==Երկրորդ մաս==
===I===
Յուրայ Հորդուբալին սպանե՜լ են։
Տանուտեր Հերիչը շապիկն շտապով քաշում է գլխին։
― Տղա, վազիր ոստիկանության ետևից, աճապարանքով պատվիրում է նա։ ― Ասա, թող գան Հորդուբալովների մոտ։
Հոլրդուբալովների բակում Պոլանան ձեռքերը կոտրատելով դես ու դեն է ընկնում։
― Ա՛խ, աստվա՜ծ իմ, աստված, ― ողբում է նա։ ― Տեսնես, ո՞վ կարող էր նրան․․․ Սպանեցին, սպանեցին տան տիրոտը։
Վախեցած Հաֆյան սեղմվել է մի անկյուն․ ցանկապատի վրայից նայում են հարևանուհիները․ մի խումբ տղամարդիկ խռնվում են դռնակի մոտ։ Տանուտերը գնում է ուղիղ դեպի Պոլանան ու ձեռքը դնում նրա ուսին։
― Թոզեք, տիրուհի, ի՞նչ է պատահել նրան։ Որտեղի՞ց է վիրավորված։
― Չգի֊չգիտեմ, ― ցնցվում է Պոլանան։ ― Ես այստեղ չէի, ես չեմ կարող․․․
Տանուտերն ուշադիր զննում է նրան։ Պոլանան գունատ է, հուզված․ նա ստիպում է իրեն դես ու դեն ընկնել ու ողբալ։
― Իսկ ո՞վ է տեսել նրան։
Պոլանան սեղմում է շրթունքները։
Իսկ ոստիկաններն արդեն ներս են մտնում բակ ու դռները փակում հետաքրքրասերների քթի առաջ։ Ոստիկանները երկուսն են․ ծեր հաստլիկ Հելնայը՝ առանց զենքի ու կոճակներն արձակ, և Բիհլը՝ նոր փութաջան մի աշխատակից, նոր֊նոր շողշողուն համազգեստով։
― Որտե՞ղ է նա, ― կիսաձայն հարցնում է Հելնայը։
Պոլանան գլխով է անում խրճիթի կողմն ու կոծում։
«Ամերիկացի» Հորդուբալը պառկած է անկողնում և ասես քնած է։
Հելնայը հանում է սաղավարտը, քրտինքը սրբում։ Տանուտեր Հերիչը, մռայլվելով, մնում է դռների մեջ։ Միայն Բիհլն է մոտենում անկողնուն գործարար քայլերով ու խոնարհվում դիակի վրա։
― Նայեցեք կրծքին, ― ասում է նա, ― շատ քիչ արյուն է դուրս տվել։ Երևում է նրան ծակել են։
― Տան մարդու գործ է, ― փնթփնթում է տանուտերը։ Հելնայն անշտապ շուռ է գալիս։
― Հերիչ, դրանով ի՞նչ եք ուզում ասել։
― Հենց այնպես, ոչինչ։ ― Տանուտերը գլուխն է տարուբերում։ «Խեղճ Յուրայ», ― մտածում է նա։
Հելնայը ծոծրակն է քորում։
― Նայեցեք, Կարել, պատուհանը ջարդված է։
Սակայն Կարել Բիհլը, արձակելով սպանվածի շապկի կոճակները, վերքն է զննում։
― Տարօրինակ է, ― ասում է նա ատամների արանքից, ― երևում է դանակով չեն սպանել։ Արյունն էլ շատ քիչ է․․․
― Նայեցեք պատուհանին, Բիհլ, ― կրկնում է Հելնայը։ ― Դա ձեզ համար հետաքրքրական է։
Բիհլը շուռ է գալիս դեպի պատուհանը։ Պատուհանը փակ է, միայն մի քառակուսում ապակին հանված է։
― Ահա՜, ― ոչ առանց բարկության նկատում է Բիհլը։ ― Այստե՞ղ։ Բայց այս անցքից ոչ ոք չի կարող ներս մտնել, Հելնայ։ Իսկ ահա ապակու վրա ալմաստի քերծվածքներ կան, բայց դրանք արված են ներսի կողմից։ Շատ հետաքրքրական է։
Հերիչը ոտքի մատների վրա մոտենում է մահճակալին։ Խեղճ Յուրայ, ինչպես է նիհարել։ Իսկ աչքերը փակված են, ասես քնած լինի։
Բիհլը ճշտապահությամբ բացում է պատուհանն ու նայում դուրս։
― Այդպես էլ կարծում էի, ― ինքնավստահորեն հայտնում է նա։ ― Ախր ապակու բեկորները թափված են դրսի կողմը, Հելնայ․․․
Հելնայը խզխզում է։
― Նշանակում է, տան մարդու գործ է, հը՞, տանուտեր, ― մտախոհությամբ ասում է նա։ ― Ի դեպ, որտե՞ղ է Շտեպան Մանյան։
― Անշուշտ Ռիբարիում, իրենց տանը, ― տհաճությամբ պատասխանում է տանուտերը։
Այդ միջոցին Բիհլը քիթը խոթում է բոլոր ծակուծուկերը։ Իրերը դես ու դեն թափված չեն, ոչ մի տեղ գողության որևէ հետք չկա․․․
― Կառլուշա, սա ինձ դուր չի գալիս, ― ասում է Հելնայը։
Բիհլը քմծիծաղում է։
― Շատ հիմար է, այո՞։ Սպասեցեք, ես ամեն ինչ կարգի կբերեմ։ Հելնայ, ես սիրում եմ պարզ դեպքերը։
Հաստ, վեհատեսիլ Հելնայը ետ ու առաջ է քայլում բակում։
― Հորդուբալովա, մոտ եկեք։ Այս գիշեր տանը ո՞վ կար։
― Միայն ես ու աղջիկս՝ Հաֆյան։
― Դուք որտե՞ղ էիք քնած։
― Մառանում, Հաֆյայի հետ։
