== Գլուխ յոթերորդ. Մերոնց մոտ ==
=== I ===
Վիրգինսկին ապրում էր սեփական տանը, այն է՝ իր կնոջ տանը, Մուրավյինայա փողոցում։ Փայտաշեն տուն էր, միհարկանի, և կողմնակի կենվորներ չկային։ Տանտիրոջ ծննդյան օրվա պատրվակով մի տասնհինգ հոգի հյուրեր էին հավաքվել, սակայն երեկույթն ամենևին նման չէր գավառական սովորական անվանակոչության երեկույթի։ Իրենց համատեղ կյանքի ամենասկզբից Վիրգինսկի ամուսինները փոխադարձաբար սահմանել էին մեկընդմիշտ, որ անվանակոչությանը հյուրեր հավաքելը միանգամայն հիմար բան է և որ «ուրախանալու առանձին ոչինչ չկա»։ Մի քանի տարվա մեջ նրանք կարողացել էին մի եղանակով իրենց բոլորովին հեռացնել հասարակությունից։ Տանտերը, թեև ընդունակությունների տեր մարդ էր և ամենևին էլ ոչ «ինչ-որ մի չքավոր», չգիտես ինչու, բոլորին թվում էր խենթ, որը սիրում էր մեկուսացում ու դրանից բացի, խոսում «ամբարտավան»։ Իսկ madame Վիրգինսկայան, որը զբաղվում էր մանկաբարձական մասնագիտությամբ, դրանով իսկ արդեն բոլորից ցած էր կանգնած հասարակական սանդուղքին, անգամ ավելի ցածր տերտերակնոջից, չնայած ամուսնու սպայական աստիճանին։ Կոչմանը համապատասխան խոնարհություն կնոջ մեջ չէր նկատվում բոլորովին։ Իսկ լոկ սկզբունքից ելնելով ինչ-որ մի ստահակի՝ կապիտան Լեբյադկինի հետ նրա հիմարագույն և աններելիորեն բացահայտ կապից հետո մեր տիկնանցից ամենաներողամիտներն անգամ երես թեքեցին նրանից ակներև արհամարհանքով։ Բայց madame Վիրգինսկայան ամեն ինչ ընդունեց այնպես, ասես իրեն հենց դա էր պետք։ Նշանակալի է, որ հենց նույն խստաբարո տիկնայք, իրենց հետաքրքիր վիճակի դեպքերում, ըստ հնարավորին դիմում էին Արինա Պրոխորովնային (այն է՝ Վիրգինսկայւսյին)՝ շրջանցելով մեր քաղաքի մյուս երեք մանկաբարձուհիներին։ Նույնիսկ գավառից էին մարդ ուղարկում՝ նրան տանելու կալվածատիրուհիների մոտ, այնքան էին հավատում նրա գիտելիքներին, հաջողակությանը և հմտությանը վճռական դեպքերում։ Բանն ավարտվեց նրանով, որ սկսեց գործել միայն ու միայն ամենահարուստ տներում, իսկ փող սիրում էր ագահության աստիճան։ Լիուլի զգալով իր ուժը, վերջում ամենևին չէր զսպում բնավորությունը։ Գուցեև նույնիսկ դիտավորյալ, ամենահայտնի տներում գործելիս, թուլանյարդ ծննդկաններին վախեցնում էր բարեպատշաճության այս կամ այն նիհիլիստական չլսված մոռացումով կամ, ի վերջո, «ամենայն սրբություն» ծաղրելով ու հատկապես այն րոպեներին, երբ «սրբությունն» առավելապես կարող էր հարկավոր լինել։ Մեր շտաբ-բժիշկ Ռոզանովը, որ նաև մանկաբարձ էր, հաստատապես վկայում էր, որ մի անգամ, երբ ծննդկանը բղավում էր տանջահար և ամենակարող Աստծո անունն էր տալիս, Արինա Պրոխորովնայի հենց նման մի ազատամտություն հանկարծակի, «հրացանի կրակոցի պես», հիվանդի վրա ներազդեց վախով, ինչը և նպաստեց նրա շատ արագ ազատվելուն։ Սակայն թեև նիհիլիստ, հարկավոր դեպքերում Արինա Պրոխորովնան չէր խորշում ամենևին ոչ միայն աշխարհիկ, այլ նաև վաղնջական, ամենասնոտիապաշտական սովորույթներից, եթե դրանք կարող էին օգտաբեր լինել իրեն։ Հանուն և ոչնչի, բաց չէր թողնի, օրինակ, իր բարուրած մանկան մկրտությունը, ըստ որում, կհայտնվեր կանաչ մետաքսյա, քղանցքատուտով զգեստով, իսկ վրավարսը գանգուրներով ու խոպոպիկներով կսանրեր, երբ մնացած ամբողջ ժամանակ ինքնասքանչացումի էր հասնում իր թափթփվածությամբ։ Ու չնայած ծիսակատարության ժամանակ միշտ «ամենալկտի տեսք» էր պահպանում, այնպես որ շփոթեցնում էր եկեղեցու սպասավորներին, սակայն տոնն ավարտվելիս, շամպայնն ինքն էր մատուցում (դրա համար էլ հայտնվում էր, հագած-կապած), և փորձեիք հապա, գավաթը վերցնելով, «աչքալուսանք» չդնել մատուցարանին։
Այս անգամ Վերգինսկիների տանը հավաքված հյուրերը (համարյա բոլորը՝ տղամարդիկ) մի տեսակ պատահական ու արտակարգ տեսք ունեին։ Ոչ ուտեստեղեն կար, ոչ խաղաթուղթ։ Բավականին հին, երկնագույն պաստառով խնամքով պատված ընդարձակ հյուրասենյակի մեջտեղում երկու սեղան էին միացված ու ծածկված մեծ, ի դեպ, ոչ շատ մաքուր սփռոցով, որոնց վրա երկու ինքնաեռ էր եռում։ Քսանհինգ բաժակներով վիթխարի մատուցարանը և սովորական ֆրանսիական սպիտակ, բարակ շերտերով կտրտած հացի զամբյուղը, ինչպես արական և իգական ազնվատոհմ պանսիոններում, գրավել էին սեղանի ծայրը։ Թեյը լցնում էր տանտիրուհու քույրը՝ երեսնամյա մի կույս, անհոնք ու ճեփ-ճերմակ, լռակյաց ու թունոտ արարած, որը սակայն ընդունում էր նոր հայացքները և որից ահավոր վախենում էր ինքը՝ Վիրգինսկին տնային կենցաղում։ Կանայք երեքն էին սենյակում, տանտիրուհին ինքը, նրա հոնքազուրկ քույրիկը և Վիրգինսկու հարազատ քույրիկը, օրիորդ Վիրգինսկայան, որը հենց նոր էր տեղ հասել Պետերբուրգից։ Արինա Պրոխորովնան՝ քսանյոթնամյա, աչքի ընկնող, հաճելի արտաքինով այդ տիկինը՝ կանաչավուն երանգի սովորական բրդյա հագուստով, գզգզված մազերով, նստել էր, համարձակ աչքերը սահեցնելով հյուրերի վրայով ու կարծես շտապելով հայտնել իր հայացքով. «Տեսնում եք, ինչպես ամենևին չեմ վախենում ոչնչից»։ Հյուր եկած օրիորդ Վիրգինսկայան, նույնպես սիրունիկ, ուսանողուհի և նիհիլիստուհի, գնդիկի պես տռուզ ու կուշտ, շատ կարմիր այտերով ու կարճահասակ, տեղավորվել էր Արինա Պրոխորովնայի կողքին, դեռևս համարյա ճամփորդական զգեստով, թղթերի ինչ-որ տրցակ ձեռքին ու զննում էր հյուրերին անհամբեր, թրթռացող աչքերով։ Վիրգինսկին այդ երեկո մի քիչ վատառողջ էր, բայց իր սենյակից ելել էր՝ նստելու բազկաթոռին, թեյասեղանի մոտ։ Բոլոր հյուրերը նույնպես նստած էին, և սեղանի շուրջ դրված աթոռներին այդ բարեպատշաճ տեղավորվածության մեջ նիստ էր ենթադրվում։ Ըստ երևույթին, բոլորն ինչ-որ բանի էին սպասում ու այդ ընթացքում թեև բարձրաձայն, բայց և կողմնակի բաներից խոսում։ Երբ հայտնվեցին Ստավրոգինը և Վերխովենսկին, ամեն ինչ հանկարծ սսկվեց։
Սակայն ինձ թույլ կտամ ինչ-որ բացատրություն տալ՝ որոշակիության համար։
Ես կարծում եմ, որ բոլոր այդ պարոնայք այն օրը, իրոք, հավաքվել էին իսկապես մի որևէ բացառիկ հետաքրքիր բան լսելու հաճելի հույսով, և հավաքվել էին՝ նախապես տեղեկացված։ Նրանք ներկայացնում էին մեր հինավուրց քաղաքի ամենավառ կարմիր ազատականության ընտրանին ու շատ բծախնդրորեն էին ընտրված Վիրգինսկու կողմից, այդ «նիստի» համար։ Նշեմ նաև, որ մի քանիսը նրանցից (ի դեպ, շատ քչերը) նախկինում երբեք ներկա չէին եղել։ Իհարկե, հյուրերի մեծամասնությունը հստակ պատկերացում չուներ, թե ինչի համար են իրենց նախապես տեղեկացրել։ ճիշտ է, այն ժամանակ բոլորն ընդունում էին Պյոտր Ստեպանովիչին՝ արտասահմանից եկած, լիազորություններ ունեցող էմիսարի տեղ։ Այդ գաղափարը մի տեսակ միանգամից արմատացավ և բնականաբար, շոյիչ էր։ Մինչ այդ, անվանակոչություն տոնելու պատրվակով հավաքված քաղաքացիների այդ խմբակի մեջ արդեն կային ոմանք, ում որոշակի առաջարկություններ արվել էին նաև։ Պյոտր Վերխովենսկին հասցրել էր մեզ մոտ «հնգյակ» խմբել, նման այն հնգյակին, որ հիմնել էր Մոսկվայում, ինչպես պարզվեց հիմա, մեր գավառում, սպաների մեջ։ Ասում են, մեկն էլ ուներ Խ. նահանգում։ Այդ հինգ ընտրվածները հիմա նստած էին ընդհանուր սեղանի շուրջ և չափազանց վարպետորեն կարողացել էին ընդունել ամենասովորական մարդու տեսք, այնպես որ ոչ ոք չէր կարող ճանաչել նրանց։ Քանի որ հիմա սա գաղտնիք չէ, նրանք էին, առաջին հերթին, Լիպուտինը, ապա ինքը՝ Վիրգինսկին, երկարականջ Շիգալյովը՝ տիկին Վիր-գինսկայայի եղբայրը, Լյամշինը և վերջապես, ոմն Տոլկաչենկո՝ տարօրինակ անձնավորություն էր, արդեն քառասնամյա, հռչակված ժողովրդի, գերազանցապես խաբեբաների և ավազակների վիթխարի ուսումնասիրությամբ, որը դիտավորյալ շրջում էր պանդոկներում (ի դեպ, ոչ միայն ժողովուրդ ուսումնասիրելու համար)՝ մեր մեջ պարծենալով իր անճոռնի հագուստով, յուղած սապոգներով, աչքերը կկոցած ու խորամանկ տեսքով ու ժողովրդական խուճուճ-մուճուճ դարձվածքներով։ Մեկ թե երկու անգամ դրանից առաջ Լյամշինը նրան բերել էր Ստեպան Տրոֆիմովիչի երեկույթներին, ուր, ի դեպ, առանձին տպավորություն չէր գործել։ Քաղաքում հայտնվում էր ժամանակ առ ժամանակ, գերազանցապես, երբ մնում էր առանց աշխատանքի, իսկ ծառայում էր նա երկաթուղում։ Բոլոր այդ հինգ գործիչները կազմել էին իրենց առաջին խմբակը, ջերմագին հավատով, որ դա սոսկ միավոր է Ռուսաստանով