Երրորդ Բաժին: Բացարձակ Հավելյալ Արժեքի Արտադրությունը
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Բովանդակություն
- 1 ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1.1 ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՑԵՍԸ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ
- 1.2 ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼ
- 1.3 ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՆ
- 1.4 ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
- 1.4.1 1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
- 1.4.2 2. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎԸ։ ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐՆ ՈՒ ԲՈՅԱՐԸ
- 1.4.3 3. ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՃՅՈՒՂԵՐԸ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ
- 1.4.4 4. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ։ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՍՏԵՄԸ
- 1.4.5 5. ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ XIV ԴԱՐԻ ԿԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ XVII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ
- 1.4.6 6. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ։ 1833-1864 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1.4.7 7. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ
- 1.5 ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՍԱՆ
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՑԵՍԸ ԵՎ ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ
1. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊՐՈՑԵՍԸ
Աշխատուժի սպառումը հենց ինքն աշխատանքն է։ Աշխատուժի գնորդը գործադրում է այդ աշխատուժը, նրա վաճառորդին հարկադրելով աշխատել։ Վերջինը դրա հետևանքով actu [փաստորեն] դառնում է ինքն իրեն կիրառող աշխատուժ, բանվոր, մինչդեռ առաջ նա բանվոր էր միայն potentia [պոտենցիալ կերպով]։ Իր աշխատանքն ապրանքների մեջ արտահայտելու համար նա պետք է ամենից առաջ այն արտահայտի սպառողական արժեքների մեջ, այնպիսի իրերի մեջ, որոնք այս կամ այն պահանջմունքների բավարարմանն են ծառայում։ Հետևաբար, կապիտալիստը բանվորին հարկադրում է պատրաստելու որևէ առանձնահատուկ սպառողական արժեք, որևէ որոշակի իր։ Սպառողական արժեքների կամ բարիքների արտադրության ընդհանուր բնույթը բոլորովին չի փոխվում այն հանգամանքից, որ արտադրությունը կատարվում է կապիտալիստի համար և նրա վերահսկողության տակ։ Ուստի աշխատանքի պրոցեսը անհրաժեշտ է նախ քննել որևէ որոշակի հասարակական ձևից անկախ։
Աշխատանքը նախ և առաջ մարդու ու բնության միջև կատարվող պրոցես է, մի պրոցես, որի մեջ մարդն իր սեփական գործունեությամբ միջնորդավորում, կարգավորում և վերահսկողության է ենթարկում նյութերի փոխանակությունը բնության և իր միջև։ Բնության նյութի դիմաց նա ինքն էլ կանգնած է իբրև բնության ուժ։ Իր մարմնին պատկանող բնական ուժերը՝ բազուկներն ու ոտքերը, գլուխն ու մատները նա շարժման մեջ է դնում, որպեսզի բնական նյութի յուրացնի իր սեփական կյանքի համար պիտանի որոշ ձևով։ Այդ շարժման միջոցով ներգործելով իրենից դուրս գտնվող բնության վրա և այն փոփոխելով, նա միևնույն ժամանակ փոփոխում է իր սեփական բնությունը։ Նա զարգացնում է իր բնության մեջ նիրհող կարողությունները և այդ ուժերի խաղը ենթարկում է իր սեփական իշխանությանը։ Մենք այստեղ չենք քննի աշխատանքի սկզբնական կենդանանման բնազդական ձևերը։
Հասարակության այն վիճակի համեմատությամբ, երբ բանվորը ապրանքային շուկայում հանդես է գալիս որպես իր սեփական աշխատուժի վաճառորդ՝ այն վիճակը, երբ մարդկային աշխատանքը դեռ չի ազատագրվել իր պրիմիտիվ բնազդական ձևից — նախնադարյան ժամանակների խորքերին է պատկանում։ Մենք ենթադրում ենք աշխատանքը այնպիսի ձևով, որով նա մարդու բացառիկ սեփականությունն է կազմում։ Մարդը կատարում է այնպիսի օպերացիաներ, որոնք հիշեցնում են ջուլհակի օպերացիաները, և մեղուն իր մոմեղեն բջիջների կառուցումով ամաչեցնում է մարդ-ճարտարապետներից ոմանց։ Բայց հենց սկզբից ամենավատ ճարտարապետը ամենալավ մեղվից տարբերվում է նրանով, որ ճարտարապետը նախքան բջիջը մեղրամոմից կառուցելը այն արդեն կառուցել է իր գլխում։ Աշխատանքի պրոցեսի վերջում ստացվում է այն հետևանքը, որն արդեն կար աշխատողի պատկերացման մեջ այդ պրոցեսն սկսելիս, այսինքն՝ իդեալապես։ Աշխատողը մեղվից տարբերվում է ոչ միայն նրանով, որ փոխում է բնության տվածի ձևը. բնության տվածի մեջ նա միաժամանակ իրականացնում է իր գիտակցական նպատակը, որն իբրև օրենք որոշում է նրա գործողությունների եղանակն ու բնույթը և որին նա պետք է ենթարկի իր կամքը։ Եվ այդ ենթարկումը եզակի ակտ չէ։ Բացի այն օրգանների լարումից, որոնք կատարում են աշխատանքը, աշխատանքի ամբողջ տևողության միջոցին անհրաժեշտ է նպատակահարմար կամք, որն արտահայտվում է ուշադրության մեջ և, ընդսմին այնքան ավելի շատ է անհրաժեշտ, որքան ավելի քիչ է հրապուրում բանվորին աշխատանքը իր բովանդակությամբ ու կատարման եղանակով, հետևապես, որքան ավելի քիչ է բանվորը հաճույք ստանամ աշխատանքից՝ որպես իր սեփական ֆիզիկական ու հոգեկան ուժերի խաղից։
Աշխատանքի պրոցեսի պարզ մոմենտներն են՝ նպատակահարմար գործունեությունը, կամ ինքը՝ աշխատանքը, աշխատանքի առարկան ու աշխատանքի միջոցները։
Հողը (տնտեսական տեսակետից նրա մեջ է հաշվվում նաև ջուրը), որը սկզբում մարդկանց մատակարարում է սնունդ, պատրաստի կենսամիջոցներ[1], գոյություն ունի առանց մարդու աջակցության, որպես մարդկային աշխատանքի ընդհանուր առարկա։ Այն բոլոր առարկաները, որ աշխատանքը պետք է միայն պոկի հողի հետ ունեցած նրանց անմիջական կապից, բնությունից տրված աշխատանքի առարկաներ են։ Օրինակ, ձուկը, որին որսում, անջատում են իր կենսական տարերքից՝ ջրից, փայտը, որ կտրում են կուսական անտառում, հանքանյութը, որ հանում են երկրի ընդերքից։ Ընդհակառակը, եթե աշխատանքի առարկան ինքն արդեն, այսպես ասած, թորված է նախընթաց աշխատանքի միջոցով, ապա մենք այն անվանում ենք հում նյութ, օրինակ, արդեն հանած հանքանյութը, որ լվացման պրոցեսում է գտնվում։ Ամեն մի հում նյութ աշխատանքի առարկա է, բայց աշխատանքի ամեն մի առարկա հում նյութ չէ։ Աշխատանքի առարկան միայն այն դեպքում է հում նյութ, եթե աշխատանքի միջոցով արդեն որոշ փոփոխություն է կրել։
Աշխատանքի միջոցը իր է կամ իրերի մի կոմպլեքս, որ բանվորը զետեղում է իր և աշխատանքի առարկայի միջև, և որոնք հաղորդիչներ են ծառայում նրա ներգործությունն այդ առարկայի վրա փոխանցելու համար։ Նա օգտվում է իրերի մեխանիկական, ֆիզիկական, քիմիական հատկություններից, որպեսզի իր նպատակին համապատասխան նրանց հարկադրի գործելու որպես իր իշխանության գործիքներ[2]։ Այն առարկան, որին բանվորն անմիջաբար է տիրապետում, աշխատանքի առարկա չէ, այլ աշխատանքի միջոց է,— մենք մի կողմ ենք թողնում պատրաստի կենսամիջոցներ, օրինակ, պտուղներ ձեռք գցելը, երբ միայն բանվորի մարմնի օրգաններն են ծառայում որպես աշխատանքի միջոցներ։ Այդ եղանակով հենց բնության տված իրը դառնում է նրա գործունեության օրգան, մի օրգան, որը նա միացնում է իր մարմնի օրգաններին, այդպիսով երկարացնելով, հակառակ աստվածաշնչի, իր մարմնի բնական չափերը։ Հողը, հանդիսանալով մարդու սննդի սկզբնական մառան, նաև նրա աշխատանքի միջոցների սկզբնական զինարանն է։ Նա բանվորին տալիս է, օրինակ, քար, որ նա օգտագործում է նետելու, շփում առաջ բերելու, սեղմելու, կտրելու համար և այլն։ Հողն ինքը աշխատանքի միջոց է, բայց նա, գործելով հողագործության մեջ որպես աշխատանքի միջոց, իր հերթին ենթադրում է աշխատանքի այլ միջոցների մի ամբողջ շարք և աշխատուժի համեմատաբար բարձր զարգացում[3]։ Ընդհանրապես, երբ աշխատուժի պրոցեսը գոնե որոշ զարգացման է հասել, նա արդեն կարիք է զգում աշխատանքի մշակված միջոցների։ Հնագույն մարդու քարանձավներում մենք գտնում ենք քարե գործիքներ, ու քարե զենք։ Մարդկության պատմության առաջին աստիճաններում մշակված քարի, փայտի, ոսկրների ու խեցիների կողքին, որպես աշխատանքի միջոցներ՝ գլխավոր դեր են խաղում ընտելացրած, հետևապես, աշխատանքի միջոցով արդեն փոխված, մարդու ձեռքով բուծած կենդանիները[4]։ Աշխատանքի միջոցների գործածումն ու ստեղծումը, որոնք թեկուզ և սաղմնային ձևով հատուկ են կենդանիների որոշ տեսակներին, կազմում են մարդկային աշխատանքի պրոցեսի սպեցիֆիկորեն բնորոշ գիծը, ուստի և Ֆրանկլինը մարդուն բնորոշում է որպես «a toolmaking animal», որպես գործիքներ պատրաստող կենդանի։ Ինչպիսի կարևորություն որ ունի ոսկրե մնացորդների կառուցվածքը կենդանիների չքացած տեսակների կազմվածքի ուսումնասիրության համար, նույնպիսի կարևորություն ունեն աշխատանքի միջոցների մնացորդները չքացած հասարակական-տնտեսական ֆորմացիաների ուսումնասիրության համար։ Տնտեսական դարաշրջաններն իրարից տարբերվում են ո՛չ թե նրանով, թե ի՛նչ է արտադրվում, այլ նրանով, թե ինչպե՛ս, աշխատանքի ի՛նչ միջոցներով է արտադրվում[5]։ Աշխատանքի միջոցները ո՛չ միայն մարդկային աշխատուժի զարգացման չափանիշն են, այլև հասարակական այն հարաբերությունների ցուցանիշը, որոնցում կատարվում է աշխատանքը։ Աշխատանքի միջոցների թվում աչքի են ընկնում աշխատանքի մեխանիկական միջոցները, որոնց ամբողջությունը կարելի է անվանել արտադրության ոսկրային ու մկանային սիստեմ, և որոնք կազմում են հասարակական արտադրության մի որոշ դարաշրջանի անհամեմատ ավելի շատ բնորոշ տարբերիչ հատկանիշները, քան աշխատանքի այնպիսի միջոցները, որոնք միայն աշխատանքի առարկաները պահելու համար են ծառայում և որոնց ամբողջությունը միասին կարելի է անվանել արտադրության անոթային սիստեմ, ինչպես, օրինակ, խողովակները, տակառները, զամբյուղները, ամանեղենը և այլն։ Միայն քիմիական արտադրության մեջ են սրանք կարևոր դեր խաղում [Տես 5a ծանոթ.]։
Բացի այն իրերից, որոնց միջոցով աշխատանքը ներգործում է աշխատանքի առարկայի վրա և որոնք այս կամ այն եղանակով ծառայում են որպես նրա գործունեության հաղորդիչներ, ավելի լայն իմաստով ըմբռնած աշխատանքի պրոցեսի միջոցներին են պատկանում այն բոլոր նյութական պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պրոցեսը կարողանա ընդհանրապես կատարվել։ Դրանք ուղղակի չեն մտնում պրոցեսի մեջ, բայց վերջինը առանց դրանց կամ բոլորովին անհնարին է, կամ կարող է տեղի ունենալ թերի կերպով։ Աշխատանքի այգ տեսակ ընդհանրական միջոց է դարձյալ հողը, որովհետև նա բանվորին տալիս է locus standi [կանգնելու տեղ], իսկ նրա պրոցեսին` գործողության ոլորտ (field of employment)։ Աշխատանքի այդպիսի միջոցների, բայց արդեն նախապես աշխատանքի պրոցեսին ենթարկված միջոցների օրինակ կարող են ծառայել աշխատանքի շենքերը, ջրանցքները, ճանապարհները և այլն։
Այսպես ուրեմն, աշխատանքի պրոցեսում մարդու գործունեությունն աշխատանքի միջոցի օգնությամբ առաջ է բերում աշխատանքի առարկայի նախօրոք նշված փոփոխություն։ Պրոցեսը մարում է արդյունքի մեջ։ Աշխատանքի պրոցեսի արդյունքը սպառողական արժեք է, բնության նյութ, որ ձևի փոփոխության միջոցով հարմարեցված է մարդկային պահանջմունքներին։ Աշխատանքը միացել է աշխատանքի առարկայի հետ։ Աշխատանքը դրոշմվել է առարկայի մեջ, իսկ առարկան մշակվել է։ Այն, ինչ բանվորի կողմում արտահայտվում է շարժման ձևով [Unruhe], արդյունքի կողմում հիմա երևան է գալիս հանգչող հատկության ձևով [ruhende Eigenschaft], կեցության ձևով։ Բանվորը մանել է, և արդյունքը մանվածք է։
Եթե ամբողջ պրոցեսը քննենք նրա հետևանքի — արդյունքի տեսակետից, ապա թե՛ աշխատանքի միջոցը և թե՛ աշխատանքի առարկան, երկուսն էլ հանդես են գալիս որպես արտադրամիջոցների[6], իսկ ինքը աշխատանքը՝ որպես արտադրողական աշխատանք[7]։
Երբ մի սպառողական արժեք աշխատանքի պրոցեսից դուրս է գալիս որպես արդյունք, ապա, որպես արտադրության միջոցներ, նրա մեջ մտնում են ուրիշ սպառողական արժեքներ՝ աշխատանքի նախընթաց պրոցեսների արդյունքներ։ Միևնույն սպառողական արժեքը որպես աշխատանքի մեկ պրոցեսի արդյունք ծառայում է աշխատանքի մի ուրիշ պրոցեսի համար որպես արտադրամիջոց։ Ուստի արդյունքները աշխատանքի պրոցեսի ո՛չ միայն հետևանքը, այլև միաժամանակ նրա պայմանն են։
Բացի արդյունահանող արդյունաբերությունից, որն իր աշխատանքի առարկան բնության մեջ է գտնում,— ինչպես հանքային գործը, որսորդությունը, ձկնորսությունը և այլն (հողագործությունն այն չափով միայն, որչափով նա առաջին անգամ է կուսական հողը մշակում),— արդյունաբերության բոլոր ճյուղերը գործ ունեն այնպիսի առարկայի հետ, որը հում նյութ է, այսինքն՝ աշխատանքի այնպիսի առարկա, որն արդեն աշխատանքի պրոցեսի միջոցով թորվել է, և որը ինքն արդեն աշխատանքի արդյունք է։ Այսպես է, օրինակ, սերմացուն հողագործության մեջ։ Կենդանիներն ու բույսերը, որոնք սովորաբար բնության արդյունք են համարվում, փաստորեն ո՛չ միայն նախընթաց տարվա աշխատանքի արդյունք են, այլև իրենց այժմյան ձևերով շատ սերունդների ընթացքում մարդու վերահսկողության տակ, մարդկային աշխատանքի միջոցով կատարված ձևափոխությունների արդյունք են։ Իսկ ինչ վերաբերում է բուն աշխատամիջոցներին, ապա դրանց հսկայական մեծամասնությունը ամենամակերեսային հայացքի համար անգամ ցույց է տալիս անցյալ աշխատանքի հետքերը։
Հում նյութը կարող է արդյունքի գլխավոր սուբստանցը կազմել կամ նրա գոյացմանը մասնակցել միայն որպես օժանդակ նյութ։ Օժանդակ նյութը կամ սպառվում է աշխատամիջոցների կողմից, ինչպես օրին., ածուխը՝ շոգեմեքենայի կողմից, յուղը՝ անիվի կողմից, խոտը՝ բանող ձիու կողմից, կամ միանում է հումքին, որպեսզի նրա մեջ նյութական փոփոխություն կատարի — ինչպես օրին., քլորը՝ չսպիտակացրած կտավին, ածուխը՝ երկաթին, ներկը՝ բրդին,— կամ օժանդակում է հենց աշխատանքի կատարմանը, ինչպես, օրինակ, աշխատանքի շենքը լուսավորելու ու տաքացնելու համար գործադրվող նյութերը։ Բուն քիմիական արտադրության մեջ գլխավոր նյութի ու օժանդակ նյութի միջև եղած տարբերությունը չքանում է, որովհետև գործադրվող հում նյութերից ոչ մեկը կրկին երևան չի գալիս որպես արդյունքի սուբստանց[8]։
Որովհետև ամեն մի իր բազմաթիվ հատկություններ ունի, հետևապես և պիտանի է օգտագործման զանազան եղանակների համար, ուստի միևնույն արդյունքը կարող է աշխատանքի շատ տարբեր պրոցեսների համար հում նյութ ծառայել։ Օրինակ, հացահատիկը հում նյութ է ջրաղացպանի, օսլայի գործարանատիրոջ, օղեգործի, անասնաբույծի համար և այլն։ Որպես սերմացու նա հում նյութ է դառնում իր սեփական արտադրության համար։ Ճիշտ այդպես էլ ածուխը հանքարդյունաբերությունից դուրս է գալիս որպես արդյունք և հանքարդյունաբերության մեջ է մտնում որպես արտադրամիջոց։
Միևնույն արդյունքը կարող է աշխատանքի միևնույն պրոցեսի մեջ ծառայել որպես աշխատանքի միջոց ու որպես հում նյութ։ Օրինակ, գիրացվող անասունը մշակման ենթարկվող հում նյութ է և միաժամանակ պարարտանյութ պատրաստելու միջոց։
Սպառման համար պատրաստի ձևով գոյություն ունեցող արդյունքը կարող է նորից դառնալ մի ուրիշ արդյունքի հում նյութ, ինչպես, օրին., խաղողը՝ գինու հում նյութ։ Կամ թե աշխատանքը իր արդյունքը թողնում է այնպիսի ձևերով, երբ արդյունքը կարող է գործադրություն գտնել միայն որպես հում նյութ։ Հում նյութն այդ վիճակում կոչվում է կիսաֆաբրիկատ կամ, գուցե, ավելի ճիշտ կլիներ այն անվանել միջական ֆաբրիկատ [Stufenlabrikat], ինչպես, օրինակ, բամբակը, թելերը, մանվածքը և այլն։ Սկզբնական հում նյութը, ինքն արդեն արդյունք լինելով, պետք է, սակայն, անցնի մի ամբողջ շարք տարբեր պրոցեսներ, որտեղ նա շարունակ փոփոխվող ձևով յուրաքանչյուր անդամ գործում է նորից որպես հում նյութ, մինչև չհասնի, վերջապես, աշխատանքի վերջին պրոցեսին, որից նա դուրս է գալիս արդեն որպես սպառման պատրաստի առարկա կամ որպես պատրաստի աշխատամիջոց։
Այսպես ուրեմն, որոշ սպառողական արժեք հում նյութ է արդյոք, աշխատամիջոց է թե արդյունք, այդ ամբողջովին կախված է աշխատանքի պրոցեսում նրա կատարած որոշ ֆունկցիայից, այն տեղից, որ նա գրավում է այդ պրոցեսում, և այդ տեղի փոփոխվելով՝ փոխվում են նաև նրա սահմանումները։
Ուստի, աշխատանքի նոր պրոցեսների մեջ մտնելով որպես արտադրամիջոցներ, արդյունքները կորցնում են արդյունքների բնույթը։ Նրանք այստեղ արդեն գործում են լոկ որպես կենդանի աշխատանքի նյութական գործոններ։ Մանողը իլիկը համարում է միայն միջոց, որով նա մանում է, իսկ վուշը միայն մի առարկա, որ նա մանում է։ Իհարկե, չի կարելի մանել առանց մանելու նյութի ու առանց իլիկի։ Ուստի մանելն սկսելիս ենթադրվում է այդ արդյունքների առկայությունը։ Բայց այդ պրոցեսի համար նույնքան քիչ նշանակություն ունի այն հանգամանքը, որ վուշն ու իլիկը նախընթաց աշխատանքի արդյունք են, ինչպես սնման գործողության համար քիչ նշանակություն ունի այն, որ հացը գյուղացու, ջրաղացպանի, հացթուխի և ուրիշների նախընթաց աշխատանքի արդյունք է։ Ընդհակառակը։ Եթե արտադրամիջոցներն աշխատանքի պրոցեսում նույնիսկ երևան են հանում իրենց բնույթը որպես նախընթաց աշխատանքի արդյունքներ, ապա այդ երևան են հանում միայն իրենց պակասությունների հետևանքով։ Այն դանակը, որը չի կտրում, այն մանվածքը, որը շարունակ փրթվում է և այլն, իսկույն հիշեցնում են A դանակագործին և B մանողին։ Հաջողված արդյունքի մեջ ջնջված-չքացած է նրա սպառողական հատկությունների ստեղծման մեջ նախընթաց աշխատանքի մասնակցության ամեն մի հետք։
Այն մեքենան, որ աշխատանքի պրոցեսի մեջ չի ծառայում, անօգտակար է։ Բացի դրանից, նա ենթարկվում է նյութերի բնական փոխանակության քայքայիչ ներգործությանը։ Երկաթը ժանգոտում է, փայտը փտում է։ Այն մանվածքը, որը չի օգտագործվելու գործելու կամ հյուսելու համար, փչացած բամբակ է։ Կենդանի աշխատանքը պետք է ընդգրկի այդ իրերը, նրանց հարություն տա մեռելներից, միայն հնարավոր սպառողական արժեքներից նրանց դարձնի իրական ու գործող սպառողական արժեքներ։ Աշխատանքի հրով բռնված, որը նրանց ասիմիլյացիայի է ենթարկում որպես իր մարմինը, կոչված լինելով աշխատանքի պրոցեսում իրենց իդեային ու կոչմանը համապատասխանող ֆունկցիաների, նրանք թեև գործադրվում են, բայց գործադրվում են նպատակահարմար կերպով, որպես այնպիսի նոր սպառողական արժեքներ, նոր արդյունքներ ստեղծելու տարրեր, որոնք ընդունակ են որպես կենսամիջոցներ մտնելու անհատական սպառման ոլորտը կամ, որպես արտադրամիջոցներ՝ աշխատանքի նոր պրոցեսի մեջ։
Այսպես ուրեմն, եթե առկա արդյունքներն աշխատանքի պրոցեսի ո՛չ միայն հետևանքներն են, այլև նրա պայմանները, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի մեջ նրանց մտնելը, այսինքն՝ կենդանի աշխատանքի հետ նրանց շփումը միակ միջոցն է՝ նախընթաց աշխատանքի այղ արդյունքները որպես սպառողական արժեքներ պահպանելու և իրացնելու համար։
Աշխատանքը սպառում է իր նյութական տարրերը, իր առարկան ու իր միջոցները, լափում է դրանք, ուստի և սպառման պրոցես է։ Այս արտադրողական սպառումը նրանով է տարբերվում անհատական սպառումից, որ վերջինում արդյունքները սպառվում են որպես կենդանի անհատի կենսամիջոցներ, իսկ առաջինում՝ որպես աշխատանքի, գործունեության մեջ դրսևորվող աշխատուժի կենսամիջոցներ։ Այս պատճառով անհատական սպառման արդյունքը հենց ինքն սպառողն է, իսկ արտադրողական սպառման հետևանքը՝ սպառողից տարբերվող արդյունքն է։
Որչափով իրենք՝ աշխատանքի միջոցներն ու աշխատանքի առարկան արդյունքներ են արդեն, աշխատանքը արդյունքները գործադրում է արդյունքներ արտադրելու համար, կամ օգտվում է արդյունքներից՝ որպես արդյունքներ արտադրելու միջոցներից։ Բայց, ինչպես որ աշխատանքի պրոցեսն սկզբում կատարվում է միայն մարդու ու հողի միջև, որը գոյություն ունի առանց նրա աջակցության, այնպես էլ աշխատանքի պրոցեսում հիմա դեռ մասնակցում են այնպիսի արտադրամիջոցներ, որոնք բնությունից են տրված և բնության նյութի ու մարդկային աշխատանքի միացություն չեն ներկայացնում։
Աշխատանքի պրոցեսը, ինչպես որ մենք այն պատկերեցինք նրա պարզ ու աբստրակտ մոմենտներով, նպատակահարմար գործունեություն է սպառողական արժեքներ ստեղծելու համար, բնության տվածի յուրացում է մարդկային պահանջմունքները բավարարելու համար, մարդու և բնության միջև նյութերի փոխանակության ընդհանուր պայման է, մարդկային կյանքի հավիտենական բնական պայման, ուստի և նա կախված չէ այդ կյանքի որևէ ձևից, այլ, ընդհակառակը, հավասարապես ընդհանուր է մարդկային կյանքի բոլոր հասարակական ձևերի համար։ Ուստի մեզ համար անհրաժեշտ չէր բանվորին դիտել ուրիշ բանվորների հետ ունեցած հարաբերության մեջ։ Մարդն ու իր աշխատանքը մի կողմում, բնությունն ու իր նյութերը մյուս կողմում, այսքանը բավական էր։ Ինչպես որ ցորենի համից չի կարելի իմանալ, թե ո՛վ է այն մշակել, այնպես էլ աշխատանքի այս պրոցեսից չի երևում, թե ի՛նչ պայմաններում է նա կատարվում՝ արդյոք ստրուկներին հսկող վերակացուի դաժան մտրակի տակ, թե կապիտալիստի մտահոգված աչքի առջև, արդյոք այն կատարում է իր մի քանի յուգերը մշակող Ցինցինատը, թե վայրենին, որ քարով գազան է սպանում[9]։
Սակայն վերադառնանք մեր in spe կապիտալիստին [հեռանկարային կապիտալիստին]։ Մենք նրան թողինք այն բանից հետո, երբ նա ապրանքային շուկայում գնեց աշխատանքի պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր գործոնները՝ նյութական գործոնները, կամ արտադրամիջոցները, և անձնական գործոնը, կամ աշխատուժը։ Նա գործիմաց մարդու խորամանկ հայացքով տնտղեց իր առանձին ձեռնարկության՝ մանարանի, կոշկի գործարանի և այլ ձեռնարկությունների համար պահանջվող արտադրամիջոցներն ու աշխատուժերը։ Եվ այսպես, մեր կապիտալիստը ձեռնամուխ է լինում իր գնած ապրանքը՝ աշխատուժը գործադրելուն, այսինքն՝ հարկադրում է աշխատուժը կրողին, բանվորին, որ սա իր աշխատանքի միջոցով գործադրի արտադրության միջոցները։ Աշխատանքի պրոցեսի ընդհանուր բնույթը, իհարկե, չի փոխվում այն բանից, որ բանվորն այդ աշխատանքը կատարում է կապիտալիստի համար և ոչ հենց իրեն համար։ Բայց այն որոշ եղանակն էլ, որով կոշիկ են պատրաստում կամ մանվածք մանում, նույնպես միանգամից չի կարող փոփոխվել կապիտալիստի միջամտության հետևանքով։ Սկզբի շրջանում կապիտալիստը պետք է աշխատուժը վերցնի այն ձևով, ինչպես գտնում է շուկայում, հետևապես, նույն կերպով պետք է վերցնի նաև աշխատանքը, ինչպես վերջինը զարգացել է այն ժամանակաշրջանում, երբ դեռ կապիտալիստներ չկային։ Արտադրության բուն եղանակի փոփոխությունը, որպես աշխատանքը կապիտալին ենթարկելու հետևանք, կարող է կատարվել միայն հետագայում, ուստի և քննության ենթակա է միայն հետագայում։
Աշխատանքի պրոցեսը, որպես կապիտալիստի կողմից աշխատուժը գործադրելու պրոցես, երկու յուրատեսակ առանձնահատկություն է ներկայացնում։
Բանվորն աշխատում է կապիտալիստի հսկողության տակ, որին պատկանում է նրա աշխատանքը։ Կապիտալիստը հսկում է, որ աշխատանքը կատարվի կանոնավոր, և արտադրամիջոցները նպատակահարմար գործադրվեն, հետևապես՝ հում նյութը չվատնվի և աշխատանքի գործիքներին խնամքով վերաբերվեն, այսինքն՝ դրանք փչանան միայն այն չափով, որչափով այդ պահանջում է դրանց գործադրումը աշխատանքի մեջ։
Իսկ երկրորդ՝ արդյունքը կապիտալիստի սեփականությունն է, ոչ թե անմիջաբար արտադրողինը, բանվորինը։ Կապիտալիստը վճարում է, օրինակ, աշխատուժի օրական արժեքը։ Ուրեմն, աշխատուժի, ինչպես և ամեն մի ուրիշ ապրանքի գործադրումը, օրինակ, ձիունը, որ նա վարձում է մի օրով,— օրվա ընթացքում պատկանում է նրան։ Ապրանքի սպառումը պատկանում է ապրանքի գնորդին, և աշխատուժի տերը, իր աշխատանքը տալով, փաստորեն տալիս է միայն իր վաճառած սպառողական արժեքը։ Այն րոպեից, երբ նա կապիտալիստի արհեստանոցն է մտնում, նրա աշխատուժի սպառողական արժեքը, այսինքն՝ նրա գործադրումը, աշխատանքը, կապիտալիստին է պատկանում։ Կապիտալիստը, աշխատուժը գնելով, հենց բուն աշխատանքը՝ որպես կենդանի ֆերմենտ, միացնում է արդյունքի գոյացման մեռյալ տարրերին, որոնք դարձյալ նրան են պատկանում։ Նրա տեսակետից աշխատանքի պրոցեսը լոկ նրա գնած ապրանքի, աշխատուժի սպառումն է, բայց նա միայն այն ժամանակ կարող է գործադրել աշխատուժը, երբ դրան միացնի արտադրամիջոցները։ Աշխատանքի պրոցեսը պրոցես է այն իրերի միջև, որ գնել է կապիտալիստը, պրոցես նրան պատկանող իրերի միջև։ Ուստի այդ պրոցեսի արդյունքը պատկանում է նրան ճիշտ այնպես, ինչպես նրա գինու մառանում կատարվող խմորման պրոցեսի արդյունքը[10]։
2. ԱՐԺԵՔԻ ԱՃՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ
Արդյունքը — կապիտալիստի սեփականությունը — որոշ սպառողական արժեք է՝ մանվածք, կոշիկներ և այլև։ Բայց թեև, օրինակ, կոշիկները որոշ չափով կազմում են հասարակական առաջադիմության պատվանդանը, և թեև մեր կապիտալիստը մի վճռական առաջադիմական մարդ է, նա, այնուամենայնիվ, կոշիկները հենց ի սեր կոշիկների չի պատրաստում։ Ապրանքային արտադրության պայմաններում սպառողական արժեքն ընդհանրապես այն իրը չէ, «qu’on aime pour lui-même» [որը սիրում են հենց նրա սիրուն]։ Այստեղ սպառողական արժեքներն ընդհանրապես արտադրվում են այն պատճառով ու այն չափով միայն, որ պատճառով ու որչափով նրանք նյութական սուբստրատ են, փոխանակային արժեքի կրողներ։ Եվ մեր կապիտալիստը հոգում է երկու տեսակ բանի մասին։ Առաջին, նա ուզում է արտադրել փոխանակային արժեքով օժտված սպառողական արժեք, վաճառելու հատկացված առարկա, ապրանք։ Եվ երկրորդ, նա ուզում է արտադրել այնպիսի ապրանք, որի արժեքն ավելի է նրա արտադրության համար անհրաժեշտ ապրանքների արժեքից, ավելի է արտադրամիջոցների ու աշխատուժի արժեքի գումարից, որոնց համար նա ապրանքային շուկայում իր սեփական փողն է ավանսավորել։ Նա ուզում է ո՛չ միայն սպառողական արժեք արտադրել, այլև ապրանք, ո՛չ միայն սպառողական արժեք, այլև արժեք, և ո՛չ միայն արժեք, այլև հավելյալ արժեք։
Եվ, իսկապես, որովհետև այստեղ խոսքն ապրանքային արտադրության մասին է, ապա, ակներև է, որ մինչև հիմա մենք քննել ենք պրոցեսի միայն մի կողմը։ Ինչպես որ ապրանքն ինքն սպառողական արժեքի ու արժեքի միասնություն է, այնպես էլ ապրանքի արտադրության պրոցեսը պետք է աշխատանքի պրոցեսի և արժեք ստեղծելու պրոցեսի միասնությունը լինի։
Այսպես ուրեմն, հիմա քննենք արտադրության պրոցեսը նաև որպես արժեք ստեղծելու պրոցես։
Մենք իմանում ենք, որ ամեն մի ապրանքի արժեք որոշվում է ապրանքի սպառողական արժեքի մեջ նյութականացած աշխատանքի քանակով, այսինքն՝ նրա արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակով։ Այս վերաբերում է նաև այն արդյունքին, որ մեր կապիտալիստը ստացել է որպես աշխատանքի պրոցեսի հետևանք։ Հետևաբար, ամենից առաջ պետք է հաշվել այդ արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը։
Ասենք, թե դա, օրինակ, մանվածք է։
Մանվածք արտադրելու համար ամենից առաջ անհրաժեշտ է համապատասխան հում նյութ, օրինակ, 10 ֆունտ բամբակ։ Այստեղ կարիք չկա շոշափելու այն հարցը, թե բամբակը որքան արժե, որովհետև կապիտալիստը բամբակը գնել է շուկայում նրա արժեքով, օրինակ, 10 շիլլինգով։ Բամբակի գնի մեջ նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատանքը արդեն ստացել է իր արտահայտությունը, որպես միջին հասարակական աշխատանք։ Այնուհետև ենթադրենք, որ բամբակը վերամշակելիս սպառվել են 2 շիլլինգի արժեքի իլիկներ, որոնք մեզ համար այստեղ կիրառվող բոլոր աշխատամիջոցների ներկայացուցիչներն են։ Եթե 12 շիլլինգ արժեցող ոսկու քանակը 24 աշխատանքային ժամվա կամ երկու աշխատանքային օրվա արդյունքն է կազմում, ապա դրանից ամենից առաջ հետևում է, որ մանվածքի մեջ առարկայացած է երկու աշխատանքային օր։
Այն հանգամանքը, որ բամբակը իր ձևը փոխել է և իլիկների սպառված մասն ամբողջովին չքացել է, մեզ չպետք է մոլորեցնի։ Օրինակ, եթե 40 ֆունտ մանվածքի արժեքը = 40 ֆունտ բամբակի արժեքին + մի ամբողջ իլիկի արժեքը, այսինքն՝ եթե միևնույն աշխատաժամանակն է պահանջվում այդ հավասարման երկու կողմն էլ արտադրելու համար, ապա, արժեքի ընդհանուր օրենքի համաձայն, 10 ֆ. մանվածքը 10 ֆ. բամբակի և ¼ իլիկի համարժեքն է։ Այս դեպքում միևնույն աշխատաժամանակը մեկ անգամ մարմնացած է մանվածքի սպառողական արժեքի մեջ, մյուս անգամ՝ բամբակի ու իլիկի սպառողական արժեքների մեջ։ Հետևաբար, արժեքի համար բոլորովին նշանակություն չունի՝ արդյոք նա երևան է գալիս մանվածքի, իլիկի, թե բամբակի մեջ։ Այն հանգամանքը, որ իլիկն ու բամբակը, փոխանակ իրար կողքի հանգիստ ընկած լինելու, մանելու պրոցեսում կազմում են մի միացում, որը փոխում է նրանց սպառողական ձևերը և նրանց դարձնում է մանվածք,— նրանց արժեքի վրա նույնքան քիչ է ազդում, որքան այն դեպքում, եթե նրանք պարզ փոխանակության միջոցով փոխարինվեին մանվածքի համարժեքային քանակով։
Բամբակի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը այդ հում նյութից մանվածք արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակի մի մասն է, ուստի և նա պարունակվում է մանվածքի մեջ։ Ճիշտ նույնն է նաև այն աշխատաժամանակի նկատմամբ, որն անհրաժեշտ է իլիկների այն քանակն արտադրելու համար, առանց որի մաշվելու կամ սպառվելու բամբակը չի կարող մանվածք դառնալ[11]։
