Բոսկոմյան հովտի գաղտնիքը

Գրապահարան-ից
Բոսկոմյան հովտի գաղտնիքը

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Խ․ Հրաչյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին», «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»

Բոսկոմյան հովտի գաղտնիքը

Մի անգամ առավոտյան, երբ ես ու կինս նախաճաշում էինք, աղախինը մի հեռագիր հանձնեց ինձ Շերլոկ Հոլմսից։

«Չե՞ք կարող արդյոք մի երկու օրով ազատվել։ Կանչված եմ Անգլիայի արևմուտք՝ Բոսկոմյան հովտի ողբերգության կապակցությամբ։ Ուրախ կլինեմ, եթե միանաք ինձ։ Օդը, տեսարանները հոյակապ են։ Դուրս եկեք Պադդինգտոնից 11. 15»։

― Կգնա՞ս, ― քնքշությամբ նայելով ինձ, հարցրեց կինս։

― Իսկապես, ինքս էլ չգիտեմ։ Հիմա ես այնքան շատ պացիենտներ ունեմ։

― Օ՜, Անստրուզերը բոլորին էլ կընդունի։ Վերջերս դու հոգնած տեսք ունես։ Ուղևորությունը քեզ համար օգտակար կլինի։ Բացի դրանից, դու այնպես հետաքրքրվում ես ամեն մի գործով, որին միստր Շերլոկ Հոլմսը ձեռք է զարկում։

Աֆղանստանում անցկացրած ճամբարային կյանքի իմ փորձը ունեցել էր գոնե այն առավելությունը, որ ես դարձել էի ավելի կոփված ու դյուրաշարժ ճանապարհորդ։ Իրեր շատ քիչ ունեի, այնպես որ ես իմ ուղեպարկով կեբ նստեցի ավելի շուտ, քան ենթադրում էի, և սլացա դեպի Պադդինգտոնի կայարանը։

Շերլոկ Հոլմսը քայլում էր կառամատույցի երկարոթյամբ․ ճամփորդական գորշ կոստյումը և մահուդե կեպին նրա նիհար, բարձրահասակ կերպարանքին էլ ավելի նիհար ու երկարավուն տեսք էին տալիս։

― Շատ լավ է, որ եկաք, Ուոթսն, ― ասաց նա։ ― Բոլորովին ուրիշ բան է, երբ կողքիդ այնպիսի մարդ կա, որին լիովին կարող ես վստահել։ Տեղի ոստիկանությունը կամ բոլորովին անգործության է մատնված, կամ սխալ հետքերով է գնում։ Եթե դուք անկյունի երկու տեղերն զբաղեցնեք, ես կգնամ տոմսեր գնելու։

Նստեցինք մեր կուպեն։ Հոլմսն սկսեց հետը բերած թերթերը կարդալ․ երբեմն նա ընթերցումը ընդհատում էր, որպեսզի որևէ բան գրի առնի ու մտմտա։

Այսպես հասանք Ռեդինգ։ Հանկարծ նա անսպասելիորեն բոլոր թղթերը ճմռթեց, դարձրեց մի մեծ գունդ և նետեց ծանրոցացանցի մեջ։

― Դուք որևէ բան լսե՞լ եք այս գործի մասին, ― հարցրեց նա։

― Ո՛չ մի խոսք։ Մի քանի օր է, ինչ ես թերթերն աչքի չեմ անցկացրել։

― Լոնդոնի մամուլն առանձնապես մանրամասն հաշվետվություններ չի զետեղել։ Հենց նոր ես նայում էի վերջին թերթերը, որպեսզի խորամուխ լինեմ մանրամասնություններին։ Սա կարծեմ մեկն է այն ոչ բարդ դեպքերից, որոնք միշտ էլ այնքան դժվար են։

― Ձեր խոսքերը մի փոքր պարադոքսային են հնչում։

― Բայց դա ճիշտ է։ Արտասովորությունը համարյա միշտ էլ տալիս գաղտնիքի բանալին։ Որքան պարզ է հանցագործությունը, այնքան դժվար է ճշմարտությանը հասնել․․․ Ինչևէ, տվյալ դեպքում խիստ լուրջ մեղադրանք է առաջադրված սպանվածի որդուն։

― Ուրեմն դա սպանությո՞ւն է։

― Դե, այդպես ենթադրում են։ Ես ոչինչ չեմ կարող պնդել, քանի դեռ ինքս գործին ծանոթ չեմ։ Մի քանի խոսքով կբացատրեմ ձեզ իրերի դրությունը, ինչպես որ ես պատկերացնում եմ․․․

Բոսկոմյան հովիտը գյուղական մի վայր է Հայֆորդշիրում, Ռոսսի մոտ։ Այդ կողմերում ամենախոշոր հողատերն է միստր Ջոն Տենըրը։ Նա իր կարողությունը ձեռք է բերել Ավստրալիայում և մի քանի տարի առաջ է վերադարձել հայրենիք։ Այդ ժամանակ նա իր ագարակներից մեկը՝ Հազրլեյը կապալով հանձնում է միստր Չարլզ Մակ֊Կարտիին՝ նույնպես նախկին ավստրալիացու։ Նրանք ծանոթացել էին գաղութներում և ոչ մի արտասովոր բան չկա, որ, տեղափոխվելով նոր վայր, բնակություն հաստատեցին որքան կարելի է իրար մոտ։ Ճիշտ է, Տենըրն ավելի հարուստ էր, և Մակ֊Կարտին դարձավ նրա կապալառուն, բայց, ինչպես երևում է, նրանք մնացել էին բարեկամական հարաբերությունների մեջ։ Մակ֊Կարտին մի տղա ունի, տասնյոթամյա մի պատանի, իսկ Տենըրը՝ նույն տարիքի մի աղջիկ․ երկու ծերունիների կանայք էլ մահացել էին։ Թվում է, թե նրանք խուսափում էին անգլիական ընտանիքների հետ ծանոթություն հաստատելուց և մեկուսի կյանք էին վարում, չնայած երկու Մակ֊Կարտիները սիրում էին և հաճախ գնում էին ձիարշավներին, որը գտնվում է մոտերքում։ Նրանք ունեն մի սպասավոր և մի աղախին։ Տենըրը մեծ տնտեսություն ունի և ամենաքիչը մի կես դյուժին ծառաներ։ Ահա այն ամենը, ինչ֊որ ինձ հաջողվեց իմանալ այդ ընտանիքների մասին։ Հիմա գանք բուն դեպքին։

Հունիսի երեքին, այսինքն՝ անցյալ երկուշաբթի, ցերեկվա ժամը երեքին Մակ֊Կարտին դուրս է գալիս Հազըրելի իր տնից և քայլերն ուղղում դեպի Բոսկոմյան լճակը։ Դա մի փոքրիկ լճակ է, որն առաջացել է Բոսկոմյան հովտով հոսող առվի վարարումից։ Առավոտյան նա գնացել էր Ռոսս, ասելով իր ծառային, որ շատ է շտապում, որովհետև ժամը երեքին կարևոր տեսակցություն ունի։ Այդ տեսակցությունից նա չի վերադառնում։

Հազըրլեյ ագարակից մինչև Բոսկոմյան լճակը քառորդ մղոն է, և երբ նա գնալիս է եղել այնտեղ, նրան տեսել են երկու մարդ։ Առաջինը՝ մի պառավ՝ որի անունը չի հիշատակված թերթերում, և երկրորդը՝ Ուիլյամ Կրաուդերը, միստր Տենըրի անտառապահը։ Այդ երկու վկաներն էլ ցուցմունք են տվել, որ միստր Մակ֊Կարտին գնում էր մենակ։ Անտառապահն ավելացրել է, որ միստր Մակ֊Կարտիին պատահելուց քիչ հետո ինքը տեսել է նրա որդուն՝ Ջեյմս Մակ֊Կարտիին։ Երիտասարդը իր հետ հրացան է ունեցել։ Անտառապահը պնդել է, որ նա հետևում էր հորը նույն ճամփով։ Նա համարյա մոռանալիս է եղել այդ հանդիպումը, բայց երեկոյան, լսելով կատարված ողբերգության մասին, ամեն ինչ վերհիշել է։

Երկու Մակ֊Կարտիներին մի անգամ էլ են տեսել, երբ անտառապահ Ուիլյամ Կրաուդերը աչքից կորցրել է նրանց։ Բոսկոմյան լճակը շրջապատված է խիտ անտառով, իսկ ափերը ծածկված են եղեգնուտով։ Բոսկոմյան կալվածքի բարապանի դուստրը՝ Պեյշընս Մորանը, տասնչորս ամյա մի աղջիկ, հարևան անտառում ծաղիկ էր քաղում։ Նա հայտարարել է, թե միստր Մակ֊Կարտիին և նրա որդուն տեսել է լճակի մոտ ։ Թվում էր, թե նրանք թունդ կռվում էին։ Նա լսել է, թե ինչպես է ավագ Մակ֊Կարտին կոպիտ կերպով բղավել որդու վրա, և տեսել է, թե ինչպես վերջինս ձեռքը բարձրացրել է, ասես կամենալով հարվածել հորը։ Աղջիկն այնպես է վախեցել այդ ահավոր տեսարանից, որ գլխապատառ նետվել է դեպի տուն և պատմել մորը, թե անտառում, լճակի մոտ, հայր և որդի Մակ֊Կարտիները կռվում են, և որ նա վախենում է՝ միգուցե բանը հասնի տուրուդմփոցի։ Հազիվ էր նա խոսքը վերջացրել, երբ երիտասարդ Մակ֊Կարտին ներս է ընկնում պահակատուն ու հայտնում, որ նա գտել է հորը անտառում մեռած, և օգնության է կանչում բարապանին։ Նա խիստ հուզված էր, առանց հրացանի ու գլխարկի․ աջ թևքին ու ձեռքին արյան թարմ բծեր էին երևում։ Հետևելով նրան, բարապանը մոտենում է մեռածին, որը փռված էր ջրի մոտ, խոտերի վրա։ Հանգուցյալի գանգը ջախջախված էր ինչ֊որ ծանր, բութ զենքով։ Այդպիսի վերք կարելի է հասցնել այն հրացանի խզակոթով, որը պատկանում էր որդուն։ Հրացանն ընկած էր խոտերի վրա, սպանվածից մի քանի քայլ այն կողմ։ Այդ հանցանշանների ծանրության տակ երիտասարդը ձերբակալվում է։ Երեքշաբթի օրը հետաքննությունը նախնական դատավճիռ է կայացնում՝ «կանխամտածված սպանություն»․ չորեքշաբթի Ջեյմս Մակ֊Կարտին կանգնում է Ռոսսի հաշտարար դատավորի առաջ, որը գործն ուղարկում է երդվայլների դատարանի տնօրինությանը։ Սրանք են քննչին և ոստիկանությանը հայտնի հիմնական փաստերը։