մեկ իրենց պես սփռված հարյուրավոր և հազարավոր նույնանման հնգյակների մեջ և որ բոլորը կախված էին ինչ-որ մի կենտրոնական, վիթխարի, սակայն գաղտնի տեղից, որն իր հերթին օրգանապես կապված է եվրոպական համաշխարհային հեղափոխության հետ։ Բայց, ցավոք, պիտի ընդունեմ, որ նույնիսկ արդեն այն ժամանակ նրանց միջև սկսել էր պառակտում երևալ։ Բանն այն է, որ թեև դեռ գարնանից սպասում էին Պյոտր Վերխովենսկուն, ում մասին առաջինը Տոլկաչենկոն էր հայտարարել, հետո՝ քաղաք եկած Շիգալյովը, թեև նրանից արտակարգ հրաշքներ էին սպասում ու թեև բոլորն անմիջապես, առանց նվազագույն քննադատության և նրա առաջին կանչով մտան խմբակի մեջ, բայց հենց հնգյակը կազմեցին, բոլորը կարծես մեկեն նեղացան, և կարծում եմ, հենց իրենց արագ համաձայնության պատճառով։ Հարկավ, նրանք գնացին մեծահոգի ամոթից մղված, որ հետո չասեն, թե սիրտ չարեցին գնալ։ Բայց և այնպես, Պյոտր Վերխովենսկին պետք է որ գնահատեր նրանց ազնիվ սխրանքը և ծայրահեղ դեպքում, որպես պարգև, մի որևէ ամենագլխավոր պատմությունն աներ նրանց։ Սակայն Վերխովենսկին ամենևին չուզեց բավարարել նրանց օրինական հետաքրքասիրությունը և ավելորդ բաներ չպատմեց։ Ընդհանրապես, քամահրում էր նրանց հոյակապ խստությամբ ու նույնիսկ անփութությամբ։ Դա վճռականապես բորբոքում էր, և անդամ Շիգալյովն արդեն հորդորում էր մյուսներին՝ «հաշվետվություն պահանջել», բայց հարկավ ոչ հիմա, Վիրգինսկու տանը, ուր այդքան կողմնակի մարդիկ էին հավաքվել։
Կողմնակիների վերաբերյալ նույնպես մի միտք ունեմ, որ առաջին հնգյակի վերոհիշյալ անդամներն այդ երեկո Վիրգինսկու հյուրերի մեջ հակված էին կասկածել իրենց անհայտ ինչ-ինչ խմբակների անդամների, որոնք հայտնվել էին նույնպես քաղաքում նույն գաղտնի կազմակերպության և հենց նույն Վերխովենսկու կողմից, այնպես որ ի վերջո բոլոր հավաքվածները կասկածում էին մեկը մյուսին ու զանազան կեցվածքներ ընդունում միմյանց առաջ, ինչը և ամբողջ հավաքին հաղորդում էր բավականին ձախուծուռ և մասամբ նույնիսկ վիպական տեսք։ Իմիջիայլոց, այստեղ էին նաև որևէ կասկածից դուրս մարդիկ։ Այսպես օրինակ, մի ծառայող մայոր, Վիրգինսկու մոտիկ ազգականը, միանգամայն անմեղ մեկը, ում չէին էլ հրավիրել, բայց որն ինքն էր եկել անվանակոչիկի մոտ, այնպես որ ոչ մի կերպ չէր լինի նրան չընդունել։ Բայց անվանակոչիկը, այնուամենայնիվ, հանգիստ էր, որովհետև մայորը «ոչ մի կերպ չէր կարող մատնել», որովհետև, չնայած իր համակ հիմարությանը, ամբողջ կյանքում սիրել էր թափառել բոլոր այն տեղերում, ուր ծայրահեղ ազատականներ կային։ Ինքը համակիր չէր, բայց լսել շատ էր սիրում։ Բացի դրանից, նույնիսկ վարկաբեկված էլ էր. պատահել էր այնպես, որ երիտասարդ ժամանակ նրա ձեռքի տակով անցել էին «Կոլոկոլի» և թռուցիկների ամբողջ պահեստներ, ու թեև վախեցել էր նույնիսկ բաց անել դրանք, սակայն տարածելուց հրաժարվելը կհամարեր թույլ տված ստորություն՝ և այսպիսին են ռուս մարդկանցից ոմանք, նույնիսկ մինչև օրս։ Մնացած հյուրերն իրենցից ներկայացնում էին կամ ազնիվ ինքնասիրությունը մաղձոտության չափ ճնշվածների տեսակ, կամ փոթորկուն երիտասարդության ազնվագույն անդրանիկ պոռթկման տեսակ։ Նրանք էին երկու թե երեք ուսուցիչ, որոնցից մեկը կաղ էր, արդեն քառասունհինգ տարեկան, գիմնազիայի դասատու, շատ թունալի և անչափ սնափառ մի մարդ և երկու թե երեք սպա։ Վերջիններից մեկը շատ երիտասարդ հրետանավոր էր*, որ ընդամենն օրերս էր եկել զինվորական ուսումնական հաստատությունից, լռակյաց ու դեռևս ծանոթություններ հաստատել չհասցրած մի տղա, հիմա հանկարծ հայտնվել էր Վիրգինսկու մոտ, մատիտը ձեռքին և, համարյա չմասնակցելով խոսակցությանը, րոպեն մեկ ինչ-որ նշումներ էր անում իր նոթատետրում։ Բոլորը տեսնում էին դա, սակայն չգիտես ինչու, բոլորը ջանում էին ձևացնել, թե չեն նկատում։ Այստեղ էր նաև դատարկապորտ այն ճեմարանականը, որը Լյամշինի հետ գրավաճառ կնոջ պայուսակն էր խցկել գարշելի լուսանկարները, խոշորամարմին պատանի էր՝ սանձարձակ, բայց միաժամանակ կասկածոտ շարժուձևով, անիմաստ մերկացուցիչ ժպիտով, դրա հետ մեկտեղ նաև իր իսկ մեջ ամփոփված ցնծացող կատարելության անվրդով տեսքով։ Չգիտեմ ինչի համար, այստեղ էր նաև մեր քաղաքագլխի որդին, տարիքին անհամապատասխան քարշ եկած հենց այն պիղծ տղան, որի մասին հիշատւսկել եմ, անելով պորուչիկի փոքրամարմին կնոջ պատմությունը։ Սա լուռ էր ամբողջ երեկոն։ Եվ վերջապես, ի եզրափակումն, մի գիմնազիստ, շատ տաքարյուն և կատարը ցից, տասնութամյա տղա, նստած էր սեփական արժանապատվությունը վիրավորված երիտասարդի մռայլ տեսքով, ըստ երևույթին, տառապելով իր տասնութամյա տարիքից։ Այդ ջահելն արդեն դավադիրների ինքնուրույն խմբակի պետ էր, կազմակերպված գիմնազիայի ամենաբարձր դասարանում, ինչը բացահայտվեց հետագայում, ի զարմանս բոլորի։ Ես չհիշատակեցի Շատովին. նա տեղավորվել էր սեղանի ծայրի անկյունում, շարքից փոքր-ինչ առաջ բերած իր աթոռը, նայում էր ցած, լուռ էր ու մռայլված, հաց ու թեյից հրաժարվեց և ամբողջ ժամանակ ձեռքին էր պահում գլխարկը, ասես դրանով կամենալով հայտարարել, որ ինքը հյուր չէ, եկել է գործով և երբ ուզենա, վեր կկենա ու կգնա։ Նրանից ոչ հեռու տեղավորվել էր նաև Կիրիլլովը, նույնպես շատ լուռումունջ, բայց ցած չէր նայում, այլ ընդհակառակը, ուղղակի զննում էր ամեն խոսողի իր անշարժ, անփայլ հայացքով ու ամեն ինչ ունկնդրում՝ առանց նվազագույն հուզմունքի կամ զարմանքի։ Հյուրերից մի քանիսը, որ նախկինում երբեք չէին տեսել նրան, զննում էին Կիրիլլովին մտազբաղ և գողունի։ Հայտնի չէ, որևիցե բան գիտե՞ր madame Վիրգինսկայան գոյություն ունեցող հնգյակի մասին։ Ենթադրում եմ, որ գիտեր ամեն ինչ ու հենց իր ամուսնուց։ Իսկ ուսանողուհին, հարկավ, ոչնչի չէր մասնակցում, բայց և իր հոգսն ուներ, նա մտադիր էր հյուր մնալ ընդամենը մեկ կամ երկու օր, իսկ հետո գնալ ավելի ու ավելի հեռուները, համալսարանական բոլոր քաղաքներով, որպեսզի «մասնակից լիներ խեղճ ուսանողների տառապանքներին և արթնացներ նրանց բողոքի»։ Իր հետ ուներ մի քանի հարյուր օրինակ վիմատիպ կոչ, կարծեմ թե սեփական հորինվածքն էր։ Զարմանալի էր, որ գիմնազիստն ատեց նրան առաջին հայացքից, համարյա թե արյամբ վրեժ-խնդիր լինելու չափ, թեև կյանքում առաջին անգամ էր տեսնում, իսկ ուսանողուհին՝ հավասարաչափ նրան։ Մայորն աղջկա հարազատ քեռին էր ու դիմավորել էր նրան այսօր առաջին անգամ, տասը տարի անց։ Երբ ներս մտան Ստավրոգինն ու Վերխովենսկին, նրա այտերը կարմրած էին հապալասի պես. հենց նոր քեռու հետ կռվել էր կանանց հարցում իր համոզմունքների համար։
=== II ===
Վերխովենսկին զարմանալի անփութությամբ փռվեց աթոռին, սեղանի վերին անկյունում, համարյա ոչ ոքի չողջունելով։ Տեսքը խորշական էր ու նույնիսկ գոռոզամիտ։ Ստավրոգինը գլխով էր անում բարեկիրթ, սակայն չնայած որ բոլորը հենց նրանց էին սպասում, բոլորն էլ, ասես հրամանով, ձևացրին, թե համարյա չեն նկատում նրանց։ Տանտիրուհին խստաձայն դիմեց Ստավրոգինին, հենց վերջինս նստեց։
― Ստավրոգին, թեյ կուզե՞ք։
― Տվեք,― պատասխանեց նա։
― Ստավրոգինին՝ թեյ,― կարգադրեց տանտիրուհին թեյ բաժանողին,― իսկ դուք ուզո՞ւմ եք։ (Արդեն Վերխովենսկուն դիմեց)։
― Իհարկե, տվեք, ո՞վ է հյուրին հարցնում այդ մասին։ Սերուցք էլ տվեք, ձեզ մոտ միշտ այնպիսի գարշանք են տալիս, թեյի փոխարեն, տանն էլ դեռ անվանակոչիկ կա։
― Ինչպե՞ս, դո՞ւք էլ եք ընդունում անվանակոչությունը,― ծիծաղեց հանկարծ ուսանողուհին։― Նոր այդ մասին էինք խոսում։
― Հին բան էր,― մրթմրթաց գիմնազիստը սեղանի մյուս ծայրից։
― Ի՞նչ ասել է՝ հին։ Նախապաշարմունքները, թեկուզ և ամենաանմեղները, մոռանալը հին բան չէ, այլ ընդհակառակն, համոթ բոլորի, մինչև հիմա էլ դեռ նոր է,― ակնթարթորեն հայտարարեց ուսանողուհին, ասես առաջ պոկվելով աթոռից։
― Բացի դրանից, չկան անմեղ նախապաշարմունքներ,― ավելացրեց նա կատաղած։
― Ես ուզում էի միայն հայտնել,― գիմնազիստն ահավոր հուզվում էր,― որ նախապաշարմունքները, իհարկե, թեև հին բան են ու պետք է ոչնչացնել, բայց անվանակոչության վերաբերյալ բոլորն արդեն գիտեն, որ հիմարություն է ու շատ հին, որպեսզի թանկագին ժամանակը վատնվի՝ առանց այդ էլ բոլորի կողմից կորցված, այնպես որ կարելի է սեփական սրամտությունն օգտագործել՝ դրա կարիքն ավելի զգացող նյութի վրա...
