Զսպաշապիկ

Գրապահարան-ից
Զսպաշապիկ (Միջաստղային թափառականը)

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Կարեն Ա. Սիմոնյան

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում
«Զսպաշապիկ» վեպի տիտղոսաթերթը

Գլուխ I

Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հոգին հուշեր է պահպանել այլ ժամանակների ու աշխարհների մասին։ Ու նաև այն մասին, որ անցյալում ես արդեն ապրել եմ ինչ֊որ ուրիշ մարդկանց կերպարանքով․․․ Հավատա ինձ, իմ ապագա ընթերցող, քանզի նույն բանը պատահել է նաև քեզ հետ։ Թերթիր քո մանկության էջերը, և կվերհիշես այն զգացումը, որի մասին պատմում եմ․ կյանքիդ արշալույսին դու բազմիցս վերապրել ես այդ զգացումը։ Այդ շրջանում դեռ չէր կազմավորվել, չէր բյուրեղացել քո անհատականությունը։ Դու կակազ էիր մեղրամոմի նման, դեռ չէի ստացել հասաատուն ձև, քո գիտակցությունը դեռևս գտնվում էր ձևավորման ընթացքում․․․ Այո՛, այո՛, դու դառնում էիր այն, ինչ պե՛տք է լինեիր, և միևնույն ժամանակ, մոռանում էիր։

Դու շատ բան ես մոռացել, իմ ընթերցող, բայց և այնպես, երբ հայացքդ սահում է այս տողերի վրայով, քո առջև, ասես մշուշի միջից, հառնում են այլ վայրերի ու այլ ժամանակների տեսիլքներ, որոնք երբեմնի հայտնվել են քո մանկական աչքերին։ Այդ ամենն այսօր երազ է թվում։ Բայց եթե դրանք եղել են լոկ երազներ, ապա ի՞նչն է ծնել նրանց, ո՞ր իրականությունը։ Մեր երազներում տարօրինակ կերպով իրար են միահյուսվում այն բոլորր, ինչ երբեմնի ապրել ենք մենք։ Ամենից անհթեթ երազներն էլ ծնվել են իրական կենսափորձից։ Երբ մանուկ էիր, թոթովախոս մի մանուկ, դո՛ւ, իմ ընթերցող, մի անգամ երազումդ գահավիժել ես գլխապտույտ մի բարձունքից, երազում տեսել ես, թե ճախրում ես օդում այնպես, կարծես ճախրելը շատ սովորական բան է քեզ համար, դու վախեցել ես զարհուրելի սարդերից ու ճահճատիղմում ծնված հազարոտն էակներից․ դու անորոշ ձայներ ես լսել ու տեսել ինչ-որ դեմքեր, որոնք ահաբեկելու չափ ծանոթ են եղել քեզ․ քո հայացքով պարուրել ես արշալույսն ու վերջալույսը, որոնց նմանը (անցյալը վերապրելով՝ դու հիմա գիտես այդ) երբեք չէիր տեսել։

Շատ գեղեցիկ։ Մանկական հուշերի այդ պատառիկները պատկանում են ուրիշ աշխարհի, ուրիշ կյանքի, դրանք մասն են այն ամենի, ինչին չի վիճակվել հանդիպել քո այժմյան աշխարհում, քո այժմյան կյանքում։ Ուստի որտեղի՞ց են ծնունդ առել դրանք։ Մի ա՞յլ աշխարհից։ Մեկ ուրի՞շ կյանքից։ Թերևս, երբ կարդաս այն ամենը, ինչ գրելու եմ ես, ապա կգտնես պատասխանը տարակուսելի բոլոր հարցերի, որոնց օգնությամբ հիմա քեզ փակուղու առջև կանգնեցրի, և որոնք, նախքան իմ գիրքը բացելը, բազմիցս տվել ես ինքդ քեզ։


*  *  *



Ուորդսվորթը[1] դա գիտեր։ Նա ոչ մարգարե էր, ոչ էլ պայծառատես, նա շատ սովորական մի մարդ էր, ինչպես դու կամ մեկ ուրիշը։ Այն, ինչ նա գիտեր, գիտես նաև դու, և ամեն ոք գիտե այդ։ Բայց նա զարմանալի դիպուկ է ասել այդ մասին տողերում, որոնք սկսվում են այսպես․

«Եվ ոչ լրիվ մերկությամբ, ում մոռացմամբ լրիվ»․․․

Այո, զնդանի խավարն է մեզ պարուրում լույս աշխարհ գալու պես, և շատ բաներ շուտով մոռանում ենք։ Այնուամեnայնիվ, ծնվելուց հետո, մենք դեռ հիշում ենք այլ վայրեր ու ժամանակներ։ Դեռևս անօգնական մանուկներ՝ նստած լինելով որևէ մեկի գրկին կամ հատակին չորեքթաթ սողալիս, մենք տենչում ենք երկրից վեր, շատ վեր թռչելու մասին։ Այո՛, այո՛։ Ու մեր մղձավանջերում տանջվում ենք ու տառապում՝ հալումաշ լինելով հրեշավոր ու անհասկանալի ինչ-որ բանի նկատմամբ ունեցած վախից։ Ծնվելուն պես, դեռևս ոչ մի փորձ ձեռք չբերած, այնուամենայնիվ, աշխարհ գալու պահից ի վեր արդեն ունենում ենք վախի զգացումը, վախն ապրում է մեր հիշողություններում, իսկ հիշողությունները ծնվում են կենսափորձից։

Եթե խոսենք իմ անձի մասին, ապա այն մատղաշ տարիներիս, երբ հազիվ էի սկսել բառեր թոթովել, իսկ քաղցի կամ քնելու պահանջի զգացումը արտահայտում էի անկապ ճիչերով, այո՛, դեռ այդ օրերից ես գիտեի, որ երբեմնի թափառել եմ միջաստղային տարածություններում։ Իմ լեզուն դեռ ոչ մի անգամ չէր արտաբերել «արքա» բառը, իսկ ես հիշում էի, որ ժամանակին եղել եմ արքայազն։ Ու հիշում եմ, որ մի ժամանակ ես եղել եմ նաև ստրուկ և ստրուկի որդի, ու պարանոցիս երկաթե օղակ եմ կրել։

Ավելի՛ն։ Երեք․․․ չորս․․․ հինգ տարեկան հասակում ես դեռ ե՛ս չէի։ Դեռ նոր էի սկզբնավորվում, հոգիս դեռ չէր պաղել իմ մարմնում, իմ ժամանակի մեջ, իմ շրջապատին հատակ հաստատուն կաղապարում։ Այդ շրջանում ամենը, ինչ եղել էի ես անցյալի տասնյակ հազարավոր իմ կյանքերում, մարտնչում էին ներսումս, մարտնչում էին դեռ չձևավորված իմ հոգում՝ ջանալով մարմնավորվել անձիս մեջ և դառնալ այն, ինչ ե՛մ։

Իսկապես, որ անհեթեթություն է, չէ՞։ Բայց հիշիր, իմ ընթերցող, դո՛ւ, որը հուսով եմ, կթափառես ինձ հետ ժամանակի ու տարածության մեջ, հիշիր, խնդրում եմ, իմ ընթերցող, որ ես շատ-շատ եմ մտածել այդ մասին, որ երկա՜ր-երկա՛ր տարիներ, արյունով ու քրտինքով ներծծված անսահման խավարում, ես մենակ եմ մնացել իմ մյուս «ես»-երի հետ՝ և՛ շփվել եմ նրանց, և՛ ուսումնասիրել։ Դարձյալ վերապրել եմ վաղեմի գոյության վշտերն ու տառապանքները, որպեսզի քեզ գիտելիքներ բերեմ, որոնք ինձ հետ կկիսես՝ ազատ ժամերիդ անվրդով թերթելով գրքիս էջերը։

Ուրեմն, ինչպես արդեն ասացի, երեք, չորս և հինգ տարեկան հասակում ես դեռ ե՛ս չէի։ Դեռ նոր էի սկսել իմ մարմնի անոթում ձևավորվելով բյուրեղանալ, երբ հզոր, անեղծանելի անցյալը կանխորոշելով, թե ինչ եմ դառնալու, ներազդում էր այն խառնուրդին, որից բաղկանալու էր իմ անձը։ Իմը չէր գիշերները հնչող այն ձայնը, որը սարսափով էր հագեցված քաջ հայտնի մի այնպիսի բանի նկատմամբ, որն ինձ անկասկած հայտնի չէր և չէր կարող հայտնի լինել։ Եվ հենց նույն բանը չե՞ն վկայում արդյոք մանկական իմ մոլությունները, կատաղության բռնկումները կամ քրքիջի նոպաները։ Ստվերներին իմ նախնյաց օտար ձայներն էին հնչում իմ ճիչում, անցյալում երբևէ ապրած տղամարդկանց ու կանանց ձայները։ Ու երբ մռնչում էի կատաղության մոլուցքով, այդ մռնչոցում կար ոռնոցը գազանների, որ ավելի հին էր, քան լեռները, և մանկական իմ մոլեգին, հիստերիկ, կատաղի ծղրտոցում արձագանքվում էին Ադամի ստեղծվելուց էլ առաջ, նախնադարյան հինավուրց ժամանակներում ամբողջ երկրով մեկ տարածված գազանների անիմաստ մռնչոցները։

Տեսնո՞ւմ եք, ես արդեն բացահայտեցի իմ գաղտնիքը։ Բոսորագույն կատաղությո՛ւն։ Ահա թե ինչն է կործանել ինձ այժմեական, իմ ա՛յս կյանքում։ Ահավասիկ, թե ինչն է պատճառը, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո ինձ դուրս կբերեն այս բանտախցից, քարշ կտան բարձր ու երերուն տախտակամածին, որի վրա ճռճռում է ամուր ու ձիգ պարանը։ Եվ այդ պարանի օգնությամբ իմ իսկ պարանոցից կկախեն ինձ, և ես կախված կմնամ մինչև մեռնելս։ Բոսորագույն կատաղությունը իմ կործանման պատճառն է եղել բոլոր մարմնավորումներիս ժամանակ, քանզի բոսորագույն կատաղությունը ճակատագրական, կործանարար մի ժառանգություն է, որն ինձ բաժին է ընկել լորձապարուր էակների ժամանակներից, այն ժամանակներից, երբ մեր աշխարհը դեռ նոր էր ստեղծվում։


*  *  *



Բայց կարծեմ ժամանակն է, որ ներկայացնեմ իմ անձնտավորությունը։ Ես ոչ տկարամիտ եմ, ոչ էլ խելագար։ Ուզում եմ, որ դուք հասկանաք դա, այլապես չեք հավատա այն ամենին, ինչ կամենում եմ պատմել։ Իմ անունը Դարրել Սթենդինգ է։ Ձեզնից ոմանք, այս տողերը կարդալով, անմիջապես կկռահեն, թե ում մասին է խոսքը։ Բայց ընթերցողներից շատերը, անկասկած, ոչինչ չեն լսել, և այդ իսկ պատճառով մի քանի խոսքով կպատմեմ իմ մասին։

Ութ տարի առաջ Կալիֆորնիայի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի հողագիտության պրոֆեսորն էի ես։ Ութ տարի առաջ համալսարանական քնկոտ Բերքլի քաղաքը ցնցվեց՝ լսելով այն լուրը, թե երկրաբանական ֆակուլտետի լաբորատորիաներից մեկում սպանվել է պրոֆեսոր Հասքելլը։ Մարդասպանը Դարրել Սթենդինգն էր։

Ես հենց այդ նույն Դարրել Սթենդինգն եմ։ Ինձ բռնեցին հանցանքի վայրում։ Թե ով էր արդարացի կամ մեղավոր այդ վեճում՝ նշանակություն չունի։ Դա հույժ անձնական խնդիր էր։ Կարևորը միայն հետևյալն էր․ զայրույթի նոպայի պահին, հայտնվելով բոսորագույն կատաղության ճիրաններում, որն անեծք էր ինձ վրա հավիտյանս հավիտենից, ես սպանեցի իմ կոլեգային։ Այսպես էր արձանագրված դատական որոշման մեջ և, խոստովանում եմ, որ այս անգամ դատարանն իրավացի էր։

Ո՛չ, ինձ կախելու են ոչ թե պրոֆեսոր Հասքելլի սպանության մեղադրանքով։ Այդ հանցագործության համար ես դատապարտվեցի ցմահ բանտարկության։ Այն ժամանակ ես երեսունվեց տարեկան էի։ Հիմա՝ քառասունչորս տարեկան եմ։ Վերջին ութ տարիներս անց եմ կացրել Սեն֊Քվենտինում, Կալիֆորնիա նահանգի պետական բանտում։ Այդ ութ տարիներից հինգն ապրել եմ լիակատար խավարում։ Դա կոչվում էր մեկուսացված բանտարկություն։ Իսկ նրանք, ովքեր արդեն համն առել են, դա անվանում են ողջ-ողջ թաղվել։ Սակայն գերեզմանում ապրած այդ հինգ տարիներին ինձ հաջողվեց հասնել այնպիսի ազատության, որպիսին մարդկանցից շատ քչերն են վայելել։ Ինձ փակել էին մենախցում, աչալուրջ հսկողության տակ էի, սակայն ոչ միայն շրջում էի աշխարհով մեկ, այլ թափառում ժամանակի մեջ։ Նրանք, ովքեր մի քանի խղճուկ տարիներ ինձ նետել էին զնդան, իրենք էլ չիմանալով այդ մասին, նվիրաբերել էին հարյուրամյակների ընդարձակ մի ասպարեզ։ Այո, Էդ Մորրելի շնորհիվ հինգ տարի շարունակ ես միջաստղային տարածությունների թափառական էի։ Բայց Էդ Մորրելը մի առանձին պատմություն է։ Նրա մասին՝ քիչ հետո։ Ես ախր այնքան բան ունեմ պատմելու, որ դժվարանում եմ, թե որտեղից սկսեմ։

Սկսեմ թեկուզև այսպես․ ծնվել եմ Միննեսոթ ֆերմայում։ Մայրս շվեդացի վտարանդու դուստր էր։ Հիլդա Թոննեսոն էր անունը։ Հորս անվանում էին Չոնսի Սթենդինգ․ նա բնիկ ամերիկացի էր։ Հորս տոհմը սերվում էր Էլֆրիգ Սթենդինգից, վարձված մշակից, կամ, եթե կուզեք՝ ստրուկից, որին Անգլիայից վիրջինիական ցանքաստաններ էին բերել այն հինավուրց շրջանում, երբ դեռևս պատանի Վաշինգտոնը[2] նոր էր մեկնել աչքի անցկացնելու պենսիլվանյան անտառները։

Էլֆրիգ Սթենդինգի որդին մարտնչել է հեղափոխական բանակի[3] շարքերում, իսկ թոռը մասնակցել է 1812 թվականի պատերազմին[4]։ Հետագայում չի եղել և ոչ մի պատերազմ, որին մասնակցած չլինի Սթենդինգների տոհմից որևէ մեկը։ Ես՝ Սթենդինգների տոհմի վերջին շառավիղս, որին շուտով վիճակված է մեռնել առանց սերունդ թողնելու, վերջին պատերազմում կռվել եմ Ֆիլիպիններում[5] որպես շարքային, որի համար գիտական կարիերայիս ծաղկման շրջանում հրաժարվեցի նեբրասսյան համալսարանի պրոֆեսորական ամբիոնից։ Աստվա՜ծ իմ։ Ախր երբ այդ ամենից հրաժարվեցի, ինձ ցանկացան պահել նույն համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան։ Ինձ՝ աստղային տարածությունների թափառականիս, կրքոտ արկածախնդրիս, հարյուրամյակից հարյուրամյակ քոչող Կայենիս, մոռացված դարաշրջանների ռազմաշունչ քուրմիս, վաղուց ի վեր անցյալի գիրկն անհետացած և նույնիսկ պատմության գրքում չարձանագրված օրերի երազուն բանաստեղծիս։

Եվ ես հիմա այստեղ եմ, Ֆոլսեմ պետական բանտի Մարդասպանների Միջանցքում, և բոսորագույն են իմ ձեռքերը։ Ես այստեղ եմ, ես սպասում եմ նահանգի պետական մեքենայի կողմից որոշված այն օրվան, երբ օրենքի սպասավորները ինձ կտանեն այնտեղ, որտեղ, նրանց անկեղծ համոզմամբ, ես պետք է կորչեմ խավարում։ Խավար, որից նրանք զարհուրում են․ խավար, որը նրանց նախապաշարված հոգիները բնակեցնում է սարսափեցնող տեսիլքներով․ խավար, որն այդ ահաբեկյալներին ու լալկաններին մղում է դեպի իրենց իսկ սեփական վախից ծնված, իրենց իսկ սեփական կերպարանքն ունեցող աստվածների զոհասեղանները։

Այո, ես այլևս երբեք չեմ նշանակվի գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան։ Սակայն ես հողագործություն գիտեմ։ Դա իմ մասնագիտությունն էր։ Ես ծնվել էի հողագործության համար, դաստիարակվել, սովորել էի հողագործության համար, և տիրապետել էի այն։ Բոլոր հարցերում, ինչ վերաբերում էր գյուղատնտեսությանը, ես հանճար էի։ Մի հայացքով ես կարող էի որոշել կովի կաթնատվությունը, և ամեն տեսակի ստուգումներն էլ կհաստատեին իմ ճշգրիտ աչքաչափը։ Հարկ չկար, որ ուսումնասիրեի ընդերքը․ բավական էր, որ մի անգամ նայեի բնանկարին ու արդեն կիմանայի նրա բոլոր առավելություններն ու թերությունները։ Ընդերքի ալկալիականությունն ու թթվուտությունը որոշելու համար լակմուսի թղթի կարիքը չէի զգում։ Կրկնում եմ․ հողագործություն՝ իր ամենաբարձր գիտական տեսանկյունից․ այս բնագավառում հանճարեղ էի ու մնում եմ այդպիսին։ Բայց և այնպես նահանգը, իր բոլոր քաղաքացիներով հանդերձ, հավատում է, որ կկարողանա ինձանից խլել այդ իմաստությունը՝ վզիս գցած օղակի և երկրի ձգողական օրենքի օգնությամբ ինձ ընկղմելով վերջնական խավարում, կկարողանա խլել այդ իմասաությունը, որ կուտակվել է իմ մեջ հազարամյակներ շարունակ և գուրգուրանքով աճել է դեռևս այն օրերին, երբ Տրոյայի մարգագետիններում դեռ չէին արածում քոչվոր անասնապահերի հոտերը։

Հապա եգիպտացորե՞նը։ Կա՞ արդյոք մեկը, որն ավելի լավ ճանաչի եգիպտացորենը, քան ես։ Հապա Ուիսթարում կատարած իմ փորձե՞րը, որոնց շնորհիվ եգիպտացորենի տարեկան շահույթը Այովա նահանգի բոլոր օկրուգներում ավելացրեցի կես միլիոն դոլլարով․․․ Դա պատմության մեջ մտավ։ Սեփական մեքենաներով շրջող ֆերմերներից շատ-շատերը գիտեն, թե ով է իրենց համար մատչելի դարձրել այդ ավտոմեքենան։ Համալսարանական դասագրքի վրա հակված անուշիկ աղջիկներից ու ջինջ աչքերով պատանիներից շատ-շատերն են հիշում, որ այդ ես եմ Ուիսթարում կատարած իմ փորձերով նրանց համար մատչելի դարձրել ուսումնառությունը։

Հապա գյուղատնտեսության զարգացման մեթոդնե՞րը։ Ես գիտեմ բոլոր կորուստների բոլոր պատճառները․ հարկ չունեմ կինոժապավեններ դիտել, նկատելու համար, թե որտեղ են թաքնված աշխատանքի անարտադրողականության պատճառները, լինեն դրանք ամբողջ ֆերմայի աշխատանքում, թե ֆերմայի մի բանողի աշխատանքում, լինեն դրանք գյուղատնտեսական շինությունների նախագծման գործում, թե գյուղատնտեսական աշխատանքների ծրագրման մեջ։ Այս ամենը կգտնեք իմ կազմած տեղեկագրքում, որտեղ դիագրամներ էլ կան։ Կարող եք չկասկածել, որ այս նույն պահին հարյուր հազարավոր ֆերմերներ, խոժոռադեմ ու կենտրոնացած, թերթում են այդ տեղեկագիրքը՝ իրենց վերջին ծխամորճից մոխիրր թափ տալուց և կողաշենք գնալուց առաջ։ Սակայն ինձ արդեն վադուց պետք չեն իմ դիագրամները․ բավական է մի հայացք նետեմ մարդու վրա, որպեսզի հասկանամ նրա հակումները, տեսնեմ, թե ինչի է նա ընդունակ, և մաթեմատիկական ճշգրտությամբ որոշեմ, թե ինչպիսին կլինի նրա աշխատանքի արտադրողականությունը։

Իսկ այժմ անհրաժեշտ է, որ ավարտեմ այս պատմության առաջին գլուխը։ Արդեն ժամը ինն է, իսկ Մարդասպանների Միջանցքում դա նշանակում է, որ արդեն լույսը մարելու ժամանակն է։ Ես արդեն լսում եմ վերակացուի ռետինե ներբանների մեղմ շրշյունը․ նա գալիս է դեպի իմ մենախուցը, որպեսզի կշտամբի այն բանի համար, որ դեռ չեմ մարել նավթի լամպը։ Կարծես ապրողի սպառնալիքները կարող են վախեցնել մի մարդու, որին մահվան են դատապարտել։


Գլուխ II

Ես Դարրել Սթենդինգն եմ։ Շուտով ինձ կտանեն այս մենախցից ու կկախեն։ Իսկ առայժմ ես պատմում եմ այն մասին, ինչ կկամենայի պատմել, և գրում եմ այլ ժամանակների ու աշխարհների մասին։

Դատավճիռը կայացնելուց հետո ինձ ուղարկեցին Սեն-Քվենտին բանտը, որտեղ և ապրելու էի կյանքիս մնացորդը։ Ինձ համարել էին «անուղղելի»։ «Անուղղելին» մարդու կերպարանքով գազան է. գոնե այդպիսին է նա բանտապանների համար։ Ես ընկա անուղղելիների կարգը, որովհետև հանդուրժել չէի կարողանում աշխատանքի անարտադրողական ծախսումները։ Ինձ աշխատանքի ուղարկեցին ջուլահակային արհեստանոց։ Այդ աշխատանքի հանցավոր անարտադրողականությունը դիվահար էր անում ինձ։ Ուրիշ կերպ ինչպե՞ս կարող էր լինել։ Չէ՞ որ աշխատանքի անարտադրողական ծախսումները նվազագույնին հասցնելը իմ մասնագիտությունն էր։ Դեռ շոգու կիրառությունից և շոգիով աշխատող ջուլհակի հաստոցի գյուտից առաջ, սրանից երեք հազար տարի էլ առաջ, ես փտում էի Հին Բաբելոնի զնդաններից մեկում և, հավատացնում եմ, այդ վաղեմի ժամանակներում, մենք՝ շղթայվածներս, ձեռքի դազգահներով շատ ավելի արդյունավետ էինք հյուսում, քան շոգեուժ հաստոցներով հյուսում են Սեն֊Քվենտին բանտի կալանավորները։ Աշխատանքի այդ հանցավոր, անիմաստ մսխումը գարշելի բան էր։ Ես ըմբոստացա։ Փորձեցի վերակացուներին հուշել մոտ երկու տասնյակից ավելի արդյունավետ միջոցներ։ Նրանք բողոքեցին ղեկավարությանը, որից հետո ես հայտնվեցի մենախցում, ուր զրկված էի և՛ լույսից, և՛ սննդից։ Երբ մենախցից ազատեցին, որոշեցի ինքս ինձ հարկադրել աշխատելու ջուլհակային արհեստանոցի անիմաստ, անարտադրողական քաոսի մթնոլորտում։ Եվ ըմբոստացա։ Ինձ դարձյալ նետեցին մենախուց և զսպաշապիկ հագցրին։ Ինձ գցեցին հատակին ու կախեցին բթամատերից։ Տխմար վերակացուները, որոնց խելքը այնքան էր կտրում, որ նկատում էին իմ և իրենց տարբերությունը, զգալով, որ շատ էլ հիմար չեմ, ծածուկ թակում էին ինձ։

