== Գլուխ չորրորդ. Վերջին որոշումը ==
=== I ===
Այդ առավոտ Պյոտր Ստեպանովիչին շատերն էին տեսել, տեսնողները հիշում էին, որ նա արտակարգ բորբոքված վիճակում էր։ Ցերեկվա ժամը երկուսին շտապ մտել էր Գագանովի մոտ, որն ընդամենը մի օր առաջ էր եկել գյուղից, և տունը լի էր այցելուներով, որոնք երկար ու տաքացած խոսում էին հենց նոր կատարված իրադարձությունների մասին։ Պյոտր Ստեպանովիչը խոսել էր բոլորից շատ ու ստիպել, որ իրեն լսեն։ Մեզ մոտ նրան միշտ ընդունել են որպես «գլուխը ծակ շատախոս ուսանող», բայց հիմա նա խոսում էր Յուլիա Միխայլովնայի մասին, իսկ համընդհանուր իրարանցման մեջ թեման գրավիչ էր։ Որպես ոչ վաղուցվա և մտերմագույն խորհրդապահ, Յուլիա Միխայլովնայի մասին միանգամայն նոր և անսպասելի մանրամասներ էր պատմել նա, ոչ դիտավորյալ (և, իհարկե, անզգուշաբար) հայտնել նրա մի քանի կարծիքները քաղաքում բոլորին հայտնի անձանց մասին, որով տեղնուտեղը ինքնասիրություններ էր խոցել։ Ստացվել էր դա անհստակ և խառնիխուռն, ինչպես ոչ խորամանկ, բայց որպես ազնիվ մարդու խոսք՝ դրված տանջալի անհրաժեշտության մեջ՝ միանգամից բացատրել տարակուսանքների մի հսկա քանակություն և որն իր անհմտության պարզամտությամբ, չգիտե էլ, ինչից սկսել, ինչով վերջացնել։ Բավականաչափ նույնպես անզգուշաբար բերանից թռցրեց, թե Յուլիա Միխայլովնային հայտնի էր Ստավրոգինի ամբողջ գաղտնիքը և որ ինքն էլ հենց վարում էր խարդավանքը՝ լրիվ։ Իբր հենց իրեն՝ Պյոտր Ստեպանովիչին էլ է դրել անհարմար կացության մեջ, քանի որ ինքն էլ էր սիրահարված այդ թշվառ Լիզային, այնինչ, իրերն այնպես «դասավորեցին», որ հենց ինքն էլ համարյա նրան կառքով տարավ Ստավրոգինի մոտ։ «Այո, այո, պարոնայք, ձեզ համար հեշտ է ծիծաղել, իսկ եթե ես միայն իմանայի, եթե իմանայի ինչով է վերջանալու»,― եզրափակեց նա։ Ստավրոգինի մասին տագնապալի զանազան հարցերին ուղղակի հայտնեց, որ Լեբյադկինին առնչվող աղետը, իր կարծիքով, զուտ պատահականություն է և ամեն ինչի մեղավորն ինքը՝ փողերը ցույց տված Լեբյադկինն է։ Նա հատկապես լավ բացատրեց սա։ Ունկնդիրներից մեկը նկատել տվեց նրան, որ իզուր է «ներկայանում», որ կերել, խմել, համարյա թե քնել է Յուլիա Միխայլովնայի տանը, իսկ հիմա հենց առաջինն է նրան սևացնում, և որ դա ամենևին էլ այնքան սիրուն բան չէ, ինչպես ինքն է ենթադրում։ Սակայն Պյոտոր Ստեպանովիչն իսկույն պաշտպանեց իրեն. «Ես կերել ու խմել եմ ոչ այն պատճառով, որ փող չունեի, և մեղավոր չեմ, որ ինձ հրավիրել են այնտեղ։ Թույլ տվեք ինքս որոշեմ, թե որքանով և ինչի համար երախտապարտ լինեմ»։
Ընդհանրապես, տպավորությունը նրա օգտին մնաց։ «Թող որ մի քիչ անհեթեթ ու, անշուշտ, փուչ մարդ է, բայց դե ինչո՞վ է մեղավոր Յուլիա Միխայլովնայի հիմարությունների հարցում։ Հակառակը, ստացվում է, որ հենց ինքն էլ նրան կանգնեցրել է...»։
ժամը երկուսին մոտ հանկարծ լուր տարածվեց, որ Ստավրոգինը, ում մասին այդքան խոսք ու զրույց կար, կեսօրվա գնացքով հանկարծակի մեկնել է Պետերբուրգ։ Դա շատ հետաքրքեց, շատերը խոժոռվեցին։ Պյոտր Ստեպանովիչն այն աստիճան էր ապշած, որ ասում են, այլայլվեց և տարօրինակ բղավեց. «Եվ ո՞վ կարող էր նրան դուրս թողնել»։ Նա տեղնուտեղը դուրս թռավ Գագանովի մոտից։ Սակայն նրան տեսնողներ եղան ևս երկու թե երեք տներում։
Մթնշաղին նա հնարավորություն գտավ թափանցել նաև Յուլիա Միխայլովնայի մոտ, թեև մեծագույն դժվարությամբ, քանի որ տանտիրուհին վճռականապես չէր ուզում ընդունել նրան։ Միայն երեք շաբաթ անց իմացա այդ հանգամանքի մասին հենց Յուլիա Միխայլովնայից, նրա՝ Պետերբուրգ մեկնելուց առաջ։ Մանրամասեր չհայտնեց, բայց սարսուռով նշեց, որ «այն ժամանակ նա զարմացրեց իրեն վերին աստիճանի»։ Ենթադրում եմ, որ նա ուղղակի վախեցրել է մեղսակցության սպառնալիքով այն դեպքում, եթե մտքովն անցնի «խոսել»։ Իսկ վախեցնելու անհրաժեշտությունը առնչվում էր այն ժամանակվա նրա մտադրություններին, որոնք, հարկավ, հայտնի չէին Յուլիա Միխայլովնային, և միայն հետո՝ հինգ օր անց կռահեց վերջինս, թե ինչու էր նա այդչափ անվստահ իր լռությանը և այնքան երկյուղում էր իր զայրույթի նոր պոռթկումներից...
Երեկոյան ժամը ութին մոտ, երբ արդեն լրիվ մթնել էր, քաղաքի ծայրամասում՝ Ֆոմին նրբանցքում, թեք ընկած փոքր տնակում, պրապորշչիկ Էրկելի բնակարանում հավաքվեցին ''մերոնք'' լրիվ կազմով, հինգ հոգով։ Ընդհանուր ժողովն այստեղ նշանակել էր անձամբ Պյոտր Ստեպանովիչը, բայց նա աններելիորեն ուշանում էր, և անդամներն արդեն մի ժամ սպասում էին։ Այդ պրապորշչիկ Էրկելը հենց այն եկվոր սպայիկն Էր, որը Վիրգինսկու տան ամբողջ երեկույթին նստած Էր՝ մատիտը ձեռքին, նոթատետրն առաջին։ Նա քաղաք էր եկել վերջերս, մեկուսացված կացարան վարձել քաղքենուհի երկու պառավ քույրերի պատկանող տանը, և շուտով պիտի մեկներ։ Նրա մոտ հավաքվելն ամենաանկատելի տեղն Էր։ Այդ տարօրինակ տղան աչքի Էր ընկնում անսովոր լռակյացությամբ, նա կարող Էր տասը երեկո շարունակ նստել աղմկոտ խմբերի մեջ և ամենաանսովոր խոսակցությունները լսել՝ ոչ մի բառ չասելով, այլ հակառակը՝ իր մանկական աչքերով արտակարգ ուշադրությամբ հետևելով խոսողներին և լսելով։ Դեմքը շատ դուրեկան Էր և նույնիսկ կարծես խելացի։ Հնգյակին չէր պատկանում, մերոնք ենթադրում էին, թե նա ինչ-որ տեղից ինչ-ինչ հատուկ հանձնարարություններ ունի, զուտ կատարողական առումով։ Հիմա հայտնի է, որ ոչ մի հանձնարարություն էլ չուներ ու հազիվ թե հասկանում էր իր դրությունը։ Նա սոսկ-խոնարհվում էր Պյոտր Ստեպանովիչի առաջ՝ հանդիպելով նրան վերջերս։ Եթե հանդիպեր վաղաժամ այլասերված որևէ մի հրեշի և սա որևիցե սոցիալ-վիպական պատրվակով նրան սադրեր ավազակախումբ հիմնել ու փորձելու համար հրամայեր սպանել ու կողոպտել առաջին հանդիպած մուժիկին, ապա անպայման կգնար, կհնազանդվեր։ Ինչ-որ տեղ հիվանդ մայր ուներ, ում ուղարկում էր իր աղքատիկ ռոճիկի կեսը, և մայրն ինչպե՜ս պիտի համբուրեր այդ շիկամազ խեղճ գլուխը, ինչպե՜ս պիտի դողար ու աղոթեր նրա համար։ Այսքան երկար պատմեցի, որովհետև շատ եմ խղճում նրան։
''Մերոնք'' բորբոքված էին։ Նախորդ գիշերվա դեպքերը նրանց ապշեցրել էին, և կարծես թե լավ վախեցած էին։ Հասարակ, թեև պարբերական խայտառակությունը, որին այնքան ջանադրաբար մասնակցում էին մինչև հիմա, նրանց համար հանգուցալուծվել էր անսպասելիորեն։ Գիշերային հրդեհը, Լեբյադկինների սպանությունը, ամբոխի վայրենությունը Լիզայի հանդեպ՝ այդ ամենն այնպիսի անակնկալներ էին, որոնք չէին ենթադրում իրենց ծրագրում։ Նրանք տաքացած մեղադրում էին իրենց ուղղորդող ձեռքը՝ բռնակալության և ոչ-անկեղծության մեջ։ Մի խոսքով, մինչ սպասում էին Պյոտր Ստեպանովիչին, փոխադարձաբար այնպես լարեցին իրենց, որ կրկին որոշեցին նրանից վերջնականապես կտրական բացատրություն պահանջել, իսկ եթե նա մի անգամ էլ, ինչպես արդեն եղել էր, խուսափի, ապա նույնիսկ լուծարել հնգյակը, սակայն պայմանով, որ դրա փոխարեն հիմնեն «գաղափարների քարոզչության» նոր գաղտնի ընկերություն, արդեն իրենց կողմից, իրավահավասար և ժողովրդավարական հիմունքներով։ Լիպուտինը, Շիգալյովը և ժողովրդի գիտակն առանձնապես պաշտպանեցին այդ միտքը, Լյամշինը լուռ մնաց, թեև համաձայն տեսքով։ Վիրգինսկին տատանվում էր ու ցանկանում սկզբից լսել Պյոտր Ստեպանովիչին։ Վճռեցին լսել Պյոտր Ստեպանովիչին, սակայն վերջինս դեռ չէր երևում, նման անփութությունն ավելի էր շատացնում թույնը։ Էրկելը կատարելապես լուռ էր ու կարգադրեց միայն թեյ մատուցել, որը տանտիրուհիների մոտից ինքը բերեց՝ մատուցարանին դրված բաժակներով, առանց ինքնաեռի, ներս չթողնելով աղախնին։
