Իսկ երբ հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն սիղոբաները — կապերն ամբողջությամբ արտահայտելու համար,— մանավանդ որ նշանագրերն էլ իսկապես ուրիշ դպրություններից քաղված և հարություն առած հանդիպեցին,— ապա դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան և մի քանի ժամանակ մի ելք էին փնտրում դրան։
== Է ==
Դրա համար երանելի Մաշթոցը՝ արքայի հրամանով և սուրբ Սահակի համաձայնությամբ՝ մի խումբ մանուկներ առավ հետը և, սուրբ համբույրով միմյանց հրաժեդտ տալուց հետո, ճանապարհ ընկավ, գնաց հայոց արքա Վռամշապուհի հինգերորդ տարում. և գնաց, հասավ Արամի կողմերը, ասորոց երկու քաղաքները, որոնց առաջինը Եդեսիա է կոչվում և երկրորդի անունն է Ամիդ։ Ներկայացավ սուրբ եպիսկոպոսներին, որոնց առաջինի անունր Բաբիլաս էր և երկրորդինը՝ Ակակիոս։ [Նրանք] կղերականների և քաղաքների իշխանների հետ միասին հանդիպեցին և շատ մեծարանքներ ցույց տալով հասնողներին՝ ընդունեցին հոգ տանելով [նրանց համար] քրիստոնյաների կարգի համաձայն։
Իսկ աշակերտասեր ուսուցիչն իր հետ տարածներին երկու [խմբի] բաժանելով՝ ոմանց ասորական դպրության կարգեց [Եդեսիա քաղաքում] և ոմանց հունական դպրության [կարգելով]՝ այնտեղից ուղարկեց Սամուսատական քաղաքը։
== Ը ==
Եվ նա իր ընկերների հետ սկսեց սովորական աղոթքներն ու տքնությունները և արտասվալից պաղատանքները, խստամբերությունները, աշխարհահեծ հոգսերը, հիշելով մարգարեի ասածը, թե՝ «Երբ որ հեծեծես, այն ժամանակ կապրես»։
Եվ այսպես նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար։ Ամեն բան շնորհող աստծուց իսկապես պարգևվեց նրան [այդ] բախտը. նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքնաչելի ծնունդներ — հայերեն լեզվի նշանագրեր։ Եվ այնտեղ շուտով նշանակեց, անվանեց ու դասավորեց, հորինեց սիղոբաներով– կապերով։
Եվ ապա հրաժեշտ տալով սուրբ եպիսկոպոսին, իր օգնականների հետ միասին իջավ Սամոսատ քաղաքը, ուր մեծապատիվ կերպով մեծարվեց եպիսկոպոսից և եկեղեցուց։
Եվ հենց այնտեղ, նույն քաղաքում գտավ հելլենական դպրության մի գրագիր, Հռոփանոս անունով, որի ձեռով նշանագրերի բոլոր զանազանությունները՝ բարակն ու հաստը, կարճն ու երկայնը, առանձինն ու կրկնավորր ամբողջապես հորինելուց և վերջացնելուց հետո՝ ձեռնարկեց թարգմանություն անելու երկու մարդու, իր աշակերտների հետ, որոնց աոաջինի անունը Հովհան էր, Եկեղյաց գավառից և երկրորդինը՝ Հովսեփ։ Պաղանական տնից։ Եվ սկսեց թարգմանել [սուրբ] գիրքը՝ նախ Սողոմոնի Առակներից, որ սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմաստության, ասելով, թե՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որ և գրվեց այն գրագրի ձեռով. միաժամանակ և սովորեցնում էին մանուկներին՝ գրագիրներ [պատրաստելով] նույն դպրության համար։