուկ բուֆետ բացել, որով և կզբաղվի Պրոխորըյչը (ակումբի գլխավոր խոհարարը) և, իմիջիայլոց, կոմիտեի խստագույն հսկողության տակ, կմատուցի, ինչ հարկավոր է, սակայն առանձին վճարով, իսկ դրա համար էլ դռան վրա մակագրությամբ կհայտարարվի, որ բուֆետը ծրագրից դուրս է։ Սակայն առավոտյան որոշեցին բուֆետ բոլորովին չբացել, որ չխանգարի ընթերցմանը, չնայած որ բուֆետը պիտի լիներ հինգ սենյակ այն կողմ ճերմակ դահլիճից, ուր Կարմազինովը համաձայնել էր կարդալ «Merci»-ն։ Հետաքրքրական է, որ այդ իրադարձությանը, այն է՝ «Merci»-ի ընթերցմանը կարծես թե չափազանց վիթխարի նշանակություն էին տալիս կոմիտեում, նույնիսկ ամենագործնական մարդիկ։ Ինչ վերաբերում է բանաստեղծական անձանց, ապա, օրինակ, ազնվական պարագլխի կինն ազդարարեց Կարմազինովին, որ ընթերցումից անմիջապես հետո ինքը հրամայելու է իր ճերմակ դահլիճի պատին մարմարե ոսկեգիր տախտակ փակցնել, որ այս-այս թվականի այսինչ ամսին, այստեղ՝ սույն դահլիճում ռուսական ու եվրոպական մեծ գրողը, գրիչը ցած դնելով, կարդաց իր «Merci»-ն և այդպիսով, առաջին անգամ հրաժեշտ տվեց ռուս հասարակությանը՝ ի դեմս մեր քաղաքի ներկայացուցիչների, և որ այդ մակագրությունը բոլորն արդեն պարահանդեսին կկարդան, այսինքն, ընդամենը հինգ ժամ անց այն բանից հետո, երբ կկարդացվի «Merci»-ն։ Ես հաստատ գիտեմ, որ գլխավորապես հենց Կարմազինովը պահանջեց, որ առավոտյան ոչ մի ձևով բուֆետ չլինի, քանի դեռ ինքը կկարդա, չնայած որոշ կոմիտեականների դիտողություններին, թե դա բոլորովին չի բռնում մեր բարքերին։
Այս վիճակում էին գործերը, երբ քաղաքում դեռևս հավատում էին բաղտասարյան խնջույքին, այն է՝ կոմիտեի հաշվին գործող բուֆետին, և հավատում էին մինչև վերջին ժամը։ Նույնիսկ օրիորդներն էին երագում բազմազան անուշեղենի և մուրաբաների, ինչ-որ չլսված բաների մասին։ Բոլորը գիտեին, որ հարստագույն դրամահավաք է իրականացել, որ ամբողջ քաղաքը պայթում է, որ գավառներից են գալիս մարդիկ ու տոմսերը չեն բավականացնում։ Հայտնի էր նաև, որ սահմանված գումարից ավելի կատարվել են նաև նշանակալի նվիրատվություններ, օրինակ, Վարվառա Պետրովնան իր տոմսի համար երեք հարյուր ռուբլի է վճարել և իր ջերմոցի բոլոր ծաղիկները՝ սրահը զարդարելու համար։ Պարագլխի կինը (կոմիտեի անդամ) իր տունն է տրամադրել և լուսավորումը, ակումբը՝ երաժշտությունը և սպասավորներին ու ամբողջ օրով զիջել իր Պրոխորըյչին։ Ուրիշ նվիրատվություններ էլ կային, թեև ոչ այդչափ խոշոր, այնպես որ նույնիսկ միտք ծագեց տոմսի նախնական գինը՝ երեք ռուբլի, դարձնել երկու։ Կոմիտեն, իրոք, սկզբից երկյուղում էր, որ երեք ռուբլով չեն գա օրիորդները, և առաջարկեց ընտանեկան տոմսեր սարքել մի կերպ, այսինքն, որ ամեն ընտանիք վճարի միայն մեկ օրիորդի համար, իսկ այդ ընտանիքին պատկանող մնացած բոլոր օրիորդները, թեկուզև տասն առանձին հոգի, անվճար մտնեն։ Սակայն բոլոր երկյուղներն իզուր էին. ընդհակառակը, հենց օրիորդներն էլ ներկայացան։ Նույնիսկ ամենաչքավոր աստիճանավորները բերում էին իրենց դուստրերին, և չափից ավելի հստակ էր, որ եթե դուստրեր չունենային, մտքներով իսկ չէր անցնի ցուցակագրվել։ Ողորմելիագույն մի քարտուղար բերել էր իր բոլոր յոթ դուստրերին, չհաշված, անշուշտ, կնոջը և ազգականուհուն էլ, և այդ անձանցից յուրաքանչյուրն իր ձեռքին ուներ մուտքի երեքռուբլիանոց տոմս։ Թեև կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հեղաշրջում էր քաղաքում։ Վերցնենք թեկուզ մի բան. քանի որ տոնախմբությունը բաժանված էր երկու մասի, ապա տիկնանց զգեստներն էլ երկուսը պիտի լինեին՝ առավոտյան ընթերցման և պարահանղեսային՝ պարերի համար։ Միջին դասից շատերը, ինչպես պարզվեց հետագայում, այդ օրվա համար ամեն ինչ, նույնիսկ տան սպիտակեղենը, անգամ սավանները և համարյա թե ներքնակները գրավ էին դրել մեր ջհուդներին, որոնք ասես դիտավորյալ, ահա արդեն երկու տարի, ահավոր շատ էին հայտնվել մեր քաղաքում և հետզհետե ավելի ու ավելի շատ էին գալիս։ Համարյա բոլոր աստիճանավորները ռոճիկները ստացան սկզբից, որոշ կալվածատերեր էլ վաճառեցին պետքական անասունը, և այդ ամենը միայն մի բանի համար, որ իրենց դուստրերին բերեն մարքիզուհու նման և ոչ մեկից վատ չլինեն։ Զգեստների հոյակապությունն այս անգամ մեր քաղաքի համար չլսված էր։ Արդեն երկու շաբաթ առաջ քաղաքը հագեցած էր ընտանեկան պատմություններով, որոնք տեղնուտեղը Յուլիա Միխայլովնայի նստավայր էին փոխանցում մեր չարախոսները։ Ձեռքից ձեռք անցան ընտանեկան ծաղրանկարներ։ Յուլիա Միխայլովնայի ալբոմում ինքս եմ տեսել նմանօրինակ մի քանի գծանկար։ Այդ ամենի մասին շատ լավ հայտնի դարձավ այնտեղ, որտեղից ելնում էին անեկդոտները, և ահա թե ինչու, թվում է ինձ, ընտանիքներում այդպիսի ատելություն գոյացավ Յուլիա Միխայլովնայի հանդեպ ամենավերջին ժամանակներս։ Հիմա բոլորը հայհոյում են, հիշելիս էլ ատամ կրճտացնում։ Սակայն հստակ էր դեռևս նախապես, որ եթե այն ժամանակ կոմիտեն ինչ-որ սխալ գործեր, մի որևէ բանում չհաջողեր պարահանդեսը, անասելի զայրույթի պոռթկում կլիներ։ Ահա թե ինչու ամեն մեկն իր մտքում սկանդալ էր սպասում, ու եթե այդպես սպասում էին, ինչպե՞ս կարող էր չիրականանալ։
Ճիշտ կեսօրին թնդաց նվագախումբը։ Լինելով կարգադրիչների, այն է՝ տասներկու «ժապավենակիր երիտասարդների» թվում, իմ աչքերով եմ տեսել, թե ինչպես սկսվեց այդ տխրահռչակ օրը։ Սկսվեց մուտքի մոտ անասելի հրմշտոցով։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ամեն ինչ խոտոր ու սխալ գնաց հենց առաջին քայլից, սկսած ոստիկանությունից։ Բուն հասարակությանը ես չեմ մեղադրում, ընտանիքի հայրերը ոչ միայն չէին հրմշտվում ու ոչ ոքի չէին բոթբոթում, չնայած իրենց աստիճաններին, այլ հակառակը, ասում էին, շփոթահար էին դեռևս փողոցում, տեսնելով մեր քաղաքի համար անսովոր ամբոխի ճնշումը, որը պաշարել էր շքամուտքը և ներխուժում էր՝ գրավելու պես, և ոչ թե պարզապես ներս մտնում։ Այդ ընթացքում կառքերը շարունակում էին գալ և ի վերջո, խցանեցին փողոցը։ Հիմա, երբ գրում եմ, հաստատ տվյալներ ունեմ պնդելու, որ մեր քաղաքի նողկալի խաժամուժից ոմանց առանց տոմսերի անց էին կացրել Լյամշինը և Լիպուտինը, գուցեև մի քանիսը կարգադրիչներից, ինչպիսին էի նաև ես։ Համենայն դեպս, եկել էին միանգամայն անհայտ անձնավորություններ՝ հավաքված գավառներից ու չգիտես էլ որտեղից։ Այդ վայրենիները, դահլիճ մտնելուն պես, տեղնուտեղը սկսել էին միաբերան (ճիշտ կարծես սովորեցրած) հարցուփորձ անել, թե որտեղ է բուֆետը և իմանալով, որ բուֆետ չկա, առանց այլևայլի և մեզանում մինչ այդ չեղած հանդգնությամբ սկսել էին հայհոյել։ Ճիշտ է, նրանցից ոմանք հարբած էին եկել։ Ոմանք վայրենու պես ապշած էին դահլիճի շքեղությունից, քանզի նման բան երբեք չէին տեսել, և ներս մտնելով, մի պահ սսկվեցին ու շուրջն էին նայում՝ բերանները բաց։ Այդ հսկայական ճերմակ դահլիճը, թեև արդեն հնամենի, բայց հիրավի հոյաշուք շինություն էր՝ վիթխարի չափերի, կրկնալուսամուտ, հին ոճով նախշանկար, ոսկենման առաստաղ, վերնասրահներ, հայելապատ պատամեջեր, մարմարյա արձաններ (ինչպիսին էլ լինեին, արձան էին), հնամենի, ծանր, նապոլեոնյան ժամանակների կահույք՝ ճերմակը ոսկով, կարմիր թավշապատ։ Նկարագրվող պահին դահլիճի ծայրին բեմահարթակ կար՝ ելույթ ունեցող գրողների համար, իսկ ամբողջ դահլիճում, թատրոնի պարտերի պես, աթոռներ էին շարված՝ հասարակության համար թողած լայն-լայն միջնաշարերով։ Սակայն զարմանքի առաջին րոպեներից հետո ծայր առան ամենաանիմաստ հարցեր և հայտարարություններ. «Կարող է, մենք դեռ չե՜նք ուզում ընթերցում... Մենք փո՜ղ ենք վճարել... Հասարակությանը խաբե՜լ են անամոթաբար... Տերերը մենք ենք, ոչ թե Լեմբկեները...»