Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 39 367 բայտ, 20:11, 10 Փետրվարի 2015
/* Զ․ գլուխ */
Եվ փութացնելով քայլերը՝ շուտ֊շուտ գնացինք հետևից։
 
 
==Է․ գլուխ==
 
Մարթան
 
 
Արդեն Ուեստմինստրի թաղումն էինք։ Մի անգամ ստիպված եղանք ետ դառնալ Մարթային հետևելու համար, որովհետև նա հանակրծ սկսեց դեպի մեզ գալ, և միայն Ուեստմինստրի Աբբայության մոտերքում հեռացավ բանուկ փողոցների աղմուկից ու լույսից։ Եվ երբ նա կամրջի վրա անցուդարձ անող բազմության միջից դուրս եկավ, այնպես շտապ առաջ դիմեց, որ մենք հազիվ կարողացանք հասնել նրան Միլբենկին կից գետեզրյա նեղ փողոցում։ Հենց այդ րոպեին նա ճանապարհի մյուս կողմն անցավ, կարծես թե իրեն հետամուտ քայլերի ձայնից խորշելով, և առանց ետ նայելու՝ ավելի արագ առաջ գնաց։
 
Գետի աղոտ փայլը, որ աչքիս դիպավ մի մութ բակի դռան միջով, ուր մի քանի սայլեր էին կանգնած, քայլերս զսպեց։ Առանց մի բառ ասելու ես ընկերոջս մշտեցի, և մենք չվստահացանք փողոցը կտրել, ինչպես արել էր Մարթան, այլ միևնույն կողմով շարունակեցինք առաջ գնալ, կարելվույն չափ տների ստվերում մնալով, բայց միշտ աղջկան հետամուտ։
 
Այդ ստորանիստ փողոցի ծայրում մի ժամանակ, ինչպես և սույն տողերը գրելուս օրը, մի փայտաշեն տնակ կար, որ երևի լաստավարի արդեն անպետք կայան էր։ Դա գտնվում էր ճիշտ այնտեղ, ուր փողոցը վերջանում և ճանապարհը բացվում է տների շարքի ու գետափի միջով։ Մարթան ավերակին հասնելուն ու ջուրը տեսնելուն պես կանգ առավ, ասես թե նպատակին հասած լիներ, և հետո հանդարտ ներքև իջավ գետեզերքի երկարությամբ, շարունակ ջրին նայելով։
 
Ամբողջ ճանապարհին ես կարծում էի, թե նա որևէ տուն է գնում, և մի տկար հույս ունեի, թե այդ տունը որևէ կերպ կապված կլինի անհետացած աղջկա հետ։ Սակայն բակի միջով աչքիս դիպչող գետի մռայլ տեսարանից բնազադաբար զգացի, որ Մարթան ավելի հեռու չի գնալու։
 
Շրջակայքը տխրագին էր այդ ժամին․ հազիվ թե Լոնդոնի շուրջը մի անկյուն գտնվի, որ գիշերով այնքան տրտում, ահարկու, ամայի երևա։ Ո՛չ նավամատույցներ կային սևաթույր ու լուռ բանտի մոտով անցնող ճամփի վրա, ո՛չ տներ։ Բանտի ստորոտը ողողված էր ճահճային փոսի տիղմով։ Ամբողջ մերձակա մորուտը փտած ու գարշահոտ մոլախոտով ծածկված էր։ Մի տեղ դժբախտ սկսված, անավարտ մնացած շենքերի խարխուլ կմախքներն էին երևում։ Մյուս տեղ գետնի երեսին ընկած էին ժանգոտ երկաթի կտորներ, այլանդակ շոգեկաթսաներ, անիվներ, թիակներ, խարիսխներ, ջրասուզակ մեքենաներ, հողմաղացի առագաստներ և ուրիշ՝ ինձ բոլորովին անհայտ տարօրինակ առարկաներ, որոնք մի անհաջող շահագետի ձեռքով միասին դիզված՝ ասես թե իրենց հատուկ ծանրությամբ ուզում էին հողում խրվել ու թաքնվել։ Գետի մյուս ափից զանազան գործարաններ կայծեր տարածելով ու շառաչելով գիշերային մթության մեջ, ասես թե փորձում էին ամեն բան հալածել ու վրդովել, բացի իրենց ժայթքած անվերջ ծխից, որ թանձր ու ծանր սյուներով դեպի վեր էր սլանում։ Ցեխոտ արահետները ու շավիղները, արդեն փտած ու սիզապատ սյուների մոտից անցնելով, ― որոնց վրա ջրահեղձ մարդկանց համար վարձատրություն խոստացող հին թերթեր էին կպցված, ― ոլոր֊մոլոր մինչև տղմուտ գետափը։ Ավանդություն կար, թե այդտեղ գտնվող մի փոսի մեջ են թաղված եղել Մեծ Ժանտամահի զոհերը, և կարելի էր կարծել, թե շրջակայքի գարշ օդը նրա միջից է տարածվում։ Բայց գուցե և գետի դուրս վիժած աղբ ու կեղտից գոյացած լիներ այդ ամբողջ պղծությունը։
 
