Գլուխ LXIX (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)

Գրապահարան-ից

Գլուխ LXIX

Այնուամենայնիվ, ի՞նչ եղավ Կառլոսը։ Արդյոք ճիշտ էր, որ նա կտրելանցել էր Մեծ Հարթավայրերը։ Մի՞թե նա այդպես էլ չվերադարձավ։ Ի՞նչ պատահեց Սան Իլդեֆոնսո բնակավայրի հետ։

Այդ հարցերը ստիպված էինք տալ, որովհետև այս առասպելը պատմող մարդը լռեց: Նրա հայացքը հովտում այս ու այն կողմ էր թափառում, երբեմն հառվում էր Խորտակված աղջկա քարափի վրա, երբեմն էլ կանգնում մոլախոտով պատված վզատակների վրա։ Խոր հուզմունքն էր պատեց նրան։ Ահա թե ինչու նա լռեց։ Ունկնդրողները սկսեցին կռահել Սան Իլդեֆոնսոյին վիճակված ճակատագրի մասին ու անհամբերությամբ սպասում էին պատմության ավարտին։ Փոքր-ինչ անց պատմողը շարունակեց.

– Այո, Կառլոսը վերադարձավ։ Ի՞նչ տեղի ունեցավ Սան Իլդեֆոնսոյում։ Ահա այն ավերակները ձեզ կպատասխանեն: Սան Իլդեֆոնսոն կործանվեց։ Ուզում եք իմանալ, թե դա ինչպե՞ս պատահեց։ Դա մի զարհուրելի պատմություն է, արյան ու վրեժի պատմություն։ Կառլոսը վրեժ լուծեց։

Բիզոնների որսորդը վերադարձավ Սան Իլդեֆոնսոյի հովիտը, բայց մենակ չվերադարձավ: Նա իր հետ հինգ հարյուր զինվորներ, կարմրամաշկ զինվորներ բերեց, որոնք նրան ընտրել էին իրենց պարագլուխը, իրենց սպիտակ առաջնորդը։ Դրանք վակո ցեղի ըմբոստ հնդկացիներն էին: Նրանք գիտեին, թե ինչ դժբախտություն են բերել նրան թշնամիները և երդվել էին վրեժ լուծել դրա համար։

Աշուն էր, խոր աշուն, տարվա ամենաչքնաղ ժամանակը ամերիկյան հարթավայրերում, երբ կարմրում են վայրի անտառներն ու բնությունը կարծես հանգիստ է առնում ամենամյա ծանր աշխատանքից, և կենդանի ամեն բան, որը բավականություն է ստանում նրա կողմից իր երեխաների համար այդպես շռայլորեն պատրաստված ճոխ խնջույքից, խաղաղ ու երջանիկ է թվում։

Գիշեր էր, պայծառ լուսավորում էր աշնանային լուսինը, այն նույն լուսինը, որի կլոր սկավառակն ու արծաթափայլ ճառագայթները աշխարհով մեկ փառաբանված են հունձի երգերում։

Նրա ճառագայթները նույնպիսի պայծառությամբ ողողել էին Լյանո Էստակադոյի ընդարձակ տարածությունները, չնայած այնտեղ երբեք հունձ նույնիսկ չեն էլ տեսել: Գամփռի նախազգուշական մռնչոցն արթնացրեց խաղաղված հոտի մոտ ննջող միայնակ հովվին։ Մի փոքր բարձրանալով, նա ուշադիր նայեց շուրջը: Ի՞նչ է սա, գա՞յլ, թե արջ կամ, գուցե շիկակարմիր կուգուար։ Ո՛չ, դա գազան չէ։ Հայացք նետելով պրերիայի կողմը, բոլորովին այլ բան տեսավ հովիվը... Տեսավ ու ցնցվեց։ Պրերիայով առաջ էր շարժվում խավար կերպարանքների մի երկար շղթա։ Դրանք ձիերի ու ձիավորների ստվերապատկերներ էին։ Ձիերն իրար ետևից էին գնում, մեկի մռութը հպվում էր մյուսի գավակին: Նրանք արևելքից դեպի արևմուտք էին շարժվում։ Զորասյան սկիզբն արդեն շատ մոտ էր, իսկ նրա վերջը հեռու էր և հովիվն այն չէր տեսնում։

