Դղյակում

Գրապահարան-ից
Դղյակում

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


― Րե՛, Մերի, րե՛, ―Մեքենայաբար կրկնում է Օլգան։ Աղջիկը ռոյալի վրա տհաճությամբ նվագում է թեթև մի էտյուդ, որ նրանք ահա երկու շաբաթ է արդեն, ինչ կրկնում են, բայց գործը տեղից ավելի ու ավելի վատ է առաջ գնում։ Այդ անտանելի մանկական եղանակը նույնիսկ քնի մեջ հետապնդում է Օլգային։

― Րե՛, Մերի, այ լսեցեք։ Դո, րե, սոլ, րե, ― թույլ ձայնով երգում է Օլգան ու նվագակցում ռոյալի վրա։ ― Ավելի ուշադիր եղեք․ դո, րե, սոլ, րե․․․ Ոչ, Մերի, րե՛, րե՛։ Ինչո՞ւ եք շարունակ «մի» վերցնում։

Մերին չգիտի, թե ինչու է սխալվում, հիշում է միայն մի բան՝ հարկավոր է նվագել։ Աչքերում ատելություն կա, ոտքով հարվածում է աթոռին և ահա ուր որ է կփախչի «պապա՛»֊ի մոտ։ Առայժմ աղջնակը «րե»֊ի փոխարեն համառորեն վերցնում է «մի»։ Այլևս չհետևելով նվագին, Օլգան հոգնած նայում է պատուհանից դուրս։ Այգում արև է, վիթխարի ծառերն օրորվում են տաք քամուց․ սակայն այգում էլ ազատություն չկա, ինչպես չկա նաև այգու հետևի հաճարի արտերում։ Ա՛խ, ե՞րբ կգա դասի վերջը։ Եվ նորից «մի», «մի», «մի»․․․

― Րե՛, Մերի, րե՛, ― հուսահատորեն կրկնում է Օլգան ու հանկարծ պայթում․ ― Դուք երբեք նվագել չեք սովորի։

Աղջնակն ուղղվում է տեղում ու ամբարտավան հայացքով չափում տնային դաստիարակչուհուն։

― Մադեմաուզել, ինչո՞ւ այդ բանը չեք ասում պապա՛յի ներկայությամբ։

Օլգան շրթունքն է կծում։

― Դե նվագեցե՛ք, ― բացականչում է նա անհարկի խստությամբ, որսում աղջնակի թշնամական հայացքը և սկսում բարձրաձայն ու ջղային տոնով հաշվել․

― Մեկ, երկու, երեք, չորս։ Մեկ, երկու, երեք, չորս։ Դո, րե, սոլ, րե․․․ Վատ է։ Մեկ, երկու, երեք, չորս․․․

Հյուրասենյակի դուռը կիսաբացվեց։ Այդ, անշուշտ, ծեր կոմսն է՝ կանգնել ու ականջ է դնում․․․ Օլգան իջեցնում է ձայնը․

― Մեկ, երկու, երեք, չորս։ Դո, րե, սոլ, րե։ Հիմա ճիշտ է․․․ (Ասենք, ճիշտ չէ, բայց ախր ծեր կոմսը կանգնած է դռան մոտ)։ Մեկ, երկու, երեք, չորս։ Հիմա լավ է։ Ախր դա այնքան էլ դժվար չի, այնպես չէ՞։ Մեկ, երկու․․․

Դուռը լայն բացվեց, ձեռնափայտը թխկացնելով ներս մտավ ծեր կոմսը։

― Քը՛խմ, Mari, wie gehte? Hast du schon gespielt![1] հը՞, մադեմաուզել։

― Օ՜, այո, ձերդ պայծառափայլություն, ― փութով հաստատեց Օլգան, վեր կենալով ռոյալի մոտից։

― Mari, du hast Talent![2] ― բացականչեց կաղ ծերունին և հանկարծ, ― դա համարյա վանող տեսարան էր, ― ծանր֊ծանր ծունկի իջավ, այնպես որ հատակը ճռճռաց, և ինչ֊որ խանդաղատագին ոռնոցով սկսեց համբույրներ տեղալ իր զավակի վրա։

― Mari, du hast Talent, ― մռթմռթաց նա, բարձրաձայն չմփացնելով աղջնակի պարանոցին։ ― Du bist so gescheit! Sag' mal was soll dir dein Papa schenken?[3]

― Danke, nichts,[4] ― պատասխանեց Մերին, թեթևակի կծկվելով հայրական համբույրներից։ ― Ich mochte nur...[5]

― Was, was, mochtest du?[6] ― խանդավառությամբ թոթովեց կոմսը։

― Lch mochte nur nicht so viel Stunden haben,[7] ― ասաց Մերին։

― Հա՛֊հա֊հա՛, դե, naturlich,[8] ― ծիծաղեց հուզված հայրը։ ― Nein, wie geschhelt bist du![9] Այնպես չէ՞ մադեմաուզել։

― Այո, ― կամացուկ ասաց Օլգան։

― Wie gescheit,[10] ― կրկնեց ծերունին և ուզեց վեր կենալ։ Օլգան շտապեց օգնեու նրան։ ― Պետք չէ՛, ― խստորեն բղավեց կոմսը և, կանգնելով չորեքթաթ, փորձեց ինքը վեր կենալ։ Օլգան շուռ եկավ։ Այդ պահին հինգ մատներ ջղաձգորեն սեղմեցին նրա ձեռքը․ կառչելով Օլգային ու ամբողջ մարմնով հենվելով նրան, ծերունի կոմսը վեր բարձրացավ։ Օլգան քիչ մնաց վայր ընկներ այդ դժվարաշարժ, սարսափելի, անդամալույծ մարմնի ծանրության տակ։ Դա նրա ուժերից վեր էր։ Մերին ծիծաղեց։

Կոմսն ուղղվեց տեղում, պենսնեն դրեց քթին ու նայեց Օլգային այնպիսի մի տեսքով, ասես առաջին անգամ էր տեսնում նրան։

― Միսս Օ՞լգա։

― Please,[11] ― արձագանքեց աղջիկը։

― Miss Olga, you speak too much during the lessons; you confound the child with your eternal admonishing: You could make me the pleasure to be a little kinder:[12]

― Yes, sir,[13] ― շշնջաց Օլգան, կարմրելով մինչև մազերի ծայրը։

Մերին հասկացավ, որ պապա՛ն կշտամբում է տնային դաստիարակչուհուն, և անտարբեր տեսք ընդունեց, ասես խոսակցությունն իրեն չէր վերաբերում։

― Եվ այսպես, ցտեսություն, մադեմաուզել, ― վերջացրեց կոմսը։

Օլգան խոնարհվեց և ուղղվեց դեպի ելքը, բայց ենթարկվելով վրեժխնդրության ծարավին, շուռ եկավ և աչքերը փայլեցնելով, նկատեց․

― Մերի, երբ ուսուցչուհին հեռանում է, հարկավոր է հրաժեշտ տալ։

― Ja, mein kind, das kennst du,[14] ― բարեհաճորեն հաստատեց կոմսը։

Մերին քմծիծաղեց ու սրընթաց կնիքսեն արավ։

Դուրս գալով, Օլգան գլուխը բռնեց։ «Օ՜, աստված իմ, ես չեմ դիմանա, չեմ դիմանա սրան։ Ահա արդեն հինգ ամիսը լրացավ, և չի եղել մի օր, մի ժամ, որ նրանք ինձ չտանջեն․․․»

«Ոչ, քեզ ոչ ոք չի տանջում, ― կրկնում է նա, ձեռքերը սեղմելով քունքերին ու քայլելով զով հոլլում։ ― Դու նրանց համար օտար, վարձու մարդ ես, ոչ ոք քո մասին չի մտածում։ Նրանք բոլորն էլ այդպես են, մարդ ոչ մի տեղ այնպես միայնակ չէ, ինչպես ուրիշների մոտ ծառայելիս։ Իսկ Մերին չար աղջիկ է, ― անակնկալ միտք է ծագում Օլգայի գլխում, ― նա ատում է ինձ։ Նրան հաճույք է պատճառում ինձ տանջելը, և նա կարողանում է այդ անել։ Օսվալդը չարաճճի է, իսկ Մերին՝ չար․․․ Կոմսուհին գոռոզ է, իսկ Մերին՝ չար։ Եվ դա այն աղջիկն է, որին ես պետք է սիրեի։ Երեխա, որի հետ անց եմ կացնում ամբողջ օրեր։ Օ՜, տեր իմ, դեռևս քանի՛ տարի պետք է ապրեմ այստեղ։