Այսպես ուրեմն, եթե հարցը վերաբերում է մանվածքի արժեքին, նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակին, ապա աշխատանքի առանձին և միմյանցից ժամանակով ու տարածությամբ բաժանված տարբեր պրոցեսները, որոնք պետք է տեղի ունենան հենց բամբակն ու սպառված իլիկները արտադրելու, իսկ հետո էլ բամբակից ու իլիկից մանվածք արտադրելու համար,— այդ պրոցեսները ևս մենք կարող ենք դիտել որպես աշխատանքի միևնույն պրոցեսի տարբեր հաջորդական փուլեր։ Մանվածքի մեջ պարունակվող ամբողջ աշխատանքը կատարված է անցյալում։ Ամենևին նշանակություն չունի այն հանգամանքը, որ մանվածք ստեղծելու տարրերի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակն արդեն անցել է և վաղակատար ժամանակին է վերաբերում, այնինչ եզրափակիչ պրոցեսի, մանելու վրա անմիջաբար ծախսված աշխատանքն ավելի մոտ է ներկային,— պարզապես անցյալ ժամանակ է։ Եթե տուն կառուցելու համար անհրաժեշտ է աշխատանքի մի որոշ քանակ, օրինակ, 30 աշխատանքային օր, ապա տան մեջ մարմնացած աշխատանքի ժամանակի ընդհանուր քանակը չի փոխվում այն հանգամանքի շնորհիվ, որ աշխատանքի 30-րդ օրը առաջին օրից 29 օր ուշ է մտել արտադրության մեջ։ Այդ պատճառով էլ աշխատանյութի ու աշխատամիջոցների մեջ պարունակվող աշխատանքի ժամանակը մենք կարող ենք դիտել ճիշտ այնպես, ինչպես այն դեպքում, եթե այն ծախսված լիներ մանելու պրոցեսի մի ավելի վաղ ստադիայում ա՛յն աշխատանքից առաջ, որ վերջում միացվեց մանելու ձևով։
Այսպես ուրեմն, արտադրամիջոցների, բամբակի ու իլիկների արժեքները, որոնք արտահայտված են 12 շիլլինգ գնի մեջ, կազմում են մանվածքի արժեքի, կամ արդյունքի արժեքի բաղկացուցիչ մասերը։
Բայց այդ դեպքում պետք է երկու պայման կատարված լինի։ Նախ, բամբակն ու իլիկները պետք է իրոք ծառայած լինեն որոշ սպառողական արժեք արտադրելու համար։ Մեր վերցրած դեպքում նրանցից պետք է մանվածք արտադրվի։ Արժեքի համար նշանակություն չունի, թե որ սպառողական արժեքն է որպես նրա կրող ծառայում, բայց համենայն դեպս որևէ սպառողական արժեք պետք է լինի արժեքի կրողը։ Երկրորդ՝ ենթադրվում է, որ գործադրված է միայն այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է արտադրության տվյալ հասարակական պայմաններում։ Հետևապես, եթե 1 ֆ. մանվածք մանելու համար միայն 1 ֆ. բամբակ է անհրաժեշտ եղել, ապա պետք է 1 ֆ. մանվածք պատրաստելու վրա միայն 1 ֆ. բամբակ գործադրվի։ Նույնը վերաբերում է նաև իլիկներին։ Եթե կապիտալիստի խելքին փչեր երկաթե իլիկների փոխարեն ոսկե իլիկներ գործադրել, ապա, այնուամենայնիվ, մանվածքի արժեքի մեջ կմտներ միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի այն ժամանակը, որ անհրաժեշտ է երկաթե իլիկներ արտադրելու համար։
Հիմա մենք գիտենք, թե արտադրամիջոցները, բամբակն ու իլիկները մանվածքի արժեքի ո՛ր մասն են կազմում։ Այդ մասը հավասար է 12 շիլլինգի կամ երկու աշխատանքային օրվա նյութականացմանը։ Հետևաբար, հիմա խոսքը վերաբերում է արժեքի այն մասին, որ մանողի աշխատանքն իսկ միացնում է բամբակին։
Հիմա մենք պետք է այդ աշխատանքը բոլորովին այլ տեսակետից քննենք, քան աշխատանքի պրոցեսը քննելիս։ Այնտեղ խոսքը վերաբերում էր այն նպատակահարմար գործունեությանը, որն անհրաժեշտ էր բամբակը մանվածք դարձնելու համար։ Որքան ավելի նպատակահարմար է աշխատանքը, այնքան ավելի լավ է մանվածքը, եթե մնացած պայմանները նույնն են։ Մանողի աշխատանքը արտադրողական աշխատանքի մյուս տեսակներից առանձնահատուկ կերպով տարբեր էր, և այդ տարբերությունը երևան էր գալիս սուբյեկտիվորեն ու օբյեկտիվորեն մտնելու հատուկ նպատակի մեջ, նրա օպերացիաների առանձին բնույթի մեջ, նրա արտադրամիջոցների առանձին բնույթի մեջ, նրա արդյունքի առանձին սպառողական արժեքի մեջ։ Բամբակն ու իլիկները անհրաժեշտ են մանելու աշխատանքի համար, բայց նրանցով չի կարելի ակոսավոր թնդանոթներ պատրաստել։ Ընդհակառակը, որչափով մանողի աշխատանքն արժեք է ստեղծում, այսինքն՝ արժեքի աղբյուր է, նա բոլորովին չի տարբերվում թնդանոթ շաղափողի աշխատանքից կամ, որ տվյալ դեպքում մեզ համար ավելի մոտ է,— բամբակագործի ու իլիկագործի այն աշխատանքներից, որոնք իրացած են մանվածքի արտադրամիջոցների մեջ։ Միայն այդ նույնության շնորհիվ է, որ բամբակի մշակումը, իլիկների պատրաստումը և մանումը կարող են կազմել միևնույն ընդհանուր արժեքի, մանվածքի արժեքի սոսկ քանակապես տարբերվող մասերը։ Այստեղ խոսքն արդեն վերաբերում է ո՛չ թե աշխատանքի որակին, ո՛չ թե հատկությանն ու բովանդակությանը, այլ միայն նրա քանակին։ Վերջինը հաշվելը հեշտ է։ Մենք ենթադրում ենք, որ մանելու աշխատանքը պարզ աշխատանք է, հասարակական միջին աշխատանք է։ Հետագայում մենք կտեսնենք, որ հակառակ ենթադրությունն ամենևին չի փոխում բանի էությունը։
Աշխատանքի պրոցեսի ժամանակ աշխատանքը շարունակ անցնում է գործունեության ձևից (Unruhe) կեցության ձևին, շարժման ձևից առարկայականության (Gegenständlichkeit) ձևին։ Մեկ ժամը վերջանալիս մանելու շարժումը արտահայտվում է մանվածքի մի որոշ քանակի մեջ, հետևապես, աշխատանքի մի որոշ քանակ, մի աշխատաժամ, առարկայանում է բամբակի մեջ։ Մենք ասում ենք աշխատաժամ, այսինքն՝ մանողի կենսական ուժի ծախսումը մի ժամվա ընթացքում, որովհետև մանելու աշխատանքն այստեղ նշանակություն ունի այն չափով միայն, որչափով նա աշխատուժի ծախսումն է, և ոչ թե այն պատճառով, որ նա մանելու առանձնահատուկ աշխատանքն է։
Եվ ահա վճռական նշանակություն ունի այն, որ պրոցեսի, այսինքն՝ բամբակը մանվածք դարձնելու ժամանակ գործադրվի միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատաժամանակ։ Եթե արտադրության նորմալ, այսինքն՝ միջին հասարակական պայմաններում a ֆունտ բամբակը մեկ աշխատաժամում պետք է դառնա b ֆունտ մանվածք, ապա 12-ժամյա աշխատանքային օրվա նշանակություն է ստանում այն աշխատանքային օրը միայն, որը a ֆ. բամբակը x 12 դարձնում է b ֆ. մանվածք x 12։ Որովհետև միայն հասարակականորեն-անհրաժեշտ աշխատաժամանակն է հաշվի առնվում արժեք գոյացնելու ժամանակ։
Ինչպես աշխատանքն ինքը, այնպես էլ հում նյութն ու արդյունքն այստեղ բոլորովին այլ նշանակություն են ձեռք բերում, քան այն դեպքում, երբ դիտվում են աշխատանքի բուն պրոցեսի տեսակետից։ Հում նյութն այստեղ նշանակություն ունի լոկ այնքան, որքան աշխատանքի որոշ քանակ է ներծծում։ Այդ ներծծման հետևանքով նա իրոք դառնում է մանվածք, որովհետև աշխատուժը ծախսվել և նրան է միացել մանելու ձևով։ Իսկ արդյունքը, մանվածքը, հիմա բամբակի ներծծած աշխատանքի չափանիշն է միայն։ Եթե մեկ ժամում 1[math]^2/_3[/math] ֆ. բամբակ է մանվել կամ նա 1[math]^2/_3[/math] ֆ. մանվածք է դարձել, ապա 10 ֆ. մանվածքը ցույց է տալիս ներծծած 6 աշխատաժամ։ Արդյունքի որոշ, փորձով սահմանված քանակները հիմա միայն աշխատանքի որոշ քանակ, կարծրացած աշխատաժամանակի որոշ մասսաներ են։ Նրանք հասարակական աշխատանքի մեկ ժամվա, երկու ժամվա, մի օրվա նյութականացումն են միայն։
Այն հանգամանքը, որ աշխատանքը հենց մանելու աշխատանք է, նրա նյութը բամբակ է և նրա արդյունքը՝ մանվածք,— այստեղ նշանակություն չունի ճիշտ այնպես, ինչպես և այն հանգամանքը, որ աշխատանքի բուն իսկ առարկան արդեն արդյունք է, ուրեմն և հում նյութ է։ Եթե բանվորը մանարանում աշխատելու փոխարեն զբաղվեր ածխահանքում, ապա նրա աշխատանքի առարկան, քարածուխը, տրված կլիներ բնությունից։ Եվ, այնուամենայնիվ, հանքաշերտից պոկած քարածխի մի որոշ քանակը, օրինակ, 1 ցենտները, կներկայացներ ներծծված աշխատանքի մի որոշ քանակ։
Աշխատուժը վաճառելիս ենթադրվում էր, որ նրա օրական արժեքը = 3 շիլլինգի, որ վերջինների մեջ մարմնացած է 6 աշխատաժամ և, հետևաբար, աշխատանքի այս քանակը պահանջվում է բանվորի օրական կենսամիջոցների միջին գումարն արտադրելու համար։ Եթե մեր մանողը մեկ աշխատաժամում 1[math]^2/_3[/math] ֆունտ բամբակը դարձնում է 1[math]^2/_3[/math] ֆ. մանվածք[12], ապա 6 ժամում նա 10 ֆ. բամբակը կդարձնի 10 ֆ. մանվածք։ Հետևապես, մանելու պրոցեսի ժամանակ բամբակը ներծծում է 6 աշխատաժամ։ Հենց այդ աշխատաժամանակը արտահայտվում է ոսկու այն քանակով, որ 3 շիլլինգ արժի։ Այսպես ուրեմն, հենց մանելու միջոցով բամբակին միացված է 3 շիլլինգի արժեք։
Հիմա տեսնենք, թե որքան է կազմում արդյունքի, այդ 10 ֆ. մանվածքի ընդհանուր արժեքը։ Նրա մեջ առարկայացված է 2½ աշխատանքային օր՝ 2 օր պարունակվում է բամբակի ու իլիկների մեջ, ½ աշխատանքային օրն էլ ներծծվել է մանելու պրոցեսի ժամանակ։ Այս նույն աշխատաժամանակը արտահայտվում է ոսկու մի քանակի մեջ, որ 15 շիլլինգ արժե։ Հետևաբար, այդ 10 ֆ. մանվածքի գինը, որ համապատասխանում է նրա արժեքին, կազմում է 15 շիլլինգ, 1 ֆ. մանվածքի գինը՝ 1 շիլլինգ 6 պենս։
Մեր կապիտալիստը շփոթության մեջ է։ Արդյունքի արժեքը հավասար է ավանսավորած կապիտալի արժեքին։ Ավանսավորած արժեքը չի աճել, հավելյալ արժեք չի արտադրել, հետևապես, փողը կապիտալի չի փոխարկվել։ Այդ 10 ֆ. մանվածքի գինը 15 շիլլինգ է, և 15 շիլլինգ էլ հենց ծախսվել է ապրանքային շուկայում արդյունքի ստեղծման տարրերի վրա, կամ, որ միևնույնն է, աշխատանքի պրոցեսի գործոնների վրա՝ 10 շիլլինգ բամբակի վրա, 2 շիլլինգ իլիկների գործադրված քանակի վրա և 3 շիլլինգ աշխատուժի վրա։ Մանվածքի արժեքի կատարված աճումը ոչնչով չի օգնում, որովհետև նրա արժեքը պարզապես այն արժեքների գումարն է, որոնք առաջ բաշխվում էին բամբակի, իլիկների ու աշխատուժի միջև, իսկ չէ՞ որ գոյություն ունեցող արժեքների սոսկ այդպիսի գումարումից ոչ հիմա ու ոչ էլ որևէ ժամանակ չի կարող հավելյալ արժեք ծագել[13]։ Հիմա այդ բոլոր արժեքները կենտրոնացած են մեկ իրի մեջ, բայց նրանք նույն ձևով կենտրոնացած էին նաև 15 շիլլինգ փողի գումարի մեջ, նախքան այդ գումարը կմանրատվեր երեք ապրանք գնելու հետևանքով։
Այղ հետևանքն ինքնըստինքյան զարմանալի չէ։ Մեկ ֆունտ մանվածքի արժեքը 1 շիլլինգ 6 պենս է, ուստի 10 ֆունտ մանվածքի համար մեր կապիտալիստը պետք է ապրանքային շուկայում վճարեր 15 շիլլինգ։ Արդյոք նա իրեն համար պատրաստի տուն կգնի շուկայում, թե ինքը կկառուցի, այդ գործառնություններից ոչ մեկը չի ավելացնի տուն ձեռք բերելու համար ծախսված փողի քանակը։
Կապիտալիստը, որը մի քիչ բան հասկանում, է վուլգար տնտեսագիտությունից, թերևս կասի, թե նա իր փողն այն դիտավորությամբ է ավանսավորել, որ ավելի մեծ քանակությամբ փող հանի դրանից։ Բայց չէ որ դժոխքի ճանապարհը բարի դիտավորություններով է սալարկած, և կապիտալիստը ճիշտ նույն ձևով էլ կարող էր դիտավորություն ունենալ փող ձեռք բերել առանց արտադրելու[14]։ Նա սկսում է սպառնալ։ Երկրորդ անգամ նրան այլևս չեն կարող խաբել։ Այսուհետև նա ապրանքը գնելու է շուկայում պատրաստի, փոխանակ նրա արտադրությամբ զբաղվելու։ Բայց եթե նրա բոլոր եղբայրակից կապիտալիստները ևս նույնպես վարվեն, այն ժամանակ նա որտե՞ղ ապրանք կգտնի շուկայում։ Իսկ փողով սնվել նա չի կարող։ Նա սկսում է խրատներ կարդալ։ Պետք է հաշվի առնել նրա ժուժկալությունը։ Նա կարող էր իր 15 շիլլինգը վատնել։ Դրա փոխարեն նա այդ փողն արտադրողաբար է գործադրել և նրա միջոցով մանվածք է պատրաստել։ Բայց չէ՞ որ դրա հետևանքով հիմա նա մանվածք ունի՝ խղճի խայթի փոխարեն։ Նրան բոլորովին վայել չէ գանձահավաքի դերին անցնել, որը մեզ արդեն ցուցադրել է, թե ինչ կարող է ստացվել ճգնակեցությունից։ Բացի դրանից, որտեղ ոչինչ չկա, ինքը կայսրն էլ կորցնում է իր իրավունքը։ Ինչ էլ որ լինի նրա ժուժկալությամբ մատուցած ծառայությունը, չի ստացվում ոչինչ, որով կարելի լիներ նրա այդ ժուժկալությունը վարձատրել, որովհետև պրոցեսից դուրս եկող արդյունքի արժեքը հավասար է միայն այդ պրոցեսի մեջ նետած ապրանքային արժեքների գումարին։ Թող, ուրեմն, նա հանգստանա այն գիտակցությամբ, որ առաքինությունն է առաքինության վարձը։ Բայց դրա փոխարեն կապիտալիստը երեսն ավելի է պնդացնում։ Մանվածքը նրան հարկավոր չէ։ Նա մանվածքն արտադրել է վաճառելու նպատակով։ Ի՜նչ արած, թող վաճառի մանվածքը, կամ, որ ավելի հեշտ է, թող ապագայում իրեր արտադրի միայն իր սեփական սպառման համար, մի դեղատոմս, որ նրա տնային բժիշկ Մակ Կուլլոխն արդեն մի անգամ նշանակել է որպես փորձված միջոց գերարտադրության համաճարակի դեմ։ Բայց կապիտալիստը համառորեն ծառս է լինում։ Մի՞թե բանվորը միայն իր սեփական ձեռքերի օգնությամբ է արդյունքներ ստեղծում, մի՞թե նա ոչնչից է ապրանքներ արտադրում։ Նա՝ կապիտալիստը չէ՞ր, որ բանվորին տվեց այն նյութը, որով ու որի մեջ միայն բանվորը կարող էր մարմնացնել իր աշխատանքը։ Իսկ որովհետև հասարակության մեծագույն մասը կազմված է այդպիսի տկլորներից, ապա արդյոք նա իր արտադրամիջոցներով, իր բամբակով ու իր իլիկներով մի անսահման ծառայություն չի՞ մատուցել հասարակությանը և հենց իրեն՝ բանվորին, որին, բացի դրանից, կենսամիջոցներ էլ է մատակարարել։ Եվ արդյոք նա չպե՞տք է այդ ծառայությունը մտցնի հաշվի մեջ։ Բայց մի՞թե բանվորը, իր կողմից, նրան ծառայություն չի մատուցել բամբակն ու իլիկները մանվածք դարձնելով։ Բացի դրանից, բանն այստեղ ամենևին էլ ծառայությունները չեն[15]։
Ծառայությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ այս կամ այն սպառողական արժեքի օգտակար գործողությունը, անկախ նրանից, սպառողական արժեքն ապրանք է, թե աշխատանք[16]։ Բայց այստեղ խոսքը փոխանակային արժեքի մասին է։ Կապիտալիստը բանվորին վճարել է 3 շիլլինգի արժեք։ Բանվորը նրան վերադարձրել է ճիշտ համարժեքը բամբակին միացված 3 շիլլինգ գնահատվող արժեքի ձևով, արժեքի փոխարեն արժեք վերադարձնելով։ Մեր բարեկամը, որ դեռ նոր այնպես փքվում էր իր կապիտալով, հանկարծ ընդունում է իր սեփական բանվորի անպահանջկոտ տեսքը։ Բայց մի՞թե նա ինքն էլ չի աշխատել։ Մի՞թե նա մտնողին վերահսկելու ու նայելու աշխատանք չի կատարել։ Եվ մի՞թե նրա այդ աշխատանքը, իր հերթին, արժեք չի ստեղծում։ Բայց այստեղ նրա սեփական վերակացուն ու նրա կառավարիչը վեր են քաշում ուսերը։ Սակայն նա նորից ուրախ ժպիտով արդեն ընդունել է իր դեմքի առաջվա արտահայտությունը։ Նա ուղղակի մեզ հիմարի տեղ էր դնում այդ բոլոր գանգատներով։ Մի գրոշ չարժի այդ բոլորը։ Այդ ու դրա նման դատարկ խուսափանքներն ու անբովանդակ հնարանքները նա թողնում է քաղաքատնտեսության պրոֆեսորներին, որոնք հենց դրա համար էլ վարձ են ստանում, իսկ նա ինքը մի գործնական մարդ է, որը թեև միշտ չի մտածում, թե ի՛նչ է ասում այն դեպքում, երբ խոսքը իր գործերին չի վերաբերում, բայց միշտ գիտե, թե ինքն ինչ է անում իր գործի ոլորտում։
Ավելի մոտիկից նայենք գործին։ Աշխատուժի օրական արժեքն անում էր 3 շիլլինգ, որովհետև նրա մեջ առարկայացած է կես աշխատանքային օր, այսինքն՝ որովհետև աշխատուժի արտադրության համար անհրաժեշտ օրական կենսամիջոցները կես աշխատանքային օր արժեն։ Բայց անցյալի աշխատանքը, որը թաքնված է աշխատուժի մեջ, և այն կենդանի աշխատանքը, որ նա կարող է կատարել, այդ աշխատանքի պահպանման օրական ծախքերը և նրա օրական ծախսումը — երկու միանգամայն տարբեր մեծություններ են։ Առաջինը որոշում է աշխատուժի փոխանակային արժեքը, երկրորդը կազմում է նրա սպառողական արժեքը։ Այն հանգամանքը, որ կես աշխատանքային օրը բավական է բանվորի կյանքը 24 ժամ պահպանելու համար, ամենևին չի խանգարում, որ բանվորն աշխատի մի ամբողջ օր։ Հետևապես, աշխատուժի արժեքը և այդ ուժի գործադրման պրոցեսում ստեղծվող արժեքը երկու տարբեր մեծություններ են։ Կապիտալիստն արժեքի այդ տարբերությունն աչքի առաջ ուներ, երբ գնում էր աշխատուժը։ Աշխատուժի օգտակար հատկությունը, մանվածք կամ կոշիկներ արտադրելու նրա ընդունակությունը հենց միայն այն պատճառով էր conditio sine qua non [անխուսափելի պայման], որ արժեք ստեղծելու համար անհրաժեշտ է աշխատանքը ծախսել օգտակար ձևով։ Բայց վճռական նշանակություն է ստանում այդ ապրանքի սպեցիֆիկ սպառողական արժեքը, նրա ընդունակությունը՝ դառնալու արժեքի աղբյուր և այն էլ ավելի մեծ արժեքի, քան ինքն ունի։ Այդ այն յուրահատուկ ծառայությունն է, որ կապիտալիստը սպասում է նրանից։ Եվ այս դեպքում նա վարվում է ապրանքային փոխանակության հավիտենական օրենքների համաձայն։ Եվ իսկապես, աշխատուժ վաճառողը, ինչպես և ամեն մի ուրիշ ապրանք վաճառող, իրացնում է ապրանքի փոխանակային արժեքը և օտարում է նրա սպառողական արժեքը։ Նա չի կարող առաջինն ստանալ առանց երկրորդը հանձնելու։ Աշխատուժի սպառողական արժեքը, այսինքն՝ աշխատանքը, նույնքան չի պատկանում իր վաճառողին, որքան վաճառած յուղի սպառողական արժեքը չի պատկանում յուղավաճառին։ Փողատերը վճարել է աշխատուժի օրական արժեքը, ուստի նրան է պատկանում աշխատուժի գործադրումը մի օրվա ընթացքում, օրական աշխատանքը։ Այն հանգամանքը, որ աշխատուժի օրական պահպանումը միայն կես աշխատանքային օր արժե, մինչդեռ աշխատուժը կարող է մի ամբողջ օր գործել, բանել, և որ այդ պատճառով այն արժեքը, որ ստեղծվում է աշխատուժը մի օր գործադրելով, երկու անգամ ավելի մեծ է, քան նրա մի օրվա սեփական արժեքը,— միայն մի հատուկ բախտավորություն է գնորդի համար, բայց վաճառորդի նկատմամբ ոչ մի անարդարություն չի կազմում։
Մեր կապիտալիստը առաջուց նախատեսել էր այդ casus, der ihn lachen macht [այն կազուսը, որը նրան հարկադրեց ժպտալ]։ Ուստի բանվորը արհեստանոցում գտնում է անհրաժեշտ արտադրամիջոցները աշխատանքի ո՛չ միայն վեցժամյա, այլև տասներկուժամյա պրոցեսի համար։ Եթե 10 ֆ. բամբակը 6 աշխատաժամ էր ներծծում և դառնում 10 ֆ. մանվածք, ապա 20 ֆ. բամբակը 12 աշխատաժամ կներծծի և կդառնա 20 ֆ. մանվածք։ Քննենք աշխատանքի երկարացած պրոցեսի արդյունքը։ Հիմա այդ 20 ֆ. մանվածքի մեջ առարկայացած է 5 աշխատանքային օր. 4-ը՝ բամբակի ու իլիկների գործադրված քանակի մեջ, 1-ը բամբակն է ներծծել մանելու պրոցեսի ժամանակ։ Բայց 5 աշխատանքային օրվա փողային արտահայտությունը 30 շիլլինգ է, կամ 1 ֆ. ստեռլինգ 10 շիլլինգ։ Հետևապես, այդքան է տվյալ 20 ֆ. մանվածքի գինը։ Մանվածքի ֆունտն արժե առաջվա նման 1 շիլլինգ 6 պենս։ Բայց պրոցեսի մեջ նետած ապրանքների արժեքների գումարն անում է 27 շիլլինգ։ Մանվածքի արժեքը կազմում է 30 շիլլինգ։ Արդյունքի արժեքը [math]^1/_9[/math]-ով աճել է նրա արտադրության համար ավանսավորած արժեքի համեմատությամբ։ Այսպիսով 27 շիլլինգը դարձել է 30 շիլլինգ։ Նրանք 3 շիլլինգի հավելյալ արժեք են բերել։ Վերջապես ֆոկուսը հաջողվել է։ Փողը փոխարկվել է կապիտալի։
Պրոբլեմի բոլոր պայմանները գտել են իրենց լուծումը, և ապրանքային «փոխանակության օրենքները ամենևին չեն խախտվել։ Համարժեքը փոխանակվել է համարժեքի հետ։ Կապիտալիստն իբրև գնորդ՝ ամեն մի ապրանքի — բամբակի, իլիկների, աշխատուժի — գինը վճարել է նրա արժեքի համաձայն։ Հետո նա արել է այն, ինչ անում է ապրանքների ամեն մի այլ գնորդ։ Նա սպառել է նրանց սպառողական արժեքը։ Աշխատուժի սպառման պրոցեսը, որ ապրանքի արտադրության պրոցեսն է միաժամանակ, տվել է իր արդյունքը — 20 ֆ. մանվածք, 30 շիլլինգ արժեքով։ Կապիտալիստը հիմա վերադառնում է շուկա, որտեղ նա առաջ ապրանք էր գնել, և վաճառում է ապրանքը։ Նա մանվածքի ֆանտը վաճառում է 1 շիլլինգ 6 պենսով, ոչ մի գրոշ ո՛չ բարձր և ո՛չ էլ ցածր նրա արժեքից։ Եվ, այնուամենայնիվ, նա շրջանառությունից 3 շիլլինգ ավելի է հանում, քան սկզբում նետել էր նրա մեջ։ Այդ ամբողջ պրոցեսը, նրա փողի փոխարկումը կապիտալի՝ կատարվում 1 շրջանառության ոլորտում և կատարվում է ոչ- շրջանառության ոլորտում։ Կատարվում է շրջանառության միջոցով, որովհետև պրոցեսը պայմանավորված է աշխատուժի գնումով ապրանքային շուկայում։ Ոչ-շրջանառության ոլորտում — որովհետև վերջինը լոկ նախապատրաստում է արժեքի աճման պրոցեսը, իսկ այս վերջինը կատարվում է արտադրության ոլորտում։ Այսպիսով, «tout pour le mieux dans le meilleur des mondes possibles» [«ամեն ինչ դեպի լավն է ընթանում աշխարհներից այս լավագույնի մեջ»]։
Փողը փոխարկելով ապրանքների, որոնք ծառայում են որպես նոր արդյունքի իրային տարրեր կամ որպես աշխատանքի պրոցեսի գործոններ, նրանց մեռյալ առարկայականությանը միացնելով կենդանի աշխատուժը, կապիտալիստը արժեքը — նախընթաց, առարկայացած, մեռյալ աշխատանքը — փոխարկում է կապիտալի, ինքնաճուն արժեքի, մի շնչավոր հրեշի, որն սկսում է «աշխատել», als hätt’ es Lieb’ im Leibe [կարծես իրեն համակած բուռն սիրո ազդեցության տակ]։
Եթե մենք հիմա համեմատենք արժեքի գոյացման պրոցեսն ու արժեքի աճման պրոցեսը, ապա կտեսնենք, որ արժեքի աճման պրոցեսը ոչ այլ ինչ է, եթե ոչ արժեքի գոյացման պրոցես, որ մի որոշ կետից ավելի է շարունակված։ Եթե արժեքի գոյացման պրոցեսը տևում է միայն մինչև այն մոմենտը, երբ աշխատուժի համար կապիտալի կողմից վճարված արժեքը կփոխհատուցվի մի նոր համարժեքով, ապա այդ կլինի արժեքի գոյացման պարզ պրոցես։ Իսկ եթե արժեք ստեղծելու պրոցեսը տևում է այդ մոմենտից ավելի, ապա նա դառնում է արժեքի աճման պրոցես։
Այնուհետև, եթե մենք համեմատենք արժեքի գոյացման պրոցեսն աշխատանքի պրոցեսի հետ, ապա կտեսնենք, որ վերջինն այն օգտակար աշխատանքն է, որ սպառողական արժեքներ է արտադրում։ Շարժումն այստեղ դիտվում է որակական տեսակետից, նրա հատուկ բնույթի, նպատակի ու բովանդակության տեսակետից։ Աշխատանքի նույն պրոցեսն արժեքի գոյացման պրոցեսում ներկայանում է բացառապես քանակական կողմից։ Այստեղ հարցը վերաբերում է միայն այն ժամանակին, որ աշխատանքը պահանջում է իր կատարման համար, կամ միայն այն ժամանակամիջոցի տևողությանը, որի ընթացքում աշխատուժը ծախսվում է արտադրողաբար։ Եվ այն ապրանքները, որոնք մտնում են աշխատանքի պրոցեսի մեջ, այստեղ նշանակություն են ստանում այլևս ոչ որպես նպատակահարմար գործող աշխատուժի ֆունկցիապես որոշակի առարկայական գործոններ, նրանք հաշվի են առնվում լոկ որպես առարկայացած աշխատանքի որոշ քանակներ։ Աշխատանքը ևս, անկախ այն բանից, արտադրամիջոցների մեջ է պարունակվում նա, թե աշխատուժի միջոցով է միացվում, հաշվի է առնվում միայն ըստ ժամանակի քանակի։ Նա կազմում է այսքան ժամ, օր և այլն։
Սակայն աշխատանքը հաշվի է առնվում այն չափով միայն, որչափով սպառողական արժեքի արտադրության վրա ծախսված ժամանակը հասարակականորեն անհրաժեշտ է։ Սրանով շատ բան է ասված։ Աշխատուժը պետք է նորմալ պայմաններում գործի։ Եթե մանող մեքենան աշխատանքի հասարակականորեն իշխող միջոց է մանելիս, ապա բանվորի ձեռքը չի կարելի հին ճախարակը տալ։ Նա պետք է նորմալ որակի բամբակ ստանա և ոչ թե տականք, որը փրթվում է ամեն րոպե։ Այլապես, թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում նա ավելի ժամանակ կգործադրեր, քան մեկ ֆունտ մանվածքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, բայց այդ ավելորդ ժամանակը ո՛չ արժեք կստեղծեր և ո՛չ էլ փող։ Սակայն աշխատանքի առարկայական գործոնների նորմալ բնույթը կախված է ոչ թե բանվորից, այլ կապիտալիստից։ Հետագա պայմանը բուն աշխատուժի նորմալ բնույթն է։ Այն մասնագիտության մեջ, որտեղ աշխատանքը կիրառվում է, նա պետք է ունենա հմտության, պատրաստության ու արագության սահմանված միջին աստիճանը։ Եվ մեր կապիտալիստն աշխատանքի շուկայում նորմալ որակի աշխատուժ է գնել։ Այդ ուժը պետք է ծախսվի լարման սովորական միջին աստիճանով, ինտենսիվության հասարակականորեն ընդունված սովորական չափով։ Դրան կապիտալիստը հսկում է նույնպիսի հոգատարությամբ, ինչպես և այն բանին, որ ոչ մի րոպե չվատնվի զուր, առանց աշխատանքի։ Նա աշխատուժը գնել է որոշ ժամանակամիջոցի համար։ Նա ուզում է ստանալ այն, ինչ պատկանում է իրեն։ Նա չի ուզում, որ իրենից որևէ բան գողանան։ Վերջապես — այդ դեպքի համար էլ նույն այս պարոնը իր սեփական code pénal-ը (քրեական օրենսգիրքն) ունի — հում նյութի ու աշխատանքի միջոցների ոչ մի աննպատակահարմար սպառում չպետք է տեղի ունենա, որովհետև վատնված նյութը և աշխատանքի վատնված միջոցներն առարկայացած աշխատանքի ավելորդ ծախսված քանակներ են ներկայացնում, հետևապես, հաշվի չեն առնվում և չեն մասնակցում արդյունքի արժեքի գոյացման մեջ[17]։
Այսպես ուրեմն, ապրանքի վերլուծությունից արդեն հետևցրած այն տարբերությունը, որ կա սպառողական արժեք ստեղծող աշխատանքի և արժեք ստեղծող նույն աշխատանքի միջև, այդ տարբերությունը հիմա հանդես է գալիս որպես արտադրության պրոցեսի տարբեր կողմերի զանազանություն։
Արտադրական պրոցեսը, որպես աշխատանքի պրոցեսի և արժեքի գոյացման պրոցեսի միասնություն, ապրանքների արտադրության պրոցես է. որպես աշխատանքի պրոցեսի և արժեքի աճման պրոցեսի միասնություն, նա արտադրության կապիտալիստական պրոցեսն է, ապրանքային արտադրության կապիտալիստական ձևը։
Արդեն սրանից առաջ նշել ենք, որ արժեքի աճման համար բոլորովին նշանակություն չունի այն պարագան, թե արդյոք կապիտալիստի կողմից յուրացված աշխատանքը պարզ, հասարակական միջին աշխատանք է, թե ավելի բարդ աշխատանք, ավելի բարձր տեսակարար կշիռ ունեցող աշխատանք։ Այն աշխատանքը, որը հասարակական միջին աշխատանքի համեմատությամբ ավելի բարձր, ավելի բարդ աշխատանքի նշանակություն ունի, այնպիսի աշխատուժի արտահայտությունն է, որի գոյացումը ավելի բարձր ծախքեր է պահանջում, որի արտադրությունը ավելի շատ աշխատաժամանակ է նստում և որը այդ պատճառով ավելի բարձր արժեք ունի, քան հասարակ աշխատուժը։ Եթե այդ ուժի արժեքն ավելի բարձր է, ապա նա դրսևորվում է նաև ավելի բարձր աշխատանքի մեջ, ուստի և հավասար ժամանակամիջոցներում առարկայանանում է համեմատաբար ավելի բարձր արժեքների մեջ։ Բայց ինչ էլ որ լինի մանողի աշխատանքի և ոսկերչի աշխատանքի տարբերության աստիճանը, աշխատանքի այն բաժինը, որով ոսկերիչ բանվորը իր սեփական աշխատուժի արժեքն է միայն փոխարինում, որակապես ոչնչով չի տարբերվում աշխատանքի այն լրացուցիչ բաժնից, որով նա հավելյալ արժեք է ստեղծում։ Այս դեպքում էլ հավելյալ արժեքն ստացվում է միայն աշխատանքի քանակական ավելցուկի միջոցով, աշխատանքի նույն պրոցեսի ավելի երկար տևողության հետևանքով — մի դեպքում մանվածքի արտադրության պրոցեսի, մյուս դեպքում՝ ոսկերչական արտադրության պրոցեսի[18]։
Մյուս կողմից, արժեքի գոյացման ամեն մի պրոցեսի մեջ ավելի բարձր աշխատանքը միշտ պետք է վերածվի հասարակական միջին աշխատանքի, օրինակ, ավելի բարձր աշխատանքի մեկ օրը պետք է վերածվի պարզ աշխատանքի x օրվա[19]։ Հետևաբար, մենք խուսափած կլինենք ավելորդ գործառնությունից և վերլուծությունը պարզացրած կլինենք, եթե ընդունենք, որ կապիտալի կողմից բանեցրած բանվորը հասարակական պարզ միջին աշխատանք է կատարում։
ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՓՈՓՈԽՈՒՆ ԿԱՊԻՏԱԼ
Աշխատանքի պրոցեսի տարբեր գործոնները տարբեր մասնակցություն են ունենում արդյունքի արժեքի գոյացման մեջ։
Բանվորն աշխատանքի առարկային միացնում է մի նոր արժեք, առարկային միացնելով աշխատանքի որոշ քանակ, անկախ այն բանից, թե այդ աշխատանքն ինչ կոնկրետ բովանդակություն, նպատակ ու տեխնիկական բնույթ ունի։ Մյուս կողմից, գործադրված արտադրամիջոցների արժեքները մենք նորից գտնում ենք որպես արդյունքի արժեքի բաղկացուցիչ մասեր, օրինակ, բամբակի ու իլիկների արժեքը մանվածքի արժեքի մեջ։ Հետևաբար, արտադրության միջոցների արժեքը պահպանվում է՝ արդյունքին փոխանցելով։ Այդ փոխանցումը կատարվում է արտադրամիջոցների՝ արդյունք դառնալու ժամանակ, աշխատանքի պրոցեսում։ Այդ կատարվում է աշխատանքի միջոցով։ Բայց ինչպե՞ս։
Բանվորը կրկնակի չի աշխատում միևնույն ժամանակ՝ մի անգամ իր աշխատանքով բամբակին արժեք միացնելու համար, մյուս անգամ՝ բամբակի հին արժեքը պահպանելու համար, կամ, որ միևնույն է, այն բանի համար, որ արդյունքին, մանվածքին փոխանցի ա՛յն բամբակի արժեքը, որ նա վերամշակում է, և այն իլիկների արժեքը, որոնցով նա աշխատում է։ Նոր արժեքի սոսկ միացման միջոցով նա պահպանում է հին արժեքը։ Բայց որովհետև աշխատանքի առարկային նոր արժեք միացնելն ու արդյունքի մեջ հին արժեքները պահպանելը երկու բոլորովին տարբեր հետևանքներ են, որոնց բանվորը հասնում է միևնույն ժամանակում, թեև նա կրկնակի չի աշխատում նույն ժամանակի ընթացքում — ուստի ակներև է, որ հետևանքի այս երկակիությունը կարող է բացատրվել նրա բուն իսկ աշխատանքի երկակիությամբ միայն։ Միևնույն ժամանակում աշխատանքը իր մեկ հատկությամբ պետք է արժեք ստեղծի, իսկ մյուս հատկությամբ պետք է արժեքը պահպանի կամ փոխանցի։
Ինչպե՞ս է ամեն մի բանվոր միացնում աշխատաժամանակը, ուրեմն և արժեքը։ Միշտ միայն իր առանձնահատուկ արտադրողական աշխատանքի ձևով։ Մանողն աշխատաժամանակը միացնում է միայն նրանով, որ մանում է, ջուլհակը՝ միայն նրանով, որ հյուսում է, դարբինը՝ միայն նրանով, որ կռում է։ Եվ միայն այն նպատակահարմար ձևի հետևանքով, որով նրանք ընդհանրապես աշխատանք, ուրեմն նաև նոր արժեք են միացնում մանելու, հյուսելու, կռելու միջոցով, արտադրության միջոցները՝ բամբակն ու իլիկները, մանվածքն ու ջուլհակահաստոցը, երկաթն ու սալը դառնում են արդյունք ստեղծելու, նոր սպառողական արժեք ստեղծելու տարրեր[20]։ Նրանց սպառողական արժեքի հին ձևը չքանում է, սակայն չքանում է այնպես, որ սպառողական արժեքի նոր ձևով հանդես գա։ Բայց արժեքի գոյացման պրոցեսը քննելիս արդեն երևաց, որ քանի որ սպառողական արժեքը նպատակահարմար կերպով օգտագործվում է նոր սպառողական արժեք արտադրելու համար, այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է օգտագործված սպառողական արժեքն ստեղծելու համար, կազմում է նոր սպառողական արժեք ստեղծելու համար անհրաժեշտ աշխատաժամանակի մի մասը, այսինքն՝ այն աշխատաժամանակն է, որ արտադրության օգտագործված միջոցներից փոխանցվում է նոր արդյունքին։ Հետևապես, բանվորն արտադրության օգտագործված միջոցների արժեքները պահպանում է կամ դրանք որպես արժեքի բաղկացուցիչ մասեր փոխանցում է արդյունքին ո՛չ թե նրանով, որ ընդհանրապես միացնում է իր աշխատանքը, այլ այդ միացվող աշխատանքի հատուկ օգտակար բնույթի միջոցով, առանձնահատուկ արտադրողական ձևի միջոցով։ Որպես այդպիսի նպատակահարմար արտադրողական գործունեություն — մանելը, հյուսելը, կռելը — աշխատանքը իր շփումով միայն արտադրության միջոցներին հարություն է տալիս մեռելներից, նրանց ոգի է տալիս, նրանց աշխատանքի պրոցեսի գործոններ է դարձնում և նրանց հետ միանալով՝ արդյունքներ կազմում։
Եթե բանվորի առանձնահատուկ արտադրողական աշխատանքը մանելը չլիներ, ապա նա բամբակը մանվածք չէր դարձնի, հետևապես նաև բամբակի ու իլիկների արժեքը մանվածքին չէր փոխանցի։ Եթե նույն բանվորը, ընդհակառակը, զբաղմունքը փոխի և դառնա հյուսն, ապա նա առաջվա նման իր աշխատանքային օրով արժեք կմիացնի համապատասխան նյութին։ Հետևապես, բանվորն արժեք է միացնում իր աշխատանքով ո՛չ թե այն չափով, որչափով վերջինս մանողի աշխատանք է կամ հյուսնի աշխատանք, այլ որչափով դա աբստրակտ, հասարակական աշխատանք է ընդհանրապես, և նա արժեքի որոշ մեծություն է միացնում ո՛չ թե այն պատճառով, որ նրա աշխատանքը մի հատուկ օգտակար բովանդակություն ունի, այլ այն պատճառով, որ այդ աշխատանքը մի որոշ ժամանակ է տևում։ Այսպիսով, իր աբստրակտ ընդհանուր հատկությամբ՝ որպես մարդկային աշխատուժի ծախսում, մանողի աշխատանքը նոր արժեք է միացնում բամբակի ու իլիկների արժեքին, իսկ իր կոնկրետ, հատուկ, օգտակար հատկությամբ, որպես մանելու պրոցես, նա արտադրության այդ միջոցների արժեքը փոխանցում է արդյունքին և այդպիսով նրանց արժեքը պահպանում է արդյունքի մեջ։ Այստեղից էլ առաջ է գալիս միևնույն ժամանակում կատարվող աշխատանքի հետևանքի երկակիությունը։
Աշխատանքի սոսկ քանակական միացման միջոցով նոր արժեք է միացվում, իսկ միացվող աշխատանքի առանձին որակի միջոցով արտադրության միջոցների հին արժեքները պահպանվում են արդյունքի մեջ։ Միևնույն աշխատանքի այս երկկողմանի ներգործությունը, որպես նրա երկակի բնույթի հետևանք, ակնառու կերպով երևան է գալիս զանազան երևույթների մեջ։
Ենթադրենք, թե որևէ գյուտ հնարավորություն է տալիս մանողին 6 ժամում նույնքան բամբակ մանելու, որքան առաջ մանվում էր 36 ժամում։ Նրա աշխատանքը, որպես նպատակահարմար, օգտակար արտադրողական գործունեություն, իր ուժը վեց անգամ ավելացրել է։ Նրա արդյունքը վեցապատկված է՝ 36 ֆ.՝ 6 ֆ. մանվածքի փոխարեն։ Բայց հիմա այդ 36 ֆ. բամբակը նույնքան աշխատաժամանակ է ներծծում, որքան առաջ 6 ֆունտն էր ներծծում։ Վեց անգամ ավելի քիչ նոր աշխատանք է միացվում նրան, քան նախկին մեթոդների ժամանակ, ուստի առաջ միացվող արժեքի միայն մեկ վեցերորդն է միացվում։ Մյուս կողմից, հիմա բամբակի վեցապատկված արժեք կա արդյունքի՝ 36 ֆ. մանվածքի մեջ։ Մանելու այդ 6 ժամի ընթացքում հումքի վեցապատիկ շատ արժեք է պահպահված և արդյունքին փոխանցված, թեև, նույն քանակությամբ հումքին այժմ վեց անգամ պակաս նոր արժեք է միացվում։ Այդ ցույց է տալիս, թե որքան այն հատկությունը, որով աշխատանքը միևնույն անբաժանելի պրոցեսի ժամանակ պահպանում է արժեքները, էապես տարբեր է նրա այն հատկությունից, որով նա արժեք է ստեղծում։ Մանելու օպերացիայի ժամանակ որքան ավելի շատ անհրաժեշտ աշխատաժամանակ է մտնում բամբակի տվյալ քանակի մեջ, այնքան ավելի մեծ է այն նոր արժեքը, որ միացվում է բամբակին, բայց միևնույն աշխատաժամանակի ընթացքում որքան ավելի մեծ քանակությամբ ֆունտ բամբակ է մանվում, այնքան ավելի մեծ է արդյունքի մեջ պահպանվող հին արժեքը։
Ենթադրենք, ընդհակառակը, որ մանելու աշխատանքի արտադրողականությունը մնացել է անփոփոխ, ուստի մանողին հարկավոր է առաջվա չափ ժամանակ, որպեսզի մի ֆունտ բամբակը մանվածք դարձնի։ Բայց ենթադրենք, թե բուն իսկ բամբակի փոխանակային արժեքը փոխվել է, մի ֆունտ բամբակի գինը բարձրացել կամ իջել է վեց անգամ։ Երկու դեպքում էլ մանողը շարունակում է բամբակի նույն քանակին միևնույն աշխատաժամանակը, հետևապես, միևնույն արժեքը միացնել, և երկու դեպքում էլ նա տվյալ ժամանակում նույն քանակությամբ մանվածք է արտադրում։ Սակայն այն արժեքը, որ նա բամբակից փոխանցում է մանվածքին, արդյունքին, մեկ դեպքում առաջվանից վեց անգամ փոքր է, մյուս դեպքում՝ վեց անգամ մեծ է։ Նույնն է նաև այն դեպքում, եթե աշխատանքի միջոցները թանկանում են կամ էժանանում, բայց միշտ նույն ծառայությունը կմատուցեն աշխատանքի պրոցեսում։
Եթե մանելու պրոցեսի տեխնիկական պայմանները մնում են անփոփոխ, ինչպես նաև ոչ մի փոփոխություն չի կատարվում արտադրության համապատասխան միջոցների արժեքի մեջ, ապա մանողն առաջվա պես հավասար աշխատաժամանակի ընթացքում գործադրում է հում նյութի ու մեքենաների հավասար, իրենց արժեքը չփոխող քանակներ։ Այն արժեքը, որ մանողը պահպանում է արդյունքի մեջ, այդ դեպքում ուղիղ հարաբերական է այն նոր արժեքին, որ նա միացնում է։ Երկու շաբաթվա ընթացքում նա երկու անգամ ավելի աշխատանք է միացնում, քան մեկ շաբաթում, հետևապես և, երկու անգամ է՛լ ավելի շատ արժեք է միացնում, և միաժամանակ նա օգտագործում է երկու անգամ ավելի մեծ արժեքով երկու անգամ ավելի նյութեղեն և մաշում է երկու անգամ ավելի արժեքով երկու անգամ ավելի շատ մեքենա. այսպիսով, երկու շաբաթվա արդյունքի մեջ նա երկու անգամ ավելի արժեք է պահպանում, քան մեկ շաբաթվա արդյունքի մեջ։ Արտադրության տվյալ չփոփոխվող պայմաններում բանվորն այնքան ավելի արժեք է պահպանում, որքան ավելի շատ արժեք է միացնում, բայց նա ավելի շատ արժեք է պահպանում ոչ այն պատճառով, որ ավելի շատ արժեք է միացնում, այլ այն պատճառով, որ այդ արժեքը միացնում է չփոփոխվող ու իր սեփական աշխատանքից անկախ պայմաններում։
Իհարկե, կարելի է որոշ հարաբերական իմաստով ասել, որ բանվորը հին արժեքները միշտ պահպանում է այն նույն համամասնությամբ, որով նա նոր արժեք է միացնում։ Բամբակը 2 շիլլինգից կթանկանա-կհասնի 3 շիլլինգի, թե կէժանանա 6 պենսով, բանվորը մի ժամվա արդյունքի մեջ միշտ բամբակի երկու անգամ պակաս արժեք է պահպանում, քան երկու ժամվա արդյունքի մեջ, ինչպես էլ այդ արժեքը փոխվի։ Այնուհետև, եթե փոխվում է նրա սեփական աշխատանքի արտադրողականությունը, եթե այն բարձրանում կամ իջնում է, ապա բանվորը, օրինակ, մեկ աշխատաժամում ավելի շատ կամ ավելի քիչ բամբակ կմանի, քան առաջ, և դրա համեմատ էլ բամբակի ավելի շատ կամ ավելի քիչ արժեք կպահպանի մեկ աշխատաժամի արդյունքի մեջ։ Բայց այդ բոլորով հանդերձ՝ նա երկու աշխատաժամում երկու անգամ ավելի շատ արժեք կպահպանի, քան մեկ աշխատաժամում։
Արժեքը,— մի կողմ թողած նրա զուտ սիմվոլիկ արտահայտությունը արժենիշի մեջ,— գոյություն ունի միայն այս կամ այն սպառողական արժեքի մեջ, այս կամ այն իրի մեջ։ (Ինքը՝ մարդը, վերցրած լոկ որպես աշխատուժի առկա կեցություն, բնության առարկա է, մի իր, թեև կենդանի, գիտակից իր, իսկ ինքը՝ աշխատանքը այդ ուժի նյութական արտահայտությունն է։) Ուստի, եթե կորչում է սպառողական արժեքը, կորչում է նաև արժեքը։ Իսկ արտադրության միջոցները իրենց սպառողական արժեքի հետ միաժամանակ չեն կորցնում իրենց արժեքը, որովհետև նքանք աշխատանքի պրոցեսի միջոցով իրենց սպառողական արժեքի սկզբնական ձևը կորցնում են իսկապես միայն այնպես, որ արդյունքի մեջ մի ուրիշ սպառողական արժեքի ձև ձեռք բերեն։ Բայց որքան էլ արժեքի համար կարևոր է որևէ սպառողական արժեքի ձևով գոյություն ունենալը, նրա համար, ինչպես ցույց է տալիս ապրանքների կերպարանափոխությունը, նշանակություն չունի, թե նա ո՛ր սպառողական արժեքի մեջ գոյություն ունի։ Սրանից հետևում է, որ աշխատանքի պրոցեսում արժեքը արտադրության միջոցներից փոխանցվում է արդյունքին այն չափով միայն, որչափով արտադրության միջոցներն իրենց ինքնուրույն սպառողական արժեքի հետ միասին կորցնում են նաև իրենց փոխանակային արժեքը։ Արտադրության միջոցները միայն այն արժեքն են փոխանցում արդյունքին, որը նրանք կորցնում են իբրև արտադրության միջոցներ։ Բայց աշխատանքի պրոցեսի նյութական տարբեր գործոնների նկատմամբ բանն այս տեսակետից տարբեր է։
Այն քարածուխը, որով տաքացնում են մեքենան, չքանում է անհետ, ինչպես նաև այն յուղը, որ քսում են անիվի սռնուն և այլն։ Ներկերն ու մյուս օժանդակ նյութերը չքանում են, բայց, երևան են գալիս արդյունքի հատկությունների մեջ։ Հում նյութը կազմում է արդյունքի սուբստանցը, բայց փոխում է իր ձևը։ Հետևապես, հում նյութն ու օժանդակ նյութերը կորցնում են այն ինքնուրույն ձևը, որով նրանք մտել էին աշխատանքի պրոցեսի մեջ որպես սպառողական արժեքներ։ Ուրիշ է աշխատանքի բուն միջոցների հարցը։ Գործիքը, մեքենան, գործարանային շենքը, տակառը և այլն աշխատանքի պրոցեսում այնքան ժամանակ են ծառայում միայն, քանի դեռ նրանք պահպանում են իրենց սկզբնական ձևը, քանի դեռ նրանք կարող են վաղը աշխատանքի պրոցեսի մեջ մտնել ճիշտ նույն ձևով, ինչպես և երեկ։ Ինչպես իրենց կյանքի, աշխատանքի պրոցեսի, ընթացքում նրանք արդյունքի նկատմամբ պահպանում են իրենց ինքնուրույն ձևը, այնպես էլ այդ պահպանում են իրենց մահվանից հետո։ Մեքենաների, գործիքների, արհեստանոցների ու արտադրության այլ միջոցների դիակները առաջվա պես շարունակում են գոյություն ունենալ անջատ այն արդյունքներից, որոնց գոյացմանը նրանք աջակցել էին։ Եթե մենք հիմա քննենք այն ամբողջ ժամանակաշրջանը, որի ընթացքում աշխատանքի մի այդպիսի միջոց ծառայում է իր արհեստանոց մտնելու օրից մինչև ցախատուն նետվելու, օրը, ապա կտեսնենք, որ այդ ժամանակաշրջանում նրա սպառողական արժեքը լիովին գործադրվել է աշխատանքի կողմից, ուստի և նրա փոխանակային արժեքն ամբողջովին փոխանցվել է արդյունքին։ Օրինակ, եթե մանող մեքենան 10 տարում հնացել է, ապա աշխատանքի տասնամյա պրոցեսի ընթացքում նրա ամբողջ արժեքը փոխանցվել է 10 տարվա արդյունքին։ Հետևապես, աշխատանքի մի որոշ միջոցի կյանքի ժամանակաշրջանն ընդգրկում է աշխատանքի ա՛յն մեծ կամ փոքր, թվով պրոցեսները, որոնք շարունակ նորից ու նորից կրկնվում են նրա օգնությամբ։ Աշխատանքի միջոցներին տվյալ դեպքում նույնպես են մոտենում, ինչպես և մարդուն։ Ամեն մարդու կյանքը օրական պակասում է 24 ժամով։ Բայց ոչ մի մարդու ճակատին չի գրված, թե արդեն քանի օր է նրա կյանքից պակասել։ Սակայն այս չի խանգարում կյանքի ապահովագրման ընկերություններին, որ մարդկանց կյանքի միջին տևողությունից շատ ճիշտ և, որ ավելի կարևոր է, շատ շահավետ հետևություններ հանեն։ Նույնը վերաբերում է նաև աշխատանքի միջոցներին։ Փորձից հայտնի է, թե աշխատանքի որոշ միջոց, օրինակ, մի որոշ տեսակի մեքենա, միջին հաշվով որքան ժամանակ կարող է գոյություն ունենալ։ Ենթադրենք, թե աշխատանքի պրոցեսում նա իր սպառողական արժեքը միայն 6 օր է պահպանում։ Այս դեպքում նա միջին հաշվով ամեն մի աշխատանքային օրվա ընթացքում կորցնում է իր սպառողական արժեքի [math]^1/_6[/math]-ը, ուստի և իր արժեքի [math]^1/_6[/math]-ը փոխանցում է օրական արդյունքին։ Այս եղանակով հաշվվում է աշխատանքի բոլոր միջոցների մաշվածքը, օրինակ, նրանց սպառողական արժեքի օրական կորուստը և նրանը արժեքի դրան համապատասխանող օրական փոխանցումը ադյունքին։
Այստեղից լիակատար պարզությամբ երևում է, որ արտադրության միջոցը երբեք ավելի արժեք չի փոխանցում արդյունքին, քան այն արժեքը, որ նա կորցնում է աշխատանքի պրոցեսում իր սեփական սպառողական արժեքի ոչնչացման հետևանքով։ Եթե արտադրության միջոցը արժեք չունենար, ուստի կորցնելու էլ ոչինչ չունենար, այսինքն՝ եթե նա ինքը մարդկային աշխատանքի արդյունքը չլիներ, ապա նա ոչ մի արժեք չէր փոխանցի արդյունքին։ Նա կծառայեր սպառողական արժեքի գոյացման համար, առանց մասնակցելու փոխանակային արժեքի գոյացմանը։ Այսպես են արտադրության այն բոլոր միջոցները, որոնք բնությունից են տրված, առանց մարդու, գործակցության, ինչպես հողը, քամին և ջուրը, հանքավայրում գտնվող երկաթը, կուսական անտառում եղած փայտը և այլն։
Այստեղ մեր առաջ հանդես է գալիս մի ուրիշ հետաքրքրական երևույթ։ Ենթադրենք, թե մեքենան արժե, օրինակ, 1000 ֆ. ստեռլինգ և մաշվում է 1000 օրում։ Այս դեպքում մեքենայի արժեքի [math]^1/_{1000}[/math]-ն է օրական նրանից փոխանցվում նրա օրական արդյունքին։ Միևնույն ժամանակ ամբողջ մեքենան շարունակում է գործել աշխատանքի պրոցեսում, թեկուզ և նվազող կենսագործունեությամբ։ Այսպիսով, դուրս է գալիս, որ աշխատանքի պրոցեսի մեկ գործոն, արտադրության մեկ միջոց, աշխատանքի պրոցեսի մեջ ամբողջովին է մասնակցում, իսկ արժեքի աճման պրոցեսի մեջ՝ միայն մասամբ։ Աշխատանքի պրոցեսի և արժեքի աճման պրոցեսի տարբերությունն այստեղ արտացոլվում է նրանց նյութական գործոնների վրա, որովհետև արտադրության միևնույն միջոցը՝ որպես աշխատանքի պրոցեսի տարր, ամբողջովին, իսկ որպես արժեքի գոյացման տարր՝ միայն մաս-մաս է մտնում արտադրության տվյալ պրոցեսի մեջ[21]։
Մյուս կողմից, արտադրության միջոցը, ընդհակառակը, կարող է ամբողջովին մտնել արժեքի աճման պրոցեսի մեջ, թեև աշխատանքի պրոցեսի մեջ նա միայն մասամբ է մտնում։ Ընդունենք, որ մանելիս օրական 115 ֆ. բամբակից դուրս է ընկնում 15 ֆունտը, որը ո՛չ թե մանվածք է կազմում, այլ միայն devil's dust [սատանայի փոշի]։ Սակայն, եթե այդ 15 ֆ.-անոց տականքը նորմալ է, եթե նա բամբակի վերամշակման միջին պայմաններում չի վերացվում, ապա մանվածքի տարր չկազմող այդ 15 ֆունտ բամբակի արժեքը ամբողջովին մտնում է մանվածքի արժեքի մեջ ճիշտ այնպես, ինչպես այն 100 ֆունտի արժեքը, որը նրա սուբստանցն է կազմում։ 15 ֆունտ բամբակի սպառողական արժեքը պետք է փոշիացնել 100 ֆ. մանվածք արտադրելու համար։ Հետնաբար, այդ բամբակի կորուստը մանվածքի արտադրության պայմանն է։ Հենց այդ պատճառով էլ նա իր արժեքը փոխանցում է մանվածքին։ Այս վերաբերում է աշխատանքի պրոցեսի բոլոր թափոններին, առնվազն այն չափով, որչափով այղ թափոնները կրկին արտադրության նոր միջոցներ չեն կազմում, ուստի և նոր ինքնուրույն սպառողական արժեքներ չեն կազմում։ Այսպես, Մանչեստրի խոշոր մեքենաշինական գործարաններում կարելի է տեսնել երկաթի թափոնների լեռներ, որոնք կիկլոպային մեքենաներով ռանդած տաշեղներ են, երեկոյան նրանք մեծ սայլերով գործարանից տարվում են երկաթաձուլարան, որտեղից մյուս օրը կրկին գործարան են վերադառնում որպես մասսիվ երկաթ։
Միայն այն չափով, որչափով արտադրության միջոցներն աշխատանքի պրոցեսում կորցնում են իրենց հին սպառողական արժեքների ձևով գոյություն ունեցած արժեքը, նրանք արժեք են փոխանցում արդյունքի նոր ձևին։ Կորուստի այն մաքսիմումը, որ նրանց արժեքը կարող է կրել աշխատանքի պրոցեսում, ակներևաբար սահմանափակված է արժեքի այն սկզբնական մեծությամբ, որով նրանք մտնում են աշխատանքի պրոցեսի մեջ, կամ նրանց սեփական արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Ուստի արտադրության միջոցները երբեք չեն կարող արդյունքին ավելի շատ արժեք միացնել, քան նրանք ունեն աշխատանքի այն պրոցեսից անկախ, որին նրանք սպասարկում են։ Որքան էլ օգտակար լինի աշխատանքի որոշ նյութ, որոշ մեքենա, արտադրության որոշ միջոց, այնուամենայնիվ, եթե նրանք արժեն 150 ֆ. ստեռլինգ, ասենք 500 աշխատանքային օր, նրանք երբեք 150 ֆ. ստեռլինգից ավելի չեն միացնի այն արդյունքին, որի ստեղծմանը նրանք ծառայում են։ Նրանց արժեքը որոշվում է ո՛չ թե աշխատանքի այն պրոցեսով, որի մեջ նրանք մտնում են որպես արտադրության միջոց, այլ աշխատանքի այն պրոցեսով, որից նրանք դուրս էն գալիս որպես արդյունք։ Աշխատանքի պրոցեսում նրանք ծառայում են լոկ որպես սպառողական արժեք, որպես օգտակար հատկություններ ունեցող իր, ուստի և նրանք ոչ մի արժեք չէին փոխանցի արդյունքին, եթե պրոցեսի մեջ իրենց մտնելուց առաջ օժտված չլինեին արժեքով[22]։
Այն ժամանակ, երբ արտադրողական աշխատանքն արտադրության միջոցները դարձնում է նոր արդյունքի գոյացման տարրեր, դրանց արժեքի հետ կատարվում է հոգիների տեղափոխության նման մի բան։ Գործադրված մարմնից արժեքը տեղափոխվում է նոր կերպարանավորված մարմնի մեջ։ Բայց հոգիների այդ տեղափոխությունը կարծես թե տեղի է ունենում իրական աշխատանքի թիկունքում։ Բանվորը չի կարող նոր աշխատանք միացնել, հետևապես, չի կարող նոր արժեք ստեղծել՝ առանց հին արժեքները պահպանելու, որովհետև նա պետք է աշխատանքը յուրաքանչյուր անգամ միացնի մի որոշ օգտակար ձևով, իսկ նա չի կարող աշխատանքն օգտակար ձևով միացնել՝ առանց արդյունքները մի նոր արդյունքի արտադրության միջոցներ դարձնելու և հենց դրանով նրանց արժեքները նոր արդյունքին փոխանցելու։ Հետևաբար, արժեքի պահպանումը արժեքի միացման միջոցով գործողության մեջ դրսևորվող աշխատուժի — կենդանի աշխատանքի — բնական հատկությունն է, բնության մի պարգև, որը բանվորի վրա ոչինչ չի նստում, բայց կապիտալիստին շատ բան է տալիս, այն է՝ պահպանում է նրա համար կապիտալային առկա արժեքը [Տես 22a ծանոթ.]։ Քանի դեռ գործը հաջող է ընթանում, կապիտալիստը չափազանց շատ է խորասուզված շահույթ կորզելու մեջ, ուստի չի նկատում աշխատանքի այդ ձրի պարգևը։ Աշխատանքի պրոցեսի բռնի ընդհատումները, ճգնաժամերը, այդ պարգևը դարձնում են կապիտալիստի համար շոշափելիության չափ նկատելի[23]։
Ընդհանրապես արտադրության միջոցների մեջ սպառվում է նրանց սպառողական արժեքը, որի գործադրումով աշխատանքը արդյունք է ստեղծում։ Նրանց արժեքը իսկապես չի սպառվում[24], ուստի և չի կարող վերարտադրվել։ Արժեքը պահպանվում է, բայց ոչ այն պատճառով, որ աշխատանքի պրոցեսում արժեքի հետ որևէ գործողություն է կատարվում, այլ այն պատճառով, որ այն սպառողական արժեքը, որի մեջ նա սկզբնապես գոյություն ուներ, թեև չքանում է, բայց չքանում է մի ուրիշ սպառողական արժեքի մեջ։ Ուստի արտադրության միջոցների արժեքը կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ, բայց նա, իսկապես ասած, չի վերարտադրվում։ Արտադրվում է մի նոր սպառողական արժեք, որի մեջ կրկին երևան է գալիս հին փոխանակային արժեքը[25]։
Այլ է աշխատանքի պրոցեսի սուբյեկտիվ գործոնի, գործողության մեջ դրսևորվող աշխատուժի հարցը։ Այն ժամանակ, երբ աշխատանքը իր նպատակահարմար ձևի շնորհիվ արտադրության միջոցների արժեքը փոխանցում է արդյունքներին և հենց ղրանով էլ պահպանում է այդ արժեքը, նրա շարժման յուրաքանչյուր րոպեն լրացուցիչ արժեք, նոր արժեք է ստեղծում։ Ենթադրենք, որ արտադրության պրոցեսն ընդհատվում է այն կետում, երբ բանվորն իր սեփական աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրել, երբ նա, օրինակ, վեցժամյա աշխատանքով 3 շիլլինգի արժեք է միացրել։ Այդ արժեքը կազմում է արդյունքի ամբողջ արժեքի ավելցուկը՝ այդ արժեքի այն տարրերի համեմատությամբ, որոնք իրենց ծագումով արտադրության միջոցների արժեքին են պարտական։ Այդ միակ նոր արժեքն է, որ ծագել է այդ պրոցեսի մեջ, արդյունքի արժեքի միակ մասն է, որ արտադրվել է հենց այդ պրոցեսի միջոցով։ Իհարկե, նա փոխարինում է լոկ այն փողը, որ կապիտալիստը ավանսավորել է աշխատուժը գնելիս և որ ինքը՝ բանվորը ծախսել է կենսամիջոցների վրա։ Ծախսված այդ 3 շիլլինգի նկատմամբ 3 շիլլինգի նոր արժեքը լոկ առաջինի վերարտադրությունն է։ Բայց նա վերարտադրված է իրոք և ոչ թե միայն երևութապես, իւնչպես արտադրության միջոցների արժեքը։ Մի արժեքի փոխարինումը մի ուրիշ արժեքով այստեղ իրականանում է նոր արժեք ստեղծելու միջոցով։
Սակայն մենք գիտենք արդեն, որ աշխատանքի պրոցեսը շարունակվում և անցնում է այն սահմաններից, որոնց շրջանակներում աշխատանքի ուժի արժեքի սոսկ համարժեքն է վերարտադրվում և միացվում աշխատանքի առարկային։ 6 ժամի փոխարեն, որ բավական էր դրա համար, պրոցեսը տևում է, օրինակ, 12 ժամ։ Հետևաբար, աշխատուժի ներգործությամբ ո՛չ միայն նրա սեփական արժեքն է վերարտադրվում, այլև, բացի դրանից, արժեքի ավելցուկ է արտադրվում։ Այս հավելյալ արժեքը կազմում է արդյունքի արժեքի ավելցուկը արդյունքի գոյացման համար գորածդրված տարրերի, այսինքն՝ արտադրության միջոցների և աշխատուժի արժեքի նկատմամբ։
Պատկերելով այն տարբեր դերերը, որ խաղում են աշխատանքի պրոցեսի տարբեր գործոնները արդյունքի արժեքի գոյացման մեջ, մենք հենց դրանով էլ բնորոշում էինք կապիտալի բաղկացուցիչ տարբեր մասերի ֆունկցիաները արժեքի աճման նրան հատուկ պրոցեսում։ Արդյունքի ամբողջ արժեքի ավելցուկը, արդյունքի գոյացմանը մասնակցող տարրերի արժեքի գումարի համեմատությամբ, իր արժեքով աճած կապիտալի ավելցուկն է սկզբում ավանսավորած կապիտալային արժեքի համեմատությամբ։ Արտադրության միջոցները մի կողմից, աշխատուժը մյուս կողմից, լոկ այն սկզբնական կապիտալային արժեքի գոյաձևերն են, որը թոթափել է իր վրայից իր փողային ձևը և վերածվել է աշխատանքի պրոցեսի գործոնների։
Այսպես ուրեմն, կապիտալի այն մասը, որ փոխարկվում է արտադրության միջոցների, այսինքն՝ հում նյութի, օժանդակ նյութերի ու աշխատանքի միջոցների, արտադրության պրոցեսում չի փոխում իր արժեքի մեծությունը։ Ուստի ես այդ մասն անվանում եմ կապիտալի հաստատուն, չփոփոխվող մաս կամ, կարճ ասած, հաստատուն կապիտալ։
Ընդհակառակը, կապիտալի այն մասը, որ փոխարկված է աշխատուժի, արտադրության պրոցեսում փոխում է իր արժեքը։ Նա վերարտադրում է իր սեփական համարժեքը և, բացի ղրանից, մի ավելցուկ, հավելյալ արժեք, որը, իր հերթին, կարող է փոփոխվել, ավելի մեծ կամ ավելի փոքր լինել։ Կապիտալի այդ մասը իր հաստատուն մեծությունից շարունակ փոխվում-դառնում է փոփոխուն մեծություն։ Ուստի ես այդ մասն անվանում եմ կապիտալի փոփոխուն մաս կամ, կարճ ասած, փոփոխուն կապիտալ։ Կապիտալի այն բաղկացուցիչ մասերը, որոնք աշխատանքի պրոցեսի տեսակետից տարբերվում են որպես օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ, որպես արտադրության միջոցներ ու աշխատուժ, այդ նույն մասերն արժեքի աճման պրոցեսի տեսակետից տարբերվում են որպես հաստատուն կապիտալ և փոփոխուն կապիտալ։
Հաստատուն կապիտալի հասկացողությունն ամենևին չի բացառում նրա բաղկացուցիչ մասերի արժեքի մեջ կատարվող ռևոլուցիան։ Ենթադրենք, որ բամբակի ֆունտն այսօր արժե 6 պենս, և որ վաղը բամբակի անբավարար բերքի հետևանքով նրա գինը բարձրանում է մինչև 1 շիլլինգ։ Առաջվա բամբակը, որ շարունակում է մշակվել, գնված է 6 պենս արժեքով, բայց արդյունքի արժեքի վրա նրա կողմից ավելացվող մասը հիմա կազմում է 1 շիլլինգ։ Իսկ արդեն մանած բամբակը, որը գուցե որպես մանվածք արդեն շրջանառության մեջ է շուկայում, արդյունքի վրա ավելացնում է նույնպես իր սկզբնական արժեքից երկու անգամ ավելի մեծություն։ Սակայն մենք տեսնում ենք, որ արժեքի այդ փոփոխությունները ոչ մի կապ չունեն բամբակի արժեքի այն աճման հետ, որ կատարվում է մանելու իսկ պրոցեսում։ Եթե հին բամբակը դեռ մտած չլիներ աշխատանքի պրոցեսի մեջ, այն հիմա կարելի էր 6 պենսի փոխարեն 1 շիլլինգով վաճառել։ Ընդհակառակը, աշխատանքի որքան քիչ պրոցես է նա անցել, այնքան ավելի է ապահովված այդ հետևանքը։ Ուստի սպեկուլյացիայի օրենքն է արժեքային այդպիսի ռևոլյուցիաների ժամանակ սպեկուլյացիա անել, օգտագործելով հում նյութի ամենից ավելի պակաս վերամշակված ձևը, այսինքն՝ ավելի շուտ մանվածքը, քան հյուսվածքը, և ավելի շուտ բամբակը, քան մանվածքը։ Այստեղ արժեքի փոփոխությունն առաջ է գալիս այն պրոցեսում, որը բամբակ է արտադրում, և ոչ թե այն պրոցեսում, որտեղ բամբակը գործում է որպես արտադրության միջոց և, ուրեմն, որպես հաստատուն կապիտալ։ Թեև ապրանքի արժեքը որոշվում է նրա մեջ պարունակված աշխատանքի քանակով, բայց այդ քանակը որոշվում է հասարակականորեն։ Եթե փոխվում է ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը,— իսկ բամբակի միևնույն քանակը, օրինակ, անբարեհաջող պայմաններում աշխատանքի ավելի մեծ քանակ է ներկայացնում, քան բարեհաջող պայմաններում,— ապա այդ հետադարձ ազդեցություն է ունենում հին ապրանքի վրա, որը միշտ իր սեռի լոկ եզակի նմուշահատի դեր է խաղում[26], որի արժեքը միշտ չափվում է հասարակականորեն-անհրաժեշտ աշխատանքով, հետևապես, չափվում է միշտ այն աշխատանքով, որ անհրաժեշտ է տվյալ ժամանակում գոյություն ունեցող հասարակական պայմաններում։
Արտադրության պրոցեսում արդեն ծառայող աշխատանքի միջոցների, մեքենաների ու այլոց արժեքը, ուրեմն և արժեքի այն մասը, որ նրանք փոխանցում են արդյունքին, կարող է փոփոխվել ճիշտ այնպես, ինչպես հում նյութի արժեքը։ Եթե, օրինակ, նոր գյուտի հետևանքով տվյալ տեսակի մեքենաները կարող են վերարտադրվել աշխատանքի ավելի փոքր ծախսումով, ապա հին մեքենաները շատ կամ քիչ չափով արժեքազրկվում են, ուստի և համեմատաբար ավելի քիչ արժեք են փոխանցում արդյունքին։ Բայց այս դեպքում ևս արժեքի փոփոխությունն առաջ է գալիս արտադրության այն պրոցեսից դուրս, որտեղ մեքենան գործում է իբրև արտադրության միջոց։ Այս պրոցեսում նա երբեք ավելի արժեք չի փոխանցում, քան նա ունի այդ պրոցեսից անկախ։
Ինչպես որ արտադրության միջոցների արժեքի փոփոխությունը, թեև սա հետադարձ ազդեցություն է անում այն բանից հետո, երբ նրանք արդեն մտած են լինում արտադրության պրոցեսի մեջ, այնուամենայնիվ, չի փոխում նրանց՝ որպես հաստատուն կապիտալի բնույթը, ճիշտ այդպես էլ հաստատուն ու փոփոխուն կապիտալի հարաբերության փոփոխությունը չի շոշափում նրանց ֆունկցիոնալ տարբերությունը։ Օրինակ, աշխատանքի պրոցեսի տեխնիկական պայմանները կարող են այնպես բարեփոխվել, որ այնտեղ, որտեղ առաջ 10 բանվորը փոքր արժեք ունեցող 10 գործիքով վերամշակում էին համեմատաբար փոքր քանակությամբ հում նյութ, հիմա 1 բանվորը թանկ մեքենայի օգնությամբ հարյուրապատիկ ավելի մեծ քանակությամբ հում նյութ է վերամշակում։ Այս դեպքում հաստատուն կապիտալը, այսինքն՝ արտադրության կիրառվող միջոցների արժեքների մասսան, շատ զգալի չափով է աճում, իսկ կապիտալի փոփոխուն մասը, որ ավանսավորած է աշխատուժի հաշվին, շատ զգալի չափով ընկնում է։ Սակայն այս փոփոխությունը վերաբերում է միայն հաստատուն և փոփոխուն կապիտալի մեծությունների միջև եղած հարաբերությունը, կամ այն հարաբերությունը, որով ամբողջ կապիտալը տրոհվում է հաստատուն և փոփոխուն բաղկացուցիչ մասերի, բայց ընդհակառակը, չի շոշափում հաստատուն ու փոփոխուն կապիտալների միջև եղած տարբերությունը։
ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՆ
1. ԱՇԽԱՏՈՒԺԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Այն հավելյալ արժեքը, որ արտադրության պրոցեսում ստեղծել է ավանսավորած K կապիտալը, կամ ավանսավորած կապիտալային արժեքի աճը, հանդես է գալիս մեր առջև ամենից առաջ որպես արդյունքի արժեքի ավելցուկ արդյունքի արտադրության տարրերի արժեքների գումարի համեմատությամբ։
K կապիտալը տրոհվում է երկու մասի՝ с փողի գումարի, որը ծախսված է արտադրության միջոցների վրա, և երկրորդ՝ v փողի գումարի, որը ծախսված է աշխատուժի վրա. с-ն ներկայացնում է արժեքի այն մասը, որը փոխարկվել է հաստատուն կապիտալի, v-ն արժեքի այն մասը, որը փոխարկվել է փոփոխուն կապիտալի։ Հետևաբար, սկզբնապես K = c + v, օրինակ, 500 ֆունտ ստեռլինգ ավանսավորած կապիտալը = 410 ֆ. ստեռլինգ + 90 ֆ. ստեռլինգ։ Արտադրության պրոցեսի վերջում ստացվում է մի ապրանք, որի արժեքը = (c + v) + m, որտեղ m-ը հավելյալ արժեքն է, օրինակ՝ (410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ.) + 90 ֆ. ստ.։ Սկզբնական K կապիտալը փոխարկվել է K'-ի, 500 ֆ. ստեռլինգից աճել է մինչև 590 ֆ. ստեռլինգ։ Երկուսի միջև հղած տարբերությունը = m-ի։ 90 ֆ. ստ. հավելյալ արժեքի։ Քանի որ արտադրության տարրերի արժեքը հավասար է ավանսավորած կապիտալի արժեքին, ուստի իրապես մի հասարակ նույնաբանություն է այն պնդումը, թե արդյունքի արժեքի ավելցուկը նրա արտադրության տարրերի արժեքի համեմատությամբ՝ հավասար է ավանսավորած կապիտալի արժեքի աճին, կամ հավասար է արտադրված հավելյալ արժեքին։
Սակայն այդ նույնաբանությունը ավելի ճշգրիտ սահմանում է պահանջամ։ Արդյունքի արժեքի հետ համեմատվում է արտադրության այն տարրերի արժեքը, որոնք սպառվել են արդյունքը ստեղծելիս։ Բայց մենք արդեն տեսանք, որ գործադրված հաստատուն կապիտալի այն մասը, որը կազմված է աշխատանքի միջոցներից, արդյունքին փոխանցում է իր արժեքի մի մասը միայն, մինչդեռ մնացած մասը պահպանվում է իր գոյության հին ձևով։
Քանի որ արժեք կազմելու գործում վերջին մասը ոչ մի դեր չի խաղում, մենք կարող ենք այստեղ անտեսել այն։ Այդ մասը հաշվի մեջ մտցնելը ոչինչ չէր փոխի։ Ընդունենք, որ c = 410 ֆ. ստ. և կազմված է 312 ֆ. ստ. հում նյութից, 44 ֆ. ստ. օժանդակ նյութերից և արտադրության պրոցեսում մեքենաների կրած 54 ֆ. ստ. մաշվածքից, իսկ փաստորեն գործադրվող մեքենաների արժեքը կազմում է 1054 ֆ. ստ.։ Մենք ընդունում ենք, որ արդյունքի արժեքի արտադրման համար ավանսավորած է միայն այդ 54 ֆ. ստ. արժեքը, որը մեքենաները կորցնում են իրենց գործելու հետևանքով, ուստի և փոխանցում են արդյունքին։ Եթե մենք հաշվարկման մեջ մտցնեինք այն 1000 ֆ. ստեռլինգը ևս, որ շարունակում է իր նախկին ձևով գոյություն ունենալ,— ինչպես շոգեմեքենան և այլն,— ապա այդ գումարը մենք պետք է հաշվարկման մեջ մտցնեինք երկու կողմում էլ, ավանսավորած արժեքի կողմում և արդյունքի արժեքի կողմում [Տես 26a ծանոթ.] և, այդպիսով, մենք կստանա էինք resp. [համապատասխանորեն] 1500 ֆ. ստեռլինգ և 1590 ֆ. ստեռլինգ։ Տարբերությունը, կամ հավելյալ արժեքը, առաջվա նման կկազմեր 90 ֆ. ստեռլինգ։ Ուստի այնտեղ, որտեղ շարադրանքի ընդհանուր կապից հակառակը չի բխում, մենք արժեքի արտադրության համար ավանսավորած հաստատուն կապիտալ ասելով միշտ հասկանում ենք արտադրության մեջ գործադրված արտադրամիջոցների արժեքը միայն։
Այսպիսի ենթադրություններով վերադառնում ենք K = c + v ֆորմուլային, որը փոխարկվում է K' = (c + v) + m, որի շնորհիվ իսկ K-ն փոխարկվում է K'-ի։ Մենք իմանում ենք, որ հաստատուն կապիտալի արժեքը լոկ կրկին երևան է գալիս արդյունքի մեջ։ Հետևաբար, պրոցեսի մեջ իրոք արտադրված նոր արժեքը տարբեր է արդյունքի ամբողջ արժեքից, որ նա ստանում է պրոցեսում, ուստի և նա հավասար է ո՛չ թե (c + v) + m, այսինքն՝ ոչ թե 410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ. + 90 ֆ. ստ., ինչպես այդ թվում է առաջին հայացքից, այլ v + m կամ 90 ֆ. ստ. + 90 ֆ. ստ., այսինքն՝ ո՛չ թե 590 ֆ. ստ., այլ 180 ֆ. ստ.։ Եթե c-ն, հաստատուն կապիտալը, լիներ = 0-ի, ուրիշ խոսքով, եթե գոյություն ունենային արդյունաբերության այնպիսի ճյուղեր, որտեղ կապիտալիստը հարկադրված չէ արտադրության որևէ արտադրված միջոց գործադրելու — ո՛չ հում նյութ, ո՛չ օժանդակ նյութեր, ո՛չ էլ աշխատանքի գործիքներ, այլ ստիպված է միայն բնությունից արված նյութեր և աշխատուժ գործադրելու, ապա հաստատուն արժեքի ոչ մի մաս չէր փոխանցվի արդյունքին։ Արդյունքի արժեքի այս տարրը, մեր օրինակի մեջ՝ 410 ֆ. ստեռլինգը, դուրս կընկներ, բայց նոր արտադրված 180 ֆ. ստ. արժեքը, որը 90 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեք է պարունակում, կպահպաներ բոլորովին նույն չափերը, ինչպես այն դեպքում, եթե արժեքի մի ահագին գումար ներկայացներ։ Մենք կունենայինք K = 0 + v = v-ի, և K', իր արժեքով աճած կապիտալը, = v + m, K' — K առաջվա նման = m-ի։ Եթե, ընդհակառակը, m = լիներ 0-ի, ուրիշ խոսքով, եթե աշխատուժը, որի արժեքը ավանսավորվում է փոփոխուն կապիտալի ձևով, միայն համարժեք արտադրեր, ապա K կլիներ = c + v, և K'-ը (արդյունքի արժեքը) = c + v + 0, ուստի և K' = K։ Ավանսավորած կապիտալը չէր աճի իր արժեքով։
Իրականում մենք արդեն գիտենք, որ հավելյալ արժեքը հետևանք է արժեքի լոկ այն փոփոխության, որին ենթարկվում է v-ն, կապիտալի այն մասը, որ վերածվել է աշխատուժի, որ, հետևապես, v + m = v + Δv (v պլյուս v-ի աճը)։ Բայց արժեքի իրական փոփոխությունն ու այն հարաբերությունը, որով փոխվում է արժեքի, մթագնվում են այն հանգամանքով, որ իր փոփոխվող բաղկացուցիչ մասի աճման հետևանքով աճում է նաև ավանսավորած ամբողջ կապիտալը։ Նա առաջ = 500-ի, այժմ նա = 590-ի։ Հետևաբար, պրոցեսի զուտ ձևով վերլուծությունը պահանջում է, որ մենք ամբողջովին աբստրահվենք արդյունքի արժեքի այն մասից, որի մեջ միայն նորից երևան է գալիս հաստատուն կապիտալային արժեքը, այսինքն՝ որ մենք c հաստատուն կապիտալը հավասարեցնենք զրոյի և դրանով կիրառենք ֊մաթեմատիկայի այն օրենքը, որի օգնությամբ նա գործառում է փոփոխուն ու հաստատուն մեծություններով, երբ հաստատուն մեծությունը կապված է փոփոխուն մեծության հետ միայն գումարման և հանման միջոցով։
Մյուս դժվարությունն առաջ է գալիս փոփոխուն կապիտալի սկզբնական ձևից։ Այսպես, վերը բերած օրինակի մեջ K' = 410 ֆ. ստեռլինգ հաստատուն կապիտալի + 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալ + 90 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեք։ Սակայն իննսուն ֆ. ստեռլինգը տրված, հետևապես, հաստատուն մեծություն է, ուստի անհեթեթություն է թվում այն դիտել որպես փոփոխուն մեծություն։ Բայց 90 ֆ. ստեռլինգը, կամ 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալը, այստեղ իրապես լոկ այն պրոցեսի սիմվոլն է, որի միջով անցնում է այդ արժեքը։ Կապիտալի այն մասը, որ ավանսավորվել է աշխատուժը գնելու համար, առարկայացած աշխատանքի մի որոշ քանակ է, հետևապես, արժեքի նույնքան հաստատուն մեծություն է, որքան և գնած աշխատուժի արժեքը։ Բայց արտադրության պրոցեսի մեջ ավանսավորված 90 ստեռլինգի փոխարեն հանդես է գալիս գործող աշխատուժը, մեռյալ աշխատանքի փոխարեն՝ կենդանի աշխատանքը, անշարժ մեծության փոխարեն՝ հոսուն մեծությունը, հաստատուն մեծության փոխարեն՝ փոփոխուն մեծությունը։ Հետևանքը լինում է v-ի վերարտադրությունը պլյուս v-ի աճը։ Կապիտալիստական արտադրության տեսակետից այդ ամբողջ պրոցեսը աշխատուժի վերածված սկզբնապես հաստատուն արժեքի ինքնաշարժումն է։ Ամբողջ պրոցեսն ու նրա հետևանքր վերագրվում են այդ հաստատուն արժեքին։ Ուստի, եթե 90 ֆ. ստեռլինգ փոփոխուն կապիտալ, կամ ինքնաճուն արժեք ֆորմուլան թվում է հակասությամբ լի ինչ-որ մի բան, ապա նա լոկ արտահայտում է կապիտալիստական արտադրությանը ներհատուկ հակասություններից մեկը։
Հաստատուն կապիտալը զրոյի հավասարեցնելն առաջին հայացքից տարօրինակ տպավորություն է գործում։ Այնինչ այդ հավասարեցումը շարունակ կատարվում է ամենօրյա կյանքում։ Օրինակ, եթե մեկն ուզում է հաշվել Անգլիայի շահույթը բամբակեղենի արդյունաբերությունից, ապա ամենից առաջ նա հանում է բամբակի գինը, որ վճարված է Միացյալ Նահանգներին, Հնդկաստանին, Եգիպտոսին և այլն, այսինքն՝ զրոյի է հավասարեցնում այն կապիտալային արժեքը, որը սոսկ նորից երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ։
Իհարկե, իր խոշոր տնտեսական նշանակությունն ունի հավելյալ արժեքի հարաբերությունը ո՛չ միայն կապիտալի այն մասի նկատմամբ, որից նա ծագում է անմիջաբար և որի արժեքի փոփոխությունն է ներկայացնում նա, այլ նաև ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ։ Ուստի երրորդ գրքում մենք հանգամանորեն քննում ենք այդ հարաբերությունը։ Կապիտալի մի մասն աշխատուժի փոխարկելու միջոցով մեծացնելու համար անհրաժեշտ է կապիտալի մյուս մասը փոխարկել արտադրության միջոցների։ Որպեսզի փոփոխուն կապիտալը գործի, անհրաժեշտ է հաստատուն կապիտալն ավանսավորել որոշ համամասնությամբ, որ համապատասխանում է աշխատանքի պրոցեսի որոշ տեխնիկական բնույթին։ Սակայն այն հանգամանքը, որ քիմիական որոշ պրոցեսի համար կարիք է զգացվում փորձանոթների և ուրիշ անոթների, բնավ արգելք չի լինում, որ վերլուծության ժամանակ աբստրահվենք այդ իսկ փորձանոթից։ Որչափով արժեքի ստեղծումն ու արժեքի փոփոխումը քննության են առնվում ինքնըստինքյան, այսինքն՝ մաքուր ձևով, արտադրության միջոցները, հաստատուն կապիտալի այդ իրային ներկայացուցիչները, մատակարարում են լոկ այն նյութը, որի մեջ պետք է ֆիքսացիայի ենթարկվի արժեք, ստեղծող հոսուն ուժը։ Ուստի և ոչ մի նշանակություն չունի այդ նյութի բնույթը, այսինքն՝ միևնույն է — նա բամբակ է, թե երկաթ։ Նշանակություն չունի նաև այդ նյութի արժեքը։ Անհրաժեշտ է միայն, որ նրա մասսան բավարար լինի, որպեսզի կարողանա ներծծել արտադրության պրոցեսի ժամանակ ծախսվելիք աշխատանքի քանակը։ Երբ այդ մասսան տրված է, անկախ այն պարագայից, թե նրա արժեքը կբարձրանա, կամ կընկնի, կամ նա ոչ մի արժեք չի ունենա, ինչպես հողն ու ծովը,— այդ բնավ չի շոշափի արժեքի ստեղծման ու արժեքի փոփոխման պրոցեսը[27]։
Այսպես ուրեմն, մենք ամենից առաջ զրոյի ենք հավասարեցնում կապիտալի հաստատուն մասը։ Այս դեպքում ավանսավորած կապիտալը՝ c+v-ն, վեր է ածվում v-ի, իսկ արդյունքի արժեքը՝ (c + v) + m-ը, վեր է ածվում նոր արտադրված (v + m) արժեքի։ Եթե տրված է, որ նոր արտադրված արժեքը = 180 ֆ. ստեռլինգի, որի մեջ ներկայացված է արտադրության պրոցեսի ամբողջ տևողության ընթացքում շարունակվող աշխատանքը, ապա մենք պետք է հանենք փոփոխուն կապիտալի արժեքը = 90 ֆ. ստ., որպեսզի ստանանք հավելյալ արժեքը = 90 ֆ. ստեռլինգի։ 90 ֆ. ստեռլինգը = m թիվն այստեղ արտահայտում է արտադրված հավելյալ արժեքի բացարձակ մեծությունը։ Իսկ նրա հարաբերական մեծությունը, այսինքն՝ այն համամասնությունը, որով աճել է փոփոխուն կապիտալը, ակներևորեն, որոշվում է հավելյալ արժեքի հարաբերությամբ դեպի փոփոխուն կապիտալը, կամ արտահայտվում է [math]\frac{m}{v}[/math] կոտորակով։ Հետևաբար՝ վերևի օրինակի մեջ այն կարտահայտվի [math]^{90}/_{90}[/math]= 100%-ով։ Փոփոխուն կապիտալի այս հարաբերական աճումը, կամ հավելյալ արժեքի հարաբերական մեծությունը ես անվանում եմ հավելյալ արժեքի նորմա[28]։
Մենք արդեն տեսանք, որ բանվորն աշխատանքի պրոցեսի մի մասի ընթացքում արտադրում է միայն իր աշխատուժի արժեքը, այսինքն՝ իրեն անհրաժեշտ կենսամիջոցների արժեքը։ Որովհետև նա արտադրում է աշխատանքի հասարակական բաժանման վրա հիմնված հարաբերությունների շրջանակներում, ուստի նա իր կենսամիջոցներն արտադրում է ո՛չ թե անմիջականորեն, այլ մի որոշ հատուկ ապրանքի, օրինակ, մանվածքի ձևով, արտադրում է մի արժեք, որը հավասար է իր կենսամիջոցների արժեքին կամ այն փողին, որով նա այդ կենսամիջոցներն է գնում։ Իր աշխատանքային օրվա այն մասը, որ նա գործադրում է դրա համար, կարող է ավելի մեծ կամ ավելի փոքր լինել, նայած նրա օրական միջին կենսամիջոցների արժեքին, այսինքն՝ նայած նրանց արտադրության համար պահանջվող օրական միջին աշխատաժամանակին։ Եթե բանվորի օրական կենսամիջոցների արժեքը միջին հաշվով մարմնացնում է 6 առարկայացած աշխատաժամ, ապա բանվորը միջին հաշվով պետք է օրական 6 ժամ աշխատի՝ այդ արժեքն արտադրելու համար։ Եթե նա աշխատեր ո՛չ թե կապիտալիստի համար, այլ հենց իրեն համար, ինքնուրույն կերպով, նա ստիպված կլիներ, մյուս հավասար պայմաններում, առաջվա նման միջին հաշվով աշխատել օրվա նույնպիսի մասի տևողությամբ, որպեսզի արտադրի իր աշխատուժի արժեքը և այդպիսով ձեռք բերի իր սեփական պահպանման կամ իր մշտական վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցները։ Բայց որովհետև աշխատանքային օրվա այն մասի ընթացքում, երբ նա արտադրում է աշխատուժի օրական արժեքը, ասենք՝ 3 շիլլինգ, նա միայն կապիտալիստի կողմից արդեն իրեն վճարված [Տես 28a ծանոթ.] արժեքի համարժեքն է արտադրում, այսինքն՝ նոր ստեղծված արժեքով լոկ փոխարինում է ավանսավորած փոփոխուն կապիտալային արժեքը, ուստի արժեքի այս արտադրությունը սոսկ վերարտադրություն է։ Այսպես ուրեմն, աշխատանքային օրվա այն մասը, որի ընթացքում կատարվում է այդ վերարտադրությունը, ես անվանում եմ անհրաժեշտ աշխատաժամանակ, իսկ այդ ժամանակի ընթացքում ծախսվող աշխատանքը՝ անհրաժեշտ աշխատանք[29]։ Անհրաժեշտ՝ բանվորների համար, որովհետև այդ նրանց աշխատանքի հասարակական ձևից անկախ է։ Անհրաժեշտ՝ կապիտալի ու կապիտալիստական աշխարհի համար, որովհետև բանվորի մշտական գոյությունը նրանց բազիսն է։
Աշխատանքի պրոցեսի երկրորդ շրջանը,— այն շրջանը, որի ընթացքում բանվորն աշխատում է անհրաժեշտ աշխատանքի սահմաններից դուրս,— թեև նրա վրա աշխատանք, աշխատուժի ծախսում է նստում, սակայն բանվորի համար ոչ մի արժեք չի ստեղծում։ Նա գոյացնում է հավելյալ արժեք, որը կապիտալիստին գրավում է ոչնչից բան ստեղծելու ամբողջ հրապուրանքով։ Աշխատանքային օրվա այդ մասը ես անվանում եմ հավելյալ աշխատաժամանակ, իսկ նրա ընթացքում ծախսված աշխատանքը՝ հավելյալ աշխատանք (surplus labour)։ Որքան որ ընդհանրապես արժեքը հասկանալու համար կարևոր է արժեքը որպես սոսկ կարծրացած աշխատաժամանակ, որպես սոսկ առարկայացած աշխատանք դիտելը, նույնքան էլ հավելյալ արժեքը հասկանալու համար կարևոր է հավելյալ արժեքը որպես սոսկ կարծրացած հավելյալ աշխատաժամանակ, որպես սոսկ առարկայացած հավելյալ աշխատանք դիտելը։ Միայն այն ձևը, որով այդ հավելյալ աշխատանքը քամվում է անմիջական արտադրողից՝ բանվորից, իրարից տարբերում է հասարակության տնտեսական ֆորմացիաները, օրինակ, ստրկատիրության վրա հիմնված հասարակությունը վարձու աշխատանքի հասարակությունից[30]։
Քանի որ փոփոխուն կապիտալի արժեքը հավասար է նրանով գնած աշխատուժի արժեքին, քանի որ այդ աշխատուժի արժեքով է որոշվում աշխատանքային օրվա անհրաժեշտ մասը, իսկ հավելյալ արժեքը, իր հերթին, որոշվում է աշխատանքային օրվա ավելցուկ մասով, ապա դրանից հետևում է, որ հավելյալ արժեքը հարաբերում է փոփոխուն կապիտալին, ինչպես հավելյալ աշխատանքը հարաբերում է անհրաժեշտ աշխատանքին, կամ հավելյալ արժեքի նորման [math]\frac{m}{v}=\frac{հավելյալ \ աշխատանք}{անհրաժեշտ \ աշխատանք}[/math]։ Համամասնության երկու մասերն էլ արտահայտում են միևնույն հարաբերությունը տարբեր ձևով, մի դեպքում՝ առարկայացած աշխատանքի ձևով, մյուս դեպքում՝ հոսուն աշխատանքի ձևով։
Ուստի հավելյալ արժեքի նորման կապիտալի կողմից՝ աշխատուժի կամ կապիտալիստի կողմից՝ բանվորի շահագործման աստիճանի ճշգրիտ արտահայտությունն է [Տես 30a ծանոթ.]։
Մեր ենթադրության համաձայն արդյունքի արժեքը = էր (410 ֆ. ստ. + 90 ֆ. ստ.) + 90 ֆ. ստ., (c + v) + m, ավանսավորած կապիտալը = էր 500 ֆ. ստ.։ Քանի որ հավելյալ արժեքը = 90, իսկ ավանսավորած կապիտալը = 500, ապա հաշվելու սովորական եղանակով կստացվեր, որ հավելյալ արժեքի նորման (որ շփոթում են շահույթի նորմայի հետ) = 18%, մի հարաբերություն, որի ցածր մակարդակը կհուզեր պարոն Քերիին և ներդաշնակության մյուս պաշտպաններին։ Բայց հավելյալ արժեքի նորման իրոք ո՛չ թե = [math]\frac{m}{K}[/math] կամ [math]\frac{m}{c + v}[/math], այլ [math]\frac{m}{v}[/math], հետևապես, ո՛չ թե [math]\frac{90}{500}[/math], այլ = [math]\frac{90}{90}[/math] = 100%, շահագործման թվացող աստիճանից հինգ անգամից էլ ավելի։ Թեև մենք տվյալ դեպքում չգիտենք ո՛չ աշխատանքային օրվա բացարձակ մեծությունը, ո՛չ այն ժամանակաշրջանը, որի ընթացքում շարունակվում է աշխատանքի պրոցեսը (օր. շաբաթ և այլն), վերջապես, ո՛չ էլ բանվորների այն թիվը, որ 90 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը միաժամանակ շարժման մեջ է դնում, այնուամենայնիվ, հավելյալ արժեքի [math]\frac{m}{v}[/math] նորման` քանի որ նա կարող է վերածվել [math]\frac{հավելյալ \ աշխատանք}{անհրաժեշտ \ աշխատանք}[/math] ֆորմուլային, ճիշտ ցույց է տալիս աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի փոխադարձ հարաբերությունը։ Այդ հարաբերությունը հավասար է 100%-ի։ Հետևաբար, բանվորն օրվա կեսը աշխատել է իրեն համար, իսկ մյուս կեսը՝ կապիտալիստի համար։
Այսպես ուրեմն, կարճ ասած, հավելյալ արժեքի նորման հաշվելու մեթոդն այս է. մենք վերցնում ենք արդյունքի ամբողջ արժեքը և զրոյի ենք հավասարեցնում հաստատուն այն կապիտալային արժեքը, որ միայն կրկին երևան է գալիս արդյունքի արժեքի մեջ։ Արժեքի մնացած գումարն ապրանքի գոյացման պրոցեսում միակ իրապես նոր արտադրված արժեքն է։ Եթե հավելյալ արժեքը տրված է, ապա վերջինը հանում ենք այդ նոր արտադրված արժեքից, որպեսզի գտնենք փոփոխուն կապիտալը։ Իսկ եթե տրված է փոփոխուն կապիտալը, և մենք որոնում ենք հավելյալ արժեքը, մենք հակառակ ձևով ենք վարվում։ Եթե տրված են թե՛ հավելյալ արժեքը և թե՛ փոփոխուն կապիտալը, ապա մնում է լոկ եզրափակիչ գործողությունը կատարել, հաշվել հավելյալ արժեքի հարաբերությունը փոփոխուն կապիտալի նկատմամբ՝ [math]\frac{m}{v}[/math]-ն։
Որքան էլ պարզ է այս մեթոդը, բայց և այնպես տեղին է մի քանի օրինակով ընթերցողներին վարժեցնել ըմբռնման այն եղանակին, որը կազմում է այդ մեթոդի հիմքը և որը սովորական չէ նրանց համար։
Ամենից առաջ այն մանագործարանի օրինակը, որ 10 000 մյուլ-իլիկ ունի և որտեղ ամերիկյան բամբակից № 32 մանվածք է մանվում և մեկ իլիկին շաբաթական մեկ ֆունտ մանվածք է ընկնում։ Տականքը 6% է կազմում։ Այսպես ուրեմն, 10 600 ֆ. բամբակը շաբաթվա ընթացքում վերամշակվում, դառնում է 10 000 ֆ. մանվածք և 600 ֆ. տականք։ 1871 թ. ապրիլին այդ բամբակն արժեր ֆունտը 7¾ պենս, այսինքն՝ 10 600 ֆ. բամբակը կլոր հաշվով՝ 342 ֆ. ստեռլինգ։ Այդ 10 000 իլիկը, նախապատրաստական սարքավորումն ու շոգեմեքենան ներառյալ արժե իլիկը 1 ֆ. ստեռլինգ, հետևապես, 10 000 ֆ. ստեռլինգ։ Նրանց տարեկան մաշվածքն անում է 10% = 1000 ֆ, ստեռլինգ կամ շաբաթական 20 ֆ. ստեռլինգ։ Գործարանային շենքի վարձը 300 ֆ. ստեռլինգ է, կամ շաբաթական 6 ֆ. ստեռլինգ։ Ածուխը (ժամում մեկ ձիաուժին 4 ֆ., 100 (ինդիկատորային) ձիաուժի և շաբաթական 60 ժամի համար, շենքի տաքացումն էլ ներառյալ)՝ 11 տոննա շաբաթական, տոննան 8 շիլլինգ 6 պենսով արժե կլոր հաշվով շաբաթական 4½ ֆ. ստեռլինգ, գազը՝ շաբաթական 1 ֆ. ստեռլինգ յուղը՝ շաբաթական 4½ ֆ. ստեռլինգ, հետևապես, բոլոր օժանդակ նյութերը շաբաթական 10 ֆ. ստեռլինգ։ Այսպես ուրեմն, արժեքի հաստատուն մասը շաբաթական 378 ֆ. ստեռլինգ է տալիս։ Աշխատավարձը կազմում է շաբաթական 52 ֆ. ստեռլինգ։ Մանվածքի գինը ֆունտին 12¼ պենս, 10 000 ֆունտ մանվածքի համար կկազմի 510 ֆ. ստեռլինգ. հետևապես, հավելյալ արժեքը՝ 510 ֆ. ստ. — 430 ֆ. ստ. = 80 ֆ. ստեռլինգ։ Մենք կապիտալի հաստատուն մասը՝ 378 ֆ. ստեռլինգը հավասարեցնում ենք զրոյի, որովհետև նա չի մասնակցում շաբաթական արժեքի ստեղծմանը։ Մնում է շաբաթական նոր արտադրված արժեքի 132 = 52 ֆ. ստ. + 80 ֆունտ ստեռլինգ (= v + m)։ Այսպիսով, հավելյալ արժեքի նորման = [math]^{80}/_{52}[/math] = 153[math]^{11}/_{13}[/math]% Տասժամյա միջին աշխատանքային օրվա համար ստացվում է՝ անհրաժեշտ աշխատանքը = 3[math]^{31}/_{33}[/math] ժամի և հավելյալ աշխատանքը = 6[math]^2/_{33}[/math] ժամի[31]։
Ջեկոբը, ընդունելով, որ մի կվարտեր ցորենի գինը 80 շիլլինգ է, և մեկ ակրի միջին բերքը 22 բուշել է, այնպես որ մեկ ակրից 11 ֆ. ստեռլինգ է ստացվում, 1815 թվականի համար բերում է հետևյալ հաշիվը, որը լուրջ պակասություններ ունի,— որովհետև նրա մեջ նախապես կատարված է տարբեր հոդվածների փոխադարձ ծածկում,— բայց որը բավարար է մեր նպատակի համար.
Արժեքի արտադրությունը մեկ ակրից | |||||||||
Սերմացու (ցորեն) | 1 | ֆ. ստ. | 9 | շիլլինգ | Տասանորդներ, տուրքեր և հարկեր | 1 | ֆ. ստ. | 1 | շիլլինգ |
Պարարտանյութ | 2 | ֆ. ստ. | 10 | » | Ռենտա | 1 | ֆ. ստ. | 8 | » |
Աշխատավարձ | 3 | ֆ. ստ. | 10 | » | Ֆերմերի շահույթ ու տոկոս | 1 | ֆ. ստ. | 2 | » |
Ընդամենը | 7 | ֆ. ստ. | 9 | շիլլինգ | Ընդամենը | 3 | ֆ. ստ. | 11 | շիլլինգ |
Այն մշտական ենթադրությամբ, թե արդյունքի գինը = նրա արժեքին, հավելյալ արժեքը այստեղ տրոհվում է տարբեր հոդվածների՝ շահույթ, տոկոս, տասանորդներ և այլն։ Այդ հոդվածները մեզ համար հետաքրքրություն չունեն։ Մենք դրանք գումարում ենք և ստանում 3 ֆ. ստեռլինգ 11 շիլլինգ հավելյալ արժեք։ Սերմացուի և պարարտանյութի արժեք 3 ֆ. ստեռլինգ 19 շիլլինգը, որպես կապիտալի հաստատուն մաս, մենք հավասարեցնում ենք զրոյի։ Մնում է ավանսավորած 3 ֆ. ստեռլինգ 10 շիլլինգ փոփոխուն կապիտալը, որի փոխարեն արտադրված է 3 ֆ. ստ. 10 շիլլինգ + 3 ֆ. ստ. 11 շիլլինգ նոր արժեքը։ Այսպիսով, [math]\frac{m}{v}[/math] կազմում է [math]\frac{3 \ ֆ. \ ստ. \ 11 \ շիլլինգ}{3 \ ֆ. \ ստ. \ 10 \ շիլլինգ}[/math], 100%-ից ավելի։ Բանվորն իր աշխատանքային օրվա կեսից ավելին գործադրում է արտադրելու համար հավելյալ արժեք, որը զանազան անձինք զանազան պատրվակներով բաշխում են իրենց միջև [Տես 31a ծանոթ.]։
2. ԱՐԴՅՈՒՆՔԻ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ՄԵՋ
Հիմա վերադառնանք այն օրինակին, որը մեզ ցույց տվեց, թե կապիտալիստն ինչպես է փողից կապիտալ ստեղծում։ Նրա մանողի անհրաժեշտ աշխատանքը կազմում է 6 ժամ, հավելյալ աշխատանքը՝ նույնքան, ուստի բանվորի շահագործման աստիճանը 100% է։
Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքը 20 ֆ. մանվածքն է 30 շիլլինգ արժեքով։ Մանվածքի այս արժեքի ոչ պակաս քան [math]^8/_{10}[/math]-ը (24 շիլլինգ) գոյացել է արտադրության գործադրված միջոցների լոկ կրկին երևան եկող արժեքով (20 ֆ. բամբակը 20 շիլլինգ, իլիկները և այլն 4 շիլլինգ), կամ կազմված է հաստատուն կապիտալից։ Մնացած [math]^2/_{10}[/math]-ը մանելու պրոցեսի ժամանակ առաջ եկած 6 շիլլինգ նոր արժեքն է, որի կեսը փոխհատուցում է աշխատուժի ավանսավորած օրական արժեքը, կամ փոփոխուն կապիտալը, իսկ մյուս կեսը կազմում է հավելյալ արժեքը՝ 3 շիլլինգ։ Հետևաբար, այդ 20 ֆ. մանվածքի ամբողջ արժեքը կազմվում է հետևյալ կերպով.
մանվածքի 30 շիլլինգ արժեքը = 24 շիլլ. + 3 շիլլ. + 3 շիլլ. (= c + v + m)։
Քանի որ այդ ամբողջ արժեքը մարմնանում է 20 ֆ. մանվածք ներկայացնող ամբողջ արդյունքի մեջ, ուստի արժեքի տարբեր տարրերը ևս կարելի կլիներ արտահայտել արդյունքի հարաբերական մասերի մեջ։
Եթե 30 շիլլինգ արժեքը գոյություն ունի 20 ֆ. մանվածքի մեջ, ապա այդ արժեքի [math]^8/_{10}[/math]-ը կամ 24 շիլլինգ հաստատուն մասը պարունակում է արդյունքի [math]^8/_{10}[/math]-ի մասի մեջ, այսինքն՝ 16 ֆ. մանվածքի մեջ։ Նրանցից 13[math]^1/_3[/math] ֆ. ներկայացնում է հում նյութի՝ 20 շիլլինգ արժեցող մանած բամբակի արժեքը, իսկ 2[math]^2/_3[/math] ֆունտը՝ գործադրված օժանդակ նյութերի և աշխատանքի միջոցների, իլիկների և այլն 4 շիլլինգ արժեքը։
Այսպես ուրեմն, 13[math]^1/_3[/math] ֆ. մանվածքը ներկայացնում է ամբողջ արդյունքի՝ 20 ֆ. մանվածքի վրա գործադրված ամբողջ բամբակը, ներկայացնում է ամբողջական արդյունքի հում նյութը, և ուրիշ ոչինչ։ Թեև նրա մեջ պարունակվում է ընդամենը 13[math]^1/_3[/math] շիլլինգ արժեքի ֆ. բամբակ, բայց նրա շիլլինգ հավելութային արժեքը կազմում է մնացած 6[math]^2/_3[/math] մանվածքի վրա գործադրված բամբակի համարժեքը։ Գործն այնպես է պատկերանում, որ կարծես վերջին 6[math]^2/_3[/math] ֆունտ մանվածքից պոկված հանված է բամբակը, և ամբողջական արդյունքի ամբողջ բամբակը միասին խցկած է 13[math]^1/_3[/math] ֆունտ մանվածքի մեջ։ Բայց դրա փոխարեն հիմա 13[math]^1/_3[/math] ֆ. մանվածքի մեջ չի պարունակվում ո՛չ գործադրված օժանդակ նյութերի ու աշխատամիջոցների արժեքի, ոչ էլ մանելու պրոցեսի մեջ ստեղծված նոր արժեքի ոչ մի ատոմ։
Ճիշտ այդպես էլ հետագա 2[math]^2/_3[/math] ֆ. մանվածքը, որի մեջ պարունակված է հաստատուն կապիտալի մնացորդը (= 4 շիլլինգ), ուրիշ ոչինչ չի ներկայացնում, բացի ամբողջ արդյունքի՝ 20 ֆ. մանվածքի վրա գործադրված օժանդակ նյութերի ու աշխատամիջոցների արժեքից։
Այսպիսով, արդյունքի [math]^8/_{10}[/math]-ը, կամ 16 ֆունտ մանվածքը, որ քննության է առնվում նրա մարմնական ձևի մեջ, որպես սպառողական արժեք, որպես մանվածք, թեև մանելու աշխատանքի ստեղծագործությունն է նույնքան, որքան և արդյունքի մնացած մասերը, այնուամենայնիվ, մեր վերցրած կապակցությամբ քննելով՝ չի պարունակում մանելու աշխատանք, մանելու բուն իսկ պրոցեսի ժամանակ ներծծված աշխատանք։ Գործն այնպես է ներկայանում, որ կարծես թե հիշյալ 16 ֆունտ մանվածքն առանց մանելու է մանվածք դարձել և նրա մանվածքի ձևը մի բացարձակ պատրանք է։ Եվ, իրոք, եթե կապիտալիստը այդ մանվածքը ծախի 24 շիլլինգով և դրանով նորից գնի արտադրության իր միջոցները, ապա ակներև կդառնա, որ 16 ֆ. մանվածքը ներկայացնում է լոկ վերազգեստավորված բամբակ, իլիկներ, քարածուխ և այլն։
Ընդհակառակը, արդյունքի մնացած [math]^2/_{10}[/math]-ը կամ 4 ֆ. մանվածքը հիմա ուրիշ ոչինչ չի ներկայացնում, բացի մանելու տասներկուժամյա պրոցեսի ժամանակ արտադրված 6 շիլլինգի նոր արժեքից։ Օգտագործված հում նյութերի և աշխատանքի միջոցների այն արժեքը, որ պարունակվում էր այդ մանվածքի մեջ, նրանից արդեն դուրս է կորզված և մտել է առաջին 16 ֆունտ մանվածքի մեջ։ 20 ֆ. մանվածքի մեջ մարմնացած մանելու աշխատանքը կենտրոնացված է արդյունքի [math]^2/_{10}[/math]-ի մեջ։ Բանն այնպես է ներկայանում, որ կարծես թե մանողը 4 ֆունտ մանվածքը օդից է մանել կամ այնպիսի բամբակից ու այնպիսի իլիկներով է մանել, որոնք տրված լինելով բնությունից, առանց մարդկային աշխատանքի աջակցության, ոչ մի արժեք չեն միացնում արդյունքին։
Այդ 4 ֆունտ մանվածքի մեջ, որը, այսպիսով, պարունակում է մանելու օրական պրոցեսի ժամանակ նոր արտադրված ամբողջ արժեքը, մի կեսը ներկայացնում է այն արժեքը, որով փոխհատուցվում է օգտագործված աշխատուժի արժեքը միայն, այսինքն՝ լոկ 3 շիլլինգ փոփոխուն կապիտալը, իսկ մնացած 2 ֆունտ մանվածքը՝ միայն 3 շիլլինգ հավելյալ արժեքը։
Քանի որ մանողի 12 աշխատաժամն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ուստի 30 շիլլինգի մանվածքի մեջ առարկայացված է 60 աշխատաժամ։ Այդ 60 ժամը գոյություն ունի 20 ֆունտ մանվածքի մեջ, որից [math]^8/_{10}[/math]-ը կամ 16 ֆունտը մանելն սկսվելուց առաջ անցած 48 աշխատաժամերի նյութականացումն է, այսինքն՝ մանվածքի արտադրամիջոցների մեջ առարկայացված աշխատանքի նյութականացումը, իսկ [math]^2/_{10}[/math]-ը կամ 4 ֆունտը մանելու բուն պրոցեսում ծախսված 12 աշխատաժամի նյութականացումը։
Առաջներում մենք տեսանք, որ մանվածքի արժեքը հավասար է մանվածքի արտադրության ժամանակ ստեղծված նոր արժեքի գումարին, պլյուս նրա արտադրության միջոցների մեջ դրանից առաջ արդեն գոյություն ունեցող արժեքը։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես արդյունքի արժեքի ֆունկցիապես կամ էապես տարբեր բաղկացուցիչ մասերը կարելի է ներկայացնել բուն արդյունքի հարաբերական մասերի մեջ։
Արդյունքի — արտադրության պրոցեսի հետևանքի — այդ տրոհումը արդյունքի մի քանակի, որ միայն արտադրության միջոցների մեջ պարունակված աշխատանքը կամ կապիտալի հաստատուն մասն է ներկայացնում, մի ուրիշ քանակի, որ միայն արտադրության պրոցեսում միացված անհրաժեշտ աշխատանքը կամ կապիտալի փոփոխուն մասն է ներկայացնում, և արդյունքի երրորդ, վերջին քանակի, որ նույն պրոցեսում միացված հավելյալ աշխատանքը կամ հավելյալ արժեքն է ներկայացնում,— այդ տրոհումը նույնքան պարզ է, որքան և կարևոր, ինչպես այդ ցույց կտա նրա հետագա կիրառումը խճճված ու դեռևս չլուծված պրոբլեմների նկատմամբ։
Վերը մենք քննում էինք ամբողջ արդյունքը որպես տասներկուժամյա աշխատանքային օրվա պատրաստի հետևանք։ Բայց մենք կարող էինք արդյունքն ուսումնասիրել նաև նրա ծագման պրոցեսում և այնուամենայնիվ, նրա մասնական արդյունքները պատկերացնել որպես արդյունքի ֆունկցիապես տարբեր մասեր։
Մանողը 12 ժամում արտադրում է 20 ֆ. մանվածք, հետևապես, մեկ ժամում 1[math]^2/_3[/math], իսկ 8 ժամում 13[math]^1/_3[/math] ֆունտ, այսինքն՝ մի մասնական արդյունք, որը ներկայացնում է ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մանած բամբակի ամբողջ արժեքը։ Ճիշտ նույն կերպով էլ հետևյալ 1 ժամ 36 րոպեի մասնական արդյունքը = 2[math]^2/_3[/math] ֆ. մանվածքի, ուստի և ներկայացնում է 12 աշխատաժամում գործադրված աշխատանքի միջոցների արժեքը։ Ճիշտ նույն ձևով էլ մանողը հաջորդ 1 ժամ 12 րոպեում արտադրում է 2 ֆունտ մանվածք = 3 շիլլինգի,— արդյունքի այն արժեքը, որ հավասար է 6 ժամ անհրաժեշտ աշխատանքի ընթացքում նրա արտադրած ամբողջ նոր արժեքին։ Վերջապես, նա վերջին [math]^6/_5[/math] ժամում արտադրում է դարձյալ 2 ֆունտ մանվածք, որի արժեքը հավասար է հավելյալ աշխատանքով, այսինքն՝ կես օրվա աշխատանքով արտադրված հավելյալ արժեքին։ Հաշվելու այս եղանակը անգլիական գործարանատիրոջը ծառայում է տնային գործածության համար, և նա կասի, օրինակ, որ ինքն առաջին 8 ժամում կամ աշխատանքային օրվա [math]^2/_3[/math]-ում լոկ իր բամբակի գինն է դուրս բերում և այլն։ Մենք տեսնում ենք, որ ֆորմուլան ճիշտ է, որ իրոք այդ միայն առաջին ֆորմուլան է, որը մի տարածությունից, որտեղ արդյունքի մասերը պատրաստի ընկած են իրար կողքի, փոխադրված է ժամանակի մեջ, որտեղ նրանք հաջորդում են միմյանց։ Բայց ֆորմուլան կարող է ուղեկցվել նաև ամենաբարբարոսական պատկերացումներով, հատկապես այնպիսի ուղեղներում, որոնք գործնականորեն նույնքան շահագրգռված են արժեքի աճումով, որքան և այն բանով, որ նրա մասին թեորիական աղավաղված պատկերացում տան։ Այսպես, կարելի է երևակայել, որ մեր մանողը, օրինակ, իր աշխատանքային օրվա առաջին 8 ժամում արտադրում, կամ փոխհատուցում է բամբակի արժեքը, հետևյալ 1 ժամ 36 րոպեում՝ գործադրված աշխատանքի միջոցների արժեքը, հաջորդ 1 ժամ ու 12 րոպեում աշխատավարձի արժեքը և միայն հռչակավոր «վերջին ժամն» է նվիրում գործարանատիրոջը, հավելյալ արժեքի արտադրությանը։ Այսպիսով, մանողին վերագրվում է երկակի հրաշք, դուրս է գալիս, նախ, որ նա բամբակ, իլիկներ, շոգեմեքենա, քարածուխ, յուղ և այլ բաներ է արտադրում հենց այն րոպեին, երբ նա նրանց օգնությամբ մանում է և, երկրորդ, այն, որ լարվածության տվյալ աստիճան ն ունեցող մեկ աշխատանքային օրից նա հինգ նույնպիսի օր է ստեղծում։ Այսպես, օրինակ, մեր վերցրած դեպքում հում նյութի և աշխատանքի միջոցների արտադրությունը պահանջում է [math]^{24}/_6[/math] = տասներկուժամյա 4 աշխատանքային օր, և նրանց՝ մանվածքի վերածելը՝ դարձյալ մի տասներկուժամյա աշխատանքային օր։ Որ գիշատչությունը հավատում է այդպիսի հրաշքների և դրանք ապացուցելու համար նա դոկտրինյոր- սիկոֆանտներ փնտրելու կարիք չի զգում, ցույց է տալիս հետևյալ օրինակը, որ պատմական հռչակ է ստացել։
3. ՍԵՆԻՈՐԻ «ՎԵՐՋԻՆ ԺԱՄԸ»
1836 թվականի մի գեղեցիկ առավոտ Նասսաու Վ. Սենիորը, որ հայտնի էր իր տնտեսագիտական գիտելիքներով և իր հիանալի ոճով, որը մի տեսակ Կլաուրեն էր անգլիական տնտեսագետների մեջ, Օքսֆորդից կանչվեց Մանչեստր, որ այստեղ քաղաքատնտեսություն սովորի՝ փոխարեն Օքսֆորդում քաղաքատնտեսություն սովորեցնելու։ Գործարանատերերը նրան ըմբիշ ընտրեցին՝ կռվելու նոր հրատարակված Factory Act-ի [գործարանային օրենքի] դեմ և տասժամյա աշխատանքային օրվա ագիտացիայի դեմ, որը ավելի հեռու էր գնում։ Իրենց հատուկ գործնական խորաթափանցությամբ նրանք տեսնում էին, որ պարոն պրոֆեսորը «wanted a good deal of finishing» [դեռ կարգին կարիք ունի վերջնական մշակման]։ Ուստի նրան բերին Մանչեստր։ Պարոն պրոֆեսորը իր ոճով գեղազարդեց Մանչեստրում գործարանատերերից ստացած դասերը և հրատարակեց մի պամֆլետ. «Letters on the Factory Act, as it affects the cotton manufacture». London 1837։ Այստեղ կարելի է գտնել, ի միջի այլոց, հետևյալ ուսանելի հատվածները.