Շուտով զորքը մոտեցավ։ Հեծյալները հովվի պառկած տեղից անցնում էին երկու հարյուր քայլ հեռավորությամբ: Նրանք առաջ էին սահում համաչափ ու անաղմուկ։ Չէին զնգզնգում սանձերը, չէին զրնգում խթանները, չէին շառաչում սրերը։ Միայն լսվում էին գետնին խփվող չնալված սմբակների խուլ հարվածները և երբեմն էլ որևէ անհամբեր ձիու խրխնջոցը, որը ձիավորի սաստումով իսկույն լռում էր: Նրանք անցնում էին անշարժ, անշարժ, ինչպես ստվերներ։ Լիալուսնով լուսավորված՝ նրանք ուրվականներ էին թվում։

Հովիվը դողում էր սարսափից, չնայած լավ գիտեր, որ դրանք ուրվականներ չեն: Նա շատ լավ գիտեր, թե ովքեր են դրանք, և հասկանում էր, թե ինչ է նշանակում այս վերջ չունեցող երթը։ Հնդկացի զինվորներն արշավի էին ելել: Լուսնի պայծառ լույսի տակ նա լավ տեսավ նրանց: Նա տեսավ,՝ որ այնտեղ միայն տղամարդիկ են։ Մինչև գոտկատեղերն ու ազդրերից ներքև նրանք մերկ են, նրանց կրծքերն ու ձեռքերը գունազարդված են, զինված են միայն աղեղներով, կապարճներով ու նետերով։ Կասկած չկար, վայրի հնդկացիները պատերազմի են դուրս եկել։

Բայց հովվի համար ամենից ավելի զարմանալի թվաց նրանց առաջնորդը, որը գնում էր այդ լռակյաց ջոկատի առջևից: Սա մյուսներին նման չէր ոչ իր հագուստով, ոչ հանդերձանքով և ոչ էլ մաշկի գույնով։ Հովիվը տեսավ, որ առաջնորդը սպիտակամաշկ է։

Սակայն հովվի զարմանքն արագ անցավ: Նա խելամիտ ու բանիմաց մարդ էր։ Այդ նա էր, որ այն ժամանակ գտավ դեղնադեմ որսորդի ու նրա մտերիմ ընկերոջ դիակները: Նա հիշեց այն ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները։ Փոքր-ինչ մտածելուց հետո համոզվեց, որ այդ սպիտակ առաջնորդը ոչ այլ ոք է, եթե ոչ Կառլոսը՝ որսորդը բիզոնների։ Եվ հովիվը չէր սխալվել։

Ամենից առաջ նա սեփական կյանքը փրկելու մասին մտածեց ու քարացավ տեղում, վախենալով նույնիսկ շարժվել։ Բայց զինվորները դեռ չէին հասցրել հեռանալ, երբ նրա գլխում այլ մտքեր ծագեցին։ Հնդկացիները պատերազմի են դուրս եկել: Նրանք դեպի քաղաք են գնում, և նրանց առաջնորդում է Կառլոսը՝ բիզոնների որսորդը: Նա վերհիշեց հալածյալի հետ կապված պատմությունը, հիշեց դրա բոլոր մանրամասնությունները։ Դե, իհարկե, Կառլոսը Սան Իլդեֆոնսո է վերադառնում իր թշնամիներից վրեժ լուծելու համար։

Մասամբ հայրենասիրության զգացումից, մասամբ վարձատրվելու հույսով, հովիվը որոշեց խանգարել Կառլոսին: Նա կշտապի հովիտ ու կզգուշացնի կայազորին։

Հազիվ էին հեծյալներն անցել նրա մոտով, երբ նա վեր թռավ տեղից ու արդեն պատրաստ էր դեպի ամրոց սլանալու։ Բայց նա իր հաշիվների մեջ սխալվեց։ Հեռատես սպիտակ առաջնորդի ուղարկած հետախույզները վաղուց արդեն նկատել և շրջապատել էին հովվին ու նրա հոտը. նրան տեղնուտեղը բռնեցին։ Հոտի կեսը ծախսվեց այն մարդկանց ընթրիքի համար, որոնց նա պատրաստվում էր մատնել։

