Changes
/* Կորուստ */
― Ի՜նչ ես ասում, ― չնկատելով իմ ակնարկը տխուր ասաց Ձերժին Գավրիլովիչը։ ― Եթե իմանայինք, ձեր օգնության կարիքը չէինք ունենա։
===Ստեղծագործական Հնգանկյունը===
― Ստեղծագործական Հնգանկյունի արտահերթ նիստը հայտարարում եմ բացված, ― սովորական ձայնով ասաց Սմերչևը և նայեց կողքին նստած Բերիյ Իլյիչին, որը կզակը հենած բռունցքներին ինչ֊որ տեղ էր նայում աջ ականչիս միջով։ Նա իր ամբողջ տեսքով ցույց էր տալիս, որ կողմնակի անձ է և մտադրություն չունի խառնվել Հնգանկյունի աշխատանքին։
― Նիստը գաղտնի է, ― շարունակեց Սմերչևը։ ― Ոչ ոք իրավունք չունի գրառում կատարել բացի սղագրուհուց։ Նա բազմանշանակ նայեց ինձ, իսկ ես ցույց տվեցի նրան դատարկ ձեռքերս և թփթփացրի կրծքիս, ցույց տալով որ ոչինչ չունեմ ո՛չ սեղանին, ո՛չ ձեռքիս, ո՛չ էլ ծոցում։ ― Հնգանկյունի անդամներին դա հայտնի է, իսկ ում հայտնի չէ՝ Սմերչևը նորից ինձ նայեց, ― զգուշացնում եմ, որ Հնգանկյունում տեղի ունեցող քննարկումները այս պատերից դուրս արգելվում է հրապարակել։
― Իմ ու մարշալի հետ, ― նկատեցի ես, ― ստացվում է ոչ թե հնգանկյունի, այլ յոթանկյունի։
Այս դիտողությունը ինձ սրամիտ թվաց և ես ծիծաղեցի։ Հնգանկյունի անդամները լարված իրար նայեցին։ Մարշալը առաջվա պես անվրդով էր, իսկ Կոմունիյ Իվանովիչը, մի հայացք գցելով մարշալի դեմքին, ժպիտի նման մի բան պատկերեց, հասկացնելով, որ իմ ուրախ տրամադրությունը չի համապատասխանում պահի լրջությանը։
Ես շփոթվեցի, և սկսեցի աննկատ ուսումնասիրել Հնգանկյունի անդամներին։ Նրանք այսպես էին տեղավորված։ Սմերչևը նստած էր իր սեղանի առջև մարշալի աջ կողմից։ Նույն սեղանի մոտ էր նստած նաև Իսկրան մատիտով և բլոկնոտով (այդ նա էր սղագրուհին)։ Երբեմն ուզում էի հանդիպել նրա հայացքին, բայց նա պահում էր իրեն շատ օտարոտի և իմ կողմը չէր նայում։ Հնգանկյունի մնացած անդամները՝ Պրոպագանդա Պարամոնովնան, Ձերժին Գավրիլովիչը և Հայր Զվեզդոնին՝ տեղավորվել էին խորհրդակցությունների համար նախատեսված սեղանի մոտ։ Ես նստած էի Զվեզդոնիից, մի քանի աթոռ այն կողմ, ավելի մոտիկ սեղանի ծայրին։