Երկու աղախիններ միջանցքում քրքջում էին։ Օլգային տեսնելով, նրանք հանդարտվեցին ու բարևեցին նրան, նայելով ինչ֊որ մի կողմի վրա։ Օլգան մտքում նախանձեց, որ նրանք ծիծաղում են, ուզեց բարձրից մի բան հրամայել նրանց, բայց չգիտեր՝ ի՛նչ։ «Ապրել ծառաների սենյակում, այս աղջիկների հետ, ― մտածեց դաստիարակչուհին։ ― Սրանք այնտեղ մինչև կեսգիշեր հռհռում են, շաղակրատում, քաշքշում իրար։ Լակեյ Ֆրանցը սրանց հետ է․ տեսար մեկ մեկը ճղճղաց, մերթ մյուսը։ Ինչ զզվելի է այդ»։ Օլգան զզվանքով հիշեց երեկվա դեպքը․ իր ննջարանին կից դատարկ «հյուրերի» սենյակում նա պատահաբար Ֆրանցին բռնեց խոհանոցի աղջկա հետ։ Հիշեց Ֆրանցի հիմար քմծիծաղը, երբ կոճկվում էր․․․ Զայրույթով համակված, ուզեց իր փոքրիկ բռունցքով հարվածել լակեյին․․․

Նա դեմքը ձեռքերով ծածկեց։ «Ոչ, ոչ, ես չեմ դիմանա։ Դո, րե, սոլ, րե․․․ Դո, րե, սոլ, րե․․․ Այդ աղախինները գոնե զվարճանում են։ Նրանք այնպես մենակ չեն, հարկադրված չեն պարոնների հետ սեղան նստել, ամբողջ օրը շաղակրատում են, իսկ երեկոյան կամացուկ երգում էին բակում, ծեր լորենու տակ։

․․․ Ա՛խ, սիրտս ցավում է, ցավում,
Արցունքը պատրաստ է հոսելու․․․

Պատուհանի մոտ նստած, Օլգան լսում էր նրանց, աչքերը լի էին արտասուքով, և նա կամացուկ ձայնակցում էր աղախիններին։ Նա ամեն ինչ ներեց նրանց ու մտովի ամբողջ սրտով բարեկամության ձեռք պարզեց․ «Աղջիկներ, ախր ես էլ ձեզ նման լոկ սպասուհի եմ, և ձեզանից ամենադժբախտը»։

«Ամենադժբախտը, ― կրկնում էր նա, քայլելով հոլլում։ ― Ինչպե՞ս ասաց կոմսը։ «Միսս Օլգա, դասի ժամանակ չափազանց շատ եք խոսում և ձեր անվերջ խրատներով․․․ շփոթում եք միայն երեխային։ Շնորհ արեք՝ ավելի սիրալիր լինել աղջկա հետ»։

Օլգան կրկնում էր այդ ֆրազները բառ առ բառ, որպեսզի մինչև վերջ զգա դրանց դառնությունը։ Նա բռունցքները սեղմում էր, զայրույթից այրվելով ու տանջվելով։ Այո, դրանում էր իր թուլությունը․ ինքը խիստ լուրջ էր վերաբերվել դաստիարակչուհու դերին։ Նա այստեղ, դղյակ եկավ լի ոգևորությամբ, նախապես արդեն սիրահարված աղջնակին, որի դաստիարակությունը վստահել էին իրեն, ու խանդավառված անցավ դասերին․ ջանասեր էր, ճշտապահ, մշտապես պատրաստ։ Նա անսահմանորեն հավատում էր կրթության նշանակությանը, իսկ այժմ, այժմ ձանձրացող Մերիի հետ հազիվ մլուլ է տալիս թվաբանության և քերականության պարզագույն վարժություններում, մշտապես գրգռվում է, սեղանը մատներով թակում ու համարյա արցունքն աչքերին դուրս փախչում դասասենյակից, որտեղ մնում է իր հաղթանակը տոնող քմահաճ Մերին։

Սկզբում Օլգան փորձում էր խաղալ աղջնակի հետ։ Նա այդ բանն անում էր կենդանի հետաքրքրասիրությամբ, նույնիսկ հափշտակված, իսկ հետո հասկացավ, որ իսկապես խաղում է միայն ինքը, իսկ Մերին նայում է նրան պաղ, ձանձրացող ու ծաղրական հայացքով։ Համատեղ խաղերը վերջացան։ Օլգան ստվերի նման քարշ էր գալիս իր սանուհու ետևից, չիմանալով՝ ինչի մասին խոսել նրա հետ, ինչով զբաղեցնել նրան։ Այո, նա այստեղ էր եկել, լի սիրելու երկյուղած պատրաստակամությամբ, ներողամիտ ու համբերատար լինելու ցանկությամբ, իսկ հիմա նայեցեք նրա վառվող աչքերին, ականջ դրեք, թե սիրտն ինչպես է արագ ու ընդհատ բաբախում։ Այդ սրտի մեջ միայն տառապանք կա և ոչ մի կաթիլ սեր։ «Ավելի սիրալիր եղեք աղջնակի հետ», ― կրկնում է Օլգան ցնցվելով։ ― Օ՜, աստված իմ։ Ես դեռ ընդունա՞կ եմ սիրալիր լինելու»։

Օլգայի այտերը հուզմունքից այրվում էին, և նա դես ու դեն էր ընկնում ասպետական զենք ու զրահ հագած մանեկենների միջև, որոնք առաջ այնպես զվարճացնում էին նրան։ Գլխում հազարավոր առարկություններ էին ծնվում կոմսի խոսքերին, պատասխաններ նրա հանդիմանություններին, արժանապատվությամբ լի, վճռական ու հպարտ խոսքեր, որոնք այդ տանը մեկընդմիշտ անկախ վիճակ կստեղծեին նրա համար։ «Պարոն կոմս, ― կասեր նա, գլուխը վեր բարձրացնելով, ― ես գիտեմ, ինչ եմ ուզում։ Ես ուզում եմ Մերիին սովորեցնել լուրջ վերաբերվելու ողջ շրջապատին ու պահանջկոտ լինելու իր նկատմամբ, ուզում եմ նրանից այնպիսի մարդ պատրաստել, որն զգուշանում է սխալներից։ Բանը կեղծ նոտան չէ, ձերդ պայծառափայլություն, բանը կեղծ դաստիարակությունն է։ Ես կարող էի անտարբեր լինել Մերիի նկատմամբ ու չնկատել նրա թերությունները, բայց եթե սիրում եմ նրան, ապա խստապահանջ կլինեմ, ինչպես ինքս իմ նկատմամբ․․․»

Այդ մենախոսությունը մտովին արտասանելով, Օլգան ալեկոծվեց, աչքերը փայլատակում էին․ քիչ առաջվա վիրավորանքը դեռևս այրում էր սիրտը։ Նա թեթևություն զգաց, հաստատ որոշելով շուտով, հենց վաղն ևեթ խոսել կոմսի հետ։ Կոմսը վատ մարդ չէ, երբեմն մինչև իսկ մեծահոգի է և, բացի դրանից, այնպես է տանջվում։ Եթե միայն չլինեին նրա այդ դուրս պրծած, լուսավոր, սարսափելի աչքերն ու պենսնեի միջից նայող ծակող հայացքը․․․

Նա դուրս եկավ դղյակից։ Արևը կուրացնում էր նրան։ Հենց նոր ջրած սալարկը փայլում էր, գոլորշի արձակում։

― Մադեմաուզել, զգուշացե՛ք, ― բղավեց բեկվող տղայական մի ձայն և ֆուտբոլի թաց գնդակը չլմփաց Օլգայի սպիտակ շրջազգեստին։ Օսվալդը քրքջաց, բայց իսկույն էլ լռեց, նկատելով դժբախտ աղջկա վախը․ շրջազգեստն ամբողջովին ցեխոտվել էր։ Օլգան կիսաբարձրացրեց այն, ու լուռ արտասվեց։ Օսվալդը կարմրեց ու կմկմալով ասաց․

― Ես․․․ ես ձեզ չնկատեցի, մադեմաուզել․․․

― Bek your pardon, Miss,[15] ― ավեացրեց Օսվալդի դաստիարակ միստր Քենեդին, որը սպիտակ վերնաշապիկով ու սպիտակ տաբատով պառկել էր մարգախոտերին։ Նա մի ոստյունով վեր թռավ տեղից, մի հատ հասցրեց Օսվալդի ծոծրակին ու նորից պառկեց։

Օլգան ոչինչ չէր տեսնում, բացի իր ցեխոտված շրջազգեստից ― նա այնպես էր սիրում այդ սպիտակ կոստյումը։ Առանց մի բառ ասելու, աղջիկը շուռ եկավ ու մտավ տուն, դժվարությամբ զսպելով արցունքները։

Երբ նա իր սենյակի դուռը բացեց, մի գունդ դեմ էր առել կոկորդին։ Այստեղ Օլգան զարմացած ու վախեցած կանգ առավ, չիմանալով, թե ինչ է կատարվում․ սենյակի մեջտեղում աթոռին բազմել էր կոմսուհին, իսկ սպասուհին խառնշտորում էր զգեստապահարանը։

― Ah, c'est vous,[16] ― ասաց կոմսուհին, առանց նույնիսկ շուռ գալու։

― Oui, madame la comtesse,[17] ― դժվարությամբ պատասխանեց Օլգան, հազիվ շնչելով ու աչքերը լայն չռած։

Սպասուհին ամբողջ մի գիրկ շորեր դուրս հանեց։

― Ձերդ պայծառափայլություն, անկասկած, այստեղ չկա։

― Այդպես, լավ, ― պատասխանեց կոմսուհին և, ծանրորեն վեր բարձրանալով, ուղղվեց դեպի դուռը։ Տեղում քարացած Օլգան նույնիսկ մի կողմ չքաշվեց, որպեսզի ճամփա տա նրան։ Կոմսուհին կանգ առավ երեք քայլի վրա։

― Mademoiselle?

