Պտուտադարձաշրջանը, որ մենք քննել ենք առաջ, տրված է լինում արտադրապրոցեսի համար կանխավճարված հիմնական կապիտալի տևողությամբ։ Որովհետև սա ընդգրկում է տարիների մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր շարք, ապա նա յուր մեջ պարփակում է հիմնական կապիտալի նաև տարեկան պտույտների, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] տարվա ընթացքում կրկնվող պտույտների մի շարք։
Երկրագործության մեջ մի այսպիսի պտուտադարձաշրջան առաջ է գալիս պտղափոխության սիստեմից։ «Վարձակալման ժամանակի տևողությունը պետք է համենայն դեպս ավելի կարճ վերցված չլինի, քան կիրառվող պտղափոխական ցանքի շրջանառության ժամանակն է, ուստի եռադաշտային տնտեսության դեպքում միշտ հաշվվում է 3, 6, 9 թվերով։ Բայց ընդունված զուտ հարոսավոր եռադաշտային տնտեսության ժամանակ արտը վեց տարում լոկ չորս անգամ է մշակվում, և մշակման տարիներում աշնավար կամ թե գարնավար է ցանվում, իսկ եթե հողի հատկությունը պահանջում է և կամ թույլ է տալիս, ցանվում է ցորեն ու հաճար, գարի ու վարսակ էլ։ Հացահատկի յուրաքանչյուր տեսակ միևնույն հողում ավելի շատ կամ թե ավելի քիչ բերք է տալիս, քան մյուսները, ամեն մեկը մի ուրիշ արժեք ունի և ծախվում էլ է մի ուրիշ գնով։ Ուստի եթե մշակման յուրաքանչյուր տարում հողից ստացածը տարբեր է լինում, ապա շրջանառության առաջին կեսում (առաջին երեք տարում) էլ այլ է լինում, երկրորդ կեսում՝ այլ։ Շրջանառության ժամանակում նույնիսկ միջին ստացածը հավասարամեծ չի լինում մեկի ու մյուսի համար, որովհետև պտղաբերությունը կախված է ոչ միայն հողի լավորակությունից, այլև տարվա եղանակից, ինչպես և գները կախված են բազմատեսակ պայմաններից։ Հիմա, եթե հաշվենք հողից ստացածն ամբողջ շրջանառության ժամանակի պտղաբերության միջին տարվա համաձայն՝ նկատի ունենալով վեց տարտարվա շրջանն ու նրա միջին գների համաձայն, ապա մենք գտած կլինենք մի տարվա մեջ ամբողջ ստացածը շրջանառության թե՛ մեկ ու թե՛ մյուս ժամանակի համար։ Սակայն այս բանը տեղի չի ունենում, եթե ստացույթը հաշվվում է շրջանառության ժամանակի կեսի համար միայն, ուրեմն երեք տարվա համար, որովհետև այս դեպքում ամբողջ ստացույթն անհավասար դուրս կգա։ Այստեղից հետևում է, որ եռադաշտային տնտեսության դեպքում վարձակալման ժամանակի տևողությունը պետք է սահմանվի առնվազն վեց տարի։ Բայց վարձակալի ու վարձու տվողի համար միշտ էլ ավելի ցանկալի ու ավելի ձեռնտու է լինում, եթե վարձակալման ժամանակը կազմում է վարձակալման ժամանակի [sic!] բազմապատիկը և հետևաբար եռադաշտային տնտեսության դեպքում 6-ի փոխարեն սահմանվում է 12, 18 ու է՛լ ավելի տարի, իսկ յոթնադաշտային տնտեսության դեպքում՝ 7-ի փոխարեն 14, 28 տարի։» (Kirchhof, p. 117, 118). [Ձեռագրում այստեղ գրված է. «Անգլիական պտղափոխական տնտեսությունը։ Այստեղ պետք է ծանոթագրություն դնել։»] ===ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ=== Մինչև հիմա քննած բոլոր հանգամանքները, որոնք տարբեր են դարձնում տարբեր ձեռնարկաճյուղերում ներդրված տարրեր կապիտալների շրջանառության պարբերաշրջանները, ուրեմն և այն ժամանակները, որոնց համար պետք է կանխավճարվի կապիտալը, ծագում են բուն իսկ արտադրապրոցեսի ներսում, ինչպիսիք են՝ հիմնական ու հոսուն կապիտալների տարբերությունը, աշխատապարբեբադրջանների տարբերությունը և այլն։ Սակայն կապիտալի պտուտաժամանակը հավասար է նրա արտադրաժամանակի ու նրա շրջանառության կամ ցիրկուլացիայի ժամանակի գումարին։ Ուստի հասկանալի է ինքնըստինքյան, որ շրջանառության ժամանակի