Մեր առջևից գնացող աղջիկը, իբրև այդ վիժվածքի մի մասը, որ դատապարտված էր ապականվել ու կորչել, դեպի գետափը ներքև իջավ և ջրին մենակ, անշարժ ու լուռ մտիկ անելով, գիշերային տեսարանի մեջտեղը կանգ առավ։
 
Սիկախառն եզերքի վրա մի քանի նավակ ու մակույկներ կային, և դրանք մեզ հնավարորություն տվին բավական մոտենալու աղջկան՝ առանց աչքի ընկնելու։ Ես մր․ Պոգգոտիին նշան արի, որ իր տեղը մնա, և ինքս ստվերից դուրս ելա Մարթայի հետ խոսելու համար։ Մոտեցա նրան դողալով։ Նրա շտապ ընթացքի այդ խավար վերջակետն ու երկաթե կամրջի մութ շուքը, որի մեջ նա կանգնած էր՝ ջրի հորձանքում շեղ֊շեղ ցոլացող լույսերին սևեռած աչքերով, ակամա սարսափ ազդեցին ինձ։
 
Նա, կարծես, ինքն իր հետ խոսում էր։ Շարունակ գետին ակնկառույց՝ նա վզի շալը ցած քաշեց ու սկսեց ձեռքերի մեջ ճմրթել այնպես անմիտ ու վայրենի շարժումներով, որ կասեիր, թե ավելի շուտ մի քնաշրջիկ է, քան արթուն կին։ Գիտեմ և երբեք չեմ մոռանա, որ նրա վայրագ ձևերը տեսնելուս պես ես համոզվեցի, որ նա աչքիս առջև ջուրը կնետվի, և այդ վայրկյանին էր, որ «Մարթա» գոչելով՝ նրա ձեռքը բռնեցի։
 
Նա զարհուրելի ճիչ արձակեց ու սկսեց փախչելու սաստիկ փորձեր անել․ ես գուցե չկարողանայի մենակ ինքս պահել նրան, եթե նույն րոպեին մի ավելի զորեղ բազուկ նրան չբռներ։ Աղջիկը սարսափահար վերև նայեց և տեսնելով, թե ո՞վ է այդ բազկի տերը, դարձյալ մի փորձ արեց դուրս պրծնելու և ուժասպառ վայր ընկավ։ Մենք ալիքներից հեռացրինք նրան դեպի մի անկյուն, ուր մի քանի հատ չոր քարեր կային, և նստեցրինք։ Նա լաց էր լինում ու հեծում։ Այսպես նա մի քանի ժամանակ քարերի առջև նստած մնաց, թշվառ գլուխը ձեռքերի մեջ թաքցնելով։
 
― Օ՜հ, գետը, ― գոչեց նա հուսահատ։ ― Օ՜հ գետը։
 
― Հանդարտ, հանդարտ, ― ասացի ես։ ― Հանգստացեք։
 
Բայց նա անդադար կրկնում էր․ «Օ՜հ, գե՛տը, գե՛տը», և հետո ասաց․
 
― Դա ինձ նման է, դրան եմ պատկանում։ Գիտեմ, միայն դա է ինձ նման թշվառների ընկերը։ Գալիս է սիրուն ու զվարթ դաշտերից, ուր իր ջրերը մաքուր էին․․․ այժմ սահում է մթապատ փողոցներով՝ ապականված, անպիտան․․․ սահում, գնում, կյանքիս նման, դեպի մշտածուփ օվկիանոսը․․․ և ես զգում եմ, ինձ էլ պետք է նրա հետ գնալ։
 
Միայն այդ խոսքերի արտասանության եղանակից էր, որ կյանքումս առաջին անգամ իմացա թե հուսահատությունն ի՞նչ բան է։
 
― Չեմ կարող բաժանվել դրանից։ Չեմ կարող մոռանալ դրան։ Գիշեր ցերեկ աչքիս առջև է։ Ամբողջ աշխարհիս երեսին դա է միակ առարկան, որին ես հարմար եմ, կամ որն ինձ համար է։ Օ՜հ, ահռելի գետ։
 
Նայելով ընկերոջս, մինչ նա անշարժ ու լուռ մտիկ էր անում Մարթային, ինձ թվաց, թե կարող եմ նրա եղբոր աղջկա պատմությունն իր դեմքի վրա պարզ կարդալ, անգամ եթե ամենևին նրա հետ ծանոթ չլինեի։ Ոչ մի ժամանակ՝ ոչ նկարի վրա, ոչ էլ իրական կյանքի մեջ կարեկցության ու սարսափի զգացումները այդպես մտահար չէին երևացել աչքիս առջև։ Մր․ Պեգգոտին սարսռաց և ընկնելու վրա էր, և երբ ես տագնապով նրա ձեռքը բռնեցի, մահու չափ պաղ էր այդ ձեռքը։
 