― Ես կարծում եմ, ― շարունակեց Սմերչևը, ― որ մեր նիստը կանցնի առանց ավելորդ ձևականությունների, և նվիրված կլինի գլխավոր նյութին։ Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները Կլասսիկի հետ մինգամից չստացվեվին։ Ստիպված էինք հաղթահարել որոշ դժվարություններ։ Ես բացատրում եմ դա նրանով, որ մենք մեծացել և դաստիարակվել ենք տարբեր սոցիալական պայմաններում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք ցուցաբերում ենք համբերություն և հումանիզմ։ Մենք շատ բայրացակամ ընդունեցինք նրան, բնակության համար տրամադրեցինք լավագույն հյուրանոցը, ընդունեցինք բարձր կարիքների բավարարում ունեցողնեի շարքը, նրա անունով անվանեցինք գլխավոր փողոցներից մեկը, և դա այն դեպքում, որ նա դեռ ոչինչ չի արել դրան արժանանալու համար։ Մենք պատրաստվում էինք չափազանց հանդիսավոր, ողջ ժողովրդի հետ նշել նրա հարյուրամյակը։ ԿՊԳԲ֊ի ղեկավրությունը, Գլխավոր Հնգանկյունին և Խմբագրական Կոմիտեն անձամբ Գենիալիսիմուսի մասնակցությամբ ընդունեցին իր համարձակության մեջ մի աննախադեպ որոշում։ Հաշվի չառնելով թղթի ժամանակավոր պակասը և այն հանգամանքը, որ մեզ մոտ ընդունված չէ տպագրել գրքեր, որոնք կապված չեն Գենիալիսիմուսի հետ, անտեսելով այդ ամենը, մենք որոշեցինք տպագրել մեր հյուրի ստեղծագործությունը, բայց խնդրել էինք որոշ փոփոխություններ մտցնել տեքստի մեջ։ Տեղ֊տեղ կրճատումներ անել, որոնք ընդհանուր առմամբ, չէին ազդի գրքի վրա։ Այդ աննշան աշխատանքի համար, հնարավորություն տվեցինք նրան ծանոթանալ բոլոր անհրաժեշտ նյութերի հետ։ ― Այդպես չէ՞, ― ինձ նայեց Սմերչևը։
― Եթե դուք նկատի ունեք ինձ վերագրվող վեպի որոշ գլուխները, ― ասացի ես, ― ապա այո, ես նրանց ծանոթացել եմ։
― Երբ քո հետ խոսում է գեներալը, պետք է ոտքի կանգնել, ― հանկարծ ֆշշած Զվեզդոնին։
Ես նայեցի Զվեզդոնիին, հետո Սմերչևին։ Նա հեռացրեց աչքերը, բայց ոչինչ չասաց։ Ես հասկացա, որ նա համաձայն է Զվեզդոնիի հետ, բայց չի պնդի այդ, իսկ ես, իհարկե, չեմ պատրաստվում կանգնել, ես իրենց համար փոքրիկ տղա չեմ։
― Հիմա դուք ամեն ինչ գիտեք, ― ասաց Սմերչևը։ Սիմ Կարնավալովը չի մահացել, ինչպես կարծում էինք, նա կենդանի է, պահվում է շվեյցարական բանկում և իր ժամին է սպասում։
― Սպասում է, բայց ուզածին չի հասնի, ― նկատեց Զվեզդոնին և Հնգանկյունի բոլոր մասնակիցները ուրախ, բայց մի քիչ լարված ծիծաղեցին։
Այո, ― վստահ հաստատեց Կոմունիյ Իվանովիչը։ Նա իր ուզածին չի հասնի, եթե իհարկե, մեր հյուրը մի քիչ մտածի ու մեզ ընդառաջի։
― Ես հարց ունեմ, ― ասացի ես։
― Խնդրեմ, ― թույլ տվեց Սմերչևը։
― Ասացեք․․․ ― Ես նայեցի Զվեզդոնիին և ինքնաբերաբար վեր կացա։ ― Այն, ինչ ես կարդացի վեպում, հաստատվո՞ւմ է որևիցե անկախ փաստաթղթերով։