― Բակի դուռը փակ էր, այնպես չէ՞։
― Իհարկե, փակ էր։
― Իսկ առավոտյան նո՞ւյնպես փակ էր։ Ո՞վ բաց արեց դուռը։
― Ես, հենց որ լուսացավ։
― Դիակն առաջինը ո՞վ տեսավ։
Լռություն։ Պոլանան սեղմում է շրթունքները։
― Որտե՞ղ է ձեր բատրակը, ― անակնկալ վրա է բերում Բիհլը։
― Տանը, Ռիբարիում։
― Ո՞րտեղից գիտեք։
― Դե․․․ ես կարծում եմ։
― Ես չեմ հարցնում, թե դուք ինչ եք կարծում։ Դուք ո՞րտեղից գիտեք, որ նա Ռիբարիում է։
― Ես․․․ չգիտեմ։
― Վերջին անգամ նա ե՞րբ է եղել այստեղ։
― Մի տասը օր առաջ․․․ Իր հաշիվն ստացավ։
― Վերջին անգամ դուք ե՞րբ եք նրան տեսել։
― Տասը օր առաջ։
― Ստո՛ւմ եք, ― անխնա կտրում է Բիհլը։ ― Դուք նրա հետ տեսնվել եք հենց երեկ, մեզ ամեն ինչ հայտնի է։
― Ճիշտ չի՛, ― վախեցած ճչում է Պոլանան։
― Խոստովանեցեք, Հորդուբալովա, ― պնդում է Հելնայը։
― Ո՛չ․․․ Այո․․․ Երեկ մենք հանդիպել ենք․․․
― Որտե՞ղ, ― սեղմում է Բիհլը։
― Տանը չէ։
― Որտե՞ղ «տանը չէ»։
Պոլանան աչքերը թաքցնում է։
― Գյուղից դուրս։
― Ի՞նչ էիք անում այնտեղ։ Դե, շուտ, շուտ։
Պոլանան լռում է։
― Դուք տեսակցություն ունեիք նրա հետ, ահա ինչ, ― միջամտում է Հելնայը։
― Ոչ, վկա է աստված։ Պատահաբար հանդիպեց ինձ․․․
― Որտե՞ղ, ― կրկնում է Բիհլը։
Պոլանայի տանջահար աչքերը կանգ են առնում Հելնայի վրա։
― Պատահաբար հանդիպեցինք․․․ Նա հարցրեց՝ ե՞րբ գա իրերի ետևից։ Նրա շորերը մնացել էին այստեղ, ախոռում։
― Ինչպես երևում է, շատ շուտ է հեռացել այստեղից, այո՞։ Ինչո՞ւ տան տերը նրան դուրս արեց։
― Վիճեցին։
― Նա ե՞րբ էր ուզում գալ իրերի ետևից։
― Այսօր․․․ Այսօր առավոտյան։
― Եվ չեկա՞վ։
― Ոչ, չեկավ։
― Որովհետև գիշերն է եղել, ― բացականչում է Բիհլը։
― Չի՛ եղել, նա այստեղ չի եղել։ Քնել է տանը։
― Ի՞նչ գիտեք։
Պոլանան շրթունքներն է կծում։
― Չգիտեմ։
― Հորդուբալովա, եկեք իմ ետևից, ― կտրուկ հրամայում է Բիհլը։ ― Այնտեղ, սպանվածի մոտ, ձեր լեզուն կբացվի։
Պոլանան ետ է ընկրկում։
― Թողեք նրան, ― քրթմնջում է տանուտեր Հերիչը։ ― Նա հղի է։
===II===
Հելնայը նստել է բակում, տան խուզարկությունը թողնելով Բիհլին։ Սա շարունակ փնտրում է ու փնտրում, աչքերը պարզապես վառվում են եռանդից։ Նա արդեն խուզարկել է ախոռը, գոմը, ամեն ինչ տակնուվրա արել, իսկ հիմա բարձրացավ չարդախ։ Գոհ է ու անասելի աշխուժացած։
«Այ քեզ գործեր, ― մտածում է Հելնայը։ ― Սակայն ինձ համար բավական է նաև գնչուների հետ եղած գլխացավանքն ու հասարակական կարգի պահպանումը։ Թող Կարելը զվարճանա»։
Բժիշկը դուրս է գալիս խրճիթից և ուղղվում դեպի ծորակը՝ ձեռքերը լվանալու։ Իսկ Բիհլն արդեն այստեղ է և լի է անհամբերությամբ։
― Դե ի՞նչ, դե ինչպե՞ս։
― Ամեն ինչ կպարզվի դիահերձումից հետո, ― ասում է բժիշկը։ ― Բայց, ըստ իս, հարվածը հասցվել է մեխով կամ դրա նման մի բանով։ Մի քանի կաթիլ արյուն․․․ Տարօրինակ է։
Պոլանան նրան սրբիչ է հրամցնում։
― Շնորհակալություն, տիրուհի։ Լսեցեք, ձեր ամուսինը ոչ մի բանով հիվանդ չէ՞ր։
― Երեկ պառկած էր։ Տենդ ուներ։
― Ահա՜։ Իսկ դուք ե՞րբ եք երեխայի սպասում։
― Գարնանը, ձերդ ողորմածություն։
― Գարնա՞նը։ Դե ոչ, մամաշա, նոր տարվանը, ահա թե ինչ։
Բիհլը ուրախ նայում է հեռացող Պոլանայի ետևից։
― Ահա ձեզ և պատճառը, Հելնայ։ Չէ՞ որ Հորդուբալը Ամերիկայից վերադարձել է միայն հուլիսին։
Հելնայը խզխզում է։
― Հորդուբալովան գտնում է, որ մեկնումեկը եկել է դրսից։ Որպես թե մի շաբաթ առաջ նրա ամուսինը պանդոկում կռվել է Ֆեդելեշ Հեյզայի հետ։ Ջարդել է նրա գլուխը։ Հեյզան կռվարարի մեկն է, և իբրև թե վրեժխնդիր է եղել։ Ահա ձեզ ևս մի հիանալի վերսիա, Կառլուշա։
Դոկտորը նույնպես նայում է Պոլանայի ետևից ու ցրված ասում․