― Այժմ նա զառանցում է, ― շշնջացի ընկերոջս։ ― Փոքր֊ինչ հետո ուրիշ կերպ կսկի խոսել։
 
Չգիտեմ, ինչ էր ուզում պատասխանել ընկերս։ Մի քանի անգամ շուրթերը շարժեց (անշուշտ կարծում էր, թե պատասխան է տալիս) և ձեռքը մեկնելով մատնացույց արավ աղջկան։
 
Աղջիկը դարձյալ մի աղիողորմ ճիչ հանեց և նորից երեսը մեր ոտքերի տակ քարերի մեջ թաքցրեց, իբրև խայտառակության ու անկման մի գետնատարած օրինակ։ Գիտենալով, որ աղջկա հետ խոսելուց առաջ, պետք է նրա հուզման անցնելուն սպասել, ես ընկերոջս արգելեցի, երբ նա ուզում էր աղջկան բարձրացնել, և մենք լուռ մնացինք, մինչև որ նա փոքր֊ինչ հանգստանա։
 
― Մարթա, ― ասացի ես այնուհետև, նրան բարձրացնելու համար կռանալով (նա ուզում էր կարծեմ վեր կենալ ու հեռանալ, բայց այնքան թույլ էր, որ մի նավակի հենվեց)։ ― Մարթա, ճանաչո՞ւմ եք՝ ո՞վ է սա, հետիս մարդը։
 
Նա մի նվազ ձայնով պատասխանեց․
 
― Այո՛։
 
― Գիտե՞ք, որ այս գիշեր երկար ժամանակ հետևում էինք ձեզ։
 
Նա գլուխը շարժեց։ Չէր նայում ո՛չ ընկերոջս, ո՛չ էլ ինձ, այլ խոնարհ կանգնած էր՝ գլխարկն ու շալը մի ձեռքին, իսկ մյուսն ամուր սեղմած ճակատին։
 
― Արդյոք բավական հանգստացա՞ք, ― ասացի ես։ ― Կարո՞ղ եք խոսել մի առարկայի մասին, որ այնքան ձեզ հետաքրքրում էր մի գիշեր․․․ Աստված ձեզ զորություն տա հիշելու․․․ Երբ սաստիկ ձյուն էր գալիս։ ― Աղջիկը նորից հեկեկաց և անկապ խոսքերով շնորհակալություն մրմնջաց, որ այն գիշեր նրան դռան հետևից չվռնդեցի։
 
― Իմ մասին բան ասելու պետք չունեմ, ― ասաց նա մի քանի վայրկյանից հետո։ ― Ես մի թշվառ, կորած էակ եմ։ Էլ հույս չկա ինձ համար։ Սակայն, սըր, եթե ձեզ դժվար չլինի խնդիրս կատարել, ասացեք դրան (և աղջիկն ընկերոջիցս ետ քաշվեց), որ ես դրա անբախտության պատճառ չեմ եղել։
 
― Ոչ ոք էլ այդ կարծիքին չի եղել, ― ասացի ես, լրջությամբ պատասխանելով նրա լրջությանը։
 
― Եթե չեմ սխալվում, դուք էիք, սըր, ― ասաց Մարթան դողդոջ ձայնով, ― որ խոհանոց մտաք այն գիշեր, երբ Էմլին ինձ այնքան գութ ցույց տվեց, այնքան սիրով ընդունեց, ինձ չմերժեց, ինչպես անում էին ուրիշները, և մարդասիրաբար ինձ օգնեց։ Դուք էիք չէ՞, սըր։
 
― Այո, ― պատասխանեցի ես։
 
― Արդեն վաղուց ես այս գետի հատակում կլինեի, ― ասաց Մարթան, մի զարհուրելի հայացք նետելով ջրի վրա, ― եթե նրա առջև որևէ կերպ հանցավոր լինեի։ Մի գիշեր չէի ապրի, եթե անպարտ չլինեի նրա գործում։
 
― Նրա փախչելու պատճառն արդեն լիովին հայտնի է, ― ասացի ես։ ― Այդ բանում դուք անմեղ եք։ Մենք վստահ ենք այդ մասին․ միամիտ եղեք։
 
― Օ՜հ, եթե ես լավ սիրտ ունենայի, անշուշտ կփոխվեի նրա շնորհիվ, ― գոչեց աղջիկն ամենաջերմ ափսոսանքով, որովհետև նա միշտ բարի էր դեպի ինձ։ Երբեք նա ինձ մի բան չի ասել, որ ճշմարիտ ու սփոփական չլիներ։ Մի՞թե կարելի է, որ ուզենայի նրան էլ փչացնել ինձ նման։ Մի՞թե չգիտեմ, թե ի՞նչ եմ ես։ Ամեն բան կորցնելուց հետո, ինչով որ քաղցր է մարդուս կյանքը, ամենադառն ցավս այն էր, որ ընդմիշտ բաժանվել եմ նրանից։
 
Մր․ Պեգգոտին, որ մի ձեռքը նավակի շուրթին դեմ տված վայր էր նայում, մյուսով երեսը ծածկեց։
 
