Changes

Զսպաշապիկ

Ավելացվել է 32 119 բայտ, 08:00, 16 Օգոստոսի 2014
Ապուշնե՜ր։ Կարծես նրանք կարող են ինձ զրկել իմ անմահությունից փայտե տախտակամածի և պարանից պատրաստած անշնորհք հարմարանքի միջոցով։ Օհ, ո՛չ, ես դեռ անթիվ-անհամար հարյուրամյակներ դարձյալ ու դարձյալ կթափառեմ այս գեղատեսիլ աշխարհում։ Եվ կլինեմ ոչ թե մի անմարմին ոգի, այլ տիրակալ և հողագործ, գիտնական և տգետ, ես կբազմեմ գահին և կտառապեմ լծի տակ։
 
 
== Գլուխ V ==
 
Չափից դուրս ծանր ու ձանձրալի էին մեկուսարանում անցկացրած իմ առաջին շաբաթները, և ժամերը ձգվում էին ծայր աստիճան դանդաղ ու թվում էին անվերջանալի։ Ժամանակի ընթացքը զգացվում էր ցերեկվա ու գիշերվա հաջորդականությամբ և վերակացուների հերթափոխով։ Ցերեկները մի փոքր միայն լուսավորվում էր իմ մեկուսարանը, և դա էլ շատ ավելի լավ էր, համեմատած գիշերային անթափանց խավարի հետ։ Մեկուսարանում ցերեկը լոկ մածուցիկ, դժգույն աղջամուղջ է, որը թափանցում է դրսից, այնտեղից, ուր բերկրանքով փայլում է արեգակնային լույսը։
 
Լույսը երբեք այնքան չի լինում, որ հնարավոր լինի կարդալ։ Հա, ի դեպ ասեմ, որ կարդալու բան էլ չկա։ Մնում է միայն պառկել ու մտածել, մտածել։ Իսկ ես դատապարտված էի ցմահ բանտարկության, դա նշանակում էր, որ ինձ վիճակված է,— եթե միայն չկարողանամ չեղած տեղից հրաշագործությամբ երեսունհինգ ֆունտ դինամիտ ստեղծել,— կյանքիս մնացյալ տարիներն ապրել քար լռության և խավարի մեջ։
 
Ինձ որպես անկողին էր ծառայում քարե հատակին նետած բարալիկ, փտած դարմանով լեցուն ներքնակը։ Վրաս ծածկում էի հնամաշ, աղտոտ վերմակ։ Խցում այլևս ոչինչ չկար, ո՛չ սեղան, ո՛չ աթոռ, ոչինչ, բացի դարմանե այդ ներքնակից և բարալիկ, ժամանակի ընթացքում բոլորովին մաշված վերմակից։ Իսկ ես վարժվել էի քիչ քնել ու շատ մտածել։ Մեկուսարանում բանտարկված մարդը իր մտքերի հետ միայնակ մնալով, զզվացնելու աստիճան ձանձրացնում է ինքն իրեն, և ինքն իրենից կարողանում է փրկվել միայն քնելու միջոցով։ Տարիներ շարունակ ես քնել եմ օրվա մեջ միջին հաշվով հինգ ժամից ոչ ավելի։ Հիմա ես քնի մշակույթով եմ զբաղվում։ Դրանից ես մի գիտություն եմ ստեղծել։ Սովորեցի քնել տասը, հետո տասներկու, և վերջապես, նույնիսկ տասնչորսից տասնհինգ ժամ՝ օրվա ընթացքում։ Բայց դա արդեն վերջին սահմանն էր, ու մնացյալ ժամանակը կամա թե ակամա ստիպված էի աչալուրջ պառկել ու մտածել, մտածել։ Իսկ աշխույժ խելքով ու երևակայությամբ օժտված մարդու համար դա դեպի խելագարություն տանող ուղիղ ճանապարհն է։
 
