Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 56 292 բայտ, 07:03, 9 Փետրվարի 2015
/* Դ․ գլուխ */
Այդպես էլ անցնում էր մեր կյանքը։ Դորան տատիս էլ գրեթե այնքան էր սիրում, որքան և ինձ, և նրան միշտ այն ժամանակը հիշեցնում, երբ «մի փնթփնթացող, չար պառավ» էր համարել նրան։ Տատս երբեք ուրիշների հետ այն աստիճան բարեհամբույր չէր եղել, ինչպես որ այժմ։ Նա Ջիպին անգամ շոյում էր, թեև Ջիպն այդ գգվանքից ամենևին չէր մեղմանում․ ամեն անգամ ականջ էր դնում Դորայի կիթառ նվագելուն, թեև հիմք ունեմ կարծելու, թե երաժշտության ճաշակ չուներ․ երբեք անշնորհք աղախինների վրա չէր հարձակվում, թեև հարձակվելու կարիքն, անշուշտ զգում էր․ ամեն օր ոտքով գնում էր հեռավոր տեղեր՝ Դորայի համար մի ցանկալի բան գնելու, և երբ որ պարտեզի միջով մեզ մոտ էր գալիս և Դորային չէր հանդիպում, մենք լսում էինք նրա ձայնը, որ զվարթ հնչում էր․
― Որտե՞ղ է փոքրիկ Ծաղիկը։   ==Ե․ գլուխ== Մր․ Դիկն տատիս գուշակությունը ճշմարտում է  Մի քանի ամիս կլիներ, որ դոկտորին թողել էի։ Նրա հարևանը լինելով, շուտ֊շուտ էի նրան տեսնում․ երկու կամ երեք անգամ էլ բոլորս միասին թեյի կամ ճաշի էինք գնացել նրա մոտ։ Հին Զինվորն ընդմիշտ իր փեսայի հարկի տակ էր հաստատվել։ Նա նույնն էր, ինչ որ առաջ, նույն անմահ թիթեռներն էլ նրա գլխանոցի վրա թրթռում էին։ Մրս․ Մարկլհեմն, ինչպես և ուրիշ շատ մայրեր, որոնց ճանաչել եմ, իր աղջկանից ավելի էր աշխարհային զվարճություններ սիրում։ Նա միշտ զվարճության կարոտ էր, և այդ կարիքը հագեցնելիս, իբրև մի խորամանկ հին զինվոր աշխատում էր ցույց տալ, թե միայն իր զավակի հաճույնքն է կատարում։ Հետևաբար դոկտորի ցանկությունը՝ Աննիին որքան կարելի է զվարճացնել, միշտ անպայման հավանություն էր գտնում այդ պատվական զոքանչի կողմից։ Հավաստի եմ, որ մրս․ Մարկլհեմն անգիտակցաբար էր խեղճ դոկտորի սրտի վերքը գրգռում։ Հարկավ այդ զոքանչն ուրիշ բան նկատի չուներ, բացի միայն իր սնոտի փափգները գոհացնել, որոնցից զուրկ չեն տարեց կանայք․ սակայն անդադար դոկտորի հակումը գովելով՝ ջահել կնոջ կյանքը հեշտացնելու մասին, նա ալևորի երկյուղը սաստկացնում էր, այն երկյուղը, թե նրա և Աննիի միջև ոչ մի ներքին համակրություն չկա։ ― Սիրելի դոկտոր, ― իմ ներկայությամբ ասաց նա մի օր, ― ինքներդ գիտեք, որ Աննիի համար միշտ փակված կյանք վարելը փոքր֊ինչ ծանր է։ Դոկտորը գլխով բարեմիտ հավանության նշան արեց։ ― Երբ որ նա իր մոր տարիքին հասնի․ ― ասաց մրս․ Մարկլհեմն, իր հովհարը շարժելով, ― այն ժամանակ բանը կփոխվի։ Ինձ գալով, կուզեք ինձ բանտ նստեցրեք, փույթ չէ, միայն թե մի լավ ընկերություն և ուիստի խաղակից ունենայի։ Բայց գիտեք, որ ես Աննին չեմ, Աննին էլ իմ մայրը չէ։ ― Իրավ է, իրավ, ― ասաց դոկտորը։ ― Դուք մի պատվական, հիանալի մարդ եք․․․ Ո՛չ, ներեցեք, ― շարունակեց տիկինը, դոկտորի բացասական շարժումները տեսնելով, ― ես ուղղալի երեսներիդ կասեմ, ինչ որ միշտ ձեր հետևից ասել եմ․ դուք հիանալի մարդ եք․ բայց բնական է, որ չեք կարող միևնույն ցանկությունները, միևնույն պետքերն ունենլ, ինչ որ ունի մեր Աննին։ Չէ՞, դոկտոր։ ― Իհարկե ոչ, ― ասաց դոկտորն տխուր ձայնով։ ― Եվ բնական է, ― վրա բերեց Հին Զինվորը։ ― Վերցնենք, օրինակի համար, ձեր բառարանը։ Բառարանից օգտակար բան մի՞թե կա։ Որ աստիճանի անհրաժեշտ բան։ Բառերի իմաստ, նշանակություն։ Եթե դոկտոր Ջոնսընը և նրա նմանները չլինեին, ո՞վ գիտե, այսօր էլ մենք իտալական արդուկի տեղ՝ ավելի կոթ կասեինք։ Սակայն մի՞թե կարելի է մեր Աննիից պահանջել, որ նա բառարանով հետաքրքրվի, այն էլ անավարտ բառարանով։ Ի՞նչ եք կարծում, սիրելի դոկտոր։ Դոկտորը նորից գլուխը շարժեց։ ― Եվ ահա ձեր այդ քնքուշ հոգատարությունն է, որ ես այնքան գովում եմ, ― ասաց մրս․ Մարկլհեմը, իր հովհարը դոկտորի ուսին դիպցնելով։ ― Դրանով դուք ցույց եք տալիս, որ նման չեք այն բազմաթիվ ծերերին, որոնք կուզենային ալևորված գլուխներ տեսնել պատանեկան ուսերի վրա։ Դուք Աննիի բնավորությունը լավ եք ուսումնասիրել ու հասկացել։ Ահա դա է հիացնում ինձ։ Նույնիսկ համբերատար դոկտոր Ստրոնգի երեսը դժգոհության նշան ցույց տվեց այդ գովասանքների զեղումից։ ― Հետևաբար, սիրելի դոկտոր, ― ասաց Զինվորը, մի քանի քնքուշ զարկեր տալով ծերունուն, ― դուք միշտ կարող եք հրամայել ինձ, տարվա որ եղանակին ու ժամանակին կամենաք։ Արդ, իմացեք, որ ամեն ժամանակ ես ձեր խոնարհ սպասուհին եմ։ Ես պատրաստ եմ Աննիիի հետ օպերա գնալ, նվագահանդես, ցուցահանդես, պարահանդես․ ուր էլ կամենաք, և երբեք երեսիս վրա հոգնության