― Իհարկե, հաստատվում է, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը և բացելով իր առջև դրված կանաչ թղթապանակը սկսեց այնտեղ ինչ֊որ թղթեր նայել։ ― Դա հաստատվում է մեր հետախույզ՝ Ստեպանիդա Զուևա֊Ջոնսոնից սատցված տեղեկագրերից և հեռախոսային խոսակցության այն հաշվից, որը տեղի է ունեցել Կարնավալովի ու պրոֆեսոր Դոնալդ Րիվկինի միջև։
― Լսեք, այդ բոլորը լուրջ չէ, ― ասացի ես նյարդայնացած։ Այդ հաղորդագրությունները, հեռախոսային հաշիվները, դատարկ բան են, չէ՞ որ դուք այդ ամենը իմացել եք նույն այդ գրքից։ Բայց չէ՞ որ դա վեպ է, գեղարվեստական ստեղծագործություն։ Այլ կերպ ասած, այդ բոլորը հնարված է։
― Բավականին չար է հնարված, ― ասաց մինչև այդ լռություն պահպանող Պրոպագանդա Պարամոնովնան և նայեց մարշալին։
― Դուք ասում եք հնարված է, ― ասաց Սմերչևը, ― բայց ձեր այդ, այսպես ասած հնարվածքի պատճառով, մեր ռեսպուբլիկայի սիմիտները պահում են իրենց ավելի ու ավելի հանդուգն։ Հենց երեկ, Գենիալիսիմուսի Գիտական հայտնագործությունների հուշարձանի տակ, չարագործները մի մեծ կույտ երկրորդական մթերք էին թողել, վրան էլ մի երկտող․ «Մեր նվերը Գենիալիսիմուսին»։
― Օ՜ Գենա, ինչպիսի սրբապղծություն, ― բացականչեց հայր Զվեզդոնին և բարձրացնելով աչքերը Գենիալիսիմուսի դիմանկարին, եռանդուն աստղակնքեց։ Մնացած բոլորը նույնը արեցին։ Ես էլ հետևեցի նրանց օրինակին։
― Այդ կույտի մեծությունից, ― շարունակեց Սմերչևը, ― հասկանալի է, որ գործում էր ոչ թե առանձին անհատ, այլ մի ամբողջ կազմակերպություն։ Ինքնին հասկանալի է, որ գրությունը ստորագրված էր երեք տառից բաղկացած հայտնի բառով։ Իսկ նախանցյալ օրը վտանգազերծվեցին մի խումբ ստիլյագներ։ Նրանք հավաքվում էին մասնավոր բնակարաններում և երկար շալվարներով ու կիսաշրջազգեստներով պարում թշնամական պարեր։ Կալանքի ենթարկվելուց հետո, նրանք սկսեցին խորամանկել, խաբել և պնդել, որ զգեստի երկարությունը չունի քաղաքական բնույթ։ Իսկ հետո պարզվեց, որ բոլորի Պատկանելիության Նշաններում պահվում է հայտնի անձնավորության փոքրիկ դիմանկարը, որին նրանք երկրպագում են։
Լսելով այդ, ես ակամա նայեցի Իսկրային, բայց նա շարունակում էր գրել, նրա դեմքը ոչինչ չէր արտահայտում։
― Դե լավ, ― ասաց Սմերչևը, ― չերկարացնենք մեր խոսակցությունը։ Ես միայն ուզում եմ ասել մեր հյուրին (ես նկատեցի, որ նա խուսափում է ինձ Կլասիկ անվանել), բոլորս էլ հասկանում ենք, որ դուք չեք ցանկանում ուղղել գիրքը և ավելորդ աշխատանք կատարել։ Բայց դա հարկավոր է անել։ Ոչ միայն ես, այլև Ստեղծագործական Հնգանկյունի բոլոր անդամները խնդրում են ձեզ․ ջնջեք այն մարդուն, որը ձեզ մոտ սպիտակ ձիով է ման գալիս։ Դա լավ կլինի և՛ ձեր և՛ մեզ համար։ Դե ինչո՞ւ եք այդպես կառչել նրանից։ Նա այդքան թա՞նկ է ձեզ համար։
Օ, Գենա, ի՞նչ անեմ սրանց հետ։
Ես վեր կացա և սկսեցի նյարդայնացած քայլել սենյակում։
― Պարոնայք կոմսորներ, ― սկսեցի ես, աշխատելով հնարավորինս համոզիչ լինել։ ― Հավատացեք, որ ես մտադրություն չունեմ ձեզ վատություն անել։ Կուզենայի ամեն ինչ անել ձեր ուզածի նման։ Երեկ, նորից կարդալով վեպի որոշ էջեր, ես արդեն վերցրել էի գրիչը և ուզում էի, անկեղծորեն ուզում էի Սիմ Սիմիչին ջնջել։
― Իսկ ի՞նչը ձեզ խանգարեց, ― ծաղրանքով հարցրեց Պրոպագանդա Պարամոնովնան։
― Բնությունս, ― ասացի ես։ ― Ախր հասկանում եք, տեսնում եմ «Սիմ» բառը, նշան եմ բռնում, իսկ ձեռքս չի բարձրանում։ Բացի այդ, հենց այնպես հնարավոր չէ նրան դեն նետել։ Եթե ջնջեմ նրան, նշանակում է պետք է ջնջնել և Զիլբերովիչին։
― Շատ էլ լավ կանեք, ― ասաց Զվեզդոնին։ ― Մի սիսմիտ էլ կպակասի։
― Մեկով չի վերջնա, ― ասացի ես։ ― Եթե չլինի Զիլբերովիչը, ուրեմն Ժանետան էլ պետք չէ։ Ժանետայից հետո՝ պետք է ջնջել և՛ Կլեոպատրա Կազիմիրովնային, և՛ Ստեպանիդային, և՛ Թոմին, և Գլագոլին, և՛ դոկտոր Րիվկինին։
― Այդ դեպքում բոլորին էլ դեն նետեք, ― բացականչեց Սմերչևը։
― Բայց դուք երևի թե հասկանում եք, որ այդ դեպքում, ոչ մի վեպ էլ չի լինի։ Մի ինչ֊որ հիմարություն կստացվի։ Եվ ընդհանրապես, դուք ինձ չեք ուզում հասկանալ։ Եթե ես կարողանայի կտրատել իմ վեպերը, ես այսօր չէի լինի ձեզ մոտ։ Ես դեռ այն, սոցիալիստական ժամանակ, կուլտիստների, վոլյունտարիստների և կոռուպցիոնիստների ժամանակ, գիտե՞ք ինչ կարիերա կանեի։ Ես կդառնայի Գրողների Միության քարտուղար, Աշխատանքի Հերոս, դեպուտատ և լաուրեատ, հետն էլ պարկերով փող կստանայի։ Բայց այն ժամանակ չէի կարողանում, հիմա էլ չեմ կարող։
Սենյակում տիրեց քար լռություն։ Նիստի մասնակիցները իրար էին նայում, իսկ Կոմունիյ Իվանովիչը բացեց և նորից կոճկեց համազգեստի վերևի կոճակը։
Հանկարծ Պրոպագանդա Պարամոնովնան վեր թռավ իր կարճ ոտքերի վրա, ետևից մոտեցավ, գրկեց ինձ և իր մեծ կրծքերով սեղմվեց թիակներիս։
― Խնդրում եմ, սիրելիս, ― մրթմրթաց նա քաղցրիկ ձայնով, ― ինչո՞ւ ես այդքան համառ, ինչու ես դիմակայում, կարծես ավանակ լինես։ ― Խնդրում եմ, օգնիր մեզ, շատ եմ խնդրում։ Որպես կին եմ աղաչում։
Նա հանկարծ ծնկի իջավ, ձեռքերով փաթաթվեց ոտքերիս․․․
― Դե, սիրելիս, սիրունս․․․
Ես հուզվեցի, վեր կացա, ձեռքերով հենվեցի նրա փշոտ գագաթին և սկսեցի ետ հրել։
― Ախր դուք, ― ասացի ես։ ― Այդ ի՞նչ եք անում։ Ինչպե՛ս չեք ամաչում։
― Անամոթի մեկը, ― լսեցի ես Զվեզդոնիի ձայնը։ ― Նա դեռ ամոթի մասին է խոսում։ Սրիկա։ Դու միայն նայիր, թե ով է քո առաջ ծնկների վրա կանգնած։ Կին։ Մայր։ Գեներալ։ Իսկ դու․․․ Հիմա ես քո մռութը արյունլվա կանեմ։
Այդ բառերն արտասանելիս նա թռավ մոտս, ոտքով խփեց գետնին և նետվեց վրաս բռունցքներով։ Լավ է, որ ես հասցրի Պրոպագանդայի գրկից ազատվել, բռնեցի նրա մորուքը, քաշեցի ներքև և ջարդեցի երեսը ծնկիս խփելով։
Արյունոտված դեմքով և սարսափելի ոռնոցով նա ետ թռավ և մեջքով սեղմվեց պատին։ Նա ձեռքերով փակեց երեսը, բայց արյունը մատների արանքից թափվում էր փարաջային և հատակին։
Նիստի մասնակիցները զարմանքով մեկ ինձ էին նայում, մեկ Զվեզդոնիին։ Այդ ընթացքում առաջին անգամ աչքերով հանդիպեցի Իսկրինայի սարսափահար հայացքին։
― Սա իսկական տեռոր է, ― հանկարծ չարագուշակ արտասանեց Պրոպագանդա Պարամոնովնան։
Կաբինետում տիրած լռությունից ես ինձ անհարմար զգացի։
Մարշալ Վզրոսլին հանկարծ վեր կացավ և դուրս եկավ։
Ես նկատեցի, որ բոլորը թեթևացած շունչ քաշեցին և լարվածությունը թուլացավ։ Ձերժինը վեր կացավ և վազեց Զվեզդոնիի մոտ։
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց նա բավական կոպիտ։ ― Դե, ոչ մի սարսափելի բան չկա։ Գլուխդ վեր բարձրացրու և արյունը կկտրվի։ Ամեն ինչ կարգին է, տեղեկացրեց Ձերժինը Սմերչևին։
― Ինչպե՞ս թե կարգին է, ― վրդովվեց Պրոպագանդա Պարամոնովնան։ Ի՞նչն է կարգին, երբ տեղի է ունեցել ավազակային հարձակում։
― Լռիր, ― կանգնեցրեց նրան Ձերժինը։ ― Ահա թե ինչ, ― ասաց նա, պտույտներ անելով սենյակում։ Մեր և Կլասիկի վեճը շատ հեռու գնաց։ Մենք խնդրում ենք, բայց նա մեզ չի հասկանում, իսկ ինչո՞ւ։
― Որովհետև թշնամի է, դրա համար էլ չի հասկանում, ― ասաց Պրոպագանդան։
― Այո, հավանաբար դա այդպես է, ― տխուր ժպտաց Սմերչևը։
― Այդպես մի ասա, ― վդովվեց Ձերժինը։ Ւնչո՞ւ միանգամից թշնամի։ Ինչո՞ւ ես այդպիսի բառեր օգտագործում։ Անձամբ ես, որպես ԲԵԶՕ֊ի աշխատակից, սովորել եմ մարդկանց մեջ լավը տեսնել։ Մենք պետք է փորձենք հասկանալ Կլասիկին։ Հարցը նրանում է, որ վերջերս ես նայում էի նախնական գրողների հին գործերը և հայտնաբերեցի, որ նրանք մեծամասամբ նորմալ մարդիկ էին, բայց նրանց պետք է վերաբերվել ավելի նուրբ։ Որովհետև, հակառակ դեպքում, նրանք դիմադրում են։ Սրա նման։ Քանի որ նա ստեղծագոծական մարդ է, նրան չի կարելի հրամայել ինչ֊որ բան անել։ Մենք պետք է ընտրության հնարավորություն տանք նրան։ Ենթադրենք, նա չի ուզում ցույց տալ սեյֆի տեղը։ Լավ, պետք չէ։ Չի՞ ցանկանում ազատվել իր հերոսից, դա էլ կարելի է հասկանալ։ Բայց լսիր, թանկագինս, ― դիմեց նա անձամբ ինձ։ ― Դու ինքդ մի ինչ֊որ բան մտածիր։ Ասենք, չես ուզում նրան ջնջել, այնպես արա, որ նա մեռնի և վերջ։ Հարցը կլուծվի։ Կամ, ասենք թե, նրան ոչ թե սառեցրել են, այլ աղ են դրել։ Հը՞։
Ձերժինը ինձ նայեց։ Մյուս անդամները հետևեցին նրա օրինակին։ Նույնիսկ Զվեզդոնին, վախենալով իջեցնել գլուխը, շրջվեց և ծտի նման ինձ նայեց։
― Իմ կարծիքով, ― ասաց Սմերչևը, ― իմ կարծիքով լավ միտք է, արդյունավետ։
― Հիմարություն է այդ ամենը, ― առարկեցի ես հոգնած։ Այդ ո՞վ է մարդուն աղ դնում։ Նա ոչ վարունգ է, ոչ էլ խոզի միս։
― Դե ես հենց այնպես, ― ասաց Ձերժինը։ ― Ես դա ասացի որպես զառանցանք։ Կարելի է մի ուրիշ բան մտածել։ Ասենք, նրան սառեցրեցին, հետո դրեցին սեյֆի մեջ, իսկ անտեղ ծակ կար, նա հալվեց և փչացավ։ Կարճ ասած, տարբերակները շատ են։ Չէ՞ որ դու արվեստագետ ես, մի բան կմտածես։
Այդ ժամանակ Իսկրան ինձ նայեց, և ես հասկացա, որ նա կտրականապես դեմ է այդպիսի ուղղումերին։ Հնարավոր է, եթե չլիներ նրա հայացքը, ես զիջեի։ Իսկ հիմա․․․
― Ոչ, ― ասացի ես, զգալով, որ թուլությունս անցավ։ ― Ոչ, այդպիսի բան չի լինի։ Եվ ընդհանրապես, եթե դուք ինձ հետ այդպես եք խոսում, ես ձեզ հետ այլևս ոչ մի գործ չեմ ուզում ունենալ։ Ինձ պետք չեն ձեր հոբելյանները և ձեր պատիվը։ Ես կսպասեմ կոսմոպլանին և կվերադառնամ տուն, Շտոկդորֆ։
― Առանց վի՞զա, ― ասաց Զվեզդոնին քթի մեջ։
― Առանց ի՞նչ, ― հարցրի ես անհանգստացած։
― Իհարկե, ― ժպտաց Սմերչևը։ ― Մեզ մոտ ընդունված են սահմանն անցնելու հատուկ օրենքներ։ Մեզ մոտ առանց վիզա չի կարելի։ Մեզ մոտ, նույնիսկ Առաջի Օղակ գնալու համար, հասկանում եք, օրինակ Կալուգայի մարզ, վիզա է պետք։
― Դա վերաբերում է ձեր կոմունյաններին, ― թափ տվեցի ես ձեռքս։ Իսկ ես ոչ միայն կոմունյանին չեմ, այլ արդեն վաթսուն տարուց ավելի է սովետական քաղաքացիություն չունեմ։ Եվ ընդհանրապես, ես ձերը չեմ։
Հնգանկյունի անդամները ինչ֊որ տարօրինակ հայացքներ փոխանակեցին, իսկ Կոմունիյ Իվանովիչը ժպտաց, տարածեց ձեռքերը և, անվանելով ինձ սովորական անունով, բավարարված ասաց․
― Ոչ, Վիտալիյ Նիկիտիչ։ Դուք մերն եք։ Չէ՞ որ մենք ձեզ վերականգնել ենք։