Changes
/* Էդիկի մոտ */
Լուսանցքներում, իմիջիայլոց, ես տեսա բազմաթիվ նշումներ, արված գույնզգույն մատիտներով։ Նշումները հիմնականում բացասական էին և բավականին միօրինակ։ Ինչ֊որ տեղ գրված էր․ «Վատ է» կամ «Սա արդեն չափազանց է!!!» (հենց երեք բացականչական նշան էր դրված)։ Ես սկսեցի նայել թերթիկները, հափշտակվեցի և մտածեցի, որ միգուցե ինչ֊որ բան չափազանց է, բայց ի՞նչ վատ բան կա այստեղ։ Ընդհակառակը, նույնիսկ շատ լավ է գրված։
===Ձանձրալի է===
Ստեպանիդան ապրեց Օտրադնոյում քսան տարուց ավելի։ Այդ տարիների ընթացքում նա կանոնավոր գրի էր առնում իր դիտարկումները կալվածքի կյանքի մասին, անվանելով տիրոջը մեկ Տեր, մեկ ուղղակի Նա՝ մեծատառով։ Բայց ժամանակի ընթացքում գրությունները դառնում էին ավելի կարճ, միօրինակ և ձանձրալի։ Երբեմն նույնիսկ բողոքում էր, որ լավագույն տարիները իզուր անցան, որ ցանկանում է տուն վերադառնալ։
Գրություններից մեկը շատ կարճ էր․ «Ոչ մի նոր բան, միայն այն, որ բոլորս ծերանում ենք»։
Երկար տարիներ շարունակ Տերը պահպանում էր մեկ անգամ ընդունված կարգը․ արթնանում էր, աղոթում, վազում լճի շուրջը, նախաճաշում, աշխատում, Գլագոլի հետ դուրս գալիս, հետո նորից աշխատում, աշխատում կարճ դադարներով ճաշի ու հանգստի համար, և միայն երեկոյան, ինչպես միշտ, նոր բառեր էր սովորում Դալից և քնից առաջ «Լավ տեմպերացված կլավիր» լսում։
Եվ ոչ մի զվարճություն։ Նայիչ Նա չի նայում, և չի սիրում, երբ նայում են ուրիշները։ Ստեպանիդան բողոքում է, որ նույնիսկ ամենշաբաթյա «Դալլասը» ինքն ու Թոմը գաղտնի են նայում, հնարավորինս իջեցնելով ձայնը։
Օտրադնոյում միայն մի (բավական երկար) աշխուժացման և հույսերի շրջան կար։ Դա այն ժամանակ էր, երբ մեկը մյուսի ետևից սկսեցին մահանալ մոսկովյան առաջնորդները։ Այդ ընթացքում, Նա երեկոները դուրս էր գալիս նայիչի մոտ և հաճույքով դիտում թաղումները, ուշադիր լսում բոլոր հաղորդումներն ու մեկնաբանությունները կլեմլում տեղի ունեցող փոփոխությունների և ինտրիգների մասին։ Երբեմն հրում էր Զիլբերովիչին.
