Չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում, ես նայեցի ուղեկցորդուհուն։ Նա ժպտաց և հանկարծ արագ ինձ մեկնեց մի շիշ «Սմիռնոֆֆ»։
― Դանքե շյոն, ― ասացի ես և ուզում էի միանգամից բացել շիշը, բայց տեսա որ ներքևում հայտնվեց զինվորականների մի նոր խումբ․ երեք տղամարդ և երկու կին։ Նրանք նույնպես կարճ շալվարներով ու շրջքագեստով էին, բայց ավելի լավ որակի, քան նրանք՝ առաջինները։ Եվ բոլորը բացի մեկից կեպիներով։ Ակնհայտ էր, որ երեք տղամարդու և կանանցից մեկի ուսադիրները գեներալական էին, մյուս, ավելի երիտասարդ կինը կապիտան էր։ Գեներալներից մեկը, երևի թե եկեղեցական էր։ Նա հագել էր մուգ, շատ կարճ, ներքևի մասում լամպասներով, մինչև ծնկները հասնող փարաջա, գլխին մեծ երեսկալով վանականի գլխարկ, իսկ կրծքի վրա խոշոր, և միգուցե նույնիսկ արծաթե աստղ։ Աստղի ամեն մի ծայրում խաչեր էին։ Այդպիսի խաչերով աստղ կար նաև գլխարկի վրա։ Կին գեներալի լամպասները փեշի վրա էին, բայց ընդհանուր առմամբ, նրա համազգեստը զարմանք չէր պատճառում։զարմացնում։
Գեներալների կրծքին կային բազմաթիվ շքանշաններ, իսկ կին֊կապիտանը ուներ միայն երկու մեդալ։ Երևի թե բոլորն էլ կարճ խուզված էին, որովհետև նույնիսկ կանանց մազերը գլխարկի տակից չէին երևում։