― Oui, madame?[18]

― Vous, n' attendez pas, peut-etre, gue je m'excuse?[19]

― Non, non, medame,[20] ― բացականչեց աղջիկը։

― Alors il n'y a pas pourguol me barrer la passage,[21] ― ուժեղ ղադասելով, ասաց կոմսուհին։

― Ah, pardon, madame la comtesse,[22] ― շշնջաց Օլգան ու մի կողմ քաշվեց։ Կոմսուհին և սպասուհին դուրս եկան։ Օլգայի թափռտած շորերը մնացին սեղանի ու անկողնու վրա։

Օլգան նստել էր աթոռին, ինչպես արձան։ Աչքերը չոր էին։ Նրան խուզարկում էին գող սպասուհու նման։ «Գուցե սպասում եք՝ ներողությո՞ւն խնդրեմ»։ Ոչ, ոչ, ձերդ պայծառափայլություն, աստված մի արասցե, ինչո՞ւ ներողություն խնդրել մի աղջկանից, որին ռոճիկ են վճարում։ Կարող եք խուզարկել նաև իմ գրպաններն ու դրամաքսակը, ահա, ու պարզել, թե ուրիշ ինչ եմ գողացել։ Ախր ես աղքատ եմ ու անկասկած ձեռքից անմաքուր․․․ Օլգան հայացքը բութ կերպով հառել էր հատակին։ Այժմ նրա համար պարզվեց, թե ինչու էր հաճախ իր սպիտակեղենն ու հագուստները գտնում անկարգ վիճակում։ «Իսկ ես նրանց հետ նստում եմ միևնույն սեղանին, աշխատում ուրախ լինել․․․» Անսահման նվաստացման զգացումը համակեց Օլգային։ Լայն չռած աչքերը հառելով իր առջև, նա ձեռքերը սեղմում էր կրծքին․ գլխում ոչ մի կապակցված միտք չկար, սիրտն էր միայն տանջալից կերպով բաբախում։

Ճանճը նստեց աղջկա սեղմված ձեռքերին, գլուխը շուռումուռ տվեց, ապա, թևիկները շարժելով, առաջ սողաց։ Օլգայի ձեռքերն առաջվա նման անշարժ էին։ Ժամանակ առ ժամանակ, ախոռից լսվում էր սմբակների թակոց կամ շղթայի զնգոց։ Բուֆետում շխկշխկացին ափսեները, ջրածիծառը ծղրտաց այգու վերևում, հեռվում, երկաթուղու ոլորանում, շոգեքարշը սուլեց։ Ճանճը ձանձրացավ նստելուց, թափ տվեց թևիկներն ու դուրս թռավ պատուհանից։ Դղյակում լիակատար լռություն տիրեց։

Մեկ, երկու, երեք, չորս․․․ Ժամը չորսն է։ Խոհարարուհին, բարձրաձայն հորանջելով, գնաց նախաճաշ պատրաստելու։ Ինչ֊որ մեկը վազեց բակի միջով, ջրհորի անիվը ճռնչաց, տանը թեթև կենդանություն առաջացավ։ Օլգան վեր կացավ տեղից, ձեռքը մեքենայորեն տարավ ճակատի վրայով ու սկսեց շորերը կանոնավոր կերպով ծալել֊դնել սեղանին։ Հետո թեքվեց դեպի կոմոդը, հանեց սպիտակեղենն ու դարսեց անկողնու վրա։ Իր գրքերը հավաքեց աթոռին և, երբ ամեն ինչ պատրաստ էր, կանգ առավ, ասես Երուսաղեմի ավերակների առաջ, ու ճակատը տրորեց․ «Իսկապես, ի՞նչ եմ ուզում։ Ինչո՞ւ եմ անում այս բանը»։

«Բայց ախր ես այստեղից գնում եմ, ― պատասխանեց ներքին պարզ ձայնը։ ― Հայտնում եմ, որ հեռանում եմ անհապաղ, և վաղն առավոտյան ժամը հինգի գնացքով մեկնում։ Ծերուկ Վավրիսը իրերս կայարան կհասցնի»։ ― Ոչ, այդպես չի կարելի, ― շփոթված ինքն իրեն առարկեց Օլգան։ ― Ո՞ւր գնամ։ Առանց աշխատանքի ի՞նչ պիտի անեմ»։ ― «Տուն կգնաս, տուն», ― պատասխանեց ներքին ձայնը, որն արդեն ամեն ինչ չափել֊ձևել էր։ «Մայրիկը, ճիշտ է, լաց կլինի, բայց հայրիկը հավանություն կտա իմ արարքին»։ ― «Ճիշտ ես արել, աղջիկս, ― կասի նա, ― պատիվը կուշտ փորից թանկ է»։ ― «Բայց, հայրիկ, ― մեղմ ու հպարտ ուրախությամբ առարկում է Օլգան, ― ես հիմա ի՞նչ պիտի անեմ»։ ― «Կգնաս ֆաբրիկայում աշխատելու, ― պատասխանում է այն ձայնը, որ ամեն ինչ որոշել է։ ― Կզբաղվես ֆիզիկական աշխատանքով, շաբաթը մեկ աշխատավարձ կստանաս։ Կսկսես տնտեսության մեջ օգնել մորդ, նա արդեն պառավ է և ոտ ու ձեռից ընկնում է, ― սպիտակեղենը կլվանաս, հատակը կմաքրես։ Երբ հոգնես, կարող ես հանգստանալ, սովածանաս՝ ուտելու մի բան կճարվի․․․ Տուն գնա, աղջիկս»։

Օլգան ուրախությունից նույնիսկ ձեռքերն է տարածում։ «Հեռանա՜լ, հեռանա՜լ այստեղից։ Վաղը երեկոյան տանը կլինեմ։ Եվ ինչո՞ւ միայն առաջ սիրտ չէի անում վճռելու։ Ինչպե՞ս եմ դիմացել այստեղ։ Նախաճաշից անմիջապես հետո կհայտնեմ հեռանալու մասին ու կգնամ տուն։ Երեկոյան իրերս կդասավորեմ, կոմսուհուն կբերեմ այստեղ, ցույց կտամ՝ այ, սա առնում եմ ինձ հետ, եթե այստեղ թեկուզ մի շյուղ ձերն է՝ վերցրեք։ Ձեր ունեցածից ինձ հետ տանում եմ ահա զգեստիս վրայի այս ցեխը»։

Ուրախ, կարմրած Օլգան հանեց վրայից կեղտոտված զգեստը։ «Վա՜ղը, վա՜ղը։ Կքաշվեմ վագոնի մի անկյունը, ոչ ոք ինձ չի էլ նկատի․․․ Կթռչեմ, ինչպես թռչնակը վանդակից»։ Չարաճճի տրամադրությունը համակեց նրան։ Սուլելով կապեց կարմիր փողկապը և, ժպտալով հայելուն, հպարտ, խառնված մազերով, ավելի բարձր սուլեց․ դո, րե, սոլ, րե, դո, րե, սոլ, րե․․․

Բակի միջով շտապ մարդիկ անցան․ դռան գոնգը հրավիրեց նախաճաշի։ Օլգան աստիճաններով ուղղվեց ներքև․ նա ուզում էր վերջին անգամ դիտել հետաքրքիր տեսարանը՝ կոմսի ընտանիքի հանդիսավոր մուտքը սեղանատուն։ Ահա ներս է մտնում ծեր, կաղ կոմսը, հենված լող֊լող Օսվալդի ուսին։ Հաստափոր, հիվանդագին կոմսուհին չարանում է Մերիի վրա ու ամեն րոպե ձգում նրա մազերին կապած ժապավենը։ Երթը եզրափակում է միստր Քենեդիի ատլետիկ ֆիգուրը, որի համար միանգամայն մեկ է, թե շուրջն ինչ է կատարվում։

Ծեր արիստոկրատը առաջինն է շտապում դեպի դռները, լայն բացում դրանք ու արտասանում․

― Madame?