― Շատ երկար եք ձգում, բան հասկանալ չի լինի,― ճչաց ուսանողուհին։
― Ինձ թվում է, յուրաքանչյուրը ձայնի իրավունք ունի, բոլորին հավասար, և եթե ես ցանկանում եմ կարծիքս հայտնել, ինչպես և ամեն ոք, ապա...
― Ձեր ձայնի իրավունքը ոչ ոք չի խլում,― կտրուկ ընդհատեց արդեն ինքը՝ տանտիրուհին,― ձեզ միայն հրավիրում են չծամծմել, որովհետև ձեզ ոչ ոք հասկանալ չի կարող։
― Սակայն թույլ տվեք նշել, որ դուք ինձ չեք հարգում։ Եթե ես չկարողացա էլ ավարտել միտքս, ապա ոչ այն պատճառով, որ մտքեր չունեմ, այլ ավելի շուտ մտքերի շատությունից էր...― համարյա հուսաբեկ մրթմրթաց գիմնազիստը և վերջնականապես խճճվեց։
― Եթե չեք կարողանում խոսել, ուրեմն՝ լռեք,― շրմփացրեց ուսանողուհին։
Գիմնազիստը նույնիսկ վեր ցատկեց աթոռից։
― Ես ուզում էի միայն հայտնել,― բղավեց նա՝ ամբողջ մարմնով այրվելով ամոթից ու վախենալով շուրջը նայել,― որ դուք ուզեցաք փայլել ձեր խելքով, որովհետև ներս մտավ պարոն Ստավրոգինը, ահա թե ինչ։
― Ձեր միտքն աղտոտ է ու անբարո և մատնացույց է անում ձեր զարգացման համակ ողորմելիությունը։ Խնդրում եմ այլևս ինձ չդիմել,― ճռճռացրեց ուսանողուհին։
― Ստավրոգին,― սկսեց տանտիրուհին,― մինչև ձեր գալն այստեղ նոր գոռգոռում էին ընտանիքի իրավունքների մասին, ահա այս սպան (նա գլխով արեց իր ազգական մայորի կողմը)։ Եվ անշուշտ, ես ձեզ չեմ անհանգստացնի վաղուց ի վեր լուծված այդպիսի մի անմտությամբ։ Բայց և այնպես, որտեղի՞ց կարող էին մեջտեղ գալ ընտանիքի իրավունքներն ու պարտականություններն այն նախապաշարմունքի իմաստով, որով հիմա ներկայացվում են։ Սա է հարցը։ Ձեր կարծի՞քը։
― Ինչպե՞ս թե որտեղից կարող էին մեջտեղ գալ,― հարցը կրկնեց Ստավրոգինը։
― Այսինքն, մենք գիտենք, օրինակ, որ նախապաշարմունքն Աստծո մասին առաջացել է ամպրոպ ու կայծակից,― հանկարծ նորից պոռթկաց ուսանողուհին՝ համարյա թե աչքերով մագլցելով Ատավրոգինի վրա,― շատ լավ հայտնի է, որ նախասկզբնական մարդկությունը, վախենալով ամպրոպ ու կայծակից, աստվածացրել է անտեսանելի թշնամուն, նրա հանդեպ զգալով իր թուլությունը։ Բայց որտեղից է առաջացել ընտանիքի՞ նախապաշարմունքը։ Որտեղի՞ց կարող էր գոյանալ ընտանիքն ինքնին։
― Դա այնքան էլ միևնույն բանը չէ...― ուզում էր ընդհատել տանտիրուհին։
― Ես ենթադրում եմ, որ նման հարցի պատասխանն անպարկեշտ է,― պատասխանեց Ստավրոգինը։
― Ինչպե՞ս թե,― առաջ մղվեց ուսանողուհին։
Բայց ուսուցչական խմբից քրքջոց լսվեց, որին մյուս ծայրից անմիջապես արձագանքեցին Լյամշինը և գիմնազիստը, նրանցից հետո՝ խռպոտ քրքիջով նաև ազգական մայորը։
― Դուք պիտի վոդևիլներ գրեիք,― նկատեց տանտիրուհին Ստավրոգինին։
― Չափից ավելի վայել չէ ձեր պատվին, չգիտեմ ձեր անունը,― վճռական զայրույթով կտրեց ուսանողուհին։
― Իսկ դու տեղիցդ մի թռվռա,― թնդաց մայորը։― Օրիորդ ես, քեզ մի քիչ համեստ պահիր, իսկ դու կարծես ասեղի վրա ես նստել։
― Բարի եղեք լռել ու չհամարձակվեք ինձ դիմել ընտանեվարի, ձեր գարշելի համեմատություններով։ Ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում ու ձեր ազգականությունն ընդունել չեմ ուզում։
― Բայց ախր ես քո քեռին եմ, ծծկեր երեխա էիր, գրկած ման եմ ածել։
― Իմ ինչ գործն է, թե ինչ եք ման ածել։ Այն ժամանակ ես ձեզ չեմ խնդրել ինձ ման ածել, ուրեմն, պարոն անբարեկիրթ սպա, անձամբ ձեզ է հաճելի եղել դա անել։ Եվ թույլ տվեք նկատել, որ դուք իրավունք չունեք ինձ ''դու'' ասել, եթե քաղաքացիության կողմից չէ, ու ես ձեզ մեկընդմիշտ արգելում եմ։
― Այ, նրանք բոլորն այսպիսին են,― բռունցքը սեղանին զարկեց մայորը՝ դիմելով դիմացը նստած Ստավրոգինին։― Չէ, չէ, ես լիբերալիզմը և արդիականությունը սիրում եմ և սիրում եմ լսել խելացի խոսակցություններ, մենակ զգուշացնեմ՝ տղամարդկանցից։ Բայց կանանցից, բայց ահա այսպիսի փեշավորներից՝ չէ ու չէ՜, դա է իմ ցավը։ Դու տեղդ շուռումուռ չգա՜ս,― բղավեց նա ուսանողուհու վրա, որը պոկվել էր ուզում աթոռից։― Չէ, ես էլ եմ խոսք ուզում, ես վիրավորված եմ։
― Դուք միայն խանգարում եք մյուսներին, իսկ ինքներդ ոչինչ չեք կարողանում ասել,― բարկացած մրթմրթաց տանտիրուհին։
― Չէ, պիտի խոսեմ,― տաքացավ մայորը՝ դիմելով Ստավրոգինին։― Պարոն Ստավրոգին, որպես նոր ներս եկած մարդու, ես հույս ունեմ ձեզ վրա, թեև ձեզ ճանաչելու պատիվը չունեմ։ Առանց տղամարդկանց նրանք կկոտորվեն ճանճերի պես՝ սա է իմ կարծիքը։ Նրանց՝ ամբողջ կանանց հարցը միմիայն ինքնօրինակության պակասից է։ Հավատացնում եմ ձեզ, որ այդ կանանց հարցը նրանց համար տղամարդիկ են հորինել, հիմարավարի, իրենց գլխին փորձանք, փորձանք, փաոք Աստծուն, որ ես ամուսնացած չեմ։ Նվազագույն բազմազանություն, մի հասարակ նախշ անգամ չեն կարող հորինել, նրանց փոխարեն նախշերն էլ են տղամարդիկ մոգոնում։ Ահավասիկ, ես նրան գրկում եմ ման ածել, տասը տարեկան էր, հետը մազուրկա եմ պարել, այսօր որ եկավ, իսկականից թռա գրկելու, իսկ նա երկրորդ խոսքից հայտարարեց, թե Աստված չկա։ Գոնե երրորդ, ոչ թե երկրորդ խոսքից, բայց դե, շտապում է։ Լավ, ընդունենք, թե խելացի մարդիկ չեն հավատում, բայց չէ որ դա խելքից է գալիս, իսկ դու, ասում եմ, այ փուչիկ, դո՞ւ ինչ ես հասկանում Աստծուց։ Չէ որ քեզ ուսանողի մեկն է սովորեցրել, իսկ եթե սովորեցներ կանթեղներ վառել, կվառեիր։
― Չէ որ ստում եք ամեն ինչ, դուք շատ չար մարդ եք, իսկ ես նոր ապացուցեցի ու արտահայտեցի ձեր սնանկությունը,― պատասխանեց ուսանողուհին արհամարհանքով և կարծես արժանի չհամարելով շատ բացատրվելն այդպիսի մարդու հետ։― Ես նոր հատկապես ասում էի, որ բոլորիս սովորեցրել են կատեխիզիսով. «Եթե պատվես հորդ ու ծնողներիդ, երկարակյաց կլինես ու քեզ կտրվեն հարստություններ»։ Տասը պատվիրաններից էր։ Եթե Աստված անհրաժեշտ է գտել սիրո դիմաց վարձատրություն առւսջարկել, նշանակում է, ձեր Աստված անբարո է։ Այս բառերով ես ձեզ քիչ առաջ ապացուցեցի և ոչ թե երկրորդ խոսքից, և որովհետև դուք ձեր իրավունքները հայտարարեցիք։ Ով է մեղավոր, որ բթամիտ եք ու մինչև հիմա չեք հասկանում։ Ձեզ համար վիրավորական է ու դուք բարկանում եք՝ ահա ձեր սերնդի ամբողջ ըմբռնումը։
― Տխմա՜ր,― ատամների արանքից ասաց մայորը։
― Իսկ դուք հիմար եք։
― Հայհոյիր, հայհոյիր։
― Բայց ներեցեք, Կապիտոն Մաքսիմովիչ, չէ որ ինքներդ եք ասել ինձ, որ չեք հավատում Աստծուն,― սեղանի ծայրից ծղրտաց Լիպուտինը։
― Հետո ինչ, որ ասել եմ, ես՝ ուրիշ բան։ Ես գուցեև հավատում եմ, միայն թե՝ ոչ լրիվ։ Ես թեև կատարելապես չեմ հավատում, բայց և այնպես չեմ ասի, թե Աստծուն գնդակահարել է պետք։ Դեռևս որպես հուսար ծառայելիս, Աստծո մասին մտածել եմ։ Բոլոր ոտանավորներում ընդունված է, որ հուսարը խմում ու քեֆ է անում, այ-յո, կարող է և խմել եմ, բայց կհավատաք արդյոք, գիշերով մեկ-մեկ վեր էի թռչում անկողնուց, գուլպաներով, ու սկսում խաչակնքվել սրբապատկերի առաջ, որ Աստված հավատք պարգևի, որովհետև այն ժամանակ էլ չէի կարող հանգիստ լինել, կա՞ Աստված, թե՝ չկա։ Դա ինձ շատ դառնություններ է պատճառել։ Առավոտյան, ինչ խոսք, ցրվում էի, ու նորից հավատքը կարծես անհետանում էր, և ընդհանրապես, ես նկատել եմ, որ ցերեկը հավատքը միշտ անհետանում է։
