Աննան վզից կախ

Գրապահարան-ից
Աննան վզից կախ

հեղինակ՝ Անտոն Չեխով
թարգմանիչ՝ Ա. Վարդապետյան

I

Պսակադրումից հետո նույնիսկ թեթև նախաճաշ չեղավ, նորապսակները մի-մի բաժակ գինի խմեցին, զգեստները փոխեցին ու գնացին կայարան։ Ուրախ հարսանեկան պարահանդեսի և ընթրիքի փոխարեն, երաժշտության ու պարերի փոխարեն՝ ուխտագնացություն երկու հարյուր վերստ հեռու։ Շատերը հավանություն էին տալիս դրան, ասելով, որ Մոդեստ Ալեքսեյիչն արդեն աստիճանների տեր է և երիտասարդ չէ, ու թերևս աղմկոտ հարսանիքը կարող էր անվայելուչ թվալ. և ձանձրալի էլ է երաժշտություն լսելը, երբ հիսուներկու տարեկան աստիճանավորը ամուսնանում է մի աղջկա հետ, որի տասնութ տարին հազիվ է լրացել։ Ասում էին նաև, որ այդ ճանապարհորդությունը դեպի վանք Մոդեստ Ալեքսեյիչը, իբրև իր կանոններն ունեցող մարդ, ձեռնարկել էր ճիշտն ասած նրա համար, որպեսզի հասկացնի իր ջահել կնոջը, ամուսնության մեջ էլ նա առաջին տեղը տալիս է կրոնին ու բարոյականությանը։

Նորապսակներին ճանապարհ էին դնում։ Պաշտոնակիցների և հարազատների ամբոխը բաժակները ձեռքներին կանգնել և սպասում էր, թե երբ է գնացքը շարժվելու, որպեսզի «ուռա» բղավեն, իսկ Պյոտր Լեոնտիչը՝ հայրը, ցիլինդրը գլխին և ուսուցչական ֆրակը հագին, արդեն հարբած և արդեն շատ դժգույն իր բաժակով հանդերձ ձգվում էր դեպի լուսամուտը և աղերսաբար ասում.

— Անյո՜ւտա։ Ա՜նյա։ Ա՜նյա, մի խոսք ասեմ։

Անյան լուսամատից թեքվում էր դեպի նա, և հայրը ինչ-որ բան էր շշնջում, գինու հոտ փչելով վրան, փչում էր ականջին, այնպես որ ոչինչ չէր կարելի հասկանալ, և խաչակնքում էր աղջկա դեմքը, կուրծքը, ձեռքերը. ընդսմին նրա շունչը կտրվում էր. աչքերում արցունքներ էին շողում։ Իսկ Անյայի եղբայրները, գիմնազիստներ Պետյան և Անդրյուշան, հետևից քաշում էին հոր ֆրակից ու շփոթված շշնջում.

— Հայրիկ, հերիք է... հայրիկ՝ պեաք չէ...

Երբ գնացքը շարժվեց, Անյան տեսավ, թե ինչպես հայրը մի քիչ վազեց վագոնի հետևից, օրորվելով ու գինին թափթփելով, և թե ինչպես խղճալի, բարի ու մեղավոր էր նրա դեմքը։

— Ուռա՜ա՜-ա՜,— բղավում էր նա։

Նորապսակները մենակ մնացին։ Մոդեստ Ալեքսեյիչը զննեց կուպեն, իրերը դասավորեց դարակներին ու ժպտալով նստեց իր ջահել կնոջ դիմաց։ Դա միջահասակ, բավական գեր, թմբլիկ, շատ կուշտ, երկար այտամորուսներով ու անբեղ մի աստիճանավոր էր, և նրա ածիլած, կլոր, հատու գծագրված կզակը կրունկի էր նմանվում։ Նրա դեմքին ամենաբնորոշը բեղերի բացակայությունն էր, այդ մաքուր ածիլած, մերկ տեղը, որը աստիճանաբար վեր էր ածվում ճարպոտ, դոնդողակի պես դողդոջուն այտերի։ Նա իրեն պահում էր ծանրաբարո, շարժումներն անշպապ էին, շարժուձևերը մեղմ։

— Չեմ կարող հիմա չմտաբերել մի հանգամանք,— ասաց նա ժպտալով։— Հինգ տարի առաջ, երբ Կոսոռոտովը սուրբ Աննայի երկրորդ աստիճանի շքանշան ստացավ և եկավ շնորհակալություն հայտնելու, ապա նորին պայծառափայլությունը այսպես արտահայտվեց. «Ուրեմն, դուք հիմա երեք Աննա ունեք. մեկը մերակին ամրացրած, երկուսը վզներիցդ կախ»։ Իսկ պետք է ասել, որ այն ժամանակ նոր էր Կոսոռոտովի մոտ վերադարձել իր կինը, մի կռվարար ու թեթևամիտ անձնավորություն, որի անունը Աննա էր։ Հուսով եմ, որ երբ ես երկրորդ կարգի Աննա ստանամ, նորին պայծառափայլությանը առիթ չի ունենա ինձ նույն բանն ասելու։

Նա ժպտում էր իր մանր աչքերով։ Կինը նույնպես ժպտում էր, հուզվելով այն մտքից, որ այս մարդը ամեն րոպե կարող է նրան համբուրել իր լիքը, թաց շրթունքներով, և որ ինքը արդեն իրավունք չունի մերժելու նրա այդ ցանկությանը։ Ամուսնու թմբլիկ մարմնի փափուկ շարժումները նրան վախեցնում էին, նա և՛ սարսափում էր, և զզվում։ Ամուսինը վեր կացավ, առանց շտապելու վզից հանեց շքանշանը, հանեց ֆրակն ու ժիլետը և հագավ խալաթը։

— Ահա այսպես,— ասաց նա Անյայի կողքը նստելով։

Անյան մտաբերեց, թե որքան տանջալի էր պսակադրումը, երբ թվում էր, որ թե՛ քահանան, թե՛ հյուրերը, թե՛ բոլորը եկեղեցում տխուր նայում էին իրեն, ինչո՞ւ, ինչո՞ւ նա, որ այնքա՜ն սիրուն է, այնքան լավիկը, մարդու է գնում այդ տարեց, անհետաքրքիր պարոնին։ Դեռ այսօր առավոտյան նա հիացած էր, որ ամեն ինչ այդպես լավ դասավորվեց, իսկ պսակադրման ժամանակ և հիմա էլ վագոնում իրեն զգում էր մեղավոր, խաբված ու ծիծաղելի։ Ահա նա հարուստի հետ ամուսնացավ, բայց, այնուամենայնիվ, փող չուներ, պսակի շորը պարտքով էին կարել, և, երբ այսօր նրան ճանապարհում էին հայրն ու եղբայրները, ինքը նրանց դեմքերից կռահում էր, որ ոչ մի կոպեկ չունեն։ Արդյոք կընթրե՞ն այսօր։ Իսկ վա՞ղը։ Եվ չգիտես ինչու, նրան թվում էր, որ հայրն ու տղաները հիմա առանց իրեն նստել են քաղցած և ճիշտ նույնպիսի թախիծ են զգում, ինչպես մոր թաղումից հետո առաջին երեկոյան։

«Օ, որքա՜ն դժբախտ եմ ես,— մտածում էր նա։— Ինչո՞ւ ես այսքան դժբախտ եմ»։

Կանանց հետ վարվելու անսովոր լուրջ մարդու անվարժությամբ Մոդեստ Ալեքսեյիչը կպչում էր Անյայի իրանին և թփթփացնում էր ուսը, իսկ կինը մտածում էր փողի մասին, մոր մահվան մասին։ Երբ մայրը մեռավ, հայրը, Պյոտր Լեոնտիչը, որը գիմնազիայում վայելչագրության և նկարչության ուսուցիչ էր, իրեն գինու տվեց, կարիքի մեջ ընկան. տղաները կոշիկ ու կրկնակոշիկ չունեին, հորը քարշ էին տալիս հաշտարարի մոտ, գալիս էր դատական պրիստավը և կահկարասին վերգիր անում... Ի՜նչ ամոթ։ Անյան պետք է խնամեր հարբած հորը, կարկատեր եղբայրների գուլպաները, շուկա գնար և, երբ գովում էին նրա գեղեցկությունը, ջաելությունը, նրբագեղ շարժումները, նրան թվում էր, թե ամբողջ աշխարհը տեսնում է նրա էժանագին գլխարկը և կոշիկների ծակերը, որոնք թաքցնելու համար վրան թանաք էր քսել։ Իսկ գիշերները՝ արցունքներ և նրանից ձեռք չքաշող այն անհանգիստ միտքը, որ շուտով-շուտով հորը գիմնազիայից կարձակեն թուլության համար և որ հայրը չի դիմանա դրան ու նույնպես կմեռնի, ինչպես մայրը։ Բայց ահա ծանոթ տիկինները իրար անցան և սկսեցին Անյայի համար մի լավ մարդ որոնել։ Շուտով գտնվեց ահա այս Մոդեստ Ալեքսեյիչը, որը ո՛չ երիտասարդ էր, ո՛չ էլ գեղեցիկ, բայց փող ուներ։ Բանկում նա մոտ հարյուր հազար ունի և տոհմական կալվածք, որը կապալով է տալիս։ Նա կանոնների տեր մարդ է և լավ համարում ունի նորին պայծառափայլության մոտ. ինչպես Անյային ասում էին, նրա համար ոչինչ չարժե գիմնազիայի դիրեկտորին կամ նույնիսկ հոգաբարձուին հասցեագրված մի տոմսակ վերցնել նորին պայծառափայլությունից, որպեսզի Պյոտր Լեոնտիչին գիմնազիայից չազատեին...

Մինչ նա մտաբերում էր այս մանրամասնությունները, հանկարծ լսվեց երաժշտություն, որը լուսամուտից խուժեց ձայների աղմուկի հետ։ Գնացքն էր կանգնել կիսակայարանում։ Կառամատույցից այն կողմ աշխուժորեն հարմոն ու էժանագին ճղճըղան ջութակ էին նվագում, իսկ լուսնի լույսով ողողված բարձր կեչիների ու բարդիների հետևից, ամառանոցների հետևից հասնում էին զինվորական նվագախմբի հնչյունները. ըստ երևույթին ամառանոցներում պարերեկո էր։ Կառամատույցում զբոսնում էին հովեկներ ու քաղաքի բնակիչներ, որոնք լավ եղանակին այստեղ էին գալիս օդ շնչելու։ Այստեղ էր նաև Արթինովը, այդ ամբողջ ամառանոցային վայրի տերը, մեծահարուստ, բարձրահասակ։ դեմքով հայի նմանվող, չաղ, սևահեր, դուրս պրծած աչքերով ու տարօրինակ զգեստով մի մարդ։ Նրա հագին կուրծքն արձակած մի շապիկ էր և խթանավոր բարձրաճիտ կոշիկներ, և ուսերից կախվել էր մի սև թիկնոց, որը քղանցքատուտի պես քսվում էր գետնին։ Նրա հետևից սուր դնչերը կախած, քայլում էին երկու քերծե։

Անյայի աչքերին դեռ արցունքներ էին փայլում, բայց նա արդեն չէր հիշում ո՛չ մոր, ո՛չ փողի, ո՛չ իր հարսանիքի մասին, այլ սեղմում էր ծանոթ գիմնազիստների և սպաների ձեռքը ուրախ ծիծաղում էր և արագ֊արագ ասում.

