Այնտեղ, որտեղ ճանապարհները բաժանվում են
հեղինակ՝ Ջեկ Լոնդոն |
Ծանր է, ծանր է ինձ համար թողնել քաղաքն այս, ուր սիրելիս է ապրում։
Շվաբական ժողովրդական երգ։
Երգող մարդը կռացավ ու ջուր ավելացրեց եփվող բակլայի վրա։ Հետո շտկվեց և սկսեց ծխացող խանձողով վռնդել մթերքի արկղի հուրջը պտտվող շներին։ Նա բաց դեմք ուներ, երկնագույն ուրախ աչքեր, ոսկեգույն մազեր. նրա ամբողջ կերպարանքից թարմություն և առողջություն էր բուրում։
Նորալուսնի բարակ մանգաղն էր կախվել ձյունածածկ անտառի վրա, որ ամուր պարսպով շրջափակել էր ճամբարը և նրան բաժանել մնացած աշխարհից։ Առկայծող աստղերը կարծես պարում էին ձմեռային ջինջ երկնքում։ Հարավ֊արևելքում հազիվ նկատելի կանաչավուն լույսը հյուսիսափայլ էր կանխագուշակում։ Խարույկի մոտ պառկած էին երկու հոգի։ Նրանց անկողինները բաղկացած էին սոճու ճյուղերից, որոնք վեց դյույմանոց հաստ շերտով փռված էին ձյան վրա ու ծածկված էին արջի մորթով։ Վերմակները մի կողմ էին նետված։ Երկու ծառերի միջև, գետնի նկատմամբ քառասունհինգ աստիճան անկյան տակ ձգված քաթանե ծածկը պաշտպանում էր քամուց և միաժամանակ պահում կրակի ջերմությունը, այն անդրադարձնում ներքև՝ արջի մորթու վրա։ Հենց խարույկի մոտ, սահնակի վրա նստած էր ևս մի մարդ ու մոքասիններն էր կարկատում։ Աջ կողմում սառած ավազակույտը և պարզունակ ճախարակը ցույց էին տալիս, որ նրանք ամբողջ օրերով համառորեն աշխատում էին, ոսկու երակ որոնում։ Ձախ կողմում ձյան մեջ խրված չորս զույգ դահուկները խոսում էին տեղափոխության այն եղանակի մասին, որից օգտվում էին մարդիկ ճամբարից դուրս։
Շվաբական հասարակ երգը հուզիչ ու տարօրինակ էր հնչում հյուսիսային սառը աստղերի տակ։ Այն անհանգստություն էր ներշնչում հոգնեցուցիչ աշխատանքից հետո խարույկի մոտ հանգստացող մարդկանց և նրանց մեջ մղկտացող ցավ ու սովի պես սաստիկ կարոտ առաջացնում հեռավոր արևոտ հարավի նկատմամբ։
― Զիգմո՛ւնդ, լռիր սեր աստծո,— աղաչեց խարույկի մոտ պառկածներից մեկը։ Նա ցավելու աստիճան սեղմված իր բռունցքներն էր թաքցնում արջամորթու ծալքերի մեջ։
― Իսկ ինչո՞ւ պետք է լռեմ, Դեյվ Վերս, եթե ուղում եմ երգել,— արձագանքեց Զիգմունդը։— Գուցե սիրտս ուրախանո՜ւմ է։
― Որովհետև ուրախանալու բան չկա։ Շուրջդ նայիր։ Ապա մի մտածիր՝ մի տարի է ինչ կյանք ենք քաշում, սատանան գիտե, թե ինչով ենք սնվում և ձիու պես էլ աշխատում ենք։
Ոսկեհեր Զիգմունդը հանգիստ նայեց եղյամից սպիտակած շներին ու մարդկանց շնչառությունից բարձրացող սպիտակ գոլորշուն։
― Չեմ հասկանում, թե ինչո՞ւ չուրախանամ,— ծիծաղեց նա։— Այնքան էլ վատ չէ։ Ինձ դուր է գալիս։ Ասում ես՝ ուտելիքը վատն է։ Դե՛...— նա ձեռքը ծալեց արմունկից և շոյեց իր հզոր մկանները։— Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ անասունի պես ենք ապրում այստեղ, ապա կասեմ՝ չէ՞ որ արքայի պես էլ հարստանում ենք։ Երակը ամեն մի ողողումից քսան դոլլար է տալիս, իսկ այնտեղ դեռ մի ութ ոտնաչափ էլ կլինի։ Սա երկրորդ Քլոնդայկն է, և մենք բոլորս էլ այդ դիտենք։ Այ, կողքիդ նստել է Ջիմ Հոզը, նա, իհարկե, հասկանում է ու չի գանգատվում։ Ապա մի նայիր Հիչկոկին. պառավ կնկա պես իր մոքասիններն է կարկատում ու չի կատաղում. գիտե, որ պետք է համբերել։ Իսկ դու համբերություն չունես, չես կարող մինչև գարուն հանգիստ աշխատել, չէ որ այն ժամանակ մենք կրեսոսների պես հարուստ կլինենք։ Ուզում ես շո՞ւտ հասնել տուն, Նահանգներ։ Իսկ ես, կարծում ես, չե՞մ ուզում։ Ես այնտեղ եմ ծնվել։ Բայց ես կարող եմ սպասել, որովհետև ամեն օր մեր ողողման վաքի հատակին ոսկին է դեղնին տալիս, ոնց որ յուղը խնոցու մեջ։ Իսկ դու երեխայի պես նվնվում ես՝ անմիջապես տվեք, ինչ որ ուզում եմ։ Չէ, իմ կարծիքով ավելի լավ է երգել։
Մի տարի անց, մի տարի անց, երբ խաղողը հասունանա,
Կվերադառնամ ես երկիրը իմ հարազատ։
Ու եթե դեռ մնացել ես հավատարիմ,
Դու կլինես, դու կլինես կինը իմ։
Մի տարի անց, մի տարի անց, երբ ժամկետս լրանա,
Դու կլինես, դու կլինես կինը իմ,
Ու եթե դու մնացել ես, մնացել ես ինձ համար,
Ես հավիտյան կլինեմ քեզ հավատարիմ։
Շները մաղերր ցցած՝ խուլ վնգստոցով ավելի մոտեցան խարույկին։ Լսվեց ձյան վրայով սահող դահուկների համաչափ խսսոց․ ասես մեկը շաքարավազ էր շաղ տալիս։ Զիգմունդը երգն ընդհատեց և, անեծքներ տեղալով, սկսեց վռնդել շներին։ Խարույկի լույսի տակ երևաց մորթիների մեջ փաթաթված մի հնդկացի աղջիկ, նա հանեց դահուկները, ուսերին գցեց սկյուռի մորթուց կարված իր հագուստի կնգուղը և մոտեցավ կրակի մոտ նստած մարդկանց։
― Բարև, Սիփսու,— ողջունեցին նրան Զիգմունդը և արջամորթու վրա պառկած երկու հոգին, իսկ Հիչկոկը լուռ մի կողմ քաշվեց, որպեսզի սահնակի վրա իր կողքին տեղ տա նրան։
― Դե, ինչպե՞ս են գործերդ, Սիփսու,— հարցրեց նա ինչ-որ բարբառով՝ կոտրատված անգլերենի և չինուկյան խաթարված լեզվի խառնուրդով։— Ի՞նչ է, ավանում սովը դեռ շարունակվո՞ւմ է։ Եվ ձեր կախարդը դեռ չի՞ գտել պատճառը, թե ինչու քիչ որս է պատահում և իշայծյամը ուրիշ կողմեր է գնացել։
― Այո, ճիշտ ես ասում, որսը շատ քիչ է։ Շուտով ստիպված կլինենք շներին ուտել։ Բայց կախարդը գտել է այդ չարիքի պատճառը. վաղը նա զոհ է մատուցելու, որը ցեղի վրա իջած անեծքը կվերցնի։
― Իսկ ո՞վ է լինելու զոհը։ Մի նորածին մանուկ կամ որևէ խեղճ պառա՞վ, որը բեռ է դարձել և որից ազատվելու համար ուրախ են։
― Ոչ, այս անգամ նա ուրիշ բան է մտածել։ Աստվածները շատ են բարկանում, այդ պատճառով էլ զոհը լինելու է ոչ այլ ոք, քան ցեղի առաջնորդի դուստրը՝ ես, Սիփսուն։
― Ախ դու սատանա՛,— ասաց Հիչկոկը։
Նա այդ խոսքերն ասաց ծանրակշիռ, հատ֊հատ, այնպիսի ձայնով, որի մեջ և՛ զարմանք կար, և՛ մտածմունք։
― Այժմ մեր ճանապարհները բաժանվում են,— հանգիստ շարունակեց աղջիկը։— Եվ ես եկել եմ, որպեսզի մենք մի անգամ ևս իրար երեսի նայենք։ Վերջին անգամ։
Սիփսուն պատկանում էր նախնադարյան աշխարհին, և սովորությունները, որոնցով նա ապրում էր, նույնպես նախնադարյան էին։ Նա սովորել էր կյանքը ընդունել այնպես, ինչպես կա, և մարդկային զոհաբերությունները սովորական բան էր համարում։ Այն ուժերը, որոնք կառավարում էին գիշերվա ու ցերեկվա փոփոխությունները, ջրերի հոսքն ու սռնամանիքները, այն ուժերը, որոնք բողբոջներին ստիպում էին բացվել ու տերևներին՝ դեղնել, այդ ուժերը երբեմն զայրանում էին և զոհեր էին հարկավոր՝ նրանց գութը շարժելու համար։ Նրանց կամքը տարբեր ձևով էր դրսևորվում՝ մարդը խեղդվում էր հեղեղումների ժամանակ, դավաճան սառույցի տակն էր անցնում, մեռնում էր արջի հետ մահացու գոտեմարտի մեջ կամ հյուծող հիվանդությունն էր բռնում նրան իր սեփական օջախում, և նա հազում էր՝ թոքերի կտորները դուրս թքելով, մինչև կյանքը հեռանում էր վերջին շնչի հետ միասին։ Երբեմն էլ աստվածները համաձայնում էին որպես զոհ ընդունել մարդկային կյանքը, իսկ շամանը կարողանում էր կռահել նրանց ցանկությունր և ընտրության մեջ երբեք չէր սխալվում։ Ամեն ինչ շատ հասարակ էր։ Տարբեր ճանապարհներով էր գալիս մահը, բայց վերջ ի վերջո ամեն ինչ հանգում էր մի բանի՝ անըմբռնելի և ամենազոր ուժերի հրամանին։
Բայց Հիչկոկը պատկանում էր մեկ ուրիշ, ավելի զարգացած աշխարհի։ Այդ աշխարհի սովորությունները աչքի չէին ընկնում ոչ այդպիսի պարզունակությամբ, ոչ էլ այդպիսի անսասանությամբ։ Ուստի Հիչկոկն ասաց․
― Ոչք Սիփսու, դա սխալ է։ Դու ջահել ես ու կենսալից։ Ձեր կախարդը բթամիտի մեկն է, նա վատ ընտրություն է կատարել։ Այդ բանը չի լինի։
Աղջիկը ժպտաց ու պատասխանեց․
― Կյանքը դաժան է։ ժամանակին նա ստեղծել է մեզ՝ մեկին սպիտակ մաշկով, մյուսին՝ կարմիր։ Հետո նա այնպես է արել, որ մեր ճանապարհները խաչաձևվել են, իսկ այժմ նորից բաժանվում են։ Եվ մենք անզոր ենք փոխելու այդ։ Մի անգամ, երբ էլի աստվածները զայրացել էին, քո եղբայրները եկան մեր գյուղը։ Նրանք երեք հոգի էին՝ ուժեղ, սպիտակ մարդիկ։ Նրանք էլ այն ժամանակ, ինչպես դու, ասացին․ «Այդ չի՛ լինի»։ Բայց նրանք զոհվեցին, երեքն էլ, իսկ այդ բանը, այնուամենայնիվ, կատարվեց։
Հիչկոկը գլխով արեց աղջկան՝ ի նշան այն բանի, թե ինքը հասկացավ, հետո շրջվեց դեպի ընկերները և, ձայնը բարձրացնելով, ասաց․
― Լսո՞ւմ եք, տղաներ։ Երևում է այնտեղ, ավանում բոլորը խելագարվել են։ Նրանք պատրաստվում են սպանելու Սիփսուին։ Ի՞նչ կասեք սրան․․․
Հոզը և Վերսը իրար նայեցին ու լռեցին։ Զիգմունդը գլուխը կախել էր և ոտքերին փարվող որսաշանն էր շոյում։ Նա այդ շունը բերել էր հեռվից ու շատ էր հոգում նրա մասին։ Գաղտնիքն այն էր, որ երբ Զիգմունդը Հյուսիս էր գալիս, հրաժեշտի պահին շունը նրան նվիրել էր հենց այն աղջիկը, որի մասին նա հաճախ մտածում էր և որի՝ փոքրիկ մեդալյոնի մեջ դրած ու կրծքի վրա պահած նկարը ոգեշնչում էր նրա երգերը։
― Դե, ի՞նչ կարող եք ասել,— կրկնեց Հիչկոկը։
― Գուցե բոլորովին էլ այդպես չէ,— ոչ անմիջապես պաաասխանեց Հոզը,— գուցե Սիփսուն չափազանցնում է։
― Ես ա՛յդ մասին չեմ հարցնում ձեզնից։— Հիչկոկը տեսավ, որ նրանք պարզապես չեն ցանկանում պատասխանել, և զայրույթից արյունը խփեց նրա դեմքին։— Ես հարցնում եմ՝ եթե պարզվի, որ դա այդպես է, մենք կարող ենք թույլ տալ։ Ի՞նչ ենք անելու այդ դեպքում։
― Իմ կարծիքով, մենք չպետք է միջամտենք,— խոսեց Վերսը։— Եթե նույնիսկ ամեն ինչ հենց այդպես է, մենք ոչինչ անել չենք կարող։ Նրանց մոտ այդպես է ընդունված, այդպես է պահանջում նրանց կրոնը և դա բոլորովին էլ մեր գործը չէ։ Մեր գործն է՝ ավելի շատ ոսկե ավազ ողողել և հնարավորին չափ շուտ դուրս պրծնել այս անիծյալ ծակից։ Այստեղ միայն վայրի գազաններր կարող են ապրել։ Եվ այդ կարմրամորթները նույնպես գազաններ են և ոչ ավելին։ Ոչ, դա չափազանց սխալ քայլ կլիներ մեր կողմից։
― Ես էլ եմ այդպես կարծում,— պաշտպանեց նրան Հոզը։— Մենք այստեղ չորս հոգի ենք, իսկ մինչև Յուքոն երեք հարյուր մղոն է, և մոտակայքում էլ ոչ մի սպիտակամորթի չես պատահի։ Դե ի՞նչ կարող ենք անել հիսուն հնդկացիների դեմ։ Եթե մենք գժտվենք նրանց հետ, ապա ստիպված կլինենք հեռանալ այստեղից, իսկ եթե կռվենք՝ մեզ պարզապես կոչնչացնեն։ Բացի դրանից, չէ որ մենք գտել ենք երակը և, սատանան տանի, ես, օրինակ, մտադիր չեմ այն թողնել։
― Ճիշտ է,— արձագանքեց Վերսը։
Հիչկոկը անհամբեր շրջվեց դեպի Զիգմունդը, որը կիսաձայն երգում էր․
Մի տարի անց, մի տարի անց, երբ խաղողը հասունանա,
Կվերադառնամ ես երկիրը իմ հարազատ։
― Ինչ արած, Հիչկոկ,— խոսեց նա վերջապես,— ես համաձայն եմ մնացածների հետ։ Եթե հնդկացիները, իսկ նրանք հիսուն հոգի են, որոշել են սպանել աղջկան, ապա ի՞նչ կարող ենք անել։ Բոլորը միասին կհարձակվեն, ու մենք կոչնչանանք։ Բայց ի՞նչ օգուտ։ Միևնույն է, աղջիկը կմնա նրանց ձեռքին։ Ոչ, տեղի սովորություններին դեմ կարող ես գնալ միայն այն ժամանակ, երբ ուժը քո ձեռքին է։
― Բայց չէ որ ուժը հենց մեր ձեռքում է,— ընդհատեց նրան Հիչկոկը։— Չորս սպիտակամորթը չորս հարյուր հընդկացի արժե։ Պետք է աղջկա մասին մտածել։
Զիգմունդը մտախոհ շոյեց շանը։
― Դե ես էլ աղջկա մասին եմ մտածում։ Նրա աչքերը ամառվա երկնքի պես կապույտ են ու ծովի պես ծիծաղկոտ։ Եվ մազերն էլ խարտյաշ են, ինչպես իմը, ու ոլորված են հաստ հյուսքերով։ Նա սպասում է ինձ այնտեղ, արևոտ երկրում։ Նա վաղուց է սպասում, և հիմա, երբ նպատակս արդեն մոտիկ է, ես չեմ ուզում ինձ վտանգի ենթարկել։
― Իսկ ես քո փոխարեն չէի կարողանա հանգիստ նայել նրա երկնագույն աչքերին. ես միշտ իմ առջև կտեսնեի նրա սև աչքերը, որը մեռավ իմ վախկոտության պատճառով,— թունոտ ասաց Հիչկոկը։
Նա՝ մեծահոգի և բնավորությամբ շիտակ, սովոր էր վարվել անշահախնդիր, առանց դատողություններ անելու և հետևանքների մասին մտածելու։
Զիգմունդը գլուխն օրորեց։
― Դու խելագար ես, Հիչկոկ, բայց ես քո պատճառով հիմարություն չեմ անի։ Պետք է զգաստ դատել ու փաստերը հաշվի առնել։ Ես զվարճանալու չեմ եկել այստեղ։ Իսկ որ գլխավորն է՝ միևնույն է, մեր միջամտությունը ոչնչով չի օգնի։ Եթե այն ամենը, ինչ նա ասում է, ճիշտ է, այդ դեպքում, մնում է միայն խղճալ նրան։ Այդպիսին է ցեղի սովորույթը, իսկ այն, որ մենք այստեղ ենք, զուտ պատահականություն է։ Նրանք այդպես են արել հազար տարի առաջ, և անում են հիմա, և անելու են այսուհետև էլ, մինչև աշխարհի վերջը։ Դրանք մեզ համար խորթ աշխարհի մարդիկ են, աղջիկը՝ նույնպես։ Ոչ, ես վճռականապես Վերսի և Հոզի կողմն եմ, իսկ...
Շները կաղկանձեցին ու հավաքվեցին իրար գլխի։ Զիգմունդը իր խոսքն ընդհատեց և ականջ դրեց, մթության միջից բազմաթիվ դահուկների խսխսոց էր լսվում։ Խարույկի մոտ, լուսավորված շրջանակի մեջ հայտնվեցին մորթի հագած մի քանի հնդկացիներ՝ բարձրահասակ, վճռական, լռակյաց։ Նրանց ստվերները չարագուշակ պարում էին ձյան վրա։ Նրանցից մեկը՝ շամանը, դիմելով Սիփսուին, կոկորդային ձայնով ինչ֊որ բան ասաց։ Շամանի դեմքը ներկված էր կոշտուկոպիտ, ուսերին գցված էր գայլի մորթի, և մերկացած ատամներով բաց երախը ցցվել էր նրա ճակատին։ Մյուսները լուռ էին։ Լուռ էին նաև ոսկի որոնողները։ Սիփսուն վեր կացավ ու կապեց դահուկները։
― Դե մնաս բարով, բարեկամս,— ասաց նա Հիչկոկին։
Բայց նրա կողքին սահնակի վրա նստած մարդը չշարժվեց։ Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց և հնդկացիները իրար հետևից կորան խավարի մեջ։
Ի տարբերություն այդ կողմերը եկող շատ տղամարդկանց, Հիչկոկը երբեք Հյուսիսի կանանց հետ մոտ հարաբերություններ ստեղծելու ցանկություն չէր ունեցել։ Նա ամենուրեք իրեն գգում էր ինչպես տանը և նույն ձևով էր վարվում բոլոր մարդկանց հետ, այնպես որ նրա հայացքները արգելք չէին լինի, եթե այդպիսի ցանկություն առաջանար նրա մեջ։ Բայց այն մինչև այժմ պարզապես չէր առաջացել։ Իսկ Սիփսո՞ւն։ Նա սիրում էր այդ աղջկա հետ զրուցել խարույկի մոտ, բայց նրա հետ վարվում էր ոչ թե ինչպես տղամարդը կնոջ հետ, այլ, ավելի շուտ, ինչպես մեծը՝ երեխայի հետ, դա նրա խառնվածքի մարդու համար բնական էր թեկուզ այն պատճառով, որ նրանց մտերմությունը փոքր֊ինչ գունազարդում էր այդ տխուր կյանքի միօրինակությունը։ Սակայն, թեև մինչև ուղն ու ծուծը յանկի էր և մեծացել էր Նոր Անգլիայում, նրա մեջ տաք արյունն էր հոսում և ինչ֊որ չափով ասպետությունն էլ խորթ չէր նրա հոգուն։ Կյանքի գործարար կողմը երբեմն անիմաստ էր թվում նրան և հակասում էր նրա հոգու ամենաթաքուն ձգտումներին։
Նա նստել էր լուռ, գլուխը կախ գցած, զգալով, որ ինչ֊որ մի տարերային ուժ է արթնանում իր մեջ, իրենից ավելի հզոր մի ուժ, իր նախնիների մեծ ուժը։ Հոզը և Վերսը ժամանակ առ ժամանակ աչքի պոչով նրան էին նայում թեթև, բայց, այնուամենայնիվ, նկատելի անհանգստությամբ։ Զիգմունդը նույնպես վատ էր զգում իրեն։ Նրանք բոլորն էլ գիտեին, որ Հիչկոկը շատ ուժեղ մարդ է։ Նրանք բազմիցս համոզվել էին դրանում ամեն տեսակ վտանգներով լի իրենց համատեղ կյանքի ընթացքում։ Դրա համար էլ այժմ նրանք հետաքրքրությամբ ու որոշ վախով էին սպասում, թե ինչ կանի նա։
Բայց նա դեռ լուռ էր։ Ժամանակն անցնում էր և խարույկն արդեն գրեթե հանգել էր։ Վերսը ձգվեց, հորանջեց ու ասաց, որ քնելու ժամանակն է։ Այս խոսքի վրա Հիչկոկը վեր կացավ ու հասակով մեկ կանգնեց։
― Անիծվե՛ք դուք, խղճուկ վախկոտներ։ Ես այլևս ձեզ ճանաչել չեմ ուզում։— Նա այդ բանն ասաց հանգիստ, բայց ամեն մի բառի մեջ ուժ և անսասան կամք էր զգացվում։— Բավակա՛ն է։ Եկեք հաշիվներս փակենք։ Կարող եք անել ինչպես ձեզ հարմար է։ Հայտագրի քառորդ մասը ինձ է պատկանում։ Դա նշված է մեր պայմանագրերում։ Մենք երեսուն ունցիա ոսկի ենք ողողել։ Բերեք կշեռքը և մենք ոսկին կբաժանենք։ Դու, Զիգմունդ, ինձ համար առանձնացրու բոլոր մթերքների քառորդ մասը։ Չորս շներն իմն են։ Բայց ինձ էլի այդքան շուն է հարկավոր։ Դրանց փոխարեն ես ձեզ կթողնեմ հանդերձանքի ու գործիքների իմ բաժինը։ Բացի դրանից, կավելացնեմ իմ յոթ ունցիա ոսկին և հրացանը՝ իր փամփուշտներով։ Եղա՞վ։
Երեք տղամարդիկ առանձնացան։ Իրար հետ փսփսալուց հետո նրանք վերադարձան։ Զիգմունդը բոլորի անունից ասաց․
― Ահա թե ինչ, Հիչկոկ, մենք եղածը ազնվաբար կբաժանենք քեզ հետ։ Դու կստանաս մեկ քառորդը, ոչ ավելի, ոչ պակաս. և ինչ ուզում ես արա։ Իսկ շները մեզ էլ են հարկավոր, ուստի կարող ես միայն չորսը վերցնել։ Իսկ ինչ վեբարերում է քեզ հասանելիք հանդերձանքին ու գործիքներին, ապա եթե պետք են քեզ՝ վերցրու, պետք չեն՝ թող մնան։ Դա արդեն քո գործն է։
― Ուրեմն ամեն ինչ տառ առ տառ ըստ օրենքի,— քմծիծաղ տվեց Հիչկոկը։— Դե ինչ արած, համաձայն եմ։ Միայն թե շուտ արեք։ Ես չեմ ուզում մի ավելորդ րոպե անգամ մնալ այստեղ։ Զզվելի է ձեր երեսին նայելը։
Այլևս ոչ մի խոսք չասվեց։ Երբ փայաբաժանումն ավարտվեց, Հիչկոկը իր համեստ ունեցվածքը դրեց սահնակի վրա, ջոկեց ու լծեց չորս շները։ Նա հանդերձանքին ձեռք չտվեց, բայց դրա փոխարեն սահնակի վրա գցեց վեց շնափոկեր ու մարտական հայացքով նայեց իր ընկերներին, սպասելով, որ նրանք կառարկեն։ Բայց նրանք միայն ուսերը թոթվեցին և հետո լուռ նայեցին հետևից՝ մինչև նա անհետացավ անտառում ։
