Ամառ առանց այգաբացի - Գլուխ 3

Գրապահարան-ից

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 2 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 4 ▶


Այդ երեկո Սվասի մահմեդական թաղում սովորական աշխուժության փոխարեն տենդագին ու տագնապալի տրամադրություն էր տիրում։

— Հայերի գործն է։

— Սկզբում գավառապետը, իսկ հետո հերթը կհասնի մեզ բոլորիս։

― Իսկ այդ եկեղեցում... Մի հիսուն հոգի կային։ Մինչև ատամները զինված էին։ Մարդասպաններ, որոնք պատրաստ են մորթել կանանց ու երեխաներին։

― Ասում են, լեռներում հազարավոր զինյալներ են թաքնվում և որ նրանք շրջապատում են քաղաքը։

― Ինչո՞ւ է բանակը ձեռքերը ծալած նստել և չի պաշտպանում մեզ այդ գյաուրներից։

― Ես համարում եմ, որ նրանց պետք է կանխել։

Գրեթե նույն խոսքերն էին լսվում առևտրականների վաճառասեղանների մոտ, աղբյուրների շուրջը և փողոցներում գոյացող փոքր խմբերում։ Սրճարանների հարթակներին տղամարդիկ այնքան ոգևորված էին վիճում, որ մոռանում էին վառել իրենց նարգիլեները։ Գավառապետ Մումթազ բեյի սպանության լուրը տարածվել էր կայծակնային արագությամբ, իսկ Սվասի կենտրոնում հայ ապստամբների ձերբակալության լուրը, հավելվելով նախորդին, անպաշտպանության զգացման մթնոլորտ էր առաջացրել քաղաքում։ Անտեղյակ մարդիկ իրար էին կապում այս երկու իրադարձությունները, մինչդեռ դա այդպես չէր։ Իսկ Գանի բեյի գործակալները, շահագործելով վախի զգացումը, չափազանցնում էին թվերը և տագնապալի լուրեր էին տարածում։ Այս իրավիճակում հայերի տեղահանության մասին որոշումը դառնում էր խոհեմ միջոց, որի կիրառումն ուշացվում էր։

Վարդանը դուրս էր գափս հոսպիտալից։ Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում նա զեկույց էր ներկայացնում և չնայած նրան, որ շտապում էր տուն վերադառնալ, չուզեց կարգը խախտել։ Պարետը անսովոր զուսպ ու սառն էր նրա հետ, և երբ Վարդանը պահանջեց, որ վիրաբույժը այցելեր իր հիվանդներին, նա խուսափողական պատասխան տվեց։ Այդ պահին Վարդանը դեռևս չգիտեր, թե ինչ էր կատարվել քաղաքում իր բացակայության ընրացքում։ Ուստի նա զարմացավ՝ նկատելով բուժակների խոժոռ հայացքները։ Դուրս գալով բակ, նա հարցուփորձ արեց Իզեթին՝ նիհար, կորացած մեջքով մի զինվորի, որը հսկում էր իր ձիուն։ Վարդանը հաճախակի դեղորայք էր տալիս նրա բազմաթիվ երեխաներից որևէ մեկի համար, և Իզեթի երախտագիտությունը երբեմն չափազանցված էր լինում՝ վերածվելով զզվելի ստրկամտության։ Նա հաճույքով պատմեց այն ամենը, ինչ գիտեր գավառապետի սպանության մասին։ Մոռանալով, որ մայոր Վարդանը հայ էր, զինվորը պատմեց նաև Շիրակ Թևոնյանի գերեվարման մասին, որին նա մասնակցել էր։

― Ես սպանեցի այդ ավազակներից մեկին,― հայտարարեց նա կուրծքն ուռեցնելով։

Վարդանը հուզմունքը թաքցրեց հետաքրքրված ձևանալով.

― Զոհեր և վիրավորներ կա՞ն։

— Այո, երկուստեք։ Մենք վառեցինք եկեղեցին և բռնեցինք նրանց առաջնորդին։

Ահա թե ինչ։ Ուրեմն ծառերի վերևում իր տեսած ծուխը, դրա հետևանքն էր։ Շիրակ... Նրա համար ավելի լավ կլիներ, եթե մահացած լիներ մարտի ընթացքում։ Տխրելով՝ Վարդանը հիշեց, թե ինչպես էր նա ծիրան ուտում։ Իզերի հաղորդած մանրամասներից նա հասկացավ, որ եկեղեցին Սուրբ Մինասն էր։ Թովմասն այնտեղ պետք է գնար իր կնքահոր հետ։ Վարդանի մարմնով դող անցավ, և այս անգամ նրա ձայնը մատնեց հուզմունքը.

― Ապստամբներից բացի եկեղեցում ուրիշ մարդ կա՞ր։

― Սպան նրանց դուրս գալու թույլտվություն տվեց։

Վարդանը թեթևություն զգաց։ Իզեթը շարունակեց.

― Սպան իրեն որպես շատ բարի մարդ կամ որպես վախկոտ դրսևորեց։ Ես կարծում եմ, որ նա ու քահանան ծանոթ էին։ Ես բոլորին կվառեի։

― Նույնիսկ կանանց և երեխաների՞ն։ Եվ դա դու ես ասում, որ շատ երեխաներ ունես ու սիրում ես նրանց։

Զինվորը ուսերը թոթվեց։

― Դրանք գյաուրներ էին։

Առանց որևէ բան ավելացնելու Վարդանը հեծավ Հուր Կրակին և արագ հեռացավ։ Այս մտածելակերպը հատկանշական չէր Իզեթի համար, որը գթասիրտ և հանդուրժող մահմեդական էր։ Այն, որ նա այդ օրին էր հասել, նշանակում էր, որ հասարակական խաղաղությունը շատ արագ էր խաթարվում։ Դա կարելի էր կանխատեսել։ Տեղահանությունը նոր շունչ էր տալիս բնակչության մի մասի ատելությանը քրիստոնյաների նկատմամբ։ Շատերն այդ որոշումն ընկալում էին որպես խրախուսանք իրենց ատելությունն արտահայտելու համար։ Հայերը պետք է քավության նոխազ դառնային բոլոր անհաջողությունների և խաբեությունների համար։ Դա կարող էր միայն բռնությամբ ավարտվել։

Վարդանը պետք է Կավալ թաղով անցներ, ուր նա ստիպված էր ձիու ընթացքը դանդաղեցնել։ Տների երկրորդ հարկերը կախված էին փողոցի վրա, և նրանց տանիքների միջև երկնքի միայն շատ բարակ շերտ էր երեում։ Տեղ―տեղ հորիզոնական թառմաները ծածկում էին փողոցը և իսկական թունելներ կազմում։ Ինչպես միշտ, փողոցները կեղտոտ էին և պատված էին աղբակույտերով։ Կիսավայրենի բազմաթիվ շներ աղբահանի դեր էին կատարում։ Փողոցները մարդաշատ էին. տղամարդիկ՝ սև կոստյումներով, ֆեսը գլուխներին, կանայք՝ քողածածկ դեմքերով, ջահել աղջիկներ՝ բազմաթիվ մանր հյուսերով, աղմկոտ տղաներ, որոնք վազվզում էին ցուցադրված ապրանքների շուրջը։ Եվ այդ քաղաքացիների մեջ հայտնվում էին մի քիչ կաշկանդված գյուղացիներ, որոնց հեշտ էր ճանաչել կարճ բաճկոնների, բրդյա գոտիներով լայն շալվարների և յուրահատուկ գլխարկների շնորհիվ։

Վարդանը դանդաղ ճանապարհ էր հարթում ամբոխի մեջ։ Նա իր ողջ էությամբ զգում էր հայերի նկատմամբ թշնամանքը։ Փողոցի անկյունում ստվար մի ամբոխ փակել էր երթևեկությունը։ Մորուքավոր մի մարդ հանդիմանում էր տղամարդկանց և քարոզում էր իր սեփական սրբազան պատերազմը։ Նրա ճառն ուղեկցվում էր հավանության բացականչություններով։ Գլուխները տաքանում էին, երիտասարդները գնում էին տեղահան անելու իրենց ընկերներին։ Վարդանը կանգ առավ ամբոխի մոտ։ Նրա սիրտն արագ էր բաբախում։ Նա իրեն ի զոր ու էր զգում ուժերը չափելու ցանկացած հակառակորդի հետ անհատական մենամարտում, սակայն վրդովված ամբոխները նրա սրտում անբնական մի վախ էին արթնացնում։ Միգուցե դա կապված էր իր մանկության տարիներին տեղի ունեցած մի միջադեպի հետ։ Նա չգիտեր։ Նա մի քանի անգամ խորը շունչ քաշեց և վերագտնելով լիակատար ինքնակառավարումը, կանգնեց ասպանդակների վրա։

Պետք էր խանգարել այդ սադրիչին սանձազերծելու ամբոխի վայրագությունը։ Միայն սուլթանը կարող էր սրբազան պատերազմ հայտարարել։ Անհավանական էր, որ նա հանդգներ այդ բանն անելու, քանի որ նա կվախենար իր դեմ լարելու ողջ աշխարհի հասարակական կարծիքը և, հատկապես, անհնազանդության հանդիպելու Անատոլիայից դուրս ընկած մահմեդական աշխարհում, որը կվարկաբեկեր բոլոր հավատացյալների Առաջնորդի տիտղոսի նկատմամբ նրա ունեցած հավակնությունները։ Իհարկե, երե Թալեաթը և նրա նմանները նրանից այդ բանը պահանջած չփնեին։ Նրանց համար անհնարին բան չկար։ Վարդանը վճռեց խորամանկել։ Նա մատը տնկեց հռետորի վրա և բղավեց.

— Հե՜յ, դու։

Մարդը լռեց։ Ունկնդիրները հետևեցին նրա օրինակին։ Նա նայեց Վարդանին, որը շարունակեց կրակոտ տոնով.

— Այո, դո՛ւ։ Ո՞վ ես դու, որ համարձակվում ես խոսել սուլթանի անունից։ Ցույց տուր մեզ սրբազան պատերազմ ազդարարող ֆիրմանը։

Վարդանի խոսքերը կասկած սերմանեցին մարդկանց սրտերում, որոնք սպասում էին հռետորի պատասխանին։ Վերջինս շփոթվեց և նկատելի կերպով հուզվելով՝ շուրջը նայեց օգնություն ակնկալելով։ Ամբոխը հուզվում և աղմկում էր։ Փողոցի մյուս մայթին իր խանութի շեմին կանգնած մի վաճառական առաջ եկավ և, հռետորի ուղղությամբ բռունցքը թափահարելով, բղավեց.

— Դու սրբապղծությամբ ես զբաղված։ Գիտե՞ս ինչ են անում աստվածանարգողների հետ։

Մրմունջն ահագնացավ և որոտ դարձավ։ Հենց այն մարդիկ, ովքեր ծափահարել էին սադրիչի՝ սպանության դրդող կոչերին, հիմա պատրաստ էին նրան հոշոտել։ Վարդանը վճռեց չմիջամտել։ Ամբոխը մեծանում էր։ Հանկարծ հետեակի կանաչ համազգեստով, սակայն անզեն մի երիտասարդ կանգնեց հռետորի կողքին։ Վարդանը ճանաչեց մի զորակոչիկի, որը մի քանի շաբաթ աշխատել էր հոսպիտալի իր բաժանմունքում։ Նա խառնակիչ էր։ Զինվորը, Վարդանին ցույց տալով, ասաց.

— Ես սրան ճանաչում եմ։ Սա հայ է։ «Մայոր գյաուր», մենք նրան այսպես ենք անվանում։

Ամբոխը քարացավ, և համատարած լռություն տիրեց։ Հռետորը, անմիջապես ինքնավստահ դառնալով, փորձեց միջադեպից օգուտ քաղել։

― Հա՜յ,― բղավեց նա։— Այն հայերից մեկը, որ սպանել են մեր գավառապետին, այն շներից մեկը, որոնք հավակնում են տեր ու տիրական լինել այս երկրում։ Նա ինչ կուզեք կասի մեզ ուղղորդելու համար։ Մարդասպա՜ն հայ։

Ամբոխը սկսեց վանկարկել վերջին բառերը, և Վարդանը հայտնվեց ատելությամբ լի դեմքերի բազմության առաջ։ Մարդիկ բռունցքներն էին թափահարում, իսկ ոմանց ձեռքերում դանակ կար։ Վարդանը ցացադրական կերպով բացեց գոտկատեղին ամրացված պատյանը և ձեռքը դրեց ատրճանակի կոթին։ Այդ շարժումը բավական էր, որպեսզի դեպի Վարդանը շարժվող մարդիկ կանգ առնեին։

― Թույլ չտաք, որ նա փախչի ― հրամայեց մորուքավորը, վերականգնելով իր իշխանությունը ամբոխի վրա։

― Մենք նրան կկախենք,― ավելացրեց երիտասարդ զինվորը։

Վարդանը մտաբերեց, որ ինքը այդ զինվորի մասին բացասական զեկույց էր ներկայացրել։ Ցուցարարները տատանվում էին։ Այդ գյաուրը, այնուամենայնիվ, կրում էր օսմանյան բանակի սպայի համազգեստը։ Բացի դրանից, նա զինված էր։ Վարդանն օգտվեց անվստահության այդ պահից և հեռացավ։ Նա հեռացավ առանց ամբոխից աչքը կտրելու, մկանները լարված, պատրաստ անհրաժեշտության դեպքում ատրճանակը պատյանից հանելու և կրակելու։ Տեսնելով, որ նա արդեն բավականաչափ հեռացել էր ամբոխից, մարդիկ զգացին, որ նրան ձեռքից բաց էին թողել, և նրա հետեից բանջարեղեն և աղբ նետեցին։ Նա հեշտությամբ խուսափեց նետված իրերից, սակայն չկարողացավ խուսափել հարվածներից և անպատվություններից, որոնք հորդում էին հեղեղի պես։ Նա ձին խթանեց։

― Ճանապարհ, ճանապարհ,― բղավում էր նա, որպեսզի անցորդները մի կողմ քաշվեին և իր համար միջանցք բացեին։

Շուտով նա դուրս եկավ մի հրապարակ, ուր զինվորների դասակները պահակ էին կանգնել։ Այժմ, երբ վտանգն արդեն անցել էր, Վարդանը ստամոքսի շրջանում ջերմություն զգաց, որը տարածվեց նրա մարմնով մեկ։ Ոստիկանության պարեկները շրջում էին հայկական թաղի առևտրական կենտրոնի դատարկ փողոցներում։ Հավանաբար իշխանությունները վախենում էին հուզումներից։ Հենց որ ճանապարհը դատարկվեց, Վարդանը ձին քառատրոփ քշեց դեպի տուն։

✻    ✻



Տան շեմի աստիճանին նստած Թովմասը հետևում էր այգին փողոցից բաժանող ցանկապատին։ Նա անհամբերությամբ հորն էր սպասում։ Եկեղեցուց տուն վերադառնալուց հետո ժամանակը շատ դանդաղ էր անցնում։ Թովմասով ոչ ոք չէր զբաղվում։

Ազնիվ խանումը, Մարոն, Ջամիլան և Զեյնաբը գործ էին անում տանը, իր ընկերներից և ոչ մեկը չէր ներկայացել, և ֆրանսերենի դասը տեղի չէր ունեցել։ Չէին գալիս նաև ներքին քաղաքի տղաները, որոնք երբեմն ցատկում էին Պալյանների այգու ցանկապատի վրայով և միրգ էին փախցնում։ Թովմասը նրանց չէր մատնում, քանի որ տղաներն իրեն քաջ էին թվում և ինքը նախանձում էր նրանց ազատությանը։ Իսկ ինչ վերաբերում էր մրգին, ապա ծառերի վրա այնքան միրգ կար, որ իրենք էլ չգիտեին, թե ինչ անեն։

Սասունը չէր կարող կռահել, որ իր տերը տրամադրություն չաներ իր հետ խաղալու։ Նա Թովմասին էր տալիս իր գնդակը և վիզը ծռած վնգստում էր, հետո, համբերությունը կորցնելով սկսում էր հաչել։ Նա մերթ պառկում էր Թովմասի ոտքերի մոտ, մերթ վեր էր թռչում և հարձակվում էր շագանակենու տակ նստած կեռնեխների վրա, հետո նորից պառկում էր սանդուղքի տակ։

Թովմասը մտաբերում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել եկեղեցում, և ձգտում էր ամեն ինչ հիշողության մեջ պահել։ Դա դժվար էր, քանի որ երբեմն որոշ մանրամասներ չափից ավելի մեծ տեղ էին գրավում և գերիշխում էին մնացածի վրա։ Հատկապես լավ էր հիշում իրենց նստարանի դիմաց նստած մի կնոջ սարսափահար հայացքը, ծռված բերանը և եղունգները, որոնցով նա ճանկռտում էր իր դեմքը։ Այն հերոսի սարսափելի աչքերը, որին կնքահայրը տվեց իր փամփուշտները։ Նա պարզորոշ տեսնում էր նավապետ Արմենի ոտքերի տակ թքող երիտասարդ ոստիկանի դեղնած ատամները։ Նա հիշում էր իր սարսափը, որից նա դեռ չէր ազատվել։ Զգում էր, որ այն թաքնվել էր իր հոգում, նմանվելով փոքրիկ գազանի, որն իր ճանկերի մեջ կառներ իրեն հենց առաջին հնարավորության դեպքում։ Մինչև հիմա նա վախենում էր միայն գերեզմանատան մեռյալներից և հրեշավոր գազաններից, որոնց ինքը հնարում էր նկուղի խոնավ մթության մեջ։ Նա երբեք մարդկանցից չէր վախեցել։

Մոր տված պարզաբանությունները այնքան էլ չբավարարեցին Թովմասին։ Տեղահանություն՝ հիմա նա մոտավոր պատկերացում ուներ դրա մասին։ Դա բացատրում էր մեծերի լարվածությունը, իր ընկերների բացակայությունը, փակ խանութները, սակայն ոչ եկեղեցու հրդեհը, ոչ էլ Տեր Խորենի և պարոն Զորյանի՝ ուսուցչի ձերբակալությունը։ Թովմասը չէր կարողանում ի մի հավաքել այդ տարրերը և հասկանալի պատկեր ստանալ։ Դա մի խճանկար էր, որի ամենակարևոր տարրը՝ ինչո՞ւն պակասում էր։

Սասունը ականջները տնկեց։ արագ ընթացքով ձի էր մոտենում։ Դարպասին մոտենալով ձին դանդաղեցրեծ ընթացքը։ Երեխան ճանաչեց Հուր Կրակի սմբակների անկրկնելի ռիթմը մինչև ձիու երևալը։ Վերջապե՜ս։ Նա գլուխը դռնից ներս մտցրեց և բղավեց.