Մինչև այնտեղ, որտեղ նրանց հանդիպեց հովիվը, սպիտակ առաջնորդն ու նրա ուղեկիցները առաջ էին շարժվում լավ ծանոթ ճանապարհով՝ հնդկացիների հետ առևտուր անող վաճառականների ճանապարհով։ Այստեղ սպիտակ առաջնորդը շեղվեց ճանապարհից և, առանց որևէ խոսք ասելու, զինվորներին տարավ պրերիան հատող ճանապարհով: Նրա ետևից վիթխարի օձի նման գալարվելով, անաղմուկ ու հնազանդորեն ձգվեց հեծյալների ծայր չունեցող շղթան։

Եվս մեկ ժամ՝ և նրանք հասան Մեծ Հարթավայրերի եզրերին, տեղեր, որոնք քաջ ծանոթ էին նրանց առաջնորդին։ Այն տարածվել էր կիրճի վրա, որտեղ շատ անգամներ նա թաքնվել էր թշնամիներից։ Առաջվա նման, կուրացնելու չափ պայծառորեն շողշողացող լուսինն այժմ կախվել էր հորիզոնի վրա և նրա լույսը չէր հասնում կիրճի հատակին։ Այն մնացել էր խոր ստվերի մեջ։ Վայրէջքը դժվար էր, բայց ոչ այսպիսի, և այն էլ Կառլոսի նման ուղեցույց ունեցող մարդկանց համար։ Մի քանի խոսք ասելով ամենամոտ կանգնած զինվորին, սպիտակ առաջնորդը ձին քշեց նեղ կիրճի մեջ ու կորավ ժայռերի շվաքում։

Զինվորը հրամանը հաղորդեց հաջորդին ու Կառլոսի ետևից կորավ խավարում։ Այդպես, մեկը մյուսի ետևից, անդունդը կուլ տվեց հինգ հարյուր հեծյալների։ Որոշ ժամանակ լսվում էր անընդհատ ու հաճախակի դոփյուն՝ երկու հազար սմբակներ հարվածում էին ժայռերին ու մանրաքարերին։ Բայց այդ աղմուկն աստիճանաբար լռեց, և վերջապես ամեն ինչ խաղաղվեց։ Ձիերն ու մարդիկ ոչնչով չէին մատնում իրենց ներկայությունը կիրճում։ Լսվում էին միայն վայրի գազանների ու թռչունների ձայները՝ այծկիթի աղիողորմ լացը, գայլի ոռնոցն ու արծվի սուր ճիչը, որոնց թաքստոցն էին ներխուժել անկոչ հյուրերը։

Մեկ օր էլ անցավ: Նորից լուսինը դուրս եկավ, և վիթխարի օձը, որն ամբողջ օրը գալարված պառկել էր կիրճում, անաղմուկ դուրս սողաց նրա երախից ու ձգվեց Պեկոս գետի հովտով։

Ահա այն արդեն հասավ գետին ու անցնում է նրա մյուս ափը: Ճողփյունի ու ջրի վեր թռչող շիթերի մեջ ձիերը մեկը մյուսի ետևից անցնում են ծանծաղուտը, այնուհետև զորասյունն առաջ է սահում։

Պեկոսի հովտից այն բարձրանում է սարահարթի վերին մասը, որտեղից բացվում է ամբողջ Սան Իլդեֆոնսո հովիտը։

Կարճատև դադար. առաջ անցան հետախույզները, և զորասյունը նորից շարժվեց։

Իսկ երբ լուսինը թաքնվեց Սիերա Բլանկայի ձյունապատ գագաթի ետևում, զորասյան ծայրը հասավ Խորտակված աղջկա քարափին։ Վերջին ժամին առաջնորդը դանդաղ էր շարժվում՝ կարծես սպասում էր լուսնի ծածկվելուն։ Այժմ նրան լույս պետք չէ։ Տեղի ունենալիք իրադարձությունների համար մութն ավելի հարմար է։ Ճանապարհը հետազոտելու համար ուղարկված հետախույզները վերադարձան։ Ժայռերի միջև ընկած նեղ արահետով սպիտակ առաջնորդն իր ջոկատը տանում է դեպի ներքև։ Եվս կես ժամ՝ և հինգ հարյուր հեծյալներ անաղմուկ թաքնվում են մացառուտում։