― Դեռ այն ձյունաբեր գիշերից առաջ, ― շարունակեց Մարթան, ― ես լսել էի, թե ինչ է պատահել, և ամենից ավելի մաշվում էի մտածելով, թե մարդիկ կհիշեն նրա բարությունը դեպի ինձ ու կասեն, թե ես եմ նրան փչացրել։ Այնինչ աստծուն հայտնի է, որ պատրաստ էի կյանքս տալ, միայն թե կարենայի նրա բարի անունը ետ բերել։
 
Եվ աղջիկը, որ վաղուց կորցրել էր ինքն իրեն զսպելու ընդունակությունը, սոսկալի կերպով սկսեց տանջվել իր խղճի կշտամբանքից ու սուր խայթից։
 
― Կյանքս տալ․․․ բայց ի՞նչ արժեք ունի իմ կյանքը․․․ ես պատրաստ էի նույնիսկ ապրել, ― աղաղակեց նա։ ― Հոժար էի ապրել, մնալ, պառավել այս գարշելի փողոցներում․․․ քարշ գալով խավարի մեջ, արհամարված ամենքից․․․ տեսնել արևի ծագելը ստվերամած տների վրա և հիշել, թե ինչպես երբեմն միևնույն արևը լույս էր շողացնում նաև իմ սենյակի մեջ ու զարթնեցնում ինձ․․․ երջանիկի՜ս․ այո, պատրաստ էի մինչև անգամ այդ անել, միայն թե կարենայի փրկել նրան։
 
Մարթան ընկավ քարերի վրա, վերցրեց մի քանիսն ու սկսեց այնպես տրորել ձեռքերի մեջ, որ կասեիր թե ուզում է փշրել։ Նա շարունակ փոխում էր իր դիրքը․ մերթ ձեռքերը կծկում, մերթ երեսին սեղմում, հենց իմանաս ջանալով իր աչքերի վերջին լույսը դուրս քամել, և մերթ գլուխը խոնարհում, որ անշուշտ անտանելի հիշատակների բեռից ընկճված էր։
 
― Ի՞նչ է մնում ինձ անելու, ― ասաց նա, վհատության դեմ մաքառելով։ ― Ինչպե՞ս շարունակեմ այսպես ապրել․․․ ես, որ մի նզովք եմ ինքս ինձ և կենդանի նախատինք՝ ում որ միայն մերձենում եմ։
 
Հանկարծ նա ընկերոջս դիմեց․
 
― Ոտնակոխ արեք, սպանեցեք ինձ։ Երբ Էմլին ձեր պարծանքն էր, նրան անարգված կհամարեիք, եթե ես նրան արմունկովս դիպչեի փողոցում։ Կարող եք չհավատալ իմ շրթունքից ելած և ոչ մի վանկին․․․ և ինչո՞ւ պիտի հավատաք․․․ Այժմ էլ ամոթից կբռնկվեիք, եթե նա ինձ հետ գեթ մի բառ փոխանակեր։ Չեմ գանգատվում։ Չեմ հավասարում նրան ինձ հետ։ Գիտեմ, որ մեր միջև մի ահագին անդունդ կա։ Այլ միայն կասեմ, որ չնայելով մեղսաթաթավ, ողորմելի վիճակիս՝ ամբողջ սրտով շնորհակալ եմ նրանից ու սիրում եմ նրան։ Օ՜հ, մի՛ կարծեք, թե իսպառ զրկված եմ սիրելու շնորհից։ Մերժեցեք ինձ, ինչպես որ մերժում է աշխարհը։ Սպանեցեք ինձ, որ ես, մի անպետք կին, ճանաչել եմ նրան, բայց այդպիսի կարծիք մի՛ ունենաք իմ մասին։
 
Ընկերս մտամոլոր ապշությամբ մտիկ էր տալիս աղերսավոր աղջկան, և երբ աղջիկը վերջացրեց, քնքշաբար բարձրացրեց նրան։
 
― Մարթա, ― ասաց մր․ Պեգգոտին, ― աստված չանի, որ ես քեզ դատապարտեմ։ Ինձ, մանավանդ, թող նա փրկի քեզ դատելուց, դստրիկ իմ։ Ուրեմն չգիտես, թե որքան եմ փոխվել այս միջոցին, եթե կարծում ես, թե ընդունակ եմ քեզ դատելու։ Է՛հ, ― ասաց նա ու փոքր֊ինչ լռելուց հետո շարունակեց․ ― չգիտես, թե ինչպե՞ս եղավ, որ այս ջենտլմենն ու ես քեզ հետ խոսելու որոշում արինք։ Չե՞ս հասկանում մեր միտքը։ Ուրեմն լսիր։
 
Ալևորի ազդեցությունն աղջկա վրա կատարյալ էր։ Մարթան անշարժ կանգնած էր նրա առջև, կարծես թե նրա հայացքին հանդիպելուց վախենալով․ սակայն իր բուռն վիշտը համարյա թե մեղմացել ու լռել էր։
 