Այս անիմաստ խոշտանգումը տևեց երկու տարի։ Զարհուրելի բան է, երբ կապում են ձեռքերդ ու ոտքերդ, և առավել զարհուրելի, եթե դրան ավելացրած, նաև առնետներն են քեզ փորձում հոշոտել։ Առնետները իմ բանտապաններն էին, և նրանք հոշոտեցին իմ ուղեղը, հոշոտեցին իմ մեջ եղած լավագույնը, հոշոտեցին հոգիս։ Իսկ ես, ես, որ իմ նախորդ կյանքում խիզախ մարտիկ էի, այժմյան կյանքում պայքարի համար ոչ մի բանի պետք չէի։ Ես ֆերմեր էի, հողագործ, կաբինետային գիտնական, լաբորատորիայի ստրուկ, և մտածում էի միայն հողի ու մեկ էլ այն մասին, թե ինչպես բազմապատկել հողի բերքատվությունը։

Ես մարտնչել եմ Ֆիլիպիններում, քանի որ այդպիսին էր Սթենդինգների տոհմի ավանդությունը։ Ես ներքուստ ռազմատենչության ոչ մի հակում չունեի։ Այդ ամենը բավականին անհեթեթ էր, ինչու էր մեկը անհրաժեշտ համարել պայթուցիկ նյութերով թխամորթ, փոքրիկ օտարազգիների մարմինները բզկտել։ Տարօրինակ էր ականատես լինել, թե ինչպես է գիտությունը իր հայտնագործությունների և գյուտարարների ուղեղների ողջ հզորությունը պոռնկացնում՝ պայթուցիկ նյութերը բռնությամբ մտցնելով թխամորթների մարմինների մեջ։

Ինչպես արդեն ասացի, Սթենդինգների տոհմում հաստատված ավանդությանը հետևելով, ես զինվորագրվեցի ու եկա այն եզրակացության, որ նվազագույն հակումն իսկ չունեմ ռազմական արհեստի նկատմամբ. ըստ երևույթին նույնպիսի եզրակացության հանգեցին նաև իմ պետերը, որովհետև շատ շուտով ինձ նշանակեցին սպայակույտի գրագիր, և այդպես էլ, գրասեղանի առջև նստած, ես անցկացրի ամբողջ իսպանո-ամերիկյան պատերազմը։

Ինչպես տեսնում եք, ջուլհակային արհեստանոցում աշխատանքի անարտադրողականությունը ինձ այդպես դիվահար էր անում բնավ էլ ոչ այն պատճառով, որ ես բնույթով ռազմատենչ էի, այլ այն պատճառով, որ մտածող էի։ Ուստի և բանտապանների կողմից ենթարկվում էի հալածանքի, և ընկա «անուղղելիների» կարգը։ Մարդկային ուղեղն աշխատում է յուրովի, և ես պատժվեցի այդ ուղեղի անկախության պատճառով։ Երբ իմ «անուղղելիությունը» այնքան ակնհայտ դարձավ, որ բանտապետ Ազերթոնն ինձ կանչեց իր առանձնասենյակը քարոզ կարդալու նպատակով, ահավասիկ, թե ինչ ասացի նրան․

— Շեֆ, որքան անհեթեթ է ենթադրել, որ ձեր առնետախեղդ վերակացուներն ընդունակ են իմ ուղեղից դուրս մղել այն, ինչը դրոշմված է այդքան պարզ ու հստակ։ Այս բանտում անհեթեթ է գործի ամբողջ դրվածքը։ Դուք քաղաքագետ եք։ Դուք կարողանում եք բանսարկությունների սարդոստայն հյուսել, և Սան-Ֆրանցիսկոյի բարմենների ու նրանց ամեն տեսակի պնակալեզների քաղաքական ազդեցությունները դարձնել մի այնպիսի տաք անկյուն, որպիսին այժմ դուք զբաղեցնում եք։ Բայց դուք չեք կարողանում ջութ գործել, այդ գործում դուք տգետ եք։ Ձեր ջուլհակային արհեստանոցը հնացած է մոտ հիսուն տարով․․․

Սակայն արժե՞ արդյոք կրկնել այն ամբողջ ճառը․ ախր ես մի երկարաշունչ ճառ արտասանեցի։ Բացատրեցի, թե որպիսի հիմարն է նա, ու բանտապետն էլ վերջնականապես համոզվեց, որ ես անհուսալի կերպով անուղղելի եմ։

Շանը ասա, որ կատաղած է․․․ դե, ձեզ հայտնի է այս առածը։ Շատ գեղեցիկ։ Բանտապետ Ազերթոնը վերջնականապես վրաս հաստատեց իմ համբավը։ Ես մի հոյակապ քավության նոխազ էի։ Շատ ու շատ անգամներ ինձ վրա բարդեցին մյուս կալանավորների մեղանչումները, և ես, վարձահատույց լինելով նրանց փոխարեն, դարձյալ հայտնվում էի մենախցում՝ հաց ու ջրի հույսով։ Կամ էլ բթամատերից կախում էին ինձ, և այդ վիճակում թողնում ժամեր շարունակ, որոնցից յուրաքանչյուրը թվում էր ավելի անսահման, քան նախկինում ապրած իմ կյանքերից ցանկացածը։

Խելացի մարդիկ հաճախ դաժան են լինում։ Բայց հիմարների դաժանությանը չափ ու սահման չկա։ Բոլոր նրանքք որոնց ես ենթարկվում էի, բանտապետից մինչև վերջին վերակացուն, բթամիտ անասուններ էին։ Հիմա դուք կիմանաք, թե նրանք ինչ բերեցին իմ գլխին։

Բանտում մի կալանավոր կար, բանաստեղծ էր։ Նա թույլ ծնոտով ու նեղ ճակատով այլասերվածի մեկն էր։ Ե՛վ դրամանենգ։ Ե՛վ վախկոտ։ Ե՛վ մատնիչ։ Ե՛վ խածնող։ Հողագիտության պրոֆեսորի համար դա փոքր֊ինչ անսովոր բառ է, կասեք դուք, բայց նույնիսկ հողագիտության պրոֆեսորն էլ կարող է սովորել անսովոր բառեր, եթե նրան ցմահ բանտարկության դատապարտեն։

Դրամանենգ բանաստեղծի անունը Սեսիլ Ուինվուդ էր։ Առաջին անգամը չէր, որ նա դատապարտվել ու հայտնվել էր բանտի երկաթե ճաղերի հետևում, բայց և այնպես, այս անգամ նրան յոթ տարվա բանտարկության էին դատապարտել, քանի որ մատնիչ էր ու դավաճան։ Օրինակելի վարք դրսևորելու դեպքում նրա այդ ժամկետը կարող էր կրճատվել։ Իսկ իմ ժամկետը ավարտվելու էր իմ մահվան հետ։ Սակայն այդ խղճուկ վիժվածքը, ջանալով ձեռք բերել ազատության մի քանի կարճ տարի, կարողացավ ինչ-ինչ հնարներով իմ ցմահ բանտարկությանն ավելացնել հավիտենականության հիմնավոր մի կտոր։

Դեպքերը, որոնք ես ձեզ կպատմեմ հերթականությամբ, ինձ հայտնի դարձան բնավ էլ ոչ ժամանակա գրական հետևողականությամբ ու անմիջապես։ Այդ Սեսիլ Ուինվուդը կամենալով շահել բանտի ամբողջ ղեկավարության հովանավորությունը՝ սկսած վերակացուից ու բանտապետից՝ վերջացրած բանտային տեսչությամբ ու նահանգապետով, իբր կանխամտածված փախուստի ապացույցներ հերյուրեց։ Այժմ նկատի ունեցեք հետևյալ հանգամանքները․ ա) բոլոր կալանավորները այնպես էին ատում Սեսիլ Ուինվուդին, որ նրան թույլ չէին տալիս նույնիսկ մի պտղունց ծխախոտ դնել փալաոջիլների մրցարշավի ժամանակ, իսկ փայտոջիլների մրրցարշավները կալանավորների ամենասիրած զվարճությունն էր․ բ) ես մի շուն էի, որին կատաղած էին անվանում. գ) Սեսիլ Ուինվուդի մտացածին փախուստի համար հենց այդպիսի շներ էին անհրաժեշտ. ցմահ բանտարկյալներից, թրծվածներից, անուղղելիներից որևէ մեկը։

Բայց ցմահ բանտարկյալներր ատում էին Սեսիլ Ուինվուդին, ու երբ նա առաջարկեց խմբակային փախուստի իր ծրագիրը, կալանավորներր ծանակեցին և լուտանքների տարափ տեղացին Ուինվուդի վրա, բոլորն էլ դիտեին, որ նա մատնիչ է։ Սակայն, ի վերջո, Ուինվուդը կարողացավ նրանց հիմարացնել։ Հիմարացրեց բանտի քառասուն ամենախելոք ու խորամանկ գլուխների։ Նորից ու նորից կպչում էր նրանց։ Պատմում էր այն ազդեցության մասին, որից ինքն օգտվում էր բանտում, քանի որ բանտային գրասենյակում գրագիր էր, և բանտի դեղատունը ազատ ելումուտի իրավունք ուներ։

— Ապացուցիր,— ասաց նրան Լողլող մականվամբ Բիլլ Հոջը, որը գնացք կողոպտելու համար իր ցմահ բանտարկության տարիներն էր մաշում, հոգու խորքում փայփայելով մի երանելի ցանկություն՝ որևէ կերպ դուրս պրծնել, վերստանալ կորցրած ազատությունը, որպեսզի սպանի գնացքի կողոպտման ժամանակ իր մեղսակից ընկերոջը, որը դատարանում ցուցմունք էր տվել Բիլլի դեմ։

Սեսիլ Ուինվուդը ընդունեց առաջարկությունը։ Նա հայտարարեց, թե փախուստի գիշերը կքնացնի պահակներին։

― Խոսքից էժան բան չկա,— ասաց նրան Լողլող Բիլլ Հոջը։– Մեզ ապրանքն է պետք։ Այս գիշեր քնացրու պահակին։ Բարնեմն է հերթապահում։ Սողունի մեկն է։ Երեկ իրիկնադեմին Խելագարների Միջանցքում ծեծեց վերնահարկը խանգարված չինուկին։ Նա արդեն հանձնել էր հերթապահությունը, երբ չինուկին ծեծում էր։ Այսօր նա հերթապահում է գիշերը։ Քնացրու, և թող նրան վռնդեն այստեղից։ Եթե կարողացար գլուխ բերել, նոր միայն կխոսենք գործի մասին։

Այս ամենը հետագայում ինձ պատմեց Լողլող Բիլլը։ Սեսիլ Ուինվուդը բողոքարկեց այսքան հապճեպ փորձության դեմ։ Իրեն ժամանակ է պետք դեղատնից քնաբեր դեղ թռցնելու համար, բացատրեց նա։ Ժամանակ տվեցին և մեկ շաբաթ անց նա հայտարարեց, որ ամեն բան պատրաստ է։ Դառն փորձից իմաստնացած հանցագործները, որոնք ցմահ բանտարկության էին դատապարտվել, նստեցին ու սպասեցին՝ կքնի՞ Բարնեմը, թե՞ ոչ։ Եվ Բարնեմը քնեց։ Նրան գտան քնած վիճակում և հեռացրին աշխատանքից, որովհետև քնել էր հերթապահության ժամանակ։

Այս միջադեպը վստահություն նեշնչեց բանտարկյալներրին։ Մնում էր ավագ վերակացուին համոզելը։ Իսկ Սեսիլ Ուինվուդը ամեն օր ամենայն մանրամասնությամբ զեկուցում էր նրան իր իսկ երևակայությամբ ձեռնարկվող փախուստի նախապատրաստական աշխատանքների մասին։ Այն մասին, թե դա ինչպես է տեղի ունեցել, ես իմացա արդեն մեկ տարի անց. ահավասիկ որքան ուշ են բացահայտվում բանտային գաղտնի բանսարկությունները։

Ուինվուդը հայտնեց, որ փախչելու մտադրություն ունեցող և այդ գաղտնիքը իրեն վստահած քառասուն բանտարկյալները այնպիսի ազդեցություն են ձեռք բերել բանտում, որ ամեն բան արդեն նախապատրաստված է կաշառված պահակների օժանդակությամբ դրսից ատրճանակներ բերելու համար։

— Ապացուցի՛ր,— հավանաբար պահանջել է վերակացուն։

Եվ դրամանենգ բանաստեղծը ապացուցեց։ Որպես կանոն, փռում աշխատանքը օր ու գիշեր չէր դադարում։ Բանտարկյալներից մեկը՝ հացթուխը, որն աշխատում էր գիշերային առաջին հերթափոխում, լրտեսում էր ավագ վերակացուի օգտին, և Ուինվուդին դա հայտնի էր։

— Այս գիշեր,— վերակացուին ասաց Ուինվուդը,— Սամերֆեյսը քառասունչորս տրամաչափի մի դյուժին ատրճանակ է բերելու դրսից։ Իր հաջորդ հերթափոխության ժամանակ նա բերելու է նաև փամփուշտները։ Իսկ այս գիշեր փռում ինձ կհանձնի ատրճանակները։ Դուք փռում ձեր մարդն ունեք։ Վաղը առավոտյան հենց ձեր մարդն էլ այդ մասին կզեկուցի ձեզ։

Այդ Սամերֆեյս ը Գումբոլդտ օկրուգի կողմերում ծնված մի հաղթանդամ մարդ էր։ Լինելով բարեհոգի, մեղմ, սահմանափակ ուղեղի տեր՝ նա դեմ չէր բանտարկյալների համար դրսից ծխախոտ բերելով մեկ֊երկու դոլլար վաստակել։ Այդ գիշեր նա վերադարձել էր Սան֊Ֆրանցիսկո կատարած ուղևորությունից և իր հետ տասնհինգ ֆունտ հրաշալի ծխախոտ էր բերել։ Նա այդպիսի բաներ առաջ էլ էր անում և ծխախոտը հանձնում էր Սեսիլ Ուինվուդին։ Այս անգամ էլ նա ծխախոտը փռում հանձնեց Սեսիլ Ուինվուդին։ Դա մի ծանր, սովորական թղթով փաթեթած ծրար էր, որի պարունակությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բոլորովին անվնաս ծխախոտ։ Մատնիչ հացթուխը իր թաքստոցից տեսավ, որ Ուինվուդին ծրար են հանձնում, և հետևյալ օրն այդ մասին զեկուցեց ավագ վերակացուին։

Եվ հենց այստեղ էր, որ դրամանենգ բանաստեղծը չկարողացավ սանձահարել իր ծայրահեղորեն խիզախ երևակայությունը։ Նա շեղեց հարվածի ուղղությունը, և ես հինգ տարով հայտնվեցի նախ՝ մենախցում, և ապա՝ մահապարտների խցում, որտեղ և գրում եմ այս տողերը։ Բայց այն օրերին ես չէի էլ կասկածում, թե ինչ է տեղի ունեցել։ Նույնիսկ չգիտեի փախուստի նախապատրաստման մասին, որի համար Սեսիլ Ուինվուդը ներգրավել էր քառասուն ցմահ բանտարկյալների։ Ոչինչ, բացարձակապես ոչինչ չգիտեի։ Մյուսներն էլ ինձնից ավելի քիչ բան գիտեին։ Բանտարկյալները չգիտեին, որ Սեսիլ Ուինվուդը որոշել է նրանց դավաճանել։ Վերակացուն չգիտեր, որ Սեսիլ Ուինվուդր քթից բռնած ման է ածում իրեն։ Առավել նվազ կասկածներ ուներ Սամերֆեյսը։ Վատթարագույն դեպքում նրա խդճի վրա ծանրացած էր միայն բանտարկյալների համար ծխախոտ բերելու հանցանքը։

Այժմ լսեք, թե ինչ անհեթեթ, ինչ մելոդրամատիկ զառանցանք դուրս տվեց Սեսիլ Ուինվուդը։ Հետևյալ առավոտ նա ցնծությամբ հանդիպեց ավագ վերակացուին։ Եվ նրա երևակայությունը սանձազերծ եղավ։

― Այո, դու չէիր ստում, նա իսկապես ծրար է հանձնել,— ասաց վերակացուն։

— Եվ այդ ծրարի պարունակությունը լիուլի բավական է, որպեսզի ամբողջ բանտը հօդս ցնդի,— հայտարարեց Ուինվուդը։

— Ի՞նչ պարունակություն,— ահաբեկվեց վերակացուն։

— Դինամիտն ու դետոնատորները,— դուրս տվեց այդ տխմարը։— Երեսունհինգ ֆունտ։ Ձեր մարդը տեսավ, թե ինչպես Սամերֆեյսը ինձ հանձնեց այդ ամենը։

Այս խոսքի վրա, հավանաբար, վերակացուն քիչ մնաց կաթված ստանար։ Նրան կարելի է միայն խղճալ։ Կատա՞կ եք կարծում երեսունհինգ ֆունտ դինամիտը, այն էլ բանտի ներսում։

Ասում են, որ կապիտան Ջեմին (այդպես էր վերակացուի անունը) ընկել է աթոռին ու երկու ձեռքով բռնել գլուխը։

— Իսկ որտե՞ղ է, որտե՞ղ է դինամիտր,— բղավել է նա։— Ես պետք է անմիջապես վերացնեմ մեջտեղից։ Հենց հիմա գնանք այնտեղ։

Այստեղ Սեսիլ Ուինվուդը հասկացավ իր սխալը։

— Դինամիտը թաքցրել եմ,— ստեց նա։

Այժմ նա արդեն ստիպված էր շարունակել իր ստերի շարանը, քանի որ ծրարում ծխախոտի փոքրիկ փաթեթներից բացի ոչինչ չէր եղել, և այդ փաթեթներն էլ վաղուց արդեն սովորական ճանապարհով հասել էին բանտարկյալներին։

— Շատ լավ,— ասաց կապիտան Ջեմին, ինքզինքը հավաքելով։— Անմիջապես ինձ ուղեկցիր այնտեղ։

Բայց ավագ վերակացուին որևէ տեղ ուղեկցելու առիթը չկար, քանի որ ոչ մի տեղ դինամիտ չէր թաքցված։ Պարզապես, այդ դինամիտը գոյություն չէր ունեցել ոչ հիմա և ոչ էլ առաջ. ոչ մի տեղ գոյություն չէր ունեցել, բացառությամբ այն սրիկա Ուինվուդի երևակայությունից։

Այնպիսի վիթխարի բանտում, ինչպիսին է Սեն-Քվենտինը, միշտ էլ կգտնվեն բազմաթիվ ծակուծուկեր։ Եվ մինչ Սեսիլ Ուինվուդը քայլում էր կապիտան Ջեմիի հետ, միտքն էլ, պետք է ենթադրել, աշխատում էր կատաղի արագությամբ։

Ինչպես հետագայում կապիտան Ջեմին զեկուցել է բանտի գլխավոր ղեկավարությանը (և դա հաստատել է նաև Ուինվուդը), գաղտնարանի ճանապարհին Ուինվուդն ասում է, որ դինամիտը թաքցնելիս ես էլ եմ եղել նրա հետ։

Իսկ ես հենց նոր էի դուրս եկել մենախցից, որտեղ անց էի կացրել հինգ օր, ու դրանից յոթանասուն ժամը՝ զսպաշապիկով․ և այնպես էի ուժասպառվել, որ նույնիսկ բթամիտ բանտապանները այդքան բանը հասկացան ու որոշեցին ինձ անմիջապես ջուլհականոց չուղարկել։ Եվ Ուինվուդը ինձ պատմության մեջ քաշեց այն ժամանակ, երբ մեկ օր հանգստանալու թույլտվություն էի ստացել, որպեսզի չափազանց խիստ պատժից հետո վերականգնեի ուժերս։ Այո, նա հատկապես իմ անունն էր տվել որպես իր համախոհի, որն օգնել է երեսունհինգ ֆունտ գոյություն չունեցող դինամիտը թաքցնել ապահով մի տեղում։

Ուինվուդը կապիտան Ջեմիին տանում է ենթադրյալ գաղտնարանը։ Բնականաբար, նրանք այնտեղ դինամիտի հետք անգամ չեն գտնում։

— Աստվա՜ծ իմ,— բռնազբոսիկ սոսկում է Ուինվուդը։— Սթենդինգը գլխիս խաղ է խաղացել։ Նա ծրարն ուրիշ տեղ է թաքցրել։

Ավագ վերակացուի բերանից դուրս է թռչում ավելի արտահայտիչ մի խոսք, քան «աստված իմ»֊ն է։ Իսկ հետո, կատաղությունից իրեն կորցրած, սակայն արտաքնապես պահպանելով սառնասրտությունը, նա Ուինվուդին տանում և փակում է իր առանձնասենյակում ու զարհուրելի կերպով ծեծում, որի լուրը հետագայում ընկավ բանտային բարձրագույն տնօրինության ականջը։ Բայց դա, իհարկե, բավականին ուշ տեղի ունեցավ։ Ոկինվուդը նույնիսկ ծեծ ուտելիս է երդվում, որ ասել է զուտ ճշմարտությունը։

Ի՞նչ կարող էր այլևս ձեռնարկել կապիտան Ջեմին։ Նա անկեղծորեն հավատում է, որ բանտում ինչ֊որ տեղ երեսունհինգ ֆունտ դինամիտ են թաքցրել և ցմահ բանտարկության դատապարտված քառասուն հանցագործներ պատրաստվում են փախուստի։ Բնականաբար, նա իհարկե հարցաքննեց Սամերֆեյսին, ու թեև Սամերֆեյսը պնդում էր, որ ծրարում բացի ծխախոտից ուրիշ ոչինչ չի եղել, Ուինվուդը դարձյալ երդվեց, որ ծրարում դինամիտ եղել է, ու նրան հավատացին։

Հենց այդ իրադրության մեջ էլ ասպարեզում հայտնվում եմ ես. ավելի ճիշտ՝ հակառակը, հեռանում եմ ասպարեզից, քանի որ ինձ զրկում են աստծո տված լույսից ու արեգակնային ճառագայթների ճաճանչներից, և նետում են մենախուց։ Եվ այս մենախցում մեն֊մենակ նստած, լույսից ու արևի ճառագայթներից զուրկ, հարկադրված եմ փտելու երկար ու ձիգ տարիների ընթացքում։

Ես ի վիճակի չէի որևէ բան հասկանալու։ Ինձ հենց նոր ազատել էին մեկուսացումից, և ես, տանջահար ու հոշոտված, պառկել էի իմ խցում, մահճի վրա, երբ ինձ դարձյալ նետեցին մենախուց։

