==Երրորդ մաս==
― ․․․ Դատական նիստը՝ գործով Շտեպան Մանյայի, քսանվեց տարեկան, բատրակ, ամուրի, դավանանքը՝ ռեֆորմատորական, և Պոլանա Հորդուբալովայի, ծնյալ Դուրկոլովա, այրի, երեսունմեկ տարեկան, դավանանքը՝ հռոմեակաթոլիկական, որոնք մեղադրվում են իբրև գործակիցներ Կրիվոյ գյուղի բնակիչ Յուրայ Հորդուբալի կանխավ մտածված սպանության մեջ, հայտարարում եմ բացված։
Մեղադրյալ Մանյա, ոտքի՛։ Դուք լսեցիք մեղադրական եզրակացությունը։ Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք։
Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում։ Յուրայ Հորդուբալին չի սպանել, այն գիշեր քնել է իր տանը, Ռիբարիում։ Գերանի տակ եղած փողերն ստացել է տիրոջից իբրև Հաֆյայի օժիտ։ Ապակեգործից ալմաստ չի գնել։ Տանտիրուհու հետ կապի մեջ չի եղել։ Ուրիշ ասելիք չունի։
Մեղադրյալ Հորդուբալովան իրեն մեղավոր չի ճանաչում։ Սպանության մասին ոչինչ չի իմացել, միայն առավոտյան․․․ Այն հարցին, թե որտեղից գիտեր, որ ամուսինն սպանված է, հայտնում է, որ տեսել է միայն ջարդված պատուհանը։ Բատրակի հետ կապի մեջ չի եղել։ Ալմաստը մի քանի տարի առաջ գնել էր ինքը տան տերը։ Մարդասպանը ավելի շուտ ներս է մտել պատուհանից, որովհետև դուռն ամբողջ գիշեր փակ է եղել։
Մեղադրյալը նստում է՝ տգեղացած, դեղնած, հղիության վերջին շրջանում, որի պատճառով ստիպված եղան նույնիսկ գործի քննությունը արագացնել։
Դատական պրոցեսը ձգձգվում է, ենթարկվելով դատավարության անողոք հնամոլությանը։ Ընթերցվում են արձանագրություններ ու եզրակացություններ, թղթերը խշխշում են, երդվյալները ջանում են ուշադիր ու բարեպաշտ ունկնդիրների տեսք ընդունել։ Մեղադրյալ կինը նստած է անշարժ, ինչպես արձան, միայն աչքերն են անհանգիստ պսպղում։ Ժամանակ առ ժամանակ Շտեպան Մանյան սրբում է ճակատի քրտինքն ու աշխատում գլուխ հանել բոլոր լսածներից։ Ով գիտե՝ ինչ խոչընդոտներ կան այստեղ, գործն ինչպես շուռ կտան այս ծանրակշիռ պարոնները։ Գլուխը հարգալիր խոնարհած, Շտեպանը լսում է ու շրթունքները շարժում, ասես յուրաքանչյուր բառը մտքում կրկնելով։
Դատարանն անցնում է վկաների հարցաքննությանը։
Կանչվում է Վասիլի Հերիչը, Կրիվոյ գյուղի տանուտերը, բարձրահասակ, թիկնեղ մի մարդ։ Նա անշտապ ու լուրջ կրկնում է երդման խոսքերը։
Վկան առաջիններից մեկն է տեսել հանգուցյալին։ Ճի՞շտ է, որ այդ ժամանակ նա ասել է՝ «տան մարդու գործ է»։
― Ճիշտ է։
― Իսկ ինչո՞ւ։
― Այնպես, ենթադրությամբ, ձերդ ողորմածություն։
― Վկա Հերիչ, ձեզ հայտնի՞ է, որ Պոլանա Հորդուբալովան կապի մեջ է եղել Շտեպան Մանյայի հետ։
Վկային հայտնի է, դեռևս մինչև Հորդուբալի վերադարձը նա դրա համար հանդիմանել է Պոլանային։
― Արդյոք Հորդուբալը չի՞ նեղացրել իր կնոջը։
― Ձերդ ողորմածություն, դրա համար լավ քոթակել էր հարկավոր նրան, ― բռնկվում է Վասիլի Հերիչը, ― քամին գլխից հանել։ Նա չէր ուզում նույնիսկ ամուսնու համար ճաշ պատրաստել։
― Արդյոք Հորդուբալը կնոջից գանգատվո՞ւմ էր։
― Ոչ, չէր գանգատվում, միայն մարդկանց աչքից թաքնվում էր ու մոմի պես հալվում։
Պոլանան նստել է շիփ շիտակ ու նայում է տարածության մեջ։
Ոստիկանական հեծելավագ Հելնայը ցուցմունք է տալիս համաձայն մեղադրական եզրակացության։ Նա ուշադրություն է հրավիրում իրեղեն ապացույցների վրա։ Ահա հանգուցյալի խրճիթի ապակին, որը ներսի կողմից քերծված է ալմաստով։ Այն օրը ցեխ էր, և հենց պատուհանի տակ ջրագուբ կար, մինչդեռ խրճիթում ցեխի ոչ մի հետք չի հայտնաբերված, և պատուհանի փոշին էլ մնացել էր անվթար։
Մեծ մարդը կարո՞ղ է այդ անցքից ներս մտնել։
― Ոչ, չի կարող։ Գլուխը միայն կանցնի, իսկ իրանը կլռվի֊կմնա։
Հարցաքննվում է կրտսեր ոստիկան Բիհլը։ Նա կանգնած է ինչպես շքահանդեսում, համակված պաշտոնեական եռանդով։ Նրա ցուցումնքները ճշտորեն համապատասխանում են մեղադրական ակտին։ Ալմաստը նա գտել է փակ արկղում։ Մեղադրյալ Հորդուբալովան չուզեց բանալին տալ, հավատացնելով, թե բանալին կորել է։ Արկղը կտրեցին, իսկ բանալին հետագայում գտնվեց վարսակով լցված դույլի հատակում։ Վկան Ռիբարիում գտել է նաև հանգուցյալի փողերը։
― Բացի դրանից, ― ձայնը բարձրացնում է Բիհլը, ― պարոն դատավոր, ես ինձ թույլ եմ տվել ևս մի բան բերել։ ― Բիհլը բացում է թաշկինակը։ ― Ես սա գտա երեկ, երբ Մանյայի գոմաղբը դաշտ էին փոխադրում։ Սա նետված էր աղբահորը։
Բիհլը դատավորի սեղանին է դնում մի բարակ սրածայր մետաղյա առարկա՝ ձվաձև կտրվածքով, մոտ տասնհինգ սանտիմետր երկարությամբ։
― Սա ի՞նչ է։
― Հաճեցեք նկատել, սա զամբյուղ գործելու մախաթ է։ Պատկանում է Մանյաների ընտանիքին և անհետացել էր սպանության օրը։
Բիհլը իրեն պահում է անխռով կերպով, սակայն ընդհանուր ուշադրությունից հոգու խորքում ցնծում է ու հրճվում։ Հինգ շաբաթ նա փնտրում էր այդ անիծյալ մախաթը և, վերջապես, ահա այն։
― Մեղադրյալ, այս առարկան ծանո՞թ է ձեզ։
― Ոչ, ծանոթ չի։
Մռայլ, համառող Շտեպանը նստում է իր տեղը։
Ցուցմունք է տալիս դոկտորը։ Նա պնդում է, որ սպանությունը կատարվել է ձվաձև կտրվածքի բարակ, սրածայր առարկայով։ Եթե Հորդուբալը գնդակահարված լիներ, գնդակը կմնար մարմնի մեջ։ Մինչդեռ գնդակի ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Դոկտորը երկար֊բարակ բացատրում է ծակող և հրազենային վերքերի տարբերությունը։ Բացի դրանից, այդքան փոքր կալիբրի դեպքում կրակոցը պետք է կատարվի համարյա դիմահար, այնպես որ մաշկի վրա այրվածք կլիներ, կամ համենայն դեպս շապիկը կխանձվեր։
