Օրը լուսանում էր, երբ նրանք նորից դուրս եկան։ Հոծ բազմությունը արդեն հավաքվել էր բանտի առջև․ լուսամուտները լցված էին ծխող և ժամանակն անցկացնելու համար թղթախաղով զբաղված մարդկանցով․ անբոխը հրում էր, հրմշտում, կատակում։ Ամեն ինչ խոսում էր կյանքի ու խնդության մասին, բացի կենտրոնում գտնվող չարագուշակ առարկաներից՝ սև բեմահարթակից, խաչաձև գերանից, պարանից և մահվան մյուս բոլոր զարհուրելի գործիքներից։
==Հիսուներեքերեորդ գլուխ==
Եվ վերջինը
Այն մարդկանց ճակատագրի պատմությունը, որոնք հանդես են եկել այս գրքում, համարյա վերջացած է։ Այն քիչը, որ մնում է, պատմվում է կարճ ու հակիրճ կերպով։
Երեք ամիս չանցած Ռոզ Ֆլեմինգը և Հարրի Մեյլին ամուսնացան այն գյուղի եկեղեցում, որ այնուհետև լինելու էր երիտասարդ կղերականի աշխատանքի թատերաբեմը, և նույն օրը հաստատվեցին իրենց նոր և երջանիկ բնակարանում։
Միսիս Մեյլին բնակություն հաստատեց իր որդու և հարսի մոտ, իր կյանքի վերջին խաղաղ օրերին վայելելու համար այն երանությունը, որ առաջ է գալիս հաղորդակից լինելով երանությանը նրանց, ովքեր միշտ եղել են մեր ամենաջերմ սիրո և հոգածության առարկան։
Ուշադիր ու մանրամասն քննությունից հետո այնպես ստացվեց, որ եթե Մոնքսի մոտ մնացած հարստության բեկորը (որը երբեք չէր աճել ո՛չ նրա, ո՛չ էլ նրա մոր ձեռքում) հավասար կերպով բաժանվեր նրա ու Օլիվերի միջև, ապա յուրաքանչյուրին կհասներ երեք հազար ֆունտից մի քիչ ավելի։ Համաձայն հոր կտակի պայմանների, ամբողջ ունեցվածքը հասնում էր Օլիվերին, բայց միստր Բրաունլոն, չկամենալով անդրանիկ որդուն զրկել նախկին մոլություններից ազատվելու և պարկեշտ կյանք վարելու հնարավորությունից, Օլիվերին առաջարկեց բաժնի կեսը զիջել իր խորթ եղբորը, որը նա ուրախությամբ արեց։
Մոնքսը, տակավին պահելով իր կեղծ անունը, իր բաժինը վերցրեց և մեկուսացավ Նոր Աշխարհի հեռավոր մի անկյունում, որտեղ շուտով մսխելով բոլորը՝ նորից բռնեց իր առաջվա հանցավոր կյանքի ուղին և, մի նոր սրիկայության ու խարդախության համար երկար արգելափակման ենթարկվելուց հետո, նախկին հիվանդության սաստիկ նոպայի տակ մահացավ բանտում։ Հայրենիքից նույնքան հեռու մահացան նրա վաղեմի բարեկամ Ֆեգինի ոհմակի գլխավոր անդամները։
Միստր Բրաունլոն Օլիվերին որդեգրեց։ Նրա ու ծեր վերակացուհու հետ բնակություն հաստատելով երիցտնից մի մղոն հեռու գտնվող ինչ֊որ թաղամասում, որտեղ ապրում էին նրա սիրելի բարեկամները, նա իրագործեց Օլիվերի ջերմիկ սրտի միակ չիրագործված բաղձանքը և այդպիսով իրար շաղկապեց մի փոքրիկ ընկերություն, որի երջանկությունը կատարյալ էր այնչափով, որքանով այդ հնարավոր էր այս հարափոփոխ աշխարհում։
