― Ի՞նչ ես նստած մնացել, Շտեպան, ― դանդաղ ասում է նա։ ― Գնա ձիերին ջուր տուր։
===XVI===
Հորդուբալը գնում է ուղիղ դեպի խորդանոց ու դուռը ծեծում։
― Բաց արա, Պոլանա։
Դուռը բացվում է, և նրա մեջ ստվերի պես հայտնվում է Պոլանան։
Հորդուբալը նստում է սնդուկի վրա, ձեռքերով հենվում ծնկներին ու հայացքը հառում գետնին։
― Մանյան վերադարձել է, ― ասում է նա։
Պոլանան՝ ոչ մի բառ, միայն ավելի արագ է շնչում։
― Այստեղ դուրս էին տալիս․․․ ― մռմռում է Յուրայը։ ― Քո և բատրակի մասին։ Դրա համար էլ արձակեցի։ ― Հորդուբալը զայրացած խորդում է։ ― Բայց այնուամենայնիվ սատանան վերադարձել է։ Պոլանա, չի կարելի այդպես թողնել։
― Ինչո՞ւ, ― դուրս է թռչում Պոլանայի կրծքից։ ― Հիմար խոսքերի պատճառո՞վ։
Հորդուբալը լուրջ գլխով է անում։
― Այո, Պոլանա, հիմար խոսքերի պատճառով։ Ախր մենք ապրում ենք մարդկանց մեջ․ Շտեպանը տղամարդ է, թող ինքն էլ իր պատիվը պաշտպանի։ Իսկ դու․․․ Է՛խ, Պոլանա, ախր ինչքան չլինի, ես քո ամուսինն եմ․ գոնե մարդկանց աչքում։ Այդպես է։
Պոլանան լուռ հենվում է դռան դրանդիին․ ոտքերը չեն ենթարկվում նրան։
― Տեսնում ես, ― կամացուկ ասում է Հորդուբալը, ― տեսնում ես, Հաֆյան վարժվել է Շտեպանին։ Նա էլ կապվել է երեխայի հետ։ Հետո էլ ձիերը՝ նրանք Մանյայի կարիքն են զգում։ Չնայած նա նրանց հետ խիստ է վարվում, բայց անասունները կարոտում են նրան․․․ Յուրայը բարձրացնում է աչքերը։ ― Պոլանա, ինչ կասես, Հաֆյային չնշանե՞նք Շտեպանի հետ։
Պոլանան ցնցվում է։
― Մի՞թե կարելի է, ― վախեցած դուրս է թռչում նրա կրծքից։
― Ճիշտ է, Հաֆյան դեռ փոքր է, ― բարձրաձայն խորհրդածում է Հորդուբալը։ ― Բայց ախր նշանել՝ հո չի նշանակում տալ։ Պոլանա, հին ժամանակներում նույնիսկ ծծկեր երեխաներին էին նշանում։
― Բայց ախր․․․ նա տասնհինգ տարով փոքր է նրանից, ― առարկում է Պոլանան։
Յուրայը համաձայնությամբ գլխով է անում։
― Ինչպես և դու, աղավնյակս։ Պատահում է։ Իսկ այնպես Մանյան չի կարող մնալ մեզ մոտ։ Նա օտար մարդ է։ Ուրիշ բան՝ Հաֆյայի նշանածը։ Այդ ժամանակ նա ընտանիքում յուրային է, կաշխատի տուն֊տեղ դնել կնոջ համար․․․
Պոլանան սկսում է գլխի ընկնել։
― Այն ժամանակ կմնա՞․․․ Նրա ձայնը ոնց որ ձգված լար լինի։
― Կմնա։ Դե իհարկե, ինչու չմնա։ Յուրաինների մոտ է, հարազատների։ Արդեն ոչ թե օտար է, այլ փեսա։ Եվ մարդկանց բերանը կփակենք։ Կտեսնեն, որ․․․ որ հիմարություններ են դուրս տվել։ Քո խաթեր համար, Պոլանա։ Իսկ հետո․․․ դե, ինձ թվում է, որ նա սիրում է Հաֆյային ու ձիերից էլ լավ է գլուխ հանում։ Ճիշտ է, մի երևելի աշխատող չի, բայց ոչինչ։
Պոլանան ճակատը կնճռոտած, լարված միտք է անում։
― Քո կարծիքով, Շտեպանը կհամաձանի՞։
― Կհամաձայնի, աղավնյակս։ Ես փող ունեմ, նրան էլ բաժին կհասնի։ Այդ փողերից ինձ ինչ օգուտ։ Իսկ Շտեպանը ագահ է, ուզում է մարգագետիններ գնել, ձիեր, ավելի շատ հողեր հարթավայրում։ Աչքերը կրակ կկտրեն։ Կապրի մեզ մոտ, ոնց որ դրախտում։ Էլ ինչո՞ւ պիտի մտածի։
Պոլանայի դեմքը նորից անթափանց է։
― Ինչպես կուզես, Յուրայ։ Միայն թե այդ մասին ես չեմ ասի նրան։
Յուրայը տեղից վեր է կենում։
― Ինքս կասեմ։ Մի անհանգստանա, փաստաբանի հետ էլ կխորհրդակցեմ ամեն ինչի մասին։ Հարկավոր է ինչ֊որ թուղթ ստորագրել։ Ամեն ինչ կկարգավորեմ։
