Բաց կանաչ թիկնոցով և մոխրագույն գլխարկով իմ առջև կանգնած էր քմծիծաղ տվող Լյոշկա Բուկաշևը, իմ նախկին ընկերը, համակուրսեցին և բաժակակիցը։
Ժամանակին մենք միասին սովորել էինք ժուռնալիստիկայի ֆակուլտետում, հետո աշխատել ռադիոյում ես գրական, նա՝ նորությունների բաժնում։ Երեկոները մենք անց էինք կացնում ժուռնալիսիտի Տանը, երբեմն երկուսով, երբեմն էլ երեքով։ Նա բերում էր հետը հետ իր բարեկամ Էդիկին, գանգուր մազերով երիտասարդին, որը ինքն֊իրեն անվանում էր գենետիկ և իմմորտոլոգ։ Ես այդ Էդիկին առաջին ծանոթության ժամանակ հարցրեցի, զբաղվո՞ւմ է նա արդյոք կյանքի երկարացման հարցերով։ Նա ասաց, որ կյանքի երկարացման խնդիրը նրա համար ոչ մի հետաքրքություն չի ներկայացնում, որ այդ հիմարությամբ զբաղվում են գերոնտոլոգները։ Նրան հետաքրքրում է ոչ թե կյանքի տևողությունը, այլ հավիտենական կյանքը։
― Այսինքն՝ դուք ուզում եք կյանքի էլեկսի՞րը գտնել, ― հարցրեցի ես։
Այն ժամանակ մենք վիճեցինք և մեր ճակատագրերը տարբեր ուղղություններով շարժվեցին։ Ես դարձա այլախոհ, ինձ հեռացրեցին գրողների Միությունից և նույնիսկ պատրաստվում էին նստեցնել, իսկ նա, ընդհակառակը, արագ վեր էր բարձրանում․ քաղաքական մեկնաբան դարձավ հեռուստատեսությունում, լինում էր արտասահմանում, կատարելով այնտեղ ինչ֊որ կարևոր հանձնարարություններ, և նույնիսկ, ինչպես լսել եմ, անդամակցում էր ստեղծագործողների այն խմբին, որը գրում էր գրքեր Բրեժնևի փոխարեն։ Ինքնին հասկանալի է, որ մենք Մոսկվայում չէինք հանդիպում, իսկ ահա այստեղ, Մյունխենում, հանդիպեցինք։
===Հավայան կղզիներ===