Կոմսուհին ծանր քայլերով մտնում է սեղանատուն։

― Mademoiselle? ― կոմսը զննում է Օլգային։ Սա ներս է մտնում, գլուխը բարձր պահած։ Նրան հետևում են կոմսը, Քենեդին, Մերին, Օսվալդը։ Կոմսը բազմում է սեղանի գլխին, նրանից աջ՝ կոմսուհին, ձախ՝ Օլգան։ Կոմսուհին զանգահարում է։ Աչքերը խոնարհած, հուշիկ քայլերով ներս են մտնում սպասուհիները՝ նման մարիոնետների, որոնք ոչինչ չեն լսում, բացի հրամանից, ոչինչ չեն տեսնում, բացի աղայական գլխի շարժումից։ Թվում է, թե այդ ջահել շուրթերը երբեք որևէ ծպտուն չեն հանել, այդ խոնարհված աչքերը ոչ մի բանի վրա հետաքրքրությամբ և ուշադիր չեն նայել։ Օլգան աչքերով ուտում է այդ մնջախաղը։ «Որպեսզի երբեք չմոռանամ»։

― Du beurre, mademoiselle?[23] ― հարցրեց կոմսը։

― Merci!

Եվ Օլգան չոր հացով դատարկ թեյ է խմում։ «Մի շաբաթ հետո, ― հիացմունքով մտածում է նա, ― ես ֆաբրիկա կգնամ»։

Կոմսը ծամում է, ուժգին կերպով շարժելով դնովի ծնոտը, կոմսուհին ոչինչ չի ուտում, Օսվալդը կակաոն թափեց սփռոցին, Մերին տարվեց կոնֆետներով, և միայն միստր Քենեդին է, որ հաստ շերտով կարագ է քսում հացին։ Օլգայի սիրտը լցվում է հաղթական արհամարհանքով ամեն ինչի ու ամենքի նկատմամբ։ «Ողորմելի՜ մարդիկ։ Վաղը ե՛ս միայն ազատ կլինեմ ու զզվանքով կհիշեմ այս հանդիպումները սեղանի մոտ, երբ իրար ասելիք չկա, բան չկա գանգատվելու, բան չկա ուրախանալու»։

Իր ամբողջ լուռ արհամարհանքը Օլգան ուղղում է միստր Քենեդիի դեմ։ Առաջին իսկ օրվանից նա ամբողջ հոգով ատեց նրան․ նա ատում էր նրան այն անկաշկանդ անտարբերության համար, որով այդ մարդը կարողանում էր ապրել այնպես, ինչպես ուզում էր, հաշվի չառնելով ոչ ոքի․ ատում էր նրա համար, որ ոչ ոք չէր համարձակվում նախատել նրան, մինչդեռ նա ինքը անտարբեր անկախությամբ արհամարհում էր ամեն ինչ։ Աստված գիտե միայն, թե նա ինչու էր ընկել այստեղ։ Նա կատաղի կերպով բռնցքամարտում էր Օսվալդի հետ, նրա հետ ձիավարում, տղային թույլ էր տալիս պաշտելու իրեն, երբ քեֆը տար՝ գնում էր որսի, իսկ եթե փռվում էր այգու որևէ անկյունում, ոչ մի բան չէր կարող ստիպել նրան տեղից շարժվելու։ Մենակ մնալով, երբեմն նստում էր ռոյալի մոտ ու նվագում հանպատրաստից։ Նվագում էր հոյակապ, բայց առանց ջերմության, մտածելով լոկ իր մասին։ Օլգան թաքուն ականջ էր դնում այդ երաժշտությանը և պարզապես իրեն վիրավորված էր զգում, չհասկանալով այդ սառը, բարդ, եսասիրական նվագը։ Քենեդին ոչ ոքի և ոչնչի վրա ուշադրություն չէր դարձնում, իսկ եթե նրան հարց էին տալիս, հազիվ էր բերանը բաց անում, որպեսզի պատասխանի «yes»[24] կամ «no»:[25] Երիտասարդ ատլետը, դաժան, փառամոլ ու ծույլ, ամեն ինչ անում էր մի տեսակ ներողամտորեն ու բարձրից նայելով։ Երբեմն ծեր կոմսը համարձակվում էր առաջարկել նրան մի պարտիա շախմատ խաղալ։ Առանց մի խոսք ասելու, միստր Քենեդին նստում էր շախմատի խաղատախտակի առաջ և, համարյա առանց մտածելու, մի քանի արագ ու անխնա քայլերով շախ ու մատ հայտարարում ծերուկին, որը հուզմունքից քրտնում էր ու թոթվում, ոնց մանուկ, կես ժամ մտածելով յուրաքանչյուր քայլի վրա ու մի քանի անգամ ետ առնելով այդ քայլերը։ Օլգան իր վրդովմունքը չէր թաքցնում, հետևելով այդ անհավասար մենամարտին։ Նա ինքն էլ երբեմն շախմատ էր խաղում ծեր կոմսի հետ, որը լրջմիտ, լավ խաղացող էր․ սովորաբար դրանք լինում էին անվերջանալի պարտիաներ, երբ խաղընկերները երկար֊բարակ մտածում էին ու զանազան կոմբինացիաներ հղանում․ դրանք կռահելը հաճելի էր հակառակորդի համար, այդ կնշանակեր ըստ արժանվույն գնահատել նրա խաղը։ Ինքն էլ չգիտեր ինչու, Օլգան իրեն ավելի բարձր էր դասում միստր Քենեդիից՝ բոլոր նրա կատարելություններով հանդերձ, որոնք ոչ մի ջանք չէին պահանջում նրանից, նրա ինքնավստահությամբ ու ամբարտավան անկախությամբ, որը բոլորին իրեն էր ենթարկում։ Օլգան ատում էր Քենեդիին և դա նրանից չէր թաքցնում։ Նրա ողջ աղջկական հպարտությունն ու ինքնասիրությունը, որոնք այնքան հաճախ էին խոցվում դղյակում, միաձուլվում էին այդ ընդգծված արհամարհանքի մեջ։

Այժմ միստր Քենեդին անվրդով կերպով նախաճաշում էր, ոչ մի ուշադրություն չդարձնելով զայրացած Օլգայի սպանիչ հայացքների վրա։ «Բանի տեղ չի դնում, ― վրդովմունքով մտածեց Օլգան, ― իսկ ինքն ամեն գիշեր քնելուց առաջ ծեծում է իմ դուռը․ «Open, miss Olga...»։[26]

Իսկապես, դա մեկն էր դղյակի գաղտնիքներից։ Օլգան չէր էլ կասկածում, թե այդ «գաղտնիքը» որքան ուժեղ է հետաքրքրում սպասուհիներին։ Ուղղակի վիրավորական կերպով արհամարհելով աղախիններին, երիտասարդ անգլիացին արդեն վաղուց է, ինչ գիշերային գաղտնի գրոհներ էր գործում Օլգայի վրա։ Նրա խելքին փչել էր բնակություն հաստատել դղյակի աշտարակում, որտեղ, ինչպես վաղուց կարծում էին, ուրվականներ են թափառում։ Անշուշտ, Օլգան չէր հավատում դրանց ու գտնում էր, որ դա Քենեդիի կողմից պարզապես մեծություն ծախել էր․ ի միջիայլոց, դա չէր խանգարում իրեն, Օլգային, որ գիշերը միջանցքում կամ աստիճանների վրա գտնվելիս, վախից դողացներ․․․ Սակայն, երբեմն գիշերները դղյակում լսվում էին այնպիսի ձայներ, որոնք չէր կարելի բացատրել լակեյ Ֆրանցի սիրային արկածներով կամ էրոտիկ խաղերով նաժիշտների սենյակում․․․ Մի խոսքով, մի անգամ գիշերը, երբ Օլգան արդեն անկողնում էր, Քենեդին ծեծեց նրա դուռը «Open, miss Olga»։ Օլգան խալաթը գցեց ուսերին և դուռը կիսաբացելով, ճեղքից հարցրեց դաստիարակին, թե ինչ է կամենում։ Միստր Քենեդին սկսեց անգլերեն լեզվով ինչ֊որ սիրային պատմություններ դուրս տալ, որի մեկ քառորդից Օլգան հազիվ գլուխ հանեց, բայց և այնպես հասկացավ, որ նա իրեն անվանում է «սիրելի Օլգա» (sweet Olga) և այլ քնքուշ անուններով։ Դա բավական էր, որպեսզի աղջիկը դուռը շրխկացներ նրա քթի առաջ ու փակեր, իսկ առավոտյան առաջին իսկ հանդիպմանը, լայն չռած աչքերով նայելով դաստիարակին, հարցներ, թե նա գիշերն ի՞նչ էր անում իր դռների մոտ։ Միստր Քենեդին հարկ չհամարեց բացատրել կամ ընդհանրապես ցույց տալ, թե ինքը որևէ բան հիշում է, բայց այդ դեպքից հետո ամեն օր ծեծում էր նրա դուռը, կրկնելով․ «Open, miss Olga»․ ապա սեղմում էր դռան բռնակն ու ինչ֊որ կատակներ բաց թողնում, իսկ Օլգան, համարյա գլխովին թաղվելով վերմակի տակ, բղավում էր արցունքն աչքերին․ «Youre a rascal!»[27] կամ՝ «Դուք խելագարվել եք», օգտվելով համանունների այն հարուստ պաշարից, որ այդ հասկացությունների համար ունի միայն անգլերեն լեզուն։ Նա հուզվում էր և հուսահատության մատնվում, տեսնելով, որ այդ սրիկան ու ապուշը ծիծաղում է։ Ծիծաղում է օրվա ընթացքում առաջին ու միակ անգամ։

Օլգան փայլատակող աչքերով դիտում էր միստր Քենեդիին։ «Հենց որ նա հայացքը վեր բարձրացնի, ― որոշեց աղջիկը, ― բոլորի ներկայությամբ կհարցնեմ․ «Միստր Քենեդի, ինչո՞ւ եք ամեն երեկո ներխուժում իմ սենյակը»։ Այ թե սկանդալ կլինի։ Մեկնելուց առաջ ես նրանց որոշ բաներ էլ կասեմ»։ Վրեժխնդրության ծարավը համակեց Օլգային։

Եվ ահա միստր Քենեդին բարձրացնում է գորշ֊պողպատավուն աչքերի անխռով հայացքը։ Օլգան, որ արդեն պատրաստվում էր խոսել, հանկարծ կարմրատակում է։ Նա հիշում է․․․

Դրանում մեղավոր էր մի սքանչելի լուսնկա գիշեր։ Այդ կախարդական գիշերները անասելի գեղեցիկ են ամռան լիալուսնի օրերին և նման հեթանոսական տոնախմբությունների արծաթավուն գիշերներին։ Օլգան թափառում էր դղյակի մոտերքում, այդպիսի գիշեր նա չէր կարող քնել։ Մենակության մեջ նա իրեն երջանիկ էր զգում, թևավորված ու կախարդված քուն մտած աշխարհը պարուրող գեղեցկությամբ։ Աղջիկը դանդաղ ու վեհերոտ, հիացմունքից նվաղելով, սիրտ արավ իջնել այգի։ Արծաթին տվող բացատներում նա հիանում էր կեչիներով ու մթին կաղնիներով, խորհրդավոր ստվերներով ու լուսնի խաբուսիկ լույսով։ Դա չափազանց գեղեցիկ էր։

Օլգան լայն բացատով հասավ շատրվանով ավազանին ու, թփերը շրջանցելով, ավազանի եզրին տեսավ տղամարդու մի սպիտակ, մերկ ֆիգուր, որ նման էր արձանի։ Մարդու դեմքը դարձած էր երկնքին, ձեռքերը ծալված էին գլխի ետևում, ուռուցիկ, զորեղ կուրծքը դուրս էր ցցվել նեղ ազդրերի վրա։ Դա միստր Քենեդին էր։

Օլգան խելառ աղջնակ չէր․ նա չճչաց ու չնետվեց փախուստի։ Աչքերը կկոցելով ուշադիր զննում էր սպիտակ ֆիգուրը։ Արձանն ապրում էր մկանների լարված շարժումով։ Սրնքաձկներից վեր էր բարձրանում «մկանային ալիքը» ― ատլետը հերթականությամբ լարում էր ոտքերի, փորի, կրծքի ու գեղեցիկ, ուժեղ ձեռքերի մկանները։ Ահա նորից ալիքը մկանների միջոցով բարեկազմ ոտքերից բարձրացավ մինչև քարե բիցեպսները․․․ Միստր Քենեդին գիմնաստիկայով էր զբաղվում իր սեփական սիստեմով, առանց տեղից շարժվելու։ Հանկարծ նա ճկվեց, ձեռքերը բարձրացրեց վեր ու, հետադարձ սալտո անելով, նետվեց ավազանի մեջ։ Ջուրը ճողփաց, աղմկեց։ Օլգան ետ քաշվեց և, այլևս չմտածելով գիշերային խորհրդավոր ու ահազդու ստվերների մասին, քայլեց ուղիղ դեպի տուն։ Այժմ արդեն նա արծաթավուն բացատներում չգիտես ինչու չէր նկատում գեղեցկուհի կեչիներին ու դարավոր կաղնիները․․․

Այդ հիշողությունը աղջկան ստիպեց կարմրել։

Իսկապես, Օլգան չգիտեր, թե ինչո՞ւ է կարմրում։ Հանդիպման մեջ ոչ մի ամոթալի բան չկար, ընդհակառակը, աղջիկն այդ անակնկալ արկածում այնպիսի մի տարօրինակ գեղեցկություն զգաց։ Բայց մեկ օր անց տեղի ունեցավ շատ ավելի մի վատ բան։ Նորից սքանչելի, պարզ գիշեր էր։ Օլգան զբոսնում էր դղյակի առջևում, սակայն, իհարկե, այգի չգնաց։ Նա մտածում էր Քենեդիի մասին, սպիտակ, կենդանի արձանի մասին ավազանի մոտ։ Նկատելով ոչ հեռվում կանգնած շատախոս տնտեսուհուն, Օլգան մի կողմ քաշվեց, ցանկանալով մնալ առանձնության մեջ։ Այդ միջոցին ժամը տասնմեկը խփեց, և Օլգան այդ ուշ ժամին վախեցավ մենակ անցնել դղյակի աստիճաններով ու միջանցքներով։ Քենեդին, ձեռքերը գրպաններում, վերադառնում էր այգուց։ Նկատելով Օլգային, նա պատրաստվում էր արդեն նորից սկսել գիշերային իր անհեթեթ սիրահետումը, բայց Օլգան կտրուկ կերպով ընդհատեց դաստիարակին ու հրամայական տոնով կարգադրեց մոմի լույսով ուղեկցել իրեն։ Քենեդին շփոթվեց ու լուռ տարավ մոմը։ Օլգայի դռան սենյակի մոտ նա բոլորովին հեզությամբ ասաց․ «Good night»։[28] Օլգան թափով շուռ եկավ, արտակարգ մթնած մի հայացք նետեց Քենեդիի վրա, և հանկարծ նրա ձեռքը մեքենայաբար կառչեց դաստիարակի մազերից։ Մազերը թաց էին, փափուկ, ինչպես ջահել, հենց նոր լողացած նյուֆաունդլենդի մազերը։ Բավականությամբ չպպացնելով, Օլգան, ինքն էլ չիմանալով ինչու, ամբողջ թափով ձիգ տվեց դրանք, և, անգլիացին դեռևս ուշքի չեկած, դուռը շրխկացրեց իր ետևից ու բանալին դարձրեց անցքի մեջ։ Միստր Քենեդին քարշ եկավ դեպի տուն, ինչպես սպանված։ Կես ժամ հետո նա վերադարձավ ոտաբոբիկ, հավանորեն, կիսահագնված, ու կամացուկ ծեծեց դուռը, շշնջալով․ «Օ՛լգա, Օ՛լգա․․․» Օլգան ձայն չհանեց, և Քենեդին գաղտագողի ետ գնաց։

Այս էր այն դեպքը, որից Օլգան ամաչում էր։ Հիմար խելացնորություն։ Օլգան պատրաստ էր գետնի տակ անցնելու։ Այժմ նա կրկնապատիկ արհամարհանքով էր վրեժխնդիր լինում Քենեդիից, որն ինչ֊որ չափով այդ միջադեպի պատճառն էր։ Հաջորդ գիշեր նա Ֆրիցի պինչերին առավ իր մոտ, և երբ Քենեդին դուռը ծեծեց, շնիկը խլացուցիչ հաչոց բարձրացրեց։ Միստր Քենեդին մի քանի երեկո մեջ տվեց, ապա, երկու անգամ նորից հայտնվելով, դուրս տվեց ինչ֊որ սիրային անմտություններ։ Զայրացած Օլգան, արհամարհական նողկանքով համակված այդ անամոթ մարդու հանդեպ, գլուխը մտցրեց բարձի տակ, որպեսզի ոչինչ չլսի։

Ազնիվ խոսք, Օլգայի ու միստր Քենեդիի միջև այլևս ոչինչ տեղի չէր ունեցել։ Այդ պատճառով էլ Օլգան խիստ զայրացավ, որ ինքը նրա հայացքից կարմրեց․ նա ուզում էր թակել ինքն իրեն։ Անսահման մի ծանրություն նստեց նրա կուսական սրտին։ «Լավ է, որ գնում եմ, ― մտածեց Օլգան։ ― Եթե նույնիսկ ուրիշ ոչ մի պատճառ չլիներ, հենց միայն նրա պատճառով արժեր այստեղից հեռանալ»։ Օլգան զգում էր, որ հոգնել է ամենօրյա պայքարից, սեփական փոքրոգությունը նվաստացուցիչ էր․ զայրույթի արցունքները խեղդում էին նրան, ցավից ուզում էր ճչալ։ «Փառք աստծու, հեռանում եմ, ― կրկնում էր նա, աշխատելով չմտածել իր որոշման մասին։ ― Մի օր ևս մնայի այստեղ, սարսափելի սկանդալ կսարքեի»։

― Prener des prunes, Mademoiselle.[29]

― Pardon, Madame?[30]

― Prener des prunes.

― Merci, merci, Madame la comtesse.[31]

Օլգան հայացքը Քենեդիից փոխադրեց Օսվալդի գեղեցիկ դեմքին։ Այդ դեմքն իր սիրալիր արտահայտությամբ փոքր֊ինչ մխիթարեց նրան։ Օլգայի համար գաղտնիք չէր, որ տղան մանկականորեն սիրահարված է իրեն, չնայած դա դրսևորվում էր ավելորդ կոպտությամբ միայն ու խուսափողական հայացքներով։ Օլգան սիրում էր տանջել տղային, գրկելով նրա գեղեցիկ ու քնքուշ պարանոցը, նա նրա հետ զբոսնում էր այգում, զվարճանալով, որ տղան չարանում է ու նվաղում։ Ահա հիմա էլ, զգալով նրա հայացքը Օսվալդը հսկայական մի պատառ կուլ տվեց ու բարկացած նայեց շուրջը։ «Խեղճ Օսվալդ։ Ի՞նչ կդառնաս այստեղ, այս ահավոր տանը, դու, դեռահաս տղա, որը նոր֊նոր է ձևավորվում իբրև պատանի, փափկասուն ու վայրի միաժամանակ։ Ո՞ւր կմղի քեզ քո սիրտը, ի՞նչ օրինակներ կտեսնես այստեղ»։ Թախիծը պաշարեց Օլգային։ Նա հիշեց, որ վերջերս, ներս մտնելով Օսվալդի սենյակը, տեսել էր, թե նա ինչպես է քաշկոտվում աղախիններից ամենափչացածի՝ սպասուհի Պաուլինայի հետ։ Իհարկե, տղան պարզապես խաղում էր, ինչպես կռվարար քոթոթ։ Բայց ինչո՞ւ էր նա գրգռված, ինչո՞ւ էին Պաուլինայի աչքերն ու այտերը վառվում։ Ի՞նչ խաղեր էին դրանք։ Տղան իրեն այդպես չպետք է պահի։ Պաշարված կասկածներով, Օլգան այդ օրվանից զգույշ էր խիստ։ Այլևս չէր խառնում Օսվալդի մազերը, չէր գրկում նրան, այլ Արդոսի նման հսկում էր տղային, տագնապելով նրա համար։ Նա նույնիսկ նվաստացավ մինչև լրտեսելը, որպեսզի արատավոր փորձը վաղաժամ չմթագներ Օսվալդի մանկությունը։ Ի սեր տղայի Օլգան հաճախ անուշադրության էր մատնում Մերիին։ Նա սկսեց խիստ սառը վարվել Օսվալդի հետ, բայց հասավ միայն այն բանին, որ տղայի մանկական սերը սկսեց աստիճանաբար փոխվել համառ ատելության։

«Իսկապես, ինչո՞ւ համար եմ հսկում նրան, ― այժմ բարով, ես քեզ քնքուշ խոսքեր չեմ ասի, չեմ ասի, իմ ինչ գործն է, թե Պաուլինան կամ մեկ ուրիշը ինչպիսի կենսական դաս կտա Օսվալդին։ Ինչո՞ւ տագնապել ու տանջվել սեփական խստությունից, որն ինձ համար շատ ավելի տանջալից է, քան տղայի համար։ Մնաս բարով, Օսվալդ, մնաս բարով․ ես քեզ քնքուշ խոսքեր չեմ ասի, չեմ ասի, թե ինչպես էի սիրում քեզ հոգուդ պատանեկան մաքրության համար, որը շատ ավելի գեղեցիկ է կուսական անարատությունից։ Այլևս քեզ չեմ հսկի՝ փնտրիր, գիրկդ բաց արա, որսա պահը, ― ես այլևս այստեղ չեմ լինի, չեմ արտասվի քո անկման համար․․․ Իսկ դուք, կոմսուհի, ― Օլգան մտովի անցավ կոմսուհու հետ վերջին բացատրության, ― դուք ինձ չէիք վստահում, Օսվալդի հետ ունեցածս դասերի ժամանակ հետևում էիք, հասկացնելով, որ «տղայի համար ավելի լավ է գտնվել միստր Քենեդիի ընկերակցությամբ»։ Գուցե նրա համար ավելի հարմար է նաև ձեր լրտեսուհու՝ Պաուլինայի՞ ընկերակցությունը․․․ Երբ մի անգամ Օսվալդը Քենեդիի հետ գաղտնի ու գիշերով գնաց ջրասամույր որսալու, դուք հայտնվեցիք ինձ մոտ ու ստիպեցիք դուռը բանալ․ դուք երեխային փնտրում էիք անգամ իմ վերմակի տակ։ Լավ, կոմսուհի, նա ձեր որդին է։ Եվ դուք առավոտները Պաուլինային ուղարկում եք նրան արթնացնելու։ Պաուլինան երեսունն անց է ու վհուկի պես անառակ։ Դուք խուզարկում եք իմ պահարանը, քրքրում դարակները, իսկ հետո կառք եք նստեցնում ինձ հետներդ, որպեսզի ես ձեզ զբաղեցնեմ, սալոր եք հյուրասիրում։ Ա՛խ, շնորհակալ եմ, Madame, դուք այնպես սիրալիր եք։ Եթե դուք ինձ համարում եք անառակ ու գող, սեղանի մի հրավիրեք, ուղարկեցեք ճաշելու ծառաների հետ, իսկ է՛լ ավելի լավ է՝ լվացարարուհիների։ Ես կգերադասեմ չոր հաց կրծել՝ ողողված զայրույթի ու նվաստացման արցունքներով, փոխարենը․․․ փոխարենը գոնե ստիպված չեմ լինի ժպտալ ձեզ»։

― Լսո՞ւմ եք ինձ, մադեմաուզել։

― Pardon, ― կարմրեց Օլգան։

― Միգուցե դուք․․․ տկա՞ր եք, ― հարցնում է կոմսը, սևեռուն հայացքով նայելով աղջկան։ ― Արդյոք․․․ ջերմություն չունե՞ք։

― Ոչ, ձերդ պայծառափայլություն, ― փութկոտ առարկում է Օլգան։ ― Ես բոլորովին առողջ եմ։

― Ավելի լավ, ― ձգում է կոմսը։ ― Ես չեմ սիրում․․․ հիվանդ մարդկանց։

Օլգայի վճռականությունը մեկեն տեղի է տալիս։ «Ոչ, ես այս մարդկանցից ավելի թույլ եմ, ― հուսահատորեն զգաց նա, ― ես սրանց հակառակվել չեմ կարող։ Տեր աստված, ուժ տուր ինձ ասելու, որ գնում եմ։ Տեր աստված, ուժ տուր»։ Օլգան նախապես զգում էր, թե որքան սարսափելի էր կոմսի հետ ունենալիք առաջիկա խոսակցությունը։ Կոմսը, անշուշտ, հոնքերը կբարձրացնի վերև ու կասի․ «Հենց այսօր էլ գնո՞ւմ եք, օրիորդ։ Այդպես չի կարելի»։ «Ի՞նչ հորինեմ, ինչպե՞ս բացատրեմ, որ ինձ անհրաժեշտ է տուն գնալ անհապաղ, հենց այս րոպեին։ Եթե սրանք ինձ բաց չթողնեն, կփախչեմ։ Ա՛խ, ի՜նչ սարսափելի է», ― սոսկումով մտածում է Օլգան առաջիկա խոսակցության մասին։

Ընտանիքը վեր կացավ սեղանի մոտից ու անցավ հարևան հյուրասենյակը։ Կոմսը և Քենեդին ծխեցին, կոմսուհին սկսեց իր ասեղնագործը։ Բոլորն սպասում էին օրվա փոստին։ «Այ, երեխաները կգնան, ― որոշեց Օլգան, ― այն ժամանակ էլ ամեն ինչ կասեմ»։ Սիրտն արագ բաբախում էր, աշխատում էր մտածել հայրենի տան մասին, պատկերացնում էր մայրիկի երկնագույն գոգնոցը, չներկած, մաքուր լվացած կահույքը, հորը՝ առանց պիջակի, ծխամորճը ձեռքին, անշտապ թերթ կարդալիս․․․ «Տունը միակ փրկությունն է, ― մտածում էր Օլգան, իսկ տագնապը գնալով ուժեղանում էր սրտում, ― այստեղ այլևս ոչ մի օր չեմ դիմանա։ Տեր աստված, ուժ տուր ինձ այս վերջին րոպեին»։

Ներս մտավ Պաուլինան, աչքերը ցած խոնարհած, արծաթե մատուցարանով բերելով նամակները։ Կոմսը դրանք քաշեց իր ծնկներին, ուզեց վերցնել նաև վերջին ծրարը, որ դրված էր առանձին, սակայն Պաուլինան քաղաքավարությամբ ետ քաշվեց։ «Դա օրիորդինն է», ― շշնջաց նա։

Օլգան հեռվից ճանաչեց էժանագին, կեղտոտ ծրարը, մայրիկի սարսափելի ուղղագրությունը՝ մեկն այն նամակներից, որոնցից միշտ նեղվում էր և այնուամենայնիվ պահում կրծքի տակ։ Այսօր նույնպես կարմրեց․ «Ներիր, մայրիկ»։ Աղջիկը դողդոջուն մատներով վերցրեց գյուղական նամակը և, հուզվելով, կարդաց մի տեսակ հույժ ջանադիր ու մանրամասն գրված հասցեն, ասես այլապես այս անբարյացակամ աշխարհում նամակը չէր հասնի այդտեղ, հեռու, օտար մարդկանց մոտ, ըստ պատկանելույն։ Եվ հանկարծ Օլգայի սրտից ասես քար ընկավ։ «Մայրիկ, ինչպե՜ս օգնեցիր դու ինձ։ Կսկսեմ նամակը կարդալ ու կբացականչեմ․ «Հայրիկս հիվանդ է, պետք է անհապաղ գնամ նրա մոտ»։ Կպատրաստվեմ ու կմեկնեմ, և ոչ ոք չի կարող ետ պահել ինձ։ Իսկ մի շաբաթ հետո կգրեմ, որ ընդմիշտ մնում եմ տանը, թող ճամպրուկս ուղարկեն։ Այդպես ամենից հեշտ կլինի», ― ուրախ֊ուրախ մտածեց Օլգան։ Ինչպես ամեն մի կնոջ, այնպես էլ նրա համար պատրվակն ավելի հեշտ էր, քան փաստարկումը։ Նա ծրարը հանգիստ պատռեց, հանեց նամակը, ― ա՛խ, սիրտն ինչպե՜ս ծակեց, ― և, շունչը պահած, սկսեց կարդալ։

«Սիրելի ախչիկ՝

հաղորդում եմ քեզ տխուր լուռ որ մեր հայրիկ հիվանդացավ, բժիշկ ասում է սիրտը և նա թույլացել, ոտքեր ուռել, քայլել չի կարում Բժիշկ ասում նրան չի կարելի հուզվել ասում բժիշկ տխուր նամակներ մի գրի Հայրիկ դրանից տանջվում Դու էլ էտպես չգրել այլ գրել որ լավ ես որ նա չտխրի Գիտես նա քեզ ոնց սիրում և դու ապրում լավ տեղ, փառք ասծու։

Աղոթիր մեր Հայրիկ համար իսկ էստեղ գալ աշխարի ծեր հարկավոր չի փող ստացանք շնորակալ ենք քեզ ախչիկ Մեր գործեր վատ են քանի Հայրիկ պառկավ Ֆրանտիկ գողցավ նրա ժամացույց իսկ ասել չի կարելի էտ սպանել Հայրիկին մենք ասել որ տվել սարքելու Նա մի գլուխ հարցնում երփ պատրաստ լինի, ուզում է իմանալ ժամի քանիս իսկ ես նրա մոտ սիրտ չանել լաց լինել։

Սիրելի ախչիկ, գրում քեզ որ աղոթես Ասծուն որ քեզ էտպես լավ տեղ ճամփել աղոթիր Ասծուն քո տերեր համար ու ծառայիր աշխատիր նրանց դուր գաս էլ որտեղ էտպես տեղ գտնես որտեղ էտպես կուշտ փորով հաց ուտես էտ քեզ օքուտ առողջության համար ախր դու թույլ֊թույլ և ամեն ամիս մեզ ուղարկում շնորակալ ենք քեզնից, ախչիկ ջան և աստված քեզ կպարքևատրի Ծնողներիտ համար։

Ամեն ինչում տերերիտ լսել որ երկար տարիներ ծառայես նրանք քեզ մինչ ի մահ գերեզման ոնց որ պետական ծառայող շենք շնորհքով ծառայիր Բարևիր տերերիտ իմ ու Հայրիկիտ կողմից հալվում է մոմի պես։

Բարևում քեզ քո մայր Կոստելեց N37»։

Կոմսը վերջացրեց իր նամակներն ու հայացքը հառեց Օլգային։

― Մադեմաուզել, դուք ձեզ վա՞տ եք զգում, ― բացականչեց նա անկեղծ վախով։

Օլգան, ոչ այն է ողջ, ոչ այն է մեռած, ձեռքերը սեղմեց կրծքին։

― Թեթև գլխացավ է, ձերդ պայծառափայլություն, ― շշնջաց նա։

― Գնացեք պառկեք, մադեմաուզել, գնացեք, ― խիստ ու անհանգստացած բացականչեց կոմսը։

Օլգան գլուխ տվեց մեքենայաբար ու դանդաղ քայլերով դուրս գնաց։

Կոմսը հարցական նայեց իր կնոջը։ Սա թոթվեց ուսերն ու խստությամբ ասաց․

― Oswald, gerade sitzen![32]

Միստր Քենեդին ծխում էր առաստաղին նայելով։ Ճնշող լռություն տիրեց։

Կոմսուհին, շրթունքները սեղմած, ասեղնագործում էր։ Քիչ հետո նա զանգահարեց։ Ներս մտավ Պաուլինան։

― Պաուլին, օրիորդն ո՞ւր գնաց, ― ատամների արանքից հարցրեց կոմսուհին։

― Իր սենյակը, ձերդ պայծառափայլություն, ― պատասխանեց նա։ ― Ու փակվեց այնտեղ։

― Պատվիրիր կառքը պատրաստել։

Բակում ավազի վրա խշրտացին կառքի անիվները, կառապանը ձիերին դուրս բերեց ու սկսեց լծել։

― Papa, soll ich reiten,[33] ― Քաշվելով հարցրեց Օսվալդը։

― Ja, ― գլխով արեց կոմսը, բութ նայելով մի կետի։ Կոմսուհին մի թշնամական ու խուզարկու հայացք նետեց նրա վրա։

― Wirst du mit fahren?[34] ― հարցրեց նա։

― Nein,[35] ― ցրված պատասխանեց կոմսը։

Ձիապանը դուրս բերեց հեծնելու ձիերն ու թամբեց։ Քենեդիի ձին պարում էր բակով մեկ ու մեկեն չսանձվեց։ Օսվալդի կիսազնվացեղ մալած ձին ոտքով հանգիստ գետինն էր փորում, տխուր աչքը խեթելով սեփական սմբակին։

Ընտանիքը դուրս եկավ բակ։ Ճարպիկ հեծյալ Օսվալդն իսկույն ցատկեց թամբին․ նա իրեն զսպել չկարողացավ ու նայեց Օլգայի պատուհանին, որտեղից սա հաճախ տղային ձեռքով էր անում, երբ նա դուրս էր գնում ձիով։ Պատուհանի մոտ ոչ ոք չկար։

Կոմսուհին հևալով կառք նստեց։

― Մերի, ― նետեց նա։

Մերին դժգոհության ժպիտով հետևեց մորը։ Կոմսուհին դեռևս տատանվում էր։

― Պաուլինա, ― ձայն տվեց նա սպասուհուն։ ― Գնա տես օրիորդ Օլգան ի՞նչ է անում։ Միայն կամացուկ, որպեսզի նա չլսի։

Միստր Քենեդին դեն նետեց սիգարետը, մի թռիչքով հայտնվեց թամբին ու խթանեց ձիուն։ Ձին վարգով առաջ ընթացավ, սմբակները թնդաձայն թակեցին կառանցի փայտե վրաքաշն ու կտկտացին սալահատակին։

― Hallo, Mister Kennedy,[36] ― ձայնեց Օսվալդն ու քշեց դաստիարակի ետևից։

Պաուլինան վազելով ետ եկավ, ձեռքերը դրած սպիտակ գոգնոցի գրպանները։

― Ձերդ պայծառափայլություն, ― կիսաձայն զեկուցեց նա, ― օրիորդ Օլգան շորերը կախում է պահարանի մեջ ու սպիտակեղենը դասավորում կոմոդում։

