Այնտեղ, որտեղ ծիածանն է վերջանում

Գրապահարան-ից
Այնտեղ, որտեղ ծիածանն է վերջանում

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան


I

Երկու պատճառ կար, որ մոնթանացի Պստիկը մի կողմ գցեց իր կավբոյական կաշվե անդրավարտիքն ու մեքսիկական ասպանդակները և ոտքերից թափ տվեց այդախյան ռանչոների փոշին։ Առաջին, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ մինչև Արևմուտքի անասնապահական ռանչոները գլորված ծանրաբարո, լուրջ ու բարոյապես հաստատուն քաղաքակրթությունը արմատախիլ էր արել նրանց բնակիչների նախնադարյան անմիջականությունը, և ազնվացած հասարակութչունը սառը դժկամությամբ էր նայում Պստիկի ու նրա նմանների սխրագործություններին։ Երկրորդ, այն պատճառով, որ աներևակայելի վերելքի պահերից մեկում քաղաքակիրթ ցեղը հանկարծ իր սահմանը մի քանի հազար մղոն դեպի հյուսիս տեղափոխեց, և այսպիսով հասուն հասարակությունը, անգիտակից հեռատեսություն ցուցաբերելով, գործունեության լայն ասպարեզ տվեց իր աճող սերնդին։ Գրեթե ամբողջ նոր տերիտորիան անբերրի էր, ճիշտ է, բայց և այնպես հավերժական սառածության մի քանի հարյուր հազար քառակուսի մղոնը գոնե ազատ շնչելու հնարավորութչուն էր տալիս նրանց, ովքեր շնչահեղձ էին լինում տանը։

Դրանցից մեկը մոնթանացի Պստիկն էր։ Ափ գնալով, նա բավականաչափ հապճեպություն ցուցաբերեց, որը, ըստ երևույթին, կարող էին բացատրել նրան կրնկակոխ հետապնդող շերիֆի օգնականները։ Ավելի շուտ անպատկառության, քան զրնգուն դրամի առկայության շնորհիվ նրան բախտ վիճակվեց Փյուջեթ Սաունդ ծովածոցի նավահանգիստներից մեկում նավ նստել և կենդանի մնալ այն ծովային հիվանդությունից ու զզվելի սննդից հետո, որոնք բաժին են ընկնում տախտակամածային ուղևորներին։ Նա ամբողջովին դեղնել էր և ուԺասպառ եղել, բայց առաջվա պես անզուսպ էր, երբ գարնանային մի օր ափ իջավ Դայայում։ Շների, պարենամթերքի ու հանդերձանքի գներն իմանալով և մրցակցող երկու կառավարությունների[1] մաքսային շորթումների մասին տեղեկանալով՝ նա շատ շուտ հասկացավ, որ Հյուսիսը ամեն ինչ է, բայց ոչ Մեքքա՝ չքավորների համար։ Եվ սկսեց որոնել այն բարերար հողը, որի վրա կարելի կլիներ հարուստ բերք աճեցնել արագորեն և առանց աշխատանքի։

Ափի և լեռնանցքների միջև մի քանի հազար նախանձախնդիր ճանապարհորդներ էին հավաքվել։ Պստիկը հենց այդ ճանապարհորդներին էլ սկսեց մշակել։ Սկզբում նա խաղատուն բացեց սոճու տախտակներից պատրաստված տնակում։ Բայց շուտով անախորժությունները նրան ստիպեցին խանութր փակել և գործի դնել դահուկները։ Հետո նա պայտի մեխեր գնեց ու դրանք շրջանառության մեջ դրեց օրինական վճարամիջոցների կողքին, յուրաքանչյուր չորս մեխին տալով մեկ դոլլարի գնողունակություն, մինչև որ հանկարծ մոտ հարյուր տակառ մեխ ստացվեց. դա կազմալուծեց նրա առևտուրը և նրան ստիպեց վնասով վաճառել իր պաշարները։

Դրանից հետո նա հիմնավորվեց Շիպ Քեմփում, տառացիորեն մեկ օրվա րնթացքում բեռնակիրների արտել կազմեց և յուրաքանչյուր ֆունտ բեռի փոխադրման արժեքը բարձրացրեց տասը սենթով։ Ի նշան շնորհակալության, բեռնակիրները հաճույքով այցելում էին նրա հաստատությունը, որտեղ պտուտախաղ ու փարավոն էին խաղում։ Այստեղ նրանց ընդունում էին նույն հաճույքով և խարդախ ճանապարհներով զրկում վաստակած փողից։ Սակայն շուտով նա անտանելի դարձավ իր արարքներով։ Եվ ահա մի անգամ գիշերով բեռնակիրները խուժեցին Պստիկի տնակը, հրկիզեցին, բաժանեցին փողերը ու նրան ճանապարհ դրեցին դատարկ գրպանով։

Անհաջողությունները հետապնդում էին Պստիկին։ Նա ինչ֊որ անձնավորությունների հետ պայմանավորվեց սպիրտային խմիչքը նոր կածաններով սահմանից այն կողմ փոխադրելու համար, բայց կորցրեց իր հնդկացի ուղեկցորղներին, և ապրանքի առաջին իսկ մասը հեծյալ ոստիկանության ձեռքն ընկավ։ Շատ ուրիշ անախորժություններ ևս գազազեցրին նրան ու այնպիսի կատաղության հասցրին, որ նա քսանչորս ժամ շարունակ սարսափի մեջ էր պահել Բեննեթ լճի մոտ գտնվող ավանի բնակիչներին, նշելով իր ժամանումն այնտեղ։ Բայց հետո ոսկի որոնողները սիրտ արեցին և ամբողջ խմբով հարձակվելով նրա վրա՝ ստիպեցին հեռանալ, քանի դեռ ողջ և առողջ է։ Պստիկը հարգում էր նման խաժամուժներին և անմիջապես ենթարկվեց, ըստ որում, այնպիսի հապճեպությամբ, որ պատահաբար ուրիշի շնասահնակի վրա թռավ։ Դա հավասարազոր էր ավելի մեղմ կլիմայով երկրներում ձիու գողության, ուստի Պստիկը սլացավ ամբողջ թափով, մարդաշատ տեղերից խուսափելով, կտրեց անցավ Բեննեթը, Տագիշով իջավ ներքև և առաջին դադարքն արեց միայն այն ժամանակ, երբ առնվազն հարյուր մղոն գնացել էր դեպի հյուսիս։

Բայց ահա գարունը եկավ, և Դոուսոնի նշանավոր քաղաքացիներից շատերը վերջին սառույցով շարժվեցին դեպի հարավ։ Նրանց հետ հանդիպելով ու զրուցելով՝ Պստիկը մտքում պահում էր նրանց անուններն ու գույքային դրությունը։ Նա լավ հիշողություն և հարուստ երևակայություն ուներ․ իսկ ինչ վերաբերում է ճշտախոսությանը, ապա դա նրա առաքինությունների մեջ չէր մտնում։

II

Դոուսոնի բնակիչները միշտ էլ անհամբերությամբ էին սպասում նորություններին։ Տեսնելով Ցուքոնով դեպի ներքև սլացող Պստիկի սահնակը, նրանք տներից դուրս թափվեցին դիմավորելու։

Ո՛չ, նա լրագրեր չունի, նա չգիտե Դյուրանը կախվա՞ծ է արդեն, թե ոչ, և Գոհության օրը ո՞վ է շահել մրցությունը, նա չի լսել Միացյալ Նահանգների և Իսպանիայի[2] միջև պատերազմ սկսվե՞լ է, թե ոչ, նա գաղափար չունի, թե ով է այդ Դրեյֆուսը[3]։ Օ'Բրայե՞նը... Մի՞թե նրանք ոչինչ չեն լսել։ Օ'Բրայենը խեղդվել է Ուայրհորսում, ամբողջ խմբից միայն Սիտկա Չարլին է ազատվել։ Ջո Լեդյո՞ւն։ Երկու ոտքն էլ ցրտահարվել է և անդամահատվել Ֆայվ-Ֆինգերզում։ Ջեկ Դելտո՞նը։ Իր տղաների հետ միասին զոհվել է «Ծովային Առյուծ» շոգենավի կաթսայի պայթելու ժամանակ։ Բե՞թլզը։ Նավաբեկման է ենթարկվել «Կարտաջինայով», Սեյմուրյան նեղուցում՝ երեք հարյուր ուղևորից միայն քսանն են փրկվել։ Սվիֆրուոթերցի Բիլլը։ Լա-Բարժ լճի վրա սառցի տակ է անցել «օպերայի» վեց երգիչների հետ, որոնց ինքը ուղեկցում էր։ Նահանգապետ Ո՞ւոլշը։ Իր ուղեկիցների և ութ սահնակների հետ միասին անհայտ կորել է Երեսուներորդ Մղոնում։ Դևերո։ Իսկ ո՞վ է Դևերոն։ Հա, սուրհանդակը։ Հնդկացիները գնդակահարել են Մարշ լճի վրա։