― Հայրիկը գալի՜ս է։

Հետո նա վազեց դեպի դարպասը, ուր Վարդանն աարդեն իջել էր ձիուց։ Երեխան ձեռքն անցկացրեց ճաղերի արանքվ և հպվեց հոր ձեռքին։

― Հայրիկ, հայրիկ,― ասաց նա ակնհայտորեն թեթևացած ձայնով։

Վարդանը շոշափեց նրա թևերն ու ուսերը, հարցնելով.

― Հոգիս... Ամեն ինչ լա՞վ է։ Քեզ ոչինչ չի՞ պատահել։

Թովմասը շնչակտուր սկսեց պատմել.

― Նրանք այրեցին եկեղեցին, հայրիկ։ Ոստիկանները։ Նրանք նախ մեզ դուրս բերեցին։ Նրանք ձերբակալեցին Տեր Խորենին և ուրիշներին։ Նրանք սպանեցին հերոսներին։

Վարդանը երեխային իր կողմը ձգեց և ճաղերի արանքից համբուրեց.

― Արդեն ամեն ինչ վերջացել է։ Ես այստեղ եմ։

Վարդանը պատրաստվում էր Թովմասին խնդրել, որ բանալին բերեր, երբ տեսավ Մարոյին բանալին ձեռքին։ Նա Ժպտում էր, սակայն Վարդանը նկատեց, որ Մարոյի աչքերը կարմրած էին։ Այս մանրուքից բացի, նրա պահվածքից ու ձայնից երևում էր, որ նա իրեն տիրապետում էր։

― Ինչ երջանի՜կ եմ ես,― բացականչեց նա՝ երկաթյա մեծ բանալին պտտեցնելով կողպեքի մեջ։

Թովմասը կախ ընկավ դարպասից և ոտքերով թափ հաղորդեց դռանը՝ կիսաշրջան կատարելու համար։ Մարոն փարվեց Վարդանին և համբուրեց նրան։

― Կյանքս...― մրմնջաց Վարդանը գրկի մեջ նրան պահելով։

Մարոն լարված էր և գրեթե աննկատ դողում էր։

― Ըհը, ըհը,― արեց Թովմասը նրանց մոտենալով։

Հայրը նրա քիթը քաշեց և նստեցրեց թամբին։

― Ձիդ քրտնել է,― արձանագրեց Մարոն։

― Ես տուն էի շտապում։

Մարոն փակեց դարպասը և գրկեց ամուսնուն։ Վարդանն էլ գրկեց նրա ուսերը, և նրանք կողք կողքի ձիու հետևից գնացին դեպի ախոռը։ Մարոն հարցրեց.

― Իմացա՞ր Սուրբ Մինասի մասին։ Նրանք ոչ մեկին ազատ չեն արձակել։ Արմենը գնացել է նորություններ իմանալու։ Քահանան և մնացածները մեղադրվում են ապստամբներին օժանդակելու մեջ։ Իրավիճակը բարդանում է, Վարդան։ Մենք անպայման պետք է մի բան անենք։

Նրբանկատությունից դրդված՝ Մարոն առաջ չէր քաշում այն ելքը, որի մասին ինքը մտածում էր։ Նա գիտեր, որ Վարդանը դիտարկել էր այդ խնդիրը, հետևաբար առաջինը պետք է խոսեր այդ մասին։ Վարդանը նայեց Թովմասին և Մարոյին նշան արեց սպասելու ավելի հարմար առիթի։

― Ես նրան հնարավորինս բացատրեցի,― ասաց Մարոն։― Վարդան, քո համազգեստը մեզ երկար պաշտպանել չի կարող։ Դու գիտե՞ս, թե ինչ է կատարվում այլուր։

Վարդանը գլխով արեց։ Մարոն շարունակեց.

― Նույն բանը կկատարվի այստեղ։ Դա անխուսափելի է։

Կարծես դժկամությամբ Վարդանը ցածրաձայն ասաց.

― Դա շատ հնարավոր է։ Եվ իմաստնությունը կպահանջեր, որ մենք հեռանայինք այստեղից քանի դեռ ուշ չէ։

― Կպահանջե՞ր։ Իսկ ինչո՞ւ պայմանական եղանակով։

Մարոն պատասխանը գիտեր։ Նա կռահում էր այն ներքին պայքարը, որը երկատում էր իր ամուսնուն։ Վարդանը հաստատեց Մարոյի կասկածը։

― Իմ պարտքը...

― Քո պարտքն է նախ մտածել ընտանիքիդ մասին,― ասաց Մարոն վստահորեն։

― Իսկ մնացածնե՞րը։

― Դու ոչինչ չես կարող անել նրանց համար, բացի անիմաստ կերպով քեզ զոհաբերելուց։ Իսկ դու դրա իրավունքը չունես։

Նրանք ախոռ մտան։ Վարդանն իջեցրեց Թովմասին և Հուր Կրակի թամբը հանեց։ Մարոն մի խուրձ հարդ վերցրեց և կտրուկ շարժումներով սկսեց ձիուն սրբել։ Վարդանը, անկասկած, բազմիցս մտածել էր այս ամենի մասին, սակայն Մարոն այլ փաստարկներ ևս ուներ։

― Քանի որ դու զինվորական ես, ապա մենք Սվասի վերջին ընտանիքը կլինենք, որը կտեղահանվի, և դու ոչնչով չես կարողանա օգնել քո հայրենակիցներին։

― Գիտեմ...

Միամիտ ձևանալով՝ Մարոն հարցրեց.

― Ի՞նչ ես կարծում, ինչ իրադարձություն կարող է վերջ տալ տեղահանություններին և հանդարտեցնել այն խելագարներին, որոնցից կազմված է կառավարությունը։

― Արտաքին հարձակումը։ Արտաքին ճնշումները։ Բայց դրսում պետք է իմանան, թև ինչ է այստեղ կատարվում և...

Նա հանկարծակի լռեց։ Իհարկե... Հետևությունը պարտադրվում էր ինքնըստինքյան։ Ինչպե՜ս ինքը չէր մտածել դրա մասին ավելի վաղ։ Հարկավոր էր, որ մեկը օգնության կանչեր Իսկ ո՞վ կարող էր այդ բանը Վարդանից լավ անել։ Նա պարզորոշ տեսավ իր հետագա գործողությունների ուղղությունը։ Ինքը պետք է գրիչը ձեռքը վերցներ և ի լուր աշխարհի հայտարարեր, որ Օսմանյան կայսրությունում բնաջնջում էին հայերին։ Այդ բանն անելու համար ինքը պետք է հեռանար երկրից։ Դա իր հայրենակիցներին օգնության գալու միակ միջոցն էր։

Վարդանի խաղաղված դեմքը տեսնելով՝ Մարոն հասկացավ, որ ամուսնու խիղճը հանգստացել էր։

― Վճռված է։ Մենք կմեկնենք հենց այս գիշեր,— ասաց Վարդանը։― Ես Արմենին կառաջարկեմ միանալ մեզ։

Մարոն բավարարության հոգոց հանեց և նետեց հարդի խուրձը։

― Մի կես Ժամից նա այստեղ կլինի Արաքսիի հետ միասին։ Գնամ ինձ կարգի բերեմ։

― Բարի եղիր կարգադրելու, որ լոգանքի համար տաք ջուր բերեն ննջարան։

Թեթև քայլերով Մարոն դեպի տուն գնաց։ Նրան թվում էր, որ ինքը ազատվել էր ուսերին ճնշող ծանր բեռից։ Բոլորից ծածուկ նա նախապատրաստել էր այն հագուստը և անձնական իրերը, որ պետք է վերցնեին իրենց հետ։ Շատ քիչ բան, որ տեղավորվել էր փոքր ճամպրուկի մեջ։ Նրա հիասթափությունն անսահման կլիներ, եթե իրենց փախուստը հետաձգվեր գեթ մեկ օրով։

Օրվա բուռն իրադարձությունների պատճառով Վարդանը մոռացել էր որդու ծննդյան տարեդարձի մասին։ Իրենից երկու անգամ մեծ եղանը հազիվ գործի դնելով՝ Թովմասը ձիերի և կովերի մսուրները խոտով էր լցնում։ Նա բաց չէր թողել իր ծնողների խոսակցության և ոչ մի բառը։ Նա շատ բան չէր հասկացել այդ խոսակցությունից, բացառությամբ այն բանի, որ իրենք մեկնելու էին։

― Մոտ եկ,― ասաց Վարդանը՝ թևերը լայն բացելով։

Թովմասը եղանը մի կողմ դրեց և վազեց հոր մոտ, որը նրան գրկեց։

― Դու արդեն վեց տարեկան ես։ Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ տղա։

― Շնորհակալություն, հայրիկ։

― Ներիր մեզ, որ մենք այնքան էլ ուրախ չենք քո տարեդարձի օրը։

― Ոչինչ,— պատասխանեց երեխան, որը նախաճաշից հետո չէր էլ մտածել իր տարեդարձի մասին։

― Շուտով մենք ուրիշ քաղաքում կլինենք, և մեզ այլևս վտանգ չի սպառնա։ Այդ ժամանակ մենք քեզ համար այնպիսի տոն կկազմակերպենք, որը դու երկար կհիշես։

Մի հարց հանգիստ չէր թողնում Թովմասին.

― Մենք այս գիշե՞ր ենք մեկնելու։

― Այո, բայց ոչ մեկին չասես։

― Ո՞ւր։

― Դեռ չգիտեմ։ Բայց մենք բոլորս միասին կլինենք։ Ճանապարհորդությունը երկար և դժվարին կլինի։ Դու պետք է քեզ տղամարդու պես պահես։

― Եկեղեցում ես չլացեցի։ Ոչ էլ զինվորների առջև։ Քեզ հետ, հայրիկ, ես ոչնչից չեմ վախենում։

Վարդանը նրա մազերը խառնեց, համբուրեց ու սեղմեց կրծքին գետնին իջեցնելուց առաջ։

― Գնանք նախապատրաստվենք կնքահորդ դիմավորելու։ Ես նրան եմ հանձնել քո նվերը։

Թովմասը քաշեց նրա բաճկոնի փեշը և հարցրեց հուզված տեսքով.

― Ինչո՞ւ թուրքերը մեզ չեն սիրում։

Վարդանը նստեց վարսակով արկղի վրա և արձակեց համազգեստի օձիքը։

― Կան թուրքեր, որոնք սիրում և հարգում են հայերին։ Օրինակ, Ջամիլան ու Զեյնաբը։ Կամ էլ, իմ բարեկամ գնդապետ Իբրահիմը։ Բայց ճիշտ է նաև այն, որ կան թուրքեր, որոնք մեզ չեն սիրում։

― Ինչո՞ւ։

― Որովհետև մենք տարբերվում ենք իրենցից, ուրիշ լեզվով ենք խոսում, այլ կրոն ենք դավանում։

― Մեր Աստվածը միակ ճշմարիտ Աստվածն է։ Այդպես է ասվում մի աղոթքում։

― Գիտես Թովմաս, մահմեդականները նույն բանն են մտածում։ Դու էլ իրավացի չես։ Աստված մեկն է, ինչպես էլ նրան անվանեն։ Հարկավոր է յուրաքանչյուրին թույլ տալ, որ նա աղոթի այնպես, ինչպես նա հարկ է համարում։

Չափից ավելի բարդ պատասխանը չբավարարեց Թովմասին։ Նա կտրուկ տոնով հարցրեց.

― Ինչո՞ւ են մարդիկ ուզում մեզ քշել Սվասից։ Մենք նրանց ոչինչ չենք արել։

― Չէ՞ որ ես քեզ արդեն բացատրել եմ, թե ինչ է իրենից ներկայացնում Օսմանյան կայսրությունը։ Սուլթանը, հիշո՞ւմ ես։

Թովմասը գլխով արեց։

― Տեղահանության մասին որոշումը կայացրել է սուլթանը և նրա կառավարությունը և ոչ թե Սվասի մահմեդականները։ Համոզված եմ, որ նրանց մեծ մասը տխրել է։ Սակայն նրանք ոչինչ անել չեն կարող։ Զինվորները հրանան են կատարում, նրանք ենթարկվում են կառավարությանը։

― Իսկ դո՞ւ, հայրիկ,― հարցրեց Թովմասը՝ ցույց տալով հոր համազգեստը։

― Ես իսկական զինվոր չեմ, Թովմաս։ Բանակում ես դեղագործ եմ և բուժում եմ հիվանդներին։

Դռան շեմից Ազնիվ խանումը կանչում էր Թովմասին, որպեսզի նա տուն գնաը հազուստը փոխելու։

Արմենն իր հետևից մի պոնի էր քարշ տալիս։ Նա քայլում էր ավանակի կողքից, որի վրա նստած էր Արաքսին՝ իր ահռելի ոտքերով սեղմելով կենդանու կողերը։ Նրա երիկամները հիվանդ էին, ճնշումը բարձր, և բամբակյա սև գուլպաների մեջ առնված ոտքերն այտուցված էին։ Վարդանը նրան հատուկ դիետա էր նշանակել, որը նա չէր կարողանում պահպանել, չնայած հասկանում էր դրա անհրաժեշտությունը։ Նա շարունակ հետաձգում էր այն պահը, երբ պետք է հրաժարվեր իր սիրած առատ համեմված կերակուրներից։ Նրա գեր մարմնի համեմատությամբ դեմքն ավելի նուրբ էր թվում, քան կար իրականում։ Նրա ձյունաճերմակ մազերի մեջ մի սև փունջ կար, որը համառորեն չէր ուզում սպիտակել։ Արաքսին գլխաշոր էր կրում և սև փունջը տեղադրում էր այնպես, որպեսզի այն երևար ու երիտասարդ տեսք տար իր դեմքին։ Նա միշտ պատրաստ էր ժպտալ՝ իր հոյակապ և առողջ ատամները ցուցադրելով։ Նա ցանկանում էր գրավիչ լինել Արմենի համար։ Երբ խոսում էին նրա հիվանդության մասին, նա կրկնում էր. «Մահն ինձ չի վախեցնում, Արմեն, ամենևին։ Ինձ վախեցնում է ծերությունը, գեր և անհրապույր դառնալու հեռանկարը»։ Արմենը բողոքում էր և ասում, որ Արաքսին իր համար ամենագեղեցիկն էր ու ցանկալին։ Եվ վերջապես նա ասում էր կնոջը՝ նրա կզակը ճմկտելով. «Ես քեզ տեսնում եմ սրտիս աչքերով և դու այնպիսին ես, ինպիսին էիր մեր ամուսնության առաջին օրը»։ Այդ խոսքերը անվրեպ կերպով ստիպում էին Արաքսիին ժպտալ։ Եվ իսկապես, Արմենի սերը չէր փոխվել։ Դա պարզ, հիմնավոր և հանգիստ զգացմունք էր։ Իրենց ամուսնական կյանքի ընթացքում նրանք հաճախ էին ստիպված եղել իրարից հեռու լինել ձկնորսության պատճառով և այդպես էլ չէին վարժվել այդ բաժանումներին։ Այսօր նրանք լրացնում էին կորցրած ժամանակը և փաստորեն անբաժան էին։

Տնից դուրս գալու պահից ի վեր Արմենը ոչ մի խոսք չէր ասել։ Սակավախոսությունը նրա արժանիքներից չէր, և Արաքսին կռահում էր, որ ճաշկերույթը Պալյանների տանը նրա համար տհաճ պարտականություն էր։ Իր ծորացող ձայնով Արաքսին ասաց.