։ Մի խոսքով, ճիշտ կարծես հենց դրա համար էին ներս թողել նրանց։ Առանձնապես հիշում եմ մի բախում, որի ընթացքում աչքի ընկավ եկվոր իշխանիկը, որը երեկ առավոտյան Յուլիա Միխայլովնայի մոտ էր եղել, իր ցից օձիքներով ու փայտյա տիկնիկի տեսքով։ Յուլիա Միխայլովնայի համառ խնդրանքով նա նույնպես համաձայնել էր ձախ ուսին վարդակապ փակցնել ու դառնալ մեր ընկեր-կարգադրիչներից մեկը։ Պարզվեց, որ այդ զսպանակավոր մոմեղեն համր ֆիգուրը կարողանում էր եթե ոչ խոսել, ապա յուրովի գործել։ Երբ նրանից կպավ ու ձեռ չքաշեց մի չեչոտ ու աժդահա պաշտոնաթող կապիտան՝ պոչից քարշ տալով ամեն տեսակի թափթփուկների, թե ինչպես գնալ բուֆետ, նա աչքով արեց թաղամասի ոստիկանին։ Ցուցումն անհապաղ ի կատար ածվեց, չնայած հարբած կապիտանի հիշոցներին, նրան քաշեքաշ տարան դահլիճից։ Այդ ընթացքում վերջապես երևաց նաև «իսկական» հասարակությունը և երեք երկարուկ շարքերով ձգվեց աթոռների միջև թողած երեք անցումներով։ Անկարգ տարրը սկսեց հանդարտվել, բայց հասարակությունը, նույնիսկ «ամենամաքուրը», դժգոհ ու զարմացած տեսք ուներ, որոշ տիկնայք էլ պարզապես վախեցած էին։
Ի վերջո, տեղավորվեցին, դադարեց նաև երաժշտությունը։ Սկսեցին փռշտալ, շուրջբոլորը նայել։ Սպասում էին արդեն չափից ավելի հանդիսավոր տեսքով՝ ինչ ինքնըստինքյան միշտ վատ կանխանշան է։ Սակայն «Լեմբկեները» դեռևս չկային։ Մետաքսեղեն, թավշեղեն ու ադամանդներ էին շողշողում և վառվում բոլոր կողմերից, անուշ բուրմունք սփռվեց։ Տղամարդիկ կրում էին բոլոր շքանշանները, իսկ ծերուկները նույնիսկ մունդիրներով էին։ Վերջապես հայտնվեց նաև պարագլխի կինը՝ Լիզայի հետ։ Դեռևս երբեք Լիզան այդչափ շլացուցիչ հմայիչ չէր եղել, ինչպես այդ առավոտ, այդչափ ճոխ արդուզարդով։ Մազերը հարդարված էին խոպոպիկաձև, աչքերը փայլում էին, ժպիտ էր շողում դեմքին։ Ըստ երևույթին, նա տպավորություն գործեց, նրան զննում էին, նրա մասին փսփսում։ Ասում էին, թե աչքերով որոնում է Ստավրոգինին, բայց ոչ Ստավրոգինը կար, ոչ Վարվառա Պետրովնան։ Այն ժամանակ ես չհասկացա նրա դեմքի արտահայտությունը, ինչո՞ւ այդքան երջանկություն, բերկրանք, եռանդ և ուժ կար նրա դեմքին։ Հիշեցի երեկվա դեպքն ու դեմ առա փակուղու։ Այնինչ, «Լեմբկեները» դեռևս չկային։ Դա արդեն սխալ էր։ Հետո արդեն իմացա, որ Յուլիա Միխայլովնան մինչև վերջին րոպեն սպասել էր Պյոտր Ստեպանովիչին, առանց որի վերջին ժամանակներս քայլ գցել չէր կարողանում, թեև դա երբեք ինքն իրեն չէր խոստովանում։ Փակագծերում նշեմ, որ նախորդ օրը, կոմիտեի վերջին նիստին, Պյոտր Ստեպանովիչը հրաժարվել էր կարգադրիչի վարդակապից, ինչը շատ էր դառնացրել նահանգապետուհուն, անգամ արտասվելու աստիճան։ Ի զարմանս նրա, ապա և չափազանց շփոթմունքի (ինչ հայտնում եմ կանխավ), Պյոտր Ստեպանովիչն անհետացել էր ամբողջ առավոտ և բոլորովին չերևաց գրական ընթերցմանը, այնպես որ մինչև երեկո նրան ոչ ոք չհանդիպեց։ Հասարակությունը վերջապես սկսեց բացահայտ անհամբերություն դրսևորել։ Բեմահարթակի վրա նույնպես ոչ ոք չէր հայտնվում։ Վերջին շարքերում սկսեցին ծափահարել, ինչպես թատրոնում։ Ծերուկներն ու տարեց տիկնայք խոժոռվել էին. ակնհայտորեն արդեն չափից ավելի էին գոռոզացել «Լեմբկեները»։ Նույնիսկ հասարակության լավագույն մասում փսփսոց սկսվեց, թե տոնախմբությունը թերևս չի կայանա, որ Լեմբկեն անձամբ թերևս այնքան վատառողջ է և այլն, և այլն։ Սակայն փառք Աստծո, ի վերջո, հայտնվեցին Լեմբկեները. ամուսինը թևանցուկ էր արել կնոջը։ Խոստովանեմ, որ ես ահավոր երկյուղում էի նրանց հայտնվելուց։ Բայց խոսք ու զրույցը, ուրեմն, չքացավ, և ճշմարտությունն իր տեղը գտավ։ Հասարակությունը կարծես թե հանգստացավ։ Պարզվեց, որ Լեմբկեն կատարելապես առողջ է, ինչպես հիշում եմ, եզրակացրին բոլորը, քանի որ կարելի է պատկերացնել, թե քանի-քանի հայացք ուղղվեց նրա վրա։ Բնութագրման համար նշեմ, որ մեր բարձրաշխարհիկ հասարակության մեջ քչերն էին ենթադրում, թե Լեմբկեն ինչ-որ հիվանդություն ունի, իսկ նրա արածները համարում էին միանգամայն նորմալ ու նույնիսկ այնպես, որ երեկ առավոտվա պատմությունը հրապարակում ընդունել էին հավանությամբ։ «Այդպես էր պետք հենց սկզբից,― ասում էին բարձրաստիճանները։― Թե չէ գալիս են որպես մարդասերներ ու վերջացնում նույն ձևով, չնկատելով, որ հենց դա է պետք՝ մարդասիրության համար»,― համենայն դեպս, այսպես վճռեցին ակումբում։ Դատապարտում էին սոսկ, որ այդ ընթացքում նա բորբոքվել է։ «Դա պետք էր սառնարյուն անել, բայց դե, նոր մարդ է»,― ասում էին գիտակները։ Նույն անհագությամբ բոլոր հայացքներն ուղղվեցին նաև Յուլիա Միխայլովնայի վրա։ Անշուշտ, ոչ ոք իրավունք չունի պահանջել ինձնից՝ որպես պատմողից, չափից ավելի ստույգ մանրամասները, որոնք վերաբերում են մի կետի՝ այստեղ գաղտնիքն է, այստեղ կինն է, բայց ես մի բան գիտեմ, երեկ երեկոյան դեմ նա մտել է Անդրեյ Անտոնովիչի աշխատասենյակ ու մնացել մինչև կեսգիշերից բավական անց։ Անդրեյ Անտոնովիչը ներվել է ու սփոփվել։ Ամուսինները համաձայնել են ամեն ինչում, ամեն ինչ մոռացվել է, և երբ բացատրության ավարտին ֆոն Լեմբկեն՝ այնուամենայնիվ, ծնկի է իջել՝ սարսափով հիշելով նախանցյալ գիշերվա եզրափակիչ գլխավոր դրվագը, ապա կնոջ սքանչելի ձեռքը, ապա և շուրթերը պատնեշել են ասպետավարի նրբակիրթ, սակայն խանդաղատանքից թուլացած մարդու ապաշխարական ճառերի բոցաշունչ զեղումները։ Բոլորը տիկնոջ դեմքին երջանկություն տեսան։ Նա քայլում էր բացճակատ, հոյակապ զգեստով։ Թվում էր, թե երանության կատարին է. տոնախմբությունը՝ նրա քաղաքականության նպատակն ու պսակը, իրականացել էր։ Մինչև իրենց տեղերը հասնելը՝ ճիշտ բեմի առաջ, Լեմբկեները ողջունում էին խոնարհումներով և պատասխանում ողջույններին։ Նրանք անմիջապես շրջապատվեցին։ Պարագլխի կինը ոտքի ելավ՝ նրանց ընդառաջ... Բայց այստեղ մի գարշելի թյուրիմացություն տեղի ունեցավ, նվագախումբը հենց այնպես տուշ թնդացրեց, ոչ թե որևէ մի քայլերգ, այլ պարզապես սեղանի տուշ, ինչպես մեր ակումբում, երբ պաշտոնական ճաշկերույթին մեկնումեկի կենացն են խմում։ Հիմա ես գիտեմ, որ դա Լյամշինն էր հոգացել, որպես կարգադրիչ, իբր ներս եկած «Լեմբկեների» պատվին։ Անշուշտ, նա միշտ կարող էր պատրվակ բռնել, որ արել է հիմարավարի, կամ էլ անչափ ջանադրությունից... Ավաղ, այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ նրանք պատրվակների համար արդեն մտահոգ չեն և այսօրվա օրով ամեն ինչ ավարտում էին։ Բանը տուշով չվերջացավ․ ցավալի թյուրիմացության և հասարակության ժպիտների հետ դահլիճի ծայրին և վերնասրահներում ''ուռա'' հնչեց, դարձյալ իբր Լեմբկեի պատվին։ Ձայները քիչ էին, բայց խոստովանեմ, որոշ ժամանակ հնչեցին։ Յուլիա Միխայլովնան բռնկվեց, նրա աչքերը փայլատակեցին։ Լեմբկեն կանգ առավ իր տեղի մոտ և շրջվելով բղավողների կողմը՝ ծանրումեծ և խստահայաց գննեց դահլիճը... Նրան շուտափույթ նստեցրին տեղը։ Սարսափով նորից նրա դեմքին նկատեցի այն վտանգավոր ժպիտը, որով երեկ առավոտյան, իր կնոջ հյուրասենյակում կանգնած, նայում էր Ստեպան Տրոֆիմովիչին, նախքան նրան մոտենալը։ Ինձ թվաց, թե հիմա էլ նրա դեմքին չարագույժ մի արտահայտություն կա և ինչը ամենավատն էր՝ փոքր-ինչ ծաղրական, դա արտահայտություն էր մի էակի, որն իրեն զոհաբերում է, ինչ ուզում է լինի, միայն թե կնոջ վերին նպատակներին գոհացում