Դարձ ի շրջանս յուր
հեղինակ՝ Վանո Սիրադեղյան |
Հայաստանի նախագահը վերջապես դարձավ դասական հայ ազգային գործիչ՝ ՄԱԿ֊ի ամբիոնից հայհոյեց Թուրքիային եւ, համոզված եմ, Ամերիկայի մեր հայրենակիցների շրջանակներում ստվերեց Ր․ Հովհաննիսյանի փառքը՝ Անկարայի տխրահռչակ ելույթից հետո։ Եթե նախագահը մնար Ամերիկայում ու վայելեր իր փառքը, դա կլիներ հայավարի ճիշտ, բայց բանն այն է, որ վերադառնալու է իր պարտականությունների կատարմանը պայթյունավտանգ Կովկաս՝ որպես երկրներից մեկի ղեկավար։
Փոխարենը Հայաստանի կառավարության գործը հեշտացավ։ Հիմա այլեւս ոչ մի դիվանագիտություն պետք չէ, ամբողջ դիվանագիտությունը հանգում է գենետիկ հիշողության մակարդակով մեզ ծանոթ հայ քաղաքական մտքի գոհարին՝ ամեն կերպ համոզել Ռուսաստանին, որ զորքերը դուրս չբերի Հայաստանից։
Իսկ եթե հայ ժողովրդի մեջ մտավոր կարողությունը չբավարարի բացատրելու ռուսներին իրենց իսկ աշխարհաքաղաքական շահը, իսկ եթե 2000 տարվա թատրոն ունեցող ազգի մեր հմտությունը չսրտաշարժի Ռուսաստանի գործիչներին, եթե մեր ընդերքի հարստությունը չբավարարի հարցը կաշառքով լուծելու։ Ուրեմն ոչ ընդերքն է հարուստ, ոչ թատրոն ենք ունեցել․․․ Եվ առհասարակ այս անգամ էլ քրիստոնյա Ռուսաստանը իր շահը չհասկացավ։
1990 թ․֊ին «Հայքում» ես գրել եմ․ «Ամեն տարի ապրիլի 24-ին թերթում եղեռնի մասին Մոսկվայից մի հոդված տպագրելու թույլտվություն մուրացող, երեք տարին մեկ այդ իրավունքը կիսատ֊պռատ ստացող հայ ժողովուրդը միանգամից իսլամի հերը անիծելու ռենեսանս ապրեց։
․․․Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք։ Դուք ձեզ ու ժողովրդին կապում եք ռուսական բանակի աբոզին՝ զորքի մսացու անասունի նման։ Այսօր ձեզ թույլատրվում է հայ ժողովրդին վերջնականապես մեկուսացնել Կովկասում ու Արեւելքում, վաղը զորքը հանելու սպառնալիքով կփակեն ձեր չափը չիմացող բերանը (պարզապես կհրամայեն ու դուք կպապանձվեք), մյուս օրը զորքը հարկադրաբար կհանեն, եւ ժողովուրդը կմնա մահվան օղակում։
Դուք, ճիշտ է, ժամանակին թռած կլինեք Մոսկվա»։
8 տարի հետո ավելացնելու մեկ բառ ունեմ՝ «Թռած կլինեք նաեւ Աթենք»։