― Իսկ ձեր տանը խաղաթուղթ չի՞ լինի,― լիաբերան հորանջեց Վերխովենսկին՝ դիմելով տանտիրուհուն։
― Ես անչափ, անչափ համամիտ եմ ձեր հարցին,― առաջ պոկվեց ուսանողուհին՝ մայորի խոսքերից կատաղած ու շառագունած։
― Ոսկի ժամանակը կորչում է հիմար խոսակցություններ լսելով,― ընհատեց տանտիրուհին և խստապահանջ նայեց ամուսնուն։
Ուսանողուհին իրեն հավաքեց.
― Ես ուզում էի ժողովին հայտարարել ուսանողների տառապանքների և բողոքի մասին, իսկ քանի որ ժամանակը վատնվում է անբարո խոսակցությունների վրա...
― Չկա ոչինչ ոչ բարոյական, ոչ անբարո,― տեղնուտեղը չհամբերեց գիմնազիստը, հենց սկսեց ուսանողուհին։
― Ես դա գիտեի, պարոն գիմնազիստ, շատ ավելի վաղ, քան ձեզ սովորեցրել էին։
― Ես էլ պնդում եմ,― փրփրեց գիմնազիստը,― որ դուք Պետերբուրգից եկած երեխա եք՝ մեզ լուսավորելու համար, ինչ ինքներս էլ գիտենք։ «Պատվիր քո հորը և մորը» պատվիրանի մասին, որը չկարողացաք ճիշտ ասել, և որ դա անբարո է, արդեն Բելինսկուց է հայտնի բոլորին Ոուսաստանում։
― Սա երբևիցե վերջ կունենա՞,― վճռական ասաց madame Վիրգինսկայան ամուսնուն։ Որպես տանտիրուհի, նա կարմրում էր խոսակցությունների ողորմելիությունից՝ հատկապես նկատելով նոր հրավիրված հյուրերից մի քանիսի ժպիտներն ու տարակուսանքը։
― Պարոնայք,― հանկարծ ձայնը բարձրացրեց Վերխովենսկին,― եթե մեկնումեկը կկամենա գործին ավելի առնչվող որևէ բան ասել կամ հայտարարելու բան ունի, առաջարկում եմ սկսել, ժամանակ չկորցնելով։
― Համարձակվում եմ մի հարց տալ,― մեղմաձայն սկսեց մինչև այժմ լռած և հատկապես վայելչատես նստած կաղ ուսուցիչը,― կկամենայի իմանալ, մենք այստեղ հիմա ներկայացնո՞ւմ ենք որևիցե նիստ, թե հյուր եկած սովորական մահկանացուների հավաք ենք։ Ավելի շատ հարցնում եմ կարգի համար և որպեսզի անտեղյակության մեջ չլինենք։
«Խորամանկ» հարցը տպավորություն գործեց։ Բոլորը հայացքներ փոխանակեցին, յուրաքանչյուրը կարծես պատասխան սպասելով մյուսից, և բոլորը հանկարծ, ասես հրամանով, աչքները հառեցին Վերխովենսկու և Ստավրոգինի վրա։
― Ես պարզապես առաջարկում եմ քվեարկել հարցի պատասխանը. «Նի՞ստ ենք անում, թե՝ ոչ»,― ասաց madame Վիրգինսկայան։
― Միանգամայն միանում եմ առաջարկին,― արձագանքեց Լիպուտինը,― թեև առաջարկը փոքր-ինչ անորոշ է։
― Ես էլ եմ միանում, ես էլ,― լսվեցին ձայներ։
― Ինձ էլ է թվում, իսկապես ավելի կարգուկանոն կլինի,― հաստատեց Վիրգինսկին։
― Այսպիսով, ձեր ձայները,― հայտարարեց տանտիրուհին,
― Լյամշին, խնդրում եմ, նստեք դաշնամուրի մոտ, այնտեղից էլ կարող եք ձեր ձայնը տալ, երբ սկսեն քվեարկել։
― Նորից,― բղավեց Լյամշինը։― Հերիք եղավ ձեզ համար թխկթխկացնեմ։
― Ես ձեզ համառորեն խնդրում եմ, նստեք նվազելու, դուք չե՞ք ուզում օգտակար լինել գործին։
― Է, հավատացնում եմ ձեզ, Արինա Պրոխորովնա, որ ոչ ոք ականջ չի դնում։ Ձեր երևակայությունն է, ուրիշ ոչինչ։ Պատուհաններն էլ են բարձր, ու այստեղ ո՞վ ինչ կհասկանա, եթե ականջ էլ դնի։
― Մենք էլ ենք հասկանում՝ ինչ կա, ինչ չկա,― փնթփնթաց մի ձայն։― Իսկ ես ձեզ ասում եմ, որ զգուշավորությունը միշտ է անհրաժեշտ։ Այն դեպքում եմ ասում, որ եթե լրտեսներ կան,― բացատրաբար դիմեց նա Վերխովենսկուն,― թող լսեն փողոցից, որ մեզ մոտ անվանակոչություն է ու նվագ կա։
― Է, գրողը տանի,― թնդաց Լյամշինը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց մի վալս թմբկահարել՝ ավելորդ տեղն ու համարյա թե բռունցքներով խփելով ստեղներին։
― Նրանք, ովքեր կամենում են, որ նիստ լինի, առաջարկում եմ վեր բարձրացնել աջ ձեռքը,― առաջարկեց madame Վիրգինսկայան։
Ոմանք բարձրացրին, ոմանք՝ ոչ։ Եղան այնպիսիք, որ բարձրացրին ու նորից իջեցրին։ Իջեցրին ու նորից բարձրացրին։
― Փուհ, գրողը տանի, ոչինչ չհասկացա,― բղավեց մի սպա։
― Ես էլ չեմ հասկանում,― բղավեց մեկ ուրիշը։
― Չէ, ես հասկանում եմ,― բղավեց երրորդը,― եթե՝ այո, ապա ձեռքդ վեր։
― Բայց ի՞նչ ասել է այդ ''այո''֊ն։
― Նշանակում է՝ նիստ։
― Ես քվեարկել եմ՝ նիստ,― բացականչեց գիմնազիստը՝ դիմելով Վիրգինսկայային։
― Իսկ ինչո՞ւ ձեռք չբարձրացրիք։
― Ես անընդհատ ձեզ էի նայում, դուք չբարձրացրիք, ես էլ, ուրեմն, չբարձրացրի։
― Ի՜նչ հիմարություն, որովհետև ինքս եմ առաջարկել, դրա համար էլ չբարձրացրի։ Պարոնայք, առաջարկում եմ նորից սկսել, ով ուզում է՝ նիստ, թող նստի և ձեռք չբարձրացնի, իսկ ով չի ուզում, թող բարձրացնի աջ ձեռքը։
― Ով չի՞ ուզում,― հարցը կրկնեց գիմնազիստը։
― Դուք դիտավորյա՞լ եք անում, ինչ է,― զայրագին բղավեց Վիրգինսկայան։
― Ոչ, ներեցեք, ով ուզո՞ւմ է, թե չի՞ ուզում, որովհետև պետք է ավելի ստույգ որոշել,― երկու-երեք ձայն հնչեց։
― Ով չի ուզում, ''չի'' ուզում։
― Է, հա, բայց ի՞նչ է պետք անել, բարձրացնե՞լ, թե չբարձրացնել, եթե ''չի'' ուզում,― բղավեց սպան։
― Էհ, դեռևս մենք սովոր չենք սահմանադրության,― նշեց մայորը։
― Պարոն Լյամշին, բարի եղեք, դուք այնպես եք խփում, ոչ ոք չի կարողանում լսել,― նկատեց կաղ ուսուցիչը։
― Ախր, Արինա Պրոխորովնա, Աստված է վկա, մեզ ոչ ոք ականջ չի դրել,― տեղից վեր թռավ Լյամշինը։― Է, չեմ ուզում նվազել։ Ես ձեզ հյուր եմ եկել, ոչ թե դխդխկացնելու։
― Պարոնայք,― առաջարկեց Վիրգինսկին,― բոլորդ բարձրաձայն ասեք, մենք նի՞ստ ենք անում, թե՝ ոչ։
― Նի՜ստ, նի՜ստ,― հնչեց բոլոր կողմերից։
― Իսկ եթե այդպես է, ապա քվեարկելու կարիք չկա, բավական է։ Գո՞հ եք, արդյոք, պարոնայք, պե՞տք է էլի քվեարկել։
― Պետք չէ, պետք չէ, հասկացանք։
― Գուցե մեկնումեկը չի՞ ուզում նիստ։
― Չէ, չէ, բոլորս ուզում ենք։
― Բայց ի՞նչ բան է նիստը,― բղավեց մի ձայն։ Նրան չպատասխանեցին։
― Պետք է նախագահ ընտրել,― բղավեցին այս ու այն կողմից։
― Տանտիրոջը, իհարկե, տանտիրոջը։
― Պարոնայք, եթե այդպես է,― սկսեց ընտրված Վիրգինսկին,― ապա ես առաջարկում եմ քիչ առաջվա սկզբնական առաջարկությունս, եթե մեկնումեկը ցանկանում է գործին ավելի բռնող որևիցե բան սկսել, կամ հայտարարելու բան ունի, ապա թող առաջ անցնի ժամանակ չկորցնելով։
Ընդհանուր լռություն տիրեց։ Բոլորի հայացքները կրկին հառվեցին Ստավրոգինի և Վերխովենսկու վրա։
― Վերխովենսկի, դուք ոչինչ չունե՞ք հայտարարելու,― ուղղակի հարցրեց տանտիրուհին։
― Եվ ոչ մի բան,― ձգմգվեց նա աթոռի վրա՝ հորանջելով։
― Իմիջիայլոց, ես մի գավաթ կոնյակ կկամենայի։
― Ստավրոգին, դուք չե՞ք ցանկանում։
― Շնորհակալ եմ, ես չեմ խմում։
― Ասում եմ՝ ցանկանո՞ւմ եք խոսել, թե՝ ոչ, կոնյակի մասին չէր։
― Խոսե՞լ, ինչի՞ մասին։ Չէ, չեմ ցանկանում։
― Ձեզ կոնյակ կբերեն,― պատասխանեց տանտիրուհին Վերխովենսկուն։
Վեր ելավ ուսանողուհին։ Արդեն մի քանի անգամ վեր էր թռել տեղից։
― Ես եկել եմ հայտարարելու թշվառ ուսանողների տառապանքների մասին և ամենուրեք նրանց բողոքի կոչելու մասին...