― Վերքը կարո՞ղ էր հասցվել այս առարկայով։
― Այո, կարող էր։ Չի կարելի համոզված ասել, թե հենց հատկապես սրանով, բայց համենայն դեպս այս առարկան այնքան բարակ է ու սուր, որ կարող էր այդպիսի վերք հասցնել։ Խիստ հարմար իր է, ― գնահատում է դոկտորը։ ― Այո, մահը վրա է հասել վայրկենապես։
Եվ իմպուլսով դոկտորը վազելով վերադառնում է իր տեղը։
Ցուցմունք է տալիս բանտային բժիշկը։ Բոլոր նշաններից երևում է, որ Պոլանա Հորդուբալովան գտնվում է հղիության ութերորդ ամսվա մեջ։
― Մեղադրյալ, ― ասում է դատավորը։ ― Կարող եք ոտքի չկանգնել։ Ո՞վ է այն երեխայի հայրը, որին դուք սպասում եք։
― Յուրայը, ― աչքերը խոնարհելով, շշնջում է Պոլանան։
― Այսօր լրացավ Հորդուբալի վերադարձի հինգ ամիսը։ Ուրեմն երեխան ո՞ւմն է։
Պոլանան լռում է։
Ծերուկ Մանյան հրաժարվում է ցուցմունք տալուց։ Շտեպանը նստել է, ձեռքերով երեսը ծածկած, ծերուկը կումաչե թաշկինակով սրբում է արցունքները։
― Ի դեպ, Մանյա, այս առարկան ծանո՞թ է ձեզ։
Ծեր Մանյան գլխով հաստատական նշան է անում։
― Ախր սա մեր մախաթն է, մենք սրանով զամբյուղ ենք գործում։ ― Եվ նա ուզում է մախաթը գրպանը խոթել։
― Ոչ, ոչ, ծերուկ, մախաթը կմնա այստեղ։
Միհալը և Դյուլան նույնպես հրաժարվում են ցուցմունքեր տալուց։ Դատավորը կանչել է տալիս Մարիա Յանոշովային։
― Ցուցմունքներ կտա՞ք։
― Կտամ։
― Ճի՞շտ է, որ ձեր եղբայր Շտեպանը դրդել է ձեր ամուսնուն՝ սպանելու Յուրայ Հորդուբալին։
― Ճիշտ է, ձերդ ողորմածություն։ Բայց իմ ամուսինը այդպիսի բան անողը չի։ Թեկուզ հարյուր ջուխտ եզ տաս նրան։
― Շտեպանը տանտիրուհու հետ սիրային կապերի մեջ եղե՞լ է։
― Հապա ո՜նց, հենց ինքն էր տանը պարծենում։ Ձերդ ողորմածություն, Շտեպանը վատ մարդ է։ Լավ բան չէր նրան նշանել փոքր երեխայի հետ։ Փառք աստծու, որ ամեն ինչ խանգարվեց։
― Վկա, իսկ ինչ կասեք, ձեր եղբայրը շա՞տ չարացավ, երբ Հորդուբալը դուրս արեց նրան։
Մարիան երեսին խաչ է հանում։
― Ա՛խ, տեր աստված, ման էր գալիս ոնց որ սատանա, ոչ ուտում էր, ոչ խմում, նույնիսկ ծխելը թողեց․․․
Վկային արձակում են, նա դռների մեջ, արտասվելով, շուռ է գալիս։
― Ա՛խ, ձերդ ողորմածություն, ինչքա՜ն եմ խղճում Շտեպանին։ Թույլ կտա՞ք մի քիչ փող թողնեմ նրան սնունդի համար։
― Ոչ, ոչ, մայրիկ, նրան փող հարկավոր չի։ Գնացեք աստուծով։
Դատարանը կանչում է վկա Յանոշին։
― Ցուցմունքեր կտա՞ք։
― Ինչպես պարոնները կհրամայեն։
― Ճի՞շտ է, որ Շտեպանը առաջարկել է ձեզ՝ սպանել Հորդուբալին։
Վկան աչքերն է թարթում շփոթված։
― Ճիշտ է, Շտեպանը մի բանի մասին ակնարկեց ինձ։ Իբրև դու աղքատ ես, Յանոշ, բայց կարող ես հարստանալ։
― Ինչպե՞ս հարստանալ։
― Ի՞նչ իմանամ, ձերդ ողորմածություն։ Ախր վաղուցվա բան է, ամեն ինչ մարդու միտ կմնա՞։ Փողի մասին խոսք եղել է։ Շտեպանը միշտ էլ փող ունեցել է։ Ինչո՞ւ պիտի ամեն տեսակ հիմարություններ հիշեմ։ «Դու հիմար ես», ― ասում է։ Թող հիմար լինեմ։ Հիմարության համար մարդուն կախաղան չեն հանում։
― Վկա, իսկ դուք հարբած չե՞ք։
― Ձերդ ողորմածություն, մի թաս խմել եմ՝ սրտապնդվելու համար։ Պետերի հետ խոսելը վախենալու է։
Դատական նիստը հետաձգվում է հաջորդ օրվան։
Շտեպանն աշխատում է հայացքով հանդիպել Պոլանային, սակայն Հորդուբալի այրին, ասես ոսկրից պատրաստած արձան, չի նայում Շտեպանին, գնում է՝ լղար, տգեղ, անճարպիկ։ Շտեպանի վրա ոչ ոք չի նայում, միայն Պոլանայի։ Շտեպանն ի՛նչ։ Թխամորթ մի երիտասարդ։ Մե՜ծ բան՝ տղամարդը տղամարդ է սպանել։ Իսկ ահա երբ սեփական կինն է սպանում ամուսնուն, ― տե՜ր իմ աստված։ Ի՞նչ կյանք է, եթե նույնիսկ կնոջդ չես կարող հավատալ։ Մարդ իր տանը, սեփական անկողնում էլ չի կարող հանգիստ լինել․ մեկ էլ տեսար սպանեցին, ոնց որ անասուններին սպանդանոցում։
Հորդուբալի այրին անցնում է ասես ատելության պարիսպների միջով, որոնք միանում են իրար նրա ետևում, ինչպես ալիքներ։
― Է՛հ, Հորդուբալը պիտի կացնահար աներ սրան, ոնց որ թալակն ընկած գելին։ Կախել է հարկավոր, ― հուզվում են կանայք։
― Թե որ Պոլանային չկախեն, կնշանակի աշխարհում արդարություն չկա։
― Կնանիք, ձեններդ կտրեք, ― փնթփնթում են գյուղացիները։ ― Կնանքանց չեն կախում։ Բանտ կդնեն մինչև մեռնելը։
― Եթե կանայք դատելու լինեին, կկախեին այդ զիբիլին։
― Ես ինքս օղակը նրա վիզը կգցեի։
― Թո՛ղ, Մարիկա, էդ կնկա գործ չի։ Իսկ այ Շտեպկային հաստատ կկախեն։
― Այ կտեսնես, Շտեպկային կկախեն, բայց ախր նա սպանել է օտար մարդու։ Չէ, թե որ Պոլանային չկախեն, բոլոր կնանիք կսկսեն մարդկերանց սպանել։
― Դե, նրան ո՞նց կախեն, ախր երեխի է սպասում։
― Չէ մի, երեխի՜։ Սատանա կծնի, ոչ թե երեխա։
Դատարանը կանչում է վկա Սիմոն Ֆազեկեշին, մականվանյալ Լեցա։ Սպանության օրը նա Պոլանային տեսել է Շտեպանի հետ։ Մեղադրյալները կանգնած էին առվի ափին։
― Շտեպան Մանյա, դուք շարունակում եք պնդել, որ այն օրը Կրիվոյում չեք եղել ու չե՞ք տեսնվել Պոլանա Հորդուբալովայի հետ։
― Չեմ եղել, ձերդ ողորմածություն։
― Մեղադրյալ Հորդուբալովա, Մանյան խոսե՞լ է ձեզ հետ առվի ափին։
― Չէ, չի խոսել։
― Իսկ ոստիկաններին ասել եք՝ այո։
― Նրանք ստիպեցին ինձ։
Ցուցմունքներ է տալիս Յուլիանա Վարվարինովան, Հորդուբալի հարևանուհին։