Խոր ձյան միջով մի մարդ էր սողում։ Նրա աչ ու ձախ կողմերում սևին էին տալիս հնդկացիների՝ եղջերվամորթով ծածկված վիգվամները։ Մերթ այստեղ, մերթ այնտեղ սոված շներն էին ոռնում կամ կատաղած մռլտում իրար վրա։ Նրանցից մեկը մոտեցավ սողացող մարուն։ Սա անշարժացավ։ Շունը ավելի մոտեցավ, օդը հոտոտեց և զգուշությամբ էլի մի քանի քայլ արեց, մինչև քիթը կպավ տարօրինակ առարկային, որը մութն ընկնելուց առաջ այստեղ չէր եղել։ Այն ժամանակ Հիչկոկը, քանի որ դա նա էր, հանկարծ վեր կացավ, մի ակնթարթ՝ և նրա ձեռքը, որից նա թաթմանը նախապես հանել էր, սեղմեց շան բրդոտ կոկորդը։ Եվ շունը իր մահը գտավ այդ պողպատե բռունցքի մեջ։ Երբ մարդը առաջ սողաց, շունը՝ կոտրված վզով, մնաց ձյան վրա, աստղերի տակ ընկած։
Հիչկոկը սողալով հասավ առաջնորդի վիգվամին։ Նա երկար պառկեց ձյան վրա՝ ականջ դնելով ձայներին և աշխատելով որոշել, թե որտեղ է գտնվում Սիփսուն։ Ըստ երևույթին, այնտեղ շատ մարդիկ կային և, դատելով նրան հասնող աղմուկից, բոլորն էլ խիստ հուզված էին։
Վերջապես նա ճանաչեց աղջկա ձայնը և, վիգվամը շըրջանցելով, պառկեց հենց նրա կողքին, այնպես որ սոսկ մի բարակ եղջերվամորթի էր բաժանում նրանց։ Հիչկոկը ձյունը փորփրելով, աստիճանաբար վիգվամի տակ մտցրեց գլուխն ու ուսերը։ Երբ նա կացարանի տաք օդն զգաց, կանգ առավ ու սպասեց։ Նա ոչինչ չէր տեսնում և վախենում էր շարժվելուց։ Նրա ձախ կողմում, ըստ երևույթին, մորթիների կույտ էր ընկած։ Նա այդ զգաց հոտից, բայց, այնուամենայնիվ, ավելի վստահ լինելու համար զգուշությամբ շոշափեց այն։ Նրա դեմքը թեթևակի կպավ ինչ֊որ մեկի մորթե հագուստի եզրին։ Նա գրեթե հավատացած էր, որ դա Սիփսուն է, բայց և այնպես ուզում էր, որ աղջիկը մի անգամ էլ խոսեր։
Նա լսեց, թե ինչպես առաջնորդն ու շամանը ինչ֊որ բանի համար տաք֊տաք վիճում էին, իսկ մի անկյունում լալիս էր սոված երեխան։ Հիչկոկը շրջվեց կողքի վրա ու զգուշությամբ գլուխը բարձրացրեց, նույնպիսի թեթևությամբ դեմքը քսելով մորթե հագուստին։ Նա ականջ դրեց շնչառությանը։ Դա կնոջ շնչառություն էր։ Եվ նա որոշեց փորձել։
Զգուշությամբ, բայց բավականաչափ ամուր, սեղմվեց աղջկան ու զգաց, թե ինչպես սա ցնցվեց։ Հիչկոկը անշարժացավ ու սպասեց։ Ինչ֊որ մեկի ձեռքը սահեց նրա գլխի վրայով, շոշափեց գանգուր մազերը, հետո կամացուկ նրա դեմքը դարձրեց վերև, և հաջորդ պահին տղան աչքերով հանդիպեց Սիփսուին։
Աղջիկը բոլորովին հանգիստ էր։ Անփութորեն դիրքը փոխելով, նա թեք ընկավ մորթիների կույտի վրա և իր հագուստը ուղղեց այնպես, որ բոլորովին ծածկեց նրան։ Այնուամենայնիվ, և նորից իբր պատահաբար, նրա վրա կռանալով, գլուխը իջեցրեց, ու նրա ականջը թեթևակի հպվեց Հիչկոկի շուրթերին։
― Հենց որ հարմար պահ գտնես,— շշնջաց տղան,— հեռացիր ավանից, քամու ուղղությամբ ուղիղ գնա այնտեղ, որտեղ գետակը ոլորվում է։ Այնտեղ սոճիների մոտ կլինեն ճանապարհի համար պատրաստ իմ շներն ու սահնակը։ Այսօր գիշեր մենք կմեկնենք Յուքոն։ Մենք պետք է շատ արագ գնանք, ուստի բռնիր առաջին իսկ պատահած շներին և քարշ տուր դեպի գետակը։
Սիփսուն բացասաբար գլուխն օրորեց, բայց նրա աչքերը հրճվանքով փայլեցին. նա հպարտ էր, որ այդ մարդը այստեղ էր եկել իր համար։ Ինչպես իր ժողովրդի բոլոր կանայք, նա գտնում էր, որ տղամարդուն ենթարկվելը իր ճակատագիրն է։ Հիչկոկը տիրաբար կրկնեց. «Դու կգա՞ս»։ Ու թեև աղջիկը չպատասխանեց, բայց Հիչկոկը գիտեր, որ իր կամքը օրենք է նրա համար։
― Շնափոկերի մասին չմտածես,— ավելացրեց նա։— Եվ շտապիր։ Ցերեկը դուրս է մղում գիշերվան, և ժամանակը չի սպասում։
Կես ժամ անց Հիչկոկը կանգնած էր իր սահնակի մոտ և ոտքերը դոփդոփելով ու ձեռքերը ազդրերին խփելով, փորձում էր տաքանալ։ Եվ այդ պահին նա տեսավ Սիփսուին․ սա իր հետևից քարշ էր տալիս երկու համառող շների, որոնց տեսնելով, Հիչկոկի շները մարտական տրամադրությամբ համակվեցին, ու սա ստիպված եղավ նրանց հանգստացնելու համար գործի դնել իր մտրակի կոթը։ Ավանը գտնվում էր քամու հոսանքի ուղղությամբ, և ամենաչնչին ձայնը կարող էր մատնել նրանց ներկայությունը։
― Դրանց լծիր սահնակին ավելի մոտ,— հրամայեց նա, և Սիփսուն ձգափոկերը գցեց իր բերած շների վրա։— Իմ շները պետք է առջևում լինեն։
Բայց երբ աղջիկը լծում էր նրանց, Հիչկոկի արձակված շները հարձակվեցին նորեկների վրա, ու թեև Հիչկոկը փորձեց հրացանի խզակոթով խաղաղեցնել նրանց, աղմուկ բարձրացավ և, գիշերվա լռությունը խախտելով, տարածվեց քնած ավանով մեկ։
― Դե, հիմա ուզածներիս չափ շուն կունենանք,— մռայլ նկատեց նա և վերցրեց սահնակին կապված կացինը։— Կլծես նրանց, որոնց ես կգցեմ քեզ, և հետո՝ աչքդ լծվածքի վրա պահիր։
Հիչկոկը մի քանի քայլ առաջ գնաց ու դիրք գրավեց երկու սոճիների արանքում։ Ավանից լսվում էր շների հաչոցը, նա սպասում էր դրանց մոտենալուն։ Շուտով ձյունածածկ խավար հարթության վրա արագորեն մեծացող մի մութ կետ երևաց։ Շուն էր։ Նա գալիս էր մեծ ու հավասար ոստյուններով և, գայլի պես ոռնալով, իր հետևից բերում ամբողջ ոհմակը։ Հիչկոկը թաքնվեց ստվերում։ Հենց որ շունը հավասարվեց իրեն, նա արագ շարժումով բռնեց նրա առջևի թաթերը և շունը՝ գլուխկոնծի տալով, խրվեց ձյան մեջ։ Այնուհետև նա ճիշտ հաշվարկված մի հարված իջեցրեց նրա ականջի տակ ու գցեց Սիփսուին։ Մինչ սա լծում էր շանը, կացնով զինված Հիչկոկը պահում էր ամբողջ ոհմակի հարձակումը. վառվող աչքերով և փայլատակող ատամներով բրդոտ մարմինների կծիկը թավալվում էր հենց նրա ոտքերի տակ։ Սիփսուն գործում էր արագ։ Հենց որ առաջին շան գործը ավարտվեց, Հիչկոկը առաջ նետվեց, բռնեց ու շշմեցրեց ևս մեկին, և նույնպես գցեց աղջկան։ Դա կրկնվեց երեք անգամ։ Երբ արդեն տասը մռլտացող գամփռ կար լծվածքի մեջ, նա ձայն տվեց. «Բավական է»։
Ավանից արդեն շտապում էր բազմությունը։ Առջևից վազում էր մի երիտասարդ հնդկացի։ Նա խրվեց շների ոհմակի մեջ և սկսեց աջ ու ձախ խփել նրանց, աշխատելով հասնել այնտեղ, որտեղ Հիչկոկն էր կանգնած։ Բայց սա թափահարեց հրացանի խզակոթը և երիտասարդ հնդկացին ընկավ ծնկների վրա, իսկ այնուհետև երեսնիվայր փռվեց։ Հետևից վազող շամանը տեսավ այդ ամենը։
Հիչկոկը Սիփսուին հրամայեց առաջ շարժվել։ Հազիվ էր աղջիկը ձայն տվել «Ձուկ», երբ կատաղած շները առաջ նետվեցին, ու Սիփսուն հազիվհազ իրեն պահեց սահնակի վրա։ Ըստ երևույթին աստվածները բարկացել էին շամանի վրա, որովհետև հենց այդ պահին նա հայտնվեց ճանապարհին։ Առաջատար շունը կոխեց նրա դահուկները, շամանն ընկավ և ամբողջ լծվածքը սահնակով հանդերձ անցավ նրա վրայով։ Բայց նա արագորեն ոտքի կանգնեց, և այդ գիշերը կարող էր ուրիշ կերպ վերջանալ, եթե Սիփսուն երկար մտրակով չհարվածեր նրա դեմքին։ Նա դեռ կանգնած էր ճանապարհի մեջտեղում, ցավից օրորվելով, երբ նրա վրա ընկավ սահնակի հետևից վազող Հիչկոկը։ Այդ ընդհարման հետևանքով սպիտակ մարդու բռունցքի ուժի վերաբերյալ նախնադարյան աստվածաբանի իմացությունները զգալիորեն համալրվեցին։ Ուստի, երբ նա առաջնորդի բնակատեղին վերադարձավ և սկսեց ճառել խորհրդում, սարսափելի կատաղած էր բոլոր սպիտակամորթների վրա։
― Դե, ծույլեր, վե՛ր կացեք։ Ժամանակն է։ Նախքան դուք մոքասիններդ կհագնեք, նախաճաշը պատրաստ կլինի։
Դեյվ Վերսը մի կողմ գցեց արջամորթին, վեր կացավ ու հորանջեց։ Հոզը ձգվեց, զգաց, որ ձեռքը թմրել է, և քնաթաթախ սկսեց շփել այն։
— Հետաքրքիր է, որտե՞ղ է այս գիշերը անցկացրել Հիչկոկը,— հարցրեց նա մոքասինները վերցնելով։ Գիշերվա ընթացքում դրանք փայտացել էին, և նա, գուլպաներով զգուշությամբ քայլելով ձյան վրայով, գնաց դեպի խարույկը, որպեսզի սառցակալած կոշիկները հալեցնի։— Փառք աստծու, որ նա գնաց, թեև, պետք է խոստովանել, որ նա հրաշալի աշխատող էր։
― Այո՛։ Միայն թե շատ էր սիրում իր ձևով շարժվել։ Հենց այդ էր նրա դժբախտությունը։ Իսկ Սիփսուն մեղք է։ Ինչ է, իսկապե՞ս այդ աղջիկը այդքան դուր էր գալիս նրան։
― Չեմ կարծում։ Նրա համար այդ բոլորը սկզբունքի հարց է։ Նա գտնում էր, որ դա սխալ է, դե իհարկե, սխալ է, միայն թե դա դեռ պատճառ չէ, որ մենք էլ միջամտենք և ժամանակից շուտ այն աշխարհը գնանք։
― Այո, սկզբունքը վատ բան չէ, բայց ամեն ինչ լավ է իր ժամանակին. երբ Ալյասկա ես մեկնում, ապա ավելի լավ է սկզբունքները տանը թողնել։ Հը՞։ Ճի՞շտ եմ ասում։— Վերսը միացավ իր ընկերոջը և նույնպես սկսեց մոքասինները տաքացնել խարույկի վրա։— Ինչ ես կարծում՝ մենք պե՞տք է միջամտեինք։
Զիգմունդը բացասաբար գլուխն օրորեց։ Նա շատ էր զբաղված. դարչնագույն փրփուրը սպառնում էր թափվել սրճամանից և թավայի միջի խոզաճարպը շրջելու ժամանակն էր արդեն։ Բացի այդ, նա մտածում էր ծովի պես ծիծաղկոտ աչքերով աղջկա մասին ու կամացուկ երգում։
Նրա ընկերները ժպտալով աչքով արին իրար ու լռեցին։ Թեև արդեն ժամը յոթին մոտ էր, բայց առնվազն դեռ երեք ժամ կար լույսը բացվելուն։ Հյուսիսափայլը մարեց, և ճամբարը լույսի կղզյակ էր թվում գիշերային խավարում։ Խարույկի ֆոնի վրա հստակ ուրվագծվում էին երեք մարդկանց կերպարանքները։ Օգտվելով լռությունից, Զիզմունդը ձայնը բարձրացրեց և իր հին երգի վերջին քառատողը երգեց.
Մի տարի անց, մի տարի անց, երբ խաղողր հասունանա...
Խլացուցիչ հրացանազարկը խզեց գիշերվա լռությունը։ Հոզը հառաչեց, մի շարժում արեց, ասես փորձում էր շտկվել, ու ծանրորեն ընկավ գետնին։ Վերսը, գլուխը հակելով, ընկավ կողքի վրա, հետո խռխռաg և արյունը սև շիթով ցայտեց նրա կոկորդից։ Իսկ ոսկեհեր Զիգմունդը, կիսատ երգը շուրթերին, ձեռքերը թափահարեց ու ընկավ խարույկի մոտ։
Շամանի բիբերը մթնել էին կատաղությունից ու տրամադրությունն էլ լավ չէր։ Նա Վերսի հրացանի համար գժտվեց առաջնորդի հետ և ավելի շատ բակլա պահանջեց, քան իրեն հասնում էր։ Բացի դրանից, նա իրեն վերցրեց արջամորթին, որը տրտունջ առաջացրեց ցեղի մնացած տղամարդկանց մեջ։ Ի լրումն այդ ամենի, նա ուզեց սպանել Զիգմունդի շանը, նրան, որը հարավցի աղջիկն էր նվիրել, բայց շանը հաջողվեց փախչել, և շամանը փոսն ընկավ՝ ուսը տեղահան անելով։ Երբ ճամբարը լրիվ թալանված էր, հնդկացիները վերադարձան իրենց բնակատեղին, և կանանց ցնծությունը վերջ չուներ։ Շուտով իշայծյամների հոտ երևաց նրանց կողմերում և հաջողությունն այցելեց որսորդներին։ Շամանի փառքը է՛լ ավելի մեծացավ, սկսեցին նույնիսկ խոսել, թե նա խորհրդի է նստում աստվածների հետ։
Երբ բոլորը հեռացել էին, շունը վերադարձավ ավերված ճամբարը և ամբողջ գիշեր ու ամբողջ հաջորդ օրր ոռնաց՝ ողբալով մեռածներին։ Հետո նա անհետացավ։ Բայց անցավ մի քանի տարի, և հնդկացի որսորդներն սկսեցին նկատել, որ անտառային գայլերի մորթիների վրա արտասովոր բաց գույնի պտեր են հայտնվել, որպիսիք մինչ այդ իրենք չէին տեսել ոչ մի գայլի վրա։