տարբեր երկարությունը տարբեր է դարձնում պտուտաժամանակը և հետևաբար պտուտապարբերաշրջանի երկարությունն էլ։ Ամենաշոշափելի կերպով այս ակներև է դառնում կամ այն ժամանակ, երբ համեմատում ենք երկու տարբեր կապիտալաներդրում, որոնցում պտույտը կերպափոխող բոլոր հանգամանքները նույնն են, իսկ տարբեր են շրջանառության ժամանակները միայն, կամ թե այն ժամանակ, երբ վերցնում ենք տվյալ մի կապիտալ, որ ունի հիմնական ու հոսուն կապիտալից գոյացող տվյալ կազմ, տվյալ աշխատապարբերաշրջան և այլն, և վարկածորեն փոփոխում ենք նրա շրջանառության ժամանակները միայն։ Շրջանառության ժամանակի մի հատվածը — և համեմատաբար ամենավճռական հատվածը — կազմված է վաճառաժամանակից, այն ժամանակաշրջանից, երբ կապիտալն ապրանքակապիտալի վիճակում է գտնվում։ Այս ժամկետի հարաբերական մեծության համեմատ երկարում կամ թե կարճանում է շրջանառության ժամանակը և ուրեմն պտուտապարբերաշրջանն ընդհանրապես։ Նաև պահելածախքերի և այլոց հետևանքով կարող է կապիտալի ավելադիր ծախսում անհրաժեշտ լիներ հենց այն գլխից պարզ է, որ նրա պատրաստի ապրանքները ծախելու համար պահանջվող ժամանակը կարող է առանձին կապիտալիստների համար շատ տարբեր լինել միևնույն ձեռնարկաճյուղում, ուրեմն կարող է շատ տարբեր լինել ոչ թե մենակ այն կապիտալամասսաների համար, որոնք տարբեր արտադրաճյուղերում են ներդրված, այլ և այն ինքնակա ու տարբեր կապիտալների համար, որոնք արտադրության միևնույն ոլորտում ներդրված ամբողջ կապիտալի լոկ ինքնակայացած կտորներն են իրոք։ Միևնույն անհատական կապիտալի վաճառապարբերաշրջանն այլ անփոփոխ հանգամանքներում կփոփոխվի շուկայահարաբերությունների ընդհանրական տատանումների կամ թե նրանց՝ առանձին ձեռնարկաճյուղում կրած տատանումների հետ։ Մենք հիմա երկար կանգ չենք առնի սրա վրա։ Մենք լոկ հավաստում ենք հետևյալ հասարակ իրողությունը. այն բոլոր պարագաները, որոնք ընդհանրապես առաջ են բերում տարբեր ձեռնարկաճյուղերում ներդրված կապիտալների պտուտապարբերաշրջանների տարբերություն, եթե նրանք անհատաբար են ներգործում (օրինակ, եթե մի կապիտալիստ հնարավորություն ունի յուր մրցակցից ավելի արագ ծախելու, եթե մեկը մյուսից ավելի շատ է կիրառում այնպիսի մեթոդներ, որոնք կարճացնում են աշխատապարրերաշրջանները),— ապա նրանց հետևանքը լինում է միևնույն ձեռնարկածյուղում բունակալած տարբեր առանձին կապիտալների պտույտի տարբերությունը նմանապես։ Վաճառաժամանակի, ուրեմն և ընդհանրապես պտուտաժամանակի տարբերացման մշտապես ներգործող պատճառն ապրանքի վաճառավայրից այն շուկայի հեռավորությունն է, որտեղ նա ծախվում է։ Մինչև շուկան կատարվող յուր ճանապարհորդության ամբողջ ժամանակվա ընթացքում կապիտալն ամրակցված մնում է ապրանքակապիտալի վիճակում.— եթե պատվերով է արտադրվում, մնում է մինչև հանձնման րոպեն, եթե արտադրում է ոչ պատվերով, ապա մինչև շուկան կատարվող ճանապարհորդության ժամանակի վրա ավելանում է այն ժամանակն էլ, երբ ապրանքը ծախվելու համար շուկայումն է գտնվում։ Հաղորդակցության միջոցների ու փոխադրամիջոցների կատարելագործումը բացարձակորեն կարճացնում է ապրանքների թափառապարբերաշրջանը, բայց չի վերացնում թափառումից ծագող այն հարաբերական տարբերությունը, որ լինում է տարբեր ապրանքակապիտալների կամ էլ միևնույն ապրանքակապիտալի՝ տարբեր շուկաներում թափառող տարբեր կտորների շրջանառության ժամանակի միջև։ Օրինակ, կատարելագործված առագաստանավերն ու շոգենավերը, որոնք կարճացնում են ճանապարհը, այս կարճացնում են ինչպես մոտիկ ընկած, այնպես և հեռավոր նավահանգիստների համար։ Հարաբերական տարբերությունը մնում է, թեև հաճախ փոքրացած։ Բայց հարաբերական տարբերությունները փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացման հետևանքով կարող են փոփոխվել մի այնպիսի եղանակով, որը չի համապատասխանում բնական հեռավորություններին։ Օրինակ, մի երկաթուղի, որն արտադրավայրից տանում է դեպի բնակչության՝ երկրի ներսում գտնվող գլխավոր կենտրոնը, կարող է երկրի ներսում եղած մի այնպիսի կետի հեռավորությունը, ուր ոչ մի երկաթուղի չի գնում, բացարձակորեն կամ թե հարաբերաբար երկարացնել բնականորեն ավելի հեռու եղող կետի համեմատությամբ. միևնույն հանգամանքի հետևանքով բուն իսկ արտադրավայրերի՝ ավելի խոշոր վաճառաշուկաներից ունեցած հարաբերական հեռավորությունը կարող է փոփոխվել, որով բացատրվում է հին արտադրակենտրոնների անկումն ու նորերի բարձրանալը փոխադրանքի ու հաղորդակցության փոփոխված միջոցների հետ միասին։ (Սրան ավելանում է դեռ այն էլ, որ փոխադրանքը հարաբերաբար շատ ավելի էժան է երկար հեռակայությունների, քան կարճերի համար)։ Փոխադրամիջոցների զարգացման հետ միաժամանակ երթևեկության արագությունը չի միայն, որ սաստկանում է, և սրանով էլ տարածական հեռավորությունը ժամանակապես կարճանում։ Հաղորդակցության միջոցների ոչ միայն մասսան է զարգանում, այնպես որ, օրինակ, շատ նավեր են միաժամանակ չվում դեպի միևնույն նավահանգիստը, մի քանի գնացքներ են միաժամանակ տարբեր երկաթգծերի վրա երթևեկում միևնույն երկու կետի միջև, այլև, օրինակ, շաբաթվա մեջ տարբեր հաջորդական օրերում են փոխադրանավեր գնում Լիվերպուլից Նյու-Յորկ, կամ թե օրվա տարբեր ժամերում են ապրանքագնացքներ մեկնում Մանչեստրից Լոնդոն։ Թեև այս վերջին հանգամանքի հետևանքով, փոխադրամիջոցների տվյալ բեռնունակության ժամանակ բացարձակ արագությունը — ուրեմն և շրջանառության ժամանակի այս մասը — չի փոխվում, բայց և այնպես ապրանքների հաջորդական քանակներ կարող են իրար հաջորդող ավելի կարճ ժամանակամիջոցներում ճանապարհ ընկնել և այսպիսով հաջորդաբար շուկա գալ ու չկուտակվել իբրև պոտենցիալ ապրանքակապիտալ մինչև իրենց իսկական առաքումն ավելի մեծ քանակներով։ Ուստի հետհոսումն էլ է բաշխվում հաջորդական ավելի կարճ ժամանակաշրջանների վրա, այնպես որ միշտ մեկ մասը փոխարկում է դրամակապիտալի, այնինչ մյուսը շրջանառում է իբրև ապրանքակապիտալ։ Հետհոսումը մի քանի հաջորդական պարբերաշրջանների վրա բաշխելու շնորհիվ կարճացվում է շրջանառության ընդհանուր ժամանակը, ուրեմն և պտույտը։ Ամենից առաջ զարգանում է ավելի մեծ կամ թե ավելի փոքր այն հաճախականությունը, որով գործում են փոխադրամիջոցները, օրինակ, մի երկաթուղու գնացքների թիվը։ Իսկ այս լինում է մի կողմից՝ այն աստիճանին զուգահեռ) որով մի արտադրավայր ավելի շատ է արտադրում, մեկ ավելի խոշոր արտադրակենտրոն դառնում, ու այն էլ արդեն առկա վաճառաշուկայի ուղղությամբ, հետևաբար արտադրության ու բնակչության ավելի խոշոր կենտրոնների ուղղությամբ, արտահանման նավահանգիստների ուղղությամբ և այլն։ Իսկ մյուս կողմից՝ երթևեկության այս առանձին հեշտությունը, ուրեմն և սրա հետևանքով արագացած կապիտալապտույտը (որչափով որ սա պայմանավորված է շրջանառության ժամմանակով), ընդհակառակն, առաջ է բերում մի կողմից արտադրակենտրոնի ու մյուս կողմից շուկայավայրի մի արագացրած համակենտրոնացում։ Մարդկային բազմությունների ու կապիտալամասսաների՝ տվյալ կետերում այսպիսով արագորեն համակենտրոնանալու հետ առաջ է ընթանում այս կապիտալամասսաների համակենտրոնացումը սակավաթիվ ձեռքերում։ Արտադրավայրերի