Երիտասարդ զույգի ամուսնությունից անմիջապես հետո հարգելի բժիշկը վերադարձավ Չերթսի, ուր, զրկված լինելով իր վաղեմի բարեկամների ընկերակցությունից, նա կդժբախտանար, եթե իր խառնվածքով ընդունակ լիներ դրան, և կդառնար բոլորովին անտանելի, եթե միայն իմանար՝ թե ինչպես։ Մի քանի ամիս նա բավարարվեց լոկ ակնարկություններ անելով այն մասին, թե կարծես այդտեղի կլիման վատ էր ներգործում իր առողջության վրա, ապա գտնելով, որ երկար տարիներ ապրած վայրը արդարև այն չէր, ինչ֊որ եղել էր անցյալում, աշխատանքի ասպարեզը թողեց իր օգնականին, մի քոթեջ գնեց այն գյուղի մոտերքում, որտեղ իր երիտասարդ բարեկամը եկեղեցու թեմերեցն էր, և ակնթարթային արագությամբ վերագտավ իր առողջությունը։ Այստեղ նա սկսեց զվաղվել պարտիզպանությամբ, ծառեր ու տունկեր աճեցնելով, ձուկ որսալով, ատաղձագործություն անելով և այլ նույնանման գործերով, ու այդ ամենը նա կատարում էր իր իր խառնվածքին յուրահատուկ ոգևորությամբ։ Վերոհիշյալ բոլոր ասպարեզներում նա ճանաչված էր որպես մեծ հեղինակություն ամբողջ հարևանության մեջ։
Նախքան տեղափոխվելը, սակայն, միստր Գրիմվիգի հետ հաստատած լինելով սերտ բարեկամություն, այդ արտառոց ջենթլմենը տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ այցելում է նրան։ Ամեն այցելությանը նա մեծ եռանդով զբաղվում է հողագործությամբ, որսով և ատաղձագործությամբ՝ չափազանց եզակի ու յուրահատուկ ձևով, բայց շարունակ պնդելով, ինչպես սովոր է անել բոլոր պարագաներում, որ իր որդեգրած աշխատելու եղանակը ամենից ճիշտն է։ Կիրակի օրը նա երիտասարդ կղերականի ներկայությամբ քննադատում է նրա քարոզը, իսկ հետո՝ խիստ մտերմաբար միստր Լոզբերնին ասում է, թե այդ քարոզը հիանալի էր, միայն գտնում է, որ ենթակայի մոտ կարիք չկա այդ ձևով արտահայտվել։ Միստր Բրաունլոյի ամենասիրած կատակը միստր Գրիմվիգին հաճախակի հեգնելն է Օլիվերի նկատմամբ նրա արած հին մարգարեության համար և նրան հիշեցնելը, այն գիշերվա մասին, երբ ժամացույցը դրած իրենց առջև սպասել էին տղայի վերադարձին, բայց միստր Գրիմվիգը պնդում է, թե ինքը ընդհանրապես ճիշտ է ասել, քանի որ Օլիվերը վերջ ի վերջո չէր վերադարձել, ապա լիաթոք ծիծաղում է և տրամադրությունը ավելի է բարձրանում։
Միստր Նոա Քլեյփոլը, Ֆեգինի հանցագործությունների մասին իր տված ցուցմունքների շնորհիվ, Արքայական դատարանից ներում ստացավ, և գտնելով, որ իր մասնագիտությունը այնքան էլ ապահով չէ, ինչպես ցանկանում էր ինքը, հրաժարվեց դրանից։ Բայց առժամանակ չէր իմանում, թե ապրուստի համար ինչ գործ է հարկավոր անել, որ մանավանդ շատ հոգնեցուցիչ չլինի։ Բավական խորհրդածելուց հետո նա ընդունեց տեղեկատուի պաշտոնը և հիշյալ կոչումով բարեկեցիք կյանք ապահովեց։ Միստր Քլեյփոլի աշխատանքը այն է, որ նա շաբաթը մեկ անգամ, եկեղեցու արարողության ժամին, Շառլոթի հետ շրջում է փողոցներում, երկուսն էլ լավ հագնված։ Լեդին ուշաթափվում է գթասիրտ պանդոկապետների դռների առջև, իսկ ջենթլմենը, ստանալով երեք պեննիի արժողությամբ օղի նրան ուշքի բերելու համար, հաջորդ օրը հայտնում է այդ մասին ոստիկանությանը, և տուգանքի կեսը դնում գրպանը։ Երբեմն ինքը՝ Քլեյփոլն է ուշաթափվում, բայց արդյունքը միևնույնն է։