— Բարև՛ ձեզ։ Ինչպե՞ս եք։

Նա դուրս եկավ հարթակ, լուսնի լույսի ներքո, և կանգնեց այնպես, որ իրեն տեսնեին ամբողջովին, սքանչելի նոր զգեստով ու գլխարկով։

— Ինչո՞ւ ենք այստեղ կանգնել,— հարցրեց նա։

— Այստեղ ուղեբաժանք է,— պատասխանեցին նրան,— փոստային գնացքին են սպասում։

Նկատելով, որ Արթինովը նայում է իրեն, Անյան կոկետաբար աչքերը կկոցեց և սկսեց բարձրաձայն խոսել ֆրանսերեն, և նրա համար, որ իր սեփական ձայնը հնչում էր այդքան հիանալի, և որ լսում էր երաժշտությունը, և լուսինն արտացոլվում էր լճակում, և նրա համար, որ ագահաբար ու հետաքրքրոլթյամբ իրեն էր նայում Արթինովը, այդ հայտնի դոնժուանն ու երես առածը, և նրա համար, որ բոլորը ուրախ էին, Անյան հանկարծ ուրախություն զգաց և, երբ գնացքը շարժվեց ու ծանոթ սպաները հրաժեշտ տալիս պատվի առան, նա արդեն պոլկա էր երգում, որի հնչյունները նրա հետևից ուղարկում էր ուր-որ ծառերի հետևում թնդացող զինվորական նվագախումբը, և նա իր կուպեն վերադարձավ այնպիսի զգացողությամբ, կարծես կիսակայարանում նրան համոզել էին, որ, ինչ էլ ուզում է լինի, ինքն անպայման երջանիկ կլինի։

Նորապսակները վանքում մնացին երկու օր, ապա քաղաք վերադարձան։ Նրանք ապրում էին պետական բնակարանում։ Երբ Մոդեստ Ալեքսեյիչը ծառայության էր գնում, Անյան դաշնամուր էր նվագում կամ լալիս էր ձանձրույթից, կամ պառկում էր թախտին ու վեպեր էր կարդում և դիտում նորաձևության ժուռնալը։ Ճաշի ժամանակ Մոդեստ Ալեքսեյիչը ուտում էր չափազանց շատ և խոսում էր քաղաքականության մասին, նշանակումների, փոխադրումների ու պարգևատրումների մասին, այն մասին, որ պետք է աշխատել, որ ընտանեկան կյանքը ոչ թե բավականություն է, այլ պարտականություն, որ կոպեկը ռուբլի է խնայում, և որ ինքը աշխարհում ամենից բարձր է դասում կրոնն ու բարոյականությունը։ Եվ, դանակը սուսերի պես բռունցքի մեջ բռնած, նա ասում էր.

— Ամեն մարդ պետք է իր պարտականություններն ունենա։

Իսկ Անյան լսում էր նրան, վախենում ու չէր կարողանում ուտել և սովորաբար սեղանից վեր էր կենում քաղցած։ Ճաշից հետո ամուսինը հանգստանում և բարձրաձայն խռմփացնում էր, իսկ Անյան գնում էր յուրայինների մոտ։ Հայրն ու տղաները նրա վրա նայում էին ինչ-որ առանձնահատուկ ձևով, կարծես թե հենց նոր, մինչև նրա գալը, նրան դատապարտում էին, որ ամուսնացել է փողի համար, չսիրած, անտանելի, ձանձրալի մարդու հետ. նրա խշխշան գզեստը, ապարանջանները և ընդհանրապես կանացի տեսքը ճնշում, վիրավորում էին նրանց. Անյայի ներկայությամբ նրանք մի քիչ շփոթվում էին և չգիտեին ինչի մասին խոսեն հետը, բայց և այնպես առաջվա նման սիրում էին նրան և դեռ չէին վարժվել առանց նրա ճաշելուն։ Անյան նստում և նրանց հետ ուտում էր շչի, շիլա և դմակի յուղով տապակած կարտոֆիլ, որից մոմի հոտ էր գալիս։ Պյոտր Լեոնտիչը գրաֆինից լցնում ու խմում էր արագ, ագահաբար, գգվանքով, հետո խմում էր երկրորդ, ապա երրորդ բաժակը... Պետյան ու Անդրյուշան, խոշոր աչքերով նիհարիկ, գունատ տղաներ, գրաֆինը վերցնում էին և շփոթված ասում,

— Պետք չէ, հայրիկ... Բավական է, հայրիկ...

Անյան նույնպես անհանգստանում և աղերսում էր նրան, որ չխմի, իսկ հայրը հանկարծ բռնկվում էր և բռունցքը խփում սեղանին.

— Ես ոչ ոքի թույլ չե՛մ տա գլխիս հսկիչ դառնալ,— բղավում էր նա։— Լակոտնե՜ր։ Անպիտա՜ն աղջիկ։ Ես ձեզ բոլորիդ դուրս կվռնդեմ։

Բայց նրա ձայնի մեջ լսվում էր թուլություն, բարություն, և ոչ ոք նրանից չէր վախենում։ Ճաշից հետո նա սովորաբար զուգվում էր. գունատ, սափրվելու ժամանակ կտրած կզակով, նիհար վիզը երկարացնելով, նա ամբողջ կես ժամ կանոնում էր հայելու առաջ և սիրունանում էր, մերթ սանրվելով, մերթ սև բեղերը ոլորելով, անուշահոտ օծանելիք էր սրսկում վրան, թիթեռնիկաձև կապում էր փողկապը և հետո հագնում էր ձեռնոցները, ցիլինդրը դնում գլուխը և գնում մասնավոր դասերի։ Իսկ եթե տոն էր լինում, ապա մնում էր տանը և ներկերով նկարում էր կամ նվագում ֆիսհարմոնիա, որը ֆշշում ու մռնչում էր. նա ջանում էր նվագարանից գեղեցիկ ներդաշնակ հնչյուններ կորզել ու երգակցում էր և կամ բարկանում տղաների վրա.