— Այժմ,— ասում է Ուինվուդը կապիտան Ջեմիին,— թեև մենք չգիտենք, թե որտեղ է թաքցրած դինամիտը, սակայն որևէ վտանգ մեզ չի սպառնում։ Սթենդինգը միակ մարդն է, որին հայտնի է գաղտնարանի տեղը, իսկ մենախցում նստած, նա ոչ ոքի ոչինչ չի կարող հայտնել։ Բանտարկյալներն արդեն պատրաստ են փախուստի համար։ Մենք նրանց կկարողանանք բռնացնել փախուստի փորձ կատարելիս։ Նրանք միայն իմ ազդանշանին են սպասում։ Ես կհայտնեմ, որ այս գիշեր ժամը երեկուսին պատրաստ լինեն, որ ես կքնացնեմ ժամապահին քնաբեր դեղով, իսկ հետո կբացեմ խցերի դռներն ու կբաժանեմ ատրճանակները։ Վերակացու, եթե այս գիշեր դուք նրանց չբռնեք հանցանքի վայրում, փախուստի համար կազմ ու պատրաստ, հագնված ու արթուն բոլոր քառասուն հոգուն էլ, այդ դեպքում դուք ինձ կարող եք նստեցնել մենախցում մինչև իմ ժամկետի լրանալը։ Իսկ երբ, բացի Սթենդինգից, մյուս քառասուն հոգին էլ հուսալի կերպով փակված կլինեն մենախցերում, մենք լիուլի ժամանակ կունենանք գտնելու այդ դինամիտը։

— Եթե նույնիսկ դրա համար ստիպված լինենք ամբողջ բանտը աղյուս առ աղյուս զննելու,— խիզախորեն հայտարարեց կապիտան Ջեմին։

Այս ամենը տեղի ունեցավ վեց տարի առաջ։ Այդ ընթացքում, ինչ խոսք, նրանց այնպես էլ չհաջողվեց գտնել գոյություն չունեցող դինամիտը, թեև հազար֊հազար անգամ նրանք քչփորեցին ամբողջ բանտը դինամիտ գտնելու հույսով։ Բայց և այնպես, բանտապետի իր պաշտոնն զբաղեցնելու ընթացքում մինչև վերջին րոպեն Ազերթոնը հավատում էր դինամիտի գոյությանը։ Կապիտան Ջեմին, որն հիմա էլ աշխատում է որպես ավագ վերակացու, մինչև այսօր էլ համոզված է, որ դինամիտը գտնվում է բանտի ծակուծուկերից մեկնումեկում։ Հենց երեկ էլ նա կտրել անցել էր Սեն֊Քվենտինից մինչև Ֆոլսեմ ընկած ճանապարհը, մեկ անգամ ևս ինձ խոստովանեցնելու համար, որպեսզի իմանա այդ գաղտնարանի տեղը։ Ես գիտեմ. նա հոգեպես չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ինձ չեն կախել։


Գլուխ III

Ամբողջ օրը մենախցում նստած գլուխ էի կոտրում՝ ջանալով հասկանալ, թե ինչի՞ համար եմ արժանացել այդ նոր ու անիրավ պատժին։ Ի վերջո, ես հանգեցի միակ հավանական եզրակացության. որևէ մատնիչ, բանտի տնօրինության հովանավորությունը ձեռք բերելու նպատակով, ինձ վերագրել է բանտային կարգուկանոնի խախտում։

Մինչ այդ, կապիտան Ջեմին, սպասելով գիշերվան, գտնվում էր սաստիկ անհանգիստ վիճակում, իսկ Ուինվուդը քառասուն ցմահ բանտարկյալներին հայտնեց, որ նրանք կազմ ու պատրաստ լինեն փախուստի համար։ Գիշերվա ժամը երկուսին բանտի ողջ պահակախումբն արդեն ոտքի վրա էր և պատրաստ՝ հետագա գործողությունների համար։ Բոլոր վերակացուները, նույնիսկ ցերեկային հերթափոխը, որը սովորաբար այդ ժամին քնած էր լինում։ Երբ խփեց ժամը երկուսը, նրանք խուժեցին քառասուն ցմահ բանտարկյալների խցերը։ Նրանք ներխուժեցին միաժամանակ։ Դռներն հանկարծ բացվեցին կրնկի վրա, և բոլոր քառասուն հոգին էլ, որոնց անունները տվել էր Ուինվուդը, բոլորը, առանց բացառության, պարզվեց, որ հագնված են. ոչ ոք իր մահճին պառկած չէր, բոլորն էլ սպասման մեջ թաքնվել էին դռների հետևում։ Բնականաբար, այսքանն էլ բավական էր անհերքելի կերպով հաստատելու այն նենգահյուս ստի ցանցը, որի մեջ դրամանենգ բանաստեղծը խճողել էր կապիտան Ջեմիին։ Քառասուն բանտարկյալներն էլ բռնվել էին հանցանքի վայրում, փախուստի համար կազմ ու պատրաստ վիճակում։ Հետագայում ի՞նչ նշանակություն կարող էին ունենալ նրանց միաբերան պնդումները, որ փախուստի ծրագիրը հղացել է Ուինվուդը։ Բանտային ողջ ղեկավարությունր վստահ էր, որ քառասուն բանտարկյալներն էլ ստում են, որպեսզի կարողանան փրկել իրենց մաշկը։ Ներումներ շնորհող հանձնախումբը ևս վստահ էր դրանում, և երեք ամիս էլ չանցած, դրամանենգ ու բանաստեղծ, մարդկանց մեջ ամենանողկալի Սեսիլ Ուինվուդին ներումն շնորհվեց։

Ինչ արած. փիլիսոփայի համար բանտը լավ փորձություն է և լավ դպրոց։ Ով մի քանի տարի նստել է, նա անպայման տեսած կլինի, թե ինչպես են փոշիանում իր ամենանվիրական պատրանքները և ինչպես են պայթում մետաֆիզիկայի գեղատեսիլ իմաստական օճառապղպջակները։ Ճշմարտությունն անմահ է, սովորեցնում են մեզ. վաղ թե ուշ հանցագործությունը ջրի երես դուրս կգա։ Ուրեմն, ահավասիկ մի ապացույց, որ հանցագործությունը ոչ միշտ է ջրի երես դուրս գալիս։ Ավագ վերակացուն, բանտապետ Ազերթոնն ու բանտային մյուս բարձրաստիճան իշխանություններն առանց բացառության, մինչև այսօր էլ հավատում են դինամիտի գոյությանը, որն իրականում գոյություն է ունեցել միայն ոմն այլասերվածի, դրամանենգի ու բանաստեղծի՝ Սեսիլ Ուինվուդի արգելակ չունեցող երևակայության մեջ։ Եվ Սեսիլ Ուինվուդը դեռևս ողջ է այն դեպքում, երբ ես՝ ամենաանմեղ, այդ գործին ամենից քիչ առընչված մարդս, հատկապես ես, մի քանի շաբաթ հետո գնալու եմ կառափնարան։


*  *  *



Իսկ հիմա ձեզ կպատմեմ, թե ինչպես քառասուն ցմահ բանտարկյալները անսպասելի կերպով խզեցին իմ մենախցում տիրող մեռյալ լռությունը։ Քնած էի։ Ինձ արթնացրեցդռան բախոցը. դուռը բացվում էր այն միջանցքի վրա, ուր գտնվում էին մենախցերը։ Նորից մի թշվառի են բերում, անցավ մտքովս։ Հախիցը լավ են գալու, մտածեցի ես՝ ականջ դնելով աղմկոտ ոտնաձայներին, խուլ հարվածներին, ցավատանջ ճիչերին, ընտիր հայհոյանքներին և հատակով քարշ եկող մարմինների քսքսոցին. քառասուն ցմահ բանտարկյալներին մենախցերը բերելու ճանապարհին գազանաբար ծեծել էին։

Մենախցերի դռները բացվում էին մեկը մյուսի հետևից. որին ներս էին բերում, որին դուրս էին հանում, որին էլ նետում էին զնդանը։ Եվ դարձյալ ու դարձյալ հայտնվում էին բանտապանները՝ ծեծված ու ջարդված բանտարկյալների նոր խմբերի հետ, որոնց շարունակում էին թակել, և դարձյալ ու դարձյալ բացվում էին զնդանների դռները և կլանում էին մարդկանց արյունաշաղախ մարմինները, մարդկանց, որոնց մեղքը ազատություն երազելն էր։

Ետ նայելով՝ տեսնում եմ, որ անհրաժեշտ է իսկապես փիլիսոփա լինել, երկար տարիներ շարունակ դիմանալու համար այդ հրեշավոր տեսարաններին, երբեմն էլ դառնալով դրանց մասնակիցը։ Այդպիսի փիլիսոփա եմ ես։ Ութ տարի շարունակ տոկացել եմ այդ տառապանքին, և հիմա էլ, ի վերջո, հուսահատված, որ ինձնից կկարողանան ազատվել նման միջոցներով, իմ բանտապանները որոշեցին օգտագործել պետական մեքենան, որպեսզի պարանոցիս օղակ նետեն և խեղդեն ինձ սեփական մարմնիս ծանրության օժանդակությամբ։ Օ՜հ, ես գիտեմ, էքսպերտ գիտնականները կհայտնեն իրենց հույժ ծանրակշիռ դատողություններն այն մասին, որ փոսի մեջ ընկած զոհի պարանոցային ողները սովորաբար կոտրվում են։ Իսկ այդ զոհերն էլ, շեքսպիրյան ճամփորդի նման, այլևս չեն վերադառնում այս աշխարհը, որպեսզի կարողանան ապացուցել, թե բնավ էլ բանն այդպես չի եղել։ Սակայն մենք՝ բանտում ապրողներս, դիտենք այնպիսի գաղտնիքներ, որոնք երբեք դուրս չեն գալիս բանտի դիասրահի սահմաններից. գիտենք այն կախվածների մասին, որոնց պարանոցային ողները բոլորովին անվնաս են մնացել։

Տարօրինակ բան է կախաղանը։ Երբեք չեմ տեսել, թե ինչպես են կախում, բայց այդ մահապատիժը դիտողները տասնյակ անգամներ բոլոր մանրամասնություններով նկարագրել են, այնպես որ ես շատ լավ գիտեմ, թե ինչ է տեղի ունենալու ինձ հետ։ Ես կկանգնեմ լյուկի կափարիչին. ոտքերս ու ձեռքերս շղթայված, աչքերս ծածկած սև վեղարով, օղակի հանգույցն էլ աջ ականջիս մոտ. ոտքերիս տակ մի անցք կբացվի ու ես կընկնեմ հորը, իմ անկումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մարմնիս ծանրության տակ անդադար բացվող պարանը ձգվելով, հանկարծ կընդհատի իմ անկումը։ Հետո շուրջս կխռնվեն բժիշկները, որպեսզի կանգնեցնեն համաչափ ճոճքը, ականջները կհպեն կրծքիս ու կհամրեն սրտիս մարող զարկերը։ Պատահում է, որ քսան րոպե է անցնում այն պահից, երբ բացվում է կափարիչը, մինչև այն պահը, երբ սիրտը կատարում է իր վերջին կծկումը։ Բայց կարող եք չկասկածել խոսքերիս, որ նրանք ջանում են ամենագիտական եղանակով համոզվել, որ օղակը վզին գցելուց հետո մարդն իսկապես զրկվում է կյանքից։

Ես մտադիր եմ մի փոքր շեղվել իմ այս պատմությունից և մի երկու հարց տալ հասարակությանը։ Ես իրավունք ունեմ թե՛ շեղվելու, թե՛ հարց տալու, քանզի շատ կարճ ժամանակ է մնացել, որ ինձ տանեն այս զնդանից ու անեն այն, ինչ քիչ առաջ նկարագրեցի։ Այսպես ուրեմն, եթե զոհի պարանոցի ողները անպայման պետք է փշրվեն օղակի և հանգույցի վերոհիշյալ սրամիտ դիրքի շնորհիվ, ինչպես նաև շնորհիվ զոհի քաշի և պարանի երկարության, ապա, հարց է ծագում, էլ ինչո՞ւ են շղթայակապ անում դատապարտյալին։ Ամբողջ հասարակությունը միացյալ ուժերով նույնիսկ ի վիճակի չէ պատասխանելու այս հարցին։ Բայց ես գիտեմ, թե ինչու են այդպես վարվում։ Եվ դա գիտե ամեն մի ինքնուս դահիճ, որը թեկուզև մեկ անգամ մասնակցել է լինչի դատաստանին և տեսել, թե ինչպես զոհը ձեռքերով կառչում պարանից՝ թուլացնելու համար կոկորդը սեղմող օղակը, որը խեղդում է նրան։

Եվս մի հարց կտամ ժամանակակից հասարակության ինքնագոհ, բարեկեցության բամբակով շրջապատված անդամին, որի հոգին երբեք չի իջել սանդարամենտ. ինչո՞ւ են նրանք ոտքերի տակի կափարիչը բացելուց առաջ զոհի գլուխն ու դեմքը քողարկում սև վեղարով։ Եվ մի՛ մոռացեք, որ ժամանակի ամենակարճ հատվածի ընթացքում այդ սև վեղարը կլինի նաև իմ գլխին։ Այնպես, որ ես հարցնելու իրավունք ունեմ։ Գուցե նրանք, այդ շները, քո այդ հավաաարիմ շղթայակապ շները, օ՜, ինքնագոհ քաղքենի, վախենո՞ւմ են նայել զոհի դեմքին, որտեղ, ինչպես հայելու մեջ, կարտահայտվի ամբողջ սարսափը այն հանցագործության, որ նրանք իրագործում են մեզ վրա հանուն ձեզ, և ձեր հրամանով։

Մի՛ մոռացեք, որ այս հարցը տալիս եմ ո՛չ թե Քրիստոսի ծննդից հետո հազար երկուհարյուրերորդ տարում, ո՛չ թե Քրիստոսի ծննդյան տարին և ո՛չ էլ Քրիստոսի ծննդից հազար երկու հարյուր տարի առաջ։ Ես, որին կկախեն այս տարի, Քրիստոսի ծննդից հետո հազար ինը հարյուր տասներեք թվականին, այս հարցերը տալիս եմ ձեզ, բոլոր նրանց, ովքեր ընդունված կարծիքի համաձայն հանդիսանում են Քրիստոսի հետևորդները, ձեզ, որոնց շղթայակապ շները, որոնց նողկալի դահիճ-սպասավորները ինձ կտանեն զնդանից և դեմքս կծածկեն սև կտավի մի կտորով, քանզի նրանք, քանի ողջ եմ, չեն համարձակվի նայել այն զարհուրելի չարագործությանը, որի զոհը կլինեմ ես։

Բայց դառնանք նրան, թե ինչ էր տեղի ունենում մեր մենախցերում։ Երբ վերջին վերակացուն հեռացավ, և միջանցքի դուռը փակվեց նրա հետևից, բոլոր քառասուն ծեծված, գլուխները կորցրած մարդիկ սկսեցին զրուցել ու հարցեր տալ միմյանց։ Բայց ցմահ բանտարկյալներից մեկը, Ջեկ Բրամսել մականվամբ մի հսկա նավաստի, ցլի պես մռնչաց, պահանջելով, որ բոլորը լռեն, որպեսզի հնարավոր լինի ներկա-բացակա անել։ Բոլոր զնդաններն էլ լեփ-լեցուն էին, և չուրաքանչյուր զնդանից հերթով սկսեցին տեղեկություններ տալ, թե քանի հոգի են այնտեղ փակված ու ինչ է նրանց անունները։ Այսպիսով հնարավոր եղավ պարզել, որ մենախցերում միայն ստուգված մարդիկ են գտնվում և կարելի է չվախենալ, թե հանկարծ որևէ մատնիչ ականջ կդնի։

Այդ բոլորի մեջ միակը ես էի, որ բանտարկյալների կասկածն էի հարուցում, որովհետև միայն ես մասնակցություն չէի ունեցել փախուստի նախապատրաստման գործին։ Եվ ես ենթարկվեցի ամենաբծախնդիր հարցաքննության։ Իսկ ի՞նչ կարող էի նրանց հաղորդել։ Այս առավոտ հենց նոր էին վրայիցս հանել զսպաշապիկը և դուրս բերել մենախցից, երբ անմիջապես, որքան կարծում եմ, առանց ամենաչնչին իսկ առիթի դարձյալ զնդան նետեցին։ Բայց «անուղղելիի» իմ համբավն այս անգամ ինձ լավ ծառայություն մատուցեց, և քիչ անց նրանք սկսեցին խոսել գործի մասին։

Ես պառկած լսում էի նրանց և նոր միայն իմացա, որ փախուստ էր նախապատրաստված։

«Իսկ ո՞վ է մատնել արդյոք»։— Այս միակ հարցը բոլորի շրթերին էր և ամբողջ գիշեր մինչև լուսաբաց այս հարցը դարձյալ ու դարձյալ կրկնվեց բազմաթիվ անգամներ։ Զնդան նետվածների մեջ բացակայում էր Սեսիլ Ուինվուդը, և հենց նրան էլ կասկածեցին մատնության մեջ։

— Մի բան է մնում միայն, տղաներ,— ի վերջո ասաց Ջեկ Բրամսելը։— Շուտով լույսը կբացվի և, նշանակում է, շուտով մեզ այստեղից կտանեն կաշիներս քերթելու։ Մեզ հանցանքի վայրում բռնեցին գիշերը, ու հագնված վիճակում։ Ուինվուդը խաբեց մեզ և մատնեց։ Մեկը մյուսի հետևից նրանք մեզ կտանեն այստեղից և կոտլետ կսարքեն։ Մենք քառասուն հոգի ենք։ Ուրեմն, կեղծիքն անպայման ջրի երես դուրս կգա։ Ուրեմն, հենց որ ջարդն սկսեն, ամեն ոք պետք է ասի միայն ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, և ուրիշ ոչինչ, բացի ճշմարտությունից, ինչպես արվում է երդվելուց հետո։

Եվ այնտեղ, մարդկանց անմարդկայնությունից ստեղծված այդ մութ վիրապում չորս տասնյակ ցմահ բանտարկյալ հանցագործներ, դեմքով դռների թուջե վանդակին հպված, մեկ մյուսի հետևից երդվեցին ասել միայն ճշմարտությունը։

Սակայն այդ ուղղամտությունը նրանց բնավ էլ օգուտ չբերեց։ Առավոտյան ժամը տասին մեր բանտապանները,— պետություն ներկայացնող ինքնագոհ քաղքենիների մոտ ծառայության մտած այդ վարձկան մարդասպանները,— կուշտուկուռ, գիշերը շատ լավ քնած բանտապանները հարձակվեցին մեզ վրա։ Մենք ոչ միայն ոչինչ չէինք կերել, այլև, մեզ զրկել էին նույնիսկ ջրից։ Իսկ ծեծված մարդը սովորաբար դողացնում է։ Շատ կուզենայի իմանալ, ընթերցող, դու ամենաչնչին պատկերացումն ունե՞ս արդյոք այն մասին, թե ինչ է նշանակում ծեծված բանտարկյալ։ «Մշակել են»,— այսպես է կոչվում դա մեր լեզվով։ Ի դեպ, ոչ, ես այդ մասին չեմ պատմի։ Բավական է և այնքանը, որ դաժանորեն ծեծված, ծարավից տանջվող մարդկանց յոթ ժամ շարունակ առանց ջրի թողեցին։

Ժամը իննին հայտնվեցին մեր բանտապանները։ Նրանց թիվն այնքան էլ մեծ չէր։ Դե ասենք, հարկ էլ չկար, որ շատվոր լինեին. չէ որ նրանք յուրաքանչյուր զնդանում մեկական բանտարկյալ էին փակել։ Բոլորն էլ զինված էին բրիչների կոթերով։ Դա շատ հարմար գործիք է անպաշտպան մարդուն «դաստիարակելու» համար։ Մենախցերի դռները հաջորդաբար բացվում էին և զնդան առ զնդան, ցմահ բանտարկության դատապարտված մարդկանց ծեծում էին, կոտլետ սարքում։ Ի դեպ, նրանք ցուցաբերեցին լիակատար անկողմնակալություն. ինձ ևս ծեծեցին մյուսների չափ։ Եվ դա միայն սկիզբն էր, այսպես ասած, այն հարցաքննության նախերգանքը, որին պետք է հերթով ենթարկվեին բոլոր կալանավորները նահանգի վարձու դահիճների ներկայությամբ։ Եվ դա միայն նախազգուշացումն էր, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կաշվի վրա զգար, թե ինչ է սպասվում հարցաքննության ժամանակ։

Ես անցել եմ բանտի բոլոր տառապանքների, անմարդկային տանջանքների բովով, բայց ամենից զարհուրելին, առավել զարհուրելի, քան այն, ինչ մոտ ապագայում նախապատրաստվում է ինձ համար, այն դժոխքն էր, որ տիրում էր մենախցերում հետագա օրերին։

Առաջինը հարցաքննության տարան Լողլող Բիլլ Հոջին, այդ կոփված լեռնցուն։ Նա վերադարձավ երկու ժամ հետո, ավելի ճիշտ, քարշ տալով ետ բերին ու նետեցին զնդանի քարե հատակին։ Հետո տարան սան-ֆրանցիսկոցի ելուզակ Լուիջի Պոլաձոյին, որի ծնողները Ամերիկա էին տեղափոխվել իր լույս աշխարհ գալուց առաջ. Լուիջին ծաղրեց բանտապաններին, ծանակեց նրանց՝ առաջարկելով, որ ցույց տան, թե ինչի են ընդունակ։

Ահագին ժամանակ անց միայն Լողլող Բիլլ Հոջը ուժ գտավ իր մեջ խեղդելու ցավերն ու հասկանալի մի բան ասել։

— Այդ ի՞նչ դինամիտի մասին է խոսքը,— վերջապես հարցրեց նա։— Դինամիտի մասին մեկնումեկը որևէ բան գիտե՞ արդյոք։

Բնականաբար, ոչ ոք ոչինչ չգիտեր, թեև հարցաքննում էին միայն դինամիտի մասին։

Լուիջի Պոլաձոն վերադարձավ երկու ժամից էլ շուտ, բայց դա արդեն մարդակերպ մի զանգված էր. ասես զառանցանքի մեջ ինչ-որ բան էր քրթմնջում, և ոչ մի հարցի չկարողացավ պատասխանել, իսկ հարցերը նրա վրա թափվում էին կարկուտի պես ամբողջ միջանցքից, քանի որ մյուսներն էլ դեռևս պետք է անցնեին այն փորձությունը, որ նա արդեն ապրել էր, և բոլորն էլ կամենում էին իմանալ, թե ինչ են արել և ինչի մասին են հարցրել։

Երկու օրվա ընթացքում Լուիջիին երկու անգամ ևս տարան հարցաքննության, իսկ երբ նա դարձավ խելքը թռցրած մի ապուշ, խեղճին ընդմիշտ ուղարկեցին խելագարվածների բաժանմունք։ Լուիջին հազվագյուտ առողջություն ունեցող մարդ էր։ Լայն ուսերով, հզոր կրծքավանդակով, խոշոր քթանցքներով, լավ ու մաքուր արյուն ունեցող մի մարդ. նա դեռ երկար ժամանակ ինչ-որ բաներ կթոթովի խելագարների խցում, մինչ ես կախված կլինեմ օղակից և ընդմիշտ ազատված՝ Կալիֆորնիայի տաժանակիր բանտերում տանջանքների ենթարկվելուց։

Մեկը մյուսի հետևից, և ամեն անգամ մեկական բանտարկյալի, տանում էին, և մեկը մյուսի հետևից, խավարի մեջ ոռնալով ու հառաչելով, վերադառնում էին մարմնով ու հոգով փշրված մարդիկ։ Իսկ ես իմ զնդանում պառկած լսում էի այդ հեծեծանքն ու ողբը, լսում էի ցավից խենթացած այդ էակների անիմաստ մրմունջը, և աղոտ հիշողություններ էին զարթնում իմ հոգում. ինձ թվաց, թե ժամանակին անտարբեր ու ամբարտավան նստած եմ եղել բարձր տախտակամածին, և ինձ են հասել ճիչեր ու հառաչանքներ։ Հետագայում, ինչպես դուք կտեսնեք, ես հայտնագործեցի այդ հիշողությունների սկզբնաղբյուրը. իմացա, որ այդ ճիչերն ու հառաչանքները լսվել են այն նստարաններից, որոնց շղթայված են եղել թիավարող-ստրուկները, իսկ ես՝ հռոմեացի զորապետս, լսել եմ այդ ողբը Հին Հռոմի թիանավերից մեկի ցռուկին նստած։ Դա այն ժամանակ էր, երբ ես Երուսաղեմ գնալիս նավարկում էի դեպի Ալեքսանդրիա.... Բայց այդ մասին հետո կպատմեմ։ Իսկ առայժմ...