Հորդուբալը դանդաղում է։ «Գուցե Պոլանան մի բան ասի», ― մտածում է նա։ Բայց Պոլանան հանկարծ շտապում է․
― Պետք է ընթրիք պատրաստել։
Եվ Յուրայը, սովորականի պես, քարշ է գալիս դեպի ամբարի ետևը։
===XVII===
Մանյան տիրոջը տանում է Ռիբայի՝ ծնողների հետ պայմանավորվելու։ Ն֊նո՜, նո՜։ Է՛խ ձիեր։ Գլուխները վեր պահած, նայում ես, հոգիդ փառավորվում է։
― Այդպես ուրեմն, Շտեպան, ― մտախոհ հարցնում է Հորդուբալը, ― ասում ես՝ մի ավագ եղբայր ունես, մի փոքր եղբայր ու ամուսնացած քո՞ւյր։ Հը՜մ։ Շատվոր եք․․․ Իսկ ճի՞շտ է, որ ձեզ մոտ չորս կողմ հարթավայր է։
― Հարթավայր է, ― հաճույքով պատասխանում է Շտեպանը, և փայլեցնում ատամները։ ― Մեզ մոտ ամենից շատ գոմեշներ են պահում ու ձիեր։ Գոմեշները ճահիճ են սիրում, պան։
― Ճահի՞ճ, ― մտածում է Հորդուբալը։ ― Իսկ չի՞ կարելի այն չորացնել։ Ես Ամերիկայում այդպիսի բաներ տեսել եմ։
― Ինչո՞ւ չորացնել, ― ծիծաղում է Շտեպանը։ ― Հողն այստեղ ինչքան ուզես, պան։ Իսկ ճահիճն ափսոս է, այնտեղ եղեգ է աճում, որից զամբյուղներ են գործում ձմեռը։ Մեզ մոտ տախտակի փոխարեն եղեգ են օգտագործում։ Սայլը գործած է, ցանկապատը, ախոռը գործած են։ Մտիկ, հրեն մի էդպիսի սայլակ է գալիս։
Հարթավայրը Յուրային դուր չի գալիս․ ոչ սկիզբ ունի, ոչ վերջ։ Բայց ինչ արած։
― Ասում ես, հայրդ ո՞ղջ է։
― Ողջ է։ Այ թե կզարմանա, որ տեսնի, թե ում եմ բերել, ― աշխուժանում է Շտեպանը։ ― Դե հասանք, ահա և Ռիբային։
Գլխարկը ծոծրակին թեքած, մտրակը շաչեցնելով, Շտեպանը Հորդուբալին բարոնի պես անց է կացնում գյուղի միջով ու մոտեցնում իրենց տանը։
Ոչ֊բարձրահասակ, բարեկազմ մի երիտասարդ ընդառաջ է գալիս նրանց։
― Է՛, Դյուլա, ― ձայն է տալիս Շտեպանը, ― ձիերին տար ծածկի տակ, կեր տուր ու ջրի։ Այստեղ, պան։
Հորդուբալը հարևանցի մի հայացք է գցում տան վրա։ Ամբարը խարխլել է, խոզերը թափառում են բակում, հնդկահավերը կռթկռթում են։ Դռան դրանդիի վրա ցցված է մի ահագին մախաթ։
― Պան, զամբյուղներն ահա այդ մախաթով են գործում, ― բացատրում է Շտեպանը։ ― Իակ գարնանը նոր ամբար ենք գցելու։
Շեմքին կանգնած է երկարաբեղ մի ծերունի՝ ծեր Մանյան։
― Հայրիկ, Կրիվոյի իմ պանին բերել եմ ձեզ մոտ, ― ոչ առանց հպարտության հայտնում է Շտեպանը։ ― Ուզում է ձեզ հետ խոսել։
Ծեր Մանյան հյուրին առաջնորդում է խրճիթ ու անվստահորեն սպասում, թե հետո ինչ է լինելու։ Հորդուբալը արժանապատվությամբ նստում է երկար նստարանի ամենածայրին, ― ախր պետք է հասկացնել, որ գործը դեռ գլուխ չի եկել, ու դիմում է Մանյային․
― Շտեպան, պատմիր, թե ինչն ինչոց է։
Շտեպանը սեպերը բանալով հայտնում է տարօրինակ նորությունը․ իբրև, պանը իր միակ աղջկան, Հաֆյային, տալու է նրան, երբ նա հասակն առնի։ Իսկ հիմա նա եկել է հոր հետ այդ մասին պայմանավորվելու։
Հորդուբալը գլխով է անում՝ այո, այդպես է։
Ծեր Մանյան աշխուժանում է։
― Է՛յ, Դյուրա, արաղ բեր այստեղ։ Շնորհ արեք, Հորդուբալ։ Ո՞նց տեղ հասաք։
― Հաջողակ։
― Փառք աստծու։ Իսկ բերքը ո՞նց է։
― Բերքը լավ է։
― Տնեցիները բոլորն էլ ողջ֊առո՞ղջ են։
― Խոնարհաբար շնորհակալ ենք, ողջ֊առողջ են։
Երբ ինչ֊որ անհրաժեշտ էր՝ ասվեց վերջացավ, ծերուկ Մանյան հարցրեց․
― Նշանակում է, դուք մի՞ աղջիկ ունեք, Հորդուբալ։