― Եթե գիտես, ― ասաց մր․ Պեգգոտին, ― թե այն ձյունաբեր գիշերը մաստր Դեվին ու ես ի՞նչ խոսեցինք, ուրեմն այն էլ գիտես, որ ես գնացել էի․․․ էլ ուր ասես չէի գնացել․․․ իմ սիրելի Էմլիին որոնելու։ Իմ սիրելի Էմլին, ― շեշտելով կրկնեց բարեկամս։ ― Այժմ, Մարթա, նա է՛լ ավելի սիրելի է ինձ, քան առաջ։
 
Մարթան ձեռքերը երեսին դրեց, բայց ոչ մի ձայն չհանեց։
 
― Նրանից եմ լսել, ― ասաց մր․ Պեգգոտին, ― թե դու արդեն փոքր հասակից որբ ես մնացել, ոչ մի նավաստի ընկեր չես ունեցել, որ քեզ խնամեր, հորդ ու մորդ տեղը բռներ։ Եթե մի այդպիսի ընկեր ունենայիր, գուցե իբրև հարազատ հորդ կսիրեիր և նրա համար այն կլինեիր, ինչ որ Էմլին է ինձ համար։
 
Այդ րոպեին Մարթան դողաց։ Մր․ Պեգգոտին շալը գետնից վերցնելով՝ նրա ուսը ծածկեց։
 
― Ես գիտեմ, ― շարունակեց բարեկամս, ― որ Էմլին մինչև աշխարհիս վերջին ծայրն ինձ հետ կերթա, եթե նորից ինձ տեսնի․ բայց մինչև աշխարհի վերջին ծայրն էլ կփախչի ինձ նորից չհանդիպելու համար։ Թեպետ նա գիտի, որ ես իրեն սիրում եմ, չի էլ կարող չգիտենալ, ― հանգիստ կրկնեց բարեկամս, իր ասածի ճշմարտության հավատով, ― բայց մեջտեղն ամաչել կա․ դա է, որ նրան արգելում է գիրկս ընկնել։
 
Բարեկամիս ամեն մի բառից, խոսելու ազդու եղանակից բացահայտ երևում էր, որ նա իր նյութի յուրաքանչյուր մասը լավ կշռել ու քննել է։
 
― Մեզ հավանական է երևում, մաստր Դեվիին ու ինձ, ― շարունակեց նա, ― թե խեղճ Էմլին գուցե մի օր Լոնդոն գա։ Հավատում ենք․․․ մաստր Դեվին էլ, ես էլ, մերոնք էլ, որ նրան հասած դժբախտության մեջ դու նույնքան անմեղ ես, որքան անմեղ է դեռ մոր արգանդից աշխարհ չեկած մի մանուկ։ Ասացիր, թե նա բարի էր, գթասեր էր, կարեկից էր դեպի քեզ; Չեմ կասկածում, որ այդպես էր․ աստծու օրհնությունը նրա վրա լինի։ Գիտեմ, միշտ այդպես էր ամենքի հետ։ Դու երախտագետ ես դեպի նա, սիրում ես նրան։ Դե, ուրեմն, օգնիր մեզ նրան գտնելու, և թող երկինքը քեզ վարձատրի։
 
Մարթան առաջին անգամ նայեց նրան, և այնպես արագ, որ ասես թե ասածին չէր հավատում։
 
― Դուք ինձ կհավատա՞ք, ― հարցրեց նա զարմացած մեղմ ձայնով։
 
― Անպայման ու լիովին, ― ասաց մր․ Պեգգոտին։
 
― Եվ թույլ կտա՞ք, որ ես նրա հետ խոսեմ, եթե մի օր նրան գտնեմ, նրան պատսպաարեմ, եթե ես ինքս մի պատսպարան ունենամ, և, վերջապես, առանց նրա գիտության ձեզ մոտ գամ և ձեզ նրա մոտ տանեմ, ― շտապ֊շտապ հարցրեց աղջիկը։
 
Երկուսս միաբերան ասացին․ «Այո՛»։
 
Մարթան աչքերը բարձրացրեց և հանդիսավոր երդում տվեց, որ եռանդով ու հավատարմությամբ այդ գործին անձնատուր կլինի, որ դրանից չի շեղվի և դրան հետամուտ լինելուց չի թուլանա, մինչև որ հաջողության գեթ մի թեթև հույս մնա։ Իսկ եթե իր երդումը դրժի, թող իր կյանքի վերջին րոպեին նա ավելի թշվառ լինի և, եթե կարելի է, ավելի հուսահատ, քան էր գետափի վրա այս գիշեր, և այնուհետև թող աստվածային ու մարդկային օգնությունից հավիտյան զրկվի։
 
Այդ խոսքերը շշնջալով ասաց և ձայնը ոչ թե մեզ, այլ երկնքին ուղղելով, հետո հանդարտ մտիկ արավ մռայլ գետին։
 
Այժմ մենք հարմար գտանք ամեն բան, ինչ որ գիտեինք, հայտնել նրան, և ես բոլորը պատմեցի։ Նա լսում էր մեծ ուշադրությամբ։ Երեսն անդադար փոխվում էր, բայց միևնույն հաստատ արտահայտությունը պահելով։ Մերթ֊մերթ աչքերի մեջ կայծակներ էին շողշողում, և նա իսկույն զսպում էր դրանց։ Կարծես թե էլ հուզված չէ ու լիովին հանգիստ է։
 
Երբ որ ասելիքս վերջացրի, նա հարցրեց, թե որտե՞ղ կարող է մեզ տեսնել, եթե տեսնելու հարկ լինի։ Ես մոտեցա ճանապարհի միակ աղոտ լապտերին և իմ ու մր․ Պեգգոտիի հասցեները հիշատակարանիս մի թերթի վրա գրեցի և թերթը պոկելով Մարթային տվի․ նա վերցրեց ու ծոցը դրեց։ Հարցրի, թե նա ինքը որտե՞ղ է բնակվում։ Մի փոքր լռելուց հետո նա պատասխանեց, թե ոչ մի տեղ երկար չի մնում, և թե լավ է դրա մասին չհարցնել։
 
Մր․ Պեգգոտին ինձ մի բան թելադրեց, որ իմ մտքովն էլ անցել էր։ Ես քսակս հանեցի, սակայն ինձ ամենևին չհաջողվեց համոզել աղջկան, որ մի գումար ընդունի, և կամ խոսք տա, թե գոնե հետո կընդունի։ Բացատրեցի նրան, թե չի կարելի մր․ Պեգգոտիին մի չքավոր մարդ համարել, և թե մեզ երկուսիս էլ ծանր կլինի, եթե նա՝ Մարթան, Էմլիին որոնելիս իր փողը ծախսի։ Անդրդվելի մնաց Մարթան։ Նույնիսկ մր․ Պեգգոտիի ազդեցությունն այս բանում իմի նման զուր անցավ։ Աղջիկը մի սրտագին շնորհակալություն հայտնեց նրան, բայց առաջարկը չընդունեց։
 
― Գուցե որևէ գործ գտնեմ, ― ասաց նա։ ― Կփորձեմ։
 
― Գոնե մինչև այն ժամանակ մի փոքրիկ նպաստ ընդունեցեք, ― խնդրեցի ես։
 
― Ինչ որ խոստացա կատարել փողով չի արվի, ― պատասխանեց աղջիկը։ ― Եթե սովից էլ մեռնելու լինեմ, փող չեմ առնի։ Ինձ փող տալով, ձեր հավատարմությունը ետ առած կլինեք, ետ առած այն բանը, որ ինձ շնորհեցիք, ետ խլած այն միակ հավաստի գրավականը, որ ինձ փրկում է այս գետի մեջ կորչելուց։
 
― Հանուն մեծ դատավորի, ― ասացի ես, ― որի առջև բոլորս մի օր հաշիվ պիտի տանք, աղաչում եմ ձեզ, դեն ձգեցեք այդ սոսկալի միտքը։ Բոլորս էլ կարող ենք որևէ բարիք գործել, եթե կամենանք։
 
Մարթան ամբողջ մարմնով ցնցվեց․ շուրթերը դողացին ու երեսի գույնը թռավ։
 
― Գուցե դուք երկնքից ներշնված եք մի թշվառ էակ փրկելու, ― ասաց նա։ ― Դրա մասին մտածելուց անգամ սարսափում եմ․ այդ շնորհին ես արժանի չեմ։ Եթե կամենամ մի որևէ լավ բան անել, այն ժամանակ գուցե հուսամ, թե փրկություն կգտնեմ․ իսկ մինչև այժմ արածներիս հետևանքն ուրիշ բան չէր, քան միայն չարիք։ Երկար ու ձիգ ժամանակից հետո այս առաջին անգամն է, որ ձեր հանձնած գործի շնորհիվ թշվառ կյանքս երկարելու փափագ եմ զգում։ Ավելի ոչինչ չգիտեմ, չեմ էլ կարող սրանից ավելի բան ասել։
 
Նա դարձյալ իր արտասուքը զսպեց, որ սկսել էր թափվել, և դողդոջ ձեռքը մր․ Պեգգոտիին դիպցնելով, ասես թե դրա մեջ մի բուժիչ զորություն լիներ, շուռ եկավ ու դեպի ամայի ճանապարհը հեռացավ։ Հավանական է, որ նա վաղուց հիվանդ էր․ գունատ ու նիհար երեսը, խոր ընկած աչքերը նրա կրած զրկանքների ու ցավերի վկա էին։
 