― Դրանից ավելի նողկալի գործ չի կարելի պատկերացնել, ― նկատեցի ես։ ― Եթե երբևէ անուղղակի ապացույցները մերկացրել են հանցագործին, ապա այդ հենց այս դեպքում է որ կա։

― Անուղղակի ապացույցները խիստ խաբուսիկ են, ― մտազբաղ ասաց Հոլմսը։ ― Դրանք կարող են բոլորովին պարզ մատնացույց անել միայն մեկ ուղղությամբ, բայց եթե դուք ընդունակ եք գլուխ հանել այդ ապացույցներից, ապա կարող եք նկատել, որ նրանք իսկապես շատ հաճախ մեզ առաջնորդում են ոչ թե դեպի ճշմարտություն, այլ հակառակ կողմը։ Ճիշտ է, այժմ գործը վերջնականապես շուռ է եկել երիտասարդի դեմ․ չի բացառված, որ հանցագործը հենց նա է որ կա։ Սակայն գտնվել են մոտիկ ապրող մարդիկ, և դրանց թվում միսս Տենըրը՝ հողատիրոջ դուստրը, որոնք հավատում են նրա անմեղությանը։ Միսս Տենըրը հրավիրել է Լեյստրեդին, ― թերևս հիշում եք նրան, ― մեղադրյալին պաշտպանելու համար։ Լեստրեյդը, որ պաշտպանությունը համարում է խիստ դժվար, գործը հանձնել է ինձ, և ահա երկու միջին տարիքի ջենտլմեն սլանում են դեպի արևմուտք ժամը հիսուն մղոն արագությամբ, փոխանակ հանգիստ նախաճաշելու իրենց տանը։

― Վախենում եմ, ― ասացի ես, ― որ փաստերը չափից դուրս համոզիչ են, և դուք շատ սահմանափակ հնարավորություններ կունենաք այդ դատը շահելու համար։

― Ոչ մի բան այնքան խաբուսիկ չէ, որքան չափազանց ակնհայտ փաստերը, ― պատասխանեց Հոլմսը ծիծաղելով։ ― Բացի դրանից, կարող է պատահել, որ մենք պատահաբար դեմ առնենք նույնքան ակնհայտ փաստերի, որոնք ակնհայտ չեն եղել միստր Լեստրեյդի համար։ Դուք ինձ շատ լավ գիտեք և չեք մտածի, թե սա պարծենկոտություն է։ Ես կամ օգտվում են Լեստրեյդի հավաքած հանցանշաններից, կամ իսպառ մերժում եմ դրանք, որովհետև նա ինքը բոլորովին ի վիճակի չէ ոչ օգտվել, ոչ էլ նույնիսկ գլուխ հանել դրանցից։ Վերցնենք թեկուզ առաջին պատահած օրինակը․ ինձ համար միանգամայն պարզ է, որ ձեր ննջարանի լուսամուտն ընկած է աջ կողմը, բայց ես բոլորովին էլ համոզված չեմ, թե միստր Լեստրեյդը կարող է նույնիսկ այդպիսի ակնհայտ փաստը նկատել։

― Բայց դուք իսկապես ինչպե՞ս․․․

― Սիելի բարեկամս, ես վաղուց եմ ծանոթ ձեզ հետ։ Ինձ հայտնի է այն զինվորական ճշտապահությունը, որով դուք աչքի եք ընկնում։ Դուք սափրվում եք ամեն առավոտ և տարվա այս ժամանակ՝ արևի լույսով․ բայց ձեր դեմքի ձախ մասն անհամեմատ ավելի վատ է սափրված աջից, և որքան դեպի ձախ եք գնում, այնքան ավելի ու ավելի վատանում է, հասնելով վերջապես, փնթիության։ Միանգամայն պարզ է, որ ձեր դեմքի այդ մասն ավելի վատ է լուսավորված եղել, քան մյուսը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ ձեր սովորություններն ունեցող մի մարդ, նորմալ լույսի տակ նայելով հայելուն, կարող է հաշտվել վատ սափրված երեսի հետ։ Ես այս բերում եմ միայն իբրև դիտողականության ու եզրակացություններ անելու կարողության մի հասարակ օրինակ։ Հենց սրանումն է իմ արվեստը, և միանգամայն հնարավոր է, որ առաջիկա հետաքննության ժամանակ դա պետք կգա մեզ։ Մեկ կամ երկու աննշան մանրամասնություններ կան, որոնք հայտնի դարձան հարցաքննության ժամանակ։ Դրանք արժանի են ուշադրության։

― Ի՞նչ մանրամասնություններ։

― Բանից պարզվում է, որ երիտասարդ Մակ֊Կարտիին ձերբակալել են ոչ իսկույն, այլ մի փոքր ուշ, երբ նա արդեն վերադարձել էր Հազրլեյ ագարակը։ Ոստիկանական տեսուչը հայտնում է նրան, որ նա ձերբակալված է, իսկ երիտասարդը պատասխանում է, որ դա նրան բնավ չի զարմացնում, քանի որ ինքը, այնուամենայնիվ, արժանի է պատժի։ Նրա խոսքը պատշաճ տպավորություն է գործում՝ չքանում են այն վերջին կասկածները, որ քննիչը թերևս ուներ։

― Դա խոստովանությո՛ւն է, ― բացականչեցի ես։

― Ո՛չ, հետո նա հայտարարում է, որ ինքը բոլորովին անմեղ է։

― Բոլոր այդ ծանրակշիռ, հրեշավոր հանցանշաններից հետո դա կասկածելի է հնչում։

― Ընդհակառակը, ― ասաց Հոլմսը, ― դա միակ ցոլքն է, որ ես այժմ տեսնում եմ ամպերի մեջ։ Ախր նա չի կարող չիմանալ, թե ինչպիսի ծանր կասկածներ են տածում իր նկատմամբ։ Եթե ձերբակալման լուրն առնելիս նա զարմացած կամ վրդովված ձևանար, դա վերին աստիճանի կասկածելի կթվար ինձ, որովհետև նման զարմանքը կամ վրդովմունքը բոլորովին կեղծ կհնչեին ստեղծված պարագաներում։ Այդպիսի վարմունքն էլ կվկայեր հենց նրա ոչ անկեղծության մասին։ Ձերբակալման պահին նրա պարզամիտ վարմունքը խոսում է կամ նրա լիակատար անմեղության մասին, կամ, ընդհակառակը, մերկացնում է նրա արտասովոր ինքնատիրապետումն ու դիմացկունությունը։ Ինչ վերաբերում է նրա պատասխանին, թե ինքն արժանի է կալանքի, ապա դա էլ միանգամայն բնական է, եթե հիշենք, որ նա այնքան է մոռացել իր որդիական պարտքի մասին, որ կոպտել է հորը, և նույնիսկ, ինչպես աղջիկն է պնդում, ― իսկ նրա ցուցմունքները խիստ կարևոր են, ― ձեռք է բարձրացրել հոր վրա։ Նրա պատասխանը, որ խոսում է զղջման ու խղճի խայթի մասին, ինձ թվում է ավելի շուտ չփչացածության նշան, քան թե հանցավոր մտադրությունների ապացույց։

― Շատ շատերին կախաղան են հանել նաև առանց այդպիսի ծանր հանցանշանների, ― նկատեցի ես։

― Այդ ճիշտ է։ Եվ դրանց մեջ եղել են շատ ու շատ անմեղ մարդիկ։

― Իսկ ի՞նչ բացատրություններ է տալիս ինքը՝ երիտասարդը։

― Առանձնապես ոչ այնքան էլ սրտապնդիչ բացատրություններ իր պաշտպանների համար, չնայած դրանց մեջ կան մեկ կամ երկու դրական կետեր։ Դուք այդ բանը կգտնեք այստեղ։ Կարող եք կարդալ ձեզ համար։

Նա իր թղթապանակից մի քանի տեղական հարֆորդշիրյան թերթեր հանեց և, էջերը ծալելով, ցույց տվեց այն տողերը, ուր դժբախտ երիտասարդը տալիս էր կատարվածի բացատրությունը։ Նստեցի կուպեյի անկյունում և սկսեցի ուշադիր ընթեցել։ Ահա թե ինչ էր գրված այնտեղ։

«Հետո ներս կանչվեց միստր Ջեյմս Մակ֊Կարտին՝ հանգուցյալի միակ որդին։ Նա հետևայլ ցուցմունքները տվեց․

― Երեք օր ես տանը չէի․ գնացել էի Բրիստոլ և վերադարձա ամսի երեքին, անցած երկուշաբթի օրը։ Երբ ես եկա հայրս տանը չէր։ Աղախինն ասաց, որ նա ախոռապան Ջոն Կոբբի հետ գնացել է Ռոսս։ Մի քիչ հետո լսեցի երկանիվ սայլակի անիվների ճռճռոցը և, լուսամուտից դուրս նայելով տեսա, որ նա արագ դուրս եկավ բակից, բայց ես չգիտեի, թե որ ուղղությամբ է գնալու։ Հետս վերցրի հրացանս և որոշեցի գնալ դեպի Բոսկոմյան լճակը, որպեսզի աչքի անցկացնեմ պարապուտը, ուր գտնվում էին մեր ճագարները։ Պարապուտը լճակի հակառակ ափին է ընկած։ Ճամփին պատահեցի անտառապահ Ուիլյամ Կրաուդերին, ինչպես որ նա արդեն հայտնել է իր ցուցմունքներում․ սակայն նա սխալվում է կարծելով, թե ես ուզում էի հասնել հորս։ Երբ ես լճակից մոտ հարյուր քայլի վրա էի, լսեցի «կոու» ճիչը, որով ես ու հայրս սովորաբար կանչում էինք իրար։ Ես անմիջապես առաջ վազեցի ու տեսա, որ նա կանգնած է լճափին։ Ըստ երևույթին նա շատ զարմացավ, նկատելով ինձ և բավական կոպիտ կերպով հարցրեց, թե ինչ եմ անում այդտեղ։ Խոսակցությունը հասավ շատ խիստ արտահայտությունների, համարյա կռվի, որովհետև իմ հայրը ծայրահեղորեն դյուրաբորբոք մարդ էր։ Տեսնելով, որ նրա ցասումն անզուսպ է, ես գերադասեցի հեռանալ և քայլերս ուղղեցի դեպի Հազըրլեյ ագարակը։ Հարյուր հիսուն քայլ էլ չէի հեռացել, երբ ետևիցս լսեցի սարսռեցնող մի ճիչ, որը հարկադրեց ինձ կրկին ետ վազել։ Ես տեսա գետնին փռված հորս․ նրա գլխի վրա ահավոր վերքեր էին բացված, իսկ ինքը հազիվ էր շնչում։ Հրացանը ձեռքիցս ընկավ, վեր բարձրացրի հորս գլուխը, բայց համարյա նույն ակնթարթին նա մահացավ։ Մի քանի րոպե չոքած մնացի սպանվածի մոտ, հետո գնացի միստր Տենըրի բարապանից օգնություն խնդրելու։ Բարապանի տունը մյուսներից ավելի մոտիկ է։ Հորս բղավոցի վրա ետ դառնալով, ոչ ոքի չտեսա նրա մոտ, և չեմ կարող պատկերացնել, թե ով կարող էր սպանել նրան։ Հորս քչերն էին ճանաչում, որովհետև փոքր֊ինչ ինքնամփոփ ու անհյուրընկալ բնավորություն ուներ։ Բայց և այնպես, որքան հայտնի է ինձ, նա իսկական թշնամիներ չուներ։