Բայց նա դեմ առավ։ Սեղանի մյուս ծայրին հայտնվել էր արդեն ուրիշ մրցակից ե բոլոր հայացքներն ուղղվեցին նրան։ Երկարականջ Շիգալյովը, մռայլ ու խոժոռ տեսքով, դանդաղ բարձրացավ տեղից և մելամաղձոտ տեսքով սեղանին դրեց մի հաստ ու չափազանց մանրատառ գրոտած տետր։ Նա չէր նստում և լուռ էր։ Շատերը շշկլված նայում էին տետրին, բայց Լիպուտինը, Վիրգինսկին և կաղ ուսուցիչը, թվում է, գոհ էին ինչ-որ բանից։
― Խոսք եմ խնդրում,― մռայլ, բայց հաստատակամ հայտարարեց Շիգալյովը։
― Խոսք տրվում է,― թույլ տվեց Վիրգինսկին։
Հռետորը նստեց, մի կես րոպե լուռ էր, ապա ծանրումեծ
արտասանեց.
― Պարոնայք...
― Էս էլ կոնյակը,― խորշանքով ու արհամարհանքով թնդաց թեյ լցնող ազգականուհին, որ գնացել էր կոնյակը բերելու և հիմա Վերխովենսկու դեմ դրեց շիշը՝ ըմպանակի հետ, որը բերել էր մատներով բռնած, առանց մատուցարանի, առանց ափսեի։
Խոսքն ընդհատված հռետորն արժանապատվությամբ դադարեցրեց։
― Ոչինչ, շարունակեք, ես չեմ լսում,― բղավեց Վերխովենսկին՝ լցնելով իր ըմպանակը։
― Պարոնայք, դիմում եմ ձեր ուշադրությանը,― նորից սկսեց Շիգալյովը,― և ինչպես կտեսնեք ստորև, առաջնահերթ կարևորության կետում հայցելով ձեր օգնությունը, պիտի նախաբան ասեմ։
― Արինա Պրոխորովնա, մկրատ չունե՞ք,― հանկարծ հարցրեց Պյոտր Ստեպանովիչը։
― Ինչների՞դ է պետք մկրատը,― տանտիրուհին աչքերը չռեց նրա վրա։
― Մոռացել եմ եղունգներս կտրել, երեք օր է արդեն,― արտաբերեց նա՝ անխռով զննելով իր երկար ու անմաքուր եղունգները։
Արինա Պրոխորովնան բռնկվեց, բայց օրիորդ Վիրգինսկայային կարծես դուր եկավ ինչ-որ բան։
― Կարծեմ, քիչ առաջ լուսամտագոգին եմ տեսել,― վեր ելավ սեղանի մոտից, գնաց, գտավ ու իսկույն բերեց։ Պյոտր Ստեպանովիչը նույնիսկ չնայեց նրան, առավ մկրատն ու զբաղվեց դրանով։ Արինա Պրոխորովնան հասկացավ, որ դա իրական հնար էր, և ամաչեց իր նեղացկոտությունից։ ժողովը լուռ հայացքներ փոխանակեց։ Կաղ ուսուցիչը չարությամբ և նախանձով հետևում էր Վերխովենսկուն։ Շիգալյովը շարունակեց։
― Եռանդս նվիրելով ապագա հասարակության սոցիալական կառուցվածքի մասին հարցի ուսումնասիրմանը, որով փոխարինվելու է ներկան, եկել եմ այն համոզման, որ սոցիալական համակարգերի բոլոր ստեղծողները, հնագույն ժամանակներից մինչև մեր 187... թվականը, եղել են երազողներ, հեքիաթասացներ, իրենք իրենց հակասող անմիտներ, բացարձակապես ոչինչ չեն հասկացել բնական գիտությունից և այն տարօրինակ կենդանուց, որը կոչվում է մարդ։ Պլատոնը, Ռուսսոն, Ֆուրյեն՝ ալյումինե հուշասյուներ, այդ ամենը թերևս ճնճղուկների համար է և ոչ մարդկային հասարակության։ Բայց քանի որ ապագա հասարակական ձևն անհրաժեշտ է հատկապես հիմա, երբ մենք բոլորս վերջապես պատրաստվում ենք գործել, որպեսզի այլևս արդեն չմտորենք, ուստի առաջարկում եմ աշխարհի կառուցման իմ սեփական համակարգը։ Ահա այն,― խփեց նա տետրակին։― Ես ուզում էի ժողովին շարադրել իմ գիրքը՝ հնարավորին չափ կրճատված տեսքով, բայց տեսնում եմ, որ կպահանջվի ավելացնել նաև բազմաթիվ բանավոր բացատրություններ, այդ պատճառով ամբողջ շարադրումը կպահանջի ծայրահեղ դեպքում տասը երեկո, համաձայն գրքիս գլուխների (ծիծաղ լսվեց)։ Բացի դրանից, նախապես հայտարարում եմ, որ իմ համակարգն ավարտված չէ (նորից՝ ծիծաղ)։ Ես խճճվել եմ սեփական տվյալների մեջ, և իմ եզրահանգումն ուղղակի հակասում է նախասկզբնական գաղափարին, որից ելնում եմ։ Ելնելով անսահման ազատությունից, ես եզրափակում եմ անսահման բռնակալությամբ։ Ավելացնեմ սակայն, որ հասարակական բանաձևի իմ լուծումից բացի, ուրիշ որևէ բան չի կարող լինել։
Ծիծաղը սաստկանում ու սաստկանում էր, բայց ծիծաղում էին ավելի շատ ջահելները և այսպես ասած, սակավ իրազեկ հյուրերը։ Տանտիրուհու, Լիպուտինի և կաղ ուսուցչի դեմքերին որոշ զայրույթ գծագրվեց։
― Եթե ինքներդ չեք կարողացել ստեղծել ձեր համակարգը և հանգել եք հուսալքության, ապա մե՞նք ինչ պիտի անենք այստեղ,― զգուշությամբ նշեց մի սպա։
― Դուք իրավացի եք, պարոն ծառայող սպա,― կտրուկ նրան դարձավ Շիգալյովը,― և առավելապես նրանով, որ օգտագործեցիք «հուսալքություն» բառը։ Այո, ես հանգել եմ հուսալքության, այդուհանդերձ, այն ամենը, ինչ շարադրված է իմ գրքում, անփոխարինելի է, և ուրիշ ելք չկա, ոչ ոք և ոչինչ չի հորինի։ Ու դրա համար էլ շտապում եմ, ժամանակ չկորցնելով, հրավիրել ամբողջ հասարակությանը, տասը երեկոյի ընթացքում իմ գիրքն ունկնդրելուց հետո, հայտնել իրենց կարծիքը։ Իսկ եթե անդամները չկամենան ինձ լսել, ապա կբաժանվենք հենց սկզբից՝ տղամարդիկ, որ զբաղվեն պետական ծառայությամբ, կանայք իրենց խոհանոցներում, քանի որ, մերժելով իմ գիրքը, ուրիշ ելք նրանք չեն գտնի։ Եվ-ո՛չ-մի ։ Իսկ բաց թողնելով ժամանակը, կվնասեն իրենց, քանի որ հետո անխուսափելիորեն կվերադառնան դրան։
Մարդիկ շարժվեցին տեղներից։ «Խանգարվա՞ծ է նա, ինչ է»,― ձայներ լսվեցին։
― Նշանակում է, ամբողջ խնդիրը Շիգալյովի հուսալքությունն է,― եզրակացրեց Լյամշինը,― իսկ օրախնդիր հարցը հետևյալն է. հուսալքված լինի՞ նա, թե չլինի։
― Շիգալյովի մոտ լինելը հուսալքության՝ անձնական հարց է,― հայտարարեց գիմնազիստը։
― Ես առաջարկում եմ քվեարկել, թե Շիգալյովի հուսալքությունը որքանով է առնչվում ընդհանուր գործին, դրա հետ մեկտեղ, արժե՞ արդյոք, նրան լսել, թե՝ ոչ,― ուրախ-ուրախ վճռեց սպան։
― Բանն այստեղ դա չէ,― վերջապես միջամտեց կաղը։ Ընդհանրապես, նա խոսում էր կարծես որոշ ծաղրական ժպիտով, այնպես որ դժվար էր նաև կռահելը՝ անկե՞ղծ է խոսում, թե կատակում է։― Բանն այստեղ ուրիշ է, պարոնայք։ Պարոն Շիգալյովը չափազանց լրջորեն է նվիրված իր խնդրին, ըստ որում չափից ավելի է համեստ։ Նրա գիրքն ինձ հայտնի է։ Նա առաջարկում է, որպես հարցի վերջնական լուծում, մարդկության բաժանումը երկու անհավասար մասերի։ Մեկ տասներորդ մասը ստանում է անձի ազատություն և անսահման իրավունք՝ մնացյալ ինը տասներորդի վրա*։ Իսկ սրանք պիտի կորցնեն անձնավորությունը և վերածվեն մի տեսակ նախրի և անսահման ենթարկվածությամբ ձեռք բերեն կողմնակիորեն նախնադարյան անմեղության վերածնումը, նախնադարյան դրախտի պես մի բան, թեև, իմիջիայլոց, պիտի աշխատեն էլ։ Մարդկության ինը տասներորդից ազատությունը վերցնելու և նրանց նախրի վերածելու՝ հեղինակի առաջարկած միջոցները, ամբողջական սերունդների վերադաստիարակման եղանակով, շատ հոյակապ են, հիմնված բնական տվյալների վրա և շատ տրամաբանական։ Կարելի է չհամաձայնել որոշ հետևությունների, բայց հեղինակի խելքը և գիտելիքները դժվար է կասկածի ենթարկել։ Ափսոս, որ տասը երեկոների պայմանը միանգամայն անհամատեղելի է հանգամանքներին, այլապես մենք ահագին հետաքրքրական բաներ կլսեինք։