տա... Յուլիա Միխայլովնան փութով ինձ իր մոտ կանչեց ու շշնջաց, որ վազեմ Կարմազինովի մոտ և աղաչեմ նրան սկսել։ Եվ ահա, նոր էի հասցրել շրջվել, կատարվեց մեկ ուրիշ նողկալիություն, միայն թե շատ ավելի գարշելի առաջինից։ Բեմին, դատարկ բեմին, դեպի ուր մինչ այդ պահն ուղղված էին բոլոր հայացքներն ու բոլոր սպասումները և ուր տեսնում էին միայն ոչ մեծ սեղան՝ աթոռով, իսկ սեղանին՝ մի բաժակ ջուր՝ արծաթյա մատուցարանով, դատարկ այդ բեմին հանկարծ հայտնվեց կապիտան Լեբյադկինի աժդահա մարմինը՝ ֆրակով ու ճերմակ փողկապով։ Ես այնքան էի ցնցված, որ աչքերիս չհավատացի։ Կապիտանը կարծես թե շշկլվեց ու կանգ առավ բեմի խորքում։ Հանկարծ մի բղավոց հնչեց հասարակության միջից. «Լեբյադկին, դո՞ւ ես»։ Կապիտանի տխմար ու կարմիր ռեխը (նա կատարելապես հարբած էր) այդ բղավոցի վրա ժպտաց լայն ու բութ։ Նա բարձրացրեց ձեռքը, ափով սրբեց ճակատը, թափ տվեց իր գզուզ գլուխը և, ասես վճռելով ոչինչ հաշվի չառնել, երկու քայլ գցեց առաջ և հանկարծ փռթկաց ոչ բարձրաձայն, բայց կլկլան, տևական, երջանիկ ծիծաղով, որից լխկլխկաց նրա ամբողջ թանձր զանգվածն ու մանրիկ աչքերը կկոցվեցին։ Դրան ի տես, հասարակության համարյա կեսը ծիծաղեց, մի քսան հոգի ծափահարեցին։ Լուրջ հասարակությունը մռայլադեմ հայացքներ փոխանակեց, բայց ամեն ինչ տևեց կես րոպեի չափ։ Հանկարծ բեմ վազեցին Լիպուտինն իր կարգադրիչի վարդակապով և երկու սպասավոր։ Նրանք զգուշությամբ թևանցուկ արեցին կապիտանին, իսկ Լիպուտինն ինչ-որ բան շշնջաց նրան։ Կապիտանը խոժոռվեց, մրթմրթաց. «Թե որ էդպես է», թափ տվեց ձեռքը, հասարակությանը դարձրեց իր վիթխարի մեջքը և հեռացավ ուղեկցողների հետ։ Բայց մի վայրկյան անց Լիպուտինը նորից բեմահարթակ թռավ։ Նրա շրթունքներին խաղում էր մշտական, ամենաքաղցրագույն ժպիտը, որ սովորաբար հիշեցնում էր քացախի և շաքարի խառնուրդ, իսկ ձեռքին՝ նամակի մի թուղթ։ Մանրիկ, բայց փութկոտ քայլերով նա մոտեցավ բեմահարթակի պռնկին։
― Պարոնայք,― դիմեց հասարակությանը,― անուշադրության պատճառով զվարճալի թյուրիմացություն եղավ, որն էլ վերացված է։ Սակայն ես հուսով լի մի հանձնարարություն եմ ստանձնել և այստեղի մեր հորինողներից մեկի խորունկ, ամենահարգալի խնդրանքը... տոգորված մարդասիրական և վերին նպատակով... չնայած իր տեսքին... նույն այն նպատակի համար, որը միավորել է բոլորիս... մեր նահանգի չքավոր ու կրթված աղջիկների արցունքները սրբելու... այս պարոնը, այսինքն, ուզում եմ ասել այստեղացի բանաստեղծը... ինքնությունը չհայտնելու ցանկությամբ... շատ կցանկանար տեսնել իր բանաստեղծությունը՝ այստեղ ընթերցված, պարահանդեսից առաջ, այսինքն, ուզում էի ասել, որ ընթերցվի։ Թեև այս ոտանավորը ծրագրի մեջ չի մտնում... քանի որ կես ժամ առաջ է բերվել... բայց մեզ (ո՞ւմ՝ մեզ։ Ես բառ առ բառ եմ մեջբերում այդ ընդհատ ու շփոթ ճառը) թվաց, որ զգացմունքների իր պարզունակությամբ, միացված նաև հոյակապ զվարթությունը, ոտանավորը կարող է կարդացվել, այսինքն, ոչ որպես լուրջ, այլ տոնախմբությանը հարիր ինչ-որ բան... Մի խոսքով, գաղափարին... Առավել ևս, որ մի քանի տող է... և ամենա-բարեհաճ հասարակության թույլտվությունը կխնդրեմ։
― Կարդացեք,― մի ձայն թնդաց դահլիճի ծայրից։
― Ուրեմն, կարդա՞մ։
― Կարդացե՜ք, կարդացե՜ք,― բազմաթիվ ձայներ հնչեցին։
― Ես կկարդա՜մ-մ, հասարակության թույլտվությամբ,― վերստին ծռմռվեց Լքքպուտինը՜ նույն շաքարած ժպիտով։ Այնուամենայնիվ, նա կարծես սիրտ չէր անում և ինձ թվաց նույնիսկ, թե հուզված է։ Այդ մարդկանց համակ հանդգնությամբ հանդերձ, բայց և այնպես երբեմն սայթաքում են նրանք։ Ի դեպ, ճեմարանականը չէր սայթաքի, իսկ Լիպուտինը, այդուհանդերձ, նախկին հասարակությանն էր պատկանում։
― Ես զգուշացնում եմ, այսինքն, պատիվ ունեմ զգուշացնել, որ սա, այնուամենայնիվ, ոչ թե ձոն է, ինչպես գրում էին նախկինում տոնախմբության համար, այլ համարյա թե, այսպես ասած, կատակ, բայց անտարակույս զգացմունքի առկայությամբ՝ միացված խաղացկուն զվարթությանը և այսպես ասած, ամենաիրականագույն ճշմարտությամբ։
― Կարդա՜, կարդա՜։
Նա բացեց թուղթը։ Հասկանալի է, ոչ ոք չհասցրեց նրան կանգնեցնել։ Բացի դրանից, նա հայտնվել էր կարգադրիչի իր վարդակապով։ Զրնգուն ձայնով նա արտասանեց.
― Այս կողմերի հայրենական դաստիարակչուհուն՝ տոնախմբության եկած բանաստեղծից։
<poem>
::::Ողջույն քեզ, դաստիարակչուհի, ողջույն։
::::Զվարճացիր ու ցնծա,
::::Հետադիմուհի կլինես, թե ժորժ-սանդուհի՝
::::Միևնույն է, հրճվիր դու հիմա։
</poem>
― Ախր, սա Լեբյադկի՜նն է գրել։ Լեբյադկի՜նն է որ կա,― մի քանի ձայներ հնչեցին։ Ծիծաղ լսվեց ու ծափեր, թեև սակավաթիվ։
<poem>
::::Ուսուցանում ես մանկանց փսլնքոտ
::::Այբուբենը դու ֆրանսերեն
::::Ու պատրաստ ես աչքով անել
::::Ժամկոչին էլ, որ տանի քեզ։
</poem>
― Ուռա՜, ուռա՜։
<poem>
::::Բայց մեծ ռեֆորմների մեր այս դարում,
::::Քեզ ժամկոչն էլ չի տանի,
::::Օրիորդ, պիտի շատ ունենաս,
::::Կամ թե նորից՝ այբ-բենի։
</poem>
― Ճի՜շտ որ, ճի՜շտ որ, այ, սա ռեալիզմ է, առանց «շատի» ոչ մի քայլ։
<poem>
::::Սակայն հիմա, երբ տոնելով
::::Կապիտալ ենք հավաքել,
::::Քո օժիտը խաղ ու պարով
::::Կուղարկենք քեզ այստեղից։
::::Հետադիմուհի լինես, թե ժորժ֊սանդուհի
::::Միևնույն է, հրճվիր դու հիմի։
::::Քո այդ օժիտով, դաստիարակչուհի,
::::Թքիր դես-դեն ու հրճվիր։
</poem>
Խոստովանում եմ, ականջներիս չէի հավատում։ Այնպիսի բացահայտ լկտիություն էր, որ հնարավոր չէր ներել Լիպուտինին՝ անգամ հիմարության համար։ Իսկ Լիպուտինն ամենևին էլ հիմար չէր։ Մտադրությունը հստակ էր, համենայն դեպս, ինձ համար, կարծես շտապում էին անկարգություններ գցել։ Այդ ապուշ ոտանավորի որոշ տներ, օրինակ, ամենավերջինը, այնպիսին էին, որ ոչ մի հիմարություն դա չէր կարող թույլ տալ։ Լիպուտինը կարծես թե ինքն էլ զգաց, որ չափից ավելի է վերցրել իր վրա. կատարելով իր քաջագործությունը, այնպես էր շշմել սեփական հանդգնությունից, որ նույնիսկ չէր հեռանում բեմից և կանգնած էր, ասես կամենալով ինչ-որ բան ավելացնել։ Հավանորեն, ենթադրում էր, թե մեկ ուրիշ ձևով դուրս կգա տակից, բայց նույնիսկ անպիտանների խմբակը՝ ծափահարելով արարմունքին, հանկարծակի լռեց՝ նույնպես կարծես ապշահար։ Ամենահիմարն այն էր, որ նրանցից շատերն արարմունքն ընդունեցին պաթետիկորեն, այսինքն՝ ոչ որպես պասկվիլ, այլ որպես իսկականից ռեալ ճշմարտություն դաստիարակչուհու վերաբերյալ, որպես նպատակաուղղված ոտանավոր։ Սակայն դրա ավելորդ սանձարձակությունը զարմացրեց ի վերջո նաև նրանց։ Ինչ վերաբերում է ամբողջ հասարակությանը, ապա դահլիճն ամբողջությամբ ոչ միայն խայտառակված էր, այլև ակնհայտորեն վիրավորված։ Ես չեմ սխալվում՝ տպավորությունը հայտնելով։ Յուլիա Միխայլովնան հետո ասում էր, որ մի վայրկյան էլ, ու ինքն ուշագնաց կլիներ։ Ամենահարգարժան ծերուկներից մեկը վեր կացրեց իր պառավին, և երկուսն էլ ելան դահլիճից՝ հասարակության տագնապած հայացքների ուղեկցությամբ։ Ով գիտե, գուցեև օրինակն իր ետևից տաներ նաև ոմանց, եթե այդ պահին բեմում չհայտնվեր ինքը՝ Կարմազինովը՝ ֆրակով, ճերմակ փողկապով և տետրը ձեռքին։ Յուլիա Միխայլովնան նրա վրա հառեց ցնծագին հայացք, ինչպես փրկչի վրա... Բայց ես արդեն կուլիսներում էի, ինձ Լիպուտինն էր հարկավոր։
― Դիտավորյալ արեցիք դա,― ասացի ես՝ զայրագին բռնելով նրա ձեռքը։
― Աստված վկա, ես ամենևին չէի մտածում,― կծկվեց նա՝ տեղնուտեղը սկսելով ստել ու դժբախտ ձևանալ,― ոտանավորը հենց նոր բերեցին, ու ես մտածեցի, որ իբրև ուրախ կատակ...
