Changes

Հորդուբալ

Ավելացվել է 48 749 բայտ, 13:59, 11 Օգոստոսի 2015
/* X */
Իսկ Հորդուբալը գնում է կովերի մոտ։ Բաժիկը գլուխը դարձնում է նրան, շղթան զնգացնում։ Ի՞նչ կա, տեր։ Ինչո՞ւ ես այդպես ծանր շնչում։ Է՛հ, Բաժիկ, ինչ կարիք կա իմանաս։ Այս ամենը ծանր է, ծանր, ավելի վատ է, քան շղթան։ Այնտեղ, սարերում, ես ու դու կզնգացնեինք մեր զանգակները, ― սարերում տեղ որքան ուզես, աստծուն էլ հերիք կանի։ Իսկ մարդկանց մոտ նեղվածք է։ Երկու֊երեք հոգի իրար են գալիս, և այնպիսի նեղվածություն է։ Ինչ է, մի՞թե չես լսում, թե ոնց են զնգում մեր շղթաները։
 
 
===XI===
 
 
Այդ գիշեր Մանյան թունդ կոնծեց ու խժռեց խոզի պես։ Ոչ թե Կրիվոյում, այլ Տոլչեմեշիի հրեա պանդոկապանի մոտ։ Ջահելների հետ կռիվ սարքեց․ ասում են՝ բանը դանակի հասավ։ Ո՞վ գիտե։ Բայց առավոտյան դեմ վերադարձավ ուռած, ծեծված, ու հիմա ախոռում քունն է առնում։ «Հարկավոր է ձիերին ջրել, ― մտածում է Յուրայը․ ― բայց ես քո գործերին չեմ խառնվի։ Ձիերի հետ չի կարելի խոսել։ Դե լավ, ինքդ նայիր նրանց»։
 
Պոլանան ստվեր է կտրել, չես ուզում նայել վրան։ «Օ՛հ, այ թե գործեր են, ― մռայլվում է Հորդուբալը։ ― Ի՞նչ անել»։
 
Եվ տոթ է, տոթ, ինչպես ամպրոպից առաջ, ճանճերը կծում են, հանգիստ չեն տալիս։ Օ՛հ, ինչ վատ օր է։ Յուրայը քարշ է գալիս դեպի պարտեզ, ամբարի ետևը։ Այստեղ էլ է նեղվում։ Դե, ինչ անել։ Ամենուրեք եղինջ է միայն, իսկ որքան պուտուկներ կան՝ անթիվ֊անհամար․ ― և աղբ, աղբ․․․ Պոլանան չի երևում, թաքնվել է մառանում․․․ Թող աստված քեզ ների, Պոլանա, դու չգիտես, թե ինձ համար որքան ծանր է այստեղ․․․
 
Հորդուբալը մտախոհ քորում է քրտնած ծոծրակը։ Ամպրոպ է լինելու։ Շտեպանը պետք է որ խոտը տանիքի տակ հանի։
 
Հորդուբալն անցնում է ցանկապատի վրայով, ետևի կողմից շրջանցում գյուղը, նայում երկնքին՝ ինչպե՞ս է։
 
Ետևի կողմից գյուղն ասես սեղան լինի, որին ներքևից ես նայում՝ մի գլուխ անտաշ գերաններ ու փայտեղեն։ Եվ ասես ոչ ոք քեզ չի նկատում, ասես դու ամբողջ աշխարհի հետ տափկնոցի ես խաղում․ չորս կողմ ցանկապատներ են ու կռատուկներ, սագերի ավելցուկ կաղամբ, ինչ֊որ աղբակույտ, գժախոտ ու գնչուներ, գնչուական վրաններ գյուղի ետևում։ Յուրայն անվճռականորեն կանգ է առնում․ տեր իմ, այս ո՜ւր հասա․ Պոլանան մենակ է, Շտեպանը, գլուխը կորցրած, քնել է ախոռում․․․
 
Հանկարծ Հորդուբալի սիրտն սկսում է խփել․․․ Գրողը տանի այդ գնչուհուն։ Նստել է ուղղակի գետնին՝ չաղլիկ, պառավ մի վհուկ, և գնչուի գլխին ոջիլ է փնտրում։
 
― Ի՞նչ է ուզում պանը, ― խռպոտ կռկռում է գնչուհին։
 
― Գնչուհի, գնչուհի, ― խնդրում է Յուրայը, ցնցվելով։ ― Դու կարո՞ղ ես սիրադեղ պատրաստել։
 
― Ոնց չիմանամ, ― ատամներն է մերկացնում գնչուհին։ ― Իսկ ի՞նչ տաս դրա համար։
 
― Դոլար, ամերիկյան դոլար, ― խռխռացնում է Հորդուբալը, ― երկու դոլար։
 
― Է՛յ դու, լե՛շ, ― հայհոյում է գնչուհին։ ― Երկու դոլարով շանը շան վրա չես քաշի, երկու դոլարով, ― լսում ես, ― կովին էլ չես կախարդի։
 
― Տասը դոլար, ― հուզված փսփսում է Հորդուբալը, ― տասը, գնչուհի։
 
Գնչուհին իսկույն լռում է ու կեղտոտ ափը պարզում նրան։ Տո՛ւր։
 
Յուրայն անհաստատ ձեռքով շտապ քրքրում է փողերը։
 
― Գնչուհի, թունդ սիրադեղ եփիր, մի գիշերվա համար չէ, ոչ էլ մի ամսվա․ ոչ էլ մի տարվա համար։ Որ սիրտը փափկի, որ լեզուն բացվի, որ նա ինձ տեսնելիս ուրախանա։
 
― Հե՛յ, Իլկա, ― մռթմթռում է գնչուհին, ― կրակ արա։
 
Նա թռչունի թաթերի նմանվող կնճռապատ ձեռքերով խառնշտորում է պարկը։
 
Ա՛խ, ի՜նչ ամոթ է։ Ամբողջ երկինքը ծածկվեց ամպերով, ամպրոպ է լինելու։ Եփիր, գնչուհի, լավ եփիր։ Է՛խ, Պոլանա, տեսնո՞ւմ ես ուր հասցրիր դու ինձ։
 
Գնչուհին քթի տակ մռթմռթում է, պտղունցով պարկից ինչ֊որ համեմունքներ գցելով կաթսայիկի մեջ։ Զզվելի հոտ է գալիս։ Եվ գնչուհու պտղունցից, այն բանից, որ նա գլուխը տմբտմբացնում է, ձեռքերով կախարդում, ― այդ ամենից Յուրայն իրեն վատ է զգում։ Նա պատրաստ է գետնի տակ անցնելու։ Սա քեզ համար եմ անում, Պոլանա, միայն քեզ համար։ Ա՛խ, ի՜նչ ամոթ է։
 