ու շուկայավայրերի հարաբերական տեղադրության հետևանքով, որը փոխվում է հաղորդակցության փոփոխված միջոցների հետ, միաժամանակ դարձյալ կատարվում է նրանց տեղաշարժ ու տեղափոխություն էլ։ Մի արտադրավայր, որը պողոտայի վրա կամ թե ջրանցքի մոտ ընկած լինելու յուր տեղադրությամբ դիրքի առանձին առավելություններ ուներ, հիմա գտնվում է այն մի հատիկ երկաթուղու մոտերքում, որը գործում է համեմատաբար մեծ ընդմիջումներով, այնինչ մի ուրիշ կետ, որը բոլորովին հեռու էր ընկած հաղորդակցության գլխավոր ուղիներից, այժմ գտնվում է մի քանի ճանապարհների խաչմերուկում։ Երկրորդ վայրը բարձրանում է, զարգանում, առաջինն՝ ընկնում, հետադիմում։ Այսպիսով ուրեմն փոխադրամիջոցների փոփոխման շնորհիվ առաջ է գալիս ապրանքների շրջանառության ժամանակի, գնելու, ծախելու է այլոց հնարավորությունների մի տեղային տարբերություն, կամ թե արդեն գոյություն ունեցող տեղային տարբերությունն ուրիշ կերպ է բաշխվում։ Այն կարևորությունը, որ ունի այս հանգամանքը կապիտալի պտույտի համար, երևան է գալիս տարբեր վայրերի վաճառականական ու արդյունաբերական ներկայացուցիչների այն պայքարներում, որ նրանք մղում են երկաթուղային վարչությունների հետ։ (Տես, օրինակ, Railway Committee-ի՝ վերևում մեջբերված Կապույտ գիրքը)։ Ուստի այն բոլոր արտադրաճյուղերը, որոնք իրենց արդյունքի բնության համեմատ նախանշված են գլխավորապես տեղական վաճառահանման համար, ինչպես, օրինակ, գարեջրագործարանները, ամենամեծ չափերով զարգանում են բնակչության գլխավոր կենտրոններում։ Կապիտալի ավելի արագ պտույտն այստեղ մասամբ հավասարակշռում է մի շարք արտադրապայմանների, շինավայրի և այլոց թանգացումը։ Եթե մի կողմից՝ կապիտալիստական արտադրության առաջադիմության հետ փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացումը կարճացնում է շրջանառության ժամանակն ապրանքների մի տվյալ քանակի համար, ապա միևնույն առաջադիմությունը և փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների զարգացման հետ տրված հնարավորությունն, ընդհակառակը, բերում, հասցնում է ավելի ու ավելի հեռավոր շուկաների համար, մի խոսքով՝' համաշխարհաշուկայի համար աշխատելու անհրաժեշտությանը։ Ճանապարհին գտնվող ու դեպի հեռավոր կետերն ուղևորվող ապրանքների մասսան աճում է արտակարգորեն, ուստի և բացարձակորեն ու հարաբերաբար աճում է հասարակական կապիտալի այն մասն էլ, որն ավելի երկար ժամկետներով միշտ գտնվում է ապրանքակապիտալի փուլում, շրջանառության ժամանակի սահմաններում։ Սրանով միաժամանակ աճում է հասարակական հարստության նաև այն մասը, որը փոխանակ իբրև անմիջական արտադրամիջոց ծառայելու՝ ծախսվում է փոխադրամիջոցների ու հաղորդակցության միջոցների վրա և նրանց արտադրության համար պահանջված հիմնական ու շրջանառու կապիտալի վրա։ Ապրանքի՝ արտադրավայրից մինչև վաճառավայրը կատարած ճանապարհորդության սոսկ հարաբերական երկարությունն առաջ է բերում շրջանառության ժամանակի ոչ միայն առաջին մասի, վաճառաժամանակի մի տարբերություն, այլև երկրորդ մասի, դրամն արտադրողական տարրերի հետփոխարկելու, գնելաժամանակի տարբերություն։ Օրինակ, ապրանքն ուղարկվում է Հնդկաստան։ Այս տևում է, օրինակ, չորս ամիս։ Դնենք, թե վաճառաժամանակը = 0-ի, այսինքն ապրանքն, ասենք թե, ուղարկվում է պատվերով է վճարահատուցվում է արտադրողի գործակալին հանձնելիս։ Փողի հետառաքումը (այստեղ նշանակություն չունի այն ձևը, որով հետ է առաքվում փողը) տևում է դարձյալ չորս ամիս։ Ուրեմն ընդհանուր առմամբ ութ ամիս է քաշում նախքան այն, որ միևնույն