Changes

Դևեր, Մասն երրորդ

Ավելացվել է 110 738 բայտ, 17:41, 26 Փետրվարի 2015
/* Գլուխ երկրորդ. Տոնախմբության ավարտը */
== Գլուխ երկրորդ. Տոնախմբության ավարտը ==
 
=== I ===
 
Նա չընդունեց ինձ։ Փակվել և գրում էր։ Իմ երկրորդ զանգին և կանչին պատասխանեց դռան արանքից.
 
― Բարեկամս, ես ամեն ինչ վերջացրի, ո՞վ կարող է ավելին պահանջել ինձնից։
 
― Դուք ոչինչ չվերջացրիք, այլ նպաստեցիք, որ ամեն ինչ տապալվի։ Ի սեր Աստծո, առանց բառախաղերի, Ստեպան Տրոֆիմովիչ, բաց արեք։ Հարկավոր է միջոցներ ձեռնարկել, կարող է դեռ ձեզ մոտ գան ու վիրավորեն ձեզ...
 
Ես ինձ իրավունք վերապահեցի լինել առանձնապես խիստ և անգամ խստապահանջ։ Վախենում էի, որ առավել խելացնոր որևէ բան կձեռնարկի։ Սակայն, ի զարմանս, անսովոր հաստատակամության հանդիպեցի։
 
― Ուրեմն, առաջինը մի վիրավորեք ինձ։ Շնորհակալ եմ ձեզ՝ նախկին ամեն ինչի համար, բայց կրկնում եմ, որ ես ամեն ինչ վերջացրել եմ մարդկանց հետ՝ չար, թե բարի։ Ես նամակ եմ գրում Դարյա Պավլովնային, ում այնպես աններելի մոռացել էի մինչև հիմա։ Վաղը կտանեք դա, եթե կամենում եք, իսկ հիմա՝ «merci»։
 
― Ստեպան Տրոֆիմովիչ, հավատացնում եմ, որ բանն ավելի լուրջ է, քան դուք եք կարծում։ Կարծում եք, թե ինչ-որ մեկին այնտեղ ջախջախե՞լ եք։ Ոչ ոքի չեք ջախջախել, այլ ինքներդ եք փշրվել, դատարկ սրվակի պես (օ՜, ես կոպիտ էի և անբարեկիրթ՝ հիշում եմ դառնությամբ)։ Դարյա Պավլովնային գրելու պետք չունեք վճռականապես... և ի՞նչ պիտի անեք հիմա, առանց ինձ։ Ի՞նչ եք հասկանում գործնականորեն։ Հաստատ, էլի ինչ-որ բա՞ն եք մտմտում։ Դուք սոսկ մի անգամ էլ կտապալվեք, եթե ինչ-որ բան մտմտում եք...
 
Նա վեր կացավ և մոտեցավ ուղիղ դռանը։
 
― Դուք քիչ մնացիք նրանց հետ, բայց վարակվել եք նրանց լեզվից և տոնից։ Die vous pardonne, mon ami, et Dieu vous garde<ref>Թող ների ձեզ Աստված, բարեկամս, և Աստված ձեզ պահապան (ֆրանս.)։</ref>։ Ես միշտ ձեր մեջ նկատել եմ օրինավորության սաղմեր և դուք գուցեև դեռ խելքի գաք՝ après le temps<ref>Ժամանակի ընթացքում (ֆրանս.)։</ref>, անշուշտ, ինչպես և մենք բոլորս՝ ռուսներս։ Իմ անգործնականության վերաբերյալ ձեր դիտողության մասին կհիշեցնեմ վաղուցվա մտքերիցս մեկը, մեզ մոտ՝ Ռուսաստանում, ահռելի քանակությամբ մարդիկ զբաղված են հենց նրանով, որ ամենից կատաղի և մի հատուկ ձանձրացումով, ամռան ճանճերի պես, հարձակվում են ուրիշների անգործունակության վրա, դրա մեջ մեղադրելով յուրաքանչյուրին և բոլորին, բացի միայն իրենցից։ Cher, հիշեցեք, որ հուզմունքի մեջ եմ ու մի տանջեք ինձ։ Մեկ անգամ ևս merci ամեն ինչի համար և բաժանվենք իրարից, ինչպես Կարմազի-նովը հասարակությունից, այսինքն՝ մոռանանք միմյանց հնւս-րավորինս մեծահոգաբար։ Խորամանկում էր նա՝ իր նախկին ընթերցողներին չափից ավելի խնդրելով մոռանալ, quanta moi<ref>Ինչ վերաբերում է ինձ (ֆրանս.)։</ref>, ես այդչափ անձնապաշտ չեմ և ամենից շատ հույս ունեմ ձեր անարատ սրտի ջահելության վրա. ի՞նչ պիտի երկար հիշեք անօգտակար ծերուկին։ «Ավելի երկար ապրեք», բարեկամս, ինչպես ինձ ցանկացավ նախորդ անվանակոչությանը Նաստասիան (ces puvres gens ont quelquefois des mots charmants et pleins de philosophie<ref>Այդ չքավոր մարդիկ երբեմն սքանչելի արտահայտություններ են ունենում՝ լի փիլիսոփայական իմաստով (ֆրանս.)։</ref>)։ Շատ երջանկություն չեմ ցանկանում ձեզ՝ կձանձրացնի, փորձանք էլ չեմ ցանկանում, այլ ժողովրդական փիլիսոփայությանը հետևելով, կկրկնեմ պարզապես. «Ավելի շատ ապրեք» և մի կերպ աշխատեք շատ չձանձրանալ, այս մի ապարդյուն ցանկությունն էլ ավելացնեմ իմ կողմից։ Դե, մնաք բարով և մնաք բարով լրջորեն։ Եվ մի կանգնեք իմ դռան մոտ, բացողը չեմ։
 
Նա ետ գնաց և ես ուրիշ ոչնչի չհասա։ Չնայած «հուզմունքին», խոսում էր սահուն, անշտապ, ծանրակշիռ և, ըստ երևույթին, ջանալով ներազդել։ Անշուշտ, նա փոքր-ինչ դառնացած էր ինձնից և մասամբ վրեժ էր լուծում, թերևս նաև երեկվա «ծածկասայլերի» և «հատակի ծուռ տախտակների» համար։ Իսկ սույն առավոտի հրապարակավ արցունքները, չնայած որոշ իմաստով հաղթանակին, նրան թողել էին փոքր-ինչ կոմիկական վիճակի մեջ՝ ինքը դա գիտեր, այնինչ, չկար մեկ այլ մարդ, որ այդչափ հոգար բարեկամների հետ փոխհարաբերությունների գեղեցկության և խստաբարո ձևերի մասին, որքան Ստեպան Տրոֆիմովիչը։ Օ՜, ես չեմ մեղադրում նրան։ Բայց չնայած բոլոր ցնցումներին, նրա մեջ մնացած հենց այդ բծախնդրությունը և ծաղրականությունն այն ժամանակ ինձ հանգստացրին, ըստ երևույթին, առօրեականի հանդեպ այդքան քիչ փոխված մարդը, հարկավ, այդ պահին հակված չէ որևիցե ողբերգական կամ անսովոր քայլի։ Այդպես խորհեցի այն ժամանակ և, Աստվա՜ծ իմ, ինչպես սխալվեցի։ Չափից ավելի բան էի աչքաթող արել...
 
Իրադարձություններից առաջ անցնելով, մի քանի տող մեջբերեմ Դարյա Պավլովնային ուղղված այդ նամակից, որը նա, իսկապես, վաղն ևեթ ստացավ։
 
«Mon enfant<ref>Զավակս (ֆրանս.)։</ref>, դողում է ձեռքս, բայց ես ամեն ինչ ավարտեցի։ Դուք չկայիք մարդկանց հետ իմ վերջին մենամարտին, դուք չեկաք այդ «ընթերցմանը» և լավ արեցիք։ Սակայն ձեզ կպատմեն, որ անհատականություններից սմքած մեր Ռուսաստանում ոտքի ելավ մի եռանդուն մարդ և չնայած բոլոր կողմերից իր վրա տեղացող մահացու սպառնալիքներին, այդ հիմարիկներին ասաց նրանց իսկ ճշմարտությունը, այն է, որ իրենք հիմարիկներ են։ Օ, ce sont des pauvres petits vauriens et rien de plus des petits հիմարիկներ - voila le mot!<ref>Դրանք ողորմելի, մանր սրիկաներ են և ուրիշ ոչինչ, ողորմելի հիմարներ, այդպես է որ կա (ֆրանս.)։</ref>։ Վիճակը նետված է, ես գնում եմ այս քաղաքից ընդմիշտ և չգիտեմ՝ ուր։ Բոլորը, ում սիրում էի, երես են դարձրել ինձնից։ Սակայն դուք, դուք, մաքուր և միամիտ արարած, դուք՝ հեզ մի անձնավորություն, ում ճակատագիրը քիչ էր մնացել միանար իմին՝ քմահաճ և ինքնիշխան սրտի կամոք, դուք, որ թերևս արհամարհանքով էիք նայում, երբ ես փոքրոգի արցունքներ էի թափում մեր չկայացած պսակադրության նախօրեին, դուք, ով էլ լինեք, չեք կարող ինձ նայել այլ կերպ, քան որպես զավեշտահարույց մեկին, օ՜, ձեզ, ձեզ եմ հղում իմ սրտի վերջին ճիչը, իմ վերջին պարտքը, միա՛յն ձեզ։ Ես չեմ կարող ձեզ առհավետ թողնել իմ, որպես անշնորհակալ հիմար, անտաշ ու եսամոլ մեկի մասին ձեր մտքերի հետ, ինչպես, հավանաբար, ամեն օր ձեզ պնդում է մի երախտամոռ ու դաժան սիրտ, որը, ավաղ, չեմ կարող մոռանալ...»։
 
Եվ այսպես շարունակ, շարունակ, խոշոր չափի չորս էջ լրիվ։
 
Բռունցքով երեք անգամ խփելով նրա դռանը, ի պատասխան «չեմ բացելու» նրա մերժումին ու բղավելով, որ հենց այսօր Նաստյային երեք անգամ ուղարկելու է՝ ինձ կանչելու, բայց արդեն ես չեմ գա, թողեցի նրան և շտապեցի Յուլիա Միխայլովնայի մոտ։
 
=== II ===
 
Այստեղ ականատեսը դարձա զայրացուցիչ մի տեսարանի. խեղճ կնոջը խաբում էին՝ երեսին նայելով, իսկ ես ոչինչ չէի կարող անել։ Իրականում ի՞նչ կարող էի ասել նրան։ Արդեն հասցրել էի փոքր-ինչ ուշքի գալ և կշռադատել, որ լոկ ինչ-ինչ զգացողություններ ունեմ, կասկածելի կանխազգացումներ, և ոչինչ ավելին։ Ես նրան տեսա արտասվելիս, համարյա հիստերիկ վիճակում, օդըկոլոնի թրջոցներով, ջրի բաժակը ձեռքին։ Նրա դիմաց կանգնած էր Պյոտր Ստեպանովիչը, որը խոսում էր՝ առանց լռելու, և իշխանը, որ լուռ էր, ասես փակի տակ։ Յուլիա Միխայլովնան արտասվախառն ու բղավոցներով կշտամբում էր Պյոտր Ստեպանովիչին՝ «ուխտադրժության» համար։ Ինձ անմիջապես զարմացրեց, որ այս առավոտվա ամբողջ անհաջողությունը, ամբողջ խայտառակությունը, մի խոսքով, ամեն ինչ նա վերագրում էր սոսկ Պյոտր Ստեպանովիչի բացակայությանը։
 
Իսկ Պյոտր Ստեպանովիչի մեջ նկատեցի կարևոր մի փոփոխություն, կարծես ինչ-որ բանով շատ էր մտահոգ նա, համարյա թե լուրջ։ Սովորաբար, երբեք լուրջ չէր թվում նա, միշտ ծիծաղում էր, նույնիսկ չարանալիս, իսկ չարանում էր հաճախ։ Օ՜, նա հիմա էլ էր չարացած, խոսում էր կոպիտ, անփույթ, զայրույթով ու անհամբերությամբ։ Հավատացնում էր, թե գլխացավ ու սրտխառնուք է ունեցել Գագանովի բնակարանում, ուր շտապ մտել էր պատահաբար վաղ առավոտյան։ Ավաղ, խեղճ կինը շատ էր ուզում նորից խաբված լինել։ Սեղանի շուրջ քննարկվող գլխավոր հարցը հետևյալն էր. լինի՞, թե՝ չլինի պարահանդեսը, այն է՝ տոնախմբության ամբողջ երկրորդ կեսը։ Յուլիա Միխայլովնան հանուն և ոչնչի չէր համաձայնում հայտնվել պարահանդեսին, «քիչ առաջվա վիրավորանքներից» հետո, այլ խոսքով, ամբողջ ուժով ցանկանում էր պարտադրված լինել ու անպայման Պյոտր Ստեպանովիչի կողմից։ Վերջինիս էր նայում, որպես մի գուշակի, և թվում էր, հենց նա հիմա հեռանար, անկողին էր մտնելու։ Սակայն Պյոտր Ստեպանովիչը չէր էլ ուզում հեռանալ, նրան էլ էր հարկավոր ամբողջ ուժով պնդել, որ պարահանդեսը կայանա այսօր և որ Յուլիա Միխայլովնան անպայման ներկա լինի... .
 