Յուրայը վազում է դեպի տուն, սիրադեղը ձեռքերի մեջ, վազում է, շտապում՝ ամպրոպն ուր որ է կպայթի։ Թեթև վազքով աճապարում են ընդեղենով բեռնված կովերը, երեխաները թռչում են այս ու այն կողմ, դեպի տները, փոշին քուլա֊քուլա բարձրանում է ճամփի վրա։ Հորդուբալը շնչակտուր բացում է դռնակն ու մի պահ սեղմվում ցանկապատին։ Սիրտը թփրտում է, չես կարող հանգստացնել։ Քո պատճառով, Պոլանա։
 
Հանկարծ ախոռից դուրս է թռչում երեքամյա հովատակը, կանգ է առնում, խրխնջում, ապա ուղղվում է դեպի դարբասը։
 
― Օ֊օ՜, ― բղավում է Հորդուբալն ու ձեռքերը թափահարում նրա առաջ։
 
Տնից դուրս է վազում Պոլանան։ Ձին ծառս է լինում, սլանում բակով մեկ, վերև նետում մեկ առջևի, մերթ ետևի ոտքերը, սմբակներով գետինը փորփրում։
 
Չգիտես որտեղից հայտնվում է Հաֆյան, բակի միջով վազում է դեպի մայրը, սարսափից ծղրտում ու հանկարծ փռվում է գետնին։ Պոլանան ճչում է, Հորդուբալը՝ ոռնում։ Օ՛հ, ոտքերս ասես փայտից լինեն, մի՞թե չեմ հասնի․․․
 
Իսկ ախոռից արդեն սլանում է Մանյան, սպիտակ, լայն թևքերը ծածանելով օդում․․․ Ձին ծառս է լինում, իսկ մարդը կպել է նրա բաշից․ ձին ուզում է պոկվել, բայց ո՜ւր, Շտեպանին չես կարող ցած գցել, կառչել է վայրի կատվի պես։
 
Ձին աշխատում է դուրս պրծնել, թափահարում է գլուխը, գավակը ցնցում։ Թըը՜մփ ― Մանյան ցած է նետված, բայց բաշը ձեռքից բաց չի թողել․ ընկնելով ծնկներին, նա պահում է ձիուն։
 
Հորդուբալի ոտքերը միայն այժմ են ասես կենդանանում։ Նա վազում է Հաֆյայի մոտ։ Ձին Մանյային քարշ է տալիս բակով մեկ, սակայն Շտեպանն արդեն ոտքի վրա է ու ձգում է նրան, բռնած բաշից։ Հորդուբալը երեխային առել է ձեռքի վրա, ուզում է տուն տանել, բայց քարանում է տեղում՝ այնպես է տարվել մարդու և կենդանու պայքարի այդ տեսարանից։ Պոլանան ձեռքերը սեղմել է կրծքին։ Իսկ Մանյան ծիծաղում է ականջ ծակող ձայնով, խրխնջում ձիու նման և, զսպված փռնգտացող հովատակին քառատրոփ, ցատկումներով տանում է դեպի ախոռ։
 
― Վերցրու երեխային, ― ասում է Հորդուբալը, բայց Պոլանան չի լսում։ ― Պոլանա, լսո՞ւմ ես, Պոլանա։
 
Յուրայն առաջին անգամ ձեռքը դնում է նրա ուսին։
 
― Պոլանա, հրես Հաֆյան։
 
Նայեց։ Ա՛խ, Պոլանա, մի՞թե դու առաջ էլ այդպիսի աչքեր ունեիր։ Մի՞թե երբևէ շնչել էիր այսպես ստեպ֊ստեպ, կիսաբաց բերանով։ Ինչպե՜ս ես գեղեցկացել․․․ Եվ ահա ամեն ինչ հանգավ։
 
― Նրան բան չի եղել, ― քրթմնջում է Պոլանան ու հեծկլտացող Հաֆյային տուն տանում։
 
Մանյան դուրս է գալիս ախոռից, թևքով սրբում երեսի արյունը, արյուն թքում։
 
― Ամեն ինչ կարգին է, ― նետում է նա։
 
― Գնանք, Շտեպան, գնանք, ― ձայն է տալիս նրան Հորդուբալը, ― ջուր լցնեմ գլխիդ, լվացվիր։
 
Սառը ջրից Շտեպանը բավականությամբ փնչացնում է և ուրախ ցնցվում, ջրի ցայտեր շաղ տալով շուրջը։
 
― Այ թե գործ բացվեց, հը՞, ― աշխուժանում է նա։ ― Հովատակը մեծացել է, պան, դրա համար էլ այդպես կատաղել է։ ― Մանյան, թրջված, գզգզված, քմծիծաղում է։ ― Է՛խ, լավ ձիուկ է լինելու։
 
Յուրայն ուզում է ասել․ «Կեցցես, Շտեպան, լավ զսպեցիր ձիուն», բայց տղամարդկանց միջև այդպիսի խոսքերն ավելորդ են։ Եվ, մռթմռթալով՝ «ամպրոպ կլինի», Հորդուբալը քաշվում է ամբարի ետևը։ Հարավում երկինքը մթնում է․ վատ նշան՝ ամպրոպը շարժվում է տափաստանի կողմից։ Հիանալի հովատակ է հասակ առել, իսկ քեզ արդեն ոտքերդ էլ չեն ենթարկվում, չես կարողանում ժամանակին երեխային վերցնել։ Երևի ծերացել եմ, հը՞, Պոլանա, ծերացել եմ։ Իսկ գուցե ուրի՞շ բան կա։ Չեմ հասկանում, ինչո՞ւ ոտքերս թմրեցին, մեկնումեկը կախարդե՞ց։
 
Աստված իմ, ի՜նչ շուտ է մթնում։ Ահա ամպերն էլ որոտացին։ Գնչուհին սիրադեղ տվեց, իսկ այստեղ հովատակն սկսեց իր խաղը։ Իսկ ես չկառչեցի բաշից, վախեցա, քարացա տեղումս։ Ոչ թե ես, այլ Շտեպանը բռնեց․․․ Չէ մի չբռներ՝ ախր երիտասարդ է։ Ա՛խ, Պոլանա, Պոլանա, ինչո՞ւ էիր այդպես նայում նրան, ինչո՞ւ այդպես կարմրատակեցիր․․․
 
Ահա ամպրոպն արդեն այստեղ է, նետվում է այս ու այն կողմ, ինչպես խրտնած ձի, սմբակների տակից կայծեր են թռչում։ Իսկ դու չկառչեցիր ձիու բաշից, ոտքերդ թմրեցին, հրաժարվեցին վազել։ Չցատկեցիր դու, չբղավեցիր․․․ Իսկ ահա Շտեպանը․․․ Թո՛ւ, գնչուական զզվելի խմիչք, հովատակը դրանից կատաղեց, իսկ դու այդ խմիչքը պատրաստում ես Պոլանայի համար։ Ինչո՞ւ դու չնետվեցիր հովատակի վրա։ Պոլանան կնայեր, ձեռքերը կրծքին սեղմած, և աչքերը կփայլեին, ինչպես երբեք․․․
 
Հորդուբալը աչքերն է ճպճպացնում, չզգալով վզին ընկնող տաք կաթիլները։
 
Երկինքը ճեղքվում է երկու կեսի, ճայթյուն, ճարճատյուն։ Հորդուբալն շտապով երեսին խաչ է հանում ու պոկվում տեղից։ Չէ, դեռ ամեն ինչ արված չէ, հարկավոր է գնչուհու դեղը թափել եղինջների մեջ։ Եվ վազելով մտնել ծածկի տակ ու նայել, թե փոթորիկը ոնց է մոլեգնում։
 
 
===XII===
 
 
Յուրայն ուրիշ որտե՞ղ կարող է լինել։ Կծկվել է ամբարի ետևում ու միտք է անում։ Դե լավ, ես ծեր եմ։ Իսկ, ահա խնդրեմ, ինչից սկսվեց այդ։ Ապրում ես առանց մի բան հասկանալու, այսօր նույնն ես, ինչ երեկ էիր, և հանկարծ՝ ծերացել ես։ Ասես աչքով տվեցին։ Այլևա չես կառչի խենթ ձիու բաշից, կռիվ չես սարքի պանդոկում։ Ձիուն որսալու փոխարեն, երեխային ես առնում ձեռքերիդ վրա։ Իսկ առաջներում, երևի, ձիուց չվախենայիր։ Ախր մի ժամանակ կռվում էի պանդոկում, և լավ էի կռվում։ Մինչև իսկ Հերիչի հետ, կուզես Վասիլին հարցրու, Պոլանա։ Եվ համեցեք՝ ծեր ես․․․ Իսկ Պոլանան ծեր չի։
 
Ասենք թե ծեր է, հետո՞ ինչ։ Մեկնումեկը պետք է որ երեխային ձեռքերի վրա առնի։ Է՛խ, Պոլանա, ես էլ, օրինակի համար, կարող էի քեզ ցույց տալ, թե ինչպիսի տանտեր եմ։ Կապրեիր դու ոնց որ տիրուհի, աղջիկներ կվարձեիր աշխատանքի ու կկարգադրեիր․ «Է՛յ, Մարիկա, հավերին կուտ տուր, դե շուտ։ Ակսենա, կեր տուր կովերին»։ Ճիշտ է, երեք հազար դոլարս գողացան, բայց յոթ հարյուրն էլի հո կա։ Դրանով կարելի է որոշ բաներ առնել։ Աղավնյակս, իզուր չէ, որ ես եղել եմ Ամերիկայում․ ջահել թե ծեր, միայն գիտեմ աշխարհում ինչն ինչոց է։ Այ, ասում են կով պահելն օգտակար չի և նման բաներ։ Չէ, հարկավոր է խելքով առևտուր անել։ Ամերիկայում, օրինակ, գյուղացին չի սպասում մսավաճառին․ ինքն է գնում նրա մոտ ու պայման կապում՝ տարին այսքան գլուխ անասուն, օրը այսքան վեսսել<ref>vessel ― աման, այստեղ բիդոն (անգլ․)։</ref> կաթ, օլ֊ռայթ։ Գործը այ այսպես է արվում։ Ասա, խնդրեմ, ինչո՞ւ մեզ մոտ էլ նույնը չանել։ Ձեռք բերել մի ձի ու սայլ։ Ծախիր քո ձիերը, Պոլանա, ես ուզում եմ հնազանդ մի ձի, որի հետ և՛ խոսես, և՛ քաղաք գնաս։ Կասեն՝ օհո՜, մեր ամերիկացին ամեն ինչ գիտի, իզուր չէ, որ արար֊աշխարհում ման է եկել։ Տուն է դառնում, հետը քսակը լիքը դրամ բերելով։ Մեկ էլ տեսար, հարևաններն իրար ետևից մոտս եկան։ «Մի ջուխտ սագ հետդ քաղաք չե՞ս տանի ծախելու, Յուրայ»։ Ինչո՞ւ չծախել, միայն թե չեմ կարող երկու սագ թևիս տակ դրած տանել ու ձայն տալ՝ սա՛գ, սա՛գ, լավ սա՜գ։ Չէ, շաբաթը հիսուն կամ նույնիսկ հարյուր սագ․ վանդակներ կշինեմ ու հայդա քաղաք։ Այ թե ոնց են բիզնես անում, հայրենակիցներ։ Կամ փայտը՝ հիսուն սայլ փայտ։ Եթե կարտոֆիլ է, ապա վագոններով։ Այ թե Հորդուբալն Ամերիկայում ինչ խելք է սովորել։ Պոլանա, այն ժամանակ դու էլ կասես՝ Յուրայը խելոք է, ջահելները նրան չեն հասնի։ «Է՛յ, Մարիկա, Ակսենա, պանը վերադարձել է շուկայից, սապոգները հանեք»։ ― Հոգյակս, իսկ դու ամբողջ օրն ի՞նչ էիր անում։ ― Տնտեսությանն էի աչք ածում, մշակների հետ կռվում ու մեկ էլ․․․ մեկ էլ սպսում էի քեզ, Յուրայ։
 
Հորդուբալը նստել է կոճղին ու միտք է անում․ «Չփորձե՞մ։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Մարդ քանի գործ է անում, ջահել է։ Այս չէ, այն մյուսը։ Օրինակ, ասենք, գնել Մենչուլի ներքևի քարափը․ այնտեղ քարը ոնց որ մարմար, ― ու տանել քաղաք։ Մի՞թե ներքևում, նրանց մոտ այդպիսի քար կա։ Կեղտ է կամ փոշի։ Երկինքն ինչ է՝ նա էլ է փոշոտ։ Իսկ քարը ինքս կկտրեմ, ինչքա՜ն եմ կտրել Ամերիկայում։ Ախպերս, կարող եմ դինամիտով էլ աշխատել։ Անցք ես փորում, փամփուշտը դնում մեջը․․․ «Բոլորդ հեռու փախեք։ Շուտ, շուտ»։ Եվ դրը՜մբ։ Այ դա տղամարդու գործ է։ Ճիշտ չի՞, Պոլանա։ Դրա համեմատությամբ հովատակ բռնելն ի՞նչ է։ Կքայլեմ կարմիր դրոշիկը ձեռքիս․ է՛յ, զգուշացեք, պայթեցնում եմ։ Ու ո՜նց կդրմբացնեմ․ իսկ դու, օտարական, դաշտում ձիեր որսա»։
 
Մի՞թե էլի քիչ գործեր կան, որոնցով կարելի է զբաղվել։ Ի՞նչ կա ձեզ մոտ տափաստանում։ Բան էլ չէ, միայն հարթ տարածություն։ Իսկ այստեղ, թթու առվի մոտ, ջրի մեջ երկաթ կա, դրանից էլ ջուրը պղտոր է։ Տատարուկայի մոտ հողի մեջ թաղված մի քար է պսպղում, ոնց որ խեժ։ Կանայք ասում են՝ սարերում գանձեր կան պահված։ Որ ման գաս այնտեղերքը՝ Դուրնոյում ու Սև գագաթում, Տատինսկոյից ու Գուլից դենը, ով գիտի ինչեր կարելի է գտնել։ Եղբայրներ, մեր ժամանակներում բարիքը հողի տակ էլ են փնտրում։ Իսկ տանը ոչ մի խոսք։ «Պոլանա, վաղը գնում եմ Պրագա, կպայմանավորվեմ պարոնների հետ»։ Ուրիշ ոչինչ։ Իսկ հետո պարոնները կգան, և ուղիղ Հորդուբալի մոտ։ «Բարի օր, պարոն Հորդուբալը տա՞նն է։ Այսպես ու այդպես, պարոն Հորդուբալ, դուք գանձ եք գտել․ ի՜նչ հանք է․ հիսուն տարի եղավ, ինչ մենք այն փնտրում ենք»։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ահա և ձեզ «միայն քարեր»։ Դե ախր դու գիտե՞ս, թե այդ քարի մեջ ինչ կա։ Որ չգիտես, ավելի լավ է տազ անես։
 
Հորդուբալը շփոթվեց։ Այդ ամենը, անշուշտ, հիմարություն է։ Բայց Մենչուլի մոտի քարը հիմարություն չէ։ Միայն մեկ կամ երկու զույգ եզներ են հարկավոր։ Պոդոլի մոխրագույն եզներ, եղջերուները՝ պարզած ձեռքեր։ Համա՜ թե կենդանիներ են։ Այ, հենց այդպես էլ քայլել եզների հետ կողք֊կողքի, քար բարձած սայլով։ Հո֊հո֊ո՜, ծը՛֊ծը՛֊ծը՜․․․ Իրար եկեք։ Իսկ դու քո ձիերով ճամփից ետ քաշվիր։ Իսկ այդ ո՞ւմ եզներն են։ Հորդուբալինը։ Ոչ ոք իրենց կողմերում այդպիսի եզներ չունի։
 
Հորդուբալը թևատակից հանում է քսակն ու նորից փողերը հաշվում։ Յոթ հարյուր դոլար։ Մեր փողով քսան հազարից ավելի կանի։ Կարգին դրամագլուխ է, Պոլանա։ Դրանով կարելի է նոր կյանք սկսել։ Դեռ կտեսնես, թե Յուրայն ինչ տղամարդ է։ Խելքը ուժ է։ Թանկ արժի այն ձին, որ գլուխը բարձր է պահում, իսկ դու ավելի լավ է նայես եզանը․ գլուխն օրորում է ու իր լուծը քաշում․ և նրա տված օգուտն անհամեմատ ավելի մեծ է։
 
Գլուխը տմբտմբացնելով, Յուրայը քարշ է գալիս դեպի բակ։ Այնտեղ Պոլանան սիսեռ է մաքրում։ Նա խստությամբ խոժոռում է հոնքերը, կճեպները թափ տալիս փեշից ու մտնում տուն։
 
 
===XIII===
 
 
Հորդուբալը նստել է պանդոկում և ուրախ է։ Փառք աստծու, աղմկալից է այստեղ։ Միհալչուկն է ներկա ու Վարվարինը, Պոդերեյչուկ Միհայլան՝ «Զամբիկ» մականունով, Հերպակը, Ֆեդելեշ Միհայլան ու Ֆեֆել Հեյդան, Ֆեդյուկը, Հրիցը, Ալեքսան, Գրիհորին և անտառապահ Դոդյան։ Հարևանները խոսում են այն մասին, որ հարկավոր է սպանել վայրի վարազներին, որոնք փչացնում են ցանքսերը։ Մենչույի տակի քարափը պատկանում է Գրիհորիին, լավ կլիներ նրա հետ խոսել, սկսել հեռվից, զգուշությամբ, իբրև, ուզում եմ հանդի ճամփան քարել․․․ «Է՛խ, ― դառնանում է Յուրայը, ― ախր ես հանդ չունեմ։ Հիմա դա Պյոսայինն է, հրեն նստել է հոնքերը կիտած։ Ես հանդ չունեմ, էլ ինչի՞ս են նրանց հոգսերը։ Թող իրենք քշեն֊հեռացնեն վարազներին, իմ ի՞նչ գործն է, ― մռայլվում է Հորդուբալը։ ― Դուք ձեր հոգսերն ունեք, ես իմը»։
 
Այդ միջոցին գյուղացիները խոսում են այն մասին, թե ինչպես սկսեն որսը։
 
Յուրայը խմում է դանդաղ, տրվելով իր մտքերին։ Պոլանան հոնքերը կիտեց ու մտավ տուն։ Լավ, Պոլանա, մի օր դու էլ կուզես խոսել՝ այսպես ու այսպես, Յուրայ։ Իսկ ես հոնքերս կկիտեմ ու կգնամ գինետուն։ Տեսնենք, դուրդ կգա՞։ Մռո՞ւթս է սարսափելի ինչ է, թե աչքերիցս ջուր է կաթում։ Կամ բերա՞նս է ծուռ, ոնց որ մուրացկան Լասլոյինը։ Հա, ծերացել եմ, հանքահորը խժռեց ինձ, միայն ջլերս են մնացել ու մեջքս։ Չորեքթաթ մի կուշտ սողացել եմ հանքախորշերում։ Մնացել են միայն ձեռքերս ու ոտքերս։ Տեսնեիր, ինչ ծակուռներից էինք ածուխ հանում։ Մինչև հիմա է՛լ փոշի եմ թքում, Պոլանա։ Աղավնյակս, քեզ քիչ բանով կարող եմ դուր գալ, բայց աշխատել գիտեմ, այ կտեսնես․․․
 