Թավուտում մետիս Անտոնիոն բացատ է գտնում։ Այստեղ զինվորներն իջնում են ձիերից և նրանց կապում ծառերին: Նրանք թշնամու վրա հետիոտն կհարձակվեն։ Գիշեր է։ Լուսինը թաքնվել է, և նրա լույսն անդրադարձնող փետրաձև ամպերը րոպե առ րոպե ավելի ու ավելի մռայլ են դառնում: Այժմ արդեն քսան քայլի վրա ոչինչ չի երևում։ Երկնքի մուգ ֆոնի վրա սև ու մռայլ է թվում ամրոցի վիթխարի զանգվածը։ Աշտարակի վրա ժամապահ չի երևում։ Միայն ժամանակ առ ժամանակ լսվում է նրա զիլ կանչը. «Լսիր»,– նշանակում է, նա իր պահակետում է։ Այդ կանչին պատասխանում է դարպասի մոտ կանգնած ժամապահը և նորից լռություն է տիրում։ Կայազորը խոր քնած է, քարե նստարանին փռված, անխռով քնած են նաև դարպասի մոտ հսկող պահակները։

Ամրոցում անսպասելի հարձակման չեն սպասում. չէ՞ որ հնդկացիների արշավանքների հետ կապված ոչ մի լուր չկա, հարևան ցեղերի հետ խաղաղ հարաբերություններ են հաստատվել, խռովարար տագնոսները ոչնչացված են։ Ո՞ւմ էր պետք ավելորդ զգուշությունը։ Կայազորի սովորական հսկողության համար միանգամայն բավական են երկու ժամապահը, մեկը՝ դարպասի մոտ, իսկ մյուսը՝ ազոտեայում։ Այդ էր պակաս։ Ամրոցի բնակիչները նույնիսկ չեն էլ կասկածում, որ թշնամին շատ մոտ է։

«Լսիր»,– նորից զիլ ձայնով բղավում է պատին կանգնած պահակը։ «Լսիր» – նորից նրան պատասխանում է մյուսը, այն, որը կանգնած է դարպասի մոտ։ Բայց նրանք երկուսն էլ հանգիստ են ու այնքան էլ ուշադիր չեն հսկում: Նրանք չեն նկատում, թե ինչպես գետնին պառկած, վիթխարի կրիաների նման, դեպի ամրոցի պատերն են սողում ինչ-որ խավար ստվերներ։ Դանդաղ ու անաղմուկ, նրանք առաջ են շարժվում խոտերի միջով, մոտենալով ուղիղ ամրոցի դարպասին։ Ժամապահի մոտ լապտեր է վառվում, այն որոշ հեռավորության վրա լույս է արակում։ Բայց ի՞նչ օգուտ, ժամապահը նրանց չի տեսնում։

Վերջապես ինչ-որ շշուկ է հասնում նրա ականջին: Նրա շուրթերից պատրաստ էին դուրս թռչել. «Ո՞վ կա այնտեղ» բառերը, բայց մահը կանխում է դրանք։ Միանգամից ձգվեցին վեց աղեղներ, վեց նետ խրվեց ժամապահի կուրծքը: Նրա սիրտը խոցված է, և նա, նույնիսկ առանց որևէ հոգու հանելու, գետին է տապալվում։ Խավար կերպարանքների հոսանքը բաց դարպասից ներս է լցվում։ Խուճապի մատնված պահակը, չհասցնելով զենք վերցնել, մեռնում է։

Թնդում է վակոնների մարտական կանչը, հարյուրավոր թխամաշկ զինվորներ անընդհատ հոսանքով լցվում են ներքին բակը։

Նրանք ներխուժում են պատիո, պաշարում են զորանոցների դռները։ Խուճապի մատնված զինվորները շապիկներով այս ու այն կողմ են փախչում և, իրենց թխամաշկ թշնամիների նետերից խոցված, վայր են ընկնում։ Բոլոր կողմերից կարաբինների ու ատրճանակների տրաքոցներ են լսվում, բայց կրակողները մեռնում են՝ չհասցնելով նորից լցնել իրենց զենքերը։