Եվ սկսվեց։ Նորությունները բերնեբերան էին անցնում։ Տղամարդիկ խռնվում էին Պստիկի շուրջը՝ հարցուփորձ անելով իրենց բարեկամների ու գործընկերների մասին։ Երբ նրանց դուրս էին մղում ուրիշները, սրանք, չափից դուրս շշմած լինելով, լռում էին ու չէին հայհոյում։ Այն միջոցին, երբ մոնթանացի Պստիկը ափ դուրս եկավ, մորթիների մեջ փաթաթված մի քանի հարյուր ոսկեխույզներ անմիջապես շրջապատեցին նրան։ Զորանոցներից անցնելիս նա արդեն մի հսկայական թափորի առջևում էր գտնվում։ «Օպերայի» մոտ նրան շրջապատեց բորբոքված ամբոխը, ըստ որում, բոլորը ձգտում էին դեպի նա, որպեսզի հարցուփորձ անեն ընկերների մասին։ Եվ յուրաքանչյուրը նրան հրավիրում էր խմելու։ Քլոնդայկը դեռ երբեք իր գիրկն այնքան լայն չէր բացել չեչակոյի դիմավորելիս։

Դոուսոնը փոթորկվում էր։ Նրա ամբողջ պատմության ընթացքում դեռ երբեք միանգամից այդքան դժբախտություն չէր պատահել։ Զոհվել էին գարնանը հարավ գնացած քիչ թե շատ նշանավոր բոլոր անձնավորությունները։ Ժողովուրդը դուրս էր թափվել իր տնակներից։ Գետակներից ու կիրճերից գալիս էին մարդիկ ու տագնապով որոնում նրան, որը պատմել էր այդ բոլոր դժբախտությունների մասին։ Բեթլզի անմխիթար կինը, որի երակներում կիսով չափ ռուսական արյուն էր հոսում, նստել էր օջախի մոտ, օրորվում էր և սպիտակ մոխիր ցանում ձյութի պես սև մազերին։ Զորանոցների վրա մռայլորեն ծածանվում էր խոնարհված դրոշակը։ Դոուսոնը ողբում էր իր հանգուցյալներին։

Դժվար է բացատրել, թե Պստիկն ինչո՛ւ էր հորինել այս բոլորը։ Գուցե այն պատճառով, որ պարզապես այդպիսի սուտասան էր ծնվել։ Հինգ օր շարունակ նա վիշտ ու հուսահատություն էր սերմանում և հինգ օր շարունակ գտնվում էր ամբողջ Քլոնդայկի ուշադրության կենտրոնում։ Նրան օթևան ու սեղան էին առաջարկում քաղաքի լավագույն տներում։ Պանդոկներում նրան սպասում էր ձրի կերուխումը։ Նրա առջև հաճոյանում էին։ Բարձրաստիճանավորները անձամբ այցելում էին նրան՝ հուսալով նոր տեղեկություններ ստանալ։ Քոնստանթայնը և մյուս սպաները Զորանոցներում ընդունելություն կազմակերպեցին ի պատիվ Պստիկի։

Բայց ահա մի գեղեցիկ օր կառավարական սուրհանդակ Դևերոն հոգնած շներին կանգնեցրեց հանքային տեսչի գրասենյակի առջև։ Մեռե՞լ է։ Այդ ո՞վ է հորինել։ Մի կտոր տապակած իշայծյամի միս տվեք իրեն, և նա ցույց կտա, թե ինչպիսի մեռել է ինքը։ Ի՞նչ։ Ախր նահանգապետ Ուոլշը Լիթի Սալմոն ճամբարում է, իսկ Օ'Բրայենը պատրաստվում է առաջին իսկ ջրերի հետ գալ այստեղ։ Մեռե՞լ է։ Մի կտոր միս տվեք, և նա ցույց կտա նրանց։

Եվ Դոուսոնը նորից թնդաց։ Զորանոցների վրա կախված դրոշակը նորից բարձրացավ գագաթնաձողի վրա, իսկ Բեթլզի կինլ լվացվեց ու նոր շորեր հագավ։ Հասարակությունը նրբորեն ակնարկեց, որ լավ կլինի, եթե Պստիկը գոլորշիանա ու տեսարանը չփչացնի։ Եվ Պստիկը գոլորշիացավ, ըստ որում, սովորության համաձայն, ուրիշի սահնակով։

Դոուսոնը ցնծաց, երբ նա Յուքոնով ներքև սլացավ, ու մաղթեց նրան հաջողությամբ հասնել այնտեղ, ուր վերջ ի վերջո անուղղելի մեղավորներն են ընկնում։ Մի րոպե անց շների տերը սթափվեց, վազեց Քոնստանթայնին դանդատվելու, և սա նրան օգնելու համար ոստիկան տվեց։