«Արդի օրենքի համաձայն ոչ մի գործարան, որտեղ աշխատում են 18 տարեկանից փոքր անձեր, չի կարող օրական 11½ ժամից ավելի աշխատել, այսինքն՝ շաբաթվա առաջին 5 օրում՝ 12-ական ժամ և 9 ժամ էլ շաբաթ օրը։ Հետևյալ վերլուծությունը (!) ցույց է տալիս, որ մի այդպիսի գործարանում ամբողջ զուտ շահույթն ստացվում է վերջին ժամից։ Գործարանատերը ծախսում է 100 000 ֆ. ստեռլինգ՝ 80 000 ֆ. ստեռլինգը գործարանի շենքի ու մեքենաների վրա, 20 000 ֆ. ստ. հում նյութի ու աշխատավարձի վրա։ Ենթադրելով, որ կապիտալը տարեկան շրջան է գործում մի անգամ, և համախառն շահույթն անում է 15%, այդ գործարանի ապրանքների տարեկան շրջապտույտը պետք է կազմի 115 000 ֆ. ստեռլինգ արժեք... Աշխատանքային օրը կազմող 23 կես ֊աշխատաժամերից ամեն մեկն օրական արտադրում է այդ 115 000 ֆ. ստեռլինգի [math]^5/_{115}[/math]-ը կամ [math]^1/_{23}[/math]-ը։ Այդ [math]^{23}/_{23}[/math]-ից, որ կազմում է ամբողջ 115 000 ֆ. ստեռլինգը (constituting the whole 115 000 ֆ. ստ.), [math]^{20}/_{23}[/math], այսինքն՝ 115 000-ից 100 000-ը միայն փոխհատուցում է կապիտալը, [math]^1/_{23}[/math]-ը, կամ 15 000 ֆ. ստեռլինգ համախառն շահույթից (!) 5000-ը փոխհատուցում են գործարանի ու մեքենաների մաշվածքը։ Մնացած [math]^2/_{23}[/math]-ը, այսինքն՝ յուրաքանչյուր օրվա վերջին երկու կես ժամն արտադրում են 10% զուտ շահույթը։ Ուստի, եթե գներն անփոփոխ մնալու դեպքում գործարանը կարողանար 11½ ժամի փոխարեն 13 ժամ աշխատել, ապա շրջանառու կապիտալը մոտավորապես 2600 ֆ. ստեռլինգով ավելանալու դեպքում զուտ շահույթը կաճեր երկու անգամից ավելի։ Մյուս կողմից, եթե աշխատանքային օրը կրճատվեր 1 ժամով, ապա զուտ շահույթը կչքանար, իսկ 1½ ժամով կրճատվելու դեպքում կչքանար նաև համախառն շահույթը»[32]։
Եվ պարոն պրոֆեսորն այդ անվանում է «վերլուծությո՜ւն»։ Եթե նա իրոք հավատացել էր գործարանատերերի վայնասունին, թե բանվորներն օրվա մեծ մասը վատնում են շենքերի, մեքենաների, բամբակի, քարածխի ու այլ նյութերի արժեքի արտադրության, ուրեմն և նրանց վերարտադրության կամ փոխհատուցման վրա, ապա ամեն մի վերլուծություն ավելորդ էր։ Նա կարող էր պարզապես պատասխանել. Մեծարգո՛ պարոններ, եթե դուք 11½ ժամի փոխարեն 10 ժամ աշխատեցնեք, ապա մյուս հավասար պայմաններում բամբակի, մեքենաների և այլ նյութերի օրական սպառումը 1½ ժամով կկրճատվի։ Հետևաբար, դուք կշահեք ճիշտ այնքան, որքան կորցրել եք։ Ապագայում ձեր բանվորները ավանսավորած կապիտալի արժեքը վերարտադրելու կամ փոխհատուցելու համար 1½ ժամ ավելի քիչ կծախսեն։ Իսկ եթե Սենիորը չհավատար նրանց խոսքին և որպես իրազեկ մարդ՝ անհրաժեշտ համարեր առանձին վերլուծությունը, ապա նա պետք է ամենից առաջ խնդրեր պարոնայք գործարանատերերին, որ նրանք մի հարցում, որը բացառապես վերաբերում է զուտ շահույթի՝ աշխատանքային օրվա մեծության հետ ունեցած հարաբերությանը, մի խայտաբղետ կույտի մեջ իրար հետ չխառնեին մեքենաներն ու գործարանային շենքը, հում նյութն ու աշխատանքը, այլ բարեհաճեին գործարանային շենքերի, մեքենաների, հում նյութի և այլ տարրերի պարունակվող հաստատուն կապիտալը դնել մի կողմ, իսկ աշխատավարձի համար ավանսավորած կապիտալը՝ մյուս կողմը։ Եթե այն ժամանակ երևար, որ, օրինակ, գործարանատերերի հաշվարկումների համաձայն բանվորը [math]^2/_2[/math] աշխատանքային ժամում կամ մեկ ժամում է վերարտադրում կամ փոխհատուցում աշխատավարձը, ապա մեր վերլուծողը պետք է շարունակեր.
Ձեր տվյալների համաձայն՝ բանվորը նախավերջին ժամում ստանում է իր աշխատավարձը, իսկ վերջին ժամում ձեր հավելյալ արժեքը կամ զուտ շահույթը։ Քանի որ նա ժամանակի հավասար հատվածներում հավասար արժեքներ է արտադրում, ուստի նախավերջին ժամի արդյունքը նույն արժեքն անի, ինչ որ վերջին ժամի արդյունքը։ Այնուհետև, բանվորն արժեք է արտադրում այն պայմանով միայն, եթե նա աշխատանք է ծախսում, և նրա աշխատանքի քանակը չափվում է նրա աշխատաժամանակով։ Վերջինը, ձեր տվյալների համաձայն, անում է օրական 11½ ժամ։ Այդ 11½ ժամի մի մասը նա գործադրում է իր աշխատավարձն արտադրելու կամ փոխհատուցելու իսկ մյուս մասը՝ ձեր զուտ շահույթն արտադրելու վրա։ Նա այլևս ուրիշ բան չի անում աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ որովհետև ձեր պնդման համաձայն, նրա աշխատավարձն ու մատակարարած հավելյալ արժեքը հավասարամեծ արժեքներ են, ապա նա, ակներև է, 5¾ ժամում արտադրում է իր աշխատավարձը և մնացած 5¾ ժամում՝ ձեր զուտ շահույթը։ Այնուհետև, քանի որ մանելու երկու ժամում արտադրված արդյունքի արժեքը հավասար է նրա աշխատավարձի արժեքին, պլյուս ձեր զուտ շահույթի գումարը, ուստի մանվածքի այդ արժեքը պետք է չափվի 11½ աշխատաժամով. նախավերջին ժամի արդյունքը՝ 5¾ աշխատաժամով, վերջին ժամինը՝ ditto [նույնպես]։ Հիմա մենք մոտենում ենք մի փափուկ կետի։ Ուրե՜մն, ուշադրթյո՜ւն։ Նախավերջին աշխատաժամը մի նույնպիսի սովորական աշխատաժամ է, ինչպես առաջինը։ Ni plus, ni moins [Ոչ ավելի, ոչ պակաս]։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է մանողը մեկ աշխատաժամում արտադրել մանվածքի մի այնպիսի արժեք, որը 5¾ աշխատաժամ է ներկայացնում։ Իրոք, նա ոչ մի այդպիսի հրաշք չի էլ կատարում։ Այն սպառողական արժեքը, որ նա արտադրում է մեկ աշխատաժամում, մանվածքի մի որոշ քանակ է։ Այդ մանվածքի արժեքը չափվում է 5¾ աշխատաժամով, որից 4¾-ը առանց նրա աջակցության պարունակվում է մի ժամում գործադրված արտադրամիջոցների մեջ — բամբակի, մեքենայի և այլն, իսկ [math]^4/_4[/math]-ը կամ մեկ ժամը միացված է հենց նրա կողմից։ Այսպես ուրեմն, քանի որ նրա աշխատավարձն արտադրվում է 5¾ ժամում, իսկ մանելու մեկ ժամում արտադրած արդյունքը նույնպես 5¾ աշխատաժամ է պարունակում, ուստի ոչ մի կախարդություն չկա ամենևին այն բանի մեջ, որ մանելու 5¾ աշխատաժամի ընթացքում նրա արտադրած նոր արժեքը հավասար է մանելու մեկ ժամի արդյունքի արժեքին։ Բայց դուք բոլորովին մոլորվում եք, եթե կարծում եք, թե բանվորը իր աշխատանքային օրվա թեկուզ մի ատոմը ծախսում է բամբակի, մեքենաների և արտադրության այլ տարրերի արժեքը վերարտադրելու կամ «փոխհատուցելու» վրա։ Շնորհիվ այն բանի, որ բանվորի աշխատանքը բամբակից իլիկների միջոցով մանվածք է պատրաստում, շնորհիվ այն բանի, որ նա մանում է, բամբակի ու իլիկների արժեքը ինքն իրեն փոխանցվում է մանվածքին։ Այդ նրա աշխատանքի որակի և ոչ թե քանակի հետևանքն է։ Իհարկե, մի ժամում նա բամբակի և այլ նյութերի ավելի շատ արժեք կփոխանցի մանվածքին, քան ½ ժամում, բայց միայն այն պատճառով, որ նա 1 ժամում ավելի շատ բամբակ կմանի քան ½ ժամում։ Ուրեմն, ձեզ պետք է հասկանալի լինի հետևյալը, ձեր այն պնդումը, թե իբր բանվորը նախավերջին ժամում արտադրում է իր աշխատավարձի արժեքը, իսկ վերջին ժամում՝ զուտ շահույթը, միայն այն է նշանակում, որ բանվորի աշխատանքային օրվա երկու ժամվա մանվածքի արդյունքը ներկայացնող արժեքի մեջ, առաջին ժամերը կլինեն դրանք թե վերջին ժամերը, միևնույն է, — մարմնացած է 11½ աշխատաժամ,— ճիշտ այնքան, որքան հաշվվում է նրա ամբողջ աշխատանքային օրվա մեջ։ Իսկ այն պնդումը, թե նա առաջին 5¾ ժամում արտադրում է իր աշխատավարձը, իսկ վերջին 5¾ ժամում՝ ձեր զուտ շահույթը, միայն այն է նշանակում, որ դուք առաջին 5¾ ժամը վարձատրում եք, իսկ վերջին 5¾ ժամը չեք վարձատրում։ Ես աշխատանքի վարձատրման և ոչ թե աշխատուժի վարձատրման մասին եմ խոսում, պարզապես օգտվելով ձեր խժդժաբանությունից։ Հիմա, ողորմա՛ծ պարոններ, եթե դուք համեմատեք այն աշխատաժամանակի հարաբերությունը, որը դուք վարձատրում եք, այն աշխատաժամանակի հետ, որը դուք չեք վարձատրում, ապա դուք կգտնեք, որ նա հավասար է ½ օրվա հարաբերությանը ½ օրվան, հետևաբար, 100% է, որը, անշուշտ, շատ լավ տոկոս է։ Նմանապես ոչ մի կասկածի ենթակա չէ, որ եթե դուք հարկադրեք ձեր «ձեռքերին» 11½ ժամի փոխարեն 13 ժամ աշխատելու և ավելցուկ 1½ ժամը պարզապես միացնեք հավելյալ աշխատանքին, որ միանգամայն կհամապատասխաներ ձեր ոգուն, ապա այդ հավելյալ աշխատանքը 5¾ ժամից կաճի մինչև 7¼ ժամ, ուստի և հավելյալ արժեքի նորման 100%-ից կբարձրանա 126[math]^2/_{23}[/math]%-ի։ Բայց դուք չափազանց խելագար սանգվինիկներ եք, եթե հույս ունեք, թե 1½ ժամը միացնելու հետևանքով հավելյալ արժեքի նորման 100-ից կբարձրանա 200%-ի և մինչև անգամ 200%-ից ավելի, այսինքն՝ նա «ավելի քան կկրկնապատկվի»։ Մյուս կողմից, մարդու սիրտը զարմանալի բան է, մանավանդ եթե մարդ սիրտը իր քսակում է կրում,— դուք չափազանց խելացնոր հոռետեսներ եք, եթե վախենում եք, որ աշխատանքային օրը 11½ ժամից 10½ ժամի վերածելով ձեր ամբողջ զուտ շահույթը կփոշիանա։ Ամենևին ո՛չ։ Բոլոր մյուս հավասար պայմաններում հավելյալ աշխատանքը 5¾ ժամից կիջնի մինչև 4¾ ժամ, որ դարձյալ դեռ հավելյալ արժեքի շատ զգալի նորմա է տալիս, այն է՝ 82[math]^{14}/_{23}[/math]%։ Բայց ձեր ճակատագրական «վերջին ժամը», որի մասին դուք ավելի շատ հեքիաթներ եք պատմում, քան խիլիաստները աշխարհի վերջի մասին,— «all bosh» [մի կատարյալ անհեթեթություն է]։ Նրա կորուստը ձեզ չի զրկի «զուտ շահույթից» և ձեր վերամշակած երկու սեռի երեխաներից չի խլի նրանց «հոգեկան անբծությունը» [Տես 32a ծանոթ.]։
Երբ մի գեղեցիկ օր իսկապես կհնչի ձեր «վերջին ժամը», մտաբերեցե՛ք Օքսֆորդի պրոֆեսորին։ Իսկ առայժմ ցհաճելի տեսություն լավագույն աշխարհում։ Addio!...[33] 1836 թվականին Սենիորի հայտնագործած «վերջին ժամի» ազդանշանը նորից տվեց 1848 թվականի ապրիլի 15-ին, Լոնդոնի «Economist»-ում, Ջեմս Վիլսոնը, տնտեսագիտական գլխավոր մանդարիններից մեկը, այն բանակռվի մեջ, որ նա մղում էր 10-ժամյա աշխատանքային օրվա օրենքի դեմ։
4. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ
Արդյունքի այն մասը (20 ֆ. մանվածքի [math]^1/_{10}[/math]-ը կամ § 2 օրինակի մեջ 2 ֆունտ մանվածքը), որի մեջ ներկայանում է հավելյալ արժեքը, մենք անվանում ենք հավելյալ արդյունք (surplus produce, produit net)։ Ինչպես որ հավելյալ արժեքի նորման որոշվում է այդ արժեքի հարաբերությամբ ո՛չ թե կապիտալի ամբողջ գումարի հետ, այլ կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ, այնպես էլ հավելյալ արդյունքի մակարդակը որոշվում է ո՛չ թե մնացած ամբողջ արդյունքի հետ նրա ունեցած հարաբերությամբ, այլ արդյունքի միայն այն մասի հետ ունեցած հարաբերությամբ, որի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատանքը։ Ինչպես որ հավելյալ արժեքի արտադրությունը կապիտալիստական արտադրության որոշիչ նպատակն է, այնպես էլ հարստության աստիճանը չափվում է ո՛չ արդյունքի բացարձակ մեծությամբ, այլ հավելյալ արդյունքի հարաբերական մեծությամբ[34]։
Անհրաժեշտ աշխատանքի և հավելյալ աշխատանքի գումարը, այն ժամանակամիջոցների գումարը, որոնց ընթացքում բանվորն իր աշխատուժը փոխհատուցող արժեք և հավելյալ արժեք է արտադրում, կազմում են նրա աշխատաժամանակի բացարձակ մեծությունը— աշխատանքային օրը (working day)։
ՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ
1. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Մենք ելնում էինք այն ենթադրությունից, թե աշխատուժը գնվում և վաճառվում է իր արժեքով։ Ինչպես ամեն մի ուրիշ ապրանքի արժեք, այնպես էլ աշխատուժի արժեքը որոշվում է նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Հետևաբար, եթե բանվորի սպառած օրական միջին կենսամիջոցների արտադրության համար պահանջվում է 6 ժամ, ապա նա պետք է օրական միջին հաշվով 6 ժամ աշխատի, որպեսզի ամեն օր իր աշխատուժն արտադրի, կամ այդ ուժը վաճառելիս նրա դիմաց ստացվող արժեքը վերարտադրի։ Այդ դեպքում նրա աշխատանքային օրվա անհրաժեշտ մասը կազմում է 6 ժամ, ուստի և մյուս հավասար պայմաններում տվյալ մեծություն է։ Բայց դրանով դեռ չի որոշվում բուն աշխատանքային օրվա մեծությունը։
Ենթադրենք, որ a------------b գիծը պատկերում է անհրաժեշտ աշխատաժամանակի տևողությունը կամ երկարությունը, որը հավասար է, ասենք, 6 ժամի։ Նայած թե աշխատանքը ab գծից այն կողմը 1, 3 կամ 6 և ավելի ժամ կշարունակվի, մենք կստանանք երեք տարբեր գծեր՝
Աշխատանքային օր I
a------------b--c
Աշխատանքային օր II
a------------b------c
Աշխատանքային օր III
a------------b------------c
որոնք ներկայացնում են երեք տարբեր աշխատանքային օր՝ 7, 9 և 12 ժամ։ ab գծի շարունակությունը հանդիսացող bc գիծը պատկերում է հավելյալ աշխատանքի երկարությունը։ Քանի որ աշխատանքային օրը = ab + bc, կամ ac, ուստի նա փոփոխվում է bc փոփոխուն մեծության հետ։ Քանի որ ab-ն տրված մեծություն է, ուստի bc-ի հարաբերությունը դեպի ab միշտ կարող է չափվել։ I աշխատանքային օրվա մեջ այդ հարաբերությունը կազմում է ab-ի [math]^1/_6 [/math]-ը, II աշխատանքային օրվա մեջ՝ [math]^3/_6 [/math]-ը, և III աշխատանքային օրվա մեջ՝ [math]^6/_6 [/math]-ը։ Այնուհետև, քանի որ [math]\frac{հավելյալ \ աշխատաժամանակ}{անհրաժեշտ \ աշխատաժամանակ}[/math] հարաբերությունը որոշում է հավելյալ արժեքի նորման, ապա վերջինը տրված է, եթե հայտնի է այդ գծերի հարաբերությունը։ Նա վերևում բերված երեք աշխատանքային օրերում համապատասխանորեն կազմում է [math]16^2/_3 [/math], 50 և 100%։ Ընդհակառակը, մենակ հավելյալ արժեքի նորման մեզ չէր կարող տալ աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե այդ նորման, օրինակ, հավասար լիներ 100%-ի, աշխատանքային օրը կարող էր տևել 8, 10, 12 ժամ և այլն։ Հավելյալ արժեքի նորման ցույց կտար, որ աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերը՝ անհրաժեշտ աշխատանքն ու հավելյալ աշխատանքը, հավասար են իրենց մեծությամբ, բայց ցույց չէր տա, թե որքան մեծ է այդ մասերից ամեն մեկը։
Այսպես ուրեմն, աշխատանքային օրը ո՛չ թե հաստատուն, այլ փոփոխուն մեծություն է։ Ճիշտ է, նրա մասերից մեկը որոշվում է իր իսկ բանվորի մշտական վերարտադրման համար պահանջվող աշխատաժամանակով, բայց նրա ընդհանուր մեծությունը փոփոխվում է հավելյալ աշխատանքի երկարության կամ տևողության հետ միասին։ Ուստի աշխատանքային օրը կարող է որոշվել, բայց ինքնըստինքյան նա անորոշ մեծություն է[35]։
Թեև աշխատանքային օրը, այսպիսով, ոչ թե կայուն, այլ հոսուն մեծություն է, մյուս կողմից, նա այնուամենայնիվ կարող է փոփոխվել միայն որոշ սահմաններում։ Սակայն նրա նվազագույն սահմանները չեն կարող որոշվել։ Ճիշտ է, եթե մենք ենթադրենք, որ ab գծի շարունակությունը կազմող bc գիծը, կամ հավելյալ աշխատանքը = 0-ի, ապա կստանանք նվազագույն սահմանը, այսինքն՝ օրվա այն մասը, որի ընթացքում բանվորն անհրաժեշտորեն պետք է աշխատի իր սեփական գոյությունը պահպանելու համար։ Բայց արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում անհրաժեշտ աշխատանքը միշտ կազմում է նրա աշխատանքային օրվա մի մասը միայն, ուստի և աշխատանքային օրը երբեք չի կարող կրճատվել մինչև այդ նվազագույն չափը։ Բայց աշխատանքային օրն ունի իր առավելագույն սահմանը։ Այն չի կարելի մի որոշ սահմանից ավելի երկարացնել։ Այդ առավելագույն սահմանը որոշվում է երկու կերպ։ Նախ՝ աշխատուժի ֆիզիկական սահմանով։ Մարդը 24 ժամ բնական տևողություն ունեցող օրվա ընթացքում կարող է ծախսել իր կենսական ուժի մի որոշ քանակը միայն։ Այսպես, ձին կարող է օրեցօր աշխատել միայն 8-ական ժամ։ Օրվա մի որոշ մասի ընթացքում մարդը պետք է հանգստանա, քնի, մյուս մասի ընթացքում մարդը պետք է բավարարի իր մյուս ֆիզիկական պահանջմունքները — սնվի, մաքրվի, հագնվի և այլն։ Այդ զուտ ֆիզիկական սահմաններից այն կողմը աշխատանքային օրվա երկարումը բախվում է բարոյական բնույթի սահմանների, բանվորին ժամանակ է հարկավոր՝ բավարարելու համար իր մտավոր ու սոցիալական պահանջմունքները, որոնց ծավալն ու քանակը որոշվում է կուլտուրայի ընդհանուր վիճակով։ Ուստի այն փոփոխությունները, որոնց ենթակա է աշխատանքային օրը, տատանվում են ֆիզիկական ու սոցիալական սահմանների միջև։ Բայց երկու սահմաններն էլ խիստ առաձգական բնույթ ունեն և ամենալայն հնարավորություններ են բաց անում։ Այսպես, օրինակ, մենք գտնում ենք 8, 10, 12, 14, 16, 18 ժամից կազմված աշխատանքային օր, այսինքն՝ ամենատարբեր երկարությամբ աշխատանքային օր։
Կապիտալիստն աշխատուժը գնել է նրա օրական արժեքով։ Նրան է պատկանում աշխատուժի սպառողական արժեքը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Այսպիսով, նա իրավունք է ստացել ստիպելու բանվորին մի աշխատանքային օրվա ընթացքում իր օգտին աշխատելու։ Բայց ի՞նչ բան է աշխատանքային օրը[36]։ Համենայն դեպս այդ ավելի պակաս մի բան է, քան կյանքի բնական օրը։ Որքա՞ն է պակաս։ Կապիտալիստը իր սեփական հայացքն ունի այդ ultima Thule [վերջին սահմանի] մասին, աշխատանքային օրվա անհրաժեշտ սահմանի մասին։ Իբրև կապիտալիստ, նա անձնավորված կապիտալ է միայն։ Նրա հոգին կապիտալի հոգին է։ Բայց կապիտալն ունի միայն մի կենսական ձգտում՝ իր արժեքը, մեծացնելու, հավելյալ արժեք ստեղծելու, իր հաստատուն մասով, արտադրության միջոցներով հավելյալ աշխատանքի ըստ կարելույն մեծ մասսա ներծծելու ձգտում[37]։ Կապիտալը մեռյալ աշխատանք է, որ վամպիրի նման աշխուժանում է միայն այն ժամանակ, երբ կենդանի աշխատանք է ներծծում և այնքան ավելի լիաշունչ է ապրում, որքան ավելի շատ կենդանի աշխատանք է կլանում։ Այն ժամանակը, որի ընթացքում բանվորն աշխատում է, մի ժամանակ է, որի ընթացքում կապիտալիստը սպառում է իր գնած աշխատուժը[38]։ Եթե բանվորը կապիտալիստի տրամադրության տակ գտնվող ժամանակը իր վրա է սպառում, ապա նա կողոպտում է կապիտալիստին[39]։
Այսպես ուրեմն, կապիտալիստը հիմնվում է ապրանքային փոխանակության օրենքի վրա։ Նա, ինչպես և ամեն մի այլ գնորդ, աշխատում է իր ապրանքի սպառողական արժեքից ըստ կարելույն ավելի շատ օգուտ քաղել։ Բայց հանկարծակի հնչում է բանվորի ձայնը, որ մինչև այժմ չէր լսվում արտադրության պրոցեսի աղմուկի ու դղրդյունի, մեջ։
Այն ապրանքը, որ ես վաճառել եմ քեզ, մնացած ապրանքային խաժամուժից տարբերվում է նրանով, որ նրա սպառումն արժեք է ստեղծում և այն էլ ավելի մեծ արժեք, քան հենց ինքն արժե։ Հենց դրա համար էլ դու գնել ես այն։ Այն, ինչ որ քեզ համար կապիտալի արժեքի մեծացում է, ինձ համար աշխատուժի ավելորդ ծախսումն է։ Ես ու դու շուկայում միայն մի օրենք ենք ճանաչում՝ ապրանքային փոխանակության օրենքը։ Ապրանքի սպառումը պատկանում է ո՛չ թե վաճառորդին, որն օտարում է ապրանքը, այլ գնորդին, որը ձեռք է բերում այն։ Ուստի քեզ է պատկանում իմ օրական աշխատուժի սպառումը։ Բայց նրա այն գնի միջոցով, որով ես ամեն օր վաճառում եմ այդ ուժը, ես պետք է յուրաքանչյուր օր վերարտադրեմ այն, որպեսզի նորից վաճառեմ այն։ Չխոսելով արդեն ծերության և այլ պատճառներով առաջացող բնական մաշումի մասին, ես պետք է հնարավորություն ունենամ վաղր ևս ուժի, առողջության ու թարմության միևնույն նորմալ վիճակում աշխատելու, ինչպես այսօր։ Դու շարունակ ինձ քարոզում ես «խնայողության» և «ժուժկալության» ավետարանը։ Լա՜վ։ Ես ուզում եմ խելացի, խնայող տնտեսատիրոջ նման պահպանել իմ միակ կարողությունը — աշխատուժը և հեռու մնալ նրա ամեն մի անմիտ վատնումից։ Ես պետք է ամեն օր այդ ուժը հոսուն դարձնեմ, շարժման մեջ դնեմ, աշխատանքի վերածեմ միայն այնքան, որքան այդ չի վնասի նրա գոյության նորմալ տևողությանն ու նրա նորմալ զարգացմանը։ Աշխատանքային օրվա անչափ երկարացումով դու կարող ես մի օրվա մեջ շարժման մեջ դնել իմ աշխատուժի ավելի մեծ քանակ, քան ես կարող եմ վերականգնել երեք օրում։ Այն, ինչ որ դու այդպիսով շահում ես աշխատանքից, ես կորցնում եմ աշխատանքի սուբստանցից։ Իմ աշխատուժի օգտագործումն ու նրա կողոպտումը միանգամայն տարբեր բաներ են։ Եթե 30 տարի է կազմում այն միջին ժամանակաշրջանը, որի ընթացքում կարող է ապրել միջին բանվորն աշխատանքի բանական չափերի պայմաններում, ապա իմ աշխատուժի արժեքը, որ դու օրեցօր վճարում ես ինձ, հավասար է նրա ամբողջ արժեքի [math]\frac{1}{365×30}[/math]-ին կամ [math]^1/_{10950} [/math]-ին։ Իսկ եթե դու իմ աշխատուժն սպառում ես 10 տարում, ապա դու ինձ օրական վճարում ես նրա ամբողջ արժեքի [math]^1/_{3650} [/math]-ի փոխարեն [math]^1/_{10950} [/math], այսինքն՝ նրա օրական արժեքի միայն [math]^1/_3 [/math]-ը և, այդպիսով, օրական ինձանից գողանում ես իմ ապրանքի արժեքի [math]^2/_3 [/math]-ը։ Դու ինձ վճարում ես միօրյա աշխատուժի համար, թեև գործադրում ես եռօրյա ուժս։ Այս հակառակ է մեր պայմանին և ապրանքային փոխանակության օրենքին։ Այսպես ուրեմն, ես պահանջում եմ նորմալ տևողությամբ աշխատանքային օր և պահանջում եմ առանց դիմելու քո սրտին, որովհետև փողի գործերում վերջանում է ամեն մի բարեհոգություն։ Դու կարող ես մի օրինակելի քաղաքացի լինել, նույնիսկ կենդանիներին հովանավորող ընկերության անդամ և, բացի դրանից, սրբության համբավ վայելել, բայց այն իրը, որպիսին ներկայացնում ես դու իմ նկատմամբ, սիրտ չունի կրծքի տակ։ Եթե թվում է, թե այդ կրծքի տակ ինչ-որ բան է բաբախում, ապա այդ պարզապես իմ սեփական սրտի բաբախումն է։ Ես պահանջում եմ նորմալ աշխատանքային օր, որովհետև ես իմ ապրանքի արժեքն եմ պահանջում, ինչպես ամեն մի ուրիշ վաճառորդ[40]։
Մենք տեսնում ենք, որ եթե մի կողմ թողնենք աշխատանքային օրվա խիստ առաձգական սահմանները, ապա ապրանքային փոխանակության բնույթն ինքը աշխատանքային օրվա ոչ մի սահման, ուստի և հավելյալ աշխատանքի ոչ մի սահման չի դնում։ Կապիտալիստը, որպես գնորդ, իր իրավունքն է կենսագործում, երբ ձգտում է որքան հնարավոր է երկարացնել աշխատանքային օրը և, եթե հնարավոր է, մի աշխատանքային օրը երկու դարձնել։ Մյուս կողմից՝ վաճառվող ապրանքի սպեցիֆիկ բնույթը պայմանավորում է գնորդի կողմից աշխատուժն սպառելու մի սահման, և բանվորը, որպես վաճառորդ, իր իրավունքն է կենսագործում, երբ ձգտում է սահմանափակել աշխատանքային օրը որոշ նորմալ մեծությամբ։ Հետևապես, այստեղ ստացվում է մի անտինոմիա, իրավունքը հակադրվում է իրավունքին, ընդ որում երկուսն էլ հավասարապես վավերացվում են ապրանքների փոխանակության օրենքով։ Երկու հավասար իրավունքների բախման ժամանակ վճիռը պատկանում է ուժին։ Այսպիսով, կապիտալիստական արտադրության պատմության մեջ աշխատանքային օրվա նորմավորումը հանդես է գալիս իբրև աշխատանքային օրվա սահմանների համար մղվող պայքար — պայքար հավաքական կապիտալիստի, այսինքն՝ կապիտալիստների դասակարգի, և հավաքական բանվորի, այսինքն՝ բանվոր դասակարգի միջև։
2. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՀԱԳ ԾԱՐԱՎԸ։ ԳՈՐԾԱՐԱՆԱՏԵՐՆ ՈՒ ԲՈՅԱՐԸ
Հավելյալ աշխատանքը կապիտալի հնարածը չէ։ Ամենուրեք, որտեղ հասարակության մի մասը արտադրության միջոցների մոնոպոլիա ունի, բանվորը, ազատ թե անազատ, պետք է իր ինքնապահպանման համար անհրաժեշտ աշխատաժամանակին մի ավելորդ աշխատաժամանակ միացնի, որպեսզի կենսամիջոցներ արտադրի արտադրության միջոցների սեփական տիրոջ հա֊մար[41], լինի այդ սեփականատերը աթենացի καλός κάγαθός [արիստոկրատ], էտրուսկական թեոկրատ, civis romanus [Հռոմի քաղաքացի] նորմանական բարոն, ամերիկյան ստրկատեր, վալախ բոյար, արդի լենդլորդ թե կապիտալիստ[42]։ Ասենք, ինքնին հասկանալի է, որ եթե որևէ հասարակական-տնտեսական ֆորմացիայի պայմաններում գերակշռող նշանակություն ունի արդյունքի ո՛չ թե փոխանակային արժեքը, այլ նրա սպառողական արժեքը, ապա հավելյալ աշխատանքը սահմանափակվում է պահանջների ավելի նեղ կամ ավելի լայն շրջանակով, բայց համապատասխան արտադրության բուն իսկ բնույթից չի բխում հավելյալ աշխատանքի անսահման պահանջը։ Հին դարերում չափից դուրս աշխատանքը սարսափելի է դառնում այն դեպքերում, երբ գործը վերաբերում է փոխանակային արժեքն իր ինքնուրույն փողային ձևով արդյունահանելուն — ոսկու և արծաթի արտադրության մեջ։ Աշխատողին սպանող բռնի աշխատանքը այստեղ չափից դուրս աշխատանքի պաշտոնական ձևն է։ Բավական է կարդալ Դիոդոր Սիցիլիացուն[43]։ Սակայն դրանք բացառություններ են հին աշխարհի համար։ Բայց հենց որ այն ժողովուրդները, որոնց արտադրությունը դեռ ստրկական աշխատանքի, կոռային աշխատանքի և նման այլ աշխատանքների համեմատաբար ավելի ստորին ձևերով է կատարվում, ներս են քաշվում համաշխարհային շուկայի կողմից, որտեղ իշխում է արտադրության կապիտալիստական եղանակը, և որը գերակշռող շահագրգռություն է դարձնում այդ արտադրության արդյունքների վաճառքն արտասահմանում,— ապա ստրկության, ճորտության և այլ բարբարոսական սարսափներին միանում է չափից դուրս աշխատանքի քաղաքակրթված սարսափը։ Այդ պատճառով ամերիկյան միության հարավային նահանգներում նեգրերի աշխատանքը չափավոր-նահապետական բնույթ էր կրում, քանի դեռ արտադրության նպատակը գլխավորապես սեփական պահանջմունքների անմիջական բավարարումն էր։ Բայց այն չափով, որչափով բամբակի արտահանությունը դառնում էր այդ նահանգների կենսական շահագրգռությունը, այն չափով նեգրի չափից դուրս աշխատանքը, որն առանձին դեպքերում հասնում է նրա կյանքի սպառմանը յոթ տարվա աշխատանքի ընթացքում, դառնում էր հաշվի առնված և հաշվի առնող սիստեմի գործոն։ Այստեղ այլևս հարցը չէր վերաբերում նեգրից որոշ քանակությամբ օգտակար արդյունքներ դուրս կորզելուն։ Հարցը վերաբերում էր բուն հավելյալ արժեքի արտադրությանը։ Նույնն էր տեղի ունենում կոռային աշխատանքի վերաբերմամբ, օրինակ, դանուբյան իշխանություններում։
Հավելյալ աշխատանքի այն անհագ ծարավը, որ կար դանուբյան իշխանություններում, անգլիական գործարաններում եղած նույնպիսի ծարավի հետ համեմատելը մի առանձին հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև հավելյալ աշխատանքը կոռային աշխատանքի ժամանակ ինքնուրույն, շոշափելիորեն ընկալելի ձև ունի։
Ենթադրենք, որ աշխատանքային օրը կազմված է անհրաժեշտ աշխատանքի 6 ժամից ու հավելյալ աշխատանքի 6 ժամից։ Այս դեպքում ազատ բանվորը կապիտալիստին շաբաթական տալիս է 6×6 կամ 36 ժամ հավելյալ աշխատանք։ Այս հավասարազոր է այն բանին, որ նա շաբաթվա մեջ 3 օր աշխատի իրեն համար և շաբաթվա մեջ 3 օր էլ կապիտալիստի համար՝ ձրի։ Բայց աշխատաժամանակի այդ տրոհումը նկատելի չէ։ Հավելյալ աշխատանքն ու անհրաժեշտ աշխատանքը միախառնվում են իրար հետ։ Ուստի ես կարող եմ միևնույն հարաբերությունն արտահայտել, օրինակ, նաև այնպես, թե բանվորն ամեն մի րոպեում 30 վայրկյան աշխատում է իրեն համար և 30 վայրկյան կապիտալիստի համար և այլն։ Այլ է կոռային աշխատանքը։ Այն անհրաժեշտ աշխատանքը, որ կատարում է, օրինակ, վալախ գյուղացին իր սեփական գոյությունը պահպանելու համար, տարածականորեն բաժանված է բոյարի համար նրա կատարած հավելյալ աշխատանքից։ Առաջին աշխատանքը նա կատարում է իր սեփական արտում, մյուս աշխատանքը՝ տիրոջ կալվածքում։ Այդ պատճառով աշխատաժամանակի երկու մասերը գոյություն ունեն ինքնուրույն կերպով, կողք-կողքի։ Կոռային աշխատանքի ձևի մեջ հավելյալ աշխատանքը ճշգրտորեն անջատված է անհրաժեշտ աշխատանքից։ Դրսևորման ձևի այդ տարբերությունն ակներևորեն ոչինչ չի փոխում այն քանակական հարաբերության մեջ, որ կա հավելյալ աշխատանքի ու անհրաժեշտ աշխատանքի միջև։ Շաբաթվա մեջ երեք օր տևող հավելյալ աշխատանքը մնում է երեք օր տևող աշխատանք, որը իրեն՝ բանվորի համար համարժեք չի ստեղծում, կոռային աշխատանք կոչվի այն թե վարձու աշխատանք։ Բայց կապիտալիստի հավելյալ աշխատանքի անհագ ծարավը երևան է գալիս որպես աշխատանքային օրը անչափ երկարացնելու ձգտում, իսկ բոյարի ձգտումը ավելի պարզ է՝ նա անմիջականորեն ընկած, է կոռային օրերի հետևից[44]։
Կոռային աշխատանքը, որ դանուբյան իշխանություններում զուգորդված էր նատուրալ ռենտաների ճորտային վիճակի ուրիշ ատրիբուտների հետ, կազմում էր, սակայն, գերիշխող դասակարգին վճարվող մի խոշոր հարկ։ Որտեղ այդ գոյություն ուներ, այնտեղ հազվադեպ էր կոռային աշխատանքը ծագում ճորտությունից, ընդհակառակը, սովորաբար ճորտությունն էր մեծ մասամբ ծագում կոռային աշխատանքից [Տես 44a ծանոթ.]։ Այսպես էր դրությունը ռումինական նահանգներում։ Արտադրության նրանց սկզբնական եղանակը հիմնված էր համայնական սեփականության վրա, որը տարբեր էր սլավոնական և հատկապես հնդկական ձևից։ Հողերի մի մասը, որպես ազատ մասնավոր սեփականություն, ինքնուրույն կերպով մշակում էին համայնքի անգամները, մյուս մասը — ager publicus-ը [հանրային դաշտ]— նրանք մշակում էին միատեղ։ Այդ համատեղ աշխատանքի արդյունքները մասամբ ծառայում էին որպես ռեզերվային ֆոնդ անբերությունների ու այլ պատահականությունների դեպքում, մասամբ էլ որպես պետական ֆոնդ պատերազմի ծախսերը, կրոնական նպատակների հետ կապված ու համայնական այլ ծախսերը ծածկելու համար։ Ժամանակի ընթացքում զինվորական ու եկեղեցական բարձրաստիճան խավը այդ համայնական սեփականության հետ բռնի տիրացավ նաև այդ սեփականության հետ կապված պարհակներին։ Այն աշխատանքը, որ ազատ գյուղացիները կատարում էին իրենց համայնական հողի վրա, դարձավ կոռային աշխատանք համայնական հողի զավթիչների համար։ Դրա հետ միաժամանակ զարգացան ճորտային հարաբերությունները, սակայն միայն փաստորեն, բայց ոչ իրավաբանորեն, մինչև որ համաշխարհային «ազատարար» Ռուսաստանը ճորտությունը վերացնելու պատրվակով օրինականացրեց այդ հարաբերությունները։ Կոռային աշխատանքների այն օրենսգիրքը, որ հրապարակեց ռուս գեներալ Կիսելյովը 1831 թվականին, իհարկե, թելադրել էին հենց իրենք՝ բոյարները։ Այսպիսով, Ռուսաստանը մի հարվածով նվաճեց դանուբյան իշխանությունների մագնատներին և վաստակեց ամբողջ Եվրոպայի լիբերալ կրետինների խրախուսական ծափերը։
Համաձայն «Règlement organique»-ի, ինչպես կոչվում է կոռային աշխատանքների այդ օրենսգիրքը, ամեն մի վալախ գյուղացի, բացի մեծ քանակությամբ մանրամասն թվարկված նատուրալ պարհակներից, նաև պարտական էր այսպես կոչված հողային սեփականատիրոջը՝ 1) տասներկու աշխատանքային օր ընդհանրապես, 2) մի օր դաշտային աշխատանք և 3) մի օր փայտ կրել։ Ընդամենը՝ 14 օր տարվա մեջ։ Սակայն խոր ըմբռնելով քաղաքատնտեսությունը, օրենսգրքի հեղինակները աշխատանքային օրը վերցրին ո՛չ թե իր սովորական իմաստով, այլ որպես մի աշխատանքային օր, որ անհրաժեշտ է միջին օրական արդյունք արտադրելու համար. իսկ միջին օրական արդյունքը խորամանկորեն այնպես է որոշված, որ ոչ մի կիկլոպ չէր կարող 24 ժամում այդ կատարել։ Ուստի «ռեգլամենտը» ինքը, իսկական ռուսական իրոնիայով, չոր արտահայտություններով պարզաբանում է, թե 12 աշխատանքային օր ասելով պետք է հասկանալ ձեռքի աշխատանքի 36 օրվա արդյունքը, դաշտային աշխատանքի մեկ օրը նշանակում է երեք օր, փայտ կտրելու մեկ օրը՝ նույնպես 3 օր։ Ընդամենը 42 կոռային օր։ Բայց սրան ավելանում է այսպես կոչված «Jobagie», այսինքն՝ այն օգնությունը, որ ցույց է տրվում հողատիրոջն արտադրության պահանջների առաջադրած արտակարգ դեպքերում։ Ամեն մի գյուղ իր բնակչության թվին համեմատ տարեկան պետք է որոշ թվով աշխատուժ տա «Jobagie»-ի համար։ Այդ ավելադիր կոռային աշխատանքն ամեն մի վալախ գյուղացու համար կազմում է 14 օր։ Այսպիսով, պարտադիր կոռային աշխատանքը տարեկան անում է 56 աշխատանքային օր։ Իսկ Վալախիայում հողագործական տարին վատ կլիմայի հետևանքով ունի ընդամենը 210 օր, որից 40-ը՝ կիրակի ու տոն օրեր, միջին հաշվով 30-ը վատ եղանակի օրեր, ընդամենը 70 օր։ Այսպիսով, մնում է 140 աշխատանքային օր։ Կոռային աշխատանքի հարաբերությունը անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ [math]^{56}/_{84}[/math], կամ 66[math]^2/_3[/math] տոկոս, արտահայտում է հավելյալ արժեքի անհամեմատ ավելի փոքր նորմա, քան այն նորման, որը որոշում է անգլիական հողագործական կամ գործարանային բանվորի աշխատանքը։ Սակայն այդ միայն օրենքով սահմանված կոռային աշխատանքն է։ Իսկ «Règlement organique»-ը մի է՛լ ավելի մեծ «լիբերալիզմով», քան անգլիական գործարանային օրենսդրությունը, կարողացել է հեշտացնել իր սեփական զանցառման հնարավորությունը։ 12 օրը 54 օր դարձնելով, նա 54 կոռային օրերից ամեն մեկի անվանական օրական աշխատանքը նորից այնպես է որոշում, որ հաջորդ օրերին անխուսափելիորեն որոշ հավելում է մնում։ Օրինակ, մի օրվա մեջ պետք է քաղհանվի մի այնպիսի հողամաս, որ այդ օպերացիան կատարելու համար, մանավանդ եգիպտացորենի արտերում, իսկապես երկու անգամ ավելի ժամանակ է պահանջում։ Մի քանի հողագործական աշխատանքների համար օրենքով սահմանված օրական գործը կարելի է մեկնաբանել այնպես, օր կարծես սկսվում է մայիսին և վերջանում է հոկտեմբերին։ Մոլդավիայի համար որոշումները է՛լ ավելի խիստ են։ «Règlement organique»-ի 12 կոռային օրը,— բացականչում է հաղթությամբ արբեցած մի բոյար,— տարվա մեջ անո՜ւմ է 365 օր[45]։
Եթե դանուբյան իշխանությունների «Règlement organique»-ը հավելյալ աշխատանքի ա՛յն անհագ ծարավի դրական արտահայտությունն էր, որ օրինականացվում է նրա ամեն մի կետով, ապա անգլիական Factory Act-երը [գործարանային օրենքները] այդ նույն ծարավի բացասական արտահայտությունն են։ Այդ օրենքները սանձահարում են կապիտալի՝ աշխատուժն անսահման ծծելու ձգտումը, սահմանելով աշխատանքային օրվա պարտադիր սահմանափակում պետության կողմից, և այն էլ ա՛յն պետության, որի մեջ իշխում են կապիտալիստն ու լենդլորդը։ Չխոսելով արդեն օրեցօր սպառնալից կերպով աճող բանվորական շարժման մասին, գործարանային աշխատանքի սահմանափակում թելադրեց հենց նույն անհրաժեշտությունը, որը ստիպեց գուանո լցնել անգլիական արտերը։ Նույն կույր գիշատչությունը, որ մի դեպքում ուժասպառ էր անում հողը, մյուս գեպքում հիմքից քայքայում էր ազգի կենսական ուժը։ Պարբերաբար կրկնվող համաճարակներն այստեղ նույնքան ուսանելի լեզվով էին խոսում, որքան զինվորների հասակաչափի նվազումը Գերմանիայում և Ֆրանսիայում[46]։
Այժմ (1867 թ.) գործող Factory Act-ը [գործարանային օրենքը], որ հրապարակված է 1850 թվականին, սահմանում է շաբաթական 10-ժամյա միջին օր, այն է՝ շաբաթվա առաջին 5 օրում 12-ական ժամ, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը,— բայց դրանից ½ ժամ օրենքով հատկացվում է նախաճաշի համար և 1 ժամ՝ ճաշի համար, այնպես որ մնում է 10½ աշխատանքային ժամ,— և շաբաթ օրը 8 ժամ, առավոտվա ժամի 6-ից մինչև կեսօրվա ժամի 2-ը, որից ½ ժամը տրվում է նախաճաշի համար։ Մնում է 60 աշխատանքային ժամ, 10½-ական ժամ շաբաթվա առաջին 5 օրվա, 5½ ժամ՝ շաբաթվա վերջին օրվա համար[47]։ Ստեղծված են օրենքի կատարման հատուկ հսկիչներ, անմիջաբար ներքին գործերի մինիստրության ենթարկվող գործարանային տեսուչներ, որոնց հաշվետվությունները ամեն կիսամյակում պետք է հրապարակի պառլամենտը։ Այսպիսով, նրանք մշտական ու պաշտոնական վիճակագրական տեղեկություններ են տալիս հավելյալ աշխատանքի նկատմամբ կապիտալիստական ծարավի մասին։
Մի վայրկյան լսենք, ուրեմն, գործարանային տեսուչներին[48]։
«Խաբեբայության դիմող գործարանատերն աշխատանքն սկսում է առավոտվա ժամի 6-ից քառորդ ժամ պակաս, երբեմն դրանից ավելի վաղ, երբեմն ավելի ուշ, և վերջացնում է երեկոյան ժամի 6-ից քառորդ ժամ անց, երբեմն ավելի վաղ, երբեմն ավելի ուշ։ Նա 5-ական րոպե խլում է նախաճաշի համար սահմանված կես ժամի սկզբից ու վերջից և 10-ական րոպե էլ պոկում է ճաշի համար սահմանված ժամի սկզբից ու վերջից։ Շաբաթ օրը նա աշխատանքը վերջացնում է ցերեկվա ժամի 2-ից քառորդ ժամ անց, քառորդ ժամից երբեմն ավելի, երբեմն պակաս։ Այսպիսով՝ նա շահում է.