նշան չեք տեսնի։ Ինձ համար մայրական պարտքն ամեն բանից վեր է, սիրելի դոկտոր։ Եվ իրավ, Զինվորը իր խոսքին հավատարիմ էր։ Նա այն կարգի էակներից էր, որոնք երբեք չեն հափրանում աշխարհային վայելքներից և համառությամբ հետամուտ են լինում այդ բաներին։ Օր չէր անցնի, որ լրագիր կարդալիս (և ամեն օր գոնե երկու ժամ կարդում էր իր փափուկ բազկաթոռի մեջ նստած և ակնոցը ձեռքին բռնած) մի նշանավոր բան չգտներ, որ իր կարծիքով Աննին անպատճառ ուզենար տեսնել։ Զուր էր Աննին բողոքում, թե արդեն զզվել է այդ բոլորից։ Մայրը միշտ պատասխանում էր․ ― Հարկավ դու ավելի լավ գիտես, սիրելի Աննի, սակայն պիտի ասեմ, հոգյակ իմ, որ վատ ես վարձատրում դոկտոր Ստրոնգի բարությունը։ Այդ ասվում էր սովորաբար նույնիսկ դոկտորի ներկայությամբ, և ինձ թվում էր, թե Աննին հատկապես այդ պատճառով է իր բողոքները ետ առնում։ Նա գրեթե միշտ զիջում էր մոր կամքին և գնում՝ ուր էլ տաներ Հին Զինվորը։ Այժմ հազիվ էր պատահում, որ մր․ Մելդընը նրանց ուղեկցեր։ Երբեմն տատս ու Դորան հրավիրվում էին զբոսանքներին մասնակցելու։ Երբեմն էլ միայն Դորան էր հրավեր ստանում։ Կար ժամանակ, երբ ես այդ հրավերներին հավանություն չէի տալիս․ սակայն դոկտորի տան գիշերային դեպքից հետո կարծիքներս փոխվել էին։ Ես հավատացած էի, որ դոկտորն արդար է, և այլևս ոչ մի կասկած չունեի։ Տատս այդ մասին մենակ ինձ հետ խոսելիս քիթը տրորում էր ու ասում․ ― Խելքին մոտ բան չի սա։ Սրտանց կուզենայի, որ նրանք երջանիկ լինեին․ բայց ամենևին չի կարելի սպասել, որ մեր Զինվոր բարեկամը (այսպես էր անվանում Հին Զինվորին) այդ բանի հաջողությանը նպաստի։ Այնուհետև տատս պնդում էր, թե մեր բարեկամ Զինվորի փոքր֊ինչ խելքի գալու առաջին նշանը այն կլինի, որ նա գլխանոցի թիթեռնիկները հանի և մի ծխնելույզ մաքրողի ընծայի, իբրև գարնան տոնի նվեր։ Մեծ էր սակայն տատիս վստայությունը մր․ Դիկի վրա։ ― Այդ մարդու գլխում անշուշտ մի գաղափար կա, ― ասում էր տատս, ― միայն թե հաջողվեր նրան այդ գաղափարն արտահայտել․․․ դա է էական դժվարությունը։ Այնուհետև նա մի երևելի գործով կհռչակվի։ Այդ գուշակությանն անգիտակ մր․ Դիկը շարունակում էր առաջվա դիրքը բռնել դոկտորի և նրա ամուսնու նկատմամբ։ Կարծես թե որոշել էր ոչ առաջ գնալ, ոչ ետ քաշվել։ Այդ դրության մեջ մի հաստահիմն շինվածքի պես հաստատ էր, և ես խոստովանում եմ, որ եթե նրա շարժվելը տեսնեի, նույնչափ կզարմանայի, որչափ մի տան ման գալուց։ Մի երեկո, սակայն, պսակվելուցս փոքր֊ինչ հետո, մինչ մենակ նստած գրում էի (Դորան ու տատս թեյի էին գնացել թռչնիկների մոտ), մր․ Դիկը գլուխը սենյակիս դռնից ներս խոթեց և ազդարար կերպով հազալուց հետո ասաց․ ― Արդյոք չե՞մ խանգարի ձեզ, Տրոտուդ։ ― Ամենևին, մր․ Դիկ, ― ասացի ես։ ― Խնդրեմ ներս հրամմեցեք։ ― Տրոտուդ, ― ասաց մր․ Դիկը, ողջյունից հետո մատը քթին դնելով, ― նստելուց առաջ կցանկանայի մի դիտողություն անել ձեզ։ Ճանաչո՞ւմ եք, ձեր տատին։ ― Փոքր֊ինչ, ― պատասխանեցի ես։ ― Նրա պես զարմանալի կին աշխարհիս երեսին չկա՜, սըր։ Այդ կարծիքը գնդակի պես իր միջից դուրս նետելուց հետո, մր․ Դիկը նստեց սովորականից ավելի լրջությամբ ու վրաս նայեց։ ― Այժմ, որդի, ― ասաց նա, ― մի բան եմ ուզում հարցնել քեզ։ ― Մի բան չէ, որքա՜ն կուզեք։ ― Ի՞նչ կարծիք ունեք իմ մասին, սըր, ― հարցրեց մր․ Դիկը, թևերը կրծ քի վրա խաչելով։ ― Այն կարծիքը, որ դուք իմ հին բարեկամն եք։ ― Շնորհակալ եմ, Տրոտուդ, ― ասաց մր․ Դիկը ծիծաղելով և աջս սեղմեց։ ― Բայց բանն այդ չէ, ա՜յ տղա, ― ասաց նա, նորից լուրջ կերպարանք ընդունելով։ ― Ոզում եմ իմանալ, թե ի՞նչ կարծիքի ես այս մասին։ Նա իր ճակատը շոշափեց։ Շվարունից չգիտեի՝ ի՞նչ անեմ, բայց նա ինձ մի բառով օգնեց։ ― Տկա՞ր, ― ասաց մր․ Դիկը։ ― Այո․․․ գուցե փոքր֊ինչ, ― պատասխանեցի ես երկբայաբար։ ― Ճիշտ այդպես, ― գոչեց մր․ Դիկը, ասես թր իմ պատասխանից հիացած։ ― Երբ որ մեկի գլխից․․․ հո գիտեք, ո՞ւմ գլխից շփոթութայն մի մասը հանեցին ու դրին․․․ ինքներդ գիտեք, ո՞ւր դրին․․․ այն ժամանակ․․․ Մր․ Դիկն իր ձեռքերը պարզեց, հետո կցեց, հետո նորից արագ շրջեց մի խառնակություն պատկերացնելու համար, և ասաց․ ― Ահա տեսա՞ր, ինչ արին ինձ։ Ես գլուխս կախեցի, նա էլ կախեց։ ― Կարճ ասած, որդյակ իմ, ― ասաց մր․ Դիկը, հանկարծ ձայնը մեղմացնելով, ― ես ապուշ եմ։ Ուզում էի հերքել նրան ասածը, բայց արգելեց։ ― Այո՛, այո՛։ Նա պնդում է, թե ապուշ չեմ, լսել անգամ չի ուզում, բայց ես գիտեմ, որ ապուշ եմ։ Եթե նա բարեկամուհիս չլիներ, սըր, ո՞վ գիտի՝ մինչև այժմ որտեղ փակված կլինեի, թե ինչ թշվառ կյանք կվարեի։ Սակայն, միամիտ եղեք, ես նրան պարտքս կվճարեմ։ Ես արտագրելով վաստակած փողս խնայել եմ․ ոչ մի պենի չեմ վատնել։ Այդ գումարը սնդուկի մեջ պահված է։ Կտակս արդեն պատրաստ է, և բոլորը նրան եմ թողնում։ Նա կհասկանա․․․ փառավո՜ր ապրուստ կունենա։ Մր․ Դիկը թաշկինակը հանեց ու աչքերը սրբեց։ Հետո մեծ խնամքով ծալեց այն, կամաց սեղմեց ու գրպանը դրեց, կարծես տատիս էլ նրա հետ միասին թաքցնելով։ ― Ահա դուք կրթված մարդ եք, Տրոտուդ, ― ասաց մր․Դիկը։ ― Շատ ուսյալ եք և լավ գիտեք, թե դոկտորը որքա՜ն գիտուն, իմաստուն է։ Միշտ տեսնում եք, թե որքա՜ն է ինձ հարգում։ Նա իր գիտությամբ չի հպարտանում, համեստ է, մարդասեր է, կարեկից է մինչև անգամ ապուշ Դիկին, որ ոչ մի բան չգիտի։ Անցյալ օրը ես, նրա անունը մի թերթիկի վրա գրելով, ֆռռանիս հետ դեպի երկինք բաց թողի, ուր արտույտներն են սավառնում։ Ֆռռանս ուրախ էր, որ նրա հետ ճախրում է, և երկինքն էլ ավելի պայծառ էր։ Ես հիացրի մր․ Դիկին, սրտանց նրան ասելով, թե դոկտորը մեր խորին ակնածության ու հարգանքի արժանի անձ է։ ― Եվ նրա սիրուն կինը մի աստղ է, մի լուսավոր աստղ, ― ասաց մր․ Դիկը։ ― Ես տեսել եմ նրա փայլը, սըր։ Բայց․․․ (մր․ Դիկն իր աթոռն ինձ մոտեցրեց ու ձեռքը ծնկիս դրեց) ամպեր կան, սըր․․․ ամպե՜ր։ Նրա վարանումը տեսնելով, ես էլ վարանած ձևացա ու գլուխս շարժեցի։ ― Ի՞նչ ամպեր են, ― հարցրեց մր․ Դիկը։ Նա այնպես լարված ուշադրությամբ երեսիս նայեց, որ ես շտապեցի ըստ կարելվույն հանդարտ ու հստակ խոսել, ինչպես որ անում են երեխային բան բացատրելիս։ ― Նրանց միջև մի թշվառ պառակտում կա, ― ասացի ես, ― մի ցավալի բաժանման պատճառ։ Մի գաղտնիք։ Գուցե պատճառը նրանց հասակի տարբերությունն է և կամ թե մի չնչին բան։ Մր․ Դիկը, որ յուրաքանչյուր բառիս վրա խորհրդավոր կերպով գլուխը հակում էր, մի որոշ ժամանակ աչքերը դեմքիս հառեց ու ձեռքը դնելով՝ լուռ մնաց։ ― Արդյոք դոկտորը նրա վրա չի՞ բարկացած, Տրոտուդ, ― հարցրեց նա վերջապես։ ― Ո՛չ, դոկտորը նրան շատ է սիրում։ ― Ուրեմն, ա՜յ տղա, ես գիտեմ, թե բանն ինչումն է, ― գոչեց մր․ Դիկը։ Այն հանկարծական ցնծությունը տեսնելով, որով նա ծնկին խփեց ու հոնքերը բարձրացնելով իր աթոռի վրա ետ ընկավ, ես կարծեցի, թե նա բոլորովին խելագարվել է։ Սակայն հանկարծ նորից զգաստացավ և անկեղծությամբ իր թաշկինակը հանելով, որ իբր թե իրոք իմ տատին էր ներկայացնում, դեպի ինձ թեքվեց ու ասաց․ Աշխարհիս երեսին նրանից ավելի զարմանալի կին չկա, Տրոտուդ։ Ինչո՞ւ նա ոչինչ չարեց այդ բաներն ուղղելու համար։ ― Այդպիսի փափուկ բանի մեջ խառնվելը նրա համար շատ դժվար է, ― պատասխանեցի ես։ ― Իսկ դուք, որ այդքան գիտնական եք, ― ասաց մր․ Դիկը, մատի ծայրով դիպչելով ինձ, ― ինչո՞ւ դուք ոչինչ չարիք։ ― Միևնույն պատճառով, ― պատասխանեցի ես կրկին։ ― Ուրեմն, տղա, ես գիտեմ, թե բանն ինչումն է, ― ասց մր․ Դիկը։ Եվ նա կանգնեց իմ առջև ավելի հաղթական քան առաջ, և գլուխը տատանելով մի քանի անգամ իր կուրծքն այնպես բախեց, ասես թե ուզում էր միջից ամբողջ շունչը դուրս մղել։ ― Մի ողորմելի խենթուլիկ, ― ասաց մր․ Դիկը, ― մի սակավամիտ, մի ապուշ․․․ այսինքն՝ ձեր խոնարհ ծառան (այստեղ նա դարձյալ իր կուրծը բախեց)․․․ կարող է այն անել, ինչ որ անգամ իմաստունները չեն կարող անել։ Ես նրանց կհաշտեցնեմ, ա՜յ տղա։ Կփորձեմ։ Ինձ ոչ ոք չի հակառակի։ Հիմարություն էլ որ անեմ, իմ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնի։ Չէ՞ որ ես Դիկն եմ։ Ո՞վ է Դիկին բանի տեղ դնում։ Ի՞նչ է Դիկը։ Դիկը ոչի՛նչ է։ Փը՜հ։ Եվ նա մի թեթև արհամարհանքով փչեց, կարծես թե իր իսկ անձը հարդի պես դեն փչելով։ Նա երջանիկ էր, որ գոնե այդքան կարողացավ իր գաղտնիքը բաց անել։ Հենց այդ րոպեին պարտեզի դռնակի մոտ մի կառք կանգնեց, որից տատս ու Դորան իջան։ ― Էլ ոչ մի խոսք, ա՜յ տղա, ― շարունակեց մր․ Դիկը շշնջալով։ ― Թող ամբողջ վնասը Դիկին հասնի․․․ հիմար Դիկին, խելագա՜ր Դիկին։ Վաղուց արդեն մտածում էի, սըր, այդ մասին, և վերջապես ահա գտա։ Ձեր խոսքերից հետո հավատացած եմ, որ գտա։ Այժմ գործը հաջո՜ղ է։ Այդ նյութի մասին մր․ Դիկն այլևս ոչ մի խոսք չասաց, այլ մի կես ժամ շարունակ (ապշեցնելով իմ տատին) հեռագրական նշաններով հրավիրում էր ինձ գաղտնիքը ծածուկ պահել։ Երկու֊երեք շաբաթներ անցան, և զարմանում էի, որ մր․ Դիկից լուր չունեմ, թեև շատ կցանկանայի նրա ջանքերի հետևանքն իմանալ․ նրա արած եզրակացության մեջ ես մի ողջամիտ դատողության նշույլ էի նշմարել, էլ չասենք սրտի բարություն, որ ամեն ժամանակ հատուկ էր իրեն։ Վերջապես