Ամառ առանց այգաբացի - Վերջաբան

Գրապահարան-ից

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 18


Վարդան Պալյանի և նրա ընտանիքի Միացյալ Նահանգներ մեկնելուց մի քանի ամիս անց Կոստանդնուպոլսի դատարանը մահապատժի դատապարտեց Օսմանյան կայսրության կառավարության նախկին ղեկավարներին, որոնք մեղավոր էին ճանաչվել պատերազմի հանցագործությունների, հիմնականում հայկական փոքրամասնության բնաջնջման փորձի համար։ Ղեկավարների մեծ մասը արդեն փախել էր արտասահման։ Մի քանի նախարարներ, ինչպիսիք էին Թալեաթ փաշան և ուրիշներ ու նրանց աջակիցները, հետագայում սպանվելու էին հայ վրիժառուների կողմից։

1920 թ. գարնանը դաշնակիցների գերագույն խորհուրդը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին հանձնարարեց գծել Հայաստանի սահմանները։ Սակայն երկրներից և ոչ մեկը պատրաստ չէր երաշխավորելու նոր պետության անվտանգությունը, նույնիսկ ամերիկյան կոնգրեսը մերժեց նախագահի խնդրանքը մանդատ իրականացնել Հայաստանի հանդեպ։ Պարոն Վիլսոնը, այնուամենայնիվ, գծեց Հայաստանի սահմանները, որը բացի ռուսահպատակ Արևելյան Հայաստանից, պետք է ներառեր հայաբնակ օսմանյան վիլայեթների մեծ մասը։ Սակայն նույն տարին Սևրում կնքված պայմանագրի կետերը այդպես էլ չիրականացվեցին։

Պատճառն այն էր, որ Օսմանյան կայսրությունում երկու կառավարություն կար. Կոստանդնուպոլսի կառավարությունը, որը բանակցում էր հաղթանակած տերությունների հետ, և Մուսթաֆա Քեմալի կառավարությունը, որը հաստատվել էր Անկարայում և հրաժարվում էր զիջել օսմանյան տարածքները։ 1920 թ. սեպտեմբերին Լենինի կարմիր բանակի զորամիավորումները հարձակվեցին Հայաստանի վրա։ Մինչ Կովկասում արյունահեղ կռիվներ էին ընթանում, Ազգությունների լիգայի՝ Հայաստանին օգնելու կոչերը անպատասխան էհն մնում։ Պատերազմից նոր դուրս եկած ազգերը ոչ մի ցանկություն չունեին ներգրավվելու նոր ընդհարումների մեջ։ Եվ, այդպիսով, նոյեմբեր ամսին Հայաստանը բոնակցվեց Խորհրդային Ռուսաստանին։ Այդուհանդերձ, հնուց ի վեր հայերի ապրած տարածքներում մեծ հայրենիք ունենալու երազանքը չէր մեռնելու և երկար ժամանակ զբաղեցնելու էր նրանց միտքը։

Այս իրադարձությունների հետևանքով Վարդան Պալյանը, հիասթափվելով, որ իր և իր հարյուրավոր հայրենակիցների ջանքերն ապարդյուն էին անցել, վճռեց հաստատվել Միացյալ Նահանգներում։ Շուտով նրան միացավ եղբայրը՝ Նուբարը, որն իրենց քեռորդի Պարգևի հետ ներմուծող գործակալություն էր ստեղծել։ Պալյանները, ինչպես և մնացած հայերը, որոնք ունեցվածք էին կորցրել Օսմանյան կայսրությունում, այդպես էլ հատուցում չստացան Աֆիոն-Գարահիսարում և Սվասամ իրենց բռնագրավված սեփականության համար։

Հրաժարվելով դեղագործի իր մասնագիտությունից՝ Վարդանր հայկական թերթ հիմնադրեց, որը ժամանակի ընթացքում ազդեցիկ դարձավ։ Հարյուր հազարավոր հայրենակիցներ հաստատվել էին աշխարհի տարբեր երկրներում, և շատ կարևոր էր, որ նրանք կապ պահպանեին, չնայած նրանց բաժանող սահմաններին և օվկիանոսներին։ Մարոն, որը տնօրինում էր թերթը, Վարդանին պարգևեց երեք դուստր՝ Ազնիվ, Արաքսի և Նաիրի, իսկ հետո երկրորդ որդուն, որի ավազանի անունը Հակոբ էր, մորական պապի պատվին։ Ինչ վերաբերում է Թովմասին, ապա ցանկանալով թեթևացնել մարդկային վշտերը, նա վճռեց բժիշկ դառնալ։

Մեսրոպ Մեսրոպյանը մահացավ Տիրանի ու Արամի Հայաստան մեկնելուց առաջ։ Քանի որ Պարգևն արդեն Միացյալ Նահանգներում էր, պատասխանատվություն զգալով իր մոր հանդեպ, Տիրանը ստանձնեց ընտանեկան տպարանի ղեկավարությունը։ 1923 թ. Մուսթաֆա Քեմալի կողմից Թուրքական Հանրապետության հռչակումից հետո, Տիրանն առիթ չուներ վախենալու իր նախկին քաղաքական հակառակորդներից։ Հրաժարվելով քաղաքական գործունեությունից՝ նա դարձավ Կոստանդնուպոլսի մեծ հայ համայնքի պատվարժան անդամներից մեկը։

Ռըզա բեյը բավականաչափ ճարպիկ գտնվեց և պահպանեց գավառապետի իր պաշտոնը, երբ շրջանը անգլիացիների վերահսկողությունից անցավ ֆրանսիացիներին։ Եվ քանի որ նա ծածուկ օգնում էր քեմալականներին, ապա ոչ մի խնդիր չունեցավ հանրապետության հռչակումից հետո։ Նա թողեց պաշտոնը՝ իր կալվածքները կառավարելու և հարստությունը հանգիստ վայելելու համար։

Մարոյի մեկնումից քիչ անց իր որդուն կորցրած Լեյլայի և Ռըզա բեյի կողմից գուրգուրված Նուրհանը մոռացավ իսկական մորը։ Նրա թլփատման օրը Սաֆիյեն ցանկացել էր հայտնել, թե ով էր իսկական մայրը, սակայն Լեյլան հակառակվել էր դրան։

Տարիների ընթացքում Նուրհանը բազմիցս թերթել էր տատի ալբոմը, և յուրաքնչյուր անգամ, երբ նրա հայացքը կանգ էր առնում Մարոյի ժամանման օրը արված խմբակային լուսանկարի վրա, նա մտածկոտ նայում էր կանանցից մեկի գեղեցիկ դեմքին առանց իմանալու, որ հենց այդ կինն էր իրեն կյանք պարգևել։