Առավոտվա ժամի 6-ից առաջ | 15 | րոպե | 5 օրում ընդամենը 300 րոպե։ |
Երեկոյան ժամի 6-ից հետո | 15 | » | |
Նախաճաշի ժամանակից | 10 | » | |
Ճաշի ժամանակից | 20 | » | |
60 | րոպե | ||
Շաբաթ օրերը՝ | |||
Առավոտվա ժամի 6-ից առաջ | 15 | րոպե | Շաբաթական ամբողջ շահումը 340 րոպե։ |
Նախաճաշի ժամանակից | 10 | » | |
Կեսօրվա ժամի 2-ից հետո | 15 | » |
Այդ անում է 5 ժամ 40 րոպե շաբաթական, որը բազմապատկած 50 աշխատանքային շաբաթով, հանած 2 շաբաթ տոների համար և աշխատանքի պատահական ընդհատումների համար, անում է 27 աշխատանքային օր»[49]։
«Եթե աշխատանքային օրը նորմալ տևողությունից 5 րոպե երկարացվում է օրական, ապա այդ տարեկան անում է 2½ աշխատանքային օր»[50]։ «Օրական մի ավելորդ ժամ, որ ձեռք է բերվում նրանով, որ ժամանակի մի փոքրիկ կտոր մերթ այստեղ է պոկվում, մերթ այնտեղ, տարվա 12 ամիսը դարձնում է 13 ամիս»[51]։
Ճգնաժամերը, որոնց ժամանակ արտադրությունն ընդհատվում է և աշխատանքը կատարվում է միայն «կրճատ ժամանակով», միայն շաբաթական մի քանի օր, իհարկե, ամենևին չեն փոխում աշխատանքային օրը երկարացնելու ձգտումը։ Որքան ավելի են կրճատվել գործերը, այնքան ավելի մեծ պետք է լինի յուրաքանչյուր գործից ստացվող վաստակը։ Որքան ավելի քիչ ժամանակ կարող է շարունակվել աշխատանքը, այնքան ավելի տևական պետք է լինի հավելյալ աշխատաժամանակը։ Ահա ինչ են հաղորդում գործարանային տեսուչները 1857—1858 թվականների ճգնաժամի շրջանի մասին։
«Կարող է անհետևողականություն թվալ չափից դուրս աշխատանքի հենց միայն հնարավորությունը մի այնպիսի ժամանակ, երբ առևտրի դրությունը այնպես վատ է, բայց նրա վատ դրությունն անպատկառ մարդկանց դրդում է շռայլությունների, նրանք այդպիսով ապահովում են իրենց հավելյալ շահույթը...»։ «Հենց այն ժամանակ,— ասում է Լեոնարդ Հորները,— երբ իմ շրջանի 122 գործարան ամբողջովին դադարեցին գոյություն ունենալուց, 143-ը չեն աշխատում, իսկ մնացած բոլորն աշխատում են կրճատ ժամանակով, առաջվա նման շարունակվում են օրենքով սահմանված աշխատաժամանակի խախտումները»[52]։ «Թեև,— ասում է Հաուելը,— գործարանների մեծ մասը գործերի վատ դրության հետևանքով ժամանակի միայն կեսն է աշխատում, ես դարձյալ նույն թվով գանգատներ եմ ստանում այն մասին, թե բանվորներից օրական պոկվում է (snatched) ½ կամ ¾ ժամ, որի համար միջոց են ծառայում ուտելու և հանգստի համար օրենքով սահմանած ժամանակի դեմ կատարվող ոտնձգությունները»[53]։
Միևնույն երևույթը ավելի փոքր չափով կրկնվում է 1861-ից մինչև 1865 թվականը տևող բամբակի սարսափելի ճգնաժամի ժամանակ[54]։
«Եթե մենք ճաշվա ժամերին կամ որևէ այլ չսահմանված ժամանակ բանվորներին գտնում ենք աշխատելիս, ապա երբեմն արդարանալու համար մեզ ասում են, թե բանվորները ոչ մի կերպ չեն ուզում թողնել գործարանը, այնպես որ պետք է լինում նրանց ստիպել, որ ընդհատեն աշխատանքը (մեքենաների մաքրումը և այլն), հատկապես շաբաթ օրը երեկոյան։ Բայց եթե «ձեռքերը» մեքենաների դադարից հետո մնում են գործարանում, ապա այդ տեղի է ունենում այն պատճառով միայն, որ առավոտվա ժամի 6-ի ու երեկոյան ժամի 6-ի միջև, օրենքով սահմանված աշխատանքի ժամերին, նրանց ժամանակ չի հատկացվում այդպիսի աշխատանքներ կատարելու համար»[55]։
«Այն լրացուցիչ շահույթը, որ ստացվում է օրենքով սահմանված ժամանակից ավելի կատարվող չափից դուրս աշխատանքից, շատ գործարանատերերի համար այնպիսի մեծ գայթակղություն է, որ նրանք չեն կարող նրան դիմադրել։ Նրանք հույս են դնում այն բանի վրա, թե չեն բռնվի, և այն հաշվով են առաջնորդվում, թե նույնիսկ բռնվելու դեպքում փողային տուգանքների ու դատածախքերի չնչինությունը վերջին հաշվով դարձյալ ապահովում է նրանց շահույթը»[56]։ «Այն դեպքում, երբ օրվա ընթացքում կատարվող մանր գողությունները միացնելով («a multiplication of small thefts») է շահվում լրացուցիչ ժամանակը, տեսուչները դեմ են առնում համարյա անհաղթահարելի դժվարությունների, երբ նրանք ուզում են ապացույցներ ստանալ օրենքը խախտելու մասին»[57]։ Բանվորների ճաշի ժամանակի ու հանգստի ժամանակի հաշվին կապիտալի կողմից կատարած այդ «մանր գողությունները» գործարանային տեսուչներն անվանում են «petty pilferings of minutes»՝ րոպեների գողություն[58], «snatching a few minutes»՝ րոպեների շորթում[59], կամ, բանվորների տեխնիկական արտահայտությամբ՝ «nibbling and cribbling at meal times» [ուտելու համար հատկացված ժամանակի կլպում ու քերում][60]։
Մենք տեսնում ենք, որ այդ մթնոլորտում հավելյալ աշխատանքի միջոցով հավելյալ արժեք ստեղծելը գաղտնիք չէ։ «Եթե դուք ինձ թույլ տայիք,— ասաց ինձ մի անգամ մի շատ պատվելի գործարանատեր,— որ ես ստիպեի օրական սահմանված ժամանակից ոչ ավելի քան 10 րոպե ավելի աշխատել, դուք իմ գրպանը դրած կլինեիք տարեկան 1000 ֆ. ստեռլինգ»[61]։ «Ժամանակի ատոմները շահույթի տարրերն են»[62]։
Այս տեսակետից ոչ մի բան ավելի բնորոշ չէ, քան այն, որ լրիվ ժամանակով աշխատող բանվորներին անվանում են «full times» [«լրիվ ժամանակ»], և 13 տարեկանից ցած երեխաներին, որոնց թույլ է տրվում աշխատել միայն 6 ժամ, անվանում են «half times» [«կես ժամանակ»][63]։ Բանվորն այստեղ ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնավորված աշխատաժամանակ։ Բոլոր անհատական տարբերությունները հանգում են «Vollzeitler» [«լիաժամանակ աշխատող բանվոր»]-ի և halbzeitler» [«կիսաժամանակ աշխատող բանվոր»]-ի միջև եղած տարբերությանը։
3. ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՃՅՈՒՂԵՐԸ, ՈՐՈՆՔ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ
Աշխատանքային օրը երկարացնելու ձգտումը, հավելյալ աշխատանքի նկատմամբ իսկական գայլի ագահությունը մինչև հիմա մենք տեսնում էինք մի այնպիսի ասպարեզում, որտեղ անսահման չարաշահությունները, ինչպես ասում է մի անգլիական բուրժուական տնտեսագետ, չեն գերազանցվել նույնիսկ իսպանացիների անգթություններով Ամերիկայի կարմրամորթների նկատմամբ[64]. այդ չարաշահությունները վերջապես անհրաժեշտ դարձրին կապիտալի վրա օրենսդրական կարգավորման շղթաներ դնելը։ Հիմա մոտիկից դիտենք արտադրության մի քանի ճյուղեր, որտեղ աշխատուժի ծծումը կա՛մ անարգել տեղի է ունենում դեռ մինչև այսօր էլ, կա՛մ անարգել գոյություն ուներ դեռ մինչև բոլորովին վերջերը։
«Պարոն Բրոուտոնը, կոմսության հաշտարար դատավորը, որպես 1860 թ. հունվարի 14-ին Նոտինգամի քաղաքային շենքում տեղի ունեցած միտինգի նախագահ, հայտարարեց, թե քաղաքային բնակչության այն մասում, որը զբաղված է ժանեկային արտադրության մեջ, աղքատության ու զրկանքների մի այնպիսի աստիճան է տիրում, որը մնացած քաղաքակիրթ աշխարհին բոլորովին անծանոթ է... 9—10 տարեկան երեխաներին առավոտվա ժամի 2-ին, 3-ին, 4-ին պոկում են իրենց կեղտոտ անկողիններից և միայն մի խղճուկ ապրուստի գնով ստիպում են մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ն աշխատելու, իսկ հետևանքն այն է, որ նրանց անդամները հրաժարվում են ծառայելուց, մարմինը ցամաքում է, նրանց դիմագծերը բութ արտահայտություն են ստանում, և նրանց մարդկային ամբողջ էությունը կարկամում է քարացած անշարժության մեջ, որի լոկ տեսքը սարսափ է ազդում։ Մենք չենք զարմանում, որ պարոն Մալլետն ու մյուս գործարանատերերը բողոքեցին որևէ վիճաբանություն սկսելու դեմ... Այդ սիստեմը, ինչպես այն նկարագրել է նորին արժանապատվություն պ. Մոնտեգյու Վելպին,— անսահմանափակ ստրկության, սոցիալական, ֆիզիկական, բարոյական ու մտավոր ստրկության մի սիստեմ է... Ի՜նչ կարելի է ասել մի քաղաքի մասին, որը հրապարակային միտինգ է գումարում միջնորդելու համար, որպեսզի տղամարդկանց աշխատաժամանակը սահմանափակվի օրական 18 ժամով... Մենք դեկլամացիաներ ենք զեղում Վիրգինիայի և Կարոլինայի պլանտատորների դեմ։ Բայց մի՞թե նեգր ստրուկների նրանց սարքած շուկան մտրակի սարսափներով ու մարդկային մսի առուծախով հանդերձ ավելի զզվելի է, քան այն դանդաղ մարդասպանությունը, որ օրեցօր կատարվում է, որպեսզի հանուն կապիտալիստների շահի շղարշներ ու օձիքներ պատրաստվեն»[65]։
Ստաֆֆորդշիրի կավագործությունը (Pottery) վերջին 22 տարում պառլամենտական երեք հետազոտության առարկա է եղել։ Այդ հետազոտությունների արդյունքները շարադրված են պ. Սկրիվենի 1841 թվականի «Children’s Employment Commissioners»-ին ներկայացրած հաշվետվության մեջ, դ-ր Գրինհաուի 1860 թվականի հաշվետվության մեջ, որ հրապարակված է Privy Council-ի [Գաղտնի խորհրդի] բժշկական պաշտոնյայի կարգադրությամբ (Public Health, 3rd Report, I, 102—113), և, վերջապես, պ. Լոնջի 1863 թվականի հաշվետվության մեջ, որ հրապարակված է «First Report of the Children’s Employment Commission»-ում 1863 թ. հունիսի 13-ին։ Ինձ զբաղեցնող հարցի համար բավական է 1860 ու 1863 թվականների հաշվետվություններից քաղել հենց իրենց՝ շահագործման ենթարկված երեխաների մի քանի ցուցմունքները։ Երեխաների դրությունից կարելի է եզրակացնել հասակավորների, հատկապես աղջիկների ու կանանց դրության մասին, և այն էլ արդյունաբերության մի այնպիսի ճյուղում, որի համեմատությամբ բամբակամանությունը և այլն շատ հաճելի ու առողջ զբաղմունք կարող են թվալ[66]։
Վիլյամ Վուդը, ինը տարեկան, «սկսել է աշխատել, երբ 7 տարեկան 10 ամսական է եղել»։ Սկզբում նա «ran moulds» (կաղապարների մեջ պատրաստի ապրանքները տանում էր չորանոց և հետո դատարկ կաղապարները ետ էր բերում)։ Նա գալիս է ամբողջ շաբաթվա ընթացքում ամեն օր առավոտվա ժամի 6-ին և վերջացնում է երեկոյան մոտավորապես ժամի 9-ին։
«Ես ամբողջ շաբաթ օրական աշխատում եմ մինչև ժամի 9-ը։ Այդպես էր, օրինակ, վերջին 7—8 շաբաթվա ընթացքում»։ Այսպես, ուրեմն, տասնհինգժամյա աշխատանք յոթնամյա երեխայի համար։ Ջ. Մեռեյը, մի տասներկու տարեկան տղա, ցույց է տալիս. «I run moulds and turn jigger» («Ես [տանում եմ կաղապարները և] պտտեցնում եմ անիվը»)։ «Ես գալիս եմ առավոտյան ժամի 6-ին, երբեմն էլ՝ 4-ին։ Ես վերջին ամբողջ գիշերն աշխատել եմ մինչև այս առավոտվա ժամի 8-ը։ Նախավերջին գիշերվանից ես անկողին չեմ մտել։ Բացի ինձանից, 8 կամ 9 ուրիշ տղաներ էլ էին աշխատում վերջին գիշերը մինչև լույս։ Նրանք բոլորը, բացի մեկից, այս առավոտ դարձյալ գործի եկան։ Ես շաբաթական ստանում եմ 3 շիլլինգ 6 պենս։ Ինձ ոչինչ չեն ավելացնում, երբ ես ամբողջ գիշերը անընդհատ աշխատում եմ։ Վերջին շաբաթը ես երկու գիշեր աշխատել եմ մինչև լույս»։ Ֆեռնիհաուն, տասը տարեկան մի տղա, ասում է. «Ես միշտ չէ, որ ճաշելու համար մի ամբողջ ժամ եմ ստանում, հաճախ միայն կես ժամ, այդպես է լինում ամեն հինգշաբթի, ուրբաթ ու շաբաթ»[67]։
Ըստ դոկտոր Գրինհաուի հայտարարությանդ կավագործական Ստոկ-Էպոն-Տրենտ և Վուլստենտոն օկրուգներում կյանքի տևողությունը չափազանց կարճ է։ Չնայած որ Ստոկ օկրուգում 20 տարեկանից բարձր արական բնակչության միայն 36,6%-ը, իսկ Վուլստենտոնում միայն 30,4%-ն է զբաղված կավագործությամբ, բրուտների մեջ կրծքի հիվանդությունների հետևանքով մեռնելու դեպքերն ընդգրկում են առաջին օկրուգում այդ հասակի մարդկանց կեսից ավելին, իսկ երկրորդ օկրուգում՝ մոտ [math]^2/_5[/math]-ը։ Հենլիում աշխատող բժիշկ, դոկտոր Բուտրոյդը հայտնում է. «Բրուտների ամեն մի հաջորդ սերունդ ավելի կարճահասակ ու թուլակազմ է, քան նախորդ սերունդը»։ Նույնպես և մի ուրիշ բժիշկ, պ. Մակ-Բինը, ասում է. «Այն ժամանակվանից, երբ ես իմ պրակտիկան սկսեցի բրուտների մեջ, այս դասակարգի աչքի զարնող այլասերումն արտահայտվում է նրանով, որ նրանց հասակն ու կշիռն արագորեն պակասում է»։ Այս ցուցմունքներն առնված են դոկտոր Գրինհաուի 1860 թվականի հաշվետվությունից[68]։
1863 թվականի հանձնաժողովի անդամների հաշվետվությունից մենք վերցնում ենք հետևյալը։ Դոկտոր Ջ. Տ. Առլեջը, հյուսիսային Ստաֆֆորդշիրի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, ասում է. «Բրուտները, տղամարդիկ ու կանայք, որպես դասակարգ... ֆիզիկապես ու բարոյապես այլասերվող բնակչություն են։ Սովորաբար նրանք կարճահասակ են, վատ կազմվածքով և հաճախ էլ ծռված կրծքավանդակ ունեն։ Նրանք ժամանակից առաջ են ծերանում և կարճակյաց են. ֆլեգմատիկ ու սակավարյուն լինելով, նրանք իրենց կազմվածքի թուլությունը երևան են բերում մարսողության սուր խանգարման նոպաներով, լյարդի ու երիկամունքի գործունեության խանգարումներով և ռևմատիզմով։ Բայց նրանք գլխավորապես ենթակա են կրծքի հիվանդությունների՝ թոքերի բորբոքման, թոքախտի, բրոնխիտի ու շնչարգելության է Այս վերջին հիվանդության մի տեսակը միայն նրանց է հատուկ և հայտնի է կավագործների շնչարգելություն կամ կավագործների թոքախտ անունով։ Գեղձախտը, որը հարվածում է գեղձերին, ոսկրներին ու մարմնի մյուս մասերին, բրուտների ավելի քան երկու երրորդ մասի հիվանդությունն է։ Եթե այս շրջանի բնակչության այլասերումը (degenerescence) դեռ է՛լ ավելի մեծ չափերի չի հասնում, ապա այդ բացատրվում է բացառապես նոր տարրերի հոսանքով շրջակա գյուղական վայրերից և ավելի առողջ բնակչության հետ կատարվող ամուսնություններով»։ Պ-ն Չառլզ Պարսոնսը, որը դրանից կարճ ժամանակ առաջ նույն հիվանդանոցի բժիշկն է եղել, հանձնաժողովի անդամ Լոնջին ուղղած մի նամակում հաղորդում է, ի միջի այլոց, հետևյալը. «Ես կարող եմ խոսել միայն անձնական դիտողությունների և ոչ թե վիճակագրական տվյալների հիման վրա, բայց ես կարող եմ ձեզ հավատացնել, որ իմ զայրույթը նորից ու նորից բորբոքվեց, երբ ես տեսա այդ թշվառ երեխաներին, որոնց առողջությունը զոհ է բերվում նրանց ծնողների ու գործատուների ագահությանը»։ Նա թվում է բրուտների հիվանդությունների պատճառները և, անցնելով նրանցից ամենագլխավորին, վերջացնում է «long hours»-ով [«երկար աշխատաժամերով»]։ Հանձնաժողովի հաշվետվությունը հույս է հայտնում, թե «մանուֆակտուրան, որ այնքան աչքի ընկնող տեղ է բռնում ամբողջ աշխարհի աչքում, այլևս չի հաշտվի այն խայտառակ փաստի հետ, երբ նրա աչքի ընկնող հաջողություններին ուղեկից են բանվորների ֆիզիկական այլասերումը, բազմատեսակ մարմնական տանջանքներն ու վաղաժամ մահը,— այն բանվորների, որոնց աշխատանքի ու հմտության շնորհիվ այնքան մեծ հետևանքներ են ձեռք բերված»[69]։ Անգլիայի կավագործության մասին այստեղ ասվածը վերաբերում է նաև Շոտլանդիայի կավագործության[70]։
Լուցկու մանուֆակտուրան սկիզբ է առել 1833 թվականից, այն ժամանակից, երբ գտնվեց լուցկուն ֆոսֆոր ամրացնելու եղանակը։ 1845 թվականից այդ մանուֆակտուրան սկսեց արագ զարգանալ Անգլիայում և Լոնդոնի խիտ բնակված մասերից տարածվեց հատկապես Մանչեստր, Բիրմինհամ, Լիվերպուլ, Բրիստոլ, Նորվիչ, Նյուքեստլ, Գլազգո, իր հետ տանելով նաև ծնոտների ջղաձգական կծկումը, որը դեռ 1845 թվականին մի վիեննացի բժիշկ որոշեց՝ որպես լուցկու արտադրության մեջ զբաղված բանվորների սպեցիֆիկ հիվանդություն։ Բանվորների կեսը 13 տարեկանից փոքր երեխաներ են և 18 տարեկանից փոքր դեռահասներ։ Այս մանուֆակտուրան այնքան է հայտնի բանվորների առողջության վրա գործած իր վնասակար ազդեցությամբ և վատթար պայմաններով, որ բանվոր դասակարգի միայն ամենադժբախտ մասն է — կիսաքաղց այրիները և այլն — նրան մատակարարում երեխաներ, «ցնցոտիներով, համարյա սովամահ, անպաշտպան և որևէ դաստիարակությունից զուրկ երեխաներ»[71]։ Այն վկաներից, որոնց լսել էր հանձնաժողովի անդամ Ուայտը (1863 թ.), 270-ը 18 տարեկանից փոքր էին, 40-ը՝ 10 տարեկանից փոքր, 10-ը՝ միայն 8 և 5-ը՝ միայն 6 տարեկան։ 12—14 և 15 ժամերի միջև տատանվող աշխատանքային օր, գիշերային աշխատանք, ուտելու որոշ ժամանակի բացակայություն, ընդ որում ստիպված կերակուրն ընդունում են մեծ մասամբ հենց արհեստանոցներում, որոնք թունավորված են ֆոսֆորով։ Դանտեն կգտներ, որ մանուֆակտուրայի այս ճյուղը գերազանցել է դժոխքի այն ամենասարսափելի պատկերներից, որ նկարել է նրա երևակայությունը։
Պաստառի գործարանում ավելի կոպիտ տեսակները տպվում են մեքենաներով, ավելի նուրբերը՝ ձեռքով (block printing)։ Արտադրության ամենաաշխույժ ամիսներն ընկնում են հոկտեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջը։ Այդ ժամանակաշրջանում աշխատանքը հաճախ տևում է, և այն էլ գրեթե առանց ընդհատման, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 10-ը և ավելի՝ մինչև ուշ գիշեր։
Ի. Լիչը ցույց է տալիս. «Անցյալ ձմեռը (1862 թ.) 19 աղջիկներից 6-ը բացակայում էին՝ չափից դուրս աշխատելուց հիվանդանալով։ Ես պետք է շարունակ նրանց վրա գոռամ, որպեսզի արթուն պահեմ»։ Վ. Դեֆֆին ասում է. «Երեխաները հոգնածությունից հաճախ չէին կարողանում աչքերը բաց պահել, իսկապես մենք ինքներս էլ հաճախ հազիվ էինք կարողանում այդ անել»։ Ջ. Լյայտբոռնը ասում է. «Ես 13 տարեկան եմ... Անցած ձմեռը մենք աշխատում էինք մինչև երեկոյան ժամի 9-ը, իսկ նախանցյալ ձմեռը՝ մինչև ժամի 10-ը։ Անցած ձմեռը համարյա ամեն երեկո խոցոտված ոտքերիս ցավից ես գոռում էի»։ Ջ. Էսպդենը ասում է. «Երբ տղաս 7 տարեկան էր, ես ամեն օր նրան շալակած տանում-բերում էի ձյան վրայով, և նա սովորաբար աշխատում էր 16 ժամ... Հաճախ ես չոքում էի, որպեսզի կերակրեմ նրան, երբ նա կանգնած էր լինում մեքենայի մոտ, որովհետև նա իրավունք չուներ ո՛չ հեռանալու մեքենայից, ո՛չ էլ կանգնեցնելու այն»։ Մանչեստրի մի գործարանի ընկերակից ու կառավարիչ Սմիթը ասում է. «Մենք (նա նկատի ունի այն «ձեռքերը», որոնք աշխատում են «մեզ» համար) աշխատում ենք առանց ուտելու համար ընդմիջումի, և այդպիսով, 10½-ժամյա աշխատանքային օրը վերջանում է, իսկապես, երեկոյան 4½-ին, իսկ ավելի ուշ կատարվածը ամբողջովին արտաժամյա աշխատանք է»[72]։ (Հետաքրքական կլիներ իմանալ մի՞թե պարոն Սմիթն էլ 10½ ժամվա ընթացքում ոչ մի անգամ չի ուտում։) «Մենք (դարձյալ նույն Սմիթը) հազվադեպ ենք աշխատանքը վերջացնում երեկոյան ժամի 6-ից առաջ (նա նկատի ունի` վերջացնում ենք «մեր» կենդանի մեքենաների սպառումը, որոնք աշխատուժ են ներկայացնում), այնպես որ մենք (iterum Crispinus [նորից Կրիսպինը]) իրականում ամբողջ տարվա մեջ արտաժամանակ ենք աշխատում... Երեխաներն ու հասակավորները (152 երեխա ու 18 տարեկանից փոքր պատանի և 140 մեծահասակ) վերջին 18 ամսվա ընթացքում միահավասար աշխատում էին միջին հաշվով շաբաթը առնվազն 7 օր ու 5 ժամ, կամ 78½ ժամ։ Այս տարվա (1863 թ.) մայիսի 2-ին վերջացած 6 շաբաթվա միջին թիվը բարձր էր շաբաթական 8 օրից կամ 84 ժամից»։ Եվ, այնուամենայնիվ, այդ նույն պարոն Սմիթը, որն այդպիսի համակրանք է տածում դեպի pluralis majestatis-ը [որն իր մասին, նորին մեծության նման, մենք է ասում], ժպտալով ավելացնում է. «մեքենաներով աշխատելը հեշտ է»։ Իսկ block printing [ձեռքով դրոշմում] կիրառող գործարանատերերն ասում են. «Ձեռքի աշխատանքն ավելի առողջ աշխատանք է, քան մեքենական աշխատանքը»։ Ընդհանուր առմամբ պարոնայք գործարանատերերը զայրույթով դեմ են արտահայտվում այն առաջարկին, որ պահանջում է «մեքենաները կանգնեցնել գոնե ուտելու ժամանակ»։ Ահա ինչ է ասում այս առթիվ Բորոյի (Լոնդոնում) պաստառագործարանի դիրեկտոր պ. Օտլեյը. «Այն օրենքը, որը մեզ թույլ կտար կիրառել առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 9-ը տևող աշխատանքային օր, մեզ (!) համար շատ ցանկալի կլիներ, բայց Factory Ac-ի [գործարանային օրենքի] պատվիրագրած աշխատանքային օրը, որը տևում է առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը, մեզ (!) պիտանի չէ... Մենք մեքենաները ճաշի ժամանակ կանգնեցնում ենք (ինչպիսի՜ մեծահոգություն)։ Այս կանգնեցումը թղթի ու ներկի ոչ մի լուրջ կորուստ չի պատճառում»։ «Բայց,— ավելացնում է նա կարեկցաբար,— ես շատ լավ եմ հասկանում, որ դրա հետ կապված վնասը մի առանձին բավականություն չի պատճառում»։ Հանձնաժողովի հաշվետվությունը միամիտ կերպով կարծում է, որ մի քանի «ղեկավար ֆիրմաների» վախը, թե կկորցնեն ժամանակը, այսինքն՝ ուրիշի աշխատանքը յուրացնելու ժամանակը, և այդպիսով «կզրկվեն շահույթից», դեռ բավարար հիմք չէ, որպեսզի 13 տարեկանից փոքր երեխաներն ու 18-ից փոքր դեռահասները 12—16 ժամվա ընթացքում «զրկվեն կերակրից», կամ նրանք կերակուր ընդունեն այնպես, ինչպես աշխատանքի միջոցներին են մատակարարում օժանդակ նյութեր. շոգեմեքենային՝ ջուր ու քարածուխ, բրդին՝ օճառ, անվին՝ յուղ և այլն, այսինքն՝ արտադրության բուն պրոցեսի ժամանակ[73]։
Անգլիայի արդյունաբերության ոչ մի ճյուղում (մենք մի կողմ ենք թողնում հացի մեքենական արտադրությունը, որ նոր-նոր է սկսում ճանապարհ բանալ իր համար) չի պահպանվել արտադրության այնպիսի հնադարյան եղանակ և, ինչպես կարելի է համոզվել Հռոմեական կայսրության բանաստեղծներին կարդալով, նույնիսկ նախաքրիստոնեական եղանակ, ինչպես հացագործության մեջ։ Բայց կապիտալը, ինչպես արդեն նշեցինք, սկզբում անտարբեր է դեպի աշխատանքի այն պրոցեսի տեխնիկական բնույթը, որին նա տիրում է։ Կապիտալն սկզբում այդ պրոցեսը վերցնում է այնպես, ինչպես գտնում է։
Հացի աներևակայելի կեղծումը, հատկապես Լոնդոնում, առաջին անգամ մերկացվեց ստորին պալատի այն կոմիտեի կողմից, որն զբաղվում էր «սննդանյութերի կեղծման» հարցով (1855—1856 թթ.), և դոկտոր Հեսսելի «Adulteration detected» աշխատության շնորհիվ[74]։ Այդ մերկացումների հետևանքը եղավ 1860 թ. օգոստոսի 6-ի օրենքը «for preventing the adulteration of articles of food and drink» [«ուտելեղենի ու խմիչքների կեղծումը կանխելու համար»], մի օրենք, որ ոչ մի ներգործություն չունեցավ, որովհետև նա, իհարկե, վերին աստիճանի նրբանկատորեն է վերաբերվում դեպի ամեն մի ֆրիտրեդեր, որը մտադիր է կեղծած ապրանքների առուծախով «to turn an honest penny» [«մի կոպեկ վաստակել ազնիվ աշխատանքով»[75]։ Ինքը՝ կոմիտեն բավականաչափ միամիտ ձևով արտահայտեց իր համոզմունքն այն մասին, թե առևտրի ազատությունն էապես նշանակում է՝ կեղծած կամ, ինչպես անգլիացիներն են սրամտորեն ասում,— «սոփեստացված մթերքներով» կատարվող առևտուր։ Եվ, իսկապես, այդ տեսակ «սոփեստությունը» Պրոտագորասից ավելի լավ է կարողանում սպիտակը սև և սևն սպիտակ դարձնել և էլեացիներից ավելի լավ ad oculos [ակնհայտորեն] ցուցադրել ռեալ համարվող ամեն ինչի կատարյալ երևութականությունը[76]։
Համենայն դեպս, կոմիտեն հասարակության ուշադրությունը դարձրեց նրա «ամենօրյա հացի» վրա, իսկ հենց դրանով էլ՝ հացագործության վրա։ Միաժամանակ հրապարակական միտինգներում և պառլամենտին ուղղված պետիցիաներում հնչեցին Լոնդոնի հացագործ-ենթավարպետների բողոքները չափից դուրս աշխատանքի մասին և այլն։ Այդ բողոքներն այնպես համառորեն էին հնչում, որ պ. Հ. Ս. Տրեմենհիրը, որ նույնպես 1863 թվականի՝ մի քանի անգամ հիշված հանձնաժողովի անդամ է եղել, նշանակվեց թագավորական քննիչ կոմիսար։ Նրա հաշվետվությունը[77], վկաների ցուցմունքներով, հուզեց հասարակությանը — ո՛չ թե վերջինիս սիրտը, այլ ստամոքսը։ Ճիշտ է, աստվածաշնչին հմուտ անգլիացուն լավ հայտնի էր, որ մարդու կոչումը, եթե նա աստծո ողորմությամբ կապիտալիստ չէ, լենդլորդ չէ և սինեկուրայի տեր չէ,— այն է, որ իր հացը իր ճակատի քրտինքով ուտի, բայց նա չգիտեր, որ ինքը ամեն օր իր հացի հետ պետք է ուտի որոշ քանակությամբ մարդկային քրտինք՝ խառնված թարախի, սարդոստայնի, սատկած պապուկների և գերմանական փտած մակարդի հետ, դեռ մի կողմ թողած շիբը, ավազը և ուրիշ ոչ պակաս հաճելի հանքերից կազմված խառնուրդները։ Այդ պատճառով էլ, առանց ուշադրություն դարձնելու նորին սրբություն «առևտրի ազատության» վրա, մինչև այդ «ազատ» հացագործությունը ենթարկեցին պետական տեսուչների հսկողությանը (1863 թվականի պառլամենտական նստաշրջանի վերջում), ընդ որում նույն պառլամենտական օրենքը արգելեց 18 տարեկանից փոքր հացագործ-ենթավարպետներին աշխատել երեկոյան ժամի 9-ից մինչև առավոտյան ժամի 5-ը։ Վերջին կետը ամբողջ հատորներից ավելի պերճախոս կերպով է վկայում չափից դուրս աշխատանքի մասին արտադրության այդ ճյուղում, որից այնպիսի նահապետականության հոտ է փչում։
«Լոնդոնի հացագործ-ենթավարպետի աշխատանքը սովորաբար սկսվում է գիշերվա ժամի 11-ին։ Այս ժամին նա խմոր է շաղախում, մի շատ հոգնեցնող գործողություն, որը տևում է ½-ից մինչև ¾ ժամ, նայած թխվածքի քանակին ու որակին։ Այնուհետև նա պառկում է շաղախի տախտակի վրա, որը միաժամանակ ծառայում է որպես այն տաշտի կափարիչ, որի մեջ խմոր է արվում, և քնում է մի երկու ժամ` մի ալրապարկը դնելով գլխի տակ և մյուսը իր վրա գցելով։ Այնուհետև սկսվում է 5 ժամ տևող մի արագ ու անընդհատ աշխատանք — խմորը հունցելը, կշռելը, ձև տալը, փուռը դնելը, փռից հանելը և այլն։ Փռի բարեխառնությունը տատանվում է 75-ից մինչև 90 աստիճանի միջև [ըստ Ֆարենհայտի, կամ Ցելսիուսով 24—32 աստիճան], ընդ որում փոքրիկ փռերում ջերմաստիճանը ավելի շուտ դրանից բարձր, քան ցածր է լինում։ Երբ հացերը, բուլկիները պատրաստ են, սկսվում է հացի բաշխումը, և բանվորների մի զգալի մասը, հենց նոր նկարագրած գիշերային ծանր աշխատանքը վերջացնելուց հետո, ցերեկվա ընթացքում զամբյուղներով կամ սայլակներով ման է ածում հացը տնից տուն, իսկ ընդմիջումներին երբեմն դեռ որևէ աշխատանք է կատարում փռում։ Նայած տարվա եղանակին և ձեռնարկության ծավալին՝ աշխատանքը վերջանում է ցերեկվա ժամի 1-ի ու երեկոյան 6-ի միջև, մինչդեռ բանվորների մյուս մասը փռում զբաղված է լինում մինչև ուշ երեկո»[78]։ «Հացի փռերում զբաղված ենթավարպետները, որոնք «լիարժեք» հաց էին թխում Վեստենդում, Լոնդոնի սեզոնի ժամանակ աշխատանքն սկսում են կանոնավոր կերպով գիշերվա ժամի 11-ին և մինչև հաջորդ առավոտվա ժամի 8-ը զբաղված են հաց թխելով, մեկ կամ երկու շատ կարճատև ընդմիջումներով։ Այնուհետև նրանք մինչև 4, 5, 6, իսկ երբեմն էլ 7 ժամ զբաղվում են հացը տները տանելով կամ երբեմն էլ փռում բիսկվիտներ թխելով։ Աշխատանքը վերջացնելուց հետո գալիս է քնի ժամանակը, որը տևում է 6, հաճախ միայն 5 ու 4 ժամ։ Ուրբաթ օրը միշտ աշխատանքն սկսվում է ավելի վաղ, օրինակ, երեկոյան ժամի 10-ին, և շարունակվում է առանց ընդմիջման,— մերթ հացի պատրաստում, մերթ տները տանում մինչև հաջորդ շաբաթ օրվա երեկոյան ժամի 8-ը, իսկ մեծ մասամբ նույնիսկ մինչև կիրակի օրվա առավոտվա ժամի 4-ը կամ 5-ը։ Նույնիսկ առաջնակարգ փռերում, որոնք հացը ծախում են «լրիվ գնով», կիրակի օրերը 4-ից մինչև 5 ժամ նախապատրաստական աշխատանք է կատարվում հաջորդ օրվա համար... Է՛լ ավելի երկար է ենթավարպետների աշխատանքային օրը «underselling master»-ների մոտ (որոնք հացը լրիվ գնից ցած են ծախում), իսկ վերջինները, ինչպես վերը նշեցինք, կազմում են Լոնդոնի հացագործների ¾-ից ավելին. բայց նրանց աշխատանքը համարյա բացառապես սահմանափակված է փռով, որովհետև նրանց տերերը հացը միայն իրենց սեփական խանութներում են ծախում, եթե հաշվի չառնենք փոքրիկ մանր խանութները, որոնց նրանք հաց են մատակարարում։ Շաբաթվա վերջին, ...այսինքն՝ հինգշաբթի օրվանից, աշխատանքն այնտեղ սկսվում է երեկոյան ժամի 10-ին և միայն աննշան ընդմիջումով տևում է մինչև շաբաթ օրը ուշ գիշեր»[79]։