― Ես շատ ուրախ եմ այս հրավերի համար։

― Վախենամ, թե այս ճաշը գիշերային հսկման նմանվի,― քրթմնջաց Արմենը։― Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նրանք համառորեն ուզում նշել Թովմասի տարեդարձը։ Այս իրավիճակում...

Ծեր կինը ուշադրության չէր դարձնում նրա փնթփնթոցին, կարևորն այն էր, որ նա խախտել էր լռությունը։ Արաքսին պնդեց.

― Հակառակը, պետք չէ մենակ մնալ։ Ես նրանց հասկանում եմ, և ես նույնպես ուզում եմ բարեկամներով շրջապատված լինել։ Միգուցե սա վերջին ճաշն է, որ միասին կճաշակենք։

― Հաստա՜տ վերջինը կլինի։

― Փորձիր ավելի հանդարտ լինել։

― Հանդա՛րտ,― պայթեց Արմենը,― ինչպես ես կարող եմ հանդարտ լինել, երբ մեզ...

Նա լռեց՝ իրեն հաշիվ տալով, որ ինքը գրեթե բղավում էր, մինչդեռ պետք է խնայեր իր խեղճ կնոջ նյարդերը։

― Ներիր ինձ աղունիկս,― մրմնջաց նա՝ ձեռքը դնելով կնոջ ձեռքին։

Արաքսին ժպտաց։ Արմենը շատ վաղուց չէր օգտագործել այդ փաղաքշական բառը։ Արմենը հոգոց հանեց.

― Լավ, ես կզսպեմ ինձ մի քանի ժամ։

Նրա ձեռքը, որով նա բռնել էր պոնիի սանձը, լարվեց և եղունգները մխրճվեցին ափի մեջ։ Նա ներքուստ եռում էր։ Նրա համար անտանելի էր այն անգործությունը, որին նրան մատնում էր իրադարձությունների ընթացքը։ Նրան հուսահատեցնում էր իր անկարողությանը։ Երբ հասան Սուրբ Մինաս եկեղեցու ծխացող ավերակներին, նա հայհոյանքների մի շարան արտաբերեց։ Արաքսին նրան չհանդիմանեց։ Սևացած պատերի տեսքից նրա ճնշումը բարձրացավ, և նա շրջվեց, որպեսզի ամուսինը չտեսներ իր կարմրած դեմքը և արցունքները։ Մինչ այժմ տեղահանությունը կարկտաբեր ամպ էր, որը նախախնամությունը հեռացնում էր իրենցից։ Հայերի նկատմամբ իրկակացվող գազանությունները, որոնց մասին պատմել էր Արմենը, նրա հոգում արձագանք չէին գտել։ Դրանք սարսափելի բառեր էին անկասկած, որոնք սակայն քաշ, որքան և հարյուրամյակներ առաջ տեղի ունեցած պատերազմներն ու ջարդերը։ Հայտնվելով ավերված տաճարի առջև` նա հանկարծ հասկացավ զգայական ձևով։ Նրա վիշտը նույնքան մեծ էր, որքան այն ցավը, որը նա ապրել էր` կորցնելով իր վեց զավակներին և տասներեք թոռներին։ Կարծես նա կրկին կորցրած լիներ այն պահին։ Եվ նա հասկացավ, որ ինքը նրանց կորցնելու էր ամեն անգամ, երբ կսպանվեր գեթ մեկ մարդ կամ երեխա։ Որքա‛ն արդյոք կդիամանար նրա սիրտը։

Պալյանները, ընտանյոք հանդերձ, դուրս եկան Արմենին ու Արաքսիին դռան շեմին դիմավորելու համար։ Թովմասը քար կտրեց տեսնելով թամբած պոնիին, որին առաջնորդում էր կնքահայրը։ Շարժվելու և խոսելու ունակությունը կորցնելով` նա նայում էր, թե ինչպես էին նրանք մոտենում։ Իր ամենանվիրական երազանքն իրականանում էր։ Եկեղեցու դեպքերից հետո նրա մեջ արմատավորված վախը, որից նույնիսկ նրա փորն էր ցավում, անհայտացավ։ Կարմրին տվող շագանակագույն մորթով, կատարյալ համամասնություններ ունեցող կենդանին շեկ բաշ և պոչ ուներ։ Շունը հաչեց, իսկ պոնին նրան պատասխանեց երկար խրխնջոցով։ Դրանից Թովմասը երկար և մի քիչ նյարդային ծիծաղեց։ Նա գամվել էր վերին աստիճանին, չնայած ուզում էր վազել պոնիի մոտ։ Մի քանի րոպե առաջ ինքը խոստացել էր Ազնիվ խանումին, որ նախ կողջուներ հյուրերին, շնորհակալություն կհայտներ նվերի համար, իսկ հետո միայն կվերցներ ընծան։

Վարդանն օգնեց Արաքսիին իջնել ավանակից։

― Ինչպե՞ս են ձեր ոտքերը։

― Ավելի լավ,― ստեց նա։― Ձեր նշանակած բուժումը ինձ շատ է օգնում։ Սակայն այս երեկո ես ինձ թույլ կտամ այն խախտել։

Մեծերի ողջագուրանքների ընթացքում, որոնք նրան շատ ձգձգված թվացին, Թովմասը տեղում դոփում էր։ Վերջապես հասավ կնքահորն ու կնքամորը համբուրելու իր հերթը։ Արաքսին ձեռքերը նրա ուսերին դրեց, նրան կանգնեցրեց պոնիի դիմաց և ասաց մնացածներին.

― Մեր սիրելի Թովմասը հրեշտակի համբերություն ցուցաբերեց։

Վարդանը կենդանուն ցույց տվեց.

― Ահա, Թովմաս։ Այս պոնին քոնն է։ Լավ կխնամես։

― Թամբը քեզ նվիրում է տատիկը։ Արաքսին գործել է թամբի տակի հոյակապ խալին, իսկ կնքահայրդ երկու ամիս շարունակ վարժեցրել է պոնիին։

Վերջապես Թովմասը մոտեցավ իր ձիուն։ Ձին արդեն բարեկամացել էր շան հետ։ Հուզված երեխան շոյեց կարճ և նուրբ մազմզուկներով պատված նրա մռութը։ Կենդանին վիզը երկարացրեց, որ իրեն շոյեն։

― Կարծես ինձ ճանաչի,― հիացավ Թովմասը։

―Հենց այդպես է― պատասխանեց Արմենը։ Մայրդ ինձ էր տվել քո հագուստներից մեկը և նա սովորել է քո հոտին։

Թովմասը գրկեց պոնիի պարանոցը, պտտվեց նրա շուրջը, շոյեց գավակը և նստեց թամբին։ Նրա դեմքը փայլում էր աննկարագրելի երջանկությունից։

Կրունկներով նա թեթևակիորեն խթանեց ձին և լեզուն ճտճտացրեց, ինչպես անում հայրը։ Մարոն շարժում արեց նրան հեռու պահելու համար, սակայն Արմենը նրան հանգստացրեց։ Պոնին տեղում պտույտ կատարեց, մի քանի քայլ արեց և վարգեց։ Զեյնաբն ու Ջամիլան ծիծաղելով վագում էին նրանց ետևից։ Ցանկապատի մոտ Թովմասը շրջեց և վերադարձավ մեծերի մոտ։ Դոդացոդ ձայնով նա հայտարարեց.

― Ես նրան Կայծակ կանվանեմ։

― Այդ անունը նրան շատ է սազում,― հաստատեց Վարդանը։

― Մենք հիմա կճաշենք,― ասաց Մարոն։― Իսկ Կայծակին դու կհեծնես ճաշից հետո։

Թովմասը պոնիին կապեց տխիլի թփից՝ ճաշասենյակի լուսամատի դիմաց։ Արմենը մտածեց, որ կենդանին կկոտրատաեր թփի ճյուղերը, սակայն դա այլևս նշանակություն չուներ։ Ինչպես և մնացածները, նա մի քանի րոպեով հադորդվել էր Թովմասի երջանկությանը և մոռացել էր իր տխրությունը։ Այն կրկին սողոսկում էր նրանցից յուրաքանչյուրի հոգին, սակայն նրանք ջանում էին այդ բանը ցույց չտալ։

✻    ✻



Սվասի բնակիչները շրջանի ամենագեղեցիկ և անկասկած ամենալավ կահավորված տունը համարում էին Ատոմ Շամլյանի կառուցած շենքը։ Հարուստ ներմուծողն ափսոսանքով էր վաճառել Վարդանին այդ տունը, ուր նա հավաքել էր իր հավանած կահույքի նմուշները։ Նրա զավակները Կոստանդնուպոլսում և Միացյալ Նահանգներում էին հաստատվել, իսկ նրա առողջական վիճակը պահանջում էր տեղափոխվել մայրաքաղաք, ու անվանի բժիշկներ կային։

Այդ տունը մտնելիս Արաքսին վեհերոտության որոշակի զգացում էր ունենում, որը գրեթե չէր անդրադառնում նրա և Պալյանների միջև գոյություն ունեցող ջերմ և մտերմիկ կապի վրա։ Նրա և Արմենի կառուցած երկսենյականոց համեստ տունը ամբողջությամբ կտեղավորեր Պալյանների տան հյուրասենյակում։

Սնանկակացած ծխախոտագործի դուստր լինելով` Արաքսին երբեք այդքան գեղեցիկ բան չէր տեսել, որքան այդ ճաշասենյակը իր մեծ մարմարապատ բուխարիով և սադափով դրվագանախշված սև փայտե ժամացույցով, որը նվագում էր կես ժամը մեկ։ Կաղնեփայտով պատված պատերին փակցված էին Վարդանի ծնողների և Մարոյի հոր դիմանկարները։ Կար նաև Այվազովսկու չորս ծովանկար։ Քսան հյուր տեղավորող կաղնու սեղանի վերևամ կախված էր բյուրեղապակյա մեծ ջահը։ Ջահը զուտ դեկորատիվ նշանակություն ուներ, քանի որ էլեկտրական էր, իսկ Սվասում, ինչպես և Անատոլիայի մնացած քաղաքներում էլեկտրականություն չկար։ Նախկին սեփականատերը, որը հավատում էր առաջընթացի արագ ներթափանցմանը, յուրաքանչյուր սենյակում էլեկտրական լապտերներ էր տեղադրել։ Տան կառույցից տասներկու տարի անց մարդիկ դեռես օգտվում էին նավթի լամպերից։ Ապակեպատ պահարանում ցուցադրված էր արծաթե սպասքը, իսկ «Տիրոջ ձայնը» ձայնարկիչը և սպասքադրման երկու սեղանները, լրացնում էին կահավորանքը։

Մարոն սենյակը զարդարել էր վարդի փնջերով, իսկ սեղանը հոյակապ էր սպասավորված։ Ոչ ոք տոնական տրամադրություն չուներ Զեյնաբից և Ջամիլայից բացի։ Վարդանը, հաշվի առնելով Արմենի տարիքը, նրան խնդրեց աղոթք ասել։ Դա զարմացրեց նրա զոքանչին, որը կարծում էր, թե Վարդանն առնվազն անտարբեր է կրոնի հանդեպ։ Փոքրիկ թրքուհիները մատուցեցին ուտեստները` հաճախակի հայացքներ նետելով Մարոյի վրա, հետո տեղ զբաղեցրին սեղանի մոտ։ Ազնիվ խանումը պատրաստել էր իր թոռան սիրած ճաշատեսակները՝ խորոված սմբուկ, արտիճուկ ձիթապտղի յուղով, բրնձով և նշով լցոնած գառ։

Ուտեստների գովաբանությունից, Թովմասին հղված բարեմաղթանքներից և կենացներից հետո նրանք լուռ ուտում էին։ Արաքսին, ինչպես և Արմենը շփոթվել էին իրենց ափսեները շրջապատող սպասքի առատությունից, և երկուսն էլ հետևում էին տանտերերին չշփոթեցնելու համար։ Նրանց շփոթեցնում էր նաև այն, որ դեմքերի լրջությունը ճաշին մի քիչ լարված հանդիսավորություն էր հաղորդել։ Սի քանի րոպե անց Արմենը վայր դրեց պատառաքաղը։

― Ես այլևս չեմ կարող ձև թափել,― բացականչեց նա ջղայնացած տոնով։

Կինը արմունկով բոթելով, նրան կարգի հրավիրեց։

Արմենն արդարացավ մռայլ տեսքով։

― Մենք այստեղ քեֆ ենք անում, կարծես ոչինչ չի պատահել։ Իսկ այդ ժամանակ ոմանք դանակ են սրում։

Բոլորը, նույնիսկ Զեյնաբն ու Ջամիլան, որոնք իրենց մեղավոր զգացին, քար կտրեցին։ Բոլորը, Թովմասից բացի, որն ուտում էր մեքենայաբար՝ աչքր իր պոնիից չկտրելով, միտքը հեռու։ Մարոն, շփոթվելով, չգիտեր, թե իրեն ինչպես պահեր։ Նա աղերսող հայացք գցեց ամուսնու վրա։ Վարդանը խոսեց հանդարտ, սակայն վստահ ձայնով.

― Ես հասկանում եմ ձեր զգացմունքները, Արմեն։ Մենք բոլորս նույնն ենք զգում։ Սակայն ձեզ չի՞ թվում, որ կարող էինք քննարկել այս հարցը սուրճ խմելիս։

Արմենի ուսերը հակվեցին։ Նա զննեց իր ափսեն և փնթփնփաց.

― Ի՜նչ կփոխվի այդ խոսակցություններից։ Խոսքեր, ահա թե ինչ է մեզ մնացել... Խոսել և սպասել, թե ինչ կպատահի։

― Հաստատ չես կարող ասել... Ելք կա։

Այս խոսքերի վրա Արմենն արագ բարձրացրեց աչքերը։

― Սև ծով,― շշնջաց Վարդանը։

Սև ծով։ Ի՞նչ էր նա ցանկանում ասել իրականում։ Արմենի շփոթմունքն արտացոլվում էր նրա դեմքին։ Գլխի շարժումով Վարդանը նրան հասկացրեց, որ խոսքը գնալու մասին էր և նրա հարցերը կանխելու համար ասաց.

― Ես այդ մասին էի ուզում խոսել ճաշից հետո։

― Լավ,― պատասխանեց Արմենը։

Նա ձեռքը վերցրեց դանակն ու պատառաքաղը, սակայն խորասուզվելով մտքերի մեջ, մոռացավ ուտելու մասին։ Սեղանին ճնշող լռություն իջավ։ Մարոն Զեյնաբին խնդրեց միացնել ձայնարկիչը։

Նրանց ձայնարկիչը միակն էր քաղաքում, և Թովմասը շատ էր հպարտանում, երբ իր ընկերները զմայլված լսում էին այն։ Ջամիլայի ու Ջեյնաբի համար դա գրեթե կախարդական գործիք էր, որի զմայլող զորությունը չէր թուլանում։ Ճաշի ողջ ընթացքում նրանք իրար հետ մրցելով լարում էին սարքը կամ փոխում էին սկավառակները։ Զրույցը աշխուժացնելու նպատակով Մարոն հիշեց իր հորը` Հակոբ Արթինյանին։ Նա պաշտում էր հորը և վառ էր պահում նրա հիշատակը, որպեսզի Թովմասը, որը չէր տեսել իր մորական պապին, իմանար, թե ում շառավիղն էր ինքը։ Ազնիվ խանումը լրացրեց Մարոյի հիշողությունները պատմելով, թե ինչպես էր իր ամուսինը Մարոյին արտարժույթի գիտակ դարձրել այն տարիքում, երբ աղջիկները ձեռագործով էին գբաղվում։ Սակայն նրանց ձայնը կեղծ էր հնչում, և Թովմասը, որը սիրում էր այդ պատմությունները, նրանց չէր լսում։ Նա հիանում էր իր պոնիով և երազում էր հոր հետ անվերջանալի գբոսանքների մասին։

Վարդանը նույնպես ցրված էր։ Նա զննում էր սենյակը և մտածում, որ ինքն այդպես էլ չէր ձևափոխել տունն այնպես, ինչպես վճռել էր գնելուց առաջ։ Նա տունը կահավորված էր գնել։ Նախկին տերը գեղեցիկ իրեր և թանկարժեք կահույք էր սիրում, որոնք նա բերում էր Եվրոպա, Ռուսաստան և Մերձավվոր Արևելք կատարած իր ճանապարհորդություններից։ Այդուհանդերձ այդ մի քիչ այլազան կահավորանքի դասավորությունը, համապատասխանում էր Վարդանի և Մարոյի ճաշակին։ Նրանք ի վերջո բավարարվել էին այնտեղ իրենց կահույքը տեղադրելով, իսկ մնացած մասերում տունը մնացել էր նախնական վիճակում։ Անկասկած, հոգու խորքում նրանք գիտեին, որ այդտեղ իրենք երկար չէին մնալու։

Միայն կանայք էին խոսում։ Արմենը փորփրում էր իր ափսեի պարունակությունը և անհամբեր սպասում էր ճաշի ավարտին։ Նրա գլուխը պտտվում էր հակասական մտքերից, որոնք նրան չէր հաջողվում կարգավորել։ Հեռանա՜լ... Ի՞նչ պայմաններում... Ո՞ւր գնալու համար։ Լքել մնացածներին։ Նա անկարող էր ծրագրի ամբողջությունը պատկերացնելու և կանգ էր առնում մանրամասների վրա, որոնք քիչ անց նրան երկրորդական էին թվում։ Նա անհամբեր սպասում էր, որ Վարդանը բացահայտեր իր ծրագիրը։

Անուշեղենից հետո Թովմասը գնաց Կայծակի մոտ։ Մարոն Զեյնաբին ու Ջամիլային երեխայի հետ դուրս ուղարկեց, ասելով, որ սեղանը նրանք ավելի ուշ կհավաքեն։ Մեծահասակները տեղափոխվեցին մեծ հյուրասենյակ, ուր դրված էր «Պլեյել» մակնիշի դաշնամուրը, որն Ատոմ Շամլյանը բերել էր Ֆրանսիայից։ Սենյակում ոճերի հետաքրքիր խառնուրդ էր նկատվում։ Լյուղովիկոս XV―ի ոճի փոքրիկ բազմոցի և բազկաթոռների կողքին կարելի էր տեսնել լաքապատ չինական սնդուկներ, սուրճ խմելու համար նախատեսված տասնանկյուն սեղաններ արաբական նախշերով, արեեւյան գորգով ծածկած և բազմաթիվ բարձերով ցածր թախտ, Սպահանի գորգեր, արծաթյա ինքնաեռ, մեծ մանղալ, և այդ կահավորանքը լրացնում էր վենետիկյան հոյակապ ջահը։

Բոլորը հավաքվեցին թախտի մի անկյունում։ Վարդանը մոտ բերեց փոքր բազմոցը Արմենի և Արաքսիի համար, մի բազկաթոռ զոքանչի համար, իսկ ինքն ու Մարոն նստեցին թախտին։ Այսպես նրանք հոծ շրջան էին կազմում։ Մարոն ու Ազնիվ խանումը սուրճ մատուցեցին և կոնյակ։ Վարդանն ու Արմենը ծխախոտ վառեցին։

― Եթե թույլ տաք...― ասաց Ազնիվ խանումը՝ ցույց տալով քթախոտով իր տուփը։

Առանց սպասելու պատասխանի, նա մի պտղունց քթախոտ մոտեցրեց իր քթին, իսկ հետո փռշտաց՝ թաշկինակը քթին սեղմելով։ Կոնյակ խմեցին առանց կենաց ասելու։ Մռայլ էին։ Արմենը թեքվեց դեպի Վարղանը.