― Ամենևին էլ դա չեք մտածել։ Մի՞թե այդ անշնորհք աղբն ուրախ կատակ եք համարում։
― Այ-յո, համարում-մ եմ։
― Դուք պարզապես ստում եք, և ամենևին էլ քիչ առաջ չեն բերել։ Ինքներդ եք հորինել Լեբյադկինի հետ միասին, գուցե դեռ երեկ, խայտառակության համար։ Վերջին տունն անպայման ձերն է, ժամկոչի մասին՝ նույնպես։ Ինչո՞ւ նա ֆրակով հայտնվեց։ Ուրեմն, դուք նրան նաև կարդալուն էիք նախապատրաստել, եթե լիովին հարբած չլիներ։
Լիպուտինը սառնությամբ և թունալի նայեց ինձ։
― Իսկ ձե՞ր ինչ գործն է,― հարցրեց նա հանկարծ տարօրինակ հանգստությամբ։
― Ինչպե՞ս թե՝ ինչ։ Դուք էլ եք կրում այդ վարդակապը... Ո՞ւր է Պյոտր Ստեպանովիչը։
― Չգիտեմ, այստեղ է, մի տեղ, իսկ ի՞նչ։
― Այն, որ հիմա ամեն ինչ տեսնում եմ ծայրից ծայր։ Աա պարզապես դավադրություն է Յուլիա Միխայլովնայի դեմ՝ օրը խայտառակելու համար...
Լիպուտինը նորից շեղակի նայեց ինձ։
― Ախր, ձեր ի՞նչ գործն է,― քթի տակ ծիծաղեց նա, ուսերը թոթվեց ու հեռացավ։
Ասես սառը ջուր լցրին վրաս։ Իմ բոլոր կասկածներն արդարանում էին։ Իսկ ես էլ դեռ հույս ունեի, թե սխալվում եմ։ Ի՞նչ պիտի անեի։ Մեկ մտածեցի խորհրդակցել Ստեպան Տրոֆիմովիչի հետ, բայց նա կանգնած էր հայելու առաջ, զանազան ժպիտներ էր փորձում ու շարունակ նայում թղթին, որի վրա նշումներ էր արել։ Հիմա, Կարմազինովից հետո պիտի բեմ մտներ, ու ինձ հետ խոսել այլևս ի վիճակի չէր։ Վազեմ Յուլիա Միխայլովնայի մո՞տ։ Սակայն վաղ էր նրան դիմել, ավելի սաստիկ դաս էր պետք նրան, որպեսզի ապաքինվեր «շրջապատվածության» և իր հանդեպ «ֆանատիկոսային նվիրվածության» համոզվածությունից։ Նա չէր հավատա և ինձ կհամարեր ոգետես։ Եվ ինչո՞վ կարող էր նա օգնել։ «Է,― մտածեցի ես,― բայց և իրոք, իմ ի՞նչ գործն է, վարդակապս կհանեմ ու տուն կգնամ, երբ կսկսվի»։ Այդպես էլ ասացի մտքումս՝ «երբ կսկսվի», դա հիշում եմ։
Բայց պետք էր գնալ՝ Կարմազինովին լսելու։ Վերջին անգամ նայելով կուլիսների ետևը, նկատեցի, որ, այնուամենայնիվ, բավականաչափ կողմնակի մարդիկ, նույնիսկ կանայք են այդտեղ թրևգալիս, ներսուդուրս անում։ «Կուլիսների ետև» ասածը բավականին նեղվածք տեղ էր՝ հասարակությունից բաժանված թանձր վարագույրով և ետևից միջանցքով միացած մյուս սենյակներին։ Այստեղ էին սպասում մեր կարդացողներն իրենց հերթին։ Բայց այդ պահին ինձ առանձնապես զարմացրեց Ստեպան Տրոֆիմովիչին հաջորդող դասախոսը։ Նա նույնպես պրոֆեսորի նման մի բան էր (հիմա էլ ստույգ չգիտեմ, թե ով էր)՝ կամավոր հեռացած ինչ-որ հաստատությունից ինչ-որ ուսանողական պատմությունից հետո և չգիտես ինչու, մեր քաղաքում հայտնված ընդամենը մի քանի օր առաջ։ Նրան նույնպես երաշխավորել էին Յուլիա Միխայլովնային, ու նա երկյուղածությամբ էր ընդունել եկվորին։ Հիմա գիտեմ, որ մինչև ընթերցումը Յուլիա Միխայլովնայի միայն մի երեկույթին էր մասնակցել, ամբողջ երեկո լուռ մնացել՝ տանտիրուհուն շրջապատողների կատակների և պահվածքի վրա երկիմաստ ժպտալով, բոլորի վրա տհաճ տպավորություն թողնելով իր գոռոզ ու միաժամանակ երկչոտության աստիճան նեղացկոտ տեսքով։ Յուլիա Միխայլովնան ինքն էր նրան ներգրավել՝ ելույթ ունենալու։ Հիմա նա, ինչպես և Ստեպան Տրոֆիմովիչը, անկյունից անկյուն էր քայլում, ինքն իրեն մրմնջում, բայց նայում էր հատակին և ոչ թե հայելուն։ ժպիտներ չէր փորձում, թեև հաճախակի ու ցանկասիրաբար ժպտում էր։ Պարզ էր, որ նրա հետ խոսել նույնպես չէր լինի։ Ցածրահասակ էր, արտաքնապես քառասուն տարեկան, լերկ ու ճաղատ, մոխրագույն մորուքով, վայելուչ հագնված։ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ ամեն շրջվելիս վեր էր տնկում աջ բռունցքը, թափահարում գլխից վեր ու հանկարծ իջեցնում՝ կարծես ջարդուփշուր անելով որևիցե հակառակորդի։ Ես սարսռացի։ Փութով վազեցի՝ Կարմազինովին լսելու։
=== III ===
Դահլիճում նորից մի վատ բան էր կատարվել։ Հայտարարում եմ նախապես, ես խոնարհվում եմ հանճարի մեծության առաջ, բայց ինչի՞ համար են մեր այդ պարոնայք հանճարներն իրենց փառապանծ տարիների ավարտին երբեմն վարվում միանգամայն փոքր տղաների պես։ Լավ, ի՞նչ մի բան կա, որ նա Կարմազինովն է ու հայտնվել է հինգ սենեկապետի կեցվածքով։ Մի՞թե կարելի է մի հոդվածով մեկ ամբողջ ժամ ունկնդիր պահել այնպիսի հասարակություն, ինչպիսին մերն է։ Ընդհանրապես, նկատեցի, որ թեկուզ գերհանճար, բայց հասարակական թեթև ընթերցումով չի կարելի իրենով անպատիժ զբաղեցնել հասարակությանը քսան րոպեից ավելի։ Ճիշտ է, մեծն հանճարի մուտքը դիմավորվեց չափազանց հարգալիր։ Անգամ ամենախիստ ծերուկները հավանություն և հետաքրքություն դրսևորեցին, իսկ տիկնայք՝ որոշ առումով նույնիսկ հիացմունք։ Ծափահարությունները, սակայն, կարճ տևեցին ու մի տեսակ անմիաբան էին, խառնիխուռն։ Փոխարենը՝ ետևի շարքերում և ոչ մի արարմունք, մինչև այն պահը, երբ պարոն Կարմագինովը սկսեց խոսել, այստեղ էլ համարյա ոչ մի գեշ բան չեղավ, այլ այնպես, կարծես թե թյուրիմացություն։ Նախապես հիշատակել եմ արղեն, որ նա անչափ ճղճղան ձայն ուներ, նույնիսկ մի քիչ կանացի, ըստ որում, իսկական ազնվականական տոհմիկ սվսվոցով։ Նոր էր մի քանի բառ ասել, հանկարծ ինչ-որ մեկն իրեն թույլ տվեց բարձրաձայն ծիծաղել, հավանորեն, անփորձ մի անխելք, աշխարհիկ և ոչինչ դեռևս չտեսած, նաև ի բնե ծաղրասեր։ Սակայն նվազագույն ցուցադրական բան չկար, հակառակը՝ անխելքի վրա ֆշշացրին ու նա ոչնչացավ։ Բայց ահա պարոն Կարմագինովը ծեքծեքուն ու երգեցիկ հայտարարում է, թե սկզբում հանուն և ոչնչի չէր համաձայնում ելույթ ունենալ (շատ էր պետք հայտարարել)։ «Այնպիսի տողեր կան, որոնք հորդում են սրտից այնպես, որ ասել էլ չի լինի, ուստի և նման սրբազան բաներն ամենևին չի կարելի հասարակությանը հանձնել (իսկ ինչո՞ւ ես հանձնում), բայց քանի որ իրեն հորդորեցին, ինքն արեց դա և քանի որ, բացի դրանից, ինքը ցած է դնում գրիչը և երդվել է այլևս չգրել հանուն և ոչնչի, ապա թող լինի, գրել է այս վերջին գործը և քանի որ երդվել է հանուն և ոչնչի երբեք և ոչինչ չընթերցել հասարակության համար, թող այդպես լինի, կընթերցի այս վերջին հոդվածը հասարակության համար» և այլն, և այլն, և այլն, նման ուրիշ-ուրիշ բաներ։
Բայց այս ամենը՝ ոչինչ, ևո՞վչգիտե հեղինակային նախաբանները։ Թեև նշեմ, որ մեր հասարակության սակավ կրթվածության և վերջին շարքերի դյուրագրգռության դեպքում այդ ամենը կարող էր և ազդել։ Իսկ ավելի լավ չէր լինի՞ կարդալ մի փոքր պատմություն, կարճառոտ պատմվածք այն ձևով, ինչպես առաջ գրոտում էր, այսինքն՝ թեև հարթված ու ծեքծեքուն, բայց երբեմն էլ սրամիտ։ Դրանով ամեն ինչ կփրկվեր։ Ո՜չ-չ, ի՞նչ-չ եք ասում։ Ծայր առավ խրատաճառը։ Աստված, ի՜նչ չկար այդտեղ։ Հաստատապես կասեմ, որ նույնիսկ մայրաքաղաքային հասարակությունը կհասներ փայտացման, ո՜ւր մնաց, թե մերը։ Պատկերացրեք համարյա երկու տպագիր մամուլ ամենածեքծեքուն և անօգուտ շաղակրատանք։ Ավելին, այդ պարոնը նաև կարդում էր մի տեսակ վերևից, դառնացած, կարծես ողորմածությունից, այնպես որ ստացվում էր նույնիսկ վիրավորական մեր հասարակության համար։ Թեման... Սակայն ո՞վ կարող էր զանազանել այդ թեման։ Դա ինչ-որ հաշվետվություն էր ինչ-ինչ տպավորությունների, ինչ-ինչ հիշողությունների մասին։ Բայց ի՞նչ։ Բայց ինչի՞ մասին։ Որքան էլ կնճռոտվեցին մեր նահանգային ճակատներն ընթերցման առաջին կեսին, չկարողացան ոչինչ հաղթահարել, այնպես որ երկրորդ կեսը լսեցին սոսկ քաղաքավարությունից դրդված։ Ճիշտ է, շատ խոսվեց սիրո մասին, ինչ-որ էակի հանդեպ հանճարի սիրո մասին, սակայն խոստովանեմ, որ փոքր-ինչ անհարմար բան ստացվեց։ Հանճարեղ գրողի փոքրամարմին, հաստլիկ կազմվածքին, իմ կարծիքով, մի տեսակ հարիր չէր պատմել իր առաջին համբույրի մասին... Եվ որ կրկին ցավալի է, այդ համբույրները կնքվում էին մի տեսակ ոչ այնպես, ինչպես ամբողջ մարդկությունն է անում։ Անպայման չորս կողմը պիտի աճեր տափաստանային փշաբույս (անպայման՝ փշաբույս կամ որևէ ուրիշ խոտ, որի մասին պիտի տեղեկանալ բուսաբանության գրքից)։ Ընդ որում, երկինքն անպայման մանուշակագույն մի երանգ պիտի ունենար, որպիսին, հարկավ, մահկանացուներից ոչ մեկը չէր նկատել երբեք, այսինքն՝ բոլորը տեսել, սակայն չէին կարողացել նկատել, իսկ ահա իբր «ես տեսա և նկարագրում եմ ձեզ՝ հիմարներիդ, որպես ամենասովորական մի բան»։ Շառը, որի տակ կնստեր հետաքրքրական զույգը, անպայման մի տեսակ նարնջագույն կլիներ։ Զույգը կնստեր մի որևէ տեղ՝ Գերմանիայում։ Հանկարծ կտեսնեին Պոմպեոսին կամ Կասիոսին՝ ճակատամարտի նախօրեին, ու երկուսին էլ կշամփրեր զմայլանքի սարսուռը։ Որևէ ջրահարս կճչար թփերի մեջ։ Եղեգնուտում Գլյուքը ջութակ կնվազեր։ Նրա նվազած պիեսը կկոչվեր en toutes letters<ref>Կատարելապես (ֆրաՕս.)։</ref>, բայց ոչ ոքի հայտնի չէր լինի, այնպես որ հարկ կլիներ դրա մասին տեղեկանալ երաժշտական բառարանից։ Այդ ընթացքում կգնդվեր մեգը, այնպես կգնդվեր, այնպես կգնդվեր, որ ավելի նման կլիներ միլիոնավոր բարձերի, քան թե մշուշի։ Ու հանկարծ ամեն ինչ կչքանար, և մեծն հանճարը ձմռանը՝ ձնհալին կկտրեր-կանցներ Վոլգան։ Եկուսուկես էջ՝ այդ գետանցումը, բայց և այնպես, կընկներ սառցանցքը։ Հանճարը խեղդվում է, դուք կարծում եք, թե խեղդվե՞ց։ Մտքով իսկ չանցավ։ Այդ ամենը նրա համար էր, որ երբ արդեն լիովին սուզվել և շնչահեղձ էր, նրա առաջ մի սառցակտոր ցոլաց, պստիկ սիսեռի չափ սառցակտոր, սակայն զուլալ և թափանցիկ, «հանց սառած արցունք», ու այդ սառցակտորի մեջ արտացոլվեց Գերմանիան, կամ ավելի լավ է ասել՝ Գերմանիայի երկինքը, և արտացոլումն իր ծիածանագույն խաղով հիշեցրեց նրան հենց այն արցունքը, որը «հիշում ես, գլորվեց աչքերից քո, երբ նստած էինք զմրուխտագույն ծառի տակ և դու բացականչեցիր բերկրալի. «Չկա՜ հանցագործություն»։ «Այո,― ասացի ես արտասվախառն,― բայց թե այդպես է, ուրեմն արդարակյացներ էլ չկան»։ Մենք հեկեկացինք ու բաժանվեցինք առհավետ»։― Կինը՝ ծովափի մի անկյուն, ինքը՝ ինչ-որ անձավներ։ Եվ ահա, նա իջնում է, իջնում, երեք տարի իջնում հասնում է Մոսկվա, Սուխարևսկայա աշտարակի տակ և հանկարծ երկրի բուն ընդերքում, անձավում կանթեղ է գտնում, կանթեղի առաջ՝ մի ճգնավոր։ Ճգնավորն աղոթում է։ Հանճարը սեղմվում է փոքրիկ, վանդակապատ պատուհանին ու հանկարծ հոգոց է լսում։ Կարծում եք, ճգնավո՞րը տնքաց։ Նրա շատ պետքն է ձեր ճգնավորը։ Ո՜չ-չ, պարզապես այդ հոգոցը «հիշեցրեց կնոջ առաջին հոգոցը երեսունյոթ տարի առաջ», երբ «հիշո՛ւմ ես, Գերմանիայում նստած էինք ագաթե ծառի տակ, և դու ասացիր ինձ. «Ինչի՞ համար սիրել։ Տես, չորսբոլորը օքրախոտ է աճում և ես սիրում եմ, բայց կդադարի աճել օքրախոտը, ես էլ կդադարեմ սիրել»։ Այստեղ վերստին գնդվում է մշուշը, հայտնվում է Հոֆմանը, Շոպենից մի բան է սուլում ջրահարսը և հանկարծ, մշուշի միջից, դափնեպսակով, Հռոմի տանիքներից վեր հայտնվում է Անկուս Մարցիուսը։ Զմայլանքի սարսուռ անցավ մեր մեջքերով ու մենք բաժանվեցինք առհավետ» և այլն, և այլն։ Մի խոսքով, գուցեև այնպես չեմ վերարտադրում և չեմ կարողանում, բայց շաղակրատանքի իմաստը հենց դա էր։ Եվ վերջապես, մեր խոշոր ուղեղներն ի՜նչ խայտառակ մոլուցք ունեն բառախաղերի հանդեպ՝ վերին իմաստով։ Եվրոպացի մեծ փիլիսոփա, խոշոր գիտնական գյուտարար, աշխատավոր, նահատակ՝ ռուսական մեր մեծ հանճարի համար փութաջան և ծանրաբեռն այս բոլորը նման են նրա խոհանոցի ծառայողներին։ Նա՜ է պարոնը, իսկ նրանք ներկայանում են իրեն՝ ճերմակ գլխարկները ձեռքներում բռնած և սպասում հրամանների։ Ճիշտ է, նա գոռոզաբար ծիծաղում է նաև Ռուսաստանի վրա, և ավելի դուրեկան բան չկա, քան Եվրոպայի մեծ ուղեղների առաջ բոլոր առումներով Ռուսաստանի սնանկության մասին հայտարարելը, սակայն ինչ վերաբերում է անձամբ իրեն, է, չէ-է՜, ինքն արդեն Եվրոպայի այդ մեծ ուղեղներից վեր է սլացել, նրանք բոլորը սոսկ նյութ են իր բառախաղերի համար։ Կվերցնի ուրիշի գաղափարը, դրան կկպցնի հակաթեզը, և բառախաղը պատրաստ է։ Կա հանցագործություն, չկա հանցագործություն։ Արդարություն չկա, արդարակյացներ չկան։ Աթեիզմ, դարվինիզմ, մոսկովյան կոչնակներ... Սակայն ավաղ, ինքն արդեն չի հավատում մոսկովյան կոչնակներին։ Հռոմ, դափնիներ... սակայն ինքն անգամ դափնիներին չի հավատում... Այստեղ՝ բայրոնյան թախծի արքունական նոպա, մի ծամածռություն Հայնեից, ինչ-որ կտոր Պեչորինից՝ ու գնա՜ց, գնա՜ց, փրթփրթաց մեքենան... «Իսկ իմիջիայլոց, գովաբանեք, գովաբանեք, ես դա անասելի սիրում եմ։ Չէ որ հենց այնպես եմ ասում, թե ցած եմ դնում գրիչս։ Համբերեք, դեռ երեք հարյուր անգամ ձանձրացնելու եմ ձեզ, կհոգնեք կարդալուց...»։
Անշուշտ, ավարտվեց ոչ այդպես պատշաճ։ Բայց վատն այն է, որ դրանով էլ սկսվեց։ Վաղուց արդեն ծայր էր առել ոտքերի քստքստոց, փռշտոցներ, հազ և այն ամենն, ինչ լինում է, երբ գրական ընթերցմանը գրողը, ով ուզում է լինի, հասարակությանը զբաղեցնում է քսան րոպեից ավելի։ Բայց հանճարեղ գրողը նման բան չէր նկատում։ Շարունակում էր սվսվացնել ու լմլմալ՝ բանի տեղ չդնելով հասարակությանը, այնպես որ բոլորն սկսեցին տարակուսել։ Երբ հանկարծ վերջին շարքերում միայնակ, սակայն բարձր ձայն հնչեց.
― Տեր Աստված, սա ի՜նչ ցնդաբանություն է։
Դա դուրս թռավ ակամա և, հավատացած եմ, առանց որևէ ցուցադրականության։ Մարդը պարզապես հոգնել էր։ Բայց պարոն Կարմազինովը դադար տվեց, ծաղրաբար նայեց հասարակությանը և հանկարծ սվսվացրեց խոցված սենեկապետի կեցվածքով.
― Պարոնայք, կարծես թե ես կարգին ձանձրացրի ձեզ։
Նրա մեղքն այն էր հենց, որ խոսքն ինքը բացեց։ Քանզի դրանով պատասխանի կոչելով, դրանով իսկ հնարավորություն տվեց ամեն կարգի խաժամուժի՝ նույնպես խոսել, այսպես ասած, նույնիսկ օրինաբար, այնինչ, եթե զսպեր իրեն, ապա կփռշտային, կփռշտային ու մի կերպ կանցներ-կգնար... Գուցեև, նա ծափահարություններ էր սպասում ի պատասխան իր հարցին, սակայն ծափ չհնչեց, ընդհակառակը, բոլորը կարծես վախեցան, կծկվեցին ու սսկվեցին։
― Դուք ամենևին էլ երբեք չեք տեսել Անկուս Մարցիոսին, այդ ամենը ոճ է,― հանկարծ հնչեց մի վրդովված, նույնիսկ կարծես հիվանդացած ձայն։
― Ճիշտ է,― տեղնուտեղը միացավ մեկ ուրիշ ձայն,― հիմա տեսիլքներ չկան, այլ բնական գիտություններ։ Տեղեկացեք բնական գիտություններից։
― Պարոնայք, ամենից քիչ ես նման առարկություններ էի սպասում,― ահավոր զարմացավ Կարմազինովը։ Մեծն հանճարը Կառլսռուէում բոլորովին ետ էր վարժվել հայրենիքից։
― Մեր դարում ամոթ է խոսել, թե աշխարհը կանգնած է երեք ձկների վրա,― հանկարծ ծվծվաց մի օրիորդ։― Կարմազինով, դուք չէիք կարող քարանձավներ իջնել, ճգնավորի մոտ։ Եվ ո՞վ է հիմա խոսում անապատականների մասին։
― Պարոնայք, ինձ ամենից շատ զարմացնում է, որ դա այդպես լուրջ է։ Ի դեպ... ի դեպ, դուք միանգամայն իրավացի եք։ Ինձնից ավելի ոչ ոք չի հարգում իրական ճշմարտությունը...