― Այո, Հորդուբալին շատ անգամ եմ տեսել։ Ման էր գալիս գլուխը կորցրած։ Երբ նա Շտեպանին արձակեց, Պոլանան նրան հաց էլ չէր տալիս։ Իսկ բատրակի համար, պատահում էր, հավեր էր տապակում ու խոճկորներ։ Ամեն գիշեր քարշ էր գալիս նրա մոտ, ախոռ։ Տեր աստված, ողորմա նրան, ― դժգոհությամբ թքում է հարևանուհին, ― միայն թե, հենց որ Հորդուբալը վերադարձավ, աստված գիտի, թե նա որտեղ էր հանդիպում իր սիրեկանի հետ։ Էլ քարշ չէր գալիս ախոռ։ Վերջին ժամանակները Հորդուբալը շարունակ ման էր գալիս ― լապտերով, երևում է՝ հետևում էր։
― Լսեցեք, վկա, դուք տեսե՞լ եք, թե ինչպես Հորդուբալն Շտեպանին շպրտեց ցանկապատի վրայով։ Այն ժամանակ Շտեպանի հագին պիջակ կա՞ր։
― Պիջակ չկար, ձերդ ողորմածություն, միայն շապիկ֊վարտիքով էր։
― Այդպես, առանց պիջակի՞ գնաց։
― Էդպես է, էդպես, ձերդ ողորմածություն։
― Հետևաբար, պիջակը, որ հիմա նրա հագին է, մյուս իրերի հետ մնաց Հորդուբալի տա՞նը։ Շտեպան Մանյա, դուք ե՞րբ գնացիք Կրիվոյ պիջակի ետևից։
Շտեպանը վեր է կենում տեղից, շփոթված աչքերը թարթելով։
― Դուք պիջակը տարաք այն գիշեր, երբ Յուրայ Հորդուբալն սպանվեց։ Կարող եք նստել։
Եվ դատախազը հաղթական դեմքով ինչ֊որ բան է նայում իր թղթերում։
― Մեղադրյալներին դուրս տարեք, ― կարգադրում է դատարանի նախագահը։ ― Վկա Հաֆյա Հորդուբալովա։
Ներս են բերում կապուտաչյա, սիրունիկ մի աղջնակի։ Լռություն, ոչ մի շունչ։
― Մի վախենա, փոքրիկ, այստեղ արի, ― հայրաբար ասում է դատարանի նախագահը։ ― Եթե չես ուզում, կարող ես ցուցմունքներ չտալ։ Դե, ինչպես, կպատասխանե՞ս։
Աղջնակը տարակուսանքով նայում է քղամիդ հագած շուրջ պարոններին։
― Ուզո՞ւմ ես պատասխանել։
Հաֆյան հնազանդորեն գլխով է անում։
― Հա։
― Մայրիկդ գնո՞ւմ էր ախոռ, երբ Շտեպանն այնտեղ էր։
― Գնում էր, ամեն գիշեր։
― Դու նրանց միասին տեսե՞լ ես։
― Տեսել եմ։ Մի անգամ քեռի Շտեպանը գրկեց նրան ու գցեց դարմանի վրա։
― Դե, իսկ տան տերը, քո հայրիկը, երբևէ մայրիկիդ հետ եղե՞լ է։
― Դե, չի եղել, միայն քեռի Շտեպանը։
― Իսկ երբ հայրիկդ Ամերիկայից վերադարձավ, դրանից հետո մայրիկդ քեռի Շտեպանի հետ եղե՞լ է։
Հաֆյան գլուխը շարժում է բացասաբար։
― Իսկ ո՞րտեղից գիտես։
― Ախր տան տերը եկել էր, ― ասում է աղջնակը լուրջ ու համոզված։ ― Էն ժամանակ քեռի Շտեպանն ասաց․ «Է, ձեզ մոտ չեմ մնա․ ամեն ինչ ուրիշ ձևով գնաց»։
― Տան տերը լա՞վ մարդ էր։
Հաֆյան անորոշ ուսերն է թոթվում։
― Իսկ Շտեպա՞նը։
― Հա, Շտեպանը լավն էր։
― Մայրիկը հայրիկի հետ սիրալի՞ր էր։
― Չէ, սիրալիր չէր։
― Իսկ քե՞զ հետ։ Նա քեզ սիրո՞ւմ էր։
― Չէ։ Չէր սիրում։ Նա միայն քեռի Շտեպանին էր սիրում։
― Նրան լա՞վ էր կերակրում։
― Հա։ Քեռի Շտեպանն ինձ էլ էր տալիս։
― Իսկ դու ամենից շատ ո՞ւմ ես սիրում։
Աղջնակը շփոթված կուչուձիգ է անում։
― Քեռի Շտեպանին։
― Հաֆյա, պատմիր այն վերջին գիշերվա մասին, երբ հայրիկդ մեռավ։ Դու որտե՞ղ էիր քնել։
― Մայրիկի հետ քողտիկում։
― Գիշերը դու չարթնացա՞ր։
― Արթնացա։ Մեկը թրխկացրեց լուսամուտը, իսկ մայրիկը նստել էր անկողնում։
― Իսկ հետո ի՞նչ եղավ։
― Հետո ոչինչ։ Մայրիկն ասաց․ «Քնիր, թե չէ ծեծ կուտես»։
― Եվ դու քնեցի՞ր։
― Իհարկե, քնեցի։
― Եվ այլևս ոչինչ չլսեցի՞ր։
― Ոչինչ։ Միայն մեկը բակում ման էր գալիս, մեկ էլ մայրիկը անկողնում չէր։
― Իսկ ո՞վ էր այնտեղ ման գալիս, չգիտե՞ս։
Հաֆյան զարմանքով բացում է բերանը։
― Ո՜վ։ Հայտնի բան է, քեռի Շտեպանը։ Էլ ո՞վ կլիներ մայրիկի հետ։
Դահլիճում այնպիսի լռություն է, որից մարդու շունչ է կտրվում։
― Հայտարարում եմ ընդմիջում, ― շտապով ասում է նախագահը և ինքն էլ Հաֆյայի ձեռքից բռնած, դուրս է տանում նրան դահլիճից․ ― Դու խելոք ես, փոքրիկ, ― մռմռում է նա։ ― Խելոք ու լավ աղջիկ ես։ Քո բախտից է, որ ոչինչ չես հասկանում։
Երդվյալները գրպաններն են խառնշտորում, որպեսզի մի բան նվիրեն Հաֆյային, և խմբվում են աղջկա շուրջը, գլուխը շոյում։
― Իսկ Շտեպանն ո՞ւր է, ― զրնգուն ձայնով հարցնում է Հաֆյան։
Ծանր շնչելով, նրան է մոտենում հաստլիկ Հելնայը։
― Գնանք, փոքրիկ, գնանք։ Ես քեզ տուն կտանեմ։
Միջանցքները լեփ֊լեցուն են հասարակությամբ։ Ամեն ինչ խոթում են Հաֆյայի ձեռքը՝ մեկը խնձոր, մյուսը ձու, երրորդը մի կտոր քաղցր բուլկի․ բոլորը հուզված քիթներն են մաքրում թաշկինակների մեջ, կանայք առաջ են նետվում համբուրելու աղջկան ու արտասվում են։ Հաֆյան ջղաձգորեն կառչում է Հելնայի հաստ մատից ու քիչ է մնում ինքն էլ տզզա։
― Տես, լաց չլինես, ― հորդորում է աղջկան Հելնայը։ ― Ես քեզ համար կոնֆետ կառնեմ։
Աղջիկն ուրախությունից վեր֊վեր է ցատկում։
Դատական հետաքննությունը շարունակվում է։ Գործն ասես խորամանկորեն կապած հանգույց լինի, հարկ է լինում քանդել այն մեկեն մի քանի ձեռքերով։
Դատարանը լսում է Հուսար մականվյալ Անդրեյ Պյոսայի, Ալեքսի Վորոբեցի ու նրա կնոջ՝ Աննայի, ապա հարևան Հերպակի կնոջ ցուցմունքները։ Բոլորն էլ վկայում են Պոլանայի դեմ։ Աստված իմ, մարդիկ ինչե՜ր ասես միայն որ չգիտեն իրար մասին։ Պարզապես խայտառակություն։ Հարկ չկա, որ աստված մարդկանց դատի, նրանց դատում են իրենց մերձավորները։
Ինչ֊որ Միշա֊տավարած ցանկություն է հայտնում հանդես գալ իբրև վկա։
― Խոսեք, վկա։ Կարող եք չերդվել։
― Ի՞նչ։
― Քանի՞ տարեկան եք։