Արթմնի ժամերս որևէ բանով մի փոքր թեկուզ լցնելու համար դիմում էի տարբեր հնարամտությունների։ Ես անդադար քառակուսի և խորանարդ աստիճանների էի բարձրացնում ամեն տեսակի թվեր, ստիպելով ինքս ինձ կենտրոնանալ, և մտքումս հաշվում էի ամենաանհավանական երկրաչափական պրոգրեսիաներ։ Կատակի համար նույնիսկ փորձեցի շրջանի քառակուսիականը գտնել․․․ Սակայն ինքս ինձ բռնեցի այն փաստի վրա, որ սկսում եմ հավատալ այդ անլուծելի խնդրի լուծման հնարավորությանը։ Հասկանալով, որ դա ևս սպառնում է խելագարությամբ, հրաժարվեցի շրջանի քառակուսիականի որոնումներից, թեև, հավատացեք, դա ինձ համար մեծ զոհողություն էր, քանի որ մտքի նմանօրինակ վարժությունները սքանչելի կերպով օգնում էին սպանելու ժամանակը։
 
Փակ աչքեըով ու սևեռուն ուշադրությամբ ես պատկերացնում էի շախմատային խաղատախտակ, և ինքս ինձ հետ խաղում էի չափազանց երկարաձիգ շախմատային պարտիաներ։ Բայց այս դեպքում էլ հասնելով կատարելության, խաղը կորցրեց իր հետաքրքրությունը։ Դա միայն ժամանակի վատնում էր և ուրիշ ոչինչ, քանի որ իսկական պայքարը երբեք հնարավոր չէ այն դեպքում, երբ խաղում ես ինքդ քեզ հետ։ Փորձեցի իմ անձը երկուսի բաժանել և հակադրել մեկը մյուսին, սակայն բոլոր փորձերս ապարդյուն եղան․ ես միշտ ինձ զգում էի մի խաղացող, որը խաղում է երկուսի փոխարեն, և չէի կարողանում մտածել ոչ միայն խաղի մի ամբողջական ծրագիր, այլև նույնիսկ թեկուզ մեկ քայլ, որն անմիջապես հայտնի չլիներ իմ խաղընկերոջը։
 
Եվ Ժամանակն անցնում էր դանդաղ, անտանելի կերպով ձանձրալի։ Ես խաղում էի ճանճերի, սովորական ճանճերի հետ, որոնք իմ զնդանն էին գալիս նույն այն ճանապարհով, որտեղից թափանցում էր աղոտ ու մոխրագույն լույսը, և համոզվեցի, որ նրանց համար էլ մատչելի է մոլուցքի զգացողությունը։ Օրինակ, իմ խցի հատակին պառկած, ես պատի վրա, հատակից երեք ֆուտ վեր, մտովի մի գիծ էի քաշում։ Քանի դեռ ճանճը նստած էր լինում պատին այդ գծից վեր, ես նրան ձեռք չէի տալիս։ Բայց հենց որ նրանք գծից ցած էին իջնում, փորձում էի որսալ խեղճերին։ Ես շատ զգույշ էի, ջանում էի չվնասել նրանց նուրբ թևերը, և շուտով նրանք ինձնից էլ լավ հասկացան, թե որտեղով է անցնում այդ երևակայական գիծը։ Երբ խաղալու ցանկություն էին ունենում, նրանք պատին նստում էին երևակայական գծից վար, և պատահում էր, որ ճանճերից մեկնումեկը ինձ հետ զվարճանում էր մեկ ժամ շարունակ։ Հոգնելով, նա թռչում էր անվտանգ գոտի և հանգստանում էր այնտեղ։
 
Գրեթե մեկ տասնյակ ճանճերի մեջ, որո նք բնակվում էին իմ խցում, կար միայն մի ճանճ, որը չէր կամենում մասնակցել այդ զվարճալի զբաղմունքին։ Նա համառորեն հրաժարվում էր խաղից, և հասկանալով, որ պատի որոշակի տեղից ցած իջնելը վտանգավոր բան է, միշտ ջանում էր չանցնել սահմանը։ Այդ ճանճը մռայլ, հիասթափված մի արարած էր, ինչպես ասում էին մեր բանտում, ըստ երևույթին, աշխարհի հետ նա իր հաշիվներն ուներ։ Մյուս ճանճերի հետ էլ նա երբեք չէր խաղում։ Սակայն ուժեղ և առողջ ճանճ էր։ Ես բավականին երկար ժամանակ եմ նրան հետևել և այդ իսկ պատճառով հնարավորություն եմ ունեցել համոզվելու դրանում։ Խաղի նկատմամբ նրա ունեցած գարշանքը բնավորության, և ոչ թե ֆիզիկականի յուրահատուկ գիծն էր։
 
Հավատացեք, ես իմ բոլոր ճանճերին էլ ճանաչում էի։ Ինձ ապշեցնում էին նրանց միջև գոյություն ունեցող անսահման քանակությամբ տարբերությունները։ Օ՜հ, այո՛, ամեն մի ճանճ ուներ վառ ընդգծված անհատականություն, և մյուսներից տարբերվում էր ոչ միայն չափերով, գունավորմամբ, ուժով ու թռիչքի արագությամբ, ոչ միայն թռչելու ոճով և խաղի ժամանակ դրսևորող հնարանքներով, ոչ միայն իրենց ցատկումներով, ոչ միայն նրանով, որ պտտվում-պտտվում և սկզբում նետվում էր դեպի մի կողմ, իսկ հետո՝ մյուս, և, հանկարծ, վայրկյանի ինչ֊որ աննշան մասերի ընթացքում, դիպչում էր պատի վտանգավոր տեղամասին կամ այնպես էր ձևացնում, թե դիպչում է, որպեսզի ճիշտ նույն պահին էլ թռչի և նստի մի ուրիշ տեղ, ո՜չ․ նրանք բոլորն էլ իրարից խիստ կերպով տարբերվում էին իմացականությամբ և բնավորությամբ, որն արտահայտվում էր բավականին նուրբ հոգեբանական երանգներով։
 
Ես ուսումնասիրել եմ նյարդային և սառնարյուն ճանճերի։ Մի անչափահաս ճանճ կար, որը երբեմն իսկական կատաղության մեջ էր ընկնում, բարկանալով մերթ ինձ վրա, մերթ իր ընկերների։ Երբևէ վիճակվե՞լ է ձեզ ականատես լինել, թե ինչպես է կանաչ մարգագետնում, ափերից դուրս ժայթքող ուժերի առատությունից ու երիտասարդական ավյունից կրակված, քացի-քացի տալով դիվահարի պես, սուրում մտրուկը կամ հորթուկը։ Ուրեմն, ես էլ մի այդպիսի ճանճ ունեի, բոլորի մեջ ամենամոլի խաղասերը, ու երբ նրան հաջողվում էր երեք-չորս անգամ անպատիժ կերպով դիպչել արգելված գոտուն և խուսափել ձեռքիս թավշի պես փափուկ ու գողունի թափահարումից, նա այնպիսի վայրագ հիացմունքի և ուրախության մեջ էր ընկնում, այնպես էր ապրում իմ դեմ տարած հաղթանակը, որ սկսում էր մոլեգին մի արագությամբ պտտվել իմ գլխավերևում մերթ այս, մերթ մյուս ուղղությամբ, սակայն անընդհատ միևնույն շրջագծով։
 
Ավելին, ես միշտ նախօրոք գիտեի, թե երբ է այս կամ այն ճանճը խաղի մեջ մտնելու որոշում կայացնելու։ Ձեր ուշադրությունը չեմ ծանրաբեռնի այն փոքրիկ մանրամասնությունների նկարագրությամբ, որոնց ես ականատես եմ եղել, չնայած հենց այդ մանրամասնություններն էլ ինձ օգնել են, որպեսզի զնդանում փակվելուս շրջանում բանականությունս չկորցնեմ։ Սակայն այդ դեպքի մասին, այնուամենայնիվ, ես պատմելու եմ․ այդ դեպքը մեխվել է իմ հիշողության մեջ։ Մի անգամ այդ նույն միզանտրոպ ճանճը, որը մյուսներից տարբերվում էր իր մռայլ բնույթով և երբեք խաղի մեջ չէր մտնում, մոռացկոտությամբ նստեց պատի արգելված դոտում և տեղնուտեղը ընկավ իմ բռունցքի մեջ։ Հապա պատկերացրեք, թե նա ինչպես էր գազազել ամենաքիչը մեկ ժամ շարունակ։
 
Իսկ մենության ժամերը ձգվում էին տաժանելի դանդաղությամբ․ այդ ժամերը հնարավոր չէր ո՛չ սպանել, ո՛չ էլ կարճել թեկուզև ամենախելացի ճանճերի օգնությամբ։ Քանի որ, ի վերջո, ճանճերը լոկ ճանճեր են, իսկ ես մարդկային գիտակցությամբ ու գործարար ուղեղով մի մարդ էի, հագեցած բազում գիտական և այլ կարգի գիտելիքներով, մի այնպիսի ուղեղի տեր մարդ, որը միշտ ծարավ է զբաղմունքի, սակայն որևէ բան չկար զբաղվելու համար, և իմ ուղեղը հալումաշ էր լինում մտորումների ստրկության ներքո։ Ես հիշում էի Ասթիի խաղողի այգիները, որտեղ անցյալ տարի ամառային արձակուրդին փորձեր էի դնում, խաղողի մեջ և որթերում մոնոսախարիդների պարունակությունը որոշելու եղանակը որոնելով։ Ես արդեն ավարտելու վրա էի փորձերի այդ շարքը։ «Որևէ մեկը կշարունակի՞ արդյոք իմ աշխատանքը,— մտածում էի ես։— Իսկ եթե շարունակի, ապա ինչպիսի՞ն կլինի արդյունքը»։
 
Հիշեցեք, որ աշխարհն ինձ համար մեռած էր։ Դրսից ոչ մի լուր չէր թափանցում իմ զնդանը։ Գիտության զարգացումը վիթխարի քայլերով առաջադիմում էր, իսկ ինձ էլ հազարավոր տարատեսակ հարցեր էին հետաքրքրում։ Վերցնենք թեկուզ թրիպսիկի օգնությամբ կազեինի հիդրոլիզի իմ տեսությունը, որը պրոֆեսոր Ուոլթերը ստուգել էր իր լաբորատորիայում։ Իսկ պրոֆեսոր Շլամները աշխատակցում էր ինձ, ջանալով կենդանական ու բուսական ճարպերում ֆիտոստերին հայտնաբերել։ Այդ աշխատանքը, անկասկած, հիմա էլ է տարվում, բայց ինչպիսի՞ն են արդյունքները։ Այն միտքը, թե այնտեղ, շատ մոտիկ, բանտի պատերից անմիջապես այն կողմ եռում է գիտական կյանքը, իսկ ես ոչ միայն չեմ կարող մասնակցություն ունենալ, այլև ոչինչ չգիտեմ այդ մասին, խենթացնում էր ինձ։ Նրանք աշխատում էին, Իսկ ես իմ խցի հատակին պառկած խաղում էի ճանճերի հետ։
 
Սակայն զնդանի լռությունը ոչ միշտ էր լիակատար։ Մեկուսարան նետվելուս հենց առաջին օրերից երբեմն լսում էի թույլ և խուլ թրխկոցներ, որոնք սկսվում էին ամենաանորոշ ժամերի։ Իսկ շատ հեռուներից հնչում էին պատասխան թրխկոցները, որոնք առավել խուլ էին և առավել թույլ։ Այդ թրխկոցները գրեթե միշտ դադարում էին վերակացուների բղավոցներից։ Իսկ հաճախ էլ, երբ թրխկոցները շարունակում էին համառորեն հնչել, հերթապահ վերակացուները օգնության էին կանչում իրենց ընկերներին, և ինձ հասնող աղմուկից կռահում էի, որ մեկնումեկին զսպաշապիկ են հագցնում։
 
Ամեն ինչ պարզ էր օրը ցերեկվա պես։ Ես գիտեի, ինչպես և գիտեր Սեն-Քվենտին բանտի ամեն մի կալանավոր, որ մեկուսարանում նստած երկու բանտարկյալները Էդ Մորելն ու Ջեկ Օպենհեյմերն էին։ Ես կռահում էի, որ նրանք են թրխկացնելով խոսում իրար հետ և այդ իսկ պատճառով համապատասխան պատժի ենթարկվում։
 
Ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ նրանց օգտագործած ծածկագիրը չափազանց պարզ է, բայց և այնպես իզուր տեղը բավականին ջանք թափեցի, փորձելով այն հասկանալ։ Ծածկագիրը չէր կարող պարզ չլինել, սակայն որքան էք տանջվեցի, ոչ մի կերպ չհաջողվեց գուշակել բանալին։ Բայց երբ ի վերջո գտա գաղտնիքը, իսկապես որ ծայր աստիճան պարզունակ էր, ընդ որում ամենապարզը հատկապես այն էր, ինչն անրնդհատ շփոթության էր մատնում ինձ։ Նրանք ոչ միայն ամեն օր փոփոխում էին ծածկագրի ելման տառը, ո՜չ, նրանք այդ տառը փոխում էին ամեն անդամ, թրխկոցների միջև ընկած ամենակարճ դադարից հետո, երբեմն էլ նույնիսկ հենց թրխկոցների կեսին։
 
Եվ վրա հասավ այն օրը, երբ ես որսացի ծածկագրի սկիզբը և անմիջապես մեկնաբանեցի բավականին պարզ ու որոշակի երկու նախադասություն։ Իսկ հաջորդ անգամ, երբ նրանք դարձյալ սկսեցին թրխկացնել, ես դարձյալ չկարողացա որևէ բառ հասկանալ։ Բայց այն առաջին անգամվա՜նը․․․
 
«Լսիր․․․ Էդ․․․ դու հիմա․․․ ի՞նչ․․․ կտայիր․․․ մի պտղունց․․․ ծխախոտի․․․ և․․․ թղթի․․․ կտորի․․․ համար»,— հարցնում էր նա, ում թրխկոցները հեռվից էին լսվում։
 
Ես հազիվ զսպեցի ուրախության իմ ճիչը․ ահավասիկ այն թելը, որն ինձ կկապի ընկերներիս հետ։ Ահավասիկ՝ հաղորդակցման միջոցը։ Ես ագահորեն ականջ էի դնում, և շուտով ինձ հասավ ավելի մոտիկից լսվող պատասխան թրխկոցը։ Երևի Էդ Մորելն էր թրխկացնում։
 
«Հինգ․․․ սենթանոց․․․ տուփի․․․ համար․․․ ես․․․ կհամաձայնեի․․․ քսան․․․ ժամ․․․ զսպաշապիկ․․․ հագնել․․․»
 
Եվ սրա վրա թրխկոցն ընդհատվեց վերակացուի կոպիտ բղավոցով․
 
— Էդ, վերջ տուր։
 
Կողքից դիտողին կարող է թվալ, թե զնդանում ցմահ բանտարկության դատապարտված կալանավորն այլևս կորցնելու բան չունի, ավելի վատթարը լինել չի կարող և այդ պատճառով էլ վերակացուն անզոր է նրան հնազանդեցնել և պահանջել, որ թրխկոցը դադարեցնի։ Բայց չէ՞ որ զսպաշապիկ էլ գոյություն ունի։ Կարող են նաև սննդից զրկել։ Եվ, վերջապես, գոյություն ունեն ծարավի տառապանքները։ Ու ձեծը։ Իսկ իր փոքրիկ խցում նստած կալանավորը անօգնական է, բոլորովին անօգնական։
 
Մի խոսքով թրխկոցը դադարեց, իսկ գիշերը, երբ նորից սկսվեց, կանգնեցի փակուղու առաջ։ Նրանք փոխել էին ծածկագրի ելման տառը, ըստ երևույթին, այդ մասին ունենալով նախնական պայմանավորվածություն։ Բայց ես արդեն կռահել էի հիմնական սկզբունքը, և մի քանի օր անց, երբ նրանք դարձյալ սկսեցին ինձ ծանոթ տառից, հրավերի չսպասեցի։
 
— Ողջունում եմ ձեզ,— թրխկացրեցի ես։
 
— Ողջույն, անծանոթ,— պատասխանեց Մորելը։
 
Իսկ Օպենհեյմերն ավելացրեց,
 
— Բարի եկաք մեր քաղաքը։
 
Նրանք հետաքրքրվեցին իմ անձնավորությամբ, հարցրեցին, թե մենախցում բանտարկության ինչպիսի ժամկետի եմ դատապարտված և ինչ պատճառով։ Սակայն սկզբում այդ բոլոր հարցերին կարևորություն չտվեցի, շտապելով պարզել, թե ինչ համակարգով են նրանք փոխում ծածկագրի ելման տառերը։ Բացատրությունը լսելուց հետո մենք մի քիչ էլ զրուցեցինք։ Դա նշանակալի օր էր․ չէ՞ որ երկու ցմահ բանտարկյալներ անսպասելի կերպով ձեռք բերեցին բախտակից մի ընկեր ևս։ Ճիշտ է, սկզբում նրանք իրենց ընկերակցության մեջ ինձ ընդունեցին այսպես ասած, փորձաշրջանով։ Հետագայում, իհարկե, խոստովանեցին, որ վախեցել են, թե լրտես կլինեմ, որին հանձնարարել են որևէ կեղծ մեղադրանք սարքել իրենց վրա։ Օպենհեյմերի հետ մի այդպիսի դեպք արդեն պատահել էր, և նա բավականին թանկ էր վճարել իր վստահության համար, որը և օգտագործել էր բանտապետ Ազերթոնի ուղարկած լրտեսը։
 
Ի զարմանս ինձ,— քիչ էր մնում ասեի՝ ի ուրախություն ինձ,— երկու կալանավոր ընկերներս էլ լսել էին իմ մասին, որպես «անուղղելիի»։ Իմ փառքը, կամ, ավելի համեստ ասած, հռչակը, թափանցել էր նույնիսկ այն տապանը, ուր տասը տարի շարունակ տառապել էր Օպենհեյմերը։
 
Նրանց շատ բան ունեի պատմելու բանտում և բանտից դուրս տեղի ունեցած դեպքերից։ Նրանք ոչինչ չէին լսել քառասուն ցմահ բանտարկյալների մտացածին փախուստի նախապատրաստության, գոյություն չունեցող դինամիտի որոնումների, մի խոսքով այն դավաճանական ծուղակի մասին, որի մեջ քաշել էր մեզ Սեսիլ Ուինվուդը։ Նրանք ինձ ասացին, որ երբեմն վերակացուների միջոցով ինչ֊ինչ լուրեր են թափանցում մեկուսարան, բայց վերջին երկու ամիսներին ոչ մի տեղեկություն չի հասել իրենց։ Այդ ժամանակամիջոցում մեկուսարանները հսկող վերակացուները պատկանում էին ամենաբութ և ամենակատաղիների թվին։
 
Այդ օրը հերթապահություն ստանձնող ամեն մի վերակացու թրխկոցների համար մեր գլխին լուտանքի տարափ էր տեղում։ Բայց մենք չէինք կարող համբերել։ Ողջ-ողջ թաղված երկու հոգուն հանկարծ ավելացել էր ևս մեկը, և մենք շատ բան ունեինք իրար ասելու, իսկ մեր առանց այն էլ դանդաղկոտ զրայցը կրիայի քայլերով էր առաջ շարժվում, քանի որ այդպիսի միջոցով մարդկանց հետ հաղորդակցվելու փորձ դեռևս չունեի։
 
— Սպասիր, գիշերը հերթապահելու է Խծուծը,— թրխկացրեց ինձ Մորելը։— Նա գրեթե ամբողջ հերթապահության ընթացքում խռմփացնում է, և մենք կկարողանանք սրտներս բանալ։
 
Այո, մենք այդ գիշեր քաղցր զրույց ունեցանք։ Ոչ մի վայրկյան մեր աչքը չփակվեց։ Խծուծ Ջոնսը մաղձոտ ու չար մի մարդ էր չնայած իր մարմնեղությանը, բայց մենք օրհնում էինք այդ մարմնեղությունը, քանի որ դա նրան ստիպում էր թաքուն ննջել։ Բայց և այնպես, մեր անընդհատ թրխկոցները կատաղեցրին Խծուծին, որովհետև նրան խանգարում էինք քնել, և նա նորից ու նորից բղավում էր մեղ վրա։ Գիշերային մյուս հերթապահները ևս անիծում էին մեզ։ Իսկ առավոտյան նրանք բանտային իշխանություններին հայտնեցին, որ կալանավորները ամբողջ գիշեր թրխկացրել են և մենք էլ ստիպված եղանք փոխհատուցել մեր փոքրիկ երջանկության համար․ առավոտյան ժամը իննին հայտնվեց կապիտան Ջեմին մի քանի հպատակների ուղեկցությամբ, և մեզ զսպաշապիկներ հագցրեցին։ Քսանչորս ժամ շարունակ, մինչև հետևյալ առավոտվա ժամր տասը, առանց հաց ու ջրի։ Զսպաշապիկ հագած, մենք ընկած էինք քարե հատակին է դրանով իսկ վճարելով այն բանի համար, որ մեզ թույլ ենք տվել զրուցել իրար հետ։
 
Օ՜հ, մեր բանտապանները կատարյալ գազաններ էին։ Եվ նրանք մեզ հետ այնպես էին վարվում, որ դիմանալու համար մենք ևս պետք է անողոք լինեինք ու պետք է գազանների վերածվեինք։ Կոպիտ աշխատանքից կոպտանում են մարդու ձեռքերը։ Ղաժան բանտապանների ձեռքին դաժանաբարո են դառնում կալանավորները։ Մենք շարունակում էինք թրխկացնել, և որպես պատիժ, մեզ հաճախակի զսպաշապիկ էին հագցնում։ Օրվա լավագույն ժամանակը գիշերն էր, իսկ երբեմն էլ, երբ մեր մշտական տանջարարների փոխարեն պատահաբար հերթապահում էր մեկ ուրիշը, մենք սկսում էինք թրխկացնել մինչև լույս։
 