Միստր և միսիս Բամբըլները, զրկված իրենց պաշտոնից, աստիճանաբար մատնվեցին հետին չքավորության ու թշվառության և վերջապես դարձան նպաստընկալ աղքատներ այն միևնույն աղքատանոցում, որտեղ ժամանակին իրենք իշխել էին։ Ասում են, թե միստր Բամբըլը այնքան խոր է ազդվել այս պաշտոնանկությունից ու նվաստացումից, որ նույնիսկ կնոջից բաժան ապրելու ուրախառիթ պարագայի համար շնորհակալ լինելու տրամադրություն չուներ։
Ինչ վերաբերում է միստր Ջայլսին ու Բրիտլզին, նրանք դեռևս մնում են իրենց հին պաշտոններում, չնայած առաջինը արդեն ճաղատ է, իսկ երկրորդի գլուխը լրիվ սպիտակած։ Նրանք գիշերում են երիցտանը, բայց իրենց ծառայությունները այնքան հավասար չափով են մատուցում թե՛ այդ տան բնակիչներին, թե՛ Օլիվերին, թե՛ միստր Բրաունլոյին և թե միստր Լոզբերնին, որ գյուղի բնակիչները մինչ այսօր էլ չեն կարողացել հայտնաբերել, թե արդյոք հիմնամանում նրանք ո՞ր հաստատությանն են պատկանում։
Վարպետ Չալզ Բեյթսը, Սայքսի ոճիրից ահաբեկված, սկսեց խորհրդածել, թե վերջ ի վերջո արդյոք ավելի լավ չէ՞ր լինի պարկեշտորեն ապրել։ Հանգելով այն եզրակացության, որ անշուշտ ավելի լավ է, նա իր թիկունքը դարձրեց անցյալին և որոշեց նախկինում գործած չարիքների փոխարեն ընտրել գործունեության մի նոր ասպարեզ։ Որոշ ժամանակ նա մաքառեց մեծ դժվարությունների դեմ և բավականին տառապեց, նախ աշխատելով որպես ֆերմերի ստրուկ, ապա որպես բեռնակրի օգնական, բայց լինելով համեստ պահանջների տեր և հետապնդելով բարի նպատակ, վերջ ի վերջո հաջողության հասավ ու հիմա եղջերավոր անասունների առևտրով զբաղվող ամենազվարթ երիտասարդն է ամբողջ Նորթեմփթենշայրում։
Եվ այժմ այն ձեռքը, որ միահյուսել է այս արկածների ոստայնը, երերում է, քանի որ դրա պարտակնությունը հասնում է իր վախճանին։
Որքա՜ն կցանկանայի մի փոքր էլ մնալ այն մի քանի մարդկանց մոտ, որոնց մեջ այդքան երկար ապրել եմ, և փորձելով նկարագրել նրանց երջանկությունը՝ մասնակից լինել այդ ուրախությանը։ Այդ ժամանակ ես ցույց կտայի Ռոզ Մեյլիին իր ամբողջ ծաղկաման ու հմայքի մեջ, կպատմեի այն մասին, թե նա իր խաղաղ կյանքի արահետին ինչպես էր սփռում մեղմ ու գողտրիկ լույս, որ ընկնում էր իր հետ ընթացող բոլոր մարդկանց վրա և թափանցում էր նրանց սրտերը։ Ես կնկարագրեի նրան որպես ձմռան ընտանեկան օջախի և ամառվա զվարթ հավաքույթի երջանկության մարմնացում։ Ես կհետևեի նրան տոթակեզ արտերով կեսօրին և ականջ կդնեի նրա քաղցրալուր ձայնին լուսնի