Քննիչ․ ― Մահվանից առաջ ձեր հայրը որևէ բան հայտե՞ց ձեզ։

Վկա․ ― Նա մի քանի խոսք շշնջաց, բայց ես կարողացա որսալ «առնետի նման ինչ֊որ բան։

Քննիչ․ ― Ձեր կարծիքով դա ի՞նչ է նշանակում։

Վկա․ ― Հասկացողություն չունեմ։ Հավանորեն նա զառանցում էր։

Քննիչ․ ― Ի՞նչն էր ձեր վերջին վիճաբանության պատճառը։

― Վկա․ ― Ես կգերադասեի այդ մասին լռել։

Քննիչ․ ― Դժբախտաբար ստիպված եմ պնդել, որպեսզի դուք պատասխանեք։

Վկա․ ― Բայց ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Հավատացնում եմ ձեզ, որ մեր խոսակցությունը ոչ մի առնչություն չուներ այն ահավոր ողբերգության հետ, որը հաջորդեց դրան։

Քննիչ․ ― Այդ բանը դատարանը կորոշի։ Ավելորդ է բացատրել, որ պատասխանելուց հրաժարվելը կծառայի ի վնաս ձեզ, երբ դուք կկանգնեք երդվայլների դատարանի շրջիկ սեսիայի առաջ։

Վկա․ ― Բայց և այնպես ես չեմ պատասխանի։

Քննիչ․ ― Ըստ երևույթին «կոու» բացականչությամբ դուք և ձեր հայրը կանչում էիք իրա՞ր։

Վկա․ ― Այո՛։

Քննիչ․ ― Ապա ինչպե՞ս կարող էր պատահել, որ նա այդ պայմանական նշանը տար նախքան ձեզ տեսնելը և նույնիսկ նախքան գիտենալը, թե դուք Բրիստոլից վերադարձե՞լ եք արդյոք։

Վկա․ ― (Խիստ շփոթված)․ ― Չգիտեմ։

Երդվյալ ատենակալ․ ― Որևէ կասկածելի բան չընկա՞վ ձեր աչքին, երբ դուք կանչի վրա ետ վազեցիք և ձեր հորը գտաք մահացու վիրավոր վիճակում։

Վկա․ ― Առանձնապես ոչինչ։

Քննիչ․ ― Դրանով ի՞նչ եք ուզում ասել։

Վկա․ ― Անտառից դուրս վազելիս ես այնքան հուզված էի ու վախեցած, որ, հորիցս բացի, ուրիշ ոչ մի բանի մասին չէի կարող մտածել։ Այնուամենայնիվ, ես մի այնպիսի անորոշ զգացում ունեի, թե այդ պահին ինձանից դեպի ձախ գետնին ինչ֊որ բան էր ընկած։ Ինձ թվաց, թե դա ինչ֊որ գորշ հագուստ էր, թերևս պլեդ։ Երբ ոտքի ելա և ուզեցի տեսնել այդ իրը, այն արդեն չկար։

― Ենթադրում եք, որ նա չքացավ նախքան ձեր օգնության հասնե՞լը։

― Այո՛, չքացավ։

― Չե՞ք կարող ասել, թե դա ինչ էր։

― Ո՛չ, ես պարզապես այնպիսի զգացողություն ունեի, թե այնտեղ մի բան էր ընկած։

― Սպանվածից հեռո՞ւ էր։

― Մի տասը քայլի վրա։

― Ւսկ անտառից ի՞նչ հեռավորության վրա։

― Մոտավորապես նույնքան։

― Ուրեմն, այդ իրը ձեզանից մոտ քսան քայլ հեռավորության վրա՞ էր, երբ անհետացավ։

― Այո, բայց ես մեջքով դարձել էի այդ կողմը։

Սրանով ավարտվում է վկայի հարցաքննությունը։

― Ինձ համար պարզ է, ― ասացի ես, աչքս թերթի սյունակին, ― որ հարցաքննության վերջում քննիչը բոլորովին անողոք է երիտասարդ Մակ֊Կարտիի նկատմամբ։ Նա մատնացույց է արել, և ոչ առանց հիմքի, այն ցուցմունքների հակասականությունը, որ հայրը կանչում էր որդուն, չիմանալով՝ ներկա՞ է նա թե ոչ, այլև հոր հետ ունեցած խոսակցության բովանդականությանը հայտնելուց հրաժարվելը։ Ապա մեռնողի վերջին խոսքերի տարօրինակ բացատրությունը։ Այս ամենը ինչպես քննիչը նկատել է, խիստ վնասում է որդուն։

― Դուք և քննիչը տառապում եք միևնույն թերությամբ՝ մի կողմ եք թողնում երիտասարդի ցուցմունքներում եղած ողջ դրականը։ Մի՞թե չեք նկատում, որ մերթ չափազանց շատ բան եք վերագրում նրան, մերթ էլ շատ քիչ երևակայություն։ Շատ քիչ է, եթե նա չկարողացավ վեճի այնպիսի պատճառ հորինել, որով նվաճեր երդվյալների համակրանքը, և չափազանց շատ է, եթե նա կարողացել է հորինել այնպիսի բան, ինչպիսին մեռնողի կողմից առնետի հիշատակումն է և անհետացած հագուստի դեպքը։ Ոչ, սը՛ր, ես մնում եմ այն տեսակետին, որ երիտասարդի բոլոր ասածները ճիշտ են։ Տեսնենք, թե այս հիպոթեզը մեզ ուր կհասցնի։ Իսկ հիմա ես կզբաղվեմ իմ գրպանի Պետրարկայով։ Քանի դեռ մենք չենք հասել դեպքի վայրը, դրա մասին այլևս ոչ մի խոսք։ Մեր երկրորդ նախաճաշը կլինի Սուինդոնում։ Կարծում եմ, քսան րոպեից հետո այնտեղ կլինենք։

Մոտ ժամը չորսն էր, երբ մենք, ետևում թողնելով սքանչելի Ստրաուդյան հովիտը և լայն, շողշողուն Սևերնը, հասանք վերջապես գավառական փոքրիկ, սիրելի Ռոսս քաղաքը։ Կառամատույցում մեզ սպասում էր ճշտապահ, ժանտաքիսի նման մի մարդուկ, խիստ զուսպ, խորամանկ աչքերով։ Չնայած նա հագել էր դարչնագույն փոշեթիկնոց և սապոգներ, որ հարմար էր համարվում գյուղական վայրերի համար, բայց ես առանց դժվարության ճանաչեցի Սկոտլենդ֊Յարդի գործակալ Լեստրեյդին։ Նրա ընկերակցությամբ մենք հասանք «Հիրֆորդ Արմզ», ուր մեզ համար սենյակներ էին առանձնացված։

― Ես ծածկակառք եմ պատվիրել, ― ասաց Լեստրեյդաը թեյելիս։ ― Ես լավ գիտեմ ձեր անհանգիստ բնավորությունը։ Չէ՞ որ դուք չեք հանգստանա, մինչև հանցագործության վայրում չլինեք։

― Դա շատ գովելի է ձեր կողմից, ― պատասխանեց Հոլմսը։ ― Բայց հիմա ամեն ինչ կախված է ծանրաչափի ցուցմունքներից։

Լեստրեյդը անչափ զարմացավ։

― Ես այնքան էլ պարզ չեմ հասկանում ձեր միտքը, ― ասաց նա։

― Ծանրաչափն ի՞նչ է ցույց տալիս։ Քսանինը, քամի չկա երկնքում՝ ամպի ոչ մի պատառիկ, անձրև չի սպասվում։ Իսկ ես մի ամբողջ տուփ սիգարներ ունեմ, որ անհրաժեշտ է ծխել։ Բացի դրանից, բազմոցն այստեղ անհամեմատ ավելի լավ է գյուղական հյուրանոցների սովորական գարշանքից։ Կարծում եմ, որ այս երեկո ինձ չի հաջողվի օգտվել ձեր ծածկակառքից։

Լեստրեյդը ներողամտորեն ծիծաղեց։

― Դուք, իհարկե, թերթերի հաշվետվությունները կարդալով, արդեն ինչ֊որ եզրակացության եք հանգել, ― ասաց նա։ ― Այս գործը ցերեկվա նման պարզ է, և որքան ավելի ես խորամուխ լինում, այնքան ավելի է պարզվում այն։ Բայց, անշուշտ, չի կարելի մերժել կնոջ, այն էլ այդպիսի հմայիչ մի կնոջ։ Այդ կինը լսել է ձեր մասին և կամեցավ հատկապես ձեզ հրավիրել մեղադրյալի պաշտպանության համար, չնայած ես շատ անգամներ ասել եմ, որ դուք ոչ մի այնպիսի բան չեք կարող անել, որ վաղուց արդեն իմ կողմից արված չլիներ։ Օ՜, աստված իմ, դռների մոտ նրա կառքն է։

Հազիվ էր նա այդ խոսքերն ասել, երբ վազելով ներս ընկավ մի հիասքանչ աղջիկ, որի նմանը ես շատ քիչ էի տեսել։ Նրա կապույտ աչքերը փայլատակում էին, շրթունքները մի փոքր կիսաբաց էին, քնքուշ կարմրությունը պատել էր այտերը։ Խիստ հուզմունքը ստիպեց նրան մոռանալ իր սովորական զսպվածությունը։