― Ափսոս։ Դուք նրան կձերբակալեք, և ինձ չի հաջողվի տեսնել նրա ծննդաբերությունը։ Այստեղ հազվադեպ է պատահում ներկա գտնվել ծննդաբերությանը։ Կանայք ծնում են կատուների պես․․․ Իսկ սրա ծննդաբերությունը ծանր կլինի։
― Ինչո՞ւ։
― Պառավ է, նիհար․ երևի, քառասուն կլինի՞։
― Ի՜նչ եք ասում, ― պատասխանում է Հելնայը, ― երեսուն հազիվ լինի։
― Այդպես, ուրեմն, ասում եք՝ մեռնելուց առաջ Հորդուբալը հիվա՞նդ էր։ Մեռածին նայելով, ինչպե՞ս կարելի է այդ բանը որոշել։
― Հելնայ, դա բժշկության գաղտնիք է։ Բայց ես քեզ կասեմ․ մահճակալի տակ լիքը գիշերանոթ կար դրված։
― Իսկ ես չեմ էլ նկատել, ― նախանձով բացականչում է Բիհլը։
― Դե, պարոնայք, ողջ լերուք, ― ասում է դոկտորը, ոտքից ոտք շուռ գալով։ ― Իսկ դիահերձման օրվա մասին տեղյակ կպահեք, եղա՞վ։
― Ես ուզում եմ մի անգամ էլ տունն աչքի անցկացնել, ― փնթփնթում է Բիհլը։ ― Իսկ հետո կարելի է Ռիբարի գնալ։
― Կարել, այդ ի՞նչ եք շարունակ փնտրում։ Էլի ինչ֊որ վերսի՞ա։
― Հանցանշաններ, ― չոր֊չոր ասում է Բիհլը։ ― Եվ ոճրագործության զենքը։
― Այ թե ի՜նչ։ Հաջողություն եմ ցանկանում։
Հելնայն օրորվելով ուղղվում է դեպի ցանկապատը և խոսքի բռնվում հարևանուհու հետ։ Նա այնքան երկար է հռհռում ու սեպերը բացում, որ վերջապես գլխին ջնջոցի մի լավ հարված է ստանում ու մի ծաղիկ՝ հիշատակի համար։
Սարսափած Հաֆյան սեղմվում է սարայի անկյունին։ Հելնայն այնպես ահավոր կերպով է ծռմռում մռութն ու ատամները ցցում, որ Հաֆյան նախ վախենում է, ու հետո սկսում տնազել նրան։
Որոշ ժամանակ հետո Բիհլը դուրս է գալիս ամբարի ետևից։ Հայֆյան նստել է ոստիկան Հելնայի ծնկներին ու պատմում է նրան, որ ինքը ճագարների վանդակ է ունենալու։
― Ոչինչ չգտա, ― բարկությամբ հայտնում է Բիհլը։ ― Բայց ես դեռ նորից կվերադառնամ այստեղ։ Չի կարող պատահել, որ․․․ Դուք Հերիչին պատվիրե՞լ եք՝ սայլակառք պատրաստել Ռիբարի գնալու համար։
― Սայլակառքն արդեն սպասում է, ― պատասխանում է Հելնայն ու ձեռքի թեթև հարվածով արձակում Հաֆյային։
― Հելնայ, դուք այս ամենի մասին ի՞նչ եք մտածում։
― Գիտեք ինչ, Բիհլ, ― լրջությամբ սկսում է Հելնայը ― Ես ընդհանրապես չեմ պատրաստվում այդ մասին մտածել։ Բավական է, քսանհինգ տարվա ընթացքում այնքան շատ եմ մտածել։ Զզզվեցրել է։
― Բայց ախր սպանությունը հանաք բան չի, ― հեղինակավոր տոնով բարբառում է Բիհլը։
― Հենց այդ է որ կա, Կարլուշա, հանաք բան չի, ― գլուխն օրորելով, պատասխանում է Հելնայը։ ― Միայն թե իմացեք, գյուղում կատարված սպանությանը բոլորովին այլ մոտեցում է հարկավոր։ Դուք քաղաքի մարդ եք, գլուխ չեք հանում այդ ամենից։ Եթե սպանությունը կատարված լիներ կողոպուտի նպատակով, ես ինքս էլ կփնտրեի ու կհոտոտեի ձեզ պես։ Բայց սպանությունը կատարված է ընտանեկան հանգամանքների պատճառով․․․ Ես կասեմ ձեզ, Բիհլ, բոլորովին էլ զարմանալի չէ, որ Հորդուբալին սպանել են։
― Ինչո՞ւ։
― Նա ծնվել էր այդպիսի դժբախտ աստղի տակ։ Աղավնյակս, այդ բանը գրված էր նրա քթին։
― Ինչպե՞ս, թե՝ քթին, ― ծիծաղում է Բիհլը։ ― Երիտասարդ բատրակը քնել է նրա անկողնում՝ ահա և ողջ պատմությունը։ Ամեն ինչ շատ պարզ է, սիրելի Հելնայ։
― Ինչպե՜ս չէ, ― մռթմռթում է Հելնայը։ ― Ոչ, այսպիսի դեպքերը երբեք պարզ չեն լինում։ Այ կտեսնեք, Կարել։ Փողի համար մարդուն մորթելը հասարակ բան է․ մեկ֊երկու, և վերջ։ Իսկ հիմա մտածեցեք՝ օրեր ու շաբաթներ մտադրությունը թաքցնել իր մեջ, գիշեր֊ցերեկ ծանրութեթև անել․․․ Գիտեք, Բիհլ, այդ նույնն է, թե դժոխքը դիտեք։ Ձեզ համար ամեն ինչ պարզ է, որովհետև դուք այստեղ նորեկ եք, իսկ ես բոլորին էլ գիտեմ, Կարլուշա, երեքին էլ։ Է՜, ինչ խոսես, գնացինք Ռիբարի։
===III===
― Շտեպանը տա՞նն է։
― Չէ, գնաց քաղաք։