Հավիտենական խավարում ապրողներիս համար օրերն ու գիշերները միաձուլվել էին։ Ցանկացած ժամին կարող էինք քնել, իսկ թրխկացնելու հնարավորություն դեպքից դեպք էր ընձեռվում։ Մենք իրար պատմեցինք մեր ամբողջ կյանքը, և ես ու Մորելը ժամերով լուռ պառկած ականջ էինք դնում հեռվից լսվող թույլ, խուլ ձայներին։ Օպենհեյմերն էր դա, որ դանդաղ, բառ առ բառ թրխկացնում էր իր կյանքի պատմությունը․ պատմում էր Սան-Ֆրանցիսկոյի հետնախորշերում անցկացրած մանկության մասին, պատմում էր այն ելուզակախմբի մասին, որը փոխարինել էր դպրոցին, պատմում էր ամեն տեսակի չարագործությունների ու արատների հետ ծանոթ լինելու մասին, այն մասին, որ տասնչորս տարեկան հասակում կարմիր լապտերների թաղամասում եղել է բանբեր տղա, ինչպես է առաջին անգամ ընկել ոստիկանության ճանկը, պատմում էր գողությունների ու կողոպուտների մասին, և դարձյալ գողությունների ու կողոպուտների մասին, և վերջապես, ընկերոջ դավաճանության և բանտի ներսում իր կատարած արյունահեղ հաշվեհարդարի մասին։
 
Ջեկ Օպենհեյմերին անվանել էին «Վագրամարդ»։ Մի ճարպիկ լրագրող էր մարդկանց բերանը գցել այդ չար արտահայտությունը, որին վիճակված էր շատ ավելի երկար ապրել, քան այդ մականունը կրող մարդը։ Սակայն Ջեկ Օպենհեյմերի մեջ ես տեսնում էի իսկական մարդկային գծեր։ Նա վստահելի ու հավատարիմ ընկեր էր եղել։ Երբեք ոչ ոքի չէր մատնել, թեև բազում անգամներ ենթարկվել էր պատժի։ Նա խիզախ մարդ էր։ Համբերատար, անձնազոհության ընդունակ մարդ։ Ես կարող էի այդ մասին մի երկար պատմություն պատմել, սակայն Ժամանակ չունեմ։ Նա էլ կրքոտությամբ ատում էր անարդարությունը։ Երբ բանտում Ջեկ Օպենհեյմերը մարդ էր սպանել, ապա դա կատարել էր արդարամտության սուր զգացողությունից դրդված։ Եվ սքանչելի խելքի տեր մարդ էր։ Ոչ ցմահ բանտարկությունը, ոչ էլ մեկուսարանում անցկացրած տասը տարիները չէին մթագնել նրա բանականությունը։
 
Մորելը ևս բարեհոգի, հավատարիմ ընկեր և նույնքան խելացի մարդ էր։ Ըստ էության Սեն-Քվենտին բանտի երեք մեն ախելացի մարդիկ (մի ոտքով գերեզմանում լինելով, ես իրավունք ունեմ հայտարարել այս, չվախենալով, թե ինձ կմեղադրեն անհամեստության մեջ) մեկուսարաններում փտում էին կողք-կողքի։ Այժմ, կյանքիս ճանապարհի ավարտին, նայելով ետ և հիշելով այն ամենը, ինչ սովորեցրել է ինձ բանտը, գալիս եմ այն եզրակացության, որ խելքի ուժն ու խորությունը անհամատեղելի են հնազանդության հետ։ Հիմար մարդիկ, վախկոտ մարդիկ, խիզախությամբ չօժտված մարդիկ, մարդիկ, որոնք չունեն ընկերասիրության անխորտակ զգացողություն և ճշմարտության ու արդարամտության նկատմամբ կրքոտ ձգտում — ահավասիկ սրանք են, որոնցից ստեղծվում են օրինակելի բանտարկյալներ։ Ես երախտապարտ եմ աստվածներին, որ Ջեկ Օպենհեյմերը, Էդ Մորելը և ես երբեք չենք եղել օրինակելի բանտարկյալներ։
 
----
<references/>
Վստահելի
1318
edits