― Մի աղջիկ։ Աստված ուրիշը չտվեց։
Ծերուկը ծիծաղում է, աչքերով շոշափելով խոսակցին։
― Էդպես մի ասեք, Հորդուբալ, կարելի է՝ աստված մի հատ էլ տղա պարգևի։ Հերկած արտը լավ բերք է տալիս։
Յուրայը շարժում է անում, ասես կամենալով ձեռքը թափ տալ։
― Անպայման տղա կունենաք, ժառանգ, ― քմծիծաղում է ծերուկ Մանյան, առանց աչքը Հորդուբալից կտրելու։ ― Ձեր տեսքը շատ լավ է, Հորդուբալ, դեռ մի հիսուն տարի էլ տիրություն կանեք։
Հորդուբալը ծոծրակն է շոյում։
― Նայած աստված ոնց կտա։ Բայց ես երկար չեմ ստիպի, որ Հաֆյան ժառանգության սպասի։ Փառք աստծու, նրա համար օժիտ կճարվի։
Ծերուկ Մանյայի աչքերը վառվում են։
― Հարկավ, հարկավ, լսել եմ, լսել։ Ասում են, Ամերիկայում փողը թափված է գետնի երեսին, ման արի ու հավաքիր, հա՞։
― Իհարկե, այդքան հեշտ չի, ― նկատում է Հորդուբալը հառաչանքով։ ― Փողի հարցը պարզ է, Մանյա։ Պահում ես տանը՝ գողանում են։ Դնում ես բանկը՝ էլի են գողանում։ Ամենից լավն է դնել տնտեսության մեջ։
― Զուտ ճշմարտություն է, ― համաձայնում է ծերուկ Մանյան։
― Նայում եմ ձեզ, ― խելամտորեն շարունակում է Հորդուբալը, ― ձեր հողը չի կարող շատ մարդ կերակրել։ Ճահիճ է ու պարապուտ։ Անչափ շատ այդպիսի հող է հարկավոր, որ մի տնտեսություն կերակրի։
― Ճիշտ եք ասում, ― զգուշությամբ համաձայնում է ծերուկը։ ― Մեզ մոտ ժառանգությունը դժվար է բաժանվում։ Հրես, իմ ավագ որդի Միհալը կստանա ամբողջ տնտեսությունը, իսկ մյուս երկուսը՝ իրենց բաժինը միայն փողով։
― Ամեն մեկն ինչա՞ն, ― վրա է տալիս Հորդուբալը։
Ծերուկ Մանյան աչքերն է ճպճպացնում վշտահար․ «Այ թե ինչ ճարպիկն է, չի էլ թողնի մարդ ուշքի գա»։
― Ամեն մեկը երեք հազար, ― մռթմռթում է նա բարկացած, աչքերը խեթելով Շտեպանի վրա։
Հորդուբալն արագ հաշվում է։
― Երեք անգամ երեք՝ ինը։ Կլոր հաշվով՝ տասը։ Ոըեմն, ամբողջ տնտեսությունը տաս հազա՞ր արժի։
― Ինչպես թե՝ երեք անգամ երեք, ― բարկանում է ծերուկը։ ― Հապա աղջի՞կս։
― Ճիշտ է, ― համաձայնում է Հորդուբալը։ ― Կնաշանակի, ասենք, տասներեք հազար։
― Չէ, չէ, ― գլուխն օրորում է ծերուկը։ ― Դուք այդ ինչպես, կատա՞կ եք անում, Հորդուբալ։
― Ի՞նչ կատակ, ― պնդում է Հորդուբալը։ ― Պարզապես կուզեի իմանալ, Մանյա, թե ձեզ մոտ, հովտում, տնտեսություն ի՞նչ արժե։
Ծերուկ Մանյան շշկլվել է։ Շտեպանը աչքերն է չռել։ Հո այդ հարուստ Հորդուբալը չի ուզում իրենց տնտեսությունը գնել։
― Մեր տնտեսության պես տնտեսությունը քսան հազարով էլ չեք կարող առնել, ― անվստահորեն ասում է ծերուկը։
― Ամեն ինչով, ինչ֊որ այստեղ կա֊չկա՞։
Ծերուկը ծիծաղում է։
― Համա թե խորամանկ մարդ եք, Հորդուբալ։ Ախր մենք այստեղ հենց միայն չորս ձի ունենք։ Չէ, հինգ։
― Ես ձիերը չեմ հաշվել։
Ծերուկ Մանյան մեկեն լրջանում է։
― Իսկ դուք ինչո՞ւ եք եկել, Հորդուբալ։ Տնտեսություն գնելո՞ւ, թե աղջիկ նշանելու։
Հորդուբալը կարմրատակում է։
― Տնտեսությո՞ւն։ Որ ես գնեմ ձեր հովտի տնտեսությո՞ւնը։ Այդ ճահի՞ճը։ Շիվեր սարքելու եղե՞գը։ Շնորհակալ եմ, Մանյա, ուղղակի կասեմ։ Եթե հիմա համաձայնության եկանք ու ձեր Շտեպանը նշանվեց Հաֆյայի հետ, ձեր տնտեսությունը գրեք Շտեպանի վրա, իսկ ես հարսանիքից հետո Միհալին կվճարեմ իր բաժինը, Դյուլային նույնպես։