Թեև նա ժպտում էր հեգնաբար, սակայն սաստիկ էր ապշահար։ Դեմքը սոսկ արտահայտում էր. «Չէ որ ես այնպիսին չեմ, ինչպես կարծում եք, չէ որ ես ձեզ եմ կողմնակից, միայն թե գովեք ինձ, գովեք շատ, հնարավորին չափ ավելի շատ, ես դա անասելի սիրում եմ...»։
― Պարոնայք, ― ի վերջո բղավեց նա՝ արդեն լրիվ խոցված,― ես տեսնում եմ, որ իմ խեղճ ստեղծագործությունն ուրիշ տեղ է ընկել։ Ես ինքս էլ, կարծում եմ, նույն տեղը։
― Նշան ես բռնել կողովին, խփել ես կովին,― կոկորդով մեկ բղավեց հիմարի մեկը, հավանորեն, հարբած, և անշուշտ, նրա վրա ուշադրություն դարձնել պետք չէր։ Ճիշտ է, անհարգալիր ծիծաղ հնչեց։
― Ասում եք՝ կովի՞ն, ― տեղնուտեղը դրանից կառչեց Կարմագինովը։ Նրա ձայնն ավելի ու ավելի էր ճղճղան դառնում։― Կողովների ու կովերի վերաբերյալ, պարոնայք, ես ինձ թույլ կտամ զսպվել։ Ես չափից ավելի եմ հարգում անգամ ցանկացած հասարակություն՝ թեկուզև անմեղ համեմատություններ թույլ տալու համար, բայց ես կարծում էի...
― Բայց և այնպես, ողորմած պարոն, դուք շատ մի...― բղավեց ինչ-որ մեկը վերջին շարքերից։
― Բայց ես ենթադրում էի, որ ցած դնելով գրիչս ու հրաժեշտ տալով ընթերցողին, կլսեն ինձ...
― Ո՜չ, ո՜չ, մենք ցանկանում ենք լսել, ցանկանո՜ւմ ենք,― վերջապես սրտապնդված մի քանի ձայն լսվեց առաջին շարքից։
― Կարդացե՜ք, կարդացե՜ք,― մի քանի տիկնանց զմայլագին ձայներ միացան և վերջապես, ծափահարություն սկսվեց, ճիշտ է, սակավ ու նվազ։ Կարմազինովը շեղակի ժպտաց ու բարձրացավ տեղից։
― Հավատացեք, Կարմազինով, որ բոլորը նույնիսկ պատիվ են համարում...― չդիմացավ նույնիսկ ինքը՝ պարագլխի կինը։
― Պարոն Կարմազինով,― հանկարծ մի թարմ, դեռատի ձայն հնչեց դահլիճի խորքից։ Գավառական ուսումնարանի շատ ջահել ուսուցչի ձայնն էր, հիանալի մի երիտասարդ էր, սուսուփուս, վեհանձն, որը դեռ վերջերս հյուր էր մեզ մոտ։ Նա նույնիսկ ելել էր տեղից։― Պարոն Կարմազինով, եթե ես երջանկություն ունենայի սիրել այնպես, ինչպես դուք նկարագրեցիք մեզ, իրավ, իմ սիրո մասին չէի գրի հասարակական ընթերցման համար նախատեսված հոդվածում...
Նա նույնիկ ամբողջովին շառագունել էր։
― Պարոնայք,― ճչած Կարմագինովը։― Ես ավարտեցի։ Բաց եմ թողնում վերջը և հեռանում։ Բայց թույլ տվեք կարդալ միայն ավարտի վեց տողերը։
― «Այո, իմ բարեկամ ընթերցող, մնաս բարով,― սկսեց նա անմիջապես, ձեռագրից կարդալով և արդեն չնստելով բազկաթոռին։― Մնաս բարով, ընթերցող։ Նույնիսկ չեմ էլ պնդում, որ բաժանվենք որպես բարեկամներ, հիրավի, ինչի՞ համար անհանգստացնել քեզ։ Նույնիսկ նախատիր, օ՜, նախատիր ինձ՝ ինչքան կամենաս, եթե դա քեզ փոքր-ինչ հաճույք կպատճառի։ Բայց ամենալավն այն կլինի, եթե մոռանանք միմյանց առհավետ։ Եվ եթե դուք բոլորդ, ընթերցողներ, հանկարծ այնքան բարի գտնվեիք, որ ծնկաչոք սկսեիք հորդորել արտասվելով, թե «Գրիր, օ՜, գրիր մեզ համար, Կարմազինով, վասն հայրենյաց, վասն սերունդների, վասն դափնեպսակների», այնժամ էլ ձեզ կպատասխանեի, անշուշտ, ամենայն հարգանքով շնորհակալություն հայտնելով. «Ոչ, հերիք է, ինչքան զբաղվեցինք միմյանցով, սիրելի հայրենակիցներ, merci։ ժամանակն է, տարբեր ճամփաներով գնանք։ Merci, merci, merci»։
Կարմազինովը հանդիսավորապես խոնարհվեց և ամբողջովին կարմրատակած, ասես, խաշել էին նրան, գնաց կուլիսների ետևը։
― Ոչ ոք էլ ծունկ չի չոքի ամենևին, երևակայություն եմ ասել է՜։
― Ինչպիսի՜ անձնասիրություն։
― Դա սոսկ հումոր էր,― ուզեց ուղղել ավելի հասկացող մեկը։
― Չէ՜, մեզ ազատեք ձեր հումորից։
― Բայց և այնպես, սա հանդգնություն է, պարոնայք։
― Ծայրահեղ դեպքում, գոնե վերջացրեց։
― Էս ի՜նչ ձանձրալի բանի եկանք։
Սակայն վերջին (ի դեպ, ոչ միայն վերջին) շարքերի այս բոլոր անբարեկիրթ բացականչությունները խլացվեցին ծափահարություններով։ Բեմ էին կանչում Կարմազինովին։ Մի քանի տիկնայք Յուլիա Միխայլովնայի և պարագլխի տիկնոջ գլխավորությամբ խռնվեցին բեմի մոտ։ Յուլիա Միխայլովնայի ձեռքին մի շքեղ դափնեպսակ հայտնվեց, ճերմակ թավշյա բարձիկի վրա, մյուսին՝ թարմ վարդերից հյուսված պսակ։
― Դափնինե՜ր,― արտասանեց Կարմագինովը՝ նուրբ և թեթևակի ծաղրական ժպիտով։― Անշուշտ, ես զգացված եմ և ընդունում եմ այս նախապես պատրաստված, բայց դեռևս թառամել չհասցրած պսակը՝ կենդանի զգացումով, սակայն հավատացնում եմ ձեզ, mesdames, որ հանկարծ այնքան իրապաշտ դարձա, որ մեր դարում դափնետերևները շատ ավելի հարմար եմ գտնում տեսնել վարպետ խոհարարի, քան իմ ձեռքերում...
― Ախր, խոհարարներն ավելի են օգտակար,― բղավեց այն նույն ճեմարանականը, որը ներկա էր Վիրգինսկու տան «նիստին»։ Կարգը փոքր-ինչ խախտվեց։ Շատերը վեր թռան տեղերից՝ տեսնելու համար դափնեպսակի արարողությունը։
― Խոհարարի համար հիմա երեք տասանոց էլ կտամ,― բարձր-բարձր մեկ ուրիշ ձայն էլ հնչեց, նույնիսկ չափազանց բարձր, համառորեն բարձր։
― Ե՜ս էլ։
― Ե՜ս էլ։
― Բայց կարող է, այստեղ բուֆետ չկա։
― Պարոնայք, սա պարզապես խաբեություն էր...
Իմիջիայլոց, հարկ է ընդունել, որ բոլոր այդ սանձարձակ պարոնայք նաև լավ վախենում էին մեր բարձրաստիճաններից, նաև դահլիճում ներկա պրիստավից։ Մի կերպ, տասը րոպեի ընթացքում, բոլորը նորից տեղավորվեցին, բայց նախկին կարգուկանոնը չէր վերականգնվում։ Եվ ահա, ծայր առնող այդ քաոսի մեջ էլ ընկավ խեղճ Ստեպան Տրոֆիմովիչը...
=== IV ===
Սակայն ես մի անգամ էլ շտապեցի կուլիսների ետևը՝ նրա մոտ ու ինձ կորցրած, հասցրի նախազգուշացնել՝ որ իմ կարծիքով, ամեն ինչ խափանվել է և որ ավելի լավ կլինի՝ բեմ չմտնի բոլորովին և հենց հիմա տուն գնա, թեկուզև աղիքային սուր խանգարում պատրվակ բռնելով, իսկ ես նույնպես կհանեմ վարդակապս ու կգնամ իր հետ։ Այդ պահին նա արդեն բեմ էր մտնում, հանկարծակի կանգ առավ, բարձրամտորեն չափեց ինձ ոտից գլուխ և հանդիսավորությամբ արտաբերեց.
― Ողորմած պարոն, իսկ ինչո՞ւ եք դուք ինձ ընդունակ համարում նման փոքրոգության։
Ես նահանջեցի։ Մեկին մեկ համոզված էի, որ առանց աղետի այնտեղից դուրս չի գա։ Մինչ ես կանգնած էի՝ կատարելապես վհատված, իմ դիմաց նորից հայտնվեց եկվոր պրոֆեսորը, որի հերթը Ստեպան Տրոֆիմովիչից հետո էր և որը քիչ առաջ շարունակ բարձրացնում էր բռունցքը ևթափով իջեցնում։ Նա դեռևս նույն ձևով գնում-գալիս էր ետուառաջ, խորասուզված ու քթի տակ ինչ-որ բան մրմնջալով թունալի, սակայն ցնծացող ժպիտով։ Այստեղ ես մի տեսակ համարյա առանց մտադրվելու (այստեղ էլ սատանան ինձ դրդեց) նրան ևս մոտեցա։
― Գիտեք ինչ,― ասացի,― շատ օրինակներ կան, որ եթե ելույթ ունեցողը հասարակությանը զբաղեցնում էքսան րոպեից ավելի, հասարակությունն արդեն չի լսում։ Կես ժամ նույնիսկ ոչ մի նշանավոր չի դիմանա...