Պյոտր Ստեպանովիչը հայտնվեց միայն ութն անց կեսին։ Արագ քայլերով մոտեցավ բազմոցի առաջ դրված կլոր սեղանին, որի շուրջ տեղավորվել էր խումբը։ Գլխարկը ձեռքում պահեց ու հրաժարվեց թեյից։ Տեսքը չարացած էր, խիստ և գոռոզ։ Պետք է որ իսկույն ևեթ նկատեր դեմքերից, որ «ապստամբում են»։
― Նախքան բերանս բացելը, ձեր ասելիքն ասեք, մի տեսակ ձգված եք,― ասաց նա՝ չարախնդությամբ աչք ածելով դեմքներին։
Լիպուտինը սկսեց «բոլորի անունից» և վիրավորանքից բեկվող ձայնով հայտարարեց, որ «եթե այսպես շարունակեն, ապա կարելի է սեփական գլուխները կոտրել-լ»։ Օ՜, իրենք ամենևին չեն վախենում գլուխ կոտրելուց, բայց միայն ընդհանուր գործի համար։ (Ընդհանուր իրարանցում և հավանություն)։ Ուստիև թող իրենց հանդեպ էլ անկեղծ գտնվեն, որպեսզի իրենք միշտ իմանան նախապես, «այլապես ի՞նչ կլինի»։ (Նորից՝ իրարանցում, մի քանի կոկորդային հնչյուն)։ Այդպես գործելը նվաստացուցիչ է ու վտանգավոր... Պատճառը բոլորովին այն չէ, որ վախենում ենք, այլ եթե գործում է մեկը, իսկ մյուսները սոսկ աննշան խազաքարեր են, ապա մեկը սխալվեց՝ բոլորը կրակը կընկնեն։ (Բացականչություններ՜ այո՜, այո՜։ Ընդհանուր պաշտպանություն)։
― Գրողը տանի, իսկ ձեզ ինչ՞ է պետք։
― Իսկ ընդհանուր գործի հետ ինչ՞ կապ ունեն պարոն Ստավրոգինի մանր-մունր խարդավանքները,― փրփրեց Լիպուտինը։― Թող որ մի խորհրդավոր եղանակով նա պատկանի կենտրոնին, եթե միայն իրականում գոյություն ունի այդ երևակայական կենտրոնը, իսկ մենք դա իմանալ անգամ չենք ուզում-մ։ Այնինչ, կատարվել է սպանություն, ոստիկանությունը գրգռված է, թելի ծայրը բռնած՝ կհասնեն կծիկին։
― Կբռնվեք Ստավրոգինի հետ, մենք էլ կբռնվենք,― ավելացրեց ժողովրդի գիտակը։
― Եվ միանգամայն անօգուտ՝ ընդհանուր գործի համար,― թախծալի ավարտեց Վիրգինսկին։
― Ի՜նչ ցնդաբանություն։ Սպանությունը պատահմունք էր, Ֆեդկան է արել թալանի համար։
― Հը՜մ։ Բայց և այնպես, տարօրինակ զուգադիպություն է,― ծամածռվեց Լիպուտինը։
― Իսկ եթե կուզեք, հենց ձեր միջոցով է կատարվել։
― Ինչպե՞ս թե՝ մեր միջոցով։
― Նախ և առաջ, դուք՝ Լիպուտին, ինքներդ եք մասնակցել այդ խարդավանքին, երկրորդը և գլխավորը, ձեզ հրամայված էր ուղարկել Լեբյադկինին, և փող էր տրվել, իսկ դուք ի՞նչ արեցիք։ Եթե ուղարկեիք, ոչինչ էլ չէր լինի։
― Իսկ ինքնե՞րդ միտք չհայտնեցիք, թե լավ կլինի, նրան բաց թողնել՝ ոտանավորը կարդալու։
― Միտք հայտնելը հրաման չէ։ Հրամանն ուղարկելն էր։
― Հրամա՜ն։ Բավական տարօրինակ բառ է... Հակառակը, հենց դուք հրամայեցիք կասեցնել ուղարկումը։
― Դուք սխալվել և դրսևորել եք հիմարություն ու ինքնակամություն։ Իսկ սպանությունը Ֆեդկայի արածն է, ու նա գործել է մենակ, թալանի համար։ Դուք լսել եք, թե ինչեր են դուրս տալիս ու հավատացել։ Դուք վախեցել եք։ Ստավրոգինն այնքան հիմար չէ, իսկ ապացույցը՝ նա մեկնել է ցերեկվա ժամը տասներկուսին, փոխնահանգապետի հետ տեսակցությունից հետո։ Եթե որևիցե մի բան լիներ, նրան չէին թողնի Պետերբուրգ գնալ օրը ցերեկով։
― Բայց մենք ամենևին չենք պնդում, որ պարոն Ստավրոգինն ինքն է սպանել,― թունալի և առանց քաշվելու միացավ Լիպուտինը,― նա կարող էր նույնիսկ չիմանալ-լ, ճիշտ ինչպես ես, իսկ ձեզ անձամբ շատ լավ հայտնի է, որ ես ոչ-չինչ չգիտեի, թեև իսկույն ինքս ինձ կրակը գցեցի։
― Իսկ ո՞ւմ եք դուք մեղադրում,― մռայլադեմ նայեց Պյոտր Ստեպանովիչը։
― Հենց նրանց, ում պետք է քաղաքները կրակ տալ։
― Ամենից վատն այն է, որ դուք տակից դուրս եք գալիս։ Իմիջիայլոց, չե՞ք բարեհաճի կարդալ և ցույց տալ մյուսներին։ Սա՝ միայն ի գիտություն։
Նա գրպանից հանեց Լեբյադկինի անանուն նամակը՝ ուղղված Լեմբկեին և տվեց Լիպուտինին։ Սա կարդաց, ըստ երևույթին, զարմացավ և մտազբաղ փոխանցեց հարևանին։ Նամակն արագ շրջան կատարեց։
― Սա իսկապե՞ս Լեբյադկինի ձեռագիրն է,― նկատեց Շիգալյովը։― Նրա ձեռագիրն է,― հայտարարեցին Լիպուտինը և Տոլկաչենկոն (այն է՝ ժողովրդի գիտակը)։
― Ես ցույց տվի միայն ի գիտություն և իմանալով, որ այդպես ազդված եք Լեբյադկինի համար,― կրկնեց Պյոտր Ստեպանովիչը՝ ետ վերցնելով նամակը,― և այսպիսով, պարոնայք, ոմն Ֆեդկա միանգամայն պատահմամբ մեզ ազատում է վտանգավոր մարդուց։ Ահա, թե երբեմն ինչ է նշանակում դիպվածը։ Ուսանելի է, այդպես չէ՞։
Անդամները փութով իրար նայեցին։
― Իսկ հիմա, պարոնայք, իմ հերթն է հարցնելու,― պատկառելի տեսք ընդունեց Պյոտր Ստեպանովիչը։― Թույլ տվեք իմանալ, այդ ինչպե՞ս ձեզ թույլ տվեցիք կրակ տալ քաղաքը՝ առանց թույլտվության։
― Սա ի՜նչ բան էր։ Մե՞նք, մե՞նք ենք վառել քաղաքը։ Մեղքն ուրիշի վզին փաթաթե՜լ է սա,― բացականչություններ հնչեցին։
― Ես հասկանում եմ, որ չափը տվել-անցել եք,― համառորեն շարունակում էր Պյոտր Ստեպանովիչը,― բայց չէ որ սա Յուլիա Միխայլովնայի հետ կապված մանր-մունր խայտառակություններ չէ։ Պարոնայք, ես ձեզ հավաքել եմ այստեղ, բացատրելու վտանգավորության այն աստիճանը, որ այնքան հիմարաբար ձեր գլխին բերել եք և որը չափից ավելի է սպառնում շատ ու շատ բաների, ձեզնից բացի։
― Ներեցեք, ընդհակառակը, հիմա մենք էինք մտադիր ձեզ հայտնել բռնակալության և անհավասարության այն աստիճանի մասին, որով ընդունվել էր այդքան լուրջ և միաժամանակ տարօրինակ միջոցը՝ շրջանցելով անդամներին,― համարյա զայրագին հայտարարեց մինչ այդ լուռ մնացած Վիրգինսկին։
― Ուրեմն, դուք ժխտո՞ւմ եք։ Իսկ ես պնդում եմ, որ հրդեհել եք դուք, միայն դուք և ուրիշ ոչ ոք։ Պարոնայք, ես ստույգ տեղեկություններ ունեմ։ Ձեր ինքնակամությամբ դուք վտանգի եք ենթարկել անգամ ընդհանուր գործը։ Դուք ընդամենը սոսկ մի հանգույցն եք հանգույցների անվերջանալի շղթայում և պարտավոր եք կուրորեն ենթարկվել կենտրոնին։ Այնինչ, ձեզնից երեք հոգի հրահրել են շպիգուլյաններին՝ հրկիզման, նվազագույն իսկ հրահանգներ չունենալով, և հրդեհը տեղի ունեցավ։
― Ովքե՞ր՝ երեք հոգի։ Մեզնից ո՞ր երեքը։
― Երեք օր առաջ, գիշերվա ժամը չորսին, դուք՝ Տոլկաչենկո, սադրել եք Ֆոմկւս Զավյալովին «Նեզաբուդկայում»։
― Ներող կլինեք,― ոտքի թռավ նա,― հազիվ մի խոսք եմ ասել, այն էլ առանց դիտավորության, այլ էնպես, որովհետև առավոտյան նրան ծեծել էին, և իսկույն վերջացրի, տեսա, որ հարբած Է։ Եթե դուք չհիշեիք, ես բոլորովին չէի հիշի։ Խոսքից կրակ բռնել չէր կարող։
― Դուք նման եք նրան, ով կզարմանար, եթե փոքրիկ կայծից վառոդի գործարանը լրիվ հօդս ցնդեր։
― Ես խոսում էի շշուկով ու անկյունում՝ նրա ականջին, ինչպե՞ս կարող էիք իմանալ,― հանկարծ կռահեց Տոլկաչենկոն։
― Այնտեղ ես նստած էի սեղանի տակ։ Մի անհանգստացեք, պարոնայք, ես ձեր բոլոր քայլերը գիտեմ։ Դուք թունալի ժպտո՞ւմ եք, պարոն Լիպուտին։ Իսկ ես գիտեմ, օրինակ, որ չորս օր առաջ դուք կմճտոտել եք ձեր կնոջը, կեսգիշերին, ձեր ննջարանում՝ պառկելով քնելու։
Լիպուտինը բացեց բերանը և գունատվեց։
(Հետո հայտնի դարձավ, որ Լիպուտինի քաջագործության մասին նա իմացել է Լիպուտինի աղախին Ագաֆյայից, ում հենց սկզբից փող էր տալիս՝ լրտեսելու համար, ինչ հետո միայն բացահայտվեց)։
― Կարո՞ղ եմ, արդյոք, փաստ արձանագրել,― հանկարծ ոտքի ելավ Շիգալյովը։
― Արձանագրեք։
Շիգալյովը նստեց ու շտկվեց.
― Որքան ես հասկացա և չի կարելի չհասկանալ, ինքներդ սկզբում և հետո մի անգամ էլ, շատ պերճախոս, թեև չափազանց տեսականորեն, զարգացրիք Ոուսաստանի պատկերը՝ ծածկված հանգույցների անվերջանալի ցանցով։ Իրենց կողմից, գործող խմբակներից յուրաքանչյուրը, հավատափոխներ սարքելով և կողմնական բաժանմունքներով տարածվելով անսահմանորեն, խնդիր ունի պարբերական մերկացնող քարոզչությամբ շարունակապես գցել տեղական իշխանության նշանակությունը, տարակուսանք հարուցել գյուղերում, սերմանել ցինիզմ և սկանդալներ, հավատի կատարյալ կորուստ ամեն ինչի հանդեպ, լավագույնի ծարավ, վերջապես, գործելով առավելապես հրդեհներով, որպես ժողովրդական միջոց՝ պատվիրագրված պահին երկիրը գցելով, եթե պետք է, նույնիսկ հուսալքման մեջ։ Ձե՞րն են, արդյոք, այս խոսքերը, որոնք աշխատել եմ հիշել բառ առ բառ։ Ձե՞րն է, արդյոք, գործողությունների այդ ծրագիրը, որ հայտնել եք իբրև կենտրոնական, սակայն մինչևհիմա բացարձակորեն անհայտ ու մեզ համարյա թե երևակայական թվացող կոմիտեի լիազորված անձ։
― Ճիշտ է, միայն թե երկար եք ձգում։
― Ամեն մեկն իր խոսքի իրավունքն ունի։ Թողնելով մեզ կռահել, որ համընդհանուր ցանցի՝ արդեն ամբողջ Ռուսաստանը ծածկած հանգույցները հիմա արդեն մի քանի հարյուրի են հասնում, ու զարգացնելով ենթադրությունը, որ եթե ամեն մեկն անի իր գործը հաջողությամբ, ապա ամբողջ Ռուսաստանն այս-այս ժամկետի, մեկ ազդանշանով...
― Ահ, գրողը տանի, առանց ձեզ էլ շատ են գործերը,― բազմոցի մեջ շուռումուռ եկավ Պյոտր Ստեպանովիչը։
― Թույլ տվեք, ես կկրճատեմ ու կվերջացնեմ միայն հարցով. մենք արդեն տեսել ենք խայտառակություններ, տեսել ենք բնակչության դժգոհությունը, ներկա ու մասնակից ենք եղել տեղիս կառավարչության անկմանը, և ի վերջո, սեփական աչքերով տեսանք հրդեհը։ Իսկ ինչի՞ց եք դուք դժգոհ։ Ձեր ծրագիրը չէ՞ր, արդյոք։ Ինչո՞ւմ կարող եք մեղադրել մեզ։
― Ինքնակամության մեջ,― մոլեգնած բղավեց Պյոտր Ստեպանովիչը։― Քանի դեռ ես այստեղ եմ, դուք իրավունք չունեիք գործել առանց իմ թույլտվության։ Բավական է։ Մատնագիրը պատրաստ է, և գուցե վաղը կամ հենց այսօր գիշերը ձեզ կբռնոտեն։ Ահա եղածը։ Լուրը հավաստի է։
Այստեղ արդեն բոլորը բացեցին բերանները։
― Կբռնոտեն ոչ միայն որպես հրկիզման հրահրողներ, այլ նաև որպես հնգյակ։ Մատնիչին հայտնի է ցանցի ամբողջ գաղտնիքը։ Ահա թե ինչ եք բստրել։
― Միգուցե Ստավրոգինն է,― բղավեց Լիպուտինը։
― Ինչպե՜ս... ինչո՞ւ Ստավրոգինը,― կարծես հանկարծակի դեմ առավ Պյոտր Ստեպանովիչը։― Է՛, գրողը տանի,― ուշքի եկավ անմիջապես,― դա Շատովն է։ Կարծում եմ, հիմա արդեն բոլորիդ էլ հայտնի է, որ ժամանակին Շատովը պատկանել է գործին։ Ձեզ պիտի գաղտնիք հայտնեմ, որ հետևելով նրան անձանց կողմից, ում նա չէր կասկածում, ես իմացա, ի զարմանս, որ նրա համար գաղտնիք չեն թե ցանցի կառուցվածքը, թե... մի խոսքով, ամեն ինչ։ Նախկին մասնակցության մեղադրանքից իրեն փրկելու համար, նա կմատնի բոլորին։ Մինչև հիմա նա դեռևս տատանվում էր, ու ես խնայում էի նրան։ Այդ հրդեհով հիմա նրա կապերը քանդել եք, նա ցնցված է ու այլևս չի տատանվի։ Վաղն ևեթ մենք կձերբակալվենք, որպես հրկիզողներ և քաղաքական հանցագործներ։
― Ճի՞շտ է որ։ Շատովն ինչո՞ւ գիտե։
Հուզմունքն աննկարագրելի էր։
― Ամեն ինչ միանգամայն ճիշտ է։ Ես իրավունք չունեմ ձեզ հայտնել իմ ուղիները և թե ինչպես եմ բացահայտել, բայց ահա թե ինչ կարող եմ առայժմ անել ձեզ համար, մի անձնավորության միջոցով կարողացել եմ ազդել Շատովի վրա, այնպես, որ նա, ամենևին չկասկածելով, կհապաղի իր մատնագրով՝ բայց ոչ ավելի, քան մեկ օրուգիշեր։ Ավելին չեմ կարող։ Այսպիսով, դուք ձեզ ապահովված կարող եք համարել մինչև վաղը չէ մյուս օրվա առավոտ։
Բոլորը լուռ էին։
― Ի վերջո, եկեք նրան գրողի մոր ծոցն ուղարկենք,― առաջինը բղավեց Տոլկաչենկոն։
― Եվ վաղուց էր պետք անել,― չարությամբ ավելացրեց Լյամշինը՝ բռունցքով խփելով սեղանին։
― Բայց ինչպե՞ս անել,― մրթմրթաց Լիպուտինը։
Պյոտր Ստեպանովիչը տեղնուտեղը կպավ հարցից և շարադրեց իր պլանը։ Հետևյալն էր. որ իր մոտ եղած գաղտնի տպարանը հանձնելու համար Շատովին տանեն մեկուսի այն տեղը, ուր թաղված էր դա, վաղը, գիշերով, և «այնտեղ արդեն գործը գլուխ բերեն»։ Հարկավոր շատ մանրուքների մեջ մտավ, որոնք բաց ենք թողնում այժմ, հանգամանալի բացատրեց կենտրոնական միության հետ ունեցած Շատովի այն իսկական երկիմաստ հարաբերությունները, որոնք արդեն հայտնի են ընթերցողին։
― Ամեն ինչ այդպես է,― ոչ հաստատ նշեց Լիպուտինը,― բայց քանի որ նորից... նոր արկած է նույն տեսակի... ապա չափից ավելի կազդի ուղեղների վրա։
― Անկասկած,― հաստատեց Պյոտր Ստեպանովիչը,― սակայն դա էլ է նախատեսված։ Կասկածանքը լիովին մերժելու միջոցը կա։
Եվ նա նախկին ճշգրտությամբ պատմեց Կիրիլլովի ինքնասպան լինելու մտադրության մասին և թե ինչպես է խոստացել սպասել ազդանշանի, իսկ մեռնելիս՝ երկտող թողնել ու իր վրա վերցնել այն ամենը, ինչ կթելադրեն։ (Մի խոսքով, այն ամենը, ինչ արդեն հայտնի է ընթերցողին)։
― Իրեն կյանքից զրկելու նրա հաստատ մտադրությունը փիլիսոփայական է, իսկ իմ կարծիքով, խելագար՝ հայտնի է դարձել այնտեղ (Պյոտր Ստեպանովիչը շարունակում էր բացատրել)։ Այնտեղ չեն կորցնում ոչ մի թելիկ, ոչ մի հատիկ, ամեն ինչ գնում է ընդհանուր գործի օգտին։ Կանխատեսելով օգուտ և համոզվելով, որ նրա մտադրությունը միանգամայն լուրջ է, նրան միջոցներ են առաջարկվել՝ հասնելու Ռուսաստան (չգիտես ինչի համար, նա անպայման ուզել է մեռնել Ռուսաստանում), հանձնարարություն են տվել, որ նա պարտավորվել է կատարել (և կատարել է) և ավելին, պարտավորեցրել են նրան ձեզ արդեն հայտնի խոստմամբ՝ ինքնասպան լինել սոսկ այն ժամանակ, երբ իրեն կասեն։ Նա ամեն ինչ խոստացել է։ Նկատի առեք, որ նա պատկանում է գործին՝ հատուկ հիմունքներով և ցանկանում է օգտակար լինել, ավելին ձեզ բացահայտել չեմ կարող։ Վաղը, Շատովից հետո, ես նրան կթելադրեմ երկտողը, որ ինքն է Շատովի մահվան պատճառը։ Դա շատ հավանական կլինի, նրանք ընկերներ էին ու միասին էին գնացել Ամերիկա, այնտեղ գժտվել են, և այդ ամենը երկտողում կբացատրվի... և... և նույնիսկ, դատելով հանգամանքներից, կարելի կլինի ինչ-ինչ բաներ էլ թելադրել Կիրիլլովին, օրինակ, թռուցիկների մասին և գուցե նաև, մասամբ հրդեհը։ Իմիջիայլոց, այդ մասին ես կմտածեմ։ Մի անհանգստացեք, նախապաշարումներ չունի, ամեն բան կստորագրի։
Երկմտություններ եղան։ Պատմությունը երևակայական թվաց։ Իմիջիայլոց, Կիրիլլովի մասին բոլորն էլքիչ թե շատ լսել էին, իսկ Լիպուտինը՝ բոլորից շատ։
― Հանկարծ նա միտքը փոխեց ու չուզեց,― ասաց Շիգալյովը,― էսպես թե էնպես, ամեն դեպքում, խելագար մարդ է, ուրեմն, հույս դնելը ճիշտ չի։
― Մի անհանգստացեք, պարոնայք, կուզի,― ընդհատեց Պյոտր Ստեպանովիչը։― Պայմանավորվածության համաձայն, ես պարտավոր եմ նախազգուշացնել նախորդ օրը, նշանակում է, հենց այսօր։ Ես հրավիրում եմ Լիպուտինին հիմա ինձ հետ գնալ նրա մոտ և հավաստիանալ, նա էլ, պարոնայք, ետ գալով, եթե պետք է այսօր ևեթ, ձեզ կհայտնի՝ ճիշտն եմ ասել ձեզ, թե՝ ոչ։ Ի դեպ,― հանկարծակի կտրեց խոսքն անասելի բորբոքվածությամբ, կարծես մեկեն զգաց, որ չափից ավելի է պատիվ անում՝ այդպես համոզելով ու այդքան զբաղվելով նման մարդուկների հետ,― ի դեպ, գործեցեք, ինչպես կուզեք։ Եթե չվճռեք, ապա միությունը լուծարվում է, սակայն սոսկ ձեր չլսելու և դավաճանության փաստով։ Այդպիսով, այս իսկ րոպեից բոլորս առանձին ենք։ Բայց գիտցեք, որ այդ դեպքում դուք, շատովյան մատնագրի ու դրա հետևանքների անախորժությունից բացի, ձեզ վրա եք առնում ևս մի փոքր տհաճություն, որի մասին հաստատ հայտարարված է միությունը կազմավորելիս։ Ինչ վերաբերում է ինձ, պարոնայք, ես ձեզնից այնքան էլ չեմ վախենում... Մի կարծեք, թե ես այդքան շատ եմ կապված ձեզ... Ասենք, այդ ամենը մեկ է։
― Չէ՜, մենք վճռում ենք,― հայտարարեց Լյամշինը։
― Ուրիշ ելք չկա,― մրթմրթաց Տոլկաչենկոն,― և եթե միայն Լիպուտինը հաստատի Կիրիլլովի մասին, ապա...
― Ես դեմ եմ։ Բոլոր ուժերով իմ հոգու ես բողոքում եմ նման արյունալի որոշման դեմ,― տեղից ելավ Վիրգինսկին։
― Բա՞յց,― հարցրեց Պյոտոր Ստեպանովիչը։
― Ինչ՞ բայց։
― Դուք ասացիք բայց... և ես սպասում եմ։
― Կարծեմ, ես չասացի բայց... Միայն ուզում էի ասել, որ եթե վճռում են, ապա...
― Ապա՞։
Վիրգինսկին լռեց։
― Ես կարծում եմ, կարելի է բանի տեղ չդնել կյանքի սեփական անվտանգությունը,― հանկարծ բերանը բացեց Էրկելը,― բայց եթե կարող է տուժել ընդհանուր գործը, ապա կարծում եմ, չի կարելի համարձակվել բանի տեղ չդնել կյանքի սեփական անվտանգությունը...
Նա խառնվեց ու կարմրեց։ Ինչքան էլ բոլորը զբաղված էին ամենքն իրենցով, բայց բոլորն էլ նրան նայեցին զարմանքով, այն աստիճան անսպասելի էր, որ նա նույնպես կարող է խոսք սկսել։
― Ես կողմնակից եմ ընդհանուր գործին,― մեկեն ասաց Վիրգինսկին։
Բոլորը ելան տեղներից։ Որոշվեց վաղը կեսօրին մի անգամ էլ լուրեր հայտնել միմյանց, թեկուզև բոլորը մեկտեղ չհավաքվելով և արդեն վերջնականապես պայմանավորվել։ Հայտարարվեց տեղը, ուր թաղված էր տպարանը, բաժանվեցին դերերը ու պարտականությունները։ Լիպուտինը և Պյոտր Ստեպանովիչն անմիջապես միասին ճամփա ընկան՝ Կիրիլլովի մոտ։
=== II ===
Որ Շատովը մատնելու է, մերոնք բոլորը հավատացին, բայց և որ Պյոտր Ստեպանովիչն իրենց շարժում է խաղաքարերի պես, նույնպես հավատում էին։ Իսկ հետո բոլորը գիտեին, որ վաղը, այնուամենայնիվ, լրիվ կազմով ներկա կլինեն տեղում, և Շատովի ճակատագիրը վճռված է։ Զգում էին, որ հանկարծակի, ճանճերի պես ընկել են հսկայական սարդի ոստայնը։ Չարացած էին, բայց դողում էին սարսափից։
Պյոտր Ստեպանովիչը, անկասկած, մեղավոր էր նրանց առաջ, ամեն ինչ կարող էր անցնել ավելի հեշտ ու թեթև, եթե նա թեկուզև նվազագույնս հոգ տաներ գունազարդելու իրականությունը։ Փոխանակ փաստը ներկայացնելու կարգին լույսի ներքո, հռոմեական-քաղաքացիական կամ դրա նման մի որևէ բան որպես, նա ի դերև հանեց սոսկ կոպիտ վախ և սեփական մաշկի սպառնանք, ինչ արդեն պարզապես անքաղաքավարի էր։ Հարկավ, ամեն ինչի մեջ է գոյության պայքարը, և ուրիշ սկզբունք չկա, դա հայտնի է բոլորին, թեև, համենայն դեպս...
Սակայն Պյոտր Ստեպանովիչը ժամանակ չուներ իրար տալ հռոմեացիներին, ինքն էր հունից ելած։ Ստավրոգինի փախուստը շշմեցրել ու ճզմել էր նրան։ Նա ստեց, թե Ստավրոգինը հանդիպել է փոխնահանգապետին, բանն էլ այն էր հենց, որ նա գնացել էր, առանց մեկնումեկի, անգամ մոր հետ հանդիպելու և, իրոք, տարօրինակ էր, որ նրան նույնիսկ չէին անհանգստացրել։ (Հետագայում ղեկավարությունը հարկադրված էր հատուկ պատասխան տալ դրան)։ Պյոտր Ստեպանովիչը տեղեկանում էր ամբողջ օրը, բայց առայժմ ոչինչ չէր իմացել, և երբեք այսպես չէր տագնապել նա։ Եվ կարո՞ղ էր, կարո՞ղ էր միթե այդպես միանգամից հրաժարվել Ստավրոգինից։ Ահա թե ինչու նա չէր էլ կարող չափազանց մեղմ լինել մերոնց հետ։ Բացի դրանից, նրանք իր ձեռքերն էին կապում, արդեն որոշել էր անհապաղ սլանալ Ստավրոգինի ետևից, այնինչ, հապաղել էր տալիս Շատովը, հարկ էր վերջնականորեն միաձուլել հնգյակը՝ համենայն դեպս։ «Հո հենց էնպես չեմ շպրտելու, կարող է և պետք գա»։ Ենթադրում եմ՝ այդպես էր մտածում նա։
Ինչ վերաբերում է Շատովին, ապա կատարելապես վստահ էր, որ մատնելու է։ Նա ստեց այն ամենը, ինչ ասաց մերոնց՝ մատնության մասին, երբեք չէր տեսել այդ մատնագիրը ու չէր լսել դրա մասին, սակայն հավատում էր, որ դա կա, ինչպես երկու անգամ երկու։ Նրան հենց թվում էր, որ Շատովը ոչ մի դեպքում չի դիմանա ներկա րոպեին՝ Լիզայի մահը, Մարյա Տիմոֆեևնայի մահը, և հիմա հատկապես, ի վերջո, կվճռի։ Ով գիտե, գուցեև այդպես ենթադրելու ինչ-ինչ տվյալներ ուներ։ Հայտնի էր նաև, որ նա ատում էր Շատովին անձամբ։ ժամանակին վեճ էին ունեցել իրար հետ, իսկ Պյոտր Ստեպանովիչը երբեք չէր ներում վիրավորանքը։ Համոզված եմ նաև, որ հենց դա էր գլխավորագույն պատճառը։
Մեր քաղաքի մայթերը նեղլիկ են, աղյուսաշար, երբեմն էլ՝ կամրջակների պես։ Պյոտր Ստեպանովիչը քայլում էր մայթի մեջտեղով՝ զբաղեցնելով լրիվ և նվազագույն իսկ ուշադրություն չդարձնելով Լիպուտինի վրա, որին տեղ չէր մնում կողքին, այնպես որ սա պիտի հասներ կամ մի քայլ ետ մնացած, կամ էլ կողքից խոսելով քայլելու համար փողոցով պիտի վազեր, ցեխի միջով։ Պյոտր Ստեպանովիչը հանկարծ հիշեց, թե ինչպես վերջերս ինքն էր քայլում ցեխերի միջով, հասնելու համար Ստավրոգինին, որը, ինչպեսև ինքը հիմա, քայլում Էր մեջտեղով, ամբողջ մայթը զբաղեցրած։ Նա վերհիշեց ամբողջ տեսարանը, և կատաղությունից շունչը կտրվեց։
Սակայն Լիպուտինի շունչն էլ էր կտրվում վիրավորանքից։ Թող Պյոտր Ստեպանովիչը մերոնց հետ վարվի, ինչպես ուզում Է, բայց իր հե՞տ։ ՉԷ որ ինքը բոլոր մերոնցից ավելին գիտե, բոլորից ավելի մոտ Է կանգնած գործին, բոլորից ավելի սերտորեն Է առնչված դրան ու մինչև հիմա, թեկուզև կողմնակիորեն, բայց անընդմեջ մասնակցել Է գործին։ Օ՜, նա գիտեր, որ Պյոտր Ստեպանովիչը նույնիսկ հիմա կարող Է կործանել իրեն՝ ծայրահեղ դեպքում. Սակայն Պյոտր Ստեպանովիչին վաղուց Էր արդեն ատում, և ոչ թե վտանգավորության, այլ նրա ներողամիտ վերաբերմունքի համար։ Հիմա, երբ հարկադրված Էր գնալ նման գործի, նա չարանում Էր ավելի շատ, քան մերոնք բոլորը՝ միասին վերցրած։ Ավաղ, նա գիտեր, որ վաղն անպայման «ճորտի պես» առաջինը կլինի տեղում, նաև մյուս բոլորին կբերի, ու եթե կարողանար հիմա, մինչև վաղը, որևէ կերպ սպանել Պյոտր Ստեպանովիչին, հարկավ, իրեն չկործանելով, անկասկած կսպաներ։
