Անաբել Լի

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Անաբել Լի

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Երվանդ Սարգսյան

<poem> Վաղուց, շատ վաղուց, հեռու-հեռավոր Մի թագավորությունում անհասանելի, Ապրում էիր դու` հրաշք մի աղջիկ, Առաջին իմ սեր, իմ Անաբել Լի': Սիրում էիր ինձ շատ, իսկ ես էլ այնքան, Որ հնարավոր չէր սիրել ավելի:

Թեև երեխա էի, և դու էլ էիր փոքր` Այդ թագավորությունում անհասանելի, Բայց մեծ էր իմ սերը, և նաև քոնը, Իմ արև պայծառ, իմ Անաբել Լի': Երկնային լուսե փերիներն անգամ Չէին կարող սիրել մեզնից ավելի:

Դա էր պատճառը գուցե, չգիտեմ, Այդ թագավորությունում անհասանելի Ժայթքեց հողմախառն կայծակ անիծված, Խլեց քեզ ինձնից, իմ Անաբել Լի': Իսկ ծնողներդ` վշտահար սրտով, Տարան քեզ ինձնից հեռու ավելի. Քո տունը դարձավ ծովափնյա մի խորշ` Թագավորության մեջ անհասանելի:

Այո, երկնային փերիներն անգամ Երջանիկ չէին մեզնից ավելի. Եվ այդ նախանձն էր պատճառը միակ, Որ թագավորությունում անհասանելի` Կայծակով լեցուն հողմերը դաժան Սպանեցին հենց քեզ, իմ Անաբել Լի':

Բայց մենք սիրեցինք նրանցից ուժգին, Ովքեր ապրեցին երկար ավելի, Ովքեր գիտեին մեզնից ավելի: Փերիներ, դևեր... անզոր էին արդեն Այդ աշխարհներում` անհասանելի, Որ իմ վշտահար հոգին բաժանեին Քո մաքուր հոգուց, իմ Անաբել Լի':

Երբ հայացքս է Լուսնի շուրջը, իմ անուրջը Քո մասին է, Անաբել Լի': Թեև սին է այդ պատրանքը, բայց քո մեղմ հայացքը Հիասքանչ է, իմ Անաբել Լի': Ու կկորչեմ ես անհետ, կննջեմ առհավետ` Արևավառ ու սիրուն հարսնացուիս հետ, Գետնախորշերում` մութ, անմատչելի, Աշխարհների մեջ անհասանելի...