կապիտալը կարողանա էլի որպես արտադրողական կապիտալ գործել, հետևաբար միևնույն գործառնությունը նորից կատարել։ Պտույտի՝ այս կերպով առաջացող տարբերությունները կազմում են տարբեր վարկաժամկետների նյութական հիմքը, ինչպես որ անդրծովյան առևտուրն, օրինակ, Վենետիկում ու Ճենովայում բուն վարկային գործի մի աղբյուրն է կազմում առհասարակ։ «1847 թվականի ճգնաժամը հնարավորություն տվեց այն ժամանակվա բանկային ու առևտրային ձեռնարկություններին, որ սրանք հնդկական ու չինական սովորական ժամկետները (վոր գոյություն ունեին այս երկիրների ու Եվրոպայի միջև փոխանակվող մուրհակների ընթացաժամանակի համար) թվագրման տասն ամսից վերածեն ներկայման 6 ամսվա, իսկ հիմա, 20 տարի անց, ուղեգնացության արագացման ու հեռագրության հիմնվելու հետ անհրաժեշտ է դառնում, մի հետագա կրճատում կատարել՝ ներկայման վեց ամսից իջեցնելով թվագրման չորս ամսի, և այս էլ իբրև առաջին քայլ՝ ներկայման չորս ամսվան հասցնելու համար։ Մի առագաստանավի՝ Կալկաթայից Կապի երկրով պտտվելով դեպի Լոնդոն կատարվող ուղեգնացությունը միջին հաշվով տևում է 90 օրից պակաս։ Ներկայման քառամսյա մի ժամկետը համանիշ կլիներ, ասենք, 150-օրյա մի ընթացաժամանակի։ Ներկայման վեցամսյա այժմյան ժամկետը հավասար կգար, ասենք, 210-օրյա մի ընթացաժամանակի։»(«London Economist», 16. Juni 1866).— Ընդհակառակը, «Բրազիլյան ժամկետը դեռ էլի ներկայման երկու. և երեք ամսվա վրա է կանգնած։ Անտվերպենից (Լոնդոնի հասցեին) մուրհակներ քաշվում են թվագրման երեք ամսով, և նույնիսկ Մանչեստրն ու Բրեդֆորդը Լոնդոնի վրա մուրհակ են տալիս երեք ամսով ու ավելի երկար ժամկետներով։ Լռելյայն համաձայնությամբ վաճառականին այսպիսով մի բավարար հնարավորություն է տրվում յուր ապրանքն իրացնելու եթե ոչ ավելի վաղ, գոնե այն ժամանակվա մոտերքը, երբ նրա վրա քաշված մուրհակների ժամկետները հասնում են։ Ուստի հնդկական մուրհակի ժամկետը չափազանց չի։ Հնդկական արդյունքները, որոնք Լոնդոնում ծախվում են մեծ մասամբ երեք ամսվա ժամկետով, չեն կարող հինգ ամսից շատ ավելի կարճ ժամանակում իրացվել, եթե մենք սրա մեջ մի որոշ ժամանակ էլ հաշվենք ծախելու համար. այնինչ միջին հաշվով մի հինգ ամիս էլ անցնում է Հնդկաստանում գնելու և անգլիական պահեսաանոցներին հանձնելու արանքում։ Այս դեպքում մենք ունենում ենք տասնամսյա մի պարբերաշրջան, մինչդեռ ապրանքների դիմաց տրված մուրհակների ժամանակը յոթ ամսից ավելի չի լինում։» (Ibid., 30. Juni 1866). «1866 թվականի հուլիսի 2-ին Լոնդոնի հինգ խոշոր բանկ, որոնք հարաբերություն պահպանում էին գլխավորապես Հնդկաստանի ու Չինաստանի հետ, ինչպես է Փարիզի Comptoir d’Escomte-ն ազդարարեցին, որ իրենց բանկային ճյուղերն ու գործակալություններն Արևելքում 1867 թվականի հունվարի 1-ից սկսած գնելու և ծախելու են այնպիսի մուրհակներ միայն, որոնք տրված կլինեն ներկայման չորս ամսից ոչ ավելի ժամկետով»։ (Ibidem, 7. Juli 1866.) Սակայն այս իջեցումը չհաջողվեց, և հարկ եղավ այն նորից վերացնելու։ [Այն ժամանակվանից դեսը Սուեզի ջրանցքը հեղափոխել է այս բոլորը։] Հասկանալի է, որ ապրանքների շրջանառության ավելի երկար ժամանակի հետ մեծանում է վաճառաշուկայում կատարվող գնափոփոխության ռիսկը, որովհետև երկարում է այն պարբերաշրջանը, որի ընթացքում կարող են գնափոփոխություններ տեղի ունենալ։ Շրջանառության ժամանակի մի տարբերություն, որը միևնույն ձեռնարկաճյուղի տարբեր առանձին կապիտալների միջև եղած անհատական տարբերություն է մասամբ, մասամբ էլ տարբեր ձեռնարկաճյուղերի միջև տարբեր ժամկետներից