― Մի՞թե լուրջ եք ասում,― կաղին դիմեց madame Վիրգինսկայան, փոքր-ինչ նույնիսկ տագնապած։― Եթե այս մարդը, չիմանալով ինչ անել մարդկանց հետ, նրանց ինը տասներորդը դարձնում է ստրո՞ւկ։ Ես վաղուց էի կասկածում նրան։
― Այսինքն, դուք ձեր եղբոր մասի՞ն եք հարցնում,― հարցրեց կաղը։
― Ազգակցությա՞ն։ Դուք ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, թե՝ ոչ։
― Եվ բացի դրանից, աշխատել արիստոկրատների համար ու ենթարկվել նրանց, որպես աստվածների, ստորություն է,― մոլեգնած նշեց ուսանողուհին։
― Ես առաջարկում եմ ոչ թե ստորություն, այլ դրախտ, երկրային դրախտ, և ուրիշ բան երկրիս վրա չի կարող լինել,― տիրաբար եզրակացրեց Շիգալյովը։
― Իսկ դրախտի փոխարեն,― ճչաց Լյամշինը,― ես կվերցնեի մարդկության այդ ինը տասներորդ մասը, եթե արդեն նրանց տեղ անել չի լինում, ու հօդս կցնդեցնեի նրանց, և կթողնեի միայն մի խումբ կրթված մարդկանց, որոնք էլ կսկսեին ապրել ու կյանք անել գիտականորեն։
― Այդպես խոսել կարող է սոսկ խեղկատակը,― պոռթկաց ուսանողուհին։
― Նա խեղկատակ է, բայց օգտակար,― շշնջաց նրան madame Վիրգինսկայան։
― Եվ միգուցե, խնդրի ամենալավագույն լուծումը կլիներ դա,― տաքացած դարձավ Շիգալյովը Լյամշինին։― Իհարկե, դուք չգիտեք էլ, թե ի՜նչ խորունկ բան հաջողվեց ձեզ ասել, պարոն ուրախ մարդ։ Բայց, քանի որ ձեր գաղափարը համարյա անիրագործելի է, ապա պետք է սահմանափակվել երկրային դրախտով, եթե դա այդպես ենք կոչում արդեն։
― Բայց կարգին ցնդաբանություն է,― կարծես պոկվեց Վերխովենսկու բերանից։ Իմիջիայլոց, նա միանգամայն անտարբեր ու հայացքը չբարձրացնելով, շարունակում էր կտրատել եղունգները։
― Իսկ ինչո՞ւ է ցնդաբանություն,― իսկույն միջամտեց կաղ ուսուցիչը, կարծես նստել-սպասում էր նրա առաջին խոսքին, որ վրա պրծնի։― Իսկ ինչո՞ւ հենց ցնդաբանություն։ Պարոն Շիգալյովը մասամբ մարդասիրության ֆանատիկոս է, սակայն հիշեք, որ Ֆուրյեն, Կաբետը հատկապես և նույնիսկ Պրուդոնն ունեն բազմաթիվ ամենաբռնակալական և ամենաֆանտաստիկ կանխալուծումներն այս հարցի։ Պարոն Շիգալյովը, կարող է պատահել նույնիսկ, նրանցից շատ ավելի սթափ է վճռում գործը։ Հավատացնում եմ ձեզ, որ կարդալով նրա գիրքը, համարյա անհնար է չհամաձայնել որոշ բաների։ Նա, կարող է պատահել, բոլորից ավելի քիչ է հեռացել ռեալիզմից և նրա երկրային դրախտը համարյա իսկական է որ կա, հենց այն, որի կորստից հառաչում է մարդկությունը, եթե միայն երբևէ գոյություն ունեցել է դա։
― Էհ, այդպես էլ գիտեի, որ դեմ եմ առնելու,― նորից մրթմրթաց Վերխովինսկին։
― Ներեցե-եք,― ավելի ու ավելի էր փրփրում կաղ ուսուցիչը,― ապագա սոցիալական կառուցվածքների մասին խոսակցությունները և դատողությունները ժամանակակից բոլոր մտածող մարդկանց համարյա ստիպողական անհրաժեշտությունն են։ Գերցենն ամբողջ կյանքում միայն այդ մասին է մտահոգվել։ Բելինսկին, ինչպես հավաստի հայտնի է ինձ, ամբողջ երեկոներ է անցկացրել իր ընկերների հետ վիճաբանելով և նախապես կանխորոշելով նույնիսկ ամենաչնչին, այսպես ասած, խոհանոցային մանրուքներն ապագայի սոցիալական կառուցվածքում։
― Ոմանք նույնիսկ խելքը թռցնում են,― հանկարծ նշեց մայորը։
― Համենայն դեպս, գոնե ինչ-որ բանի շուրջ համաձայնել կարելի է, փոխանակ նստելու և լռելու, որպես դիկտատորներ,― թշշացրեց Լիպուտինը, կարծես համարձակվելով վերջապես սկսել հարձակումը։
― Ես Շիգալյովի մասին չասացի, թե ցնդաբանություն է,― ծամծմեց Վերխովենսկին։― Գիտեք ինչ, պարոնայք,― աչքերը մի քիչ բարձրացրեց,― իմ կարծիքով, բոլոր այդ գրքերը, ֆուրյե-ները, Կաբետները, բոլոր այդ «աշխատանքի իրավունքները», շիգալյովշչինան՝ այդ ամենը նման են վեպերի, որոնցից կարելի է հարյուր հազարներով գրել։ ժամանակի գեղագիտական անցկացում։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար այստեղ՝ փոքր քաղաքում, ձանձրալի է, դուք էլ վրա եք պրծնում գրոտած թղթերին։
― Կներե-ե՜ք,― աթոռի վրա ցնցվեց կաղ ուսուցիչը,― մենք թեև գավառացիներ ենք և, իհարկե, դրանով իսկ խղճահարության արժանի, բայց և այնպես գիտենք, որ աշխարհում առայժմ որևիցե նոր բան չի պատահել, որի վրա լաց լինեինք, թե աչքաթող ենք արել։ Ահա՛, արտասահմանյան տեսակի զանազան գաղտնի թերթիկների միջոցով մեզ առաջարկում են խմբվել ու խմբեր կազմել, համընհանուր կործանման միակ նպատակով, այն պատրվակով, որ աշխարհն ինչքան էլ բուժես, ամեն ինչ չես բուժի, իսկ արմատականորեն հարյուր միլիոն գլուխ թռցնելով ու դրանով թեթևացնելով իրեն, կարելի է ավելի հեշտ թռչել առվի վրայով։ Սքանչելի միտք է, անկասկած,բայց ծայրահեղ դեպքում, նույնքան անհամատեղելի իրականությանը, որքան և «շիգալյովականությունը», որին դուք նոր վերաբերվեցիք այդպես արհամարհաբար։
― Է՛, բայց ես քննարկումների համար չեմ եկել,― նշանակալի բառով վրիպեց Վերխովենսկին և, կարծես ամենևին չնկատելով իր վրիպումը, իրեն մոտեցրեց մոմը, որ ավելի լուսավոր լինի։
― Ափսոս-ս, շատ ափսոս, որ քննարկումների համար չեք եկել, ու շատ ափսոս, որ հիմա այդքան զբաղված եք ձեր հարդարանքով։
― Իսկ ձե՞զ ինչ իմ հարդարանքը։
― Հարյուր միլիոն գլուխը նույնչափ դժվար է իրականացնել, որքան և աշխարհը վերափոխելը քարոզչությամբ։ Նույնիսկ գուցե ավելի դժվար, հատկապես, եթե Ռուսաստանում է,― նորից սիրտ արեց Լիպուտինը։
― Հենց Ռուսաստանի վրա հույս ունեն հիմա,― խոսեց սպան։
― Լսել ենք այդ մասին, որ հույս ունեն,― հարեց կաղ ուսուցիչը։― Մեզ հայտնի է, որ մեր հիանալի հայրենիքի վրա է ուղղված խորհրդավոր մի index, որպես հսկա խնդիրը կատարելու առավել ընդունակ մի երկրի։ Միայն թե ահա ինչ. խնդիրն աստիճանաբար, քարոզչությամբ լուծելու դեպքում ես գոնե անձամբ ինչ-որ բան կշահեմ, է, թեկուզ, հաճելի կդատարկաբանեմ, իսկ ղեկավարությունից, մեկ էլ տեսար, աստիճան ստացա՝ սոցիալական գործին ծառայությունների համար։ Իսկ երկրորդը՝ արագ լուծման, հարյուր միլիոն գլխի միջոցով, անձամբ ինձ ի՞նչ պարգև կարող է լինել։ Կսկսես քարոզել, մեկ էլ տեսար, լեզուդ կտրեցին։
― Ձեր լեզուն անպայման կկտրեն,― ասաց Վերխովենսկին։
