Չարի ծաղիկներ
հեղինակ՝ Շառլ Բոդլեր |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Չարի ծաղիկներ
- Անբասիր բանաստեղծին
- Ֆրանսիական գրականության անզուգական հրաշագործին,
- իմ շատ սիրելի և շատ ակնածելի ուսուցչին և բարեկամին
- Թեոֆիլ Գոիթեին ամենախորին նվիրվածության զգացումներով
- ձոնում եմ այս հիվանդագին ծաղիկները։
- Ֆրանսիական գրականության անզուգական հրաշագործին,
Ընթերցողին
Խենթությունը, մեղքերը և արատները բոլոր
Համակում են մեր հոգին և մեր մարմինը կրծում,
Եվ մենք մեր մեջ հաճելի խղճի խայթ ենք սնուցում,
Ինչպես աղքատն է սնում միջատներին ահավոր։
Մեր մեղքերը համառ են, մեր քավությունը՝ սնանկ,
Խոստովանանքը մեր ողջ հատուցելով լիուլի,
Ուրախությամբ բռնում ենք դարձյալ կեղտոտ մի ուղի,
Հուսալով, որ աղտը մեր գարշ արցունքով կլվանք։
Եռամեծար չարքն է, որ օրորում է ընդերկար
Բարձի վրա չարության սքանչացած մեր հոգին,
Եվ մետաղը մեր կամքի պերճափայլ ու թանկագին
Գոլորշի է դարձնում այդ քիմիկոսը ճարտար։
Թելերը մեզ խաղացնող բռնել է Դևն այդ ժահրոտ.
Նողկանքի մեջ գտնում ենք մենք հմայքներ հեշտագին,
Եվ ամեն օր մի քայլով մոտենում ենք Դժոխքին՝
Առանց ահ ու սարսափի, մթան միջով գարշահոտ։
Ինչպես մի խեղճ կնամոլ, որ հոշոտում է անսանձ
Մի պառաված պոռնիկի ստինքները լղրճուկ,
Մենք շորթում ենք անցնելիս գաղտագողի մի հաճույք,
Որը քամում ենք ուժգին, ինչպես նարինջը սմքած։
Եվ մեր արբած ուղեղում գարշ Դևերի մի բանակ
Ինչպես որդեր անքանակ անվերջ վխտում է, զեռում,
Եվ երբ մենք շունչ ենք քաշում, հորդում է մեր թոքերում
Մահը՝ անտես հեղեղատ, հառաչանքով խլարձակ։
Քանի դեռ թույնը լեղի, դաշույնը սուր, հուրը բարկ
Իրենց խրթին նախշերով չեն հասցրել ավարտի
Ձեռագործը քրքրված ողորմելի մեր բախտի,
Ավա՜ղ, հոգին մեր այսպես կմնա ցած ու անարգ։
Արատների մեր զազիր ու գարշելի որջերում
Կան հովազներ ու քածեր, շնագայլեր ու քարբեր,
Ուրուրներ ու կապիկներ ու կարիճներ մահաբեր,
Ճիվաղներ, որ ճչում են, հաչում, ֆշշում ու ոռնում։
Բայց կա մեկը՝ նրանցից առավել ժանտ ու դաժան.
Չունի թեև մագիլներ, վիթխարի ցատկ ու կռինչ,
Բայց կուզենա հաճույքով ոչնչացնել ամեն ինչ
Եվ իր մեն մի հորանջով կուլ տալ աշխարհը համայն։
Ձանձրո՜ւյթն է դա, որ անկամ արտասվում է անդադար
Եվ իր հուկան ծխելով, կառափնարան է տենչում,
Հրեշին այդ, ընթերցո՛ղ, դու էլ ես լավ ճանաչում,
Իմ երեսպա՜շտ ընթերցո՛ղ, իմ նմանա՛կ, իմ եղբա՛յր։