― Օ՜, միստր Շերլոկ Հոլմս, ― բացականչեց նա, հայացքը Հոլմիսց ինձ դարձնելով և վերջապես կանացի անսխալ բնազդով կանգ առնելով բարեկամիս վրա։ ― Որքա՜ն ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Եկել եմ, որպեսզի այս բանն ասեմ ձեզ։ Ես համոզված եմ, որ Ջեյմսն անմեղ է։ Դուք պետք է անցնեք ձեր աշխատանքին, իմանալով այն, ինչ հայտնի է ինձ։ Ոչ մի րոպե մի կասկածեք։ Մենք նրա հետ մանկությունից բարեկամներ ենք, և ես բոլորից լավ գիտեմ Ջեյմսի մեղքերը․ նա այնքան փափկասիրտ է, որ անգամ ճանճին չի նեղացնի։ Բոլոր նրանք, ովքեր իսկապես ճանաչում են նրան, այդպիսի մեղադրանքը համարում են բոլորովին անհեթեթություն։

― Հուսով եմ, միսս Տենըր, որ մեզ կհաջողվի արդարացնել նրան, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Հավատացեք, որ ես կանեմ այն ամենը, ինչ ինձանից կախված է։

― Բայց դուք հաշվետվություններն արդեն կարդացե՞լ եք և արդեն ձեր որոշակի կարծիքն ունե՞ք կատարվածի մասին։ Որևէ լուսանցք տեսնո՞ւմ եք արդյոք։ Համոզվա՞ծ եք, որ նա անմեղ է։

― Ես այդ լիովին հնարավոր եմ համարում։

― Ահա՛, վերջապե՛ս, ― բացականչեց նա, գլուխը հպարտությամբ վեր բարձրացնելով և գրգռիչ մի հայացք նետելով Լեստրեյդի վրա։ ― Դուք լսեցի՞ք։ Հիմա ես հույս ունեմ։

Լեստրեյդն ուսերը թոթվեց։

― Վախենում եմ, որ իմ կոլեգան շատ է շտապում իր եզրակացությունների մեջ, ― ասաց նա։

― Բայց ախր նա իրավացի է, օ՜, ես համոզված եմ, որ նա իրավացի է։ Ջեյմսն ընդունակ չէ ոճրագործության։ Ինչ վերաբերում է հոր հետ ունեցած վեճին, ապա ես գիտեմ․ նա ոչինչ չասաց քննիչին, որովհետև դրանում ես ինքս էի խառը։

― Ինչպե՞ս, ― հարցրեց Հոլմսը։

― Հիմա արդեն որևէ բան թաքցնելու ժամանակը չէ։ Ջեյմսը հոր հետ մեծ անախորժություններ ուներ իմ պատճառով։ Ջեյմսի հայրը շատ էր ուզում, որ մենք ամուսնանանք։ Ես ու Ջեյմսը միշտ էլ քրոջ և եղբոր պես սիրել ենք իրար, բայց նա, իհարկե, դեռ շատ ջահել է, կյանքը չի ճանաչում և․․․ և․․․ դե, մի խոսքով, բնական է, որ նա մտածել անգամ չէր ուզում ամուսնության մասին։ Այդ հողի վրա վեճեր էին ծագում, և համոզված եմ, որ դա էլ այդ կարգի վեճերից մեկն էր։

― Իսկ ձեր հա՞յրը, ― հարցրեց Հոլմսը։ ― Նա ցանկանո՞ւմ էր, որ դուք միանաք։

― Ո՛չ, նա էլ դեմ էր։ Բացի Ջեյմսի հորից, ոչ ոք այդ չէր ուզում։ ― Համատարած կարմրությունը պատեց աղջկա թարմ դեմքը, երբ Հոլմսը քննախույզ հայացք նրա վրա գցեց։

― Շնորհակալ եմ ձեզանից այդ տեղեկությունների համար, ― ասաց նա։ ― Եթե վաղը գամ ձեզ մոտ, կարո՞ղ եմ արդյոք ձեր հորը տեսնել։

― Վախենում եմ, որ բժիշկը թույլ չտա։

― Բժի՞շկը։

― Այո, մի՞թե չգիտեք։ Վերջին տարիներս իմ խեղճ հայրը շարունակ տկար է, բայց այս դժբախտությունը բոլորովին կոտրեց նրան։ Նա պառկեց, և բժիշկ Վիլլոուզը ասում է, որ կրած վշտից ջղային ուժեղ ցնցում է ստացել։ Միստր Մակ֊Կարտին միակ ողջ մնացած մարդն էր, որը հայրիկիս ճանաչում էր դեռևս Վիկտորիայում եղած վաղ ժամանակներից։

― Հը՜մ։ Վիկտորիայո՞ւմ։ Դա շատ կարևոր է։

― Այո, հանքերում։

― Միանգամայն ճիշտ է, ոսկու հանքերում, ուր, որքան ես հասկանում եմ, միստր Տենըրը ձեռք է բերել իր կապիտալը։

― Դե իհարկե։

― Շնորհակալ եմ ձեզանից, միսս Տենըր։ Դուք ինձ չափազանց օգնեցիք։

― Եթե վաղը որևէ նորություն ունենաք, խնդրում եմ հայտնեք ինձ։ Հավանորեն դուք վաղը կայցելեք բանտ, Ջեյմսին։ Օ՜, միստր Հոլմս, եթե տեսնեք նրան, ասացեք, որ ես համոզված եմ իր անմեղությանը։

― Անպայման կասեմ, միսս Տենըր։

― Ես տուն եմ շտապում, որովհետև հայրիկս լուրջ հիվանդ է։ Նա շատ է ձանձրանում առանց ինձ։ Մնաք բարով և թող աստված օգնի ձեզ։

Նա դուրս գնաց սենյակից այնքան շտապ ինչպես ներս էր եկել, և մենք լսեցինք հեռացող կառքի անիվների ձայնը։

― Ես ամաչում եմ ձեր փոխարեն, Հոլմս, ― րոպեական լռությունից հետո արժանապատվությամբ ասաց Լեստրեյդը։ ― Ինչո՞ւ եք իզուր հույսեր ներշնչում, որոնք չպետք է արդարանան։ Ես սվելորդ զգայունությամբ չեմ տառապում, բայց գտնում եմ, որ դուք դաժան վարվեցիք։

― Թվում է, թե ես տեսնում եմ Ջեյմս Մակ֊Կարտիի փրկության ուղին, ― ասաց Հոլմսը։ ― Դուք բանտ այցելելու օրդեր ունե՞ք։

― Այո, բայց միայն երկուսիս համար։

― Այդ դեպքում ես տնից դուրս չգալու իմ որոշումը փոխում եմ։ Կարո՞ղ ենք այս երեկո Հիրֆորդ հասնել և տեսնել բանտարկյալին։

― Լիովին։

― Ուրեմն գնանք։ Ուոթսոն, վախենամ դուք մենակ ձանձրանաք, բայց մի երկու ժամ հետո ես կվերադառնամ։

Ես նրանց ուղեկցեցի մինչև կայարան, շրջեցի փոքրիկ քաղաքի փողոցներում, վերջապես վերադարձա հյուրանոց, պառկեցի օթոցին և սկսեցի բուլվարային մի վեպ կարդալ։ Սակայն, մեր առաջ բացված ողբերգության համեմատությամբ այդ պատմության սյուժեն անչափ տափակ էր։ Ես նկատեցի, որ իմ մտքերը շարունակ գրքից վերադառնում են իրականություն, ուստի գրքույկը շպրտեցի սենյակի մյուս ծայրը և խորասուզվեցի այդ օրվա դեպքերի մասին ունեցած մտքերիս։ Եթե ենթադրենք, որ այդ դժբախտ երիտասարդի ցուցմունքները բացարձակապես ճիշտ են, ապա ի՜նչ դիվային, ի՜նչ անակնկալ ու անհավատալի աղետ կարող էր տեղի ունենալ այն ժամանակամիջոցում, երբ նա հեռացել էր հորից, իսկ հետո, երբ նրա կանչի վրա վազելով, ետ եկել։ Դա ինչ֊որ ահավոր, մղձավանջային բան է եղել։ Բայց ի՞նչ կարող էր լինել։ Թերևս իբրև բժշկի իմձ համար գործն ավելի պարզվի, եթե ես ծանոթանամ վնասվածքների բնույթին։ Զանգ տվի ու պահանջեցի տեղական թերթերի վերջին համարները, որոնց մեջ բառ առ բառ տպագրված էին հետաքննության բոլոր նյութերը։

Վիրաբույժի ցուցմունքներով հաստատվում էր, որ գագաթի ետևի երրորդ ոսկրը և ծոծրակափոսի ձախ մասը ջնջխված են բութ զենքի հարվածով։ Գլխիս վրա շոշափեցի այդ տեղը։ Անկասկած, այդպիսի հարված կարելի է հասցնել միայն ետևի կողմից։ Դա որոշ չափով կասկածները վերացնում էր մեղադրյալից, քանի որ կռվելիս նրան տեսել էին հանգուցյալի հետ դեմ առ դեմ կանգնած։ Բայց չի կարելի մեծ նշանակություն տալ դրան, որովհետև հայրը կարող էր հարված ստանալուց առաջ շուռ գալ։ Բայց և այնպես Հոլմսին պետք է այդ մասին հայտնել։ Հետո ինձ շատ տարօրինակ էր թվում առնետի հիշատակումը։ Այդ ի՞նչ կարող էր նշանակել։ Համենայն դեպս, ո՛չ զառանցանք։ Հանկարծակի հարվածից մեռնող մարդը չի զառանցում։ Ո՛չ, հավանորեն նա փորձել է բացատրել, թե ինչպես դիմավորեց իր մահը։ Ուրեմն, ի՞նչ է կամեցել ասել։ Երկար փորձում էի որևէ հարմար բացատրություն գտնել։ Հիշեցի նաև գորշ շորերը, որ նկատել էր երիտասարդ Մակ֊Կարտին։ Եթե իրոք այդպես է, ուրեմն փախչելիս մարդասպանը որևէ բան է թողել, ― հավանորեն վերարկուն, ― և այնքան լկտիություն է ունեցել, որ ետ է դարձել ու վերցրել այն քսան քայլի սպանվածի մոտ ծունկի իջաց որդու ետևից։ Խորհրդավոր ու անհավանական երևույթներից ինչպիսի՜ միահուսյում այս մի իրադարձության մեջ։

Լեստրեյդի կարծիքը չէր զարմացնում ինձ, բայց ես հավատում էի Հոլմսի հեռատեսությանը և հույսս չէի կտրում, մինչև այժմ ինձ թվում էր, թե յուրաքանչյուր նոր մանրամասնություն ամրապնդում է նրա համոզմունքը, որ երիտասարդ Մակ֊Կարտին անմեղ է։

Արդեն բոլորովին ուշ էր, երբ Հոլմսը վերադարձավ։ Նա մենակ էր, որովհետև Լեստրեյդը մնացել էր քաղաքում։