Գլուխ IV

Իսկ առայժմ ես սարսափի ճիրաններում էի՝ ականատես լինելով այն ամենին, ինչ տեղի էր ունենում մենախցերում, նախապատրաստվող փախուստը բացահայտվելուց հետո։ Սպասման անսահմանորեն երկար ժամերի ընթացքում ոչ մի վայրկյան իմ գլխից չէր հեռանում այն միտքը, որ վաղ թե ուշ ես էլ եմ գնալու այն նույն ճանապարհով, ինչպես և մյուս բանտարկյալները, որ ուրիշների պես ինձ ևս ենթարկելու են հարցաքննության հրեշավոր տանջանքներին, իսկ հետո ետ են բերելու մարդկային կերպարանքս կորցրած վիճակում և նետելու են մենախցի երկաթակոփ դռան հետևը, քարե հատակին։

Եվ իմ հետևից էլ եկան։ Անողոքաբար, կոպտորեն, քացիներով ու անեծքներով ինչ-որ տեղ քշեցին ինձ, և ես կանգնեցի կապիտան Ջեմիի ու բանտապետ Ազերթոնի առջև, որոնք շրջապատված էին իրենց հպատակներով՝ Կալիֆորնիա նահանգի վարձկաններով ու հարկատուներով, մոտ կես դյուժին վերակացու–դահիճներ խռնվել էին սենյակում՝ սպասելով հրամանի։ Սակայն նրանց ծառայությանը դիմելու կարիք չեղավ։

— Նստիր,— ասաց բանտապետ Ազերթոնը՝ մատնացույց անելով փայտե ամուր նստարանը։

Բայց ես, ծեծված ու տանջված, ամբողջ օր ու գիշեր ծարավից տառապած, սովից ու հարվածներից թուլացած, հինգ օր շարունակ զնդանում նստելուց և ութսուն ժամ զսպաշապիկ հագնելուց հետո այդպիսի արհավիրքների ենթարկված, մեր թշվառ ճակատագրից ստորացած ու առաջիկա հարցաքննության նկատմամբ սարսափահար (ես գիտեի արդեն, թե ինչ օրն են գցում մյուս բանտարկյալներին), մի խոսքով, ես՝ խղճուկ, մարդու նմանակ դողդողացող արարածս և համալսարանական խաղաղ քաղաքի հողագիտության երբեմնի պրոֆեսորս, տատանվեցի, չհամարձակվելով նստել։

Բանտապետ Ազերթոնը հզոր կազմվածքով վիթխարի մարդ էր։ Նրա ձեռքերը կառչեցին իմ ուսից, և այդ ուժի ճիրաններում ինձ զգացի մի չնչին ծղոտ։ Նա հատակից կտրեց ինձ ու թափով նետեց նստարանի վրա։

— Իսկ հիմա,― ասաց նա, մինչ ես ջանում էի ներսումս խեղդել ցավատանջ ճիչը և դժվարությամբ ետ էի բերում շունչս,— դու կպատմես այն ամենը, ինչ հայտնի է քեզ, Սթենդինգ։ Պատմի՛ր, պատմի՛ր, ինչ որ գիտես, եթե կամենում ես ողջ մնալ։

— Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բացարձակապես ոչինչ չգիտեմ․․․― սկսեցի ես։

Ահա այն ամենը, ինչ կարողացա ասել։ Մռնչալով՝ նա հարձակվեց վրաս, դարձյալ կտրեց ինձ գետնից և նետեց բազկաթոռին։

— Հիմարություններ դուրս մի տուր, Սթենդինգ,— սպառնալից ասաց նա։— Պատմիր առանց որևէ բան թաքցնելու։ Որտե՞ղ է դինամիտը։

— Ոչ մի դինամիտի մասին ես ոչինչ չգիտեմ,— առարկեցի ես։

Եվ ինձ դարձյալ պոկեցին նստարանից ու ցած նետեցին։

Ինձ հաճախ են ենթարկել ամենաբազմազան տանջանքների, բայց երբ հիմա, իմ կյանքի վերջին օրերի լռության մեջ ես մտորում եմ այդ մասին, ինձ չի լքում այն համոզումը, որ ոչ մի տանջանք չի կարող համեմատվել մարդուն նստարանի վրա նետելուն։ Ամուր նստարանը աստիճանաբար իմ մարմնի հարվածների տակ վերածվեց բեկորների։ Հետո մեկ ուրիշ նստարան բերեցին, և շուտով դա էլ ջարդուփշուր եղավ։ Մեկն էլ բերեցին և դարձյալ ու դարձյալ հնչեց միևնույն հարցը․ «Որտե՞ղ է դինամիտը»։

Երբ բանտապետը հոգնեց, նրան փոխարինեց կապիտան Ջեմին, իսկ հետո կապիտան Ջեմիին հերթափոխելու եկավ բանտապան Մանոհենը, և սա էլ սկսեց ինձ նետել նստարանի վրա․ «Որտե՞ղ է դինամիտը։ Որտե՞ղ է դինամիտը։ Որտե՞ղ է դինամիտը»։ Իսկ դինամիտ գոյություն չուներ։ Հարցաքննության վերջում ես իմ անմահ հոգին կտայի մի քանի ֆունտ դինամիտի համար, որի գաղտնարանը հայտնելու հնարավորություն չունեի։

Չգիտեմ, թե քանի նստարան ջարդվեց իմ մարմնի հարվածների տակ։ Բազում անգամներ ես կորցրեցի գիտակցությունս, և ի վերջո ամեն բան ձուլվեց ինչ֊որ մի աղոտ մղձավանջի մեջ։ Ինձ աքացիներով ստիպեցին ինչ-որ տեղ գնալ, հետո ոչ այն է քարշ տալով, ոչ այն է ձեռքերից ու ոտքերից բռնած, տարան մութ միջանցքով։ Իսկ երբ հայտնվեցի իմ խցում, պարզվեց, որ այնտեղ մի մատնիչ է նստած։ Դա մի վախկոտ բարդ էր, հաշիշամոլի գունատ, մեռելային դեմքովք և բացարձակապես պատրաստ ամեն բանի, միայն թե կարողանա հաշիշ ձեռք բերել։ Նրան տեսնելուն պես ես սողացի դեպի վանդակադուռն ու, վերջին ուժերս հավաքելով, գոչեցի․

― Տղե՛րք, իմ խցում շուն են կապել, Իգնատիուս Իրվինին։ Լեզուներդ ձեզ քաշեք։

Եվ կատաղի հայհոյանքների մի այնպիսի պայթյուն թնդաց ի պատասխան, որ երևի, սարսափահար կաներ շատ շատ ավելի խիզախ մարդու, քան Իգնատիուս Իրվինն էր։ Նա վախից այնպես խեղճացավ, որ մարդու մեղքը գալիս էր նրան նայելիս։ Իսկ ծեծված բանտարկյալները, ցավից ու կատաղությունից մռնչալով վայրի գազանների պես, նրա վրա սպառնալիքների տարափ էին տեղում և բոլոր հնարավոր եղանակներով խոստանում էին, թե ինչ օրի կգցեն, եթե միայն կարողանան բռնացնել։

եթե գաղտնիք ունենայինք, ապա մատնիչի ներկայությամբ ստիպված կլինեինք լեզուներս ատամներիս տակ պահել։ Բայց քանի որ մենք ոչինչ չգիտեինք և երդվել էինք ասել միայն ճշմարտությունը, ուստի ոչ մեկի մտքով չէր անցնում լռել Իգնատիուս Իրվինի ներկայությամբ։ Դինամիտի հետ կապված պատմությունը բոլորի համար էլ գլխավոր և անլուծելի խնդիրն էր, որը փակուղու առջև էր կանգնեցրել մյուսներին նույնքան, որքան և ինձ։ Եվ բոլորն էլ ինձ էին դիմում։ Նրանք թախանձեցին ազնվաբար խոստովանել, եթե ինձ որևէ բան հայտնի է դինամիտի մասին, և փրկել իրենց հետագա տառապանքներից։ Իսկ ես կարող էի պատասխանել միակ ճշմարտությամբ. ոչինչ չգիտեմ դինամիտի մասին։

Նախքան վերակացուները իմ խցից կտանեին Իրվինին, ես նրանից կարողացա մի նորություն կորզել, որը հուշում էր, թե դինամիտի այդ պատմությունը կատակ չէ։ Բնականաբար, ես այդ նորությունը հայտնեցի մյուսներին։ Իրվինն ասաց, որ այդ օրը բանտում ոչ մի արհեստանոց չի աշխատել։ Հազարավոր բանտարկյալների փակել են խցերում, և տպավորությունն այնպիսին է, որ աշխատանքները չեն վերսկսի, մինչև որ չգտնեն դինամիտը, որը անհայտ մեկը հաջողացրել է անհայտ մի տեղ թաքցնել։

Իսկ հարցաքննությունները շարունակվում էին։ Առաջվա պես բանտարկյալներին դուրս էին տանում մենախցերից և ապա քարշ տալով կամ պատգարակի վրա բերում էին ետ։ Մենք նրանցից տեղեկացանք, որ բանտապետ Ազերթոնը և կապիտան Ջեմին, արդեն բոլորովին ուժասպառ, սկսել են իրար փոխարինել երկու ժամը մեկ։ Մինչ մեկը քնում է, մյուսը շարունակում է հարցաքննությունը։ Իսկ նրանք ստիպված քնում էին առանց հանվելու և նույն այն սենյակում, որտեղ ուժեղ, առողջ տղամարդկանց իրար հետևից դարձնում էին խեղանդամներ։

Եվ ժամ առ ժամ մենախցերի խավարում աճում էր բոլորիս սարսռացնող սարսափը։ Օ՛հ, հավատացեք ինձ, քանի որ ես գիտեմ. կախաղանը դատարկ բան է այն տառապանքների համեմատությամբ, որոնց մարդ կարող է ենթարկվել կյանքի ընթացքում, և այնուամենայնիվ շարունակել ապրել։ Մյուս բանտարկյալների հետ համահավասար ես էլ էի կրում անմարդկային ցավերն ու ծարավի տառապանքները։ Սակայն իմ տանջանքները բազմապատկվում էին նաև նրանով, որ ես անտարբեր չէի ուրիշների տառապանքների նկատմամբ։ Երկու տարի առաջ ես ընկել էի «անուղղելիների» շարքը, ու իմ կրած տանջանքները կոփել էին նյարդերս և ուղեղս։ Ուժեղ մարդը զարհուրելի մի տեսարան է ներկայացնում, երբ նրան փշրում են։ Իսկ իմ շուրջը գտնվում էին քառասուն ուժեղ տղամարդիկ, որոնց մարմինն ու ոգին արդեն փշրել էին։ Ծարավից թուլացած մարդկանց թառանչները չէին դադարում, և այս ամենը միասին գժանոց էր հիշեցնում. ճիչեր, հառաչանքներ, փնթփնթոցներ, տենդային զառանցանք․․․

Դուք հասկացա՞ք, թե ինչ էր տեղի ունեցել։ Մեզ կործանեց միայն ճիշտ խոսելու երդումը։ Երբ քառասուն հոգի միաձայն սկսեցին պնդել միևնույն բանը, բանտապետն ու կապիտան Ջեմին իրենց հերթին միակ եզրակացության եկան. մեր ցուցմունքները շատ լավ հորինված ստեր են, որոնք քառասունից ամեն մեկը կրկնում է թութակի նման։

Պետք է խոստովանել, որ բանտային իշխանության վիճակն էլ իր տեսակի մեջ անելանելի էր։ Ինչպես իմացա հետագայում, հեռագրային կապով հրավիրված է եղել բանտային վարչության հատուկ խորհրդակցություն, և մեր բանտն էր ժամանել նահանգական միլիցիայի երկու ջոկատ։

Զմեռ էր, իսկ ձմռանը նույնիսկ Կալիֆորնիայում սառնամանիքները երբեմն շատ խիստ են լինում։ Մենախցերի բանտարկյալներին չէր թույլատրվում նույնիսկ վերմակ ունենալ։ Հավատացեք, ծեծված ու արյունաշաղախ մարդը կարգին սառում է քարե եղյամապատ հատակին պառկած։ Բայց ի վերջո, նրանք մեզ ջուր տվեցին։ Մեր գլխին հայհոյանքների տարափ տեղալով ու ծանակելով, վերակացուները քարշ տվեցին հրշեջային խողովակները և մենախցերը ժամերով ողողեցին ջրի ուժեղ հոսքով, ողողեցին այնքան ժամանակ, մինչև որ դարձյալ բորբոքեցին մեր վերքերը։ Ջուրն արդեն հասնում էր մեր ծնկներին, և եթե առաջ մենք ջուր էինք աղաչում ու պաղատում, ապա այժմ արդեն գազազում էինք, պահանջելով, որ դադարեցնեն ջրի շիթը։

Ես կլռեմ այն մասին, թե հետագայում ինչ էր տեղի ունենում մենախցերում։ Իմիջիայլոց ասեմ միայն, որ քառասուն ցմահ բանտարկյալներից և ոչ մեկն այլևս առաջվանը չէր։ Լուիջի Պոլաձոյի գիտակցությունը այնպես էլ չվերականգնվեց։ Լողլող Թիլլ Հոջը աստիճանաբար խելքը թռցրեց և մոտ մեկ տարի անց նրան ևս տեղափոխեցին խելագարների բաժանմունք։ Հա՜, մի քանի հոգի էլ գնացին Հոջի և Պոլաձոյի հետևից։ Իսկ ոմանց առողջությունն էլ այն աստիճան քայքայվեց, որ բանտային թոքախտը շատ արագ նրանց գերեզման տարավ։ Հետագա վեց տարիների ընթացքում քառասուն հոգուց տասն էլ մեռան։

Մեկուսարանում հինգ տարի անցկացնելուց հետո, երբ ինձ Սեն-Քվենտին բանտից դատարան տարան, ես հանդիպեցի Ջեկ Բրամսելին։ Չէի ասի, թե շատ բան կարողացա տեսնել։ Հինգ տարիների ընթացքում առաջին անգամ խավարից դուրս գալով արևի պայծառ լույսի փակ, ես չղջիկի պես կույր էի, բայց և այնպես Ջեկ Բրամսելին տեսնելով, սիրտս ճմլվեց։ Ես նրան նկատեցի բանտի բակով անցնելիս։ Նրա մազերը լրիվ ճերմակել էին։ Տարիքով դեռ երիտասարդ էր նա, սակայն ծերունի էր դարձել արդեն։ Կուրծքը ներս էր ընկել, այտերը սմքել էին, ձեռքերը դողդողում էին կաթվածահարի ձեռքերի պես։ Նա հազիվ էր կարողանում կաղեկաղ քայլել, և անընդհատ սայթաքում էր։ Երբ ինձ ճանաչեց, աչքերում արցունքներ հայտնվեցին, չէ՞ որ ես էլ բնականոն մարդուց վերածվել էի ավերակի։ Իմ քաշը հազիվ ութսունյոթ ֆունտ լիներ։ Հինգ տարվա մեջ իմ ճերմակած մազերը աճել էին բաշի նման։ Այդ տարիներին կարգին երկարել էին նաև բեղերս ու մորուքս։ Ջեկի նման ես էլ հազիվ էի կարողանում կաղեկաղ, սայթաքելով քարշ գալ, և վերակացուները օգնում էին ինձ, երբ անցնում էի բանտի արևաշող փոքրիկ բակով։ Ես ու Ջեկ Բրամսելը ակնապիշ նայեցինք իրար, և մեզնից յուրաքանչյուրը հանձին այլակերպված մարդանման արարածի՝ տեսավ դժբախտության իր ընկերոջը։

Ջեկ Բրամսելի նման մարդիկ նույնիսկ բանտում միշտ օգտվում են ինչ-ինչ արտոնություններից, և այդ պատճառով էլ նա իրեն թույլ տվեց բանտային կարգուկանոնի մի փոքր խախտում. իր խռպոտած, դողդողացող ձայնով նա խոսեց ինձ հետ։

— Ապրես, Սթենդինգ,— ասաց նա։— Այնպես էլ դու նրանց ոչինչ չասացիր։

― Բայց ես ոչինչ չգիտեի, Ջեկ,— շշուկով պատասխանեցի ես։ Կամա թե ակամա ես ստիպված էի շշուկով խոսել, քանի որ հինգ տարի լուռ մնալով, ես գրեթե ետ էի վարժվել խոսելուց։— Կարծում եմ, որ այդ դինամիտը երբեք էլ գոյություն չի ունեցել։

― Այ, ապրես,— երեխայի պես ուրախանալով, գլխով արեց նա։— Խոսքիցդ մի հրաժարվիր։ Ոչինչ մի հայտնիր հրանց։ Շատ ապրես։ Ես շատ եմ քեզ հարգում, Սթենդինգ։ Դու կարողանում ես լեզուդ ատամներիդ տակ պահել։

Այստեղ բանտապանները քշեցին ինձ. ու ես այլևս երբեք չտեսա Ջեկ Բրամսելին։ Ակներև էր, որ նույնիսկ նա էլ ի վերջո հավատացել էր դինամիտի մասին այդ հեքիաթին։

*  *  *



Երեք անգամ բանտային իշխանությունները կանչեցին ինձ և հաջորդաբար կամ վախեցնում էին, կամ փորձում համոզել։ Ընտրության երկու հնարավոր ելք ներկայացրին ինձ. եթե ես բացահայտեմ, թե որտեղ է գտնվում դինամիտը, կստանամ ամենամեղմ պատիժը՝ երեսուն օր մեկուսարան, իսկ հետո կնշանակվեմ բանտի գրադարանի ավագ։ Եթե գերադասեմ շարունակել համառությունս և չհայտնեմ, թե որտեղ է դինամիտը, ապա իմ բանտարկության ամբողջ ժամկետի ընթացքում կմնամ զնդանում։ Եվ քանի որ դատապարտվաձ էի ցմահ բանտարկության, ապա նշանակում էր ցմահ բանտարկություն՝ մեկուսարանում։

Օհ, ո՜չ։ Կալիֆորնիան քաղաքակիրթ երկիր է։ Այդ նահանգի օրենսգրքում դուք նման բան ոչ մի տեղ չեք տեսնի։ Դա անհավանական, չլսված դաժան պատիժ է, և ոչ մի ժամանակակից պետության չի կամենա պատասխանատու լինել այդպիսի օրենքի համար։ Չնայած դրան, ես արդեն երրորդ մարդն եմ Կալիֆորնիայի պատմության մեջ, որը դատապարտված է ցմահ բանտարկությանհ մեկուսարանում։ Մյուս երկուսը Ջեկ Օպենհեյմերն ու Էդ Մորելն են։ Ես քիչ հետո կպատմեմ նրանց մասին, քանզի ինձ վիճակվեց նրանց հետ կողք-կողքի փտել մեկուսացված զնդանի լռության մեջ։

Այս ամենից բացի, իմ բանտապանները մտադիր են շատ շուտով ինձ հանել բանտից ու կախել․․․ Ո՛չ, ո՛չ, ոչ թե պրոֆեսոր Հասքելլի սպանության պատճառով։ Դրա համար ես դատապարտված եմ ցմահ բանտարկության։ Նրանք պատրաստվում են ինձ բանտից հանել ու կախել որովհետև հարձակում եմ գործել վերակացուի վրա։ Իսկ դա բանտային կարգուկանոնի սովորական ոտնահարում չէ։ Այսպիսի հանցանքի համար արդեն օրենք գոյություն ունի, որն իր տեղն է զբաղեցրել քրեական օրենսգրքում։

Պետք է, որ ես նրա քիթը ջարդուփշուր արած լինեմ։ Ես չեմ տեսել, արդյո՞ք նրա քթից արյուն եկավ, բայց վկաները պնդում են, որ արյուն է եկել։ Այդ մարդու անունը Սերսթոն էր։ Նա Սեն֊Քվենտին բանտում աշխատում էր որպես վերակացու, աչքի էր ընկնում իր առանձնահատուկ առողջությամբ և քաշն էլ կլիներ մոտ հարյուր յոթանասուն ֆունտ։ Ես չղջիկի նման կույր էի, և իմ քաշն էլ իննսուն ֆունտից պակաս էր, և ես այնքան երկար էի նստել չորս պատերի մեջ փակված իմ նեղլիկ խցում, որ բաց տարածություն դուրս գալով, արբեցի և գլուխս պտտվեց։ Անկասկած, դա ագորաֆոբիայի սկզբնական շրջանի ամենատիպական, կլինիկական առումով ամենամաքուր դեպքն էր, և ես դրանում համոզվեցի հենց նույն օրը, երբ մեկուսարանից դուրս գալուն պես հարվածեցի բանտապան Սերսթոնի քթին։

Ես նրա քիթը ջարդուփշուր արեցի, երբ փակեց ճանապարհս ու փորձեց բռնել ինձ։ Եվ ահավասիկ, հիմա պատրաստվում են կախել ինձ։ Կալիֆորնիա նահանգի օրենքի համաձայն, ցմահ բանտարկության դատապարտված իմ նման մի հանցագործ, Սերսթոնի նման մի վերակացուի մարմնական վնասվածք հասցնելու դեպքում ենթակա է մահապատժի։ Ճիշտ է, Սերսթոնը կես ժամ անց արդեն մոռացել էր, որ իր քթից արյուն է եկել, բայց և այնպես դրա համար ինձ կախելու են։

Իսկ հիմա լսեցեք։ Իմ առիթով այդ օրենքը կիրառվում է ex post facto։ Երբ ես սպանեցի պրոֆեսոր Հասկելլին, այդպիսի օրենք դեռ գոյություն չուներ։ Օրենքն ընդունվել էր այն բանից հետո, երբ ես արդեն դատապարտվել էի ցմահ բանտարկության։ Եվ հենց սա է գործի էությունը․ իմ նկատմամբ արձակված դատավճիռը ինձ այնպիսի վիճակի մեջ էր դրել, որ ես կարող էի ընկնել դեռևս չընդունված օրենքի ազդեցության տակ։ Չէ՞ որ Սերսթոնի վրա կատարած հարձակման համար ինձ կարող են կախել՝ շնորհիվ ցմահ բանտարկության դատապարտյալի իմ ստատուսի։ Միանգամայն պարզ է, որ դա ex post facto վճիռ է, և հետևապես, հակասում է սահմանադրությանը։