― Չեմ իմանում․․․ Ինչի՞ս է հարկավոր։ Հանուն հոր և որդու և հոգուն սրբո։ Յուրայ Հորդուբալը հայտնում է ձեզ, որ Պոլանան բարի ու հավատարիմ կին է եղել նրա համար։
― Սպասեք, Միշա, ինչպե՞ս թե հայտնում է։ Այդ ե՞րբ է նա ձեզ ասել։
― Ի՞նչ։
― Ե՞րբ է նա ձեզ այդ բանն ասել։
― Ա՜, երբ․․․ Միտս չի։ Էն ժամանակ անձրև էր։ Նա էլ ինձ ասաց՝ Միշա, ասա նրանց, նրանք քեզ կհավատան։
― Աստված ձեզ հետ, հայրիկ, և դրա համար էլ Կրիվոյից վեր եք կացել ու եկե՞լ։
― Ի՞նչ։
― Գնացեք, գնացեք աստծով, դուք այլևս հարկավոր չեք։
― Հա՜։ Դե շնորհակալ եմ։ Փառք աստծու։
Ցուցմունք է տալիս ապակեգործ Ֆարկաշը։
― Շտեպան Մանյան այդ ալմաստն ինձանից է գնել։
― Դուք ճանաչո՞ւմ եք այն։
― Ո՞նց չճանաչեմ։ Հրես, դեղին խալով։
― Մեղադրյալ Մանյա, ոտքի։ Խոստովանո՞ւմ եք, որ ալմաստը գնել եք այս վկայից։ Չե՞ք խոստովանում։ Կարող եք նստել։ Ուրանալով դուք ձեզ չեք օգնի։
Ցուցմունք են տալիս Բարանովան, Հրիցովան, Ֆեոդոր Բոբալի կինը։ Է՛խ, Պոլանա, ինչպիսի՜ խայտառակություն։ Բոլորը մատները քեզ վրա են տնկում, մերկացնում քո անառակությունը, ամեն մի կին քար է նետում քեզ վրա, իբրև անհավատարիմ կնոջ։ Շտեպանի մասին բոլորը մոռացել են։ Իզուր ես աշխատում, հսկայական փորդ չես կարող ձեռքերով ծածկել, չես կարող թաքցնել ամոթդ։ Շտեպանն սպանել է, իսկ դու մեղք ես գործել։ Այդ անամոթին նայեք, գլուխն էլ չի կռացնում, մի կաթիլ արցունք չի թափում, չի թավալվում գետնին։ Ասես ուզում է ասել՝ դուրս տվեք, դուրս տվեք, ինձ ինչ։
― Մեղադրյալ Հորդուբալովա, ուզո՞ւմ եք որևէ բան ավելացնել վկա Մարթա Բոբալովայի ցուցմունքներին։
― Ոչ։
Ու նստեց, ինչպես արձան, առանց գլուխը խոնարհելու, առանց ամոթից կարմրելու։
Այլևս վկաներ չկան։ Հիանալի։ Հայտարարվում է դատական նիստի ընդմիջում մինչև հաջորդ օրը։ Բայց ի՜նչ խելացի էր պատասխանում փոքրիկ Հաֆյան, հը՞, կոլեգա։ Փոքրիկ երեխա, և ամեն բան տեսել է։ Սարսափելի է, սարսափելի։ Բայց և այնպես, նրա պատմությունը, ոնց որ ջինջ առվակ։ Այնպիսի պարզություն, ասես ոչ մի վատ բան չի էլ եղել։ Մինչդեռ ամբողջ գյուղը Պոլանայի դեմ է։ Ողջ չարիքը նրա մեջ է։ Անշուշտ, Շտեպանն էլ է մեղավոր, սակայն Շտեպանն ինչ է, պատահական ֆիգուր։ Այո, այո, կոլեգա, գյուղը հասկանում է, որ այստեղ խնդիրը թևակոխել է էթիկայի ասպարեզը։ Կարելի է ասել, որ Կրիվոյ գյուղը վրեժխնդիր է լինում ոտնահարված բարոյականության համար։ Այստեղ կատարվել է ոչ թե սոսկ դավաճանություն, ― դավաճանությունների հանդեպ գյուղը ներողամիտ է։ Եվ Պոլանան էլ մեղավոր է ոչ միայն ամուսնական դավաճանության համար։ Այստեղ կատարվել է մի շատ ավելի վատ բան։
― Հատկապես ի՞նչ։
Պոլանան իր դեմ գրգռել է հասարակական զայրույթը, ամբողջ գյուղի ատելությունը։
Թող անիծվի Պոլանան։ Բոլորը տեսան, թե նա ինչպես էր նստել, գլուխը վեր տնկած։ Խայտառակությունից էլ չի վախենում։ Երբ Բոբալովան ասաց, թե կնանիք ուզում էին անառակության համար ջարդել նրա լուսամուտները, նա նույնիսկ ծիծաղեց։ Այո, այո, գլուխն ավելի վեր բարձրացրեց ու քմծիծաղեց, ասես դրանով պարծենում էր։ Ի՜նչ եք ասում, հարևան։ Ափսոս, ես չտեսա։ Գոնե լավի՞կն է։ Լավի՞կ։ Աստված հեռու տանի։ Ասում եմ ձեզ, նա Շտեպանին կախարդել է, աչքերը կուրացրել։ Նիհա՜ր֊նիհար, իսկ աչքերը ոնց որ ածուխի կտորներ։ Օ՛յ֊օ՛յ֊օ՛յ, համա թե չար կնիկ է, ասեմ ձեզ։ Իսկ նրանց աղջիկը, մի տեսնեիք նրան։ Ոնց որ պատկեր։ Բոլորս լաց էինք լինում։ Խե՜ղճ որբուկ։ Պատկերացնում եք, այդ կինը երեխայից էլ չի քաշվել։ Անառակություն է արել սեփական աղջկա աչքի առաջ։ Ասում եմ ձեզ, վհուկ է, վհուկ։ Հարևան, ես էլ եմ ուզում տեսնել նրան։
Թողեք մեզ, բարի մարդիկ, թողեք առաջ գնանք, մենք էլ ենք ուզում այդ անամոթ կնկան տեսնել։ Ոչինչ, ոչինչ, մի քիչ սեղմվեք, մի կերպ դուրս կպրծնենք, ոնց որ զատկին եկեղեցում, միայն թողեք։ Է՛, ժողովուրդ, մի սեղմեք, ձեր քուրքերից էնպիսի գարշահոտություն է փչում, որ հարգելի դատավորները կխեղդվեն։ Մի կողմ քաշվեք դռնից։
Ահա նա, տեսնո՞ւմ եք։ Այն լղարը, որ նստել է շիփ֊շիտակ։ Ո՞վ կարող է մտածել, որ այդ նա է։ Կին է, ոնց որ բոլոր կնանիք։ Իսկ ո՞ւր է Շտեպանը։ Հրեն, միայն ուսերն են երևում։ Իսկ այս մեկը, որ վեր կացավ, քղամիդ հագած բարձրահասակ այդ մարդը դատախազն է։ Կամաց, կամաց, թողեք լսենք։
― Պարոնայք երդվյալ ատենակալներ։ Ամփոփելով սույն գործի բոլոր հանգամանքները, որ հաջողվեց պարզել շնորհիվ ոստիկանական մարմինների փայլուն աշխատանքի (դահլիճում Բիհլը բոթում է Հելնային), այլև հավասար չափով վկաների ցուցմունքների, ես իմ կողմից պարտք եմ համարում շնորհակալություն հայտնել սրանց և նրանց։ Իմ ամբողջ երկարամյա դատական պրակտիկայի ընթացքում ես դեռևս չեմ հանդիպել մի դատավարության, որի ընթացքում վկաների ցուցմունքները համակված լինեին արդարության գործի հաղթանակի հանդեպ այսպիսի խոր, այսպիսի ջերմ մասնակցությամբ։ Ամբողջ գյուղը, Կրիվոյի ողջ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ հանդես եկան այստեղ մեր առջև ոչ միայն իբրև վկաներ, այլև իբրև այս անառակ կնոջը աստծու և մարդկանց առաջ մերկացնողներ։ Նրան մեղադրում եմ ոչ թե ես, օրենքի ներկայացուցիչս, այլ ամբողջ ժողովուրդը։ Հանցագործության համար դուք կդատեք համաձայն օրենքի տառի։ Բայց այս մեղքի համար դատեք ժողովրդի խղճի օրենքով։
Դատախազը, լիովին վստահ լինելով իր նկատմամբ, մի ակնթարթ տատանվեց։ «Ի՞նչ եմ խոսում մեղքի մասին։ Այո, արարքներ, բայց մի՞թե դրանք հոդում չեն ծնվում․․․ Զգուշացիր, ճառդ կմտցնես փակուղի․ խոսիր ավելի հասարակ, չէ՞ որ գործն այնպես պարզ է։
― Հարգելի պարոն երդվյալ ատենակալներ։ Այս դեպքը, որ դուք պետք է քննեք, միանգամայն պարզ է, իր պարզության մեջ սարսափելի պարզ։ Մեր առջև կանգնած են երեք ֆիգուրներ։ Առաջինը գյուղացի Յուրայ Հորդուբալն է՝ պարզամիտ, բարեհոգի և, հավանորեն, փոքր֊ինչ ծանրամիտ մի մարդ։ Նա ապրում է Ամերիկայում, ծանր աշխատանքով վաստակում օրական հինգ֊վեց դոլար, որոնցից չորսն ուղարկում է տուն, կնոջը, որպեսզի սա լավ ապրի։ ― Դատախազի ձայնը սուր կոկորդային շեշտավորում է ստանում։ ― Եվ արյուն֊քրտինքով վաստակած այդ փողերով նրա կինը վճարում է բատրակ֊սիրեկանին, որը չի խորշում ապրել պառավող տանտիրուհու հաշվին։ Փողի համար ինչ միջոցի ասես, որ չի դիմի Շտեպան Մանյան։ Քայքայել էմիգրանտի ընտանիքը, երեխային կտրել մորից, իսկ հետո իր սիրուհու սադրանքով սպանել քնած տիրոջը՝ Մանյան ամեն ինչի գնում է ի սեր մի կապ դոլարների։ Ինչպիսի՜ ոճրագործություն, շահամոլական ինչպիսի՜ մեղսագործություն։ (Դատախազը թեթևակի տատանվում է։ Այն չի, այն չի։ Ոճրագործությունն ու մեղքը տարբեր բաներ են։ Ախր սա դատական պրոցես է և ոչ թե աստծու դատաստան)։
― Երկրորդ ֆիգուրը Հորդուբալի կինն է։ Ահա նա նստած է ձեր առջև՝ սառը, խստասիրտ, հաշվենկատ։ Նրա և երիտասարդ մշակի միջև չի կարող սեր լինել, անգամ մեղսական սեր, միայն անառակություն, միայն անբարոյականություն, միայն մեղք և մեղք․․․․ Կինը նրան պահում է իբրև իր վավաշոտության խաղալիք, երես է տալիս, մոռանալով սեփական աղջկան։ Դրա համար աստված պատժեց նրան՝ իր անառակության պահին նա հղիացավ։ Եվ ահա ամուսինը վերադառնում է Ամերիկայից։ Ասես ինքը ամենաբարձրյալն է նրան ուղարկում՝ իր սեփական տան մեջ պատժելու շնությունը։ Բայց Յուրայ Հորդուբալը բարեսիրտ մարդ է։ Ես կարծում եմ, այստեղ ներկա գտնվող տղամարդկանցից ոչ մեկը չէր հանդուրժի այն, ինչը լռությամբ տանում է այդ հույժ համբերատար ու թուլակամ ամուսինը։ Ինչպես երևում է, տան խաղաղությունը նրա համար ամեն ինչից թանկ էր։ Հորդուբալի վերադարձից հետո դոլարների հոսանքը դադարում է։ Այժմ արդեն տանտիրուհին չի կարող երիտասարդ ձրիակերին պահել, և Շտապան Մանյան թողնում է իր մեղքի ծառայությունը։ Եվ ի՞նչ։ Գլխի չընկնող բարի Հորդուբալը, ակնհայտորեն կնոջ ճնշման տակ, իր աղջկա ձեռքն է առաջարկում նրան։ Խոստանում է և՛ տուն, և՛ դրամ, միայն թե նա վերադառնա․․․ Դատախազը կոկորդի մեջ զզվանքի ջղաձգություն է զգում։ ― Բայց այդ էլ դեռ քիչ է։ Ինչպես երևում է, Շտեպանը Հորդուբալին շանտաժի է ենթարկում, ինչ֊որ բանով սպառնում նրան, և այն ժամանակ նույնիսկ հույժ համբերատար այդ մարդը այլևս չի դիմանում։ Նա վռնդում է անպատկառ ձրիակերին։ Այդ պահից Հորդուբալին պաշարում է իր կյանքի համար ունեցած վախը։ Նա փորձում է ինչ֊որ հեռու տեղերում, սարերից այս կողմ, աշխատանք գտնել, գիշերները թափառում է լապտերով, խուզարկելով բակը։ Սակայն չարամիտ ծրագիրն արդեն կազմված է։ Ծեր ամուսինը շատ է խանգարում ցանկասեր կնոջն ու ագահ բատրակին։ Անառակությունն ու շահամոլությունը դաշն են կնքել նրա դեմ։ Հորդուբալը հալից ընկնում է, նա այլևս չի կարող հսկել տանը, չի կարող պաշտպանվել։ Եվ առավոտյան նրան գտնում են խոցված սրտով։ Սպանված է։ Սպանված քնած տեղը։
Եվ սա ավա՞րտ է։ Դատախազն ինքն էլ է զարմանում։ Մի՞թե նա չէր նախապատրաստել փայլուն, համոզիչ մի եզրափակում։ Բայց դա մտքից մի տեսակ դուրս թռավ և ահա՝ վերջ։ Դատախազը նստում է, ինքն էլ չիմանալով, թե դա ինչպես ստացվեց, և հարցականորեն նայում է դատարանի նախագահին։ Վերջինս գլխով հավանության նշան է անում։ Երդվյալները քչփչում են, քիթները ֆսֆսացնում, երկուսը բացահայտորեն սրբում են արցունքները։ Դատախազը խոր հառաչում է։
Ոտքի է կանգնում Մանյայի փաստաբանը, նշանավոր իրավագետ, հզոր կազմվածքի տեր մի մարդ։
― Պարոն դատախազն իր ուժեղ ճառի վերջում հիշատակեց Յուրայ Հորդուբալի սիրտը։ Թող պարոնայք երդվյալ ատենակալները թույլ տան ինձ այդ սիրտը կոչել իմ պաշտպանյալի արդարացման գործին․․․
Ու խոսե՜ց, խոսե՜ց․․․ Իբր, նույնիսկ մեղադրող կողմն ընդունում է, որ դատական էքսպերտիզայի կարծիքներում տեղի ունի տարաձայնություն։ Յուրայ Հորդուբալի սիրտը ծակվա՞ծ է, թե գնդակով խոցված։ Ո՞րտեղ է հանցագործության իրական գործիքը․ Մանյայի տնտեսության այդ ողորմելի մախա՞թը, թե անհայտ մարդասպանի հրազենը։ Մենք մեր կողմից կգերադասեինք հավատալ նշանավոր գիտնականի հեղինակությանը, որը լիակատար որոշակիությամբ հայտարարում է փոքրակալիբր հրազենի հասցրած վերքի առկայության մասին։ Եվ այսպես, պարոնայք, եթե Յուրայ հորդուբալը գնդակահարված է, ապա լիովին ակնբախ է, որ մարդասպանը Շտեպան Մանյան չէ․․․
Եվ այլն, և այլն․․․ Հաստ ձեռքը թափահարելով, նշանավոր փաստաբանը քայլ առ քայլ ջախջախում է մեղադրության փաստարկները։
― Չկա իմ պաշտպանյալի մեղավորության և ոչ մի ապացույց։ Մեղադրական ամբողջ ակտը անընդմեջ մի հետևություն է։ Անգամ չդիմելով հարգարժան պարոնայք երդվյալների զգացմունքներին, մենք համարձակվում ենք վստահություն հայտնել, որ պարոնայք երդվյալները չեն կարող մեղադրական ակտի և դատական հետաքննության նյութերի հիման վրա Շտեպան Մանյային մեղավոր ճանաչել։
Եվ նշանավոր իրավագետը հաղթական տեսքով ու ծանրությամբ բազմում է իր բազկաթոռին։
Ճիշտ ինչպես սատանան տուփից, այդպես դուրս է ցատկում մի նոր սև ֆիգուր՝ Պոլանա Հորդուբալովայի երիտասարդ, սիրունատես փաստաբանը։
― ․․․ Յուրայ Հորդուբալի սպանության մեջ իմ պաշտպանյալի հանցակցության և ոչ մի ուղղակի ապացույց չկա։ Բոլոր ապացույցները ենթադրություններ են լոկ՝ հետևությունների եղանակով հանված գործի երկրորդական հանգամանքներից, մեղադրության հորինած վարկածային կապուկից։ Պարոնայք երդվյալ ատենակալներ։ Այդ ամբողջ վարկածը հիմնված է այն ենթադրության վրա, որ Պոլանա Հորդուբալովան շահագրգռված էր ամուսնու մահվամբ, կամ որ նա անհավատարիմ էր նրան։ Ես կարող էի ասել՝ եթե ամուսնական անհավատարմությունը բավարար հիմքեր է տալիս սպանության համար, ապա այստեղ ներկա գտնվող տղամարդկանցից ու կանանցից, գյուղերում ու քաղաքներում ապրող մարդկանցից քանի՜֊քանիսներն այժմ ողջ չէին լինի․․․ Հարց է ծագում՝ մենք որտեղի՞ց գիտենք Պոլանա Հորդուբալովայի անհավատարմության մասին։ Ճշմարիտ է, այստեղ մեր առջև տողանցեց ամբողջ գյուղը, ցուցմունք տալով ընդդեմ մեղադրյալի։ Սակայն մտածեցեք, պարոնայք, մեզանից ո՞վ է համոզված իր մերձավորների ու հարևանների նկատմամբ։ Ձեզանից ո՞վ գիտե, թե շրջապատողները նրա մասին ինչեր են ասում։ Թերևս, շատ ավելի վատ բաներ, քան այս դժբախտ կնոջ մասին։ Անգամ ամենաանբասիր վարքը ձեզ չի պաշտպանի անճիշտ մեկնություններից ու նվաստացուցիչ բամբասանքից։ Մեղադրող կողմը բաց չթողեց ոչ մի վկայի, որը կուզենար սևացնել անպաշտպան կնոջը․․․
― Ես բողոքում եմ վկաներին վիրավորելու դեմ, ― բացականչում է դատախազը։
― Այո, այո, դա անհարկի է, ― նկատում է դատարանի նախագահը։ ― Պարոն պաշտպան, խնդրում եմ ձեռնպահ մնալ նման հարձակումներից։
Սիրունատես պարոնիկը քաղաքավարությամբ ու շտապ գլուխ է տալիս։
― Խնդրեմ։ Եվ այսպես, դատարանը լսեց բոլոր վկաներին, որոնք ցանկացան հանդես գալ Պոլանա Հորդուբալովայի դեմ։ Սակայն դատարանը մոռացել է ևս մեկ, ես կասեի՝ գլխավոր վկայի։ Այդ վկան սպանված Յուրայ Հորդուբալն է։ ― Սիրունիկ պարոնը օդի մեջ մի թուղթ է ճոճում։ ― Պարոնայք երդվյալ ատենակալներ։ Մահվանից տասն օր առաջ Կրիվոյ գյուղի բնակիչ Յուրայ Հորդուբալը ստորագրել է ահա այս կտակը։ Նա ասես կանխազգացել է, որ կպահանջվի իր միջամտությունը, և պատվիրել է կտակում գրել հետևյալ խոսքերը։ ― Երիտասարդ պաշտպանը կարդում է բարձր, պաթետիկ ձայնով․ «Իմ ամբողջ ունեցվածքը՝ շարժական ու անշարժ, կտակում եմ կնոջս՝ Պոլանա Հորդուբալովային, ծնյալ Դուրկոլովա, նրա սիրո և ամուսնական հավատամության համար»։ Այսպիսին է Յուրայ Հորդուբալի կտակը, այդպիսին է նրա ցուցմունքն այս գործում։ Այսօր լսեցի՞ք տավարած Միշայի խոսքերը։ «Յուրայ Հորդուբալը հայտնում է ձեզ, որ Պոլանան բարի և հավատարիմ կին է եղել նրա համար»։ Խոստովանում եմ, ես ինքս ցնցվեցի այդ խոսքերից, դրանք հնչեցին ինչպես այն աշխարհից եկած ձայն։ Իսկ այդ խոսքերն ահավասիկ այստեղ են, ձեր առջև, թղթի վրա։ Վկայությունը այն միակ մարդու, որն իրոք ճանաչում էր Պոլանանյին։ Բատրակ Մանյան պարծեցել է քրոջը, թե կապված է տանտիրուհու հետ։ Ահա թե ինչ է դուրս տվել բատրակը, և ահա (կտտոց կտակին) Պոլանայի ամուսնու խոսքերը ամենաբարձրյալի առաջ։ Պարոնայք, ինքներդ որոշեցեք, թե ո՞ւմ հավատալ․․․
Երիտասարդ փաստաբանը մտխոհ խոնարհում է գլուխը։
Եվ այսպես, եթե մեջտեղից վերանում է իմ պաշտպանյալի անհավատարմության վերսիան, դրանով իսկ վերանում են նաև ամուսնուց ազատվելու ամեն կարգի դրդապատճառները։ Բայց ախր նա ութամսյա հղիության մե՞ջ է, ― կառարկեն ինձ։ Ա՛խ, պարոնայք, կարելի է բերել բազմաթիվ բժշկական հեղինակությունների վկայություններ, որոնք նշում են, թե որքան սխալներ են պատահում հղիության ժամկետները որոշելիս։ ― Եվ ճարպիկ պարոնիկը թվարկում է ամբողջ մի շարք հեղինակություններ ու գիտական կարծիքներ։
Շտեպանի ընկած֊ելած փաստաբանը գլուխն է օրորում։ Է՛հ, գործը փչացրեց։ Երդվյալները գիտնական փաստարկներ չեն սիրում։ Բայց կտակի հանգամանքը ճարպիկ է մտածված։
― Պարոնայք երդվյալ ատենակալներ, պատկերացրեք, որ դուք դատեցիք այս կնոջը, և Յուրայ Հորդուբալի երեխան, Պոլանայի հավատարմության ու ամուսնական սիրո կենդանի ապացույցը, աշխարհ եկավ բանտում, գրանցվեց իբրև անառակի որդի․․․ Պարոնայք երդվյալ ատենակալներ, այն ամենի անունով, ինչը մեզ համար սուրբ է, նախազգուշացնում եմ ձեզ դատական սխալից, որը կարող է կործանել դեռևս չծնված մանկանը։
Սիրունիկ պարոնը նստում է ու անուշահամ թաշկինակով քրտինքը սրբում։
― Շնորհավորում եմ, կոլեգա, ― փսփսում է նրա ականջին դատական խոշոր գայլը։ ― Վատ չէր, վատ չէր։
Մինչդեռ դատախազն արդեն բարձրանում է ռեպլիկի համար։ Նրա դեմքը կաս֊կարմիր է կտրել, ձեռքերը դողում են։
― Երեխա՜ որ երեխա, ― բացականչում է նա խռպոտ ձայնով։ ― Կոլեգա պաշտպան։ Այստեղ խոսեց Յուրայ Հորդուբալի երեխան՝ Հաֆյան։ Պետք է ենթադրել, որ դուք նրա խոսքերը չե՞ք անվանի (բռունցքի հարված սեղանին) զրպարտություն։ Հուսո՜վ եմ։ (Սիրունիկ փաստաբանը ուսերը թոթվելով, գլուխ է տալիս)։ Սակայն ես ձեզանից շնորհակալ եմ Յուրայ Հորդուբալի կտակի համար։ Դա միակ բանն է, որ պակասում էր այստեղ, ― դատախազն ուղղվում է ողջ հասակով մեկ, ― ավարտելու համար իսկական դիվային կերպարանքը այս կնոջ, որը, արդեն կազմելով իր բթավուն ու թուլակամ, բարի ամուսնու սպանության ծրագիրը, ի պաշտպանություն իրեն հորինում է նաև այս վերջին նուրբ ուրվագիծը։ Ստիպել դժբախտին իր ողջ կարողությունը կտակել միայն նրան, միաժամանակ բարոյական ալիբիի նման ինչ֊որ բան տալով այս կնոջը։ «Նրա սիրո՜ և ամուսնական հավատարմությա՜ն համար։ Եվ բարի մարդը հնազանդորեն ստորագրում է այն։ Պատրա՜ստ է։ Այժմ արդեն ոչ մի հատիկ գելլեր չի հասնի փոքրիկ Հաֆյային, ամեն ինչ ընկավ անառակուհու ձեռքը՝ սիրեկանի համար, իր մեղսալից կրքերին հագուրդ տալու համար․․․
Դատախազը զայրույթից խեղդվում է։ Հիրավի, այդ արդեն դատավարություն չէ, ալ աստծու դատաստան, ուր նշավակում են մարդկային մեղքերը։ Լսելի է, թե հասարակ աստվածավախ ժողովուրդն ինչպես է ծանր ու լարված շնչում դահլիճում։
― ․․․ Եվ ահա ամենուր թափանցող ճառագայթն ընկավ Յուրայ Հորդուբալի գործի վրա։ Այն ցինիկ, անղգա, շահախնդիր կամքը, որ անգրագետ Հորդուբալին հարկադրել էր երեք խաչ դնել այս սարսափելի մերկացնող կտակի տակ, նույն ահավոր կամքը, պարոնայք, ուղղություն է տվել մարդասպան Մանյայի ձեռքին։ Գյուղական այս ողորմելի ալֆոնսը եղել է ոչ միայն անառակության գործիք։ Սակայն ամեն ինչի մեղավորը այդ կինն է, ― բացականչում է դատախազը, մատնացույց անելով Պոլանային։ ― Այս կտակով նա մերկացված է։ Միայն սատանան կարող էր այսպիսի դժոխային ծաղրուծանակ հորինել։ «Նրա սիրո՜ և ամուսնական հավատարմության համար»․․․ Հեզաբել Հորդուբալովա, վերջապես խոստովանո՞ւմ եք, որ սպանել եք Յուրայ Հորդուբալին։
Պոլանան բարձրանում է տեղից կապտության աստիճան գունատված, հղիությունից այլանդակված։ Նրա ատամները շարժվում են անձայն։
― Լռե՛ք, տիրուհի, լռե՛ք, ― անակնկալ հնչում է մի խռպոտ, ընդհատվող ձայն։ ― Ես ինքս ամեն ինչ կասեմ։
Շտեպան Մանյան կանգնել է, հոգեկան լարվածությունից կորացած։
― Հարգ․․․ հարգելի դատավորներ, ― կակազում է մեղադրյալը և հանկարծ անզուսպ հեկեկանքը ցնցում է նրան։
Դատախազը որոշ զարմանքով թեքվում է դեպի Շտեպանը։
― Հանգստացեք, Մանյա, դատարանն ուրախ կլինի ձեզ լսելու։
― Այդ ես․․․ այդ ես․․․ ― հեծկլտում է Շտեպանը։ ― Ես․․․ ես․․․ ուզում էի վրեժ լուծել նրանից․․․ նրա համար որ․․․ ինձ դուրս նետեց․․․ ցանկապատի վրայով․․․ Մարդիկ ծիծաղում էին ինձ վրա․․․ Ես չէի կարողանում քնել․․․ շարունակ մտածում էի․․․ թե ոնց վրեժ լուծեմ․․․ Ու գնացի․․․
― Դուռտ ձեր առաջ տանտիրուհի՞ն բացեց, ― ընդհատում է նախագահը։
― Չէ, տանտիրուհին․․․ տանտիրուհին ոչինչ չգիտեր։ Ես երեկոյան․․․ ոչ ոք չտեսավ․․․ տան տերը պառկել էր խրճիթում․․․
Դահլիճում Բիհլը վրդովմունքով բոթում է Հելնային։
― Սուտ է, սուտ։ ― Բիհլը կորցրել է իրեն։ ― Նա չէր կարող չարդախ ընկնել, եգիպտացորենը ներսից լցված է դռան ետևը։ Հելնայ, ես առավոտյան եղել եմ այնտեղ։ Հենց հիմա դատարանին կհայտնեմ․․․
― Նստիր, ― մռայլվում է Հելնայն ու քաշում Բիհլի թևքից։ ― Համարձակվիր միայն խցկվել, տխմար։
― ․․․ Իսկ գիշերը, ― կակազելով շարունակում է Շտեպանը, աչքերն ու քիթը սրբելով, ― գիշերը․․․ ցած իջա այնտեղից․․․ ու մտա խրճիթ։ Տան տերը քնած էր, իսկ ես այդ մախաթով․․․ Ոչ մի կերպ․․․ չէր մտնում․․․ իսկ նա պառկել ու չէր շարժվում․․․ ― Շտեպանն օրորվում է, ուղեկցորդը մի բաժակ ջուր է տալիս նրան։ Շտեպանն ագահորեն խմում է ու ճակատի քրտինքը սրբում։ ― Իսկ հետո․․․ ալմաստով ապակին կտրեցի․․․ ու փողերն առա, որ կողոպտելու նման լինի․․․ Եվ նորից բարձրացա չարդախ ու լուսամուտից իջա ցած․․․ Շտեպանը չունչը ետ է բերում։ ― Իսկ հետո․․․ տիրուհու լուսամուտը թակեցի․․․ իբր, եկել եմ պիջակի համար։
― Պոլանա Հորդուբալովա, դա ճի՞շտ է։
Պոլանան վեր է կենում, շրթունքները սեղմելով։
― Ճիշտ չի։ Նա չի թակել։
― Տիրուհին ոչինչ չի իմացել, ― խառնաշփոթ ձևով պնդում է Շտեպանը։ ― Եվ մեր մեջ բան էլ չի եղել։ Ճիշտ է, մի անգամ ուզեցի գցել դարմանի վրա, բայց նա դիմադրեց․․․ իսկ այդ ժամանակ ներս եկավ Հաֆյան։ Եվ էլ ոչինչ չի եղել։ Էն աստված, ոչինչ։
― Շատ լավ, Շտեպան, ― ասում է դատախազն ու ամբողջ մարմնով առաջ թեքվում։ ― Բայց ես էլի մի հարց ունեմ։ Ես դա պահել էի մինչև հարմար րոպեն, առաջ դա ինձ հարկավոր չէր։ Պոլանա Հորդուբալովա, արդյոք ճի՞շտ է, որ մինչև Շտեպան Մանյան դուք ունեցել եք ուրիշ սիրեկան՝ բատրակ Պավել Դրևոտան։
Պոլանան բերանով ջղաձգորեն օդ է որսում ու բռնում է գլուխը։ Ուղեկցորդները, թևի տակ մտած, նրան դուրս են տանում դահլիճից։
― Դատական նիստն ընդհատում եմ, ― հայտարարում է նախագահը։ ― Նոր հանգամանքների կապակցությամբ, որոնք պարզվեցին շնորհիվ մեղադրյալ Մանյայի խոստովանության, դատարանը վաղը կմեկնի ոճրագործության վայրը։
Հորդուբալի բակում Բիհլն սպասում է դատարանի ժամանելուն։ Ահա գալիս են նրանք, կարևոր պարոնները։ Բիհլը հանդիսավորությամբ պատվի է առնում։ Ցանկապատի վրայով աչքերը չռած նայում են ճամփին հավաքված մարդիկ, ասես սպասելով աստված գիտե ինչ հրաշքի։
Այսօր Բիհլի համար մեծ օր է։
Նա երդվյալներին առաջնորդում է չարդախ։
― Խնդրեմ։ Չարդախը նույն վիճակում է, ինչ այն ժամանակ․ սպանության օրվանից այստեղ ոչ ոք ոտք չի դրել։ Դեռևս այն ժամանակ եգիպտացորենի ամբողջ մի կույտ թափված էր դռան ետևում։ Եթե որևէ մեկը փորձեր դուռը բացել, եգիպտացորենը կթափվեր աստիճանների վրա։
Բիհլը սեղմում է դուռը, և չարդախից եգիպտացորենի ոսկի անձրև է տեղում։
― Պարոնայք, հուսով եմ, որ ձեզ համար դժվար չի լինի վերև բարձանալ, ― քաղաքավարությամբ ասում է Բիհլը։
Չարդախը լցված է եգիպտացորենով․ մարդ ուզում է փռվել դրա վրա ու վեր֊վեր ցատկել։ Ահա և պատուհանը։ Մանյան իբր դրա միջով դուրս է եկել։
― Բայց ախր պատուհանը ներսից փակված է սողնակով, ― ասում է երդվյալներից մեկը, գործարար եղանակով զննելով չարդախը։ ― Եթե սպանության օրվանից ոչ ոք այստեղ չի եղել, ապա Մանյան չէր կարող այս պատուհանից դուրս գալ։
Եվ իսկապես էլ չէր կարող․ լուսամուտագոգին շարված է, անշուշտ, տարիներով հավաքված ինչ֊որ փոշոտ սրվակների ու թիթեղյա տուփերի ամբողջ մի մարտկոց։ Գյուղացիներն ինչեր ասես, որ չեն պահում։ Պատուհանից դուրս գալուց առաջ Մանյան նախ պետք է մի կողմ դներ այդ անպետք բաները, այնպես չէ՞։ Դե, իհարկե։ Իսկ ի՞նչ կա այնտեղ ներքևում, պատուհանի տակ։
― Մեր ներքևում այն սենյակն է, ուր տեղի է ունեցել սպանությունը, իսկ խրճիթի առջև փոքրիկ պարտեզն է։ Խնդրեմ, հետևեք ինձ։
Դատարանը հանդիսավորությամբ հետևում է դեպի պարտեզը։ Պատուհաններից մեկի շրջանակը հանված է։
― Ահա այստեղ ապակին կտրված էր։ Ուղիղ մեր վերևում չարդախի պատուհանն է, որտեղից իբր թե Մանյան դուրս է թռել։ ― Եվ Բիհլը համեստորեն ավելացնում է․ ― Սպանությունից անմիջապես հետո ես ուշի֊ուշով զննել եմ պարտեզը և պատուհանի տակ ոչ մի հետք չեմ հայտնաբերել։ Իսկ մարգերը հենց նոր էին փորված, նախորդ օրը անձրև էր եկել․․․
Դատարանի նախագահը հավանությամբ գլխով է անում։
― Շտեպանը ակնհայտորեն ստում է։ Սակայն դուք պետք է սպանությունից անմիջապես հետո զննեիք պարտեզը։
Բիհլը շրխկացնում է կրուկները։
― Պարոն դատավոր, ես չէի ուզում եգիպտացորենը շաղ տալ։ Բայց ապահովության համար չարդախի դուռն անմիջապես մեխեցի, այնպես որ ոչ ոք չէր կարող այնտեղ ընկնել։ Այսօր առավոտյան ես այդ մեխերը հանեցի, իսկ դռանն ամրացրի մի կտոր թել։
― Հիանալի է, հիանալի․ ես տեսնում եմ, որ դուք ամեն ինչի մասին հոգացել եք, պարոն․․․ պարոն․․․
― Կրտսեր ոստիկան Բիհլ։
Գլխի ևս մի ողորմած նշան։
― Պարոնայք, մեր մեջ ասած, ոչ մի կասկած չկա, որ Մանյան ստում է։ Սակայն քանի որ մենք այստեղ ենք, երևի ձեզ համար անհետաքրքիր չի լինի նայել խրճիթը։
Սեղանի մոտից վեր է կենում մի բարձրահասակ, թիկնեղ, դանդաղաշարժ գյուղացի։ Ընտանիքը ճաշում է։
― Սա Միհալ Հորդուբալն է, հանգուցյալի եղբայրը։ Նա ժամանակավորապես տնտեսությունը վարելու գործն իր վրա է վերցրել․․․
Միհալ Հորդուբալը խոր գլուխ է տալիս պարոններին։
― Ակսենա, Հաֆյա, պարոններին աթոռներ տվեք, դե շուտ։
― Պետք չի, տան տեր, պետք չի։ Իսկ ինչո՞ւ նոր շրջանակ չեք դնում, ախր ցուրտ է, պատուհանից միջանցիկ քամի է փչում։
― Ինչո՞ւ նորը։ Շրջանակը դատարանում է, ափսոս է ուրիշն առնել։
― Հը՜մ, այդպես․․․ Տեսնում եմ, որ դուք հոգում եք Հաֆյայի մասին։ Նա խելոք երեխա է, լավ պահպանեցեք նրան, որբուկին։ Սա ձեր կինն է, այնպես չէ՞։
― Այդպես է, պարոն, այդպես է։ Անունը Դեմետրա է, մահուրիցեցի Իվան Վարիվոդյուկի աղջիկը։
― Տեսնում եմ, որ դուք սպասում եք ընտանիքի ավելանալուն։
― Սպասում ենք, սպասում ենք, թե որ աստված կամենա։
― Կրիվոյը ձեզ դո՞ւր է գալիս։
― Դուր է գալիս, ― ասում է Միհալն ու ձեռքը թափ տալիս։ ― Ներեցեք, պարոն, իսկ չի՞ կարելի, որ ես էլ Ամերիկա գնամ աշխատելու։
― Ինչպես Յուրա՞յը։
― Ինչպես նա, հանգուցյալը, թող տերը երկնային արքայություն պարգևի նրան։
Եվ Միհալը պարոններին ուղեկցում է դեպի դարբասը։
Դատարանը վերադառնում է քաղաք (հե՜յ, ձիուկներ, հե՜յ, դուք կարևոր տեղեկություններ եք տանում։ Իսկ գյուղը նման է Բեթղեհեմին, էն աստված)։
Դատավորը դառնում է դատախազին։
― Կոլեգա, դեռևս ուշ չէ։ Այս գործը երեկոյան նիստին չավարտե՞նք։ Ախր այսօր ավելի քիչ ճառեր կլինեն, քան երեկ․․․
Դատախազը թեթևակի կարմրում է։
― Ես էլ չգիտեմ, թե երեկ ինձ հետ ինչ կատարվեց։ Խոսում էի ասես տրանսի մեջ։ Ասես ես դատախազ չեմ, այլ վրիժառու։ Ուզում էի թնդացնել, քարոզ կարդալ․․․
― Ինձ թվաց, թե տաճարում եմ, ― մտախոհ ասում է նախագահը։ ― Ամբողջ հասարակությունը շունչը պահել էր։ Տարօրինակ մարդիկ են․․․ Ինձ էլ թվաց, թե մենք դատում ենք շատ ավելի մի մեծ բան, քան ոճրագործությունը ― մենք դատում ենք մեղքը․․․
Փառք աստծու, այսօր դահլիճը դատարկ կլինի։ Սենսացիան անցավ։ Ամեն ինչ կընթանա իրեն֊իրեն։
Ամեն ինչ ընթացավ իրեն֊իրեն։ Այն հարցին, թե արդյոք Շտեպան Մանյան մեղավո՞ր է Յուրայ Հորդուբալի կանխամտածված սպանության մեջ, ― երդվյալները ութ ձայնով պատասխանեցին «այո» և չորս ձայնով՝ «ոչ»։
Եվ այն հարցին, թե արդյոք Պոլանա Հորդուբալովան մեղավո՞ր է սպանության մասնակցության մեջ, ― բոլոր տասներկու ձայնով պատասխանեցին «այո»։
Երդվյալների այդ վճռի հիման վրա դատարանը Շտեպան Մանյային դատապարտեց ցմահ աքսորի, իսկ Պոլանա Հորդուբալովային, ծնյալ Դուրկոլովա, ― աքսորի՝ տասներկու տարի ժամկետով։
Պոլանան կանգնած է, ասես անկենդան, գլուխը վեր բարձրացրած։ Շտեպան Մանյան բարձրաձայն հեծկլտում է։
― Տարե՛ք դրանց։
Յուրայ Հորդուբալի սիրտը կորավ և այնպես էլ չթաղվեց հողում։