― Ծանրաչափը դեռ չի իջնում, ― նկատեց նա նստելով։ Երանի թե մինչև սպանության վայրը հասնելը անձրև չգար։ Ախր մարդ ուզում է այսպիսի փառավոր գործի մեջ դնել իր մտքի ու սրտի ողջ ուժը։ Ճիշտն ասած, երկար ճամփից հոգնած չէի ուզում գործի անցնել։ Ես տեսակցեցի երիտասարդ Մակ֊Կարտիի հետ։

― Ի՞նչ իմացաք նրանից։

― Ոչինչ։

― Գործը չպարզվե՞ց։

― Բոլորովին։ Ես կարծում էի, թե հանցագործի անունը հայտնի է նրան, և նա թաքցնում է։ Սակայն այժմ համոզված եմ, որ այդ բանը նրա համար նույնպիսի հանելուկ է, ինչպես և մեզ համար։ Երիտասարդ Մակ֊Կարտին խելոք չէ առանձնապես, բայց շատ հաճելի տեսք ունի, և ինձ թվաց, թե փչացած մարդ չէ։

― Ես նրա ճաշակը չեմ հավանում, եթե իրոք ճիշտ է, որ նա չի ուզեցել ամուսնանալ մի այնպիսի հմայիչ աղջկա հետ, ինչպիսին միսս Տենըրն է, ― նկատեցի ես։

― Օ՜, այդ բոլորի տակ մի շատ անհաճելի պատմություն է թաքնված։ Նա բուռն, խելահեղ կերպով սիրում է աղջկան։ Բայց ի՞նչ եք կարծում, այդ երիտասարդն ի՞նչ արած լինի երկու տարի առաջ, երբ միսս Տենըրը դեռևս պանսիոնում էր, իսկ ինքը բոլորովին պատանի։ Այդ ապուշը ընկնում է մի բրիստոլցի բուֆետապանուհու ճանկը և արձանագրում է նրա հետ իր ամուսնությունը։ Դրա մասին ոչ ոք ոչինչ չգիտե, բայց կարո՞ղ էք պատկերացնել, թե նրա համար ինչպիսի տառապանք է եղել լսել հանդիմանություններ, որ չի անում այն, ինչի համար նա պատրաստ էր իր կյանքի կեսը տալու։ Ահա հենց այդ հուսահատությունն էր համակել նրան, երբ, ի պատասխան միսս Տենըրին առաջարկություն անելու հոր պահանջի, նա ձեռքը կարկառում է դեպի երկինք։ Մյուս կողմից, նա հնարավորություն չունի պաշտպանվելու․ հայրը, որ բոլորի ասելով խստաբարո մարդ էր, ընդմիշտ դուրս կշպրտեր նրան տնից, եթե իմանար ողջ ճշմարտությունը։ Վերջին երեք օրը պատանին անց էր կացրել իր կնոջ՝ բուֆետապանուհու մոտ, Բրիստոլում, ըստ որում հայրը չգիտեր, թե նա որտեղ է։ Այս հանգամանքը լավ հիշեցեք, սա շատ կարևոր է։ Սակայն, ինչպես ասում են՝ բախտավորություն չէր լինի, եթե դժբախտությունը չօգներ։ Թերթերից իմանալով, որ իր ամուսնուն մեղադրում են ծանր ոճրագործության մեջ, և հավանորեն, շուտով կկախեն, բուֆետապանուհին իսկույն թողնում է նրան ու նամակով խոստովանում, որ ինքը վաղուց ի վեր մի ուրիշ օրինական ամուսին ունի, որն ապրում է Բերմուդի նավաշինարանում, և որ իսկապես իրեն ոչինչ չի կապում միստր Ջեյմս Մակ֊Կարտիի հետ։ Ես կարծում եմ, որ այդ նամակը քավում է երիտասարդ Մակ֊Կարտիի բոլոր տառապանքները։

― Բայց եթե նա անմեղ է, ուրեմն ո՞վ է մարդասպանը։

― Այո, ո՞վ է մարդասպանը։ Ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ երկու հանգամանքների վրա։ Առաջինը՝ հանգուցյալը պետք է ինչ֊որ մեկի հետ հանդիպեր լճակի մոտ, և այդ մարդը չէր կարող նրա որդին լինել, որովհետև որդին բացակա էր ու հայտնի չէր, թե երբ կվերադառնա։ Երկրորդ՝ հայրը բղավել է «կոու» նախքան որդու վերադարձի մասին իմանալը։ Սրանք են այն հիմնական կետերը, որոնք կանխորոշում են դատավարության ելքը․․․ Իսկ այժմ, եթե ուզում եք, եկեք խոսենք Ջորջ Մերեդիտի ստեղծագործության մասին և բոլոր երկրորդական գործերը թողնենք առավոտյան։

Ինչպես և գուշակել էր Հոլմսը, անձրև չեկավ․ պարզ, անամպ առավոտ էր։ Ժամը իննին ծածկակառքով եկավ Լեստրեյդը, և մենք մեկնեցինք Հազըրլեյ ագարակը, դեպի Բոսկոմյան լճակը։

― Կարևոր լուրեր, ― ասաց Լեստրեյդը։ ― Ասում են, թե միստր Տենըրն այնքան վատ է զգում իրեն, որ երկար չի ապրի։

― Երևի շատ ծե՞ր է, ― հարցրեց Հոլմսը։

― Վաթսունին մոտ, բայց առողջությունը կորցրել է գաղութներում և շատ վաղուց արդեն լուրջ հիվանդ է։ Այդ բանում մեծ դեր է խաղացել այս գործը։ Նա Մակ֊Կարտիի վաղեմի բարեկամն էր և, կավելացնեմ, նրա իսկական բարերարը։ Որքան իմացել եմ, նա նրանից նույնիսկ կապալավարձ չէր վերցնում Հազըրեյ ագարակի համար։

― Ահա թե ի՛նչ։ Դա շատ հետաքրքիր է, ― բացականչեց Հոլմսը։

― Օ՜, այո՛։ Եվ ամեն կերպ օգնել է նրան։ Այստեղ բոլորն ասում են, որ միստր Տենըրը խիստ բարի էր հանգուցյալի նկատմամբ։

― Ի՜նչ եք ասում։ Իսկ ձեզ փոր֊ինչ անսովոր չի՞ թվում, որ այդ ոչ այնքան էլ հարուստ մարդը՝ Մակ֊Կարտին, որն այդպես պարտական էր միստր Տենըրին, այնուամենայնիվ, խոսք էր գցում իր որդու ամուսնության մասին Տենըրի դստեր՝ ամբողջ կարողության ժառանգորդի հետ։ Եվ այն էլ այնպիսի ինքնավստահ տոնով, որ ասես բավական է միայն առաջարկություն անել, և ամեն բան կարգին կլինի։ Դա չափազանց տարօրինակ է։ Չէ՞ որ ձեզ հայտնի է, որ Տենըրը լսել իսկ չէր ուզում ամուսնության մասին, աղջիկն ինքը պատմեց այդ։ Արդյոք այս բոլորից չե՞ք կարող ինչ֊որ հետևություններ անել դեդուկցիայի մեթոդով։

― Մենք մի ժամանակ զբաղվում էինք դեդուկցիայով և տրամաբանական հետևություններով, ― ասաց Լեստրեյդը, աչքով անելով ինձ։ ― Գիտեք ինչ, Հոլմս, եթե հետագայում էլ մենք ղեկավարվենք փաստերով, կարող ենք շատ հեշտությամբ ճշմարտությունից հեռանալ ենթադրությունների ու երևակայության աշխարհը։

― Ինչ֊որ ճիշտ է՝ ճիշտ է, ― զուսպ նկատեց Հոլմսը։ ― Դուք շատ վատ եք օգտվում փաստերից։

― Ինչ էլ որ լինի, ես հաստատեցի մի փաստ, որը շատ դժվարամարս դուրս եկավ ձեր հասկացողության համար, ― գրգռված տոնով առարկեց Լեստրեյդը։

― Այսինքն՝ ի՞նչ․․․

― Որ ավագ Մակ֊Կարտին իր մահը գտել է կրտսեր Մակ֊Կարտիի ձեռքից, և որ այս փաստը ժխտող բոլոր թեորիաները պարզապես լուսնի փայլուն կետեր են։

― Դե, լուսնի փայլուն կետերը շատ ավելի լավ են մառախուղից, ― ծիծաղելով պատասխանեց Հոլմսը։ ― Եթե չեմ սխալվում, մեր ձախ կողմը Հազըրլեյ ագարա՞կն է։

― Հենց նա է որ կա։

Դա մի ընդարձակ երկհարկանի հարմարավետ շենք էր՝ թերթաքարով ծածկված, գորշ ճակատին քարաքոսի մեծ֊մեծ, դեղին բծեր։ Պատուհանների ցած թողած վարագույրները և ծխնելույզները, որոնցից ծուխ չէր բարձրանում, շենքին տալիս էին մռայլ տեսք, ասես մղձավանջային ոճրագործությունը իր ողջ ծանրությամբ նստել էր այդ պատերի վրա։

Մենք զանգը տվինք, և աղախինը Հոլմսի պահանջով ցույց տվեց այն կոշիկները, որոնք սպանվելիս նրա տիրոջ ոտքերին էին, և որդու կոշիկները, որ նա հագել էր այն օրը։ Հոլմսը յոթ֊ութ տեղից ուշիուշով չափեց կոշիկները, հետո խնդրեց մեզ առաջնորդել բակ։ Այնտեղից մենք դուրս եկանք ոլորապտույտ արահետով, որը տանում էր դեպի Բոակոմյան լճակը։

Երբ սկսեցինք քայլել թարմ հետքերով, Շերլոկ Հոլմսը բոլորովին կերպարանափոխվեց։ Բեյքրստրիտցի սառնարյուն մտածողին իմացող մարդիկ այժմ ոչ մի կերպ չէին ճանաչի նրան։ Նա մռայլվել էր, դեմքը ծածկվել էր կարմրությամբ։ Հոնքերը ձգվել էին իբրև երկու սև, կոպիտ գծեր, որոնց տակից աչքերը շողում էին պողպատի փայլով։ Գլուխը խոնարհվել էր, ուսերը կռացել էին, շրթունքները ամուր սեղմվել։ Մկանուտ վզի երակները ուռել էին։ Ռունգերը լայնացել էին այնպես, ինչպես հետապնդման գազանային բնազդով կլանված որսորդի ռունգերը։ Հոլմսն այնպես էր տարվել իր առջև դրված խնդրի լուծմամբ, որ իրեն տրվող հարցերին կամ բոլորովին չէր պատասխանում, կամ անհամբերությամբ գռմռում էր։