կաթնավուն շողերի տակ զբոսնելիս, և կդիտեի նրա բարի ու մարդասեր վերաբերմունքը տանից դուրս և ժպիտը դեմքին՝ անդու ու անխոնջ աշխատանքները իր ընտանեկան հարկից ներս։ Ես կնկարագրեի նրա և նրա մահացած քրոջ սիրելի երեխայի փոխադարձ սիրո երջանկությունը, և այն երկար ժամերը, որ նրանք անց էին կացնում մտաբերելով իրենց հարազատներին, որոնք այդքան տխուր վախճան էին ունեցել։ Ես մի անգամ էլ կհրավիրեի իմ աչքերի առաջ այն փոքրիկ ուրախ դեմքերը, որ բոլորվում էին նրա շուրջը, և ականջ կդնեի նրանց անուշ թոթվանքներին։ Ես կաշխատեի վերհիշել նրա ծիծաղի բյուրեղանման հնչյունները և վերականգնել իմ հիշողության մեջ կարեկցությունից բխած այն արցունքի կաթիլները, որ շողում էին նրա մեղմ, ծավի աչքերում։ Այս ամենը ու հազար ու մի գողտրիկ հայացքները, քաղցր ժպիտները, մտքերը, բառերը, դարձվածքները, բոլոր՜րը, բոլո՜րը ես կցանկանայի վերակենդանացնել։
Ես կցանկանայի պատմել այն մասին, թե միստր Բրաունլոն ինչպես օրավուր հարստացնում էր իր որդեգիր երեխայի մտքի պաշարը և թե ինչպես ավելի ու ավելի կապվում էր նրա հետ, տեսնելով, որ տղայի նկարագիրը կերտվում էր ցանկացածի նման, և որ իր ջանքերը իզուր չէին անցնում։ Թե ինչպես ծերունի ջենթլմենը նրա մոտ իր վաղեմի բարեկամի նկարագրից այնպիսի գծեր գտավ, որոնք իր կրծքում արթնացրին թաղծաբեր և սակայն քաղցր ու ամոքիչ հուշեր։ Ես կցանկանայի պատմել այն մասին, թե ինչպես երկու որբերը, ենթարկված լինելով ճակատագրի դաժան խաղերին, միշտ աշխատում էին մարդկանց հանդեպ լինել բարի ու գթասիրտ, և ինչպես նրանք երբեք չէին մոռանում ջերմեռանդորեն գոհունակություն հայտնել աստծուն, որ իրենց պահել ու պահպանել էր փորձություններից։ Այս բոլորը այնպիսի բաներ են, որոնց մասին կարիք չկա խոսելու։ Ես ասել եմ, որ նրանք արդարև երջանիկ էին, և եթե մարդկային սրտում չկա սեր ու բարի կամեցողություն դեպի եր նմանները և չկա երախտագիտական զգացմունք դեպի այն էակը, որի նշանաբանը՝ Գթությունը և հատկությունը Բարեսրտությունն է հանդեպ բոլոր շնչավոր արարածների, ապա երջանկությունը անհասսանելի է։
Գյուղի հնամենի եկեղեցու խորանի մեջ կա սպիտակ մարմարյա մի հուշարձան, որի վրա տակավին երևում է միայն մի բառ՝ «Ագնես»։ Այդ շիրմի մեջ որևէ դագաղ չկա, և թող երկա՜ր, երկա՜ր տարիներ անցնեն, մինչև որ ուրիշ անուններ ավելանան այդ անվան կողքին։ Բայց եթե մեռածների հոգիները երբևէ վերադառնում են աշխարհ՝ այցելեու այն վայրերը, որոնք սրբացած են կյանքում իրենց ճանաչված անձերի սիրով, ― մի սեր, որ գերեզմանը չի կարող եղծանել, ― ես հավատում եմ, որ Ագնեսի ստվերը երբեմն թևածում է այդ հանդիսավոր անկյունում։ Ես դրան հավատում եմ ավելի ջերմորեն, որովհետև այդ անկյունը գտնվում է եկեղեցու մեջ, իսկ նա տկար էր և մոլորյալ։