Բայց ինչ նշանակություն ունի սահմանադրությունը դատավորների համար, եթե նրանց անհրաժեշտ է հաշիվները մաքրել նշանավոր պրոֆեսոր Դարրել Սթենդինգի հետ։ Եվ բացի այդ, իմ մահապատիժը բնավ էլ աննախընդեպք չի լինի։ Ինչպես հայտնի է բոլոր նրանց, ովքեր լրագիր կարդում են, մեկ տարի առաջ, հենց այստեղ, ֆոլսեմյան բանտում, ճիշտ նույնպիսի հանցանքի համար կախեցին Ջեկ Օպենհեյմերին․․․ Միայն թե վիրավորանքը այն Ժամանակ գործողությամբ արտահայտվել էր ոչ թե այն բանում, որ Օպենհեյմերը ջարդուփշուր էր արել բանտապանի քիթը․ անակընկալ մի դիպվածով նա խոհանոցային դանակով մորթել էր բանտարկյալներից մեկին։

Տարօրինակ բան է թե՛ կյանքը, թե՛ մարդկանց վարմունքը, թե՛ օրենքը և թե ճակատագրի նենգահյուս խաղը։ Այս տողերը ես գրում եմ Մարդասպանների Միջանցքի նույն այն մենախցում, որտեղ նստած է եղել Ջեկ Օպենհեյմերը մինչև նրան այստեղից տանելն ու կատարելը այն, ինչ պատրաստվում են անելու ինձ հետ։

Ես ձեզ զգուշացրի, որ շատ ու շատ բաների մասին եմ գրելու։ Եվ վերադառնում եմ իմ պատմությանը։ Բանտային իշխանությունները ընտրության հնարավորություն տվեցին ինձ. եթե ցույց տամ, թե որտեղ է թաքցրած դինամիտը, ապա կնշանակվեմ բանտային գրադարանի ավագ և կազատվեմ ջուլհակային արհեստանոցի աշխատանքից։ Իսկ եթե հրաժարվեմ դինամիտի գաղտնարանը ցույց տալուց, ապա մինչև կյանքիս վերջը կնստեմ մեկուսարանում։

Քսանչորս ժամով ինձ զսպաշապիկ հագցրին, որպեսզի մի քիչ մտորեմ իրենց վերջնագրի մասին։ Հետո ես երկրորդ անգամ կանգնեցի բանտային իշխանությունների առաջ։ Ի՞նչ կարող էի անել։ Հո չէի՞ կարող նրանց հայտնել դինամիտի տեղը, երբ ոչ մի դինամիտ էլ գոյություն չուներ։ Ես հենց այդպես էլ ասացի նրանց, իսկ նրանք էլ ասացին, թե ես ստում եմ։ Նրանք ասացին, որ ես ծանր դեպք եմ, վտանգավոր հանցագործ, վիժվածք, որպիսին հարյուր տարին մեկ է լինում։ Եվ նրանք դարձյալ ինչ֊որ բաներ ասացին, իսկ հետո ետ ուղարկեցին մենախուց։ Ինձ տեղավորեցին առաջին մենախցում, հինգերորդում նստած էր էդ Մորելը, տասներկուերորդում՝ Ջեկ Օպենհեյմերը։ Նա արդեն տասը տարի շարունակ նստած էր այնտեղ։ Իսկ Էդ Սորելի առաջին տարին էր։ Նրան դատապարտել էին հիսուն տարվա ազատազրկման։ Ջեկ Օպենհեյմերը ինձ նման դատապարտված էր ցմահ բանտարկության։ Թվում էր, թե երեքս էլ բավականին ժամանակ ենք այնտեղ անցկացնելու։ Սակայն անցել է ընդամենը վեց տարի, և արդեն ոչ մեկս էլ այնտեղ չենք։ Ջեկ Օպենհայմերին կախեցին։ Էդ Մորելը դարձավ Սեն-Քվենտինի ավագների գլխավորը և հենց վերջերս նրան ներում շնորհելով, ազատեցին։ Իսկ ես այստեղ, ֆոլսեմյան բանտում նստած, սպասում եմ, թե երբ է դատավոր Մորգանը վերջապես նշանակելու այն օրը, որը և կդառնա իմ կյանքի վերջին օրը։

Ապուշնե՜ր։ Կարծես նրանք կարող են ինձ զրկել իմ անմահությունից փայտե տախտակամածի և պարանից պատրաստած անշնորհք հարմարանքի միջոցով։ Օհ, ո՛չ, ես դեռ անթիվ-անհամար հարյուրամյակներ դարձյալ ու դարձյալ կթափառեմ այս գեղատեսիլ աշխարհում։ Եվ կլինեմ ոչ թե մի անմարմին ոգի, այլ տիրակալ և հողագործ, գիտնական և տգետ, ես կբազմեմ գահին և կտառապեմ լծի տակ։


Գլուխ V

Չափից դուրս ծանր ու ձանձրալի էին մեկուսարանում անցկացրած իմ առաջին շաբաթները, և ժամերը ձգվում էին ծայր աստիճան դանդաղ ու թվում էին անվերջանալի։ Ժամանակի ընթացքը զգացվում էր ցերեկվա ու գիշերվա հաջորդականությամբ և վերակացուների հերթափոխով։ Ցերեկները մի փոքր միայն լուսավորվում էր իմ մեկուսարանը, և դա էլ շատ ավելի լավ էր, համեմատած գիշերային անթափանց խավարի հետ։ Մեկուսարանում ցերեկը լոկ մածուցիկ, դժգույն աղջամուղջ է, որը թափանցում է դրսից, այնտեղից, ուր բերկրանքով փայլում է արեգակնային լույսը։

Լույսը երբեք այնքան չի լինում, որ հնարավոր լինի կարդալ։ Հա, ի դեպ ասեմ, որ կարդալու բան էլ չկա։ Մնում է միայն պառկել ու մտածել, մտածել։ Իսկ ես դատապարտված էի ցմահ բանտարկության, դա նշանակում էր, որ ինձ վիճակված է,— եթե միայն չկարողանամ չեղած տեղից հրաշագործությամբ երեսունհինգ ֆունտ դինամիտ ստեղծել,— կյանքիս մնացյալ տարիներն ապրել քար լռության և խավարի մեջ։

Ինձ որպես անկողին էր ծառայում քարե հատակին նետած բարալիկ, փտած դարմանով լեցուն ներքնակը։ Վրաս ծածկում էի հնամաշ, աղտոտ վերմակ։ Խցում այլևս ոչինչ չկար, ո՛չ սեղան, ո՛չ աթոռ, ոչինչ, բացի դարմանե այդ ներքնակից և բարալիկ, ժամանակի ընթացքում բոլորովին մաշված վերմակից։ Իսկ ես վարժվել էի քիչ քնել ու շատ մտածել։ Մեկուսարանում բանտարկված մարդը իր մտքերի հետ միայնակ մնալով, զզվացնելու աստիճան ձանձրացնում է ինքն իրեն, և ինքն իրենից կարողանում է փրկվել միայն քնելու միջոցով։ Տարիներ շարունակ ես քնել եմ օրվա մեջ միջին հաշվով հինգ ժամից ոչ ավելի։ Հիմա ես քնի մշակույթով եմ զբաղվում։ Դրանից ես մի գիտություն եմ ստեղծել։ Սովորեցի քնել տասը, հետո տասներկու, և վերջապես, նույնիսկ տասնչորսից տասնհինգ ժամ՝ օրվա ընթացքում։ Բայց դա արդեն վերջին սահմանն էր, ու մնացյալ ժամանակը կամա թե ակամա ստիպված էի աչալուրջ պառկել ու մտածել, մտածել։ Իսկ աշխույժ խելքով ու երևակայությամբ օժտված մարդու համար դա դեպի խելագարություն տանող ուղիղ ճանապարհն է։

Արթմնի ժամերս որևէ բանով մի փոքր թեկուզ լցնելու համար դիմում էի տարբեր հնարամտությունների։ Ես անդադար քառակուսի և խորանարդ աստիճանների էի բարձրացնում ամեն տեսակի թվեր, ստիպելով ինքս ինձ կենտրոնանալ, և մտքումս հաշվում էի ամենաանհավանական երկրաչափական պրոգրեսիաներ։ Կատակի համար նույնիսկ փորձեցի շրջանի քառակուսիականը գտնել․․․ Սակայն ինքս ինձ բռնեցի այն փաստի վրա, որ սկսում եմ հավատալ այդ անլուծելի խնդրի լուծման հնարավորությանը։ Հասկանալով, որ դա ևս սպառնում է խելագարությամբ, հրաժարվեցի շրջանի քառակուսիականի որոնումներից, թեև, հավատացեք, դա ինձ համար մեծ զոհողություն էր, քանի որ մտքի նմանօրինակ վարժությունները սքանչելի կերպով օգնում էին սպանելու ժամանակը։

Փակ աչքեըով ու սևեռուն ուշադրությամբ ես պատկերացնում էի շախմատային խաղատախտակ, և ինքս ինձ հետ խաղում էի չափազանց երկարաձիգ շախմատային պարտիաներ։ Բայց այս դեպքում էլ հասնելով կատարելության, խաղը կորցրեց իր հետաքրքրությունը։ Դա միայն ժամանակի վատնում էր և ուրիշ ոչինչ, քանի որ իսկական պայքարը երբեք հնարավոր չէ այն դեպքում, երբ խաղում ես ինքդ քեզ հետ։ Փորձեցի իմ անձը երկուսի բաժանել և հակադրել մեկը մյուսին, սակայն բոլոր փորձերս ապարդյուն եղան․ ես միշտ ինձ զգում էի մի խաղացող, որը խաղում է երկուսի փոխարեն, և չէի կարողանում մտածել ոչ միայն խաղի մի ամբողջական ծրագիր, այլև նույնիսկ թեկուզ մեկ քայլ, որն անմիջապես հայտնի չլիներ իմ խաղընկերոջը։

Եվ Ժամանակն անցնում էր դանդաղ, անտանելի կերպով ձանձրալի։ Ես խաղում էի ճանճերի, սովորական ճանճերի հետ, որոնք իմ զնդանն էին գալիս նույն այն ճանապարհով, որտեղից թափանցում էր աղոտ ու մոխրագույն լույսը, և համոզվեցի, որ նրանց համար էլ մատչելի է մոլուցքի զգացողությունը։ Օրինակ, իմ խցի հատակին պառկած, ես պատի վրա, հատակից երեք ֆուտ վեր, մտովի մի գիծ էի քաշում։ Քանի դեռ ճանճը նստած էր լինում պատին այդ գծից վեր, ես նրան ձեռք չէի տալիս։ Բայց հենց որ նրանք գծից ցած էին իջնում, փորձում էի որսալ խեղճերին։ Ես շատ զգույշ էի, ջանում էի չվնասել նրանց նուրբ թևերը, և շուտով նրանք ինձնից էլ լավ հասկացան, թե որտեղով է անցնում այդ երևակայական գիծը։ Երբ խաղալու ցանկություն էին ունենում, նրանք պատին նստում էին երևակայական գծից վար, և պատահում էր, որ ճանճերից մեկնումեկը ինձ հետ զվարճանում էր մեկ ժամ շարունակ։ Հոգնելով, նա թռչում էր անվտանգ գոտի և հանգստանում էր այնտեղ։

Գրեթե մեկ տասնյակ ճանճերի մեջ, որո նք բնակվում էին իմ խցում, կար միայն մի ճանճ, որը չէր կամենում մասնակցել այդ զվարճալի զբաղմունքին։ Նա համառորեն հրաժարվում էր խաղից, և հասկանալով, որ պատի որոշակի տեղից ցած իջնելը վտանգավոր բան է, միշտ ջանում էր չանցնել սահմանը։ Այդ ճանճը մռայլ, հիասթափված մի արարած էր, ինչպես ասում էին մեր բանտում, ըստ երևույթին, աշխարհի հետ նա իր հաշիվներն ուներ։ Մյուս ճանճերի հետ էլ նա երբեք չէր խաղում։ Սակայն ուժեղ և առողջ ճանճ էր։ Ես բավականին երկար ժամանակ եմ նրան հետևել և այդ իսկ պատճառով հնարավորություն եմ ունեցել համոզվելու դրանում։ Խաղի նկատմամբ նրա ունեցած գարշանքը բնավորության, և ոչ թե ֆիզիկականի յուրահատուկ գիծն էր։

Հավատացեք, ես իմ բոլոր ճանճերին էլ ճանաչում էի։ Ինձ ապշեցնում էին նրանց միջև գոյություն ունեցող անսահման քանակությամբ տարբերությունները։ Օ՜հ, այո՛, ամեն մի ճանճ ուներ վառ ընդգծված անհատականություն, և մյուսներից տարբերվում էր ոչ միայն չափերով, գունավորմամբ, ուժով ու թռիչքի արագությամբ, ոչ միայն թռչելու ոճով և խաղի ժամանակ դրսևորող հնարանքներով, ոչ միայն իրենց ցատկումներով, ոչ միայն նրանով, որ պտտվում-պտտվում և սկզբում նետվում էր դեպի մի կողմ, իսկ հետո՝ մյուս, և, հանկարծ, վայրկյանի ինչ֊որ աննշան մասերի ընթացքում, դիպչում էր պատի վտանգավոր տեղամասին կամ այնպես էր ձևացնում, թե դիպչում է, որպեսզի ճիշտ նույն պահին էլ թռչի և նստի մի ուրիշ տեղ, ո՜չ․ նրանք բոլորն էլ իրարից խիստ կերպով տարբերվում էին իմացականությամբ և բնավորությամբ, որն արտահայտվում էր բավականին նուրբ հոգեբանական երանգներով։

Ես ուսումնասիրել եմ նյարդային և սառնարյուն ճանճերի։ Մի անչափահաս ճանճ կար, որը երբեմն իսկական կատաղության մեջ էր ընկնում, բարկանալով մերթ ինձ վրա, մերթ իր ընկերների։ Երբևէ վիճակվե՞լ է ձեզ ականատես լինել, թե ինչպես է կանաչ մարգագետնում, ափերից դուրս ժայթքող ուժերի առատությունից ու երիտասարդական ավյունից կրակված, քացի-քացի տալով դիվահարի պես, սուրում մտրուկը կամ հորթուկը։ Ուրեմն, ես էլ մի այդպիսի ճանճ ունեի, բոլորի մեջ ամենամոլի խաղասերը, ու երբ նրան հաջողվում էր երեք-չորս անգամ անպատիժ կերպով դիպչել արգելված գոտուն և խուսափել ձեռքիս թավշի պես փափուկ ու գողունի թափահարումից, նա այնպիսի վայրագ հիացմունքի և ուրախության մեջ էր ընկնում, այնպես էր ապրում իմ դեմ տարած հաղթանակը, որ սկսում էր մոլեգին մի արագությամբ պտտվել իմ գլխավերևում մերթ այս, մերթ մյուս ուղղությամբ, սակայն անընդհատ միևնույն շրջագծով։

Ավելին, ես միշտ նախօրոք գիտեի, թե երբ է այս կամ այն ճանճը խաղի մեջ մտնելու որոշում կայացնելու։ Ձեր ուշադրությունը չեմ ծանրաբեռնի այն փոքրիկ մանրամասնությունների նկարագրությամբ, որոնց ես ականատես եմ եղել, չնայած հենց այդ մանրամասնություններն էլ ինձ օգնել են, որպեսզի զնդանում փակվելուս շրջանում բանականությունս չկորցնեմ։ Սակայն այդ դեպքի մասին, այնուամենայնիվ, ես պատմելու եմ․ այդ դեպքը մեխվել է իմ հիշողության մեջ։ Մի անգամ այդ նույն միզանտրոպ ճանճը, որը մյուսներից տարբերվում էր իր մռայլ բնույթով և երբեք խաղի մեջ չէր մտնում, մոռացկոտությամբ նստեց պատի արգելված դոտում և տեղնուտեղը ընկավ իմ բռունցքի մեջ։ Հապա պատկերացրեք, թե նա ինչպես էր գազազել ամենաքիչը մեկ ժամ շարունակ։

Իսկ մենության ժամերը ձգվում էին տաժանելի դանդաղությամբ․ այդ ժամերը հնարավոր չէր ո՛չ սպանել, ո՛չ էլ կարճել թեկուզև ամենախելացի ճանճերի օգնությամբ։ Քանի որ, ի վերջո, ճանճերը լոկ ճանճեր են, իսկ ես մարդկային գիտակցությամբ ու գործարար ուղեղով մի մարդ էի, հագեցած բազում գիտական և այլ կարգի գիտելիքներով, մի այնպիսի ուղեղի տեր մարդ, որը միշտ ծարավ է զբաղմունքի, սակայն որևէ բան չկար զբաղվելու համար, և իմ ուղեղը հալումաշ էր լինում մտորումների ստրկության ներքո։ Ես հիշում էի Ասթիի խաղողի այգիները, որտեղ անցյալ տարի ամառային արձակուրդին փորձեր էի դնում, խաղողի մեջ և որթերում մոնոսախարիդների պարունակությունը որոշելու եղանակը որոնելով։ Ես արդեն ավարտելու վրա էի փորձերի այդ շարքը։ «Որևէ մեկը կշարունակի՞ արդյոք իմ աշխատանքը,— մտածում էի ես։— Իսկ եթե շարունակի, ապա ինչպիսի՞ն կլինի արդյունքը»։

Հիշեցեք, որ աշխարհն ինձ համար մեռած էր։ Դրսից ոչ մի լուր չէր թափանցում իմ զնդանը։ Գիտության զարգացումը վիթխարի քայլերով առաջադիմում էր, իսկ ինձ էլ հազարավոր տարատեսակ հարցեր էին հետաքրքրում։ Վերցնենք թեկուզ թրիպսիկի օգնությամբ կազեինի հիդրոլիզի իմ տեսությունը, որը պրոֆեսոր Ուոլթերը ստուգել էր իր լաբորատորիայում։ Իսկ պրոֆեսոր Շլամները աշխատակցում էր ինձ, ջանալով կենդանական ու բուսական ճարպերում ֆիտոստերին հայտնաբերել։ Այդ աշխատանքը, անկասկած, հիմա էլ է տարվում, բայց ինչպիսի՞ն են արդյունքները։ Այն միտքը, թե այնտեղ, շատ մոտիկ, բանտի պատերից անմիջապես այն կողմ եռում է գիտական կյանքը, իսկ ես ոչ միայն չեմ կարող մասնակցություն ունենալ, այլև ոչինչ չգիտեմ այդ մասին, խենթացնում էր ինձ։ Նրանք աշխատում էին, Իսկ ես իմ խցի հատակին պառկած խաղում էի ճանճերի հետ։

Սակայն զնդանի լռությունը ոչ միշտ էր լիակատար։ Մեկուսարան նետվելուս հենց առաջին օրերից երբեմն լսում էի թույլ և խուլ թրխկոցներ, որոնք սկսվում էին ամենաանորոշ ժամերի։ Իսկ շատ հեռուներից հնչում էին պատասխան թրխկոցները, որոնք առավել խուլ էին և առավել թույլ։ Այդ թրխկոցները գրեթե միշտ դադարում էին վերակացուների բղավոցներից։ Իսկ հաճախ էլ, երբ թրխկոցները շարունակում էին համառորեն հնչել, հերթապահ վերակացուները օգնության էին կանչում իրենց ընկերներին, և ինձ հասնող աղմուկից կռահում էի, որ մեկնումեկին զսպաշապիկ են հագցնում։

Ամեն ինչ պարզ էր օրը ցերեկվա պես։ Ես գիտեի, ինչպես և գիտեր Սեն-Քվենտին բանտի ամեն մի կալանավոր, որ մեկուսարանում նստած երկու բանտարկյալները Էդ Մորելն ու Ջեկ Օպենհեյմերն էին։ Ես կռահում էի, որ նրանք են թրխկացնելով խոսում իրար հետ և այդ իսկ պատճառով համապատասխան պատժի ենթարկվում։

Ոչ մի վայրկյան չէի կասկածում, որ նրանց օգտագործած ծածկագիրը չափազանց պարզ է, բայց և այնպես իզուր տեղը բավականին ջանք թափեցի, փորձելով այն հասկանալ։ Ծածկագիրը չէր կարող պարզ չլինել, սակայն որքան էք տանջվեցի, ոչ մի կերպ չհաջողվեց գուշակել բանալին։ Բայց երբ ի վերջո գտա գաղտնիքը, իսկապես որ ծայր աստիճան պարզունակ էր, ընդ որում ամենապարզը հատկապես այն էր, ինչն անրնդհատ շփոթության էր մատնում ինձ։ Նրանք ոչ միայն ամեն օր փոփոխում էին ծածկագրի ելման տառը, ո՜չ, նրանք այդ տառը փոխում էին ամեն անդամ, թրխկոցների միջև ընկած ամենակարճ դադարից հետո, երբեմն էլ նույնիսկ հենց թրխկոցների կեսին։

Եվ վրա հասավ այն օրը, երբ ես որսացի ծածկագրի սկիզբը և անմիջապես մեկնաբանեցի բավականին պարզ ու որոշակի երկու նախադասություն։ Իսկ հաջորդ անգամ, երբ նրանք դարձյալ սկսեցին թրխկացնել, ես դարձյալ չկարողացա որևէ բառ հասկանալ։ Բայց այն առաջին անգամվա՜նը․․․

«Լսիր․․․ Էդ․․․ դու հիմա․․․ ի՞նչ․․․ կտայիր․․․ մի պտղունց․․․ ծխախոտի․․․ և․․․ թղթի․․․ կտորի․․․ համար»,— հարցնում էր նա, ում թրխկոցները հեռվից էին լսվում։

Ես հազիվ զսպեցի ուրախության իմ ճիչը․ ահավասիկ այն թելը, որն ինձ կկապի ընկերներիս հետ։ Ահավասիկ՝ հաղորդակցման միջոցը։ Ես ագահորեն ականջ էի դնում, և շուտով ինձ հասավ ավելի մոտիկից լսվող պատասխան թրխկոցը։ Երևի Էդ Մորելն էր թրխկացնում։

«Հինգ․․․ սենթանոց․․․ տուփի․․․ համար․․․ ես․․․ կհամաձայնեի․․․ քսան․․․ ժամ․․․ զսպաշապիկ․․․ հագնել․․․»

Եվ սրա վրա թրխկոցն ընդհատվեց վերակացուի կոպիտ բղավոցով․

— Էդ, վերջ տուր։

Կողքից դիտողին կարող է թվալ, թե զնդանում ցմահ բանտարկության դատապարտված կալանավորն այլևս կորցնելու բան չունի, ավելի վատթարը լինել չի կարող և այդ պատճառով էլ վերակացուն անզոր է նրան հնազանդեցնել և պահանջել, որ թրխկոցը դադարեցնի։ Բայց չէ՞ որ զսպաշապիկ էլ գոյություն ունի։ Կարող են նաև սննդից զրկել։ Եվ, վերջապես, գոյություն ունեն ծարավի տառապանքները։ Ու ձեծը։ Իսկ իր փոքրիկ խցում նստած կալանավորը անօգնական է, բոլորովին անօգնական։