Նա արագ ու անձայն գնում էր արահետով, որն անտառի ու մարգագետնի միջով ձգվում էր դեպի Բոսկոմյան լճակը։ Դա մի խուլ, ճահճային վայր է, ինչպես և ամբողջ հովիտը։ Արահետի վրա ու նրա եզրերին, ուր աճում է կարճ խոտը, բազմաթիվ հետքեր էին երևում։ Հոլմսը մեկ շտապում էր, մերթ կանգ առնում, իսկ մի անգամ կտրուկ ետ դարձավ ու մի քանի քայլ առաջացավ բացատում։ Լեստրեյդը և ես հետևում էինք նրան․ խուզարկուն՝ անտարբեր ու արհամարհական տեսքով, միչդեռ ես՝ մեծ հետաքրքրությամբ, որովհետև համոզված էի, որ իմ բարեկամի յուրաքանչյուր գործողությունը տանում էր դեպի գործի բարեհաջող վախճանը։

Բոսկոմյան լճակը մոտ հիսուն յարդ լայնությամբ ոչ մեծ ջրային մի տարածություն է, շրջապատված եղեգնուտով։ Նա ընկած է Հազըրլեյ ագարակի և միստր Տենըրի այգու միջև։ Լճակի հեռավոր ափը եզերող անտառի վերևից երևում են հարուստ հողատիրոջ բնակարանի կարմիր, սրածայր աշտարակները։

Հազըրլեյի կողմից անտառն այնքան էլ խիտ չէ․ միայն քսան քայլ լայնությամբ խոնավ խոտի մի նեղ շերտ է վերջին ծառերը բաժանում լճակը եզերող եղեգնուտից։ Լեստրեյդը ճշտորեն ցույց տվեց, թե դիակը որտեղ գտան․ իսկ հողն իսկապես այնքան խոնավ էր, որ կարելի էր պարզ տեսնել սպանվածի ընկած տեղը։ Ինչ վերաբերում է Հոլմսին, ապա նրա եռանդուն դեմքից և լարված հայացքից ես տեսնում էի, որ նա շատ բան է գլխի ընկնում տրորված խոտերը զննելով։ Նա նետվում էր այս ու այն կողմ, ինչպես հետքի վրա ընկած քերծե, իսկ հետո դիմեց մեր ուղեկցողին․

― Ի՞նչ եք արել այստեղ, ― հարցրեց նա։

― Ես փոցխով սանրել եմ ամբողջ բացատը։ Փնտրում էի որևէ զենք, կամ ուրիշ հանցանշան։ Բայց ձեզ ինչպե՞ս հաջողվեց․․․

― Դե, բավական է, ես ժամանակ չունեմ։ Դուք ձեր ձախ ոտքը շուռ եք տալիս, և ձեր այդ ոտքի հետքերը երևում են ամենուրեք։ Նույնիկ խլուրդը կարող էր հետևել ձեզ։ Ւսկ այստեղ, եղեգնուտում, հետքերը կորչում են։ Օ՜, ամեն բան ինչպես հեշտ կլուծվեր, եթե ես այստեղ գայի նախքան այդ գոմեշների նախիրը ամեն ինչ կտրորեր․․․ Այստեղ կանգնած են եղել պահակատնից եկած մարդիկ, նրանք սպանվածի շուրջը վեց կամ յոթ ֆուտի վրա բոլոր հետքերը տրորել են։

Նա հանեց խոշորացույցը, պառկեց անջրանցիկ վերարկուի վրա, որպեսզի ավելի լավ դիտի, և խոսում էր ավելի շատ իր հետ, քան թե մեզ։

― Ահա երիտասարդ Մակ֊Կարտիի հետքերը։ Նա երկու անգամ է անցել այստեղից և մի անգամ այնպես արագ է փախել, որ կրունկների հետքերը համարյա չեն երևում, նրբանի մնացած մասը տպվել է շատ պարզ։ Սա հաստատում է նրա ցուցմունքները։ Նա վազել է, երբ տեսել է հորը գետնին փռված։ Այնուհետև, այստեղ հոր ոտքի հետքերն են, երբ նա ետ ու առաջ է քայլել։ Իսկ սա՞ ինչ է։ Խզակոթի հետքն է, որի վրա հենվել է որդին, երբ կանգնել ու լսելիս է եղել հորը։ Իսկ սա՞։ Հա՛֊հա՛, սա ի՜նչ է։ Ինչ֊որ մեկը մատների ծայրերի վրա մոտեցել է գողունի։ Ըստ որում, սրանք քառակուսի, բոլորովին անսովոր կիսակոշիկներ են։ Նա եկել, գնացել ու նորից ետ է եկել՝ այս անգամ, անշուշտ, վերարկուի համար։ Բայց որտեղի՞ց է եկել նա։

Հոլմսը նետվում էր այստեղ֊այնտեղ, երբեմն հետքը կորցնելով, երբեմն էլ նորից դեմ առնելով նրան, մինչև որ մենք հայտնվեցինք անտառի եզրին, շատ մեծ, ծերացած մի կեչու ստվերում։ Հոլմսը նրա հետքերը գտավ այդ ծառի ետևում և նորից պառկեց փորի վրա։ Լսվեց մի ուրախ աղաղակ։ Հոլմսը երկար ժամանակ մնաց անշարժ, շուռ տվեց թափված տերևներն ու չոր ճյուղերը, փոշու նման ինչ֊որ բան հավաքեց լցրեց ծրարի մեջ և սկսեց խոշորացույցով զննել գետինը, ինչպես և, որքան կարող էր հասնել, ծառի բունը։ Մամուռի մեջ ընկած էր անհարթ մի քար, Հոլմսը վերցրեց ու զննեց այն։ Հետո արահետով գնաց մինչև ճանապարհը, ուր հետքերն անհետանում էին։

― Այս քարը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ― նկատեց նա, վերադառնալով իր սովորական տոնին։ ― Աջ կողմի գորշ տունը, երևի, պահակատունն է։ Ես կանցնեմ Մորանի մոտ մի երկու խոսք ասելու նրան և մի կարճ գրություն գրելու։ Դրանից հետո մենք դեռ կարող ենք երկրորդ նախաճաշին հյուրանոց հասնել։ Դուք գնացեք կառքի մոտ, ես կմիանամ ձեզ։

Մի տասը րոպեից հետո մենք արդեն գնում էինք դեպի Ռոսս։ Անտառում վերցրած քարը դեռևս Հոլմսի ձեռքում էր։

― Այս կարող է հետաքրքրել ձեզ, Լեստրեյդ, ― ասաց նա, մեկնելով քարը։ ― Ահա թե ինչով է կատարվել սպանությունը։

― Ես ոչ մի հետք չեմ տեսնում դրա վրա։

― Հետքեր չկան։

― Այդ դեպքում ինչպե՞ս իմացաք այդ։

― Սրա տակը խոտ կար, որի վրա սա ընկած է եղել ընդամենը մի քանի օր։ Չորս կողմը զննելիս չերևաց, թե սա որտեղից է վերցված։ Այս քարն ուղղակի կապ ունի սպանության հետ։ Ուրիշ այլ զենքի հետքեր չկան։

― Իսկ մարդասպա՞նը։

― Դա բարձրահասակ մարդ է, ձախլիկ, աջ ոտքից կաղ է, հագնում է հաստ ներբանով որսորդական սապոգներ ու մոխրագույն վերարկու, ծխում է հնդկական սիգարներ՝ ծխամորճով, գրպանում ունի բութ գրչահատ։ Մի քանի նշաններ ևս կան, բայց այսքանն էլ հերիք է, որպեսզի օգնի մեզ մեր որոնումներում։

Լեստրեյդը ծիծաղեց։

― Դժբախտաբար, մինչև այժմ էլ ես մնում եմ թերահավատ, ― ասաց նա։ ― Ձեր տեսությունները շատ լավ են, բայց մենք պետք է գործ ունենանք բրիտանական պնդաճակատ երդվայլների հետ։

― Դե, մենք դեռ այդ կտեսնենք, ― հանգիստ պատասխանեց Հոլմսը։ ― Ձեր մեթոդները ուրիշ են, իմը՝ ուրիշ․․․ Ի դեպ, թերևս ես այսօր երեկոյան գնացքով վերադառնամ Լոնդոն։

― Եվ ձեր գործը թողնեք անավա՞րտ։

― Ո՛չ, ավարտված։

― Հապա գաղտնի՞քը։

― Արդեն պարզված է։

― Ւսկ ո՞վ է ոճրագործը։

― Այն ջենտլմենը, որին նկարագրեցի։

― Բայց ո՞վ է նա։

― Դա շատ հեշտությամբ կարելի է իմանալ։ Այստեղ այնքան էլ շատ մարդիկ չեն ապրում։

Լեստրեյդն ուսերը թոթվեց։

― Ես գործողության մարդ եմ, ― ասաց նա, ― և ոչ մի կերպ չեմ կարող զբաղվել մի ջենտլմենի որոնումներով, որի մասին հայտնի է միայն, որ նա կաղ է ու ձախլիկ։ Այն ժամանակ ես կդառնայի ամբողջ Սկոտլանդ֊Յարդի ծիծաղի առարկան։

― Լավ, ― հանգիստ պատասխանեց Հոլմսը։ ― Ես այդ գաղտնիքը պարզելու բոլոր հնարավորությունները տրամադրեցի ձեզ։ Ձեզանից հո ոչինչ չե՞մ թաքցրել։ Այժմ դուք ինքներդ կարող եք մերկացնել խորհրդավոր հանցագործությունը։ Ահա և հասանք։ Մնաք բարով։ Մեկնելուց առաջ ես ձեզ կգրեմ։ Լեստրեյդին թողնելով իր դռանը, մենք ուղղվեցինք դեպի մեր հյուրանոցը, ուր նախաճաշն արդեն սպասում էր մեզ։

Հոլմսը լռում էր, խորասուզված իր մտքերի մեջ։ Նրա դեմքը մռայլ էր, ինչպես դժվարին դրության մեջ ընկած մարդու դեմքը։

― Այ, լսեցեք, Ուոթսն, ― ասաց նա, երբ սեղանը հավաքեցին, ― նստեցեք այս բազկաթոռին, և ես կշարադրեմ այն ամենը, ինչ հայտնի է ինձ։ Չգիտեմ, թե ինչ անեմ։ Ես կուզենայի ձեզանից խորհուրդ լսել։ Ծխեցեք, իսկ ես հիմա կսկսեմ։

― Խնդրեմ։

― Ահա, ուրեմն, այս գործն ուսումնասիրելիս երիտասարդ Մակ֊Կարտիի պատմածում մեզ ապշեցրին երկու կետ, չնայած դրանք ինձ տրամադրեցին հօգուտ նրա, իսկ ձեզ՝ ի վնաս նրա։ Առաջին, որ հայրը «կոու» է բղավել նախքան որդուն տեսնելը։ Երկրորդ, որ մեռնողը հիշատակել է միայն առնետի մասին։ Հասկանում եք, նա շշնջացել է մի երկու խոսք, բայց որդին որսացել է միայն մեկը։ Մեր հետաքննությունը պետք է սկսվեր այս երկու կետերից։ Ենթադրենք, թե պատանու բոլոր ասածները բացարձակ ճշմարտություն են։