― Սև ծո՞վ։

Վարդանը մի շնչով խմեց իր կոնյակը և խորը շունչ քաշեց.

― Սա հրաժեշտի ընթրիք էր։ Մենք հեռանում ենք Սվասից.

Ծերունին հանգիստ էր։

― Հենց այս գիշեր,― ավելացրեց Մարոն։

― Իմաստուն որոշում է,― հայտարարեց Արմենը՝ թափ տալով իր ծխախոտի մոխիրը բյուրեղապակյա մոխրամանի մեջ։― Այստեղ ամեն ինչ կորած է։

― Ես ձեզ առաջարկում եմ մեզ հետ մեկնել,― ասաց Վարդանը։― Գիշերները ճանապարհորդելով, մենք ծովափ կհասնենք, իսկ այնտեղ մենք նավ կվարձենք կամ կգնենք։

― Եթե բախտներս բերի, դա կարելի է անել,― պատասխանեց Արմենը կզակը տրորելով։

Նա դարձավ կնոջը, որը նրա թևը թփթփացրեց, կարծես ուգում էր ասել, որ վստահում է ամուսնուն։ Նման ճանապարհորդությունը պետք է որ մտահոգեր Արաքսիին իր առողջական վիճակի պատճառով։ Արմենը հիշեց Տեր Խորենի խոսքերը սերմնացանը վարելու մասին և հառաչեց։

― Մենք գգացված ենք, որ մտածում ես մեր մասին։ Սակայն մենք մեր կյանքի մայրամուտին ենք մոտենում։ Հետդ ավելի երիտասարդներ տար, նրանք մեր ազգի ապագան են։

Մարոն նստեց թախտի ծայրին և իր ափերի մեջ առավ Արաքսիի ձեռքերը.

― Դուք մեր ընտանիքի մասն եք կազմում, մենք չենք ուգում ձեզ անցյալում թողնել։

Ազնիվ խանումը, լայն բացելով աչքերը, խիստ նայեց Մարոյին, որը չպետք է այդպես միջամտեր տղամարդկանց խոսակցությանը։ Այն էլ արդեն երկրորդ անգամ։

― Արմեն,― շարունակեց Վարդանը,― մենք ձեր կարիքն ունենք։ Մենք պետք է հնարավորինս հեռու մնանք ճանապարհներից։ Հետնաբար, ուժեղ ձեռքեր են պետք կառքը դաշտերով վարելու համար։ Դուք լավ գիտեք այդ տարածքը մինչև ծով, և բացի դրանից, ես չեմ կարողանա նավը վարել։

Իր բաժակի հատակը զննելով՝ Արմենր մտածում էր։ «Յուրաքանչյուրի պարտքն է վերապրել», ասել էր նաև քահանան։ Տեղահանությունը անհաղթահարելի փորձության կլիներ Արաքսիի համար, իսկ այժմ ինքը հնարավորության ուներ նրան այդ փորձությունից ազատել։ Բացի դրանից, ինքն իրեն պատասխանատու էր Թովմասի` իր սանիկի և նրա ծնողների համար։

1894 թ. ինքը չէր կարողացել փրկել իր զավակներին, որովհետև նրանք իրենից հեռու էին ապրում, ուրիշ գավառում, այնուհանդերձ նա իրեն մեղավոր էր գգում։ Եվ ահա հնարավորություն էր ստանում խորհրդանշական ձևով իր մեղքը քավելու։ Նա հիշեց Սև ծովը, այնքան պարզորոշ կերպով, որ թվաց, թե զգում էր դրա աղաբույր օդը կոնյակի գոլորշիների մեջ։ Ի՜նչ երջանիկ կլիներ ես մեկ անգամ նավարկել՝ առաջնորդվելով լոկ իր բնազդով... Արաքսին և ինքը ևս մի քանի տարի միասին կապրեին... Ինքը չէր շտապում մեռնել։

Նա համաձայնեց Վարդանի առաջարկին և անմիջապես բարձրաձայն սկսեց ծրագիր մշակել։ Նա ոգեշնչվեց, ինչպես ամեն անգամ նոր գործ ձեռնարկելիս։ Նա բորբոքված էր խոսում։ Նրա կարծիքով, Սվասից հեռանալու ամենահարմար ճանապարհը իր դաշտի մոտով անցնող հովիվների արահետն էր։ Կառքն այդ արահետով կանցներ, երե զգույշ վարեին։ Լույսն ընկնելուց առաջ իրենք արդեն լեռներռւմ կլինեին, անվտանգության մեջ։ Վեց կամ յոթ օրում իրենք ծովափ կհասնեին։ Արմենն առաջարկում էր գնալ Ուրդու փոքր նավահանգիստը։ Ինքն այնտեղ վստահելի բարեկամներ ուներ և կարծում էր, որ կկարողանար կարգին նավ ճարել։ Հանկարծ նա կարկամեց՝ դեմքն առնելով լուրջ խնդրի։

― Ամեն ինչ լավ է, սակայն մենք ո՞ւր պետք է գնանք։

― Ռուսաստան,― պատասխանեց Վարդանը։

― Ո՛չ,― բացականչեց Մարոն։― Մայրաքաղաք։

Արաքսին և Ազնիվ խանումը նրան հանդիմանական հայացքով էին նայում։ Կինը չպետք է առարկեր իր ամուսնուն օտարների ներկայությամբ։ Վարդանն անտարբեր էր այդ պայմանականությունների նկատմամբ, և կնոջ հոգու ճիչը նրան հուզեց։ Նա մեղմ ձայնով հարցրեց.

― Ինչո՞ւ։

― Մենք այնտեղ ազգականներ ունենք։ Մայրաքաղաքում շատ օտար դիվանագետներ կան, այնտեղ իրավիճակն այնքան ողբերգական չէ, որքան երկրի խորքում։

― Մենք այդ մասին ոչինչ չգիտենք,― ասաց Վարդանը։ Մեսրոպ քեռին իր ընտանիքի հետ պետք է որ մեկնած լինեն։ Իմ եղբայր Նուբարը...

― Երբ տեղ հասնենք, ամեն ինչ պարզ կդառնա,― հակաճառեց Մարոն։

― Մարո՛,― հանդիմանող ձայնով ասաց Ազնիվ խանումը։

Վարդանը ձեռքի շարժումով հանգստացրեց զոքանչին։ Նա հարգում էր կնոջ հոգեվիճակը և համբերատար բացատրեց.

― Լավ մտածիր։ Կոնստանդնապոլսում ինձ կփնտրեն, և մենք ստիպված կլինենք թաքնվել, ապրել վախի մեջ։ Մտածիր Թովմասի, մեր բոլորի մասին։

Մարոն մեքենայաբար գլխով էր անում։ Վարդանն ավելացրեց.

― Բացի դրանից, փախստական լինելով, ես ի՞նչ օգնություն կարող եմ ցույց տալ այստեղի հայերին։ Ո՛չ, ես համարում եմ, որ պետք է կայսրության սահմաններից դուրս մեկնել։ Ռուսաստանն ավելի ապահով ապաստան կլինի։

Մարոն համաձայնեց և դարձավ Արմենին.

― Դուք կկարողանա՞ք մեզ այնտեղ հասցնել։

― Ավելի մեծ հեշտությամբ, քան Կոստանդնուպոլիս։ Սև ծովի հյուսիսում գտնվող Յալթա քաղաքը ձեզ ձեռք է տալի՞ս։

― Ես կգերադասեի Բաթումը։ Այնտեղից մենք կկարողանայինք Հայաստան գնալ։ Երևան։ Եթե ուզում ենք օգնել Անատոլիայի հայերին, ապա պետք է միանալ Ռուսաստանի հայերին, որոնք կռվում են ռուսների հետ միասին։

Այդ գաղափարը Արմենին դուր եկավ։ Նրա համար այդ երկիրը լիովին անծանոթ չէր։ Նա արդեն եղել էր Էջմիածնում ու Երևանում։ Մարոյի տեսակետից այդ հանգրվանը շատ հեռու էր Եվրոպայից, սակայն ընտրության հնարավորությունը սահմանափակ էր։ Ազնիվ խանումը կանխազգաց, որ երևի չէր թաղվելու իր ամուսնու կողքին, սակայն չբողոքեց, քանի որ ընտանիքը նրա համար ավելի կարևոր էր, քան իր անձը։

Նրանք քննարկեցին գործնական մանրամասներ։ Ի՞նչ էր պետք վերցնել, ով ի՞նչ պարտականություն էր ստանձնում։ Հիշելով Հալիսի կամրջի վրա ոստիկանների կանգնեցրած հայ ընտանիքի գերբեռնված սայլը՝ Վարդանը պնդեց, որ պետք էր վերցնել միայն կենսականորեն անհրաժեշտ իրեր.

― Ոչ մի ավելորդ բան։ Հագուստ, վերմակներ, վեց օրվա ուտելիք, զենք։

― Մեր հարստությունը կտեղավորվի մի կապոցի մեջ,― ասաց Արաքսին, որն ինչպես միշտ վախենում էր նեղություն տալուց։― Կես ժամ, և մենք պատրաստ ենք։

Պարեկների պատճաոով մեկնելու հնարավորություն կլիներ միայն կեսգիշերից հետո։ Վարդանը Արմենին և Արաքսիին պետք է վերցներ ժամը մեկից հետո և նրանք պետք է մեկնեին առանց հապաղելու։

― Ի՞նչ եք անելու Զեյնաբի և Ջամիլայի հետ,― հարցրեց Արմենը։― Եթե նույնիսկ նրանք չարթնանան ձեր հեռանալու պահին, ապա առավոտյան կհայտնաբերեն ձեր բացակայությունը և տագնապ կբարձրացնեն։ Մեզ համար շահեկան կլիներ որպեսզի իշխանությունները անտեղյակ մնային հնարավորինս երկար ժամանակ։

― Ավելի լավ կլիներ նրանց զգուշացնել,― պատասխանեց Վարդանը։― Նրանց ասել, որ մենք պետք է թաքնվենք մինչև իրավիճակը հանդարտվի։Կարո՞ղ ենք նրանց վստահել, մայրիկ։

― Ես երաշխավորում եմ։ Նրանք ոսկե սիրտ ունեն։ Նրանք տունը կհսկեն և եթե հոսպիտալից գան և հարցնեն ձեր մասին, նրանց կասեն, որ դուք հիվանդ եք։ Այսպիսով մենք մի քանի օր կշահենք։

Հյուրասենյակն ընկղմվող էր ադամամութի մեջ։ Մարոն երկու լամպ վառեց, որոնք դեղնավուն լույս էին արձակում։ Օչ ոք չհիշատակեց այն բարեկամներին, որոնց թողնում էին քաղաքում, սակայն յուրաքանչյուրը տրտմությամբ մտածում էր նրանց մասին։ Ճանապարհորդության նախապատրաստությունը քիչ ժամանակ էր խլելու, պարապ թողնելով ժամեր շարունակ, և նրանք չէին շտապում բաժանվել, գիտակցելով, որ ավարտվում էր մի որոշակի ժամանակաշրջան իրենց կյանքում և որ իրենք գնում էին դեպի անորոշություն։

― Մարոն մեզ համար դաշնամուր կնվագի՞,― հարցրեց Արաքսին, որը հափշտակությամբ էր երաժշտություն լսում։― Մեզ հիշեցնելու համար...

Մարոն ի վիճակի չէր նվագելու և Վարդանին խնդրեց ուդը վերցնել։ Վարդանը խնդրել չտվեց, գործիքը գոգին դրեց և լարեց։ Նա ուդ էր նվագում յոթ տարեկանից։ Նրա հայրը մի ձմեռ ապաստան էր տվել թափառաշրջիկ մի երաժշտի, որն այդ հյարասիրության դիմաց Վարդանին սովորեցրել էր իր արվեստի գաղտնիքները։ Հետագայում Վարդանն անվանի ուսուցիչներ էր ունեցել, սակայն նվագում էր ծերունու սովորեցրած ձևով։ Նա ասում էր. «Երաժշտությունը նախ ծնվում է քո մեջ, իսկ հետո անցնում է ուդին»։

Քանի նա մատներն էր մարզում տարբեր մեղեդիներ նվագելով, ներս մտան Թովմասն ու փոքրիկ թրքուհիները և լուռ նստեցին գետնին, թախտի մոտ։ Վարդանը հին հայկական երգեր կատարեց` մեղմ տխրությամբ համակված մեղեդիներ։ Իրենից անկախ Մարոն ուղեկցում էր ուդին իր ջերմ և դողդոջուն ձայնով։ Աչքերը փակ, ձեռքերը ծնկներին, նա երգում էր իրանը ճոճելով, կարծես երեխա օրորեր։ Երբ բարձր նոտաներ էր փրցնում, նրւս պարանոցի հիմքում մի երակ էր պրկվում։ Թովմասն այղ երակին էր նայում, երբ մտածում էր երգի այն բառերի մասին, ուր սիրահարները ողբում էին իրենց բաժանումը։

Երգերում հիշատակվում էին նաև ծաղիկներ, մրգեր և թռչուններ, հեռավոր երկրներ, որոնք բոցավառում էին նրա երևակայությունը։ Նա չէր կարողանում միմյանց հետ կապել սերն ու բաժանումը և չէր հասկանում, երբ սիրած էակներին թռչունների անուններ էին տալիս։ Այդուհանդերձ նա պաշտում էր այն հատվածները, ուր թռչունները չվում էին օտար երկրներ և լուրեր էին բերում այնտեղ հանդիպած մարդկանցից։ Նա սարսռաց, իրենք թռչունների պես կվարվեն և հեռու կչվեն։ Ի՞նչ կգտնեն այնտեղ։ Թովմասը Սվասից բացի ուրիշ քաղաք չէր տեսել։ Միայն գրքերում։ Կտեսնի՞ արղյոք գնացքներ, օդանավեր։ Նա տեղը փոխեց, որպեսզի հենվեր կնքահոր ոտքերին, որը շոյեց նրա գլուխը։

Այդ երեկո Մարոյի ձայնը շատ հուզիչ էր, և երգերի խոսքերը նոր իմաստ էին ստանում։ Այն, ինչ նա երգում էր, այլևս սիրո բալլադ չէր թվում, ավելի շուտ ողբ էր, կարոտի լաց, ուր յուրաքանչյուր ոք կգտներ իր տագնապը, իր ամենաթանկագին բանը կորցնելու վախը։ Եթե Մարոն ճիգ չթափեր իրեն զսպելու համար, ապա կարտասվեր և մյուսներն էլ նրան կմիանային։

