Երբ ես եկա նախաճաշի, այնտեղ արդեն Ջոնի ղեկավարությամբ աշխատում էր օպերատորների, լուսավորողների և հնչյունային տեխնիկների մի ամբողջ խումբ։ Ճաշասենյակում, սեղանի մոտ հավաքվել էին բոլոր տնեցիները․ Կլեոպատրա Կազիմիրովնան, Ժանետան, Զիլբերովիչը, Թոմը և Ստեպանիդան։ Բոլորը ինչ֊որ բանից հուզված էին, իսկ իմ հայտնվելուն պես, նույնիսկ որոշ չափով շփոթվեցին, որի պատճառը սակայն, անմիջապես պարզվեց։
Բանն այն է, շատ քաղաքավարի ասաց ինձ Ժանետան, որ հիմա Սիմ Սիմիչին պետք է նկարահանեն ընտանեկան միջավայրում նախաճաշելիս մերձավորների հետ, իսկ քանի որ ես այդ ամենամերձավորների շրջանին չեմ պատկանում, չէի՞ լինի ես արդյոք այնքան սիրալիր, որ համաձայնեի նախաճաշել իմ սենյակում։
Ես նեղացա և ուզում էի անմիջապես գնալ։ Վերջ ի վերջո ինչո՞ւ եմ ես այստեղ նստել։ Սպասում եմ, որ վճարեն իմ ուղևորության համա՞ր։ Ես ինքս այնքան ապահովված եմ, որ այդպիսի չնչին գումարից կախված չլինեմ։