III

Մոնթանացի Պստիկը շտապում էր Սյորքլ։ Սահնակի հենաձողերի տակ փշրվում էր վերջին սառույցը։ Օգտվելով այն բանից, որ օրերը երկարել էին, նա շներին քշում էր վաղ առավոտից մինչև ուշ գիշեր։ Նա գրեթե չէր կասկածում, որ լծվածքի տերը կրնկակոխ հետևում է իրեն, և ուզում էր ամերիկյան տերիտորիային հասնել նախքան սառույցի շարժվելը։ Երրորդ օրը պարզ դարձավ, որ նա այդ մրցավազքը տանուլ է տվել գարնան գալու հետ։ Յուքոնը լարվոււմ էր՝ պատրաստվելով թոթափել սառցե շղթաները։ Հարկ էր լինում մեծ շրրջանցումներ կատարել, որովհետև հաճախ ճանապարհը պատնեշում էին մեծ սառցանցքերն ու սառցահալ տեղերը, որոնցում փոթորկվում էր ջուրը։ Սառույցը երերում էր, թնդյունով ճեղքվում և անջատվում։ Ճեղքերից և անհամար սառցանցքերից ջուրը հորդում էր ու ողողում սառույցի մակերևույթը։ Երբ Պստիկր մոտենում էր ինչ-որ մի կղզու եզրին կանգնած փայտահատների տնակին, շները բոլորովին ուժասպառվել էին և ավելի շուտ լողում էին, քան վազում։ Տնակի բնակիչները թթված տեսքով ողջունեցին նրան, բայց նա շներին արձակեց և սկսեց ուտելիք պատրաստել։

Դոնալդը և Դեյվին այնպիսի անպետք մարդկանց տիպիկ օրինակ էին, որպիսիք պատահում են հյուսիսային կողմերում։ Նրանք, որ բնիկ կանադացի էին, ծագումով շոթլանդական քաղաքացի, անմտածված կերպով թողել էին իրենց գրասենյակները, հաշվեգրքույկից վերցրել իրենց խնայողությունները և մեկնել Քլոնդայկ՝ ոսկի որոնելու։ Եվ այժմ, դառնություն ճաշակելով, նրանք Հյուսիսը ճանաչել էին առանց ռոմանտիկ քողի։

Սոված, հոգով ընկճված, հայրենիքին կարոտած, նրանք փայտ էին մթերում Խաղաղօվկիանոսյան ափի Ընկերության շոգենավերի համար, և նրանց խոստացել էին աշխատանքներն ավարտելուց հետո ապահովել ձրի վերադարձը տուն։ Սառցահոսքի հնարավորությունները հաշվի չառնելով, նրանք այստեղ ևս ցույց էին տվել իրենց անպետքությունը, բնակության համար ընտրելով այդ կղզին։ Նույն իսկ Պստիկը, որ աղոտ պատկերացում ուներ մեծ գետերի սառցահոսքի մասին, կասկածանքով շուրջը նայեց ու սկսեց ագահ հայացքներ նետել հեռավոր ափին, որի բարձր ժայռերը խոստանում էին պաշտպանել հյուսիսի ամեն տեսակ սառույցներից։

Ուտելուց և շներին կերակրելուց հետո նա ծխամորճը վառեց ու դուրս եկավ տնակից, որպեսզի ծանոթանա իրադրութանը։ Այդ կղզին, ինչպես և նրա մյուս գետային եղբայրները, բարձրանում էր արևելյան ծայրում, և Դոնալդն ու Դեյվին հենց այստեղ էին կառուցել իրենց տնակը ու դարսել կտրած փայտերը։ Հեռավոր ափը գտնվում էր կղզուց մեկ մղոն հեռավորության վրա, այն դեպքում, երբ մոտակա ափի և կղզու մեջտեղով մոտ հարյուր մետր լայնությամբ գետակ էր անցնում։ Պստիկը շների հետ կղզուց փախչելու գայթակղություն ունեցավ, բայց ավելի ուշադիր նայելով, նա տեսավ, որ ջրի սրընթաց հոսանք է անցնում սառցի վրայով։ Հոսանքով ներքև գետը կտրուկ թեքվում էր դեպի արևմուտք և այդ ոլորանում բազմաթիվ կղզյակներ էին երևում։

«Ահա հենց այնտեղ էլ կլինի սառցակուտակումը», — մտածեց Պստիկը։

Վեց շնալծվածքներ, որոնք, ըստ երևույթին, Դոուսոն էին գնում, սառը ջրի մեջ ճողփալով մոտենում էին ցամաքալեզվակին։ Գետի վրայով երթևեկելն արդեն ոչ միայն վտանգավոր էր, այլև գրեթե անհնար էր դարձել, և ճանապարհորդնհրը հազիվ կարողացան դուրս գալ դեպի փայտահաաների տնակը տանող կածանը։ Նոր ժամանածներից մեկը բոլորովին կուրացել էր ձյունից և անօգնական կերպով քարշ էր գալիս սահնակի հետևից։ Դրանք հոգնած, կոշտ ու կոպիտ հագուստով, ամրակազմ երիտասարդ տղաներ էին, սակայն Պստիկը, որ առաջներում էլ էր այդպիսի մարդկանց հանդիպել, անմիջապես հասկացավ, որ դրանք իր ատամի բանր չեն։