Մի խոսքով թրխկոցը դադարեց, իսկ գիշերը, երբ նորից սկսվեց, կանգնեցի փակուղու առաջ։ Նրանք փոխել էին ծածկագրի ելման տառը, ըստ երևույթին, այդ մասին ունենալով նախնական պայմանավորվածություն։ Բայց ես արդեն կռահել էի հիմնական սկզբունքը, և մի քանի օր անց, երբ նրանք դարձյալ սկսեցին ինձ ծանոթ տառից, հրավերի չսպասեցի։

— Ողջունում եմ ձեզ,— թրխկացրեցի ես։

— Ողջույն, անծանոթ,— պատասխանեց Մորելը։

Իսկ Օպենհեյմերն ավելացրեց,

— Բարի եկաք մեր քաղաքը։

Նրանք հետաքրքրվեցին իմ անձնավորությամբ, հարցրեցին, թե մենախցում բանտարկության ինչպիսի ժամկետի եմ դատապարտված և ինչ պատճառով։ Սակայն սկզբում այդ բոլոր հարցերին կարևորություն չտվեցի, շտապելով պարզել, թե ինչ համակարգով են նրանք փոխում ծածկագրի ելման տառերը։ Բացատրությունը լսելուց հետո մենք մի քիչ էլ զրուցեցինք։ Դա նշանակալի օր էր․ չէ՞ որ երկու ցմահ բանտարկյալներ անսպասելի կերպով ձեռք բերեցին բախտակից մի ընկեր ևս։ Ճիշտ է, սկզբում նրանք իրենց ընկերակցության մեջ ինձ ընդունեցին այսպես ասած, փորձաշրջանով։ Հետագայում, իհարկե, խոստովանեցին, որ վախեցել են, թե լրտես կլինեմ, որին հանձնարարել են որևէ կեղծ մեղադրանք սարքել իրենց վրա։ Օպենհեյմերի հետ մի այդպիսի դեպք արդեն պատահել էր, և նա բավականին թանկ էր վճարել իր վստահության համար, որը և օգտագործել էր բանտապետ Ազերթոնի ուղարկած լրտեսը։

Ի զարմանս ինձ,— քիչ էր մնում ասեի՝ ի ուրախություն ինձ,— երկու կալանավոր ընկերներս էլ լսել էին իմ մասին, որպես «անուղղելիի»։ Իմ փառքը, կամ, ավելի համեստ ասած, հռչակը, թափանցել էր նույնիսկ այն տապանը, ուր տասը տարի շարունակ տառապել էր Օպենհեյմերը։

Նրանց շատ բան ունեի պատմելու բանտում և բանտից դուրս տեղի ունեցած դեպքերից։ Նրանք ոչինչ չէին լսել քառասուն ցմահ բանտարկյալների մտացածին փախուստի նախապատրաստության, գոյություն չունեցող դինամիտի որոնումների, մի խոսքով այն դավաճանական ծուղակի մասին, որի մեջ քաշել էր մեզ Սեսիլ Ուինվուդը։ Նրանք ինձ ասացին, որ երբեմն վերակացուների միջոցով ինչ֊ինչ լուրեր են թափանցում մեկուսարան, բայց վերջին երկու ամիսներին ոչ մի տեղեկություն չի հասել իրենց։ Այդ ժամանակամիջոցում մեկուսարանները հսկող վերակացուները պատկանում էին ամենաբութ և ամենակատաղիների թվին։

Այդ օրը հերթապահություն ստանձնող ամեն մի վերակացու թրխկոցների համար մեր գլխին լուտանքի տարափ էր տեղում։ Բայց մենք չէինք կարող համբերել։ Ողջ-ողջ թաղված երկու հոգուն հանկարծ ավելացել էր ևս մեկը, և մենք շատ բան ունեինք իրար ասելու, իսկ մեր առանց այն էլ դանդաղկոտ զրայցը կրիայի քայլերով էր առաջ շարժվում, քանի որ այդպիսի միջոցով մարդկանց հետ հաղորդակցվելու փորձ դեռևս չունեի։

— Սպասիր, գիշերը հերթապահելու է Խծուծը,— թրխկացրեց ինձ Մորելը։— Նա գրեթե ամբողջ հերթապահության ընթացքում խռմփացնում է, և մենք կկարողանանք սրտներս բանալ։

Այո, մենք այդ գիշեր քաղցր զրույց ունեցանք։ Ոչ մի վայրկյան մեր աչքը չփակվեց։ Խծուծ Ջոնսը մաղձոտ ու չար մի մարդ էր չնայած իր մարմնեղությանը, բայց մենք օրհնում էինք այդ մարմնեղությունը, քանի որ դա նրան ստիպում էր թաքուն ննջել։ Բայց և այնպես, մեր անընդհատ թրխկոցները կատաղեցրին Խծուծին, որովհետև նրան խանգարում էինք քնել, և նա նորից ու նորից բղավում էր մեղ վրա։ Գիշերային մյուս հերթապահները ևս անիծում էին մեզ։ Իսկ առավոտյան նրանք բանտային իշխանություններին հայտնեցին, որ կալանավորները ամբողջ գիշեր թրխկացրել են և մենք էլ ստիպված եղանք փոխհատուցել մեր փոքրիկ երջանկության համար․ առավոտյան ժամը իննին հայտնվեց կապիտան Ջեմին մի քանի հպատակների ուղեկցությամբ, և մեզ զսպաշապիկներ հագցրեցին։ Քսանչորս ժամ շարունակ, մինչև հետևյալ առավոտվա ժամր տասը, առանց հաց ու ջրի։ Զսպաշապիկ հագած, մենք ընկած էինք քարե հատակին է դրանով իսկ վճարելով այն բանի համար, որ մեզ թույլ ենք տվել զրուցել իրար հետ։

Օ՜հ, մեր բանտապանները կատարյալ գազաններ էին։ Եվ նրանք մեզ հետ այնպես էին վարվում, որ դիմանալու համար մենք ևս պետք է անողոք լինեինք ու պետք է գազանների վերածվեինք։ Կոպիտ աշխատանքից կոպտանում են մարդու ձեռքերը։ Ղաժան բանտապանների ձեռքին դաժանաբարո են դառնում կալանավորները։ Մենք շարունակում էինք թրխկացնել, և որպես պատիժ, մեզ հաճախակի զսպաշապիկ էին հագցնում։ Օրվա լավագույն ժամանակը գիշերն էր, իսկ երբեմն էլ, երբ մեր մշտական տանջարարների փոխարեն պատահաբար հերթապահում էր մեկ ուրիշը, մենք սկսում էինք թրխկացնել մինչև լույս։

Հավիտենական խավարում ապրողներիս համար օրերն ու գիշերները միաձուլվել էին։ Ցանկացած ժամին կարող էինք քնել, իսկ թրխկացնելու հնարավորություն դեպքից դեպք էր ընձեռվում։ Մենք իրար պատմեցինք մեր ամբողջ կյանքը, և ես ու Մորելը ժամերով լուռ պառկած ականջ էինք դնում հեռվից լսվող թույլ, խուլ ձայներին։ Օպենհեյմերն էր դա, որ դանդաղ, բառ առ բառ թրխկացնում էր իր կյանքի պատմությունը․ պատմում էր Սան-Ֆրանցիսկոյի հետնախորշերում անցկացրած մանկության մասին, պատմում էր այն ելուզակախմբի մասին, որը փոխարինել էր դպրոցին, պատմում էր ամեն տեսակի չարագործությունների ու արատների հետ ծանոթ լինելու մասին, այն մասին, որ տասնչորս տարեկան հասակում կարմիր լապտերների թաղամասում եղել է բանբեր տղա, ինչպես է առաջին անգամ ընկել ոստիկանության ճանկը, պատմում էր գողությունների ու կողոպուտների մասին, և դարձյալ գողությունների ու կողոպուտների մասին, և վերջապես, ընկերոջ դավաճանության և բանտի ներսում իր կատարած արյունահեղ հաշվեհարդարի մասին։

Ջեկ Օպենհեյմերին անվանել էին «Վագրամարդ»։ Մի ճարպիկ լրագրող էր մարդկանց բերանը գցել այդ չար արտահայտությունը, որին վիճակված էր շատ ավելի երկար ապրել, քան այդ մականունը կրող մարդը։ Սակայն Ջեկ Օպենհեյմերի մեջ ես տեսնում էի իսկական մարդկային գծեր։ Նա վստահելի ու հավատարիմ ընկեր էր եղել։ Երբեք ոչ ոքի չէր մատնել, թեև բազում անգամներ ենթարկվել էր պատժի։ Նա խիզախ մարդ էր։ Համբերատար, անձնազոհության ընդունակ մարդ։ Ես կարող էի այդ մասին մի երկար պատմություն պատմել, սակայն Ժամանակ չունեմ։ Նա էլ կրքոտությամբ ատում էր անարդարությունը։ Երբ բանտում Ջեկ Օպենհեյմերը մարդ էր սպանել, ապա դա կատարել էր արդարամտության սուր զգացողությունից դրդված։ Եվ սքանչելի խելքի տեր մարդ էր։ Ոչ ցմահ բանտարկությունը, ոչ էլ մեկուսարանում անցկացրած տասը տարիները չէին մթագնել նրա բանականությունը։

Մորելը ևս բարեհոգի, հավատարիմ ընկեր և նույնքան խելացի մարդ էր։ Ըստ էության Սեն-Քվենտին բանտի երեք մեն ախելացի մարդիկ (մի ոտքով գերեզմանում լինելով, ես իրավունք ունեմ հայտարարել այս, չվախենալով, թե ինձ կմեղադրեն անհամեստության մեջ) մեկուսարաններում փտում էին կողք-կողքի։ Այժմ, կյանքիս ճանապարհի ավարտին, նայելով ետ և հիշելով այն ամենը, ինչ սովորեցրել է ինձ բանտը, գալիս եմ այն եզրակացության, որ խելքի ուժն ու խորությունը անհամատեղելի են հնազանդության հետ։ Հիմար մարդիկ, վախկոտ մարդիկ, խիզախությամբ չօժտված մարդիկ, մարդիկ, որոնք չունեն ընկերասիրության անխորտակ զգացողություն և ճշմարտության ու արդարամտության նկատմամբ կրքոտ ձգտում — ահավասիկ սրանք են, որոնցից ստեղծվում են օրինակելի բանտարկյալներ։ Ես երախտապարտ եմ աստվածներին, որ Ջեկ Օպենհեյմերը, Էդ Մորելը և ես երբեք չենք եղել օրինակելի բանտարկյալներ։


Գլուխ VI

Այն երեխան, որ հիշողությունը բնութագրել է որպես «մի բան, որի օգնությամբ մոռանում են», այնքան էլ սխալ չի եղել։ Մոռանալու ընդունակությունը առողջ ուղեղի յուրահատկություն է։ Չմոռացվող հիշողությունները մտագարություն և խելագարություն են նշանակում։ Եվ մեկուսացված խցում, որտեղ ինձ պաշարել էին չմոռացվող հիշողությունները, ես մոռանալու միջոցներ էի որոնում։ Բայց ճանճերի հետ զվարճանալով, ինքս ինձ հետ շախմատ խաղալով, ընկերներիս հետ թրխկոցներ փոխանակելով, ես միայն գտնում էի մասնակի մոռացում, բայց չէ՞ որ լրիվ մոռացում էի որոնում։

Մնացել էին այլ ժամանակների ու այլ աշխարհների մասին հիշողություններ— «շողի փոքր-ինչ զրնգացող ցոլքեր», ինչպես գրել է Ուորդսվորթը։ Մի՞թե երեխան մեծանալով, անվերադարձ կորցնում է այդ հիշողությունները։ Մի՞թե այդ հիշողությունները մեկընդմիշտ ջնջվում են։ Թե՞ այլ ժամանակների ու այլ աշխարհների մասին հուշերը շարունակում են ննջել, թաղված լինելով ուղեղի բջիջների խորքերում, ինչպես Սեն-Քվենտին բանտի մեկուսարանում ես եմ թաղված։

Հայտնի են դեպքեր, երբ մեկուսացված ցմահ բանտարկության դատապարտված մարդիկ ներում են ստացել և, ասես հարություն առնելով, նորից հիացել են արևի լույսով։ Հապա էլ ինչո՞ւ չի կարող հարություն առնել ուրիշ կյանքի մասին եղած մանկական հուշը։

Բայց ինչպե՞ս արթնացնել այդ հուշը։ Մոռանալ ներկան և այն ամենը, ինչ ընկած է ներկայի և մանկության միջև, վճռեցի ես։

Իսկ ինչպե՞ս հասնել դրան։ Հիպնոսի օգնությամբ։ Եթե հիպնոսի օգնությամբ ինձ հաջողվի քնեցնել գիտակցությունս և արթնացնել իմ ենթագիտակցությունը, ապա հաղթանակը տարած կլինեմ. այդ դեպքում իմ ուղեղում կրնկի վրա կբացվեն բանտի բոլոր դռները և կալանավորված հուշերը դուրս կգան դեպի ազատություն, դեպի արև։

Ես այսպես էի դատում, իսկ թե ինչպիսին եղավ արդյանքը դուք կիմանաք հետագայում։ Բայց սկզբում ես ուզում եմ պատմել իմ սեփական մանկական հիշողությունները այլ ժամանակների մասին։ Ինձ, ինչպես և բոլոր երեխաներին, տանջել է այն հուշը, թե ով եմ եղել ես վաղընջական ժամանակներում։ Դա տեղի ունեցավ այն օրերին, երբ ես նոր էի միայն դարձել իմ «ես»֊ը, և մյուս կյանքերիս յուրահատուկ բնավորությունները դեռևս չէին քարացել և չէին բյուրեղացել իմ նոր անձի մեջ, որը մի քանի կարճ տարի կոչվում էր Դարրել Սթենդինգ։

Ես միայն մի դեպք կպատմեմ, որը պատահել է Միննեսոթի մեր հին ֆերմայում։ Գիշերելու համար մեր տանը իջևանեց Չինաստանից վերադարձած մի առաքելական, որին Առաքելությունների խորհուրդն ուղարկել էր ֆերմերներից նվիրատվություններ հավաքելու։ Այն, ինչ ուզում եմ պատմել, տեղի ունեցավ ընթրիքից հետո, խոհանոցում, երբ մայրս արդեն պատրաստվում էր քնեցնել ինձ, իսկ առաքելականը նրան ցույց էր տալիս Սուրբ Երկրի լուսանկարները։

Բնականաբար, ես վաղուց արդեն մոռացած կլինեի այն, ինչ պատրաստվում եմ ձեզ պատմել, եթե հետագայում բազմիցս լսած չլինեի, թե ինչպես է հայրս այդ մասին պատմում զարմացած ունկնդիրներին։

Լուսանկարներից մեկը տեսնելով, ես բացականչեցի և սկսեցի ավելի ուշադիր զննել սկզբում ագահաբար, իսկ հետո հիասթափությամբ։ Սկզբում դա ինձ այնքան ծանոթ թվաց, ասես հորս ցախատան լուսանկարը լիներ, իսկ հետո հանկարծ դարձավ օտարոտի։ Սակայն ես շարունակեցի զննել այդ լուսանկարը և պատկերը նորից դարձավ սիրտ ճմլելու աստիճան ծանոթ։

— Գավիթի Աշտարակն է,— բացատրեց առաքելականը դիմելով մորս։

— Ո՛չ,— խորին համոզմունքով գոչեցի ես։

— Քո կարծիքով ուրի՞շ անուն ունի,— հարցրեց առաքելականը։

Ես գլխով արեցի։

― Իսկ ինչպե՞ս է կոչվում, հապա՞, տղաս։

― Կոչվում է...— ես ուզում էի պատասխանել, բայց լեզուս կապ ընկավ։— Մոռացել եմ։

— Աշտարակի տեսքը ոնց որ փոխված լինի,— փոքր-ինչ լռելուց հետո ավելացրի ես։— Ամբողջովին վերակառուցել են։

Այստեղ առաքելականը լուսանկարների կապուկից հանեց մեկ ուրիշը և պարզեց մորս։

— Այս վայրում եղել եմ կես տարի առաջ, միսիս Սթենդինգ,— ասաց նա, և մ ատնացույց անելով, ավելացրեց։— Սա Յոպպեի դարպասն է, որտեղից ես ուղիղ գնացի դեպի Գավիթի Աշտարակը։ Աշտարակը սա է, ետին պլանում, մատիս տակ։ Բոլոր աստվածաբան գիտնականները այս հարցում համակարծիք են։ Էլ Կուլաքը այն անվանում է․․․

Այստեղ ես դարձյալ ընդհատեցի նրան և լուսանկարի ձախ անկյունում ցույց տալով ավերակները, բացականչեցի․

— Պետք է որ այստեղ լինի։ Հրեաներն են անվանում այնպես, ինչպես դուք ասացիք։ Իսկ մենք այլ անուն ենք աալիս։ Մենք անվանում ենք... Մոռացա...

— Լսեք, սրա՜ն լսեք,— ծիծաղեց հայրս։— Քիչ է մնում, որ հավատանք, թե եղել է այնտեղ։

Ես ինքնավստահ գլխով արեցի, քանի որ չէի կասկածում, թե ինձ վիճակվել է լինել այդ վայրերում, չնաչած տարօրինակ կերպով շատ փոփոխություններ էին եղել։ Հայրս ավելի բարձր քրքջաց, իսկ առաքելականը կարծեց, թե ես իրեն ձեռք եմ առնում։ Նա մի լուսանկար ևս ցույց տվեց․ քարալանջ ձորակով կտրված մի անապատ, որտեղ ոչ ծառի հետք կա և ոչ էլ խոտի։ Քիչ հեռվում երևում էր հարթ տանիքներով խղճուկ հյուղակների մի կույտ։

— Իսկ սա՞ որն է, տղա՛ս,— հարցրեց առաքելականը։

Եվ ես հիշեցի։

— Սամարիան,— առանց մտածելու պատասխանեցի ես։

Հայրս ծափ զարկեց, իսկ մայրս բոլորովին շփոթվեց, չհասկանալով, թե ինչ է կատարվում ինձ հետ․ առաքելականը կարծես բարկացավ։

— Տղան չի սխալվում,— ասաց նա։— Այս գյուղն իրոք գտնվում է Սամարիայում։ Ես անցել եմ այս կողմերով։ Դրա համար էլ գնեցի լուսանկարը։ Իսկ տղան անպայման տեսել է ուրիշ այսպիսի լուսանկարներ։

Բայց հայրս ու մայրս սկսեցին հավատացնել նրան, որ այդպիսի բան չի կարող եղած լինել։

— Միայն թե նկարում իսկականի նման չէ,— քաջալերվեցի ես, և իմ հիշողությունն այդ ընթացքում մանրամասն վերականգնեց տեղանքի արդեն անհետացած բոլոր առանձնահատկությունները։ Ընդհանուր բնույթը մնացել էր նախկինը, ինչպես և պահպանվել էին հեռու բլուրների ուրվագծերը։ Ես մատնացույց անելով, բարձրաձայն սկսեցի թվարկել բոլոր փոփոխությունները։

— Տներն այստեղ էին, աջ կողմում։ Իսկ այստեղ գյուղեր կային, շատ գյուղեր, խոտն էլ շատ էր, այծերն էլ։ Կարծես հիմա աչքերիս առաջ լինի։ Երկու տղա այծ են արածացնում։ Իսկ այստեղ շատ մարդիկ կան և բոլորն էլ քայլում են մեկի հետևից։ Իսկ այնտեղ,— ես մատնացույց արեցի այն վայրը, ուր քիչ առաջ ասել էի, թե գյուղ է եղել,— իսկ այնտեղ բազմաթիվ թափառաշրջիկներ կան։ Ցնցոտիների մեջ են։ Հիվանդ։ Նրանց դեմքը, ձեռքերն ու ոտքերը խոցերով են ծածկված։

— Նա այդ ամենի մասին կամ եկեղեցում է լսել, կամ էլ մի ուրիշ տեղ․․․ Ավետարան ըստ Ղուկասի, բորոտների ապաքինումը,— ինքնագոհ մի ժպիտով ասաց առաքելականը։— Իսկ թափառաշրջիկները քանի՞ հոգի են, տղաս։

Հինգ տարեկան հասակում ես արդեն կարողանում էի համրել մինչև հարյուրը, և մտքումս նրանց հաշվելով, ասացի.