― Դե, ի՞նչ կարիք կա լաց լինելու։ Ձեզ անպայման բե՞մ է հարկավոր։ Չարացածությունը մեկնումեկի վրա թափելո՞ւ։ Ուրեմն, ինձ վրա թափեք, միայն թե շուտ, որովհետև ժամանակն անցնում է, իսկ վճռել պետք է։ Փչացրինք ընթերցմամբ, Կզարդարենք պարահանդեսով։ Ահա, իշխանն էլ է նույն կարծիքին։ Այ-յո, չլիներ իշխանը, ինչո՞վ էր վերջանալու այնտեղ։
 
Իշխանը սկզբում դեմ էր պարահանդեսին (այսինքն, Յուլիա Միխայլովնայի հայտնվելուն այնտեղ, իսկ պարահանդեսը, համենայն դեպս, պիտի կայանար), բայց կարծիքը երկու-երեք անգամ այդպես վկայակոչելուց հետո նա կամաց-կամաց սկսեց թնչացնել՝ ի նշան համաձայնության։
 
Ինձ զարմացրեց նույնպես Պյոտր Ստեպանովիչի անսովոր անքաղաքավարի տոնը։ Օ՜, ես զայրույթով ժխտում եմ ստոր բամբասանքը, որ տարածվեց հետո արդեն Պյոտր Ստեպանովիչի հետ Յուլիա Միխայլովնայի ինչ-ինչ կապերի մասին։ Նման ոչինչ չկար ու չէր էլ կարող լինել։ Յուլիա Միխայլովնայի վրա նա ազդում էր լոկ նրանով, որ ամբողջ ուժով հենց սկզբից համաձայնում էր նրա հետ՝ հասարակության և մինիստրության վրա ներազդելու նրա երազանքներում, մտել էր տիկնոջ ծրագրումների մեջ, ինքն էլ էր հորինում նրա համար, գործում կոպտագույն շողոքորթությամբ, ոտից գլուխ ցանցերով էր պատել նրան ու դարձել օդի պես անհրաժեշտ։
 
Ինձ տեսնելով, Յուլիա Միխայլովնան բղավեց աչքերը շողացնելով.
 
― Ահա, նրան հարցրեք, նա նույնպես ամբողջ ժամանակ չի հեռացել ինձնից, ինչպես և իշխանը։ Ասացեք, բացահայտ չէ՞, որ այս ամենը դավադրություն է, ստոր, խորամանկ դավադրություն, որպեսզի հնարավոր ամեն չարություն արվի իմ և Անդրեյ Անտոնովիչի նկատմամբ։ Օ՜, նրանք պայմանավորվել էին։ Օրագիր ունեին նրանք։ Դա կուսակցություն է, ամբողջ մի կուսակցություն։
 
― Հեռուները գնացիք, ինչպես և միշտ։ Մշտապես մի պոեմ կա գլխում։ Ի դեպ, ես ուրախ եմ, տեսնելու պարոն... (ձևացրեց, թե մոռացել է անունս), նա մեզ կասի իր կարծիքը։
 
― Իմ կարծիքը,― շտապեցի ես,― ամեն ինչով համընկնում է Յուլիա Միխայլովնայի կարծիքին։ Չափից ավելի բացահայտ դավադրություն էր։ Այս վարդակապը բերել եմ ձեզ, Յուլիա Միխայլովնա։ Կկայանա, թե չի կայանա պարահանդեսը, հարկավ, իմ գործը չէ, որովհետև իմ իշխանությունից դուրս է, սակայն իմ դերը, որպես կարգադրիչ, ավարտված է։ Ներեցեք իմ տաքարյունությունը, բայց ես չեմ կարող գործել ի վնաս ողջամտության և համոզմունքի։
 
― Լսում եք, լսում եք,― ափն ափին զարկեց Յուլիա Միխայլովնան։
 
― Լսեցի, և ահա թե ինչ կասեմ ձեզ,― ինձ դարձավ Պյոտր Ստեպանովիչը,― կարծում եմ, որ բոլորդ ինչ-որ բան եք կերել, որից բոլորդ էլ զառանցանքի մեջ եք։ Իմ կարծիքով, ոչինչ էլ չի կատարվել, ոչ մի այնպիսի բան, ինչ չէր եղել նախկինում և ինչ չէր կարող կատարվել այս քաղաքում։ Ի՞նչ դավադրություն։ Գեշ բան է եղել, խայտառակության աստիճան տխմար, բայց դավադրությունս ո՞րն է։ Այն էլ Յուլիա Միխայլովնայի՝ նրանց շփացրած, նրանց հովանավորուհու, նրանց բոլոր դպրոցական արարքներն անխտիր ներողի դե՞մ։ Յուլիա Միխայլովնա։ Ի՞նչ էի ձեր գլուխը լցնում ամբողջ մի ամիս՝ առանց լռելու։ Ինչի՞ց էի նախազգուշացնում։ Ձեր ինչի՞ն, ինչի՞ն էր պետք այդ ամբողջ ժողովուրդը։ Շատ պետք էր կապվել մարդուկների հետ։ Ինչի՞ համար, հանուն ինչի՞։ Հասարակությունը միավորելո՞ւ։ Բայց մի՞թե նրանք կմիավորվեն, ողորմած եղեք։
 
― Իսկ ե՞րբ եք դուք ինձ նախազգուշացրել։ Ընդհակառակը, դուք հավանություն էիք տալիս, նույնիսկ պահանջում էիք... Խոստովանում եմ, այնքա՜ն եմ զարմացած... Ինքներդ եք ինձ մոտ բերել բազմաթիվ տարօրինակ մարդկանց։
 
― Հակառակը, ես վիճել եմ ձեզ հետ, ոչ թե հավանություն տվել, իսկ մարդկանց բերելը՝ բերել եմ իսկապես, բայց արդեն երբ իրենք էին խցկվում տասնյակներով, այն էլ՝ սոսկ վերջին օրերս, «գրականության կադրիլ» պարելու համար, իսկ առանց այդ բռիների չէր լինի։ Միայն թե գրազ եմ գալիս, որ այսօր այդպիսի բռիներից մեկ-երկու տասնյակ էլ անտոմս էին անցկացրել։
 
― Անշո՛ւշտ,― հաստատեցի ես։
 
― Տեսնում եք ահա, դուք արդեն համաձայնում եք։ Հիշեք, թե վերջին ժամանակներս ի՜նչ մթնոլորտ էր տիրում այստեղ, այսինքն՝ ամբողջ քաղաքում։ Չէ որ ամեն ինչ վերածվեց սոսկ լկտիության, անամոթության, չէ որ դա սկանդալ էր՝ անդադար տարփողելով։ Իսկ ո՞վ էր խրախուսում։ Ո՞վ էր իր հեղինակությամբ կոծկում։ Ո՞վ էր բոլորին ցնդեցրել։ Ո՞վ զայրացրեց բոլոր թափթփուկներին։ Չէ որ ձեր ալբոմում այստեղի ընտանեկան բոլոր գաղտնիքներն են արտացոլված։ Դո՞ւք չէիք շոյում ձեր բանաստեղծների և նկարողների գլուխները։ Դո՞ւք չէիք ձեր ձեռքը համբուրելու տալիս Լյամշինին։ Ձեր ներկայությա՞մբ չէր ճեմարանականը հայհոյում իսկական պետական խորհրդականին և կեղտոտ սապոգներով աղտոտեց նրա դստեր զգեստը։ Էլ ի՞նչ եք զարմանում, որ հասարակությունը լարված է ձեր դեմ։
 
― Բայց չէ որ այդ ամենը դուք, դուք ինքներդ եք արել։ Օ՜, Աստված իմ։
 
― Ոչ-չ, ես ձեզ նախազգուշացնում էի, մենք վիճում էինք, լսում եք, վիճում էինք։
 
― Աչքերիս նայելով՝ սուտ եք ասում։
 
― Դե, իհարկե, ձեզ համար ի՞նչ կա նման բան ասելու։ Ձեզ հիմա զոհ է պետք, մեկնումեկի վրա չարացածությունը պիտի կոտրեք։ Էհ, ինձ վրա կոտրեք, ես ասացի։ Ավելի լավ է, ձեզ դիմեմ, պարոն... (նա շարունակ չէր կարողանում հիշել անունս)։ Մատների վրա հաշվենք, ես պնդում եմ, որ Լիպուտինից բացի, ոչ մի դավադրություն էլ չի եղել, ոչ-մի-հա-տիկ։ Ես կապացուցեմ, սակայն սկզբից Լիպուտինին քննենք։ Նա բեմ ելավ տխմար Լեբյադկինի ոտանավորով, ձեր կարծիքով, դա ի՞նչ էր, դավադրությո՞ւն։ Իսկ գիտեք, որ դա պարզապես սրամիտ կարող էր թվալ Լիպուտինին։ Լուրջ եմ ասում, լուրջ՝ սրամի՛տ։ Ուղղակի նա ելույթ ունեցավ բոլորին ծիծաղեցնելու և ուրախացնելու նպատակով, իսկ առաջինը հովանավորուհի Յուլիա Միխայլովնային, ու վերջ։ Չե՞ք հավատում։ Եվ համապատասխան չէ՞ր դա ամբողջ այն մթնոլորտին, որ մի լրիվ ամիս տիրում էր այստեղ։ Եվ ուզո՞ւմ եք՝ ամեն ինչ ասեմ. Աստված է վկա, որ ուրիշ հանգամանքներում թերևս նաև անցներ։ Կատակը կոպիտ էր, լավ, ասենք, անպարկեշտ, բայց չէ՞ որ ծիծաղելի էր, ծիծաղելի էր, չէ՞։
 
― Ինչպես թե։ Լիպուտինի արարքը դուք սրամի՞տ եք համարում,― սարսափելի զայրացած բղավեց Յուլիա Միխայլովնան։― Այդպիսի տխմարությունը, այդպիսի անտակտությունը, այդ ստորությունը, անազնվությունը, այդ դիտավորությունը, օ, դիտմամբ եք ասում։ Ինքներդ էլ եք նրանց հետ դավադրության մեջ՝ դրանից հետո։
 
― Անպայման, ետևում նստել, թաքնվել էի, ամբողջ մեքենան գործի դրել։ Եվ եթե ես մասնակցեի դավադրությանը՝ գոնե դա հասկացեք, բանը միայն Լիպուտինով չէր վերջանա։ Ուրեմն, ձեր կարծիքով, ես պայմանավորվել էի նաև հայրիկիս հետ, որ դիտմամբ այդ խայտառակությունը սարքի՞։ Դե-հ, ո՞վ է մեղավոր, որ հայրիկին թողեցին ելույթ ունենալ։ Երեկ ո՞վ էր ձեզ ետ պահում, դեռևս երե՛կ, երե՛կ։
 
― Oh, hier il avait tant d’esprit<ref>Օ, երեկ նա այնքան էր սրամիտ (ֆրանս.)։</ref>, ես այնքան հույս ունեի, և բացի դրանից, նրա շարժուձևը... Ես կարծում էի՝ նա և Կարմազինովը... և ահա՛։
 
― Այ-յո, և ահա։ Բայց չնայած այդ ամբողջ tant d՛esprit-ի, հայրիկը համը հանեց, իսկ եթե ես նախապես իմանայի, որ այդպես համը հանելու է, ապա ձեր տոնախմբության դեմ դավադրությանը մասնակցելու դեպքում, անկասկած չէի համոզի ձեզ երեկ, որ այծը բանջարանոց չթողնեք, այդպե՞ս է։ Այնինչ, երեկ ձեզ հակառակն էի համոզում, համոզում էի, որովհետև կանխազգում էի։ Ամեն բան կանխատեսել, հասկանալի է, հնարավոր չէր. հավանաբար, մի րոպե առաջ ինքն էլ չգիտե, թե ինչ է դուրս տալու։ Այդ նյարդային ծերուկները մի՞թե նման են մարդկանց։ Բայց դեռ կարելի է փրկել, հասարակությանը բավարարելու համար վաղն ևեթ վարչական եղանակով ու բոլոր պարագաներով երկու բժիշկ ուղարկեք նրա մոտ, որ տեղեկանան առողջության մասին, նույնիսկ այսօր էլ կարելի է, և թող ուղիղ հիվանդանոց տանեն՝ սառը թրջոցներ դնելու։ Ծայրահեղ դեպքում, բոլորը կծիծաղեն ու կտեսնեն, որ նեղանալու բան չկա։ Այդ մասին ես հենց այսօր կհայտարարեմ պարահանդեսին, քանի որ որդին եմ։ Ուրիշ է Կարմազինովի բանը, այս մեկն իսկական ավանակ դուրս եկավ ու մի ժամ ձգեց-ձգեց իր հոդվածը՝ այդ մեկն ահա, անկասկած, ինձ հետ է դավադրության մեջ։ Իբր, թող ես էլ համը հանեմ՝ Յուլիա Միխայլովնային վնասելու համար։
 
― Օ՜, Կարմազինովը, quelle honte<ref>Ինչպիսի ամոթ (ֆրանս.)։</ref>։ Ես վառվում, կրակվում էի ամոթից՝ մեր հասարակության համար։
 
― Դե-հ, ես որ չէի կրակվի, այլ հենց նրան կխորովեի։ Հասարակությունը չէ որ իրավացի է։ Իսկ ո՞վ է նորից մեղավոր՝ Կարմազինովի համար։ Ձեր վզի՞ն եմ փաթաթել նրան, թե՝ ոչ։ Մասնակցե՞լ եմ նրա երկրպագությանը, թե՝ ոչ։ Լավ, սատանան նրա հետ, իսկ ահա, երրորդ մոլագարը, քաղաքականը, դա արդեն ուրիշ խնդիր է։ Այստեղ արդեն բոլորն են վրիպել, և ոչ թե մենակ իմ դավադրությունն է։
 
― Ահ, մի խոսեք, դա զարհուրելի է, զարհուրելի։ Դրա մեղավորը միայն ես եմ, միայն ե՛ս։
 
― Իհ-հարկե, բայց այստեղ ձեզ կարդարացնեմ։ Է, ո՞վ կարող է դրանց հետևել, այդ բացահայտներին։ Նրանցից Պետերբուրգում էլ պրծում չկա։ Չէ որ նրան երաշխավորել էին ձեզ՝ այն էլ ինչպե՜ս։ Ուրեմն, համաձայնեք, որ հիմա դուք նույնիսկ պարտավոր եք ներկա լինել պարահանդեսին։ Չէ որ դա կարևոր բան է, չէ որ դուք եք նրան ամբիոն բարձրացրել։ Հենց դուք հիմա պիտի հայտնեք հրապարակավ, որ համամիտ չեք, որ կտրիճն արդեն ոստիկանության ձեռքին է, և որ ձեզ անբացատրելի ձևով խաբել են։ Դուք պիտի հայտարարեք զայրույթով, որ զոհ եք գնացել խելագար մի մարդու։ Որովհետև չէ որ խելագար է նա, և ուրիշ ոչինչ։ Այդպես էլ պիտի զեկուցել նրա մասին։ Ես այդ խայթողներին տանել չեմ կարողանում։ Թերևս ինքս ավելին եմ ասում, բայց ոչ ամբիոնից։ Նրանք էլ հենց հիմա գոռգոռում են սենատորի մասին։
 
― Ի՞նչ սենատոր։ Ո՞վ է գոռգոռում։
 
― Գիտեք, ես էլ ոչինչ չեմ հասկանում։ Յուլիա Միխայլովնա, ձեզ ոչինչ հայտնի չէ՞ ինչ-որ սենատորի մասին։
 
― Սենատո՞ր։
 
― Գիտեք, նրանք համոզված են, որ այստեղ մի սենատոր է նշանակված և որ ձեզ փոխում են Պետերբուրգից։ Շատերից եմ լսել։
 
― Ես էլ եմ լսել,― հաստատեցի։
 
― Ո՞վ է ասում,― ամբողջովին բռնկվեց Յուլիա Միխայ-լովնան։
 
― Այսինքն, առաջի՞նն ով է ասել։ Ի՜նչ իմանամ։ Իսկ այնպես՝ խոսում են։ Զանգվածն է խոսում։ Հատկապես երեկ էին խոսում։ Բոլորը մի տեսակ շատ են լուրջ, թեև ոչինչ չես հասկանա։ Իհարկե, ով ավելի խելամիտ է և իրազեկ, չի խոսում, բայց նրանցից ոմանք էլ են ականջ կախում։
 
― Ինչպիսի՜ ստորություն։ Եվ... ի՜նչ հիմարություն։
 
― Է, ուրեմն հիմա էլ հենց դուք պիտի հայտնվեք՝ այդ հիմարներին ցույց տալու համար։
 
― Խոստովանեմ, ինքս էլ եմ զգում, որ անգամ պարտավոր եմ, բայց... ի՞նչ, եթե մեկ ուրիշ խայտառակություն է սպասվում։ Ի՞նչ, եթե չհավաքվեն։ Չէ որ ոչ ոք չի գա, ոչ ոք, ոչ ոք։
 
― Չէ մի չէ՜։ Այդ նրա՞նք չեն գա։ Հապա կարել տված հագո՞ւստը, հապա օրիորդների զգեստնե՞րը։ Սրանից հետո ես հրաժարվում եմ ձեզնից, որպես կնոջից։ Այ քեզ մարդկանց իմացությո՜ւն։
 
― Պարագլխի կինը չի լինի, չի լինի։
 
― Վերջապես, ի՞նչ է եղել այստեղ։ Ինչո՞ւ չեն գա,― ի վերջո բղավեց Պյոտր Ստեպանովիչը՝ կատաղած անհամբերությամբ։
 
― Ամոթ, խայտառակություն՝ ահա թե ինչ է եղել։ Կատարվել է, ես չգիտեմ ինչ, բայց այնպիսի մի բան, որից հետո իմ մուտքն անհնար է։
 
― Ինչո՞ւ։ Վերջապես, դո՞ւք ինչում եք մեղավոր։ Ինչի՞ համար եք մեղքն առնում ձեզ վրա։ Ավելի շուտ, մեղավոր չե՞ն, արդյոք, հասարակությունը, ձեր ծերուկները, ձեր ընտանիքի հայրերը։ Պետք է, որ նրանք զսպեին սրիկաներին ու դատարկապորտներին, որովհետև միայն սրիկաներ ու դատարկապորտներ են եղել այստեղ, և ուրիշ ոչ մի լուրջ բան։ Ոչ մի հասարակության մեջ և ոչ մի տեղ միայն ոստիկանությամբ գլուխ չես հանի։ Մեզ մոտ յուրաքանչյուր ոք, ներս գալով, պահանջում է, որ հատուկ ոստիկան կարգեն՝ իրեն պաշտպանելու։ Չեն հասկանում, որ հասարակությունը պաշտպանում է ինքն իրեն։ Իսկ մեզ մոտ, նման հանգամանքներում ի՞նչ են անում ընտանիքի հայրերը, բարձրաստիճանները, կանայք, դուստրերը։ Լռում են ու փքվում։ Նույնիսկ այնքան, որ սանձեն չարություն անողներին՝ հասարակության նախաձեռնությունը չի բավականացնում։
 
― Ահ, ոսկի ճշմարտություն էր։ Լռում են, փքվում և... չորսբոլորը նայում։
 
― Իսկ եթե ճշմարտություն է, այդտեղ էլ պիտի ասեք՝ բարձրաձայն, խրոխտ, խիստ։ Ցույց տալու համար հենց, որ ջախջախված չեք։ Հենց այդ ծերուկներին և մայրիկներին։ Օ՜, դուք կարող եք, այդ շնորհքն ունեք, երբ ձեր ուղեղը պարզ է։ Դուք նրանց կխմբավորեք՝ ու բարձրաձայն ու բարձրաձայն։ Իսկ հետո՝ թղթակցություն «Գոլոս»-ին և «Բիրժեվըյե»-ին։ Սպասեք, ես ինքս գործի կանցնեմ, ամեն ինչ կկազմակերպեմ ձեզ համար։ Իհարկե, ավելի շատ ուշադրություն, հետևել բուֆետին, խնդրել իշխանին, խնդրել պարոն... Դուք հո չե՞ք կարող մեզ թողնել, monsier, երբ պետք է հենց նորից սկսել ամեն ինչ։ Է, ի վերջո, դուք՝ Անդրեյ Անտոնովիչին թևանցուկ։ Ինչպե՞ս Է Անդրեյ Անտոնովիչի առողջությունը։
 
― Օ՜, ինչքան անարդարացի, ինչքան սխալ, ինչքան վիրավորական եք դատել միշտ այդ հրեշտակ մարդու մասին,― հանկարծ, անսպասելի պոռթկումով ու համարյա լացակումած, գոչեց Յուլիա Միխայլովնան՝ թաշկինակը մոտեցնելով աչքերին։ Պյոտր Ստեպանովիչն առաջին պահ նույնիսկ կարկամեց։
 
― Ողորմած եղեք, ես... ախր ես... ես միշտ...
 
― Դուք՝ երբեք, երբեք։ Երբեք արդարացի չեք եղել նրա նկատմամբ։
 
― Երբեք չես հասկանա կնոջը,― ծուռ քմծիծաղով մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը։
 
― Ամենաճշմարտացի, ամենանրբակիրթ, ամենահրեշտակային մարդն Է։ Ամենաբարի մարդը։
 
― Ողորմած եղեք, բարության վերաբերյալ՝ ես ի՜նչ... ես միշտ արժանին եմ մատուցել բարությանը...
 
― Երբեք։ Սակայն թողնենք։ Ես չափից ավելի անհարմար խոսեցի։ Երեկ այդ պարագլխի ճիզվիտուհին Էլ մի քանի ծաղրական ակնարկումներ շպրտեց կատարվածի մասին։
 
― Օ՜, հիմա նա երեկվա ակնարկումների ժամանակ չունի, նրանն այսօրվանն Է։ Եվ ինչի՞ համար եք այդպես անհանգստանում, որ չի գա պարահանդեսին։ Իհարկե, չի գա, թե որ այդպիսի խայտառակության տակ Է մտել։ Գուցեև մեղավոր չէ, բայց և այնպես՝ վա՜րկը։ Ձեռքերը կեղտոտ են։
 
― Ինչ ասացիք, չհասկացա՝ ինչո՞ւ են ձեռքերը կեղտոտ,― տարակուսանքով նայեց Յուլիա Միխայլովնան։
 
― Այսինքն, ես չեմ հաստատում, բայց քաղաքում արդեն թնդում է, որ նա էլ հենց միացրել է։
 
― Այսինքն, ի՞նչ։ Ո՞ւմ է միացրել։
 
― Է, մի՞թե դեռ չգիտեք,― գոչեց Պյոտի Ստեպանովիչը հիանալի կեղծված զարմանքով,― է՜, Ստավրոգինին ու Լիզավետա Նիկոլաևնային։
 
― Ինչպե՞ս։ Ի՞նչ,― բղավեցինք բոլորս։
 
― Ահ, միթե չգիտեք։ Փո՛ւհ։ Ախր, այստեղ ողբերգավեպեր են ծավալվել. Լիզավետա Նիկոլաևնան պարագլխի տիկնոջ կառքից ուղղակի բարեհաճել է նստել Ստավրոգինի կառքը և «սույն վերջինիս» հետ ծլկել Սկվորեշնիկի, օրը ցերեկով։ Ընդամենը մեկ ժամ առաջ, ժամ էլ չկա։
 
Մենք քարացանք։ Անշուշտ, վրա պրծանք՝ հարցուփորձ անելու, թե ինչ եղավ հետո, բայց, ի զարմանս, թեև «ակամա» վկա էր եղել նա, սակայն հանգամանալի ոչինչ չկարողացավ պատմել։ Բանն իբր այսպես էր եղել, երբ պարագլխի տիկինը Լիզային և Մավրիկիյ Նիկոլաևիչին «ընթերցումից» կառքով տարել էր Լիզայի մոր տան մոտ (մայրը շարունակ հիվանդ էր ոտքերից), մուտքից ոչ հեռու, մի քսանհինգ քայլ այն կողմ, կանգնած էր եղել ինչ-որ կառք։ Երբ Լիզան ցած էր թռել՝ մուտքից ներս մտնելու, ուղիղ վազել էր դեպի այդ կառքը։ Դռնակը բացվել էր, փակվել, Լիզան բղավել էր Մավրիկիյ Նիկոլաևիչին՝ «Խնայեք ինձ», և կառքն ամբողջ թափով սուրացել էր Սկվորեշնիկի։ մեր փութկոտ հարցերին՝ «Պայմանավորվածություն եղե՞լ է։ Ո՞վ էր կառքում նստածը», Պյոտր Ստեպանովիչը պատասխանեց, թե ոչինչ չի իմանում, որ, հարկավ, պայմանավորվածություն եղել է, բայց որ իրեն՝ Ստավրոգինին կառքում չի տեսել, որ կարող էր սենեկապետը՝ ծերուկ Ալեքսեյ Եգորըյչը նստած լինել։ «Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ։ Եվ ինչո՞ւ հաստատ գիտեք, որ Լիզան Ակորեշնիկի է գնացել» հարցին նա պատասխանեց, որ հայտնվել է այնտեղ, որովհետև անցնում էր այն կողմերով, իսկ Լիզային տեսնելով, նույնիսկ մոտ էր վազել կառքին (այդուհանդերձ, չէր տեսել, թե ով կա կառքում, այն էլ՝ նրա հետաքրքասիրության դեպքում), որ Մավրիկիյ Նիկոլաևիչը ոչ միայն չի հետապնդել, այլ նույնիսկ չի էլ փորձել կանգնեցնել Լիզային, անգամ ձեռքով զսպել է կոկորդով մեկ բղավող պարագլխի տիկնոջը. «Նա Ստավրոգինի մո՜տ գնաց, Ստավրոգինի մո՜տ»։ Այստեղ ես հանկարծ համբերությունից ելա և կատաղած բղավեցի Պյոտր Ստեպանովիչի վրա.
 
― Այդ դու ես ամեն ինչ սարքել, սրիկա՛։ Դու ես առավոտը զոհել դրան։ Ստավրոգինին դու ես օգնել, կառքով դո՛ւ ես եկել, դու ես նստեցրել... դու, դու, դու։ Յուլիա Միխայլովնա, ձեր թշնամին է սա, ձեզ էլ կկործանի։ Զգուշացեք։
 
Եվ ես գլխապատառ դուրս նետվեցի տնից։
 
Մինչև հիմա չեմ հասկանում և ինքս եմ զարմացած, թե ինչպես բղավեցի նրա վրա։ Սակայն կռահել էի կատարելապես, ամեն ինչ համարյա այդպես էլ կատարվել էր, ինչպես ասացի երեսին, ինչը և պարզվեց հետագայում։ Գլխավորը, չափազանց նկատելի էր ակնհայտ կեղծ այն հնարքը, որով նա հայտնեց լուրը։ Նա անմիջապես չպատմեց՝ տուն մտնելով, որպես առաջին և արտակարգ նորություն, այլ ձևացրեց, թե մենք արդեն գիտենք՝ առանց նրա էլ, ինչն անհնար էր այդքան կարճ ժամանակամիջոցում։ Իսկ եթե իմանայինք էլ, միևնույն է, չէինք կարող լռել այդ մասին, մինչ նա կխոսեր։ Չէր կարող նաև լսած լինել, որ քաղաքը «թնդում» է՝ պարագլխի տիկնոջ մասին, դարձյալ կարճ ժամանակամիջոցի պատճառով։ Բացի դրանից, պատմելիս նա մեկ-երկու անգամ մի տեսակ նենգաբար ու անփույթ ժպտաց, հավանաբար, մեզ արդեն կատարելապես խաբված հիմարների տեղ էր դրել։ Բայց ինձ նա չէր հետաքրքրում արդեն։ Գլխավոր փաստին հավատացել և դուրս էի վազել Յուլիա Միխայլովնայի մոտից՝ ինձ կորցրած։ Աղետը խոցել էր ուղիղ սիրտս։ Ինձ համար ցավալի էր, համարյա թե արտասվելու աստիճան, այո, հնարավոր է նաև, որ արտասվում էի։ Ամենևին չգիտեի՝ ինչ ձեռնարկել։ Նետվեցի Ստեպան Տրոֆիմովիչի մոտ, սակայն վրդովեցուցիչ այդ մարդը նորից չբացեց դուռը։ Նաստասյան երկյուղած շշուկով հավատացնում էր ինձ, թե պառկել է՝ հանգստանալու, բայց ես չհավատացի։ Լիգայի տանն ինձ հաջողվեց հարցուփորձ անել ծառաներին։ Նրանք հաստատեցին փախուստը, բայց իրենք ոչինչ չգիտեին։ Տան մեջ տագնապ էր տիրում։ Հիվանդ տիրուհին սկսել էր ուշագնաց լինել, իսկ նրա մոտ էր Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Ինձ անհնար թվաց դուրս կանչել Մավրիկիյ Նիկոլաևիչին։
 
Պյոտր Ստեպանովիչի մասին իմ հարցերին ի պատասխան, հաստատեցին, որ վերջին բոլոր օրերը եկել-գնացել է այս տուն, երբեմն օրական երկու անգամ։ Ծառաները տխուր էին և Լիզայի մասին մի առանձին հարգանքով էին խոսում՝ նրան սիրում էին։ Որ նա կործանվել, կործանվել է կատարելապես՝ ես չէի կասկածում, սակայն գործի հոգեբանական կողմը կտրականապես չէի հասկանում, հատկապես Ստավրոգինի հետ երեկվա նրա տեսարանից հետո։ Քաղաքով մեկ վազվզել ու տեղեկանալ ծանոթ, չարախինդ տներում, ուր արդեն լուրը, իհարկե, հիմա թև առել-թռչում էր, ինձ նողկալի թվաց, Լիզայի համար էլ՝ նվաստացուցիչ։ Բայց տարօրինակ է, որ շտապեցի Դարյա Պավլովնայի մոտ, ուր, ի դեպ, չընդունեցին ինձ (ստավրոգինյան տանը ոչ մեկին չէին ընդունում երեկվա օրվանից հետո)։ Չեմ իմանում, ի՞նչ կկարողանայի ասել նրան ու ինչի՞ համար գնացի։ Այդտեղից ճամփա ընկա նրա եղբոր մոտ։ Շատովն ինձ լսեց խոժոռված և լուռ։ Նշեմ, որ նրան տեսա նաև չտեսնված մռայլ տրամադրության մեջ, նա ահավոր մտազբաղ էր և ինձ էր լսում մի տեսակ ուժ գործադրելով։ Համարյա ոչինչ չասաց և սկսեց ետուառաջ քայլել, անկյունից անկյուն՝ իր խցիկում, սովորականից ավելի դոփելով սապոգներով։ Իսկ երբ արդեն իջնում էի սանդուղքով, ետևիցս ձայն տվեց, որ անցնեմ Լիպուտինի մոտ. «Այնտեղ ամեն ինչ կիմանաք»։ Բայց Լիպուտինի մոտ չգնացի, այլ ահագին ճամփա անցնելուց հետո, ետ եկա Շատովի մոտ և կիսաբաց անելով դուռը, առանց ներս մտնելու, առաջարկեցի հակիրճ և առանց որևէ բացատրության՝ այսօր չի՞ գնա Մարյա Տիմոֆեևնայի մոտ։ Ի պատասխան՝ Շատովը հայհոյեց, ու ես հեռացա։ Գրառում եմ՝ չմոռանալու համար, որ հենց նույն երեկոյան նա դիտմամբ գնացել էր քաղաքի մյուս ծայրը, Մարյա Տիմոֆեևնայի մոտ, ում վաղուց չէր հանդիպել։ Նրան տեսել էր հնարավորին չափ ողջ և առողջ, իսկ Լեբյադկինին՝ մեռելի պես հարբած, առաջին սենյակում բազմոցին քնած։ Ճիշտ ժամը իննին էր դա եղել։ Այդպես ինքն արդեն ինձ հայտնեց հաջորդ օրը՝ հևիհև ինձ հանդիպելով փողոցում։ Իսկ ես երեկոյան ժամը տասին մոտ վճռեցի գնալ պարահանդես, բայց արդեն ոչ որպես «երիտասարդ կարգադրիչ» (վարդակապս էլ մնացել էր Յուլիա Միխայլովնայի մոտ), այլ ականջ դնելու (առանց հարցուփորձ անելու) անհաղթահարելի հետաքրքրությամբ, ի՞նչ են խոսում մեր քաղաքում բոլոր այդ դեպքերի մասին ընդհանրապես։ Նաև Յուլիա Միխայլովնային էի ուզում տեսնել, թեկուզև հեռվից։ Ինքս ինձ շատ էի կշտամբում, որ երեկ այդպես դուրս պրծա նրա մոտից։
 
=== III ===
 
Այդ ամբողջ գիշերը՝ իր համարյա անհեթեթ իրադարձություններով և առավոտի ահավոր «հանգուցալուծմամբ» մինչև հիմա պատկերվում է ինձ, որպես այլանդակ, մղձավանջային երազ և կազմում, համենայն դեպս՝ ինձ համար, իմ ժամանակագրության ամենածանր կտորը։ Թեև ուշացա պարահանդեսից, բայց և այնպես հասա դրա ավարտին՝ պարերին վիճակված էր այդքան շուտ ավարտվել։ Արդեն տասնմեկին մոտ էր, երբ հասա պարագլխի տիկնոջ տան շքամուտքին, որտեղ այդ ճերմակ դահլիճը, ուր նոր էր կայացել ընթերցումը, չնայած կարճ ժամանակամիջոցին, հավաքված- հարդարված ու պատրաստ էր ծառայել որպես գլխավոր պարասրահ, ինչպես ենթադրվում էր, ամբողջ քաղաքի համար։ Բայց որքան էլ վատ տրամադրված լինեի պարահանդեսի նկատմամբ դեռ երեկ առավոտ, այդուհանդերձ, չէի կանխազգացել լրիվ ճշմարտությունը, բարձրաշխարհիկ շրջանակի և ոչ մի ընտանիք չէր եկել, նույնիսկ փոքրիշատե նշանակալի աստիճանավորներ բացակայում էին, իսկ դա արդեն արտակարգ ուժեղ կողմն էր։ Ինչ վերաբերում է տիկնանց և օրիորդաց, ապա Պյոտր Ստեպանովիչի վերջին հաշվարկները (հիմա արդեն՝ ակնհայտորեն նենգ) ծայրաստիճան սխալ դուրս եկան, հավաքվել էին չափազանց քիչ, չորս տղամարդուն հազիվ թե մի պարընկերուհի լիներ, այն էլ ինչպիսի՜։ Գնդի ավագ սպաների «ինչ-որ» կանայք, փոստատնային և պաշտոնեական զանազան աննշանություններ, երեք բուժակուհի՝ իրենց դուստրերով, երկու-երեք կալվածատիրուհի՝ չունևորներից, յոթ դուստրերը և մի ազգականուհին այն քարտուղարի, որին մի առիթով հիշատակել եմ վերը, վաճառական կանայք՝ դա՞ էր, արդյոք, սպասում Յուլիա Միխայլովնան։ Անգամ վաճառականների կեսը չէր եկել։ Ինչ մնում է տղամարդկանց, ապա չնայած մեր բոլոր երևելիների միատեղ բացակայությանը, այնուամենայիվ, նրանց զանգվածը հոծ էր, սակայն երկիմաստ և կասկածելի տպավորություն էր գործում։ Իհարկե, մի քանի շատ խաղաղ հարգալիր սպաներ էլ կային՝ իրենց կանանց հետ, մի քանի ընտանիքների ամենահնազանդ հայրեր, ինչպես օրինակ, այն նույն քարտուղարը՝ յոթ դուստրերի հայրը։ Խոնարհ ու աննշան բոլոր այդ մարդիկ եկել էին այսպես ասած, «անխուսափելիությունից», ինչպես արտահայտվեց այդ պարոններից մեկը։ Բայց մյուս կողմից՝ ժիր ու ճարպիկ մարդկանց խմբեր, դրանցից բացի, այնպիսի անձանց բազմությունը, որոնց ես և Պյոտր Ստեպանովիչը կասկածել էինք առավոտյան, որպես անտոմս ներս թողնվածների, ավելի էր շատացել։ Բոլորն առաժմ նստած էին բուֆետում, ու հայտնվելուն պես, ուղիղ բուֆետ էին գնում, որպես վաղօրոք պայմանավորված մի տեղ։ Համենայն դեպս, այդպես թվաց ինձ։ Բուֆետը տեղավորված էր սենյակաշարի վերջում, ընդարձակ սրահում, ուր հանգրվանել էր Պրոխորըյչը՝ ակումբային խոհանոցի բոլոր գայթակղություններով, ուտեստեղենի և խմիչքի հրապուրիչ ցուցադրումով։ Այստեղ ես նկատեցի մի քանիսին, համարյա պատառոտուն սերթուկներով, ամենատարակուսելի, ամենևին ոչ պարահանդեսային հագուստով, ակնհայտորեն սթափության բերված մեծ ջանքերով ու կարճ ժամանակով, հավաքված Աստված գիտե՝ որտեղից, ինչ-որ դրսեկներ էին։ Հարկավ, ինձ հայտնի էր, որ Յուլիա Միխայլովնայի հղացմամբ ենթադրվել էր պարահանդեսը կազմակերպել ամենաժողովրդավարական ձևով՝ «չմերժելով անգամ քաղքենիներին, եթե պատահեր, որ նրանցից մեկնումեկը կվճարեր տոմսի համար»։ Այս բառերը նա կարող էր համարձակ ասել իր կոմիտեում, լիովին հավատացած, որ մեր քաղքենիներից և ոչ մեկի մտքով չէր անցնի տոմս վերցնել՝ համատարած չքավորներ էին։ Բայց և այնպես, ես երկմտեցի, որ մռայլադեմ ու համարյա ցնցոտիապատ այդ սերթուկավորներին կարելի էր թողնել ներս, չնայած կոմիտեի համակ ժողովրդավարության։ Բայց և ո՞վ էր նրանց ներս թողել և ի՞նչ նպատակով։ Լիպուտինը և Լյամշինն արդեն զրկված էին կարգադրիչների իրենց վարդակապերից (թեև ներկա էին պարահանդեսին, մասնակից «գրականության կադրիլին»)։ Սակայն Լիպուտինի տեղը, ի զարմանս, գրավել էր հենց այն ճեմարանականը, որը բոլորից շատ խայտառակ արեց «առավոտը»՝ Ստեպան Տրոֆիմովիչի հետ իր կռվշտոցով, իսկ Լյամշինի տեղը՝ անձամբ Պյոտր Ստեպանովիչը, իսկ ի՞նչ կարելի էր սպասել այդ դեպքում։ Ջանացի ականջ դնել խոսակցություններին։ Որոշ կարծիքներ ապշեցնում էին իրենց վայրենությամբ։ Օրինակ, մի խմբի մեջ պնդում էին, թե Ստավրոգինի և Լիզայի ամբողջ պատմությունը Յուլիա Միխայլովնան է սարքել ու դրա դիմաց փող վերցրել Ստավրոգինից։ Նույնիսկ գումարն էին նշում։ Պնդում էին, թե նույնիսկ տոնախմբությունն է նա այդ նպատակով կազմակերպել, այդ պատճառով էլ քաղաքի կեսը չէր եկել, իմանալով ինչն ինչոց է, իսկ ինքը՝ Լեմբկեն այնպես է ապշահար, որ «խելքը թռցրել է» ու կինը հիմա ցնդած է «ման ածում»։ Ահագին էլ քրքջոց կար, խռպոտ, վայրի ու խելքը գլխին։ Բոլորը նմանապես ահավոր քննադատում էին պարահանդեսը, իսկ Յուլիա Միխայլովնային հայհոյում՝ առանց նվազագույնս քաշվելու։ Ընդհանրապես, դատարկաբանությունը խառնիխուռն էր, հախուռն գինովցած ու անհանգիստ, այնպես որ դժվար էր կշռադատել ու որևէ մտքի հանգել։ Հենց այստեղ՝ բուֆետում էլ ապաստանել էր պարզապես զվարթաբարո ամբոխը, նույնիսկ մի քանի տիկնայք կային, նրանցից, ում արդեն ոչնչովչես զարմացնի ու չես վախեցնի, անչափ սիրալիր և ուրախ, մեծ մասամբ սպաների կանայք էին՝ իրենց ամուսինների հետ։ Նրանք խմբերով նստած էին առաջին սեղանիկների շուրջ և անչափ ուրախ թեյ էին խմում։ Հավաքված հասարակության գրեթե կեսի համար բուֆետը վերածվել էր մի ջերմ հանգրվանի։ Եվ սակայն, որոշ ժամանակ անց այդ ամբողջ զանգվածը պիտի խուժեր դահլիճ։ Սարսափելի էր մտածելն իսկ։ Առայժմ ճերմակ դահլիճում իշխանի մասնակցությամբ կազմվեց երեք նոսրաշար կադրիլ։ Օրիորդները պարում, իսկ ծնողները նայում ու հրճվում էին։ Այստեղ էլ սակայն այդ պատկառելի անձանցից շատերը սկսել էին արդեն մտմտալ, թե ինչպես, ուրախացնելով իրենց դուստրերին, հեռանան ժամանակին, և ոչ այն պահին, «երբ կսկսվի»։ Կտրականապես բոլորը վստահ էին, որ անպայման սկսվելու է։ Դժվար կլիներ ինձ համար պատկերել անձամբ Յուլիա Միխայլովնայի հոգեվիճակը։ Ես նրա հետ չխոսեցի, թեև բավականաչափ մոտ էի գտնվում։ Ներս մտնելիս, իմ խոնարհումին նա չպատասխանեց՝ չնկատելով ինձ (իսկապես, չնկատելով)։ Դեմքը հիվանդագին էր, հայացքը՝ արհամարհական ու գոռոզ, սակայն թափառ և տագնապած։ Տեսանելի տանջանքով նա հաղթահարում էր իրեն՝ ինչի՞ համար և ո՞ւմ համար։ Հարկ էր, որ անպայման հեռանար, և գլխավորը, իր հետ տաներ ամուսնուն, իսկ նա մնում էր։ Արդեն դեմքից կարելի էր նկատել, որ աչքերը «լիովին բացվել են» և որ այլևս սպասելիք չունի։ Նույնիսկ իր մոտ չէր կանչում նաև Պյոտր Ստեպանովիչին (կարծես թե վերջինս էլ էր խուսափում, ես նրան տեսա բուֆետում, չափից ավելի էր ուրախ)։ Բայց այդուհանդերձ, Յուլիա Միխայլովնան մնում էր պարահանդեսին և վայրկյան անգամ իր կողքից բաց չթողեց Անդրեյ Անտոնովիչին։ Օ՜, մինչև վերջին ակնթարթը նա ամենաանկեղծ զայրույթով կժխտեր ամենայն ակնարկում ամուսնու առողջության վերաբերյալ, նույնիսկ այս առավոտյան։ Բայց հիմա նրա աչքերն այս կապակցությամբ էլ պիտի բացվեին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա առաջին հայացքից ինձ երևաց, որ Անդրեյ Անտոնովիչի տեսքն ավելի վատ է, քան առավոտյան։ Թվում էր, թե մի տեսակ ինքնամոռացության մեջ է և լիովին չի գիտակցում, թե որտեղ է գտնվում։ Երբեմն հանկարծակի շուրջն էր զննում անսպասելի խստությամբ, օրինակ, երկու անգամ՝ ինձ։ Մի անգամ փորձեց ինչ-որ բան ասել, սկսեց բարձրաձայն, բայց և չավարտեց՝ կողքին հայտնված մի խոնարհ ծերուկի համարյա թե վախը հարուցելով։ Սակայն ճերմակ դահլիճում գտնվող հասարակության այդ խոնարհ կեսը նույնիսկ, մռայլված ու վախվորած, հեռու էր մնում Յուլիա Միխայլովնայից՝ միաժամանակ խիստ տարօրինակ հայացքներ նետելով նրա ամուսնու վրա, իրենց ակնդետությամբ և բացահայտությամբ այդ մարդկանց վախեցածությանը խիստ աններդաշնակ հայացքներ։
 
«Ահա, հենց այդ գիծն էլ ինձ շամփրեց, ու ես հանկարծ սկսեցի կռահել Անդրեյ Անտոնովիչի մասին»,― հետագայում խոստովանել է Յուլիա Միխայլովնան անձամբ ինձ։
 
Այո, վերստին մեղավոր էր կինը։ Հավանաբար, առավոտյան, երբ իմ փախուստից հետո Պյոտր Ստեպանովիչի հետ վճռել էր, որ պարահանդեսը պիտի լինի և պիտի լինել պարահանդեսին, նա նորից գնացել էր «ընթերցումից» վերջնականապես «ցնցված» Անդրեյ Անտոնովիչի առանձնասենյակը, նորից գործի դրել իր բոլոր հրապուրանքներն ու նրան քարշ տվել իր հետ։ Բայց ինչպես պետք է, որ տանջվեր հիմա։ Եվ, այդուհանդերձ, չէր թոդնում-գնում։ Հպարտությունն էր նրան տանջում կամ շվարել էր պարզապես՝ չգիտեմ։ Իր համակ գոռոզությամբ հանդերձ, նսեմանալով ու ժպտալով, փորձում էր խոսքի բռնվել որոշ տիկնանց հետ, սակայն վերջիններս տեղնուտեղը շփոթվում էին, գլուխ ազատում միավանկ, կասկածամիտ «այ-յո» ու «ոչ-չ» ասելով և նկատելիորեն խուսափում նրանից։
 
Մեր քաղաքի անառարկելի բարձրաստիճաններից միայն մեկն էր հայտնվել պարահանդեսին՝ նույն այն ծանրումեծ պաշտոնաթող գեներալը, ում մի անգամ նկարագրել եմ արդեն և որը պարագլխի տիկնոջ տանը Ստավրոգինի և Գագանովի մենամարտից հետո «հասարակության անհամբերության դուռը բացեց»։ Պատկառելի տեսքով նա գնում-գալիս էր դահլիճում, զննում ու ականջ դնում և ջանում երևցնել, որ եկել է ավելի շատ բարքերին հետևելու, քան աներկբա հաճույքի համար։ Ավարտեց նրանով, որ վերջնականապես միացավ Յուլիա Միխայլովնան և ոչ մի քայլ չհեռացավ նրանից, ըստ երևույթին, քաջալերելու և հանգստացնելու համար։ Անկասկած, անչափ բարի և շատ ազնվատոհմ մարդ էր, արդեն այնքան ծեր, որ կարելի էր դիմանալ նույնիսկ նրա խղճահարությանը։ Սակայն ինքն իրեն գիտակցել, որ այդ ծեր շաղակրատն իրեն խղճալ ու համարյա թե հովանավորել է համարձակվում, որ պատիվ է անում իր ներկայությամբ, շատ էր վրդովեցնում։ Իսկ գեներալը չէր հեռանում և շարունակ, առանց դադարի շատախոսում էր։
 
― Ասում են, քաղաքը կանգուն չէ առանց յոթ բարեպաշտների... կարծեմ, յոթ, չեմ հիշում սահ-ման-ված թիվը։ Չգիտեմ, թե այդ... մեր քաղաքի անտարակույս բարեպաշտներից... յոթից քանիսն են պատիվ ունեցել գալ ձեր պարահանդեսին, բայց չնայած նրանց ներկայությանը, ես սկսում եմ ինձ անվտանգ չզգալ։ Vous me pardonnerez, charmante dame, n’est-se-pas?<ref>Սքանչելիագույն, ինձ կներեք, չէ՞ (ֆրանս)։</ref>։ Ասում եմ այ-լա-բա-նո-րեն, բայց գնացի բուֆետ և ուրախ եմ, որ ողջ ետ եկա... Մեր անգին Պրոխորըյչն այնտեղ իր տեղում չէ և կարծում եմ, առավոտյան դեմ նրա կրպակը ոտնատակ կտան։ Իմիջիայլոց, կատակում եմ։ Սպասում եմ միայն, թե ինչպես է լինելու «գրական կադրիլը», հետո՝ անկողին։ Ներեցեք ծեր հոդախտավորիս, ես վաղ եմ պառկում, ձեզ նույնպես խորհուրդ կտամ գնալ «բաբայ անելու», ինչպես ասում են aux enfants<ref>Երեխաներին (ֆրանս)։</ref>։ Իսկ ես չէ որ եկել եմ դեռատի գեղեցկուհիների համար... որոնց, անշուշտ, չեմ կարող ոչ մի տեղ հանդիպել այնպիսի հարուստ փնջով, այստեղից բացի... Ամեն ինչ՝ գետի պատճառով, ես այնտեղ չեմ գնում։ Մի սպայի կին կա, կարծեմ՝ եգերի... Նույնիսկ շատ լավիկն է, շատ և... ինքն էլ դա գիտե։ Այդ չարաճճիի հետ խոսեցի, աչքաբաց է և... Է՜, օրիորդներն էլ են թարմ։ Բայց միայն դա, թարմությունից բացի՝ ոչինչ։ Իմիջիայլոց, հաճույքով էի նայում։ Մատղաշներ էլ կան, միայն թե շուրթերն են հաստ։ Ընդհանրապես, կանանց դեմքերի ռուսական գեղեցկության մեջ քիչ է այն կանոնավորությունը և... և մի քիչ նման է բլիթի... Vous me pardonnerez, n’est-ce pas...<ref>Դուք ինձ կներեք, չէ՞ (ֆրանս)։</ref> ի դեպ, գեղեցիկ աչքերով, ծիծղուն աչքերով։ Այդ մատղաշներն իրենց դեռատիությամբ մեկ-երկու տարի հը-մա-յիչ են, նույնիսկ երեք... իսկ հետո գիրանում են ընդմիշտ... իրենց ամուսինների մեջ առաջացնելով այն տխրալի ին-դի-ֆե-րեն-տիզ-մը, որ այնքան նպաստում է կանանց հարցի զարգացմանը... եթե միայն ես ճիշտ եմ հասկանում այդ հարցը... Հըմ։ Դահլիճը լավն է, սենյակները վատ չեն կահավորված։ Կարող էր ավելի վատ լինել։ Երաժշտությունը կարող էր շատ ավելի վատ լինել... չեմ ասում՝ պիտի որ։ Գեշ տպավորությունն այն է, որ ընդհանրապես քիչ են կանայք։ Զգեստների մասին չեմ հի-շա-տա-կում։ Վատ է, որ մոխրագույն շալվարով այն մեկն իրեն թույլ է տալիս այդքան բացահայտ կան-կան պա-րել։ Ես կներեմ, եթե նա ուրախությունից է պարում և քանի որ տեղացի դեղագործն է... բայց ժամը տասնմեկին, միևնույն է, վաղ է նաև դեղագործի համար... Այնտեղ՝ բուֆետում երկու հոգի կռվեցին, և նրանց դուրս չարեցին։ ժամը տասնմեկին պետք է որ դուրս անեն կռվարարներին, ինչպիսին էլ լինեն հասարակության բարքերը... չեմ ասում՝ ժամը երեքին, այստեղ արդեն զիջողություն է անհրաժեշտ հասարակական կարծիքին, ու եթե միայն այս պարահանդեսն ապրի մինչև ժամը երեքը։ Վարվառա Պետրովնան սակայն խոսքի տերը չեղավ և ծաղիկներ չտվեց։ Հը՛մ, հիմա նա ծաղիկների համար գլուխ չունի, pauvre mere<ref>Խեղճ մայր (ֆրանս)։</ref>։ Իսկ խեղճ Լիզան, լսե՞լ եք։ Ասում են, խորհրդավոր պատմություն է և... և նորից Ստավրոգինն է ասպարեզում... Ես կգնայի քնելու... լրիվ դանթում եմ։ Իսկ ե՞րբ է այդ «գը-րա-կա-նու-թյան կադրիլը»։
 
Վերջապես, սկսվեց նաև «գրականության կադրիլը»։ Վերջին ժամանակներս քաղաքում, հենց որևէ տեղ խոսք էր բացվում առաջիկա պարահանդեսի մասին, տեղնուտեղն անպայման հանգեցնում էին այդ «գրականության կադրիլին», և քանի որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե դա ինչ բան է, ապա հարուցում էր անսահման հետաքրքրասիրություն։ Հաջողության համար ավելի վտանգավոր ոչինչ չէր կարող լինել, և ինչպիսի՜ն էր հիասթափությունը։
 
Բացվեցին ճերմակ դահլիճի՝ մինչ այդ փակ կողադռները, և հանկարծ մի քանի դիմակ հայտնվեց։ Հասարակությունն անհագորեն շրջապատեց նրանց։ Բուֆետը լրիվ, մինչև վերջին մարդը, միանգամից խուժեց դահլիճ։ Դիմակները շարվեցին՝ պարելու։ Ինձ հաջողվեց խցկվել առաջին գիծ և ես տեղ բռնեցի հենց Յուլիա Միխայլովնայի, Ֆոն Լեմբկեի և գեներալի ետևում։ Այդ պահին էլ Յուլիա Միախայլովնային մոտ վազեց մինչև հիմա անհետացած Պյոտր Ստեպանովիչը։
 
― Ամբողջ ժամանակ բուֆետում եմ եղել, հետևում էի,― շշնջաց նա մեղավոր դպրոցականի տեսքով, ըստ որում՝ դիտավորյալ կեղծված, նրան ավելի սաստիկ զայրացնելու համար։ Յուլիա Միխայլովնան շիկնեց զայրույթից։
 
― Գոնե հիմա ինձ չխաբեիք, հանդուգն արարած,― համարյա բարձրաձայն թռավ նրա բերանից, այնպես, որ շուրջ-բոլորը լսեցին։ Պյոտր Ստեպանովիչը ետ ցատկեց՝ չափազանց գոհ իրենից։
 
Դժվար կլիներ պատկերացնել առավել ողորմելի, առավել գռեհիկ, առավել ապաշնորհ ու տափակ այլաբանություն, քան այդ «գրականության կադրիլը»։ Մեր հասարակությանն ավելի քիչ համապատասխանող ուրիշ որևէ բան չէր լինի հորինել, այնինչ ասում էին՝ Կարմազինովն է հորինել։ Ճիշտ է, կազմակերպել էր Լիպուտինը՝ խորհրդակցելով հենց այն կաղ ուսուցչի հետ, որը ներկա էր Վիրգինսկու տան երեկոյին։ Սակայն Կարմազինովը, այնուամենայնիվ, գաղափարն էր տվել և ասում էին, կամեցել էր նույնիսկ զգեստափոխվել ու ստանձնել որևիցե հատուկ և ինքնուրույն դեր։ Կադրիլը կազմված էր վեց զույգ ողորմելի դիմակներից՝ համարյա դիմակ էլ չէին նույնիսկ, որովհետև նույն զգեստներով էին, ինչև բոլորը։ Այսպես, օրինակ, տարեց մի պարոն՝ ոչ բարձրահասակ, ֆրակով, մի խոսքով, այնպես, ինչպես բոլորն են հագնվում, պատկառելի ճերմակ մորուքով (թելով կապված, ու դա էր ամբողջ զգեստափոխությունը), պարելով դոփդոփում էր նույն տեղում, դեմքին՝ մեծալուրջ արտահայտություն, արագ ու մանրիկ ոտնափոխով ու համարյա չշարժվելով տեղից։ Ինչ-որ հնչյուններ էր արձակում չափավոր, բայց խռպոտած թավ ձայնով, և ահա, ձայնի հենց այդ խռպոտածությունն էլ պիտի նշանակեր հայտնի թերթերից մեկը։ Այդ դիմակի դիմաց պարում էին երկու աժդահա՝ X և Z, այդ տառերը փակցված էին նրանց ֆրակներին, բայց թե ինչ էին նշանակում այդ X-ը և Z-ը, այդպես էլ մնաց չբացատրված։ «Ռուսական ազնիվ միտքը» պատկերված էր միջին տարիքի մի պարոնի տեսքով՝ ակնոցավոր էր, ֆրակով, ձեռնոցներով և կալանդներով (իսկական ոտնակոճղեր էին)։ Այդ իմաստի կռնատակին պայուսակ կար, ինչ-որ մի «գործով»։ Գրպանից ցցված էր արտասահմանից եկած, բացած մի նամակ, որի մեջ վկայագիր կար բոլոր նրանց համար, ովքեր կասկածում էին «ռուսական ազնիվ մտքի» ազնվությանը։ Այդ ամենն արդեն ասում էին կարգադրիչները բանավոր, քանի որ գրպանից ցցված նամակը հնարավոր հո չէր կարդալ։ «Ռուսական ազնիվ մտքի» բարձրացրած աջ ձեռքին գավաթ կար, կարծես ուզում էր կենաց ասել։ Նրա երկու կողմերից համաքայլ անցնում էին երկու խուզված նիհիլիստուհիներ, իսկ vis-a-vis<ref>Դեմ դիմաց (ֆրանս.)։ Այստեղ՝ պարազույգ։</ref> պարում էր նույնպես տարեց մի պարոն, ֆրակով, սակայն ծանր մահակը ձեռքին ու պատկերում իբր ոչ-պետերբուրգյան, բայց ահարկու հրատարակություն, «կշրմփացնեմ, ու թաց տեղ կմնա»։ Սակայն, չնայած մահակին, ոչ մի կերպ չէր կարողանում դիմանալ «ռուսական ազնիվ մտքի»՝ իր վրա հառած ակնոցակիր հայացքին, իսկ երբ pas de deux<ref>Պա դե դյո (ֆրանս.) - երկտարր պարաձև։</ref> էր անում, գալարվում էր, պտտվում՝ չիմանալով, որ կողմը չքվի, հավանորեն, շատ էր տանջում խիղճը... Իմիջիայլոց, չեմ կարող վերհիշել այդ բոլոր բթամիտ հորինվածքները, ամեն ինչ նույնաբնույթ էր, այնպես որ, ի վերջո, տանջալի ամոթ զգացի։ Եվ ահա, կարծես թե ամոթի ճիշտ նույնպիսի արտահայտություն հայտնվեց բոլորի դեմքերին, նույնիսկ բուֆետից երևան եկած ամենամռայլ կերպարանքներին։ Որոշ ժամանակ բոլորը լուռ էին և նայում էին բարկացած տարակուսանքով։ Ամոթահար մարդը սովորաբար սկսում է զայրանալ և հակված է ցինիզմի։ Կամաց-կամաց գվվաց մեր հասարակությունը.
 
― Էս ի՜նչ բան է,― խմբերից մեկում մրթմրթաց մի բուֆետական։
 
― Տխմարություն։
 
― Ինչ-որ գրականություն։ «Գոլոսն» են քննադատում։
 
― Իսկ ինձ ինչ։
 
Մյուս խմբից.
 
― Ավանակնե՜ր։
 
― Չէ, նրանք ավանակ չեն, մենք ենք էշը։
 
― Ինչի՞ համար ես էշ։
 
― Իսկ ես էշ չեմ։
 
― Թե որ դու էշ չես, ուրեմն, ես իսկի չեմ։
 
Երրորդ խմբից.
 
― Մի հատ հասցնենք քամակներին, գրողի ծոցը։
 
― Լրիվ թափ տանք դահլիճը։
 
Չորրորդից.
 
― Ինչպե՞ս չեն ամաչում Լեմբկեները՝ նայելով։
 
― Ինչի՞ց ամաչեն։ Դու ամաչո՞ւմ ես։
 
― Ես որ ամաչում եմ, իսկ նա նահանգապետ է։
 
― Իսկ դու խոզ ես։
 
― Կյանքումս չէի տեսել այսքան սովորական պարահանդես,― հենց Յուլիա Միխայլովնայի կողքին թունալի ասաց մի տիկին՝ լսված լինելու ակնհայտ ցանկությամբ։ Քառասուն տարեկան կլիներ տիկինը, լիքը-լիքը և շպարված, մետաքսյա վառգույն զգեստով։ Քաղաքում համարյա բոլորը ճանաչում էին նրան, բայց ոչ ոք չէր ընդունում։ Պետական խորհրդականի այրի էր, ամուսինը նրան էր թողել փայտաշեն մի տուն և աղքատիկ կենսաթոշակ, սակայն այրին լավ էր ապրում, ձիեր էլ էր պահում։ Երկու ամիս առաջ ինքն էր առաջինն այցելել Յուլիա Միխայլովնային, բայց վերջինս չէր ընդունել։
 
― Ճիշտ այս-սպես էլ կարելի էր կանխատեսել,― ավելացրեց նա՝ հանդգնորեն նայելով Յուլիա Միխայլովնայի աչքերին։
 
― Իսկ եթե կարող էիք կանխատեսել, ապա ինչի՞ համար շնորհ արեցիք,― չդիմացավ Յուլիա Միխայլովնան։
 
― Միա-մմտությունից,― վայրկենապես շրխկացրեց կռվազան տիկինը՝ մարմնով մեկ ցնցվելով (անասելի կամենալով կռվի բռնվել), սակայն գեներալը կանգնեց նրանց միջև.
 
― Chere dame<ref>Թանկագին տիկին (ֆրանս.)։</ref>,― խոնարհվեց Յուլիա Միխայլովնայի ականջին,― ճիշտ կլինի գնալ։ Մենք նրանց սոսկ նեղում ենք, իսկ առանց մեզ նրանք շատ լավ կզվարճանան։ Դուք ամեն ինչ կատարեցիք, բացեցիք պարահանդեսը, ուրեմն, հանգիստ թողեք նրանց... Անդրեյ Անտոնովիչն էլ, կարծես, ամենևին բավա՜րար չի զգում իրեն։ Մի փորձանք չպատահի՞։
 
Բայց արդեն ուշ էր։
 
Անդրեյ Անտոնովիչը կադրիլի ամբողջ ընթացքում պարողներին էր նայում մի տեսակ զայրագին տարակուսանքով, իսկ երբ ծայր առան արձագանքումները հասարակության մեջ, սկսեց անհանգիստ նայել շուրջը։ Այստեղ առաջին անգամ նրա աչքով ընկան բուֆետային որոշ անձնավորություններ։ Հայացքն արտակարգ զարմացած էր։ Հանկարծ բարձրաձայն քրքիջ հնչեց կադրիլի խաղերից մեկի վրա. «ոչ-պետերբուրգյան ահարկու հրատարակության»՝ մահակը ձեռքին պարող հրատարակիչը, վերջնականապես զգալով, որ այլևս տանել չի կարող իր վրա հառած «ռուսական ազնիվ մտքի» ակնոցավոր հայացքը, ու չիմանալով ուր փախչել դրանից, հանկարծակի, վերջին պարադիրքին, ընդառաջ գնաց ակնոցակրին՝ ձեռքերի վրա, ոտքերը վեր, ինչ պետք է նշանակեր ողջամտության շարունակական ոտնիգլուխ այլասերումը «ոչ-պետերբուրգյան ահարկու հրատարակությունում»։ Քանի որ միայն Լյամշինն էր կարողանում քայլել ձեռքերի վրա, ապա նա էլ ստանձնել էր մահակակիր հրատարակչին ներկայացնելը։ Յուլիա Միխայլովնան ամենևին չգիտեր, որ քայլելու են՝ ոտքերը վեր։ «Դա թաքցրե՜լ էին ինձնից, թաքցրե՜լ»,― հետագայում կրկնում էր նա ինձ՝ հուսալքված ու զայրացած։ Ամբոխի քրքիջը, հարկավ, ողջունում էր ոչ այլաբանությունը, որը ոչ մեկին չէր հետաքրքրում, այլ պարզապես ձեռքերի վրա քայլելը՝ ֆրակով, ֆրակի փեշերը թափ տալով։ Լեմբկեն փրփրեց ու ցնցվեց։
 
― Սրիկա՜,― բղավեց նա՝ ցույց տալով Լյամշինին։― Բռնեք այդ ստորին, շրջեք... ոտքի շրջեք դրան... գլուխը... որ վերևում լինի գլուխը.... վերևում։
 
Լյամշինը ոտքի ցատկեց։ Քրքիջը սաստկացավ։
 
― Դուրս քշել բոլոր սրիկաներին, ովքեր ծիծաղում են,― մեկեն կարգադրեց Լեմբկեն։ Ամբոխը թնդաց ու դղրդաց։
 
― Էդպես չի կարելի, ձերդ գերազանցություն։
 
― Հասարակությանը չի կարելի հայհոյել-լ։
 
― Հիմարն ինքդ ես,― ձայն հնչեց հեռու մի անկյունից։
 
― Ֆլիբուստյերներ<ref>Ծովահեններ։</ref>,― բղավեց մեկ ուրիշը հակառակ ծայրից։
 
Լեմբկեն արագ շրջվեց բղավոցի կողմը և ամբողջովին գունատվեց։ Մի բութ ժպիտ հայտնվեց շրթունքներին, կարծես ինչ-որ բան հասկացավ հանկարծ ու հիշեց։
 
― Պարոնայք,― դիմեց Յուլիա Միխայլովնան վրա շարժվող ամբոխին՝ միաժամանակ իր ետևից տանելով ամուսնուն,― պարոնայք, ներեցեք Անդրեյ Անտոնովիչին, Անդրեյ Անտոնովիչը վատառողջ է... ներեցեք... ներեցեք նրան, պարոնայք։
 
Ես հատկապես լսեցի, ինչպես նա ասաց «ներեցեք»։ Տեսարանը շատ արագ ընթացավ։ Բայց ես հստակ հիշում եմ, որ հասարակության մի մասն արդեն հենց այդ ժամանակ դուրս խուժեց դահլիճից, ասես վախեցած Յուլիա Միխայլովնայի հենց այդ խոսքերից հետո։ Նույնիսկ հիշում եմ կանացի հիստերիկ ու արտասվախառը մի ճիչ.
 
― Ա՜հ, էլի առավոտվա պես։
 
Ու հանկարծ սկսված այդ համարյա հրմշտոցի մեջ վերստին ռումբ պայթեց, հենց «էլի առավոտվա պես».
 
― Հրդեհ։ Ամբողջ Զառեչյեն Է վառվում։
 
Չեմ հիշում միայն, թե առաջին անգամ որտեղ հնչեց այդ զարհուրելի ճիչը, սրահներում, արդյոք, կամ կարծեմ ինչ-որ մեկը ներս վազեց նախասրահի սանդուղքից, բայց դրանից հետո ծայր առավ այնպիսի մի տագնապ, որ պատմել անգամ չեմ փորձի։ Պարահանդեսի հավաքված հասարակության կեսից ավելին Զառեչյեից Էր՝ այնտեղի փայտաշեն տների տերերը կամ կենվորները։ Նետվեցին դեպի պատուհանները, քաշեցին-պոկեցին թանձր շղարշե վարագույրները։ Զառեչյեն բոցավառվում Էր։
 
Ճիշտ Է, հրդեհը դեռ նոր Էր բռնկվել, սակայն բոց Էր ելնում միանգամայն տարբեր երեք տեղերից՝ հենց դա Էր վախեցնում։
 
― Հրկիզո՜ւմ Է։ Շպիգուլինցինե՜րն են,― գոռում էին ամբոխի մեջ։
 
Մտապահել եմ մի քանի շատ բնորոշական բացականչություն.
 
― Այդպես Էլ կանխազգում Էր սիրտս, որ վառելու են, քանի օր է, զգում Էր։
 
― Շպիգուլինցիներն են, շպիգուլինցիները, ուրիշ Էլ ոչ ոք։
 
― Մեզ դիտմամբ են հավաքել էստեղ, որ էնտեղ կրակ տան։
 
Այս վերջին, ամենազարմանալի բղավոցը կանացի Էր, հրդեհից տուժած Կոռոբոչկայի ոչ-դիտավորյալ, ակամա բղավոցն Էր։ Բոլորը դեպի ելք խուժեցին։ Չեմ նկարագրի հրմշտոցը նախասրահում՝ մուշտակները, գլխաշորերը, վերարկուները ջոկջկելիս, վախեցած կանանց ծղրտոցը, օրիորդների լացը։ Հազիվ թե որևէ գողություն լիներ, սակայն զարմանալի չէ, որ նման խառնաշփոթի մեջ մի քանիսն այդպես էլ դուրս եկան-գնացին առանց տաք վերնահագուստի՝ չգտնելով իրենցը, ինչի մասին հետո երկար ժամանակ պատմվում էր քաղաքում՝ առասպելներով ու չափազանցումներով։ Լեմբկեին և Յուլիա Միխայլովնային ամբոխը համարյա թե ճզմել էր դռան մեջ։
 
― Բոլորին կանգնեցնե՜լ։ Ոչ ոքի դուրս չթողնե՜լ,― գոռում էր Լեմբկեն՝ ձեռքն ահեղատեսք պարզած խռնվածների առաջ։
 
― Բոլորին անխտիր խստագույն խուզարկում, անմիջապե՜ս։
 
Դահլիճից թունդ հայհոյանքներ թափվեցին։
 
― Անդրեյ Անտոնովիչ, Անդրեյ Անտոնովիչ,― բացականչում էր Յուլիա Միխայլովնան՝ կատարելապես հուսակտուր։
 
― Ձերբակալել առաջինին,― բղավեց ամուսինը՝ մատը սպառնագին տնկած կնոջ վրա։― Խուզարկել առաջինին։ Պարահանդեսը կազմակերպված է հրկիզման նպատակով...
 
Յուլիա Միխայլովնան ճչաց և ուշագնաց եղավ (օ՜, իհարկե, իսկապես ուշագնաց էր արդեն)։ Ես, իշխանը և գեներալը նետվեցինք օգնության, ուրիշներ էլ կային, անգամ տիկնանցից, ովքեր օգնեցին մեզ այդ դժվարին պահին։ Տարաբախտին դուրս տարանք այդ դժոխքից դեպի կառքը, բայց նա ուշքի եկավ, հենց մոտենում էինք տանը, և նրա առաջին ճիչը դարձյալ Անդրեյ Անտոնովիչի մասին էր։ Իր բոլոր երազանքների խորտակման հետ նրա առաջ մնացել էր սոսկ միայն Անդրեյ Անտոնովիչը։ Ուղարկեցինք՝ բժիշկ բերելու։ Նրա մոտ սպասեցի մի ամբողջ ժամ, իշխանը՝ նույնպես։ Մեծահոգության պոռթկումով, գեներալը (թեև ինքն էլ էր շատ վախեցած) ուզում էր ամբողջ գիշեր չհեռանալ «դժբախտի անկողնուց», սակայն տասը րոպե անց քուն մտավ սրահում, բժշկին սպասելիս, բազմոցին նստած, ուր և թողեցինք նրան։
 
Պարահանդեսից հրդեհի վայր շտապող ոստիկանապետը մեզնից հետո հասցրել էր դուրս բերել Անդրեյ Անտոնովիչին և ցանկացել նրան նստեցնել Յուլիա Միխայլովնայի հետ նույն կառքը՝ ամբողջ ուժով համոզելով նորին գերազանցությանը «դադար առնել»։ Բայց չգիտեմ ինչու, չէր համառել։ Իհարկե, Անդրեյ Անտոնովիչը լսել անգամ չէր կամեցել հանգստի մասին և շտապել հրդեհի վայր։ Բայց դա խելացի չէր։ Ավարտվել էր նրանով, որ հենց ոստիկանապետն էլ տարել էր նրան իր կառքով հրդեհի վայր։ Հետո պատմում էր, որ Լեմբկեն ամբողջ ճանապարհին թափահարում էր ձեռքերը և «էն տեսակ մտքեր բղավում, որ անսովոր լինելով հնար չէր կատարել»։ Հետագայում այդպես էլ զեկուցվեց, որ նորին գերազանցությունն այն րոպեներին, «վախի հանկարծակիությունից» արդեն սպիտակ տենդի մեջ էր ընկել։
 
Պատմելու չէ, թե ինչպես վերջացավ պարահանդեսը։ Մի քանի տասնյակ խրախճանասերներ, նրանց հետ նույնիսկ մի քանի տիկնայք, մնացել էին դահլիճում։ Ոչ մի ոստիկան։ Երաժիշտներին բաց չէին թողել և գնացողներին ծեծել։ Առավոտվա դեմ «Պրոխորըյչի խանութը» լրիվ սրբել էին, խմել ինքնամոռաց, կոմարինսկայա պարել՝ անվայել, սենյակներն աղտոտել, և միայն լուսադեմին այդ հրոսակների մի մասը, թունդ հարբած, հասել էր մարող հրդեհավայր՝ նոր անկարգություններ անելու... Մյուս կեսն այդպես էլ գիշերել էր սրահներում, թավշյա բազմոցներին և հատակին՝ մեռելի պես հարբած, բոլոր հետևանքներով հանդերձ։ Առավոտյան առաջին հնարավորության հետ, նրանց ոտքերից քաշեքաշ փողոց էին շպրտել։ Դրանով էլ ավարտվեց մեր նահանգի դաստիարակչուհիների օգտին կազմակերպված տոնախմբությունը։
 
=== IV ===
 
Հրդեհը վախեցրեց անդրգետյան մեր հասարակությանը նրանով հենց, որ հրկիզումն ակնհայտ էր։ Նշանակալի է, որ «վառվում ենք» առաջին ճիչի հետ իսկույն հնչեց «վառել են շպիգուլինցիները» բղավոցը։ Հիմա արդեն շատ լավ հայտնի է որ իրականում երեք շպիգուլինցի մասնակցել են հրկիզմանը, բայց և հենց դա։ Մնացած բոլորը ֆաբրիկայից կատարելապես արդարացվել են ընդհանուր կարծիքով, թե պաշտոնապես։ Այդ երեք սրիկաներից բացի (որոնցից մեկը բռնվել ու խոստովանել էր, իսկ երկուսը մինչև հիմա փախած են), հրկիզմանն անկասկած մասնակցել էր նաևՖեդկա Կատորժնին։ Ահա և այն ամենը, ինչ առայժմ ստուգապես հայտնի էր հրդեհի ծագման մասին։ Միանգամայն այլ բան են կռահումները։ Ինչո՞վ էին առաջնորդվել այդ երեք սրիկաները, որևէ մեկի կողմից ուղարկվա՞ծ էին, թե՝ ոչ։ Այդ ամենին դժվար է պատասխանել նույնիսկ հիմա։
 
Ուժեղ քամու, Զառեչյեի համարյա բոլոր շինվածքների փայտաշեն լինելու և վերջապես, երեք ծայրից հրկիզվելու հետևանքով հրդեհը տարածվել էր արագ և բռնել մի ամբողջ տարածք՝ անասելի ուժով (ի դեպ, հրկիզումը պետք է համարել ավելի շուտ երկու ծայրից սկսված, երրորդը կանխվել ու մարվել էր համարյա նույն րոպեին, բռնկվելուն պես, այս մասին՝ ստորև)։ Սակայն մայրաքաղաքային թղթակցությունների մեջ, այնուամենայնիվ, չափազանցրին մեր աղետը, վառվել էր ամբողջ Զառեչյեի մոտավորապես մեկ քառորդից ոչ ավելին (իսկ գուցեև՝ ավելի քիչ)։ Մեր հրշեջ խումբը, թեև տկար՝ քաղաքի տարածքի և բնակչության համեմատ, գործեց սակայն շատ կանոնավոր և անձնազոհ։ Այնինչ, քիչ բան կարող էր անել այդ խումբը, նույնիսկ բնակիչների համերաշխ աջակցությամբ, եթե չլիներ լուսադեմին փոխված քամին, որը կտրվել էր հանկարծակի, այգաբացից անմիջապես առաջ։ Երբ ես, պարահանդեսից փախչելուց ընդամենը մեկ ժամ անց, հասա Զառեչյե, կրակը բորբոքված էր ամբողջ ուժով։ Գետին զուգահեռ մի լրիվ փողոց բոցավառվում էր։ Լուսավոր էր, ցերեկվա պես։ Մանրամասն չեմ նկարագրի հրդեհի պատկերը, ո՞վ չգիտե դա Ռուսիայում։ Կրակվող փողոցին մերձակա նրբանցքներում անչափելի էլ իրարանցումն ու նեղվածքը։ Այստեղ հաստատապես սպասում էին կրակին, և բնակիչները դուրս էին բերում ունեցվածքը, բայց դեռ չէին հեռանում իրենց կացարաններից, այլ սպասումով նստոտում դուրս բերված սնդուկներին ու ներքնակներին՝ յուրաքանչյուրն իր պատուհանների տակ։ Տղամարդկանց մի մասը ծանր գործի մեջ էր, անխնա ջարդոտում էին ցանկապատերը, նույնիսկ ավերում կրակին մոտ ևքամու ուղղությամբ գտնվող խարխուլ խրճիթները։ Լալիս էին սոսկ արթնացած փոքրիկները, մեկ էլ ողբաձայն բղավում կանայք, որոնք հասցրել էին դուրս բերել իրենց հնոտիքը։ Չհասցրածներն առայժմ լուռ ու եռանդուն ներսուդուրս էին անում։ Կայծերն ու խանձողները թռչում էին հեռուն, դրանք հանգցնում էին ըստ հնարավորին։ Բուն հրդեհի մոտ խռնված էին հանդիսականները՝ այստեղ հավաքված քաղաքի բոլոր ծայրերից։ Ոմանք օգնում էին մարել, մյուսները նայում էին որպես սիրողներ։ Սեծ կրակը գիշերով միշտ թողնում է բորբոքող և զվարճացնող տպավորություն, դրա վրա են հիմնված հրավառությունները, սակայն հրավառության կրակները տեղաբաշխվում են գեղեցիկ, կանոնավոր ուրվագծերով և իրենց համակ անվտանգությամբ, թողնում են խաղացկուն ու թեթև տպավորություն, ինչպես շամպայնի ըմպանակից հետո։ Ուրիշ է իսկական հրդեհը, սարսափն այստեղ և այնուամենայնիվ, անձնական վտանգի որոշ զգացողությունը գիշերային կրակի որոշակիորեն զվարճացնող տպավորության հետ մեկտեղ, հանդիսականի մեջ (հարկավ, ոչ հրդեհի ճարակ քաղքենու) առաջացնում է ուղեղի որոշ ցնցում և նրա սեփական կործանարար բնազդների մի տեսակ հրահրում, որոնք, ավաղ, թաքնված են ամեն մի, նույնիսկ ամենա-խոնարհ ու ընտանեսեր տիտուլյար խորհրդականի հոգում։ Այդ մռայլ զգացողությունը համարյա միշտ զգլխիչ է։ «Իրավ, ես չգիտեմ, կարելի՞ է արդյոք հրդեհին նայել՝ առանց որոշակի հաճույքի»։ Բառ առ բառ սա ինձ ասել է Ստեպան Տրոֆիմովիչը՝ մի անգամ, վերադառնալով հրդեհի վայրից, ուր հայտնվել էր պատահականորեն և տեսարանի առաջին տպավորության տակ էր։ Անշուշտ, գիշերային կրակի այդ նույն երկրպագուն ինքն էլ կնետվի կրակի մեջ՝ փրկելու վառվող մանկանը կամ պառավին, բայց չէ որ դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։
 