Մութն արդեն ընկնում էր, երբ Արմենն ու Արաքսին տուն հասան։ Պատանի թրքուհիներից յուրաքանչյուրը յուրովի արձագանքեց տեղեկանալով Պաղյանների ծրագրին։ Հուզական և զգայուն Զեյնաբը փարվեց Ազնիվ խանումին և լացեց, իսկ ավելի խելացի Ջամիլան խորհուրդ տվեց ապաստանել իրենց գյուղում։

― Մեր հայրերը ձեգ ուրախությամբ կընդունեն։ Ամբողջ գյուղը ձեզ կպաշտպանի։

Մարոն պատասխանեց, որ չէին ցանկանա, որպեսզի նրանց ծնողները անախորժություններ ունենային իրենց պատճառով։

― Մենք ապահով տեղ գիտենք, մի անհանգստացեք մեգ համար,― ավելացրեց նա։― Եթե երեք օրից մենք չվերադառնանք, կկողպեք տունը և կգնաք Սվասի ձեր հորեղբոր մոտ։ Նա ձեզ գյուղ կուղարկի, ծնողների մոտ։ Վերադառնալուն պես մենք կգանք ձեր հետեից։

Ջամիլան գլխով արեց։ Նա հասկանում էր, որ նրանք այլես չէին վերադառնալու։ Ազնիվ խանումն աղջիկներին խոհանոց տարավ կարգադրություններ անելու։ Վարդանը Մարոյին պատվիրեց, որ յուրաքանչյուր աղջկա համար տասը ոսկե դրամով քսակ պատրաստեր որպես բաժինք։ Նա լամպ վառեց և դուրս եկավ Թովմասի հետ միասին, որը հրաժարվել էր անկողին մտնել ընդամենը երկու ժամ քնելու համար։ Ցածր լուսինը աղոտ լույս էր սփռում երկրի վրա։ Օդն անշարժ էր ու տաք և ծանրանում էր թոշնող ծաղիկների բուրմունքից։ Այդ օրը պարտեզը չէր ջրվել։ Սասունը վազվզում էր այգում` գրգռվելով կյանքի սովորական ընթացքի այդ շեղումից։ Վարդանը թամբեց իր և Մարոյի ձիերը։ Թովմասը փորձեց նույն բանն անել իր պոնիի հետ։

― Կայծակը մեզ հետ է գալու,― հայտարարեց նա վճռական ձայնով։

Վարդանն արդեն մտածել էր այդ մասին և անմարդկային էր համարել Թովմասին այդքան շուտ իր պոնիից բաժանելը։

― Համաձայն եմ, սակայն դու նրան չես հեծնի, գոնե սկզբում։ Նրան կառքից կկապենք։

Դա խնդրի լուծումը հետաձգելու մարտավարություն էր։ Ուրդու հասնելուն պես իրենք պետք է ազատվեին բոլոր երիվարներից։ Թովմասը դա չգիտեր, և կարիք չկար նրան անհանգստացնել ժամանակից շուտ։ Վարդանը ստուգեց որդու կատարած աշխատանքը և զարմացավ տեսնելով, որ Կայծակը կոկիկ կերպով թամբած էր, միայն թամբակալն էր թույլ, և նա այն ձգեց։ Նա վարգաձիուն լծեց կառքին։ Երբ նրանք տուն վերադարձան, ճաշասենյակի ժամացույցը ժամը տասնմեկն ազդարարել։ Սննդամթերքով զամբյուղներ, վերմակներ և մի ճամպրուկ կիտված էին նախասրահում։ Մարոն, լարված դեմքով, մոտեցավ Վարդանին։

― Մենք պատրաստ ենք,― ասաց նա հուզված ձայնով։

Այդ քաղաքից հեռանալը անսպասելիորեն հուզել էր Մարոյին։ Ինչ վերաբերում էր Վարդանին, ապա նա ձախողման կանխազգացում ուներ։

― Այս ամենը կբարձենք վերջին պահին։ Մա՞յրդ։

― Նա արծաթեղենն է թաղում նկուղում։

Վարդանը ուսերը թոթվեց.

― Դե եթե նա դրանից հաճույք է ստանում...

Թովմասը հորանջում էր ու աչքերը տրորում։

― Դուք պետք է նրա հետ պառկեք և մի ժամ քնեք,― ասաց Վարդանը կնոջը։― Ես գնամ աշխատասենյակս և մի քանի փաստաթուղթ վերցնեմ, իսկ մնացածը ոչնչացնեմ։

Չնայած ուշ ժամին, Կավալ մահմեդական թաղն աշխուժանում էր։ Երկու-երեք, երբեմն էլ տասնյակ մարդկանցից կազմված խմբեր շարժվում էին դեպի քաղաքապետարան։ Ոմանք զինված էին հրացաններով, ուրիշները՝ փայտերով։ Բոլորի ձեռքին լամպ կամ ջահ կար և, շուտով, մեծ հրապարակը նմանվեց ֆոսֆորափայլ ծովի։ Շենքերի ճակատներին հսկայական ստվերներ էին պարում։ Կիպ կողք կողքի կանգնած մարդկանց հոծ զանգվածը լսում էր հռետորների վրիժառության կոչերը։

Այդ կոչերին ամբոխն արձագանքում էր բղավոցներով, ջահերը տատանվում էին, իսկ բարձրացրած ձեռքերում հրացաններ, դագանակներ էին երևում։ Պատերին թիկնած զինվորներն անհոգ դիտում էին այդ տեսարանը` ոմանք անտարբերությամբ, ոմանք էլ դողում էին գանգվածի հետ միասին։ Երբ ցուցարարները շարժվեցին դեպի հայկական բաղը, սպաները գինվորներին հրամայեցին օդ կրակել։

Վարդանն իր լուսամատից նկատեց լույսի ծովի քաղաքապետարանի հրապարակում, սակայն առանձնակի նշանակություն չտվեց։ Քաղաքապետարանը հեռու էր, և աղմուկը չէր հասնում նրան, որպեսզի Վարդանը գուշակեր հավաքի բնույթը։ Կաշվե պայուսակի մեջ նա հավաքել էր գույքի սեփականության մասին և այլ փաստաթղթեր։ Արդեն կես ժամ էր, ինչ նա այրում էր մնացած փաստաթղթերը իր սենյակի կանաչ նախշերով հախճապակյա սալիկներով պատված վառարանում։ Կրակը թեժ էր, և ծխնելույզի հիմքը կարմրել էր։ Սենյակում այնքան շոգ էր, որ նա ստիպված էր լուսամուտը բացել։ Նրա քեռորդի Տիրանի, հայկական ազգային շարժման ակտիվիստների և ղեկավարների, նույնիսկ նրա եղբայր Նուբարի, Արփինե մորաքրոջ նամակները մոխրի էին վերածվել։ Նա այրում էր իր քաղաքական հոդվածների օրինակները, երբ կրակոցներ լսեց։ Նա վազեց լուսամատի մոտ։

Այլ կրակոցներ էլ լսվեցին, և մի պահ իրավիճակը խառը թվաց։ Հետո զանգվածը բաժանվեց, և հրե օձերը գալարվեցին բլուրն ի վեր։ Ցուցարարներին հաջողվեց հաղթահարել համառություն ցուցաբերող զինվորների պատվարը։ Եթե բղավոցը չլսվեր, կարելի էր կարծել, որ դա խաղաղ երթ էր։ Ամբոխը երկու բառ էր վանկարկում. «Հայե՜ր, մարդասպաննե՜ր»։ Թաղամասի վերին մասից աղմուկ էր հասնում։ Հարևան փողոցով հեծելազորի մի ջոկատ անցավ, նրանց վազքով հետևեց ոստիկանների մի դասակ։ Օսմանյան զինվորները դիրքեր էին գրավում հայկական թաղում խռովարարներին հետ մղելու համար։

― Ինչպիսի՜ երկերեսանիություն,― մրմնջաց Վարդանը կատաղած։

Կասկածից վեր էր, որ բանակից կարգ պահպանել պահանջողները հենց այն մարդիկ էին, ովքեր ծրագրել էին այս հուզումները կամ էլ զոնե աջակցել էին։ Նա մտածեց, որ զորքի առկայության պայմաններում իրենք ստիպված կլինեին հետաձել մեկնելու ժամը։ Միայն թե ամեն ինչ ավարտված լինի արշալույսից առաջ։

Փեղկերը ճռռացին։ Աղմուկից արթնացած մարդիկ դուրս էին նայում լուսամուտներից և տնից տուն խոսում էին միմյանց հետ։ Պահապան շները հաչում ու ոռնում էին։ Բլրի ստորոտին կրակ երևաց, հավանաբար տուն էր այրվում։ Խռովարարները առաջ էին շարժվում իսկ զինվորները անկազմակերպված էին։ Ի՞նչ էին մտածում նրանց սպաները։ Վարդանը պետք է միջամտեր և կասեցներ զինվորների անկանոն նահանջը։ Հակառակ դեպքում իրենց բոլորի վերջը եկել էր։ Նա հագավ համազգեստը, կապեց գոտին և ստուգեց ատրճանակի պահունակը։ Սենյակից դուրս գալիս նա դեմ առ դեմ հայտնվեց Մարոյի հետ, որն արթնացել էր Սասունի հաչոցից։ Նրա մազերը խճճված էին, իսկ դեմքը վախեցած։

― Դու այնտեղ չես գնա, չէ՞։

― Ես պետք է գնամ։ Հիմա մենք չենք կարող մեկնել, իսկ եթե ցուցարարներն այստեղ հասնեն...

Մարոն կանչեց Վարդանին և խնդրեց.

― Մնա մեզ հետ, միևնույն է դու այնտեղ ոչինչ անել չես կարող։

― Երբեմն գեթ մեկ վճռական սպա կարող է լիցք հադորդել զորքին։ Եթե զինվորներն իրենց հավաքեն, ապա մենք փրկված ենք։ Ես պետք է այնտեղ գնամ։

Նա մեղմորեն ազատվեց Մարոյի ձեռքերից և ավելացրեց.

― Խոստանում եմ զուր կյանքս չվտանգել։ Երե իրավիճակը վատթարանա, շտապ կվերադառնամ։ Բայց մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի։ Փողոցներում հարյուրավոր զինվորներ կան։ Մեկ ժամից ամեն ինչ խաղաղված կլինի, և մենք կկարողանանք ճանապարհ ընկնել։

Մարոն ուզում էր ինքն իրեն համոզել, որ Վարդանն իրավացի էր, սակայն նրան այդ բանը չէր հաջողվում։ Հակաճառելն անիմաստ էր, Վարդանն իր կարծիքը չէր փոխելու։ Մարոն Վարդանի կողքով քայլեց։ Նախասրահում նրանց էին սպասում խանումը և երկու աղջիկները։ Նրանք վախեցած էին։ Վարդանը հանգիստ ձևացավ, սակայն դա մակերեսային հանդարտություն էր։ Նա ցույց տվեց պատի տակ շարված իրերը.

― Իմ բացակայությամբ բեռնեք կառքը։ Այդ դեպքում մենք պատրաստ կլինենք մեկնելու վերադառնալուս պես։

Ազնիվ խանումը պատրաստվում էր հակաճառել, սակայն Մարոն նրան լռելու նշան արեց։ Վարդանը պատից իջեցրեց սառը զենքի հավաքածուի մասը կազմող սուրը և պատյանը։ Նա սուրը պատյանի մեջ դրեց և ամրացրեց գոտուն։ Չնայած շարժումները չոր և արագ էին, սակայն շտապողականության տպավորություն չէին թողնում։

― Դարպասը հետևիցս կփակե՞ս,― հարցրեց Մարոյին, որը նրան էր նայում շփոթված տեսքով։

Մարոն գնաց պահարանի դարակից բանալին վերցնելու։ Վարդանը գլխի շարժումով հրաժեշտ տվեց զոքանչին.

― Ես տունը ձեզ եմ վստահում, մայրիկ։

― Կարող եք հանգիստ լինել։ Զգույշ կլինեք։

Երբ Վարդանը դուրս եկավ ախոռից, Մարոն նրան էր սպասում դարպասի մոտ։ Լուսինը լուսավորում էր նրա դեմքը և արտացոլվում էր արցունքներով լի աչքերում։ Վարդանը գրկեց նրան։ Մարոն խոսքեր չէր գտնում իր սարսափելի հուսահատությունն արտահայտելու և պարզապես ասաց.

― Ես քեզ սիրում եմ, Վարդան։

Պատասխանելու փոխարեն Վարդանը նրան համբուրեց ձին հեծնելուց առաջ։ Նա նույնպես խոսքեր չէր գտնում և վախենում էր հապաղելու դեպքում կորցնել վճռականությունը։ Փողոց դուրս գալով՝ սպասեց, որ Մարոն բանալիով կողպեր դարպասը։

― Հրացանդ լցրու և առանց վարանելու կրակիր, եթե փորձեն դարպասը խորտակել կամ պատի վրայով ցատկել։

Մարոնն հուզմունքից պապանձվել էր և գլխով արեց։ Վարդանը նրան օդային համբույր ուղարկեց, հետո խթանեց ձին։ Մարոն այնքան կանգնած մնաց դարպասի ճաղերի մոտ, մինչև Վարդանը անհայտացավ փողոցի անկյունում։ Նա գեթ մեկ անգամ հետ չէր նայել։ Լացը զսպելով և աչքերը սրբելով՝ Մարոն տուն վերադարձավ։ Նա պետք է հավատար մնացածներին չհուսահատեցնելու համար։ Նա բարձրացավ Վարդանի աշխատասենյակը։ Այնտեղ օդը ծանր էր և ծխի հոտ էր գալիս։ Նա տեսավ թղթի կույտերը դեռես այրվող վառարանի մոտ։ Ձեռքը տանելով պատի և գրապահարանի արանքը՝ Մարոն այնտեղից հանեց որսորդական մի հրացան, որը նա հրաժարվել էր հանձնել զենքի բռնագրավման ժամանակ։ Դա տասնվեց տրամաչափի երկփողանի հրացան էր՝ հոր նվերը։ Նա փամփուշտներ վերցրեց Վարդանի գրասեղանի դարակից, մտածեց արճճի չափի մասին և վերջապես նախընտրեց խոշոր կոտորակ վերցնել։

✻    ✻



Վարդանը սլանում էր հուզմունքով տոգորված։ Այդ հուզմունքը կատաղության էր վերածվում ամբոխի աղմուկի ահագնանալու հետ. բղավոցներ, որոնք ուղեկցվում էին պատահական կրակոցներով։ Նրա հանդուգն արարքը մաքրազերծում էր հոգին մեղքի զգացումից, որը բույն էր դրել այնտեղ հեռանալու վճիռ կայացնելուց հետո։ Նա պատրաստ էր ուրիշների համար անել այն, ինչ կարող էր։ Բլրի ստորոտում հայկական թաղի առևտրական մասում մի քանի շենքեր էին այրվում։ Մութ փողոցներում նա մի քանի թաքնվող ստվերներ տեսավ. հայեր, անկասկած, որոնք թաքնվելու տեղ էին փնտրում։ Հեռվից երկու զինվոր իր կողմն էին վազում։

― Կանգնի՛ր,― հրամայեց նա։

Զինվորները կանգնեցին և սպասեցին, որ Վարդանն իրենց մոտենա։ Ամոթից նրանք չէին համարձակվում աչքերը բարձրացնել։ Վարդանն ուսերը շտկեց և հարցրեց հրամայական ձայնով.

― Ո՞ւր եք գնում։ Փախչո՞ւմ եք։ Գիտե՞ք, թե ինչ է լինում, երբ զինվորը դասալքում է։

Զինվորներից ավագը պատվի առավ և փորձեց արդարանալ.