— Սրիկանե՜ր։ Անպիտաննե՜ր։ Փչացրել են գործիքը։

Երեկոները Անյայի ամուսինը թուղթ էր խաղում նույն հարկի տակ պետական տանն ապրող իր պաշտոնակիցների հետ։ Թղթախաղի ժամանակ հավաքվում էին աստիճանավորների կանայք, տգեղ, անճաշակ զուգված, խոհարարուհիների պես կոպիտ, և բնակարանում սկսվում էին նույնպսի տգեղ ու անճաշակ բամբասանքները, ինչպես աստիճանավորների կանայք իրենք էին։ Պատահում էր, որ Մոդեստ Ալեքսեյիչը Անյայի հետ թատրոն էր գնում։ Ընդմիջումների ժամանակ նա կնոջը իրենից մի քայլ հեռանալ չէր թողնում, այլ նրան թևանցուկ արած շրջում էր միջանցքներում ու ֆոյեում։ Որևէ մեկին ողջունելով, նա անմիջապես շշնջում էր Անյայի ականջին, «Պետական խորհըրդական է... Ընդունելություն ունի նորին պայծառափայլության մոտ...» կամ՝ «Միջոցների տեր է... Սեփական տուն ունի...»։ Երբ անցնում էին բուֆետի մոտով, Անյան շատ էր ուզում որևէ քաղցր բան. նա սիրում էր շոկոլադ և խնձորով կարկանդակ, բայց փող չուներ, իսկ ամուսնուց խնդրել ամաչում էր։ Մոդեստ Ալեքսեյիչը վերցնում էր մի տանձ, մատներով տրորում և անվճռական հարցնում էր։

— Ի՞նչ արժե։

— Քսանհինգ կոպեկ։

— Օ՜... թանկ է,— ասում էր նա ու տանձը տեղը դնում, բայց, քանի որ անհարմար էր ոչինչ չգնած բուֆետից հեռանալը, ապա նա զելտերյան ջուր էր պահանջում և մենակ խմում էր ամբողջ շիշը, և աչքերին արցունքներ էին հայտնվում, և Անյան այդ ժամանակ ատում էր նրան։

Եվ կամ նա, հանկարծ ամբողջովին կարմրելով, արագ ասում էր Անյային.

— Գլուխ տուր այդ ծեր տիկնոջը։

— Բայց ես նրա հետ ծանոթ չեմ։

— Միևնույն է։ Դա պետական պալատի կառավարչի կինն է։ Դե քեզ ասում եմ գլուխ տուր,— փնթփնթում էր նա համառորեն։— Գլուխդ չի պոկվի։

Անյան գլուխ էր տալիս, և իրոք նրա գլուխը չէր պոկվում, բայց դա տանջալի էր։ նա անում էր այն ամենը, ինչ որ ուզում էր ամուսինը, և չարանում էր ինքն իր վրա, որ ամուսինը խաբեց նրան ինչպես վերջին հիմարի։ Ինքը նրա հետ ամուսնացել էր փողի համար, մինչդեռ ինքը հիմա ավելի քիչ փող ուներ, քան մինչև ամուսնանալը։ Առաջ գոնե հայրը նրան տալիս էր քսան կոպեկանոցներ, իսկ հիմա՝ ո՛չ մի գրոշ։ Թաքուն վերցնել կամ խնդրել նա չէր կարող, նա ամուսնուց վախենում էր, դողում էր նրա առաջ։ Նրան թվում էր, թե դեպի այդ մարդն ունեցած սարսափը իր մեջ կրում էր արդեն վաղուց։ Մի ժամանակ մանկության օրերին, սև ամպի կամ լոկոմոտիվի պես վրա քշող և միշտ ճզմելու պատրաստ ամենաազդեցիկն ու սարսափելի ուժը նրան թվում էր գիմնազիայի դիրեկտորը, մի այլ նույնպիսի ուժ, որի մասին միշտ ընտանիքում խոսում էին և որից չգիտես ինչու վախենում էին, նորին պայծառափայլությունն էր. և կային էլի մի տասնյակի չափ ավելի մանր ուժեր, և նրանց թվում գիմնազիայի ուսուցիչները, սափրած բեղերով, խիստ, անողոք, և ահա հիմա, վերջապես Մոդեստ Ալեքսեյիչը, կանոնների տեր մի մարդ, որը նույնիսկ դեմքով նման էր դիրեկտորին։ Եվ Անյայի երևակայության մեջ այդ բոլոր ուժերը ի մի էին ձուլվում և մի սարսափելի, հսկա սպիտակ արջի տեսքով շարժվում այնպիսի թույլ ու մեղավորների վրա, ինչպես նրա հայրն էր, և Անյան վախենում էր որևէ հակառակ բան անել ու լարված ժպտում և կեղծ բավականություն էր հայտնում, երբ իրեն կոպտորեն փաղաքշում ու պղծում էին գրկախառնությամբ, որից նրան սարսափ էր պատում։

Միայն մի անգամ Պյոտր Լեոնտիչր համարձակվեց Մոդեստ Ալեքսեյիչից փոխարինաբար հիսուն ռուբլի խնդրել, որպեսզի մի ինչ֊որ շատ տհաճ պարտք վճարեր, բայց ինչպիսի տառապանք էր դա։

— Լավ, ես ձեզ կտամ,— ասաց Մոդեստ Ալեքսեյիչը մի փոքր մտածելով, բայց նախազգուշացնում եմ, որ այլևս ձեզ չեմ օգնի, մինչև խմելը չթողնեք։ Պետական ծառայության մեջ գտնվող մարդու համար ամոթալի է այդպիսի թուլությունը։ Չեմ կարող ձեզ չհիշեցնել այն հանրահայտ փաստը, որ ընդունակ շատ մարդկանց կործանել է այդ մոլությունը, մինչդեռ ժուժկալության դեպքում, նրանք, թերևս, ժամանակի ընթացքում կարողանային բարձրաստիճան մարդիկ դառնալ։

Ու ձգվեցին երկար պարբերությունները. «այն չափով, որչափով...», «ելնելով այն հանգամանքից...», «նկատի ունենալով հենց նոր ասվածը...», իսկ խեղճ Պյոտր Լեոնտիչը տառապում էր ստորացումից և խմելու խիստ ցանկություն էր զգում։

Եվ տղաներն էլ, որ Անյայի մոտ հյուր էին գալիս, սովորաբար պատառոտված կոշիկներով ու մաշված շալվարներով, նույնպես պետք է խրատաբանություններ լսեին։

— Ամեն մարդ պետք է իր պարտականություններն ունենա,- ասում էր նրանց Մոդեստ Ալեքսեյիչը։

Իսկ փող չէր տալիս։ Բայց փոխարենը Անյային նվիրում էր մատանիներ, ապարանջաններ ու ճարմանդներ, ասելով, որ լավ է այդ բաներն ունենալ սև օրվա համար։ Եվ հաճախ բաց էր անում նրա կոմոդն ու ստուգում, թե արդյո՞ք բոլոր իրերը տեղում են։


II

Այնինչ վրա հասավ ձմեռը։ Դեռ ծննդից շատ առաջ տեղական լրագրում հայտարարվեց, որ դեկտեմբերի քսանիննին ազնվականական ակումբում «տեղի կունենա» սովորական ձմեռային պարահանդեսը։ Ամեն իրիկուն, թղթախաղից հետո, Մոդեստ Ալեքսեյիչը հուզված շշնջում էր աստիճանավորների կանանց հետ, մտահոգված նայելով Անյային, և հետո երկար քայլում էր անկյունից անկյուն, ինչ֊որ բանի մասին մտածելով։ Վերջապես, մի անգամ ուշ երեկոյան, նա կանգ առավ Անյայի առաջ և ասաց.

— Դու պետք է քեզ համար պարահանդեսի զգեստ կարես։ Հասկանո՞ւմ ես։ Միայն, խնդրեմ, խորհրդակցիր Մարիյա Գրիգորևնայի և նատալյա Կուզմինիչնայի հետ։

Եվ նրան տվեց հարյուր ռուբլի։ Անյան վերցրեց, բայց պարահանդեսի զգեստ պատվիրելով, ոչ ոքի հետ չխորհրդակցեց, այլ խոսեց միայն հոր հետ և ջանաց պատկերացնել, թե պարահանդեսի համար ինչպես կհագնվեր մայրը։ Նրա հանգուցյալ մայրն ինքը միշտ հագնվում էր վերջին նորաձևության համաձայն և միշտ զբաղվում էր Անյայով ու նրան հագցնում էր նրբագեղ, ինչպես տիկնիկի, և նրան սովորեցրել էր ֆրանսերեն խոսել ու սքանչելի մազուրկա պարել (մինչև ամուսնանալը նա հինգ տարի ծառայել էր որպես դաստիարակչուհի)։ Անյան նույնպես, ինչպես մայրը, կարող էր հին շորից կարել նորը, բենզինի մեջ լվանալ ձեռնոցները, վարձով վերցնել bijOUX(Ակնեղեն, ֆրանս.), և նույնպես, ինչպես մայրը, գիտեր կկոցել աչքերը, դադասել, գեղեցիկ դիրքեր ընդունել, հիանալ երբ որ պետք է, նայել տխուր ու առեղծվածորեն։ Իսկ հորից ժառանգել էր մազերի ու աչքերի մուգ գույնը, ներվայնությունը և միշտ սիրունանալու այդ ձևը։

Երբ պարահանդես գնալուց կես ժամ առաջ Մոդեստ Ալեքսեյիչը առանց սերթուկի մտավ կնոջ սենյակը, որպեսզի նրա հայելու առաջ վիզն անցկացներ շքանշանը, ապա հմայված կնոջ գեղեցկությամբ ու նրա թարմ, օդեղեն զուգսի փայլով, ինքնագոհ սանրեց այտամորուսներն ու ասաց.

— Ա՜յ թե դու ինչպիսին ես, այ թե ինչպիսի՜ն ես։ Անյո՜ւտա,— շարունակեց նա, հանկարծ հանդիսավոր տոն վերցնելով,— Ես քեզ երջանկացրի, իսկ այսօր դու կարող ես ինձ երջանկացնել։ Խնդրում եմ, ներկայացիր նորին պայծառափայլության տիկնոջը։ Ի սե՜ր աստծո։ Նրա միջոցով ես կարող եմ ստանալ ավագ զեկուցողի պաշտոնը։