— Հելլո։ Ի՞նչ վիճակում է Դոուսոն տանող ճանապարհը,— Պստիկին հարցրեց առջևից գնացողը, հայացքը սահեցնելով Դոնալդի ու Դեյվիի վրայով։

Հանգիպումն այսպիսի խուլ տեղում սովորաբար արարողություններով չի ուղեկցվում։ Շուտով խոսակցությունր ընդհանուր դարձավ, բոլորն էլ ուզում էին իմանալ, թե ինչ էր տեղի ունենում Յուքոնի վերին ու ստորին հոսանքներում։ Բայց նորեկների պերճախոսությունը շուտով ավարտվեց, որովհետև նրանք ձմեռել էին Մինուքում, հոսանքով հազար մղոն դեպի ներքև, որտեղ ընդհանրապես ոչինչ տեղի չէր ունենում։ Պստիկը, ընդհակառակը, եկել էր օվկիանոսի ափից, և նրանք, ճամբար խփելով, սկսեցին նրանից հարցնել այն աշխարհի մասին, որից տասներկու ամիս կտրված էին իրենք։

Հանկարծ մի ահավոր դղրդյուն խլացրեց գետի մռնչյունը։ Բոլորը ափ նետվեցին։ Ջուրն արագորեն բարձրանում էր, վերևից ու ներքևից սառույցը ճնշելով՝ ափից կտրում նրան։ Սա ռույցները կոտրվում էին հենց նրանց աչքի առաջ և օդը լցված էր մի անընդմեջ ճարճատյունով, չոր ու կտրուկ, ինչպես հրացանազարկը ցուրտ ու պարզկա օրով։

Դոուսոնի կողմից երկու հոգի ջրից ազատ սառցաշերտի քշում էին շնասահնակը։ Հանկարծ նրանք թափով խրվեցին սառցի վրայով սլացող ջրի հոսանքի մեջ ու սկսեցին թպրտալ։ Սառույցը, որի վրա մի ակնթարթ առաջ գտնրվում էին նրանք, ճեղքվեց ու ցցվեց։ Բացվածքից հորդեց ջուրը, նրանց ողողեց մինչև գոտին, ծածկեց սահնակը և քաշեց լծասարքի մեջ խճճված շներին։ Մարդիկ կանգ առան, որպեսզի օգնեն կենդանիներին։ Նրանք ցրտից կծկված ձեռքերը պտտում էին ջրի տակ և դանակով կտրում սանձափոկերը։ Այնուհետև նրանք սկսեցին ճեղքել ջրի ու մանր սառույցի փոթորկվող հորձանքը և մի սառույցից մյուսի վրա թռչելով՝ գնացին դեպի ափ։ Մոնթանացի Պստիկն արդեն շտապում էր նրանց մոտ։

— Սատանա՜ն տանի, ախր սա Պստիկն է,— բացականչեց այն մարդը, որին Պստիկը քաշելով ափ հանեց ու ոտքի կանգնեցրեց։ Նրա հագին հեծյալ ոստիկանի կարմիր համազգեստ կար։ Նա ծիծաղելիորեն ձեռքր բարձրացրեց՝ պատիվ տալով։

— Պստի՛կ, իմ ձեռքին է ձեր ձերբակալության կարգագիրը,— շարունակեց նա՝ ծոցագրպանից հանելով թրջված թղթակտորը։— Հուսով եմ, որ դուք ձեզ հանգիստ կպահեք։

Պստիկը նայեց մոլեգնած գետին և ուսերը թոթվեց։ Իսկ ոստիկանը, նրա հայացքը որսալով, ժպտաց։

— Որտե՞ղ են շները,— հարցրեց նրա ուղեկիցը։

— Ջենթլմեններ,— ընդհատեց նրան ոստիկանը,— սա իմ ընկերն է, անունը՝ Ջեկ Սազերլենդ, նա Էլդորադոյի Քսաներկուերորդ հողամասի տերն է...