սկսեցի մտածել, թե իր երերուն ու թռուցիկ մտքի պատճառով իր դիտավորությունը մոռացած և կամ թողած կլինի։ Մի երեկո, երբ Դորան տանից ելնելու տրամադրություն չուներ, տատս ու ես որոշեցինք դոկտոր Ստրոնգի մոտ գնալ։ Արդեն աշուն էր, և Պառլամենտի պայքարները դադարած լինելով՝ երեկոյան զով օդը չէին պղտորում։ Հիշում եմ, որ թափված տերևները նույն բուրմունքն էին արձակում, որ ծանոթ էին ինձ Բլենդրոտընի պարտեզից, և շնչող քամին տխուր, հին զգացումներ էր ազդում սրտիս։ Արևն արդեն մայր էր մտնում, երբ որ հասանք տնակին։ Մրս․ Ստրոնգը նոր էր եկել պարտեզից, ուր մր․ Դիկը, դանակը ձեռքին, դեռ շրջում էր, օգնելով պարտիզպանին մի քանի ձող սրելու։ Դոկտորը գրասենյակում մի այցելուի հետ էր զբաղված, բայց մրս․ Ստրոնգն ասաց մեզ, թե հյուրը շուտով կհեռանա, ու խնդրեց մի քիչ սպասել։ Նրա հետ միասին դահլիճ մտանք և արդեն մթնած պատուհանի մոտ նստեցինք։ Իբրև հին բարեկամներ ու դրացիներ, իրարից շատ չէինք քաշվում։ Մի քանի րոպեից հետո մրս․ Մարկլհեմը, որ միշտ պատրաստ էր ամեն առթիվ աղմուկ հանել, լրագրերը ձեռքին, աղմուկով ներս վազեց ու գոչեց․ ― Ա՜խ, Աննի, ինչո՞ւ չասացիր, թե գրասենյակում հյուրեր կան։ ― Չգիտեի, մայրիկ, թե կցանկանայիր իմանալ այդ, ― պատասխանեց մրս․ Ստրոնգը հանգիստ ձայնով։ ― Կցանկանաի՜ր, ա՜յ քեզ բան, ― ասաց մրս․ Մարկլհեմն ու բազմոցի վրա ընկավ։ ― Օ՜հ, երբեք այսպես չէի վազել։ ― Ուրեմն դու այնտե՞ղ էիր մայրիկ, ― հարցրեց Աննին։ ― Այդ ի՞նչ հարցմունք է, սիրելիս, ― գոչեց սաստկությամբ նրա մայրը։ ― Հարկա՜վ այնտեղ էի։ Եվ իսկ ու իսկ այն րոպեի գրասենյակը մտա․․․ երևակայեցեք իմ հուզումը, միս Տրոտուդ և դուք Դավիթ․․․ ճիշտ այն րոպեին մտա, երբ մեր անգին դոկտորն իր կտակը գրելով էր զբաղված։ Այդ լսելուն պես աղջիկը պատուհանի մոտ արագ շուռ եկավ։ ― Բան եմ ասում քեզ, Աննի, ― շարունակեց մրս․ Մարկլհեմը, լրագիրը սփռոցի պես իր ծնկների վրա փռելով ու շփելով, ― ճիշտ այն րոպեին, երբ իր վերջին կամքն ու կտակն էր գրում։ Ինչպիսի՜ նախատեսություն և որքա՜ն սեր նրա կողմից։ Պիտի պատմեմ, թե այդ բանն ինչպե՞ս եղավ․ անհրաժեշտ է, որ պատմեմ, գոնե դոկտորի ազնվությունը ցույց տալու համար։ Այո՛, այո՛, շատ ազնիվ է դոկտորը։ Գուցե ձեզ հայտնի լինի, միս Տրոտուդ, որ այս տանը սովորություն չկա մոմ վառելու, մինչև որ կարդացողի աչքերը, բառիս բուն նշանակությամբ, կոպիճներից դուրս չընկնեն, ամբողջ տանն էլ միայն գրասենյակում մի բազկաթոռ կգտնես, ուր կարելի է լրագիր կարդալ, այսինքն՝ այնպես կարդալ, ինչպես որ ես գիտեմ։ Այդ էր պատճառը, որ գրասենյակում լույս տեսնելուս պես այն կողմը գնացի, դուռը բացի։ Դոկտորի մոտ երկու պաշտոնական պարոններ էին գտնվում, որոնք անշուշտ իրավաբաններ կլինեին, երբեմն էլ սեղանի շուրջը կանգնած էին․ սիրելի դոկտորը՝ գրիչը ձեռքին։ «Արդ, ջենտլմեններ, ասաց դոկտորը․ Աննի, հոգյակս, լավ ականջ դիր այս խոսքերին՝ «կարծեմ այստեղ պա՞րզ հայտնված է, որ ես լիակատար հավատ եմ ընծայում մրս․ Ստրոնգին և անպայման նրան եմ թողնում ամեն բան։ Պաշտոնյա պարոններից մեկը պատասխանեց․ «Անպայման նրան եմ թողնում ամեն բան»»։ Այն ժամանակ ես շատ հասկանալի մայրական եռանդով գոչեցի․ «Աստվա՜ծ իմ, ներեցեք», ետ փախա ու շտեմարանի մութ նրբանցքով շնչասպառ այստեղ վազեցի։ Մրս․ Ստրոնգը պատուհանը բացեց և պատշգամբ դուրս գալով սյունին հենվեց։ ― Արդ, խնդեմ ասացեք, մրս․ Տրոտուդ, և դուք, Դավիթ, ― ասաց մր․ Մարկլհեմը, իր աղջկա շարժումները մեքենաբար դիտելով, ― մի՞թե մեզ համար սփոփանք ու խրախուսանք չէ մի մարդ տեսնել դոկտոր Ստրոնգի հասակում, որ մի այդպիսի բան անելու հոգեկան ուժ ունի։ Դա հայտնապես ցույց է տալիս, թե որքա՜ն անսխալ եմ։ Դեռ այն ժամանակ, երբ դոկտորն իր շնորհաբեր այցելությամբ ինձ հարգել էր և Աննիիս աջը խնդրել․ ես ասացի աղջկանս․ «Տարակույս չկա, հոգյակ իմ, որ քեզ վայելչապես ապահովելու համար դոկտոր Ստրոնգն իր խոստացածից շատ ավելի բան կանի»։ Այդ րոպեին զանգակը հնչեց, և մենք հեռացող այցելուների ոտքերի ձայնը լսեցինք։ ― Այժմ անպատճառ բանը վերջացած կլինի, ― ասաց Հին Զինվորը փոքր֊ինչ ականջ դնելուց հետո, ― անգին դոկտորը ստորագրեց, կնքեց և ում որ պետք է հանձնեց կտակը, և արդեն սիրտը հանգիստ է։ Երանի՜ նրան։ Ահա մի պատվական մարդ։ Սիրելի Աննի, այժմ ես գրասեյակ կգնամ՝ մի քիչ լրագիր կարդալու․ դու հո գիտես, որ ինձ թշվառ եմ զգում, մինչև որ լուրեր չիմանամ։ Մր․ Տրոտոիդ, Դավիթ, խնդրեմ դուք էլ դոկտորի մոտ հրամեցեք։ Որքան հիշում եմ՝ մր․ Դիկը, դանակը ծալելով կանգնած էր սենյակի մութ անկյունում, երբ մենք զոքանչի հետևից դոկտորի մոտ գնացինք․ միտքս է նաև, որ տատս գնալիս իր քիթը սաստիկ տրորում էր, երևի թե մեր Զինվոր բարեկամի վրա զայրացած լինելը ցույց տալու համար․ բայց թե ո՞վ առաջինը գրասենյակ ոտք դրեց, կամ թե ինչպե՞ս մրս․ Մարկլհեմը մի վայրկյանում բազկաթոռի մեջ նստեց, և կամ թե ինչպե՞ս տատս ու ես դռան մոտ միասին գտնվեցինք (գուցե նրա աչքերն իմից ավելի սուր էին, և նա ինձ ետ պահեց), ― ամենևին չեմ հիշում։ Սակայն գիտցածս սա է, որ մենք դոկտորին ավելի առաջ նշմարեցինք, քան թե նա մեզ․ նա սեղանի առաջ նստած էր ակներև հաճությամբ իր ահագին հատորների վրա ծռված։ Այդ րոպեին մրս․ Ստրոնգը ներս մտավ․ նա գունատ ու դողդոջուն էր։ Նրան ներս բերողը մր․ Դիկն էր, որ մի ձեռքով նրա աջը բռնած՝ մյուսը դոկտորի ուսին դրեց․ դոկտորը գլուխը բարձրացրեց ու մտամոլոր մեզ նայեց։ Հանկարծ կինը նրա ոտքն ընկավ, աղերսաբար ձեռքերը մեկնեց և աչքերը նրա վրա սևեռեց այն խորհրդավոր հայացքով, որ ես դեռ չեմ մոռացել։ Մրս․ Մարկլհեմն այդ տեսնելուն պես լրագիրը վայր գցեց, աչքերը չռեց ու դարձավ մի արձան, որ շատ հարմար էր «Ապշություն» կոչված նավի ցռուկին գրվելուն։ Գալով դոկտորի հեզիկ զարմանքին, նրա կնոջ ազնվությանը, որ երևում էր նրա աղաչավոր դիրքի մեջ, մր․ Դիկի գորովալի կարեկցությանը ու տատիս ծանր լրջությանը, որով «Այս մա՞րդն է խելագար», ասաց ինքն իրեն, ― այս բոլորը ես ոչ միայն հիշում եմ սույն տողերը գրելիս, այլ կարծես տեսնում ու լսում։ ― Դոկտոր, ― ասաց մր․ Դիկը, ― այս ի՞նչ է նշանակում։ Մի տեսեք։ ― Աննի, ― գոչեց դոկտորը։ ― Դո՞ւ ոտքիս տակ, սիրելիս։ ― Այո, ― ասաց կինը։ ― Աղաչում եմ, թախանձում, որ ոչ ոք սենյակից չհեռանա։ Ո՜վ իմ ամուսին, ո՜վ իմ հայր, վերջ դիր երկար լռությանդ։ Թող վերջապես իմանանք, թե ի՞նչ է պատահել մեր միջև։ Մրս․ Մարկլհեմը, որ նորից խոսելու ուժ էր ստացել և, կարծես, տոհմական հպարտությամբ ու մայրական բարկությամբ լցվել, բացականչեց․ ― Աննի, վե՜ր կաց այս րոպեիս։ Մի՛ խայտառակիր ազգականներիդ, այդ աստիճան ստորանալով, եթե ո՛չ իսկույն խելքս կթռչի։ ― Մայրիկ, ― պատասխանեց Աննին, ― միամիտ եղիր։ Ես իմ ամուսնուն եմ դիմում, և դու այստեղ գործ չունես։ ― Ե՞ս գործ չունեմ, ե՞ս, ― գոչեց մրս․ Մարկլհեմը։ ― Ցնորվե՞լ է այս աղջիկը։ Ջուր տվեք ինձ, մի բաժակ ջուր։ Ես այնքան զբաղված էի դոկտորով ու նրա ամուսնով, որ այդ խնդրին ուշք չդարձրի, ոչ ոք էլ ուշք չդարձրեց, և մրս․ Մարկլհեմին ուրիշ բան չմնաց անել, քան միայն հևալ, աչքերը չռել ու հովհարել ինքն իրեն։ ― Աննի, ― ասաց դոկտորը գորովանքով կնոջ ձեռքը բռնելով։ ― Սիրելի ընկե՜ր։ Եթե ժամանակի ընթացքում մեր ամուսնական կյանքի մեջ մի անխուսափելի փոփոխություն պատահած լինի, մեղավորը հարկավ դու չես։ Հանցավորը ե՛ս եմ միայն, միայն ե՛ս։ Իմ զգացման, հիացման ու հարգանքի մեջ փոփոխություն չկա։ Միակ փափագս քեզ բախտավորեցնելն է։ Ես անկեղծ սիրում ու հարգում եմ քեզ։ Վե՛ր կաց, Աննի, աղաչում եմ։ Տիկինը, սակայն, չէր վեր կենում։ Մի քանի վայրկյան մարդուն ակնապիշ նայելուց հետո նա ավելի մոտեցավ նրան, ձեռքը նրա ծնկին դրեց ու գլուխը կախելով՝ ասաց․ ― Եթե այս սենյակում ես մի բարեկամ ունեմ, որ կարող է ի նպաստ իմ կամ ամուսնուս մի խոսք ասել գործիս առթիվ, եթե կա մի բարեկամ, որ ձեռնահաս է իր ձայնը լսելի անել սիրտ մաշող կասկածանքի վերաբերմամբ, եթե կա մի բարեկամ, որ ամուսնուս հարգում է, ինձ էլ փոքր֊ինչ կարեկից է և մի բան գիտի, որ կարող է մեր օգտին ծառայել, աղաչում եմ, թող այդ բարեկամը խոսի։ Տիրեց խորին լռություն։ Մի կարճատև, բայց տաժանելի վարանմունքից հետո ես սիրտ արեցի այդ լռությունը խզել։ ― Մրս․ Ստրոնգ, ― ասացի ես, ― ես գիտեմ մի բան, որ դոկտոր Ստրոնգի ստիպողաբար պատվերով մինչև այսօր ծածուկ էի պահել։ Սակայն ինձ թվում է, թե ավելի երկար թաքցնելը կեղծ զգուշություն կլիներ․ ձեր հրավերն ազատում է ինձ տված խոսքիս կապանքից։ Տիկինը շուռ գալով վրաս նայեց․ ես զգացի, որ իրավացի եմ։ Ես նրա աղերսական հայացքին չէի դիմադրի, եթե նույնիսկ վստահությունս շատ էլ հաստատ չլիներ։ ― Մեր ապագա խաղաղությունը, ― ասաց նա, ― թերևս ձեր ձեռքին է։ Հավատացած եմ, որ ոչ մի բան չեք ծածկի։ Առաջուց գիտեմ, որ ոչ դուք, որ էլ մեկ ուրիշը մի այնպիսի բան չի ասի ինձ, որ կարենար իմ ամուսնու ազնիվ սրտին արատ դնել։ Ինչ ել իմ մասին ասելու լինեք, համարձակ ասացեք։ Ես էլ իմ ասելիքը նրա առջև կասեմ ու ապա թե աստծու առջև։ Այդ հրավերից հետո ավելորդ համարեցի դոկտորից թույլտվություն խնդրել