― Ի՞նչ են ասում։
Տեղական լեզուն Նա վատ գիտեր։
Այդ օրերին Նա աշխուժանում էր, ավելի քիչ ժամանակ ծախսում բեկորների վրա, ավելի շատ ուշադրություն դարձնում Գլագոլի վարժեցմանը, հաճախ կատակում էր, և նույնիսկ մեծանում էր Նրա սեկսուալ ակտիվությունը։
Բայց միշտ վերջանում էր նրանով, որ թաղելով մի ծերունուն, ամենակուլները նրա տեղն էին դնում մի ուրիշ, ավելի ծեր մարդու, և ամեն ինչ գնում էր իր հունով։
Նրա վերջին հույսը, վերջապես ծերունիներին փոխարինած երիտասարդ և առողջ, երկու բարձրագույն կրթություն ունեցող առաջնորդն էր։ Նայիչի մեկնաբանները նորին անընդհատ գովաբանում էին, ասում, որ նա խելացի է և սրամիտ, պատվիրում է կոստյումներ միայն «Դիորից», բնագրով Վոլտեր է կարդում և թաքուն եկեղեցի է գնում։ Հենց այդ առաջնորդին էլ «Հայրը» ուղարկեց իր գաղտնի ուղերձը, հրահանգելով արգելել կոմունիստական պարտիան և վերականգնել միապետությունը։
Նա պատասխան չստացավ։ Պարզ էր, որ լրագրողները նոր առաջնորդին չափից ավելին էին վերագրել։ Կոստյումներ Դիորից նա կրում է, բայց եկեղեցի երևի թե չի գնում, իսկ բնագրով կարդում է միայն Լենինին։
Համոզվելով դրանում, Նա հրամայեց նետել աղբանոց նայիչը, դադարեց հարցեր տալ Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունների մասին և վերադարձավ իր անվերջանալի աշխատանքին։
Ստեպանիդան նշում է, որ դրանից հետո Տերը շատ փոխվեց։ Նա շարունակեմ էր մեկը մյուսի ետևից գրել իր բեկորները, բայց դժվարությամբ և անհավես։ Նրա հիշողությունը սկսեց թուլանալ, և ասացվածքներն ավելի ու ավելի մեծ դժվարությամբ էր հիշում․ վեց հատ նորը սովորում էր, ութ հատ նախկինում սովորածը մոռանում։ Երբեմն, երբ առիթ էր լինում մի ասացվածք մեջ բերել, կնճռոտում էր դեմքը, մատերը շխկացնում, բայց չէր կարողանում հիշել։ Լավ է, որ Զիլբերովիչը կողքին էր, թե չէ ուղղակի կկորչեր։
Նա հազվադեպ էր նստում ձիու վրա, իսկ հետո այդ փորձերը վերջնականապեես դադարեցրեց և կյանքը Օտրադնոյում դարձավ էլ ավելի ձանձրալի։
Ինձ համար շատ ցավալի ու տխուր էր կարդալ Ստեպանիդայի զեկույցները։ Տերը, կորցնելով հավատը իր հատուկ առաքելության հանդեպ, սկսեց խմել (ավելի ու ավելի հաճախ էր նրա սենյակից հավաքում վիսկիի և սոդայաջրի շշեր)։ Եվ հանկարծ՝ այսպիսի նամակ։
===Կորուստ===
«Կատյուշկա, հարազատս։
Սարսափելի հուզված եմ։ Մեզ մոտ սատանան գիտե, թե ինչ է կատարվում։ Այսօր առավոտյան ես արթնացա սովորականից ավելի ուշ և տեսա, որ Թոմը արդեն չկա։ Մտածեցի՝ գնացել է ախոռ։ Լավ։ Վեր կացա, կարգի բերեցի ինձ, գնացի Նրա սենյակը հավաքելու։ Այդ ժամանակ Նա սովորաբար վազում էր։ Տեսնեմ՝ ննջարանում ամեն ինչ հավաքված է, կարծես չեն էլ պառկել քնելու։ Աշխատասենյակը նույնպես մաքուր է։ Սեղանների վրա թղթի ոչ մի կտոր, չհաշված մի ինչ֊որ առողջապահական ամսագիր։ Մինչև նախաճաշ դեռ շատ ժամանակ կար և ես գնացի ախոռ Թոմին հարցնելու, արդյոք նա չգիտի՞ թե ինչ է պատահել։ Բայց Թոմը այնտեղ չէր։ Ես շատ զարմացա, քանի որ ոչ միայն Թոմը՝ Գլագոլն էլ չկար։ Գնացի հրեային փնտրելու։ Նրա դուռը փակ էր, բակում նա նույնպես չէր երևում։ Ես դրան առանձնապես ուշադրություն չդարձրի։ Մտածեցի՝ միգուցե միասին գնացել են, ասենք թե անասնաբույժի մոտ։ Չնայած դա շատ զարմանալի էր։ Սովորաբար, անասնաբույժը ինքն էր գալիս, իսկ ընդհանրապես, Թոմն ու հրեան ինքնուրույն էին գլուխ հանում։