― Սպասում ենք ձեր հրամանին, բիմբաշիմ։ Խռովարարները շատ են։ Մենք չգիտենք, թե ինչ պետք է անենք։

― Ո՞վ է ձեր հրամանատարը։

― Ենթասպա։ Լեյտենանտը գնացել է։

Զինվորները շփոթված տեսք ունեին։

― Դուք երևի համալրման հետևից էիք գնում,― ենթադրեց Վարդանը նրանց ինքնասիրությունը խնայելու նպատակով։

― Այո, հենց այդպես, մենք գնում էինք օգնական դասակ գտնելու,― շտապեց պատասխանել նույն զինվորը։

― Դե լավ, դուք ինձ գտաք։ Իմ հետևից մի քանի դասակ է գալիս։ Վերադառնանք խռովարարների մոտ։

Տդամարդիկ իրար նայեցին և սրտնեղած տեսքով կիսաշրջան կատարեցին։ Նրանք դանդաղում էին, և Վարդանը հրամայեց արագացնել քայլը։ Նա կանգնեցրեց ևս երեք զինվորի, որոնք փախչում էին խռովարարներից, և երկուսին, որոնք թաքնվել էին փակուղում։ Ցուցարարների կողմը դժկամությամբ գնացող յոթ տղամարդուն դիմացը գցած, վարդանը շարունակեց իջնել բլուրն ի վար։ Այժմ նա լսում էր ոռնոց, որը հիշեցնում էր ալեբախության աղմուկը։ Շուտով այն վերածվեց խլացնող բղավոցի։ Մարդիկ արագ բառեր էին վանկարկում. «Հայե՜ր, մար-դա-սպան-նե՜ր»։ Դպրոցի մոտից փողոցը ուղիղ անկյան տակ թեքվում էր։ Անկյունադարձին Վարդանը շլացավ հազարավոր ջահերի լույսից, նրան թվաց, որ ինքը զգում էր աղաղակող այդ բերանների շունչը։ Ամբո՜խ։ Նմանվելով հեղեղատը լցվող հրահեղուկի՝ ամբոխը լցրել էր փողոցը և երկու կողմերից հասնում էր մինչև շենքերի ճակատները։ Հոծ զանգված կազմելով այն ձգվում էր մի քանի հարյուր մետրի վրա, հասնելով մինչև հաջորդ շրջադարձը։ Եվ շարունակվում էր դրանից այն կողմ։

Վարդանը կարկամեց։ Նա հասկացավ զինվորներին փախուստի դրդող բնազդը։ Սակայն ինքը պաշտպանում էր իր հարազատների կյանքը։ Նա տասնմեկ զինվոր հաշվեց, որոնք նահանջում էին ամբոխի մակընթացության ճնշման տակ։ Ուստի նրա տրամադրության տակ տասնութ մարդ կար։ Նա երկու անգամ օդ կրակեց և այդ կրակոցները շփոթության սերմանեցին ամբոխի մեջ և նրա շարժումը դանդաղեց։ Զինվորները խմբվեցին Վարդանի շուրջը։ Նա նրանց կանգնեցրեց կանոնավոր գծով, որը փակում էր փողոցը։ Ատրճանակը ձախ ձեռքին, որով նա բռնել էր նաև սանձը, Վարդանն աջ ձեռքով սուրն էր թափահարում։

― Կցել սվինները,― հրամայեց նա։

Մի քանի զինվոր կասկածանքով նրան նայեցին, և նա վստահ ձայնով կրկնեց հրամանը։ Քանի նրանք իր հրամանն էին կատարում, նա գնում―գալիս էր փողոցի լայնքով նրանց թիկունքում և ասում էր.

― Մեր պարտականությունն է փակել այս մարդկանց ճանապարհը, և մենք դա կանենք։ Սա բանակի պատվի խնդիրն է։ Ինչպե՞ս կարող ենք հաղթել թշնամուն, եթե ի վիճակի չենք կարգի հրավիրել մի խումբ քաղաքացիական անձանց։

Որպեսզի համոզվեր, որ իրեն լավ էին հասկացել, նա ավելացրեց.

― Մենք այլևս ոչ մի քայլ չենք նահանջի։ Եթե ձեզնից մեկը դասալքի, կգնդակահարեմ։

Նրանց առջև ամբոխը շարունակում էր ոռնալ և արդեն տեղից շարժվում էր։ Զինվորները նյարդայնանում էին։

― Լցրե՛ք հրացանները։ Հրացանն ուսի՛։ Նշան բռնեք գլուխներից վեր։ Սպասեք հրամանի։ Կրա՛կ։

Կրակոցին հաջորդեց քար լռություն։ Լսվում էր ջահերի ճարճատյունը։ Վարդանը բղավեց.

― Հավատացյալների Առաջնորդի հրամանով ցրվե՛ք, տուն վերադարձեք։

Լսվեց հիստերիկ մի ձայն.

―Թողե՛ք անցնենք։ Թողե՛ք հաշվեհարդար տեսնենք։

Այս խոսքերին ամբոխն արձագանքեց մրմունջով, որը լիցքավորվեց անեծքներով և ուռճանալով դարձավ բղավոց և հետո տարրալուծվեց ընկալելի ռիթմիկ հնչյունների. «Հա-յե՜ր, մար-դա-սպան-նե՜ր»։ Դագանակներն ու ջահները սկսեցին շարժվել։ Վարդանը տեսնում էր այլայլված և ծամածռված դեմքեր, խելահեղ աչքեր, որոնք արյուն ու ջարդ էին տենչում։

Նրանք մի մարմին էին կազմում, բազում գլուխներով հիդրա, փշերը տնկած մի կենդանի, որն անկանխատեսելի էր ու անհոգի։ Ահա թե ում դեմ պետք է պայքարեր Վարդանը։ Նա գգում էր, թե ինչպես էր իր մեջ ծնունդ առնում ատելությունն ու բռնության տենչը։ Ինչպիսի կատաղությամբ նա կհատեր այդ հրեշավոր գլուխները։ Գազանը շարժվեց դեպի Վարդանը։

Վարդանն իր մարդկանց հրամայեց հրացանները մարտական դիրքում պահել` սվիններն ուղղած դեպի ցուցարարները և դանդաղ առաջ շարժվել։ Նրանք վախենում էին, սակայն սպայի և

ընկերների ներկայությունը նրանց մի քիչ սրտապնդում էր։ Տեսնելով դասակի վճռականությունը` ցուցարարները տատանվեցին։ Առաջին շարքերում գտնվող մարդիկ ուզում էին կանգ առնել, սակայն հետին շարքերից նրանց առաջ մղեցին։ Հրմշտոց սկսվեց, և զանգվածն անշարժացավ` հրացաններին երկու քայլ չհասած։ Դա կրիտիկական պահ էր և այդ որոշակի վայրկյանը պետք է վճռեր դեպքերի հետագա ընթացքը։ Վարդանը մեկ անգամ ևս օդ կրակեց և կանգնեց զինվորների շարքում` գազազած ամբոխին ավելի մոտ լինելու համար։ Մարդկային այդ պատվարի դիմաց հայտնվելով` Հուր Կրակը խրխնջում և ոտքը գետնին էր զարկում։ Վարդանը իր սուրը պտտեց և բղավեց.

― Նահանջե՛ք, նահանջե՛ք։

Առջևում կանգնածները, որոնց կարող էր դիպչել թրի շեղբը, մեկ քայլ հետ արեցին և սեղմվեցին ամբոխին։ Այդ շարժումը կրկնեց ամբոխը մինչև վերջին շարքերը և զանգվածը սկսեց նահանջել։ Վարդանն իր մարդկանց նշան արեց առաջ շարժվելու։ Նրանք հավասարվեցին Վարդանին և առաջ անցան։ Հաջողությունից ոգևորվելով` զինվորները հրում էին իրենց դիմաց գտնվող մարդկանց և սպառնում։ Քայլ առ քայլ խռովարարները վերադառնում էին դեպի առևտրական հատվածը, ուր դեռևս այրվում էին մի քանի խանութներ ու պահեստներ։ Այնտեղ, հրապարակում ամբոխն անշարժացավ։ Վարդանը բավարար քանակով մարդ չուներ հրապարակը դատարկելու համար և կարող էր միայն փակել դեպի վերին քաղաքը տանող փողոցը։ Նրա ընտանիքը այլևս վախենալու պատճառ չուներ և դա արդեն իսկ լավ էր։ Անգործության մատնվելով` ցուցարարները կհոգնեին և կցրվեին։ Ի դեպ, նրանցից մի քանիսն արդեն հեռանում էին քաղաքի կենտրոնը տանող փողոցներով։ Նրանք կոտրում էին խանութների ապակիները` թալանելու համար։ Դա չարյաց փոքրագույնն էր։

Քառորդ Ժամ անց հրապարակի եզրին ձիավորներ հայտնվեցին և ամբոխի միջով ճանապարհ հարթեցին իրենց համար։ Վարդանի մարդիկ ողջույնի բղավոցներ արձակեցին, և Վարդանն էլ ուրախացավ, տեսնելով, որ հեծելավաշտն առաջնորդում էր գնդապետ Իբրահիմ Ալիզադեն։ Վարդանին հասնելով` գնդապետը չեզոք տոնով ասաց.

― Մայոր Վարդան, դուք ձերբակալված եք։

Իբրահիմը կանգնեց զարմանքից կարկամած Վարդանի կողքին և ցածրաձայն ասաց.

― Ի սեր Աստծու, պատմություններ չսարքես։ Տուր ինձ զենքդ։

Ձայնը շտապողական էր։ Նրանց շրջապատող ձիավորները ուշադիր հետևում էին Վարդանի յուրաքանչյուր շարժմանը։ Վարդանը զգաց, որ ավելի լավ էր ենթարկվել։ Իր բարեկամ Իբրահիմը, անկասկած, գործում էր իր շահերից ելնելով։ Վարդանը նրան հանձնեց թուրը և ատրճանակը, իսկ հանդիսատեսի համար վրդովված ձայնով ասաց.

― Ես կարո՞ղ եմ իմանալ, թե ինչ է կատարվում, գնդապետ։

― Շտաբում կիմանաք։

Նրանից ոչ հեռու գտնվող ցուցարարները խանդավառության ճիչեր արձակեցին, տեսնելով, թե ինչպես են ձերբակալում այն մարդուն, որը կանգնել էր իրենց ճանապարհին։

― Սրիկաներ,― մրթմրթաց Իբրահիմը, նշան անելով լեյտենանտին, որ մոտենար։― Ձեռքը թափահարելով, նա հրամայեց.

― Մաքրեք հրապարակը։ Ոչ մի քաղաքացիական անձ չտեսնեմ փողոցներում, երբ վերադառնամ։

Երկու ձիավորների ուղեկցությամբ գնդապետը բանտարկյալի հետ միասին շարժվեց դեպի քաղաքապետարան։ Մատնացույց անելով իրենց հետևող մարդկանց` նա մռայլ ձայնով շշնջաց.

― Փախչելու փորձ չանես։ Հրամայել են դիմադրության դեպքում քեզ սպանել։ Տեսնելով, թե ինչ է կատարվում և քեզ ճանաչելով` ես ճիշտ համարեցի անձամբ ձերբակալել քեզ։ Ես ձեր տուն էի գալիս։

― Ասա ինձ, թե ի՞նչ է իրականում կատարվում, Իբրահիմ։ Ո՞ւմ հրամանն է։ Փաշայի՞։

― Ո՛չ։ Այդ մարդն այսօր մայրաքաղաքից է ժամանել։ Կարևոր անձ է, որն ունի բոլոր իրավասությունները։ Ցավում եմ։

― Ո՞վ է նա։

― Չգիտեմ։

― Սա թյուրիմացություն է,― հայտարարեց Վարդանը, որը չէր ցանկանում ընդունել իր պարտությունը։

Գնդապետն ուզում էր սեղմել ընկերոջ ձեռքը, սակայն իրեն զսպեց` մտածելով իրենց հետևող մարդկանց մասին։ Նա միայն ասաց.

― Հույսդ դիր իմ բարեկամական զգացմունքների վրա։ Ես կարեցածս կանեմ քեզ համար։

Նրա մռայլ ձայնը ցրեց Վարդանի բոլոր պատրանքները։ Սակայն այդ խոստումը նրան հույս ներշնչեց, քանի որ Իբրահիմը հետևողական մարդ էր, և նրա խոսքը պատվի խոսք էր։ Նա սակավախոս էր ու զուսպ և երեք տարվա մեջ նա առաջին անգամ էր օգտագործում «բարեկամություն» բառը։ Իսկապես այդ բարեկամությունը գոյություն ուներ, չնայած նրանց կրթական մակարդակի տարբերությանը։ Նրանք երկուսն էլ տարված էին ձիերով, սիրում էին երաժշտություն, որսորդություն և երկարատև ձիազբոսանքներ, երկուսն էլ նույն պատկերացումներն ունեին կայսրության ապագայի մասին։ Նրանք քիչ էին խոսում, սակայն նրանց լռությունն իմաստավորված էր։

Սվաս ժամանելուց հետո Իբրահիմը ծանոթացել էր Վարդանի հետ Հալիթ փաշայի խորհրդով, որի հրամանատարության տակ նա ծառայել էր առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ։ Նիհար և ջլուտ, շեշտված այտոսկրերով, նա մի քիչ կաշկանդված էր իր շարժումների մեջ։ Շեկ մազերը և մանր կապույտ աչքերը վկայում էին նրա չերքեզական ծագման մասին։ Նրա արտաքինը, որը բնորոշ չէր Անատոլիայի բնակիչների համար, նրան գրավիչ էր դարձնում և հեշտացնում էր հարաբերությունները կանանց հետ, քանի որ նա անուղղելի կնասեր էր՝ չնայած, որ արդեն երկու կին ուներ։

Նրանք անցան կիսով չափ այրված երեք տների մոտով։ Յուրաքանչյուրի առջև ուրախ ամբոխ էր հավաքվել, որ պարում ու խմում էր։ Շրջակայքի խանութները թալանվել էին, և մարդիկ անշտապ տանում էին իրենց ավարը։ Վարդանը շրջվեց դեպի բլուրը։ Քաղաքը պատած ծխի պատճառով լուսինը կարմիր էր թվում։ Իր ճակատագրից առավել Վարդանին հուզում էր ընտանիքի ճակատագիրը։ Իբրահիմը կռահեց նրա մտքերը։

― Խռովությունը վերահսկողության տակ է,― ասաց նա։― Ձերոնց այլևս վտանգ չի սպառնում։

― Կինս կանհանգստանա ինձ համար։

― Ես նրան կգգուշացնեմ, երբ ձիդ տուն կտանեմ։

― Շնորհակալություն։

Իբրահիմի այդ երկու անդեմ նախադասություններից կարելի էր կռահել նրա ափսոսանքն ու օգնության խոստումը։ Գնդապետը ցավում էր, որ ինքը իրենից անկախ դարձել էր ճակատսգրի այն գործիքը, որն իր ամենաթանկ բարեկամին դժբախտություն էր բերում։ Այն պահից ի վեր, որ նա ստացել էր ձերբակալության հրամանը, ապարդյուն կերպով հնարավորության էր փնտրում դրան խանգարելու համար։ Ավա՜ղ։ Գոնե Վարդանը կհասներ բանտախուց։ Իսկ Իբրահիմը դեռ ժամանակ կունենար նրան ազատելու ելք գտնելու։ Նա համոզված էր, որ Վարդանը չէր կարողանա միայնակ լուծել այդ խնդիրը։

Շուկայի հրապարակում ու քաղաքապետարանում շատ զինվորներ կային։

― Ես ոչ մի մեղք չեմ գործել,― ասաց Վարդանը բարձրաձայն ամփոփելով իրավիճակի ներքին գնահատումը։

Իբրահիմը ցույգ տվեց մարդկանց խմբեր, որոնց դեպի բանտն էին տանում.

― Սրանք նույնպես։ Սակայն...

Վարդանը նկատեց, որ դրանք ոստիկաններով շրջապատված քաղաքացիական անձինք էին։

― Քո հայրենակիցներն են,― բացատրեց Իբրահիմը։

― Մեզ անունների շատ երկար ցուցակ են ներկայացրել։ Ես կուզենայի կարծել, որ քո անունն այնտեղ սխալմամբ է հայտնվել։

Այդ կարճ նախադասությունը բացահայտում էր Իբրահիմի տագնապը, և դա բավարար էր Վարդանի անհանգստության համար։ Նա հիշեց, որ Շիրակը ասել էր տեղահանությանը նախորդող այդ վարվելակերպի մասին` աչքի ընկնող քաղաքացիների ձերբակալությունը, նրանց վերացնելը։ Նա ասաց.

― Տեղահանությունը մոտենում է... Չգիտե՞ս, զինվորականները շարունակու՞մ են բացառություն կազմել։

Իբրահիմը շփոթված թոթվեց ուսերը.

― Ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Ես գեներալին կտեղեկացնեմ, թե ինչ տեղի ունեցավ քեզ հետ։

― Հոգ տար իմ ընտանիքի մասին, եթե կարող ես։

Հուզմունքը չմատնելու համար Իբրահիմը գլխով համաձայնության նշան արեց։

Ճաղապատ նեղ լուսամուտներով բանտի գորշ պատերն է՛լ ավելի մռայլ տպավորություն էին թողնում լուսնի խավար լույսի ներքո։ Երկաթյա դռան փեղկերից մեկը բաց էր, որպեսզի նորանոր բանտարկյալներ բերող պահակախմբերը կարողանային ներս մտնել։ Վարդանը զարմացավ, որ իրեն տանում էին ոստիկանության բաժանմունք։

― Հրամանում գրված էր, որ քեզ պետք է հանձնել կոմիսար Մուսթաֆային։

Վարդանը դրանում անհանգստության նոր պատճառ տեսավ։ Մուսթաֆա Ռահմին ատում էր իրեն, և այդ զգացումը փոխադարձ էր։

Նրանք կանգ առան աստիճանների դիմաց, ուր կանգնած էին չորս ոստիկան։

― Ես բերել եմ մայոր Վարդան Պալյանին,― հայտնեց Իբրահիմը, և Վարդանը նրա ձայնում անվստահություն զգաց։

Ընկերներն իրար ուշադիր նայեցին։

― Թո՛ղ Ալլահը քեզ պահապան լինի,― ցածրաձայն ասաց գնդապետը, երբ Վարդանը ոտքը գետնին էր դնում։

Երկու ոստիկան Վարդանին դեպի դուռը հրեցին։ Ձիավորները քառատրոփ հեռանում էին, երբ նա մուտք գործեց ծխով լեցուն նախասրահը։ Հատակը ծածկված էր ծխախոտի մնացորդներով, փոշոտ էր և տեղ-տեղ երևում էին խանձվածի հետքեր։ Դռան ձախ կողմում հերթապահը հենվել էր պատին և կանգնած քնել։ Սենյակի խորքում Օսմանյան կայսրության դրոշի տակ մի ենթասպա, որին գրագիր էին կարգել, ծխացող լամպի լույսի ներքո լրացնում էր ցուցակները։ Նրա ֆեսը դրված էր գրասեղանի վրա, պղնձյա կժի և կեղտոտ բաժակի կողքին։ Նա նույնիսկ աչքերը չբարձրացրեց` իրեն մոտեցած նորեկին նայելու համար։

― Վարդան Պալյան,― մրթմրթաց ոստիկանը խռպոտ ձայնով։

― Խուզարկեք նրան,― հրամայեց ենթասպան՝ ստուգելով ցուցակը։

Ոստիկանները դատարկեցին բանտարկյալի գրպանները, և նա չբողոքեց։ Ծխախոտապարկ, մի բուռ փամփուշտ, ինքնությունը հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև երկու ոսկե դրամ և մի բուռ մանր դրամ դրվեցին գրասեղանին։ Վարդանը գիտեր, որ ինքն այդ ամենը այլևս չէր տեսնելու, քանի որ ոստիկանները բնական էին համարում այդ ձևով լրացնել իրենց խղճուկ աշխատավարձը։ Ենթասպան, թանաքի մեջ թաթախելով մատը, ջնջեց Պալյան ազգանունը ցուցակից։ Վարդանը վստահ ձայնով ասաց նրան.