— Այն Սազերլենդը չէ՞, որ իննսուներկու թվականին է համալսարանն ավարտել,— ընդհատեց նրան ձյունից կուրացած մինուքցին, անհաստատ քայլերով մոտենալով նրան։

— Նա է որ կա։— Սազերլենդը սեղմեց նրա ձեռքը։— Իսկ դո՞ւք ով եք։

— Օ՜, ես շատ ավելի ուշ եմ ավարտել, բայց ձեզ հիշում եմ առաջին կուրսից։ Դուք այն ժամանակ արդեն դիսերտացիա էիք գրում։ Տղանե՛ր,— կիսով չափ շրջվելով՝ ձայն տվեց նա։— Սա Սազերլենդն է, Ջեկ Սազերլենդր։ Մի ժամանակ նա համալսարանի հավաքականի պաշտպանն էր։ Ապա մի, ոսկի որոնողներ, մոտեցե՛ք, ծանոթացեք։ Սազերլենդ, սա Գրինվիչն է, երկու խաղաշրջան առաջ կիսամիջին էր խաղում։

— Այո, այդ խաղի մասին ես կարդացել եմ,— ձեռքր սեղմելով ասաց Սազերլենդը։— Հիշում եմ, թե դուք ինչպես էիք ճնշում առաջին գնդակը խփելու համար։

Գրինվիչի դաբաղած մաշկի վրա մուգ շառագույն երևաց։ Նա անշնորհք կերպով ետ֊ետ գնաց, որպեսզի առաջ թողնի մյուս ընկերոջը։

— Իսկ սա Մեթյուղն է, ավարտել է Բերքլին։ Այստեղ մեզ մոտ արևելցի տղաներ էլ կան, նրանք ևս քարշ են գալիս այս կողմերում։ Այստե՛ղ եկեք, փրինսթոնցիներ։ Ծանոթացե՛ք, Սազերլենդն է, Ջեկ Սազերլենդը։

Նրանք շրջապատնցին Սազերլենգին, տարան ճամբար, չոր հագուստ տվեցին և մի քանի բաժակ թունդ թեյ լցրին նրա փորը։

Դոնալդը և Դեյվին, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, վերադարձան տնակ և իրենց սովորական գիշերային քրիբեջ խաղն սկսեցին։ Պստիկն ու ոստիկանը ներս մտան նրանց հետևից։

— Իսկ հիմա շորերդ փոխիր,— ասաց Պստիկը՝ տոպրակից հանելով իր հասարակ հագուստը։— Կարծում եմ՝ նույնիսկ ստիպված կլինես ինձ հետ քնել։

— Տեսնում եմ, որ վատ տղա չես,— ասաց ոստիկանը՝ հագնելով Պստիկի գուլպաները։— Ափսոս, բայց ինչ կարող եմ անել։ Ես քեզ պետք է ետ տանեմ Դոուսոն։ Միայն մի քանի հույս ունեմ, նրանք քեզ հետ գուցե այնքան էլ խիստ չվարվեն։

— Դա շուտ չի լինի։— Հանելուկային քմծիծաղը ծռմռեց Պստիկի շուրթերը։— Առայժմ մենք դեռ այստեղ նստած ենք։ Ու եթե ես տեղիցս շարժվեմ, ապահ միայն հոսանքով ներքև։ Վախենում եմ, որ դու էլ նույնը անես։

— Առայժմ ես խելքս չեմ թռցրել։

— Դուրս գանք այստեղից, ես մի բան ցույց կտամ քեզ։ Այս ապուշները,— Պստիկը ուսի վրայով մատով ցույց տվեց երկու շոթլանդացիների կողմը,— հիմարություն են արել այստեղ բնակություն հաստատելով։ Նախ՝ ծխամորճդ լցրու։ Սա լավ ծխախոտ է։ Ծխիր, քանի դեռ ժամանակ կա։

Պստիկը զարմացած ոստիկանի հետ դուրս եկավ տնակից։ Դոնալդը և Դեյվին խաղաթղթերը գցեցին և նույնպես դուրս եկան։ Մինուքցիները, նկատելով, որ Պստիկը ինչ֊որ բան է ցույց տալիս, մոտիկ եկան։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց Սազերլենդը։

— Առանձնապես ոչինչ,— անփութորեն ասաց Պըստիկը։— Պարզապես այնպիսի մի ապուր է եփվում, որ ուտելու բան չէ։ Նայեցեք այն ոլորանին։ Ահա թե որտեղ սառցակուտակում կլինի։ Այնտեղ, գետի հոսանքով վերև, նույնպես սառցակուտակում կլինի։ Միլիոնավոր տոննաներով սառույց կհավաքվի։ Նախ կճեղքի վերևում, իսկ ներքևում սառցակուտակումը կմնա, և այն ժամանակ շրը՜մփ։

Նա արտահայտիչ կերպով թափահարեց ձեռքը՝ ասես երկրի երեսից ջնջելով կղզին։

— Միլիոնավո՜ր տոննաներ,— ավելացրեց նա մտածկոտ։

— Իսկ ի՞նչ կլինեն մեր փայտերը,— հարցրեց Դեյվին։

Պստիկը կրկնեց իր շարժումը, և Դեյվին ոռնաց.