Հետաքրքրասեր ամբոխի ետևից հրմշտվելով, առանց հարցուփորձի, ես հասա գլխավորագույն և վտանգավորագույն կետին, ուր և վերջապես տեսա Լեմբկեին, ում փնտրում էի Յուլիա Միխայլովնայի հանձնարարությամբ։ Նրա վիճակը զարմանալի էր ու արտակարգ։ Կանգնած էր ջարդջրդած ցանկապատի վրա, նրանից ձախ՝ երեսուն քայլի վրա բարձրանում էր արդեն համարյա լրիվ վառված երկհարկանի փայտաշեն տան սև կմախքը՝ երկու հարկերում պատուհանների փոխարեն բացված ծակերով, թափված տանիքով, ածխացած գերանների վրա տեղ-տեղ դեռևս օձի պես գալարվող կրակներով։ Բակի խորքում, վառվող-վերջացող տնից մի քսան քայլի վրա սկսել էր կրակվել նույնպես երկհարկանի մասնաշենքը, ու դրա վրա ամբողջ եռանդով գործում էին հրշեջները։ Աջ կողմում հրշեջները և ժողովուրդը ջանում էին փրկել բավականին խոշոր փայտյա մի շինվածք, որը դեռ չէր վառվում, բայց արդեն մի քանի անգամ վառվել էր և որին անխուսափելիորեն վիճակված էր վառվել։ Լեմբկեն՝ դեմքն արած կողաշենքին, բղավում և ձեռքերն էր թափահարում, հրամաններ արձակում, որոնք ոչ մեկը չէր կատարում։ Ես մտածեցի, որ նրան այստեղ թողել-գնացել են և բոլորովին մի կողմ քաշվել նրանից։ Համենայն դեպս, նրան շրջապատած և արտակարգ խայտաբղետ հոծ ամբոխի մեջ, ուր ամեն կարգի մարդկանց հետ էին պարոններ և նույնիսկ տաճարային ավագերեցը, թեև լսում էին նրան հետաքրքրությամբ ու զարմանքով, սակայն և ոչ մեկը չէր խոսում նրա հետ ու չէր փորձում ետ քաշել նրան։ Գույնը գցած, փայլփլող աչքերով՝ Լեմբկեն ամենազարմանալի բաներ էր ասում, ի լրումն ամեն ինչի, անգլխարկ էր ու վաղուց կորցրել էր դա։
 
― Այս ամենը հրկիզո՜ւմ է։ Սա նիհիլի՜զմ է։ Եթե մի բան է բոցավառվում, ապա նիհիլիզմ է,― լսեցի համարյա թե սարսափած, ու թեև զարմանալու բան չկար արդեն, սակայն ակներև իրականությունը միշտ ներառում է որոշ ցնցող բան։
 
― Ձերդ գերազանցություն,― թաղամասային տեսուչը հայտնվեց նրա կողքին,― եթե բարեհաճեք օգտվել տնային հանգստից... Թե չէ այստեղ կանգնելն էլ է վտանգավոր ձերդ գերազանցության համար։
 
Այդ տեսուչին, ինչպես հետո իմացա, ոստիկանապետն էր դիտավորյալ թողել Անդրեյ Անտոնովիչի մոտ, որպեսզի հետևի նրան և բոլոր ջանքերը գործադրի՝ նրան տուն տանելու, իսկ վտանգի դեպքում անգամ ուժգործադրի՝ հանձնարարությունն ակնհայտորեն վեր էր կատարողի ուժերից։
 
― Հրդեհից տուժածների արցունքները կսրբեն, բայց քաղաքը կրակի կտան։ Այս ամենը չորս սրիկա են արել, չորս ու կես։ Ձերբակալե՛լ սրիկային։ Նա այստեղ մենակ է, իսկ չորս ու կեսը զրպարտված են նրա կողմից։ Նա սողոսկում է ընտանիքների պատվի մեջ։ Տների հրդեհման համար օգտագործել են դաստիարակչուհիներին։ Ստորությո՜ւն է, ստորությո՜ւն։ Այ, ինչ է անում,― բղավեց նա՝ հանկարծ, նկատելով կրակվող կողաշենքի տանիքն ելած հրշեջին, որի տակ արդեն վառվել էր տանիքը և կրակը բոցկլտում էր չորսբոլորը։― Ցած քաշեք նրան, ցած քաշեք, նա կընկնի, կվառվի, հանգցրեք նրան... ի՞նչէ անում այնտեղ։
 
― Հրդեհն է մարում, ձերդ գերազանցություն։
 
― Անհավանական է։ Հրդեհն ուղեղների մեջ է, այլ ոչ տների տանիքներին։ Իջեցնել նրան ու ձեռ քաշել։ Ավելի լավ է ձեռ քաշել, ձեռ քաշել ամեն ինչից։ Թող ինքն իրեն, մի կերպ...։ Այ, ո՞վ է լալիս։ Պառա՜վը։ Պառավն է բղավում, ինչո՞ւ են մոռացել պառավին։
 
Իսկապես, այրվող կողաշենքի ցածի հարկում բղավում էր մոռացված մի պառավ, վառվող տան տիրոջ՝ վաճառականի ութսունամյա ազգականուհին։ Բայց նրան չէին մոռացել, այլ ինքն էր ետ գնացել վառվող տուն, քանի դեռ կարելի էր, դեռևս անվնաս մնացած անկյունի նեղ սենյակից իր փետրաներքնակը դուրս բերելու խելագար նպատակով։ Ծխից խեղդվելով և շոգից գոռալով, որովհետև բռնկվեց նաև նեղլիկ սենյակը, այնուամենայնիվ, նա ամբողջ ուժով ջանում էր շրջանակի կոտրած ապակու միջից զառամյալ ձեռքերով դուրս խցկել իր ներքնակը։ Լեմբկեն նետվեց՝ նրան օգնության։ Բոլորը տեսան՝ ինչպես նա մոտ վազեց պատուհանին, բռնեց ներքնակի ծայրը և ամբողջ ուժով սկսեց քաշել-հանել պատուհանից։ Փորձանքի պես հենց այդ պահին տանիքից ընկավ ջարդված տախտակը և դիպավ տարաբախտին։ Տախտակը չսպանեց նրան, ընկնելիս միայն սուր ծայրով խփվեց վզին, սակայն Անդրեյ Անտոնովիչի ասպարեզը գոցվեց, ծայրահեղ դեպքում՝ մեզ մոտ։ Հարվածը նրան ցած տապալեց, և նա ընկավ ուշագնաց։
 
Վերջապես, բացվեց մռայլ ու ժանտ առավոտը։ Հրդեհը նվազեց, քամուց հետո հանկարծ լռություն տիրեց, իսկ հետո մանրահատիկ, դանդաղ անձրև տեղաց, ասես մաղի միջով։ Ես արդեն Զառեչյեի ուրիշ մի հատվածում էի, հեռու այն տեղից, ուր տապալվեց Լեմբկեն, և այստեղ, ամբոխի մեջ շատ տարօրինակ խոսակցություններ լսեցի։ Բացահայտվեց մի տարօրինակ փաստ, թաղամասի ամենածայրին՝ ամայուտում, բանջարանոցների ետևում, մյուս շինություններից հիսուն քայլից ոչ պակաս հեռու, կանգնած էր մեկ հատիկ հենց նոր կառուցված փայտաշեն տուն, և հենց այդ մեկուսի տունը կրակ էր բռնել համարյա բոլորից առաջ, հրդեհի հենց սկզբում։ Եթե մինչև վերջ էլ այրվեր, ապա տարածության պատճառով չէր կարող կրակը փոխանցել քաղաքային շինություններից որևէ մեկին, և հակառակը՝ եթե ամբողջ Զառեչյեն էլ վառվեր, ապա այս մեկ հատիկ տունն անվնաս կմնար, նույնիսկ ինչպիսի քամի էլ լիներ։ Ստացվում էր, որ բոցավառվել է առանձին ու ինքնուրույն, ուրեմն՝ ոչ հենց այնպես։ Բայց գլխավորն այն էր, որ չէր հասցրել վառվել, և տան ներսում, լուսադեմին, զարմանալի բաներ ի հայտ եկան։ Այդ նոր տան տերը՝ մերձակա արվարձանում ապրող մի քաղքենի, իր նոր տանը հրդեհ տեսնելուն պես, նետվել էր այնտեղ և հարևանների օգնությամբ հասցրել էր փրկել այն՝ դեսուդեն շպրտելով կողապատի տակ շարած, կրակ տված ցախերը։ Սակայն տան մեջ կենվորներ կային՝ քաղաքում հայտնի կապիտանը՝ քրոջ հետ, նրանց մոտ էր նաև տարեց աղախինը, և ահա հենց այդ կենվորները՝ կապիտանը, նրա քույրը և աղախինն այդ գիշեր մորթվել էին բոլորով ու հավանորեն կողոպտվել։ (Հենց այստեղ էր ներկայացել ոստիկանապետը հրդեհի վայրից, երբ Լեմբկեն փրկում էր փետրաներքնակը)։ Առավոտվա դեմ լուրը տարածվեց, և ամեն կարգի մարդկանց հսկա ամբոխը և նույնիսկ հրդեհվածները Զառեչյեից խռնվեցին ամայուտում՝ նոր տան մոտ։ Դժվար էր անցնելն անգամ, այնքան էին հավաքվել։ Տեղնուտեղն ինձ պատմեցին, որ կապիտանին գտել էին՝ կոկորդը կտրած, թախտին պառկած, հագնված, և որ նրան մորթել էին հավանորեն մեռելի պես հարբած, այնպես որ նա չէր էլ լսել, իսկ արյուն էր հոսել նրանից, «ինչպես եզից», որ քույրը՝ Մարյա Տիմոֆեևնան, ամբողջովին «ծակծկված» է դանակով, իսկ ընկած է եղել հատակին՝ դռան մոտ, այնպես որ հաստատ կռիվ է տվել մարդասպանի հետ՝ արդեն արթնացած։ Նմանապես արթնացած աղախնի գլուխն էր լրիվ ջնջխված։ Տանտիրոջ պատմածով, կապիտանը դեռևս երեկ առավոտյան իր մոտ էր եկել խմած, պարծեցել ու ահագին փող էր ցույց տվել՝ մի երկու հարյուր ռուբլի։ Կապիտանի հին, քրքրված կանաչ դրամապանակը գտել էին դատարկ, հատակին գցած, բայց Սարյա Տիմոֆեևնայի սնդուկին ձեռք չէին տվել, սրբապատկերի արծաթյա մակադիրն էլ ձեռք տված չէր, տեղում էին կապիտանի հագուստները։ Երևում էր, որ գողը շտապել է և՝ կապիտանի գործերին տեղյակ, եկել է սոսկ փողը տանելու և իմացել է տեղը։ Եթե նույն րոպեին վազեվազ չգար տանտերը, ապա ցախերը՝ կրակ բռնելով, հաստատ կհրդեհեին տունը, «իսկ այրված դիակներից դժվար կլիներ իսկությունն իմանալ»։
 
Այսպես էր պատմվում գործը։ Ավելացվում էր մի տեղեկություն ևս. որ այդ բնակարանը կապիտանի և նրա քրոջ համար վարձել է անձամբ Ստավրոգինը, Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ գեներալ Ստավրոգինի այրու որդյակը, ինքն է եկել՝ վարձելու, շատ է համոզել, որովհետև տանտերը չի ուզել տալ և տունը նախատեսել է պանդոկի համար, բայց Նիկոլայ Վսեվոլոդովիչը գնի առաջ չի կանգնել և կես տարվա վարձն էլ գլխից է տվել։
 
― Հենց էնպես չեն վառվել,― լսվում էր ամբոխի մեջ։ Սակայն մեծ մասը լուռ էր։ Դեմքերը մռայլ էին, բայց մեծ, ակնհայտ բորբոքվածություն ես չնկատեցի։ Չորսբոլորը սակայն շարունակվում էին պատմությունները Նիկոլայ Վսեվոլոդովիչի և այն մասին, որ սպանվածը նրա կինն է, որ երեկ նա այստեղի առաջին տնից՝ գեներալի կին Դրոզդովայի տնից իր մոտ է քաշել-տարել օրիորդ դստերը, «անազնիվ ձևով», և որ նրա վրա բողոքելու են Պետերբուրգ, իսկ որ կինը մորթված է, ապա հավանաբար նրա համար, որ Դրոզդովայի հետ ամուսնանա։ Սկվորեշնիկին այստեղից հեռու էր ոչ ավելի, քան երկուսուկես վերստ, և, հիշում եմ, մտքովս անցավ՝ իմաց չտա՞լ այնտեղ։ Իմիջիայլոց, ես չնկատեցի, որ մեկնումեկն առանձնապես բորբոքեր ամբոխին, չեմ ուզում հոգուս մեղք անել, թեև աչքովս ընկան «բուֆետականներից» մի երեք-չորս ռեխ, որոնք լուսադեմին հայտնվել էին հրդեհի վայրում և որոնց անմիջապես ճանաչեցի։ Սակայն առանձնապես հիշում եմ մի բարձրահասակ, նիհար երիտասարդի, քաղքենիներից էր, հյուծված, ասես կուպրով ներկված, գանգրամազ փականագործ էր, ինչպես իմացա հետագայում։ Հարբած չէր, սակայն ի հակադրություն մռայլադեմ կանգնած ամբոխի, մի տեսակ կորցրած էր իրեն։ Նա շարունակ դիմում էր մարդկանց, թեև չեմ հիշում նրա խոսքերը։ Այն ամենը, ինչ ասում էր հոդաբաշխ, ավելի երկար չէր, քան «Էս ի՞նչ բան է, ախպերներ։ Ախր, էսպես էլ պիտի լինի՞» և այդ ընթացքում թափահարում էր ձեռքերը։
== Գլուխ երրորդ. Ավարտված սիրավեպ ==
Վստահելի
1318
edits