Խորասուզված իր զգացումների մեջ՝ նա լսում ու մանրաքայլ վազում էր իրեն տանջողի ետևից։ Երբեմն միայն անզգուշաբար և անքաղաքավարի բոթում էր նրան արմունկով։ Հանկարծ Պյոտր Ստեպանովիչը մեր ամենաերևելի փողոցում կանգ առավ ու մտավ պանդոկ։
― Այս ու՞ր,― փրփրեց Լիպուտինը,― ախր, սա պանդոկ է։
― Ուզում եմ բիֆշտեքս ուտել։
― Ի սեր Աստծո, այստեղ միշտ լիքը մարդ կա։
― Թող լինեն։
― Բայց... մենք կուշանանք։ ժամը տասն է արդեն։
― Այնտեղից չի կարելի ուշանալ։
― Ես կուշանամ։ Նրանք ետ դառնալուս են սպասում։
― Թող սպասեն, միայն թե հիմարություն կլինի ետ գնալը նրանց մոտ։ Ձեր իրարանցման պատճառով այսօր չեմ ճաշել։ Իսկ Կիրիլլովի մոտ՝ ինչքան ավելի ուշ, այնքան ավելի լավ։
Պյոտր Ստեպանովիչն առանձին սենյակ վերցրեց։ Լիպուտինը՝ զայրացած ու նեղացած, նստեց բազմոցին՝ մի կողմի վրա և նայում էր, ինչպես է նա ուտում։ Անցավ կես ժամ ու ավելի։ Պյոտր Ստեպանովիչը չէր շտապում, ուտում էր՝ վայելումով, զանգ էր խփում, ուրիշ մանանեխ պահանջում, հետո՝ գարեջուր, ոչ մի բառ չէր արտասանում։ Խորունկ մտազբաղության մեջ էր։ Նա կարող էր երկու գործ անել՝ ուտել վայելումով և խորունկ մտազբաղ լինել։ Ի վերջո, Լիպուտինն այն աստիճան ատեց նրան, որ ուժ չուներ հայացքը կտրել նրանից։ Նյարդային նոպայի պես մի բան էր։ Հաշվում էր բիֆշտեքսի ամեն մի կտոր, որ Պյոտր Ստեպանովիչը բերանն էր դնում, ատում այն բանի համար, թե ինչպես է բացում բերանը, ինչպես է ծամում, վայելումով ինչպես է ծծում ավելի յուղոտ կտորը, ատում էր բիֆշտեքսն ինքնին։ Վերջապես, կարծես աչքերի առաջ խառնվեց ամեն ինչ, գլուխը թեթևակի պտտվեց, տաք ու պաղ էր անցնում ողնաշարով՝ հաջորդաբար։
― Դուք ոչինչ չեք անում, կարդացեք,― հանկարծ թղթի մի կտոր շպրտեց Պյոտր Ստեպանովիչը։ Լիպուտինը մոտեցավ մոմին։ Թղթի կտորը մանրատառ գրոտած էր, վատ ձեռագրով, ամեն տողի վրա ջնջումներով։ Երբ հաղթահարեց, Պյոտր Ստեպանովիչն արդեն վճարել և դուրս էր գալիս։ Սայթի վրա Լիպուտինը նրան պարզեց թուղթը։
― Թողեք ձեզ մոտ, հետո կասեմ։ Ի դեպ, իսկ ի՞նչ կասեք։
Լիպուտինն ամբողջ մարմնով ցնցվեց։
― Իմ կարծիքով... նման թռուցիկը... միմիայն ծիծաղելի անհեթեթություն է։
Չարացածությունը դուրս հորդաց, զգաց, որ կարծես իրեն բռնեցին ու տարան։
― Եթե մենք որոշենք,― ամբողջ մարմնով մանրիկ դող էր անցնում,― տարածել այսպիսի թռուցիկներ, ապա մեր հիմարությամբ և գործը չհասկանալով կստիպենք մեզ արհհամարհել։
― Հըմ։ Ես ուրիշ կերպ եմ մտածում,― հաստատաքայլ գնում էր Պյոտր Ստեպանովիչը։
― Իսկ ես՝ ուրիշ կերպ։ Մի՞թե սա ինքներդ եք հորինել։
― Դա ձեր գործը չէ։
― Կարծում եմ նույնպես, որ «Լուսավոր անձնավորությունը» ոտանավորը, ամենագարշելի ոտանավորը, որ երբևէ կարող է լինել, երբեք չէր կարող Գերցենը հորինած լինել։
― Սուտ եք ասում, լավ ոտանավոր է։
― Օրինակ, ես զարմանում եմ նաև,― շարունակելով ցատկոտել և շունչը տեղը բերել՝ իրենն էր քշում Լիպուտինը,― որ մեզ առաջարկում են գործել այնպես, որ ամեն ինչ տապալվի։ Այդ Եվրոպայում է բնական ցանկանալը, որ ամեն ինչ տապալվի, որովհետև այնտեղ պրոլետարիատն է, իսկ այստեղ մենք սոսկ սիրողներ ենք, և իմ կարծիքով, միայն փ-փոշի ենք բարձրացնում։
― Կարծում էի, դուք ֆուրյեական եք։
― Ֆուրյեն դա չի ասում, բոլորովին ուրիշ-շ բան է։
― Գիտեմ, որ ցնդաբանություն է։
― Ոչ, Ֆուրյեի ասածը ցնդաբանություն չէ... ներեցեք ինձ, ոչ մի կերպ չեմ կարող հավատալ, որ մայիս ամսին ապստամբություն լինի։
Լիպուտինը նույնիսկ կոճակներն արձակեց՝ այնքան էր շոգում։
― Լավ, բավական է, իսկ հիմա, որ չմոռանաք, ― ահավոր սառնասրտությամբ խոսակցությունը դարձրեց Պյոտր Ստեպանովիչը,― այս թռուցիկը պետք է ձեր ձեռքով շարեք և տպագրեք։ Շատովի տպարանը կփորենք-կհանենք, ու վաղն ևեթ դուք կընդունեք տպարանը։ Հնարավորին չափ շուտ կշարեք ու կդաջեք ինչքան կարելի է շատ օրինակներ, իսկ հետո ամբողջ ձմեռ տարածել է պետք։ Միջոցները կհայտնվեն։ Պետք է հնարավորին չափ շատ օրինակներ, քանի որ ձեզնից կպահանջեն ուրիշ տեղերից։
― Ոչ-չ, այդ մեկը կներեք, ես չեմ կարող ինձ վրա վերցնել այդպիսի... Հրաժարվում եմ։
― Բայց և այնպես, կվերցնեք։ Ես գործում եմ կենտրոնական կոմիտեի հրահանգով, դուք պարտավոր եք ենթարկվել։
― Իսկ ես գտնում եմ, որ արտասահմանյան մեր կենտրոնները մոռացել են ռուսական իրականությունը և խախտել ամենայն կապ, ուստի և միայն զառանցում են... Ես նույնիսկ մտածում եմ, որ Ոուսաստանում բազում հարյուրավոր հնգյակների փոխարեն մենք ենք միայն, որ կանք, իսկ որևիցե ցանց ամենևին չկա,― վերջնականապես շնչասպառ եղավ Լիպուտինը։
― Առավել արհամարհանք ձեր հանդեպ, որ չհավատալով գործին, վազել եք դրա ետևից... ու հիմա էլ վազում եք իմ ետևից, ինչպես քնձռոտ մի շնիկ։
― Ոչ-չ, չեմ վազում։ Մենք կատարյալ իրավունք ունենք հեռանալ և կազմել նոր միություն։
― Տըխ-խմա՛ր,― հանկարծ ահեղաձայն թնդաց Պյոտր Ստեպանովիչը՝ շողացնելով աչքերը։
Որոշ ժամանակ երկուսն էլ կանգնած էին դեմ-դիմաց։ Պյոտր Ստեպանովիչը՝ շրջվեց ու ինքնավստահ գնաց նախկին ճանապարհով։
Լիպուտինի գլխում կայծակի պես շողաց. «Շրջվեմ ու ետ գնամ։ Եթե հիմա չշրջվեմ, էլ երբեք ետ չեմ գնա»։ Այսպես մտածում էր ուղիղ տասը քայլ, բայց տասնմեկերորդ քայլին մի նոր ու խենթ միտք ցոլաց ուղեղում, նա չշրջվեց ու ետ չգնաց։
Մոտեցան Ֆիլիպպովի տանը, բայց դեռ չհասած, գնացին նրբանցքով, կամ ավելի լավ է ասել, ցանկապատի եզրով, աննշմարելի արահետով, այնպես որ ստիպված էին որոշ ժամանակ խարխափել խանդակի թեք պռնկով, որի վրա ոտքերը չէին պահում ու պետք էր բռնել ցանկապատից։ Ծռված ցանկապատի ամենամութ անկյունում Պյոտր Ստեպանովիչը հանեց տախտակներից մեկը, անցք առաջացավ, որով անմիջապես անցավ նա։ Լիպուտինը զարմացավ, բայց ինքն էլ իր հերթին անցավ։ Հետո տախտակը տեղը դրեցին։ Դա հենց այն գաղտնի անցքն էր, որով Կիրիլլովի մոտ էր սողոսկում Ֆեդկան։
― Շատովը չպիտի իմանա, որ մենք այստեղ ենք,― խստորեն շշնջաց Պյոտր Ստեպանովիչը Լիպուտինին։
=== III ===
Կիրիլլովը, ինչպես միշտ այդ ժամին, թեյ խմելու էր նստած իր կաշվե բազմոցին։ Նա չելավ ընդառաջ, բայց մի տեսակ ամբողջովին լարվեց ու տագնապած նայեց ներս եկածներին։
― Դուք չեք սխալվում,― ասաց Պյոտր Ստեպանովիչը,― ես հենց այն բանի համար եմ եկել։
― Այսօ՞ր։
― Ոչ, ոչ, վաղը... մոտավորապես այս ժամին։
Եվ նա փութով նստեց սեղանի մոտ՝ որոշ անհանգստությամբ զննելով տագնապած Կիրիլլովին։ Վերջինս, ի դեպ, արդեն հանգստացել և իր մշտական տեսքն ուներ։
― Ահա, սրանք շարունակ չեն հավատում։ Չէ՞ք բարկանում, որ Լիպուտինին բերել եմ։
― Այսօր չեմ բարկանում, իսկ վաղն ուզում եմ՝ մենակ։
