․․․Գրողը որոշել է մեր կողմերում բնակություն հաստատել, որովհետև, ասում է, բնությունն այստեղ իրեն շատ է հիշեցնում ռուսականը։ Մերոնցից մեկից գնեց մի ֆերմա քառասուն ակր անտառով ու լճով, որոշել է այն շրջապատել պարսպով։
․․․ Ապրում է մեկուսի, ընտանիքի հետ։ Մարդկանց աչքին չի երևում։ Ասում են, աշխատում է օրական տասնութ ժամ։ Սակայն Սուրբ֊Գևորգի եկեղեցում հաճախ է լինում։ Այստեղ կարելի է նույնիսկ մոտենալ նրան, չնայած նա մշտապես շրջապատված է յուրայիններով, իսկ նրա բոդիգարդ <ref>bodyguard (անգլ) ― թիկնապահ</ref> Զիլբերովիչը (կազակ ուղղափառ հրեաներից) ուշադիր հետևում է և մոտեցողներին ուսով հետ հրում։
․․․ Ես հասկանում եմ, Կատյուշկա, թե դու ինչը նկատի ունես, ես այդ տեղով ժամանակին Թոմին հմայեցի։ Թոմը սակայն, հարավցի է և շատ տպավորվող մարդ է, իսկ այս գրողը ապրում է հնարովի պատկերացումներով, աչքի առջևինը չի նկատում, չնայած ես և այսպես և այնպես ցուցադրում եմ։ Ամեն անգամ, երբ նա եկեղեցում է լինում, աշխատում եմ նրա աչքի առջև լինել, ծնկերիս վրա եմ կանգնում և աղոթում, բայց նա, ինչպես ասում են, նույնիսկ եթե վզից կախվես, միևնույն է ուշադրություն չի դարձնի։ Թոմն ասում է, որ ես հիմար եմ, հիմար՝ եթե չեմ կարողանում իմ առանձնահատկությունը ինչպես հարկն է ցուցադրել․ ինչո՞ւ եմ այն ծածկում ջինսերով։
Դե ի՞նչ ասես նրան։ ԿԳԲ֊ի աշխատակիցը մնում է ԿԳԲ֊ի աշխատակից։ Իզուր չէ, որ այդ մասնագիտությունն ունեցող մարդկանց ես միշտ էլ վերաբերվել եմ մեծ անվստահությամբ։
===Ձերժինի անկեղծությունը===