բղխող զանազանություն է այն պատճառով, որ սրանցում կանխիկ չի վճարահատուցվում հավասարապես,— առաջ է գալիս առուծախի ժամանակ տեղի ունեցող վճարման տարբեր ժամկետներից։ Մենք այստեղ այլևս երկար կանգ չենք առնի վարկային գործի համար կարևոր այս կետի վրա։ Պտուտաժամանակի տարբերություններ ծագում են նաև մատակարարման պայմանագրությունների ծավալից, իսկ սա աճում է կապիտալիստական արտադրության ծավալի ու մասշտաբի հետ։ Մատակարարման պայմանադրությունն, իբրև գնորդի ու վաճառորդի միջև կատարվող մի գործարք, շուկային, շրջանառության ոլորտին պատկանող մի գործառնություն է։ Հետևաբար պտուտաժամանակի՝ այս տեղից ծագող տարբերություններն առաջ են գալիս շրջանառության ոլորտից, բայց անմիջաբար անդրադառնում են արտադրության ոլորտի վրա և այն էլ բոլոր վճարաժամկետներից ու վարկահարաբերություններից անկախ, ուրեմն կանխիկ վճարման դեպքում էլ։ Օրինակ, ածուխը, բամբակը, մանվածքը և այլն բաժանելի արդյունքներ են։ Ամեն մի օր տալիս է պատրաստի արդյունքի յուր քանակը։ Իսկ եթե մանագործարանատերը կամ թե հանքարանատերն ստանձնում է այնպիսի արդյունամասսաների մատակարարումներ, որոնք, ասենք, չորս կամ թե վեցշաբաթյա մի պարբերաշրջանում իրար հետևից հաջորդող աշխատօրեր են պահանջում, ապա այն ժամանակի երկարության տեսակետից, որի համար կանխավճարվել է կապիտալը, բոլորովին նույնն է, թե չորս կամ թե վեց շաբաթից կազմված մի շարունակական աշխատապարբերաշրջան մտցված լիներ այս աշխատապրոցեսի մեջ։ Այստեղ իհարկե ենթադրվում է, որ արդյունքի ամբողջ պատվիրված մասսան մի անգամից է մատակարարվելու, կամ թե չէ՝ նա վճարահատուցվելու է այն բանից հետո միայն, երբ ամբողջովին մատակարարվեի պրծել է։ Այսպիսով յուրաքանչյուր օր, առանձին քննած, պատրաստի արդյունքի մի որոշ քանակ է տվել։ Բայց այս պատրաստի արդյունքը պայմանագրորեն մատակարարելի քանակի լոկ մի մասն է միշտ։ Այս դեպքում եթե պատնվիրված ապրանքների արդեն պատրաստի մասն այլևս արտադրապրոցեսում չի գտնվում, ապա նա այնուամենայնիվ պահեստանոցում է ընկած լինում իբրև լոկ պոտենցիալ կապիտալ։ Հիմա մենք գանք շրջանառության ժամանակի երկրորդ շրջանին — գնելաժամանակին կամ այն ժամանակաշրջանին, երբ կապիտալը դրամաձևից հետ է փոխարկվում արտադրողական կապիտալի տարրերի։ Այս ժամանակաշրջանում նա ավելի կարճ կամ թե ավելի երկար ժամանակ պետք է յուր իբրև դրամակապիտալի վիճակում հարամնա, ուրեմն կանխավճարված ամբողջ կապիտալի մի հայտնի մասը պետք է դրամակապիտալի վիճակում գտնվի շարունակ, թեև այս մասը միշտ հերթափոխվող տարրերից է կազմված լինում։ Մի որոշ ձեռնարկության մեջ, օրինակ, կանխավճարված ամբողջ կապիտալից n × 100 £-ը պետք է առկա լինի դրամակապիտալի ձևով, այնպես որ այն ժամանակ, երբ այս n × 100 £-ի բոլոր բաղադրամասերը շարունակաբար փոխարկվում են արտադրողական կապիտալի, այս գումարն այնուամենայնիվ նույնպես միշտ էլի լրացվում է շրջանառությունից եկող, իրացված ապրանքակապիտալից եկող առհոսումով։ Հետևաբար կանխավճարված կապիտալի մի որոշ արժեմասը միշտ գտնվում է դրամակապիտալի վիճակում, ուրեմն ոչ թե յուր արտադրության ոլորտին, այլ յուր շրջանառության ոլորտին պատկանող մի ձևի մեջ։ Մենք արդեն տեսել ենք, թե շուկայի հեռավորության հետևանքով առաջացած երկարացումն այն ժամանակ, երբ կապիտալը կցակապված է լինում ապրանքակապիտալի ձևի մեջ, ուղղակի առաջ է բերում փողի ուշացած հետհոսում, ուրեմն ձգձգում է կապիտալի՝ դրամակապիտալից արտադրողական կապիտալի փոխարկվելն էլ։ Այնուհետև մենք ապրանքներ գնելու առնչությամբ տեսել