Մի որոշ ժամանակ մենք հեռվից հետևեցինք նրան, որովհետև միևնույն ճամփով պիտի գնայինք, և միայն հետո մարդաշատ ու լուսավոր փողոցները մտանք։ Ես նրա խոստմանը այնքան վստահ էի, որ պետք համարեցի ընկերոջս նկատել, թե լավ կլինի այլևս Մարթայի հետևից չգնալ և նրան առիթ չտալ կարծելու, թե կասկածում ենք իր մասին։ Մր․ Պեգգոտին էլ նույն կարծիքը հայտնեց․ նա էլ աղջկան վստահում էր։ Եվ այսպես թողինք, որ Մարթան մենակ հեռանա, իսկ ինքներս դեպի Հայգեթ դիմեցինք։ Ընկերս բավական ժամանակ ուղեկցեց ինձ։ Բաժանվելու րոպեին, երբ այս նոր ջանքի հաջողության համար օգնություն էինք խնդրում աստծուց, նրա դեմքի վրա մի մտածկոտ արգահատանք, ցավակցություն նշմարեցի, որի պատճառը շատ հեշտ էր բացատրել։
 
Տուն որ հասա կես֊գիշեր էր։ Իմ դռնակի մոտ մինչ ականջ էի դնում ս․ Պողոսի բամբ զանգակի ղողանջման, որ մյուս ժամացույցների հնչման հետ հասնում էր ինձ, հանկարծ տեսա, որ տատիս դուռը դեռ բաց է և շեմքի վրա մի աղոտ լույս է երևում։
 
Կարծեցի, թե տատս վերստին պաշարված կլինի արհավիրքով, անգո հրդեհների երկյուղով, և գնացի նրա հետ խոսելու։ Զարմանքս մեծ եղավ, երբ նրա փոքրիկ պարտեզում մի մարդ նկատեցի։
 
Այդ մարդը մի շիշ ու բաժակ էր բռնել և խմելու վրա էր։ Իսկույն ծառերի ստվերում կանգ առա, լուսինը դեռ նոր էր ծագել մութ ամպերի հետևից։ Ճանաչեցի այն մարդուն, որին երբեմն մր․ Դիկի երևակայության ծնունդն էի համարել, և որին մի անգամ հանդիպել էի տատիս հետ Լոնդոնի փողոցներում։
 
Մարդն ուտում ու խմում էր անասելի ախորժակով, միևնույն ժամանակ տատիս տնակն ուշի֊ուշով դիտում, կարծես թե առաջին անգամն էր տեսնում դրան։ Շիշը վայր դնելու համար կռանալիս՝ աչքերը պատուհանների վրա ուղղեց և անհամբեր շուրջը նայեց իբրև մի մարդ, որ շտապում է հեռանալ։
 
Մի վայրկյան շեմքի լույսը նսեմացավ, և տատս դուրս եկավ։ Վրդովված էր երևում։ Նա փող տվեց մարդուն։ Արծաթների հնչյունը լսեցի։
 
― Սա քիչ է, ինչի՞ս է պետք այսքանը, ― ասաց մարդը։
 
― Ավելին տալ չեմ կարող, ― պատասխանեց տատս։
 
― Ուրեմն ես էլ չեմ հեռանա, ― ասաց մարդը, ― ետ առ փողդ։
 
― Վատ մարդ ես դու, ― ասաց տատս գրգռվելով։ ― Մի՞թե ինձ հետ կարելի է այդպես վարվել։ Բայց ինչո՞ւ եմ հարցնում։ Վարվում ես, որովհետև թուլությունս գիտես։ Քեզնից ընդմիշտ ազատվելու համար ինձ ուրիշ բան չի մնա անել, քան միայն ճակատագրիդ մատնել քեզ։
 
― Ինչո՞ւ ուրեմն չես մատնում, ― հարցրեց մարդը։
 
― Եվ այդ հարցնողը դո՞ւ ես, ա՛յ անսիրտ մարդ, ― նկատեց տատս։
 
Մարդը դժգոհ կանգնած էր, փողերը ձեռքում զնգզնգացնելով ասաց․
 
― Սրանից ավելի տալու չես, հա՞։
 
― Դա է, ինչ որ կարող եմ տալ, ― ասաց տատս։ ― Հո գիտես, որ կորուստներ եմ ունեցել և այժմ ավելի չքավոր եմ, քան առաջ։ Ես քեզ արդեն ասել եմ այդ։ Ահա, ինչ որ ուզում էիր, ստացար, էլ ինչո՞ւ ես այստեղ մնում և ինձ տանջում, ցույց տալով, թե ինչ ողորմելի բան ես դարձել։
 
― Երևի թե իմ տեսքը շատ գծուծ է, ― ասաց մարդը։ ― Ես բուի կյանք եմ վարում։
 
― Կարողությանս մեծ մասը վատնեցիր, ― շարունակեց տատս։ ― Տարիների ընթացքում սիրտս աշխարհի դեմ զայրացրիր։ Նենգաբար, ապերախտ, անգութ կերպով վարվեցիր ինձ հետ։ Գնա զղջա արարքդ։ Էլ նոր վիշտ մի ավելացնի այն անթիվ ցավերի վրա, որ արդեն ինձ հասցրել ես։
 
― Է՜, ― ասաց մարդը։ ― Այդ որքան բարի կին ես։ Լա՛վ, լա՛վ, առժամանակ այսքանն էլ բավական է։
 
