Դեսանտ Սալոնիկում

Գրապահարան-ից
Դեսանտ Սալոնիկում

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Երկիր։ Ցպահանջ…», «Հայկական ժամանակ» 24.08.2002

Քաղաքում պետական գաղտնիքը առաջինը լրբերը իմացան։ Երբ լրբերի կռահումը համոզմունքը դարձավ, ոստիկանապետը զեկուցեց քաղքապետին։ Քաղաքապետը վիրավորվեց։ Նա համոզված էր, որ նման նշանակալից դեպքի մասին կառավարությունը իրեն տեղյակ չի պահել սոսկ այն պատճառով, որ ինքը պառլամենտական մեծամասնության կուսակցությունից չէ։ Քաղաքապետի վրդովմունքի մասին խոսում էին նույն լրբերը բարերում։ Նա նույնիսկ մտադրված է եղել, ասում էին, հարցը քննարկել սոցուժերի տեղական ակտիվիստների հետ, բայց ազգային անվտանգության քաղաքի պատասխանատուն, ըստ լրբերի, խորհուրդ չի տվել։ Մեր քաղաքի լրբերը քաղաքականությանը չէին խառնվում, ինչ֊որ մի տեղով զգալով, որ դա կխփի գործին, բայց քաղաքապետին սիրում էին քույրաբար։

Բացի այն, որ քաղաքապետը լեզվանի տղա էր ու լավ էր հագնվում, նաև դեմ էր պոռնկությունը լեգալացնելուն։ Սոցիալիստի նրա դիրքորոշում մոտ էր լրբերի աշխատավոր հոգուն։ Անհասկանալի էր` ինչ էին ուզում նրանք, ովքեր կոչ էին անում պոռնկատուն բացել։ Եվ ավելորդ է ասել, որ ոստիկանապետը նույնպես դեմ էր։ Մի խոսքով, լրբերը մարդկայնորեն հասկանում էին քաղաքապետին, բայց պետական գաղտնիքը քննարկման առարկա չդարձնելու հարցում անվտանգության ու ապահովության մարմինների կողմն էին։ Իրոք․ ի՞նչ կուսակցական կողմնակալության մասին է խոսքը, եթե զորքերի առաջիկա դեսանտի մասին կառավարությունում անգամ քչերը գիտեին։ Քանի դեռ բանից տեղյակ էին միայն նախագահն ու արտգործնախարարը, երկրում հանդարտություն էր տիրում։ Երբ պաշտպանության նախարարը թռավ Ալյանսի մայրաքաղաք, լուրջ թերթեր նայող էլիտար լրբերը թեթևակի աշխուժացան, բայց դեռ ապասում էին․ պարզ չէր, թե զորքերը որ նավահանգստում կիջնեն։

Հարցը կառավարությունում պիտի քննարկվեր, երբ դեսանտային նավերը մտնեին Միջերկրական ծով։ Իսկ մինչ այդ անվտանգության ու ներքին գորերի նախարարները հրանհանգ ստացան հատուկ ուշադրություն դարձնել երկու նավահանգստային քաղաքների բնակչության հակապատերազմական տրամադրությունների վրա։ Հենց այդ պահից էլ, պարզվեց, մայրաքաղաքի էլիտար լրբերը սկսել են տեղեր պատվիրել Սալոնիկի հյուրանոցներում։ Իսկ Սալոնիկի թանկերը շարժվեցին հյուսիս, զորքի անցնելիք ճանապարհով, դեպի մեր քաղաք։ Երբ մեր քաղաքում հյուրանոցները սկսեցին թանկանալ, քաղաքիս` մեր չափով թանկ լրբերը սկզբում անհանգստացան, անհանգստությունը փոխանցվեց երեք աստղանի հյուրանողի աղջիկներին… Քաղաքի ոստիկանությունը դեռ բանից անտեղյակ էր։ Բայց երբ աշխուժացան հինգդոլարանոց աղջիկները, ոստիկանությունը կռահեց և քաղաքի ջոջերն էլ հասկացան, որ զորքերը ափ են իջնելու Սալոնիկում և անցնելու են, բնականաբար, մեր քաղաքով։ Լրբերի խուճապը կարճ տևեց։ Ի տարբերություն այլոց, պոռնոհամքարությունը ավելի է հարմարված շուկայական հարաբերություններին և պակաս է կախված խուճապի շնորհիվ հիերարխիայի ավանդապահության։ Ոչ մի տեղ ապրանքն ու գինը այնպիսի հեշտ ու առանց բարդության չեն գտնում իրար, ինչպես մարդկային գործունեության այս ոլորտում։

Այս ոլորտում այնպես չի լինում, որ Լառնակայում լցրած օղին սաղացնեն Մոսկվայի "Ստոլիչնու" տեղ, Բելգրադում լցրած շոտլանդականը առնես Սոֆիայի առաջակարգ խանութում, կամ ծխես Բուխարեստի ետնախորշերում տպագրած "Դավիդոֆֆի" տուփերով ինչ֊որ խոտ։ Այստեղ ամեն ապրանք գիտի իր գինն ու իր տեղը, նույնիսկ աշխատելու իր ժամը։ Այդ միայն անուշադիր մարդիկ են կարծում, թե բոլոր լրբերը ցերեկները քնում, գիշերը աշխատում են։ Ցերեկը քնում են միայն ամենաթանկերը։ Որովհետև թանկ վճարող տղամարդիկ ցերեկը քար չեն քաշում և ժամը տասին անկողին չեն մտնում, որպեսզի առավոտ 6֊ին գնան նավահանգիստ կամ իջնեն ածխահորը։ Նաև թանկ վճարող տղամարդիկ բիզնեսից, պետական գործերից֊բանից ազատվում են կեսգիշերին մոտ և, բնականաբար, նրանց բաժին լրբերը արթնանում են մայրամուտից հետո։ Արթնանում, ճմլկտվում, դզվում֊փչվում են մի քանի ժամ, մեկ֊երկու ժամ էլ պտտվում են ուշ փակվող խանութներում, մինչև գալիս է բազմազբաղ տղամարդկանց ընթրիքի ժամը։ Քիչ ավելի ուշ արթնանում են այն լրբերը, որոնց բաժին տղամարդիկ չեն կարող իրենց թույլ տալ տուն գնալ գիշերվա 3֊ից և աշխատանքի ներկայանալ առավոտյան 9֊ից հետո։

Իսկ ամենաքոսոտները ապրում են բոլորիս ռեժիմով։ Եվ մինչև նրանց աստղով քույրերը ամբողջ ցերեկը քուն մտած են լինում խավարոտ ու զով սենյակներում, սրանք քարշ են գալիս դոկերում, դուքաններում, քաղաքային ցանցառ այգու ճեմուղիներում և օրվա վաստակը առնում են ոտքի վրա` նրանցից, ովքեր չեն կարող իրենց զրկել քնելուց առաջ իրիկվա հեռուստաֆիլմը նայելու հաճույքից։ Լավագույն դեպքում լրբերի այս դասը իրիկվա մի քանի ժամը անց է կացնում հեռուստաֆիլմից ուշացած, բայց "մուննաթի" ժամից առաջ տուն շտապող տղամարդկանց հետ այն պանդոկներում, որտեղ խոհանոցի կողքը մի տեղ մեկ֊երկու "հանգստի սենյակ" է լինում` դիվան֊բազկաթոռ և էժանագին հեռուստացույցով, որը մշտապես աշխատում է, և ձայնն էլ ոչ բարձրանում է, ոչ իջնում։ Իհարկե, կարգազանցները լինում են, գեշի ռոմանտիկը, որը մինչև իր տեղը ճանաչելը հյութի ու սուրճի վրա փող է վատնում ռեստորաններում ու ժամի` չգիտես ինչի սպասելով, կամ պատահում է բարկ արևի տակ փողոցներում հովանոցով, բայց մոլոր քայլող թանկանոց ապրանք… Բայց սա չի խաթարում ընդհանուր կարգը։ Ուրեմն, երբ զորքերը իջան Սալոնիկում, ամեն ոք արդեն իր տեղում էր․ Աթենքի քաջատեղյակ ու քաջասրունք լրբերը` Սալոնիկում, Սալոնիկի գյոզալները` մեր քաղաքում, իսկ մերոնք գնալու տեղ չունեին, որովհետև երկիրը փոքր էր և զորքերի հետևյալ հանգրվանը դարձյալ մայրաքաղաքն էր` մեր մայրաքաղաքը իր սեփական թանկ, պակաս թանկ ու էժան լրբերով, գումարած Բուլղարիայից պատերազմների առիթով ժամանածները։ Այդ մենք չգիտեինք զորքերի տեղաշարժի մանրամասները։ Աթենքից եկածները գիտեին։ Հետևաբար, իմացան Սալոնիկի լրբերը։