― Է՛յ, ամերիկացի, ― քմծիծաղով բղավում է Ֆեդելեշ Հեյզան, ― էս ինչո՞ւ քեզ ցույց չես տալիս։ Կա֊չկա, եկել ես հայրենակիցներիդ հյուրասիրելու։
 
Հորդուբալը գլխով է անում։
 
― Եկել եմ, եկել։ Կհյուրասիրեմ, այն էլ ամերիկյան ձևով․ պանդոկապան, մի բաժակ ջուր տուր Հեյզային։ Իսկ եթե դա քիչ է, Հեյզա, դույլը վերցրու, միաժանակ մռութդ կլվանաս։
 
― Իսկ ի՞նչ գործ ունես իմ մռութի հետ, ― ծիծաղում է Հեյզան։ ― Միայն կնկաս սրտով լինի։
 
Յուրայը մռայլվում է՝ ի՞նչ գործ ունեմ քո կնկա հետ։ Արի ու այդպիսիներին հյուրասիրիր։ Դե ես կհյուրասիրեի։ Աստված վկա, հարևաններ, ես ուրախ կլինեի խմել ձեզ հետ, ամուր գրկել բոլորիդ և երգել, երգել, աչքերը փակած․․․ Միայն թե դոլարներն ինձ ուրիշ գործերի համար են անհրաժեշտ։ Մի բան եմ մտածել, հարևաններ, մի լավ, ամերիկական բան։ Այ, սպասեցեք, կսկսեմ քարը ջարդել․․․ «Օհո՜, ― կասեն, ― երևում է Հորդուբալը ծանծղել է․ ինչ է, մեզ մոտ քար քի՞չ կա»։ Իսկ ժամանակը կգա, կտեսնեք, թե ամերիակացին ոնց է քարից հում սեր քամում։
 
Ֆեդելեշ Միհալն սկսում է երգել, մյուսները ձայնակցում են։ Է՛խ, լավ է նստել ընկերների հետ։ Վաղուց է, երգեր չեմ լսել, շատ վաղուց։ Յուրայը ծածկում է կիսափակ աչքերն ու սկսում հետները ձայնակցել։ Քիչ֊քիչ տաքանում է ու հանկարծ, ― գրողը տանի ինչի՞ համար այդպես ճղճղոցը գցեց, երգում է ամբողջ ձայնով, օրորվելով երգի տակտով։
 
― Է՛յ, դու, ― բղավում է Ֆեդելեշ Հեյզան։ ― Ով մեզ հետ չի խմում, մեզ հետ չի էլ երգում։ Հորդուբալ, քեզ համար տանը երգիր։
 
― Կամ Շտեպանին ճամփիր էստեղ, ― ավելացնում է Ֆեդյուկը, ― ասում են, նա քեզանից էլ լավ է երգում։
 
Յուրայը վեր է կենում տեղից՝ հսկա, լողլող, գագաթն առնում է առաստաղին։
 
― Երգիր քեզ համար, Հեյզա, երգիր, ― ասում է նա հաշտությամբ, ես արդեն ուզում էի տուն գնալ։
 
― Իսկ տանն ի՞նչ պիտի անես, ― քմծիծաղում է Ֆեդելեշ Միհալը։ ― Էնտեղ բատրակ կա։
 
― Մեծացտունի՜ս տեսեք, ― նետում է Հեյզան։ ― Կնկա համար բատրակ է վարձել․․․
 
Հորդուբալն արագ շուռ է գալիս։
 
― Հեյզա, ― ատամների արանքից մռմռում է նա։ ― Դու այդ ո՞ւմ մասին ես ասում։
 
Հեյզան ծաղրական հայացքով նայում է նրան ու ճոճվում ոտքի թաթերի վրա։
 
― Ում մասի՞ն։ Էստեղ մեզ մոտ մեկը կա։
 
Գյուղացիները բարձրանում են նստարաններից։
 
― Հանգիստ թող նրան, Հեյզա, ― համոզում է Վարվարինը։
 
― Ինչ֊որ մեկը գրկում է Հորդուբալի ուսերն ու բարեկամաբար դուրս հանում պանդոկից։
 
― Դու այդ ո՞ւմ ես ասում, ― կրկնում է նա խռպոտ ձայնով։
 
― Մեզ մոտ խելառի մեկը կա, ― հատ֊հատ արտաբերում է Ֆեդելեշ Հեյզան ու հանկարծ ասես մտրակով շրխկացնում Հորդուբալին։ ― Իսկ Պոլանայի նման քածեր՝ ինչքան ուզես։
 
― Գնա՛նք, ― ոռնում է Հորդուբալն ու բոթելով առաջանում դեպի ելքը։ Հեյզան աճապարում է նրա հետևից, դանակն շտապ բաց անելով գրպանում։ Է՛յ, Հորդուբալ, զգուշացիր, մեջքիդ հարված կստանաս։ Բայց Հորդուբալը մոտենում է դռներին, իսկ Հեյզան նրա ետևից, դանակը բռան մեջ այնպես սեղմած, որ նույնիսկ ձեռքը քրտնեց։
 
Բոլորը պանդոկից դուրս են նետվում։ Յուրայը դառնում է Ֆեդելեշին․
 
― Դո՛ւ, ― խռխռում է նա։ ― Հապա մոտեցիր։
 
Հեյզան շնչում է ծանր և, դանակը թաքցնելով մեջքի ետևում, պատրաստվում է թռիչքի։ Հորդուբալը քեղու նման երկար, մեծ֊մեծ ձեռքերով գրկում է Հեյզային և, ձեռքերը սեղմելով կողերին, բարձրացնում է օդի մեջ, շուռ գալիս ու շպրտում է գետնին։ Հեյզան, պպզելով, զայրույթից ֆսսացնում է։ Հորդուբալը նորից է բարձրացնում նրան ու կրկին շպրտում գետնին, ասես խիպար է սխկում։ Եվ հանկարծ Հեյզայի ոտքերն ասես ջարդվում են, նա ընկնում է բերանքսիվայր, ձեռքերը տարածելով ու ― թրա՛խկ ― գլուխը զարկում ինչ֊որ կիստակառիկի․ և ահա նա պառկած է մեռածի պես՝ ոչ թե մարդ է, այլ քուրջերի մի կույտ։
 
Հորդուբալը շնչում է ծանր ու արնակալած աչքերը դարձնում շուրջը։
 
― Ես ինչ իմանայի՝ այնտեղ կիստակառ կա, ― մռթմռթում է նա, ասես արդարանալով։
 
Բայց այդ պահին նա գլխին մի հարված է ստանում։ Ապա երկրորդը, երրորդը։ Երկու, երեք, չորս մարդ, կենտրոնացած, տախտակով այնպես են հարվածում Հորդուբալի գլխին, որ թնդյունը դուրս է գալիս։
 
― Թողե՛ք, ― մռնչում է Հորդուբալը, մթության մեջ ձեռքերը թափահարելով, խփում է ինչ֊որ մեկի քթին ու ընկնում, իզուր ջանալով վեր կենալ։
 
― Կռվո՜ւմ են, ― լսվում է մեկի բղավոցը։ Հորդուբալը կիսաբարձրանում է ու նորից փռվում գետնին։ Չորս կողմից հարվածներ է, որ տեղում են նրա գլխին․ նա տնքոցով նորից է փորձում ոտքի կանգնել․․․
 
― Դուք այս ի՞նչ եք անում այստեղ, ― հնչում է մեկի փութկոտ, շնչակտուր ձայնը։ Մտրակը շառաչում է մարմինների փնչացող կծիկին։ Ինչ֊որ մեկը չարությունից ոռնում է։ Է՛յ, զգուշացիր դանակից։ Սակայն Վասիլ Հերիչը դժվարությամբ է շունչը ետ բերում, մտրակը ճոճելով գետնին փռված Հորդուբալի գլխավերևում։ Յուրայը ճգնում է վեր կենալ։
 
― Կորե՛ք այստեղից, ― փրփրում է տանուտերը, մտրակը շրխկացնելով․․․
 
Է՛խ, թե տանուտեր չէիր լինի՜, քեզ էլ բաժին կհասներ․․․ Սակայն բանն այն չէ, որ տանուտեր է, այլ պարզապես Վասիլ Հերիչը երևելի կռվող է։ Ահա կանայք էլ որոշեցին փողոց դուրս գալ և ձեռքները ծալած կրծքներին, նայում են դեպի պանդոկ։
 
Յուրայ Հորդուբալը նորից է փորձում վեր կենալ տեղից․ նրա գլուխը դրված է Վասիլի ծնկներին, և ինչ֊որ մեկը երեսն է լվանում։ Դա Պյոսան է։
 
― Սա ազնիվ ֆայթ<ref>fight ― կռիվ, ծեծկռտուք (անգլ․)։</ref> չի, Վասիլ, ― մռմռում է «ամերիկացին»։ ― Երկուսը մեկի դեմ, այն էլ թիկունքից։
 
― Է՛խ, Յուրայ, նրանք վեց հոգով էին, աղավնյակս, և ոչ թե երկուսով, ու բոլորն էլ զինված էին ցանկապատի տախտակներով։ Յուրայ, քո գլուխը կաղնու փայտից է, քանի որ երկու կես չեղավ։
 
― Իսկ Հեյզան ո՞նց է, ― անհանգստանում է ծեծվածը։
 
― Հեյզան իր հասանելիքն ստացավ, ― ասում է տանուտերը։ ― Նրան տարան տուն։
 
Յուրայը հառաչում է գոհունակությամբ։
 
― Է՛լ հիմա լեզուն շաղ չի տա, սրիկան, ― մռմռթում է նա ու փորձում ոտքի կանգնել։ Փառք աստծու, թեթևացավ, արդեն գլուխը բռնած կանգնել է ոտքերի վրա։ ― Ինչո՞ւ համար հարձակվեցին ինձ վրա, ― զարմանում է նա։ ― Գնանք մի քիչ էլ խմենք, Վաիլ։ Անիծածները չթողին երգեմ։
 
― Տուն գնա, Յուրայ, ― հորդորում է տանուտերը։ ― Ես կգամ քեզ հետ։ Չար ժամ է, մեկ էլ տեսար հետևեցին քեզ։
 
― Ես էլ վախեցա՜ նրանցից, ինչպե՞ս չէ, ― ասում է Հորդուբալը ու երերալով քարշ գալիս դեպի տուն։
 
Չէ, Պոլանա, ես հարբած չեմ։ Պանդոկում ծեծեցին ինձ։ ― Իսկ ինչո՞ւ համար ծեծեցին։ ― Հենց այնպես, աղավնյակս, քեֆի համար։ Ֆեդելեշ Հեյզայի հետ ուժներս չափեցինք։
 
― Իսկ գիտես, Վասիլ, ― ուշքի գալով սկսում է Յուրայը, ― ես Ամերիկայում էլ «ֆայթ» ունեցա։ Մի մայներ մուրճով նետվեց ինձ վրա։ Գերմանացի էր, թե ինչ։ Միյան թե մյուսները նրա ձեռքից մուրճն առան ու մեզ շրջանի մեջ քաշեցին։ Կռվեք մերկ ձեռքերով։ Է՛խ, Վասիլ, մի լավ հարված ստացա մռութիս, բայց այնուամենայնիվ գետին դրի գերմանացուն։ Եվ ոչ ոք չխառնվեց մեր կռվին։
 
― Լսիր, Յուրայ, ― խստությամբ ընդհատում է նրան Հերիչը։ ― Է՛լ պանդոկ չգաս։ Թե չէ, նորից կռիվ կսկսվի։
 
― Ախր ինչո՞ւ, ― զարմանում է Հորդուբալը։ ― Ես նրանց չեմ դիպչում։
 
― Դե, ― պատասխանում է տանուտերը ոչ անմիջապես, ― նրանք հո պիտի կռվեն։ Գնա քնիր, Յուրայ։ Իսկ վաղը բատրակիդ արձակիր։
 
Հորդուբալը հոնքերը կիտեց։
 
― Ինչ ես դուրս տալիս, Հերիչ։ Դու է՞լ ես խառնվում իմ գործերին։
 
― Ի՞նչ կարիք կա տանը օտար մարդ պահել, ― պնդում է Վասիլը։ ― Գնա, գնա քնիր։ Է՛խ, Յուրայ, չարժեր, որ դու Պոլանայի համար կռվի բռնվեիր։
 