— Տասը հոգի։ Նրանք թափահարում են ձեռքերն ու գոռում մյուսների վրա։

— Բայց չե՞ն մոտենում նրանց,– հարցրեց առաքելականը։

Ես գլուխս օրորեցի։

— Ո՛չ, կանգնած գոռում են, ասես դժբախտություն է պատահել։

— Շարունակիր,— պահանջեց առաքելականը։— Ուրիշ ի՞նչ է տեղի ունենում։ Ի՞նչ է անում այն մարդը, որը, ինչպես ասացիր, առաջնորդում է թափորը։

— Բոլորն էլ կանգ առան, և այդ մարդը ինչ֊որ բան է ասում հիվանդ թափառաշրջիկներին։ Այծարած տղաներն էլ կանգ առան, որպեսզի դիտեն։ Բոլորը նայում են։

― Հետո՞։

— Ոչինչ։ Հիվանդ թափառաշրջիկները գնում են գյուղ։ նրանք այլևս չեն գոռում, և արդեն առողջ տեսք ունեն։ Իսկ ես իմ նժույգին հեծած, նայում եմ։

Այս խոսքիս վրա իմ բոլոր ունկնդիրները ծիծաղեցին։

— Եվ ես մեծ մարդ եմ,— գոչեցի ես բարկանալով։— Մի երկար թուր էլ ունեմ։

— Դրանք այն տասը բորոտներն են, որոնց Քրիստոսը ապաքինեց Երուսաղեմի ճանապարհին, Երիքովի մոտակայքում,— բացատրեց առաքելականը իմ ծնողներին։— Այս տղան երևի մոգական լապտերի ներկայացմանն է եղել և տեսել է նշանավոր կտավների դիապոզիտիվները։

Բայց թե՛ հայրս, թե՛ մայրս միանգամայն վստահ էին, որ ես կյանքումս ոչ մի անգամ մոգական լապտեր չեմ տեսել։

— Մի ուրիշ բան էլ ցույց տվեք,— խնդրեց հայրս։

— Այստեղ շատ բան այնպես չէ, ինչպես պետք է լիներ,— դժգոհեցի ես, դիտելով լուսանկարը, որն ինձ պարզեց առաքելականը։— Միայն այս բլուրն ու մյուս բլուրներն են իրենց տեղերում։ Այստեղ պետք է ճանապարհ լիներ։ Իսկ այստեղ՝ բարձր, քարե պարիսպներով այգիներ ու տներ։ Իսկ մյուս կողմից պետք է լինեին ժայռախոռոչներ, որտեղ նրանք թաղում էին իրենց հանգուցյալներին։ Տեսնո՞ւմ եք այս վայրը։ Այստեղ նրանք քարկոծում էին մարդկանց, մինչև որ բոլորին սպանեցին։ Աչքովս չեմ տեսել։ Այդ մասին ինձ միայն պատմել են։

— Իսկ սա ի՞նչ բլուր է,— հարցրեց առաքելականը, մատնացույց անելով պատկերի կենտրոնում գտնվող բարձունքը, որի համար երևի, լուսանկարել էին այդ բնանկարը։— Գիտե՞ս, թե ինչպես է կոչվում։

Ես գլուխս օրորեցի։

— Անուն չունի։ Այստեղ մարդկանց են սպանել։ Քանի անգամ էլ ինքս եմ ականատես եղել։

— Այն, ինչ նա ասում է, այժմ համապատասխանում է մեծ հեղինակություններից շատերի կարծիքին,— իմ պատասխանից բավարարված, հայտարարեց առաքելականը։— Այս բլուրը Գողգոթան է, «Գանգերի բլուրը», բայց հավանական է, որ այդ անունը տվել են, քանի որ բլուրը գանգի ձև ունի։ Լապա նայեցեք, իսկապես, որ նմանություն կա։ Այստեղ խաչեցին․․․– նա լռեց ու դարձավ դեպի ինձ,— Այստեղ ո՞ւմ են խաչել, պատանի գիտնական։ Ասա, տեսնենք դու ուրիշ ի՞նչ ես տեսնում։

Այո, ես տեսնում էի (հայրս հետո պատմում էր, որ աչքերս թռել էին ճակատիս), բայց համառելով գլուխս օրորեցի ու փնթփնթացի․

— Չեմ ասի, որովհետև ծիծաղում եք վրաս։ Ես տեսել եմ, որ այստեղ շատ մարդկանց են սպանել։ Երկար ժամանակ գամած են թողել նրանց... Ես տեսել եմ, բայց ոչինչ չեմ ասի։ Ես երբեք սուտ չեմ ասում։ Ուզո՞ւմ եք մայրիկիս հարցրեք, սուտ ասո՞ւմ եմ արդյոք։ Կամ էլ հարցրեք հայրիկիս։ Սուտ ասելու համար հայրիկս կաշիս կքերթեր։ Հապա, հարցրեք նրան։

Եվ առաքելականին այլևս չհաջողվեց որևէ բան իմանալ ինձնից, թեև հրապուրում էր այնպիսի լուսանկարներով, որոնցից գլուխս պտտվում էր, այնքան որ շատ էին հուշպատկերները։ Բառերն իրենք իրենց ուզում էին դուրս թռչել իմ բերանց, բայց համառելով, կուլ էի տալիս դրանք ու լռում։

― Ենթադրում եմ, որ այս տղայից Սուրբ Գրքի հրաշալի գիտակ կստացվի,— ծնողներիս ասաց առաքելականը, երբ ես նրանց բարի գիշեր մաղթելով, գնացի քնելու։— Բայց գուցե այդպիսի հարուստ երևակայության շնորհիվ նշանավոր գրո՞ղ կդառնա։

Դա ապացուցում է, թե որքան սխալ են լինում մարգարեությունները։ Ահավասիկ, հիմա նստած եմ Մարդասպանների Միջանցքում և գրում եմ այս տողերը իմ վախճանի, ավելի ճիշտ՝ Դարրել Սթենդինգի վախճանի սպասման մեջ, քանի որ շուտով այստեղից կտանեն նրան, և պարանոցին գցելով օղակը, կփորձեն խորասուզել խավարի մեջ, և ինքս ինձ ժպտում եմ։ Ես ո՛չ Սուրբ Գրքի գիտակ դարձա, ո՛չ էլ մոդայիկ վիպասան։ Ընդհակառակը, նախքան ինձ հինգ տարով մենախցում ողջ-ողջ թաղելը, ես այնպիսի բանով էի զբաղվում, որի մասին առաքելականի մտքով նույնիսկ չէր անցնի․ ես գյուղատնտեսության գիտակ մարդ էի, հողագիտության պրոֆեսոր, աշխատանքի անարտադրողական ծախսերի իջեցման գծով մասնագետ, ինտենսիվ գյուղատնտեսության էքսպերտ, լաբորատորիաներում աշխատող հետազոտող-գիտնական, որտեղ բացարձակ օրենք են ճշգրտություն ու մանրադիտակի ներքո ստուգված փաստերը։

Ահավասիկ, ամառային այս շոգ օրը նստած եմ այստեղ, Մարդասպանների Միջանցքում, և իմ հուշերի գրառումը դադարեցնում եմ միայն նրա համար, որպեսզի ականջ դնեմ քնկոտ օդում լսվող ճանճերի հանգստացնող բզզոցին և որսում այն մեղմ խոսակցության բեկորները, որ իրար հետ սկսում են ձախակողմյան խցիկի մարդասպան նեգր Ջոսեֆ Ջեկսոնն ու աջակողմյան խցիկի մարդասպան իտալացի Բամբեչչոն։ Մի վանդակադռնից դեպի մյուս վանդակադուռը, որոնց արանքում գտնվում է իմ մենախցի վանդակադուռը, նրանք կարծիքներ են փոխանակում բորբոքված վերքերի համար ծխախոտի խյուսի՝ վարակը կանխող և ապաքինող հատկությունների մասին։

Եվ, իմ քարացած ձեռքում սեղմած ինքնահոսին նայելով, ես հիշում եմ իմ մյուս ձեռքերը, որոնք վաղուց անցյալի գիրկը գնացած ժամանակներում սեղմել են վրձին, սագի փետուր ու երկաթե գրիչ, և մտքումս հարց եմ տալիս ինքս ինձ, պատահե՞լ է, որ այդ առաքելականը իր մանկության տարիներին որսած լինի շողի փոքր-ինչ զրնգացող ցոլքեր և գեթ մի ակնթարթ վերապրած լինի անցյալ օրերին միջաստղային տարածություններում թափառելու բերկրանքը։

Բայց դառնանք այն օրերին, որոնք ես անց եմ կացրել մենախցում, երբ արդեն սովորել էի թրխկացնելու ծածկագիրը, սակայն նաև ապրում էի տառապալից դանդաղությամբ անցնող ժամերը, երբ արթուն վիճակում էր իմ գիտակցությունը։ Ինքնահիպնոսի օգնությամբ, որին դիմում էի ոչ առանց հաջող արդյունքի, ես սովորեցի գիտակցությունս քնեցնել և արթնացնել, ազատ արձակել իմ ենթագիտակցությունը։ Բայց պարզվեց, որ ենթագիտակցությունս չգիտե և չի ուզում ճանաչել ոչ մի օրենք։ Նա թափառում էր մղձավանջների աշխարհում, որտեղ երևույթների, ժամանակի և անձնավորությունների միջև ոչ մի կապ չկար։ Ինքս ինձ հիպնոսացնում էի ծայրահեղորեն պարզ միջոցներով։ Ներքնակիս վրա ծալապատիկ նստած, ես սկսում էի լարված դիտել դեղնավուն դարմանի ծպեղը, որը փակչել էր խցիկիս պատին, դռան մոտ, ուր լույսն ավելի առատ էր։ Ես նայում էի այդ պայծառ կետին, աչքերս գրեթե կիպ մոտեցնելով ու վեր հափռելով, որպեսզի լարումն ավելի ուժեղ լինի։ Միաժամանակ ես թուլացնում էի կամքս և տրվում էի գլխապտույտի, որն անպայման տիրում էր ինձ։ Ու երբ զգում էի, թե ուր որ է կկորցնեմ հավասարակշռությունս ու կփռվեմ մեջքիս, փակում էի աչքերս և բութ անզգայացման մեջ, ընկնում էի ներքնակի վրա։ Իսկ հետո կես ժամ, կամ տասը րոպե, երբեմն էլ մի Ժամ շարունակ ես ագահաբար նետվում էի երկրի վրա իմ հավերժական վերադարձների մասին հիշողություններիս պահեստները, սակայն դարաշրջաններն ու երկրները չափազանց արագ էին փոփոխվում։ Արթնանալով, ես գիտակցում էի, որ այդ ամբողջ խայտաբղետ ու անհեթեթ գեղադիտակը միաձույլ էր Դարրել Սթենդինգի անձնավորության հետ։ Եվ լոկ այդքանը։ Ինձ երբեք չհաջողվեց լրիվ վերապրել մի որևէ գոյավիճակ, չհաջողվեց իմ գիտակցության մեջ որսալ ժամանակի և տարածության համընկնելու ընդհանուր որևէ կետ։ Իմ երազները, եթե միայն կարելի է դրանք երազ անվանել, զուրկ էին համակարգումից և տրամաբանությունից։

Ահավասիկ նման թափառումների մի օրինակ։ Ենթագիտակցության տիրապետության տակ տասնհինգ րոպեանոց մի կարճատև ժամանակամիջոցում ես սողում ու ոռնում էի նախնադարյան աշխարհի տիղմերում և Հաասի հետ նստել էի օդանավ, ճեղքելով քսաներորդ դարի մթնոլորտը։ Արթնանալով հիշեցի, որ ես, Դարրել Սթենդինգս, բանտարկությունից մեկ տարի առաջ Հաասի հետ թռել եմ Խաղաղ օվկիանոսի վրայով դեպի Սանտա-Մոնիկա։ Արթնանալով, ես չկարողացա հիշել, թե երբ եմ սողացել ու ոռնացել նախնադարյան տիղմում։ Այսուհանդերձ, ես եկա մի եզրակացության, որ ինչ-որ կերպ իրոք հիշել եմ հինավուրց անցյալը, և այդ անցյալը իրականություն է եղել ինչ-որ նախնական գոյավիճակի համար, երբ ես դեռ Դարրել Սթենդինգը չէի, այլ ուրիշ մի մարդ կամ կենդանի, որը սողացել է ու ոռնացել։ Պարզապես, դեպքերից մեկը ժամանակի մեջ ինձնից շատ ավելի հեռու է եղել։ Սակայն այդ երկու դեպքն էլ իրականում տեղի են ունեցել, այլապես ինչպե՞ս կարող էի դրանց մասին վերհիշել։

Օհ, պայծառ կերպարների ու եռուն կյանքի այդ հերթափոխը․․․ Մի քանի րոպեով ազատ արձակելով իմ ենթագիտակցությունը, ես հասցնում էի լինել արքայական պալատներում, նստել այնտեղ աղից վեր ու աղից վար, հասցնում էի լինել խեղկատակ, զորական, գրագիր և վանական, ես հասցնում էի լինել սեղանի գլխին բազմած տիրակալ, իմ աշխարհիկ իշխանությունը հենվում էր իմ սրի և իմ ամրոցի պատերի հաստության և իմ բազմաթիվ զորականների վրա, բայց հոգևոր իշխանությունը ևս պատկանում էր ինձ, քանի որ քահանաներն ու ճարպակալած աբբաները նստում էին ինձնից վար, գինի էին պարզում ինձ և հյուրասիրվում իմ տապակածով։

Ես կրում էի ցուրտ երկնքի տակ քարշ եկող ստրուկի երկաթե օղակապը և սիրում էի թագավորական տների արքայադստրերին՝ արևադարձային արևաբույր գիշերներին, երբ սևամորթ գերիները սիրամարգի փետուրներից պատրաստած հովհարներով ցրում էին տոթը, իսկ հեռվում, շատրվաններից ու արմավենիներից անդին թնդում էին առյուծների մռնչյունները ու շնագայլերի ողբը։ Ցուրտ անապատում ես ձեռքերս տաքացնում էի ուղտերի գոմաղբից վառած խարույկի վրա, փորիս վրա պառկում էի ցամաքած ջրհորի մոտ, արևից տապակված օշինդրի ժլատ ստվերում, և խռպոտ շշուկով ջուր էի պաղատում, շուրջս, աղակալած հարթավայրում ցրված էին մարդկանց ու կենդանիների ոսկորներ, որոնք ինչ-որ ժամանակ ջուր էին պաղատել ու հետո՝ մեռել։

Ես նավի ղեկապետ եմ եղել ու վարձու մարդասպան, եղել եմ գիտնական ու ճգնավոր, բարձունքի վրա կառուցած վանքի անդորր կիսախավարում ես հակվել եմ վիթխարի, փոշեթաթախ ձեռագրերի էջերին, իսկ բլրալանջին, վանքի ցանկապատերի ներքո գյուղացիները բանում էին խաղողի այգիներում ու ձիթապտղի պուրակներում, թեև արևն արդեն մայր էր մտել, և հովիվներն էլ արոտավայրերից քշում էին մկկացող այծերին ու բառաչող կովերին․ այո, ես առաջնորդել եմ ապստամբների բարձրագոչ ամբոխին՝ հինավուրց, արդեն մոռացության տրված քաղաքների փողոցներով, որոնց սալարկը մաշվել էր կառքերի անիվների ու նժույգների սմբակների տակ. հանդիսավորությամբ ու մռայլադեմ ես օրենք եմ հրապարակել, մատնանշել եմ հանցանքի լրջությունը և մահվան եմ դատապարտել մարդկանց, որոնք Դարրել Սթենդինգի պես Ֆոլսեմում օրինազանցություն են կատարել։ Եվ նավի տախտակամածից գլխապտույտ բարձրության վրա, դողացող կայմահարթակից ես նայել եմ արևածուփ ջրին, որի փիրուզե խորքերում առկայծում էին կորալլները, և նավն ուղղել եմ դեպի հանդարտ, հայելափայլ ծովալճակները, և խարիսխները որոտընդոստ աղմուկով ընկղմվել են արմավենիներով ծածկված կորալլների ավազով հարուստ լողափերին մոտիկ. և ես մարտնչել եմ վաղուց ի վեր մոռացության տրված ճակատամարտերում, երբ կոտորածը չէր դադարում նույնիսկ ամբողջ գիշեր ու շարունակվում էր եղեռնը փայլատակող աստղերի ներքո, իսկ հեռավոր ձյունափայլ բարձունքներից եկող զով քամին անզոր էր պաղեցնելու ճակատամարտի հուրը։ Ու ես դարձյալ դառնում էի փոքրիկ Դարրել Սթենդինգը, որը ոտաբոբիկ քայլում էր միննեսոթյան ֆերմայի ցողաթաթախ գարնանային մարգագետիններով, ցրտից կարմրատակած ձեռքերով կերակրում էր կովերին մսուրքի մոտ, որն առլեցուն էր անասունների քուլա-քուլա շնչով, և կիրակնօրյա քարոզներում սարսափած լսում էր ահեղագույն աստծո մեծության, Նոր Երուսաղեմի և դժոխային տառապանքների մասին։

Ահավասիկ ինչպիսի կցկտուր, ակնթարթային տեսիլքներ էին այցելում ինձ այն ժամանակ Սեն֊Քվենտին բանտի մենախցում, երբ դարմանի փայլուն ծպեղին նայելիս, կորցնում էի գիտակցությունս։ Որտեղի՞ց էին այդ տեսիլքները հայտնվում։ Չէ՞ որ իմ մթին զնդանում ես դրանք չէի կարող ստեղծել ոչնչից, ճիշտ այնպես, ինչպես ոչնչից չէի կարող ստեղծել երեսունհինգ ֆունտ դինամիտ, որի մասին այդպիսի համառությամբ ինձնից տեղեկություն էին կամենում ստանալ կապիտան Ջեմին, բանտապետ Ազերթոնր և բանտային խորհուրդը։

Ես Դարրել Սթենդինգն եմ, ծնված ու մեծացած Միննեսոթում գտնվող ֆերմայում, անցյալում՝ հողագիտության պրոֆեսոր, ապա՝ «անուղղելի» կալանավոր Սեն-Քվենտին բանտում, իսկ այժմ՝ Ֆոլսեմում մահապատժի ենթարկված մարդ։ Եվ այն, ինչի մասին գրում եմ, այն, ինչ ես կորզել եմ իմ ենթագիտակցության ամբարներից, Դարրել Սթենդինգին չեն պատկանում։ Ես, Միննեսոթում ծնված և Կալիֆորնիայում կախաղանի դատապարտված Դարրել Սթենդինգս, երբեք չեմ սիրահարվել արքայադուստրերին, երբեք գոտեմարտի մեջ չեմ մտել նավերի ճոճվող տախտակամածերի վրա, չեմ խեղդվել նավի գինու նկուղում ռոմ խմելիս, հարբած նավաստիների մահվան երգերի ու ճիչերի տակ, երբ նավը մաքառում և ճարճատում էր մթամած խութերի ատամների մեջ և ջուրն էլ քչքչում գլխավերևս, ոտքերիս տակ, իմ շուրջը։

Այս ամենը ոչ մի առնչության չունեն Դարրել Սթենդինգի կքանքի հետ, բայց և այնպես, ես, Դարրել Սթենդինգս, այդ բոլորը գրել եմ իմ հիշողության գաղտնարաններում, հիպնոասցնելով ինձ Սեն-Քվենտինի մենախցում։ Այս բոլոր դեպքերը չեն պատկանում Դարրել Սթենդինգին ճիշտ այնպես, ինչպես և նրան չէր պատկանում լուսանկարի հուշած «Սամարիա» բառը, երբ նրա մանկական շուրթերն արտաբերեցին այն։

Հնարավոր չէ ոչնչից որևէ բան ստեղծել։ Ինչպես մենախցում նստած ես չէի կարող ոչնչից երեսունհինգ ֆունտ դինամիտ ստեղծել, այնպես էլ նույն մենախցում չէի կարող ոչնչից ստեղծել ժամանակի և տարածության մեջ գտնվող տեսիլքները. չէ՞ որ դրանք Դարրել Սթենդինգի կյանքի հետ որևէ առնչություն չունեին։ Այդ ամենը թաքնված էր իմ գիտակցության խորքերում, իսկ ես դեռ նոր էի սկսել գտնել նրանց տանող ուղին։


Գլուխ VII

Հենց դրանում էր ամբողջ դժբախտությունը. ես գիտեի, որ իմ ուղեղում թաքցված է այլ կյանքերի մասին հիշողությունների մի գանձարան, սակայն ինձ հաջողվում էր խենթի պես միայն դես ու դեն ընկնել այդ հիշողությունների հետևից։ Ես գանձարան ունեի, սակայն չունեի նրա բանալին։

Հիշեցի Սթեյթոն Մոզեսի[6], այդ քահանայի հիվանդության մասին, որի մեջ հաջորդաբար արթնանում էին սուրբ Հիպոլիթի, Պղուտոսի, Արենոդորեսի և Էրազմ Ռոտտերդամցու Հրոցին անունով ընկերոջ անձնավորությունները։ Իսկ հետո, օգտագործելով գնդապետ Դերոշի[7] փորձարկումները, որոնց մասին ես կարդացել էի անցած գործունյա օրերիս, լիակատար վստահություն զգացի, որ Սթեյթոն Մոզեսը իր նախորդ կյանքերում իսկապես որ եղել է այն մարդիկ, որոնց անձնավորությանները երբեմն, թվում էր, թե արթնանում են նրա մեջ։ Ճիշտն ասած, նրանք և նա միևնույն մարդն էին։ Նրանք բոլորն էլ եղել են վերադարձի հավերժական շղթայի սոսկական օղակներ։

Սակայն առանձնահատուկ համառությամբ ես ջանում էի հիշել գնդապետ Դերոշի փորձերը։ Հիպնոսացմանը հեշտությամբ ենթարկվող անձինք ընտրելով, նա, ըստ իր պնդումհերի, ժամանակի մեջ վերադառնում էր նրանց նախնիներին. նա նկարագրել է իր փորձերը Իզեր դեպարտամենտի Վուարոնում ապրող տասնութամյա օրիորդ Ժողեֆինայի հետ։ Ժոզեֆինային հիպնոսացնելով, գնդապետ Դեբոշը նրան ուղարկամ էր ետ՝ պատանեկան և մանկության տարիների վրայով մայրական արգանդի խավարից էլ անդին, այն լուռ ու մութ տարիներից էլ առաջ, երբ նա, Ժոգեֆինան, դեռևս չէր ծնվել, ուղարկում էր դեպի նախորդ գոյավիճակների լույսին ու կյանքին, մռայլ, փնթփնթան ու հիվանդ ծերունու կերպարով, որի անունն էր Ժան-Կլոդ Բուրդոն, որը ծառայել էր Բեզանսոնի 7-րդ հրետանային գնդում և իր վերջին տարիներին անկողնին գամված լինելով, վախճանվել էր յոթանասուն տարեկան հասակում։ Գնդապետ Դերոշը դրանից հետո հիպնոսացնում էր Ժան֊Կլոդ Բուրդոնի ստվերը և նրան ուղարկում էր ավելի հեռուն երբ, մանկության, ծննդի և չգոյության խավարից էլ անդին, մինչև որ նա նորից տեսնում էր լույսն ու կյանքը իր նախորդի կերպարով, որը Ֆիլոմեն Քատերոն անունով մի չարամիտ պառավ էր։

Սակայն որքան էլ ջանում էի, զնդան թափանցող լույսի դժգույն ճառագայթի տակ փայլփլող հարդաշյուղը ոչ մի կերպ չօգնեց ինձ ստանալու իմ նախորդ գոյավիճակների համար ամբողջական մի պատկեր։ Վերջ ի վերջո, բազմաթիվ անհաջողություններից հետո վճռեցի, որ մահվան միջով անցնելուց հետո միայն կկարողանամ հարություն տալ իմ նախորդ գոյավիճակների լիակատար ու պարզ հիշողություններին։ Բայց կյանքն իմ մեջ ամուր էր նստած։ Ես, Դարրել Սթենդինգս, չէի կամենում մեռնել և բանտապետ Ազերթոնին ու կապիտան Ջեմիին թույլ չտվեցի սպանել ինձ։ Ապրելու պահանջը իմ ներսում միշտ էլ այնքան վիթխարի է եղել, որ, երևի, միայն դրա շնորհիվ է, ես դեռ այստեղ եմ, ուտում եմ ու քնում, մտածում եմ ու տենչում, գրում եմ իմ տարբեր «ես»-երի մասին այս պատմությունը և սպասում եմ անխուսափելի այն օղակին, որն իմ գոյավիճակների երկարուձիգ շղթայում կավարտի ո՛չ հարատև պարբերություններից ևս մեկը։

Եվ այդ ժամանակ միայն ես ապրելիս զգացի մահը, այդ ժամանակ ես վարժվեցի դրան։ Ինչպես դուք հետագայում կկարդաք, դա ինձ սովորեցրեց Էդ Մորելը։ Իսկ այդ ամենի սկիզբը դրեցին բանտապետ Ազերթոնը և կապիտան Ջեմին։ Մի գեղեցիկ օր նրանց դարձյալ տիրեց կատաղի մի խուճապ այն մտքից, որ բանտում դինամիտ է թաքցված և որի գոյությանը նրանք անվերապահորեն հավատում էին։ Նրանք եկան իմ մենախուցը և ուղղակիորեն հայտնեցին, որ մահվան տառապանքներ կպատճառեն ինձ զսպաշապիկով, եթե չխոստովանեմ, թե որտեղ է թաքցված դինամիտը։ Նրանք վստահեցրին, որ ամեն բան կարվի բոլոր կանոններով ու ոչ մի կերպ չի վնասի իրենց պաշտոնական դիրքին և համբավին։ Բանտի արխիվում կգրվի, որ ես մեռել եմ հիվանդությունից։ Օ՜հ, բամբակում պահված իմ սիրելի քաղքենինե՜ր։ Հավատացեք ինձ, հիմա էլ բանտերում սպանում են մարդկանց, ինչպես նրանց սպանում էին միշտ՝ սկսած այն օրից, երբ կառուցվել է առաջին բանտը։ Ես լավ գիտեի, թե զսպաշապիկը ի՜նչ տառապանքներ ու սարսափներ է սպառնում ինձ։ Տեսել եմ այնպիսի մարդկանց, որոնք մեկընդմիշտ խեղանդամվել են զսպաշապիկով, տեսել եմ, թե ինչպես մարդիկ,— ուժեղ, այնքան ուժեղ մարդիկ, որոնց օրգանիզմը չէր ընդունում բանտային թոքախտը,— մի քանի ժամ զսպաշապիկ կրելուց հետո կորցրել են ոգու արիությունը, փշրվել են ու կես տարի անց մեռել են թոքախտից։ Շիլ Ուիլսոնը, որի սիրտը թույլ էր և այդ մասին ոչ ոք չէր կասկածում, զսպաշապիկի մեջ մեռավ նախքան պատժաժամի ավարտը, իսկ տգետ ու կասկածամիտ բանտային բժիշկը նայում էր նրան ու ժպտում։ Տեսել եմ, որ մարդիկ զսպաշապիկ հագնելուց կես ժամ անց խոստովանել են այն ամենը, ինչ եղել է, և այն ամենը, ինչ չի եղել բնավ, դրանով իսկ զրկվելով բոլոր այն զեղջումներից, որոնք վաստակել էին իրենց անբիծ վարքագծով։