― Կոմիսարին զգուշացրու իմ գալու մասին։ Ես ուզում եմ անհապաղ հանդիպել նրան։

Ենթասպան բութ հայացքով նայեց Վարդանին։ Իր ուսադիրները ցույց տալով՝ Վարդանն ասաց չոր ձայնով.

― Ես քեզ հրամայում եմ։

Ենթասպան փռթկաց և վկայակոչեց ներկաներին.

― Դուք սրան լսեցի՞ք։ Սա ինձ հրամաններ է տալիս։

Մնացած երեք ոստիկանները բարձրաձայն ծիծաղեցին։ Ենթասպան, լրջանալով, իր գրասեղանի դարակից մետաղալար հանեց։

― Ձեռքերը կապեք։

Վարդանը գիտակցում էր, որ դիմադրության ցանկացած փորձ անիմաստ էր։ Մեջքին ձեռքերը խաչաձևելով` ոստիկանները ամուր կապեցին նրա դաստակները։ Վարդանին բերած ոստիկանները նրան նստեցրեցին պատի տակ դրված փայտից պատրաստված նստարանին և դուրս եկան։ Հերթապահն իր տեղը գրավեց անկյունում, դռան մոտ։

Ժամը երկուսն անց էր տասը րոպե։ Վարդանը նստած մտածում էր։ Նա կարող էր ինքնախաբեությամբ ինքն իրեն համոզել, որ հույս դեռ կար, որ ինքը շատ քիչ տվյալներ ուներ իրավիճակը ճիշտ գնահատելու համար, սակայն ճշմարտությունը պարտադրվում էր ինքնըստինքյան և այն շատ ավելի պարզունակ էր ու դաժան։ Ինքը մնացածների պես պարզապես հայ էր և որպես այդպիսին համապարփակ կամայականության թիրախ կարող էր հանդիսանալ։ Պետք էր ավելի վաղ Սվասից հեռանալ։ Ոչ, ամեն ինչ շատ արագ էր տեղի ունեցել։ Դեռ երեկ կարելի էր մտածել, որ կյանքի ընթացքը չէր փոխվել։ Նա նայեց բաց դռանը, սակայն այդ պահին անիմաստ էր փախուստի մասին մտածելը։ Այդ հայացքը չվրիպեց ենթասպայի ուշադրությունից, որը գլանակ էր փաթաթում Վարդանի թութունով։ Նա ասաց զվարճացած.

― Տեղդ նստի՛ր, գյաուր։

Հետո ավելացրեց՝ դիմելով հերթապահին.

― Իսկ դու մի քնիր։ Սա վտանգավոր է համարվում։

Այս խոսքերը մտրակի հարվածի ազդեցություն ունեցան հերթապահի վրա, և նա շտկվելով իր մաուզերը ուղղեց Վարդանի վրա և այլևս նրանից աչք չկտրեց։ Վարդանը հենվեց պատին և զինվեց համբերությամբ։

✻    ✻



Մարոն, լուսամատի գոգին հենված, հետևում էր հետզհետե հանդարտվող քաղաքին։ Զգացվում էր թաղը հատվածների բաժանած պարեկների շարժումը, սակայն խռովարարների աղմուկը դադարել էր։ Ջահերն անհայտացել էին և միայն անթեղվող ածուխներն էին ցույց տալիս հրդեհատեղին։ Ինչ էր անում Վարդանը։ Նա պետք է որ վերադարձած լիներ։ Խավարն արդեն ցրվում էր, և փախուստն

անհնարին էր դառնում։

Մոր և աղջիկների օգնությամբ Մարոն բարձել էր կառքը։ Հետո նա շարունակել էր Վարդանի գործը և այրել փաստաթղթերը։ Նա չէր բաժանվում իր հրացանից և անդադար մտածում էր ամուսնու մասին, որը միգուցե իր կյանքն էր վտանգում։ Սպասման երկարաձգվելու հետ հետ այդ արդարացված վախը փոխակերպվում էր անորոշ տագնապի զգացման, որը պարփակում էր ամեն ինչ։ Չդիմանալով այդ լարմանը` Մարոն վճռեց դուրս գալ այգի, սակայն նախ հավաստիացավ, որ Թովմասը քնած էր։ Նա հրացանը իր հետ վերցրեց։

Ազնիվ խանումը լուսամուտի մոտ բազկաթոռին նստած այգին էր հսկում։ Նրա կողքին մի մեծ դանակ էր դրված։ Ջամիլան ու Զեյնաբը գետնին նստած քնել էին` գլուխները ծեր կնոջ ծնկներին դրած։ Տեսնելով դստեր տանջահար դեմքը` Ազնիվ խանումը սրտապնդեց նրան.

― Համոզված եմ, որ դու զուր ես անհանգստանում։ Վարդանը շուտով կգա։ Ես անդադար աղոթել եմ։

Մարոն կտրուկ տոնով ասաց.

― Ինձ թվում է, որ վերջերս Աստծո ականջները ծանրացել են։

― Այդպիսի բաներ մի՛ ասա,― բացականչեց մայրը։ Որ դա...

Զանգի ձայնից նա վեր թռավ։ Մարոն անմիջապես հույսով լցվեց, որն իսկույն խաթարվեց կասկածից, ինքը սմբակների ձայն չէր լսել։ Երկու կանայք ճակատներն ապակուն սեղմեցին։ Լուսինը մայր էր մտնում, և նրանց չհաջողվեց նշմարել եկողի դեմքը, սակայն դա Վարդանի ուրվագիծը չէր։

― Գնամ տեսնեմ ով է,― հայտարարեց Մարոն` հրացանն ուսից իջեցնելով։

― Այստե՛ղ մնա։

― Միգուցե ինչ-որ մեկը լուր է բերել։

― Դա անզգուշություն է։

― Հանցագործը չէր զանգահարի իրեն բացահայտելու վախից,― պատասխանեց Մարոն՝ գնալով դեպի նախասրահը։

Սասունը հաչելով ցած գլորվեց սանդուղքից և հետևեց Մարոյին։ Դեռևս տան շեմից Մարոն հարցրեց.

― Ո՞վ է։

― Արմենը։

Շունը ճանաչեց այդ հարազատ ձայնը և վազեց դեպի դարպասը։

― Ամեն ինչ լա՞վ է,― հարցրեց Արմենը, երբ երիտասարդ կինը մոտեցավ իրեն։

― Եթե կարելի է այդպես ասել... Մենք Վարդանին ենք սպասում։

Ձայնը մատնում էր նրա մտահոգությունը։ Բացելով դարպասը՝ նա բացատրեց հյուրին իր ամուսնու բացակայության պատճառը։ Մթության մեջ աննկատ մնալու համար Արմենը սև հագուստ էր կրում, իսկ ձեռքին նրա ատրճանակն էր։ Նա համբուրեց Մարոյի այտերը։

― Խռովությունը ճնշվել է, Վարդանը շուտով կգա։ Եթե հանկարծ հայտնվի մեկ ժամվա ընթացքում, ապա ժամանակ կունենանք մեկնելու։

― Ինչո՞ւ է ուշանում։

Չնայած Մարոյին հանգստացնելու իր ցանկությանը` Արմենը չգիտեր ինչ ասել։ Նա միտքը եկած առաջին պատճառը բերեց.

― Միգուցե նա պետք է զեկուցեր իր վերադասին։ Կամ գուցե բանտ է ուղարկում իր կողմից ձերբակալված խռովարարներին։

― Դա նրան նման չէ։ Իմանալով, թե ինչ հոգեվիճակում եմ ես...

Արմենը, շփոթվելով, գսպեց հոգոցը, որ քիչ էր մնում դուրս թռչեր նրա կրծքից։

― Ես ձեզ հետ կսպասեմ։

― Իսկ Արաքսի՜՛ն։

― Կդիմանա... Ինչպես բոլորս։

Երբ դեպի տունն էին գնում, փողոցի հեռավոր ծայրից ձիու սմբակների ձայն լսվեց։ Ձիավորը արագ ընթացքով մոտենում էր։

― Տեսա՞ր,― ուրախ բացականչեց Արմենը։

Հիասթափությունը իրեն սպասել չտվեց, քանի որ երկու ձի էր մոտենում։ Արմենը բռնեց Մարոյի թևը և նրան քարշ տվեց ծառուղին երիզող թփերի հետևը։ Ձիերը կանգ առան դարպասի մոտ։ Սասունը նրանց դիմավորեց` մերթ հաչելով, մերթ գռմռալով։ Հեծյալը քաշեց զանգի շղթան։

― Ի՞նչ եք ուզում,― բղավեց Մարոն իր թաքստոցից։

― Մարո խանո՞ւմ։

Դա Իբրահիմ Ալիզադեի ձայնն էր։ Մարոն ծառուղի վերադարձավ։ Արմենը թաքստոցում մնաց։

― Գնդապետ Իբրահի՛մ։ Դուք տեսե՞լ եք Վարդանին,― հարցրեց նա հուզված ձայնով։

― Այո։

Մարոն վայր դրեց հրացանը և վազեց նրա մոտ։ Այդ պահին նա նկատեց Հուր Կրակին` առանց հեծյալի։ Նա ճիչ արձակեց և ձեռքերը տարավ դեմքին։

― Նա ողջ է,― շտապեց Մարոյին հանգստացնել Իբրահիմը։

― Վիրավո՞ր է,― շշնջաց Սարոն։

― Ոչ։

― Ուրեմն ի՞նչ է պատահել,― հարցրեց կինն անհամբեր։ Իբրահիմի համար նույնքան ծանր էր Վարդանի ձերբակալության մասին հայտնելը, որքան նրան ձերբակալելը, և նա երջանիկ էր,

որ մթությունը թաքցնում էր իր դեմքը Մարոյից... Այդ խոսքերն այնքան դժվար էր արտասանել, որ նա շուտասելուկի պես արտաբերեց.

― Նրան ձերբակալել են։ Ոստիկանատանն է։ Ես բերել եմ նրա ձին։

Մարոն մի քանի վայրկյան մունջ մնաց։

― Գնդապետ Իբրահիմ, նա անմեղ է,― վրդովվեց նա։

Իբրահիմը հապաղեց.

― Ես գիտեմ, Մարո։ Սակայն անմեղությունն այլևս ոչ մի արժեք չունի։

Առաջին պահի շփոթմունքից դուրս գալով` Մարոն վրդովվեց.

― Ի՞նչ մեղադրանք են առաջ քաշում։

― Ես գաղափար չունեմ։

Մարոն բացեց դարպասը և կատաղի շարժումով վերցրեց Հուր Կրակի սանձը, բռնեց թամբից, մինչդեռ ոտքով նա փնտրում էր ասպանդակը։

― Ի՞նչ եք ուզում անել,― զարմացավ Իբրահիմը։

― Ես հենց հիմա գնում եմ ոստիկանատուն։

Նա նստեց թամբին, սակայն Իբրահիմը նրա ձեռքից խլեց սանձը։

― Դուք չե՛ք կարող,― բացականչեց նա խիստ ձայնով և, մեղմանալով, շարունակեց։― Դա վտանգավոր է, Մարո խանում։ Ձեր միջամտությունը ոչինչ չի փոխի։ Ձեզ նույնիսկ թույլ չեն տա նրան տեսնել։

Մարոն վրդովվեց.

― Գնդապետ Իբրահիմ, ճանապա՜րհ տվեք։

Ենթարկվելու փոխարեն Իբրահիմը Հուր Կրակին ներս տարավ և իր հետևից դարպասը փակեց։ Ինքը մնաց փողոցի կողմից։ Արմենը դուրս եկավ թփերի միջից և ողջունեց Իբրահիմին իր անունը տալով։

― Գնդապետն իրավացի է, Մարո,― ասաց նա մոտենալով։― Դու քիչ էր մնում հիմարություն անեիր։

Մարոն համաձայնեց։ Նրա վճիռը զգացմունքներով էր թելադրված։ Անկասկած կարելի էր ավելի ճիշտ վարքագիծ որդեգրել։ Եվ ամենից առաջ պետք էր գլուխր չկորցնել։ Վարդանը ոդջ էր, և կարևորը դա էր։ Մարոն ձիուց վայր իջավ, իսկ ձին դեպի ախոռը գնաց։

― Գնդապետ Իբրահիմ― հարցրեց Արմենը,― այդ ձերբակալությունը սխալմունքի հետևանք է։ Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ մայոր Վարդանը շուտով ազատ կարձակվի։

― Ավա՜ղ,― հառաչեց Իբրահիմը,― ես այն տպավորությունն ունեմ, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է։

― Բայց մի՞թե չի կարելի մի բան անել,― ասաց Մարոն դողդոջուն ձայնով։― Դուք նրա բարեկամն եք, գնդապետ Իբրահիմ, Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք ինձ։

― Այս պահին մի փորձեք ոչինչ անել։ Վաղն առավոտյան ես ավելի շատ բան կիմանամ, և մենք կմտածենք։

Նա խորը կսկիծ էր գգում և ավելացրեց.

― Հավատացեք, Մարո խանում, ես թույլ չեմ տա, որ մայոր Վարդանին որևէ վատ բան պատահի։ Նա ինձ համար եղբոր պես թանկ է։

― Շնորհակալություն, գնդապետ։

― Իսկ առայժմ դուք միգուցե իմ տուն տեղափոխվեիք ձեր մոր և որդու հետ։ Այդպես ավելի ապահով կլիներ։

Մարոն հրաժարվեց այդ առաջարկից, և դա Իբրահիմին թաքուն բավարարություն պատճառեց։ Բարեկամության մասին նրա պատկերացումները պարտադրում էին իր հյուրընկալությունն առաջարկել, սակայն նրա վերադասների դուրը չէր գա, եթե իր հարկի տակ ընդուներ բանտարկյալի ընտանիքին։ Վարդանին օգնելու փորձն արդեն կարող էր նրան վարկաբեկել։

― Եթե հանկարծ տհաճ միջադեպեր լինեն, ինձ զգուշացրեք։

Նա հրաժեշտ տվեց` խոստանալով գալ նորություններ իմանալուն պես։ Երբ գնդապետը պատրաստվում էր հեռանալ, Մարոն ասաց.

― Փորձեք նրան տեսնել, գնդապետ Իբրահիմ։ Եվ հանգստացրեք նրան մեր կապակցությամբ։

Արմենի հետ մենակ մնալով` Մարոն սկսեց հեկեկալ։ Նա պատկերացնում էր Վարդանին ճաղերի հետևում։ Նա մտածեց այն մտավորականների մասին, որոնց ձերբակալել էին Կոստանդնուպոլսում և որոնց մասին նրանց ընտանիքները այլևս ոչինչ չգիտեին։ Ինքը չէր կարողանա դիմանալ այդպիսի անորոշության։ Ինչպե՞ս էր Վարդանը։ Արդյոք նրա նկատմամբ բռնության չէին կիրառել։ Նա պետք է որ անհանգստանար իր և Թովմասի համար։

Լսվեց Ազնիվ խանումի հրամայական ձայնը.

― Ներս եկե՛ք։

Արմենի գալուց հետո Ազնիվ խանումը դուրս էր եկել դռան շեմը և ականատես էր եղել ամենին։ Մարոն նետվեց մոր գիրկը։ Դռան մեջ հայտնվեց Ջամիլան լամպը ձեռքին։ Նա վախեցած աչքերով

նայում էր նրանց։

― Գնա սուրճ պատրաստիր,― ասաց Ազնիվ խանումը չոր ձայնով։

Նա Մարոյին օգնեց սանդուղքով բարձրանալ և շշնջաց հուզված ձայնով.