― Իսկ ի՞նչ բան է «կոու»։

― Ակնհայտ է, որ նա իր որդուն չէր կանչում։ Նա կարծում էր, թե որդին գտնվում է Բրիստոլում։ Որդին բոլորովին պատահաբար է լսում այդ կանչը։ Այդ «կոու» ճիչով նա կանչել է այն մարդուն, որը տեսակցություն էր նշանակել։ Բայց «կոու» ավստրալիական խոսք է, գործածական միայն ավստրալիացիների միջև։ Սա ծանրակշիռ մի ապացույց է, որ այն մարդը, որին Մակ֊Կարտին հույս ուներ հանդիպելու Բոսկոմյան լճակի մոտ, ավստրալիացի էր։

― Լավ, հապա առնե՞տը։

Շերլոկ Հոլմսը մի թերթ ծալված թուղթ հանեց գրպանից և ուղղեց սեղանի վրա։

― Սա Վիկտորիա նահանգի քարտեզն է, ― ասաց նա։ Անցյալ գիշեր ես հեռագրեցի Բրիստոլ, որպեսզի այն ուղարկեն ինձ։ ― Նա ափով ծածկեց քարտեզի մի մասը։ ― Կարդացեք, ― խնդրեց նա։

― Ըրետ, ― կարդացի ես։

― Իսկ հիմա՞։ ― Նա ձեռքը վերցրեց։

― Բալլըրետ։

― Միանգամայն ճիշտ է։ Մեռնողը հենց այդ խոսքն է արտասանել, բայց տղան որսացել է միայն վերջին երկու վանկը։ Նա փորձել է մարդասպանի անունը տալ։ Եվ այսպես, Բալլըրետ։

― Ապշեցուցի՛չ է, ― բացականչեցի ես։

― Սա ամեն կասկածից դուրս է։ Իսկ հիմա, ինչպես տեսնում եք, շրջանը նեղանում է։ Ոճրագործի մոխրագույն հագուստը երրորդ կետն էր։ Լիակատար անհայտությունը չքանում է, և հայտնվում է մոխրագույն վերարկու հագած ոմն ավստրալիացի՝ Բալլըրետ քաղաքից։

― Իսկապես որ։

― Ըստ որում, նա տեղացի է, որովհետև լճակի մոտ, բացի ագարակից ու կալվածատներից, ուրիշ ոչինչ չկա, և կողմնակի մարդը հազիվ թե այնտեղ հասնի։

― Անշուշտ։

― Հետո, մեր այսօրվա էքսպեդիցիան։ Գետինն ուսումնասիրելիս, ես գտա չնչին հանցանշաններ, որոնց մասին ասացի այդ բթամիտ Լեստրեյդին։ Դա վերաբերում էր հանցագործի անձնավորությունը պարզելուն։

― Բայց ինչպե՞ս գտաք այդ հանցանշանները։

― Իմ մեթոդը հայտնի է ձեզ։ Դա հիմնվում է ամենաչնչին հանցանշանները համադրելու վրա։

― Նրա հասակի մասին դուք, անշուշտ, կարող էիք մոտավորապես դատել քայլի երկարությամբ։ Կոշիկների մասին ևս կարելի է կռահել հետքերից։

― Այո, դրանք արտասովոր կոշիկներ էին։

― Իսկ որ նա կա՞ղ է։

― Նրա աջ ոտքի հետքերն այնքան պարզորոշ չէին, որքան ձախինը։ Աջ ոտքի վրա ճնշումն ավելի քիչ է եղել։ Ինչո՞ւ։ Որովհետև կաղացել է՝ նա կաղ է։

― Իսկ այն, որ նա ձախլի՞կ է։

― Դուք ինքներդ ապշել էիք վիրաբույժի նկարագրած վնասվածքների բնույթից։ Հարվածը հասցվել էր անակնկալ, ետևից, բայց ձախ կողմից։ Ո՞վ կարող է այդպես հարվածել, եթե ոչ ձախլիկը։ Հոր ու որդու խոսակցության ժամանակ նա կանգնած է եղել ծառի ետևը, նույնիսկ ծխել է հնդկական սիգար։ Ինչպես գիտեք, ես մի քիչ զբաղվել եմ այդ հարցով և մի փոքրիկ մենագրություն գրել ծխամորճի, սիգարի և գլանակի հարյուր քառասուն տարբեր տեսակի մոխիրների մասին։ Սիգարի մոխիրը գտնելով, ես շուրջս զզնեցի ու տեսա, թե որտեղ է նետել մնացորդը։ Դա Ռոտերդամում պատրաստված հնդկական սիգար էր։

― Իսկ ծխամո՞րճը։

― Ես տեսա, որ նա սիգարը բերան չէր առել։ Հետևաբար, ծխում էր ծխամորճով։ Ծայրը կտրած էր, ոչ թե կծած, բայց կտրվածքը անհավասար էր, ուստի եզրակացրի, որ այդ մարդու դանակը բութ է։

― Հոլմս, ― ասացի ես, ― դուք այնպիսի ցանցի մեջ եք խճճել հանցագործին, որից նա այլևս չի կարող դուրս պրծնել։ Դուք փրկեցիք բոլորովին անմեղ պատանու կյանքը, օղակը նրա վզից հանելով։ Ես տեսնում եմ, թե ձեր բոլոր հանցանշանները որտեղ են միանում։ Մարդասպանի անունն է․․․

― Միստր Ջոն Տենըրը, ― հայտնեց մատուցողը, բաց անելով դուռը և այցելուին ներս թողնելով։

Եկողը տարօրինակ, բոլորովին անսովոր կերպարանք ուներ։ Դանդաղ, կաղալով քայլվածքը և կախ ընկած ուսերը նրան զառամյալի տեսք էին տալիս, մինչդեռ խիստ գծագրված, կոշտ ու կոպիտ դեմքը և խոշոր վերջավորությունները խոսում էին ֆիզիկական արտասովոր ուժով օժտված լինելու մասին։ Նրա խճճված մորուքը, ճերմակող մազերը, և գզգզված, աչքերի վրա կախված հոնքերը հպարտ ու տիրական տեսք էին տալիս նրան։ Բայց դեմքը գորշ մոխրագույն էր, իսկ շրթունքներն ու ռունգերը կապտավուն երանգ ունեին։ Առաջին իսկ հայացքից ես հասկացա, որ նա տառապում է ինչ֊որ անբուժելի, խրոնիկական հիվանդությամբ։

― Խնդրեմ, նստեցեք բազմոցին, ― մեղմությամբ առաջարկեց Հոլմսը։ ― Դուք իմ երկտողն ստացա՞ք։

― Այո՛, բարապանը բերեց։ Դուք գրել եք, որ սկանդալից խուսափելու համար ուզում էիք ինձ տեսնել։

― Ես կարծում եմ, որ եթե ես հանդես գամ դատարանում, շատ խոսակցություններ կլինեն։

― Ի՞նչ եք ուզում ինձանից։

Տենըրը նայեց իմ բարեկամին։ Նրա հոգնած աչքերում այնքան հուսահատություն կար, ասես արդեն ստացել էր իր հարցի պատասխանը։

― Այո՛, ― ասաց Հոլմսը, ավելի շուտ պատասխանելով նրա հայացքին, քան խոսքերին։ ― Այդպես է։ Ինձ ամեն ինչ հայտնի է Մակ֊Կարտիի մասին։

Ծերունին ձեռքերով ծածկեց իր դեմքը։

― Օգնի՛ր ինձ, տե՛ր, ― բացականչեց նա։ ― Բայց ես չէի թողնի, որ երիտասարդը կորչեր։ Ազնվությամբ եմ ասում, որ կասեի ճշմարտությունը, եթե բանը հասներ երդվյալների դատարանի շրջիկ սեսիային․․․

― Ուրախ եմ այդ բանը լսելու, ― խստությամբ ասաց Հոլմսը։

― Ես վաղուց արդեն ամեն ինչ հայտնած կլինեի, եթե չլիներ իմ սիրելի դուստրը։ Դա կխորտակեր նրա սիրտը, նա իմ ձերբակալությանը չէր դիմանա։

― Կարելի է նաև բանը ձերբակալության չհասցնել, ― պատասխանեց Հոլմսը։

― Մի՞թե։

― Ես պաշտոնական անձ չեմ։ Քանի որ ինձ հրավիրել է ձեր դուստրը, ես գործում եմ նրա օգտին, ինքներդ էլ հասկանում եք, որ երիտասարդ Մակ֊Կարտին պետք է ազատ արձակվի։

― Շուտով ես կմեռնեմ, ― ասաց ծերունի Տենըրը։ ― Արդեն շատ տարիներ է, ինչ ես տառապում եմ շաքարախտով։ Իմ բժիշկը կասկածում է՝ արդյոք մի ամիս էլ կապրե՞մ ես, թե ոչ։ Բայց և այնպես ինձ համար ավելի հեշտ կլիներ մեռնել իմ սեփական հարկի տակ, քան բանտում։

Հոլմսը վեր կացավ տեղից, մոտեցավ գրասեղանին, թուղթ ու գրիչ վերցրեց։

― Պատմեցեք ամեն բան այնպես, ինչպես որ եղել է, ― առաջարկեց նա, ― իսկ ես համառոտակի գրի կառնեմ։ Դուք սա կստորագրեք, իսկ Ուոթսնը վկայությամբ կհաստատի։ Ես ձեր խոստովանությունը դատարանին կներկայացնեմ միայն ծայրահեղ դեպքում, երբ հարկ կլինի փրկել Մակ֊Կարտիին։ Հակառակ դեպքում խոստանում եմ չդիմել այդ միջոցին։

― Լավ, ― պատասխանեց ծերունին։ ― Ավելի շուտ մինչև դատարանի շրջիկ սեսիան ես չեմ ապրի, այնպես որ այդ ինձ քիչ է հուզում։ Ես կուզենայի միայն Ալիսային ազատել այդպիսի հարվածից։ Իսկ հիմա ամեն բան կպատմեմ ձեզ․․․ Դուք հանգուցյալ Մակ֊Կարտիին չէիք ճանաչում։ Նա իսկական դև էր, հավատացնում եմ ձեզ։ Աստված ազատեր ձեզ այդպիսի մարդու ճանկերից։ Վերջին քսան տարիների ընթացքում ես եղել եմ նրա աքցաններում, նա ամբողջովին թունավորեց իմ կյանքը։