Դա ահավոր կռիվ էր, չնայած երկար չտևեց։ Ամեն ինչ իրար էր խառնվել. ճիչեր, տնքոցներ, կրակոցներ, վրիժառու առաջնորդի հնչեղ ձայնն ու նրա զինակիցների մարտական վայրի կանչը. փայտի ճարճատյուն, երբ կոտրատում կամ տեղահան էին անում դռները, սրերի շաչյուն, նետերի սուլոց, կարաբինների դղրդյուն... Այո, դա իսկապես ահավոր կռիվ էր։

Բայց ահա այն ավարտվեց։ Գրեթե կատարյալ լռություն տիրեց։ Իրենց սարսափ տարածող կանչով զինվորներն այլևս օդը չեն դղրդացնում: Նրանց թշնամիները՝ զինվորները, ոչնչացված են։ Բոլոր զորանոցները, առանց բացառության, մաքրված են, իսկ նրանց բնակիչները, ամբողջովին արյան մեջ կորած, կույտերով թափված են բակում կամ դռների մոտ։ Նրանք բոլորը սպանվել են հենց տեղում։

Ասենք ոչ, ոչ բոլորը։ Երկուսը կենդանի են մնացել, երկուսին խնայել են։ Վիսկարրան ու Ռոբլադոն դեռ կենդանի են։

Այժմ շենքի փայտյա դռների առջև տաշեղի կույտեր են լցնում ու վառում։ Երկինք են բարձրանում ծխի քուլաներն ու բոսորագույն բոցի լեզուները։ Կրակը հասնում է ազոտեայի վիթխարի գերաններին. դրանք այրվում են, ճարճատում ու բակն են թափվում։ Շուտով ամրոցի փոխարեն միայն ծխացող ավերակներ են մնում...

Բայց կարմրամաշկ զինվորները չսպասեցին մինչև ամրոցի լրիվ այրվելը նրանց առաջնորդի վրեժը դեռ ավարտված չէր: Նա միայն զինվորներից չէ, որ պետք է վրեժ լուծեր: Նա երդվել էր վրեժ լուծել նաև հովտի բնակիչներից։ Սան Իլդեֆոնսո բնակավայրը պետք է բնաջնջվի։

Եվ Կառլոսը կատարեց իր երդումը։ Արևածագից առաջ քաղաքն արդեն բոցերի մեջ էր: Նետերը, նիզակներն ու տոմահավկներն արեցին իրենց գործը։ Հարյուրավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ կործանվեցին իրենց ծխացող տների փլատակների տակ։

Բացի հնդիկտագնոսներից, միայն քչերը կենդանի մնացին. հենց նրանք էլ պատմեցին այդ ահավոր սպանդի մասին։ Միայն մի քանի սպիտակամորթների, այդ թվում նաև Կատալինայի չարաբախտ հորը թույլ տրվեց վերցնել ունեցվածքի մնացորդներն ու հեռանալ։

Ընդամենը տասներկու ժամվա ընթացքում ամբողջ Սան Իլդեֆոնսո բնակավայրը, քաղաքը, ամրոցը, միսիան, հասիենդաներն ու ռանչոները դադարեցին գոյություն ունենալուց։ Այլևս չկային նաև այդ չքնաղ հովտի բնակիչները։

Կեսօր է։ Սան Իլդեֆոնսոյի ավերակները դեռ ծխում են: Նրա բնակիչները մեռած են, բայց այնտեղ մարդիկ կան։ Հրապարակում հարյուրավոր թխամաշկ զինվորներ են հավաքվել, նրանք քառակուսի շարք են կազմել: Նրանց առաջ, հրապարակի մեջտեղում, մի անսովոր տեսարան, դրամայի մեկ գործողություն էլ է խաղացվում. իր ավարտին է մոտենում սպիտակ առաջնորդի վրիժառությունը։