― Իսկ Մարիի՞ն, ― դուրս պրծավ Շտեպանի բերանից։
― Դե, Մարիին էլ։ Ուրիշ մարդ չունե՞ք։ Թող Շտեպանը տնտեսությունը վարի այստեղ, Ռիբաիում։
― Իսկ Միհալն ո՞ւր գնա, ― չի հասկանում ծերուկը։
― Դե, կստանա իր բաժինը, և աստված իր հետ․ ուր կուզի՝ թող գնա։ Ջահել տղա է, ավելի մեծ հաճույքով փողը կվերցնի, քան հողը։
Ծերուկ Մանյան գլուխն է տարուբերում։
― Չէ, չէ, ― մռթմռթում է նա, ― այդպես չեղավ։
― Ինչո՞ւ չեղավ, ― տաքացած մեջ է ընկնում Շտեպանը։
― Իսկ դու ռադ եղիր էստեղից դե շուտ, ― ընդհատում է նրան ծերուկը։ ― Ի՞նչ ես խոսքի մեջ ընկնում։
Նեղացած փնթփնթալով, Շտեպանը դուրս է գալիս բակ։
Դյուլան, պարզ է, ֆռֆռում է ձիերի շուրջը։
― Դե ո՞նց է, Դյուլա։ ― Շտեպանը թփթփացնում է եղբոր ուսին։
― Լավ ձիեր են, ― գիտակ մարդու տոնով ասում է տղան։ ― Կտա՞ս մի քիչ քշեմ։
― Դու դեռ դրան չես հասել, ― ատամների միջից նետում է Շտեպանն ու գլխով անում խրճիթի կողմը։ ― Մեր ծերուկը․․․»
― Ի՞նչ։
― Է՛խ, ոչինչ։ Մի գլուխ ուզում է բախտիս քար գցել։
― Ի՞նչ բախտ։
― Հեչ։ Ինչ ես հասկանում դու․․․
Բակում խաղաղ է․ միայն խոզուկն է խռխռացնում, ասես խոսում է ինքն իր հետ, մեկ էլ ճահճի կողմից լսվում է ջրահավի ձայնը, և գորտերը կռկռում են։
― Շտեպան, ― իսկ դու կմնաս Կրիվոյո՞ւմ։
― Երևի, դեռ չեմ վճռել, ― փքվում է Շտեպանը։
― Իսկ տանտիրուհի՞ն։
― Քո ի՞նչ գործն է, ― ծածկամտում է ավագ եղբայրը։
Այ թե մոծակներ կան, հա՜։ Ծիծեռնակները թևերը համարյա քսում են գետնին։ Շտեպանը լայն հորանջում է ― քիչ է մնում ծնոտը տեղից դուրս ընկնի։ Հետաքրքիր է, ինչ են են անում ծերուկներն այնտեղ, խրճիթում։ Իրար քիթ չե՞ն կրծել։
Շտեպանը բարկությունից ու ձանձրույթից մախաթը հանում է դրանդիից ու ամբողջ ուժով մխում դռան մեջ։
― Հապա դուրս քաշի, ― առաջարկում է նա Դյուլային։ ― Չես կարող հանել։
Դյուլան հանում է։
― Է՛հ, ― վերջապես ասում է Դյուլան։ ― Գնամ աղջիկների մոտ, ինչու իզուր քեզ հետ ժամանակ կորցնեմ։
Որոշ ժամանակ նրանք խաղում են մախաթով, խրելով այն դռան մեջ այնպես, որ տաշեղները դես ու դեն են թռչում։
Մթնում է, երկինքը հարթավայրի վրա ծածկվում է կապույտ մառախուղով։ «Չգնա՞մ խրճիթ, ― մտածում է Շտեպանը» ― Չէ, ինադու չեմ գնա։ «Ռադ եղիր, ― կբղավի ծերուկը, ― խոսքի մեջ մի ընկիր»։ Հարց է առաջ գալիս, իսկ «ամերիկացին» իր աղջկան ո՞ւմ հետ է նշանում՝ նրա՞, թե ինձ հետ։ Մի՞թե ես չեմ կարող իմ շահերը պաշտպանել։ Իսկ նա՝ «ռադ եղիր, հեռացիր»։ Հրամանատարություն անելու կարիք չկա, ― շարունակում է Շտեպանը, ― ես հիմա էլ ձերը չեմ»։
Վերջապես օղուց նվաղած Հորդուբալը դուրս է գալիս խրճիթից։ Երևում է, ծերունիները համաձայնության են եկել։ Ծերուկ Մանյան ուղեկցում է հյուրին, նրա մեջքին թփթփացնելով։ Շտեպանն արդեն կանգնած է ձիերի մոտ, երասանները ձեռքում, ինչպես իսկական ձիապան։ Հորդուբալը, այդ տեսնելով, հավանությամբ գլուխն է օրորում։
― Այդպես, ուրեմն, կիրակի քաղաքում, ― ձայն է տալիս ծերուկ Մանյան, և սայլակը պոկվում է տեղից։ ― Բարի ճանապարհ։
Շտեպանը խեթ֊խեթ նայում է տիրոջն ու համառորեն լռում։ Հանգիստ կաց, ինքը կպատմի։
― Հրեն մեր գետը, ― մտրակով ցույց է տալիս Շտեպանը։
― Մ ― մ․․․