— Այսքա՜ն ամիս չարչարվել ենք։ Չի՛ կարող պատահել։ Ո՛չ, ո՛չ, երիտասարդ, չի՛ կարող պատահել։ Դա կատակ է։ Դե, ասա, ասա՛, որ դա կատակ է,— աղերսում էր նա։

Բայց Պստիկը միայն ժպտաց և շրջվելով՝ հեռացավ, իսկ Դեյվին թռավ դարսված գերանների վրա ու սկսեց կատաղությամբ փայտը ափից մի կողմ գցել։

— Օգնի՜ր, Դոնալդ,— գոռում էր նա։— Մի՞թե դու չես կարող օգնել։ Չէ՞ որ մենք այսքա՜ն աշխատել ենք։ Եվ հիմա ինչպե՞ս ենք տուն հասնելու։

Դոնալդը բռնեց նրա ձեռքն ու սկսեց թափահարել, բայց սա դուրս պոկվեց։

— Մի՞թե դու չլսեցիր։ Միլիոնավո՜ր տոննաներ, դրանք ամբողջ կղզին կսրբեն֊կտանեն։

— Քեզ մի՛ կորցրու, բարեկամս,— ասաց Դոնալդը։— Դու պարզապես մի փոքր հուզված ես։

Դեյվին երեսնիվայր ընկավ փայտերի վրա։ Դոնալդը թաքուն տուն վերադարձավ, կապեց փողով լիքը երկու դոտիները՝ իրենն ու Դեյվիինը, և վազեց դեպի կղզու ամենաբարձր մասը, որտեղ մյուս բոլոր ծառերից վեր խոյացող մի վիթխարի սոճի էր կանգնած։

Տնակի մոտ մարդիկ լսում էին, թե ինչպես զնգում է նրա կացինը, ու ժպտում էին։ Գրինվիչը վերադարձավ կղզու մյուս կողմից ու հայտնեց, որ իրենք կտրված են։ Գետակն անցնել հնարավոր չէր։ Մինուքցի կույրը սկսեց երգել, իսկ մնացածները ձայնակցեցին.

Ասա, արդյո՞ք ճիշտ է դա, Թվում է, թե խաբում է նա։ Սպասում եմ պատասխանի՝ Ասա, արդյո՞ք ճիշտ է դա։

— Այդպիսի կատակ անելը մեղք է,— հառաչում էր Դեյվին, գլուխը բարձրացնելով ու նայելով, թե ինչպես նրանք պարում են արևի շեղ ճառագայթների տակ։— Եվ իմ փայտերն էլ կկորչեն։

— «Ասա, արդյո՞ք ճիշտ է դա»,— լսում էր նա ի պատասխան։

Գետի աղմուկը հանկարծ դադարեց։ Ահավոր լռություն տիրեց։ Ջուրը արագորեն և անաղմուկ մի քսան ոտնաչափ բարձրացավ, սառույցը ափից կտրվեց։ Վիթխարի սպիտակ բեկորներն սկսեցին մեղմորեն քսվել ափի սառցաշերտին։ Կղզու ցածրադիր մասն արդեն անցել էր ջրի տակ։ Այնուհետև հոսանքը թեթևությամբ քշեց սառույցը։ Նրա շարժման արագացմանը համապատասխան աճում էր աղմուկը և շուտով ամբողջ կղզին ցնցվում ու երերում էր կոտրվող սառցաբեկորների հարվածներից։ Ափին սեղմված հարյուրավոր տոննա ծանրությամբ բեկորները օդ էին թռչում սիսեռահատիկի պես։

Սառցե աշտարակաշինությունն ուժեղացավ, և մարդիկ միմյանց լսելու համար ստիպված էին գոռալ։ Ժամանակ առ ժամանակ կողքի վտակից լսվում էր գետի աղմուկը խլացնող մի թնդյուն։ Կղզին ցնցվեց վիթխարի սառցաբեկորի բախումից։ Այն դուրս սողաց ափ, արմատից կտրելով տասնյակ սոճիներ, հետո մի կողմից մյուսն ընկնելով, բարձրացրեց իր կեղտոտ հիմնատակը և փլվեց խրճիթի վրա՝ վիթխարի դանակի պես կտրելով ափի մի մասն ու ծառերը։ Թվում էր, թե սառցաբեկորը միայն թեթևակի կպավ տնակի մի ծայրին, բայց գերանները լուցկու հատիկների պես թեթևությամբ դուրս թռան փորակներից, և ամբողջ կառույցը փլվեց ստվարաթղթե տնակի նման։

— Ինչպիսի աշխատանք կորավ։ Էլ հիմա ինչպե՞ս ենք տուն հասնելու,— լալիս էր Դեյվին։ Պստիկը և ոստիկանը նրան ցած էին քաշում փայտերի դարսակի վրայից։

— Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Կհասնես ուր որ հարկն է,— փնթփնթաց ոստիկանը, մի ապտակ հասցնելով ու վտանգավոր տեղից հեռու շպրտելով նրան։

Դոնալդը սոճու կատարից տեսավ, թե ինչպես սառցաբեկորը խլեց փայտերն ու սլացավ հոսանքով ներքև։ Ասես ավերածությունից հագեցած, ջուրը սառցի հետ արագորեն իջավ մինչև նախկին մակարդակը և սկսեց վազքը դանդաղեցնել։ Աղմուկը նույնպես մի փոքր պակասեց, ու բոլորը լսեցին Դոնալդին, որը իր թառից գոռում էր, որպեսզի նրանք հոսանքով ներքև նայեն։ Ինչպես և պետք էր սպասել, ոլորանում, կղզյակների մոտ սկսել էր սառցակուտակում գոյանալ, սառույցը, իրար վրա դարսվելով, ափից ափ ձգվող մեծ պատնեշ էր ստեղծում։ Գետը կանգ առավ։

Ջուրը բարձրացավ այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ կղզին ծածկեց։ Մարդիկ արդեն մինչև ծնկները ջրի մեջ էին, իսկ շները լողում էին դեպի տնակի փլատակները։ Այդ պահին ջուրը հանկարծ կանգ առավ և այլևս չէր երևում, որ բարձրանում էր կամ իջնում։

Պստիկր գլուխն օրորեց։

— Վերևում նույնպես սառցակուտակում է, այդ պատճառով էլ ջուրը ավելանում է։

— Հիմա կարևորն այն է, թե առաջ ո՛ր սառցակուտակումը կճեղքվի,— ավելացրեց Սազերլենդը։

— Ճիշտ է,— հաստատեց Պստիկը։— Եթե առաջ վերևի սառցակուտակումը ճեղքվի, ապա մենք կորած ենք։ Ամեն ինչ կսրբի-կտանի։

Մինուքցի մարդիկ անձայն շրջվեցին, բայց շուտով լռության մեջ լսվեցին «Հե՜յ, Ռամսկիի», իսկ հետո «Նարնջագույնի ու սևի» հնչյունները։ Պստիկն ու ոստիկանը միացան երգողներին՝ արագ ընկալելով նորանոր երգերի եղանակները։

— Դոնալդ, ախր ինչո՞ւ չես ուզում օգնել։

Դեյվին հեկեկում էր այն ծառի ներքևում, որի վրա մագլցել էր իր ընկերը։

— Օ, Դոնա՜լդ, ախր ինչո՞ւ ինձ չես օգնում,— աղերսում էր Դեյվին։ Նա ապարդյուն փորձում էր մագլցել լպրծուն ծառն ի վեր։ Նրա ձեռքերը արյունոտվել էին։

Բայց Դոնալղը սևեռուն նայում էր վերևի սառցակուտակումին և հանկարծ վախից գողացող ձայնով գոռաց.

— Տեր աստվա՜ծ, ահա նա...

Մինչև ծնկները սառը ջրի մեջ կանգնած մինուքցիները, Պստիկը և ոստիկանը իրար ձեռք բռնեցին ու ամբողջ ձայնով երգեցին ահեղ «Հանրապետության մարտական հիմնը»[4]։ Բայց երգի բառերը խլացան վրա հասած մռնչյունի մեջ։

Եվ այստեղ Դոնալդը վկա եղավ մի տեսարանի, որը տեսնել ու կենդանի մնալ չի կարող ոչ ոք։ Սպիտակ պարիսպը փլվեց կղզու վրա։ Ծառերը, մարդիկ, շները ամբողջովին քշվեցին, ասես աստծու ձեռքն անցավ բնության վրայով։ Դոնալդը այս բոլորը տեսավ, հետո բարձր թառը օրորվեց ու նրան թափով շպրտեց սառցե դժոխքի մեջ։


  1. Խոսքը ԱՄՆ֊ի և Կանադայի կառավարությունների մասին է։
  2. 1898 թ. իմպերիալիստական պատերազմը, որի հետևանքով ԱՄն֊ը հսկողություն սահմանեց Կուբայի, Ֆիլիպինների և իսպանական այլ տիրապետությունների վրա։
  3. Ալֆրեդ Դրեյֆուս (1859—1935) — ֆրանսիացի սպա, ծագումով հրեա, նրա դեմ հարուցված էր լրտեսության կեղծ մեղադրանք (1894)։ Դրեյֆուսի գործը դուրս եկավ դատական պրոցեսի շրջանակներից։ Այն վերաճեց ռեակցիայի դեմ պրոգրեսիվ ուժերի պայքարի։ Դրեյֆուսի անմեղությունն ապացուցվեց, և նա ռեաբիլիտացիայի ենթարկվեց 1906 թվականին։
  4. Ամերիկյան երգ, որը գրել է կին գրող Ջուլիա Ուորդհոուն, 1862 թվականին: