Գնաց՝ չհասկացվելու պատրաստ

Գրապահարան-ից
Գնաց՝ չհասկացվելու պատրաստ

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Երկիր։ Ցպահանջ…», «Հայաստանի Հանրապետություն» 15.01.1991 թ․


Նա մի մեծ թշնամանքի զոհ գնաց, որն իր անձի հանդեպ չէր, այլ իր ընկերների, իր Շարժման, իր ժողովրդի ազատ ապրելու կամքի դեմ։ Թշնամությունը կարող է գիտակցված լինել, կարող է՝ ոչ․ դրանից հետեւանքի ահավորությունը չի նվազում։ Ավելին՝ չգիտակցված թշնամությունը ատելությունը վերածում է անասնական մոլուցքի, որից փրկություն չունի լավը, ողջախոհը, բանականը։ Մտավոր տկարությունը, եթե անգամ մեղմացուցիչ դեպք է մասնավոր հանցանքի, եզակի հանցանքի համար, ապա խմբակային մտավոր տկարությունը նման արդարացում չունի, քանզի հարյուրապատիկ վտանգավոր է շրջապատի եւ կործանարար՝ ժողովրդի համար։

Նա համոզված էր, որ աններելի անվճռական ենք բոլորս եւ ուզում էր, որ մի հարվածով վերանա տխմարության ու հանցագործության այդ բույնը։ Հետ պահեցինք մեկ անգամ, հետ պահեցինք երկորդ անգամ, երրորդ անգամ չկարողացանք, որովհետեւ տղամարդ էր ու հանդուրժել չկարողացավ երեխա֊տղաների հեգնանքը՝ թե դա իր գործը չէ։

Գնաց խոսելու՝ իր մանկական բնույթին վայել միամտությամբ կարծելով, թե դեմը լսելու ընդունակ մարդ, այնուամենայնիվ, կա։ Բայց գնաց նաեւ չհասկացվելու պատրաստ։ Եվ իր կյանքով, իր ու Չաուշի կյանքով վճռվեց ամենքիս անելիքը։

Համոզում էր, պնդում էր, կոկորդ էր պատռում, որ դա՝ բանակ կոչվածը, սուտ է, փուչ է, չկա․․․ Ստիպված իր կյանքի գնով ցրեց 160 հազարի, նույնիսկ հազարի պատրանքը։ Երկու անզուգական կյանքի գնով ցրվեց քաղաքական բախտախնդիրների, ընդամենը հարյուրի չափ անհամբեր֊խաբված տղաների, հիմնականում հանցագործների ու կրկնահանցագործների այդ փոքրաթիվ խմբի միֆը, որ այնքան շահագրգիռ ուռճացնում էին՝ ՊԱԿ֊ը, ՀԿԿ֊ն, տեղիս մամուլը, դրսի հայալեզու, թշնամալեզու մամուլը, միֆ, փուչիկ, սուտ, որ ներսից մեր աչքն էր հանում, դրսից՝ ուրիշի, որ այնքան պետք էր մեր թշնամիներին, որի միակ ռազմական գործողությունը այս երեք տարվա մեջ Նոյեմբերյանի ավանտյուրան եղավ, որ ամենամեծ ծառայությունը եղավ Ադրբեջանին (հոգեկան հիվանդին վայել 160 հազարի այդ բարբաջանքի հետեւանքը եղավ այն, որ Ադրբեջանը փշալարերով, խրամատներով, ռուսական բանակով սահման դրեց Արցախի ու Հայաստանի միջեւ 5000 ավտոմատավոր ունեցավ՝ պաշտոնապես, Հայաստանի ու Արցախի՝ մի քանիսի դիմաց), եւ որի իսկական գինը լավ գիտենք ես ու իմ վաղամեռիկ ընկերը։

Գնում են, նոր ենք հասկանում (այս է մարդուս բնույթը)՝ ով ինչ գանձ էր։

Եթե փիլիսոփայորեն նայենք․․․ Եթե շատ վերանանք ու շատ բարձրանանք, այսպես հեռվից ու բարձրից, վերջին հաշվով նայենք, «իմաստաբար», պիտի ասենք, որ չնչին է անհատի ազդեցությունը պատմության ընթացքի վրա։ Բայց պատմության դեպքերի մասնակցիս փորձը անհաղորդ է վերացական մտահանգումների հետ։ Մտածում եմ՝ եթե չլիներ Այվազյան Վիկտորը, այդպես անհողդողդ կանգնած չլիներ նա դեռ Ազատության չդարձած, չազատագրված հրապարակի խոսափողի մատույցներում, եթե նրանից ու իր ընկերներից անցնեին այն սադրիչները, վարձկաններն ու թուլամորթները, ովքեր խռովահույզ, վտանգավոր ալեկոծվող ժողովրդի դեմ իրենց թիկունքին կազմակերպված պետություն ու բանակներ ունեին, եթե անցնեին ու հասնեին խոսափողին ճգնաժամային պահերին, ի՞նչ կլիներ ժողովրդի վիճակը, ի՞նչ կմնար Շարժումից։

Միտքս, բարեբախտաբար, թարմ շիրմի առաջ չի ծնվել ու սթափության քննություն բռնելու կարիք չունի ժամանակի մեջ։