― Իսկ հրեն եղեգ բարձած այն սայլը՝ այդ մեր Միհալն է գնում։ Մեզ մոտ եղեգը փռոցի համար է, փռում ենք խոտի փոխարեն։
― Այդպե՜ս։ ― Եվ Հորդուբալն այլևս ոչ մի խոսք։
Շտեպանը վարում է, ջանում, կաշուց դուրս է գալիս, իսկ տերը գլուխն է տմբտմբացնում միայն։ Վերջապես Մանյան այլևս չի համբերում։
― Պան, ուրեմն ինչպես, ինչքա՞ն տվիք նրան։
Հորդուբալը հոնքերն է բարձրացնում։
― Ի՞նչ։
― Քանիսո՞վ համաձայնեցիք, պան։
Հորդուբալը դանդաղում է։ Եվ տհաճությամբ պատասխանում․
― Հինգ֊հինգ հազարով։
Շտեպանը լուռ ծանրութեթև է անում նորությունը, իսկ հետո նետում է ատամների միջից․
― Պան, ձեզ ծուղակն են գցել։ Երեք էլ բավական էր։
― Մ ― մ, ― գռմռում է Հորդուբալը, ― քո հայրը իսկը կաղնու կոճղ է որ կա։
«Է՛խ դու, ― մտածում է Շտեպանը, ― ունեցվածքդ բաժանում ես բոլորին, իսկ ինձ հետ այնպես ես խոսում, ասես միայն ինձ է բաժին հասնում»։
― Քեզ էլ հինգ հազար, ― ավելացնում է Հորդուբալը, ― տունուտեղ դնելու համար։
«Լավ, ― մտածում է Շտեպանը։ ― Բայց ես հիմի ոնց որ նրա որդին լինեմ։ Հապա աշխատավարձի բանը ո՞նց պիտի լինի։ Հիմի ինձ չի կարելի իբրև բատրակի վճարել։ Գոնե այն հովատակը տար ինձ։ Իբրև, ծախիր ու փողը պահիր քեզ, Շտեպան, հիմի դու մեզ մոտ յուրային ես»։
― Վարիր ոնց որ հարկն է, ― կարգադրում է Հորդուբալը։
― Լսում եմ, պան։
===XIII===
Եվ ահա բոլորը վերադառնում են քաղաքից։ Գործն արված է, փաստաբանի մոտ կանոնավոր կերպով պայմանագիր է կազմված։ Երկու հարյուր կրոն նստեց։
Ե՛վ այս գրեք, պարոն փաստաբան, և՛ այն չմոռանաք: Փողի գործերում գյուղացին զգույշ է, նրան չես խաբի, եղբայրս։ Այ թե ինչ։ Գրեք՝ Ռիբարիի տնտեսության կեսը պատկանում է Հաֆյային։ Լավ, համաձայնում է փաստաբանը, կմտցնեմ նաև այդպիսի կլա֊ու֊զու֊լա։ Ահա, եղբայրներ, այդ կետն էլ կա այստեղ։ Իսկ հետո բոլորն ստորագրեցին։ Յուրայ Հորդուբալը երեք խաչ դրեց՝ հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո․ ծերուկ Մանյան՝ երեք խաչ, իսկ Միհալ Մանյան, փնջիկավոր շլյապայով, փքված, թշերն է ուռցնում ու ստորագրում լրիվ անուն ազգանունը։ Նրանց հետ է նաև Մարիան, ամուսնական ազգանունը Յանովա, գլխին մետաքսե թաշկինակ, և Շտեպանը՝ ոտից գլուխ տոնական․․․ Ուրիշ ստորագրող չկա։ Ոչ, ոչ։ Դյուլան մնացել է ձիերի մոտ, տարիքն էլ դեռ չի հասել։ «Դե, այսպես, պարոնայք, պատրաստ է, ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք»։ Երկու հարյուր նստեց, դրա փոխարեն կանոնավոր գործ է, մեջը կլա֊ու֊զու֊լա էլ կա։
Իսկ հետո բոլորը միասին գնացին պանդոկ՝ պայմանագիրը թրջելու։ Յուրայ Հորդուբալ, հիմա արդեն ուզես֊չուզես, ծերուկ Մանյայի հետ պետք է անցնես «դու»֊ի։ Նրանք նույնիսկ փոքր֊ինչ գժտվեցին, ինչպես կարգն է ազգականների մոտ։
― Շտեպան, քշիր։
Շտեպանն ուրախ կլիներ Հորդուբալի հետ իրեն որդու պես պահելու, բայց նրա հետ ինչ խոսես։ Հորդուբալը նստել է սայլին, ձեռքերով բռնել եզրափայտից, աչքերը թաքցրել հոնքերի տակ ու համարյա չի արձագանքում։ «Է՛խ, ինչ տխուր նշանդրեք է, ― մտածում է Շտեպանը։ ― Բատրակը տիրոջը հավասար չի․․․ Ն֊նո՜»։
Ահա և աշխույժ զնգզնգոցով մտան Կրիվոյ, պայտերը զրնգացին։ Յուրայ Հորդուբլաը հոնքերի տակից նայում է շուրջը և հանկարծ ձեռքը թափահարում, մատները չրխկացնում, երգում, բղավում ոնց որ բարեկենդան։