― Գիտեք ինչ կա։ Իսկ քանի որ ամենաբարենպաստ հանգամանքներում հիսուն տարուց ավելի շուտ, լավ երեսուն տարուց, այդպիսի սպանդը վերջացնել չի լինի, որովհետև հո ոչխա՞ր չեն նրանք, գուցեև չթողնեն մորթել իրենց, ապա ավելի լավ չէ՞, արդյոք, ունեցած-չունեցածդ հավաքել, տեղափոխվել մի որևէ տեղ, խաղաղ ծովերից այն կողմ, խաղաղ կղզիներ և այնտեղ փակել աչքերդ անխռով։ Հավատացեք,― մատով սեղանը թխկթխկացրեց նա նշանակալիորեն,― այդպիսի քարոզչությամբ միայն տարագրություն առաջ կբերեք, և ուրիշ ոչինչ։
Նա վերջացրեց, ակնհայտորեն ցնծալով։ Գավառական ուժեղ գլուխ էր դա։ Լիպուտինը նենգաբար ժպտում էր, Վիրգինսկին լսում էր փոքր-ինչ վհատված, մնացած բոլորն արտակարգ ուշադրությամբ հետևում էին վեճին, հատկապես կանայք և սպաները։ Բոլորը հասկանում էին, որ հարյուր միլիոն գլուխների գործակալին դեմ են արել պատին ու սպասում էին, թե դրանից ինչ է լինելու։
― Իմիջիայլոց, դա լավ ասացիք,― նախկինից էլ ավելի անտարբեր, նույնիսկ մի տեսակ ձանձրույթով ծամծմեց Վերխովենսկին։― Տարագրվելը լավ միտք է։ Բայց և այնպես եթե, չնայած բոլոր հստակ վնասների, որոնք կանխազգում եք, ընդհանուր գործին զինվորագրվում են ավելի ու ավելի մարդիկ, օրը օրին, ապա առանց ձեզ էլ գործը կգնա։ Հարգելիս, այստեղ նոր կրոն է գալիս փոխարինելու հնին, դա է պատճառը, որ շատ են զինվորագրվողները, և սա խոշոր գործ է։ Իսկ դուք տարագրվեք։ Եվ գիտեք, ես ձեզ խորհուրդ կտւսմ Դրեզդենը, և ոչ թե խաղաղ կղզիներ։ Նախ և առաջ, դա քաղաք է, որը երբեք ոչ մի համաճարակ չի տեսել, իսկ քանի որ դուք զարգացած մարդ եք, ապա հաստատ վախենում եք մահից։ Երկրորդը, մոտ է ռուսական սահմանին, այնպես որ ավելի շուտ կարելի է ստանալ եկամուտները սիրեցյալ հայրենիքից, երրորդը, ամփոփում է այսպես կոչված արվեստի գանձեր, իսկ դուք գեղագիտական մարդ եք, լեզվի և գրականության նախկին ուսուցիչ, կարծեմ։ Դե, ե վերջապես, իր մեջ է ներառնում սեփական, գրպանային Շվեյցարիա՝ սա արդեն բանաստեղծական ոգեշնչումների համար է, քանի որ հավանորեն, ոտանավոր-մոտանավոր եք հորինում։ Մի խոսքով, գանձը տուփի մեջ։
Շարժում առաջացավ, հատկապես սպաներն իրար եկան։ Եվս մի ակնթարթ, ու բոլորը միանգամից խոսելու էին։ Բայց կաղ ուսուցիչը բորբոքված վրա պրծավ խայծին.
― Ո՜չ-չ, մենք գուցեև չհեռանանք ընդհանուր գործից։ Դա պետք է հասկանալ...
― Ինչպե՞ս թե, դուք մի՞թե կմտնեիք հնգյակի մեջ, եթե ես ձեզ առաջարկեի,― հանկարծ բերանից թռցրեց Վերխովենսկին և մկրատը դրեց սեղանին։
Բոլորը կարծես ցնցվեցին։ Խորհրդավոր մարդը չափից ավելի հանկարծակի բացվեց։ Նույնիսկ ուղղակի «հնգյակի» մասին խոսեց։
― Յուրաքանչյուրն իրեն ազնիվ մարդ է զգում և չի խուսափի ընդհանուր գործից,― ծռմռվեց կաղ ուսուցիչը,― բայց...
― Ոչ-չ, այստեղ արդեն բանը ''բայց''-ը չէ,― տիրաբար և կտրուկ ընդհատեց Վերխովենսկին։― Պարոնայք, ես հայտարարում եմ, որ ինձ պետք է ուղղակի պատասխան։ Շատ լավ հասկանում եմ, որ գալով այստեղ ու բոլորիդ հավաքելով մեկտեղ, պարտավոր եմ ձեզ բացատրություններ տալ (կրկին՝ անսպասելի բացահայտում), սակայն ես չեմ կարող ոչինչ հայտնել, մինչև չիմանամ՝ ինչ մտածելակերպի եք հետևում։ Շրջանցելով խոսակցությունները, քանի որ երեսուն տարի հո նորից չենք շաղակրատելու, ինչպես մինչև հիմա երեսուն տարի դուրս են տվել, ես ձեզ հարցնում եմ, ի՞նչն է ձեզ համար ավելի ընդունելի, անորոշ ճանապա՞րհը, արդյոք, կազմված սոցիալական վեպեր հորինելուց և մարդկության ճակատագիրը թղթի վրա հազար տարի առաջ գրասենյակային կանխորոշումներից, երբ բռնակալությունն այդ ընթացքում կկլլի տապակած պատառները, որոնք իրենք իրենց ձեր բերանն են մտնում և որոնք դուք բաց եք թողնում, թե՝ կողմնակից եք արագ լուծման, ինչ էլ դա իրենից ներկայացնի, բայց որը վերջապես ազատ կարձակի ձեռքերը և մարդկությանը կտա ազատության մեջ ինքն իրեն սոցիալապես կառուցվելու հնարավորություն, արդեն գործնականում, այլ ոչ թղթի վրա։ Գոռում են՝ «հարյուր միլիոն գլուխ», դա գուցե փոխաբերություն է նաև, բայց ի՞նչ կարիք կա դրանից վախենալու, երբ դանդաղընթաց թղթային երազանքների ընթացքում բռնակալությունը ինչ-որ հարյուր տարվա ընթացքում կխժռի ոչ թե հարյուր, այլ հինգ հարյուր միլիոն գլուխ։ Նկատի ունեցեք նաև, որ անբուժելի հիվանդը միևնույնն է, չի բուժվի, թղթի վրա ինչպիսի դեղատոմսեր էլ գրեն նրան, այլ հակառակը, հապաղելու դեպքում, այն աստիճան կփտի, որ մեզ էլ կվարակի, կփչացնի բոլոր թարմ ուժերը, որոնց վրա հիմա դեռ կարելի է հույս ունենալ, այնպես որ բոլորս ի վերջո կկործանվենք։ Միանգամայն համաձայն եմ, որ ազատական և պերճախոս շաղակրատելը չափազանց է դուրեկան, իսկ գործելը՝ մի քիչ վտանգավոր է... Է՛հ, իմիջիայլոց, ես խոսել չգիտեմ, ես այստեղ եմ եկել՝ ծանուցումներով, ուստի և հարգարժան ամբողջ հասարակությունից խնդրում եմ ոչ թե քվեարկել, այլ պարզ ու հստակ հայտնել, թե ո՞րն է ձեզ համար ընդունելի. կրիայի ընթացքը ճահճի մեջ, թե լրիվ թափով ճահիճն անցնելը։
― Ես միանգամայն կողմնակից եմ թափով անցնելուն,― զմայլագին բղավեց գիմնազիստը։
― Ես՝ նույնպես,― արձագանքեց Լյամշինը։
― Ընտրության մեջ, անշուշտ, կասկած չկա,― մրթմրթաց մի սպա, նրան հետևեց մյուսը, ապա էլի ինչ-որ մեկը։ Գլխավորը՝ բոլորին ապշեցրել էր, որ Վերխովենսկին «ծանուցումներով» է ու ինքը խոստացավ հիմա խոսել։
― Պարոնայք, ես տեսնում եմ, որ համարյա բոլորը վճռում են թռուցիկների ոգով,― ասաց նա՝ հայացքը տանելով հավաքվածների վրայով։
― Բոլորը, բոլորը,― բազմաթիվ ձայներ հնչեցին։
― Խոստովանում եմ, ես ավելի շատ հակված եմ մարդասիրական լուծումների,― ասաց մայորը,― բայց քանի որ բոլորն են, ապա ես էլ եմ բոլորի հետ։
― Ուրեմն, ստացվում է, որ դո՞ւք էլ չեք հակաճառում,― դիմեց Վերխովենսկին կաղ ուսուցչին։
― Ոչ թե որ ես...― փոքր-ինչ կարմրեց վերջինս,― բայց եթե նույնիսկ համաձայն եմ հիմա բոլորի հետ, ապա միայն որ չխախտեմ...
― Ահա թե ինչպիսին եք բոլորդ։ Պատրաստ է կես տարի վիճել ազատական պերճախոսության համար, բայց չէ որ կավարտի նրանով, որ կքվեարկի բոլորի հետ։ Պարոնայք, մտածեք սակայն, ճի՞շտ է արդյոք, որ բոլորդ եք պատրաստ։ (Պատրաստ՝ ինչի՞՝ անորոշ, բայց ահավոր գրավիչ հարց էր)։
― Իհարկե, բոլորս...― հնչեցին հայտարարություններ։ Ի դեպ, բոլորը միմյանց էին զննում։
― Իսկ գուցե հետագայում վշտանա՞ք, որ շուտ համաձայնեցիք։ Չէ որ միշտ այդպես է լինում ձեզ մոտ։
Իրար անցան տարբեր իմաստներով, շատ իրար անցան։ Կաղ ուսուցիչը հարձակվեց Վերխովենսկու վրա։
― Սակայն թույլ տվեք ձեզ դիտել տալ, որ նման հարցերի պատասխանները պայմանավորվում են։ Եթե մենք որոշում էլ կայացրինք, նկատի ունեցեք, որ այնուամենայնիվ, հարցը, նման տարօրինակ ձևով առաջադրված...