Մեկնեցին պարահանդես։ Ահա և ազնվականների ակումբը և շքամուտքն ու բարապանը։ նախասենյակը կախարաններով հանդերձ, մուշտակներ, դես֊դեն վազվզող լակեյներ, միջանցուկ քամուց հովհարներով պաշտպանվող դեկոլտեավոր տիկնայք. լուսագազի և զինվորների հոտ է փչում։ Երբ Անյան ամուսնուն թևանցուկ արած, սանդուղքով վեր բարձրանալիս, լսեց երաժշտության ձայնը և հսկայական հայելու մեջ տեսավ իրեն ամբողջովին, բազմաթիվ լույսերով լուսավորված, ապա նրա հոգում արթնացավ ուրախության և երջանկության այն նախազգացումը, որ նա ունեցել էր կիսակայարանում լուսնյակ գիշերով։ Նա քայլում էր հպարտ, ինքնավստահ, առաջին անգամ իրեն զգալով ոչ թե փոքրիկ աղջիկ, այլ տիկին, և ակամա ընդօրինակելով հանգուցյալ մոր քայլվածքն ու շարժուձևերը։ Եվ կյանքում առաջին անգամ նա իրեն զգաց հարուստ և ազատ։ Նույնիսկ ամուսնու ներկայությունը չէր նեղում նրան, որովհետև ակումբի շեմքն անցնելիս, նա արդեն բնազդաբար կռահեց, որ ծեր ամուսնու մոտիկությունը ամենևին չի ստորացնում իրեն, այլ ընդհակառակը, իր վրա դնում է գրգռիչ խորհրդավորության կնիք, որն այնպես դուր է գալիս տղամարդկանց։ Մեծ դահլիճում արդեն թնդում էր նվագախումբը և սկսվել էին պարերը։ Պետական բնակարանից հետո լույսի, խայտաբղետության, երաժշտության, աղմուկի տպավորություններով տարված, Անյան հայացքը հածեց դահլիճում և մտածեց. «Ախ, ինչ լա՜վ է», և իսկույն ամբոխի մեջ տարբերեց իր ծանոթներին, բոլորին, ում առաջ հանդիպում էր երեկույթների կամ զբոսանքների ժամանակ, այդ բոլոր սպաներին, ուսուցիչներին, փաստաբաններին, աստիճանավորներին, կալվածատերերին, նորին պայծառափայլությանը, Արթինովին և զուգված֊զարդարված, խիստ լանջաբաց, գեղեցիկ և այլանդակ բարձրաշխարհիկ տիկնանց, որոնք արդեն իրենց դիրքերն էին գրավել բարեգործական շուկայի խրճիթներում և պավիլիոններում, որպեսզի սկսեն առևտուրը հօգուտ չքավորների։ Ուսադիրներն ուսերին մի վիթխարի սպա— Անյան նրա հետ ծանոթացել էր Ստարո֊Կիևսկայա փողոցում, երբ գիմնազիստուհի էր, իսկ ազգանունը չէր հիշում— կարծես բուսեց գետնի տակից ու վալսի հրավիրեց, և Անյան դեն թռավ ամուսնուց, և նրան արդեն թվում էր, կարծես ինքը լողում էր առագաստանավակի վրա, սաստիկ փոթորկի ժամանակ, իսկ ամուսինը մնացել էր հեռու ափին... Նա կրքով, հափշտակությամբ պարում է և՛ վալս, և՛ պոլկա, և՛ կադրիլ, ձեռքից ձեռք անցնելով, շշմելով երաժշտությունից ու աղմուկից, ռուսերենը ֆրանսերենին խառնելով, ղատասելով, ծիծաղելով և չմտածելով ոչ ամուսնու, ոչ ոքի և ոչ մի բանի մասին։ Նա հաջողություն ուներ տղամարդկանց մոտ, դա պարզ էր, և այլ կերպ չէր էլ կարող լինել, նա հուզմունքից շնչահեղձ էր լինում, ձեռքերում ջղաձգաբար սեղմում էր հովհարը և խմել էր ուզում։ Հայրը, Պյոտր Լեոնտիչը, ճմռթված ֆրակով, որից բենզինի հոտ էր գալիս, մոտեցավ նրան և պարզեց կարմիր պաղպաղակով ափսեն։

— Դու այսօր հմայիչ ես,— ասաց նա հիացմունքով աղջկան նայելով,— և ես դեռ երբեք այնպես չեմ ափսոսացել, որ շտապեցիր մարդու գնալ... Ինչո՞ւ։ Ես գիտեմ, դու այդ արիր ի սեր մեզ, բայց...— նա դողդոջուն ձեռքերով գրպանից հանեց փողի մի կապուկ և ասաց,— Ես այսօր դասի համար ստացա և կարող եմ պարտքս տալ ամուսնուդ։

Անյան ափսեն խոթեց հոր ձեռքը և, ինչ֊որ մեկի կողմից բռնված, սլացավ հեռու և հարևանցի, իր կավալերի ուսի վրայով տեսավ, թե ինչպես հայրը, պարկետի վրա սահելով, գրկեց մի դամայի և նրա հետ սուրաց դահլիճով։

«Որքան հաճելի է նա, երբ սթափ վիճակում է»,— մտածում էր Անյան։

Մազուրկան նա պարում էր այն նույն վիթխարի սպայի հետ. սպան լուրջ ու ծանր, ասես մունդիր հագած մսեղիք, քայլում էր, ուսերն ու կուրծքը շարժում, ոտները հազիվհազ թփթըփացնում— նա սարսափելի չէր ուզում պարել, իսկ Անյան ճախրում էր շուրջը, նրան գրգռելով իր գեղեցկությամբ, իր բաց պարանոցով, նրա աչքերը վառվում էին տաքարյունությամբ, շարժումները բորբոքուն էին, իսկ սպան ավելի ու ավելի անտարբեր էր դառնում և ձեռքերը նրան պարզում էր ողորմածաբար, ինչպես արքա։

— Բրա՛վո, բրա՛վո,— ասում էին հասարակության միջից։

Բայց կամաց-կամաց վիթխարի սպան էլ բորբոքվեց, նա աշխուժացավ, սկսեց հուզվել և, արդեն ենթարկվելով հմայքին, կրակ կտրեց և շարժվում էր թեթև, ջահելավարի, իսկ Անյան միայն ուսերն էր շարժում և նայում էր խորամանկ, ասես արդեն նա էր թագուհին, իսկ սպան՝ ստրուկը, և այդ պահին նրան թվում էր, թե իրենց նայում է ամբողջ դահլիճը, որ այդ բոլոր մարդիկ հալվում են և նախանձում նրանց։ Վիթխարի սպան հազիվ էր նրան շնորհակալություն հայտնել, երբ հանկարծ բազմությունն ընկրկեց, և տղամարդիկ ինչ-որ տարօրինակ կերպով ձգվեցին, ձեռքերը ցած թողնելով... Այդ նորին պայծառափայլությունն էր գալիս դեպի Անյան, երկու աստղով զարդարված ֆրակը հագին։ Այո, նորին պայծառափայլությունը գալիս էր հենց դեպի Անյան, որովհետև ուղղակի նայում էր նրան սևեռուն և քաղցր ու մեղցր ժպտում էր, և ընդսմին ծամում էր շրթունքները, մի բան, որ անում էր միշտ, երբ սիրունիկ կանանց էր տեսնում։

— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ...— սկսեց նա։— Բայց ես կհրամայեմ ձեր ամուսնուն հաուպտվախտ նստեցնել նրա համար, որ մինչև հիմա մեզնից թաքցնում էր այսպիսի գանձը։ Ես ձեզ մոտ եմ եկել կնոջս հանձնարարությամբ,— շարունակեց նա թևն առաջարկելով։— Դուք պետք է մեզ օգնեք... Ը-մ... Ձեզ պետք է պարգև նշանակել գեղեցկության համար... Ինչպես Ամերիկայում... Ը-մ... Ամերիկացիները... Իմ կինը անհամբերությամբ սպասում է ձեզ։

Նա Անյային բերեց խրճիթ, մի տարեց տիկնոջ մոտ, որի դեմքի ստորին մասը անհամաչափորեն մեծ էր, այնպես որ թվում էր, թե նա բերանում պահել էր մի մեծ քար։

— Օգնեցեք մեզ,— ասաց նա ռնգաձայն, ծոր տալով։ — Բոլոր սիրունիկ կանայք աշխատում են բարեգործական շուկայում, և չգիտես ինչու, մենակ դուք զբոսնում եք։ Ինչո՞ւ չեք ուզում մեզ օգնել։

Նա գնաց, և Անյան գրավեց նրա տեղը արծաթե ինքնաեռի ու գավաթների մոտ։ Անմիջապես սկսվեց աշխույժ առևտուրը։ Մի գավաթ թեյի համար Անյան մեկ ռուբլուց պակաս չէր վերցնում, իսկ վիթխարի սպային հարկադրեց խմել երեք գավաթ։ Մոտեցավ մեծահարուստ, ուռուցիկ աչքերով, շնչարգելությամբ տառապող Արթինովը, բայց արդեն ոչ այն տարօրինակ տարազով, որով նրան տեսել էր Անյան ամառը, այլ ֆրակով ինչպես բոլորը։ Առանց աչքերը կտրելու Անյայից, նա մի ըմպանակ շամպայն խմեց և վճարեց հարյուր ռուբլի, հետո թեյ խմեց և էլի հարյուր ռուբլի տվեց, և այդ ամենը լուռ, ասթմայից տառապելով... Անյան գնորդներ էր կանչում և նրանցից փողեր վերցնում, արդեն խորապես համոզված, որ իր ժպիտներն ու հայացքները այդ մարդկանց ոչինչ չեն պատճառում, բացի մեծ բավականությունից։ Նա արդեն հասկացել էր, որ ինքը ստեղծված է բացառապես այդ աղմկալի, փայլուն, ծիծաղկոտ կյանքի համար, երաժշտությամբ, պարերով, երկրպագուներով հանդերձք և նրա վաղուցվա սարսափը այն ուժի հանդեպ, որը վրա է քշում և սպառնում ճզմել, նրան թվում էր ծիծաղելի. նա արդեն ոչ ոքից չէր վախենում, և միայն ափսոսում էր, որ մայրը չկա, որը հիմա դստեր հետ ուրախանար նրա հաջողություններով։

Պյոտր Լեոնտիչը, արդեն գունատ, բայց դեռ ոտների վրա հաստատուն, մոտեցավ խրճիթին և մի ըմպանակ կոնյակ խնդրեց։ Անյան շիկնեց, սպասելով, որ նա որևէ անվայելուչ բան կասի (նա արդեն ամաչում էր, որ իր հայրը այդքան աղքատ, այդքան սովորական մարդ է), բայց հայրը խմեց, իր կապուկից տասը ռուբլի նետեց և ծանր ու մեծ հեռացավ, առանց մի խոսք ասելու։ Քիչ անց Անյան տեսավ, թե ինչպես է հայրը պարում grand rond-ում զույգ կազմած, և այս անգամ նա արդեն օրորվում էր և ինչ֊որ բաներ էր բղավումի՝ մեծ շփոթություն իր դամայի, և Անյան մտաբերեց, թե ինչպես մի երեք տարի առաջ պարահանդեսին նա ահա այսպես օրորվում ու բղավում էր, և վերջացավ նրանով, որ թաղային ոստիկանը նրան տուն տարավ քնելու, իսկ հաջորդ օրը դիրեկտորը սպառնում էր նրան աշխատանքից ազատել։ Ի՜նչ անտեղի էր այդ հիշողությունը։

Երբ խրճիթներում ինքնաեռները հանգան, և հոգնած բարեգործուհիները գոյացած դրամը հանձնեցին բերանում քար պահած տարեց տիկնոջը, Արթինովը Անյային թևանցուկ արած տարավ դահլիճ, որտեղ ընթրիք էր պատրաստած բարեգործական շուկայի բոլոր մասնակիցների համար։ Ընթրում էին մի քսան մարդ, ոչ ավելի, բայց շատ աղմկալի էր։ Նորին պայծառափայլությունը կենաց առաջարկեց. «Այս շքեղ ճաշարանում տեղին կլինի խմել էժանագին ճաշարանների ծաղկման կենացը, որոնք այսօրվա շուկայի առարկան էին հանդիսանում»։ Բրիգադային գեներալը առաջարկեց խմել «այն ուժի կենացը, որի առաջ ընկրկում է նույնիսկ հրետանին», և բոլորը ձգվեցին, բաժակները չրխկացնելու տիկնանց հետ։ Շատ, շատ ուրախ էր։

Երբ Անյային ուղեկցում էին տուն, արդեն լուսանում էր, և խոհարարուհիները շուկա էին գնում։ Զվարթ, հարբած, նոր տպավորություններով լեցուն, հոգնատանջ, նա հանվեց, անկողին ընկավ և անմիջապես քնեց...