Մինչև նախաճաշ ես առանձնահատուկ ոչ մի բան չկասկածեցի։ Երբ եկա ճաշասենյակ, Ժանետա Գրիգորյևնան և նրա մայրը արտասվաթաց աչքերով էին նստած։ Հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել։ Ասում են՝ ոչինչ։ Հարցնում եմ, թե ո՞ւր է «Հայրիկը»։ Ասում են նա չկա և այլևս չի լինի։ Մահացե՞լ է, ինչ է։ Տեսնեմ, Կլեոպատրա Կազիմիրովնան մի տեսակ ցնցվում է և հայացքը մի կողմ շրջում, իսկ Ժանետա Գրիգորյևնան ասում է՝ մահացել է։ Ես հարցրի, թե ո՞ւր են կորել հրեան ու Թոմը։ Միգուցե դիարա՞ն են նրան տարել։ Ձիո՞վ։ Կլեոպատրա Կազիմիրովնան լռում է, իսկ Ժանետա Գրիգորյևնան ասում․ «Թոմն ու Լեոպոլդ Գրիգորյևիչը նույնպես չկան» ― «Նրա՞նք էլ են մահացել, ― հարցնում եմ»։ ― «Նրանք էլ, ― ասում է, ― մահացել են»։
Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կատարվեց ինձ հետ։ Հարցնում եմ, թե նրանց դիկաները որտե՞ղ են։ Ասում են, ոչինչ մի հարցրու, քո գործը չէ։ Ես ասում եմ, ինչպե՞ս թե իմ գործը չէ։ Որտեղ է գտնվում ձեր դիակը՝ իմ գործը չէ, իսկ իմ Թոմինը՝ դա իմ գործն է։ Նրանք ոչինչ չեն պատասխանում և ես չգիտեմ ինչ անել․ ոստիկանություն կանչե՞լ, թե ոչ։ Կատյուշկա, եթե դա քո ձեռքի գործն է, ապա պետք էր ինձ նախօրոք նախազգուշացնել։ Հիմա ես չգիտեմ ինչ անեմ։ Սպասում եմ հետագա հրահանգների․․․»
Վերջին նախադասությունը ամբողջովին մատնում է Ստեպանիդային։ Նա երևի գրել էր չափազանց շտապ ու հուզված վիճակում։
Հավանաբար, Ստեպանիդան հրահանգներ ստացավ, որովհետև հաջորդ նամակը արդեն ժողովրդական լեզվով չէր գրել։ Հաղորդում էր, որ անհետանալուց մի քանի օր առաջ, Նա շատ մտածկոտ էր դարձել։ Հաճախ էր իր մոտ կանչում հրեային ու Թոմին, և փակվելով առանձնասենյակում նրանց հետ երկար զրուցում էր։ Այդ օրերին, Թոմի հետ ինչ֊որ տարօրինակ բան էր կատարվում։ Բայց Ստեպանիդայի հարցերին ոչ մի խելամիտ բան չէր պատասխանում (փակագծերում գրում է, որ Թոմը պետք է որ իրեն ամեն ինչ պատմեր)։
Մի օր, դա անհետանալուց մի քանի օր առաջ էր, Ստեպանիդան նկատում է, որ չնայած ուշ ժամին նրա սենյակի լույսը վառվում է։ Կամացուկ մոտենում է բաց պատուհանին և լսում, որ նա ինչ֊որ մեկի հետ ռուսերեն է խոսում, անվանելով զրուցակցին «միստր Րիվկին»։ Ստեպանիդան լսել էր խոսակցության միայն մի մասը։ Այդ խոսակցությունը նրան շատ տարօրինակ թվաց, բայց միայն հետո հասկացավ, թե ինչի մասին էր խոսքը։
Չեմ հասկանում, թե ինչն է բարդ, ― կարծես ասում էր Սիմ Սիմիչը շատ հուզված։ ― Ձիու քաշը մարդկայինից շատ է, բայց չէ՞որ ձին գտնվում է զարգացման ավելի պարզունակ շրջանում և նրա օրգանիզմը ավելի հեշտ․․․