― Ինչպիսի՞ տարօրինակ ձևով։
― Այնպիսի, որ նման հարցերն այդպես չեն արվում։
― Սովորեցրեք, խնդրեմ։ իսկ գիտեք, ես վստահ էի, որ հենց դուք եք առաջինը նեղանալու։
― Դուք մեզնից կորզեցիք անհապաղ գործելու պատրաստության պատասխանը, սակայն այդպես վարվելու ի՞նչ իրավունքներ ունեիք։ Ի՞նչ լիազորություններ՝ նման հարցեր տալու համար։
― Ուրեմն, կռահեիք այդ մասին ավելի շուտ հարցնել։ Իսկ ինչո՞ւ էիք պատասխանում։ Համաձայնեցիք, ու հանկարծ սթափվեցիք։
― Իսկ իմ կարծիքով, ձեր գլխավոր հարցի թեթևամիտ բացահայտությունն ինձ մտածել է տալիս, որ դուք ամենևին չունեք ոչ լիազորություններ, ոչ իրավունքներ, այլ միայն ձեր կողմից էիք հետաքրքրվում։
― Այդ ի՞նչ եք ասում, ինչի՞ մասին,― բղավեց Վերխովենսկին, կարծես թե սկսելով շատ անհանգստանալ։
― Այն մասին, որ մասնակցումները, ինչպիսիք էլ լինեն, արվում են ծայրահեղ դեպքում աչքը աչքին և ոչ թե քսան հոգուց բաղկացած անծանոթ հասարակության մեջ,― թնդաց կաղ ուսուցիչը։ Ասելիքն ասաց, բայց արդեն շատ էր բորբոքված։ Վերխովենսկին արագ դարձավ հասարակությանը՝ գերազանց սարքված տագնապալի տեսքով։
― Պարոնայք, պարտքս եմ համարում բոլորին հայտարարել, որ այս ամենը հիմարություն է և մեր խոսակցությունը հեռուն գնաց։ Ես դեռևս ոչ մեկին իսկ մասնակից չեմ դարձրել, և ոչ ոք իրավունք չունի իմ մասին ասել, թե ես մասնակից էի դարձնում, այլ խոսում էինք պարզապես կարծիքների մասին։ Այդպես չէ՞։ Բայց այսպես, թե այնպես, իսկ դուք ինձ շատ եք անհանգստացնում,― նորից դարձավ կաղ ուսուցչին,― ես ոչ մի կերպ չէի կարծում, որ այստեղ նման համարյա անմեղ բաների մասին պիտի խոսել երես առ երես։ Թե՞ դուք վախենում եք մատնությունից։ Մի՞թե մեր մեջ հիմա կարող է մատնիչ լինել։
Սաստիկ հուզմունք ծայր առավ։ Բոլորը խոսել սկսեցին։
― Եթե այդպես է, պարոնայք,― շարունակեց Վերխովենսկին,― ապա չէ որ բոլորից ավելի ինքս ինձ անվանարկեցի, ուստի կառաջարկեմ պատասխանել մի հարցի, իհարկե, եթե կամենաք։ Ձեր լիակատար կամքն է։
― Ի՞նչ հարց, ի՞նչ հարց,― աղմկեցին բոլորը։
― Մի հարց, որից հետո պարզ կդառնա՝ մնա՞նք արդյոք միասին, թե սուսուփուս առնենք գլխարկներս ու ամենքը գնան իրենց ճամփով։
― Հա՛րցը, հա՛րցը։
― Եթե մեզնից յուրաքանչյուրն իմանար մտադրված քաղաքական սպանության մասին, ապա կգնա՞ր մատնելու, նախատեսելով բոլոր հետևանքները, թե՞՝ կմնար տանը, սպասելով դեպքերի ընթացքին*։ Այստեղ կարող են լինել տարբեր տեսակետներ։ Հարցի պատասխանը հստակ կասի՝ ցրվենք, թե մնանք միասին, արդեն հարկավ ոչ այս երեկո։ Թույլ տվեք առաջինը ձեզ դիմել,― դարձավ նա կաղ ուսուցչին։
― Իսկ ինչո՞ւ՝ առաջինն ինձ։
― Որովհետև ամեն ինչ դուք սկսեցիք։ Բարի եղեք, խույս մի տվեք, այստեղ ճարպկությունը չի օգնի։ Թեև սակայն, ինչպես կամենաք՝ կամքը ձերն է։
― Ներեցեք, բայց նման հարցը նույնիսկ վիրավորական է։
― Արդեն չէ, չի՞ կարելի ավելի ստույգ։
― Գաղտնի ոստիկանության գործակալ երբեք չ-չեմ եղել,― էլ ավելի ջղաձգվեց կաղը։
― Բարի եղեք, ավելի ստույգ, մի հապաղեք։
Ուսուցիչն այնքան էր չարացած, որ նույնիսկ դադարեց պատասխանել։ Լուռ, ակնոցի տակից չարագույժ հայացքով անքթիթ նայում էր իրեն տանջողին։
― Այո՞, թե՝ ոչ։ Կմատնեի՞ք, թե՝ չէիք մատնի,― բղավեց Վերխովենսկին։
― Հասկանալի է, որ չեմ մատնի,― կրկնակի ուժեղ բղավեց կաղը։
― Եվ ոչ ոք չի մատնի, հասկանալի է, չի մատնի,― լսվեցին շատ ձայներ։
― Թույլ տվեք ձեզ դիմել, պարոն մայոր, կմատնեի՞ք, թե՝ ոչ,― շարունակեց Վերխովենսկին։― Եվ նկատի ունեցեք, ես դիտավորյալ եմ ձեզ դիմում։
― Չեմ-մ մատնի։
― Լավ, իսկ եթե իմանայիք, որ մեկնումեկն ուզում է սպանել կամ կողոպտել մեկ ուրիշի, սովորական մահկանացուի, չէ որ կմատնեի՞ք, կնախազգուշացնեի՞ք։
― Անշուշտ, բայց դա չէ որ քաղաքացիական դեպք է, իսկ այստեղ՝ քաղաքական մատնություն։ Գաղտնի ոստիկանության գործակալ չեմ եղել։
― Եվ ոչ մեկն այստեղ չի եղել,― նորից ձայներ լսվեցին։― Հարցն անտեղի է։ Բոլորի պատասխանը մեկ է։ Այստեղ մատնիչներ չեն։
― Ինչո՞ւ է ոտքի ելել այդ պարոնը,― բղավեց ուսանողուհին։
― Դա Շատովն է։ Ինչո՞ւ եք կանգնել, Շատով,― բղավեց տանտիրուհին։
Շատովը, իրոք, ոտքի էր ելել, գլխարկը ձեռքին, նայում էր Վերխովենսկուն։ Թվում էր, ինչ-որ բան է ուզում ասել նրան, բայց տատանվում էր։ Դեմքը գունատ էր ու չարացած, սակայն դիմացավ, ոչ մի բառ չասաց և լուռ ելավ սենյակից։
― Շատով, չէ որ դա հենց ձեզ համար է անշահեկան,― հանելուկային ձայնեց Վերխովենսկին նրա ետևից։
― Փոխարենը քեզ է շահեկան, որպես լրտեսի և սրիկայի,― դռան մեջ գոռաց Շատովը և դուրս եկավ։
Նորից՝ բղավոցներ և բացականչություններ։
― Ահա և փորձ-ձը,― բղավեց մի ձայն։
― Պետք եկավ,― միացավ մյուսը։
― Իսկ ուշ պետք չեկա՞վ,― նշեց երրորդը։
― Ո՞վ է նրան հրավիրել։― Ո՞վ է ընդունել։ Ո՞վ է նա։― Շատովն ո՞վ է։― Կմատնի՞, թե չի մատնի,― հարցեր էին տեղում։
― Ահա, Ստավրոգինն էլ է կանգնել, Ստավրոգինն էլ չի պատասխանել հարցին,― ճչաց ուսանողուհին։
Ատավրոգինը, իրոք, կանգնել էր, սեղանի մյուս ծայրին ոտքի ելավ նաև Կիրիլլովը։
― Ներեցեք, պարոն Ստավրոգին,― կտրուկ նրան դիմեց տանտիրուհին,― մենք բոլորս այստեղ պատասխանեցինք հարցին, այնինչ, դուք լուռ հեռանո՞ւմ եք։
― Ես անհրաժեշտություն չեմ տեսնում պատասխանել մի հարցի, որը ձեզ է հետաքրքրում,― մրթմրթաց Ստավրոգինը։
― Բայց մենք մեզ անվանարկել ենք, իսկ դուք՝ ոչ,― մի քանի ձայներ թնդացին։
― Իսկ իմ ինչ գործն է, որ անվանարկել եք,― ծիծաղեց Ստավրոգինը, բայց աչքերը փայլատակում էին։
― Ինչպե՞ս թե ինչ գործն է։ Ինչպե՞ս թե ինչ գործն է,― ձայներ հնչեցին։ Շատերը վեր թռան տեղներից։
― Ներեցեք, պարոնայք, ներեցեք,― բղավում էր կաղ ուսուցիչը,― չէ որ պարոն Վերխովենսկին էլ չի պատասխանել հարցին, այլ միայն տվել է։
Դիտողությունն ապշեցուցիչ տպավորություն գործեց։ Բոլորն իրար նայեցին։ Ստավրոգինը քահ-քահ ծիծաղեց՝ նայելով կաղ ուսուցչի աչքերին ու դուրս եկավ, իսկ ետևից՝ Կիրիլլովը։
Վերխովենսկին նրանց ետևից դուրս պրծավ նախասենյակ։
― Այս ի՞նչ եք անում ինձ հետ,― մրմնջաց նա՝ բռնելով Ստավրոգինի ձեռքը և ամբողջ ուժով սեղմելով։ Վերջինս լուռ քաշեց-պոկեց ձեռքը։
― Հիմա գնացեք Կիրիլլովի մոտ, ես կգամ... ինձ անհրաժեշտ է, անհրաժեշտ։
― Ինձ անհրաժեշտ չէ,― կտրեց Ստավրոգինը։
― Ստավրոգինը կլինի,― վերջացրեց Կիրիլլովը։― Ստավրոգին, ձեզ անհրաժեշտ է։ Այնտեղ ցույց կտամ ձեզ։
Նրանք դուրս եկան։
== Գլուխ ութերորդ. Արքայազն Իվանը ==