Ժամը երկուսին մոտ նրան արթնացրեց աղախինը և զեկուցեց, որ այցելոլթյան է եկել պարոն Արթինովը։ Անյան արագ հագնվեց ու գնաց հյուրասենյւսկ։ Արթինովից հետո քիչ անց եկավ նորին պայծառափայլությունը շնորհակալությունը հայտնելու բարեգործական շուկային մասնակցելու համար։ Անյային քաղցրավուն նայելով ու շրթունքները ծամելով, համբուրեց նրա ձեռքը և էլի գալու թույլտվություն խնդրեց ու մեկնեց, իսկ Անյան կանգնել էր հյուրասենյակի մեջտեղը, ապշած, հմայված, չհավատալով, որ փոփոխությունը իր կյանքում, զարմանալի փոփոխությունը այդպես շուտ տեղի ունեցավ, և հենց այդ ժամանակ ներս մտավ նրա ամուսինը, Մոդեստ Ալեքսեյիչը...

Եվ Անյայի առաջ նույնպես նա հիմա կանգնած էր նույն քծնական, քաղցր, ծառայական֊հարգալիր արտահայտությամբ, ինչպիսին Անյան սովոր էր տեսնել նրա դեմքին ուժեղների ու նշանավորների ներկայությամբ, և ցնծությամբ, զայրույթով, արհամարհանքով, արդեն համոզված, որ դրա համար իրեն ոչինչ չի պատահի, նա ասաց, հատու արտասանելով ամեն մի բառը.

— Դե՛ն կորեք, տխմա՛ր։

Դրանից հետո Անյան արդեն ոչ մի ազատ օր չուներ, որովհետև նա մասնակցում էր մե՛րթ պիկնիկի, մե՛րթ զբոսանքի, մե՛րթ թատրոնի։ Ամեն օր նա տուն էր վերադառնում լուսադեմին և պառկում էր հյուրասենյակում, հատակին, հետո բոլորին սրտառուչ պատմում էր, թե ինչպես ինքը քնում է ծաղիկների տակ։ Փող հարկավոր էր խիստ շատ, բայց նա արդեն չէր վախենում Մոդեստ Ալեքսեյիչից և նրա փողերը ծախսում էր ինչպես իրենը. և նա չէր խնդրում, չէր պահանջում, այլ միայն նրան ուղարկում էր հաշիվները կամ տոմսակներ՝ «սույնը ներկայացնողին տալ երկու հարյուր ռ.», կամ՝ «անմիջապես վճարել հարյուր ռ,»։

Զատկին Մոդեստ Ալեքսեյիչը ստացավ երկրորդ աստիճանի Աննայի շքանշան։ Երբ նա գնաց շնորհակալություն հայտնելու, նորին պայծառափայլությունը մի կողմ դրեց լրագիրը և ավելի խոր նստեց բազկաթոռին։

— Ուրեմն, դուք հիմա երեք Աննա ունեք,— ասաց նա, դննելով վարդագույն եղունգներով իր սպիտակ ձեռները,— մեկը մերակին ամրացրած, երկուսը վզներիցդ կախ։

Մոդեստ Ալեքսեյիչը երկու մատը շրթունքներին դրեց զգուշանալով, որ բարձրաձայն չծիծաղի, և ասաց.

— Հիմա մնում է սպասել փոքրիկ Վլադիմիրի աշխարհ գալուն։ Համարձակվում եմ խնդրել ձերդ պայծառափայլությանը կնքահայր լինելու։

Նա ակնարկում էր Վլադիմիրի չորրորդ աստիճանի շքանշանը և արդեն երևակայում էր, թե ինչպես ինքը ամենուրեք կպատմի այդ հաջողված հնարամիտ ու համարձակ բառախաղը, և ուզում էր էլի որևէ նույնպիսի հաջող բան ասել, բայց նորին պայծառափայլությունը նորից խորասուզվեց լրագրի մեջ և գլուխը դրականորեն շարժեց...

Իսկ Անյան շարունակ զբոսնում էր եռաձի կառքերով, Արթինովի հետ որսի էր գնում, խաղում էր մեկ արարվածով պիեսներում, ընթրում էր և ավելի ու ավելի հազվադեպ էր լինում յուրայինների մոտ։ Պյոտր Լեոնտիչը առաջվանից ավելի շատ է էր խմում, փող չկար և ֆիսհարմոնիան վաղուց արդեն ծախել էին պարտքի դիմաց։ Տղաները հիմա նրան մենակ դուրս չէին թողնում և շարունակ հետևում էին, որ նա վայր չընկնի. և երբ Ստարո֊Կիևսկայա փողոցում զբոսնելիս նրանը հանդիպում էր Անյան զույգ ձիեր լծած կառքով, կառապանի փոխարեն նստիքին նստած Արթինովի հետ, Պյոտր Լեոնտիչը հանում էր ցիլինդրը և պատրաստվում էր ինչ֊որ բան բղավել, իսկ Պետյան և Անդրյուշան բռնում էին նրա թևատակերից ու աղերսանքով ասում.

— Պետք չէ, հայրիկ... Թողեք, հայրիկ...

1895