Ստեշան կռահեց խոսակցության առարկան միայն Նրա անհետացումից հետո, երբ սեղանին գտավ գիտահանրամատչելի «Մեդիկալ րեվյու» ամսագրի հոդվածներից մեկի պատճենը։ Բազմաթիվ տողեր ընդգծված էին, իսկ լուսանցքներում կային Տիրոջ ձեռքով արված նշումներ։ Հոդվածը տեղեկացնում էր Հարվարդում աշխատող պրոֆեսոր Դոնալդ Րիվկինի բարձրագույն կաթնասունների սառեցման փսրձերի մասին։ Այնտեղ ասված էր․ փորձը ցույց է տվել, որ արդեն գոյություն ունի բավականին հուսալի միջոց օրգանիզմի սառեցման համար։ Օրգանիզմը կարող է անաբիոզի մեջ մնալ որքան ուզես (գործնականում հավերժ)։ Ասվում էր, որ փորձերը կատարվել են ոչ միայն կապիկների հետ, այլև կենդանի մարդկանց, որոնք անբուժելի հիվանդության պատճառով (սովորաբար քաղծկեղով), համաձայնել են սառեցվել, հույս ունենալով սպասել, մինչև այդ հիվանդության դեմ պայքարի ազդեցիկ միջոցներ գտնելը։
Այստեղ ևս մի թուղթ կար։ Դա ոչ թե հոդված էր, այլ այն միջքաղաքային հեռախոսային զրուցի հաշիվը, որը լսել էր Ստեպանիդան։ Այդ խոսակցությունը շարունակվել էր չորս ու կես ժամ և սարսափելի թանկ էր նստել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տերը հենց այնպես փող չէր ծախսում, հավանաբար այդ խոսակցությունը նրա համար շատ կարևոր էր։
Գրքում գրված էր, որ այստեղ Ստեպանիդայի զեկույցները ընդհատվում են։ Կցված տեղեկանքը շատ չոր տեղեկացնում էր, որ կատարելով զինվորական պարտականությունը, Սովետական Միության հերոս, ԿԳԲ֊ի մայոր Ստեպանիդա Մակարովնա Զուևա֊Ջոնսոնը վերադառնալով
Հայրենիք, օդանավակայանից Մոսկվա տանող ճանապարհին զոհվեց ավտոմոբիլային վթարից։
Բայց գործը դրանով չավարտվվեց։ Ես կարդացի մի քանի տասնյակ գործակալների հաղորդագրություններ։ Նրանք պետք է պարզեին, թե վերջ ի վերջո, ինչ էր տեղի ունեցել Կարնավալովի հետ և ուր էր նա անհետացել։ Որոշ գործակալներ ազնվորեն տեղեկացնում էին, որ ոչինչ չկարողացան պարզել։ Մյուսները՝ հաղորդում էին ինչ֊որ անհավատալի բաներ։ Վերջապես տեղեկություն եղավ, որ պրոֆեսոր Րիվկինի կլինիկայում, վերջերս կատարվել է մի շատ բարդ փորձ՝ երեք մարդու և մի նժույգի միանգամից սառեցրել են։
Հետո՝ մի անհավատալի բան․
«Ս․ Ս․ Կարնավալովը, նրա երկու թիկնապահները և Գլագոլ նժույգը անաբիոզի մեջ, տեղափոխվել են Ժնև և անսահմանափակ ժամկետով տեղավորվել Շվեյցարական բանկի սեյֆերից մեկում»։
― Եվ նա, ― ասաց Ձերժինը հաջորդ հանդիպման ժամանակ, ― այնտեղ, սեյֆում, սպասում է իր ժամին։ Սպասում է՝ սովետական կարգերի փլուզումանը։ Այն ժամանակ նրան կհալեցնեն և նա կգա այստեղ իր սպիտակ նժույգի վրա նստած։
― Այո, ― ասացի ես հոռետեսորեն։ ― Այդ մարդուց ամեն ինչ սպասելի է։ Բայց համոզված եմ, որ մեր կոմունիստական փառապանծ լրտեսները ՑՌՈՒ֊ի հետ միացյալ ուժերով, իհարկե արդեն պարզել են, թե հատկապես որ սեյֆում է պահվում ինքնակոչը։
― Ի՜նչ ես ասում, ― չնկատելով իմ ակնարկը տխուր ասաց Ձերժին Գավրիլովիչը։ ― Եթե իմանայինք, ձեր օգնության կարիքը չէինք ունենա։