Նա մեկեն կանգ առավ և ամբողջ մարմնով ասես ցնցվեց վիրավորանքից։ Անհուն գոռոզություն էր արտահայտում նրա դեմքը։
― Մի անհանգստացեք,― մրթմրթաց նա արհամարհանքով և անցավ կողքովս։ Այդ պահին դահլիճից լսվեց Ստեպան Տրոֆիմովիչի ձայնը։
«Էհ, բոլորիդ հերն էլ անծած»,― մտածեցի ես ու շտապեցի դահլիճ։
Ստեպան Տրոֆիմովիչը նստեց բազկաթոռին, դեռևս շարունակվող իրարանցման մեջ։ Ըստ երևույթին, առաջին շարքերից նրան դիմավորեցին անբարյացակամ հայացքներ։ (Վերջին ժամանակներս ակումբում մի տեսակ դադարել էին նրան սիրել և նախկինից շատ ավելի պակաս էին հարգում)։ Իմիջիայլոց, արդեն լավ էր այն, որ չէին շվվացնում։ Տարօրինակ մի միտք ունեի դեռ երեկվանից, ինձ շարունակ թվում էր, թե նրան կշվվացնեն անմիջապես, երևալուն պես։ Այնինչ, նրան հիմա նույնիսկ չնկատեցին՝ առկա որոշ իրարանցման մեջ։ Եվ ինչի՞ վրա էր հույսը դրել այդ մարդը, եթե Կարմազինովի հետ այդպես վարվեցին։ Նա գունատ էր. տասը տարի չէր կանգնել հասարակության առաջ։ Հուզմունքից և նրա ներսում ինձ հայտնի շատ բաներից հստակ էր, որ ինքն էլ է բեմում իր հայտնվելը դիտում որպես իր ճակատագրի վճռում կամ նման մի բան։ Ահա թե ինչից էի վախենում։ Թանկ էր ինձ համար այդ մարդը։ Եվ ինչ կատարվեց ինձ հետ, երբ նա բացեց բերանն ու առաջին խոսքերն ասաց։
― Պարոնայք,― ասաց նա մեկեն, կարծես վճռելով գնալ ամեն ինչի և միաժամանակ համարյա դողդոջ ձայնով։― Պարոնայք։ Դեռևս այսօր առավոտյան իմ առաջ դրված էր վերջերս այստեղ տարածված ապօրինի թղթերից մեկը, և ես հարյուրերորդ անգամ ինձ հարց տվեցի. «Ինչի՞ մեջ է սրա գաղտնիքը»։
Միանգամից սսկվեց ամբողջ դահլիճը, բոլոր հայացքներն ուղղվեցին նրան, մի քանիսը՝ երկյուղով։ Բան չունեմ ասելու, կարողացավ հետաքրքրություն հարուցել առաջին իսկ խոսքից։ Նույնիսկ կուլիսների ետևից գլուխներ պարզվեցին, Լիպուտինը և Լյամշինն ագահորեն ականջ էին դրել։ Յուլիա Միխայլովնան նորից ձեռքով արեց ինձ.
― Կանգնեցրեք, ինչ գնով ուզում է լինի, կանգնեցրեք,― շշնջաց նա տագնապով։ Ես միայն ուսերս թոթվեցի՝ մի՞թե կարելի էր կանգնեցնել այլևս վճռած մարդուն։ Ավա՜ղ, ես հասկացել էի Ստեպան Տրոֆիմովիչին։
― Էհե՜, թռուցիկների մասին է,― շշնջացին դահլիճում, ամբողջ սրահն ալիքվեց։
― Պարոնայք, ես պարզել եմ ամբողջ գաղտնիքը։ Թողած էֆեկտի ամբողջ գաղտնիքը դրանց հիմարության մեջ է։ (Նրա աչքերը փայլատակեցին)։ - Այո, պարոնայք, լիներ դա կանխամտածված հիմարություն, հաշվարկով կեղծված հիմարություն՝ օ՜, այդ մեկը նույնիսկ հանճարեղ կլիներ։ Բայց հարկ է կատարյալ արդարությունը հատուցել նրանց, նրանք ոչինչ չեն կեղծել։ Դա ամենամերկացված, ամենապարզամիտ, ամենահակիրճ հիմարությունն է՝ cest la betise dans son essence la plus pure, quelque chose comme un simple chimique<ref>Դա հիմարություն է իր ամենամաքրագույն էությամբ, քիմիական տարրի պես մի բան (ֆրանս.)։</ref>։ Մի կաթիլ անգամ խելացի ասված լիներ, և ասեն ոք իսկույն կտեսներ այդ համառոտ հիմարության համակ թշվառությունը։ Բայց հիմա բոլորը դեմ են առնում տարակուսած, ոչ ոք չի հավատում, որ դա ի սկզբանե այդքան է հիմար։ «Չի կարող պատահել, որ այստեղ ուրիշ ոչինչ չլինի»,― ինքն իրեն ասում է յուրաքանչյուրը և գաղտնիք է որոնում, խորհուրդ տեսնում, ուզում է կարդալ տողերի արանքը՝ էֆեկտը ձեռք է բերված։ Օ՜, դեռևս երբեք հիմարությունն այսպիսի ցնծալի պարգև չի ստացել, չնայած որ շատ հաճախ է արժանի եղել դրան... քանզի, en parenthese<ref>Իմիջիայլոց (ֆրանս.)։</ref>, հիմարությունը, ինչպես և բարձրագույն հանճարը, միանման օգտակար են մարդկության ճակատագրում...
― Քառասնական թվականների բառախաղեր,― հնչեց ինչ-որ մեկի, ի դեպ, համեստ ձայնը, բայց դրանից հետո ամեն ինչ կարծես պոկվեց տեղից։ Աղմկեցին, ժխոր բարձրացավ։
― Պարոնայք, ուռա՜։ Ես առաջարկում եմ հիմարության կենացը,― բղավեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ արդեն կատարելապես մոլեգնած, քամահրելով դահլիճը։
Ես մոտ վազեցի նրան՝ բաժակը ջուր լցնելու պատրվակով։
― Ստեպան Տրոֆիմովիչ, վերջացրեք, Յուլիա Միխայլովնան աղաչում է...
― Ոչ, դուք ինձ հանգիստ թողեք, պարապ-սարապ երիտասարդ,― կոկորդով մեկ բղավելով՝ նետվեց վրաս։ Ես փախա։― Messieurs<ref>Պարոնայք (ֆրանս.)։</ref>,― շարունակեց նա,― ինչի՞ համար է այս հուզմունքը, ինչի՞ համար են զայրույթի բացականչությունները, որոնք լսում եմ։ Ես եկել եմ ձիթենու ճյուղով։ Ես ձեզ եմ բերել վերջին խոսքը, քանզի այս գործում վերջին խոսքի տերն եմ, և մենք կհաշտվենք։
― Կորչի՜,― բղավում էին ոմանք։
― Լռե՜ք, թող խոսի, թողեք մինչև վերջ ասի՜,― բղավում էին մյուսները։ Հատկապես հուզված էր ջահել ուսուցիչը, որը սիրտ անելով մի անգամ խոսել, կարծես արդեն չէր կարողանում կանգ առնել։
― Messieurs, այս գործի վերջին խոսքը՝ լիակատար ներումն է։ Ես կյանքս ապրած ծերունի եմ, ես հանդիսավորապես հայտարարում եմ, որ կյանքի ոգին սավառնում է առաջվա պես, և կենդանի ուժը չի սմքել երիտասարդ սերնդի մեջ։ Ժամանակակից պատանեկության եռանդը նույնքան վճիտ է և լուսավոր, ինչպես մեր ժամանակներում։ Կատարվել է լոկ մի բան. նպատակների տեղափոխում, մի գեղեցկության փոխարինումը մյուսով։ Ամբողջ երկմտությունը սոսկ մի բան է, թե որն է ավելի սքանչելի՝ Շեքսպի՞րը, թե սապոգները, Ռաֆայե՞լը, թե նավթաեռը։
― Սա մատնությո՞ւն է,― մրթմրթում էին ոմանք։
― Վարկաբեկիչ հարցեր են։
― Agent-provocateur!<ref>Գործակալ-սադրիչ (ֆրւսնս.)։</ref>։
― Իսկ ես հայտարարում եմ, որ Շեքսպիրը և Ռաֆայելը վեր են գյուղացիների ազատագրումից, վեր են ժողովրդականությունից, վեր են սոցիալիզմից, վեր են պատանի սերնդից, վեր են քիմիայից, վեր են համարյա ամբողջ մարդկությունից, քանզի նրանք արդեն համայն մարդկության պտուղն են, իսկական պտուղը, թերևս բարձրագույն պտուղը, որպիսին կարող է միայն լինել։ Գեղեցկության ձևն արդեն ձեռք է բերված, առանց որի գուցեև ապրել չեմ համաձայնի ես... Օ՜, Աստված,― ձեռքերն իրար զարկեց նա,― տասը տարի առաջ ճիշտ այսպես բղավում էի Պետերբուրգում, բեմից, միևնույն բանն ու նույն բառերը, և ճիշտ այսպես նրանք ոչինչ չէին հասկանում, ծիծաղում և աղմկում էին, ինչպես հիմա, գաճաճ մարդիկ, ի՞նչն է ձեզ պակասում՝ հասկանալու համար։ Գիտե՞ք արդյոք, դուք գիտե՞ք արդյոք, որ առանց անգլիացու մարդկությունը դեռևս կարող է ապրել, առանց Գերմանիայի կարելի է, առանց ռուս մարդու շատ հնարավոր է, առանց գիտության կարելի է, առանց հաց կարելի է, լոկ միայն առանց գեղեցկության է անհնար, քանզի ոչնչից ոչինչ չի մնա անելու երկրիս երեսին։ Ամբողջ գաղտնիքը սա է, ամբողջ պատմությունը սա է։ Գիտությունն իսկ մի րոպե չի դիմանա առանց գեղեցկության՝ այս մասին գիտե՞ք արդյոք, ծիծաղողներ, կվերածվի բռիության, մի մեխ անգամ չեք հորինի... Չե՜մ զիջելու,― անհեթեթ ճչաց նա վերջում և բռունցքն ամբողջ թափով խփեց սեղանին։
Սակայն մինչ նա կճղճղար անիմաստ և խառնիխուռն, խախտվում էր կարգուկանոնը դահլիճում։ Շատերը վեր թռան տեղերից, ոմանք խուժեցին առաջ, բեմին մոտ։ Ընդհանրապես, այս ամենը կատարվեց շատ ավելի արագ, քան նկարագրում եմ, և չհասցրին միջոցներ ձեռնարկել։ Գուցե նաև չկամեցան։
― Ձեզ համար լավ է ամեն ինչ պատրաստ առաջներդ դնեն, երեսառածնե՜ր,― հենց բեմի մոտ ոռնաց նույն ճեմարանականը ատամները հաճույքով մերկացրած Ստեպան Տրոֆիմովիչի վրա։ Վերջինս նկատեց և մոտ ցատկեց ուղիղ բեմեզրին.
― Ես չէի՞, արդյոք, նոր ե՞ս չհայտարարեցի, որ երիտասարդ սերնդի եռանդը նույնքան մաքուր է և լուսավոր, ինչպես եղել է և որ նա կործանվում է՝ սխալվելով միայն գեղեցիկի ձևերում։ Քի՞չ է ձեզ։ Ու եթե վերցնենք, որ դա հռչակեց սպանված, վիրավորված հայրը, ապա մի՞թե, օ՜, գաճաճներ, մի՞թե կարելի է վեր կանգնել անաչառությամբ և հայացքի հանգստությամբ... Երախտամոռնե՜ր... անիրավացինե՜ր... ինչի՞, ինչի՞ համար չեք ուզում հաշտվել...