Հորդուբալը կանգ է առնում, ասես տեղում մեխված։
 
― Դու է՞լ ես նույն կողմը ծռում։ Դու էլ նույնն ես, ինչ որ նրանք, ― վերջապես արտաբերում է նա։ ― Դու Պոլանային չգիտես։ Միայն ես եմ ճանաչում նրան, իսկ դու․․․ Դու չհամարձակվես․․․
 
Վասիլը ձեռքը բարեկամաբար դնում է նրա ուսին։
 
― Յուրայ։ Ութ տարվա ընթացքում մենք կշտացել ենք նրան նայելուց․․․
 
Հորդուբալը զայրույթով դեն է նետում նրա ձեռքը։
 
― Անցիր, անցիր, թե չէ․․․ Վկա է աստված, Հերիչ, այսօրվանից քանի ողջ եմ, այլևս չեմ ճանաչում քեզ։ Մինչդեռ դու իմ լավագույն բարեկամն էիր։
 
Եվ, առանց շուռ գալու, Հորդուբալը քարշ է գալիս դեպի տուն։ Ի պատասխան Հերիչը փնչացրեց ու դեռ երկար կամացուկ հայհոյում էր խավարում։
 
 
===XIV===
 
 
Առավոտյան Շտեպանը լծում է ձիերին՝ պատրաստվում է տափաստան գնալ։ Գոմից դուրս է գալիս Հորդուբալը՝ ուռած, սարսափելի, աչքերն արյուն կոխած։
 
― Շտեպան, ես գալիս եմ քեզ հետ, ― կարճ հայտնում է նա։
 
Ն֊նո՜։ Եվ սայլը սլանում է գյուղի միջով։ Յուրայը չի նայում ոչ հանդիպողներին, ոչ ձիերին։ Դուրս եկան գյուղի եզրը։
 
― Կանգնիր, ― հրամայում է Հորդուբալը։ ― Իջիր սայլից։ Հարկավոր է խոսել։
 
Շտեպանը հանդգնորեն դիտում է տիրոջ ծեծված դեմքը։ Իբրև ի՞նչ ես ուզում։
 
― Լսիր, Մանյա, ― սկսում է Հորդուբալը անհաստատ ձայնով, ― գյուղում բամբասանքներ են պտտում Պոլանայի և քո մասին։ Այդ բոլորը փչոց է, գիտեմ, բայց պետք է վերջ տալ դրան։ Հասկացա՞ր։
 
Շտեպանը ուսերն է թոթվում։
 
― Չէ, չհասկացա։
 
― Պետք է գնաս մեր մոտից, Շտեպան։ Պոլանայի խաթեր։ Հարկավոր է մարդկանց բերանները փակել։ Այդպես է պետք, հասկացա՞ր։
 
Շտեպանը աչքերը լկտիաբար տնկում է Հորդուբալի վրա։ Նա հայացքը հեռացնում է։
 
― Հասկացա։
 
Յուրայը ձեռքով է անում։
 
― Այդպես։ Իսկ հիմա գնա։
 
Մանյան կանգնել է բռուցքները սեղմած․ թվում է՝ ուր որ է կնետվի Հորդուբալի վրա։
 
― Գործիդ գնա, Շտեպան, ― մռթմռթում է Հորդուբալը։
 
― Լավ, ― ատամների արանքից նետում է Շտեպանը, թռչում սայլին, թափահարում մտրակը, ― և ա՛ռ քեզ, ― շրմփացնում ձիերի գլուխներին։
 
Ձիերը ետ֊ետ են գնում․ կաքավում են տեղներում ու կատաղի թռիչքով նետվում առաջ։ Սայլը պոկվում է տեղից, շխկշխկում, ասես ուր որ է հազար կտոր կլինի։
 
Հորդուբալը կանգնել է ճամփի վրա, փոշի է կուլ տալիս, հետո դանդաղ շուռ է գալիս և, գլուխը կախ, գնում է տուն։ Է՛խ, Յուրայ, այդպես ծերուկներն են քայլում։
 
 
===XV===
 
 
Մի շաբաթում Յուրայը խիստ նիհարեց․ թվում էր, ոսկորները չխկչխկում են։ Ասացեք խնդրեմ, ախր ինչպես չնիհարեր․ հո դատարկ բան չի՝ առավոտյան ամեն ինչ հավաքել, խոճկորներին կերակրել, մաքրել ձիերին, կովերին նախիր հանել, մաքրել ախոռը, երեխային ճամփել դպրոց։ Հետո ձիերով գնալ տափաստան՝ եգիպտացորենը քաղելու ժամանակն է։ Կեսօրին՝ տուն, Հաֆյայի համար ճաշ պատրաստել, ձիերին ջրել, հավերին կուտ տալ ու նորից տափաստան, նորից աշխատանք։ Իսկ երեկոյան նույնպես պետք է շտապել տուն, ընթրիք պատրաստել, անասուններին հոգալ, հետո էլ անվարժ ձեռքով Հաֆյայի շրջազգեստը կարել։ Երեխան մեծանում է, խաղում, դժվա՞ր է շորը պատռել։ Ամեն տեղ հասնելը հեշտ չէ, դժվար է որևէ բան աչքից չփախցնել։ Երեկոյան Հորդուբալը փռվում է խոտերին, ոնց որ քոթուկ, բայց երկար ժամանակ անհանգստությունից չի կարողանում քնել։ Միգուցե մի բան մոռացել է․․․ Ա՛խ, աստված իմ, իհարկե, մոռացել է։ Պատուհանների ծաղիկները չի ջրել։ Եվ Հորդուբալը տնքալով վեր է կենում ու քարշ գալիս դեպի ցնցուղը։
 
Իսկ Պոլանան ասես գոյություն չունի։ Մարդու ինադու փակվել է խորդանոցում։ «Ինչ արած, ― շվարած մտածում է Հորդուբալը, ― տիրուհին բարկանում է, թե ինչո՞ւ իր հետ խորհուրդ չարի։ Ինչո՞ւ չհարցրի․ «Պոլանա, ի՞նչ ես ասում, ուզում եմ մշակին ազատել․․․ Է՛խ, այ կին, ինքդ դատիր․ կարող էի՞ ես քեզ ասել․ «Այսպես ու այսպես, Պոլանա, այ թե ինչ են դուրս տալիս քո մասին»։ Դե, այստեղ խոսելու բան չկա, վերցրի ու ազատեցի բատրակին, հիմա ինչքան կուզես բարկացիր։ Քեզ փայտով գործի չեմ դնի»։
 