և միայն Ուրիաս Հիպի կոպիտ ոճերը մեղմացնելով, մանրամասն պատմեցի միևնույն սենյակում տեղի ունեցած գիշերվա դեպքը։ Պատմությանս միջոցին մրս․ Մարկլհեմի արտահայտած շվարումը, խոսքերիս թելը կտրող սուր ու սաստիկ ճիչերը անհնարին է նկարագրել։ Երբ վերջացրի, Աննին մի քանի վայրկյան լուռ մնաց՝ առաջվա պես գլխիկոր։ Հետո դոկտորի աջը բռնեց, կրծքին սեղմեց ու համբուրեց։ Մեր ներս մտնելուց ի վեր դոկտորը նստած էր միևնույն դիրքով։ Մր․ Դիկը կամաց բարձրացրեց Աննիին։ Տիկինը նրան հենվելով, ոտքի կանգնեց ու սկսեց ամուսնու երեսին մտիկ տալ, այդպես էլ մնաց։ ― Ամեն բան ձեր առջև պիտի դնեմ, ― ասաց նա համեստ, գողտրիկ ու հլու ձայնով, ― ամեն բան, որով մեր ամուսնության օրից ի վեր իմ սիրտը լիքն է եղել։ Այն բոլորն իմանալուց հետո, ինչ որ հենց նոր իմացա, ես չեմ ապրի, եթե սրտումս գեթ մի հատ գաղտնիք մնա։ ― Ո՛չ, Աննի, ― ասաց դոկտորը հեզությամբ։ ― Ես երբեք կասկած չեմ ունեցել քո մասին, հրեշտակ իմ։ Ավելորդ է, բոլորովին ավելորդ։ ― Ավելորդ չէ, ― կրկնեց կինն առաջվա ձայնով, ― այլ անհրաժեշտ է սիրտս բանալ քո վեհանձն, ճշմարտասեր հոգու առջև, որ օրեցօր ու տարեցտարի ավելի եմ սիրել։ Երկի՜նքը վկա։ ― Եթե խելքս չի կորել․․․ ― գոչեց մրս․ Մարկլհեմը։ ( ― Ի՞նչ խելք ունիս որ կորչեր, ա՜յ դու թութակ, ― փնթփնթաց տատս զայրույթով)։ ― ․․․ Պիտի ասեմ, որ հարկ չկա բնավ այս գործի մանրամասները հիշելու։ ― Այդ բանի դատավորը միայն իմ մարդն է և ուրիշ ոչ ոք, ― ասաց Աննին, շարունակելով դոկտորին նայել, ― և նա անշուշտ ինձ կլսի։ Կներես, մայրիկ, եթե խոստովանությունս վշտացնի քեզ։ Ես ինքս շատ վիշտ եմ կրել ու համբերել։ ― Ե՜ս ու իմ հոգին, ― մրմնջաց մրս․ Մարկլհեմը։ ― Ես դեռ ջահել էի, ― ասաց Աննին, ― գրեթե մի փոքրիկ աղջիկ, երբ առաջին գաղափարներս աշխարհի մասին անբաժան էին մի երկայնամիտ բարեկամից ու վարժապետից․․․ հանգուցյալ հորս ընկերից․․․ որին ես միշտ հարգել եմ։ Մի բան չկա, որ ես գիտենամ, որ նրա հրեշտակն այդ բանի հետ կապված չլինի մտքիս մեջ։ Նա էր, որ գիտության առաջին գանձերով միտքս ճոխացրեց և այդ բոլորի վրա իր բնավորության կնիքը դրոշմեց։ Հավաստի եմ, որ նրանք երբեք այնքան օգուտ չէին տա ինձ, ինչքան որ տվին, եթե մի ուրիշի ձեռքից ստացած լինեի։ ― Ուրեմն մայրիկդ ոչի՜նչ է, ― գոչեց մրս․ Մարկլհեմը։ ― Ո՛չ, մայրիկ, ― ասաց Աննին։ ― Ես միայն ցույց եմ տալիս, թե նա ինչ էր, և այդ անելն իմ պարտքն է։ Ես հասակ առա, և նա սրտիս մեջ դարձյալ առաջվա տեղն էր բռնում։ Ես պարծենում էի նրա փութաջան հոգատարությամբ և սրտանց նրան երախտապարտ էի։ Դժվար է ասել, թե ինչ աչքով էի նրա վրա նայում․ ես համարում էի նրան մի հայր, մի ղեկավար, մի այնպիսի մարդ, որի գովասանքը մյուս ամեն գովասանքից տարբեր էր, մի մարդ, որին կշարունակեի վստահել ու հավատալ, եթե նույնիսկ ամբողջ աշխարհից հուսահատված լինեի։ Գիտես, մայրիկ, թե որքա՜ն ջահել էի, որքա՜ն անփորձ, երբ դու հանկարծ հայտնեցիր, թե նա իմ նշանածն է։ ― Այս բանը ես արդեն առնվազն հիսուն անգամ ամեն մեկիդ պատմել եմ, ― ասաց մրս․ Մարկլհեմը։ (― Ուրեմն ձայնդ կտրիր, աստծու սիրուն, է՛լ մի խոսի այդ մասին, ― քրթմնջաց տատս)։ ― Այդ փոփոխությունը ինձ համար այնքան մեծ էր, ― շարունակեց Աննին միևնույն ձայնով ու հայացքով, ― և, ինչպես սկզբում կարծում էի, այնքան բան էի կորցնում, որ ես հուզվեցի և տրտմեցի։ Ես դեռ մի անփորձ աղջիկ էի և, կարծեմ, վիշտ էի զգում, որ այսուհետև նրա վրա բոլորովին ուրիշ աչքով պիտի նայեմ։ Իմ աչքում նա չեր կարող նույնը մնալ, ինչ որ էր․ ես պարծանք համարեցի, որ նա ինձ արժանի դատեց ընտրելու, և մենք պսակվեցինք։ ― Սուրբ Ալֆեջի եկեղեցում, Կենտրբրի, ― նկատեղ մրս․ Մարկլհեմը։ (― Գրո՜ղը տանի այդ կնկան, ― ասաց տատս։ ― Բնավ չի ուզում հանգստանալ)։ ― Երբեք մտքովս չէր անցել, ― շարունակեց Աննին շիկնելով, ― նկատի առնել այն նյութական բարիքները, որ բերելու էր ամուսինս։ Նրան նվիրված դեռափթիթ սրտիս մեջ այդպիսի հաշիվների համար ամենևին տեղ չկար։ Մայրիկ, ներիր, առաջինը դու էիր, որ ինձ առիթ տվիր մտածելու, թե գեթ մի մարդ կհանդգնի այդպիսի վիրավորիչ, ստոր հաշիվներ վերագրել ինձ։ ― Ե՞ս, ― գոչեց մրս․ Մարկլհեմը։ (― Ա՜հ, իհարկե դուք, ― նկատեց տատս, ― և ձեր հովհարը շարժելով այդ բանը բնավ չեք հերքի, իմ Զինվոր բարեկամ)։ ― Այդ էր նոր կյանքիս առաջին աղետը, ― ասաց Աննին։ ― Բոլոր վշտերս այդտեղից առաջ եկան։ Հետո դրանք այնքան բազմացան, որ համրել անգամ չեմ կարող․ միայն թե ոչ այն պատճառով, որ դու ես ենթադրում, իմ վեհանձն ամուսին, որովհետև