Բիհլը Միհայ Մանյային հրում է մի կողմ ու ներս ընկնում տուն։ Այդ միջոցին Հելնայը ծերուկ Մանյայի ու Միհալի հետ խոսքի է բռնվում եղանակի, նապաստակների ու այն մասին, թե ինչու է նրանց աղբահորի ջուրը հոսում ճամփի վրա։
Բիհլը վերադառնում է։ Նրա հետ է Շտեպանը՝ գունատ, ամբողջովին խոտերի մեջ ու դիմադրում է։
― Իսկ ասում էիք՝ տանը չի՜, ― Միհայի վրա է հարձակվում Բիհլը։
― Նա առավոտից ասում էր, որ քաղաք է գնալու, ― մռթմռթում է Միհալը։ ― Ես նրան պահակ եմ, ինչ է։
Իսկ սա թաքնվել էր մարագում։ Ինչո՞ւ էիր թաքնվել, հը՞։
― Ես չէի թաքնվել, ― նոթերը կիտելով, ― ասում է Շտեպանը։ ― Ինչո՞ւ պիտի թաքնվեի։ Քնել էի։
― Երևում է, գիշերը քուններդ չե՞ք առել։
― Առել եմ, ինչու չէ։
― Ուրեմն, ինչո՞ւ էիք հիմա քնել։
― Որովհետև․․․ գործ չկար, ահա թե ինչու։ Բատրակություն անելով հալումաշ եղա, հերիք է։
― Երեկ սա աշխատում էր, աստված վկա, աշխատում էր, ամբողջ օրը վար էր անում, ― հապճեպորեն պաշտպանում է ծերուկ Մանյան։
― Օ՛խ֊օ՛խ֊հո՜, ― հառաչում է Հելնայը։ ― Ուրեմն, Շտեպան, դուք ի՞նչ կասեք այն մասին, ինչ պատահել է Հորդուբալին։
― Ես այդտեղ ոչ մի մեղք չունեմ, ― դուրս է թռչում Շտեպանի շրթունքներից։
― Ուրեմն, արդեն գիտե՞ք, որ նա սպանված է, ― հաղթականորեն բացականչում է Բիհլը։ ― Այդ որտեղի՞ց է հայտնի ձեզ։
― Ոչ մի տեղից։ Պարզապես որ ոստիկան տեսա, իսկույն մտածեցի, որ Հորդուբալին մի վատ բան է պատահել։
― Ինչո՞ւ հենց հատկապես Հորդուբալին։
― Որովհետև․․․ որովհետև մենք նրա հետ կռվեցինք։ ― Շտեպանը սեղմում է բռունցքներն ու ատամները։ ― Վռնդեց ինձ տնից, շունը։
Բիհլը թեթևակի հիասթափված է։
― Տեսեք, Մանյա, ուրեմն, դուք խոստովանում եք, որ կռվել եք Հորդուբալի հետ։
Շտեպանը չարությամբ քմծիծաղում է։
― Բոլորն էլ գիտեն այդ։
― Եվ դու ուզում էիր նրանից վրե՞ժ լուծել։
Շտեպանը փնչացնում է։
― Թե որ նա ինձ պատահեր․․․ չգիտեմ ինչ կանեի։
Բիհլը մի րոպե միտք է անում։ Շտեպանին այդպես հեշտությամբ վերցնել չես կարող։
― Այս գիշեր որտե՞ղ էիք, ― հարցնում է նա շեշտակի։
― Տանն էի, այստեղ։ Քնել էի։
― Մենք այդ դեռ կստուգենք։ Վկաներ կա՞ն։
― Կան։ Միհալը, Դյուլան, իմ ծերուկը։ Հարցրեք նրանց․
― Դուք ինձ մի սովորեցրեք, թե ում հարցնեմ, ― հարձակվում է նրա վրա Բիհլը։ ― Երեկ ցերեկը դուք խոսել եք Հորդուբալովայի հետ, ինչի՞ մասին։
― Ես նրա հետ չեմ խոսել, ― հաստատ ու կտրական հայտարարում է Շտեպանը։ ― Նույնիսկ չեմ էլ տեսել։
― Ստո՛ւմ եք։ Նա ինքը խոստովանեց, որ տեսակցության է եկել ձեզ մոտ։ Եվ դուք հարցրել եք, թե երբ գնաք ձեր իրերի ետևից։
― Տասը օր է՝ ես նրան չեմ տեսել, ― պնդում է Շտեպանը։ ― Ինչ նրանց մոտից հեռացել եմ, էլ Կրիվոյում չեմ եղել։ Տիրուհուն էլ չեմ տեսել։
Բիհլը կատաղում է։
― Սպասեք, ես ձեզ կսովորեցնեմ ճշմարտությունն ասել։ Գնանք, ցույց տվեք, թե այսօր որտե՞ղ եք քնել։
Շտեպանը, ուսերը թոթվելով, Բիհլին առաջնորդում է խրճիթ, Հելնայը ծեծում է պատուհանը։
― Է՛յ, ծերուկ, եկեք այստեղ։
Ծերուկ Մանյան դուրս է գալիս, աչքերը երկչոտությամբ թարթելով։
― Շնորհ արեք, ի՞նչ է պատահել։
― Հելնայը թափ է տալիս ձեռքը։
― Այս գիշեր Հորդուբալին ծեծլ են, փայտով հասցրել մռութին։ Լսեք, հայրիկ, հո այդ Շտեպանը չի՞ արել։
Ծերուկը տարուբերում է գլուխը։
― Ամոթ չլինի ասելը, չէ։ Շտեպանը չէր կարող, Շտեպանը տանն էր, իր տեղում քնած։ Հե՛յ, Միհալ, էստեղ արի։ Ասա, էս գիշեր Շտեպանը որտե՞ղ էր։
Միհալն սկզբում լռում է, ապա անշտապ ասում․
― Որտե՞ղ պիտի լիներ։ Դյուլայի ու ինձ հետ քնած էր վերևում։
― Այդպես, այդպես, ― գլխով է անում Հելնայը։ ― Ես այդպես էլ կարծում էի։ Իսկ Հորդուբալին գյուղում չէ՞ին սիրում։ Հարստացած ետ էր եկել Ամերիկայից և նույնիսկ հարևաններին չէր հյուրասիրել։
Ծերուկ Մանյան ձեռքը բարձրացնում է վեր։
― Օ՛հ, համա՜ թե հարստացել էր։ Մի քսակ ուներ վզից կախ, մեջը լիքը դոլարներ․․․
― Դուք տեսե՞լ եք։
Դե, իհարկե, ծեր Մանյան տեսել է, ախր Հորդուբալը եկել էր նրա կալվածը գնելու և ցույց տվեց փողերը։ Ամոթ չլինի ասելը, յոթ հարյուր դոլարից ավելի։ Իսկ գյուղում, ― ինչ որ ճիշտ է, ճի՛շտ է, ― նրան չէին սիրում։ Գոռոզ մարդը բարեկամ չի ունենա։
Հելնայը լրջությամբ գլխով է անում։
― Մանյա, այդ ինչո՞ւ է ձեր դուռը ամբողջովին ծակծկոտված։
― Մախաթից է։ Զամբյուղ գործելու մախաթը էնտեղ ենք խրում։ Կլոր տարին ցցված է լինում էնտեղ։
― Մի ցույց տաք, տեսնեմ, այդ ինչպիսի՞ մախաթ է, ― հետաքրքրվում է Հելնայը։ ― Առաջին անգամ եմ լսում, որ զամբյուղները մախաթով են գործում։
― Շիվերը այ էսպես են գործում։ ― Մանյան ձեռքով գծում է օդի մեջ։ ― Դեռ երեկ մախաթն էստեղ էր, ― բարկանում է նա։ ― Ո՞ւր կորավ, հը՞, Միհալ։
― Դե լավ, ― անտարբերությամբ ասում է Հելնայը։ ― Մի ուրիշ անգամ որ այստեղ գամ, կտեսնեմ։ Իսկ որ կեղտաջուրը հոսում է ճամփի վրա, այդ լավ չի, Մանյա։ Ճանապարհը պետական է։
― Ներող կլինեք։ Հենց որ գոմաղբը դաշտ տանելու եղանք, բոլորը կկրենք․․․
― Պետք է իսկական հոր պատրաստել, ցեմենտով։ Երևի տնտեսության մեջ փողը պակասո՞ւմ է։
― Օ՛հ, պակասում է, ծիծաղում է ծերուկը։ ― Հարկավոր է նոր ամբար շինել։ Միհալը հիմար տղա է։ Շտեպանը նրանից շատ ավելի խելոք է․ այ թե ով պիտի լիներ տնտեսության գլուխը։
Դյուլան դաշտից վերադառնում է՝ սայլի մեջ մի խտիտ խոտ, բայց աղմուկն այնքան շատ է, որ ասես ամպրոպ է բերում։
― Մոտ արի, երիտասարդ, ― հայրաբար կանչում է նրան Հելնայը։ ― Կարգի համար քեզ էլ հարցաքննեմ։ Այս գիշեր Շտեպանը որտե՞ղ էր։
Դյուլան, բերանը լայն բացած, հարցական նայում է ծերուկին ու Միհալին։ Բայց ոչ ոք հոնքն էլ չի շարժում։
― Էստեղ էր, ― փնթփնթում է Դյուլան, ― Միհալի ու ինձ հետ քնել էր չարդախում։
― Ապրես, ― գովում է Հելնայը։ ― Իսկ դու կուզեի՞ր ծառայել հեծելազորում։
Պատանու աչքերը փայլում են։
― Էն էլ ո՜նց։
Բիհլը դուրս է գալիս խրճիթից, կամացուկ հայհոյելով։
― Այստեղ եկեք, Հելնայ։ Ես մի փոքր հասցրի Շտեպանի մռութին ու փակեցի խրճիթում։
― Այդ չի թույլատրվում, ― նկատում է Հելնայը։ Անձի անձեռնմխելիություն և նման բաներ։
Բիհլը անհարգալից քմծիծաղում է։
― Ես թքել եմ քո այդ անձի անձեռնմխելիության վրա։ Վատն այն է, որ ես ոչինչ չգտա։ Իսկ դո՞ւք ինչպես։
― Կարել, ինչպես շուռ ես տալիս, ալիբի է։ Ամբողջ գիշեր շնթռել է խոտանոցում, ինչպես օրինակելի մի տղա։
― Ստո՛ւմ են, ― բացականչում է Բիհլը։
― Պարզ է, փչում են։ Բարեկամս, այդ բանը նստած է նրանց արյան մեջ։
― Դատարանում կխոսեն, ― չարանում է Բիհլը։
― Դուք սրանց վատ եք ճանաչում։ Կհրաժարվեն ցուցմունքնեից կամ սուտ երդում կտան։ Ասես ոչինչ էլ չի եղել։ Կարել, դա գյուղում մի տեսակ ժողովրդական սովորույթի նման բան է։
― Ուրեմն, ի՞նչ անենք, ― խոժոռվում է Բիհլը։ ― Ինչ եք կարծում, Հելնայ, Շտեպանին չձերբակալե՞նք։ Կարելի է գլխով երաշխավորել, որ այդ նա է․․․
Հելնայը գլխով է անում։
― Պարզ է։ Միայն տեսեք, Բիհլ․․․
Նա չվերջացրեց։ Ինչ֊որ տեղ թեթև զնգաց ապակին։
― Կանգնի՛ր, ― բղավեց Բիլհն ու նետվեց դեպի տան անկյունը։ Հելնայը հետևեց նրան։ Երկու մարդ թավալ էին տալիս գետնին։ Ի վերջո Բիհլը հայտնվեց վերևում։
― Տվեք, ես նրան բռնեմ, Կարել, ― առաջարկեց Հելնայը։
Բիհլը բարձրանում է տեղից և, Շտեպանի ձեռքերը ոլորելով, քարշ է տալիս իր ետևից։
― Շարժվիր, շարժվիր, ― խռխռում է նա։ ― Վեր կաց։ Ես քեզ ցույց կտամ, թե ինչ է նշանակում փախչել։
Շտեպանը, ծանր շնչելով, ցավից կնճռոտվում է։
― Թողեք, ― խռպոտ փնթփնթում է նա։ ― Ես ուզում էի միայն Կրիվոյ գնալ․․․ իրերի ետևից։
Դյուլան նետվում է նրանց միջև։
― Բաց թողեք նրան, ― բղավում է նա։ ― Թե չէ, ես․․․
Հելնայը բռնում է Դյուլայի ուսից։
― Կամաց, կամաց, փոքրիկ։ Իսկ դուք, Միհալ, մի խառնվեք ձեզ չվերաբերող գործի մեջ։ Շտեպան Մանյա, օրենքի անունից դուք ձերբակալված եք։ Դե գնա, հիմար, գնա։
Շտեպան Մանյային տանում են քաղաք։ Նա արդեն ձիու վրա չէ, չի թռչում հպարտորեն վեր բարձրացրած գլխով, բայց և այնպես մարդիկ կանգ են առնում նայելու նրան։ Կողքերին ոստիկաններ են, հրցանները պահած ոտքերի արանքը։ Շտեպանի գլխարկը չի թեքված ծոծրակին, նա չի նայում դեպի հովիտ՝ ահա այնտեղ գետն է, այնտեղ ձիերն են արածում, եղեգների ետևից ճահճուտն է երևում․․․ Շտեպանը նստել է լուռ, հայացքը հառել ձիու շիկակարմիր մեջքին։
Հելնայն արձակում է զգեստի կոճակներն ու Շտեպանի հետ բարեկամական զրույցի բռնվում։ Հորդուբալի մասին ոչ մի խոսք, մի գլուխ տնտեսության մասին, Ռիբարիի տան ու ձիերի մասին։ Սկզբում Շտեպանը խրտնում է, հետո տարվում խոսակցությամբ։
Այո, այո, լավ հովատակ էր։ Տերը իզուր ծախեց նրան, աստված գիտե՝ ում և ինչու։ Նրա համար կարելի էր ութ հազար վերցնել, ծախել ձիաբուծարանին, իսկ դրանից առաջ բաց թողնել այն սև զամբիկի վրա։ Է՛խ, պարոն, կուզեի մտիկ տալ նրանց․․․ Մանյայի աչքերը վառվում են։ Այդպիսի ձին տերը վաճառեց, մեղք է, ուրիշ ոչինչ։ Հարկավոր էր ծախել մալած ձին կամ զամբիկը, այ թե ինչ։ Եվ ոչ թե հովատակը․․․ Շտեպանն անկեղծորեն հուզված է։
«Ձերբակալվածի հետ խոսել չի թույլատրվում, բացի զուտ պաշտոնական խոսակցությունից», ― վշտացած մտածում է Բիլհը։
― Այ թե կթողներ մեզ այն հովատակը, ― ասում է Շտեպանը ասես ինքն իրեն, ― սանձերը ես ինքս կվերցնեի․․․ Է՛խ, համա՜ թե կզբոսնեինք․․․
===IV===
― Տեսեք, Հելնայ, ― ասաց երեկոյան Բիհլը, ― սա յուրայիններից մեկն ու մեկն է։ Պատուհանը ներսից դուրս է սեղմված, որպեսզի կոտրելու նման լինի։ Դռնով անհնար էր խրճիթ ընկնել, դուռը փակված էր սողնակով։ Ուրեմն, արդեն երեկոյից մարդասպանը տանն է եղել․․․
― Չի եղել, ― առարկում է Հելնայը։ ― Հաֆյան ինձ ասաց, որ քեռի Շտեպանը երեկոյան նրանց մոտ չի եղել։
― Լավ։ Ուրեմն, տնեցիներից մեկն է գիշերը ներս թողել նրան։ Շտեպանն այստեղ հինգ տարի բատրակություն է արել։ Ամբողջ գյուղը գիտե, որ այդ ժամանակաշրջանում նա սիրային կապի մեջ է եղել տանտիրուհու հետ։
― Սպասեցեք։ Նախ՝ ընդամենը միայն չորս տարի։ Առաջին անգամ այդ բանը պատահել է մարագում։ Հետո նա ամեն գիշեր գնացել է ախոռ։ Ես այս ամենը Հաֆյայից իմացա, Կարել։
― Ձեր այդ Հաֆյան ինչ֊որ շատ բան գիտի, ― ծիծաղեց Բիհլը։
― Այո, գյուղական բոլոր երեխաներն ել այդպես են․․․
― Հիմա շարունակենք․ անշուշտ Հորդուբալովան հղի է Շտեպանից։ Չէ որ Հորդուբալը միայն հուլիսին է վերադարձել Ամերիկայից։ Կինը գիտեր, որ այդ ամենը կբացվի։ Հորդուբալը չէր պատրաստվում կնոջը որևէ մեկի հետ բաժանել։
Հելնայը բացասաբար շարժեց գլուխը։
― Հազիվ թե, Բիհլ։ Հորդուբալը քնում էր գոմում, իսկ կինը չարդախում կամ մառանում։ Ես այդ իմացա հարևանուհուց։
― Այնուամենայնիվ, գնացել է բատրակի մոտ։
― Դժվար է ասել, ― մտախոհ ասաց Հելնայը։ ― Հաֆյան կարծում է, թե չի գնացել։ Ճիշտ է, վերջին ժամանակներս Պոլանան բացակայել է տնից։ Հարևանուհին նկատել է, թե նա ինչպես է գնացել դյուղից դուրս ինչ֊որ տեղ։
― Այ քեզ մա՜րդ, ― զարմանում է Բիհլը։ ― Պառավ կնկա պես բամբասանքներ եք հավաքել։ Իսկ ես աշխատում եմ պատկերը տրամաբանորեն վերստեղծել։
― Ա՛խ, այդպե՜ս։ Իսկ ավելի լավ չի, Կարլուշա, որ մտքիդ մեջ զբաղվես այդ բանով։
― Ոչ, բարձրաձայն ավելի լավ է ստացվում։ Եվ այսպես․ այդ դդում Հորդուբալն այնքան է վստահել Շտեպանին, որ անչափահաս Հաֆյային նշանել է նրա հետ։ Հելնայ, մտածեցեք միայն, ախր սա իսկական միջնադար է՝ երեխային նշանել։
Հելնայը ուսերն է թոթվում։
