«Արարիչը» գրքի վերջաբանը

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Վերջաբան («Արարիչը» գրքի վերջաբանը)

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Աստված տա, որ այս ժողովածուի (որը ժամանակն է կազմել և ոչ թե ես, որն իր մեջ պարունակում է հին գործեր, որ ես չեմ համարձակվել սրբագրել, քանի որ դրանք գրել եմ գրական այլ ըմբռնումով) բնորոշ միապաղաղությունը թեմաների աշխարհագրական և պատմական տարբերություններից պակաս տեսանելի լինի: Տպագրության հանձնած գրքերիցս և ոչ մեկը, կարծեմ սրա նման անձնական չէ: Ինձ քիչ բան է պատահել և շատ եմ կարդացել: Ավելի ճիշտ, Շոպենհաուերի մտքից և Անգլիայի խոսքային երաժշտությունից ավելի հիշարժան բան ինձ շատ քիչ է պատահել:

Մի մարդ նպատակադրվում է նկարել աշխարհը: Տարիների ընթացքում տարածությունը բնակեցնում է նահանգների թագավորությունների, լեռների, ծովախորշերի, նավերի, կղզիների, ձկների, բնակարանների, գործիքների, աստղերի, ձիերի և մարդկանց պատկերներով: Մեռնելուց քիչ առաջ նկատում է, որ այդ համբերատար գծերի լաբիրինթոսը իր իսկ դեմքի պատկերն է: