Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Գրապահարան-ից
Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

հեղինակ՝ Միքայել Նալբանդյան


Աշխատասիրեց Սիմեոն Մանիկյան

Հայկական երիտասարդության ջերմ սիրով նվիրում է հեղինակը

Իմ քաղցր եղբարք

Կենդանության նվիրված այս փոքրիկ գործի ճակատը կենդանի մարդերի անունով ցանկացա պսակել, և այս խորհուրդով ձեզ ընծայեցի։

Մեր ազգի անցածը տխուր է, այն օրերի պատմական հիշատակարաններից արտասուք է հոսում։ Մեր ազգի ներկան թշվառ է, ստրկությունը և աղքատությունը բարձրաձայն խոսում են այստեղ։ Եթե հույս ունինք ապագայի վերա, նորա երևեցուցիչը դուք եք, ձեզանից կախվում է ազգի ապագան և ձեր վերա է միակ հույսը։ Ի՛նչ չափով պիտի արդարացնեք այդ հույսը, դորա վկան և չափողը պիտի լինի ձեր գործը։

Մի՛ մոռնաք, որ ձեր ապագան պիտի դատաստան կատարե ձեր գերեզմանի վերա, ինչպես դուք դատում եք այսօր ձեր նախահարց ոսկերքը։ Բայց, այն օրերից բռնած որչափ հառաչ, այնքան ծանր պիտի լինի այդ դատաստանը. աշխատեցե՛ք պայծառ հիշատակներ կտակել ձեր ժառանգներին։

Կանխակալ կարծիքները, որպեսզի ավելի չասենք, պիտի պատերազմին ձեզ հետ. այս բնական է, բայց առիթ կա և նոցանից օգուտ քաղելու, ուժը չէ կարելի զգալ, եթե չկա դիմադրություն, և մրցանակը, դժվարության չափով հարգ ունի։

Թողե՛ք մեռելներին թաղել յուրյանց մեռելները, նոցա արևը մտած է, իսկ դուք կենդանի եք և ապագայի արշալույսը ձեր գլխի վերա է բացվում։ Ձեր սակավաթիվ լինելը, համեմատելով պետքերի շատության, թո՛ղ չվհատեցնե ձեզ. այն մարդը, որ զգում է յուր անձը կենդանի, պիտի հարի ձեզ, որովհետև կյանքի հոսանքը միայն մի ընթացք ունի — դեպի հառաջ։

Հառա՜ջ... Այնտեղ միայն կարող ենք հանդիպել մեր ազգի կենսանորոգ և որոտընդոստ հարության...

Կենդանություն։

Միշտ ձեր՝ Սիմեոն Մանիկյան

26 մարտի, 1862

«Իմ աշխատության գաղափարքը միայն եզրակացությունք են, փաստերի հետևանք, նոքա ըստինքյան գաղափարք չեն, այլ կերպարանած, կենդանի կամ պատմական իրողությունք»։
— Ֆեյերբախ

Հյուսիսային Ամերիկան հարավային Ամերիկայի միջից ստրկությունը վերցնելու համար, ուրեմն ազատության անունով, պատերազմ բացեց հարավային մասի դեմ. քանզի այս մասը չէ հոժարում վերցնել յուր միջից մարդկության նախատինքը, մարդավաճառ ստրկությունը։ Այն ո՛ր սիրտն է, որ համակրություն չունի դեպի հյուսիսային Ամերիկայի այս դյուցազնական անձնազոհությունը, ո՛ր խղճմտանքն է, որ հաշտ կարող է մնալ հարավային Ամերիկայի մինչև այժմ բռնած ընթացքի հետ։

Բայց, չնայելով այս բոլորի վերա, քիչ մնաց, որ Անգլիան պատերազմ հայտնե հյուսիսային Ամերիկային, և թե չհայտնեց ապա ուրեմն ակամա, քանզի հաղթությունքը, որ տանում են այժմ հյուսիսայինք հարավայնոց վերա, շատ և շատ ծանրանում են Անգլիո սրտին։

Անգլիան ուրախ էր, մինչ, սորանից մի քանի ամիս հառաջ, հարված հարվածի քամակից ընդունում էր հյուսիսային Ամերիկան։

Այս ի՜նչ բաբելոնյան խառնակություն է, կարող է մտածել մի մարդ։ Անգլիան, այն ազատ երկիրը, որի և պսակյալ գլուխը չէ կարող ժխտել վերջին սոսկականին, նորա անձնավոր ազատությունը և իրավունքը, կարելի՞ բան է, որ համակրություն ունենա դեպի հարավային Ամերիկան, ուրախանա նորա հաղթութեններով և տրտմի, երբ հաղթահարված էր ստրկություն քարոզողը, մարդը իբրև անասուն գործածողը։

— Այո՛, այո՛, այդ ազատ Անգլիան։ Բայց այս չէ բղխում կառավարության հաճույքից, նա ստիպված է...

Ամերիկան պատերազմ ունի յուր մեջ, չէ կարող բամբակ տալ Անգլիային, նորա բամբակեղեն ապրանքի գործարանքը փակվում են, գործարանատերքը սնանկանում և անգործ մնացած բյուրավոր գործավորքը օրական հացի կարոտ և վերջին հուսահատության մեջ։ Այսքան վնաս հառաջացավ միմիայն պատերազմի պատճառով, ժամանակավորապես բամբակ չգալուց, ապա եթե հարավային Ամերիկայի միջից ստրկությունը վերնա և բամբակի, և այլ բուսականների մշակությունը ընկնի, այն ժամանակ ի՞նչ պիտի լինին անգլիական գործարանների և գործավորների վիճակը, Իրավո՞ւնք է այս, կամ ստրկությանը վերնալով, հիրավի պիտի ընկնին այդ մշակությո՞ւնքը, ինչպես կամին հավատացնել հարավայինք, այդտեղ չէ մեր խնդիրը։ Ներկա պատերազմի այսօրվա հետևանքը, մեք ընդունում ենք որպես իրողություն։

Մեր աչքի առջև են բյուրավոր անգործ գործավորք, որ տանջվում են սովից և վերջին ճիգն են թափում, պատերազմելով մի ծայրացյալ աղքատության հետ։

Երևակայեցե՛ք բյուրավոր ընտանիք, որոնց մի անդամը գործելով մի գործարանի մեջ և ստանալով շաբաթը միքանի շիլլինգ, ապրում էին որպես և իցե. այժմ այն գործավորը դարձած յուր չքավոր ընտանյաց մեջ չէ կարող և այն միքանի շիլլինգը ճարել ընտանիքը ապրեցնելու համար։

Անգլիո մեջ որևիցե մի ձեռագործի ընկնելու կամ ընթացքից զրկվելու հետ կապակից է բյուրավոր անհատների թշվառությունը։ Մի տեսակ ժապավեն, որ առաջ գործածական էր, դուրս ընկավ սովորութենից և ժողովուրդը դադարեցավ գնելուց, սորանից ավելի ի՛նչ հասարակ բան կարող է լինել։ Բայց եկեք նայի՛նք այս հասարակ բանի հետևանքին։ Հազարավոր խանութներ, հարյուրավոր գործարանք և բյուրավոր գործավորք մնացին դարձյալ անգործ, անհաց, անտուն և անտեր։

Բողոք բողոքի քամակից, որի՞ ընդդեմ, ո՛վ ինչ կարող է առնել։ Ժողովքներով վճռվեցավ, որ յուրաքանչյուր պատվավոր կին հոժարակամ գնե այդ ժապավենից մի քանի գազ ամենևին պիտակաբար, միմիայն թշվառ գործավորներին օգնելու խորհրդով։ Ստորագրությունք բացվեցան, այո՛, և շատ գումար հավաքվեցավ, բայց այդ շատը, համեմատելով աղքատ և սոված բազմության հետ, շատ աննշան էր և չնչին. թերևս եթե հնար լիներ յուրաքանչյուրին տալ ոչ միայն միքանի շիլլինգ, այլ տասնավոր լիբրեներ, այսուամենայնիվ, փրկություն չէր։

Ծառի տերևի վերա ջուր թափելը արմատի չորության չէ օգնում, տերևքը ստանում են մի րոպեական զովություն և այսչափ միայն։

Այսպես և այն խեղճ գործավորքը, իբրև շնորհք, ստանալով միքանի շիլլինգ մի անգամ, մինչդեռ հացը և ապրուստը հարկավոր է ամեն անգամ։

Ֆրանսիայի մեջ, Լիոն քաղաքում, նույնպես փակվեցան միքանի գործարանք. գործավորներին հանդիպեցավ գրեթե նույն ճակատագիրը, ինչ որ Լոնդոնում, ամենայն տեղ ստորագրություն ստորագրության քամակից, այդ աղքատներուն օգնելու համար, նույնիսկ Գարիբալդին առաջարկեց Իտալիո մեջ մի հանգանակություն։

Այս տեսակ աղքատություն, որ ուրիշ աշխարհի մեջ թերևս այնքան զարմանալի չէ, բաների վերա վեր ի վերո նայողների և միայն արտաքին կեղևը քննողների համար, իսկ Անգլիո և Ֆրանսիո մեջ զարմանալի է։ Բայց ով սովորել է խնդիրը քննել, քրքրելով նորա բոլոր ծնուցիչ պատճառքը, նա տեսնում է, որ միմիայն Անգլիո մեջ և ըստ մասին Ֆրանսիո մեջ կարելի է այդպիսի աղքատություն։

— Անգլիան հարուստ է, ոչինչ տերություն այնքան արծաթ և ոսկի չունի, ամենին փոխ է տալիս, ինքը բնավ նեղություն չունի, և այլն, և այլն։ Հազարավոր գովեստներ, բյուրավոր երանիներ լսած ենք հարյուրավոր անգամ, նույնը գրեթե և Ֆրանսիս վերաբերությամբ։ Բայց հարկավոր է իմանալ, որ տերությունքը ազգ չեն, և տերությանց շահը, ազգի շահի հետ բնավ վերաբերություն չունի, քանի որ տերությանց կազմությունը այնպես է, ինչպես որ կան այսօր։

Թե ի՛նչ է տերությունը, այդ մասին մի ուրիշ ժամանակ, առայժմ այսչափ միայն, որ անգլիական ազգը ամեն ազգից աղքատ է և ամեն ազգից ավելի վտանգի ենթակա։

— Ի՞նչպես,— կհարցնեն մեզ ընթերցողքը։— Շատ հասարակ կերպով,— կպատասխանենք մեք։— Ազգ ասելով պիտի իմանալ հասարակ ժողովուրդը և ո՛չ նորա միջից, նորա քրտինքով և նորա արյունով հառաջացած մի քանի մեծատունք։ Բրիտանիո, Իռլանդիո և Սկովտիո մեջ գտնվում է 29,307,199 հոգի բնակիչ, որոնց մեջ հարյուր հիսունի չէ հասնում հին ազնվական, այսպես անվանված, անգլո-սաքսական տուների թիվը, միլիոնավոր չեն վաճառական տուների թիվը. ասել է թե այն միլիոնները բաղկացնողը է հասարակ ժողովուրդը, ուրեմն և ազգի թե բարոյական և թե նյութական կարողության երևեցուցիչը։ Եթե ասենք, թե Անգլիան հարուստ է, և Անգլիա ասելով հասկնանք կառավարությունը և ազնվականությունը, այդ մի այլ խնդիր է և այն ժամանակ վերագրյալ հարստությունը չէ վերաբերվում անգլիական ազգին, այլ կառավարության և ազնվականության, որ Անգլիա չեն, որովհետև մինը անգլիական կառավարություն է, իսկ մյուսը անգլիական ազնվականություն։ Այն ժամանակ միայն, ստուգապես, կարող ենք ասել, թե Անգլիան հարուստ է, երբ այն միլիոններ բաղկացնող անհատների մոտ տեսնինք որևիցե նյութական կարողության նշմարանք։ Ի՛նչ աղբյուրներից կարող է հանել հասարակ ժողովուրդը յուր, չասենք հարստությունը, այլ ապրուստը. և ապրուստ հավատի, մշտնջենական և ոչ առօրյա։ Հասարակ ժողովրդի համար, ուղղակի, և մնացած մասին համար անուղղակի, բայց և այնպես անհրաժեշտ, ինչպես ջուրը ձուկի համար, միակ աղբյուր ապրուստի և հարստության է երկրագործությունը։ Երբ որ մի ազգ կազմող անհատների մեծագույն մասը պարապի երկրագործությամբ և առհասարակ գյուղական տնտեսությամբ, այն ժամանակ, այդ ազգի ընդհանրությունը հարուստ է և ապահովյալ, որովհետև նորա հիմքը դրված է բնականապես և բնության վերա։ Եվ այս պատճառով, փոքրագույն մասը, որ չէ պարապում երկրագործությամբ, կարող է հավաստի լինել, որ հազիվ պիտի կարողանա մշակել, շինել, գործել և վաճառել այն, ինչ որ դուրս է բերում գետնից նորա մեծագույն մասը։ Ազգի մեծագույն մասը երկրագործությամբ ապահովյալ է և անհնար է թե նեղության պատահի, ապրուստի կողմից։ Փոքրագույն մասը, որ բաղկանում է վաճառականներից, չէ կարող անգործ մնալ, քանի որ մեծագույն մասի արդյունքը սպասում է նորա կամ մշակության, կամ վաճառականության, և որևիցե մի դժբախտ դիպվածում այդ փոքրագույն մասից ամենափոքրագույն մի մասը միայն կարող է ենթարկվիլ առօրյա և անցողական նեղության, քանզի ազգի հիմքը դրված է երկրի մակերևույթի վերա և կախված չէ օդի մեջ։ Չկա մարդ, որ չխոստովանի այս ճշմարտությունը և նույնիսկ Անգլիո մեջ, բայց այստեղ է խնդիրը, երկրագործի համար երկիր է հարկավոր գործելու, որ Անգլիո մեջ չունի հասարակ ժողովուրդը։

Անգլիական երկիրները ազնվականների մասնավոր սեփականությունք են. հասարակ ժողովուրդը մի հատ ցից զարկելու հող չունի։ Լոնդոնի, այն հսկա քաղաք-աշխարհի հողը յոթն ազնվական տան սեփականություն է, որոնց առաջինն է թագավորական տունը։ Հասարակ ժողովուրդը յուր երկու ձեռքից ավելի բան չունի, նա բնակվում է ազնվականների հողի վերա և վարձ է վճարում հողի տիրոջ։ Հասարակ ժողովուրդը հող չունենալով չէ կարող երկրագործությամբ պարապել. այն միլիոնները, որ բնակվում են Անգլիո մեջ, օրական աշխատող, վարձկան մշակներ են, ծառա և գործավոր։ Այդ միլիոնավոր բազմության միջից այն մարդիկը, որ դրամագլուխ ունին, վարձում են մի որևիցե ազնվական հողը, վարձում են հազարավոր մշակներ և գործում են երկիրը. սոքա են ֆերմեր ասացյալքը։ Վարձկան-երկրագործ մշակները կախված են յուրյանց ֆերմերից, քանզի եթե սա զլանա գործ տալ նոցա, մշակը պիտի սովամահ մեռնի. ո՞ւր գնա և ի՞նչ գործե. իսկ ֆերմերքը յուրյանց կարգով, կախված են այն ազնվականներից, որոնց հողը ունին յուրյանց ձեռքում, թեև վարձու։ Ազնվականը, այսօր եթե կամենա, կարող է ասել ֆերմերին, «այսչափ ժամանակ գործեցիր և մշակեցիր իմ հողը, ինձ հասուցիր այսքան վարձ, շնորհակալ եմ, այսուհետև չեմ կարող իմ հողը տալ քեզ, ինձ հարկավոր է, մի ուրիշ տեղ ճարիր քո համար»։ Եվ ֆերմերը և նորա հազարավոր մշակները, որ այնչափ տարի ապրում էին այն հողի վերա, ոչինչ ունին ասելու ազնվական պարոնին, ընտրություն չկա, պիտի հնազանդվիլ ճակատագրին։ Այս պատճառով, շատ հող ունեցող ազնվականը ունի յուր քամակում շատ ֆերմեր, հետևաբար և շատ ժողովուրդ։ Ո՞վ չգիտե հողի մեծ պաշտոնը նաև մինիստրերի ընտրության ժամանակ։ Այսինչ ազնվականի հողի վերա բնակվում է այսքան մարդ, և մինիստրի ընտրություն կա մեջտեղում. այդ ազնվականի հողը մշակող բազմությունը եթե այն ազնվականի անունը չգոռա, վաղը հող չունի, որ հավասար է ասելու, վաղը հաց չունի։ Անգլիո տնտեսական գերությունը, մանավանդ բաղդատելով նորա, այլ ճյուղերում ունեցած, ազատ օրենսդրությանց հետ, զարհուրելի է։

Երբ տերությունը պետք ունի, երբ պատերազմ ունի, շատ անգամ յուր մասնավոր հաճույքի կամ մինիստրի անձնական հարաբերության պատճառով հառաջացուցած, որից հասարակ ժողովրդի՝ ազգի համար չկա ոչ ջերմություն և ոչ սառնություն, տերությունը դառնում է դեպի ազգը, ազնվականը դիմում է դեպի յուր հողի վերա բնակողները, կարդում է ճառեր, բորբոքեցուցիչ հորդորներ, «ա՛զգ, զինվոր տո՛ւր, ա՛զգ, դրամ տո՛ւր, ա՛զգ, կյանքդ տո՛ւր քո հայրենիքը պահպանելու և նորա պատիվը տեղը բերելու կամ առավել փառավորելու համար»[1]։ Եվ խեղճ ազգը կրում է ծանր հարկեր, զոհում է յուր առույգ զավակները թշնամին վանելու համար, ոգևորվում է հաղթությամբք, տաղեր է երգում, և գործը ավարտելուց հետո ուրախ-ուրախ վերադառնում է յուր տեղը, կարծելով և հավատալով, թե մեծ գործ կատարեց, հայրենիքը փրկեց, հողը փրկեց և պատիվը պահեց։ Սորանից ավելի կոպիտ և խոշոր հեգնություն մեք չենք կարող երևակայել։ Հասարակ ժողովուրդը դառնում է յուր բնակարանը և դարձյալ պիտի հարկ տա ազնվականին այն հողի համար, որ գործում է և որ ազատելու համար գնաց արյուն թափեց, խեղացավ, ջարդվեցավ, որդին, եղբայրը կամ հայրը զոհեց։ Ազնվականը հայրենիքի հողից բաժին ունի բյուրավոր մղոններ, իսկ հասարակ ժողովուրդը չունի մի ոտնաչափ տեղ։ Այս պայմանների վերա կարելի՞ է, որ երկրագործությունը դառնա անգլիական կյանքի հիմքը։

Անգլիական ազգի այդչափ սարսափելի մեծությամբ վաճառականությունքը, ձեռագործությունքը, մեքենաները, որ այսօր գրեթե դարձել են նորա բնավորության հատկությունքը, ամենևին պատահական չեն, այլ հառաջանում են նորանից, որ հասարակ ժողովուրդը հող չունի։ Որովհետև բնականը չկա, հարկը ստիպում է արհեստականով լցնել նորա պակասը։ Անգլիական ազգի այն ահավոր գաղթականությունքը Ամերիկա, Ավստրալիա, Հնդկաստան, զանազան կղզիներ, բնականապես և գլխավորաբար, հառաջանում են դարձյալ Բրիտանիո մեջ հասարակ ժողովրդի հող չունենալուց։

Բայց այժմ, բյուրավոր գործավորների այս ներկա թշվառության մեջ, ավելի սաստկանում է գաղթելու կարոտությունը, և պիտի գաղթե նա, որ չկամի սովամահ մեռնիլ և մեռցնել յուր ընտանիքը։ Մի գործունյա մարդ, անգամ որևիցե ստրկացած ազգի, թող այսօր առաջարկե Անգլիո մեջ անգործ և հուսահատ գործավորներին և ասի. «Եղբա՛րք, ահավասիկ երկրագունդի այսինչ կետի վերա ես ունեի երբեմն հող և ազատություն, որ հետո ավազակները կողոպտեցին ինձանից, եկե՛ք գնանք այնտեղ հետևյալ պայմանով։ Ձեզանից յուրաքանչյուր գնացող պիտի զենք ունենա յուր ձեռքում և հարկ դիպվածում պատերազմ պիտի մղե, իմ հետ հավասար, երկիրը ավազակի ձեռքից ազատելու համար, այս պահանջում եմ ձեզանից։ Իսկ սորա փոխանակ, ես իմ ազգի անունով խոստանում եմ ձեզանից յուրաքանչյուր զենքով գնացող անհատին այնչափ հող, որչափ որ ինձ կամ իմ ազգի յուրաքանչյուր անհատին պիտի բաժին ընկնի։ Խոստանում եմ ձեզ, որ դուք հավիտյանս հավիտենից կարո՛ղ եք մշակել և գործել ձեր բաժին ընկած հողը, առանց վաճառելու կամ գրավ դնելու իրավունք ունենալու, քանզի ես և իմ ազգի յուրաքանչյուր անհատը նույնպես չպիտի ունենա գրավ դնելու կամ վաճառելու իրավունքը»։ Մի այսպիսի գործունյա մարդ, այսպիսի առաջարկությամբ, կարող է հազարավոր կամավոր գինվորք գտնել Անգլիո մեջ, և այն ինչպե՛ս զինվորք։ Զինվորք, որ քաջ տեղյակ են երկրագործության, գյուղական տնտեսության և այլ ամենայն տեսակ ձեռագործական արվեստների, որչափ որ մինչև այժմ մարդկային բանականությունը հառաջացուցել է Եվրոպիո մեջ։ Այս լոկ խոսք չէ, այլ ամենայն ուշադրության և ընդունելության արժանի։

Եվ վաճառելու կամ գրավ դնելու իրավունք չունենալը բնավ չէ կարող վշտացնել նորան կամ հետ կացնել գործից, եթե կերպարանագործես նորան պայմանիդ խորհուրդը։ Եվ այսպես, դնենք թե խոսում ենք մի այդպիսի դժբախտ գործավորի կամ անհող երկրագործի հետ։

— Կգամ,— ասում է նա,— և զեն ի ձեռին, քեզ հետ քո թշնամու ընդդեմ կպատերազմիմ...

— Եվ իմ հավասար իրավունք և արտոնություն կունենաս այն հողի վերա, որ պիտի ազատենք,— ընդհատում եմ ես նորա խոսքը։

— Բայց դու պայման դրեցիր, որ գրավ դնելու կամ վաճառելու իրավունք չպիտի ունենանք։

— Այո՛, մեր օգուտը պահանջում է այդ։

— Ի՞նչպես։

— Լսի՛ր, եթե կամենում ես գեղի մեջ բնակվիլ, ապա ուրեմն մյուս գեղացիների չափով կստանաս քո բնակության, առտնին պարտիզի, անասնոց գոմի և այլ կարևոր բաների հարկավոր եղածի չափ հողի քանակություն, որի վերա կշինես քո բնակությունը, վերասաց պարագաներով։ Իսկ թե քաղաքում կամենում ես բնակվիլ, նույնպես, մյուս բոլոր քաղաքացիների չափով հող կստանաս և տուն բնակություն հաստատելու համար։ Եվ այս երկու դիպվածում, այսինքն, թե գեղում և թե քաղաքում, քեզ տրված հողը, որի վերա շինություն թե արել ես և թե ոչ, ազատ ես, կամեցածիդ պես, գրավ գնել, վաճառել, ընծայել, ի վերջո, դու նորա անպայման տերն ես, և դորա վերա խոսելիք չկա։ Իսկ խոսելիքը վերաբերվում է դաշտային հողին, ուր պիտի ընթանա երկրագործությունը։ Պիտի իմանաս, որ գեղի և քաղաքի յուրաքանչյուր անդամը հավասար չափով իրավունք պիտի ունենա մի որոշյալ քանակություն հողի մշակելու և գործելու։ Եվ այս իրավունքը պիտի տևե այնքան, որքան նա, կամ նորա սերունդը պիտի բնակվի այն հողի վերա։ Յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր գեղ պիտի ունենա յուր հատուկ հողը, որ պիտի սեփական մնա քաղաքի կամ գեղի հասարակության։ Քաղաքի կամ գեղի բնակիչքը հավասար իրավունքով ազատ են յուրյանց բաժինը գործել և մշակել, քանի որ գտնվում են այն գեղում կամ այն քաղաքում։ Եվ եթե դու, լինելով քաղաքացի, զբաղված լինելով վաճառականությամբ կամ այլ գործերով, չկամիս կամ ձեռնհաս չես քո բաժին ընկած հողը մշակելու, կամ մարդիկ վարձելով մշակել տալու, այդպիսի դիպվածում կարող ես վարձու տալ և այդ կերպով օգուտ քաղել քո հողից։ Եթե հող վաճառելու սկզբունքը թույլ տրվի, այն ժամանակ աղքատության և թշվառության սկզբունքը կընդունվի։

Կարող է պատահել, որ ոմանք մարդիկ կամ ժառանգաբար, կամ յուրյանց աշխատությամբ, ավելի հարուստ լինելով, իսկ ոմանք մարդիկ կամ յուրյանց ծուլության պատճառով կամ մի դժբախտությամբ, աղքատ լինելով, աղքատը կվաճառե հարուստին յուր հողը, կմնա անհող և կզրկե յուր սերունդը ևս այն հողի վերա իրավունք ունենալուց։ Ապա եթե մի գեղի մեջ, 100 տարու միջոցում, հողերը, աղքատից հարուստին վաճառվելով, գեղի հասարակության սեփական նշանակված հողի քանակությունը անցնե քսան մարդու ձեռք, ասել է թե բովանդակ գեղացիք պիտի վարձ վճարեն այն քսանին, հողը մշակելու և գործելու իրավունքը ձեռք բերելու համար, քանզի ինքյանք վաճառած լինելով, հարկ է որ և գնեն։ Իսկ եթե 200 տարու միջոցում այդ քսան տերը դառնա երկու կամ մի, այդպիսի դիպվածում դարձյալ նույն թշվառությունը չէ՞, ինչ որ այժմ ունիս Անգլիո մեջ, նույն մոնոպոլեոնը չէ՞ և հետևանքը հողատիրոջ տարապայման հարստություն, իսկ անհող շինականաց տարապայման աղքատություն չէ՞ լինելու։ Այո՛, փորձերը ուսուցին ի վերջո, և առօրյա ապրուստի կարոտությունը ստիպում է մի փոքր խելացի լինել։ Հողը պատկանում է հասարակության, որի ամեն մի անգամ հավասար իրավունք ունի հավասար քանակության վերա, հավիտյանս ժամանակների, և մի կողմից վաճառելու իրավունք չունենալով, իսկ, մյուս կողմից առանց արգելքի հողը գործելու և արդյունավորելու իրավունքը անկողոպտելի պահելով, այդ հասարակության անդամը և նորա սերունդը հաստատում է յուր կյանքը մի ամուր և ապահով հիմքի վերա. և անհնա՛ր է, որ նա կամ աղքատության հանդիպի կամ իսպառ կարոտ մնա։

Մեք վկայում ենք, որ այս պայմանը ծնրադրությամբ կընդունին, քանզի սո՛ւրբ է, քանզի մարդկայի՛ն է, քանզի արդա՛ր է։

Այժմ հարցնում ենք, հարո՞ւստ է անգլիական ազգը, եթե մի քանի գործարան փակվելով, կամ մի ժապավեն գործածութենից դուրս ընկնելով բյուրավոր մարդիկ և բյուրավոր գերդաստանք, դառն աղքատության հետ պատերազմելով, կարող են սովամահ կորսվիլ։ Հարո՞ւստ է ֆրանսիական ժողովուրդը, եթե մի քաղաքում միքանի գործարանք փակվելով, մի ահագին բազմություն գործավորների կդատապարտվի դեպի մուրացկանություն... Չէ՛, հարուստ չէ, ասում ենք, և այն, դրականապես։ Որևիցե աղքատ համարված ազգ, եթե ունի մի կտոր հող, ապահովել է յուր կյանքը, մինչդեռ անգլիական գործավորը, որ ապրում է այսօր, չգիտե թե վաղը պիտի հնար ունենա՞ ապրելու թե ոչ. քանզի չգիտե, թե պիտի շարունակե՞ գործարանը յուր գործը, որ և նա աշխատելով ստանա միքանի շիլլինգ և հոգա յուր ընտանիքը։

Ի՞նչ հարկավոր է մեզ ազնվականների անհուն հարստության տեր լինելը, ի՞նչ հարկավոր է մեզ անգլիական դրամանոցի հսկայությունը, ի՞նչ հարկավոր է անգլիական կառավարության դրամի կարոտ չլինելը, կամ ուրիշներին փոխ տալը[2], մինչդեռ միլիոնավոր ժողովրդի կյանքը կախվում է բամբակից և ժապավենից։ Համաձայնեցե՛ք, որ այդ երկուքը ևս չունին այն հարատև ուժը, որ կարողանան պահել և դիմանալ միլիոնավոր գերդաստանների ծանրության։ Եվ մինչ, բնականաբար կտրվում են, և ահա ողբ, աղաղակ, տառապանք, սով և մահ։ Վաճառականությունը և արվեստը անհրաժեշտ է և մեծապես պատճառ ազդի հարստության, բարօրության և երջանկության, եթե ազգի փոքրագույն մասը պարապում է նորանով, եթե մյուս մեծագույն մասը ամուր նստած է հողի վերա և գործում է նորան։

Այն ազգը, որ չունի հող և երկիր, երբեք չհուսա, որ պիտի հարստանա, այդ անբնական մի բան է և դորան հուսալը խելագարություն։ Թո՛ղ բնավ չհուսա, որ առաջ հարստանա և հետո երկիր ձեռք բերե, այդ լինելու չէ։ Նախ, որ հարստությունը, որ եթե կա այդ ազգի մասնավորների ձեռքում, կամ վաճառականությունը, որ եթե վաճառականություն է... հիմք չունի, այլ, իբրև պատահական մի բան, ենթակա է պատահարների ազդեցության։ Երկրորդ, որ հող և երկիր տիրաբար ձեռք բերելու նպատակը և խորհուրդը փառք չէ, պատիվ չէ, դոքա երեխայական գաղափարներ են, այլ հնար գտնել յուր կյանքը և գոյությունը ապահովելու համար։ Եվ հավատացե՛ք, որ վաճառականությունը և արվեստը որչափ որ ծաղկին, թեև առանց երկրագործության չկա և վաճառականություն[3], որչափ որ մասնավոր մարդիկ միլիոններ դիզեն, այսուամենայնիվ ենթակա են բամբակի և ժապավենի ազդեցության։ Մի մրրիկ, մի փոթորիկ, և... Գնա՛ տխրադեմ ցնցել դատարկ քսակները, որոնց մեջ լցված էին երբեմն ոսկին և արծաթը։

Տնտեսական խնդիրը միակ խնդիր է մարդու կյանքը և գոյությունը ապահովելու համար, և որչափ ծանր արժեք ունի այս խնդիրը, որչափ մարդը անքակտելի կապված է նորա հետ, այնքան դժբախտ է եղել այդ խնդրի ճակատագիրը։ Նա դարձել է մի քար, որի վերա մարդը քանի և քանի՛ անգամ գայթակղեցավ։

Վերջին անգամ գոռաց նա, «կեցցե՛ ազատություն, կեցցե՛ հավասարություն, կեցցե՛ եղբայրություն»։

— Կեցցե՛, կեցցե՛,— հնչեցին ամեն կողմից բյուրավոր արձագանք։

Պատնեշներ շինեցին, փողոցների սալահատակները կողոպտեցին, աղաղակ, խռովություն։

— Ի՛նչ բանի վերա եք։

— Չե՞ս տեսնում. ազատություն, հավասարություն, եղբայրություն, կեցցե՛։

— Կեցցե՛, կեցցե՛։

— Թո՛ղ կենան, թո՛ղ ապրին օդի մեջ,— ասաց մինը, որի աչքերը ավելի հեռատես էին։

— Ի՞նչպես, թշվառական դու... Վայրկյանի մի... Եվ շան սատակ կլինիս հարվածիս տակ, եթե կեցցեներ չգռռաս։

— Կեցցե՛, կեցցե՛։

— Այո, այդպես, կոպիտ... Անկիրթ... Մինչև այժմ չե՞ս հասկցել, որ աշխարհը լուսավորվել է և չէ կարող այլևս բռնության տանել...

— Մի՛ բարկանար, աղաչում եմ, մի հարցմունք...

— Այժմ կեցցեից ավելի ուրիշ բան չէ կարելի խոսել, կեցցե՛։

— Կեցցե՛,— ասաց խեղճ մարդը և հեռացավ հրապարակից։

Տարին չորս եղանակ ունի, իսկ մարդկային կյանքը բյուրավոր չորսեր։ Այն օրերը լոկ կեցցեի եղանակ էր և ուրիշ բանի վերա խոսողը մահի պարտավոր։

Միքանի օրից հետո, երբ արդեն ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը նստել էին արքայական գահի վերա, երբ բոլոր փողոցները և տուները, մինչև անգամ այս անբան գոյությունքը, կարմիր հերկերով և խոշոր տառերով, անբարբառ, գոռացել էին բյուրավոր կեցցեներ, երկու մարդ հանդիպեցան միմյանց մի անկյունում։

— Ողջույն։

— Ողջույն։

— Քանի ժամանակ է, քեզ տեսած չէի, բայց ասես թե խելք կա՞ր գլուխներս, որ միմյանց պատահեինք, քանի որ երեսի վերա մնացած ազգը փրկելու և գերութենից ազատելու հետ էինք զբաղած։ Բայց,— ինքնաբավական կերպով հառաջ տարավ խոսքը,— պիտի իրավունք տալ մեզ, որ կարիճի պես գործ կատարեցինք և մեր դարավոր ցանկության, վերջապես, հասանք։

— Ի՛նչ շինեցինք։

— Ավելի ի՛նչ կամիս,— և տհաճությամբ կրկնեց այն ճակատագրական երեք խոսքերը։

— Ա՞յդչափ միայն։

Խոսակիցը զարմանում էր սորա բթամտության վերա, և գրեթե ատելության աչքով նայում էր դեպ ուղիղ նորա աչքերի մեջ։

— Ինչո՞ւ այդպես շփոթում է և խռովում է քո խաղաղությունը իմ պարզ հարցմունքս և կամենում ես բռնակալ հայացքով պապանձեցնել լեզուս, մինչդեռ ասում ես, թե ձեռք բերածներիս մինը ևս ազատություն է։ Թո՛ղ, գեթ խոսքով օգուտ քաղեմ այդ արտոնութենից։

Խոսակիցը վայրկյան մի շփոթեցավ և, իրավը պետք է ասել, խղճի խայթ ևս զգաց, ազնվաբար, որ հին ժամանակների վերա գնալով և մոռնալով ազատության թագավոր նստելը, կամեցավ մի ակնթարթ, բռնանալ խոսողի կարծիքի վերա։

— Ասա՛, եղբայր, ասա՛, ինչու չէ. ես պատրաստ եմ քեզ լսելու։

— Ուրեմն, ազատություն, հավասարություն և եղբայրություն, այնպես չէ՞, բուն իսկ բարոյական և բնական սկզբունք։

— Ճիշտ այդպես, ինչպես երկու անգամ երկուքը չորս։

— Շատ բարի. բայց ասա՛ խնդրեմ, ազա՞տ եմ ես, միմիայն օրենքով, քաղաքականապես ազատ կոչվելով, ազա՞տ եմ ես, քանի որ նյութական կարոտությունը ստիպում է ինձ, կամա ակամա, մի ուրիշին ստրկանալ, ուրիշին ծառայել և այդ ծառայությամբ հաց ճարել իմ ընտանիքի համար։ Ազա՞տ եմ ես, եթե տեր ունիմ, որին եթե իմ ազատությունը հայտնեմ բացարձակապես, պիտի զրկեմ ապրուստից և ինձ և իմ ընտանիքս, ծառա լինելուց դադարելով, և այս բոլորից հետո ազա՞տ եմ ես... Երևակայությա՞ն մեջ, թե՞ օդի մեջ։

— Այդ ի՛նչ խոսք է, աշխարհը ինչպես կարող է կառավարվիլ, եթե չլինի նյութի և աշխատության փոխադարձ հատուցում։

— Բայց ես մտածում եմ, որ կարող է և մանավանդ երջանիկ, եթե աշխատությունը բռնադատական չէ, այլ կամայական, եթե նա աշխատություն է և ոչ ծառայություն, եթե մարդկային իրավունքները անխտիր հավասարաչափ են և ոչ մինինը ավելի, իսկ մյուսինը պակաս։

— Պարոն, հավասարությո՜ւն, մոռցա՞ր...

— Չեմ մոռցել, բայց չկա։

— Ինչպես թե չկա։

— Շատ հասարակ կերպով։ Ես և դու հավասար իրավունք ոնինք, իբրև հայրենիքի հավասար որդիք, այնպես չէ՞։

— Այո՛, ամենևին այդպես։

— Ուրեմն արդարություն չկա։ Եվ դուք պիտի համաձայնիք, որ կա՛մ հավասարություն չկա, կա՛մ արդարություն, որ իրավունք ոռնե մեր հավասարության իրականապես, քանի որ հավասարությունը, իբրե լոկ խոսք, հնչում է միայն օդի մեջ և քանի որ իրական անհավասարության հետևանքը շինում է ինձ ազատ ստրուկ։

— Չեմ հասկանում։

— Կհասկանաս, և, այս րոպեիս։ Ո՞րքան հող ունիս դու։

— Հարյուր հազար քառակուսի գազ...

— Ե՞ս որչափ ունիմ։

— Չգիտե՞ս որ չունիս։

— Հըմ. դու հայրենիքի որդի՞ ես։

— Այո։

— Ե՞ս։

— Նույնպես։

— Հայրենիքի բարիքը և ծանրությունը հավասարաչա՞փ պատկանում են մեզ։

— Այո՛։

— Ուրեմն, ի՛նչպես հավասարություն է այս. դու ունիս այսչափ հող, իսկ ես ոչինչ, քո բաժին միայնակ վայելում ես հայրենիքի բարին, իսկ ես քո հավասար կրում եմ միայն ծանրությունը։ Բաժի՛ն տուր ինձ քո հողից, մեք մի հայրենիքի որդիք ենք, եղբայր ենք։ Ինչպես քեզ հարկավոր է ապրուստ, նույնպես և ինձ, ինչպես դու կրում ես հայրենիքի բեռը, նույնպես կրում եմ ես։ Բաժի՛ն տուր ինձ քո հողից, այն ժամանակ ես չեմ աշխատելու բռնի, ես կզգամ ինձ ազատ, մեր իրավունքները կհավասարվին, և ճշգրիտ եղբայրությունը երևան կելնե։

— Հողը սեփականությունս է...

Խոսքը բերանը մնաց։ Այն կողմից կտրիճի մինը, երկաթի տրամաբանությամբ, հարվածը իջեցուց նորա գլխին։

— Սեփականությունը գողությո՛ւն է,— ասաց նա այրական ծանրությամբ և կանգնեցավ։

Սեփականությունը այն բանի, որ, առանց մեր աշխատության, բնությունը դնում է մեր առջև, գողություն է, ավազակություն և հափշտակություն, եթե մինը առնու հարյուրավոր, հազարավոր, իսկ մյուսք ամենևին ոչինչ։ Այլ խնդիր է աշխատությամբ ձեռք բերված այն բանը, որ բնությունը չէ պահում յուր գոգում, որ բնությունը չէ պատրաստում, անմիջապես, որ մարդը արվեստական ճանապարհով է պատրաստել և ի վերջո որի արժեքը պայմանական է, մի խոսքով դրամը, որ մարդը վաստակել է։ Բայց հողը նա չէ վաստակել, հողը նա չէ շինել, հողը բնությանն է։

— Պարոն, չափդ ճանչցիր, ես գող չեմ, ես հողը չեմ հափշտակել, ես ձրի չեմ առել, դրամով է գնել իմ հայրս, իմ պապս։

— Ինձ ի՛նչ փույթ։ Բռնակալությունը, որ նույնն է թե ավազակություն, վաճառել է քեզ հասարակաց ազգի սեփականությունը։ Ոչ նա իրավունք ուներ վաճառելու և ոչ դու իրավունք ունեիր գնելու, նա գող է և դու գողակից, որովհետև երկրագունդը անհատի սեփականություն չէ, նորա վերա ապրում են և պիտի ապրին բոլոր նորա որդիքը անխտիր։

—- Բայց, եթե ես իմ հողը կիսեմ քո հետ, ես կքանդվիմ, ես մինչ ցարդ ապրում եմ նորանով. ի՛նչ կլինի հետո իմ ժառանգների և իմ սերունդի վիճակը, երբ իմ հողի քանակությունը փոքրացրել էի։

— Դու մտածում ես քո ապրուստի համար, աչքիդ առջև ունիս քո ժառանգների և քո սերունդի ապագան, իսկ ես, որ ոչինչ ունիմ, ինձ ապրուստ պետք չէ՞, իմ ժառանգները և իմ սերունդը, որ ինձանից հետո ոչինչ ստանալու չեն ինձանից, ապրելու չե՞ն։ Բայց դու կքանդվիս, այսինքն, քո ավելորդը կչափավորվի, որի հաշվով իմ պակասորդը կլցվի, սակայն մի՛ մոռնար, որ քո ցեղը մինչ ցարդ վայելել է այդ հողը, իսկ իմ ցեղը միշտ զուրկ է մնացել նորանից։ Այսօր դու կքանդվիս, բայց վաղը մեր երկուքի սերունդը կհավասարվին. այսօր քո կարողությունը կչափավորվի, բայց, դորա փոխանակ, իմ ամբողջ սերունդը չէ պիտո այլևս մահու և կյանքի մեջ տատանի, մի ոտնաչափ հող չունենալով։

Մարդը հառաջացավ մինչև այստեղ և կարծում էիր, թե ահա շոշափում է նա յուրյան հարկավոր առարկան... Կստանա նորան... Բայց չէ, ստանալը այնպես դյուրին չէ, որովհետև մարդը դեռևս տղա է։ Գայթակղեցավ նա այս գայթակղության քարի վերա և դեպի ձախ, շրջան հառաջ, ծռեց պատմությունը յուր ուղիղ ճանապարհից։

Ազատությունը, հավասարությունը և եղբայրությունը յուրյանց հիշատակը թողեցին միքանի ոսկիների վերա, պատերի վերայի կարմիր գրերը դատապարտվեցան մնալ մի սպիտակ ներկի տակ։

-— Կեցցե՛ մահ։

Այս էր վերջին խոսքը, որ լսվեցավ։ Եվ խեղճ մարդը, վարատական և անհող, հարկադրվեցավ դարձյալ յուր օրական հացը ճարել ստրկանալով ուրիշին։

Բռնակալությունը, եթե նորա երևեցուցիչը մի անհատ է, թո՛ղ լինի այն անհատը Ներոն, Կալիգուլա կամ նոցա աշակերտ մի պոլիտիկական ավազակ[4], բնավ սարսափելի չէ. քանզի այն անհատի հետ գերեզման կիջնե։ Բռնությունը, եթե նորա երևեցուցիչը մի ժողով է, մի ծերակույտ, մի հրեական սինետրիոն, նույնպես, զարհուրելի չէ. ցրվեցիք ժողովը, կործանեցիր նորա տաճարը, և ահա ամենայն բան կընթանա, ինչպես յուղած ճախարակ։ Բռնությունը աննկարագրելի և անթարգմանելի կերպով կատաղի է, կամակոր և երկարատև, եթե աղբերանում է հասարակ ժողովրդի ընդունած սկզբունքից։ Մի հարատև բռնակալ կառավարություն, մի ազգի մեջ, ուրիշ բան չէ, եթե ոչ այդ ազգի հոգս երևեցուցիչը։ Շատ անգամ ինքը ազգը զգում է բռնության ծանրությանը և առանց արմատը քննելու, այսինքն, առանց յուր անձը քննելու, ասպարեզ է դուրս գալիս այն չարչարող բռնության ընդդեմ, գլխատում է, աքսորում է, ի վերջո, չքացնում է բռնության երևեցուցիչը։

Ուրախացավ, կարծեց, թե ազատվեցավ բռնութենից, չգիտե, թե ինքն է, յուր մեջ է այն բռնության և անօրենության տարրը։ Կարծեց, որ եթե մի մարդու տեղ քսան հոգի նստի, բոլոր բանը կփոխվի. մոռացավ, որ քանի յուր հասկացողությունը նույնն է, ինչպես էր հառաջ այն մինի ժամանակ, այն քսանը պիտի գնա նույն ճանապարհը, որով գնում էր պատժված մինը։ Մասնավոր ուշադրության արժանի է մարդկային կյանքի և այս երևույթը, որ երբ մի արտաքին ուժ դադարում է ճնշել որևիցե մի հասարակություն, ինքը այդ հասարակությունը սկսում է բռնանալ յուր վերա և նորա բռնակալական ձգտողությունքը բնավ իսկ պակաս չեն արտաքին բռնության ձգտողութեններից։ Սորա շոշափելի օրինակը տեսանելի է Անգլիո մեջ։

Ամեն մարդ գիտե, որ գրատպությունը ազատ է այնտեղ, և կառավարության և օրենքի կողմից ամենայն հարձակմունք անհնարին։ Բայց, չնայելով սորա վերա, Ստյուարտ Միլը հարկադրվեցավ հրատարակել յուր գիրքը՝ «On liberty»[5]։ Ստյուարտ Միլը այս գրքի մեջ բնական պատճառներով աշխատում է համոզել, որ տպագրությունը ազատ մնա ամենայն հարձակմունքից։ Հարձակմո՞ւնք, տպագրության ընդդե՞մ, և մի աշխարհում, ուր ամենայն բան տպվում է առանց արգելքի, որի՞ կողմից արդյոք, մինչ կառավարությունը և օրենքը ազդեցություն չունին այս խնդրի վերա։ Ստյուարտ Միլը խոսում է հասարակության հետ, նա բողոքում է նորա ընդդեմ, և նորա ընդդեմ դարձյալ պաշտպանում է և քարոզում է տպագրության անպայման ազատությունը։ Հասարակությունը, նորա կանխակալ կարծիքները, նորա ավանդությունքը, որ դարերով նստել են նորա ուղեղի վերա, արմատացել են նորա ոսկերքի մեջ, շատ անգամ չէ կարող հաշտ աչքով նայել ազատ հրապարակախոսության երեսին։ Նա հալածում է նորան ոչ թե օրենքով կամ որևիցե կառավարչական ուժով կամ արգելքով, ո՛չ, նա լավ գիտե, որ սոքա անհնարին բաներ են Անգլիո մեջ, նա հալածում է մանր հնարներով և աղտոտ ճանապարհներով, որոնց մեջ վերջին տեղը չունին, անձնական վնաս հասցնել, վատաբանել, կասկածներ հարուցանել հեղինակի վերա, պարզամիտների միտքը և ատելությունը գրգռել նորա ընդդեմ։ Այս բոլորը սարսափներով տեսավ Ստյուարտ Միլը, տեսավ և գոչեց. «Մեք սուզանում ենք»։

Կեմբրիջի համալսարանի երկրագիտության վարդապետների գրվածքը, մի պարզ բնագիտական և երկրագիտական տեսություն, ահ ու սարսափ բերեց հասարակության վերա, հասարակությունք տեսավ, որ այդ գրվածքը հիմն ի վեր տապալում է այնպիսի հասկացողությունք, այնպիսի սկզբունք, որ վաղուց արդեն սրբազանել է ինքը, հասարակությունը, որ դարձել է նորա հոգին, նորա պաշտական գաղափարը, տեսավ այս և խաչակիր արշավանք քարոզեց այն իմաստուն ուսուցիչների ընդդեմ։ Բանական հնարքները, հերքոզությոլնքը, վեճը և ի վերջո անբարոյական պարսավանքը թույլ երևեցան նորա աչքում, նորա վշտացած հասկացողությունը թելադրում էր նորան վրեժ, նորա միակ ցանկությունը էր, որ ուսուցիչք կորուսանեն յուրյանց ամբիոնը։

Վա՛յ այն ծառին, վա՛յ այն բուսականին, որի արմատը անընդունակ է յուր հատակից ընդունելու և պատրաստելու յուր հյութը, յուրյան թարմությունը պահող կենսական ուժը և զորությունը։ Վա՛յ այն ծառին և բուսականին, որի հույսը դրված է միմիայն, գիշերային և առավոտյան, բարձրից գալու ցողի վերա։ Ցողը դեռ հազիվ հազ նստում է նորա տերևների վերա, հազիվ հազ սկսանում է զովացնել նորա ծարավը, դալարացնել նորա խորշակահար տեսիլը և ահա... արևը ծագեցավ։ Ցողի կաթիլները, հետզհետե գոլորշանալով ցնդեցան, գնացին, իսկ տերևքը մնացին այրող ճառագայթների ազդեցության ենթակա։

Մարդուն համար վերևից եկած ազատությունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ, եթե ինքը այնուհետև պիտի բռնանա յուր ընկերի վերա։ Եվ քանի որ տնտեսական խնդիրը — այն բազմակնճիռ Գորդիասի կապը լուծված չէ, հասարակությունը յուր ընկերական և ընտանեական հարաբերությանց մեջ ազատ չէ, թող քառասուն անգամ, եթե կամենան, փոփոխեն կառավարության ձևը, բայց քանի որ հասարակության մի մասը տիրապետել է հողին, իսկ մյուս մասը մնում է մուրացիկ, այնտեղ թագավորում է բռնությունը։

Նույն այս տնտեսական խնդրի առաջև կանգնած է այսօր ռուսական կառավարությունը և ազնվականը։ Այս խնդիրը մահու և կյանքի խնդիր է. «to be, or, not to be»![6]։ Քսան երեք միլիոն[7] ստրուկ, որ մինչև ցարդ նստած հայրենիքի հոգի վերա ծառայում էր և հարկ էր տալիս յուր պարոնին, վաղո՜ւց և վաղուց ազատված կլիներ ստրկութենից, եթե կարելի լիներ կառավարության, կամ ազնվականին, ասել ստրուկներին.— Մանկո՛ւնք, այս օրից հետո ազատ եք կատարելապես և ձեր ստրկական հարաբերությունը, դեպի ձեր պարոնները, վերջացած է. գնացե՛ք ուր կամիք և ապրեցե՛ք, ինչպես կամիք։

Բայց կառավարությունը և ազնվականությունը պարզ տեսնում էին այս տեսակ ազատության անհնարավորությունը։ Ո՛ւր երթա 23 միլիոն ժողովուրդ անհող և անկայան, ի՛նչ գործե, ի՛նչպես ապրի։ Նույն հողը, որի վերա բնակվում էր և որ գործում էր, այժմ, ազատվելուց հետո, պիտի վարձու առնուր յուր պարոնից. ի՛նչ ազատություն էր այս, ո՞չ ապաքեն և առաջ նույնն էր գործում, միայն այս տարբերությամբ, որ տված դրամը կամ անձնական աշխատությունը փոխանակ դրամի՝ համարվում էր հարկ, իսկ այժմ նույնը պիտի անվաներ վճար։ Բայց շինականին ի՛նչ մխիթարություն անվանափոխության մեջ, քանի որ գործը նույնն է։ Պիտի ասեն, որ այդ տեսակ ազատութենից շինականը եթե տնտեսական մասնում ավելի վնաս ունի քան թե օգուտ, գո՛նե կազատվի ստրկութենից և պարոնի իշխանության և լուծի տակից։ Այստեղ ևս մխիթարական բան չկար շինականին. այո՛, պիտի ազատվեր պարոնից, բայց դորա փոխանակ պիտի ընկներ կառավարության աստիճանավորների ձեռքը, այսինքն, անձրևի երեսից ծովը։

Տեսավ կառավարությունը, որ այս տեսակ ազատություն չէ կարելի տալ. գուշակեց նա գալոց փոթորիկը։ Տեսավ ազնվականը և համոզվեցավ, որ այս տեսակ ազատություն տալը, ազնվականության մահու դատակնիքը ստորագրել է։ Ուստի և՛ կառավարությունը, և՛ ազնվականը, վախնալով բարձրացնել այս ճակատագրական վարագույրը, որի քամակում կանգնած է Ռուսիո սոսկավիթխար ապագան, լուռ կացին և առանց միմյանց հետ խոսելու, միմյանց միտքը և դրությունը լավ հասկանալով, որոշեցին լուռ մնալ և քարշ ածել այս գործը, որչափ որ կարելի է դիմանալ։

Եկավ Արևելյան պատերազմը[8], կառավարությունը ընկավ պարտքի մեջ, ժողովուրդը կրեց անտանելի ծանրություն և, ի վերա այսր ամենայնի, երբ Սեբաստոլպոլսի պարիսպքը խոնարհեցան դաշնակից զինվորության առջև, Նիկողայոսը մեռավ։ Մեռավ նորա հետ և նորա համակարգությունը։ Ինչ կամիս, արա՛, բայց ժամանակը յուրյանը կառնու։ Նոր կառավարությունը տեսավ այս բոլորը, հասկցավ, որ անցյալը չէ կարելի շարունակել, լարերը շատ ձգված են, ուստի մի փոքր թուլացրեց ժողովրդյան սանձը։ Մինչ այս մինչ այն, տնտեսական խնդիրը, մի աներևույթ զորությամբ, ընկավ մեջտեղը. հարկը ստիպում էր լուծել նորան այս անգամ։

Եվ ահա ժողով ժողովի քամակից, խորհուրդ խորհուրդի քամակից, ինչպե՛ս լուծել, որ ազնվականությունը զոհ չբերե երկիրը, բայց ի՛նչպե, լուծել, առանց հող տալու շինականին։ Երկիր չտալ նոցա, ասել է 23 միլիոն Ժողովուրդ օրական հացի կարոտ ձգել, ասել է, այդ ազատության մյուս օրը պատերազմ ունենալ 23 միլիոն բազմության հետ, որ սովամահ լինելու երկյուղից և հուսահատութենից, պիտի պատերազմի սարսափելի զորությամբ։ Երկիր տալ նոցա, ասել է բովանդակ ազնվականությունը հարուցանել կառավարության ընդդեմ, բայց չտալ չէ կարելի։ Վերջիվերջո, որոշվեցավ չափավոր քանակություն հող տալ ստրուկներին, այսինքն, յուրաքանչյուր գյուղական հասարակության և ընկերության, համեմատ նոցա թվին. այնպես, որ այդ հասարակությունքը, մինչև մի նշանակյալ ժամանակ, ամ ըստ ամե վճարեն յուրյանց պարոններին այն հողի գինը, մինչև վճարը ավարտվի։

Բայց երբ 1861, փետրվարի 19֊ի հրովարտակը դուրս եկավ, որի մեջ կայսրը ասում էր, թե ստրուկները ազատ են և յուրյանց հողը պիտի ստանան հրովարտակի թվյալ օրից երկու տարուց հետո, իսկ մինչև այն երկու տարու վերջը պիտի մնան նույն հարաբերության մեջ դեպի յուրյանց պարոնները, ինչպես հառաջ, ստրուկները և լսել չկամեցան։

— Հրատարակեցիր մեզ ազատ, հանդերձ մեր հողով. և ահա վերջացած է ամեն բան։ Մեք չկամինք մնալ այսուհետև այն հարաբերության մեջ, ուր մաշեցան մեր նախնյաց և մեր ոսկերքը։ Դարավոր սպիներով ծածկված է մեր մեջքը, անզուսպ բարբարոսությունը յուր ուժը մաշեց մեր կուրծքի վերա։ Մեր մատաղահաս դստերքը զոհ գնացին անխնա մեր պարոնների բռնաբարության. կանանց մասին այլ խոսք չէ մնում։ Մեր որդիքը նոքա փոխեցին շունի հետ։ Չէ՛, անհնար է, որ այլևս մնանք նույն հարաբերության մեջ։

Զանազան գավառներում դուրս երևեցան զանազան ընդդիմությունք և ապստամբությունք, եթե իրավունք պահանջելը, վսեմ ոճով, կարելի է ապստամբություն անվանել։ Կառավարությունը զենք գործ դրեց նոցա վերա, բայց սպանվածների արյունը ոռոգեց և աճեցուց ընդդիմության տունկը։ Եվ այսօր, ամենայն րոպե, հեռանում են միմյանցից ազգը և կառավարությունը։ Ազնվականությունը երևեցնում է երկու միմյանց ներհակ կուսակցությունք, հառաջընթաց և հետընթաց։ Հառաջընթաց կուսակցությունը միացած է ազգի էական օգտի, այսինքն ստրուկների հետ։ Նա ներգործում է և հետընթաց կուսակցության և կառավարության հակառակ։ Եվ այս, հայտնի, գրավոր և օր ու ցերեկով։ Իհարկե շատերը թռան դեպի Սիբիր, շատերը մաշվում են բանտերի և ամրոցների մեջ։ Այս տողերը գրելու միջոցին հասած պաշտոնական լուրը իմաց տվեց, թե Տվերի հառաջընթաց կուսակցութենից տասն և երեք հոգի մատնվել են ծերակուտի հինգերորդ բաժնի ձեռք, այսինքն, քրեական ատենի ձեռք, որովհետև ստորագրությամբ գրած են գավառական ատենին, թե չեն կարող և չպիտի ներգործեն 1861 փետրվար 19 հրովարտակի համեմատ, քանզի ընդդեմ է այն հրովարտակը ազգի էական շահին։ Այսքանով չէ գոհացել ազնվականությանը և փետրվարի 2-ից տվել է կայսեր մի մեծախորհուրդ խնդիր։

Դնում ենք այստեղ այն խնդրի հարազատ պատճենը և միքանի պարբերություն, մեր նամակագրի մեզ տված տեղեկություններից, պահելով նորա թե ոճը և թե ուղղագրությունը։

Ձեր Կայսերական Մեծություն
Ամենողորմ Թագավոր

1861 փետրվարի 19-ի օրենսդրությունը հրատարակվելեն ետքը, Թվերի ազնվականությունը, առջի անգամ գումարվելով, կբարևե Ռուսաց թագավորը, որ ձեռք զարկավ ստրուկները ազատելու և Ռուսիո հողի վրա եղած ամեն անիրավություն արմատախիլ ընելու։ Թվերի ազնվականությունը կհայտնե հրապարակավ, որ ինքը սրտանց զգայակից է Տ. Կ. Մեծության բարի սկզբնավորությանց և պատրաստ է հետևելու Ջեզ այն ճամբով, որ կտանի ի բարօրություն Ռուսաց ազգին։ Մեր պատրաստականությունը և Տ. Կ. Մեծության անձին վրա ունեցած կատարյալ հավատը ապացուցանելու համար, մեք կհամարձակինք առաջարկել, Ձեր բարի դիտողության, մեր մտածությանց անկեղծ գծագրությունը, առանց ամենևին ստության, կամ բան մը ծածկելու։

Փետրվարի 19֊ի հրովարտակը, ազգին ազատություն հայտնելով, բարվոքեց քիչ մը ստրուկներուն նյութական բարեկեցությունը, բայց չազատեց զանոնք ստրկական կախողությունեն, և ստրկական իրավունքեն ծնած բոլոր անօրենությունները չոչնչացուց։ Ազգի առողջ բանականությունը չկրնար համաձայնեցնել Ձ. Մեծության հայտնած ազատությունը, ներկա, առ իրենց պարոնները, հարկադրական հարաբերությանց հետ և կացությանց արվեստական բաժանարարության հետ։

Ազգը կտեսնե, որ ինքը, երբեմն ժամանակի, պիտի կրնա ազատիլ միմիայն հարկադրական աշխատութենե, բայց հավիտյան հարկատու պիտի մնա, հանձնված նույն պարոններուն իշխանությանը, որոնք այժմ խաղաղության միջնորդք կանվանին։

Թագավո՛ր, հայտնի կխոստովանինք, որ մեք ալ չենք հասկընար այս դրությանը։ Ասանկ ահագին անհասկացողությունը զբոլոր հասարակությանը կդնե անելանելի և տեսության կորուստ սպառնացող վիճակի մը մեջ։

Ի՛նչ բան արգելք կըլլա զանի հեռացնելու։

Հողը, պարտավորապես, ստրուկներուն սեփականությունը դարձնելու մեջ, մեք ոչ միայն չենք տեսներ մեր իրավանց ավերում մը, այլ, միակ միջոց կճանչենք զանի, մեր աշխարհի խաղաղությունը և մեր սեփական նյութական օգուտները ապահովելու համար։

Մեք կխնդրենք, որ այս միջոցը ի գործ դրվի և տերության ընդհանուր զորությամբ անի ի կատար հանվի, առանց բոլոր ծանրությանը միմիայն ստրուկներու վրան դնելու, որոնք ամեն ուրիշեն քիչ մեղք ունին, ստրկական իրավունքի գոյության մեջ։

Ազնվականությանը, իրեն կացության արտոնության զորությամբը, մինչև ցայսօր ազատ էր հասարակաց գլխավոր պարտքերը կատարելեն։ Թագավո՛ր, մենք արյան մեղք կհամարինք ապրիլ և օգուտ քաղել հասարակաց կարգի աղեկություններեն, ուրիշ կացությանց հաշվով։ Անիրա՛վ է այն կարգը, ուր խեղճը մեկ ռուբլի կվճարե, իսկ հարուստը ոչ քոբեկ մը։ Ասիկա կարելի է ընդունիլ, քանի որ ստրկական իրավունքը կտևեր, բայց այժմ, անի՝ օտարակերներու և իր հայրենիքին բոլորովին անօգուտ մարդաց կարգը կդնե զմեզ։

Մեք չենք ցանկար օգուտ քաղել ասանկ անարգ արտոնութենե մը, և անոր առհապա հարատևությունը չենք առներ մեր պատասխանատվությանը տակ։ Մեք ամենահպատակորեն կխնդրենք Ձ. Մեծութենեն հրաման տալ մեզ, մեզ վրա ընդունիլ տերության հարկերուն և պարաքերուն մեկ մասը ամեն մեկիս կարողության համեմատ։

Նյութական արտոնություններն զատ, մեզ միայն տված է նաև զազգը կառավարելու, մարդիկը ընտրելու և կարգելու իրավունքը։ Այս օրվան օրս, անօրենություն կհամարինք մենք, այն իրավունքը բացարձակապես մեզ պահել, և կաղաչենք, որ անի ուրիշ կացությանդ վրա ալ տարածվի։

Ամենողորմ Թագավոր, մենք հաստատ հավատացած ենք, որ Դուք սրտանց կցանկաք Ռուսիո աղեկության, այս պատճառով սուրբ պարտք կհամարինք հայտնի ըսել, որ մեր և Ձ. Մեծության կառավարությանը մեջ սարսափելի անհամաձայնություն մը կա, որ արգելք կըլլա Ձեր բարի դիտավորությունները կատարել։ Տերության պաշտոնյայքը, փոխանակ խոստացված ազատությունը ստուգապես ի գործ դնելու, առ ժամանակյա հարկադրական դրություն մը հնարեցին, որ թե ստրուկներուն և թե պարոններուն համար անտանելի է։ Փոխանակ մեկ անգամ ստրուկները ազատ և պարտավորապես հողի տեր ընելու, անոնք՝ հոժարակամ համաձայնության այնպիսի կարգ մը հնարեցին, որ թե ստրուկները և թե պարոնները վերջին աստիճան աղքատության հասցնել կսպառնա։ Այժմ, անոնք դարձյալ հարկավոր կդատեն ազնվական արտոնությանց պահպանությունը, մինչդեռ մենք, որ ամենեն ավելի այս գործին մեջ օգուտ ունինք, անոնց վերնալուն կցանկանք։

Այս ընդհանուր անհամաձայնությունը, իբրև աղեկ ապացույց կծառայե անոր, թե անհրաժեշտ հարկ եղած փոփոխությունները գրագրական (bureaucratique) ճամբով չպիտի կրնան կատարվիլ։ Մեք ալ՝ հանձնառու չենք բոլոր ազգի փոխանակ խոսել, չնայելով, որ ավելի մոտ կանգնած ենք անոր. և հաստատ հավատացած ենք, թե միմիայն բարեմտությունը բավական չէ ոչ միայն գոհացնելու, այլ մինչև անգամ և ազգային կարիքը ցցունելու համար։

Մեք հավատացած ենք, թե բոլոր փոփոխությունները հառաջ չերթալուն պատճառը այն է, որ առանց ազգի կամքը հարցնելու կըլլան։ Բոլոր ռուսական հողեն ընտրված երեսփոխաններ գումարելը միակ միջոց կերևա գոհացուցիչ կերպով այն խնդիրները լուծելու, որ զարթեցան, բայց չվճռվեցան փետրվար 19-ի դրությամբ։

Ձեր Մեծության դիտողությանը ներկայացնելով երկրական ժողով գումարելի ամենահպատակական աղաչանքը, մեք կհուսանք, որ ընդհանուրի աղեկության սրտանց փափաքր, որով ոգևորված է Թվերի ազնվականությունը, հակառակ մեկնաբանությանց ենթակա չըլլար։

Խորին երկյուղածության զգացմունքով, երջանկություն կհամարինք անվանվիլ

Ձ. Կ. Մեծության ամենահպատակք

2 փետրվարի 1862. Թվեր։

(112 ստորագրությունք)

... Ազնվականներուն այս ազնիվ խնդիրը տեղը հասնելեն ետքը (շարունակում է նամակագիրը) զորապետ Աննենքոֆը քանի մը գնդապետներով և խումբ մը ժանտարմով Թվեր կխրկվի։ Կառավարությունը մինչև այսօր կկարծեր, թե ստրուկները կեսկատար ազատելով գործը պիտի լմննա։ Անդին, ազնվականությունը, իր արտոնություններին հրամարվելով, հավասարություն կպահանջե, երեսփոխանական ժողով կպահանջե, ուրիշ խոսքով, սահմանադրություն կպոռա։ Միայն Թվերի ազնվականությունը չէ, այլ շատ գավառներ նույն ճամբան կհետևին և փետրվարի 19-ի օրենքը կատարելե հրապարակավ կհրաժարին։ Թամպով գավառի ազնվականությունը միևնույն բովանդակությամբ խնդիր մը տվեր է Կայսեր. միայն սա տարբերությամբ, որ հոն ազնվականաց հետ ստորագրեր են բռլոր վաճառականք և ստրուկները։ (Օրինակը տակավին ձեոքս չհասավ, որ քեզ խրկեի)։

Կառավարությունը Թվերի գործեն սարսափ մը կզգա և ուզելով խորամանկություն բանեցնել, հասարակ ժողովրդի մեջ ձայն կտարածե, թե ազնվականությունը՝ Կայսեր տված խնդիրքին մեջ՝ դեմ է ստրուկներու ազատության, որպեսզի ստրուկները այն ազնիվ կացության դեմ հարուցանե, որմե ինքը կվախնա։ Ազնվականությունը կիմանա այս դավաճանությունը և իր տված խնդիրը, ամեն քաղաք, ամեն գեղ հասարակ ժողովուրդի մեջ՝ կսկսի կարդալ և հասկցնել, որով ո՛չ միայն հասարակ ժողովուրդին միտքը կբժշկվի, ո՛չ միայն կառավարության խարդախությունը երևան կելլե, հապա՛, ժողովուրդը, կկապվի ազնվականության հետ և սահմանադրություն բառը կարտասանե։

Տասներեք հոգի ազնվական երիտասարդք, որ իբրև ազատության առաքյալք, իրենց վրա առած վերոգրյալ սուրբ և վսեմական պաշտոնը, ժողովուրդին՝ ճշմարտությանը կքարոզեին և կառավարության մոլորեցուցիչ խարդախությունը երևան կհանեին, կառավարության պաշտոնյաներեն ձերբակալ կըլլան և կբանտարկվին։

Ասոնց մեջեն երեք հոգի իբրև գլխավորք, երկու եղբարք Նիքոլա և Այեքսեյ Պաքունին (ասոնք այն երևելի Մ. Ա. Պաքունինին եղբայրներն են, որ իբրև առաջնորդ գերմանական ապստամբության (1848) բռնվեցավ Տրեզտենի մեջ և ութը տարի բանտ մնալեն և չորս տարի Սիպերիա աքսոր կրելեն ետքը, հրաշքով մը ազատություն գտնելով, Ճաբոնի և Ամերիկայի վրայով Լոնդրա հասավ) և Լազարեֆ անվամբ ռուս ազնվական մը, Բեդերսպուրկի Սուրբ Պետրոսի և Պողոսի ամրոցը կխրկվին։ Բայց ո՜ւշ, ազնվականը և ժողովուրդը կապվեցան իբարու հետ...

Հյուսիսային կոթողը կշարժի՜•••

Եվ ինչպես մեծ շինվածք մը կանգնելու համար, շատ նյութեր կմտնեն անոր կազմվածքի մեջ, այնպես ալ անոր կործանումեն ետքը՝ շատ նյութեր կստացվին զատ շինվածներու համար։ Ռուսիո մեջ խմորված ազատությունը համարձակ կարելի է մարդկային ազատություն անվանել, վասնզի ազատությունը հողի վրա կհիմնվի, քանզի ոչ միայն ինքը ռուսը կուզե իր ազատությունը, այլ կքարոզե թե Լեհաստան, Ֆինլանտիա, Փոքր Ռուսիա (15 միլիոն ժողովուրդ), Կովկաս, Վրաստան և Հայաստան պետք է, որ ազատ և անկախ ըլլան Մեծ Ռուսիայեն, որպեսզի ինքը 43 միլիոն զուտ ռուսական ազգը, ստուգապես ազատվի, ամեն ստրկության և ամեն բռնաբարության սկզբունք մերժելով և իր բարոյական ու նյութական ուժը և զորությունը միմիայն իր մեջը ամփոփելով, որպեսզի երջանկություն ճաշակե, հազարամյա գերութենե ետքը և հառաջանա քաղաքակրթության մեջ։ Ռուսիո ազատությունը, ընդհանուր մարդկության ազատության վերաբերմամբ, մե՜ծ խորհուրդ ունի... և այլն[9]։

Հետընթաց կուսակցությունը մնացել է ազգի և կառավարության մեջտեղը, երկու կողմից ևս գժգոհ, երկու կողմին և թշնամի. և ընդդեմ կամելով ներգործել ազգին, ներգործում է ընդդեմ հառաջընթաց կուսակցության և վատորեն միանում է կառավարության հետընթաց մասին հետ։

Ռուսական ազգը, որի աչքի առջև հանդիսանում է այս դրամատիկական թատրերգը, կուսակից է ստրուկներին և հառաջընթաց ազնիվ կուսակցության։ Նորա մեջ նույնպես խմորվում է մի ոգի, և այսօր երկու երեք միմյանց հակառակ տարերք գնում են միևնույն ճանապարհը։

Եվ կառավարությունը, յուր կարգով, մնացել է այս բոլորի մեջտեղը։

Բայց այս ջերմախտական և լարյալ վիճակր անհնար է, որ լինի երկարատև։ Եթե, վաղօրոք, խելք գործ չդրվի, ստրուկը յուր հողով հանդերձ կատարելապես ազատ չքարոզվի, և այս կերպով այն կնճիռը չլուծվի, ստրուկը կացինով կվճռե գործը։

Ժամանակը շատ մոտեցած է և կարծվածից ավելի մոտեցած...

Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ, առանց տնտեսական խնդրի լուծվելուն։ Ոչ մի ազատ կառավարություն, ոչ մի ազատ օրենսդրություն չէ կարող փրկել մարդը ստրկութենից մինչև որ այդ մարդը հողի վերա իրավունք ունեցող չխոստովանվի։ Եվ մինչև այս, ընդհանրական աղքատությունը երթալով պիտի զորանա և հասնի հսկայական աստիճանների։

Թողունք պղինձը, այսչափ ոսկու և արծաթի հանք, որ ամենայն տարի անդադար ոսկի և արծաթ են թափում զանազան տերությանց գանձարանների մեջ, գրեթե ազդեցություն չունին դրամական խնդրի վերա։ Եվ հասարակ ժողովուրդը այնչափ ավելի կարոտում է դրամի, այնչափ սաստկանում է դրամի պակասությունը, որչափ որ ամեն կողմից ոսկի և սւրծաթ է դուրս բերվում երկրագունդից։ Անտարակույս է, որ մետալյա դրամը ամենայն տարի շատանում է, ի՛նչ է ուրեմն պատճառը, որ ժողովուրդը չէ տեսնում նորա երեսը, և ո՞ւր են այն ոսկիքը։ Մի՞թե տերությանց մոտ։ Մեր առջև դրած է բոլոր տերությանց եկամուտի և ծախքի ցուցակներր։ Ահավասիկ ամենահարուստ համարված Անգլիո 1860 թվականի եկամուտի և ծախքի ցուցակը։

Եկամուտ — 70,283,674 լիբրե ստերլինգ,
Ծախք — 72,842,059 լիբրե ստերլինգ,
Պակասորդ — 2,540,385 լիբրե ստերլինգ։

Ո՞րտեղ ուրեմն հարկավոր է որոնել ոսկին և արծաթը։ Նախ, մի քանի երևելի մոնոպոլիստ սեղանավորների մոտ, որ աշխարհը խեղդում են պարտքի մեջ, և երկրորդ, հողատերերի մոտ։ Ոսկին և արծաթը չէ մնում տերությանց և հասարակության մոտ և չէ կարող մնալ, քանի որ տերությանը ծախքերը, օրըստօրե բարձրանալով, լեռնանում են, և քանի որ ժողովուրդը հող չունի և ուր որ ունի, չկամի գործել։ Նա թողում է դաշտը և գնում է քաղաք կամ մայրաքաղաք, նշանակում է, թե օրըստօրե պակասում է երկրագործների թիվը, հետևաբար ընկնում է զուգակշիռը։ Դիցուք հազար հոգի շինական երկիր էին գործում, որոնք երկրագործութենից հառաջացած արդյունքը վաճառելով, անշուշտ, պիտի ներս բերեին դուրսից յուրյանց մեջ որևիցե քանակություն ոսկու և արծաթի։ Այժմ այդ հազար հոգին, թողնելով երկրագործությունը, թե կամա և թե ակամա, և երթալով և բնակվելով քաղաքի մեջ, ոչ միայն փոքրացնում է երկրագործների թիվը, այսինքն, դուրսից հասարակ ժողովուրդի մեջ ոսկի և արծաթ բերողի թիվը, այլև շատցնում է երկրագործության արդյունքի կարոտողների թիվը։ Եվ փոխանակ որ ինքը պիտի դրամ ստանար դուրսից, այժմ ինքը պիտի տա։ Այո՛, այն մարդը որ թողեց երկրագործությունը և գնաց քաղաք, վաստակ է առնում դարձյալ, բայց երկրագործության և այն վաստակի մեջ կա մեծ տարբերություն։ Երկրագործը ունի հիմք, նա ունի հող, նորա ձեռքում կա նյութ, որ ասել է ուժ և կարողություն դրամի համազոր, բայց երբ նա թողեց երկիրը և գնաց քաղաք, այնտեղ ոչ հողը կա և ոչ նյութը, նա տարավ յուր հետ միմիայն աշխատությունը, այսինքն, յուր երկու ձեռքը։ Աշխատությունը առանց նյութի և առանց հիմքի, հասարակաց վերաբերությամբ, չունի՛ այն ուժը և զորությունը, ինչ որ ունի աշխատությունը, երբ նորա հետ զուգընթաց է նյութը, երբ այդ բոլորը հաստատած է հիմքի վերա։ Հավելացո՛ւր սորա վերա և քաղաքային ծախքը, որ ուտում է և մաշում է բոլոր, ինչ որ մարդը յուր աշխատությամբ վաստակել էր։ Նա հազիվ հազ ծայրը ծայրին է հասուցանում յուր եկամուտը և ծախքը, նա վարձկան է, իսկ վարձկանի աշխատությունը յուր համար չէ, վարձկանի հառաջ բերած արդյունքը վայելում է նորա տերը։ Ո՞վ է նորա տերը։ Վաճառականը կամ գործարանատերը։ Ուրեմն, շահը վաճառականի կամ գործարանատիրոջ մո՞տ է։ Վաճառականների մի մասը ուղղակի վարձկան է գործարանատերերին, իսկ մյուս մասը գործարանատերերի հետ միասին, վարձկան այն վերասած մոնոպոլիստների, որոնց մոտ կենտրոնացած է դրամական ուժը։ Ուր որ է դրական զորությունը, այնտեղ է և դրական շահը։ Մյուս բոլորը, որ ինքյանք զորություն չունենալով պիտի ուրիշ զորությամբ շարժին, վարձկան են այդ զորության։ Նոցա շահը այն է, որ հազիվ հազ ապրում են, բայց նոցա կյանքը զոհված է զորության շահին։

— Կա՛ց,— ասում է մինը, որ չէ սիրում ուրիշի, մանավանդ մի նոր կարծիքի հավանություն տալ։— Եվ դու կարծեցիր թե խելքիս նստեցուցի՞ր ասածներդ...

— Ի՛նչ կա։

— Դու ասացիր, որ դրամի պակասությունը հետևանք է երկրագործության ընկնելուն, որից դուրս ես բերում զուգակշռի ընկնելը և դրամական կենտրոնացությունք (centralisation)։ Այդ սխալ տեսություն է, քանզի դրամի պակասությունը երևութական է, որովհետև այսօր ամեն մարդու մոտ ավելի դրամ կա, քան թե սորանից տասն տարի առաջ։ Դրամը պակասել չէ, այլ զորություն չունի, որովհետև թանկությունը էրթալով զորանում է։ Մի մարդ, որ սորանից տասն տարի առաջ հարյուր ոսկի ունենալով, հանգիստ կարող էր ապրել մի տարի, այժմ նույն մարդը երկու հարյուր ունի, բայց ապրում է նեղությամբ, քանզի այժմյան երկու հարյուրը անցած ժամանակների հարյուրի զորությունը չունի, որովհետև ապրուստը թանկ է։

— Ի՛նչ է այդ թանկության պատճառը և ի՛նչ ասել է թանկություն։

— Եթե մինչև այժմ չգիտես թե ինչ է թանկությունը, ինչ ասացիր ու գրիչ առիր ձեռքդ։ Թանկության պատճառն ես հարցանում ինձանից, պատճառը ո՞րն է։ Ապրանքը իմը չէ՞, երեկ վաճառում էի տասնի, այսօր քսանից պակաս չեմ տալիս, կարո՞ղ ես բռնի հափշտակել։ Այն տունը ուր ես բնակվում եմ, սորանից տասն տարի հառաջ վարձում էի հիսուն ոսկու, այժմ տան տերը չկամի տալ հիսունի և պահանջում է հարյուր, ի՛նչ կարող ես ասել։— Եթե դու չտաս հարյուր, ուրիշ տվող կա,— ասում է նա, և եթե ես նորան չտամ հարյուր, ուրիշ տեղ ևս պակաս գնով չէ պիտո գտանեմ, ուստի և հարկադրված վճարում եմ այժմ հարյուր։ Ի՛նչ հարկավոր է տան վերա խոսիլ, ո՞ր բանը այսպես չէ։ Այսքան տարի ապրել եմ և միշտ կոշիկ եմ հագել, և միշտ մի զույգ կոշիկի համար վճարել եմ կես ոսկի, այժմ, այն նզովից արմատ կոշկակարը ասում է, թե չէ կարող մի ոսկուց պակաս կարել։ Խոսելիք ունի՞ս, եթե չվճարես ոսկին, առանց կոշիկի կմնաս։ Կարո՞ղ ես բռնի կարել տալ։ Ո՞ր մինը ասեմ, դերձակը ևս նույն երգն է երգում, մինչև անգամ ջրկիրը կրկնապատկել է դույլի ջրի գինը։

— Ճշմարիտ է այդ բոլորը, բայց ի՞նչ է պատճառը, որ բոլորը ևս միացել են և կրկնապատկել են յուրյանց ապրանքի գինը։

— Ների՛ր, պարո՛ն, հաստագլուխ ես եղած, որ մինչև այժմ չհասկցար։ Ապրանքը նոցա ապրանքը չէ՞...

— Հերիք է. լսիր։ Քո բոլոր ասածներից մի բան միայն ուղիղ է, այսինքն, դրամի զորություն չունենալը, իսկ պատճառը, որ կարծում ես թե հառաջանամ է տանը տիրոջ, կոշկակարի, դերձակի և ջրկիրի կամքից կամ դավադրութենից, բոլորովին անխելք և տղայական։ Դրամի արժեքը պայմանական մի բան է, նորա զորությունը, կամ անզորությանը, նորա բարձրանալը կամ ցածնալը կապված է այն նյութերի շատության կամ սակավության, որոնց հետ կենթադրվեր փոխանակել դրամը։ Թանկությունը և դրամի արժեքի ընկնիլը համարձակ կարելի է թարգմանել պակասություն և կարոտություն այն նյութերի, որոնց հետ պիտի՛ փոխվի դրամը, այստեղ կամքը կամ հաճույքը հանդես չունի։ Երբ որ երկրագործությունը, դրամի հետ փոխվելու նյութերի մշակությունը ընկնի, երբ այդ նյութերը սակավանան, այն ժամանակ, նախ, դրամի արժեքն է ընկնում, երկրորդ՝ դրամը կենտրոնանում է, որովհետև հասարակ ժողովուրդը չունի այն բանը, որ փոխանակել կարող էր դրամի հետ, ուրեմն և դրամի շրջանառությունը դարձնել յուր մեջ։ Եվ այսպիսի դիպվածում ավելի դառն է հասարակ ժողովուրղի վիճակը, դրամը կենտրոնացած է, և ժողովուրդը պիտի քարշե նորան այդ կենտրոնից, ինչո՞վ, միմիայն յուր աշխատությամբ և այդ մեքենական աշխատությամբ ստացած դրամը չունի զորություն։ Ապա եթե երկրագործությունը ծաղկի, դրամի հետ փոխվելու նյութերը առատանան, դրամը չէ կարող կենտրոնանալ զանազան ձեռքերում, հասարակ ժողովուրդը, յուր պատրաստած նյութերի զորությամբ, կցրվե նորան, որով ոչ միայն դրամի շրջանառությունը կմտանե ժողովրդի մեջ, այլ դրամի արժեքը ևս կբարձրանա նյութերի շատության չափով։

Այն աշխարհներում, ուր հասարակ ժողովուրդը հող չունի, ուր չէ կարող երկրագործությամբ ապրիլ, նա կենտրոնանում է քաղաքներում և մայրաքաղաքներում, և այս կենտրոնացության չափով սաստկանամ է և թանկությունը, ուրեմն և աղքատությունը։ Անգլիո մեջ, Լոնդոնի և այլ գավառական քաղաքներում բնակիչքը գրեթե հարյուրին տասն և հինգ շատանում են ամենայն տարի։ Թողո՛ւնք ուրիշ քաղաքները, միմիայն Լոնդոնի մեջ տասն տարու միջոցում հավելացել է գրեթե հինգ հարյուր հազար հոգի։ 1851 թվականում Լոնդոնը ուներ բնակիչ 2,362,236, իսկ 1861-ին՝ 2,803,034։ Տարակույս չկա, որ Ամերիկայի պատերազմի պատճառով այսօր Լոնդոնի մեջ կա 3 միլիոն բնակիչ։ Այսպիսի վիճակում, մինչ միլիոնավոր հոգի պիտի ապրի յուր մեքենական աշխատության վարձով, մինչ և այն ամեն ժամանակ չէ կարող գտանել, կարելի՞ է հարստություն, հնարավո՞ր է ապրուստ[10]։ Եվ եթե այսպես է հասարակ ժողովուրդի վիճակը մի այնպիսի աշխարհում, որ բոլոր երկրագունդին բաժանում է յուր ձեռագործքը, որ պետք ունի միլիոնավոր ձեռքերի, ի՛նչպես ուրեմն կլինի այն աշխարհների վիճակը, ուր անգլիական արվեստի և ձեռագործության և հազարերորդ մասը չկա, և եթե այն աշխարհների հասարակ ժողովուրդը թողու յուր հողը և երթա մայրաքաղաք կամ այլ գավառական քաղաքներ։ Ասել հարկավոր չէ, քանզի մինչև այստեղ ասածներիցս հետևցնելը շատ հեշտ է։

Բայց մինչև այստեղ մեք մեր առջև դրած բուն խնդրին չդպանք, մինչև այստեղ աշխատեցանք միմիայն մերկացնել նորան։ Ի՛նչ է մեր խնդիրը։ Ո՛չ Ամերիկայի պատերազմը, ո՛չ Անգլիո սեփականության օրենքը, ո՛չ օդային ազատությունը, ո՛չ Ռուսիո ներկա վիճակը, ո՛չ մինը և ո՛չ մյուսը։ Ի՞նչ է ուրեմն։ Մեր խնդիրը... ինչ որ ավելի իրավունք ունի գրավելու մեր ուշադրությունը, ինչ որ մոտ է մեզ, որի հետ անքակտելի կապերով կապված ենք,— մեր խնդիրը է մեր խե՜ղճ ազգի թշվառությունը։ Այս տողերից սկսած մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք դեպի Թուրքիա, որի կազմության մեջ մտնում է Հայաստանի և հայոց ազգի մեծագույն մասը։ Բայց և այնտեղ տնտեսական խնդրի սահմանից չէ պիտո դուրս գանք այս անգամ։

Ամեն մարդ կարող է վկայել, որ 1860-ին ավելի լավ էր Թուրքիայի դրամական վիճակը, քան թե 1861—62-ին. տարակույս չկա, ժողովուրդի վերաբերությամբ, քանզի ինքը կառավարությունը մինչև այժմ ապրել է արտաքին և ներքին պարտքերով։ Ահա՛ այդ համեմատական լավ տաբու, Թուրքիայի եկամուտի և ծախքի ցուցակը.

Եկամուտ 286,100,615 ֆրանկ,

Ծախք 335,225,300 ֆրանկ,

Պակասորդ 49,124,685 ֆրանկ։

Ահավասիկ Թուրքիայի և, թե արտաքին և թե ներքին, պարտքի հաշիվը... 32,849,220 լիբրե ստերլինգ կամ 828,810,344 ֆրանկ կամ, ավելի պարզ, յուրյան իսկ առատ հաշվով 4,106,152,500 ղուրուշ։ Տարակույս չկա, Թուրքիո ոսկին հարյուր ղուրուշ հաշվելով։ Մինչև 1861, արտաքին և ներքին,— Պոլսի մեջ պարտքերով,— այստեղ է հասած։ Այժմ կամենում է բարվոքել յուր դրամական վիճակը, ինչպես, մի կողմից արտաքին նոր պարտքով (եթե տան), իսկ մյուս կողմից, Պոլսի պարտքը տեղափոխելով գավառների մեջ, այսինքն, յուր անվանաբեկ Քայիմեն, յուր սնանկության դրոշակը տարածելով գավառական քաքաղներում և գեղերում (եթե ընդունին) և այն տեղերի նշխարյալ ոսկին և արծաթը բերելով Պոլիս։ Այս է նորա միակ հնարը, որով կամենում է դեմ դնել Պոլսի դրամական հոգեվարության։ Թուրքիո կառավարությունը ձեռք զարկելով այս հնարին, մոռանում է յուրյան պաշտպան և, յուր սեփական շահին համար, Թուրքիո բարեկամ՝ անգլիական տերության մինիստրի տված խրատը, ուր ասում էր նա, թե «պարտքով ապրիլը նմանում է ծակ տակառի մեջ ջուր լցնելու»[11]։ Մոռանում է, դարձյալ, որ գավառները Կրեսոսի առասպելյալ գանձարանքը չեն։ Զուր տեղը որոնում է նա յուր արծաթը և ոսկին յուր գավառներում, ի՞նչ զորություն ունեին այդ գավառները, որ կարողացած լինեին նորանով յուրյանց մեջ դարձնել դրամի շրջանառությունը։ Գավառներից գալու մետաղյա դրամը չպիտի կարողանա, մի տարի միայն, ծածկել Թուրքիո պարտքերի շահը և տարեկան ծախքի պակասորդը։ Ի՛նչ պիտի լինի ուրեմն այս հնարների ուղղակի հետևանքը։ Այն, որ պարտքը պիտի կրկնապատկվի. այն, որ գավառները ևս պիտի հասանեն Պոլսի օրը, այն, որ մի գեղեցիկ առավոտ թե Պոլսի և թե գավառների մեջ մարդիկ չպիտի կարողանան հաց ճարել, աղքատությունը և սովը պիտի հարկադրե նորանց դեպի հափշտակություն և կողոպուտ, մի խոսքով, բաբելոնյան խառնակություն։ Բայց չէ պիտո մոռանալ, որ մի այսպիսի վատաբախտ դիպվածում առաջ քրիստոնյայք կկողոպտվին, կմերկանան և կմեռանին, իսկ հետո թուրքը, կառավարչական ուժը, գոնե, այդտեղ գեթ պիտի երևի, որ յուր ողորմելի ստրուկներից ավելի ապրի մի քանի օր և այն, սպանվածների հաշվով։ Այս ապագայի ստվերական և թույլ օրինակը Պոլսի մեջ երևեցավ 1861 թվականի վերջերում, բայց կգա օր, երբ այն ստվերականը ի լույս կճշմարտվի, և Բուլվեր ասպետը, հինգ հարյուր հաց բաժանելով, չէ կարողանալու դարման տանել վերահաս վտանգին։ Բայց Թուրքիո կառավարությունը չէ սոսկում յուր պարտքերից։ Նա մխիթարվում է տեսանելով, որ ավելի շատ են այլ տերությանց պարտքերը։ Նա զարմանում է միայն, թե ինչպես այն ավելի շատ պարտական տերությունքը, որ պետք է և ավելի շատ նեղության մեջ լինեին, քան թե ինքը, ծիծաղում են Թուրքիո ղուրուշների երեսն ի վեր և երկու երեք անգամ կարող են բարձրացնել յուրյանց ոսկիների գինը։ Մեղքը Մոհամմեդի վիզը, որ սորա պատճառը չէ գրել Կուրանի մեջ։ Ուրիշ տերությանց պարտքը անհատուցանելի չէ, պարտքի գումարը վատնված չէ, պարտքի հանդեպ, և շատ տեղ, կրկին անգամ ավելի արժողությամբ, կա գործ. և պարտքը այսպիսի դիպվածում սնանկություն չէ։ Նոքա ունին երկաթուղիք, ունին հսկա նավատորմ, զինարան, զորք, բանակ և այլ հազար ու մի քաղաքական կամ զինվորական պատրաստությունք։ Իսկ Թուրքիան յուր պարտքերի հանդեպ ոչինչ ունի ցույց տալու։ Երեք ու կես նավ, բացի ծովագնացութենից ուրիշ ամեն բանի պիտանի, մի քանի հազար քաղցած ու մերկ զինվոր, որ տարիներով չեն տեսնում ռոճկի երես, ներս մտանող ապրանքների մաքսը աննշան, յուր մեջ պատրաստված ապրանքի վերա ավելի ծանր հարկ, ո՛չ երկրագործություն, ո՛չ ճանապարհ, ո՛չ հաղորդակցություն, ո՛չ գիտություն և ո՛չ արվեստ։ Տերության կառավարիչքը յուրյանց անձնական շահին պաշտոնյա, տերության գանձը հասարակ ժողովրդի արյունի և քրտինքի հետ միասին լափլիզող։ Այստեղ անհատուցանելի է պարտքը, այստեղ բարձրաձայն խոսում է սնանկությունը։ Այո՛, ոսկին, իբրև մի ազնիվ մետաղ, չէ կարող մնալ մի այնպիսի խառնակ տեղում,— նա բարձրանում է։ Մնում է անարգ թուղթը և չէ վախենում։ Նա վստահ է, որ մարդիկ եթե դադարին նորան իբրև դրամ գործ դնելուց, թերևս չէ պիտո իսպառ մերժվի, հարմար լինելով այլ պիտառության։ Բարի ճանապա՛րհ։

Եթե կառավարության կողմից չկա մի խելացի, մի արմատական հնարի գործադրություն, քաղաքական տնտեսությունը կարգի դնելու և դուրս տված և ներս ընդունած ապրանքի կամ դրամի մեջ զուգակշիռը պահելու ձգտողություն, երբ հասարակաց ծանրաչափը ակներև գուշակում է նորա կյանքի համար մի մահաբեր մրրիկ, այն ժամանակ ինքը, այդ հասարակությունը պարտական է կողմնակի և յուր ձեռքից եկած հնարները գործ դնելով աշխատիլ, ազատվելու համար այն սոսկալի պատահարից, որին անտարակույս, եթե ոչ այսօր, վաղը կամ մյուս օր պիտի հանդիպի երես առ երես։

Ի՛նչ հնար կարող է գործ դնել հասարակությունը այդ վտանգից ազատվելու համար։ Նա ինքը ևս աղքատ է և ոչինչ ունի, ի՛նչպես ուրեմն կարող է օգնել ուրիշին։

Խնդիրը նույնիսկ այնտեղ է, որ նա աղքատ է և պիտի առավել աղքատանա, եթե ճգնի յուր մինչև այժմ բռնած ճանապարհը շարունակելու։ Նա աղքատ է, բայց այդ աղքատությունը միայն կարող է լարել նորա ջլերը, նորա գործունեությունը, աղքատությունը միայն կարող է սթափեցնել նորան յուր թմրութենից, որպեսզի նշմարե յուր մինչև այժմ բռնած ճանապարհի ուղղությունը և փոխե նորան, հառաջ, քան թե հասել էր մինչև նորա կորստական ելքը։ Եթե հարուստ լիներ հասարակությունը, կարոտություն չկար հնար մտածելու, ճանապարհ փոխելու. նորա աղքատ լինելը, միևնույն ժամանակ, կարող է լինել նորա փրկությունը։

Պոլսի մեջ, նորա շրշակայքում կամ այլ քաղաքներում բնակվելու և ձուկի նման տապակ-տապակ լինելու ախորժակը անհասկանալի է մեզ։ Վաճառականություն առնել մի աշխարհում, ուր դրամի գինը մի օրվա մեջ այնքան անգամ փոխվում է, որ ո՛չ առնողը գիտե նորա րոպեական արժեքը և ո՛չ տվողը, վաճառականություն առնել մի տեղում, ուր ոչինչ հաստատ բան չկա, ուր շատ անգամ կհարկադրվիս այսօրվա հազար ղուրուշ պարտքիդ փոխանակ վաղը երկու հազար կամ ավելի վճարել, վաճառականություն առնել մի տեղում, ուր գործի սկսված օրից երևում է սնանկության դալուկը, այսպիսի մի վաճառականություն մեզ միշտ անհասկանալի կմնա։ Հայոց ազգը Պոլսի մեջ կամ այլ գավառական քաղաքներում, եթե դուրս հանենք արհեստավորքը և հայաստանցի բեռնակիրքը, մնացածը առհասարակ վաճառական է. ի՞նչ վաճառական, կարելի է ասել յուր անունով, ուրիշի գործակատար։ Մեծագույն մասը այս տեսակ վաճառականների հազիվ հազ կարողանում են ապրիլ, բավական բազմաթիվ մասը զոհ գնաց Թուրքիայի դրամական անկարգության։ Ամենափոքրագույն և շատ ամենափոքրագույն մասը գուցե տեվում է զիարդ և իցե, բայց ոչ ավելի, քան թե զիարդ և իցե, որովհետև այն պայմանների տակ անհնար է ուրիշ կերպ։ Արհեստավորը և բեռնակիրը, որ չունի և այս վաճառականների ունեցած շատ կամ սակավ նյութական ուժը, ապաստան է յուր երկու ձեռքի աշխատության։

Բայց, չնայելով այս բոլորի վերա, ազգը օրըստօրե թողնում է յուր երկիրները և կենտրոնանում է քաղաքներում։ Աղքատությունը ստիպում է նորան թողուլ յուր տունը, յուր ընտանիքը, յուր ամուսինը, յուր զավակները և գնալ Պոլիս կամ այլ քաղաք, աղքատութենից ազատվելու համար։ Բայց այդ տեղերում ևս նորան հանդեպ է դուրս գալիս էապես նույն աղքատությունը, գուցե մի փոքր քաղաքային ամոք կերպարանքով։ Դիցուք գեղում ստանում էր նա օրական հինգ ղուրուշ, իսկ քաղաքում ստանում է ութն կամ տասն, բայց ինչ օգուտ այն երեք կամ հինգ ղուրուշ հավելվածից, մինչ չէ մնում նորա ձեռքում։ Քաղաքի մեջ, համեմատությամբ շինական կյանքին եթե ոչ ավելի, գեթ հարյուրին քառասուն առավել է և ծախքը։ Եթե մարդը հինգ ստանալով աղքատ էր գեղում, աղքատ կլինի Պոլսի մեջ կամ այլ քաղաքներում, ութն կամ տասն ստանալով։

Բացի սորանից, ընտանեկան կյանքից զրկվիլը, դժոխային աշխատությունը, որով պիտի շահի նա այն միքանի հավելյալ զուրուշները, անտուն, վարատական և անմաքուր կյանքը, որ պիտի անցուցանե նա զանազան իջևաններում։ Երեկոյան պիտի գա վաստակյալ, ուժաթափ, շատ անգամ և վնասված անդամներով, իսկ լուսաբացին, նույն եգիպտական ծառայությունը, որ սպասում է նորան։ Չկա այն ընտանեկան մխիթարությունը, ամուսնու և զավակների մտերմական, գողտրիկ և անմեղ հայացքը, որ առանց ձայնի, առանց խոսելու, կարող են ամոքել ճակատագրի դառնությունը, և այս բոլորը անխորհուրդ, առանց հիմնական հաշվի և չկամելուց, արմատական կերպով դարման տանել յուր աղքատության։ Եվ այսպես, իբրև գրաստ, իբրև մեքենա ծառայելով արտասվելի օտարության մեջ տասն֊քսան տարի, կամ մեռանում է այնտեղ, թողնելով յուր ընտանիքը ծայրացյալ թշվառության մեջ, կամ վերադառնում է դեպի յուր երկիրը։ Վերադառնում է... Բայց ոչ այնպես առույգ և զվարթ, ինչպես դուրս էր եկել այնտեղից, այլ հասակն առած, ուժաթափ և թոշնած։ Վերադառնում է յուր տունը... Բայց ի՞նչ եղավ արդյոք այն լքյալ տունի և ընտանիքի վիճակը նորա բացակայության ժամանակ։ Վերադառնում է յուր տունը, երբ կորուսել էր աշխատելու ընդունակությունը և հարմարությունը։ Ուրեմն, վերադառնում է նա միմիայն յուր ներկայությամբ, յուր աղքատ և կարոտ ընտանյաց թիվը հավելացնելու համար։

Եվ ահա նորա տասն և ութն կամ քսան տարեկան որդին, որ աճել և զորացել էր իբրև մի ծաղիկ յուր սեփական հողի վերա, առնում է ձեռքը յուր հոր պանդխտական գավազանը և գնում է...

— Ո՞ւր բարով։

— Պոլիս, Տրապիզոն, և այլն, և այլն։

— Ինչի՞ համար։

— Աշխատելու և ընտանյաց օգնելու։

— Աշխատելու և ընտանյաց օգնելու,— կրկնում է խոսակիցը անհնարին տխրությամբ։

Անցնում է սորա վերայով միքանի տարի, հանկարծ այս նորեկը լուր է առնում, որ յուր ծերունի հայրը վախճանել է, մայրը հիվանդ է։ Մի փոքր Ժամանակից և մայրը մեռնում է։

— Լաց, պանդուխտ, բնական զգացողությամբ չե՜ս կարող լաց չլինել, բայց ոչ ոք մեղավոր չէ,— բացի քո հորից, բացի քեզանից, բացի այն սխալ և վնասակար ավանդութենից, որ քեզ այդ օրը ձգեց։

Պանդխտակիցքը դալիս են նորան մխիթարելու։

Մի երկու բաժակ գինի... Մի քահանա, մի «հոգվոց» և պանդուխտի սիրտը պաղում է։ Բայց, նորա սիրտը պաղում է և այն աշխարհից, ուր ծնել էր նա... Ի՞նչ բանի համար վերադառնա։ Նա գտանելու չէ յուր տունը, յուր ծնողքը, նորա աչքին պիտի հանդիպին երկու գերեզման և մի ամայի բնակարան, եթե և այն չէ անցել օտարի ձեռք։ Նա որոշում է մնալ պանդխտության մեջ և այս որոշումով հոժարում է մինչև տակը խմել թշվառության բաժակը։ Այո, մնում է նա, բայց տունը մարեցավ։ Մի գերդաստան ընկավ հասարակաց խումբից։

Արդյոք ո՞րքան գերդաստանք ընկնում են այսպես։

Սոցա վիճակից ավելի քաղցր չէ այն մանր վաճառկանների վիճակը, որ նույնպես, լքանելով յուրյանց երկիրը, ձեռք են զարկում վաճառականության, պանդխտանալով օտար աշխարհում։ Նոցա կյանքի շավիղի վերա ևս չկան ծաղիկներ և վարդեր, ամենայն քայլափոխ փո՜ւշ և տատա՜սկ։ Եվ այնտեղ, ուր մարդը պատերազմ ունի չքավորության հետ, որ չգիտե թե վաղը ինչո՞վ պիտի կերակրվի կամ ի՞նչպես պիտի դարմանե յուր ընտանիքը, ո՞ւր կմնա վերհամբարձ հասկացողությանց և բարոյական կատարելությանց հասնելու ձգտողությունքը։

Նա բոլորովին մեքենայացած, մանում է յուր կյանքի թելը, նորան չէ գգվում մի հրապուրիչ հույս, նա չէ տեսնում յուր ապագայի հորիզոնի վերա մի երջանկության աստղ, նորա ներկան և ապագան խավար է։ Նա տանում է յուր կյանքի ծանր խաչը, մինչև որ մի նյութեղեն խաչ տնկվի նորա գերեզմանի վերա։

— Իսկ նորա ընտանի՞քը։

— Այժմ կենդանի մարդիկ չկամին հոգալ և արմատականապես բարվոքել յուրյանց կյանքը, յուրյանց ընտանիքի ապագան, մեռա՞ծը պիտի հոգա։

Նորա ընտանիքին սպասում է նույն թշվառությունը, ինչ որ վերևում ասացինք։ Նորա պատանի կամ մանուկ որդին, շատ անգամ տասներկու տասնևհինգ տարեկան, հարկադրվում է թողուլ դպրոցը և գնալ ծառայության, որ մի քանի ժամանակից հետո օգնություն կարողանա հասուցանել յուր մորը կամ յուր քույրերին։

— Քույրե՞ր ևս ունի։

— Այո՛, երկու կամ երեք հատ։

Մեք հրաժարվում ենք այս թշվաոությանց պատկերները նկարագրելուց։ Նոցա ահարկու կերպարանքը սարսափ են բերում մեր վերա։ Այն մարդը, որի մեջ կա մի թարմ սիրտ, մի մարդկային կենդանի զգացողություն, ինքը կարող է զգալ մնացածը, իսկ չորաբեկ և քարացած սրտերի համար բանականության ձայնը՝ հողմոց հնչյունք։ Ահա և այս տունը մարեցավ, սա ևս դուրս ընկավ հասարակաց շինվածքից։

Ի՞նչ կլինի այն շինվածքի վիճակը, եթե նորան կազմող մասերը օրըստօրե ընկնին, և մնացողը ևս առ վաղիվ հարատևելու չկարողանա երաշխավորել։

Այն, ինչ որ պատկերացնում է այժմ մեր խեղճ ազգի վիճակը։ Ի՛նչ տեղ, ուրեմն, որոնենք փրկության հնարը, ո՞րն է այս ցավերից ազատվելու ճանապարհը, որպեսզի ազգը չմեռանի և մանավանդ ազատվի, երբ հասանե Թուրքիայի դրամական կյանքի վճռական վախճանը։

Ազգը, լավ ու վատ, փորձեց մինչև այժմ վաճառականությունը, նա փորձեց և վարձկանությունը և մշակությունը. սոցանից հետևեցավ նորա կյանքի ավերանքը, որի տակ այսօր ճնշվում է միջաբեկ։

Հիմնական և խելացի հնարը փրկության, ուրիշ բան չէ կարող լինել, եթե ոչ դառնալ յուր նախկին կացությունը։ Հողը և երկրագործությունը կարող է նորան փրկել։

— Ուրեմն բոլոր ազգը երթա երկրագո՞րծ դառնա, այդ անհնարին մի բան է և չկատարվելու ցանկություն։

— Չենք ասում բոլորը, բայց պիտի որ ազգի մեծագույն մասը երկրագործ լինի, իսկ փոքրագույնը՝ երկրագործի դուրս բերած արդյունքը մշակող և վաճառող, որ զուգակշիռը պահվի և աղքատությունը տարագիր գնա։

— Բայց, դուք մոռանում եք, որ Թուրքիան Եվրոպա չէ։ Նա չունի ոչինչ ճանապարհ, ոչինչ հաղորդակցություն, որ անհրաժեշտ են թե երկրագործին յուր բերքը տանելու մի տեղ, և թե վաճառականին յուր վաճառքը դուրս արձակելու համար։

— Այո՛, ընդունում ենք այդ, բայց դարձյալ կարելի է գործ կատարել։ Մի՛թե սակա՞վ տեղեր կան մեծ և փոքր Հայաստանի մեջ, որ մոտ են Սև ծովին և Միջերկրականին երկու, երեք, չորս կամ հինգ օրվա ճանապարհով։

Մեք չենք ասում, թե հայը երթա սկսանե յուր երկրագործությունը Բաբելոնի սահմաններում։

Այն ժողովուրդը, որ դուրս չէ եկել յուր պատմական աշխարհից, թող և չշարժի, մեք ընդդեմ ենք գաղթականության և գաղթականություն չէ մեր քարոզածը, իսկ այն մասը, որ դուրս է յուր աշխարհից, ասել է թե գտանվում է գաղթականության և պանդխտության մեջ, նորան հրավիրում ենք վերադառնալ, մանավանդ Փոքր Ասիա, որ ավելի հրապուրիչ է յուր ծովեզրյա դրությամբ։

Հերիք է, որ մի երկու գլխավոր և հարմարավոր տեղերում սկսանի երկրագործությունը, մյուս մասերում, որ թերևս հեռի են ծովից, նույնպես կզարթի։

Վաճառականությունը կլրացնե պակասը։

Ո՞վ արգելառիթ է հայոց ժողովրդին, որ նա չբնակի վերասաց տեղերում. և ի՛նչ տեղեր, ուր պարարտ հողը բուսուցանում է գրեթե ինքնըստինքյան, քանզի երկրագործական գիտությունքը դեռ ոտք չեն կոխել այն կողմերում։

Եվ փո՞քր գործ կարելի է տեսնել մի հողի վերա, ուր աճում է և բազմանում է ամենայն ընտանի անասուն և գրաստ, ուր բուսանում է բամբակ, ցորյան, բրինձ, վարսակ, դարի, տորոն, սուսամ, շաքարեղեգն, ճակնդեղ և այլ, հազար բուսական և ընդեղեն և ուր շերամադարմանությունը և մետաքսագործությունը կարող են ծաղկիլ ու բարգավաճիլ։

Այս անվանված բերքերից գեթ երկուքը կամ երեքը բավական են հարստացնել մի բազմություն, որ արիաջան փութով պարապում էր այն նվիրական գործով։ Ո՞ւր արդյոք կարող են անվաճառ մնալ և վնաս տալ երկրագործին բամբակը, մետաքսը, շաքարր, ցորյանը և այլն։ Մեք չենք կարող թույլ տալ, թե հայոց ազգը չգիտե այս։ Բայց, միանգամ սովորություն է եղել նորան այն ճանապարհը, որով գնում է և այժմ ծանր է շարժում դեպի մի այլ ուղղություն։ Ահագին տխրության ամպ ծանրանում է մեր սրտի վերա, երբ մտածում ենք, թե անգլիացին գնում է Կանատա, Ավստրալիա, Հնդկաստան, ֆրանսիացին թողնում է յուր միշտ անհոգ, միշտ ուրախ և միշտ զվարթ Փարիզը և գնում է Ափրիկեի դժոխային գոտիների տակ մի կտոր հող ճանկելու և նորա մշակությամբ յուր ապագան ապահովելու, մեր սիրելի հայը և ոչ անգամ կամի մտածել յուր ապագայի վերա, նա թողնում է յուր երկիրները և կետրոնանում է քաղաքներում։ Գուցե մանր մունր վաճառականությունը, միջնորդությունը, բեռնակրությունը ավելի արժեք ունին նորա աչքում։ Շատ դառն է մեզ ասել այս խոսքը, բայց ծածկել այն, ինչ որ զգում ենք, համարում ենք ոչ միայն կեղծավորություն, այլև վատություն։

Միքանի տարի կա, որ լսում ենք հանապազ մեր վաճառականներից մի կարծիք, թե հարկավոր է աշխատիլ վաճառականության վերա, որպեսզի ազգը հարստանա։

Երանի՜ թե, ասում ենք մեք. քանզի այն տեսակ վաճառականության մեջ չենք տեսնում ազգային հարստության սերմը։ Եվ մի՞թե կարծում են մեր պատվելի վաճառականք, թե Մենչեստրի, Մարսելի կամ այլ եվրոպական քաղաքների հետ առուտուր ունենալը կարելի է անվանել ազգային վաճառականություն միմիայն այն պատճառով, որ ինքյանք հայ էին։ Նոցա վաճառականությունը ազգային չէ և ազգի ընդհանուրի շահի հետ չունի որևիցե վերաբերություն։ Այն ժամանակ միայն կարող է երևել ազգային վաճառականությունը, երբ նա, գլխավորապես, հայի առաջ բերած նյութը և արդյունքը վաճառե, այն ժամանակ միայն ազգը օգուտ կքաղե մեր վաճառականների գործառնութենից, երբ սոքա միջնորդ լինին հայոց ընդհանրության և Եվրոպիո մեջ, այն ժամանակ ազգային է վաճառականությունը, երբ նորա խարիսխը դրված է ազգի հիմքի վերա։

Եվ մինչև այս թող հայ վաճառականը հազար տարի ապրանք բերե Եվրոպայից ու վաճառե, կամ որ նույն է, օտարի ապրանքը ուղարկե Եվրոպա, ազգին ո՛չ շահ կա և ո՛չ վնաս, որպես նաև ո՛չ ազգային վաճառականություն. վաճառականը թերևս ինքը շահվի, դարձյալ ազգին բան չկա։ Ի՞նչ կօգնե սորա անհատական հարստությունը միլիոնավոր աղքատների ընդհանուր կարոտության։

Կանգնեցուր, եթե կամիս, նոր սյուներ, բայց եթե հիմքը ուժ չունի, շինվածքը ի՞նչպես կարող է կանգուն մնալ։

Հարկավոր է հիմքը նորոգել, կենդանություն տալ նորան, ուժ և զորություն դնել նորա մեջ, որպեսզի կարողանա հաստատ պահել յուր վերա լինելոց շինությունը։

Ինչո՛վ պիտի նորոգենք այս հիմքը. լուսավորությո՞ւն տարածելով։ Ո՞ւր են մեր հնարքը, որ կարողանայինք գործ դնել այս խորհրդով։

Հինգ, տասն հոգի ազգասեր, թերևս կարողության տեր մարդիկ, դնենք թե կամենային զոհել յուրյանց ստացվածքը ազգի օգտին, բայց հինգ, տասն ուժը ի՞նչ կարող է օգնել, ի՞նչպես կարող է դեմ դնել միլիոնավոր ժողովրդի կարոտության։ Եվ մի՞թե կարող է արտաքին հոգաբարձությունը լուսավորել և կրթել մի ահագին բազմություն, եթե այդ բազմությունը ինքը չէր դիմում դեպի լուսավորության արևը։ Եվ այդ ահագին բազմությունը, որ առավոտը զարթելով պիտի մտածե, թե ի՞նչպես սնանի կամ ի՞նչպես սնուցանե յուր ընտանիքը, որպես թե կարող էր մտածել լուսի կամ խավարի վերա։

Մեք չենք հավատում։ Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա և չէ կարող լինել լուսավորություն։

Թողունք այս, մտահայաց փիլիսոփայությունը արժեք չունի մեր օրերում։ Այն փիլիսոփայությունը, որ անմիջապես չէ բղխում մարդկային կյանքից և որ չէ դադարում դարձյալ մարդկային կյանքի վերա, քանի որ մարդը ապրում է և օդ է շնչում, մեք հրատարակում ենք նորան իմաստակություն և խաբեություն։ Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակը, և՛ առարկան։ Անցան այն ժամանակները, երբ մի տեսակ երկարաքղանցք, խորամանկությամբ տիրելով մարդկային բանականության, եգիպտական առեղծվածներով պատգամ էին տալիս նորան, անցան այն ժամանակները, երբ մտածում էին պարզամիտ մարդիկ, թե օդի անչափելի բարձրության մեջ դրած է փիլիսոփայական աթոռը։ Սո՜ւտ. փիլիսոփայությունը երկրագունդի վերա է, մարդն է նորա աթոռը, մարդն է նորա և՛ քննողը, և՛ քննելին։ Բայց մարդը, հառաջ քան թե պիտի գոյանա, հառաջ քան թե գոյանալուց հետո պիտի ապրի, հառաջ, քան թե պիտի քննե և իմաստասիրե յուր անձը, յուր կյանքը, յար անցածը, յուր ներկան, և հառաջ քան թե պիտի մտածե և հոգաբարձու չինի յուր ապագայի մասին, այս բոլորից առաջ մարդը կարոտ է նյութի։ Անցա՜ն այն ժամանակները, երբ մշուշով պատած մարդկային երևակայությունը ոչնչից տիեզերք էր ստեղծում։ «Ex nihilo, nihil fit!» վերջին մանուկը կրկնում է այսօր մեր հետ։

«Ոգի, մարմին և ոսկերք ոչ ունի»,— ասում է աստվածամարդը, իսկ մարդը մարմին և ոսկերք ունի, և այս թանձրությունը վկա է բերում նա։ Առանց մարմնի չկա շոշափելի կենդանություն, իսկ մարմինը նյութ է և մարմնի և մարդու կյանքը նյութերի անդադար փոխանակություն։ Այսպես խոսելով, չենք մերժում մարդկային կյանքի բարոյական կողմը, թեև մեր ճանաչած բարոյականությունը մարդկային համերաշխութենից կբղխի և Սինայի հետ վերաբերություն չունի, այլ, կամենում ենք ասել, թե մարդը նախ և առաջ կենդանի է և ապա բարոյական էակ։ Նորածին մանուկի համար, ինչ հարկավոր է նորածին մանուկը առնուլ մեզ օրինակ, պատանու համար մինչև նորա խելահասությունը չկա բարոյական խնդիր, բայց մարդը մինչև այդ աստիճան հասանելը, կարոտ է նյութի։ Նյութական խնդիրը միշտ կա։ Առաջին շունչի հետ մարդը առնում է օդի թթվածինը, և երբ վերջին անգամ դուրս արձակում է յուր թոքերից ածխաթթուն, առանց վերստին թթվածինը ներս ընդունելու, նա կենդանի չէ այլևս։

Տնտեսական խնդիրը մահու և կյանքի խնդիր է, կրկնում ենք դարձյալ։ Եվ անկարելի է հայոց ազգի հիմքը նորոգել, ուժ և զորություն դնել նորա մեջ, քանի որ ազգը, հասարակ ժողովուրդը, կարոտ է օրական հացի, քանի որ նորա տնտեսական խնդիրը կարգի չէ դրվում։

Հայոց հասարակ ժողովուրդը աղքատ է և չունենալով ոչինչ կարողություն հազիվ հազ սերմանում է և հնձում է այնքան, որքան նորա տարեկան ապրուստը, զիարդ և իցե, պիտի կարողանար ապահովել։ Նա չէ կարող ավելի ցանել, որովհետև ուժ չունի, և եթե ունենար ևս, դարձյալ ընդունայն, քանզի բնակակից լինելով մի կաթվածահար ժողովրդի, որպիսի է թուրքը, որի մեջ չկա և հավիտյան չպիտի լինի ոչինչ գործունեություն, երկրագործի ապրանքը կարող էր մնալ նորա ձեռքում, որովհետև չկա այդ ապրանքի վաճառականությունը, չկա մինը, որ ապրանք խնդրե նորանից, ապրանք ապսպարե նորան և եղածը առնու արծաթ վճարելով փոխարեն։ Ապա եթե հայ շինականի ձեռքը մի փոքր դրամ անցանե, եթե նա հույս ունենա, որ յուր աշխատությունը պիտի գնահատվի, եթե նա տեսնե յուր մշակության պտուղը, ո՞չ ապաքեն կրկնապատիկ կսկսի ցանել, կրկնապատիկ հնձել։ Ո՞չ ապաքեն դաշտերը կմշակվին և ժողովուրդը մի փոքր ազատ շունչ կառնու։

Բայց խնդիրը այստեղ է, թե ո՞վ տա երկրագործին այն դրամը, որ հարկավոր է նորա լքյալ բազուկները զորացնելու համար։

Վաճառականը կամ փոքրիշատե կարողության տեր մարդը, պատասխանում ենք մեք։ Վաճառականը ո՞չ ապաքեն դրամ է տալիս յուր վաճառելի ապրանքը ձեռք բերելու համար։ Ո՞չ ապաքեն ունի միքանի փարա, որի շրջանառությամբ ապրում է նա և նորա ընտանիքը։ Կարողության տեր մարդը ո՞չ ապաքեն յուր արծաթը դնում է սեղանավորի մոտ կամ տալիս է մասնավոր մարդերի տոկոս ստանալու ակնկալությամբ։ Վաճառականը, փոխանակ Եվրոպայի ձեռագործքը գնելու և փոխանակ պատահարների ձեռքում խաղալիք դառնալու, կարող է ամենայն վստահությամբ հում նյութեր առնուլ հայ երկրագործից, ապրանք ապսպարել նորան, մանր մունր գումարներ տալ հառաջուց այս և այն շինականին և հունձից հետո, ապրանք ստանալ փոխարեն։ Կարողության տեր մարդը նույն այս ճանապարհով կարող է աճեցնել յուր գումարը։ Եվ եթե չկամի նա ապրանքը պահել յուր ձեռքում, մի րոպեի մեջ կամեցավ և ահա պատրաստ են վաճառականք գնել նորա ապրանքը։

Այս ճանապարհով միայն դրամի շրջանառությունը կմտնե ազգի մեջ, այս ճանապարհով միայն ազգը կարող է բարվոքել յուր տնտեսական վիճակը, այս ճանապարհով նյութական ուժը կանցանե ազգի ձեռքը. ազգը կզորանա, և երկրագո՛րծը և վաճառակա՛նը և կարողության տեր մա՛րդը օրըստօրե կհարստանան։ Զուգահեռաբար սորա հետ կլայնանա և նոցա գործունեության ասպարեզը։ Եվ որքան ասպարեզը լայնանա, այնքան շահը և հարստությունը կլայնանա, և որքան շահը և գործունեությունը աճի, այնքան և ասպարեզը կտարածվի։

Մինչև այժմ հայոց ազգի մեջ խախուտ և անհիմն վաճառականության խորհրդով հիմնվեցան մեծ կամ փոքր ընկերություններ, նորանցիք ոմանք ընկան դեպքերի հարվածի տակ, ոմանք տևում են կիսամեռ, բայց մինչև այժմ չերևեցավ և ո՛չ մի ընկերություն, որ պարապեր երկրագործության և երկրագործական բերքերի մշակության, մինչև այժմ չերևեցավ մի ընկերություն ազգային վաճառականության։ Հեշտությո՞ւն համարեցան ինքյանք, բայց մեզ թվում է միայն մի լոկ սովորության, որ հայկական վաճառականք մշակ դարձան եվրոպացոց։

Որևիցե ձեռագործ ապրանքով վաճառականություն առնողի շահին հակառակ է, եթե նույն ապրանքով վաճառականք բազմանան նորա չորս կողմում, իսկ բնական բերքերի համար այս վտանգը ևս չկա, ո՛րքան կամիս, այնքան կարես։ Ձեռագործ ապրանքների մեծագույն մասը կյանքի էական պիտույքներ չեն և նորա մանր վաճառականը պիտի վաճառե յուր ապրանքը հասարակ ժողովրդին։ Ժողովուրդը շատ անգամ շռայլանում է, այո՛, բայց և շատ անգամ նորա մեծագույն մասը հարկադրվում է միմիայն կյանքի էական պիտույքը հոգալ, կարելի եղածին չափ տնտեսություն գործ դնելով ձեռագործ բաների մեջ։

Բացի սորանից, մեր հայ վաճառականների համար, սոսկալի տարբերություն կա ձեռագործ ապրանքով և երկրագործության բերքերով վաճառականություն առնելու մեջ։ Թողանք տակավին այն, որ ձեռագործի վաճառականությունը չէ դարձնում դեպի մեր ազգը դրամի շրջանառությունը, հերի՛ք է միայն ցույց տալ, որ ձեռագործի վաճառականը առողջ դրամ պիտի վճարե Եվրոպայից ստացած ապրանքի փոխարեն, իսկ ինքը պիտի վաճառե Թուրքիո մեջ ո՛վ գիտե թե ինչ կերպ կամ ինչ դրամով։

Սորա հակառակ, հում նյութերի, երկրագործության բերքերի վաճառականը պիտի գնե յուր ապրանքը Թուրքիո մեջ և պիտի վաճառե եվրոպացոց, ասել է թե, փոխանակ տալու ինքը, պիտի ստանա առողջ դրամը։

Ձեռագործի վաճառականը յուր սովորական չափից ավելի (թեև ունենար ավելի դրամական ուժ) չէ կարող ապրանք բերել Եվրոպայից, որովհետև սովորական չափով բերածը ևս ապաստան է հանգամանքներին և շատ անգամ մնում է անվաճառ, կամ սովորութենից դուրս եկած լինելով կամ մի այլ պատճառով, մինչդեռ հում նյութերի համար չկա որևիցե սահման։ Եվրոպան, յուր ներկա վիճակի մեջ, նայելով նորա երկրագործության պայմաններին, նայելով նորա ձեռագործության աստիճանին, նայելով միլիոնավոր բազմոլթյանց անհող վարձկանությանը, միշտ և միշտ կարոտ է թե էական ապրուստի վերաբերյալ հում նյութերի և թե գործելի կամ մշակելի նյութերի, որոնց վերա հիմնվում են նորա ձեռագործությունքը, նորա գործարանքը և նորա մեքենաները։

Ասացինք վերևում, թե մեր վաճառականք եվրոպական ձեռագործի առևտուրը սովորություն են արել ինքյանց։ Այո՛, սովորություն է այս, բայց այն աստիճանի կամակոր, որ գրեթե դառնում է այսօր մի ազգային ավանդություն։ Եթե քննության տակ դնենք այն սովորությունը, անհնարին է լինում չափել այն սարսափելի վիհի խորությունը, որ բացվում է մեր առջև։ Գրեթե ազգովին սովորություն առնել ապրանք գնել Եվրոպայից, մինչ ինքյանք կրկին անգամ ավելի պիտի կարողանային վաճառել նորան, դրամ ուղարկել Եվրոպա մի այնպիսի տեղից, ուր ոսկին և արծաթը դարձել է մի առասպել, և ուր ինքը տերությունը չգիտե թե ինչ ճանապարհով առնու Եվրոպայից, մեր կարողութենից վե՛ր է այս սովորության հետ հաշտվիլ։

Երբ վաճառականը, մի շփոթյալ և աղմկյալ տեղում, կյանքի հոսանքի մեջ ընկած, նայում է մասնավորապես յուր գործին, և երբ ժամանակ չունի կամ չկամի քննել յուր գործը, յուր ընթացքի ուղղությունը, այնտեղ չէ երևում այն վիհը, որի մասին խոսեցանք։ Իսկ երբ ամենայն սառնությամբ քննեն յուրյանց բռնած ճանապարհը և այս քննությունը հառաջ տանին մինչև գործի տարրական պարզությունը, այնտեղ ճեղքվում է վարագույրը, և ահա վիհը տեսնողի առջև է։ Կամայական անձնախաբեությամբ վիհը չքննելով, արդյոք փրկվա՞ծ է ձեռագործի վաճառականը։ Մեք թողնում ենք համեմատական բաղդատությունը վաճառականության երկու մեծ ճյուղերի, այսինքն, ձեռագործի և երկրագործական բերքերի, հետևինք միայն ձեռագործի վաճառականին, ըստինքյան։

Ձեռագործ ապրանքի մանր վաճառականը ուժ չունի, նա խաղալիք է յուրյան ապրանք տվող մեծ վաճառականի, կամ գործարանատիրոջ և կամ միջնորդի ձեռքում։ Զորությունը նոցա մոտ է, որովհետև նոցա մոտ է վաճառականի պարտքի մատյանը կամ մուրհակը։ Մյուս կողմից խաղալիք է բյուր հանգամանքների ձեռքում։ Նորա ապրանքը, ինչպես ասացինք, չունի այն ուժը, այն կարևորությունը, որ մարդը առանց նորան չկարողանա ապրել։ Ապրանքը մնում է անվաճառ, կամ վաճառվածի դրամը անհնար է ձեռք բերել, գնողը չէ վճարում, մյուս կողմից վաճառականի հատուցումի նզովյալ ժամանակը մոտենում է և մոտենում է անխնա։ Վաճառականը շվարել է, շատերն են շվարել նորա նման, մնում է առանց վաստակի վաճառել ապրանքը, որպեսզի պարտքը կարողանա վճարել։ Եթե գործ չդնե այս հնարը, հարկավորապես, պիտի շահով պարտք աոնու և այնպես վճարե. չվճարել յուր ժամանակին չէ կարող, առանց գործերը դադարեցնելու։ Բայց այն տոկոսը, որ պիտի վճարե յուր նոր պարտքի համար, կտանի նորա ապրանքի վաստակը, թեև սկզբում ծանր թվեցավ նորան ապրանքը առանց վաստակի վաճառել և պարտքը վճարել։ Ուստի իջեցնում է նա ապրանքի գինը հարյուրին միքանի տասանորդ։ Մյուս վաճառականը ի՛նչպես կարող է պահել նույն ապրանքի նախկին արժեքը, իջեցնում է և նա։ Կես-մեռ, կես-կենդան անցնում են միքանի օր։ Բայց վճարի ժամանակը ավելի մոտեցավ, ի՛նչ ճար։ «Այս առաջին հատուցումը ձեռք բերելու համար», վճռում է նա յուր մեջ, «հարկավոր է վնասով ևս վաճառել այս անգամ, հետո, կբարձրացնեմ գինը, և կլրանա պակասորդը»։

Կլրանա... Մյուս կողմից այն մարդիկը, որ պարտական էին նորան, չեն վճարում յուրյանց պարտքը, առևտուրը ընկած է, ոսկին կրկին արժեքի բարձրացած, և ահա երկրորդ, երրորդ և մյուս վճարները հետզհետե, մահի պես։ Ինչ եղավ հետևանքը։ Մանր վաճառականը բոլոր ժամանակ աշխատեցավ յուրյան ապրանք տվողի օգտի համար, և ոչ միայն այս չափ, այլ առևտուր սկսելու ժամանակ նորա մեջ բերած գումարը ևս հալեցավ, բոլոր ձեռքի ապրանքը պարտքի փոխանակ տալուց հետո, դեռևս պարտական մնաց, և առանց ամենայն հնարի, որ անհրաժեշտ է ապրուստի համար։

Ո՛ւր գնա այժմ այն վաճառականը, ի՛նչ գործե։ Հավատարմությունը ընկած է, ոչ ոք ապրանք կամ դրամ չէ տալիս նորան, և եթե տային ևս, հարյուրին իննսուն անօգուտ, քանզի նույն գործողությունը, ինչ որ անցավ առաջին անգամ, պիտի կրկնվի անշուշտ, որովհետև նույն հանգամանքների ազդեցության տակ է նա, և գործը հիմք չունի։ Ի՛նչ գործե, ուրեմն, այդ վաճառականը։ Մնում է նորան իբրև վարձկան ծառայել ուրիշի մոտ, բայց այս հեշտ բան չէ, նա ևս մարդ է, զգացմունք ունի։ Նա, մինչդեռ ինքը ուներ մի փոքր գործ, յուր անձը զգում էր ազատ, գոնե որևիցե պարոնի անմիջական հրամաններից, թեև կատարելապես անկախ չէր, և նա երբեք չէ մտածել այդ մասին, որովհետև գիտեր, թե որոնց որ պարտք ունի, կախվում է նոցանից, թե մի անհաջող վայրկենում կարող են նոքա ճմլել նորան։ Բայց, չնայելով այս բոլորի վերա, կախողությունը ամենայն ժամանակ զգալի չէր, մանավանդ, եթե գործերը մի փոքր հաջող էին. իսկ այժմ, դրամական կամ առևտրական նավաբեկութենից հետո, հարկը ստիպում է նորան երթալ ենթակայանալ մի կոպիտ հարաբերության, որ լինում է պարոնի և ծառայի մեջ, տանել այն բոլոր անախորժությանց և հանդիմանությանց, արհամարհոտ և խեթ հայացքների, որոնցով առատորեն վարձատրվում է մի խեղճ ծառա մի անտաշ և տմարդի պարոնի մոտ։

Թերևս, եթե վաճառականին հանդիպեցավ այս կատաստրոֆը երիտասարդության ժամանակ, դնենք թե ատամները սեղմելով, սև ճակատագրին հնազանդվելով ընդունեց այս խաչը, բայց այն հիսուն֊վաթսուն տարեկան մարդը, ընտանիքի և զավակների տեր, որոնց դարմանելու համար ոչ մի պարոն չէ կարող տալ նորան բավական վարձ, թողանք և այս, ի՞նչպես երթա նորինորո ծառա դառնա այդ հասակում։

Բայց այստեղ ընտրություն չկա և հրաժեշտ չէ կարելի տալ, քանզի աղքատություն կա մեջտեղում, քանզի պետք կա, քանզի հացի խնդիրը ամեն րոպե բաղխում է նորա դուռը։ Եվ մի այդպիսի վատաբախտ մարդու համար հեշտ չէ նաև գտնել մի պարոն, որ հոժարեր ընդունել նորան յուր մոտ։ Հիսուն-վաթսուն տարեկան մարդու առաջարկյալ ծառայությունը պարոնների համար չէ կարող լինել մի հրապուրիչ բան։

Մեզ կարող են ասել, թե մեք նկարագրում ենք այս կացութենների միայն տխուր և սև կողմերը։

Որովհետև, պատասխանում ենք, այն մխիթարիչ և լուսափայլ կողմերը, որ այդպես հրապուրում են և յուրյանց են քարշում հետզհետե գրեթե բոլոր հայոց ազգը, որի համար դարձել են նոքա կատարելություն — ideal, ոչ միայն լոկ բացառությունք են, այլև տեսաբանական խաբեություն,— illusion optique! Բացառությունը չէ կարող իբրև օրենք քննվիլ, ուրեմն և չէ կարող օրինակ դառնալ ընդհանուրին։

Այսօր ամեն մարդ աշխատում է վաճառական դառնալ, նա հավատում է, թե վաճառականությունը կարող է նորան փրկել, բայց չկամի մտածել, թե ունե՞ր արդյոք յուր ձեռքում այն պայմանները, որոնցով միայն հնարավոր է վաճառականությունը։ Այն, ինչ որ նոքա անվանում են վաճառականություն, թո՛ղ ներվի մեզ հրատարակել, լոկ միջնորդություն, ուրիշի ծառայություն և առավել ուրիշին քան թե յուրյան օգտակար։ Վաճառականության մեջ շահը և օգուտը, ո՛րքան ընթացք ևս կատարե, ո՛րքան զանազան շրջաններ առնու, իվերջո, էականապես, կենտրոնանում է այնտեղ, որտեղից դուրս ելավ այն ապրանքը կամ գումարը։ Զորությունը և ուժը այնտեղ է, կրկնում ենք, ուր որ դրամագլուխը կամ ապրանքը կա։ Առնողը տկար է, քան թե տվողը, առնողը կարոտ է, քանզի ոչինչ ունի։ Նա միայն հույս ունի, թե ահա կառնու ապրանքը, կվաճառե, նորանից կվճարե ապրանքի տիրոջ յուր պարտքը և ավելորդ շահով ինքը կապրի կամ գանձ կդիզե։ Եվ այս տեսակ վաճառականությամբ թերևս, եթե հայը միջնորդ կամ գործակատար լիներ երկու համազոր աշխարհների մեջ, գուցե կարողանար ապահով եղանակով ապրիլ, թեև միմիայն յուր համար, այսինքն առանց ազգի ընդհանրության մի օգուտ բերելու, բայց, Եվրոպիո և Թուրքիո մեջ և ոչ անգամ երազելի է այն ապահովությունը, քանի որ Թուրքիան հարաբերում է Եվրոպային, իբրև բացասական մեծություն, դրական մեծության։ Մեզ ուրիշ վկայություն հարկավոր չէ, մեր ասածը ապացուցանելու համար ազգի վիճակը առնում ենք իբրև իրողություն, և նորան դարձյալ իբրև վկա դնում ենք ազգի առջև։ Այսքան տարիներ գնում է ազգը այս ճանապարհը և այս վերջին օրերում, խուռն հորձանքով, բայց այս վաճառականների ընդհանրությունը — միջին թիվը։ Հազիվ հազ ապրում է, և աղքատությունը օրեօր տարածում է յուր սև վարագույրը ազգի վերա։ Զարհուրելի է մեզ հրևակայել միլիոնավոր մարդիկ (հարկավոր ևս չէ երևակայել, որովհետև իրականապես կան), օդին ապաստան արած յուրյանց կյանքը։ Նոքա գալիս են և գնում են, «որպէս հողմ որ շնչէ, որ ոչ ղիտէ ուստի՛ գայ կամ, յո երթայ»։ Չէ՛, այս անբնական մի գործ է, և ազգի կաթվածահարության աղբյուրը բխում է այստեղից։ Մինչև ազգը չկոտրե այս ուղղությունը, մինչև որ նա չկատարե մի տնտեսական հեղափոխություն, յուր մինչև այսօր բռնած ընթացքի մեջ, և մինչև չդիմե դեպի բնության գոգը, հառաջադիմությունը աներևակայելի է։ Թո՛ղ հազարավոր դառնա հարուստ անհատների թիվը, թո՛ղ հարյուրավոր լինի եվրոպական դպրոցների մեջ կրթություն ստացողների թիվը, ի վերա այսր ամենայնի, ազգի ընդհանրությունը կմնա անշարժ և անդամալուծյալ։ Այն օրից պիտի թվենք ազգային նորոգության դարագլուխը, երբ ազգը դիմե դեպի բնությունը, որ ոչ միայն կարող է փրկել և ազատել ազգը աղքատութենից, այլև, մեծ զարկ տալ նորան հառաջադեմ ուղղության մեջ։

Բնության մեջ չկան այն վտանգները, ինչ որ կան մեքենական վաճառականության մեջ. այնտեղ մարդը ապահովյալ է բնության օրենքներով։ Այն մարդը, որ բնության հետ գործ ունի, որ անմիջապես հողի՛ց ստանում է բնության բերքերը, և նոքա են նորա նյութական ուժը և կարողությունը, հաստատ է յուր ոտքի վերա, նա կարոտ չէ ուրիշին, դորա փոխանակ, ուրիշը կարոտ է նորան։ Մանր վաճառականը, յուր ընթացքի մեջ, կարոտ է մեծ վաճառականին, զանազան միջնորդական տուների, գործարանների և ի վերջո դրամագլխի տեր մարդոց, իսկ այն օրից, երբ նա թողեց նորանց և դեմքը դարձուց դեպի բնության հյուրընկալ գիրկը, հարաբերությունքը փոխվում են, և՛ միջնորդը, և՛ մեծ վաճառականը, և՛ գործարանը, և՛ մյուսը, և՛ մյուսը կարոտ կլինին նորան։ Ուժը կանցնե նորա ձեռք, թո՛ղ որչափ կամի, փոքր լինի նորա ապրանքը ուժը, այնուամենայնիվ դրական զորություն է, քանզի ապրանքի փոխարեն պիտի ստանա զուտ արծաթ։

— Մի՛թե այս վաճառականություն չէ, մի՛թե այդտեղ չէ կարելի վնասի հանդիպել, և այլ հարյուրավոր հարցական միթեներ լսվում են այստեղ։

— Վնաս, վնասից տարբեր է։ Անհիմն վաճառականության մեջ հարյուրին իննսուն հավանականություն կա վնասի հանդիպելու, իսկ բնականի մեջ, նույնքան հավանականություն նորան չհանդիպելու։ Այլ խնդիր է ջուրը մտնել, թույլ տալով խեղդվելու կարելություն, և այլ խնդիր է մտնել, հաստատ գիտելով, որ պիտի խեղդվի։

Հայոց ազգը, քանի որ չունի յուր սեփական երկրագործությունը, բոլոր նորա ճյուղերով, նորա վաճառականությունը է՛ և կլինի եվրոպացոց համար ծառայություն։ Իսկ այն օրից, երբ ազգը կսկսի մշակել հողը, երբ մարդիկ կդառնան յուրյանց հայրենի, բարեբեր երկիրները, որ այսօր գրեթե ամայի և խոպան է, այն օրից կկենդանանա և հայոց վաճառականությունը։

Եվ այն օրի վաճառականը ոչ միայն կազատվի եվրոպացոց համար ախ ու վախով և բյուր նեղությամբ գործ կատարելուց, ոչ միայն ինքնուրույնաբար կկանգնի յուր ոտքի վերա, այլև եվրոպական արծաթը և ոսկին ներս կհոսեցնե ազգի մեջ, և ինքը կշահվի տասնապատիկ ավելի և մեծ ու մեծ շահ կբերե ազգի ընդհանրության, որ է ազգի հիմքը, լծակը, շարժարանը։ Ընդհանրությունը կապահովվի, քանզի զորությունը կգրավե յուր կողմը, քանզի Եվրոպան կարոտ է նորան, քանզի, երկրի բերքերը դուրս տալով, յուր մեջ պիտի դարձնե դրամի շրջանառությունը։

Եվ միայն հում բերքերը չեն, որ կարող են գրավել հայ վաճառականի գործունեությունը. այդ բերքերի մշակությունը մի լա՜յն հանդես, մի բնակա՜ն ասպարեզ այն ժրաջան և գործունյա մարդերի համար, որ ստուգապես կամին պարապել վաճառականության։ Նույն այն գործարանքը, նույն այն մեքենաները, որ կարող են ներգործել Եվրոպայի մեջ, ծանր պայմանների տակ, կարող են ներգործել և Ասիո մեջ, ուր կյանքի պիտույքը, պարզությունը և այլ բնական հանգամանքները ավեյի դյուրություն կարող են տալ այսպիսի ձեռնարկությանց։

Շատ մեքենայք, որ Եվրոպայի մեջ ներգործում են կրակի և շոգու զորությամբ, Ասիո պարզության մեջ կարո՛ղ են ներգործել սարերից կատաղաբար վազած ջրերով, որի համար հարկավոր չէ վատնել այն դրամը, ինչ որ եվրոպացին վատնում է ածուխի կամ փայտի համար։ Եվ այն ապրանքը, որի հում նյութը, շատ անգամ Ասիայից երթալով Եվրոպա և պատրաստվելով այնտեղ, հասնում է դարձյալ Ասիա, անցնելով միքանի ձեռքերից, նույնը, ավելի արժան, և նույն որակությամբ, կարող է պատրաստվիլ Ասիո մեջ։ Աշխարհագրական անվանակոչությունքը չեն պատճառ, որ Եվրոպան, Եվրոպա է դարձել, իսկ Ասիան, Ասիա ու հետ է մնացել։ Այո՛, կլիմաները կարող են շատ բան պատճառել, բայց Եվրոպայի և փոքր Ասիո եղանակները գրեթե մեծ տարբերություն չանին, և ասիականը, եթե ավելի հարմար, ավելի ձեռնտու և ավելի ախորժելի չէ, գո՛նե բնավ պակաս չէ Եվրոպայից։

Նորա կախարդական թովչությունը ոչ նորա աշխարհագրական անունի մեջ է և ոչ նորա կլիմայի մեջ։ Նորա գործունեությունն է, որ այսօր պատգամ է տալիս բոլոր երկրագունդին։ Շվեցիայի սառնամանյաց մեջ, նա, արվեստով և բյուր հոգաբարձությամբ հառաջ է բերում այն, ինչ որ առանց աշխատության բնությունը ինքը կարող է մեզ տալ Ասիայում, եթե միայն լինի մեր մեջ ստանալու ձգտողությունը։ Եվրոպական հողը, անդադար ներգործելով, կարոտ է այժմ արվեստական հնարների, բուսաբեր և արգավանդ լինելու համար, մինչդեռ ասիական հողը մնացել է մինչև այժմ յուր կուսական վիճակի մեջ անձեռնամերձ, անարատ։ Ո՛ւր թողունք այն բերքերը, որ ոչ արվեստը և ոչ գիտությունը կարող են հառաջ բերել Եվրոպիո մեջ, և որ այնպես առատորեն պարգևել է բնությունը Ասիային։

Անգլիո երկրագետքը և տնտեսականքը, հաշվի տակ դնելով յուրյանց հողի մեջ եղած բոլոր ածուխի հանքերը, նոցանից դուրս եկած ածուխը, և Անգլիո տարեկան ածուխի պետքը և գտանելով, որ հարյուր երեսուն տարուց հետո Անգլիան չպիտի ածուխ գտնե յուր հողի մեջ, ահա այս երկու տարի է, որ «Երեմիայի ողբ» են կարդում յուրյանց գլխին, իսկ Ասիան մոռանում է միշտ երեկը. այսօրը է նորա աստվածը, որ պաշտում է, վաղը ի՛նչ կամի թող լինի, ո՛վի բան ու գործը կտրվել է, որ վաղվա համար մտածե։ Մեք կարծում ենք թե, ավելի շուտով, այս բնավորությանց մեջ է Եվրոպիո և Ասիո տարբերությունքը։ Այո՛, գործունեությունը, շարժողության հետևանք է, և առանց շարժողության չկա գործունեություն։ Ուր չկա գործունեություն, ասել է չկա շարժողություն, իսկ ուր շարժողություն չկա, այնտեղ կյանք չկա, այնտեղ թագավորում է մահը։ Այսպիսի դիպվածում անունը հանցանք չունի։ Եվրոպայի մի ոտնաչափ հողը ևս հաշված է, իսկ Ասիո մեջ կարծեմ գտնվին տեղեր, ուր տասն տարին մի անգամ, և այն դիպվածով, հազիվ ոտք է կոխում մի մարդ։

Եվրոպան ուշ ծնեցավ, բայց շատ արագ ծերանում է։ Միքանի դարու մեջ նա անցավ պատմության շատ կերպարանքներ՝ phase, փոփոխեց և փոփոխում է դեռևս կառավարությանց ձևերը, բայց ցարդ չհասավ յուր նպատակին, որովհետև միշտ աշխատեցավ ճանապարհը լայնացնել, ուղղել, հարթել, մոռանալով, որ յուր նեղությունը ճանապարհից չէ այնքան, որքան ոտքի կոշկից, որ սեղմում է և չէ թողնում ման գալու։ Այսպիսի դժբախտության մեջ ինչ կօգնե ճանապարհի լայնությունը, քանի որ կոշիկը նեղ է։ Այո՛, Եվրոպան կանգնած է այսօր մի դժվար լուծանելի խնդրի առջև, այդ տնտեսական խնդիրն է, մարդը և հացը, Եվ այդ խնդիրը, կանուխ թե ուշ, թեև սոսկալի փոթորիկներով, պիտի լուծվի։ Ոչինչ բռնություն, ոչինչ պահպանողական համակարգություն, ոչինչ ընդդիմադրություն, որևիցե կողմից, չէ պիտո կարողանա փակել նորա առաջքը, թեև այսօր հալածակա՜ն և աքսորակա՜ն են այդ ապագայի մարգարեքը և առաքյալքը։

Եվ ինչպես միջին դարերում, Ասիո անկյուններից խուռն բարբարոսներ իջան ու հեղեղեցին Եվրոպա, այնպես ևս մարդու և հացի խնդիրը լուծվելուց հետո, եվրոպական մարդը պիտի իջանե Ասիա։ Պիտի գա օր, երբ այն պառավ Ասիան պիտի մանկանա, և ասիական ազգերը այն վայրկենից պիտի սկսանին յուրյանց պատմությունը, եթե ընդունակ լինին իբրև ազգ ապրելու, իսկ եթե ոչ, օրըստօրե կանհետանան, որպես մի կաթիլ համատարած ծովի մեջ։ Ամերիկան, Ավստրալիան, այլ երկիրներ և կղզիք կենդանի վկայք են մեր խոսքին։ Ասիո ապագան ավելի մեծ է, ավելի լայն է տնտեսական խնդրի վերաբերությամբ, քան թե Եվրոպիո ապագան։ Հայերին մնում է վաղօրոք օգուտ քաղել յուրյանց դրութենից։

Կարող են, դարձյալ, դիմադրել, որ եթե մեր հայացքով, միայն մարդ ու հաց կա աշխարհի երեսին, եթե մեք մի կտոր հողի վերա քարոզում ենք հավասար իրավունք, ուրեմն, ազգության խնդիրը և ուշադրության արժանի բան չէ, մարդը, ապրել է հայի անունով, թե մի այլ անունով, դարձյալ միևնույն մարդն է, և այլն։

Այո՛, եթե հավասար իրավունքը այսօր խոստովանվի բոլոր երկրագունդի վերա, եթե ներկա եղած պետական համակարգությունքը այսօր ոչնչանան, վաղը ոչ միայն չէ մնում ազգության խնդիրը, այլ հարկավոր ևս չէ։ Բայց այս է բանը, որ դորան հասնելը ժամանակի է կարոտ. և մինչև այն ժամանակ «արքայութիւն Աստուծոյ բռնաբարի, և բռունք յափշտակեն զնա». մինչև այն ժամանակ, «սահմանք քաջաց, զէնք իւրեանց»— ասում է մեր իմաստուն Ծերունին։

Մեք ուրախ չենք, որ այսպես է լինում, մեք ուրախ չենք, որ մի ազգ ճնշում է, հարստահարում է մյուս ազգը, և յուր զենքով սահման է գնում նորա հողի վերա, բայց որովհետև մեր տրտմությունը ոչինչ է համեմատելով այն մինչև այժմ եղած կարգի հետ, ուստի մեր կարողությունքը ուղղում ենք մեր ազգությունը պաշտպանելու համար։ Եվ մեր ամենիս պարտքն է մինչև այն ժամանակ մնալ ազգության դրոշի տակ, որքան ուրիշը կրում է յուր սեփական ազգության դրոշը։ Բայց, այս ասելով, կամք չունինք ազգությունը կույր ֆանատիկոսություն դարձնել։ Հերիք է, որչափ կույր և ֆանատիկական ազգությունը ունի յուր եսական կողմերը. հերի՛ք է, ասում ենք, որ մի ազգություն յուր մի շամփուր խորովածի համար մորթում է մյուս ազգության եզը...

— Այս ինչ հակառակախոս դրությունք են,— մտածում է մեր ընթերցողների միջից նեղսիրտ մարդը։— Երկու տող հառաջ ազգություն է քարոզում, հետո ազգության մեջ նշմարում է եսականություն և թուլացնում է առաջին տպավորությունը։

Մեր պարտքն է, ուրեմն, հառաջուց պարզել մեր հայացքը, և այս ծանրակշիռ խնդրի համար մի երկու քայլ խոտորիլ մեր ուղիղ ճանապարհից։ Այս պատճառով մեջտեղ դնում ենք խնդիրը — ի՛նչ է ազգությունը։

Ազգությունը իբրև պատմական իրողություն, իբրև հավաստի երևույթ, ընդհանուր մարդկության կյանքի մեջ, չէ կարելի մերժել, թեև բանականությունը երբեք չէ կարող արդարացնել նորան։ Մարդը մինչև այժմ չէ հասել այնտեղ, որ առանց երկրորդական և պաշտոնական անունի հանդես գա, միայն մարդու բնական անունով. մինչև այժմ մարդը չկա աշխարհի երեսին, մինչև այժմ ազգեր կան։

— Խայտառակ դրություն,— շարունակում է մտածել մեր նեղսիրտը։— Ազգերը մարդերից չե՞ն բաղկանում. և ինչպես կարելի է բաղկացյալը ընդունիլ, իսկ բաղկացնողքը մերժել և ուրանալ։

«Երբ մարդը, երևելով այս կամ այն ազգության մեջ, այլևս չէ կոչում ինքը յուրյան մարդու անունով, երբ նա անվանվում է անգլիացի, գերմանացի և այլն, և այլն, և ընդհանուր մարդկության շահը ոտքի տակ կոխելով, անքուն հսկում է միայն յուր ազգի շահի համար, երբ մարդիկ հասանում են մինչև այնտեղ, որ ոչ միայն մարդը չեն ճանաչում մարդու անունով, այլ շատ անգամ միլիոնավոր բազմությանց գոյությունքը ուրանում են, չնայելով որ այդ բազմությունքը ներկա են. երբ թթվածինը և ջրածինը միանալով, կորուսանում են յուրյանց տարրական հատկությունը և երևում են որպես ջուր, որի հատկությունը տարբեր է և՛ թթվածնի և՛ ջրածնի հատկութեններից, մեզ մնում է ընդունել այս երևույթը որպես իրողություն։

Մարդերի բազմությունը ազգ ճանաչելով, շատ անգամ ուրանում են նոցա սերունդի գոյությունը։ Փյունիկեցիք չկան, կամ այնինչ հին ազգը մեռավ։ Միթե այդ ազգերը բաղկացնող անհատները ամենեքի՞ն մեռան, ամենեքի՞ն կոտորվեցան, և բնա՞վ սերունդ չթողեցին, որ այսօր երևեր և կենդանի մարդերի միլիոնավոր բազմությունը մեռելոց կարգը չանցներ։ Ամաղեկացոց համար միայն վկայում է Սուրբ գիրքը, թե Եհովան կոտորել տվեց և չթողեց և ոչ մի ամաղեկացի, իսկ մյուս ազգերի համար խոսք չկա, ոչ սուրբ և ոչ անսուրբ գրքերում։ Դնենք, թե հին ազգերը մեռան և հաջորդք չթողեցին, բայց նոր ազգերը, որ հիների օրերում չկային, նո՞ր ստեղծվեցան, թե՞ գետնից բուսան։ Եթե մարդը կա, եթե մեք տեսնում ենք նորան, եթե շատ անգամ գիտենք նաև նորա ծագումը, ի՛նչպես ապա ուրանում ենք նորա լինելությունը։

— Մեք ուրանում ենք ազգի լինելությունը, մարդը կա, բայց ազգը չկա։

«Ազգը եղած ժամանակ, դարձյալ այդպիսի մարդերից չէ՞ր բաղկացած։ Այս ի՛նչ բաբելոնյան խառնակություն է»։

Բայց չէ՛. սխալը այստեղ չէ։ Սխալը փորձական սխալ չէ, սխալը սկզբունքի մեջ է։ Երբ տեսական ըմբռնումը սխալ է, թյուր կլինի նորա վարձական հետևությունը և կերևեցնե մի բաբելոնյան խառնակություն։ Եթե փյունիկեցիք յուրյանց վերա կրած չլինեին փյունիկեցի հատուկ անունը, եթե նոքա ապրած լինեին մարդու անունով, նոքա չպիտի վերջանային, որովհետև մարդը կա։ Բայց, որովհետև նոքա իբրև փյունիկեցի երևեցան, ուստի և իբրև փյունիկեցի վերջացան։ «Ազգ գայ և ազգ երթայ»,— ասում է բանաստեղծ-թագավորը։ «Իսկ մարդը հավիտյան կա»,— կցորդում ենք մեք։

Չքացած ազդը ապրում է յուր ժառանգների մեջ, հառաջացած նոր ազգը, վաղո՛ւց ապրում էր յուր նախահարց մեջ։ Ազգի մահը անհատի մահի պես չէ, ազգը չէ մեռնում ֆիզիկապես։ Ազգը մեռնում է, բայց նորան կազմող անհատները կենդանի են, նոքա չեն կորչում, չեն չքանում և մարդերի թիվը չէ սակավանում, թեև մեռներ մի ահագին ազգ։ Ինչ է ուրեմն չքացողը, մեռնողը. ի՛նչ է հառաջացողը, և ի՛նչ զորություն է այն, որ երբ չքանում է, կենդանի մարդերի միլիոնավոր բազմություն օր ու ցերեկով համարվում է չքացած, և երբ հառաջանում է, վաղուց արդեն ապրող մի բազմություն կազմում է նոր դարագլուխ կյանքի և գոյության։

Ազգությունը միայն, կարող է պատասխանել սորան։

Ազգությունը է ազգի անձնավորությունը, ազգի դեմքը։ Միլիոնավոր մարդիկ կորուսանում են յուրյանց անհատական ինքնուրույնությունըւ այդ անձնավորության օգտի համար. նոքա չեն երևում որպես մարդ, այլ որպես անդամ այս կամ այն հավաքական անձնավորության։ Եվ այդ անձնավորությունը բարոյապես ապրում է և ինքնուրույնաբար, ունի յուր սեփական կյանքը, յուր լեզուն, յուր սովորությունքը, յուր ավանդությունքը...

Նորա ամեն մի սեփականը սուրբ է նորան, և վա՛յ մյուսին, որ ձեռք բարձրացնե նորա, այս կամ այն, սեփական սրբության վերա։ Եվ ինչպես, սովորական կյանքի մեջ, մասնավոր մարդը աշխատում է յուր անձնական օգտին և յուր անձնական ապահովության համար, ինչպես շատ տեղ վնասում է նա մի ուրիշ անհատի անձին և օգտին, այնպես ես մարդերի հավաքական անձնավորությունը,— ազգությունը, պահում է և պաշտպանում է յուր օգուտը և ոտքի տակ է կոխում ուրիշ յուր պես անձնավորության շահը։ Ազգը, այսինքն, կենդանի մարդերի մի ահագին բազմություն, համարվում է կենդանի, եթե կա և չէ մեռած նորա հավաքական անձնավորությունը — նորա ազգությունը, համարվում է դարձյալ մեռած, դատապարտված և իրավունքից զրկված, եթե չկա այլևս նորա ազգությունը։

Վերևում ասացինք, որ ազգի մահը անհատի մահի պես չէ՛. ասացինք, որ ազգը չէ մեռնում ֆիզիկապես. ի՛նչպես, ուրեմն, մեռնում է ազգությունը։ Մահը անհասկանալի է, եթե չգիտենք կյանքը, ուրեմն հառաջ կյանքը։

Ի՛նչ է կյանքը։

Կյանքը է անդադար շարժողություն, նյութերի անդադար փոխանակություն և անձնապահություն։ Արտաքին ուժերը ներգործում են էակի վերա (սովորական ոճով խոսելով) ավերողապես, էակը անդադար շարժում է, ընդունում է նյութեր, դուրս է տալիս նյութեր և քանի որ կարող է շարժիլ և այս գործողությունը կատարել, նա ունի յուր ներսում ուժ և զորություն, որ դեմ է գնում արտաքին ավերիչ ուժերի ազդեցության և քանի որ կարողանում է նոցա դեմ դնել, պահպանում է յուր անձը, — ապրում է։ Բայց երբ էակի ներքին և արտաքին ավերիչ ուժերի մեջ ընկնում է հավասարակշիռը, երբ էակը չէ կարող յուր ուժով դեմ դնել արտաքին ազդեցությանց, նա չէ կարող պահպանել յուր անձը և այն րոպեին մեռնում է։ Արտաքին ուժերը հաղթահարում են նորան և լուծում են նորա կազմվածքը։

Ազգությունը ապրում է, եթե նորա մեջ կա, արտաքին, ավերիչ ուժերի հավասարակշիռ զորություն, թե ի՛նչ է այդ զորությունը, մեք հետո կխոսինք, այժմ այսչափ միայն հարկավոր է ասել, որ եթե չկա այդ զորությունը, արտաքին ուժերը հաղթահարելով ազգությունը, լուծում են նորա կազմվածքը։ Եվ ինչպես բնական էակները կորուսանելսվ յուրյանց ուժը, հաղթահարվելով արտաքին ուժերից մեռնում են, և ինչպես նոցա կազմվածքի մեջ մտած նյութերը, լուծվելով կազմվածքից, շարունակում են յուրյանց կյանքը, կազմելով մի այլ էակ, կամ իբրև նյութ, պիտոյանալով այլ կազմվածքի, այնպես ևս ազգությունը մեռնելուց հետո նորան բաղկացնող անհատները ընդունում են այլ բարոյական կերպարանք, կազմելով մի առանձին ազգություն, այլ պայմանների տակ. կամ մտանում են ուրիշ ազգությանց կազմվածքի մեջ։

Բնությունը կորուստ չունի։

Մարդիկ յուրյանց գոյությունը և ներկայությունը ապացուցանում են յուրյանց ազգությամբ։ Կենդանի եմ ես և խոսում եմ առջևս կանգնած մարդու հետ, բայց նա չէ ընդունում, թե ես կենդանի եմ։ Նա ասում է ինձ, որովհետև քո ազգությունը մեռած է, ուստի և դու կենդանի չես, որպես հայ։

— Եղբայր, ի՞նչպես կենդանի չեմ. ես խոսում եմ քո հետ. մեռելները վաղուց արդեն թողել են խոսելու սովորությունը։

— Ինձ ի՛նչ փույթ, դու կենդանի չես,— կրկնում է նա ամենայն սառնությամբ։

Եվ ոչ միայն այսչափ. ուրանալով իմ կենդանությունը, ժխտում է ինձ իմ կենդանությունը պահելու համար պետք եղած կարիքը կամ նորանց լցնելու հնարները։

— Եվ այստե՞ղ հանեցիր տնտեսական խնդիրը...

— Եվ չկամելով բռնաբարության կերպարանք տալ այս ժխտողության, տակավին իրավունքի անունով խոսում է իմ հետ.— Ի՛նչ ես արել, որ ես համակրություն ցույց տամ քեզ, որ ես խոստովանիմ քեզ կենդանի։

Այս կոպիտ հեգնություն է և ստրկության շղթայի ամենածանր օղի մինը։ Հերիք չէ նորան իմ կենդանությունը, նա չկամի նորան ընդունել որպես իրողություն, նա ակամա պիտի հոժարի ընդունել այն ժամանակ, երբ ցույց տամ իմ իրավունքը։ Ա՛յս ևս հերիք չէ. նա իմ կենդանությունը պիտի խոստովանի միայն այն ժամանակ, երբ ստուգե, թե զորություն ունիմ իմ իրավունքը պաշտպանելու։

Այս տողերը գրելու միջոցին Թեյմսը հրատարակեց Լեհաստանի ընդդեմ, մեր նոտր գրով տպածը, գրեթե բառ առ բառ։ Եվ մի՛թե շա՞տ ժամանակ անցավ այն օրից, երբ ընդհանրական և մասնավորապես ավստրիական բռնակալության ջերմեռանդ քուրմը հրատարակեց, թե «Իտալիան լոկ աշխարհագրական անուն է»[12]։

Իսկ Ավստրիան, այդ պոլիտիկական ուրվականը, դյուցաբանական առասպել է, ասում ենք մեք. ագռավ, սիրամարգի փետուրներով զարդարված։ Այն հողերի վերա, ուր սեղանապիղծ ձեռքով տնկված է ավստրիական անպարծանք դրոշը, 1857, հոկտեմբերի 1-ի տեղեկությանը նայելով, բնակվում է 35,019,056 հոգի ժողովուրդ։ Սոցանից (զորքով հանդերձ) ավստրիացի է միմիայն 7,889,925 հոգին, մնացածը օտար ազգեր, որ դոն. սկլավոն 14,927,925 հոգի, ռումեն 5,632,089 հոգի, մաճառ 4,947,134 հոգի, հայ 13,258 հոգի, իսկ մնացորդը այլ և այլք։

Ասել է թե մոտավորապես 8 միլիոն հոգին բռնացել է 27 միլիոն օտար ժողովրդի վերա և ապրում է ծծելով նոցա արյունը, նոցա կենսական ուժը և զորությունը։ Ակամա կհիշես հռչակավոր Ֆոհթի խոսքերը L'Autriche c’est la damnation eterne11e. (Ավստրիան հավիտենական նզովք (գեհենապարտություն) է։)

Հերի՛ք չէ այսքանը, դեռևս «Իտալիան լոկ աշխարհագրական անուն է»։ Հրամեր ես, իտալական ժողովուրդը, Վենետիկը, մինչև անգամ և Հռոմը, այն ստրկության հավիտենակա՜ն օրորոցը ճի՜շտ քեզ պես են մտածում... խոսք չկա։ Սուրբ Մածծինիի և սուրբ Գարիբալդիի բարեխոսությունքը անպակաս լինին Հաբսբուրգյան տանի գլխից...

Արդյոք քարավանի մեջ Մետերնիկը կրկնում է՞ կոմս Քավուռին յուր խոսքը։ Պիոս իններորդին կմնա պատասխանել։ (Ծ. Հ.)։

Պարզամիտ մարդիկ կարող են հավատալ այս կամ այն կառավարության... կարող էն հավատալ, որ եթե հիրավի՛, Լեհաստանը արժանի լիներ անգլիական համակրության[13] և ահա լրացած էր ամենայն բան։

— Այսօր չէ, վաղը,— ասում ենք մեք։

To֊morrow morning! ասում է հեգնող անգլիացին։ Քանի որ իմ կյանքի խոստովանելը կապված չէ նորա շահի հետ, նա խոստովանելու չէ։ Ուր թողունք, որ մի ազգություն գիտությամբ սպանում է մյուս ազգությունը յուր սեփական շահի համար, ճնշվածի իրավունքը խոստովանե՞լն է մնացած։

Անհնարին տհաճությամբ լսեցինք մեք անգլիական պառլամենտի մեջ լորդ Ջոհն Ռըսսելի խոսքերը ամերիկյան խնդրի վերաբերությամբ.

«Չէ կարելի բուռն զորությամբ վերացնել ստրկությունը Հարավային Ամերիկայի միջից։ (Այսինքն հյուսիսայնոց պահանջողությունը և պատերազմը, զուր է). Հարավայնոց ատելությունը դեպի հյասիսայինքը, աննկարագրելի խոր է և սաստիկ։ Խաղաղությունը չէ պիտո տիրե այնտեղ, մինչև այդ երկու կողմերը չկազմեն առանձին առանձին տերությունք։ Եվ այն ժամանակ միայն Անգլիան կհասնի յուր դարավոր նպատակին, որի մեջ է նորա էական շահը»։

Այսպես է եղել ազգությանց ընթացքը մարդկության ասպարիզում։ Մինչև այժմ այն ազգությանը, որ ուժ ունի, որ ինքը ապրելով չկամի արիշի կյանքի վերա մտածել, ավելի կամ պակաս չէ մասնավոր անձնապաշտից, որի փույթը չէ, եթե նորա ընկերը նորա աչքի առջև ընկնում է սովամահ։

Բայց մասնավոր ուշադրության արժանին ի՛նչ է. նույն ինքը այդ հզոր ազգությունը օգուտ չունի յուր անունին վերագրված շահերից։ Այդ ազգությունը յուր կառավարության հետ գրե՛թե նույն հարաբերության մեջ է, ինչ հարաբերության մեջ են դեպի ինքը չխոստովանված ազգությունքը։ Տարբերությունը էական խնդրի մեջ չէ. տնտեսական խնդրի դուռը և նորա համար փակված է։ Նորա ազատությունը անվանական է, նա չէ կերակրվում նյութով, նորա կառավարությունը ներկում է նորա աչքը յուր դրոշի փառքով, յուր զենքի հաղթությամբ, յուր սահմանների օրըստօրե լայնությամբ։ Դնենք թե այն մարդիկը, որոնց ազգությունը խոստովանված չէ, պաշտոնական կերպով չեն համարվում կենդանի, այո՛, նոքա ստրուկ են ուրիշներին, բայց և այն մարդիկը, որոնց ազգությունը դողացնում է երկրագունդը բևեռից մինչև բևեռ, ստրուկ են յուրյանց կառավարության ձեռքում։ Կառավարությունքը նկատելով, որ այդ ազգերը ինքյանք յուրյանց մեջ ազատ չեն տակավին, նկատելով որ սնոտի նախապաշարմունքներ, փտած սկզբունքներ և առհասարակ գլխիվայր հասկացողությունք պաշտելի են նոցա, խորամանկությամբ օգուտ են քաղում նոցա թուլութենից, տիրում են նոցա վերա և նոցա անունով ներգործում են, միմիայն յուրյանց անձնապահության համար։

Մարդը դեռևս թովված է, կառավարությանդ բժժանքը դեռևս ազգում են նորա վերա։ Նա տանում է աղքատության ծանր լուծը, առանց հաշիվ տալու ինքը ինքյան, թե ի՛նչ բանի համար են այն զրկանքը, որ հանձն է առնում։ Ի՞նչ կառնու յուր դրոշի փառքից, եթե այդ փառքը չէ բերում նորան երջանկություն և հանգիստ կյանք, եթե ամեն մինը այդ եղջերվաքաղ փառքերից գնվում են սոսկալի հարկերի և սարսափելի պարտքերի ծանրությամբ, որոնց էականապես ժողովուրդն է ենթակա։ Կառավարության դրամ է հարկավոր յուր որևիցե խորհուրդը հառաջ քշելու համար, ներքին պարտք է հրատարակում նա և ամեն մարդ առանց երկբայության, իբրև մի ապահով տեղ դնում է և յուր ունեցածը։ Եվ ինչի՞ պիտի վախենա, քանի որ կառավարությունը երաշխավոր է։

— Կառավարությո՞ւնը... Ո՞վ է կառավարությունը, ազգը չէ՞։

— Չէ , կառավարությունը կառավարություն է, ազգը ա՛յլ, կառավարությունը ա՛յլ։

— Ուրեմն կառավարություն ասելով պիտի իմանալ որևէ աշխարհի պաշտոնյա՞յքը կամ նոցա գահերե՞ցը։

— Ճի՜շտ։

— Ինչո՞վ ապահովում է կառավարությունը այն պարտքը, որ առնում է ժողովուրդից։

— Ի՛նչպես թե ինչով, տերության հողով, գանձով և այլն և այլն։

— Տերության հողը, գանձը, և այլն և այլն կառավարության սեփականությո՞ւնն է, որ գրավ է դնում։

— Տարակույս չկա, դոքա պատկանելիք են կառավարության։

— Ապա ազգը՞։

— Ազգը ինչ վերաբերություն ունի տերության հողին կամ գանձին հետ։ Ազգը ազգ է, ինչպես կառավարությունը կառավարություն է։ Ազգը ա՛յլ, կառավարությունը ա՛յլ։

— Դրոշի փառքը՞...

— Ազգի՛նն է։

— Ցնծա՛, ազգ։ Բերանդ հովին բացած, նայի՛ր այն կտոր լաթին, որ կախված է ձողի վերա։

— Բայց նա ինձ կերակուր չէ տալիս,— ասում է ազգը։

— Եվ ի՛նչ հարկավոր է քեզ կերակուր, երբ դու ապրում ես այդ փառքով։

Չնայելով այս բոլորի վերա, այդ ազգությունքը հետևում են տակավին յուրյանց կառավարության, ուրիշ աշխարհների տիրելու, ուրիշ ազգությունք սպանելու և յուրյանց դրոշի փառքին նորանց ես մասնակից առնելու։

Մինչև այժմ բռնակալ աշխարհակալությունքը մի սուտ փաստ ունեին յուրյանց ձեռքում, որ այսօր չէ կարող արդարանալ և մարդկային բանականության դիմանալ։ Ի՛նչ էր այդ փաստը։ Այն, թե հզոր կառավարությունքը տիրում են զանազան աշխարհների, զանազան ազգերի, միմիայն վայրենությունը քաղաքակրթելու համար։ Անձնական շահը չէ, ոչ քա՜վ լիցի, մարդկության սերն է, որ ստիպում է նորանց ստրկացնել զանազան ազգեր, որովհետև այդ ազգերը հետ են մնում և չեն քաղաքակրթվում։

— Ա՞յսպես, ուրեմն, Անգլիան Հնդկաստանի մեջ մի որոշյալ կշիռ ափիոն գնում է ժողովրդից 25 լիբրե ստերլինգի, իսկ ինքը նույն կշիռը վաճառում է 250 լիբրեի, և կառավարութենից ավելի ո՛չ ո՛ք իրավունք ունի շինականից գնելու, նույնպես և շինականը իրավունք չունի ուրիշի վաճառելու։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Անգլիան ամիսը երեք շոգենավ ափիոն բռնությամբ ներս է տանում Չինաստան, թունավորում է մարդկությունը և այդ թույնի փոխարեն ամիսը երեք շոգենավ արծաթ է ստանում. այս անբարոյականություն է։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Իռլանդիան, յուր աշխարհագրական դրությամբ, յուր բնական սահմաններով, յուր կրոնքով, սովորությամբ և ավանդությամբ բոլորովին հեռի է Անգլիայից, քանքարավոր մարդերով ավելի ճո՛խ է, քան թե ինքը Անգլիան, բայց Անգլիան հակառակ նորա կամքին, պահում է նորան յուր ձեռքի մեջ, և Թեյմսը շատ ժամանակ չէ որ հրատարակեց, թե Իռլանդիո անկախության աշխատողքը իբրև տերության ընդդեմ ապստամբք, կարո՛ղ են դատապարտվիլ դեպի թիարան...

— Քաղաքակրթություն է տարածում։

— Պապը «իմ թագավորությունը այս աշխարհից չէ՛» ասողին երեսփոխան քարոզելով յուր անձը, հակառակ յուր վարդապետի հրամանին, բռնացել է այս աշխարհի վերաբերյալ հողի վերա, որ պատկանում է Իտալիային, և երբ խնդիրները սկսում են սաստիկ հուզվիլ, երբ առաջարկությունք առաջարկությանց քամակից հասնում են նորան, թողուլ այս աշխարհի թագավորությունը, նա չէ հոժարում և հիվանդանալով մահիճ է ընկնում...

— Քաղաքակրթություն է տարածում։

— Ավստրիան, յուր 8 միլիոն ձկնարյուն ավստրիացիներով բռնացել է Լոմբարդիո վերա և չէ կամենում Վենետիկը ձեռքից թողուլ։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Մորթել է Հունգարիան, խեղդել է Գալիցիան, Դալմատիան, Բոհեմիան և այլ գավառներ ու ազգեր։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Պրուսիան, Լեհաստանի մահվան առաջին պատճառը, հափշտակել է նորա Պոզնայնի դքսությունը և խեղդում է...

— Քաղաքակրթություն է տարածում։

— Ռուսական բանտերը լցվեցան լեհացիներով, կարծեմ շուտով Սիբիրի մեջ ավելի շատ պիտի լինի լեհացի, քան թե Լեհաստան. Վարշավի հրապարակների վերա արյունը մինչև ծունկն է հասնում, զինվորները անզեն մարդոց վերա հարձակվելով սպանում են առանց խնայելու հասակի և սեռի, Ռուսիո գերմանաթաթար կառավարությունը իբրև վամպիր ծծում է Լեհաստանի արյունը, փակում է նորա եկեղեցիքը, դպրոցները, և հրամայում է քար կամ փայտ դառնալ։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Փոքր Ռուսիան, (15 միլիոն ժողովուրդ) յուր լեզվով, յուր պատմական ավանդությամբ, յուր կյանքի կերպերով և սովորությամբ, ոչինչ հարաբերություն չունի Մեծ Ռուսիային, և ոչ միայն այսչափ, այլև սաստիկ թշնամի է նորան, խնդրում է յուր անկախությունը, բայց Ռուսիո կառավարությունը շղթաներով կապում է նորան և ազատության մարգարեներին պատասխանում է բանտով, կնուտով և աքսորով։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Հափշտակել է և ստրկացրել է Ֆինլանդիան։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Խաբկանոք ճանկել է Վրաստանը և Հայաստանի մի մասը և ճնշում է նորանց յուր ծանրության տակ։

— Քաղաքակրթություն է տարածում։

— Եվրոպական տերությունքը անդադար օգնություն են տալիս Թուրքիային, որ նա դիմանա և չկործանվի։

— Որպեսզի Թոլրքիո ստրկացած հայ, սլավոն և հույն ժողովուրդը քաղաքակրթիչ հոգաբարձվից չզրկվի։

— Կուրանով Ավետարանի որդի՞ք քաղաքակրթել։

— Այդ քաղաքակրթությունը ավելի փրկարար է։ Ավետարանից թերևս ազատություն կարող է ծագել, իսկ Կուրանից և այդ երկյուղը չկա։

Սոքա ամենքը, իբրև բռնի վարժապետ, քաղաքակրթություն են տարածում, և ոչ ոք չէ հարցնում աշակերտի կամքը, կամի՞ արդյոք ուսանել թե ոչ։ Սակայն չէ պիտո աչքից հեռացնել նոցա քաղաքակրթության տարբերությունը մեր հասկացած քաղաքակրթութենից։ Բանտերը են նոցա դպրոցները, պոլիցականք և ժանդարմը՝ դաստիարակները, շղթան՝ հրահանգիչ գիրքը, աքսորը՝ բարոյականությունը վերին աստիճանի կազդուրելու մարզարան, կախաղանը և գլխապարտության խայտառակ սյունը՝ «դուռն ժշմարիտ որ տանի ի կեանս յաւիտենականս»...

Կեցցե՛ կատուն, որ յուր փորի համար մուկ է բռնում։

Երբ ինքյանք կառավարությունքը տեսան այս, երբ նշմարեցին յուրյանց փաստի ոչնչությունը, եվրոպական հավասարակշիռը հանեցին մեջտեղ։ Եվ այսօր ամեն կառավարություն յուր կշռով կշռում է այս հավասարությունը։ Մարդկությունը, այո, ավելի չէ, քան թե ոչխարը, որ սպանդապետի դանակին և կշեռքին է հանձնված։ Մինչև այսօր հարձակում և ամեն պաշտպանություն այս հավասարակշռի անունով հաոաջացավ։

— Բայց կշռի արդարության քննի՞չը։

— Քեզ ի՞նչ փույթ։

Եվ այն օրից, երբ կառավարոլթյունքը յուրյանց ընթացքը արդարացնելու համար և յուրյանց բռնած ճանապարհը ամբոխի աչքից ծածկելու խորամանկությամբ, գրեցին յուրյանց դրոշակի վերա հավասարակշիռը և իրավունքը, այն րոպեից, ասում ենք, ազգությունը դարձավ կառավարությանց հալածող ուրվականը։ Եթե հավասարակշիռ և իրավունք կա տերությանց մեջ, ուրեմն նույն կշիռը և նույն իրավունքը պիտի լինի տերությանց և նոցա ստրկացած ազգերի մեջ։ Դու կամենում ես քո հավասարակշիռը պահել, և այն, իրավունքի անունով, բայց ինձ, որ բնավին օտար եմ քեզ և ամենևին վերաբերություն չունիմ քո հետ, ի՛նչ պատճառով, հակառակ իմ կամքին, առնում ես և բռնությամբ դնում ես քո կշռի թաթի մեջ։ Ուրիշ տերությանց հետ խոսում ես իրավունքի անունով, իսկ իմ վերաբերությամբ ինչի՞ համար ոտքի տակ ես կոխում նորան և անիրավում ես չարաչար։

Այսօր, ճնշված մարդերի համար, ազգությունն է նոցա միակ դրոշը, որ կարող է բացվիլ բռնակալության ընդդեմ։ Ազգությունն է միակ հնարը դեմ դնելու նաև լուսավոր բռնակալության, եթե միայն բռնակալությունը կարող է լուսավորվիլ կամ լուսավորվելուց հետո հարատևել իբրև բռնակալություն,— կրկնում ենք, մեր գարու երևելի մտածողներից մինի հետ։

Գանք այժմ պարզելոլ մեր ունեցած հայացքը ազգության վերա, որպեսզի հակառակախոս չերևինք մեր նեղսիրտի առջև։

Վնասակար և անիրավ է այնպիսի ազգությունը, որ ամեն ուրիշ զոհում է յուր կյանքին. ազգություն չէ այն, այլ կույր ֆանատիկոսություն, որ հիմք չունի և կիրքի բնավորությամբ երևում է մարդու մեջ։

Այդպիսի ազգությունը որչափ ևս կատաղի լինի, որչափ ևս մոլեգնի, ի վերա այսր ամենայնի ժամանակը կմաշե նորան, որովհետև մի կիրք կարող է տեղի տալ մյուս կիրքերի, որ հանգամանքը կարող են ծնուցանել։ Ազգությունը հարկավոր է և օգտակար այն ժամանակ, երբ նա չէ բորբոքվում իբրև մի րոպեական կայծ, իբրև պատահական և հանգամանքներից կախված մի բան, այլ, երբ որպես հետևանք հասուն գիտակցության, հանդես է գալիս այրական հաստատամտությամբ, պահանջում է ուրիշների հավասար իրավունք և ոչինչ չէ խնդրում ավելի։ Ազգությունը օգտակար է և հարկավոր այն ժամանակ, երբ զգալի է ոչ որպես մի բարոյական շռայլություն, այլ որպես կարիք, որպես իրավունք, որպես բողոք երկրագունդի վերա մի կտոր հող ձեռք բերելու համար, որպեսզի այդ ազգության անդամքը ապահովեն յուրյանց ապրուստը, որպեսզի գերի և ստրուկ չլինին ուրիշին։ Ազգությունը անմեղադրելի է և ամենայն ընդունելության արժանի, եթե նա խոստովանի մյուս ուրիշ ազգությունքը անխտիր, նույնպիսի իրավանց ժառանգ, որպիսի ստացել է ինքը։ Ազգությունը անմեղադրելի է և տոնելի իսկ, եթե նա ընդհանուր մարդկության գործը թեթևացնել աշխատի յուր հավաքական անձնավորության անունով իրավունք ձեոք բերելով և նույն իրավունքը և արտոնությունքը, հավասարապես, յուր անդամներին բաշխելով։

Եթե ազգության ներքին և էական խորհուրդը չէ տնտեսական խնդիրը, անհիմն է այդ ազգությունը, սո՛ւտ է այդ ազգությունը, և նա կկործանվի։ Տնտեսական խնդիրն է այն զորությունը, որ մի փոքր հառաջ խոստացանք անվանել, նա է այն միակ և հաստատ ուժը, որ ազգի անձնավորության մեջ ներգործելով, հավասարակշիռ է պահում արտաքին ուժերի ընդդեմ, որով և ազգությունը ապրում է։ Դու հազար տարի քարոզե ինձ քո վերացական ազգությունը, ես միշտ չպիտի հասկնամ։ Դու ինձ ասում ես, պահենք մեր ազգությունը, մեր լեզուն, մեր ավանդությունքը և այլն, և այլն, շա՛տ բարի, պատասխանում եմ ես, բայց, ասա՛ խնդրեմ, ի՛նչ բանի համար պահենք, ի՛նչ է պահելու օգուտը և ի՛նչ է կորուսանելու վնասը։ Վերացական ազգությունը, որ մինչև այժմ փոքր ի շատե քարոզվել է հայոց ազգի մեջ, չէ կարող պատասխանել սորան։ Եվ այս է պատճառը, որ ծանր է այդ առաքելության ընթացքը։ Չոր-չոր ազգություն քարոզել առանց մեկնելու քո քարոզության պատճառները, ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆանատիկոսություն, և այդ տեսակ քարոզությունը երբեք չի կարող արմատ արձակել մի ժողովուրդի մեջ, որ վերացականից հառաջ, ամենայն րոպե զարկվում է իրական կարիքների հետ։ Իսկ երբ դու ասես ինձ, պահի՛ր քո ազգությունը, հաստա՛տ կացիր քո սիրու մեջ դեպի քո աշխարհը, սիրի՛ր քո եղբայրքը, պահի՛ր քո լեզուն, որ է քո ազգության դրոշը և այդ բոլորը քեզ իրավունք կտա մի կտոր հող ձեռք բերելու, որով կազատվիս ստրկութենից և աղքատութենից, այն ժամանակ ես կհասկնամ քո խոսքը, և ընդհանուրի շահի մեջ և իմ սեփական շահը տեսնելով կաշխատիմ ամենայն զորությամբ։ Այն ժամանակ ես կհետևիմ քո ձայնին, որովհետև նա ավետարանում է ինձ փրկության, ազգության անունով։

Եվ քաղաքական նավաբեկութենից ապրած մարդիկ, եթե հասկանում են ազգությունը մի ամբողջություն, որ երբեմն կար, և որի դարավոր փոշով ծածկված հիշատակարանների վերա բաբախում է նոցա կուրծքը, եթե նոցա, ազգության հասկացողությունը, յուր սկիզբը առնում է անցածի խայտաճամուկ ավանդութեններից և չէ հիմնվում ուղղակի ներկա սերունդի և ներկա պայմանների վերա, եթե նոքա մտածում են երևեցնել յուրյանց ազգությունը այն շրջանակի մեջ, ինչպես էր հառաջ, այն Ժամանակ, այդ ազգությունը կմնա միշտ իբրև մի ամուր գաղափար, որ հետ չէ մնում բարոյական Չինաստանից։

Ժամանակը մի անգամ է անցնում, և նա, որ ընթացակից չէ նորան, հետ է մնում։ Մենք կարող ենք բռնել ժամանակի այն ակնթարթը միայն, որ անցնում է մեր առջևից. իսկ երբ նա անցել է, անօգուտ է այլևս։ Նա, իբրև օրինակ, միայն, իբրև խրատ, կարող է երևել մեզ հեռվից, ներկա կյանքը նորա հետ վերաբերություն չունի, ըստ որում անցածը չէ ապրում այլևս։

Այսօր, եթե մի ժողովուրդ ստրուկ է, եթե նա հող չունի և եթե հաջողի նորան հող ձեռք բերել, իրավունքը և ժամանակը պահանջում են տնօրինել այնպես, ինչպես ցույց է տալիս ներկա հարկը, ինչպես ցույց է տալիս բանականությունը, և ոչ այնպես, ինչպես հին օրերից մնացած, ավանդական կառավարությունքը տնօրինել են մինչև այժմ, այսինքն, տերության կամ ազնվականության սեփականելով հողը և հասարակ ժողովուրդը զրկելով իրավունքից։ Վերջին դիպվածում ազգությունը ազատություն չէ ժողովրդին, նա փոխում է միայն նորա լուծը, մեք դրականապես թշնամի՛ ենք այնպիսի ազգության, ինչպես թշնամի ենք բռնակալության, ո՛ր կամ ինչ կերպով որ հայտնվի։ Գիտենք, կան մարդիկ, և մեր իսկ սիրելի բարեկամների մեջ, որ պիտի ասեն՝ թող միանգամ ձեռք բերվի հողը, թո՛ղ ինչպես կամի լինի սկզբնական կառավարությունը և տնօրենությունը, հետո կուղղվի, կնորոգվի և այլն, և այլն։

Չէ՛, այս տղայություն է. այս տեսակ ուղղագործությունքը և վերանորոգությունքը հեշտ բաներ չեն, և, համարձակ կարելի է ասել, նոր ի նորո ձեոք բերելուց ավելի դժվար։ Ուրիշների փորձերից, որ փորձողներին արժում են արյան ծովեր և որ բոլորովին ձրի ներկայանում են մեզ, իբրև օրինակ, հարկ է որ խրատվինք և չերթանք այն ծուռ ճանապարհը, որից և գնացողը կամի հետ դառնալ, բայց ոտքը սայթաքում է։ Եվ ի՜նչ խելք է, կատարելությանը տեսնելուց հետո, անկատարին հետևիլ, միմիայն այն պատճառով, որ անկատարը ժամանակով հառաչ է, քան թե կատարյալը։

Այս օրենքը չունի ոչինչ ամրություն, չունի հետևականություն։ Այս օրենքով, մի մարդ, որ կամեր պարապիլ որևիցե արվեստի, չպիտի ուղղակի գործե այն, ուր հասած էր արվեստի ներկա վիճակը, այլ, ինչ որ դարերով հառաչ։ Նոր գիր ուսանող մարդը թո՛ղ չհամարձակի ուրեմն թղթի վերա գրել, այլ թո՛ղ դրե ծառի տերևի կամ կեղևի վերա, հետո, անասնոց մորթի վերա, հետո չգիտեմ ինչի վերա, որ կարգը հասնի թղթին, ըստ որում նոր է սկսանում և հարկ է, որ հառաչ անկատարը ձեռք բերե։

Եթե մինչև այժմ մեր խոսածներից հասկացավ մեր նեղսիրտ ընթերցողը ազգության վերա մեր ունեցած գաղափարը, եթե համոզվեցավ կամ գոհացավ, մեք մեր շնորհակալությունը կանխիկ հայտնում ենք նորան։ Իսկ ընդհակառակը, եթե ավելի նեղսրտեցավ, չենք վհատում։ Մեք, ուրիշ անգամ, դարձյալ կխոսենք նորա հետ այս խնդիրների վերա և մեր ամեն ճիգը կթափենք ավելի մշակել և ավելի կերպարանագործել մեր գաղափարը։

Այժմ դառնում ենք դեպի այն կետը, որտեղից խոտորեցանք և դեպի այնտեղ հրավիրում ենք դարձյալ մեր ընթերցողների ուշադրությունը։

Որչափ շոշափելի և հասկանալի է տնտեսական խնդրի ճշմարտությունը, որ մեք, այս նեղ սահմանի մեջ, աշխատեցանք կերպարանագործել, ի վերա այսր ամենայնի, անհուսալի չէ, թե գտանվին մարդիկ, որ ասեն մեր համար. «Այս ի՛նչ Մովսես է, որ ճանապարհ է ցույց տալիս ազգին դեպի մի երկիր»։

— Մովսես չենք, և Մովսիսի խոստմունքը չենք խոստանում հայոց ազգին։ Մովսեսը իսրայելյան ազգին խոստանում էր մի երկիր, որ պիտի բղխեր կաթն և մեղր, մեր քարոզությունը ավելի պարկեշտ է։ Մեք ցույց ենք տալիս մի երկիր, որ բուսուցանում է բամբակ, մետաքս, շաքար, ցորյան, բրինձ, սուսամ, տորոն և այլ ընդեղենք։ Մեք ցույց ենք տալիս մի երկիր, ուր ամենայն ընտանի գրաստ աճում է, ապրում է և բազմանում է, հետևաբար նոցա բերքը ևս, այսինքն բուրդը, մորթը, միսը, կաթը և այլն, որ նույնպես արժանի են ուշադրության և մշակության։ Մեք ցույց ենք տալիս մի երկիր, որի հանքերը մեծապես կարոտ են մշակության և որոնք, մինչև այսօր, մնացած են մարդկության համար «որպես աղբիւր փակեալ և դուռն կնքեալ, ընդ որ ոչ ոք էանց»։

Հողդհողդ Իսրայելը, մտքով Եգիպտոս դարձող Իսրայելը, միայն մի կույր հավատով կարող էր հետևել Մովսիսին, դեպի կաթն և մեղր բղխող երկիրը, ըստ որում անծանոթ էր նորան ավետյաց աշխարհը. մեք ընթերցողներից և առհասարակ հայոց ազգից չենք պահանջում և այն կույր հավատը դեպի մեր քարոզությունը։ Երկիրը և բերքերը քաջ ծանոթ են նոցա, և անծանոթների համար պատրաստ են յուրյանց գոյությամբ վկայելու մեր ասածին։

Մեր քարոզության նպատակը և մեր աշխատության խորհուրդը այն է միայն, որ ազգը մտածե յուր ապագան և ազատե յուր անձը սարսափելի նեղութենից և աղքատութենից, որ եթե ոչ այսօր, վաղը պիտի թագավորե բոլոր Թուրքիո մեջ, չնայելով այն նոր պարտքին, որ առնում է նա Անգլիայից։ Այդ լիբրեները շատ կարճ ժամանակի մեջ կցնդին, մեջտեղում կմնա պարտքի մուրհակը և նորանից հետո գալու հոգեվարի ժամանակ, օսմանյան լիբրեն կբարձրանա մինչև 1000 ղուրուշ։

Մեր բարձրացուցած խնդիրը մի վերացական և անբնական փիլիասփայություն չէ, որ ազգը նեղության հանդիպի հասկանալու համար։ Աշխարհիս երեսին մարդ չկա, որ յուր ապրուստի համար կարոտ չլինի նյութի և չհասկնա հացի խնդիրը. և մեք խոսեցանք միայն այն խնդրի վերա, քանզի նորանով միայն կարող է պահպանել մարդը յուր նյութական գոյությունը։

Բայց այն փոքրիշատե կարողության տեր մարդը, որ ունի արդեն բավական ապրուստ, որ կազմել է յուրյան մի ճանապարհ, որով ապրել է և կապրի դեռևս, այդպիսի մարդը, բնականապես և ծանր նստած յուր տեղում, կես մի թթվեցնում է դեմքը, տհաճություն զգալով մեր խոսքերի մռայլոտ կերպարանքից, կես մի այլապես է մտածում, քան թե մտածում ենք մեք, քան թե աշխատեցանք մեք նորա առջև կերպարանել մեր միտքը։

Ի՛նչ է արդյոք նորա մտածությունը։ Ավելորդ հարցմունք է այս։ Նա մտածում է, «թե ես վաճառականությամբ, սեղանավորությամբ, միջնորդությամբ կամ մի այլ ճանապարհով վաստկեցա այսչափ գումար. մեռնելուց հետո թողնում եմ իմ ընտանիքին նույնը, այլև մի քանի տուն և այլն և այլն, ուրեմն, ինչպես իմ կյանքը ապահով էր, նույնպես և իմ ժառանգները ապահովված են»։

Նորա մտածությունը ավելի չէ տարածվում, քան թե յուր անմիջական զավակները։ Մեք այդ փոքրիշատե կարողության տեր մարդուն ասում ենք.

— Շատ լավ, դու ունիս բավական գումար, ունիս տուներ և այլն և նորանով կարծում ես թե քո ժառանգները ապահով են, իսկ մեք ասում ենք, որ այդ կարծեցյալ ապահովությունը անհիմն է։

— Ի՛նչպես,— հարցնում է նա մեզ։

— Այսօր դու ես քո բոլոր ստացվածքի տերը, որպես նաև քո բոլոր ընտանիքի տերը և այս պատճառով քո ունեցած կարողությունը հերի՛ք է այսօր մի ընտանիքի. բայց, վաղը քո ստացվածքը պիտի բաժնվին քո զավակների մեջ, որոնց յուրաքանչյուրին բաժին պիտի հասնի քո ունեցածի կեսը, կամ քառորդը, կամ ավելի մի փոքր մասը, եթե շատ են քո զավակները։ Եվ ահա կարողությունը, ուժը դեռևս առաջին ազգում (պորտ) կիսվեցավ, քառորդվեցավ, կամ ավելի փոքր մասերի բաժնվեցավ. բայց մի մոռնար, որ այն յուրաքանչյուր մասերի տերերը առանձին-առանձին պիտի կազմեն քո նման գերդաստան։ Յուր կարգով, նոցա քեզնից ստացած բաժինքը պիտի բաժնվին նոցա զավակների մեջ, որ ասել է թե քո թոռներին, քո ունեցածից հազիվ պիտի հասնի հարյուրին 5—6 տասնորդ։ Իսկ թոռներիդ որդիքը դարձյալ պիտի մտանեն այն աղքատ ընդհանրության մեջ, որից դուրս եկար դու, և ազատ կարծեցիր այնուհետև նրա վիճակակցութենից քո սերունդը, քանի որ ինքնիշխան տեր էին քո բոլոր ստացվածքին։ Այն մարդը, որ յուր հարստությամբ կամ որևիցե առիթով դուրս կբարձրանա հասարակաց ազգի մակերևույթից, բոլոր նորա սերունդը չէ կարող մնալ այն բարձրության մեջ։ Կանուխ թե ուշ, նա պիտի դառնա դարձյալ դեպի այն ընկերությունը, որից կյանք էր ստացել սերունդի նահապետը։ Ծովի ջուրը գոլորշիանալով բարձրանում է մինչև ամպերը, բայց երկար չէ մնում այնտեղ։ Մի փոքր սառնություն, մի փոքր օդի ճնշողություն և, ահա այն թռուցիկ շոգիները, որ թողել էին ծովի հորիզոնական մակերևույթը, իբրև անձրև կամ իբրև կարկուտ անհնարին բռնությամբ գահավիժում են, յուրյանց հպարտ բարձրութենից, դարձյալ դեպի ծով։ Այս, բնության օրենք է, օրենք, որ մի մազի չափ չէ շեղում յուր զուգակշիռը։

Փոքրիշատե կարողության տեր մարդը, մեր ասածին, պատասխանում է այսպես։

— Ես իմ հորից ոչինչ ստացա, ինքնին, առանց մի բան ունենալու այսչափ վաստկեցա միմիայն իմ աշխատությամբ։ Իմ որդիքը ավելի լավ վիճակի մեջ պիտի սկսանեն յուրյանց ասպարեզը, քան թե ես. քանզի ես ոչինչ ունեի, իսկ որդոցս յուրաքանչյուրը պիտի ստանա իմ կայքի կեսը, կամ քառորդը, կամ, ի վերջո, մի մաս։ Թող նոքա այն հիմքի վերա աշխատին, և նոցանից յուրաքանչյուրը կհասնի իմ կարողության չափին. այնպես և նոցա որդիքը և այլն և այլն։

— Եթե հանգամանքները մեզ հնազանդվեին, եթե մեք ամեն բան մեր կամեցածի պես կարողանայինք շինել, եթե տեսական հաշիվը միշտ ուղիղ գար կյանքի գործնական կողմերի հետ, այն ժամանակ գուցե ուղիղ լիներ քո ասածը, գուցե քո որդիքը կամ նոցա սերունդը ապահով լինեին։ Բացի սորանից, ուր չկա դուրս արտադրող զորություն, որ յուր կարգով դեպի ներս պիտի գրավեր դուրսի հարստությունը, այնտեղ մի ընկերության անդամ ուրիշ կերպ չէ կարող հարստանալ, եթե ոչ նույն ընկերության մյուս անդամների հաշվով։ Եվ այդ հարստություն չէ, այլ պատահական հակումն հարստության կշռի երբեմն դեպի այս և երբեմն դեպի այն կողմը։ Այսօր դու ես հարուստ, վաղը ես կլինիմ, և այն ժամանակ քո հարստությունը անպատճառ պիտի նվազի։

— Ի՛նչպես,— բացականչում է նա։

— Ավելի հասկանալի շինելու համար առարկան, բացատրենք քեզ մեծը և ընդհանուրը փոքրի և մասնավորի կերպարանքով։ Դնենք, թե քսան հոգի, մեք ապրում ենք մի տեղում և վաճառականություն ենք առնում մեր մեջ։ Մեք ամենքս գործում ենք առանձին-առանձին, յուրաքանչյուր մարդ յուր օգտի համար, և մեզնից յուրաքանչյուրը տարբեր կարողություն ունի, մինը շատ, մյուսը փոքր և այլն, և մեր բոլորի ունեցած կարողությունքը իրար վերա բարդելով, դնենք թե ստանում ենք հազար ոսկու մի դրամագլուխ։ Արդ, հարցնում ենք, երբ որ մեր բոլորի գործողությունը այն հազար ոսկու վրա է, երբ մեր ձեռքում չկա մի ուժ, որ կարող լիներ մեր, քսանից դուրս եղած արծաթը ներս բերել մեր մեջ, մեզնից մինը կարո՞ղ է հարստանալ, առանց քսանի շահին դպչելու։ Ո՞չ ապաքեն եթե մեզնից մինը յուր ունեցածից ավելի մի հարյուր ստանա, մեզնից մյուս մինը պիտի տուժե այդ հարյուրը։ Եվ այս հարյուր ոսկին երևութական և առժամանակյա մի վաստակ է, քանզի ընդհանրությունը չունի հարստություն և շահվողը ընդհանուրի հաշվով շահվեցավ, քանզի, նոր արծաթ չմտավ ընդհանրության մեջ, այլ մինից անցավ դեպի մյուսը, որ վաղը կանցանե դարձյալ դեպի մի այլ մյուսը։

Եթե այսպես չլիներ բանի զորությունը, եթե փոքրիշատե կարողության տեր մարդու ժառանգները նույնպես հարստանային, ինչպես հարստացել էր նոցա հայրը, այն ժամանակ բյուրավոր պիտի լինեին հարուստների թիվը, փո՛քր է այս, աղքատ ասած բանը բնավ չպիտի լիներ աշխարհի վերա։ Բայց ավա՛ղ, հարստությունը ոչ թե չէ հարատևում ժառանգների մեջ, այլ շատ անգամ նույն ինքը երբեմն հարյուր հազարներ յուր ձեռքի մեջ շարժողը, դառն աղքատությամբ կնքում է յուր կյանքը, ո՛ւր մնացին նորա ժառանգները։

— Բայց, դորա փոխանակ, և աղքատների ժառանգներ հարստանում են։

— Այնպես, ինչպես ընկնող հարուստը, և նույն պայմաններով, ուրեմն և նույն ճանապարհի վերա և նա յուր կարգով պիտի հավասարի ընդհանուր մակերևույթին։ Եվ եթե մի ընկած հարուստի փոխանակ հարստանա մի աղքատ, հետևանքը հառաջադիմություն չէ, քանզի դրականը բացասականին վերա, տալիս է զրո։ Այո՛, բնության օրենքները կատարվում են ճիշտ մաթեմատիկական հաշվով, և մարդը, որպես անդամ բնության, և մարդկային կյանքը, որպես երևույթ բնության, ենթակա են այս օրենքին և այս հաշվին։

Կարող են ասել, որ եթե մարդը և նորա կյանքը դրվի ճիշտ մաթեմատիկական հաշվի տակ, մարդը կդառնա մի մեքենա և նորա կյանքը մի ձանձրալի ժամանակամիջոց, Այն ժամանակ նա կկորուսանե այն բանաստեղծական (poétique) գույնը, առանց որի անապատ է մարդու կյանքը։

Մի՞թե մեք հակառակն ենք կարծում։ Բնության պարզության մեջ միայն կարող է փայլիլ մարդու բանաստեղծական գույնը, և ճիշտ մաթեմատիկական հաշիվը, տանելով մարդկային ընկերությունը դեպի համերաշխություն, կարող է ազատել նորան մեքենա դառնալուց, Մարդը ստուգապես մեքենա է այն Ժամանակ, երբ հաշիվ չկա, այսինքն գիտակցություն չկա։ Հույսը ուրիշ բան չէ, եթե ոչ ստույգ հաշվից բղխելու հետևանք։ Քանի որ հույսը չէ հիմնվում ստույգ հաշվի վերա, հույս չէ, այլ անձնախաբեություն։ Առանց սերմանելու հունձ չկա։

— Գուցե՞ լինի, շատ կարելի է որ լինի. ի վերջո մեզ սիրելի է լինելը։

— Ա՞յս է հույսը։

Բայց մարդը, այս բոլորը քննելու ժամանակ, անշուշտ պիտի լեղի խառնե յուր կյանքի մեջ, նորան սիրելի չէ այս, նա չէ քննում, նա թողնում է և առօրյա տեսածով ապրում է այսօր, վաղը ինչ կամի թոզ լինի։ Նորան ավելի թեթև է թվում վաղվա գալիքը, քան թե այսօրվա քննությունը, քանզի ապագան ծածկված է վարագուրով, որի վերա մարդը խոշոր տառերով գրել է հույս։ Ապագան ծածկված է լոկ կարճատես աչքերի համար։ Ապագան ներկայի ժառանգն է և եթե մարգը քննե ներկան, այն ժամանակ իսկույն կճեղքվի նորա առջև ապագայի կարծեցյալ վարագույրը։

— Չէ՛, փոքրիշատե կարողության տեր մարդ, չէ՛, իմ պարոն, համաձայնիր, որ առանց հաշվի է քո հույսը, թե քո որդիքը նույնպես պիտի տիրանան այն կարողության, որին հաջողել է քեզ հասնել։ Դարձուր աչքդ դեպի այն օրերը, երբ դու մանուկ էիր, կենդանացուր քո հիշողության առջև այն շրջապատը, որի մեջ ապրեցար. ի՞նչպես են, կա՞ն այն հարուստները, որ տեսել էիր։ Այնպես չէ՞, որ այն տասն քսան տունից, որ դու ճանաչում էիր, այսօր կան և տևում են միայն երկու տուն։ Հավատա, որ այսօրվա մանուկը, երբ յուր կարգով հասնի քո հասակին և քո պես աչքը հետ դարձնե դեպի յուր անցած ճանապարհը, պիտի տեսանե նո՜ւյնպիսի ավերակներ, նո՜ւյնպիսի նավաբեկության մնացորդք, որ այսօր երևում են քեզ։ Մինչդեռ ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երա՛զ է։ Այսօր երևում է նա, այո՛, բայց վաղը կցնդի, քանզի լոկ տեսաբանական խաբեություն է, կրկնում ենք վերստին։

Մեր մինչև այստեղ խոսածից երևում է, որ մեք, մարդուն համար, իբրև աոաջին խնդիր առնում ենք տնտեսական խնդիրը և անվանում ենք նորան «մահու և կյանքի խնդիր»։ Այս բավական է, որ մի տեսակ մարդիկ, որոնց բոլոր հասկացողությունը հիմնվում է երկվության վերա — dualisme, պարզմտությամբ կամ հավատարիմ մնալով յուրյանը երկճղի սկզբունքին, մեր քարոզությունը անվանեն նյութականություն, կամ ո՛վ գիտե, դեռևս ինչ ություն։

Մեք չենք կարող նոցանից ամեն մինին պատասխան տալ. ոչ թե ասելիք չունինք, այլ որովհետև շատ ականջներ մարմաջում են, և իրական ճշմարտությունը, ո՜հ, շատ մերկ է։ Եվ ավելորդ է պատասխան տալ այնտեղ, ուր խոսում են հեղինակության անունով, որ մեք չենք ընդունում։ Մեք նորա առջև պիտի դնենք գործ, նա մեր առջև պիտի դնե հրաման։ Գործը ցույց տալով պիտի խոսինք համոզման անունով, նա հրամանը մեջ բերելով պիտի պահանջե հնազանդություն։

Հնազանդությո՜ւն... Որի մեջ խորամանկությամբ դրված է բովանդակ ստրկության սերմը։ Ուրացի՛ր, ասում է նա, քո դատողությունը, քո բանականությունը, քո խելքը և հնազանդվի՜ր ինձ։ Դու մեքենա ես, և ես եմ քեզ շարժող զորությունը։ Մեր բառարանի մեջ հնազանդություն խոսքը չկա, որովհետև հրամայական և հնազանդական առնչության մեջ ազատություն չկա։ Մեք համոզում գիտենք, որ հնազանդության պես կույր չէ, որ հրամանի պես չէ բռնաբարում քո հասկացողությունը, այլ աղբերանում է փաստերը և պատճառները գիտակցությամբ քննելուց։

Այո՛, մարդն է մեր կատարելությունը՝ ideal և նորա էական և իրական պետքերից ավելի, ուրիշ բանի հետ վերաբերություն չունինք։ Էական և իրական պետքերի մեջ տեսնում ենք նորա կյանքը, կյանքի պայմանները։ Պայմանների մեջ տեսնում ենք տնտեսական խնդիրը, տեսնում ենք մարդկային համերաշխությունը, որ դավանում ենք աղբյուր, անկեղծ և հաշվատու բարոյականության և որի առջև միայն խոնարհեցնում ենք մեր ծունրը։

Մարդը չէ գողանում, բայց եթե նա չէ գողանում նորա համար, որ օրենքը արգելում է գողանալ, նա գո՛ղ է և ավազակ։ Մարդը չէ սպանում, եթե այն պատճառով միայն, որ սպանությունը արգելված է, ի վերջո, այն բոլոր հանցանքները, որ նա չէ գործում, եթե չէ գործում իբրև ստրուկ, հնազանդվելով մի գերագույն հեղինակության հրամանի, մարդը սպանող է և անբարոյական։

Մարդը բարոյական է այն ժամանակ, եթե այդ հանցանքները չէ գործում ոչ թե յուր վերա եղած հեղինակութենից վախենալով, այլ եթե գիտակցությունը և համերաշխությունը դրել է նորան այն կետի վերա, որ նա և հղանալ չէ կարող այդ հանցանքները։ Երբ հանցանքը հղանում է մարդը, գործել է այնուհետև, թե չէ գործել, սեր համար անբարոյական է, որովհետև եթե օրենքը չարգելուր, պիտի գործեր։ Եվ չգործեց ոչ թե հասկանալով, որ եթե գործեր, յուր նման մի ուրիշին պիտի զրկանք, վիշտ կամ մահ պատճառեր, այլ որովհետև մեղք է, որովհետև հանցանքի փոխարեն պատիժ կա։ Ասել է, այնպիսին եթե յուր անձը վտանգելու չլիներ, ինքը ուրիշի անձերը պիտի վտանգեր։ Այստեղ բարոյականություն չկա, այս բարոյականությունը պաշտոնական է։ Եթե այս կետից նայելու լինինք բարոյականության վերա, վանդակի մեջ փակված վագրը բարոյական է, որովհետև մարդ չի փառատում։ Եվ ի՞նչ տարբերություն կա, մինը (վագրը) ստիպված է չգործել, երկաթե վանդակից, իսկ մյուսը (մարդը) ստիպված է հեղինակության հրամանից։

«Որ հայիցի ի կին մարդ, առ ի ցանկանալոյ նմա, անդէն շնացաւ ընդ նմա, ի սրտի իւրում»,— ասում է Քրիստոսը» Մեղ հասկանալի է այս։

Սոցա հակառակ, մարդը ողորմություն է տալիս, այսինքն, օգնում է կարոտելուց, եթե նա գործում է այն միմիայն այն պատճառով, որ հավատում է թե փոխարեն պիտի ստանա... Մենք չենք ընդունում նորան որպես բարոյական, որովհետև եթե չհավատար, թե փոխարեն պիտի ստանա, չպիտի գործեր։ Մարդը ուխտում է, եթե ես այս-ինչ բան ստանամ, կամ այն-ինչ բանի հասնիմ, այս֊ինչ բարեգործությունը գործեմ, բարոյականության և հո՛տը անգամ չկա այստեղ, որովհետև եթե յուր ցանկացածին չհասնի, չպիտի գործե։ Այս առևտուր է, պիտի տա ստանալու ակնկալությամբ, բարի պիտի գործե ստանալուց հետո։ Եվ այս բոլորը, հեթանոսական և հրեական առմամբ, զոհի անունով։ Մարդկային համերաշխությունը զոհ չգիտե, այնտեղ յուրաքանչյուր անհատ միայն պարտք ունի։ Մեր բախտն է, որ անշունչ բնությունը մարդ չէ, ապա թե ոչ, ի՛նչ փոխարեն պիտի տայինք արևին, որ մեզ լուսավորեր։

Զոհի սկզբունքը անարգում է մարդկային արժանավորությունը։ Այստեղ դարձյալ երևում է բռնակալական ոգին, այստեղ դարձյալ կոպիտ կերպով նշանվում է մինի ուժը, իսկ մյուսի տկարությունը։ Մի մարդ, տեսանելով որ մյուսը մեռնում է սովից, որպես թե ասեր նորան.— Տե՛ս, ահա մեռնում ես, քո կյանքը կախվում է այժմ ինձանից, այսինքն իմ քեզ հաց տալուց կամ չտալուց, բայց ես զոհում եմ քեզ այս կտոր հացը, քո կյանքը հարատևել տալու համար։ Դորա փոխանակ դու պիտի զգաս, որ ես եմ քո ազատիչը...

Թշվա՛ռ... հառաջ քան թե փրկեցիր նորա կյանքը, ոտքիդ տակ կոխեցիր նորա իրավունքը և նորա մարդկային արժանավորությունը։ Դո՛ւ դադարեցար մարդ լինելուց, որովհետև ինչ որ ուղղակի քո մարդկային պարտքն էր, այն զոհի անունով գործեցիր, վշտացուցիր քո ընկերի ամենասուրբ և նվիրական զգացոզությունքը, որովհետև քո անձը տեր քարոզեցիր նորա կյանքին։

Հազար կյանք փրկե դու այդ ճանապարհով, թող պաշտոնական բարոյականք կնդրուկ ծխեն քեզ, մեր աչքում դու ամբարիշտ ես։

Եվ ի՞նչպես չդառնաս դարձյալ դեպի տնտեսական խնդիրը, որ եթե կարգի դրված լիներ, այս խեղճ մարդը յուր կյանքը իբրև շնորհք չպիտի ստանար բռնակալ-բարերարից։

Միստիկները չկամին այս տեսնել, նոքա վերացականություն են խնդրում, նոքա այնքան բարձր կանգնած են, որ մարդը հող և մոխիր է նոցա առջև։

Բռնակալները սեփականություն են պահանջում, նոքա կենտրոնացած են յուրյանց մեջ, յուրյանց գոյությունը քարոզում են ուրիշներին իբրև հավատալիք, իսկ այդ ուրիշների գոյության վեբա թքում են լրբաբար։

— Ի՞նչ է մնում այն մարդերին, որ ոչ միստիկ են և ոչ բռնակալ։ Ի՞նչ է մնում մեզ։

Քարոզել տնտեսական խնդիրը, քարոզել մարդը, քարոզել ազգությունը, միստիկներին գայթակղություն և բռնակալներին սահմանադրություն, իսկ հասարակ ժողովրդին փրկություն:


  1. Մեջբերումը կատարված է Ն. Պ. Օգարյովի «Что нужно народу» հոդվածից։ Տե՛ս А. И. Герцен, «Полн. цоб. соч. и писем», под ред. М. К. Лемке, т. XI, 1919, стр. 138։
  2. Անգլիական կառավարության պարտքը, Եվրոպական Անգլո անունով, դուրս տված թղթերով, մինչև i860, մարտի 1. — 802,190,295 լիբրե ստերլինգ։ Հնդկաստանի պարտքը նույնպիսի թղթերով, Հնդկաստանի և Անգլո մեջ 80,453,765 լ. ս.։ (Ծ. Հ.)
  3. «Եվ առանց ազատ հողի չկա երկրագործություն» (հեղինակին ականջն ի վայր աներևույթ սատանան)։ (Ծ. Հ.)
  4. Ակնարկոէմ է Նապոլեոն Բոնապարտին։
  5. (Անգլ.) «Ազատության մասին» (Ծանոթ. 1940 թ. Երկերի լիակատար ժող. խմբ.)։
  6. Համլետի հայտնի խոսքը՝ «Լինել, թե չլինել»։
  7. 1858—59 թվականների աշխարհագրության նայելով, Ռուսիո մեջ եղած ստրուկների թիվը հասանում էր մինչև 23,069,631, որոնցից 11,244,913 արու, իսկ մնացած 11,824,718՝ էգ (Ծ. Հ.)
  8. Այսպես էր կոչվում Ղրիմի կամպանիան (1953—1856)։
  9. Ուղերձին կցված այս հատվածը, որի համար Նալբանդյանը որպես հեղինակ նշում է իր արևմտահայ բարեկամներից մեկին, ամենայն հավանականությամբ գրել է ինքը՝ Նալբանդյանը՝ արևմտահայ բարբառով, զգուշության համար։
  10. Վերջին վիճակագրական տեղեկությանց նայելով, Լոնդոնի մեջ, ուրիշի օգնությամբ, այսինքն ողորմությամբ ապրող աղքատների թիվը հասանում է մինչև 800.000 հոգի։ (Ծ. Հ.)։
  11. Մեք չենք կտրող հավատալ, թե ազնիվ լորդը այս խրատը տալու ժամանակ ուրիշ կարծիք ունեցած լինի Թուրքիայի վերա դրամական խնդրի վերաբերությամբ, բացի այն կարծիքից և ավանդութենից, որ ուներ դյուցաբանական աշխարհը Դանաիդի ծակ կարասի վերա։ (Ծ. Հ.)։
  12. Ավստրիայի ամենառեակցիոն պետական գործիչներից Կլեմենտ-Վենցել Մետերնիխի (1773—1859) խոսքերն են։
  13. Ի՛նչ ասել է համակրություն, ուրիշը իրավունք ունի երկրագունդի վերա ապրելու, Լեհացին չունի՞։ Սա իբրև ողորմությո՞ւն պիտի ստանա ուրիշից այն, ինչ որ ուրիշը ունի, նույն իրավունքներով, որ ամեն մարդու պիտի տրվի, որ ամեն մարդու հավասա՛ր է։ Եվ միայն անգլիական մա՞րդը պիտի ապրի, ուրիշը թող մեռնի՞։ Բացի սորանից, ի՛նչ պիտի արած լիներ Լեհաստանը, որ արժանի լիներ, հարցնում ենք մեք, Անգլիո համակրության։ 12 միլիոն ժողովրդի կենդանությունը բավական իրավունք և բավական արժանավորություն չէ՞։ 12 միլիոն ժողովրդի երեսնամյա բողոքը և արյունաթաթավ մարտիրոսությունը բավական չէ՞ մի սիրտ ունեցող ականատեսի համակրությունը շարժելու։ Բայց սիրտ... ո՛ւր ենք մեք։ Անգլիո մեջ միայն գնայուն մեքենաներ կան, և թերևս ուրիշ ամենայն բան գտանվի այնտեղ, մարդկային սիրտ... շատ հազիվ։ Վկա ենք կանչում լորդ Բայրընի ստվերը։ Երբ Ֆրիդրիկոս Մեծի առաջարկությամբ Լեհաստանը հոշոտվեցավ Ռուսիո, Պրուսիո և Ավստրիո մեջ, Անգլիան լուռ մնաց և ընդունեց։ Այսօր, յուր հին լռության մեղքը ծածկելու համար, իրավունք և արժանավորություն հարցնում է նա արյունլվա նահատակից։ (Ծ. Հ.)։