Եվ նա հանկարծ հեկեկաց հիստերիկ։ Մատներով սրբում էր հոսող արցունքները։ Ուսերը և կուրծքը ցնցվում էին հեկեկոցներից... Նա ամեն ինչ մոռացել էր աշխարհում։
Իսկական վախ համակեց հասարակությանը, համարյա բոլորը ելան տեղերից։ Արագ վեր թռավ նաև Յուլիա Միխայլովնան՝ թևանցուկ անելով ամուսնուն և բարձրացնելով նրան բազկաթոռից... Չտեսնված խայտառակություն էր ստացվում։
― Ստեպան Տրոֆիմովիչ,― բերկրանքով ոռնաց ճեմարանականը։― Այստեղ, քաղաքում և արվարձաններում հիմա թափառում է տաժանավայրից փախած Ֆեդկա Կատորժնին։ Նա թալանում է, վերջերս նաև նոր սպանություն կատարեց։ Թույլ տվեք հարցնել, եթե տասնհինգ տարի առաջ դուք նրան ռեկրուտ հանձնած չլինեիք, որպես թղթախաղի պարտքի վճար, այսինքն, ուղղակի չտարվեիք թղթախաղում, տաժանավայր կընկնե՞ր նա, մարդկանց կմորթոտե՞ր հիմա գոյության պայքարում։ Ի՞նչ կասեք, պարոն գեղագետ։
Ես հրաժարվում եմ նկարագրել հաջորդած տեսարանը։ Նախ, մոլեգին ծափեր թնդացին։ Ծափահարում էին ոչ բոլորը, դահլիճի մեկ հինգերորդ մասը, բայց ծափահարում էին կատաղած։ Մնացած ամբողջ հասարակությունը խուժեց դեպի ելքը, բայց քանի որ ծափահարող մասը խռնվում էր առաջ՝ դեպի բեմ, դրանից էլ համընդհանուր իրարանցում առաջացավ։ Տիկնայք ճչում էին, մի քանի օրիորդ լաց եղան և խնդրում էին տուն գնալ։ Իր աթոռի մոտ կանգնած Լեմբկեն վայրենատեսք ու վրա-վրա շուրջն էր նայում։ Յուլիա Միխայլովնան լիովին կորցրել էր իրեն՝ առաջին անգամ մեզ մոտ հաստատվելուց հետո։ Ինչ վերաբերում է Ստեպան Տրոֆիմովիչին, աապա առաջին պահ նա, թվում է, տառացիորեն ճզմված էր ճեմարանականի խոսքերից, բայց հանկարծ բարձրացրեց երկու ձեռքը, կարծես պարզելով հասարակության վրա, և բղավեց.
― Թոթափում եմ ոտքերիս փոշին և նզովում եմ... Վերջ... վերջ...
Եվ շրջվելով՝ վազեց կուլիսների ետևը՝ ձեռքերը թափահարելով և սպառնալով։
― Նա վիրավորեց հասարակությանը... Վերխովենսկո՜ւն,― ոռնացին կատաղածները։ Ուզեցին նույնիսկ ընկնել նրա ետևից։ Զսպելն անհնար էր, համենայն դեպս, այդ րոպեին, և հանկարծ, վերջնական աղետը ռումբի պես պայթեց ժողովվածների վրա ու տրաքեց մեջտեղում, երրորդ ճառախոսը՝ այն մոլագարը, որը շարունակ բռունցքն էր թափահարում կուլիսներում, բեմ վազեց հանկարծ։
Կատարյալ խելագարի տեսք ուներ։ Լայնաբերան, ցնծագին ժպիտով, լի անսահման ինքնավստահությամբ՝ հայացք ձգեց փոթորկված դահլիճին և թվաց, ինքն էլ է ուրախ իրարանցումից։ Նրան ամենևին չէր շփոթեցնում, որ ստիպված է ելույթ ունենալ այդպիսի խառնաշփոթի մեջ, ընդհակառակն, ըստ երևույթին, ուրախացնում էր։ Դա այնքան էր ակնբախ, որ իսկույն ուշադրություն գրավեց։
― Սա ի՞նչ նոր բան էր,― հարցեր հնչեցին,― ո՞վ է այս մարդը։ Սը՜սս, ի՞նչ է ուզում ասել։
― Պարոնայք,― ամբողջ ուժով բղավեց մոլագարը՝ կանգնած ուղիղ բեմեզրին ու համարյա նույն ճղճղան-կանացի ձայնով, ինչ Կարմազինովը, միայն թե առանց ազնվականական սվսվոցի։― Պարոնա՜յք։ Քսան տարի առաջ, կես-Եվրոպայի հետ պատերազմի նախօրեին, Ռուսաստանն իդեալի պես էր կանգնած պետական և գաղտնի բոլոր խորհրդականների աչքերում։ Գրականությունը ծառայում էր գրաքննությանը, համալսարաններում դասավանդվում էր քայլավարժություն։ Զորքը վերածվել էր բալետի, իսկ ժողովուրդը տուրքերն էր վճարում և լռում ճորտատիրական իրավունքի մտրակի տակ։ Հայրենասիրությունը վերածվեց կենդանի-մեռածից կաշառք պլոկելու։ Կաշառք չվերցնողները համարվեցին խռովարարներ, որովհետև խախտում էին ներդաշնակությունը։ Կեչու անտառակներ ոչնչացվեցին՝ օգնելու կարգուկանոնին։ Եվրոպան սրսփում էր... Սակայն Ռուսաստանը երբեք, իր ամբողջ կյանքի անիմաստ հազարամյակի ընթացքում չէր հասել նման խայտառակության...
Նա բարձրացրեց բռունցքը՝ ցնծագին ու ահեղատեսք թափահարելով գլխից վեր ու հանկարծ մոլեգնորեն ցած թողեց, ասես ջարդուփշուր անելով հակառակորդին։ Ամեհի ոռնոց հնչեց բոլոր կողմերից, խլացուցիչ ծափահարություններ թնդացին։ Ծափահարում էր արդեն համարյա դահլիճի կեսը, հափշտակվել էին ամենաանմեղ եղանակով, պատվազրկվում էր Ռուսաստանը հրապարակավ, հանրության առաջ, և մի՞թե կարելի էր չոռնալ հիացմունքից։
― Այ, սա գո՜րծ էր։ Այ, սա բան էր։ Ուռա՜։ Չէ, սա արդեն գեղագիտություն չէ։
Մոլագարը շարունակեց զմայլված.
― Այն ժամանակներից անցել է քսան տարի։ Համալսարանները բաց են ու բազմացած։ Քայլվավարժությունն առասպել է դարձել, սպաներ չեն հերիքում համալրման համար՝ հազարներով։ Երկաթուղիները կերել են ամբողջ կապիտալները և սարդոստայնի պես պատել Ռուսաստանը, այնպես որ մի տասնհինգ տարի հետո կարելի է, թերևս, ինչ-որ տեղ գնալ-գալ։ Կամուրջները վառվում են սոսկ հազվադեպ, իսկ քաղաքները կրակվում են ճշտությամբ, հերթով սահմանված կարգով, հրդեհների շրջանին։ Դատարաններում սողոմոնյան վճիռներ են կայացվում, իսկ երդվյալները կաշառքներ են վերցնում միմիայն գոյության պայքարում, երբ ստիպված են լինում մեռնել քաղցից։ Ճորտերն ազատության մեջ են և իրար են դնգսում ճիպոտներով, նախկին կալվածատերերի փոխարեն։ Օղու ծովեր ու օվկիանոսներ են խմվում՝ բյուջեին օգնելու, իսկ Նովգորոդում՝ հնամենի և անօգուտ Սոֆիայի դիմաց հանդիսավորապես կանգնեցվել է բրոնզե վիթխարի մի գունդ՝ ի հիշատակ անկարգության և անիմաստության արդեն անցած հազարամյակին։ Եվրոպան խոժոռվում է ու նորից սկսում անհանգստանալ։ Տասնհինգ տարի՝ բարեփոխումնե՜ր։ Այնինչ, Ռուսաստանը երբեք, նույնիսկ իր անմտության ամենածաղրանկարային շրջաններում, չէր հասել...
Վերջին բառերը լսել անգամ չէր լինի ամբոխի ոռնոցի մեջ։ Երևաց, թե ինչպես նորից բարձրացրեց ձեռքը և հաղթականորեն մի անգամ էլ իջեցրեց։ Ցնծությունն անցավ բոլոր սահմանները, գոռում էին, ծափ զարկում, նույնիսկ տիկնանցից ոմանք բղավեցին. «Բավակա՜ն է։ Ավելի լավ ոչինչ չեք ասի»։ Հարբածի պես էին։ Հռետորն աչք ածեց բոլորին ու կարծես հալվում էր սեփական ցնծությունից։ Հպանցիկ տեսա, որ անասելի հուզված Լեմբկեն ինչ-որ բան է կարգադրում ինչ-որ մեկին։ Լրիվ գունատված Յուլիա Միխայլովնան փութով ինչ-որ բան էր ասում մոտ վազած իշխանին... Բայց այդ րոպեին մի վեց հոգի, շատ թե քիչ պաշտոնական մարդկանց մի խումբ, կուլիսներից բեմ խուժեց, բռնեց հռետորին և քարշ տվեց բեմի ետևը։ Չեմ հասկանում, թե ինչպես կարող էր պոկվել նա, բայց պոկվեց, կրկին ցատկեց բեմեզրին և հասցրեց ամբողջ ուժով բղավել՝ թափ տալով բռունցքը.
― Բայց Ռուսաստանը դեռ երբեք չէր հասել...
Սակայն արդեն նրան քարշ տվեցին նորից։ Տեսա, թե ինչպես մի տասնհինգ հոգի նետվեցին գուցեև նրան ազատելու՝ կուլիսների ետևը, բայց ոչ բեմի վրայով, այլ կողքից՝ փշրելով բարակ միջնորմը, այնպես որ միջնորմն ընկավ... Հետո տեսա՝ աչքերիս չհավատալով, որ հանկարծ չգիտես որտեղից, բեմահարթակ նետվեց ուսանողուհին (Վիրգինսկու ազգականուհին)՝ նույն իր կապուկը կռնատակին, ճիշտ նույնպես հագնված, նույնքան կարմրատակած, նույնքան կուշտուկուռ, շրջապատված երկու-երեք կանանցով, երկու-երեք տղամարդկանցով, իր մահացու թշնամի ճեմարանականի ուղեկցությամբ։ Հասցրի լսել նույնիսկ նրա ասածը.
― Պարոնայք, ես եկել եմ, որ հայտարարեմ տարաբախտ ուսանողների տառապանքների մասին և ամենուրեք նրանց արթնացնեմ բողոքի։
Սակայն ես վազեցի։ Վարդակապս թաքցրի գրպանում և ինձ հայտնի ետնամուտքերով տնից դուրս պրծա փողոց։ Ամենից առաջ, անշուշտ, Ստեպան Տրոֆիմովիչի մոտ։
-----
<references />
== Գլուխ երկրորդ. Տոնախմբության ավարտը ==