Ջորիների վրա երկու կապկպված մարդ է նստած: Նրանց շորերը հանել են և մերկ թիկունքներն ի ցույց են դրել լռակյաց հանդիսականներին։ Եվ չնայած այդ երկուսի վրա այլևս չկան փողփողող սուտանները, բայց կարճ կտրած մազերից ու ածիլած տոնզուրաներից դժվար չէ ճանաչել դրանց։

Դրանք միսիայի ճիզվիտ հայրերն են։

Խորն է մտնում մտրակը նրանց մերկ մարմինների մեջ. ճիզվիտները բարձրաձայն տնքում են, ցավից ու սարսափից գալարվում: Նրանք իրենց տանջահարողներից ջերմորեն խնդրում ու աղաչում են դադարեցնել դաժան ճիպոտահարումը, սակայն նրանց ոչ ոք չի լսում։

Այդ տառապանքները երկու սպիտակամորթներ են դիտում։ Դրանցից մեկը Կառլոսն է՝ որսորդը բիզոնների, իսկ մյուսը՝ անասնապահ դոն Խուանը։

Իզուր են ճիզվիտ հայրերը փորձում նրանց մոտ խղճի զգացում առաջացնել: Նրանց չէր հաջողվի շարժել այդ երկու մարդկանց սրտերը, նրանց սրտերը քարացած էին։

– Հիշեք մորս, հիշեք քրոջս,– ատամների արանքից պատասխանում է Կառլոսը։

– Այո՛, անարժան քահանաներ, հիշեցեք,– լրացնում է դոն Խուանը։

Նորից է բարձրանում մտրակն ու նորից իջնում նրանց թիկունքներին։ Եվ այդպես այնքան ժամանակ, մինչև որ հրապարակի չորս անկյուններն էլ դարձան հատուցման վկաները։

Ջորիներին մոտեցնում են եկեղեցուն, որի պատերը սևացել են մրից, իսկ կտուրը փուլ է եկել, և նրանց գլուխները կապում են իրար, հանդիսականները հեծյալների միայն թիկունքներն են տեսնում։

Փոքր-ինչ հեռվում կանգնել է զինվորների շղթան, նրանց աղեղները ձգված են, և ազդանշան ստանալուն պես նետերի տարափը սուլոցով ճեղքում է օդը։ Վերջ սուրբ հայրերի տանջանքներին, նրանք երկուսն էլ այլևս կենդանի չեն։

Ես մոտենում եմ այս ահավոր դրամայի վերջին գործողությանը։ Խոսքեր չեմ գտնում այն նկարագրելու համար: Նախընթաց բոլոր դեպքերը նսեմանում են այս գործողության զարհուրելի տեսարանի առաջ։ Այն իրագործվում է Խորտակված աղջկա քարափի կատարին։ Այդտեղ սարահարթի մի մասը նեղ ու երկար հրվանդանի ձևով խրվում է հովտի մեջ։ Այստեղ էր, որ Կառլոսն այնքան փայլուն քննություն բռնեց սուրբ Հովհաննեսի օրը։

Հիմա էլ կցուցադրվի ձիավարության արվեստը։ Բայց այսօրվա մասնակիցները որքա՜ն նման չեն նրանց. որքա՜ն նման չեն նաև հանդիսատեսները։

Ձիերին երկու մարդ է նստած։ Դրանք ակամա հեծյալներ են, նրանք կապված են թամբերին։ Ձեռքերում սանձեր չեն բռնել. դրանք կապկպված են հետևում։ Իսկ նրանց ոտքերն ամուր կապված են ձիերի փորատակով անցնող դաբաղած կաշեփոկերով։ Հեծյալներին թամբի վրա ամուր ու անշարժ պահելու համար այլ կաշեփոկերով էլ էին կապկպել, որոնք ամուր կաշեգոտիներից գնում էին դեպի առջևի թամբաղեղներն ու ձիերի գավակները։ Այդպիսով, ձին չի կւսրող իր վրայից վայր նետել հեծյալին, առանց թամբն իր վրայից գցելու։ Իսկ վերջինիս պահում է ամուր թամբակալը: Ամեն ինչ կանխամտածված է. այդ հեծյայներն առանց իրենց արվեստը ցուցադրելու չեն թռչի թամբի վրայից:

Բայց նրանք դա հոժարակամ չէին անում։ Դրանում հաջողվելու համար բավական է միայն նայել նրանց դեմքերին: Սարսափելի են այդ դեմքերին իջած արտահայտությունները. ամենաստոր վախկոտ փոքրոգություն, ամենաանփարատ հուսահատություն։

Դրանք միջին տարիքի մարդիկ են, տոնականորեն հագնված սպաներ։ Բայց առանց դրան էլ դժվար չէր ճանաչել Կառլոսի մահացու թշնամիներին՝ Վիսկարրային ու Ռոբլադոյին։ Միայն հիմա նրանք արդեն ոչ թե Կառլոսի հակառակորդներն են, այլ նրա գերիները։

Բայց ինչո՞ւ են նրանց այդպես տարօրինակ ձևով նստեցրել ձիերին։ Ի՞նչ կատակերգություն է խաղացվելու այստեղ... Կատակերգությո՞ւն։ Ինչպե՞ս չէ։

Նայեցեք, այդ հեծյալների ձիերը վայրի մուստանգներ են: Նայեցեք, յուրաքանչյուր մուստանգի գլուխը փաթաթված է կոպիտ կտորով, և նրանք ոչինչ չեն տեսնում։ Ինչո՞ւ հիմա դուք այդ կիմանաք։

Երկու հնդիկտագնոսներ դժվարությամբ են պահում ձիերին։ Մուստանգները կանգնած են Խորտակված աղջկա քարափի վրա, նրա դուրս ցցված մասի առաջ։

Դեպի այդ կողմ են ուղղվել նաև շարքով կանգնած հնդկացի զինվորների դեմքերը: Նրանք լուռ են։ Ոչինչ չի խախտում չարագույժ լռությունը։ Առջևում, իր սևաթույր ձիով, առաջնորդն է կանգնած, և նրան են հառված բոլորի հայացքները, կարծես մարդիկ նրա ազդանշանին են սպասում: Նրա դեմքը գունատ է, բայց դաժան է ու անհողդողդ։ Վրիժառությունը դեռ ավարտված չէ:

Նա ու նրա զոհերը ոչ մի խոսք չեն փոխանակում։ Ամեն ինչ արդեն ասված է: Նրանք գիտեն, թե ինչ է սպասում իրենց։

Նրանք դեպի նա մեջքով են նստած և Կառլոսին չեն տեսնում: Բայց ձիերին պահող երկու տագնոսների՝ նրա վրա հառված հայացքներում ինչ-որ տարօրինակ արտահայտություն կա: Ինչի՞ են նրանք սպասում: Սպասում են ազդանշանի:

Ձեռքի լուռ շարժումով ազդանշանը արված է: Բաց թողնելով մուստանգներին, տագնոսները մի կողմ են փախչում։ Եվս մի ազդանշան՝ և զինվորները, խթանելով իրենց ձիերին, վայրի գոռգոռոցով առաջ են նետվում։

Ահա արդեն նրանց նիզակները խրվում են մուստանգների գավակների մեջ, և ոչինչ չտեսնող ձիերը սլանում են ուղիղ դեպի քարափի դուրս ցցված մասը...

Հեծյալներից դուրս թռած մահվան սարսափի ճիչը կորչում է հետապնդողների գոռգոռոցի մեջ։ Մի ակնթարթ ևս՝ և ամեն ինչ ավարտված է։ Սարսափահար մուստանգները պոկվում են քարափի պռնկից՝ հեծյալներին իրենց հետ տանելով մշտնջենականության գիրկը։

Թխամաշկ զինվորները խմբվել են նրանց շուրջը և լուռ իրար են նայում։

Առաջ նետվեց մի ձիավոր։ Ձիուն պահելով քարափի հենց եզրին, նա ներքև, դեպի անդունդը նայեց։ Դա սպիտակ առաջնորդն է։

Նա նայում է ներքևում փռված անձև կույտին։ Մարդիկ ու ձիերն անշարժ են, նրանք մեռած են, ճխլված, ջախջախված, ջարդուփշուր եղած... Ահավոր տեսարան։

Կառլոսը խոր շունչ քաշեց, կարծես վերջապես մի վիթխարի ծանրություն պոկվեց նրա սրտից։ Հետո շրջվեց դեպի ընկերը։

– Դոն Խուան,– ասաց նա։– Ես կատարեցի իմ խոսքը. մորս վրեժը լուծված է։

Մայր մտնող արևը տեսնում էր հնդկացի զինվորների երկար շղթան. մեկը մյուսի ետևից նրանք դուրս էին գալիս հովտից ու բռնում Լյանո Էստակադոյի ճանապարհը: Նրանք այնպես չէին հեռանում, ինչպես եկել էին: Նրանք Սան Իլդեֆոնսոյից դեպի հարազատ վայրերն էին վերադառնում թալանած բարիքով, որը նրանք իրենց սեփական զինվորական ավարն էին համարում։

Առաջվա նման առջևից գնում էր բիզոնների որսորդը, իսկ նրա կողքից՝ անասնապահ դոն Խուանը։ Հենց նոր տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունները մթագնել էին նրանց դեմքերը։ Բայց այդ ստվերները ցրվեցին, երբ որսորդները մտովի սլացան դեպի ապագան։ Ճանապարհի վերջում նրանց երկուսին էլ բերկրալի հանդիպումներ են սպասում։

Կառլոսը երկար չմնաց իր հնդկացի բարեկամների հետ։ Վերցնելով այն ոսկին, որը նրան երբևիցե խոստացել էին հնդկացիները, նա իր ճանապարհը շարունակեց դեպի արևելք և այնտեղ, Լուիզիանայում, Ռեդ Ռիվերում պլանտացիա ձեռք գցեց: Նրա հետ էին գեղեցկուհի կինը, քույրը, դոն Խուանն ու հին ծառաներից մի քանիսը և խաղաղության ու բարօրության մեջ նա ապրեց երկար տարիներ։

Ժամանակ առ ժամանակ նա որսի էր մեկնում իր հին բարեկամների վակոների երկիրը, որոնք մշտապես ուրախ էին դրա համար ու առաջվա պես նրան իրենց սպիտակ առաջնորդն էին համարում։

Իսկ Սան Իլդեֆոնսոյի մասին այն ժամանակներից հետո այլևս ոչինչ չլսվեց։ Այդ չքնաղ հովտում այդպես էլ նոր բնակավայրեր չհիմնադրեցին։ Ճիզվիտ հայրերի հարկադրած ստրկության շղթաներից ազատագրվելուց հետո տագնոսները մեծագույն ուրախությամբ հրաժարվեցին իրենց վզին փաթաթած կիսաքաղաքակրթությունից: Նրանց որոշ մասը հիմնադրվեց այլ բնակավայրերում, իսկ մեծամասնությունը վերադարձավ հին սովորույթներին, նրանք նորից Պարիայի որսորդներ դարձան։ Գուցե այդ ժամանակներում Սան Իլդեֆոնսոյի ճակատագիրն ավելի մեծ հետաքրքրություն առաջ բերեր, բայց մեր նկարագրած իրադարձությունները տեղի ունեցան իսպանոամերիկյան պատմության բացառիկ ժամանակաշրջանում։ Հենց այդ շրջանում ամբողջ Ամերիկյան մայր ցամաքում Իսպանիայի տիրապետությունն արագ դեպի անկում էր գնում, և Սան Իլդեֆոնսոյի կործանումը միայն մի միջադեպ էր բազմաթիվ ոչ պակաս դրամատիկ իրադարձությունների շղթայում։ Մոտավորապես այդ նույն ժամանակներում ընկան Գբան Կվիվիրան, Աբոն, Չիլիլին և հարյուրավոր այլ բնակավայրեր ու քաղաքներ։ Դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունը, իր արյունով գրված վեպն ունի, որոնք, գուցե, ավելի հետաքրքիր են, քան այն, որը մենք այստեղ պատմեցինք։

Միայն առիթը մեզ բերեց Սան Իլդեֆոնսոյի չքնաղ հովիտը, առիթը մեզ ստիպեց հանդիպել այն մարդուն, որը հիշում էր նրա առասպելը, սպիտակ առաջնորդի առասպելը։

– ՎԵՐՋ –