― Բայց ոչ ավելի շուտ, մինչ ես կգամ, ուստիև իմ ներկայությամբ։
― Ես կուզեի ոչ ձեր ներկայությամբ։
― Դուք հիշում եք, որ խոստացել եք գրել ու ստորագրել այն ամենը, ինչ կթելադրեմ։
― Ինձ համար մեկ է։ Իսկ հիմա երկա՞ր եք մնալու։
― Մեկի հետ պիտի հանդիպեմ ու կես ժամ է մնացել, այնպես որ՝ ինչպես կուզեք, բայց այդ կես ժամը կնստեմ։
Կիրիլլովը լուռ մնաց։ Լիպուտինն այդ ընթացքում տեղավորվեց քիչ հեռվում՝ ավագերեցի դիմանկարի տակ։ Քիչ առաջվա խենթ միտքն ավելի ու ավելի էր խորանում գլխում։ Կիրիլլովը համարյա չէր նկատում նրան։ Լիպուտինը գիտեր Կիրիլլովի տեսությունը նախքան դա և միշտ ծիծաղում էր նրա վրա, բայց հիմա լուռ էր և մռայլադեմ շուրջն էր նայում։
― Ես դեմ չէի լինի թեյին,― տեղում շրջվեց Պյոտր Ստեպանովիչը,― նոր բիֆշտեքս կերա և մտածում էի թեյն էլ ձեզ մոտ խմել։
― Խմեք, ինչ ասեմ։
― Նախկինում ինքներդ էիք հյուրասիրում,― թթված նշեց Պյոտր Ստեպանովիչը։
― Միևնույնն է։ Լիպուտինն էլ թող խմի։
― Ոչ-չ, ես... չեմ կարող։
― Չեմ ուզո՞ւմ, թե՝ չեմ կարող,― արագ շրջվեց Պյոտր Ստեպանովիչը։
― Ես նրանց մոտ չեմ-մ խմի,― արտահայտիչ ձայնով հրաժարվեց Լիպուտինը։ Պյոտր Ստեպանովիչը խոժոռեց հոնքերը։
― Միստիցիզմի հոտ է գալիս, սատանան գիտե, թե ինչ տեսակ մարդիկ եք բոլորդ։
Ոչ ոք չպատասխանեց նրան, մի ամբողջ րոպե լուռ էին։
― Բայց ես մի բան գիտեմ,― կտրուկ ավելացրեց նա հանկարծ,― որ ոչ մի նախապաշարմունք մեզնից յուրաքանչյուրին չի կանգնեցնի՝ կատարելու իր պարտականությունը։
― Ստավրոգինը գնա՞ց,― հարցրեց Կիրիլլովը։
― Գնաց։
― Այդ մեկը լավ արեց։
Պյոտր Ստեպանովիչը փայլեցնելու էր աչքերը, բայց զսպեց իրեն։
― Ինձ համար նույնն է, ինչպես եք մտածում, միայն թե յուրաքանչյուրն իր խոսքի տերը լինի։
― Ես իմ խոսքի տերն եմ։
― Ի դեպ, ես միշտ վստահ եմ եղել, որ կկատարեք ձեր պարտականությունը, որպես անկախ և առաջադիմական մարդ։
― Իսկ դուք ծիծաղելի եք։
― Թող այդպես լինի, ես շատ ուրախ եմ ծիծաղեցնել։ Ես միշտ ուրախ եմ, եթե կարող եմ գոհացնել։
― Դուք շատ ուզում եք, որ ես ինքնասպան լինեմ ու վախենում եք, որ հանկարծ ու՝ չէ՞։
― Այսինքն, գիտեք ինչ, դուք ինքներդ եք ձեր պլանը միացրել մեր գործողություններին։ Ձեր պլանը նկատի առնելով, մենք արդեն ինչ-որ բան ձեռնարկել ենք, այնպես որ դուք ոչ մի կերպ չէիք կարող հրաժարվել, որովհետև մեզ կդնեք վատ վիճակի մեջ։
― Ոչ մի իրավունք չունեք։
― Հասկանում եմ, հասկանում եմ, ձեր կատարյալ իրավունքն է, իսկ մենք՝ ոչինչ, բայց միայն թե ձեր այդ կամքը կատարվի։
― Ու ես պետք է ինձ վրա վերցնեմ ձեր բոլոր գարշելիություննե՞րը։
― Լսեք, Կիրիլլով, չե՞ք վախեցել արդյոք։ Եթե ուզում եք հրաժարվել, հայտարարեք հենց հիմա։
― Ես չեմ վախենում։
― Նրա համար եմ ասում, որ շատ բան եք հարցնում։
― Շո՞ւտ եք գնալու։
― Նորի՞ց եք հարց տալիս։
Կիրիլլովն արհամարհանքով զննեց նրան։
― Ահա, տեսնում եք,― շարունակեց Պյոտր Ստեպանովիչը՝ բարկանալով, անհանգստանալով ու չգտնելով հարկավոր տոնը,― դուք ուզում եք, որ ես գնամ՝ մենակ մնալու համար, որպեսզի կենտրոնանաք, բայց այդ ամենը վտանգավոր նախանշաններ են հենց ձեզ համար, առաջինը՝ ձեզ համար։ Դուք ուզում եք շատ մտածել։ Իմ կարծիքով, ավելի լավ կլինի չմտածել, այլ էնպես։ Եվ դուք, իրավ, ինձ անհանգստացնում եք։
― Ինձ համար միայն մի բան Է շատ գարշելի, որ այն պահին ինձ մոտ ձեզ նման սողուն Է լինելու։
― Դե, այդ մեկը միևնույնն է։ Ես թերևս այն պահին դուրս գամ և սպասեմ առմուտքին։ Եթե դուք մեռնում եք և այդպես անտարբեր չեք, ապա... այդ ամենը շատ Է վտանգավոր։ Ես կելնեմ առմուտք, ու դուք կենթադրեք, թե ես ոչինչ չեմ հասկանում ու ձեզնից անչափ ցածր մեկն եմ։
― Չէ, դուք ոչ անչափ, բայց ընդունակություններ ունեք, թեև շատ բան չեք հասկանում, քանի որ ստոր մարդ եք։
― Շատ ուրախ եմ, շատ ուրախ։ Ես արդեն ասացի, որ ուրախ եմ զվարճանք պատճառել... այսպիսի մի պահի։
― Դուք ոչինչ չեք հասկանում։
― Այսինքն, ես... համենայն դեպս, լսում եմ հարգանքով։
― Դուք ոչինչ չեք կարող, հիմա նույնիսկ մանր չարությունը կոծկել չեք կարող, թեև ձեզ համար շահեկան չէ դա ցույց տալը։ Դուք ինձ կբարկացնեք, ու հանկարծ ես կես տարի էլ կուզեմ։
Պյոտր Ստեպանովիչը նայեց ժամացույցին։
― Ես երբեք ոչինչ չեմ հասկացել ձեր տեսությունից, բայց գիտեմ, որ մեզ համար չեք հորինել դա, նշանակում է, առանց մեզ էլ ի կատար կածեք։ Գիտեմ նաև, որ դուք չեք կերել գաղափարը, այլ գաղափարն է ձեզ կերել, ուրեմնև, չեք հետաձգի։
― Ինչպե՞ս թե։ Գաղափա՞րն է ինձ կերել։
― Այո։
― Եվ ոչ թե ե՞ս՝ գաղափարը։ Դա լավ է։ Մի փոքր խելք ունեք։ Միայն թե դուք ձեռ եք առնում, իսկ ես հպարտանում եմ։
― Շատ լավ է, հիանալի։ Հենց այդպես էլ պետք է, որ դուք հպարտանաք։
― Բավական է, խմեցիք, պրծաք, հեռացեք։
― Գրողը տանի, ստիպված ենք,― տեղից ելավ Պյոտր Ստեպանովիչը։― Բայց և այնպես, վաղ է։ Լսեք, Կիրիլլով, Մյասնիչիխայի մոտ կտեսնե՞մ այն մարդուն, հասկանո՞ւմ եք։ Թե՞՝ պառավն էլ է խաբել։
― Չեք տեսնի, քանի որ նա այստեղ է, և ոչ այնտեղ։
― Ինչպե՞ս թե՝ այստեղ, գրողը տանի, որտե՞ղ։
― Խոհանոցում նստած, ուտում և խմում է։
― Ինչպե՞ս է համարձակվել,― զայրացած կարմրատակեց Պյոտր Ստեպանովիչը։― Նա պարտավոր էր սպասել... ցնդաբանությո՜ւն է։ Նա ոչ անձնագիր ունի, ոչ փող։
― Չգիտեմ։ Եկել է հրաժեշտ տալու։ Հագած֊կապած, պատրաստ։ Գնում է ու ետ չի գա։ Ասաց, որ դուք սրիկա եք և չի ուզում սպասել ձեր փողերին։
― Ա-ա՜։ Վախենում է, որ ես... ախր ես հիմա էլ կարող եմ նրան, եթե... Ո՞ւր է, խոհանոցո՞ւմ։
Կիրիլլովը բացեց մի պստիկ, խավար սենյակ տանող կողքի դուռը, որտեղից ցած իջնող երեք աստիճան տանում էր խոհանոց՝ ուղիղ այն միջնորմված խցիկը, ուր սովորաբար տեղավորվում էր խոհարարուհու մահճակալը։ Այնտեղ էլ հենց, անկյունում՝ սրբապատկերի տակ նստած էր հիմա Ֆեդկան՝ տախտակե, անսփռոց սեղանի մոտ։ Նրա առաջ՝ սեղանին, կես-շտոֆ էր դրված, ափսեով հաց և կավե ամանի մեջ՝ տավարի սառը միս ու կարտոֆիլ։ Նա վրայից ուտում էր անախորժակ և արդեն կիսահարբած էր, բայց նստած էր քուրքով ու ակներևաբար, լրիվ պատրաստ՝ ճամփա ընկնելու։ Միջնորմից այն կողմ եռալ էր սկսում ինքնաեռը, բայց ոչ Ֆեդկայի համար, այլ Ֆեդկան անպայման ինքն էր փչում-բորբոքում կրակը և պատրաստում՝ մի շաբաթ ու ավելի, արդեն ամեն գիշեր «Ալեքսեյ Նիլըյչի համար, քանի որ կարգին վարժվել են, որ գիշերները թեյը լինի»։ Ես հաստատ կարծում եմ, որ տավարի միսն ու կարտոֆիլը, խոհարարուհի չունենալու պատճառով, Ֆեդկայի համար դեռևս առավոտից հենց Կիրիլլովն էր տապակել։
― Էդ ի՞նչ է անցել մտքովդ, ― թափով ցած իջավ Պյոտր Ստեպանովիչը,― ինչի՞ չես սպասել հրամայված տեղում։
Եվ նա բռունցքով ուժեղ խփեց սեղանին։
Ֆեդկան պատկառելի տեսք ընդունեց։
― Համբերի, Պյոտր Ստեպանովիչ, համբերի,― ձևեր թափելով՝ ամեն բառն ընդգծելով սկսեց նա,― առաջին հերթին էստեղ պիտի հասկանաս, որ պատվական այցելություն ես արել պարոն Կիրիլլովին, Ալեքսեյ Նիլըյչին, որի սապոգները միշտ կարող ես մաքրել, քանի որ քո առաջ նա խելքի ծով է, իսկ դու, եղած-չեղածը՝ թյուհ։
Եվ նա, էլի ձևեր թափելով, չոր-չոր թքեց մի կողմի վրա։ Երևում էր նրա հանդգնությունը, վճռականությունը և որոշ առումով խիստ վտանգավոր շինծու հանգիստ խրատամոլությունը՝ մինչև առաջին պոռթկում։ Սակայն Պյոտր Ստեպանովիչն այլևս ժամանակ չուներ նկատելու վտանգները, նաև դրանք չէին բռնում իրերի հանդեպ նրա տեսսսկետներին։ Օրվա դեպքերն ու անհաջողությունները հունից լրիվ հանել էին նրան... Լիպուտինը հետաքրքրությամբ նայում էր ցած, երեք աստիճաններից վար, մթին խցիկից։
― Ուզո՞ւմ ես, թե չես ուզում իսկական անձնագիր ու կարգին փող, որ հասնես, ուր ասված է։ Հա՞, թե՝ չէ։
― Գիտես ինչ կա, Պյոտր Ստեպանովիչ, դու հենց ամենասկզբից սկսել ես խաբել, էնպես որ իմ դեմ դու իսկական սրիկա ես։ Նույն բանն է, թե մարդու վրա՝ գարշելի ոջիլ, այ թե ես քեզ ում տեղ եմ դնում։ Անմեղ արյան դիմաց ինձ մեծ-մեծ փողեր խոսք տվիր ու պարոն Ստավրոգինի համար էլ երդում կերար, չնայած որ հիմի մենակ քո անքաղաքավարությունն է դուրս գալիս։ Ես ոնց որ կամ, ոչ մի կաթիլ գործ չեմ ունեցել, էլ չասած՝ մեկուկես հազարը, որ պարոն Ստավրոգինը վերջերս երեսներիդ է շրխկացրել, որ արդեն մենք էլ ենք իմանում։ Հիմի դու ինձ նորից ես ահ տալիս ու փողեր խոսք տալիս, թե ինչ գործի համար՝ ձեն չես հանում։ Ես էլ մտքիս մեջ կասկած ունեմ, որ ինձ Պետերբուրգ ես ուղարկում, որ պարոն Ստավրոգինից, Նիկոլայ Վսեվոլոդովիչից, ինչքան չարություն որ կա մեջդ, վրեժդ հանես՝ հույսդ դրած իմ հեշտ հավատալու վրա։ Ու դրանից դուրս է գալիս, որ առաջին մարդասպանը դու ես։ Ու գիտես, թե ինչի ես արժան դարձել հենց էն մի կետով, որ քո փչացածությամբ էլ չես հավատում տեր Աստծուն, մեր իսկական ստեղծողին։ Նույն բանն է, որ կռապաշտ ես՝ թաթարի կամ մորդվայի հետ մի գծի կանգնած։ Ալեքսեյ Նիլըյչը, որ փիլիսոփա մարդ է, իսկական Աստծուն, մեր արարիչ ստեղծողին քանի-քանի անգամ բացատրել է քեզ, ու աշխարհի ստեղծման մասին էլ, էդքան էլ հետոյի ճակատագրերի, ամեն տեսակ կենդանու ու գազանի վերափոխման մասին, Հայտնության գրքից։ Բայց դու անհասկացող կռապաշտի նման, խլացած ու պապանձված, քոնն ես քշում ու պրապորշչիկ Էրկելին էլ ես նույն բանին հասցրել, ոնց որ էն խաբեբա չարագործը, որին աթեիստ են ասում...
― Է՜յ, դո՜ւ, հարբած ռեխ։ Սրբապատկերներն ինքն է պռճոկում, ու մեկ էլ՝ Աստված քարոզում։
― Գիտես ինչ կա, Պյոտր Ստեպանովիչ, ես եմ քեզ ասում, որ ճիշտ ես, պռճոկել եմ։ Բայց ես մենակ մարքարիդներն եմ հանել, ու դա, ինչ իմանաս, վայ թե իմ մի կաթ արցունքն էլ Աստծու քուրայի առաջ հենց նույն րոպեին փոխվել է, իմ մի ցավի դիմաց, ճիշտ ու ճիշտ ոնց որ էն որբինը, որը տեղ էլ չուներ՝ գլուխը դնելու։ Գրքերից գիտե՞ս, որ հին-հին օրերում մի վաճառական, ճիշտ ու ճիշտ էդպիսի աղի արցունքով ու աղոթքով, սուրբ Աստվածածնի գլխի վրայի քարն էր գողացել ու հետո, ժողովրդի առաջ ծունկ չոքած, ամբողջ փողը դրել էր նրա ոտքերի տակ, ու ամենափրկիչ մայրը ամենքի աչքի առաջ քող էր գցել նրա գլխին, էնպես որ դրանից էն ժամանակ հրաշք էր ստացվել ու պետական գրքերի մեջ հրամայվել էր հենց եղածի պես գրել։ Իսկ դու ստեր ես փչել, ուրեմն հենց Աստծու աջն ես անպատվել։ Ու թե իմ հին պարոնը չէիր եղել, որին ջահել ժամանակ ձեռներիս վրա եմ պահել, եղած-չեղածով հիմի վերջդ կտայի՝ տեղիցս էլ չշարժվելով։
Պյոտր Ստեպանովիչը սաստիկ զայրացավ։
― Ասա, այսօր հանդիպե՞լ ես Ստավրոգինին։
― Ոչ մի ժամանակ դու չես կարա ինձ հարցաքննություն անես։ Պարոն Ստավրոգինն էլ է քո առաջ զարմացած-մնացած ու իր ուզածից դուրս է խառնվել գործին, ոչ թե մեկի հրամանով կամ էլ փողով։ Ինձ դու ես վստահացրել։
― Փողը դու կստանաս, երկու հազար էլ կստանաս Պետերբուրգում՝ տեղում, բոլորը միասին, ու էլի կստանաս։
― Պատվելիս, դու սուտ ես ասում, ծիծաղս գալիս է, որ քեզ տեսնում եմ, էնքան որ հեշտ հավատացող մարդ ես։ Պարոն Ստավրոգինը քո առաջ, ոնց որ աշտիճանի վրա կանգնած լինի, իսկ դու ներքևներից անխելք շան ձագի պես հաչում ես վրան, երբ նա վերևից քեզ վրա թքելն էլ մեծ պատիվ պիտի համարի։
― Իսկ գիտե՞ս արդյոք,― փրփրեց Պյոտր Ստեպանովիչը,― որ ես քեզ, սրիկայի մեկը, չեմ թողնի մի քայլ գցես այստեղից ու կտամ ոստիկանության ձեռքը։
Ֆեդկան ոտքի թռավ ու կատաղած շողացրեց աչքերը։ Պյոտր Ստեպանովիչը քաշեց ատրճանակը։ Այստեղ արագ ու նողկալի մի տեսարան կատարվեց, նախքան Պյոտր Ստեպանովիչը կկարողանար պարզել ատրճանակը, Ֆեդկան ակնթարթորեն թափ առավ և ամբողջ ուժով խփեց նրա այտին։ Նույն վայրկյանին մեկ ուրիշ ահավոր հարվածի ձայն լսվեց, հետո՝ երրորդը, չորրորդը, բոլորը՝ այտին։ Պյոտր Ստեպանովիչը շշմել էր, աչքերը չռել, ինչ-որ բան մրթմրթաց ու հանկարծ հասակով մեկ տապալվեց հատակին։
― Էս էլ ձեզ, ձերը լինի,― հաղթական շարժումով բղավեց Ֆեդկան, ճանկեց գլխարկը, թախտի տակից քաշեց-հանեց կապոցն ու չքացավ։ Պյոտր Ստեպանովիչը խռխռացնում էր՝ անգիտակից վիճակում։ Լիպուտինը մտածեց նույնիսկ, որ սպանություն կատարվեց։ Կիրիլլովը գլխապատառ խոհանոց վազեց։
― Ջուր լցնենք վրան,― բղավեց նա և դույլից երկաթյա շերեփով ջուր վերցնելով՝ լցրեց նրա գլխին։ Պյոտր Ստեպանովիչը շարժվեց, գլուխը բարձրացրեց, նստեց ու անիմաստ հայացքով դիմացն էր նայում։
― Հը՞, ի՞նչ,― հարցրեց Կիրիլլովը։
Ընկածն ակնապիշ, դեռևս չճանաչելով, նրան էր նայում, բայց տեսնելով խոհանոցից գլուխը հանած Լիպուտինին, ժպտաց իր գեշ ժպիտով ու մեկեն ոտքի ցատկեց՝ հատակից վերցնելով ատրճանակը։
― Եթե ձեր մտքով անցնի վաղը փախչել ստահակ Ստավրոգինի պես,― մոլեգնած վրա պրծավ նա Կիրիլլովին՝ ամբողջովին գունատված, կակազելով և բառերը ոչ ճիշտ արտասանելով,― ապա ես ձեզ երկրագնդի մյուս ծայրում... կկախեմ ճանճի պես... կճզմեմ... հասկանում եք։
Եվ նա ատրճանակը դրեց ուղիղ Կիրիլլովի ճակատին, բայց համարյա նույն րոպեին, վերջապես լրիվ ուշքի գալով, ետ քաշեց ձեռքը, ատրճանակը գրպանը խոթեց և այլևս ոչ մի բառ չասելով՝ դուրս վազեց տնից։ Լիպուտինը՝ ետևից։ Սողոսկեցին քիչ առաջվա անցքից և նորից քայլեցին զառիթափով՝ ցանկապատից բռնած։ Պյոտր Ստեպանովիչն արագ քայլեց նրբանցքով, այնպես որ Լիպուտինը հազիվ էր հասնում ետևից։ Առաջին խաչմերուկին հանկարծակի կանգ առավ։
― Հետո՞,― մարտահրավերով դիմեց նա Լիպուտինին։
Լիպուտինը հիշում էր ատրճանակը և ամբողջ մարմնով դեռ դողում էր քիչ առաջվա տեսարանից, բայց պատասխանը մի տեսակ հանկարծակի ու անզսպելի դուրս թռավ նրա բերանից.