Մեր քաղաք տեղաշարժված Սալոնիկի լրբերից իմացան մեր անվտանգության մարմինները, մարմիններից իմացան մեր թանկերը, մեր թանկերից` մեր ոստիկանները, իսկ էժանները` իմանային֊չիմանային, նրանք տեղաշարժվելու հնարավորություն առանձնապես չունեին։ Զորքը իջավ ու լռվեց Սալոնիկում։ Թերթերը գրում էին, թե Սալոնիկի սերբերը փակել են զորքերի ճանապահրը։ Նաև գրում էին, թե ուղղափառ հույները չեն ուզում, որ Ալյանսի զորքերը մուսուլման ալբանների պատճառով նեղություն տան նույնքան ուղղափառ սերբերին։ Եվ որ դեսանտը ահագին վնաս է հասցրել նավահանգստին։ Երևի հարմար տեսնելով առիթը, որ զորքերը անցնելու են նաև Մակեդոնիայով, հունական թերթերը ևս մեկ անգամ կոչ արեցին, որ Մակեդոնիան փոխի իր երկրի անունը։ Որ այդ երկրի անունը թող չլինի Մակեդոնիա։ Եվ քանի որ Բալկանները մտել էին իրենց տարերքի մեջ, ալբանական ծայրահեղական թերթերը պահանջեցին Հունաստանի հյուսիս֊արևմտյան շրջանները վերադարձնել Ալբանիային։ Եվ որ (մեր մեջ ասած) Մակեդոնիան կարելի է նաև կիսել Բուլղարիայի և Ալբանիայի միջև և այնպես, որ Օխրիդ լեռնային զուլալ լիճը հասնի Ալբանիային։ Իրենց հերթին, սերբական թերթերը հիշեցրին թշնամուն․ Օխրիդում են ծնվել, ի դեպ, Կիրիլն ու Միֆոդին, իսկ ալբաններին պիտի քոչեցնել ոչ միայն Կոսովոյից, որը սերբերի սրբազան դաշտն է` հայերի Ավարայրի նման։ Սրբազան, որովհետև այստեղ են վերջնականապես ջախջախվել թուրքական բանակի կողմից 500 տարի առաջ, բայց հո ճակատամարտ են տվել, չեն փախել առանց ճակատամարտ տալու…

Մի խոսքով ալբաններին պիտի քշել նաև Մակեդոնիայից, որովհետև մակեդոնուհիները չեն ծնում, իսկ ալբանուհիները ծնում են անվերահսկելիորեն։ Թեպետև տեղն է Մակեդոնիայի իշխանությանը, որը իր սլավոնական տարածքով թույլ է տալիս անցնել քրիստոնյա կոչված զորքերին` հարվածելու քրիստոնյա սերբերին` մուսուլման ալբանների պատճառով։ Եվ ընդհանրապես, խորանում էին սերբական թերթերը, մակեդոնական ազգ գոյություն չունի, նույն սերբերն են, պարզապես չափից ավելի են շփվել բուլղարների հետ։ Բուլղարական թերթերը, իհարկե, նեղացան, որովհետև մակեդոնացիներին իրենք համարում էին ոչ թե սերբ, այլ բուլղարացի լեռնականներ, ովքեր, պարզապես, ավելի են վայրենացել Տիտոյի պարտիզանական ջոկատներում։ Եվ Բուլղարիան թույլ տվեց, որ Ալյանսի օդային ուժերը Բելգրադը ռմբակոծելու թռչեն նաև Բուլղարիայի օդային տարածքը կտրելով։ Մինչև բազարը թանկանում էր, Սալոնիկի նավահանգստում զորքերի լռվելուց անհանգստացած մեր լրբերը պոկվեցին Սալոնիկ։ Իհարկե, տեղում չմնացին նաև Սալոնիկից եկածները։ Եվ պարզ դարձավ, որ զորքերը մեր քաղաքում կանգ չեն առնելու։ Զորքրեը եկան անցան, և ամեն բան ընկավ իր հունը։ Աթենքի լրբերը վերադարձան Աթենք, Սալոնիկինը մնացին Սալոնիկում, մեր քաղաքից գնացածները վերադարձան և հետագա մի քանի օրերին անվտանգության տղերքին շշուկով պատմում էին, որ ոչ մի սերբ էլ չկար զորքերի ճանապարհին, այլ ավարաների մի խումբ նստել էր ճանապարհին` զոնտիկների տակ, խմում էր "Պեպսի" ու "Րախի", ուտում էր անհամազգեստ ոստիկանների բերած քյաբաբը, այնինչ զորքրեը նավահանգստից դեռ դուրս չէին եկել, գուցե ափ էլ չէին իջել, իսկ սպաները հյուրանոցներում հանգստանում էին կռվից առաջ։

Աղջիկները կարծես թե չէին չափազանցնում, թեև սալոնիկցիների հակամիլիտարիստական ընդվզումը հնչում էր գրեթե համոզիչ։ Բանն այն է, որ արդեն հարյուր տարի էր հունական խռովահույզ հոգին հա քշում էր դեպի կոմունիզմի հանդերը, և նույնքան համառությամբ կապիտալիզմի պահապանները ձեռքից գնացող Բալկանների այդ վերջին, ստրատեգիական կտորի կոտոշներից բռնած` գլուխը խոթում էին բուրժուական լիության մսուրը… Անցած լինի, իհարկե, բայց չէր խանգարի, որ սառը պատերազմի երանելի ժամանակների կարգով մի երկու միլիարդ իջնեն այս առիթով` ի լրումն երեկվա բյուջեի, եթե իրենց սպաները 120 դոլար են տալիս հյուրանողում գիշերելու համար։ Սպաները իսկապես ապրում էին "Հիլտոնում", պատմում էին լրբերը։ Աթենքից իջած լրբերի դեսանտը նույնպես։ Եվ քաշում էին դոլարի առաջին սերը։ Աղջիկները խոստովանում էին մեր մարմիններին, որ իրենք հիմնականում բավարարվում էին գերմանական մարկով։ Իսկ նավահանգստի վնասները Ալյանսը խոստացավ հատուցել։ Ինչպես նաև գեներալ Կլրակը հույներին խոստացել էր, որ Բուլղարիայից ետ` Թուրքիա կուղարկի չգիտես ինչի համար թռած֊եկած ուսումնական վեց ինքնաթիռները և սերբերին Կոսովոյից դուրս շպրտելուց հետո կզինաթափի լկստված ալբաններին։ Մնացած հարցերը Աթենքի, Սալոնիկի և մեր քաղաքի աղջիկները լուծել էին իրար մեջ։