Ինչ֊վոր Ինչ֊որ քաղաքում, որի անունը մի շարք պատճառներով խոհեմություն կլիներ չհիշատակել, և որը ես չեմ կոչելու որևէ մտացածին անունով, հասարակական այլ շենքերի թվում կար մի շենք, որ սովորաբար լինում է մեծ կամ փոքր հին քաղաքներում։ Դա մի գործատուն էր աղքատների համար։ Եվ այդ աղքատանոցում ծնվեց (հարկ չեմ համարում նեղություն կրել օրը և թվականը հիշելու, մանավանդ, որ դա ոչ մի արժեք չի կարող ներկայացնել ընթերցողի համար, գոնե այժմ, գործողությունների այս կանխահաս վիճակում) այն մահկանացուն, որի անունը նախատեսված է սույն գրքի վերնագրում։
Երբ մանուկը, ծխական բժշկի օգնությամբ, մուտք գործեց վշտի ու ցավերի այս աշխարհը, երկար ժամանակ բավականին կասկածելի էր թվում, թե արդյոք նա կապրե՞ր այնքան, որ կարողանար որևէ անուն կրել։ Եթե չապրեր, ավելի քան հավանական է, որ այս հուշագրությունները երբեք լույս չտեսնեին, կամ լույս տեսնելու դեպքում էլ, գրավելով մի քանի էջ, ամենահակիրճ ու ճշմարտացի կենսագրության նմուշը լինելու անգնահատելի արժեքը կունենային։ Շատ արտասովոր երևույթ, որևէ դարի կամ երկրի գրականության մեջ։