իմ սրտում մի գաղափար, մի հիշատակ և կամ հույս չկա, որ քո անձից բաժան լիներ։ Աննին աչքերը վերև ուղղեց, ձեռքերը կցեց և հրեշտակի պես սիրուն ու մաքուր երևաց ինձ։ Այդ րոպեից սկսած դոկտորն անքթիթ մտիկ էր անում կնոջը, և կինը՝ նրան։ ― Մայրս անմեղ է, ― շարունակեց Աննին։ ― Նա երբեք իր համար քեզնից բան չի խնդրել․ հավաստի եմ, որ երբեք էլ վատ դիտավորություններ չի ունեցել։ Բայց ես տեսա, թե որքա՜ն են նեղացնում քեզ, իմ անվամբ քեզնից բան խնդրելով, երբ տեսա, թե որքա՜ն դու առատաձեռն ես և որքան շահերիդ պաշտշան մր․ Ուիկֆիլդը այդ պատճառով գրգռվում է, այդ ժամանակ առաջին անգամ զգացի, որ ես վատթար կասկածների նշավակ եմ դարձել․․․ կասկածների, իբր թե իմ սերը քեզ վաճառել եմ, քեզ, որ մարդկանց մեջ իմ առաջին պաշտելին ես․․․ և սոսկալով տեսա, որ քեզ էլ այդ անարժան նախատինքից չեմ ազատել։ Օ՜հ, անզոր եմ պատմել․․․ մայրս երևակայել անգամ չէր կարող․․․ թե ինչ դառն տանջանք է՝ այդ կասկածների ճնշման ներքո միշտ մաշվելն ու տառապելը, մինչդեռ սիրտս վկա է, որ հարսանիքիս օրը ես ուրիշ բան չեմ արել, բացի կյանքիս սերն ու պատիվը պսակելուց։ ― Զավակասեր մոր հոգսերը ահա այդպես են վարձատրվում, ― գոչեց մրս․ Մարկլհեմը։ ― Երանի թե թուրք լինեի։ (― Եվ երանի՜ թե թուրքերի երկրում մնայիր, ― ասաց տատս)։ ― Այդ միջոցին էր, որ մայրիկս շատ զբաղված էր մեր ազգական Ջեկ Մելդընի վիճակով։ Մի ժամանակ ես հավանում էի այդ մարդուն, ― ասաց Աննին մեղմ ձայնով, սակայն առանց վարանելու, ― ես շատ էի հավանում։ Մանկությունից իրար հետ մտերիմ էինք։ Եթե հանգամանքներն ուրիշ դարձված ստանային, գուցե ինքս ինձ համոզեի, թե իրոք նրան սիրահարվել եմ, և գուցե նրա հետ ամուսնանայի, և մի թշվառ կին դառնայի։ Թշվառ է այն ամուսնությունը, ուր գաղափարների ու ձգտումների միասնություն չկա։ ― Մեր միջև ընդհանուր բան չկար, ― ասաց Աննին։ ― Վաղուց գիտեի, որ չկար։ Եթե ես ուրիշ հիմքեր էլ չունենայի շնորհապարտ լինելու իմ մարդուն, արդեն այն մեկ բանը, որ նա անփորձ սրտիս առաջին սխալ շարժումից ինձ փրկեց, բավական էր, որ ես միշտ նրան երախտապարտ լինեի։ Աննին անշարժ կանգնած էր և այնքան լուրջ էր խոսում, որ նրա յուրաքանչյուր բառից սրտիս լարերը թրթռում էին, թեև ձայնը առաջվա պես հանգիստ էր։ ― Երբ Մելդընը սկսեց օգուտ քաղել քո վեհանձն նպաստներից, որ իմ պատճառով առատորեն շռայլում էիր նրան, և երբ ես սկսեցի տանջվել այն վարձկանի ստոր դերից, որ վերագրում էին ինձ այդ գործում, մտածեցի, թե լավ կլինի, եթե նա իր ջանքերով մի դիրք ստեղծի կյանքի մեջ։ Ինձ թվում էր, որ եթե նրա տեղը ես լինեի, անշուշտ այդպես կանեի, որքան էլ դժվար լիներ։ Մինչ նրա Հնդկաստան մեկնելու գիշերը ես ներողամիտ էի դեպի նա։ Միայն այդ գիշեր ես իմացա, թե ո՛ր աստիճան նա խարդախ ու անսիրտ է։ Նմանապես այդ գիշեր նշմարեցի մր․ Ուիկֆիլդի՝ իմ վրա ուղղված երկմիտ հայացքը, և առաջին անգամ զգացի, թե ինչպիսի սև կասկած է նեմացնում իմ կյանքը։ ― Կասկած, Աննի, ― ասաց դոկտորը։ ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ ― Քո սրտում կասկած չկար․ այդ լավ գիտեմ, իմ ամուսին, ― պատասխանեց տիկինը։ ― Բայց երբ ես նույն գիշեր քեզ մոտ եկա արտասուքով դյուրացնելու կրած վշտիս ու ամոթիս ծանր բեռը և պատմելու, թե իմ ազգականներից մեկը, որին դու իմ սիրուն՝ բարերար էիր հանդիսացել, ինձ այնպիսի բաներ ասաց, որ երբեք չպիտի ասեր, անգամ՝ եթե ես մի վարձկան, թշվառ էակ լինեի, ինչպես որ ինքն էր ենթադրել․ ես սոսկացի այդ պիղծ պատմությունով լսելիքդ վիրավորելուց։ Ասելիքս շրթունքիս վրա մեռավ, և գաղտնիքն այն րոպեից մինչև այսօր սրտումս մնաց։ Մրս․ Մարկլհեմը մի կարճ հառաչանք արձակեց, մեջքը հանգիստ բազկաթոռին դեմ տվեց ու հովհարով երեսը ծածկեց, ասես թե որոշելով այլևս երբեք նրա տակից դուրս չգալ։ Այն ժամանակից ի վեր ես նրա հետ ոչ մի բառ չեմ փոխանակել առանց քո ներկայության։ Արդեն մի քանի տարի կլինի, որ նա գիտի, թե այս տանը ինչ դիրք ունի։ Քո ծածուկ հոգատարությունը՝ նրան միշտ առաջ քաշելու, որի մասին հետո հայտնում էիր ինձ մտերմաբար՝ ինձ զվարճություն հասցնելու մտքով, հավատա, ավելի էր իմ գաղտնիքի թշվառ բեռը ծանրացնում։ Աննին դոկտորի առջև չոքեց, թեև դոկտորն ամեն կերպ աշխատում էր արգելել, և արտասվալից աչքերը նրա երեսին ուղղելով՝ ասաց․ ― Դու դեռ մի՛ խոսի։ Թույլ տուր, որ ես ասելիքս ավարտեմ։ Իմ վարմունքը լա՞վ էր, թե՞ վատ, չգիտեմ, գիտեմ միայն, որ եթե պետք լիներ, դարձյալ այդպես կվարվեի։ Չես կարող երևակայել, թե ինձ համար ի՞նչ էր նշանակում