«Երևի հարբած է, ― մտածում են մարդիկ, շուռ գալով նրա կողմը։ ― «Ամերիկացի» Հորդուբալը էդ ինչո՞ւ է տաքացել»։
Հրապարակում պատանիներ ու աղջիկներ են հավաքված, ստիպված են քայլով գնալ։ Յուրայը բարձրանում է տեղից, գրկում Շտեպանի ուսերն ու բղավում փողոցով մեկ․
― Փեսայի՜ս եմ բերում, էհե՜յ։ Է՛խ, ա՛խ․․․
Շտեպանը փորձում է դեն նետել նրա ձեռքն ու ֆշշացնում է․
― Կամաց, պան։
Սակայն Հորդուբալը ուժով սեղմում է նրա ուսը, այնպես որ քիչ է մնում Մանյան ցավից տնքա։
― Լսո՞ւմ եք, ― փրփրում է Յուրայը։ ― Փեսայիս եմ բերում։ Տոնում ենք Հաֆյայիս նշանդրեքը։
Շտեպանը մտրակով դաղում է ձիերին, մռայլվում, կծելով արնոտում շրթունքները։
― Ուշքի եկեք, պան։ Համա թե կոնծել են։
Սայլը դղրդյունով թեքվում է դեպի Հորդուբալի բակը։ Յուրայն արձակում է Շտեպանին և մեկեն հանդարտվում ու լրջանում։
― Ման տուր ձիերին, ― չոր֊չոր կարգադրում է նա։ ― Տեսնում ես՝ փրփուր են կտրել։
===XIX===
Պոլանան գլուխը կորցրել է, չգիտի ինչ մտածի Յուրայի մասին։ Հորդուբալը Շտեպանին քարշ տվեց պանդոկ, իբրև՝ նա արդեն բատրակ չի, այլ համարիր որդի։ Հորդուբալն այլևս չի թաքնվում ամբարի ետևում, այլ քայլում է գյուղամիջով քիթը վեր տնկած, կանգնում է ու կանանց հետ տալիս֊առնում։ «Ահա, իբր, Հաֆյային պսակեցի, ճիշտ է, դեռ փոքր է, բայց քանի հայրը տանը չէր, վարժվել է Շտեպանին։ Իսկ Շտեպանը, հարևանուհի, ուղղակի նրա համար աղոթք է անում, ոնց որ տիրամոր պատկերի առաջ։ Այդպիսի երեխաները բախտավորություն են»։ Հորդուբալը երկինք է հանում Շտեպանին՝ ի՜նչ աշխատավոր է, հիանալի տնտեսատեր կդառնա, հայրը Ռիբարիում տուն ու տեղը թողնելու է նրան իբրև ժառանգություն։ Ամբողջ գյուղով մեկ Հորդուբալը լեզվին է տալիս, իսկ տանը սպանվածի պես լռում։ Շտեպան, այս արա ու այն, և վերջ։
Յուրայը քարշ է գալիս գյուղով մեկ ու աչք ածում, թե էլի ում հետ կանգնի ու շաղակրատի։ Նույնիսկ Ֆեդելեշ Հեյզային ձեռքով արեց, միայն Հերիչից երեսը մի կողմ դարձրեց։ Իսկ նա պատրաստվում էր արդեն ձեռքը մեկնել։ Չէ։ Քանի ողջ եմ, քեզ չեմ ճանաչում․ մենք խոսելու բան չունենք։ Թե մտքումդ ինչ կա՝ չգիտեմ և չեմ ուզում իմանալ։
Կնանիք ծիծաղում են՝ զարմանալի նշանդրեք է։ Փեսան նոթերը կիտել է, սսկվել, հոտում է բոլորի վրա։ Հարսը գետափին երեխաների հետ խաղ է անում, շրջազգեստը վեր է քաշել մինչև գոտին, դեռ խելքը չի հասնում՝ ինչ ասել է ամոթ։ Իսկ Հորդուբալը հրապարակում ձեռքերն է թափահարում, պարծենում է ապագա փեսայով։ Չնայած Պոլանան տարօրինակ կին է, բայց էլի մռայլվում է, տեսնելով, որ այդ ամբողջ խաղը մարդկանց ծիծաղն է շարժում․ նա նստում է տանը ու քիթն էլ դուրս չի հանում։ Էդպես բաներ, հարևանուհիներ, չասեք, թե Հորդուբալովների տանը ամեն ինչ կարգին է։
Մի՞թե Հորդուբալը չի տեսնում, որ Շտեպանը բարկանում է։ Գուցե և տեսնում է, բայց խույս է տալիս նրանից։ Ուսի վրայով նետում է՝ ինչ անել ու որտեղ, և ապա գնում է իր բանին։ Իսկ Շտեպանը ուղեկցում է նրան այնպիսի հայացքով, ասես պատրաստ է կառչելու նրա կոկորդից։
Վերջապես Շտեպանը չդիմացավ․ կանգնեց բակի մեջտեղում, սպասում է տիրոջը․ ատամներն այնպես է սեղմել, որ քունքերը խաղում են։ Հորդուբալն անցնում է բակի միջով։