― Բայց հետո, ինչպես երևում է, Հորդուբալը գլխի է ընկել, որ կինը դավաճանում է իրեն, և Շտեպանին վռնդում է։
Հելնայը փնչացնում է դժգոհությամբ։
― Ի՞նչ եք պատմում, Բիհլ։ Նախ Շտեպանն է հեռանում նրանց մոտից, և հետո միայն Հորդուբալը նրան նշանում է Հաֆյայի հետ։ Հարցրեք գյուղում ուզածդ կնկան։
― Հը՜մ, ― Շփոթվում է Բիհլը։ ― Ուըեմն, այդ ամենն ինչպե՞ս կապել իրար հետ։
― Չգիտեմ Կարել, չգիտեմ։ Ես չեմ կարողանում կազմել այդ․․․ ինչպես ասացիք․․․ տրամաբանական պատկերները։ Այդ ամբողջ գործը ընտանեկան ողբերգություն է, և բոլորովին ոչ պարզ մի դեպք։ Դե, չի էլ կարող պարզ լինել։ Դուք ընտանիք չունե՞ք, Բիհլ։ Ա՛յ, բանն էլ հենց այդ է։
― Բայց ախր ամեն ինչ պարզ է, Հելնայ, ինչպես երկու անգամ երկու՝ չորս։ Պոլանան ուզում է ամուսնուց ազատվել, Շտեպանը դեմ չէ մտնել ընտանիքի կազմի մեջ իբրև փեսա։ Նրանք պայմանավորվում են, և պատրաստ է։ Երեկ այդ կինը վազել է նրա ետևից․․․
Հելնայը գլուխն է օրորում։
― Նորից այն չէ։ Հաֆյան ասում է, որ երեկ հայրն է ուղարկել նրան․ գնա, Շտեպանին կանչիր, թող ետ գա։ Բայց, ասենք, իմ ինչ գործն է։ Լսեցեք, Բիհլ, հանգուցյալի վզին փողի քսակ չկա՞ր կապած։
― Ի՞նչ քսակ, ― զարմանում է Բիհլը։ ― Ոչինչ էլ չկար։
― Այ տեսնում եք, ― ասում է Հելնայը։ ― Իսկ քսակում ավելի քան յոթ հարյուր դոլարի մի գումար է եղել։ Փնտրեցեք, Կարել։
― Դուք կարծում եք, թե այդ սպանությունը կատարվել է կողոպուտի նպատակո՞վ։
― Ես ոչինչ էլ չեմ կարծում։ Բայց փողերը հո չքացել են։ Ծերուկ Մանյան մի անգամ տեսել է դրանք Հորդուբալի մոտ։ Իսկ Մանյաների ընտանիքը փողի կարիք է զգում։ Նրանք ուզում են նոր ամբար կառուցել։
Բիհլը կամացուկ սուլում է։
―Այդ֊պե֊ե՜ս։ Ուրեմն, իսկական պատճառը փո՞ղն է։
― Հնարավոր է, ― համաձայնում է Հելնայը։ ― Սովորաբար այդպես է լինում։ Կամ վրեժխնդրություն, Բիհլ։ Դա ևս լուրջ վերսիա է։ Հորդուբալը Շտեպանին դուրս է շպրտել ցանկապատի վրայով։ Ուղիղ եղինջների մեջ։ Այդպիսի գործի համար գյուղում դանակով են վրեժ լուծում, Կարել։ Այնպես որ կարող եք ընտրել ուզածդ վերսիան, որն ավելի հարմար է ձեր ճաշակին։
― Դրանով ի՞նչ եք ուզում ասել, ― խոժոռվում է Բիհլը։
― Ուզում եմ օգնել ձեզ՝ պատկերը տրամաբանորեն վերստեղծելու, ― անմեղորեն նկատում է Հելնայը։ ― Լիովին հնարավոր է նաև, որ Մանյան Հորդուբալին սպանած լինի հովատակի համար։
― Դե, այդ արդեն հիմարություն է։
― Հենց այդ է որ կա։ Սիրելի Բիհլ, ընտանեկան գործերում հենց հիմարությունից էլ սպանում են։
Բիհլը նեղացած լռում է։
― Մի բարկանաք, Կարլուշա, ― ասում է Հելնայը։ ― Ուզո՞ւմ եք ասեմ, թե Հորդուբալն ինչով է սպանված։ Զամբյուղ գործելու մախաթով։
― Ի՞նչ գիտեք։
― Երեկ Մանյայի մախաթը կորել է։ Փնտրեք այն, Բիհլ։
― Իսկ դա ի՞նչ տեսք ունի։
― Չգիտեմ։ Երևի մեծ ասեղի նման մի բան է։ Ահա և բոլոր նորությունները, Բիհլ, ― եզրափակում է Հելնայը, սկսելով կենտրոնացած թափ տալ ծխամորճը։ ― Բացի, թերևս, նրանից, որ Մանյաները պիտի գոմաղբը դաշտ կրեն։
===V===
Հելնայն ու Բիհլը, գինի խմելով, սպասում են դիահերձման ավարտին։
― Բիհլ, ապակի կտրելու այդ ալմաստը որտե՞ղ գտաք։
― Հորդուբալովների մառանում։ Սրան ի՞նչ կասեք։
― Այ թե ինչ մարդիկ են այդ գյուղացիները, ― վշտացած ասում է Հելնայը։ ― Նա ափսոսում է իրը դեն նետել, եթե դա նույնիսկ հանցանշան է։ Հասկանում եք, պետք կգա տնտեսության մեջ։ ― Հելնայը թքում է վարպետությամբ։ ― Գծուծնե՛ր։
― Հորդուբալովան հավատացնում է, որ ալմաստը վաղուց են ունեցել, դեռևս մինչև Հորդուբալի Ամերիկա գնալը։ Բայց ապակեգործ Ֆարկաշը հիշեց, որ սրանից մի ամիս առաջ ալմաստը Շտեպանն է իրենից գնել։
Հելնայը շվվացրեց։
― Ամբողջ մի ամի՜ս։ Բիհլ, այ տեսնում եք, թե ինչ տարօրինակ բան է․ նրանք այդ ամենը մտածել են մի ամիս առաջ։ Մեկնումեկին, թերևս, ես կարող եմ տաքացած ժամանակ հանկարծ սպանել։ Բայց ահա այդպես պատրաստվել երկար, կամաց֊կամաց․․․ Իսկ դոլարները, ասում եք, չգտնվեցի՞ն։
― Ոչ։ Բայց մառանում, բացի դրանից, կար նաև էլեկտրական մի լապտեր։ Հիմա ես կպարզեմ, թե Շտեպանը երբ և որտեղից է գնել այն։ Նույնպես իրեղեն ապացույց է, հը՞։ Իմ կարծիքով, կան բավականաչափ հիմքեր, որպեսզի իշխանությունները Հորդուբալովային ձերբակալելու օրդեր տան։ Իսկ նրանք պահանջում են, որ մենք էլի ինչ֊որ լուրջ հանցանշաններ գտնենք։
Հելնայը շուռումուռ է գալիս աթոռի վրա։
― Կարել, ես էլ որոշ բաներ ունեմ։ Շտեպանի փեսան, ոմն Յանոշ, պատմում է, որ իբր Շտեպանը մի շաբաթ առաջ եկել է նրա մոտ արտը և ասել․ «Յանոշ, դու կարող ես մի լավ նվեր ստանալ՝ մի զույգ եզ, որոնց ինքդ կընտրես շուկայում, և այդ ամենը, իբր, մի թեթև գործի համար՝ եթե վերջ տաս Յուրայ Հորդուբալին»։
― Լա՜վ է, ― հիանում է Բիհլը։ ― Իսկ Յանոշն ի՞նչ է պատասխանում։
― «Գնա գործիդ, ― իբր ասել է Յանոշը։ ― Քեզ այդքան փող որտեղի՞ց»։ ― «Ես չունեմ, ― պատասխանում է Շտեպանը, ― դրա փոխարեն տիրուհին ունի։ Իսկ մենք պայմանավորվել ենք ամուսնանալ, հենց որ Հորդուբալից ազատվենք»։
― Ուրեմն, բռնվեցին, ― խորը հառաչում է Բիհլը։ ― Երկուսով միատեսակ խառն են գործի մեջ։
Հելնայը գլխով է անում։
Դոկտորը դուրս է գալիս։ Նա դիահերձումը վերջացրել ու շտապում է, արագ֊արագ փոխելով կարճլիկ տոտիկները և կարճատես աչքերը շուրջը հածելով։
― Պարոն դոկտոր, ― ձայն է տալիս նրան Հելնայը, ― չէի՞ք կարող մի րոպե սպասել։
― Ա՜, ― արձագանքում է դոկտորը։ ― Դե, ենթադրենք։ Ինձ մի գավաթ սալորօղի։ Խեղճն արդեն հոտում է։ Հաճելի աշխատանք չի։ ― Նա մի թափով դատարկում է գավաթն ու կռնչում։ ― Պարոնայք, իսկ գիտեք, որ նրանք սպանել են հանգուցյալին։
― Բիհլը չռում է աչքերը։
― Ի՞֊ի՞նչ․․․
― Համարյա հանգուցյալլին։ Նա արդեն հազիվ շնչելիս է եղել։ Հոգևարք։ Ամենաուժեղ կարգի թոքերի բորբոքում։ Հանգուցյալը նույնիսկ մինչև առավոտ չէր ապրի։
― Ուրեմն, սպանությունը անտեղի՞ է եղել, ― դանդաղ ասում է Հելնայը։
― Այո։ Բացի դրանից, աորտայի վրա բռնցքաչափ մի ուռուցք կա։ Նույնիսկ եթե թոքաբորբը չլիներ, բավական էր մի թեթև ցնցում, և վերջ։ Թշվա՜ռ։
Ոստիկանները ընկճված լռում են։ Վերջապես Բիհլը հազում է ու հարցնում․
― Իսկ մահվան պատճա՞ռը, դոկտոր։
― Սպանություն։ Սրտի ծակում ձախ խորշի շրջանում։ Շատ քիչ արյուն է հոսել, որովհետև մարդն արդեն հոգևարքի մեջ է եղել։
― Ձեր կարծիքով, վերքն ինչո՞վ է հասցված։
― Չգիտեմ։ Մեխով, մախաթով, պարկ կտրելու մեծ ասեղով։ Կարճ ասած՝ մոտ տասը սանտիմետնրանոց մետաղյա բարակ, սրածայր, կողավոր գործիքով, որն ունի լայնակի, ձվաձև կտրվածք․․․ Բավարարվա՞ծ եք։
Հելնայը բաժակը շուռումուռ է տալիս հաստ մատների մեջ։
― Դոկտոր, իսկ ինչ կասեիք․․․ չի՞ կարելի համարել, որ նա․․․ մեռել է թոքերի բորբոքումից։ Գիտեք, եթե նրան վիճակված էր մեռնել․․․ արժե՞ այս ամբողջ աղմուկը բարձրացնել։
― Ո՛չ, Հելնայ, այդպես չի կարելի, ― բղավում է Բիլհը։ ― Ախր սպանությունն առկա է։
Դոկտորը փայլեցնում է ակնոցը։
― Այդ ցավալի կլիներ, պարոնայք։ Դեպքը հույժ հետաքրքրական է։ Ասեղով կամ դրա նման մի բանով սպանություն հազվադեպ է պատահում։ Ես, սպանվածի սիրտը կդնեմ սպիրտի մեջ և կուղարկեմ, ― դոկտորը ճառագայթում էր, ― կուղարկեմ Պրագա՝ նշանավոր մի փորձագետի։ Այնպես որ դուք կստանաք ամենահեղինակավոր մի եզրակացություն։ Ինչ արած՝ սա սպանություն է, այդպես է ասում օրենքը։ Բայց, աստվա՛ծ իմ, ի՜նչ անտեղի սպանություն։
― Ինչ արած, ― կրկնում թ Հելնայը։ ― Իսկ մի ավանակ գտնում է, որ սա պարզ դեպք է․․․