Ես իմ սեփական հուշերն ունեմ զսպաշապիկի մասին։ Մարմինս ծածկված է հազարավոր սպիներով, որոնք ինձ հետ կառափնարան կտանեմ, և եթե հարյուր տարի էլ ապրելիս լինեի, միևնույն է, այդ սպիները ինձ հետ գերեզման կիջնեին։ Թերևս, սիրելի քաղքենի, դու, քո շղթայակապ շներին թույլատրելով օգտագործել զսպաշապիկը ու այդ աշխատանքի դիմաց վճարելով նրանց, թերևս դու ինքդ չգիտես, թե ինչ բան է դա։ Այդ իսկ պատճառով ավելի մանրամասն կպատմեմ զսպաշապիկի մասին, որպեսզի դու հասկանաս, թե ինչպես եմ ես տեսել մահը՝ ապրելիս, ինչպես եմ կարճ ժամանակով դարձել ժամանակի ու տարածության տիրակալ և լքել բանտի պարիսպները՝ աստղերի միջև թափառելու համար։

Դու երբևէ տեսե՞լ ես բրեզենտե ծածկոցներ կամ ռետինե վերմակներ, որոնց եզրերին պղնձե օղակներ են ամրացված։ Հապա, պատկերացրու հաստ բրեզենտի մի կտոր չորս ու կես ֆունտ երկարությամբ և երկու կողմերից բավականին խոշոր օղակներով։ Այդ կտորի լայնությունը միշտ էլ ավելի պակաս է, քան այն, որ անհրաժեշտ է մարդու մարմինը գրկելու համար։ Բացի այդ, կտորը տձև է. ուսատեղերն ու ազդրատեղերը լայն են, իսկ գոտկատեղը՝ նկատելի կերպով նեղ։

Զսպաշապիկը փռում են հատակին։ Այն մարդուն, որին պետք է պատժեն կամ տանջեն՝ նրանից խոստովանություն կորզելու նպատակով, կարգադրում են փորի վրա պառկել բրեզենտին։ Եթե նա հրաժարվում է՝ ծեծում են, որից հետո պառկում է կամովին, այսինքն պառկում է շղթայակապ շների կամքով, այսինքն քո կամքով, թանկագին իմ քաղքենի, որ կերակրում ես շղթայակապ շներին ու պարգևատրում նրանց այն բանի համար, որ նրանք կատարում են քո անձին այնքան տհաճ պարտականությունը։

Մարդը պառկում է փորի վրա։ Նրա ողնաշարի երկայնքով հնարավորին չափ ձգում են զսպաշապիկի եզրերը։ Հետո օղակների միջով պարան են հագցնում, ինչպես կոշիկի կապը, և բրեզենտը մարդու վրա կապում են ճիշտ կոշիկի պես։ Միայն թե այնպես են կապում, որ ոչ ոքի մտքով չի անցնի այդպես կապել իր կոշիկը։ Բանտային ժարգոնով դա կոչվում է «փորկապ ձգել»։ Այն դեպքում, երբ կապելն հանձնարարվում է դաժան ու հիշաչար վերակացուներին և կամ այդպես է կարգագրում շեֆը, վերակացուն, զսպաշապիկն ավելի ամուր ձգելու համար, ոտքով հենվում է պառկած մարդու մեջքին։ Դուք, երևի, պատահել է, որ ձեր կոշիկը շատ ամուր եք կապել, հապա հիշեցեք, քայլելուց կես ժամ անց ինչպիսի անտանելի ցավեր են սկսվում։ Հավանաբար դուք չեք մոռացել, որ այդպիսի ցավերից քիչ անց շտապել եք քանդել կոշիկի կապերը, քանի որ մի քայլ անգամ անելու հնարավորություն չեք ունեցել։ Շատ գեղեցիկ։ Այժմ փորձեք պատկերացնել, որ ճիշտ այդպես էլ, միայն թե շատ ավելի ամուր, կապել են ձեր մարմինը, և որ ճնշումը ոչ միայն ձեր ոտքի վրա է, այլ ձեր ամբողջ մարմնով մեկ, որ ձեր սիրտը, ձեր թոքերը և կենսականորեն կարևոր մնացյալ օրգանները այն աստիճան են սեղմված, որ շուտափույթ մահն անխուսափելի է թվում։

Շատ լավ հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ մենախցում մաշկիս վրա զգացի զսպաշապիկի ինչ լինելը։ Դա իմ «անուղղելիության» շրջանի սկզբում էր, այն բանից հետո, երբ հայտնվելով բանտում, օրական հարյուր յարդ կտավ էի գործում ջուլհակային արհեստանոցում․ դա իմ սովորական նորման էր․ և այդ գործն ավարտում էի սահմանվածից երկու ժամ առաջ։ Այո, ես շուտ էի վերջացնում, կտավն էլ ստացվում էր շատ ավելի որակյալ, քան դա պահանջվում էր օրենքով։ Սակայն, եթե հավատալու լինենք բանտային հաշվետվություններին, առաջին անգամ ինձ զսպաշապիկ հագցրրեցին, որովհետև կտավն ստացվում էր «անհարթ» և «քարկապով», այլ կերպ ասած՝ այն պատճառով, որ ես, նոր կալանավորս, աշխատանքի արտադրողականության մասին գիտակ մարդս, շարժումների խնայողության հարցով զբաղվող էքսպերտս, փորձել էի արհեստանոցի հիմար պետին սովորեցնել այն, ինչի մասին նա ամենաչնչին պատկերացումն իսկ չուներ։ Արհեստանոցի պետը կապիտան Ջեմիի ներկայությամբ ինձ կանչեց իր սեղանի մոտ և, ցուցադրելով բոլորովին խոտան ու անպետք մի կտավ, որը հեռավոր նմանություն իսկ չուներ իմ գործածի հետ, պահանջեց, որ ավելի լավ աշխատեմ։ Ես այդպիսի երեք նախազգուշացում ստացա։ Երրորդը, ջուլհականոցի օրենքների համաձայն, նշանակում է պատիժ։ Եվ ինձ պատժեցին․ քսանչորս Ժամով զսպաշապիկ հագցրին։

Ինձ տարան մենախուց և հրամայեցին փորի վրա պառկել հատակին փռած բրեզենտին։ Ես հրաժարվեցի․ բանտապաններից Մորիսոն անունով մեկը բթամատներով սկսեց հարվածել կոկորդիս։ Բանտի ավագ Մոբինսը, որն ինքն էլ կալանավոր էր, բռունցքներով հարձակվեց վրաս։ Ի վերջո, ինչպես հրամայված էր, ես պառկեցի։ Իսկ նրանք իմ համառությունից գազազած, փոկերը չափազանց պիրկ ձգեցին։ Եվ հետո ինձ այնպես շրջեցին մեջքի վրա, ասես գերան լինեի։

Սկզբում դա այնքան էլ սարսափելի չէր։ Երբ մենախցի դուռը չրխկաց, երբ սողնակները ճռնչոցով մտան իրենց բներն ու ես միայնակ մնացի խավարում, առավոտյան ժամը տասնմեկն էր։ Մի քանի րոպե ամբողջ մարմնովս մեկ կաշկանդվածության տհաճ մի զգացողություն էի ապրում, և ուզում էի արդեն մտածել, թե դա կանցնի, հենց որ վարժվեմ իմ այս վիճակին։ Զո՜ւր հույսեր։ Սիրտս սկսեց կատաղորեն խփել, իսկ թոքերս, ինձ թվում էր, ոչ մի կերպ չէին կարողանում կլանել անհրաԺեշտ քանակությամբ օդ։ Խեղդվելու այդ զգացողությունը անասելի կերպով զարհուրելի էր, և սրտիս յուրաքանչյուր զարկը սպառնում էր պատառոտել առանց այն էլ պայթելու պատրաստ թոքերս։

Այդ տառապանքի անսահմանորեն երկար ժամերից հետո (այժմ, հիմնվելով իմ հարուստ կենսափորձին, ենթադրում եմ, որ իրականում երեսուն րոպե էլ չէր անցել) ես սկսեցի բղավել, գոռալ, գոչել ու ոռնալ մահամերձ հուսահատության մեջ։ Ամենից զարհուրելին սրտումս զգացվող ցավն էր։ Դա սուր, մի տեղ կենտրոնացած ցավ էր, մոտավորապես այնպիսին, որպիսին լինում է պլևրիտի ժամանակ, միայն թե այս դեպքում այդ ցավը մղկտացնում էր սիրտս։

Մեռնելը դժվար բան չէ, բայց մեռնել այդքան դանդաղ, այդ աստիճան սոսկալի կերպով, անտանելի էր։ Սարսափից ես խենթանում էի թակարդն ընկած վայրի կենդանու պես, բղավում էի ու ոռնում այնքան ժամանակ, մինչև հանկարծ կռահեցի, որ նմանօրինակ երգեցողական վարժություններից սաստկանում են միայն սրտիս ցավերը, իսկ թոքերումս օդի պաշարն ավելի է նվազում։

Լռեցի, և երկար ժամանակ պառկել էի բոլորովին հանգիստ. դա մի ամբողջ հավիտենականություն էր, գոնե ինձ այդպես թվաց այն ժամանակ, թեև հիմա գիտեմ, որ անցել էր ընդամենը քառորդ ժամ։ Խեղդուկից գլուխս պտտվեց, իսկ սիրտս սկսեց այնպես արագ աշխատել, որ ասես ուր որ է պատառ-պատառ կաներ վրաս քաշած բրեզենտը։ Հետո դարձյալ կորցրեցի ինձ ու մի խենթ ճիչ արձակեցի՝ ներում թախանձելով։

Եվ հանկարծ հարևան մենախցից մի ձայն լսվեց։

— Ձայնդ կտրիր,— բղավեց մեկը, թեև ինձ հասավ միայն մի թույլ շշուկ։— Զայնդ, արդեն ձանձրացնում ես։

— Մեռնում եմ,— շարունակեցի ճչալ ես։

— Թքիր ու մոռացիր այդ մասին,— լսվեց պատասխանը։

— Բայց ես իրոք մեռնում եմ,—համառեցի ես։

— Այգ դեպքում ինչո՞ւ ես աղմկում,— հարցրեց իմ անտեսանելի զրուցակիցը։— Այ, շուտով կմեռնես, և ամեն բան կվերջանա։ Դե, շուտ արա, փչիր շունչդ, միայն թե առանց աղմկելու։ Անուշ քնել էի, իսկ դու արթնացրիր քո այդ ճիչերով։

Այդ անսիրտ վերաբերմունքն ինձ այնքան վրդովմունք պատճառեց, որ կարողացա տիրապետել ինքս ինձ, դադարեցի բղավել, իմ կրծքից պոկվում էին միայն խուլ հառաչանքներ։ Դարձյալ մի հավիտենականություն անցավ՝ ընդամենը տասը րոպե։ Իսկ հետո մարմինս սկսեց ծակծկել և աստիճանաբար թմրել, դա ճիշտ այնպիսի զգացողության էր, որպիսին լինում է, երբ թմրեցնում ես ոտքդ։ Սկզբում ես դիմանում էի, իսկ թմրությունը շարունակում էր սաստկանալ, ու ես դարձյալ վախեցա։

— Թողնելո՞ւ ես, որ քնեմ, թե՞ չէ,— լսվեց հարևանիս գրգռված ձայնը։— Իմ վիճակը քոնից թեթև չէ։ Իմ զսպաշապիկն էլ ձգել են այնքան, որքան քոնը, ու ես ուզում եմ հնարավորին չափ շուտ քնել, մոռանալ ամեն բան։

— Իսկ քեզ վաղո՞ւց են հագցրել,— հարցրեցի ես, չկասկածելով, որ նրան ևս տանջանքի այնպիսի հարյուրամյակներ են սպասվում, ինչպիսիք արդեն կրել եմ։

— Երեկ չէ առաջին օրը,— պատասխանեց նա։

— Ո՜չ, ո՜չ․․․ Ե՞րբ են զսպաշապիկ հագցրել,— ճշտեցի ես։

― Երեկ չէ առաջին օրը, բարեկամ։

— Տե՜ր աստված,— գոչեցի ես։

— Այո, բարեկամ, ես արդեն հիսուն ժամ կլինի, ինչ զսպաշապիկի մեջ եմ, ու, ինչպես տեսնում ես, չեմ թնկթնկում, թեև նրանք իմ փորկապը ձգել են ոտքով մեջքիս հենվելով։ Մի կասկածիր, լավ են ձգել։ Տեսնո՞ւմ ես, միայն դու չես ընկել այդպիսի դժբախտության մեջ։ Եվ դեռ ընդամենը մեկ ժամ էլ չես պառկել։

― Ո՜չ, մի քանի ժամ եմ պառկել,— առարկեցի ես։

— Եթե ուզում ես, այդպես կարծիր, բարեկամ, բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Քեզ ասում եմ, որ մի ժամ էլ չես պառկել․ ես ախր լսեցի, թե երբ քեզ կապկպեցին։

Դա ինձ անհավանական թվաց։ Դեռ մի ժամ էլ չի անցել, իսկ ես արդեն մի հազար անգամ մեռա ու կենդանացա։ Իսկ այդքան անվրդով, հանգիստ, ու չնայած սկզբում կոպիտ, բայց այժմ իմ բարեհամբույր հարևանը զսպաշապիկ հագած պառկել է արդեն հիսուն ժամ։

— Իսկ դեռ երկա՞ր են քեզ այդպես պահելու,— հարցրեցի ես։

— Գրողը տանի նրանց, որտեղի՞ց իմանամ։ Կապիտան Ջեմին ատամ ունի վրաս ու այստեղից չի արձակի ինձ, մինչև որ շունչս չփչեմ։ Իսկ հիմա, բարեկամ, ականջ դիր խորհրդիս։ Աչքերդ փակիր ու մոռացիր ամեն ինչ։ Թնկթնկալով գործին չես օգնի։ Իսկ մոռանալու համար անհրաժեշտ է մոռանալ։ Ա՛յ, փորձիր հերթով հիշել բոլոր ծանոթ աղջիկներին, և մի երկու ժամ կկարողանաս այդպես կարճել։ Հավանաբար ուղեղդ կմթագնի։ Հերն էլ անիծած։ Այստեղ ժամանակն ախր բոլորովին աննկատ է անցնում։ Իսկ երբ աղջիկները վերջանան, մտածիր տղաների մասին, որոնց վրա դու ատամ ունես, և մտածիր նաև, թե ինչպես նրանց հետ կմաքրեիր հաշիվներդ, եթե ձեռքդ ընկնեին և թե ինչպես հաշվեհարդար կտեսնես, եթե նրանք հայտնվեն քո դիմաց։

Այդ մարդուն Ֆիլադելֆիացի Շիկահեր էին անվանում։ Նա ռեցիդիվիստ էր և Ալամեդի փողոցներում կատարած կողոպուտի համար հիսուն տարի էր վաստակել։ Երբ մենախցում պառկած նա խոսում էր ինձ հետ, արդեն տասներկու տարի նստել էր. իսկ այդ դեպքը տեղի ունեցավ յոթ տարի առաջ։ Նա մեկն էր այն քառասունից, որոնց համոզել էր Սեսիլ Ուինվուդը։ Ֆիլադելֆիացի Շիկահերը այդ պատմությունից հետո զրկվեց արտոնություններ ունենալու իրավունքից։ Հիմա նա արդեն հասակն առած մարդ է և առաջվա պես գտնվում է Սեն-Քվենտին ում։ Եվ եթե ողջ մնա մինչև ժամկետի վերջը, ապա բանտից դուրս կգա հալից ընկած մի ծերունի դարձած։

Ես դիմացա իմ պատժի քսանչորս Ժամերին, բայց դրանից հետո այլևս երբեք չկարողացա լինել նախկին մարդը։ Օ՜հ, ես նկատի ունեմ ոչ թե ֆիզիկական վիճակս, թեև հաջորդ օրն առավոտյան, երբ ինձ արձակեցին, ես կիսակաթվածահար վիճակումն էի և գրեթե առանց գիտակցության, այնպես որ բանտապաններն ստիպված մի քանի աքացի տվեցին ինձ, որպեսզի ի վերջո ոտքի կանգնեմ։ Բայց ես ուրիշ մարդ դարձա հոգեկան ու բարոյական առումով։ Անմարդկային ֆիզիկական տանջանքները ստորացրին ինձ, վիրավորեցին արդարամտության մասին իմ ունեցած հասկացողությունը։ Այդպիսի պատիժները մարդուն չեն փափկացնում։ Զսպաշապիկի հետ ունեցած իմ առաջին իսկ ծանոթությունը սիրտս հագեցրեց դառնությամբ և այրող ատելությամբ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի էին աճում։ Տե՜ր աստված... Բավական է միայն վերհիշեմ, թե ի՜նչ օրը գցեցին ինձ... Քսանչորս ժամ զսպաշապիկ հագա՜ծ։ Երբ այն առավոտ աքացիներով ինձ ստիպեցին ոտքի կանգնել, ես չէի կասկածում, որ կգա մի այնպիսի ժամանակ, երբ զսպաշապիկով անցկացրած քսանչորս ժամը ինձ համար դատարկ բան կթվա, երբ հարյուր ժամ զսպաշապիկով անցկացնելուց հետո կժպտամ նրանց, ովքեր արձակելիս կլինեն իմ կապերը, երբ երկուհարյուր քառասուն ժամ հետո իմ շուրթերին կխաղա միևնույն ժպիտը։

Այո՜, երկու հարյուր քառասո՜ւն ժամ։ Բամբակում պահված սիրելը քաղքենի, դու արդյոք գիտե՞ս, թե դա ինչ է նշանակում։ Նշանակում է զսպաշապիկ հագած անցկացնել տասը օր ու տասը գիշեր։ Օ՜հ, իհարկե, քրիստոնեական երկրներում Քրիստոսի ծննդից տասնինը դար հետո այդպիսի բաներ տեղի չեն ունենում։ Ես չեմ խնդրում, որ դու ինձ հավատաս։ Ինքս էլ դրան չեմ հավատում։ Ես միայն այն դիտեմ, թե Սեն-Քվենտինում ինչպես վարվեցին ինձ հետ, և ես դիմացա, ծիծաղեցի նրանց վրա, ու ինձնից ազատվելու եզակի հնարավորություն թողեցի միայն՝ բանտապանի քիթը ջարդելու համար մահապատժի ենթարկել ինձ։

Այս տողերը գրում եմ Քրիստոսի ծննդից հետո հազար ինը հարյուր տասներեք թվականին, և Քրիստոսի ծննդից հետո հազար ինը հարյուր տասներեք թվականին, հենց այս նույն պահին, Սեն-Քվենտինի մենախցերում զսպաշապիկ հագած մարդիկ են պառկած։

Քանի դեռ կշարունակվի իմ կյանքերի շղթան, ես երբեք չեմ մոռանա, թե այն առավոտ ինչպես բաժանվեցի Ֆիլադելֆիացի Շիկահերից։ Այն ժամանակ նա զսպաշապիկով անց էր կացրել արդեն յոթանասունչորս ժամ։

— Տեսնո՞ւմ ես, բարեկամ, դու ողջ-առողջ ես,— ձայն տվեց նա ինձ, երբ ես ճոճվելով, դուրս եկա մենախցից ու քարշ տալով ոտքերս, քայլեցի միջանցքով։

— Ձա՛յնդ, Շիկահեր,— բղավեց վերակացուն։

— Է՞լ ինչ կուզեիր,— լսվեց պատասխանը։

— Ես դեռ քո հախիցը կգամ, Շիկահեր,— սպառնաց վերակացուն։

— Կարծո՞ւմ ես,— քնքշորեն հարցրեց Ֆիլադելֆիացի Շիկահերը, և ապա չարությամբ նետեց ատամների արանքից.— էլ ոնց պետք է իմ հախից գաս, փտած դդում։ Դու քո այդ գործն էլ չէիր ունենա, եթե եղբորդ ծանոթությունները չլինեին։ Իսկ մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի հոտած աղբահորում են ավարտվում եղբորդ ծանոթությունները։

Դա սքանչելի էր. սքանչելի էր արիությունը այդ մարդու, որը կարողացել էր իր ներսում խեղդել գազանային համակարգի նկատմամբ ունեցած վախը։

— Ցտեսություն, բարեկամ,— իմ հետևից բղավեց Ֆիլադելֆիացի Շիկահերը։— Ողջ լինես։ Խելացի եղիր ու սիրիր բանաապետին։ Երբ հանդիպես, նրան ասա, որ ինձ տեսել ես, բայց չես լսել, որ ես մեկին վիրավորած լինեմ։

Վերակացուն կատաղությունից կարմրատակեց, և Շիկահերի կատակի համար ես բազմաթիվ աքացիներ ու հարվածներ վաստակեցի։



  1. Ուորդսվորթ Ուիլյամ (1770—1850) — անգլիացի նշանավոր պոետ-ռոմանտիկ։
  2. Ջորշ Վաշինգտոն (1732—1799) քաղաքական գործիչ և ԱՄՆ֊ի առաջին պրեզիդենտ։ Պատանեկան տարիներին Ջորջ Վաշինգտոնը շատ է ճանապարհորդել։
  3. Նկատի ունի ԱՄՆ֊ի՝ անկախության համար մղվող 1775—1783 թթ․ պատերազմը։
  4. Պատերազմ Անգլիայի դեմ։
  5. Պատերազմ, որն սկսվեց 1901 թ․։ ԱՄՆ-ը նվաճեց Ֆիլիպինները, ջախջախելով Ֆիլիպինյան հանրապետությունը։
  6. Սթեյթոն Մոզես — հոգեկան հիվանդ, նրա զառանցանքներն օգտագործում էին փորձելով ապացուցել «ոգիների վերաբնակեցման» հնարավորությունը։ Մոզեսը պնդում էր, որ ինքն արդեն գոյություն է ունեցել իր թվարկած պատմական անձանց կերպարանքով։
  7. Գնդապետ Դերոշ — դիլետանտ փորձարար, շատ դեպքերում՝ խաբեբա, գրքերի հեղինակ, որտեղ նա փորձում էր ապացուցել «ոգիների վերաբնակեցման» տեսությունը։