Տատիս դառն արտասուքից մարդն ակամա ամոթ զգաց ու գլխիկոր հեռացավ։ Ես շուտով մի երեք քայլ առաջ անցա, իբր թե նոր եմ գալիս, և մենք իրար հանդիպեցինք պարտեզի դռնակի մոտ, որից նա դուրս էր գնում։ Նա ու ես աչքերով իրար չափեցինք, բայց ոչ բարեկամաբար։
 
― Տատի՛կ, ― ասացի ես շտապով։ ― Այդ մարդը դարձյա՞լ վրդովում է ձեզ։ Ես կխոսեմ նրա հետ։ Ո՞վ է նա։
 
― Որդյակ, ― ասաց տատս, թևիցս բռնելով, ― ներս մտիր ու լուռ կաց գոնե մի տասը րոպե։
 
Նստեցինք փոքրիկ հյուրասենյակում։ Տատս իր կանաչ լուսարգելի հետևը քաշվեց, որ ամրացրել էր բազկաթոռի թիկունքին, և քառորդ ժամի ընթացքում մի քանի անգամ աչքերը սրբեց։ Հետո դուրս եկավ ու մոտս նստելով՝ հանգիստ ասաց․
 
― Տրոտ, նա ամուսինս է։
 
― Ձե՞ր ամուսինը, տատիկ։ Մի՞թե չի մեռել։
 
― Ինձ համար մեռած է, ― պատասխանեց տատս, ― բայց դեռ ապրում է։
 
Ապշությունից լուռ մնացի։
 
― Բեթսի Տրոտուդը նման չէ քնքուշ զգացումների ընդունակ կնոջ, ― ասաց տատս հանդարտությամբ։ ― Բայց, Տրոտ, կար ժամանակ, երբ նա լիովին հավատում էր այդ մարդուն, երբ հոգով սրտով սիրում էր նրան, երբ պատրաստ էր ամեն զոհաբերություն հանձն առնել իր այդ սերը ցույց տալու համար։ Այդ բոլորի փոխարեն մարդը նրա գույքը վատնեց ու նրա սիրտը խորտակեց։ Այնուհետև Բեթսի Տրոտուդը այդ տեսակ զգացումներն ընդմիշտ թաղեց մի փոսի մեջ, փոսն էլ ծածկեց ու գետնի հետ հավասարեցրեց։
 
― Իմ սիրելի՜, բարի տատիկ։
 
― Ես նրանից վեհաբձնաբար բաժանվեցի, ― շատունակեց տատս, ձեռքը ձեռքիս վրա դնելով։ ― Այնքան տարիներ անցնելուց հետո՝ կարող եմ ասել, սիրելի Տրոտ, որ վեհանձնաբար բաժանվեցի նրանից։ Նա ինձ հետ այն աստիճան անգութ էր վարվում, որ ես կարող էի մի շատ ձեռնտու ապահարզան ստանալ, բայց չկամեցա պահանջել։ Նա շռայլեց, վատնեց, ինչ որ իրեն տվել էի․ օրեցօր ստորացավ, կարծեմ հետո մի ուրիշ կին առավ և վերջապես մի բախտախնդիր, մի խաղամոլ, մի խաբեբա մարդ դարձավ։ Դու ինքդ տեսար, թե այժմ ինչ է։ Բայց մեր պսակի ժամանակ մի գեղեցիկ տղամարդ էր, ― ասաց տատս այնպիսի ձայնով, որի մեջ իր անցյալ հափշտակության ու հիացման արձագանքը դեռ լսվում էր, ― և ես, հիմարս, կարծում էի, թե ազնվության տիպար է։
 
Տատս իմ ձեռքը սեղմեց ու գլուխը թոթվեց։
 
― Այժմ նա ինձ համար ոչինչ է, Տրոտ, մինչև անգամ ավելի պակաս, քան ոչինչ։ Բայց փոխանակ իր հանցանքների համար նրան պատժելու (և անպատճառ կպատժեի, եթե մեր կողմերում շարունակեր թափառել), ես երբեմն, երբ գալիս է, իմ միջոցներից ավելի եմ տալիս նրան, միայն թե այստեղից հեռանա։ Ես տխմար էի, Տրոտ, երբ նրա հետ ամուսնացա։ Այժմ նա նախկին մարդուս լոկ ստվերն է, բայց ես այնքան անմիտ եմ, որ ի սեր եբեմն պաշտած կուռքիս, նրա ստվերի հետ անգամ չէի կամենա անսիրտ վարվել։ Չէ՞ որ հոգուս ամբողջ զորությամբ սիրել էի նրան։
 
Տատս մի խոր հառաչանք հանեց ու զգեստի ծալքերը կոկեց։
 
― Այսպես, սիրելիս, ― ասաց տատս։ ―Այժմ ամեն բան գիտես․ սկիզբը, մեջն ու վերջը։ Էլ դրա մասին չխոսենք։ Սա է, Տրոտ, իմ պատմությունը, և թող դա մեր մեջ մնա։
Ադմին, Վստահելի
1876
edits