Օ՛հ, իսկ ինչպե՜ս է զգացվում Պոլանայի ձեռքերի կարիքը։ Ընդամենը մի շաբաթ է անցել, և արդեն ինչքան գործ է մնացել երեսի վրա։ Ո՞վ կարող էր մտածել, թե կնոջ ուսերին որքան բան է ընկած։ Տղամարդը դրա կեսն էլ չի կարող անել։ Ոչինչ, ինքն էլ կտեսնի, կդադարի բարկանալ ու կծիծաղի․ «Օյ, Յուրայ, այ թե անշնորհքն ես դու, չես կարողանում ոչ եփել, ոչ թափել։ Դե, ախր տղամարդուց ինչ ուզես»։
 
Մի անգամ անցողակի տեսավ նրան։ Ինչ֊որ բանի համար ետ եկավ բակ, իսկ Պոլանան կանգնած էր դռների մեջ։ Ոնց որ ստվեր։ Աչքերի տակ օղակներ ու ճակատին համառ մի ծալք։ Հորդուբալը երեսը շրջեց։ «Ես հենց այնպես, աղավնյակս, ես քեզ չեմ տեսել»։
 
Իսկ Պոլանան ստվերի պես անհետացավ։
 
Գիշերը, երբ Հորդուբալը պառկեց խոտերի վրա, լսեց, թե ինչպես մոտերքում դուռը կամացուկ ճռռաց։ Պոլոնան է։ Դուրս եկավ բակ ու կանգնեց։ Իսկ Յուրայը, ձեռքերը գլխատակին, նայում է խավարի մեջ, և սիրտը նվաղում է։
 
Կովեր, ձիեր, Հաֆյա, հավեր, խոճկորներ, հանդ, ծաղիկներ, ― աստված իմ, գործն անպակաս է։ Բայց ամենից դժվարն այն է, որ ցույց տաս, թե ընտանիքում ամեն ինչ կարգին վիճակում է։ Որպեսզի մարդիկ չասեն՝ Հորդուբալովների տանը անհամերաշխություն է տիրում։ Յուրայը ամուսնացած մի քույր ունի, կարող էր օգնել, կարող էր ճաշ պատրաստել, բայց ոչ, խոնարհաբար շնորհակալ եմ, ավելի լավ է չգաս։ Ցանկապատի ետևից հարևանուհին գլխով է անում՝ իբրև, ցերեկը Հաֆյային ուղարկեք ինձ մոտ, Հորդուբալ, ես նրան հոգ կտանեմ։ Շնորհակալ եմ, հարևանուհի, մեծապես շնորհակալ եմ, մի անհանգստացեք։ Պոլանան մի փոքր տկարացել է ու պառկել։ Ես ինքս էլ կարող եմ նրա փոխարեն եփել֊թափել։ Կարիք չկա, որ դուք այստեղ հոտոտեք․․․
 
Յուրայը հանդիպեց Հերիչին, նա նայեց Հորդուբալին, երևում է՝ ուզում էր բարևել։ Հորդուբալը շուռ եկավ․ գնա քո ճամփան, գնա, ես քեզ չեմ ճանաչում։
 
Իսկ Հաֆյան առաջվա պես քաշվում է։ Նայում է անթարթ աչքերով, երևի առանց Շտեպանի ձանձրանում է։ Ինչ կարող ես ասել՝ երեխա է․․․ Իսկ մարդիկ ինչեր ասես, որ դուրս չէին տալիս, բերանները չես կարող փակել․․․
 
Կովեր, ձիեր, եգիպտացորեն, խոճկորներ, ա՛յ, մնաց միայն խոզանոցը մաքրել ու խոզերին ջուր տալ։ Հարկավոր է ճոռը մաքրել, որպեսզի աղբաջուրը հոսի գնա։ Հորդուբալն անցնում է գործի, եռանդով փնչացնում․ հիմա խոզանոցից բացի արար֊աշխարհում ուրիշ ոչինչ չկա։ Սպասիր, Պոլանա, կգաս այստեղ ու կզարմանաս․ խոզանոցը ոնց որ խրճիթ լինի։ Մնաց միայն թարմ ջուր բերել․․․ Եվ Հորդուբալը փոքրիկ դույլով գնում է դեպի ջրհորը։
 
Բակում, սայլի քեղու վրա, նստած է Մանյան․ նա օրորում է ծնկներին դրած Հաֆյային և ինչ֊որ բան է պատմում նրան։
 
Հորդուբալը դույլը ցած է դնում և, ձեռքերը խոթելով գրպանները, ուղիղ գնում է դեպի Շտեպանը։
 
Մանյան մի ձեռքով հեռացնում է Հաֆյային, մյուսը տանում գրպանը։ Նրա աչքերը նեղացել, փայլում են, ինչպես դանակի շեղբը, սեղմված ձեռքում նկատելի է ինչ֊որ առարկա՝ ուղղված ճիշտ Հորդուբալի փորին։ Հորդուբալը քմծիծաղում է։ Գիտեմ, գիտեմ, թե ատրճանակը ոնց են կրակում։ Ամերիկայում տեսել եմ։ Վերցրու, ― և նա գրպանից հանում է ծալած դանակն ու նետում գետնին։ Մանյան նորից է ձեռքը գրպանը տանում, առանց աչքը տիրոջից կտրելու։
 
Հորդուբալը ձեռքով հենվում է սայլակին ու նայում Շտեպանին վերևից ներքև։ «Ի՞նչ անեմ ես քեզ, ― մտածում է նա։ ― Տեր աստված, սրա հետ ինչպե՞ս վարվեմ»։
 
Հաֆյան հայացքը զարմանքով հորից դարձնում է Շտեպանին, Շտեպանից հորը և չգիտի, թե հետո ինչ է լինելու։
 
― Դե, Հաֆյա, ― քրթմնջում է Հորդուբալը, ― ուրա՞խ ես, որ Շտեպանը եկավ։
 
Աղջիկը՝ ոչ մի խոսք, միայն նայում է Մանյային։ Հորդուբալը անվճռականորեն ծոծրակն է քորում։
 
― Ի՞նչ ես նստած մնացել, Շտեպան, ― դանդաղ ասում է նա։ ― Գնա ձիերին ջուր տուր։
Ադմին, Վստահելի
1876
edits