ենք (VI գլուխ), թե ինչպես հումքի գնելաժամանակը, հումքի հայթայթման գլխաոր աղբյուրների ավելի մեծ կամ թե ավելի փոքր հեռավորությունը, անհրաժեշտ է դարձնում ավելի երկար պարբերաշրջանի համար հումք գնելն և այնպես պահելը, որ սա կիրառելի լինի արտադրողական պաշարի, ներթաքուն կամ պոտենցիալ արտադրողական կապիտալի ձևով։ Հետևաբար տեսել ենք, որ այս հանգամանքն արտադրության նույնահավասար մասշտաբի դեպքում մեծացնում է թե՛ այն կապիտալի մասսան, որը պետք է մի անգամից կանխավճարվի, ու թե՛ այն ժամանակը, որի համար կանխավճարվելու է նա։ Տարբեր ձեռնարկաճյուղերում նույն կերպ են ներգործում այն — ավելի կարճ կամ թե ավելի երկար — պարբերաշրջանները, երբ հումքի ավելի խոշոր մասսաներ են շուկա նետվում։ Այսպես, օրինակ, Լոնդոնում ամեն երեք ամիսը մեկ անգամ բրդի մեծ աճուրդներ են լինում, որոնք գերիշխում են բրդի շուկայի վրա, այնինչ բամբակի շուկան ընդհանրապես շարունակաբար, թեև ոչ միշտ հավասարաչափ, նորոգվում է բամբակահավաքից բամբակահավաք։ Այսպիսի պարբերաշրջաններն են որոշում այս հումքերի գլխավոր գնելաժամկետները և ներգործում հատկապես այն չարաշահական գնումների վրա էլ, որոնք պայմանավորում են այս արտադրատարրերի համար արվող ավելի երկարատև կամ թե կարճատև կանխավճարումները,— ճիշտ ինչպես որ արտադրված ապրանքների բնությունը ներգործում է արդյունքը պոտենցիալ ապրանքակապիտալի ձևով չարաշահորեն, դիտմամբ, ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով հետ պահելու վրա։ «Այսպիսով ուրեմն գյուղական տնտեսատերն էլ պետք է մի որոշ աստիճան չարաշահորդ լինի է հետևաբար իրեն զսպի յուր արդյունքները ծախելուց՝ ժամանակի պայմանների համեմատ շարժվելով։»... Սրան հաղորդում են միքանի ընդհանուր կանոններ։ ...«Սակայն արդյունքները վաճառահանելիս գլխավոր բանն անձնավորությունն է, բուն իսկ արդյունքն ու վայրը։ Ով որ շնորհքի ու բախտի (!) հետ օժտված է բավարար արտադրակապիտալով, նրան չեն պախարակի, եթե նա յուր ձեռք բերած բերքն անսովոր ցածր գների դեպքում մոտ մեկ տարի պառկեցնի, իսկ ում որ, ընդհակառակը, պակասում է արտադրակապիտալ ու ընդհանրապես (!) չարաշահության ոգի, նա կտքնի ընթացիկ միջին գներ ձեռք գցելու և ուրեմն պետք է վաճառահանի, հենց որ և քանի անգամ որ սրա առիթն ունենա։ Բուրդը մի տարուց ավելի պառկեցնելը գրեթե միշտ վնասներ միայն կբերի, այնինչ հացահատիկների բերքն ու յուղատու սերմերը կարող են երկու տարի պահվել՝ առանց վնաս հասցնելու նրանց հատկությանն ու լավորակությանը։ Այնպիսի արդյունքները, որոնք սովորաբար ենթակա են կարճ ժամանակամիջոցներում գների մի մեծ բարձրացման կամ թե անկման, ինչպիսիք են, օրինակ, յուղատու սերմերը, գայլուկն, ուղտափուշը և այլն, իրավամբ պառկեցնում են այն տարիներում, երբ գինն արտադրագներից շատ ցած է լինում։ Ամենից քիչ պետք է ձգձգել այնպիսի առարկաների վաճառքը, որոնք ամենօրյա պահելածախքեր են պատճառում, ինչպես, օրինակ, բտած անասունը, կամ որոնք փչանալու են ենթակա, ինչպես պտուղը, կարտոֆիլը և այլն։ Միքանի վայրերում մեկ արդյունք տարվա որոշ եղանակներին միջին հաշվով յուր ամենացած գինն է ունենում, ուրիշ ժամանակներում էլ, ընդհակառակը, յուր ամենաբարձր գինը. այսպես, օրինակ, միքանի տեղ Մարտինի տոներին միջին հաշվով ավելի ցած գին է ունենում, քան ծննդյան ու Զատկի արանքում։ Այնուհետև, կան միքանի արդյունքներ, որ այս կամ այն վայրում կարելի է որոշ ժամանակներում միայն լավ ծախել, ինչպես, օրինակ, բուրդն այնպիսի մարզերի բրդի տոնավաճառներում, որտեղ, սրանցից դուրս, բրդի