― Շտեպան, գնալու ժամն է։
Ու շարունակում է ճամփան։
Մանյան դեմը կտրում է․
― Պան, ես ձեզ հետ խոսելիք ունեմ։
― Դե, էլի ի՞նչ կա, ― խուսափում է Հորդուբալը։ ― Ավելի լավ է զբաղվես գործով։
Շտեպանը զայրույթից նույնիսկ հողի գույն առավ։ Տարօրինակ է, ախր նա միշտ էլ թուխ է եղել։
― Դուք այդ ի՞նչ եք դուրս տալիս իմ ու Հաֆյայի մասին, ― շրխկացնում է նա։
Հորդուբալը բարձրացնում է հոնքերը։
― Ինչ եմ դուրս տալի՞ս։ Որ աղջկաս պսակել եմ բատրակի հետ։
Մանյան կատաղությունից ուտում է իրեն։
― Իսկ ինչո՞ւ։ Իսկ ինչո՞ւ դուք․․․ Մարդիկ ինձ ծաղրատեղ են շինել։ «Կնունքը ե՞րբ ես անելու, Շտեպան»։ ― «Շտեպան, վազիր հարսնացուիդ մոտ, սագը վախեցրել է նրան»։
Հորդուբալը ծոծրակն է շոյում։
― Ականջ մի դիր նրանց․ թող զվարճանան։ Կձանձրացնի։
― Պան, դա ի՛նձ է ձանձրացրել, ինձ, ― ատամների արանքից նետում է Շտեպանը։ ― Ես չեմ ուզում ծաղրատեղ լինել։
Հորդուբալը ծանր հառաչում է։
― Ես էլ չեմ ուզում․ հենց դրա համար էլ նշանեցի ձեզ։ Դե, ուրիշ ի՞նչ։
― Չեմ ուզում, ― ատամներն է կրճտացնում Մանյան։ ― Չեմ ուզում տնկվել այստեղ իբրև խլնքոտ աղջկա փեսացու, ամբողջ գյուղի ծաղրի առարկա։
Հորդուբալը, ձեռերը դեռևս ծոծրակին, աչքերով չափում է նրան։
― Կաց, ինչպես ասացի՞ր։ Չես ուզո՞ւմ։
Մանյան կատաղությունից դողում է, ուր որ է լաց կլինի։
― Չեմ ուզում, չեմ ուզում։ Ինչ ուզում եք արեք, իսկ ես․․․
― Չես ուզո՞ւմ։
― Չեմ ուզում։
Հորդուբալը ֆսսացնում է։
― Սպասիր այստեղ։
Մանյան կանգնել է, զայրույթից խեղդվելով, ― նա ամաչում է ամբողջ գյուղից։ Ավելի լավ է այստեղից հեռանալ, քան․․․
Հորդուբալը դուրս է գալիս գոմից և ինչ֊որ թուղթ պատառոտում։ Պատռում է մանր կտորների ու շպրտում Մանյայի երեսին։ ― Ահա։ Դու այլևս փեսա չես։ Ասա հորդ, որ ես պայմանագիրը պատռեցի։ ― Սպիտակ թևքով ձեռքը արագ վեր է բարձրացնում, ու ցույց տալիս դուռը։ ― Հեռացի՛ր։
Մանյան շնչում է արագ֊արագ, աչքերը նեղանում են, ինչպես դանակի շեղբ։
― Չեմ գնա, պան։
― Կգնա՜ս։ Իսկ թե խելքիդ փչի վերադառնալ, ես հրացան ունեմ։
Շտեպանը կաս֊կարմիր է կտրում։
― Իսկ որ չգնամ, այն ժամանակ ի՞նչ․․․
Հորդուբալը կրծքով շարժվում է նրա վրա։ Մանյան նահանջում է։
― Կամա՜ց, ― ֆշշացնում է նա։
― Չե՞ս գնա։
― Մինչև տիրուհին չհրամայի, չեմ գնա։
Հորդուբալը տնքում է, ապա ծնկով անակնկալ հարվածում Մանյայի փորին․ Մանյան ցավից կուչ է գալիս, բայց այդ ժամանակ հսկայական մի ձեռք բռնում է նրա օձիքից, մյուսը՝ վարտիքից, բարձրացնում է օդի մեջ, և Շտեպանը ցանկապատի վրայով թռչում է ուղիղ եղինջների մեջ։
― Այսպես, ― շունչը ետ է բերում Հորդուբալը։ ― Չուզեցիր դռնով դուրս գնալ, ցանկապատի վրայով կթռչես։ ― Եվ նա շուռ է գալիս, շոյելով կարկաժը։ Տարօրինակ է․ ծոծրակը մի տեսակ տաքացել է․․․
Հարևան ցանկապատի ետևից լսվում են քրքիջի ձայներ։
===XX===
Իհարկե, Պոլանան փակվել էր մառանում ու սսկվել, ասես մեռած լիներ։
Հորդուբալը վաղ առավոտյան երեք տարեկան հովատակին ու հանգիստ, մալած ձիուն լծում է սայլին։ Անհավասար զույգ։ Մալածը վհատորեն տարուբերում է գլուխը, իսկ հովատակը պահում է վեր ցցած։ Համա՜ թե զույգ է։
― Հաֆյա, մորդ ասա, որ ես քաղաք գնացի։ Աստված հաջողի, երեկոյան դեմ կվերադառնամ։