Նախ պատմեմ, թե ես ինչպես ընկա նրա իշխանության տակ։ Դա կատարվեց վաթսունական թվականների սկզբին, ոսկու հանքերում։ Այն ժամանակ ես բոլորովին երիտասարդ էի, խելառ ու տաքարյուն, պատրաստ ամեն մի գործի։ Ես ընկա վատ շրջապատի մեջ, սկսեցի խմել։ Իմ հանքամասում, ոչ մի հատիկ ոսկի չգտնվեց, սկսեցի թափառական կյանք վարել և դարձա, ինչպես ձեր մոտ ասում են, մեծ ճանապարհի ասպետ։ Մենք վեց հոգով էինք, վայրի ազատ կյանք էինք վարում, ժամանակ առ ժամանակ հարձակվում կայարանի վրա, ֆուրգոններ կանգնեցնում ոսկու հանքերի ճանապարհներին։ Ինձ անվանում էին Բալլըրետցի Սև Ջեկ։ Մինչև հիմա էլ գաղութներում իմ խմբի տղաներին հիշում են իբրև Բալլըրետի բանդա։

Մի անգամ պահակախմբի պահպանությամբ Բալլըրետից ոսկի էին տանում Մելբուրն։ Մենք դարան սարքեցինք։ Ոսկին պահպանում էին վեց զինվոր, մենք ևս վեց հոգով էինք։ Տաք կռիվ տեղի ունեցավ։ Առաջին իսկ համազարկով մենք չորսին ցած փռեցինք։ Բայց երբ ավարը վերցրինք, մնացել էին միայն երեք հոգի։ Ես ատրճանակի փողը դեմ արեցի կառապանի գլխին՝ դա հենց ինքը՝ Մակ֊Կարտին էր։ Աստվա՜ծ իմ, ավելի լավ էր ես այն ժամանակ սպանած լինեի նրան․․․ Բայց ես խնայեցի, չնայած տեսա, որ նա իր փոքրիկ, չար աչքերով նայում է ինձ, ասես կամենալով հիշել իմ դիմագծերը։ Մենք տիրեցինք այդ ոսկուն, դարձանք հարուստ մարդիկ և եկանք Անգլիա, առանց որևե մեկի մեջ կասկած հարուցելու։ Այստեղ ես ընդմիշտ բաժանվեցի իմ նախկին բարեկամից և խաղաղ, ապահով կյանք սկսեցի։

Ես գնեցի այս կալվածքը, որ հենց այդ ժամանակ վաճառվում էր, աշխատելով գոնե մի փոքր օգուտ բերել իմ փողերով, որպեսզի ինչ֊որ ձևով քավեմ իմ անցյալի մեղքերը։ Ես ամուսնացա, և չնայած կինս ջահել մահացավ, բայց ինձ թողեց փոքրիկ, սիրելի Ալիսային։ Նույնիսկ երբ Ալիսան դեռ բոլորովին փոքր էր, նրա թաթիկները ավելի, քան որևէ այլ բան աշխարհում, արդար ճանապարհի վրա էին պահում ինձ։ Մի խոսքով, ես ընդմիշտ կապերս խզեցի անցյալիս հետ։ Ամեն ինչ հիանալի էր գնում, քանի դեռ չէի ընկել Մակ֊Կարտիի ճանկը։

Մի անգամ դրամական գործերով գնացել էի քաղաք և Ռիջնտ֊ստրիտի վրա հանդիպեցի Մակ֊Կարտիին։ Նա ոչ կարգին վերարկու ուներ վրան, ոչ էլ ոտքերին՝ կոշիկներ։

«Ահա և մենք պատահեցինք, Ջեկ, ― ասաց նա, ձեռքը կպցնելով իմ ձեռքին։ ― Հիմի մենք այլևս չենք բաժանվի։ Ես մենակ չեմ, մի փոքրիկ տղա ունեմ, և դուք պարտավոր եք հոգալ մեր մասին։ Հակառակ դեպքում, դուք գիտեք՝ Անգլիան հիանալի երկիր է, ուր օրենքները հարգում են։ Բացի դրանից, ամենուրեք ոստիկաններ կան այստեղ»։

Այսպես նա իր որդու հետ բնակություն հաստատեց արևմուտքում, և ես չկարողացա նրանից ազատվել։ Նրանք սկսեցին անվճար ապրել իմ հողում․ դրանից հետո ես ոչ քուն ունեի, ոչ հանգիստ, ոչ մոռացում։ Ուր էլ որ գնալու լինեի, ամենուրեք դեմ էի առնում նրա խորամանկ, քմծիծաղ տվող կերպարանքին։ Երբ Ալիսան մեծացավ, դրությունն ավելի վատացավ․ նա նկատեց, որ ինձ համար անցյալիս մասին աղջկաս իմանալը շատ ավելի սարսափելի է, քան ամեն մի ոստիկանություն։ Ինչ էլ որ ուզենար, ստանում էր անմիջապես՝ լիներ այդ հող, շինություն, թե դրամ, քանի դեռ անհնարինը չէր պահանջել։ Նա պահանջեց Ալիսային։ Բանն այն է, որ նրա որդին հասունացել էր, իմ դուստրը՝ նույնպես, և քանի որ իմ հիվանդությունը հայտնի էր բոլորին, նրան թվում էր, որ իր որդու համար հոյակապ շանս էր իմ ամբողջ կարողությանը տիրանալու։ Բայց այս անգամ ես հաստատամիտ էի։ Մտքումս անգամ չէի կարող թույլ տալ, որ նրա անիծյալ ցեղը միանա իմին։

Չի կարելի ասել, թե նրա որդին դուր չէր գալիս ինձ, բայց պատանու երկաներում հոսում էր իր հոր արյունը, և դա բավական էր։ Ես հաստատ էի իմ որոշման մեջ։ Մակ֊Կարտին սկսեց սպառնալ, ես բոլորովին համբերությունից հանեցի նրան։

Մենք պետք է հանդիպեինք լճակի մոտ, մեր տների միջև, որպեսզի ամեն ինչի մասին խոսեինք։ Երբ ես հասա պայմանավորված տեղը, տեսա, որ նա ինչ֊որ բանի մասին խոսում է որդու հետ։ Ես ծխեցի և սպասեցի ծառի ետևում, մինչև որ նա մենակ մնար։ Բայց նրա խոսքերը լսելու հետ միասին իմ մեջ եռաց դառնությունն ու չարությունը․ ես այլևս չէի կարող տանել այդ։ Մակ֊Կարտին հարկադրում էր իր որդուն ամուսնանալ իմ դստեր հետ, բոլորովին չմտածելով, թե Ալիսան ինչպես կվերաբերվի դրան, ասես թե խոսքը փողոցային մի աղջկա մասին էր։

Քիչ էր մնում խելքս թռցնեի, երբ մտածում էի, որ այն ամենը ինչ թանկ է ինձ համար, կարող է ընկնել մի այդպիսի մարդու իշխանության տակ։ Ավելի լավ չէ՞ր փշրել այդ կապանքները։ Ես արդեն մեռնող, հուսահատության հասցված մարդ եմ։ Չնայած դատողությունս տեղն էր և ուժերս չէին լքել ինձ, ես հասկանում էի, որ կյանքս վերջացած է։ Բայց անունս և աղջի՜կս․․․ Ես կփրկեմ թե՛ մեկը, թե՛ մյուսը, եթե ստիպեմ Մակ֊Կարտիին լռելու․․․ Ես սպանեցի նրան, միստր Հոլմս․․․ և նորի՛ց կսպանեի։ Ես մեծ մեղավոր եմ, բայց մի՞թե է տառապանքով լի կյանքը մեղքը չի քավում։ Ես ամեն ինչ տանում էի, բայց որ իմ աղջիկն էլ ընկնելու էր նույն թակարդը՝ այդ միտքը անտանելի էր ինձ համար։ Ես նրան սպանեցի առանց խղճի խայթ զգալու, ասես թե դա նողկալի, թունավոր մի զեռուն էր։ Աղաղակի վրա վազեց եկավ նրա որդին, բայց ես կարողացա թաքնվել անտառում, չնայած ստիպված եղա վերադառնալ՝ ցած գցած վերարկուս վերցնելու համար․․․ Սա զուտ ճշմարտություն է, ջենտլմեններ, ամեն ինչ կատարվել է ճիշտ այդպես։

― Դե ինչ, ես չէ, որ պիտի դատեմ ձեզ, ― խոսեց Հոլմսը, երբ ծերունին ստորագրեց իր ցուցմունքները։ ― Կարծում եմ, որ հարկ չի լինի բանը դատարանին հասցնելու։

― Դրանում մի՛ կասկածեք, սըր։ Բայց դուք ի՞նչ եք մտադիր անելու։

― Ի նկատի ունենալով ձեր առողջությունը՝ ոչինչ։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ շուտով կանգնելու եք մի դատարանի առաջ, որը բարձր է երկրայինից։ Ես կպահեմ ձեր խոստովանությունը և նրանից կօգտվեմ միայն այն դեպքում, եթե Մակ֊Կարտին դատապարտվի։ Իսկ եթե նա արդարացվի, ողջ լինեք դուք, թե չէ, ոչ մի մահկանացու չի իմանա ձեր գաղտնիքը, այս ամենը կմնա մեր մեջ։

― Այդ դեպքում մնաք բարով, ― հանդիսավոր տոնով ասաց ծերունին։ ― Երբ հասնի ձեր մահվան ժամը, դուք ձեզ թեթև կզգաք այն մտքից, թե ինչպես հանգստացրիք իմ հոգին։

Իր ողջ վիթխարի հասակավ մեկ օրորվելով ու դողալով, նա դանդաղ դուրս գնաց սենյակից, աջ ոտքից թեթևակի կաղալով։

― Խե՜ղճ, խե՜ղճ մարդիկս, ― երկար լռությունից հետո բացականչեց Հոլմսը։ ― Ինչո՞ւ է ճակատագիրը խաղում այնպիսի ողորմելի, անզոր արարածների հետ, ինչպիսին մենք ենք։

Երդվյալների դատարանի շրջիկ սեսիան, Հոլմսի ներկայացրած բազմաթիվ ապացույցների ճնշման տակ, արդարացրեց Ջեյմս Մակ֊Կարտիին։ Ծերունի Տենըրը մեր տեսակցությունից հետո յոթ ամիս միայն ապրեց․ այժմ նա արդեն կենդանի չէ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ջեյմսը և Ալիսան կարող են բախտավոր ամուսնությունից հետո հանգիստ ապրել, չմտածելով այլևս այն սև ամպերի մասին, որոնք մթագնում էին նրանց անցյալը։