առևտուրը սովորաբար կանգ առած է լինում և այլն»։ (Kirchhof, p. 302). Շրջանառության ժամանակի այն երկրորդ կեսը քննելիս, երբ դրամը հետ է փոխարկվում արտադրողական կապիտալի տարրերի, ուշադրության առնվում է ոչ թե մենակ ինքն այս փոխարկությունն ըստինքյան վերցրած, ոչ թե լոկ այն ժամանակը, երբ դրամը հետ է հոսում, նայած այն շուկայի հեռավորությանը, որտեղ ծախվում է արդյունքը, այլ ամենից առաջ ուշադրության է առնվում նաև այն ծավալը, որով որ կանխավճարված կապիտալի մի մասը միշտ պետք է դրամաձևում, դրամակապիտալի վիճակում գտնվի։ Մի կողմ թողած ամեն չարաշահություն՝ այն ապրանքների գնումների ծավալը, որոնք միշտ պետք է առկա լինեն իբրև արտադրողական պաշար, կախված է այս պաշարի նորացման ժամանակներից, ուրեմն այն հանգամանքներից, որոնք իրենց հերթին շուկայապայմաններից կախում ունեն, ուստի տարբեր հումքերի և այլոց համար տարբեր են. հետևաբար այստեղ ժամանակ առ ժամանակ պետք է փողի ավելի խոշոր քանակներ կանխավճարվեն մի անգամից։ Բայց փողը, նայած կապիտալի պտույտին, ավելի արագ կամ թե ավելի դանդաղ, միշտ հետ է հոսում մաս-մաս։ Նրա մի մասը, այն է՝ աշխատավարձի հետփոխարկված մասը, նույնպես էլի միշտ ծախսվում է ավելի կարճ ժամանակամիջոցներում։ Իսկ մյուս մասը, հումքի և այլոց հետփոխարկվող մասը, պետք է կուտակվի ավելի երկար ժամանակամիջոցներում որպես պահեստաֆոնդ, լինի սա գնումների, թե վճարումների համար, միևնույն է։ Ուստի նա գոյություն է ունենում դրամակապիտալի ձևով, թեև փոխվում է այն ծավալը, որով նա գոյություն է ունենում իբրև այսպիսին։ Հաջորդ գլխում մենք կտեսնենք, թե ինչպես ուրիշ հանգամանքներ — արտադրապրոցեսից ծագելիս լինեն սրանք, թե շրջանառության պրոցեսից, միևնույն է — անհրաժեշտ են դարձնում կանխավճարված կապիտալի մի որոշ բաժնեմասի այս առկայությունը դրամաձևով։ Իսկ ընդհանրապես պետք է նշել, թե տնտեսագետները մեծապես հակված են մոռանալու, որ ձեռնարկության մեջ հարկավոր կապիտալի ոչ թե լոկ մի մասն է միշտ դրամակապիտալի, արտադրողական կապիտալի ու ապրանքակապիտալի երեք ձևով անցնում փոխեփոխ, այլ նույնի տարբեր բաժնեմասերն էլ միշտ այս ձևերն են ունենում իրար կողքի, թեև այս բաժնեմասերի հարաբերական մեծությունը փոփոխվում է միշտ։ Տնտեսագետները հատկապես մոռանում են այն մասը, որը միշտ առկա է որպես դրամակապիտալ, չնայած որ հենց այս հանգամանքը շատ անհրաժեշտ է բուրժուական տնտեսությունը հասկանալու համար և այս պատճառով էլ գործնականում իրեն շատ զգալի է դարձնում իբրև այսպիսին։ ===ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊՏՈՒՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԻՏԱԼԱԿԱՆԽԱՎՃԱՐՄԱՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՎՐԱ=== Այս ու հաջորդ տասնվեցերորդ գլխում մենք հետազոտում ենք պտուտաժամանակի ներգործությունը կապիտալի արժեմեծացման վրա։ Վերցնենք այն ապրանքակապիտալը, որը մի աշխատապարբերաշրջանի, օրինակ, ինը շաբաթվա արդյունք է։ Եթե մենք առայժմ մի կողմ թողնենք ինչպես արդյունքի այն արժեմասը, որ նրան միակցված֊ է հիմնական կապիտալի միջին մաշվածքի հետևանքով, այնպես և հավելարժեքը, որ նրան միակցված է արտադրապրոցեսի ժամանակ, ապա այս արդյունքի արժեքը հավասար կլինի նրա արտադրության համար կանխավճարված հոսուն կապիտալի արժեքին, այսինքն աշխատավարձի և հիշյալ արդյունքի արտադրության վրա գործադրված հումքերի ու օժանդակ նյութերի արժեքին։ Ասենք, թե այս արժեքը = 900 £-ի, այնպես որ շաբաթածախսումն անում է 100 £։ Ուրեմն պարբերական արտադրաժամանակը,