Թող կովերը քաղցից բառաչեն, ձիերը թակեն սմբակներով, թող խոզերն ու խոճկորները ճվաղեն։ Միգուցե Պոլանայի համառությունը կոտրվի, գյուղացու սիրտը չդիմանա, դուրս գա մառանից ու զբաղվի անասուններով։ Մի՞թե կարելի է բարկանալ, երբ կողքիդ աստծու արարածն է։
Մալած ձին տարուբերում է գլուխը, հովատակը բարձր է պահում։ Ահա Շտեպանն էլ է գլուխը բարձր պահում։ Էյ դո՛ւ, անտաշի մեկը, ինչ ես կռտած ձիուն խածում․․․ Երևի, քանի ես տանը չեմ, Պոլանան դուրս գա մառանից, անասուններին ու հավերին կերակրի, ուրախանա նրանցով։ Այ, տեսնում ես, առանց շտապելու էլ կարելի է քաղաք հասնել։
Ամենից առաջ փաստաբանի մոտ։
― Այսպես ու այսպես, պարոն, ուզում եմ, որ գրեք իմ վերջին կամքը։ Ոչ ոք չգիտի, թե երբ վրա կհասնի իր մահվան ժամը։ Ահա թե որն է իմ վերջին կամքը․ ես ամուսնացած եմ, կնոջս անունը Պոլանա է։ Ես ուզում եմ, որ ինձանից հետո ամուսնու ունեցվածքը նա ժառանգի։
― Պարոն Հորդուբալ, իսկ ի՞նչ եք կտակում նրան։ Տնտեսությո՞ւն, դրա՞մ, թե՞ արժեթղթեր։
Հորդուբալը աչքերն անվստահորեն շլում է նրա վրա․ «Իսկ ինչո՞ւ պիտի իմանաս»։
― Գրիր՝ ինչ ունեմ֊չունեմ։
― Ա՜։ Դե, այդ դեպքում կգրենք՝ ամբողջ շարժական և անշարժ կայքը․․․
Հորդուբալը գլխով է անում։
― Այդպես, այդպես, պարոն, լավ է ասված։ Գրեք «Նրա սիրո և ամուսնական հավատարմության համար կտակում եմ ամբողջ շարժական ու անշարժ կայքս։
Ահա և ստորագրված է՝ հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո։ Հորդուբալը դանդաղում է։
― Պարոն, իսկ չի՞ կարելի նորից Ամերիկա գնալ։
― Ո՜ւր, պարոն Հորդուբալ, Ամերիկայում չգիտեն, թե իրենց բանվորներին ինչ անեն։ Հիմա ամերիկացիները ոչ ոքի չեն ընդունում իրենց մոտ։
― Հը՜մ։ Այդպես։ Իսկ քաղաքում որևէ ֆեկտորի չկա՞։
― Ա՜, ֆաբրիկա։ Ֆաբրիկաներ կան, բայց կանգնած են, չեն աշխատում․ պարոն Հորդուբալ, դժվար ժամանակներ են։ ― Եվ փաստաբանը հառաչում է, ասես նա էլ է ստիպված կրելու դժվար ժամանակների բեռը։
Հորդուբալը գլխով է անում։ Ինչ արած, մարդիկ արդեն հարկավոր չեն։ Հորդուբալը ոչ ոքի հարկավոր չի։ Բայց ափսոս, կարող ձեռքերն իզուր տեղը կորչում են։ Իսկ ահա գլուխները բարձր պահող ձիերին այդ ձեռքեըը պետք կգան։
․․․ Յուրայ Հորդուբալը փնտրում է էսկադրոնի հրամանատարին։ Այ այնտեղ է, ասում են նրան, զորանոցներում։
― Հը, քեռի, եկել ես տղայի՞դ տեսնելու։
― Չէ, տղայիս չէ, պարոն դրագուն, ուզում եմ հովատակս ծախել։
― Այստեղ ձիեր չեն գնում, ― ասում է զինվորը, իսկ ձեռքերն արդեն իրենք իրենց պարզվում են դեպի հովատակը, շոշափում ոտքերն ու վիզը։ ― Քարայծ է, ոչ թե ձի, ձիատեր։
Այդ պահին մոտենում է մի սպա․
― Ձի՞ ես ծախում։ Դժվար բան է, ձիատեր։ ― Եվ գլուխն է օրորում։ ― Հիմա մենք ձի չենք վերցնում։ Ասում եք, ձեր ձին դեռևս ամռա՞նն է կանչվել։ Լավ ձի է։ Իսկ վարժեցվա՞ծ է։ Ի՞նչ։ Չի՞ վարժեցված։ Թամբի տակ է՞լ չի եղել։ Ա՛խ, այդպես, ձեր բատրակը քշել է առանց լծասարքի։
Արդեն մի քանի սպաներ հավաքվեցին նրա շուրջը։
― Քեռի, իսկ կարելի՞ է հովատակին փորձել։
― Ինչո՞ւ չէ, ― պատասխանում է Հորդուբալը։ ― Միայն թե ձին կամակոր է, պարոն։
― Թող կամակոր լինի։ Տղերք, մի թամբ տվեք ու սանձ։ Տեսնենք, կարո՞ղ է Տոնիկին ցած գցել։