― Իմ խեղճ փոքրիկ։

Արմենը նրանց էր հետևում և մտքում հայհոյում էր։

✻    ✻



Կաթնագույն դարձած երկինքը այգաբացն էր ազդարարում։ Կեղտոտ ապակիները հնարավորություն չէին տալիս տեսնելու հրապարակը, իսկ դռան մեջ կանգնած ծխող ոստիկանները փակել էին տեսադաշտը։ Վարդանը, նստարանին փլված, ստեպ-ստեպ քնում էր, վեր էր թռնում քնից, երբ կզակը կրծքին էր հպվում, նայում էր ժամացույցին։ Վերջին անգամ նայելուց հետո ընդամենը մի քանի րոպե էր անցել։ Այդ վիճակը շարունակվում էր արդեն երեք ժամ։ Մետաղալարն այնպես էր սեղմում Վարդանի ենթադաստակները, որ ձեռքերը թմրել էին։ Պահապանները թույլ չէին տալիս ոտքի կանգնել ոտքերը թմրազերծելու համար, հրաժարվում էին ջուր տալ։

Սկզբում Վարդանը փորձում էր ծրագիր մշակել և վճռել, թե ինչ դիրքորոշում էր ինքը որդեգրելու, երբ կհանդիպեր նրան կամ նրանց, ովքեր հրամայել էին իրեն ձերբակալել։ Սակայն դա անհնարին էր։ Նա լիակատար անորոշության մեջ էր։ Ոչ մի այլ հնարավորություն չկար, բացի հանգամանքների բերումով դիրքորոշում ընդունելուց։ Քանի որ խռովությունը ճնշված էր, ապա իր ընտանիքին առայժմ ոչ մի վտանգ չէր սպառնում։ Բայց վա՞ղը։ Իսկ եթե Մարոն ու Թովմասը տեղահանվեի՞ն։ Հարազատների մասին մտքերը նրան հուսահատեցնում էին, մինչդեռ այս պահին նա իր հոգեկան ուժերի կարիքն ուներ, և վճռեց քնել։ Իսկ արթուն ժամանակ հիշում էր իր եղբորը՝ Նուբարին։ Հիշում էր ոչ թե քառասուն տարեկան գեր մարդուն, այլ նիհար պատանուն, որն օրն ի բուն թափառում էր Աֆիոն-Կարահիսարի իրենց կալվածքի շրջակայքում։

Հաշվենկատ գյուղացու արտաքինի տակ թաքնվում էր հողին սիրահարված Նուբարի քնարական ոգին։ Հաճելի էր նայել, թե ինչպես էր նա բարձրաձայն երազում այն մասին, թե ինչպիսին կդառնար կալվածքը իր կառավարման ներքո։ Նա երազում էր անիվներով և լծակներով հեքիաթային մեքենաների մասին, որոնք կնմանվեին ահռելի մեխանիկական սարդերի և որոնք ի վիճակի կլինեին կտրվածքներ անել կակաչների սերմնատուփերի վրա և դրանցից ափիոն ստանալ։ Կամ էլ նա պատկերացնում էր պոմպերի մի բարդ համակարգ, որը կազմված կլիներ անհամար կափույրներից, ամբարներից և խողովակաշարերից, որպեսզի բարձրացվեր Ակար գետի մակարդակը և ոռոգվեին իրենց դաշտերը։

Անօգուտ ջանք։ Վարդանին չէր հաջողվում երկար մնալ իր դեռատի եղբոր հետ։ Նա հիշում էր կայսրության վերջին շրջանի պատմությունը, վերջին տասը տարիների իրադարձությունների շարանը և դրվագներ իր ամուսնական կյանքից։ Այդ հետադարձ հայացքի ներքո նրա կյանքը կապակցված ամբողջության տպավորություն էր թողնում, որը բաղկացած էր պատճառահետևանքային կապ ունեցող իրադարձություններից, մինչդեռ իրականում այդ անցյալի մի զգալի մասը պատահականությունների և քիչ թե շատ հանպատրաստից ընդունված որոշումների արգասիք էր։ Իր անցյալի վրա հայացք նետելով՝ Վարդանն իրեն կարող էր մեղադրել միայն անհեռատեսության և պատրանքներ տածելու մեջ։ Տվյալ պահին ինքը պետք է իրեն հաշիվ տար, որ... Մեկ այլ պահի կանխատեսեր ինչ-որ արարքի հեռավոր հետևանքները։ Մեկ այլ դեպքում՝ հանգամանքները իրեն պետք է հուշեին այլ վարքագիծ... Իսկ միգուցե ինքը վատնել էր իր կյանքը պատրանքների վրա։ Այդ սին պայքարը, այդ կանխավ տանուլ տրված ճակատամարտերը։ Ինչպե՞ս կդասավորվեր իր կյանքը, եթե ինքը բավարարվեր նրանով, ինչ առաջարկում էր կյանքը։ Ենթադրությունների այդ խաղը շուտով նրան անիմաստ թվաց և նա ընկղմվեց ենթասպայի ամենաաննշան արարքների և շարժումների հայեցության մեջ և փորձեց կռահել նրա մտքերը։ Դրանից նա քնեց։

Առաջին աղոթքը սկսելու մուեզզինի կանչը ազդարարեց գիշերվա ավարտը։ Ենթասպան հանեց կոշիկները, փռեց աղոթքի կարպետը և ծնկի իջավ դեմքով դեպի Մեքքան։ Ոստիկանը կանգնած մնաց բանտարկյալին հսկելու համար, սակայն նա անձայն աղոթում էր։ Շուտով նոր հերթափոխ եկավ այս մարդկանց փոխարինելու։ Նոր ենթասպան ավելի բարեհամբույր էր, քան իր գիշերային գործընկերը, և Վարդանին ջուր տվեցին։ Մի բաժակ ջուր, որն ամբողջ գիշերը ջրամանում մնալով գոլացել էր։

Ժամանակն անցնում էր։ Աշխուժացող քաղաքի աղմուկը ներս էր թափանցում։ Քայլեր, խոսակցություններ թուրքերենով, քրդերենով։ Շուկա տարվող հոտի մայոց։ Երբ ծանր բեռնված սայլ էր անցնում, Վարդանի հետևի պատը դողում էր։ Քնե՞լ էր արդյոք Մարոն։ Իսկ Թովմա՞սը, նա երևի չէր հասկանում հոր բացակայության պատճառը։ Այս ժամին Ազնիվ խանումը սովորաբար սուրճի առաջին բաժակն էր խմում։ Նա ցանկացավ պատկերացնել իր տան առավոտյան անցուդարձը, սակայն չկարողացավ։ Այսօր ոչինչ չէր կարող սովորականի պես լինել։

Շուտով սկսվեց պաշտոնյաների, սուրհանդակների, ոստիկանության սպաների անդադար հոսքը։ Նրանք գալիս էին երկու-երեք հոգով, զրուցելով և ծիծաղելով։ Նրանցից մի քանիսն անփույթ հայացք էին գցում բանտարկյալի վրա, իսկ մեծամասնությունը նրան նույնիսկ չէր էլ նկատում։ Իրեն հասնող որոշ խոսակցությունների դրվագներից Վարդանը հասկացավ, որ նրանցից ոմանք մասնակցել էին գիշերային խռովությանը։

Հանկարծ հերթապահող ոստիկաններից մեկը գլուխը ներս մտցրեց և ասաց. «Գալիս է»։ Հերթապահը պատվի առավ, ենթասպան կոճկեց իր համազգեստի օձիքը։ Նախասրահում զրուցող աշխատակիցները շտապ կերպով գրավեցին իրենց աշխատատեղերը։

Ոստիկանապետ Մուսթաֆա Ռահմին մտավ և խիստ հայացքով զննեց սենյակը։ Նրա հայացքը կանգ առավ, Վարդանի վրա։ Դեմքին պայծառ ժպիտ հայտնվեց և նա շոյեց բեղի ծայրը։ Նա մի քանի քայլ արեց դեպի նստարանը, և նրա դեմքի հաղթական արտահայտությունն իր տեղը զիջեց արհամարհանքին։

— Մայոր Վարդան,– բացականչեց նա զարմացած ձևանալով։– Ահա և մենք հանդիպեցինք։

— Ոստիկանապետ...

Ձեռքի շարժումով ոստիկանապետը Վարդանին ստիպեց լռել։

― Թուքդ խնայիր հարցաքննության համար։

Նրա ձայնի մեջ չքողարկված սպառնալիք կար։ Ուղիղ Վարդանի աչքերի մեջ նայելով՝ նա մատները ճտճտացրեց, և նրա աչքերը նենգորեն փայլեցին։ Վարդանն արհամարհական հայացք նետեց նրա վրա։ Ոստիկանապետի հետ սիրալիր լինելն ապարդյուն էր։

Մուսթաֆայի ատելությունը երկար պատմություն ուներ։ Այն ծնունդ էր առել 1910 թ.։ Այդ ժամանակ երիտթուրքերի հեղափոխության հետևանքով կյանքի կոչված կառավարությունը եվրոպական տերությունների ճնշման ներքո հրամայել էր վարչական բարեփոխումներ իրականացնել հայկական շրջաններում։ Վարդանը գիտեր, որ դրանք կյանքի չէին կոչվելու։ Սվասի շրջանում այդ քաղաքականության պատասխանատուն Մուսթաֆա Ռահմին էր, որը գավառապետի օգնականն էր։ Բոլորը գիտեին, որ նա ատում էր հայերին։ Օրենքի առջև փոքրամասնությունների և մահմեդականների հավասարությանը հետամուտ լինելու փոխարեն նա սաստկացրել էր խտրականությունը քրիստոնյաների նկատմամբ։ Վարդանը բացահայտել էր այդ իրավիճակը՝ հոդվածներ տպագրելով լոնդոնյան և փարիզյան թերթերում, որոնք անհարմար կացության մեջ էին դրել օսմանյան դիվանագետներին։ Բացի դրանից, Վարդանը մի ստվար թղթապանակ էր հանձնել Սվասի ֆրանսիական հյուպատոսին և խնդրել էր Կոստանդնուպոլսի կառավարությունում դեռևս աշխատող իր բարեկամներին միջամտել։ Ի վերջո Սվասի հայերը ոչինչ չէին շահել այդ գործողություններից։ Մուսթաֆա Ռահմին դարձել էր քավության նոխազ, և նրան ավելի ցածր պաշտոնի էին նշանակել։ Եթե այդ պատմությունը չլիներ, ապա նա այսօր կարող էր գավառապետ լինել և ոչ թե ոստիկանապետ։

Մուսթաֆան շրջվեց և ասաց ենթասպային.

― Քառորդ ժամից բանտարկյալը մոտս լինի, իսկ հիմա սուրճ բհրեք։

Ոստիկանապետը գրասեղանի մոտ նստած սուրճ էր խմում և ոտքն էր ճոճում։ Նա ցնծության մեջ էր։ Նա չէր համարձակվել Վարդանի անունը մտցնել բանտարկվելիք անձանց ցուցակի մեջ, որովհետև նա կապեր ուներ տեղի զինվորական հրամանատարության շրջանում, մինչդեռ Մուսթաֆայի հարաբերությունները գեներալի հետ վատ էին։ Սակայն Գանի բեյի շնորհիվ Պալյանը հիմա իր ձեռքում էր։ Եվ ինքը դրանից մտադիր էր օգտվել։

Դուռը թակեցին։ Նա իր բաժակը վայր դրեց, վերցրեց նստարանին դրված եղեգնյա ճիպոտը։ Վարդանը, երկու ամրակազմ ոստիկանների ուղեկցությամբ, հայտնվեց ոստիկանապետի առջև։ Նա գիտեր, որ ոչ մի սպասելիք չէր կարող ունենալ այդ մարդուց և գերադասեց արհամարհական կեցվածք րնդունել։ Այս ձևականությունր ոչ մի օգուտ չէր տալու, սակայն Վարդանն այլ ընտրություն չուներ։ Նա հայտարարեց վրդովված տոնով.

— Ինչպե՞ս կբացատրեք այս ձերբակալությունը։ Անմիջապես ինձ ազատ արձակե՛ք։

— Լռությո՛ւն։

Վարդանը չենթարկվեց և ձայնը բարձրացրեց.

― Դուք իրավունք չունեք ինձ այստեղ պահելու։ Ես զինվորական եմ և, որպես այդպիսին, ենթակա չեմ քաղաքացիական իրավունքին։

— Ես քեզ չասացի՞, որ լռես,— ոռնաց ոստիկանապետը։

― Ֆաքրի փաշան կտեղեկացվի, և նա ձեզ ցույց կտա։

Մուսթաֆան ճիպոտով հարվածեց Վարդանի դեմքին։ Քանի որ Վարդանի ձեռքերը կապված էին մեջքի հետևում, նա չկարողացավ հետ մղել ճիպոտի հարվածը, որը դիպավ նրա ձախ այտին և ճեդքեց շրթունքը։ Վերքն այրվում էր, և նրա բերանի անկյունում արյուն հայտնվեց։

― Ես զինվորական եմ,— բղավեց նա կատաղի տոնով։

― Ես հիմա քեզ ցույց կտամ, թե ով ես դու,— պատասխանեց ոստիկանապետը ճիպոտը շարժելով նրա դեմքի առջև։– Դուք՝ երկո՛ւսդ, հանեք սրա հագից այս համազգեստը, որը նա խայտառակում է։

Ոստիկանները մտածում էին, թե ինչպես հանեն համազգեստն առանց Վարդանի ձեռքերն արձակելու։

― Պոկե՛ք վրայից,― հրամայեց Մուսթաֆան։– Կտրատեք։

Վարդանը փորձեց դիմադրել, սակայն ապարդյուն։ Ոստիկաններից մեկը բացեց ծալովի դանակը և պատառ-պատառ արեց համազգեստը։ Նրանք հանեցին նաև կոշիկները։ Վարդանը մնաց ներքնազգեստով։

― Ահա,– քմծիծաղ տվեց ոստիկանապետը։– Դու քեզնից այլևս ոչինչ չես ներկայացնում։

Վարդանը դողում էր զսպված կատաղությունից, իսկ հարցաքննության հետագա ընթացքը նրան վախ էր ներշնչում։ Սակայն նա պահպանում էր հանդարտությունը և նույնիսկ հարցրեց հանդուգն տեսքով.

― Կարո՞ղ եմ գոնե իմանալ, թե ինչում են ինձ մեղադրում։

― Նրանում, որ այն ես, ինչ որ կաս՝ գյաուր։

Ոստիկանապետն այդ բառերը ծիծաղով ուղեկցեց։ Հետո նա ասաց իր մարդկանց.

— Դրան լավ բռնեք։

Ոստիկանները բռնեցին Վարդանի թևերից և մի քիչ հետ քաշվեցին։ Վարդանի վրա հարվածների տարափ տեղաց։ Դիվական ճարպկությամբ Մուսթաֆան անընդհատ կրծքավանդակի նույն կետին էր հարվածում։ Վարդանը սեղմեց ատամները և դիմացավ ահագնացող ցավին։ Նրա իրանին կարմիր բիծ հայտնվեց, դարձավ այտուց, և շուտով մաշկը բացվեց ճիպոտի հարվածներից։ Ոստիկանապետի բերանը ծռվել էր քմծիծաղից։ Երբ վերքի եզրերին արյուն հայտնվեց, նա դադարեց հարվածել։

― Շուռ տվեք սրան,— ասաց նա ոստիկաններին,– և թևերը բարձրացրեք։

Նրանք կատարեցին հրամանը, և Վարդանը ստիպված էր ոտքերի մատներին կանգնել, որպեսզի ուսերի հոդերը չխախտվեին։ Ճիպոտը կանոնավոր կերպով իջնում էր նրա մեջքին և գոտկատեղին։ Վարդանը անզուսպ ցանկություն ուներ անպատվելու ոստիկանապետին, սակայն իրեն զսպում էր, հասկանալով, որ դա միայն կխթաներ նրա կատաղությունը։ Նա նաև մտադրություն չուներ ոստիկանապետին հաճույք պատճառել իր տնքոցներով։ Նա իր ուշադրությունը սևեռեց պատին արված արձանագրության տառերից մեկի վրա և պարպեց գիտակցությունը։ Նա կենտրոնացել էր այն բանի վրա, որ ցավ չզգար, և նրան հաջողվում էր արիաբար դիմանալ։ Նա գրեթե բթացած վիճակում էր, նրա գիտակցությունը երկատվել էր, կարծես ձաղկվողն ինքը չլիներ։ Նրա միակ մտահոգությունը չբղավելն էր։ Սակայն կորցնելով դիմադրելու կարողությանը՝ նա տնքաց։ Ոստիկանապետը հրճվանքի ճիչ արձակեց և դադարեց հարվածել։ Վարդանի մեջքին տասնյակ վերքեր էին բացվել։

Մուսթաֆա Ռահմին մի կողմ նետեց ճիպոտը և շփեց իր հոգնած թևը։

— Սրան տարեք նկուղի խցերից մեկը,– հրամայեց նա։

Ոստիկանները ստիպված եղան բռնել Վարդանին, քանի որ նրա՝ ծնկները դոդում էին։