ի սրտե քեզ նվիրված լինել, և այդպիսի հին հիշատակներ ունենալ, և այդ կասկածն արդարացնող երևույթներով պաշարված մնալ։ Ես շատ ջահել էի, խորհրդակից էլ չունեի։ Մայրիկիս ու իմ միջև քեզ վերաբերող ամեն բանում մի ահագին անդունդ կար։ Եթե ես ինքս իմ մեջ էի ամփոփվում, ինձ հասած վիրավորանքը թաքցնելով, պատճառը իմ խորին հարգանքն էր դեպի քեզ և այն ջերմ փափագս, որ դու էլ ինձ հարգես։ ― Աննի, ով դու ազնիվ, անբիծ սիրտ, ― ասաց դոկտորը։ ― Իմ անգին ընկերուհի։ ― Փոքր֊ինչ սպասիր, էլի մի քանի խոսք։ Շատ եմ մտածել, որ դու կարող էիր հեշտությամբ մի ուրիշ կին առնել, որ քեզ այսքան նեղություն չպատճառեր և ավելի պատիվ բերեր քո հարկին․ մտածել, որ լավ կլիներ, եթե ես սանիկդ մնայի, գրեթե զավակդ․ երկյուղով մտածել, թե քեզ նման գիտնականի ընկերը լինելու արժանի չեմ։ Եթե այս ամենը հարկադրում էր ինձ լռություն պահել՝ փոխանակ սրտիս տագնապը քեզ հայտնելու, միակ պատճառը իմ խորին հարգանքն էր դեպի քեզ և հույսը, թե դու էլ մի օր ինձ կհարգես։ ― Այդ օրը վաղուց հասել է, Աննի, ― ասաց դոկտորը, ― և միայն մահովս կվերջանա։ ― Էլի մի խոսք։ Մտքումս դրել էի․․․ հաստատ դրել․․․ քեզնից բարերարված այն մեկի անարժանությունը ոչ ոքի չհայտնել։ Եվ ահա վերջին խոսքս, ով իմ անզուգական, անգին ընկեր։ Այս երեկո միայն իմացա, սրտիս այնքան ցավ բերող փոփոխությանդ պատճառը, որ մերթ նախկին կասկածովս էի բացատրում, մերթ ավելի ճշմարտանման կարծիքներով, և ահա այս երեկո մի բարեպատեհ դեպքի շնորհիվ իմացա անսահման հավատարմությունդ, որ հակառակ իմ սխալների, դու շարունակում ես ընծայել ինձ։ Հույս չունեմ, որ ինչքան էլ քեզ սիրեմ, որքան էլ քեզ հարգեմ, կարողանամ այդ անգին հավատարմությանը լիովին արժանի հանդիսանամ, բայց գոնե կարող եմ համարձակ նայել ազնիվ դեմքիդ, քեզ, որին իբրև հորս պաշտել եմ, իբրև ամուսնուս սիրել եմ և իմ մանկության օրերից ի վեր իբրև ընկերոջս մեծարել, և հանդիսաբար ասել, որ ես երբեք քո պատիվը մտքումս անգամ չեմ անարգել, ամուսնական սուրբ պարտքից և սիրուց չեն շեղվել։ Նա փարվեց դոկտորի վզով։ Դոկտորն իր գլուխը նրա ուսին դրեց, և ծերունու ալիքները կնոջ թխագույն հյուսերի հետ խառնվեցին։ ― Թույլ տուր կրծքիդ վրա հանգչեմ, ով անձկալի ամուսին։ Մի՛ մերժի ինձ, մի՛ մտածի և մի՛ ասի, թե հասակով տարբեր ենք, որովհետև տարբերությունը միայն իմ բազմաթիվ թերություններիս մեջ է։ Օրեցօր ավելի պարզ եմ տեսնում այդ՝ և քեզ ավելի հարգում։ Սեղմիր ինձ սրտիդ, ազնիվ ընկեր, սերս ժայռի վրա է հաստատված, ժայռի պես էլ անսասան է։ Այդ տեսարանին հաջորդող լռության միջոցին տատս հանդիսավոր և անշտապ մր․ Դիկին մոտեցավ, նրան գրկեց ու մի հնչուն համբույր դրոշմեց երեսին, և շատ ի դեպ, որովհետև դրանով ազատեղ մր․ Դիկին ծիծաղելի դառնալու վտանգից։ Ես նկատեցի, որ հենց այդ րոպեին մր․ Դիկը պատրաստվում էր իր ցնծությունն արժանապես հայտնելու համար մի ոտքի վրա կանգնել։ ― Դու շատ երևելի մարդ ես, Դիկ, ― ասաց տատս ամենահաստատ հավանության եղանակով։ ― Չհամարձակվես հակառակը պնդել, որովհետև ես քեզ լավ եմ ճանաչում։ Այդ ասելով տատս նրա թևից քաշեց և ինձ նշան արեց․ երեքս միասին հանդարտ դուրս եկանք սենյակից ու տուն գնացինք։ ― Ի՜նչ լավ հարված էր մեր Զինվոր բարեկամին, ― ասաց տատս ճանապարհին։ ― Այս գիշեր հանգիստ կքնեմ, եթե ուրախանալու ուրիշ պատճառ էլ չլիներ։ ― Նա, կարծեմ, բոլորովին շվարեց, ― ասաց մր․ Դիկն ամենաջերմ կարելցությամբ։ ― Դատա՜րկ բան։ Ե՞րբ ես տեսել, որ կոկորդիլոսը շվարի, ― հարցրեց տատս։ ― Կյանքումս կոկորդիլոս չեմ տեսել, ― հեզությամբ պատասխանեց մր․ Դիկը։ ― Այդպիսի բան ոչ մի ժամանակ չէր պատահի, եթե այդ պառավ անասունը չլիներ, ― ասաց տատս սաստկությամբ։ ― Երանի թե մի քանի մայրեր՝ աղջիկներին պսակելուց հետո՝ նրանց հանգիստ թողնեին ու իրենց սերն այնքան բռնի չհայտնեին։ Այդ մայրերին նայելիս մարդ ակամա կարծում է, թե հենց որ նրանք մի թշվառ աղջիկ աշխարհ բերին․․․ մեկ հարցնող լինի, թե թշվառը կամեցե՞լ է աշխարհ գալ․․․ էլ ուրիշ փափագ չունեն, քան նրան այնքան տանջել, որ այս աշխարհից դուրս փախչի։ Ի՞նչ բանի մասին ես մտածում, Տրոտ։ Ես մտածում էի այդ երեկո խոսված բաների մասին։ Մտքումս անդադար հեղեղում էին մի քանի խոսք։ «Թշվառ է այն ամուսնությունը, ուր գաղափարների ու ձգտումների միություն չկա»։ «Անփորձ սրտի առաջին սխալ շարժումը»։ «Ժայռի վրա հաստատված սեր»։ Սակայն արդեն մոտեցել էինք մեր տանը։ Թափթված տերևները ոտքերիս տակ խշխշում էին, և աշնան քամին փչում էր։
Ադմին, Վստահելի
1876
edits