Հ. Գ. Մի բան եմ խնդրում, պատասխանեցեք ինձ, իմ հրեշտակիկս, վորքան կարելի յե մանրամասն։ Ընդսմին ուղարկում եմ ձեզ, Վարինկա, մի ֆունտ կոնֆետ. անուշ արեք և, ի սեր աստծու, իմ մասին մի հոգաք և ինձնից չնեղանաք։ Այսպես ուրեմն մնաք բարով, ջանիկս։
''Ապրիլ 8''.
Վողորմած տեր, Մակար Ալեքսեևիչ։
Գիտեք, վոր վերջապես յես ստիպված կլինեմ բոլորովին կռվելու ձեզ հետ։ Յերդվում եմ ձեզ, բարի Մակար Ալեքսեևիչ, վոր ինձ համար մինչև անգամ ծանր ե ընդունել ձեր նվերները։ Յես գիտեմ, թե նրանց համար ինչպիսի ծախսեր եք անում, ինչպիսի ամենաանհրաժեշտ բաներից եք զրկում ձեզ։ Քանի անգամ եմ ասել ձեզ, վոր ինձ վոչինչ հարկավոր չե, բոլորովին վոչինչ, վոր յես չեմ կարող փոխարենը հատուցանել ձեզ այն բարերարությունների համար, վոր դուք մինչև այժմ արել եք ինձ։ Յեվ ինչի՞ս են պետք այդ ծաղկամանները։ Ասենք՝ հինածաղիկները ելի վոչինչ, բայց խորդենին ինչի՞ համար ե։ Բավական ե, վոր անզգուշաբար մի խոսք ասեմ, ինչպես, որինակ, այդ խորդեն ու մասին, մեկ ել տեսնեմ՝ իսկույն կգնեք. չե՞ վոր թանգ ե։ Ի՜նչ հրաշալի ծաղիկներ ունի։ Ալ խաչիկներով։ Այդ վորտե՞ղ եք ճարել այսպիսի լավիկ խորդենի։ Պատուհանի մեջտեղն եմ դրել, ամենաանկատելի տեղում, հատակի վրա ել նստարան կդնեմ, իսկ նստարանի վրա՝ դարձյալ ծաղիկներ կդնեմ. միայն թողեք, վոր ինքս հարստանամ։ Ֆեդորան ուրախությունից չի իմանում՝ ինչ անի. մեզ մոտ այժմ կարծես դրախտ ե բացվել սենյակում,- մաքուր, լուսավոր։ Հա, իսկ կանֆետնե՞րն ինչի համար են։ Յեվ հավատացեք, ձեր նամակից յես իսկույն գլխի ընկա, վոր ձեզ մոտ ինչ֊վոր բան ե պատահել — ե՛լ դրախտ, ե՛լ գարուն, ե՛լ բուրմունքներ, ե՛լ ծլվլան ծտեր։ Այս ի՞նչ ե, ասում եմ, չլինի՞ վոտանավորներ ել կլան։ Հավատացեք, միայն վոտանավորներն են պակասում ձեր նամակի մեջ, Մակար Ալեքսեևիչ։ Զգացումներն ել են քնքուշ, յերազներն ել վարդագույն, ամեն բան կա այստեղ։ Վարագույրի մասին իսկի չեմ ել մտածել. յերևի դեմ ե ընկել մի բանի, յերբ վոր տեղափոխում եյի ծաղկամանները։ Ահա թե ինչպես ե յեղել բանը։
Ա՜խ, Մակար Ալեքսեևիչ։ Ինչ ել ասելու լինեք, ինչպես ել հաշվելու լինեք ձեր յեկամուտները, վորպեսզի ինձ խաբեք, վորպեսզի ցույց տաք, թե բոլորը միայն ձեզ վրա յեք ծախսում, ինձնից կարող ծածկել և թագցնել։ Պարզ ե, վոր դուք անհրաժեշտ բաներից ձեզ զրկում եք ինձ համար։ Ի՞նչ եք մտածել, որինակ, վոր այդպիսի բնակարան եք վարձել։ Չե՞ վոր այդտեղ ձեզ անհանգստացնում են, խանգարում են, նեղվածք ե, անհարմար։ Դուք առանձնությունն եք սիրում, իսկ այդտեղ ինչ ասեք՝ վոր չկա ձեր շուրջը։ Այնինչ դատելով ձեր ռճիկից, դուք կարող եյիք ավելի լավ ապրել։ Ֆեդորան ասում ե, վոր առաջ դուք անհամեմատ ավելի լավ եյիք ապրում, քան թե այժմ։ Մի՞թե դուք ձեր ամբողջ կյանքն անց եք կացրել մենակության մեջ, զրկանքների մեջ, առանց ուրախության, առանց բարեկամական սիրալիր խոսքի, ոտար մարդկանց մոտ անկյուններ վարձելով։ Ախ, բարի բարեկամ, վորքա՜ն մեղքս եք գալիս։ Խնայեցեք գեթ ձեր առողջությունը, Մակար Ալեքսեևիչ։ Ասում եք, թե ձեր աչքերը փչանում են, ուրեմն մի գրեք մոմի լույսի տակ. ի՞նչ կարիք կա գրելու։ Ձեր ջանասիրությունը ծառայության մեջ առանց այն ել, անշուշտ, հայտնի յե ձեր մեծավորներին։
Կրկին աղաչում եմ ձեզ, այդքան փող մի ծախսեք ինձ վրա։ Գիտեմ, վոր սիրում եք ինձ, բայց ինքներդ հարուստ չեք ախր... Այսոր յես ել ուրախ վեր կացա։ Այնպես լավ եյի զգում ինձ. Ֆեդորան վաղուց արդեն աշխատում եր և ինձ համար ել աշխատանք գտավ։ Այնպէ՜ս ուրախացա. գնացի միայն մետաքս գնելու և գործի կպա։ Ամբողջ առավոտը հոգիս այնքան թեթև եր, յես այնպես ուրախ եյի։ Իսկ այժմ նորից սև մտքեր են պաշարում ինձ, յես տխուր եմ. շարունակ սիրտս նվում ե։
Ախ, ի՞նչ պիտի պատահի ինձ, ի՞նչ պիտի լինի վիճակս։ Ծանրն այն ե, վոր յես այսպիսի անհայտության մեջ եմ, վոր յես ապագա չունեմ, վոր յես նախագուշակել ել չեմ կարող, թե ինչ կպատահի ինձ։ Յետ նայելն անգամ սարսափելի յե։ Այնտեղ ամեն ինչ այնքան ցավագին ե, վոր սիրտս կտոր-կտոր ե լինում լոկ հիշողությունից։ Հավիտյանս պիտի գանգատվեմ այն չար մարդկանցից, վորոնք կործանեցին ինձ։
Մթնում ե։ Ժամանակ ե գործի կպչելու։ Շատ բաների մասին կուզեյի գրել ձեզ, բայց ժամանակ չկա, գործս ժամանակին պիտի հասցնեմ։ Պետք ե շտապեմ։ Իհարկե, նամակները լավ բան են, մարդ այնքան ել չի տխրում։ Իսկ ինչո՞ւ դուք ինքներդ յերբեք չեք գալիս մեզ մոտ։ Ինչո՞ւ, ե՜, Մակար Ալեքսեևիչ, չե՞ վոր այժմ մոտիկ եք ապրում, յերբեմն ել ազատ ժամանակ եք ունենում։ Մտեք, խնդրեմ։ Տեսա ձեր Թերեզային։ Այնպես հիվանդ ե նա կարծես։ Մեղքս յեկավ, 20 կոպեկ տվի նրան։ Հա, քիչ մնաց մոռանայի, անպատճառ գրեցեք ամեն բան, վորքան կարելի յե մանրամասն, թե ինչ եք անում, ինչ չեք անում, ինչպես եք ապրում։ Ի՞նչ մարդիկ են ձեր շուրջը, և հա՞շտ եք ապրում նրանց հետ։ Յես շատ եմ ուզում այս բոլորն իմանալ։ Տեսեք, անպատճառ գրեցեք։ Այսոր յես արդեն դիտմամբ վարագույրի անկյունը կծալեմ։ Վաղ պառկեցեք. յես մինչև կես գիշեր ճրագ եյի տեսնում ձեզ մոտ։ Դե, մնաք բարով։ Այսորվա որը մթնացնում եմ թախծալի, ձանձրալի, տխուր։ Յերևի որն ե այդպես։ Մնաք բարով։
Ձեր
:::''Վարվառա Դոբրոսելովա''