― Ես կարծում եմ... ես կարծում եմ, որ «Սմոլենսկից մինչև Տաշքենդ էլ անհամբեր չեն սպասում ուսանողին»։
― Իսկ տեսա՞ք, թե ինչ էր խմում Ֆեդկան խոհանոցում։
― Ինչ էր խմո՞ւմ։ Օղի էր խմում։
― Դե, ուրեմն, իմացեք, որ կյանքում վերջին անգամ էր օղի խմում։ Խորհուրդ եմ տալիս հիշել՝ հետագա նկատառումների համար։ Իսկ հիմա կորեք գրողի ծոցը, մինչև վաղը դուք հարկավոր չեք... Բայց տեսեք հա՜, հիմարություններ չանեք։
Լիպուտինը գլխապատառ սլացավ տուն։
=== IV ===
Արդեն վաղուց ուրիշի ազգանունով անձնագիր ուներ պահած։ Արտառոց է մտածելը նույնիսկ, որ այդ չափած-ձևած մարդուկը, ընտանիքի մանր բռնակալը, համենայն դեպս աստիճանավորը (թեև ֆուրյեական) և վերջապես, ամենից առաջ, կապիտալիստը և վաշխառուն, արդեն վաղուց ի վեր երևակայական մի միտք էր հղացել՝ համենայն դեպս, ունենալ այդ անձնագիրը, դրա օգնությամբ արտասահման ծլկելու համար, ''եթե''... ընդունում էր, չէ՞, այդ ''եթե''-ի հնարավորությունը, թեև, հարկավ, ինքն էլ չէր կարող երբևէ ձևակերպել, թե հատկապես ինչ կարող էր նշանակել այդ ''եթե''-ն...
Բայց հիմա դա հանկարծ ինքնըստինքյան ձևակերպվեց, ու ամենաանսպասելի եղանակով։ Խենթ գաղափարը, որով նա մտավ Կիրիլլովի մոտ, մայթի վրա Պյոտր Ստեպանովիչից լսած «տխմար»-ից հետո, այն էր, որ վաղն ևեթ, լուսամութին, դեն կնետի ամեն ինչ ու կտարագրվի արտասահման։
Ով չի հավատա, որ նման երևակայական բաներ մեր առօրյա իրականության մեջ կատարվում են նաև հիմա, թող տեղեկանա արտասահմանում բոլոր ռուս իսկական տարագիրների կենսագրություններից։ Ոչ մեկն ավելի խելացի ու իրական չի փախել։ Ուրվականների նույն անսանձ թագավորությունն է, և ուրիշ ոչինչ։
Վազեվազ հասնելով տուն, սկսեց նրանից, որ փակվեց, հանեց ճամփորդական պայուսակը և սկսեց դասավորվել։ Նրա գլխավոր մտահոգությունը փողերն էին և թե ինչքան ու ինչպես կարող էր փրկել։ Հենց փրկել, քանզի, նրա ըմբռնումներով, արդեն ժամ իսկ չէր կարելի հապաղել և լուսամութով պետք է գտնվեր մեծ ճանապարհի վրա։ Չգիտեր նմանապես, թե ինչպես է վագոն նստելու։ Անհստակ վճռեց, որ կնստի քաղաքից երկրորդ կամ երրորդ խոշոր կայարանում, մինչև այդտեղ թեկուզ ոտքով կհասնի։ Այդպիսով, բնազդաբար ու մեքենայաբար, մտքերի պարսը գլխում, բնբնում էր պայուսակի վրա և հանկարծ կանգ առավ, թողեց ամեն ինչ և խուլ տնքոցով մեկնվեց բազմոցին։
Նա հստակ զգաց և հանկարծակի գիտակցեց, որ փախչելը փախչում է թերևս, սակայն հարցը՝ ստիպված է լինելու փախչել ''նախքան'' Շատովը, թե Շատովից ''հետո'', բացարձակորեն ի զորու չէ վճռել, որ հիմա ինքը լոկ մի կոպիտ, անզգա մարմին է, իներցիայով շարժվող զանգված, բայց որ իրեն շարժում է կողմնակի ահավոր մի ուժ, որ թեև արտասահմանի անձնագիր ունի, թեև կարող է փախչել Շատովից (այլապես, ինչո՞ւ պիտի այդքան շտապեր), բայց որ փախչում է ոչ թե նախքան Շատովը, ոչ թե Շատովից, այլ հենց Շատովից հետո, և որ արդեն դա վճռված է, ստորագրված ու կնքված։ Անտանելի անձկությամբ, ամեն րոպե դողալով և ինքն իր վրա զարմանալով, տնքտնքալով և մեկումեջ նվաղելով, մի կերպ քարշ եկավ՝ փակված ու բազմոցին պառկած, մինչև հաջորդ առավոտյան ժամը տասնմեկը, և ահա հենց այդտեղ էլ հանկարծ հետևեց սպասվող դրդումը, որ միանգամից գործի դրեց նրա վճռականությունը։ ժամը տասնմեկին, հենց ելավ փակվածությունից ու մտավ տնեցիների մոտ, նրանցից էլ հանկարծ իմացավ, որ ավազակ, փախած տաժանապարտ, բոլորի վրա սարսափ տարածող, եկեղեցիներ կողոպտող, ոչ ուշ անցյալի մարդասպան և հրկիզող Ֆեդկան, ում հետևում և ոչ մի կերպ չէր կարողանում բռնել մեր ոստիկանությունը, լուսածեգին գտնվել է սպանված՝ քաղաքից յոթը վերստ հեռու՝ մեծ ճանապարհից Զախարյինո տանող գյուղամիջյան ճանապարհի ոլորանին, և որ այդ մասին արդեն ամբողջ քաղաքն է խոսում։ Տեղնուտեղը գլխապատառ դուրս նետվեց տնից՝ մանրամասներն իմանալու և իմացավ, նախ, որ ջարդված գլխով Ֆեդկան, բոլոր նշաններից ելնելով, կողոպտված է և երկրորդը, որ ոստիկանությունն արդեն ուժեղ կասկածներ և նույնիսկ որոշ հաստատուն տվյալներ ունի եզրակացնելու, որ նրան սպանողը շպիգուլինյան Ֆոմկան է, հենց նա, ում հետ աներկբայորեն մորթել էր Լեբյադկիններին ու կրակ տվել և որ վեճը նրանց միջև տեղի էր ունեցել ետ դառնալու ճանապարհին արդեն, իբր Ֆեդկայի թաքցրած, Լեբյադկինից թալանած մեծ փողերի պատճառով... Լիպուտինը վազեվազ հասավ նաև Պյոտր Ստեպանովիչի բնակարանը և ետևի առմուտքին հասցրեց իմանալ, որ Պյոտր Ստեպանովիչը թեև տուն է վերադարձել գիշերվա ժամը մեկին մոտ, բայց ամբողջ գիշեր հանգիստ քնել է իր տանը, մինչև առավոտվա ժամը ութը։ Անշուշտ, կասկած լինել չէր կարող, որ ավազակ Ֆեդկայի մահվան մեջ անսովոր ոչինչ չկար և որ այդպիսի վախճաններ ամենից հաճախակի լինում են հենց նման դեպքերում, սակայն ճակատագրական բառերի զուգորդումը, թե «Ֆեդկան այս երեկո վերջին անգամ էր օղի խմում», մարգարեության անհապաղ արդարացմամբ, այն աստիճան էր նշանակալի, որ Լիպուտինը մեկեն դադարեց տատանվել։ Դրդումը տրված էր, ճիշտ կարծես քար ընկավ վրան և ճզմեց ընդմիշտ։ Դառնալով տուն, նա լուռ, ոտքով հրեց պայուսակը մահճակալի տակ, իսկ երեկոյան նշված ժամին, բոլորից շուտ ներկայացավ պայմանավորված տեղը՝ Շատովին հանդիպելու համար, ճիշտ է, դեռևս իր անձնագիրը գրպանում...
== Գլուխ հինգերորդ․ Ճամփորդուհին ==