Կոմսուհին գլխով արավ։

― Գնա՛, ― ձայն տվեց նա կառապանին։

Կառքը շարժվեց, ծեր կոմսը ձեռքը թափահարեց գնացողների ետևից ու մնաց մենակ։

Նա նստեց կամարակապ սրահի նստարանին, ձեռնափայտը դրեց ծնկների մեջ ու, ձանձրանալով, սկսեց մռայլ դիտել բակը։ Այդպես նստած մնաց կես ժամ, ապա վեր կացավ ու, դոփելով չծալվող ոտքերով, գնաց հյուրասենյակ։ Այնտեղ նա թաղվեց շախմատի սեղանիկի մոտ դրված բազկաթոռում, որտեղ երեկ Օլգայի հետ խաղացած պարտիան կիսատ էր մնացել։ Կոմսն սկսեց դիրքը վերլուծել, ինքը ակնհայտորեն տարվում էր։ Օլգայի ձին շարժվում էր առաջ ու գրոհով սպառնում հակառակորդին։ Թեքվելով խաղատախտակին, կոմսն աշխատում էր կռահել դաստիարակչուհու մտահղացումը։ Վերջիվերո դա հաջողվեց նրան, ― այո, կարգին ջախջախում է սպասում իրեն։ Կոմսը վեր կացավ և ուղղվելով ու ձեռնափայտը թխկացնելով, գնաց վերև, դեպի այն թևը, որտեղ հյուրերի սենյակներն էին։ Օլգայի սենյակի մոտ կանգ առավ։ Այդտեղ խաղաղ էր, սարսափելի խաղաղ, ոչ մի շշուկ։ Վերջապես կոմսը ծեծեց դուռը․

― Օրիորդ Օլգա, ինչպե՞ս եք զգում ձեզ։

Մեկ րոպե լռություն։

― Շնորհակալություն, հիմա ավելի լավ եմ, ― լսվեց խեղդված մի ձայն։ ― Որևէ կարգադրություն ունե՞ք, ձերդ պայծառափայլություն։

― Ոչ, ոչ, պառկեցեք։ ― Եվ հանկարծ, ասես վախենալով, որ ինքը չափազանց ներողամիտ է, կոմսն ավելացրեց․ ― որպեսզի վաղը կարողանաք դասերն անցկացնել։

Եվ աղմուկով հյուրասենյակ վերադարձավ։

Եթե կոմսը մի փոքր էլ մնար, կլսեր թույլ մի տնքոց, ապա կամացուկ լաց։

Մենակության մեջ անցկացրած ժամերը ձգվում են երկար, անսահման երկար։ Ահա, վերջապես, կառքը վերադարձավ, ձիապանը բակում ման է ածում տաքացած ձիերին․ ինչպես միշտ, խոհանոցից լսվում է փութկոտ զրնգոց։ Յոթն անց կեսին խփում է ընթրիքի գոնգը։ Բոլորը հավաքվում են սեղանի շուրջը, միայն Օլգան է բացակայում։ Հավաքվածները որոշ ժամանակ ցույց են տալիս, թե չեն նկատում այդ․ ապա ծեր կոմսը բարձրացնում է հոնքերն ու զարմանքով հարցնում․

― Was, die Olga kommt nicht?[37]

Կոմսուհին արագ մի հայացք է նետում նրա վրա ու լռում։ Երկար դադարից հետո նա կանչում է Պաուլինային։

― Օրիորդ Օլգային հարցու՝ ի՞նչ կուտի։

Մի րոպե հետո Պաուլինան վերադառնում է։

― Ձեռդ պայծառափայլություն, օրիօրդը պատվիրեց շնորհակալություն հայտնել․ ասում է՝ սոված չի ու վաղն առավոտյան կգա նախաճաշի։

Կոմսուհին թեթևակի օրորում է գլուխը․ այդ շարժման մեջ դժգոհությունից ավելի մեծ մի բան կա։

Օսվալդը պատառաքաղով փորփրում է ափսեն ու աղաչական հայացքներ նետում իր դաստիարակին, ― իբրև, թույլ տուր ընթրիքից անմիջապես հետո դուրս գալ այստեղից։ Սակայն միստր Քենեդին սովորականի նման գերադասում է ոչինչ չնկատել։

Իջնում է մթնշաղը, վրա է հասնում երեկոն՝ հոգնածների համար գթասիրտ, դժբախտների համար՝ անվախճան։ Քիչ առաջ լույս էր, և ահա լույսը խավարեց, մոտեցավ գիշերը։ Խավարը, խեղդող ու ճնշող, աննշմարելիորեն պարուրեց ամեն ինչ։ Խավար՝ նման անդունդի, որի հատակին հուսահատությունն է պառկած։

Դու ամեն ինչ գիտես, խաղաղ գիշեր, որովհետև լսում ես քնածների շնչառությունն ու հիվանդների տնքոցները։ Դու զգայուն կերպով ունկնդրում էիր նաև այն աղջկա թույլ, տաք շնչառությունը, որն այնքան երկար արտասվում էր, իսկ հիմա լուռ է։ Դու ականջդ դրիր նրա կրծքին ու սեղմեցիր նրա խռիվ մազերով ծածկված կոկորդը։ Դու լսեցիր բարձի տակ խլացած հեկեկանքը, իսկ հետո՝ է՛լ ավելի սարսափելի լռությունը։

Դու ամեն ինչ գիտես, լուռ գիշեր, որովհետև լսեցիր, թե ինչպես հարկ հարկի, սենյակ սենյակի ետևից դղյակը հանդարտվեց։ Աստիճանների տակ ինչ֊որ տեղ տաք ձեռքով խլացրիր կանանց կրքոտ տնքոցը։ Ցրեցիր լողանալուց հետո մազերը թաց երիտասարդի քայլերի արձագանքը, երիտասարդ, որը շվշվացնելով վերջինն է գնում երկար միջանցքներով։

Խավար գիշեր, դու տեսար, թե ինչպես արցունքներից տանջահար աղջիկը ցնցվեց այդ առույգ քայլերի ձայնից, տեսար, թե ինչպես նա, ասես կույր մի ուժից հալածական, վեր թռավ անկողնուց, վարսերը ետ գցեց կրակվող երեսից, նետվեց դեպի դուռը, բացեց այն ու թողեց կիսածածկ։

Եվ նորից անշարժացավ տաք անկողնում, ինչպես մի մարդ, որի համար այլևս փրկություն չկա։



  1. Մերի, գործերն ինչպե՞ս են։ Դու լավ նվագեցիր (գերմ․)
  2. Մերի, դու տաղանդ ես։ (գերմ․)
  3. Դու այնպես խելոք ես, Մերի, այնպե խելոք։ Ասա քո հայրիկին, ի՞նչ նվիրի քեզ։ (գերմ․)
  4. Շնորհակալ եմ, ոչինչ։ (գերմ․)
  5. Ես կուզեի միայն․․․(գերմ․)
  6. Ի՞նչ, ի՞նչ կուզեիր։ (գերմ․)
  7. Ուզում եմ, որպեսզի դասերս քիչ լինեն։ (գերմ․)
  8. Իհա՜րկե (գերմ.)
  9. Ա՛խ, ի՜նչ խելոքն ես դու։ (գերմ․)
  10. Ի՜նչ խելոքն ես։ (գերն․)
  11. Ի՞նչ եք կամենում։ (գերմ․)
  12. Միսս Օլգա, դուք դասի ժամանակ չափազանց շատ եք խոսում և ձեր անվերջ խրատներով շփոթում եք միայն երեխային։ Շնորհ արեք՝ ավելի սիրալիր լինել աղջկա հետ։ (անգլ․)
  13. Այո, սեր։ (անգլ․)
  14. Այո, մանկիկս, դա հայտնի է քեզ։ (գերմ․)
  15. Ներողություն եմ խնդրում, միսս
  16. Ախ, այդ դո՞ւք եք (ֆրաս․)
  17. Այո, ձերդ պայծառափայլություն (ֆրանս․)
  18. Այո, տիկին (ֆրանս․)
  19. Գուցե սպասում եք՝ ներողությո՞ւն խնդրեմ (ֆրանս․)
  20. Ոչ, ոչ, տիկին (ֆրանս․)
  21. Այդ դեպքում թույլ տվեք անցնել։ (ֆրանս․)
  22. Ա՛խ, ներեցեք, ձերդ պայծառափայլություն (ֆրանս․)
  23. Կարագ, մադմաուզել (ֆրանս․)
  24. այո (անգլ․)
  25. ոչ (անգլ․)
  26. Բացեք, միսս Օլգա․․․ (անգլ․)
  27. Դուք սրիկա եք (անգլ․)
  28. Բարի գիշեր (անգլ․)
  29. Մադեմաուզել, սալոր վերցրեք (ֆրանս․)։
  30. Ներեցե՞ք, տիկին (ֆրանս․)։
  31. Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ձերդ պայծառափայլություն (ֆրանս․)։
  32. Օսվալդ, ուղիղ նստիր (գերմ․)։
  33. Հայրիկ, ես ձիով գնա՞մ (գերմ․)։
  34. Դու է՞լ ես գալիս (գերմ․)։
  35. Ոչ (գերմ․)։
  36. Ալլո, միստր Կենեդի (անգլ․)։
  37. Ի՞նչ է, Օլգան չի՞ գալու (գերմ․)։