Ինչ վերաբերում է «underselling master»-ներին, ապա նույնիսկ բուրժուական տեսակետն ընդունում է, որ բանվորների «չվարձատրված աշխատանքը (the unpaid labour of the men) կազմում է նրանց կոնկուրենցիայի հիմքը»[80]։ Եվ «full priced baker»-ը [լրիվ գնով հաց ծախող հացագործը] մերկացնում է իր «underselling» [հացը պակաս գնով ծախող] մրցակիցներին քննիչ հանձնաժողովի առաջ, որպես ուրիշի աշխատանքը հափշտակողների ու կեղծարարների։ «Նրանք հաջողություն ունեն միայն շնորհիվ այն հանգամանքի, որ խաբում են հասարակությանը և իրենց բանվորներից 18-ժամյա աշխատանք են քամում՝ ընդամենը 12-ժամյա աշխատանքը վարձատրելով»[81]։
Հացի կեղծումը և հացը լրիվ գնից պակաս գնով ծախող հացթուխների կատեգորիայի գոյացումը Անգլիայում զարգանում են XVIII դարի սկզբից, այսինքն՝ սկսած այն ժամանակից, երբ արհեստի համքարային բնույթը քայքայվեց, և անվանապես հացագործ-վարպետի թիկունքում հանդես եկավ կապիտալիստը ալրաղացի տիրոջ կամ ալրավաճառի կերպարանքով[82]։ Դրանով հիմք դրվեց կապիտալիստական արտադրության համար, աշխատանքային օրն անչափ երկարացնելու և գիշերային աշխատանքների համար, թեև վերջինները նույնիսկ Լոնդոնում լուրջ տարածում ստացան միայն 1824 թվականից[83]։
Ամբողջ նախընթաց շարադրանքից հետո հասկանալի կլինի, թե ինչու հանձնաժողովի հաշվետվությունը հացագործ-ենթավարպետներին դասում է կյանքի կարճ տևողություն ունեցող բանվորների շարքը. հաջողությամբ խուսափելով մանկական սոսկալի մահացության զոհ դառնալուց, որը նորմալ երևույթ է բանվոր դասակարգի բոլոր կատեգորիաների համար, նրանք հազվադեպ են հասնում 42-ամյա հասակին։ Այնուամենայնիվ, հացագործական արհեստը շարունակ գերլեցուն է թեկնածուներով։ Լոնդոնին այդ «աշխատուժերը» մատուցող աղբյուրներն են՝ Շոտլանդիան, Անգլիայի արևմտյան հողագործական օկրուգները և Գերմանիան։
1858—1860 թվականներին Իռլանդիայի հացագործ-ենթավարպետներն իրենց սեփական միջոցներով կազմակերպեցին մի շարք մեծ միտինգների գիշերային ու կիրակնօրյա աշխատանքի դեմ ագիտացիա մղելու համար։ Հասարակությունը զուտ իռլանդական կրքոտությամբ նրանց կողմը բռնեց, ինչպես այդ տեղի ունեցավ, օրինակ, 1860 թվականին Դուբլինի մայիսյան միտինգում։ Այդ շարժման հետևանքը եղավ այն, որ հաջողությամբ բացառապես ցերեկվա աշխատանք մտցվեց Ուեքսֆորդում, Կիլկեննիում, Կլոնմելում, Ուոտերֆորդում և այլն։ «Լիմերիկում, որտեղ, ինչպես հայտնի է, վարձու բանվորների տանջանքներն անցնում են ամեն մի չափից, այդ շարժումը խափանվեց, բախվելով փռատերերի, հատկապես հացագործ-աղացատերերի դիմադրությանը։ Լիմերիկի օրինակը հակադարձ շարժում առաջ բերեց Էննիսում և Տիպպերերիում։ Կորկում, որտեղ հասարակական զայրույթը երևան եկավ ամենից ավելի բուռն ձևով, գործատերերը շարժումը ջախջախեցին՝ օգտագործելով իրենց իշխանությունը և փողոց շպրտելով բանվորներին։ Դուբլինում գործատերերը ամենավճռական հակահարված տվին և, հետապնդելով ագիտացիայի գլուխ կանգնած ենթավարպետներին, մնացածներին հարկադրեցին զիջելու և համաձայնելու գիշերային ու կիրակնօրյա աշխատանքին»[84]։ Իռլանդիայում անգլիական կառավարության ոտից գլուխ սպառազինված հանձնաժողովը աղաչական առաջարկներով դիմում է Դուբլինի, Լիմերիկի, Կորկի և այլ վայրերի անողոք փռատերերին։ «Կոմիտեն կարծում է, որ աշխատաժամանակը սահմանափակված է բնական օրենքներով, որը չի կարելի խախտել անպատիժ կերպով։ Իրենց բանվորներին հեռացնելու սպառնալիքի տակ պահելով, գործատերերը նրանց հարկադրում են խախտել կրոնական համոզմունքները, չհնազանդվել երկրի օրենքներին, վիրավորել հասարակական կարծիքը (այս բոլորը վերաբերում է կիրակնօրյա աշխատանքին), այդպիսով թշնամության սերմեր ցանելով կապիտալի ու աշխատանքի միջև, և վտանգավոր օրինակ տալով կրոնի, բարոյականության ու հասարակական կարգի համար... Կոմիտեն կարծում է, որ աշխատանքային օրը 12 ժամից ավելի երկարացնելը բռնի ներխուժում է բանվորի ընտանեկան ու մասնավոր կյանքի մեջ և տանում է դեպի կորստաբեր բարոյական հետևանքներ, այդ միջամտություն է մարդու ընտանեկան կենցաղի և նրա՝ որպես որդու, եղբոր, ամուսնու և հոր ընտանեկան պարտականությունների կատարման մեջ։ 12 ժամից ավելի տևող աշխատանքը տենդենց ունի խորտակելու բանվորի առողջությունը, տանում է դեպի վաղաժամ ծերություն ու վաղաժամ մահ և այդպիսով տանում է դեպի բանվորական ընտանիքների դժբախտություն, որոնց զրկում են («are deprived») ընտանիքի գլխավորի խնամքից ու օժանդակությունից հենց այն ժամանակ, երբ այդ ամենից ավելի անհրաժեշտ է»[85]։
Մենք հենց նոր ծանոթացանք Իռլանդիային։ Նեղուցի մյուս կողմում, Շոտլանդիայում, գյուղատնտեսական բանվորը, գութանի մարդը, վրդովված մատնանշում է իր 13—14-ժամյա աշխատանքը ամենադաժան կլիմայում, կիրակի օրերը 4 ժամ տևող արտաժամյա աշխատանքը (և այդ՝ շաբաթը սրբագործողների՜ երկրում)[86]. նույն այդ ժամանակ Լոնդոնի Grand Jury-ի [երդվյալների դատարանի] առջև կանգնեցին երեք երկաթուղային բանվոր՝ մարդատար գնացքի մի կոնդուկտոր, մի մեքենավար և մի ազդանշան տվող: Երկաթուղային մի մեծ աղետ հարյուրավոր ճանապարհորդների փոխադրել էր այն աշխարհը։ Խորտակման պատճառը երկաթուղային բանվորների անփութությունն էր։ Նրանք երդվյալ ատենակալների առջև միաձայն հայտարարում են, որ 10—12 տարի առաջ իրենց աշխատանքն օրական միայն 8 ժամ էր տևում։ Իսկ վերջին 5—6 տարվա ընթացքում աշխատանքի տևողությունը հասցրին 14, 18 և 20 ժամի, իսկ ուղևորների հատկապես մեծ հոսանքի ժամանակ, օրինակ, էքսկուրսիաների եռուն սեզոնում, հաճախ աշխատանքը տևում է անընդհատ 40—50 ժամ։ Բայց նրանք, երկաթուղային բանվորները, սովորական մարդիկ են և ոչ թե կիկլոպներ։ Որոշ մոմենտում նրանց աշխատուժը հրաժարվում է ծառայելուց։ Ընդարմացումը տիրում է նրանց. նրանց ուղեղը դադարում է աշխատելուց, աչքերը՝ տեսնելուց։ Վերին աստիճանի «respectable British Juryman»-ը [«հարգարժան բրիտանական երդվյալը»] այդ ցուցմունքներին պատասխանում է մի դատավճռով, որը նրանց հետագա դատի է հանձնում manslaughter-ի [մարդասպանության] համար, և լրացուցիչ կետում մեղմ կերպով այն բարեմիտ ցանկությունն է հայտնում, որ պարոնայք երկաթուղային մագնատներն ապագայում անհրաժեշտ քանակությամբ «աշխատուժեր» գնելիս ավելի առատաձեռն լինեն և գնած աշխատուժի հյութերը քամելիս ավելի «ժուժկալ», ավելի «անձնուրաց» կամ ավելի «խնայող» լինեն[87]։
Ահա՛ բոլոր զբաղմունքների, տարիքների և սեռերի բանվորների խայտաբղետ բազմությունը։ Նրանք ավելի համառորեն են հետապնդում մեզ, քան սպանվածների հոգիները՝ Ոդիսևսին։ Նրանց հյուծող չափից դուրս աշխատանքի մասին դատելու համար բավական է մի թռուցիկ հայացք գցել նրանց վրա, առանց նայելու նրանց թևերի տակի Կապույտ գրքերին։ Վերցնենք այդ խայտաբղետ բազմությունից երկու դեմք՝ մի մոդիստկայի ու մի դարբնի, նրանց ապշեցուցիչ հակադրությունն ամենալավ կերպով ապացուցում է, որ կապիտալի առջև բոլոր մարդիկ հավասար են։
1863 թ. հունիսի վերջին շաբաթում Լոնդոնի բոլոր թերթերը մի փոքրիկ հոդված զետեղեցին հետևյալ «sensational» [«սենսացիոն»] վերնագրով` «Death from simple overwork» («Մահ բացառապես չափից դուրս աշխատանքից»)։ Խոսքը վերաբերում էր քսան տարեկան մոդիստկա Մերի-Էնն Ուոկլիի մահվանը. նա աշխատում էր մի շատ մեծահարգ պալատական կտրի արհեստանոցում, որը շահագործում էր Էլիզա հաճելի անունով մի տիկին։ Այստեղ նորից երևան հանվեց հաճախ կրկնված այն հին պատմությունը[88], որ այդ աղջիկները միջին հաշվով աշխատում են օրական 16½ ժամ, իսկ սեզոնի ժամանակ՝ հաճախ 30 ժամ անընդհատ, ընդ որում նրանց դավաճանող «աշխատուժը» պահպանվում է ժամանակ առ ժամանակ խերես, պորտվեյն կամ սուրճ ընդունելով։ Սեզոնի հենց ամենաեռուն ժամանակն էր։ Հարկավոր էր ազնվական լեդիների համար շքեղ զգեստներ պատրաստել այն պարահանդեսի համար, որ տրվելու էր Ուելսի հենց նոր ներմուծված իշխանուհու պատվին։ Մերի-Էնն Ուոկլին 26½ ժամ առանց դադարի աշխատեց ուրիշ 60 աղջիկների հետ միասին, 30-ական մարդ մի սենյակում, որն օդի անհրաժեշտ խորանարդ բովանդակության [math]^1/_3[/math]-ը հազիվ էր մատակարարում, ընդ որում նրանք գիշերը հարկադրված էին երկու-երկու քնելու մի անկողնում, այն հոտած որջերից մեկում, որտեղ ննջարանը բաժանվում է տախտակե միջնորմներով[89]։ Եվ դա Լոնդոնի մոդայական լավագույն արհեստանոցներից մեկն էր։ Մերի-Էնն Ուոկլին հիվանդացավ ուրբաթ և մեռավ կիրակի օրը՝ նեղություն չկրելով նույնիսկ վերջացնելու վերջին շքեղ հագուստը, ի մեծ զարմանս տիկին Էլիզայի։ Բժիշկը, պարոն Կեյզը, որին շատ ուշ կանչեցին նրա մահվան մահճի մոտ, «Coroner’s Jury» [դիազննություն կատարող երդվյալներ]-ի առաջ ցուցմունք տվեց հետևյալ չոր ու ցամաք արտահայտություններով. «Մերի-Էնն Ուոկլին մեռել է լիքը լցված արհեստանոցում չափազանց երկար աշխատելուց և խիստ նեղ, վատ օդափոխվող ննջարանում քնելուց»։ Բժշկին լավ վարվելու դաս տալու նպատակով «Coroner’s Jury»-ն ի պատասխան նրա ցուցմունքների հայտարարեց. «Վախճանվածը մեռել է կաթվածից, բայց հիմք կա կասկածելու, որ նրա մահը կարող էր արագացած լինել լեփ-լեցուն արհեստանոցում չափից դուրս աշխատանք կատարելուց և այլն»։ Մեր «սպիտակամորթ ստրուկները»,— բացականչեց այդ առթիվ «Morning Star»-ը, պարոնայք ֆրիտրեդերներ Կոբդենի և Բրայտի օրգանը,— «մեր սպիտակամորթ ստրուկները չափազանց աշխատելուց գերեզմանի դուռն են հասնում և կործանվում ու մեռնում են բոլորովին անաղմուկ»[90]։
«Չափազանց աշխատելուց մահվան դուռը հասնել — ահա ինչն է օրակարգի մեջ դրված ոչ միայն մոդայական արհեստանոցներում, այլև հազարավոր տեղերում, ավելի ճիշտ՝ ամեն տեղ, որտեղ գործերը հաջող են ընթանում... Թող թույլ տրվի մեզ օրինակ բերել դարբնին։ Եթե հավատանք բանաստեղծներին, ապա չկա աշխարհում ավելի կենսուրախ, զվարթ մարդ, քան դարբինը։ Նա զարթնում է վաղ առավոտյան և կայծեր է թռցնում արեգակը դուրս գալուց առաջ։ Ոչ մի մարդ այնպես չի ուտում, խմում և քնում, ինչպես նա։ Եթե նկատի ունենանք միայն ֆիզիկական պայմանները, ապա, չափավոր աշխատանքի պայմաններում, դարբնի դրությունն ամենաբարեհաջողներից մեկն է։ Բայց հետևենք նրան և գնանք քաղաք ու տեսնենք աշխատանքի այն բեռը, որ բարդված է նրա ուժեղ ուսերին,— տեսնենք, թե մեր երկրի մահացությունների աղյուսակներում որ տեղն է բռնում նա։ Մերիլեբոնում (Լոնդոնի ամենամեծ քաղաքամասերից մեկում) դարբինների մահացությունը կազմում է տարեկան 1000-ին 31, որ Անգլիայի չափահաս մարդկանց միջին մահացությունից 11-ով ավելի է։ Այս զբաղմունքը, որ մարդու համար գրեթե բնազդական արհեստ է, ինքնըստինքյան անբասիր,— չափից, դուրս աշխատանքի հետևանքով դառնում է մարդու համար կործանարար։ Նա կարող է օրական մուրճի այսքան հարված տալ, այսքան քայլ անել, այսքան շնչողական շարժումներ կատարել, այսինչ աշխատանքը կատարել և վերջին, հաշվով ապրել, ասենք, 50 տարի։ Նրան հարկադրում են մուրճի այսքան հարվածներ ավելի տալ, այսքան քայլ ավելի անել, այսքան ավելի հաճախ շնչել, և այդ բանը վերջին հաշվով նրա կենսական ուժերի ծախսումը մեծացնում է մեկ քառորդով։ Նա այդ ուղղությամբ փորձեր է անում և հետևանքն այն է լինում, որ սահմանափակ ժամանակամիջոցում նա իրոք մի քառորդով ավելի գործ է կատարում և 50-ի փոխարեն մեռնում է 37 տարեկան հասակում»[91]։
4. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ։ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՍՏԵՄԸ
Արժեքի ավելացման պրոցեսի տեսակետից՝ հաստատուն կապիտալը, արտադրության միջոցները գոյություն ունեն միայն նրա համար, որ աշխատանք ներծծեն և աշխատանքի ամեն մի կաթիլի հետ համապատասխան քանակությամբ հավելյալ աշխատանք ներծծեն։ Որքան ժամանակ նրանք այդ չեն անում, նրանց ապարդյուն գոյությունը իր տեսակի կորուստ է կապիտալիստի համար, որովհետև այն ամբողջ ժամանակամիջոցում, քանի դեռ արտադրամիջոցները մնում են առանց գործադրության, նրանք մնում են որպես անօգուտ ավանսավորած կապիտալ. այդ կորուստը դառնում է դրական, եթե ընդհատված արտադրության վերսկսումը անհրաժեշտ է դարձնում լրացուցիչ ծախսումները։ Աշխատանքային օրվա երկարացումը բնական օրվա սահմաններից դուրս, երկարացումը գիշերվա հաշվին ներգործում է լոկ որպես կիսամիջոց, միայն որոշ չափով է հագեցնում աշխատանքի կենդանի արյան վամպիրային ծարավը։ Այդ պատճառով աշխատանքի յուրացումը օրվա բոլոր 24 ժամվա ընթացքում կազմում է կապիտալիստական արտադրության ներհատուկ ձգտումը։ Բայց որովհետև ֆիզիկապես անկարելի է գիշեր ու ցերեկ ծծել միևնույն աշխատուժերը, ուստի ֆիզիկական արգելքները հաղթահարելու համար պահանջվում է ցերեկն ու գիշերը կլանվող աշխատուժերի հերթափոխություն, այնպիսի հերթափոխություն, որ տարբեր մեթոդներ է թույլ տալիս, օրինակ, այնպես կազմակերպված հերթափոխություն, երբ բանվորական անձնակազմի մի մասը մի շաբաթ ցերեկվա աշխատանք է կատարում, մյուս շաբաթ՝ գիշերվա աշխատանք և այլն։ Ինչպես հայտնի է, հերթափոխության այդ սիստեմը, այդ փոփոխուն տնտեսությունը, իշխում էր անգլիական բամբակեղենի և արդյունաբերության այլ ճյուղերի լիառողջ երիտասարդական ժամանակաշրջանում, և ներկայումս ծաղկում է ի միջի այլոց Մոսկվայի նահանգի բամբակամանարաններում։ Արտադրության 24-ժամյա պրոցեսը, որպես սիստեմ, այսօր էլ գոյություն ունի Մեծ-Բրիտանիայի արդյունաբերության մինչև հիմա էլ դեռ «ազատ» ճյուղերում, ի միջի այլոց Անգլիայի, Ուելսի ու Շոտլանդիայի դոմնային գործարաններում, դարբնոցներում, երկաթագլոցարաններում ու մետաղամշակման մյուս մանուֆակտուրաներում։ Աշխատանքի պրոցեսը ոչ միայն շարունակվում է 6 լի օրերից յուրաքանչյուրում 24-ական ժամ, այլև մեծ մասամբ ընդգրկում է նաև կիրակի օրվա 24 ժամը։ բանվորների կազմի մեջ մտնում են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք, երկու սեռի՝ հասակավորներ ու երեխաներ։ Երեխաների ու դեռահասների տարիքն ընդգրկում է 8 տարեկանից (մի քանի դեպքում 6 տարեկանից) մինչև 18 տարեկան բոլոր միջակա աստիճանները[92]։ Մի քանի ճյուղերում աղջիկներն ու կանայք գիշերն աշխատում են տղամարդկանց հետ միասին[93]։
Չխոսելով արդեն գիշերային աշխատանքի ընդհանուր վնասակար հետևանքների մասին[94], արտադրության անընդհատ, քսանչորս ժամ տևող պրոցեսը վերին աստիճանի հարմար առիթ է տալիս՝ անվանական աշխատանքային օրվա սահմաններից անցնելու համար։ Օրինակ, արդյունաբերության վերը հիշատակված ճյուղերում, որոնք մեծ լարում են պահանջում, պաշտոնական աշխատանքային օրը մեծ մասամբ 12 գիշերային կամ ցերեկային ժամ է։ Բայց այդ սահմաններից անցնող արտաժամյա աշխատանքը շատ դեպքերում, անգլիական պաշտոնական հաշվետվության բառերով ասենք, «իրոք սարսափելի է» («truly fearful»)[95]։ «Ոչ մի մարդկային միտք,— ասում է հաշվետվությունը,— չի կարող պատկերացնել աշխատանքի այն մասսան, որ, վկաների տված ցուցմունքների համաձայն, կատարում են 9-ից մինչև 12 տարեկան տղաները,— և դրանից հետո չգալ այն անխուսափելի հետևությանը, որ այլևս չի կարելի հանդուրժել ծնողների ու գործատուների իշխանության այդպիսի չարաշահումը»[96]։
«Հենց միայն այն հանգամանքը, որ տղաներին ընդհանրապես ստիպում են փոխառփոխ աշխատել մերթ ցերեկը, մերթ գիշերը, այն հետևանքն է ունենում, որ թե՛ գործերի աշխուժացման ու թե՛ նրանց սովորական ընթացքի ժամանակ աշխատանքային օրը երկարացվում է ամոթալի չափերով։ Այդ երկարացումը շատ դեպքերում ո՛չ միայն սարսափելի, այլև ուղղակի անհավատալի բնույթ է կրում։ Անխուսափելիորեն ժամանակ առ ժամանակ պատահում է, որ աշխատանքը վերջացնողին փոխարինող տղաներից մեկը այս կամ այն պատճառով չի գալիս։ Այդ դեպքում ներկա եղող տղաներից մեկը կամ մի քանիսը, որոնք իրենց աշխատանքային օրն արդեն վերջացրել են, պետք է փոխարինեն բացակայողին։ Այդ սիստեմն այնքան հանրածանոթ է, որ գլոցագործարանի մի դիրեկտոր իմ հարցին, թե բացակա տղաների տեղերն ինչ կերպ են լրացվում, պատասխանեց. «Ես հաստատ գիտեմ, որ դուք այդ նույնքան լավ գիտեք, որքան և ես»,— և առանց որևէ տատանման խոստովանեց վերը նշված փաստը»[97]։
«Մի գլոցագործարանում, որտեղ անվանական աշխատանքային օրը տեվում է առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան 5½ ժամը, մի փոքր տղա ամեն շաբաթ 4 գիշեր աշխատում էր մինչև հաջորդ օրվա երեկոյան ժամի առնվազն 8½-ը... և այդպես 6 ամիս շարունակ»։ «Մի ուրիշը, ինը տարեկան, երբեմն աշխատում էր աշխատանքային երեք հերթափոխ իրար հետևից, ամեն մեկը տասներկու ժամ, իսկ տասը տարեկան մի տղա՝ երկու օր և երկու գիշեր իրար հետևից»։ «Մի երրորդ տղա, որ հիմա 10 տարեկան է, աշխատում էր առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը՝ երեք գիշեր շարունակ և մինչև երեկոյան ժամի 9-ը՝ մյուս գիշերները»։ «Չորրորդը, որ հիմա 13 տարեկան է, աշխատում էր երեկոյան ժամի 6-ից մինչև մյուս օրը ցերեկվա ժամի 12-ը՝ մի ամբողջ շաբաթ, իսկ երբեմն էլ երեք հերթափոխ իրար հետևից, օրինակ, երկուշաբթի առավոտվանից մինչև երեքշաբթի գիշեր»։ «Հինգերորդը, որ հիմա 12 տարեկան է, Ստեյվլիի երկաթաձուլական գործարանում աշխատում էր առավոտվա ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը՝ երկու շաբաթ շարունակ, նա արդեն, անընդունակ է այդպիսի աշխատանքը շարունակելու»։ Ջորջ Էլինսվորտը, ինը տարեկան, ասում է. «Ես այստեղ եկել եմ անցյալ ուրբաթ օրը։ Մենք պետք է հաջորդ օրը սկսեինք աշխատանքը առավոտյան ժամի 3-ին։ Այդ պատճառով ես այստեղ մնացի ամբողջ գիշերը։ Ապրում եմ այստեղից 5 մղոն հեռու։ Քնել էի գետնին՝ կաշվե գոգնոցը տակս գցած ու մի փոքրիկ բաճկոն վրաս քաշած։ Հաջորդ երկու օրը ես գալիս էի առավոտյան ժամի 6-ին։ Այո, տաք տեղ է։ Այստեղ ընդունվելուցս առաջ ես մի ամբողջ տարի աշխատում էի դոմնային գործարանում։ Այդ մի շատ մեծ գործարան էր գյուղում։ Իմ աշխատանքը նույնպես սկսվում էր շաբաթ օրն առավոտյան ժամի 3-ին, բայց ես գոնե կարող էի տուն գնալ քնելու, որովհետև մոտ էի ապրում։ Մյուս օրերը ես աշխատանքն սկսում էի առավոտյան ժամի 6-ին, իսկ վերջացնում էի երեկոյան ժամի 6-ին կամ 7-ին» և այլն[98]։
Հիմա լսենք, թե ինքը՝ կապիտալն ինչպես է նկարագրում, այդ քսանչորսժամյա սիստեմը։ Նա, իհարկե, լռության է տալիս այդ սիստեմի ծայրահեղությունները, դրա չարաշահումները՝ աշխատանքային օրը «անգութ ու աներևակայելի» չափով երկարացնելու նպատակով։ Նա խոսում է միայն սիստեմի մասին սրա «նորմալ» ձևի պայմաններում։
Ահա թե ինչ են ասում պողպատագործարանի տերեր պպ. Նեյլորն ու Վիկկերսը, որոնք բանեցնում են 600-ից մինչև 700 բանվոր. սրանցից միայն 10%-ն է 18 տարեկանից փոքր, ընդ որում նրանց միջից միայն 20 տղա են գիշերվա հերթին աշխատում. «Տղաներն ամենևին չեն նեղվում տաքությունից։ Ջերմաստիճանը հավանորեն հասնում է 86°—90°-ի [Ֆարենհայտի. Ցելսիուսի 30—32 աստիճան]... Դարբնոցում ու գլոցման արհեստանոցում ձեռքերն զբաղված են գիշեր ու ցերեկ հերթափոխությամբ. դրան հակառակ, մյուս բոլոր արհեստանոցներում բացառապես ցերեկն են աշխատում՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը։ Դարբնոցում աշխատում են ժամի 12-ից մինչև ժամի 12-ը։ Մի քանի ձեռքեր աշխատում են միշտ գիշերը, առանց գիշերային աշխատանքից ցերեկային աշխատանքի անցնելու... Մենք չենք գտնում, որ ցերեկային ու գիշերային աշխատանքը տարբեր ազդեցություն ունի առողջության վրա (պարոնայք Նեյլորի և Վիկկերսի՞ առողջության վրա), և մարդիկ, հավանորեն, ավելի լավ են քնում, երբ հանգիստը միշտ միևնույն ժամանակ է ընկնում, քան երբ փոփոխվում է հանգստի ժամանակը... 18 տարեկանից փոքր մոտավորապես քսան տղա աշխատում են գիշերվա հերթափոխում... Մենք չենք կարող գործարան պահել (not well do) առանց 18 տարեկանից փոքր տղաների գիշերային աշխատանքի։ Մեր առարկությունը արտադրության ծախքերի ավելացումն է։ Հմուտ ձեռքեր ու բաժնի վարիչներ գտնելը հեշտ չէ, իսկ տղաներ՝ որքան ուզեք, կարող եք ճարել... Իհարկե, նկատի ունենալով մեզ մոտ զբաղված տղաների թվի հարաբերական չնչինությունը, գիշերային աշխատանքի սահմանափակումը էական կարևորություն կամ նշանակություն չէր ունենա մեզ համար»[99]։
Պ-ն Ջ. Էլլիսը, պպ. Ջոն Բրաուն և Ընկ. ֆիրմայից, որի պողպատի ու երկաթի գործարաններում 3000 տղամարդ ու պատանի է աշխատում, ընդ որում պողպատի ու երկաթի ծանր աշխատանքների մի մասի համար «ցերեկվա ու գիշերվա հերթափոխություն» է կատարվում,— հայտարարում է, որ՝ պողպատի գործարանների դժվարին պայմաններում երկու չափահասին մեկ կամ երկու պատանի է ընկնում։ Նրանց ձեռնարկության մեջ հաշվվում են 18 տարեկանից փոքր 500 պատանի և նրանցից մոտավորապես 170-ը, կամ [math]^1_3[/math]-ը, 13 տարեկանից փոքր են։ Օրենքի նախագծվող փոփոխման վերաբերմամբ պ. Էլլիսն ասում է. «Ես չեմ կարծում, թե շատ դատապարտելի կլիներ (very objectionable), եթե արգելվեր 18 տարեկանից փոքր անձերին 24 ժամվա մեջ 12 ժամից ավելի պարտադիր կերպով աշխատելը։ Բայց ես չեմ կարծում, թե կարելի է որևէ ապացույց բերել հօգուտ այն բանի, որ գիշերային աշխատանքի դեպքում կարելի է գործը վարել առանց 12 տարեկանից մեծ երեխաների։ Մենք ավելի շուտ կընդունեինք այն օրենքը, որն ընդհանրապես արգելեր 13 տարեկանից կամ նույնիսկ 15 տարեկանից փոքր տղաների աշխատանքի կիրառումը, քան այն օրենքը, որն արգելեր մեր ձեռքի տակ արդեն աշխատող տղաների գիշերային աշխատանքը։ Այն դեռահասները, որոնք զբաղված են ցերեկվա հերթափոխում, պետք է փոփոխակի գիշերային հերթափոխում էլ աշխատեն, որովհետև մեծահասակ բանվորները չեն կարող՝ անդադար գիշերներն աշխատել, այդ կխորտակեր նրանց առողջությունը։ Սակայն մենք կարծում ենք, որ գիշերային աշխատանքը, եթե կատարվում է հաջորդ շաբաթվա ընդմիջումով, վնաս չի հասցնում։ (Պարոնայք Նեյլորն ու Վիկկերսը, իրենց ձեռնարկության շահերը պաշտպանելով, կարծում էին, ընդհակառակը, որ ո՛չ թե անընդհատ, այլ հենց պարբերաբար հերթափոխվող գիշերային աշխատանքը կարող է վնաս պատճառել։) Մենք տեսնում ենք որ հերթափոխությամբ գիշերային ու ցերեկային աշխատանքով զբաղված մարդիկ նույնպես առողջ են, ինչպես և նրանք, որոնք միայն ցերեկն են աշխատում... 18 տարեկանից փոքր դեռահասների գիշերային աշխատանքն արգելելու դեմ մենք առարկում ենք այն պատճառով, որ այդ կավելացներ ծախքերը, բայց այդ էլ հենց միակ հիմքն է։ (Ինչպիսի՜ միամիտ ցինիզմ։) Մենք կարծում ենք, որ ծախքերի այս ավելացումը կգերազանցեր այն ծախքերից, որոնց կարող է դիմանալ ձեռնարկությունը (the trade) առանց վնաս հասցնելու իր առաջադիմությանը։ (As the trade with due regard to etc. could fairly bear! Որպիսի՜ շփոթանման ֆրազեոլոգիա։) Աշխատանքն այստեղ հազվադեպ է, իսկ այդպես կարգավորելիս այն կարող էր անբավարար դառնալ» (այսինքն՝ էլլիսը, Բրաունն ու Ընկ. կարող էին ճակատագրական դրության մեջ ընկնել հարկադրված լինելով լրիվ վճարելու աշխատուժի արժեքը)[100]։
«Պարոնայք Կեմելի և Ընկ. «Կիկլոպ» պողպատաձուլարաններն ու երկաթագործարանները վարվում են միևնույն խոշոր մասշտաբով, ինչպես վերը հիշված Ջոն Բրաունի և Ընկ. ձեռնարկությունը։ Դիրեկտոր-կառավարիչը կառավարական հանձնաժողովի անդամ Ուայտին հանձնեց իր գրավոր ցուցմունքները, բայց հետո նպատակահարմար գտավ թաքցնել ձեռագիրը, որը նրան էին վերադարձրել վերանայելու համար։ Սակայն պ. Ուայտը լավ հիշողություն ունի։ Նա շատ լավ հիշում է, որ այդ պարոն կիկլոպների համար «անկարելի բան է» երեխաների ու դեռահասների աշխատանքն արգելելը. «այդ հավասարազոր կլիներ նրանց գործարանները փակելուն» և, այնուամենայնիվ, նրանց ձեռնարկության մեջ 6%-ից մի՜ քիչ ավելի են 18 տարեկանից փոքր դեռահասները և մի՜ միայն 1% 13 տարեկանից փոքրերը»[101]։
Եղբ. Սանդերսոն և Ընկ. Էտտերկլիֆի պողպատաձուլական, երկաթագլոցման ու դարբնոցային գործարանների ֆիրմայի ներկայացուցիչ պ-ն Ե. Ֆ. Սանդերսոնը այս հարցի մասին հետևյալ ձևով է արտահայտվում. «Մեծ դժվարություններ կառաջացներ 18 տարեկանից փոքր դեռահասների գիշերային աշխատանքի արգելումը, գլխավոր դժվարությունը ծախքերի ավելացումն է, որն անհրաժեշտաբար տեղի կունենար երեխաների աշխատանքը մեծահասակ տղամարդկանց աշխատանքով փոխարինելու հետևանքով։ Թե այդ ծախքերը որքան կմեծանային, ես չեմ կարող ասել, բայց, հավանորեն, այնքան մեծ չէին լինի, որ գործարանատերը կարողանար պողպատի գինը բարձրացնել, և, հետևաբար, վնասը կծանրանար նրա վրա, որովհետև բանվորները, իհարկե, կհրաժարվեին այդ վնասը կրելուց» (ի՜նչ համառ մարդիկ են)։ Պ-ն Սանդերսոնը չի իմանում, թե երեխաներին որքան է վճարում, բայց «հավանորեն դա շաբաթական կազմում է շնչին 4-ից մինչև 5 շիլլինգ... Տղաների աշխատանքն այնպես է, որ նրա համար ընդհանրապես («generally») իհարկե, ոչ միշտ «մասնավորապես») միանգամայն բավարար է դեռահասների ուժը, ուստի և մեծահասակ բանվորների ավելի մեծ ուժը ոչ մի այնպիսի օգուտ չէր տա, որը փոխհատուցեր կորուստը, կամ այդ կարող էր տեղի ունենալ միայն սակավաթիվ դեպքերում, երբ հարկ է լինում գործ ունենալու շատ ծանր մետաղի հետ։ Մեծահասակ բանվորներին, իրենց հերթին, հաճելի չէր լինի, եթե նրանք իրենց ձեռքի տակ տղաներ չունենային, որովհետև մեծահասակ տղամարդիկ ավելի քիչ հնազանդ են։ Բացի դրանից, տղաները պետք է վաղ հասակից սկսեն աշխատել, որպեսզի արհեստ սովորեն։ Դեռահասների աշխատանքը սոսկ ցերեկային աշխատանքով սահմանափակելն արգելք կլիներ այդ նպատակին հասնելուն»։ Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ դեռահասները չէին կարող իրենց «արհեստը» ցերեկը սովորել։ Ձեր հիմունքնե՞րը։ «Որովհետև մեծահասակ բանվորները, որոնք փոխառփոխ մի շաբաթ ցերեկն են աշխատում, մի շաբաթ՝ գիշերը, այդ ամբողջ ժամանակվա ընթացքում իրենց հերթափոխության դեռահասներից բաժանված, կկորցնեին իրենց այն օգուտի կեսը, որ կարող էին կորզել նրանցից։ Այսինքն՝ այն ղեկավարությունը, որ նրանցից ստանում են դեռահասները, հաշվի է առնվում որպես վերջինների աշխատավարձի մի մասը, և այդ հնարավորություն է տալիս, որ մեծահասակ բանվորները դեռահասների աշխատանքն ավելի էժան ձեռք բերեն։ Ամեն մի մեծահասակ բանվոր կկորցներ իր շահույթի կեսը»։ Ուրիշ խոսքով՝ պարոնայք Սանդերսոնները մեծահասակ բանվորների աշխատավարձի համապատասխան մասը պետք է վճարեին իրենց սեփական գրպանից, փոխանակ դեռահասների գիշերային աշխատանքով վճարելու։ Այս դեպքում պարոնայք Սանդերսոնների շահույթը մի քիչ կպակասեր, և այդ Սանդերսոնների համար լավ հիմք է ծառայում այն բանին, թե ինչու դեռահասներն իրենց արհեստը չպետք է ցերեկը սովորեն[102]։ Բացի դրանից, այդ բանը կանոնավոր գիշերային աշխատանքը ամբողջովին կբարդեր հասակավորների ուսերին, որոնց հիմա հերթափոխում են դեռահասները, և նրանք չէին դիմանա դրան։ Կարճ ասած՝ դժվարություններն այնքան մեծ կլինեին, որ նրանք ամենայն հավանականությամբ ամբողջովին կոչնչացնեին գիշերային աշխատանքը։ «Ինչ վերաբերում է բուն իսկ պողպատի արտադրությանը,— ասում է Ե. Ֆ. Սանդերսոնը,— ապա այդ ոչ մի տարբերություն չէր անի, բայց...»։ Բայց պարոնայք Սանդերսոնները մի ուրիշ բանի մասին էլ են հոգում, բացի պողպատի արտադրությունից։ Պողպատի արտադրությունը լոկ պատրվակ է շահույթ արտադրելու համար։ Հալոցահնոցները, գլոցման արհեստանոցները և այլն, շենքերը, մեքենաները, երկաթը, քարածուխը և այլն ավելի կարևոր գործ ունեն, քան պողպատի վերածվելը։ Դրանք նրա համար գոյություն ունեն, որ հավելյալ աշխատանք քամեն և, իհարկե, 24 ժամում ավելի կքամեն, քան 12 ժամում։ Եվ իրոք, աստվածային ու մարդկային օրենքների համաձայն նրանց՝ Սանդերսոններին, նրանք իրավունք են վերապահում ամբողջ 24 ժամ օգտվելու որոշ թվով ձեռքերի աշխատաժամանակից. հենց որ աշխատանք քամելու նրանց ֆունկցիան ընդհատվում է, նրանք կորցնում են կապիտալի իրենց բնույթը, ուստի և Սանդերսոնների համար զուտ վնաս են։ «Բայց այդ դեպքում կորուստ առաջ կգար խիստ թանկ մեքենաների ժամանակի կեսի ընթացքում պարապ կանգնելուց, և մենք արդյունքների այն քանակն արտադրելու համար, որ մենք ի վիճակի ենք այժմյան սիստեմում արտադրելու,— ստիպված կլինեինք կրկնապատկելու շենքերն ու մեքենաների քանակը, իսկ այդ կկրկնապատկեր ծախքերը»։ Բայց ինչո՞ւ հենց այդ Սանդերսոններն են պահանջում, որ իրենք արտոնություն ունենան այն մյուս կապիտալիստների համեմատությամբ, որոնց թույլատրված է բանվորներին միայն ցերեկն աշխատեցնել և որոնց շենքերը, մեքենաները, հում նյութը գիշերը «պարապ են»։ «Այդ ճիշտ է,— պատասխանում է Ե. Ֆ. Սանդերսոնը բոլոր Սանդերսոնների անունից,— ճիշտ է, որ մեքենաների պարապությունից, առաջացած վնասը տարածվում է այն բոլոր ձեռնարկությունների վրա, որտեղ միայն ցերեկն են աշխատում։ Բայց հալոցահնոցների գործածումը մեր դեպքում արտակարգ կորուստներ կպատճառեր։ Եթե հնոցները վառած պահենք, վառելանյութը կվատնվի (բանվորների կյանքի փոխարեն, որը վատնվում է ներկայումս), իսկ եթե հնոցները վառած չպահենք, ապա ժամանակ է կորչում նորից կրակ վառելու և անհրաժեշտ ջերմաստիճան ստանալու համար (այնինչ նույնիսկ ութ տարեկան երեխաների կողմից քնի ժամանակի կորուստը աշխատաժամանակի շահում է սանդերսոնյան ազգատոհմի համար), ասենք՝ իրենք հնոցներն էլ կտուժեին ջերմաստիճանի փոփոխումից» (այնինչ նույն այդ հնոցները բոլորովին չեն տուժում աշխատանքի ցերեկվա ու գիշերվա հերթափոխումից)[103]։
5. ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ XIV ԴԱՐԻ ԿԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ XVII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ
«Ի՞նչ է աշխատանքային օրը»։ Որքա՞ն մեծ է այն ժամանակը, որի ընթացքում կապիտալը կարող է սպառել աշխատուժը, որի օրական արժեքը նա վճարում է։ Աշխատանքային օրը որքա՞ն կարող է երկարացվել ա՛յն աշխատաժամանակից վեր, որ անհրաժեշտ է բուն իսկ աշխատուժի վերարտադրության համար։ Այս հարցերին, ինչպես տեսանք, կապիտալը պատասխանում է՝ աշխատանքային օրն ունի լրիվ 24 ժամ, հանած հանգստի այն սակավաթիվ ժամերը, առանց որոնց աշխատուժը բացարձակապես անպետք է դառնում իր ծառայությունը վերսկսելու համար։ Ընդսմին ինքնըստինքյան հասկանալի է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում բանվորը առանց բացառության ոչ այլ ինչ է, եթե ոչ աշխատուժ, ուստի և նրա տրամադրության տակ եղած ամբողջ ժամանակը բնականորեն և իրավունքի համաձայն աշխատաժամանակ է և, հետևապես, ամբողջովին պատկանում է կապիտալի ինքնաճման պրոցեսին։ Ինչ վերաբերում է այն ժամանակին, որ մարդուն անհրաժեշտ է կրթության, մտավոր զարգացման, սոցիալական ֆունկցիաները կատարելու, ընկերական հաղորդակցության, ֆիզիկական ու մտավոր ուժերի ազատ խաղի համար, նույնիսկ կիրակին տոնելու համար՝ թեկուզ հենց շաբաթ օրը սուրբ համարողների երկրում[104],— ապա այդ բոլորը դատարկ ցնդաբանությո՜ւն է։ Բայց հավելյալ արժեքի նկատմամբ իր ունեցած անսահման կույր ձգտմամբ, իր գայլի ախորժակով կապիտալը ոտնատակ է տալիս աշխատանքային օրվա ո՛չ միայն բարոյական, այլև զուտ ֆիզիկական առավելագույն սահմանները։ Նա հափշտակում է մարմնի աճման, զարգացման ու առողջ պահպանման համար անհրաժեշտ ժամանակը։ Նա հափշտակում է այն ժամանակը, որը բանվորին անհրաժեշտ է թարմ օդից և արևի լույսից օգտվելու համար։ Նա կրճատում է ճաշելու ժամանակը և ըստ հնարավորության այդ ժամանակը մտցնում է արտադրության բուն պրոցեսի մեջ, այնպես որ կերակուրը տրվում է բանվորին՝ որպես արտադրության մի սոսկական միջոցի, ինչպես շոգեկաթսային քարածուխ է տրվում և մեքենաներին՝ ճարպ կամ յուղ։ Կենսական ուժը վերականգնելու, նորոգելու և թարմացնելու համար անհրաժեշտ առողջ քունը կապիտալը վեր է ածում ընդարմացման այնքան ժամերի, որքան այդ անպայման անհրաժեշտ է վերջնականապես ուժասպառ օրգանիզմը կենդանացնելու համար։ Այսպիսով, այստեղ ոչ թե աշխատուժի նորմալ պահպանումն է որոշում աշխատանքային օրվա սահմանները, այլ, ընդհակառակը, աշխատուժի օրական ըստ կարելույն շատ ծախսումն է, որքան էլ հիվանդագին բռնի ու տանջալից լինի այդ ծախսումը, որոշում է բանվորի հանգստի ժամանակի սահմանները։ Կապիտալը չի հարցնում աշխատուժի կյանքի տևողության մասին։ Նրան հետաքրքրում է միայն աշխատուժի այն մաքսիմումը, որը կարելի է աշխատանքային օրվա ընթացքում շարժման մեջ դնել։ Նա այս նպատակին հասնում է աշխատուժի կյանքը կարճացնելով, ինչպես ագահ գյուղատնտեսական ձեռնարկուն հողի եկամտաբերության բարձրացման է հասնում հողի արգասավորությունը կողոպտելու միջոցով։
Այսպիսով, կապիտալիստական արտադրությունը, որն ըստ էության հավելյալ արժեքի արտադրություն, հավելյալ աշխատանքի ներծծումն է, աշխատանքային օրվա երկարացումով առաջ է բերում ոչ միայն մարդկային աշխատուժի սպառում, որից խլվում են զարգացման ու գործունեության բարոյական ու ֆիզիկական նորմալ պայմանները։ Կապիտալիստական արտադրությանը առաջ է բերում բուն աշխատուժի վաղաժամ սպառում ու ոչնչացում[105]։ Նա մի որոշ ժամանակով երկարացնում է տվյալ բանվորի արտադրական ժամանակը, բայց դրան հասնում է նրա կյանքի տևողությունը կարճացնելով։
Բայց աշխատուժի արժեքը պարունակում է այն ապրանքների արժեքը, որոնք անհրաժեշտ են բանվորի վերարտադրության կամ բանվոր դասակարգի բազմացման համար։ Այսպիսով, եթե աշխատանքային օրվա հակաբնական երկարացումը, որին կապիտալը հետամուտ է իր ինքնաճեցման անսահման ձգտումով, կարճացնում է առանձին բանվորների կյանքի ժամանակաշրջանը, իսկ դրա հետ միասին նաև նրանց աշխատուժի ֆունկցիայի տևողությունը, ապա անհրաժեշտ է դառնում մաշված աշխատուժի ավելի արագ փոխարինում, այսինքն՝ պետք է աշխատուժի վերարտադրության մեջ մաշվածքի ավելի մեծ ծախքեր մտնեն. Ճիշտ այնպես, ինչպես մեքենայի յուրաքանչյուր օր վերարտադրելի մասի արժեքն այնքան ավելի մեծ է, որքան ավելի արագ է մաշվում մեքենան։ Այսպիսով, կարծես թե կապիտալի սեփական շահն է մատնանշում նորմալ աշխատանքային, օր սահմանելու անհրաժեշտությունը։
Ստրկատերն իր բանվորին գնում է ճիշտ այնպես, ինչպես նա իրեն համար ձի է գնում։ Ստրուկին կորցնելով՝ նա կորցնում է նաև իր կապիտալը, որը պետք է փոխհատուցվի ստրկաշուկայում կատարվող նոր ծախսումով։ Բայց «ինչպիսի ճակատագրական-կործանիչ ազդեցություն էլ գործեն Գեորգիայի բրնձի արտերն ու Միսսիսիպիի ճահիճները մարդկային օրգանիզմի վրա, այնուամենայնիվ, մարդկային կյանքի այդ կործանումն այնքան մեծ չէ, որ այն կարելի չլիներ վերականգնել Վիրգինիայի ու Կենտուկկիի նեգրերի լիառատ բուծարանների միջոցով։ Տնտեսական այն նկատառումները, որոնք կարող էին մի տեսակ երաշխիք ծառայել ստրուկների նկատմամբ մարդկային վերաբերմունքի համար, որչափով նրանք նույնացնում են տիրոջ շահերն ու ստրուկի պահպանումը, ստրկավաճառքը մտցնելուց հետո, ընդհակառակը, դառնում են ստրուկի նկատմամբ ամենաանխնա վերաբերմունքի պատճառ, որովհետև եթե նրան կարելի է փոխարինել նեգրերի օտար բուծարաններից բերած նոր ստրուկով, ապա ստրուկի կյանքի տևողությունն ավելի պակաս կարևոր է դառնում, քան նրա աշխատանքի արտադրողականությունն այն միջոցին, քանի դեռ այն շարունակվում է։ Ուստի այն երկրներում, ուր ստրուկներ են ներմուծվում, ստրկատիրական տնտեսության կանոնը հետևյալն է. ամենաիրական տնտեսումն այն է, որ մարդ-անասունից (human cattle) ըստ հնարավորին քիչ ժամանակում աշխատանքի որքան կարելի է մեծ մասսա քամվի։ Հենց արևադարձային կուլտուրա ունեցող երկրներում, որտեղ տարեկան շահույթը հաճախ հավասար է լինում պլանտացիաների ամբողջ կապիտալին, նեգրերի կյանքը զոհ է բերվում ամենից ավելի անխնա կերպով։ Արևմտյան Հնդկաստանի հողագործությունը, որ առասպելական հարստությունների օրրանն է դարերի ընթացքում, աֆրիկյան ցեղի միլիոնավոր մարդ է կլանել։ Մեր ժամանակներում ևս Կուբայում, որտեղ շահույթները միլիոններով են հաշվվում, որտեղ պլանտատորները մի-մի իշխան են, ստրուկների մի զգալի մասն ամեն տարի ուղղակի ոչնչանամ է ո՛չ միայն սննդի չափից դուրս կոշտության և անընդհատ հյուծիչ չարչարանքի հետևանքով, այլև չափից ավելի աշխատանքից և քնի ու հանգստի պակասությունից դանդաղորեն խոշտանգվելու հետևանքով»[106]։
Mutato nomine de te fabula narratur! [Ուրիշի անվան տակ քո՜ մասին է այս պատմությունը։] Ստրկավաճառքը փոխարինենք աշխատանքի շուկայո՜վ, Կենտուկկին և Վիրգինիան՝ Իռլանդիայով և Անգլիայի, Շոտլանդիայի ու Ուելսի հողագործական շրջաններո՜վ, Աֆրիկան՝ Գերմանիայո՜վ։ Մենք, տեսանք, թե ինչպես չափից ավելի աշխատանքն ամայացնում է Լոնդոնի հացագործների շարքերը, այնուամենայնիվ, Լոնդոնի աշխատանքի շուկան միշտ լիքն է հացի փռերում մեռնելու գերմանացի ու այլ թեկնածուներով։ Բրուտությունը, ինչպես տեսանք, արդյունաբերության այն ճյուղերից մեկն է, որտեղ բանվորները կյանքի ամենակարճ տևողություն ունեն։ Բայց արդյոք այդ պատճառով բրուտների պակասություն զգացվո՞ւմ է։ Ջոզայ Ուեջվուդը, արդի բրուտային արտադրության հնարողը, որ ինքն էլ ծագումով սովորական բանվոր է եղել, 1785 թվականին համայնքների պալատի առաջ հայտարարեց, թե ամբողջ արտադրության մեջ զբաղված են 15-ից մինչև 20 հազար մարդ[107]։ 1861 թվականին այդ արդյունաբերության միայն քաղաքային կենտրոնների բնակչությունը Մեծ Բրիտանիայում կազմում էր 101 302 մարդ։ «Բամբակեղենի արդյունաբերությունը արդեն 90 տարի է, որ գոյություն ունի... Անգլիական ցեղի երեք սերնդին համապատասխանող ժամանակամիջոցում նա բամբակեղենի բանվորների ինը սերունդ է կուլ տվել»[108]։ Ճիշտ է, տենդային վերելքի առանձին ժամանակաշրջաններում աշխատանքի շուկան աշխատուժի առաջարկի լուրջ պակասություն է ցույց տվել։ Այդպես եղավ, օրինակ, 1834 թվականին։ Բայց այստեղ պարոնայք գործարանատերերը Poor Law Commissioner-ներին [աղքատախնամ հիմնարկներին] առաջարկեցին հողագործական շրջանների «ավելորդ բնակչությունն» ուղարկել դեպի հյուսիս, հայտարարելով, որ «գործարանատերերը կկլանեն և կսպառեն այն»[109]։ Ահա նրանց իսկական բառերը։ «Poor Law Commissioner-ների համաձայնությամբ գործակալներ ուղարկվեցին Մանչեստր։ Հողագործական բանվորների ցուցակները պատրաստվեցին և հանձնվեցին այդ գործակալներին։ Գործարանատերերը նետվեցին բյուրո և երբ նրանք ընտրեցին, ինչ որ իրենց հարկավոր էր, ամբողջ ընտանիքներ ուղարկվեցին Անգլիայի հարավից։ Մարդկային այդ բեռները, վրաները պիտակներ կպցրած, ապրանքային հակերի նման, տեղ հասցվեցին ջրանցքներով և բեռնասայլերով. մի քանիսը տեղ հասան ոտքով, շատերը ճանապարհը կորցրին և կիսաքաղց թափառում էին մանուֆակտուրային շրջաններում։ Այդ գործը առևտրի մի իսկական ճյուղի չափեր ընդունեց։ Համայնքների պալատը համարյա անհավատալի կհամարի այս բանը։ Մարդկային մսի այսպիսի կանոնավոր առևտուրը, այսպիսի շահառությունը շարունակվում էր անընդհատ, և Մանչեստրի գործակալներն այդ մարդկանց գնում ու վաճառում էին Մանչեստրի գործարանատերերին այնպես կանոնավոր կերպով, ինչպես նեգրերն են վաճառվում հարավային նահանգների բամբակի պլանտատորներին... 1860 թվականը բամբակեղենի արդյունաբերության գագաթնակետն է... Նորից բանվորական ձեռքերի պակաս զգացվեց։ Գործարանատերերը նորից դիմեցին մարդկային միս վաճառող գործակալներին և վերջինները տակն ու վրա արին Դորսետի բոլոր ավազակույտերը, Դևոնի բլուրներն ու Ուիլտսի հարթավայրերը, բայց բնակչության ավելցուկն արդեն խժռված էր»։ «Bury Guardian»-ը դառնագին գանգատվում էր, թե անգլո-ֆրանսիական առևտրական պայմանագիրը կնքելուց հետո կարող էր կլանվել 10 հազար հավելյալ ձեռք, իսկ շուտով դեռ 30 կամ 40 հազարից էլ ավելի կպահանջվեր։ Այն բանից հետո, երբ 1860 թվականին մարդկային մսի առևտրի գործակալներն ու ենթագործակալները բավական ապարդյուն կերպով տակնուվրա արին հողագործական ֊շրջանները, գործարանատերերի մի պատգամավորություն դիմեց Poor Law Board-ի [աղքատախնամ բարձրագույն հիմնարկի] նախագահ պ. Վիլյերսին, խնդրելով, որ նրանց կրկին թույլատրվի աշխատատներից աղքատների երեխաներ ու որբեր վերցնել գործարանների համար[110]։
Ընդհանրապես փորձը ցույց է տալիս կապիտալիստին, որ գոյություն ունի մի որոշ մշտական գերբնակչություն, այսինքն՝ գերբնակչություն այն պահանջի համեմատությամբ, որ յուրաքանչյուր տվյալ պահին գոյություն ունի կապիտալի արժեքը մեծացնելու համար, թեև այդ գերբնակչությունը կազմվում է տկարացած, արագ թառամող, մեկը մյուսին դուրս մղող, այսպես ասած՝ խակ-խակ քաղված մարդկային սերունդներից[111]։ Մյուս կողմից՝ փորձը լրջմիտ դիտողին ցույց է տալիս, թե ինչպես կապիտալիստական արտադրությունը, որ պատմական տեսակետից դեռ երեկ է ծնունդ առել, արդեն արագ ու խոր արմատից կտրել է ժողովրդի կենսական ուժը, թե ինչպես արդյունաբերական բնակչության այլասերումը դանդաղում է գյուղի անձեռնմխելի մնացած կենսունակ տարրերին շարունակ կլանելու շնորհիվ միայն և թե ինչպես գյուղական բանվորներն անգամ սկսում են արդեն բնաջնջվել, չնայած թարմ օդին ու նրանց մեջ անսահման իշխող principle of natural selection-ին [բնական ընտրանքի սկզբունքին], որի շնորհիվ կյանքում դիմանում են միայն ամենաուժեղ անհատները[112]։ Եթե կապիտալը այնքան «լավ հիմունքներ» ունի բանվորների ներկա սերնդի տառապանքները ժխտելու ճամար, ապա նրա պրակտիկ գործունեության վրա նույնքան քիչ է ազդում մարդկության ապագա այլասերման, այսինքն՝ վերջիվերջո նրա անխուսափելի մահացման հեռանկարը, որքան երկրի՝ արեգակի վրա ընկնելու հնարավորության վերաբերյալ նկատառումները։ Ակցիաների ամեն մի սպեկուլացիայի ժամանակ յուրաքանչյուր մարդ գիտե, որ փոթորիկը երբևիցե պայթելու է, բայց ամեն մեկը հույս ունի, որ այն կպայթի իր մերձավորի գլխին այն բանից հետո, երբ իրեն կհաջողվի ոսկու անձրևը հավաքել ու մի ապահով տեղ թաքցնել։ Après moi le déluge! [Ինձնից հետո թեկո՜ւզ ջրհեղեղ] — ահա ամեն մի կապիտալիստի ու ամեն մի կապիտալիստական ազգի լոզունգը։ Ուստի կապիտալը անողոք է դեպի բանվորի առողջությունն ու կյանքը ամենուրեք, որտեղ հասարակությունը նրան չի հարկադրում այլ վերաբերմունք ունենալու[113]։ Ֆիզիկական ու հոգևոր խեղանդամության, վաղաժամ մահվան, չափից դուրս աշխատանքից խոշտանգումների վերաբերյալ գանգատներին նա պատասխանում է՝ ինչպե՞ս կարող են այդ տանջանքները տանջել մեզ, երբ դրանք ավելացնում են մեր հաճույքը (շահույթը)։ Բայց ընդհանրապես ու ամբողջությամբ առած՝ այդ բանը կախված էլ չի առանձին կապիտալիստի բարի կամ չար կամքից։ Կապիտալիստական արտադրության ներհատուկ օրենքները ազատ կոնկուրենցիայի պայմաններում առանձին կապիտալիստի նկատմամբ գործում են որպես արտաքին հարկադրական օրենքի[114]։
Նորմալ աշխատանքային օրվա սահմանումը կապիտալիստի ու բանվորի միջև մղված բազմադարյան պայքարի հետևանքը եղավ։ Բայց այդ պայքարի պատմության մեջ երկու հակադիր հոսանքներ են երևան գալիս։ Համեմատենք, օրինակ, մեր ժամանակի անգլիական գործարանային օրենսդրությունն անգլիական բանվորական ստատուտների հետ XIV դարից սկսած մինչև XVIII դարի կեսը[115]։ Մինչդեռ արդի գործարանային օրենքը բռնի կերպով կարճացնում է աշխատանքային օրը, հիշյալ ստատուտները ձգտում են բռնի կերպով երկարացնել այն։ Բայց այն էլ պետք է ասել, որ կապիտալի հավակնությունները սաղմնային վիճակում, երբ նա նոր-նոր է գոյանում, և, հետևապես, բավական քանակությամբ հավելյալ աշխատանք ներծծելու իր իրավունքն առայժմ ապահովում է ո՛չ միայն լոկ տնտեսական հարաբերությունների շնորհիվ, այլև պետական իշխանության աջակցությամբ,— այդ հավակնությունները չափազանց համեստ են թվում, եթե դրանք համեմատենք այն զիջումների հետ, որ նա ստիպված է անելու հասուն հասակում՝ քրթմնջալով ու դիմադրելով։ Դարեր հարկավոր եղան, մինչև որ «ազատ» բանվորը արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետևանքով կամովին համաձայնեց, այսինքն՝ հասարակական պայմանների հետևանքով հարկադրված եղավ սովորական կենսամիջոցների գնով վաճառելու իր կյանքի ամբողջ գործուն ժամանակը, նույնիսկ բուն աշխատունակությունը,— հարկադրված եղավ վաճառելու իր անդրանկությունը մի աման ոսպե ապուրով։ Ուստի, շատ բնական է, որ աշխատանքային օրվա այն երկարացումը, որին կապիտալը XIV դարի կեսերից մինչև XVII դարի վերջը պետական իշխանության միջոցով աշխատում է հարկադրել չափահաս բանվորներին, մոտավորապես զուգադիպում է աշխատաժամանակի այն սահմաններին, որ XIX դարի երկրորդ կեսին պետությունը դնում է այստեղ ու այնտեղ երեխաների արյունը կապիտալ դարձնելու համար։ Այն, ինչ որ այժմ, օրինակ, Մասսաչուզետսի նահանգում, որ մինչև վերջին ժամանակները հյուսիս-ամերիկյան ռեսպուբլիկայի ամենաազատ նահանգն էր, հայտարարված է 12 տարեկանից փոքր երեխաների աշխատանքի օրինական սահման, Անգլիայում դեռևս XVII դարի կեսերին քաջառողջ արհեստավորների, պնդակազմ գյուղատնտեսական բատրակների ու հսկա դարբինների նորմալ աշխատանքային օրն էր[116]։
Առաջին «Statute of Labourers»-ը [«Բանվորական ստատուտը»] (23, Էդուարդ III, 1349) հրատարակելու անմիջական առիթը (ոչ թե պատճառը, որովհետև այդ տեսակ օրենքները հրատարակվում են դարերի ընթացքում, չնայած որ նախորդ առիթը չքացած է լինում) այն մեծ ժանտախտն էր, որը բնակչությունը պակասեցրեց այն աստիճան, որ, ինչպես ասում է մի տորի հեղինակ, «պատշաճ գներով (այսինքն՝ այնպիսի գներով, որոնք գործատերերին պատշաճ քանակով հավելյալ աշխատանք թողնեին) բանվորներ գտնելու դժվարությունն իսկապես անտանելի էր դարձել»[117]։ Այդ պատճառով օրենքն սկսեց հարկադիր եղանակով թելադրել պատշաճ աշխատավարձ, ինչպես նաև աշխատանքային օրվա սահմանները։ Վերջին կետը, որը միայն մեզ այստեղ հետաքրքրում է՝ աշխատանքային֊ օրվա հարկադրական սահմանումը, կրկնված է 1496 թվականի ստատուտի մեջ (Հենրիխ VII-ի ժամանակ)։ Բոլոր արհեստավորների (artificers) և հողագործական բանվորների աշխատանքային օրը մարտից մինչև սեպտեմբեր պետք է տևեր առավոտվա ժամի 5-ից մինչև երեկոյան 7—8-ը, սակայն այնպես էլ չհաջողվեց այդ օրենքը գործնականում իրականացնել, բայց ուտելու համար նշանակված ժամանակը սահմանվեց 1 ժամ նախաճաշի համար, 1½ ժամ ճաշի համար և ժամի 4-ին դարձյալ ½ ժամ ուտելու համար, այսինքն՝ ճիշտ երկու անգամ ավելի, քան սահմանում է ներկայումս գործող գործարանային օրենքը[118]։ Ձմեռն աշխատանքը պետք է շարունակվեր առավոտյան ժամի 5-ից մինչև մութն ընկնելը նույն ընդմիջումներով։ Եղիսաբեթի 1562 թվականի ստատուտը «թե օրով ու թե շաբաթով վարձված» բոլոր բանվորների համար աշխատանքային օրվա տևողությունը նույնն է թողնում, բայց աշխատում է ընդմիջումները սահմանափակել 2½ ժամով ամառվա և 2 ժամով ձմեռվա համար։ Ճաշը պետք է տևի միայն մեկ ժամ, իսկ «հետճաշյա ½ ժամ քունը» թույլատրվում է միայն մայիսի կեսից մինչև օգոստոսի կեսը։ Բացակայության ամեն մի ժամի համար աշխատավարձից հանվում է 1 պեննի։ Սակայն գործնականում պայմանները բանվորների համար շատ ավելի բարենպաստ էին, քան ըստ ստատուտների։ Քաղաքատնտեսության հայր և որոշ չափով վիճակագրության գյուտարար Վիլյամ Պետտին իր մի աշխատության մեջ, որ հրատարակել է XVII դարի վերջին երրորդին, ասում է. «Բանվորները (labouring men, այն ժամանակ իսկապես հողագործական բանվորները) օրական աշխատում են 10 ժամ և շաբաթական 20 անգամ են ուտում, այն է՝ լի օրերին օրական երեք և կիրակի օրերը երկու անգամ. այստեղից պարզ է, որ եթե նրանք ուզենային ուրբաթ երեկոները ծոմ պահել և ճաշի վրա գործ դնել մեկ ու կես ժամ, մինչդեռ նրանք հիմա ճաշի վրա գործադրում են երկու ժամ, առավոտվա ժամի 11-ից մինչև 1-ը, այսինքն՝ եթե նրանք [math]^1/_{20}[/math]-ով ավելի աշխատեին և [math]^1/_{20}[/math]-ով ավելի քիչ սպառեին, ապա այդ բավական կլիներ վերը հիշված հարկի մեկ տասներորդ մասը ծածկելու համար»[119]։ Արդյոք իրավացի չէ՞ր դոկտոր Էնդրյու Տուրը, երբ նա գոռում-գոչում էր, թե 1833 թվականի տասներկուժամյա բիլլը մի հետադարձ քայլ է դեպի անցյալի խավարը։ Իհարկե ստատուտների և Պետտիի հիշած որոշումները տարածվում են նաև «apprentice»-ների (աշկերտների) վրա։ Բայց թե երեխաների աշխատանքն ինչ վիճակի մեջ էր դեռևս XVII դարի վերջում, այդ մասին կարելի է դատել հետևյալ գանգատի հիման վրա, «Մեր պատանիներն Անգլիայում ոչինչ չեն անում մինչև այն ժամանակ, երբ աշկերտ են մտնում, ուստի և երկար ժամանակ — յոթ տարի է պահանջվում, իհարկե, որ նրանք լավ արհեստավորներ դառնան»։ Գերմանիան, ընդհակառակը, գովաբանվում է այն բանի համար, որ այնտեղ երեխաներն օրորոցից գեթ «մի քիչ վարժեցվում են աշխատանքի»[120]։
Դեռևս XVIII դարի մեծ մասի ընթացքում, մինչև խոշոր արդյունաբերության դարաշրջանը, անգլիական կապիտալին չէր հաջողվում աշխատուժի շաբաթական արժեքը վճարելով տիրանալ բանվորի ամբողջ շաբաթին,— սակայն բացառություն են կազմում գյուղատնտեսական բանվորները։ Այն հանգամանքը, որ բանվորները կարող էին 4 օրվա աշխատավարձով մի ամբողջ շաբաթ ապրել, բանվորների աչքում բավարար հիմունք չէր համարվում մնացած երկու օրն էլ կապիտալիստների համար աշխատելու։ Կար կապիտալի ծառայության մեջ գտնվող անգլիական տնտեսագետների մի ուղղություն, որի ներկայացուցիչներն ամենակատաղի կերպով հարձակվում էին բանվորների վրա այդպիսի համառության համար, մյուս ուղղության տնտեսագետները պաշտպանում էին բանվորներին։ Լսենք, օրինակ, այն բանակռիվը, որ մղվում էր Պոստլտվեյտի, որի առևտրական բառարանը այն ժամանակ նույնպիսի հռչակ էր վայելում, ինչպես հիմա Մակ Կուլլոխի ու Մակ Գրեգորի նույնանման աշխատությունները, և «Essay on Trade and Commerce»-ի հեղինակի միջև, որից վերևում ցիտատ բերինք[121]։
Պոստլտվեյտն ասում է ի միջի այլոց. «Ես չեմ կարող, այս սակավաթիվ դիտողությունները եզրափակելով, ուշադրություն չդարձնել այն տափակ ֆրազի վրա, որ կարելի է լսել չափազանց շատերի բերանից, թե իբր եթե բանվորը (industrious poor) կարող է 5 օրում բավականաչափ վաստակել իր գոյության համար, ապա նա չի ուզի լրիվ 6 օր աշխատել։ Ուստի եզրակացնում են, թե անհրաժեշտ է հարկերի միջոցով կամ որևէ ուրիշ միջոցներով նույնիսկ անհրաժեշտ կենսամիջոցները թանկացնել ստիպելու համար, որ արհեստավորներն ու մանուֆակտուրային բանվորները շաբաթվա մեջ վեց օր անընդհատ աշխատեն։ Ես պետք է թույլտվություն խնդրեմ մի այլ կարծիք պաշտպանելու, քան այդ մեծ քաղաքագետները, որոնք նիզակներ են կոտրում այս թագավորության բանվոր բնակչության ստրկությունը հավերժացնելու համար («the perpetual slavery of the working people»). նրանք մոռանում են «all work and no play» առածը (բթացնում է այն աշխատանքը, որը լի հաջորդափոխվում խաղի հետ)։ Արդյոք անգլիացիները չե՞ն պարծենում իրենց արհեստավորների ու մանուֆակտուրային բանվորների տաղանդավորությամբ ու ճարտարությամբ, որոնք մինչև այժմ ապահովել են բրիտանական ապրանքների ընդհանուր վարկն ու հռչակը։ Ինչի՞ն ենք պարտական մենք այդ։ Ամենայն հավանականությամբ ոչ այլ բանի, քան այն եղանակին, որով մեր բանվոր ժողովուրդը, իր բնավորությամբ կենսուրախ, գիտե զվարճանալ։ Եթե նրանք բռնադատված լինեին աշխատելու ամբողջ տարին լրիվ, շաբաթվա բոլոր վեց օրերը անընդհատ, միևնույն աշխատանքն ամեն օր կրկնելով, մի՞թե այդ չէր բթացնի նրանց ընդունակությունները և ժիր ու ճարպիկ այդ մարդկանց չէր դարձնի բութ ու անտարբեր, և արդյոք մեր բանվորներն այդպիսի հավիտենական ստրկության լծի տակ իրենց հռչակը չէի՞ն կորցնի, կկարողանայի՞ն արդյոք պահպանել այն... Մենք ինչպիսի՞ հմտություն կարող էինք սպասել այդքան դաժանորեն տանջված կենդանիներից (hard driven animals)... Նրանցից շատերը 4 օրում այնքան աշխատանք են կատարում, որքան ֆրանսիացին 5 կամ 6 օրում կկատարի։ Բայց եթե անգլիացիները պետք է դառնան անվերջ աշխատանքից ճնշված բանվորներ, ապա կարելի է երկյուղ կրել, որ նրանք ֆրանսիացիներից է՛լ ավելի շատ կայլասերվեն (degenerate)։ Եթե մեր ժողովուրդը հռչակված է իր ռազմական քաջարիությամբ, ապա մի թե մենք չենք ասի, որ այդ բանը մենք պարտական ենք, մի կողմից, անգլիական լավ ռոստբիֆին ու պուդինգին, որոնք նրա ուտելիքն են, և, մյուս կողմից, և այն էլ ոչ պակաս չափով, ազատության մեր կոնստիտուցիոն ոգուն։ Եվ ինչո՞ւ մեր արհեստավորների ու մանուֆակտուրային բանվորների ընդունակությունների, եռանդի ու ճարտարության ավելի բարձր աստիճանը չպետք է պարտական լիներ այն ազատությանը, որով նրանք յուրահատուկ ձևով զվարճանում են։ Ես հույս ունեմ, որ նրանք երբեք չեն զրկվի ո՛չ այդ արտոնություններից, ո՛չ էլ գոյության այն լավ պայմաններից, որոնցից հավասարապես բխում են ինչպես նրանց աշխատելու հմտությունը, այնպես էլ նրանց քաջարիությունը»[122]։
Սրան «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը հետևյալ պատասխանը տվեց.
«Եթե շաբաթվա յոթերորդ օրը տոնելը համարվում է աստվածային սահմանում, ապա դրանով ենթադրվում է, որ շաբաթվա մնացած օրերը պատկանում են աշխատանքին (ուզում է ասել կապիտալին, ինչպես այդ իսկույն կտեսնենք), և աստծու այդ պատվիրանը կատարել տալու բռնի հարկադրանքը չի կարելի դաժանություն անվանել... Որ մարդկությունն ընդհանրապես բնական հակում ունի հանգստության ու ծուլության, դրան մեզ համոզում է մեր մանուֆակտուրային խուժանի վարքից քաղած ճակատագրական փորձը. այդ խուժանը միջին հաշվով շաբաթական 4 օրից ավելի չի աշխատում, բացի կենսամիջոցների թանկացման դեպքերից... Ենթադրենք, թե մեկ բուշել ցորենը ներկայացնում է բանվորի բոլոր կենսամիջոցները, թե այն արժե 5 շիլլինգ, և որ բանվորը իր աշխատանքով օրական մեկ շիլլինգ է վաստակում։ Այս դեպքում նա կարիք ունի շաբաթվա մեջ միայն 5 օր աշխատելու, իսկ բուշելը 4 շիլլինգ արժելու դեպքում՝ ընդամենը 4 օր։ Բայց որովհետև այս թագավորության մեջ աշխատավարձը կենսամիջոցների գների համեմատությամբ շատ բարձր է, ապա այն մանուֆակտուրային բանվորը, որը 4 օր աշխատել է, ունենում է փողի այնքան ավելցուկ, որով կարող է շաբաթվա մնացորդը պարապ անցկացնել... Հույս ունեմ, որ իմ ասածը բավական է պարզելու համար, որ շաբաթվա մեջ 6 օրվա չափավոր աշխատանքը ստրկություն չէ։ Մեր հողագործական բանվորները շաբաթական հենց 6 օրն են աշխատում, և բոլոր նշանները ցույց են տալիս, որ դրանք բանվորներից (labouring poor) ամենաբախտավորներն են[123]. հոլանդացիներն այդքան օր էլ աշխատում են մանուֆակտուրաներում և ըստ երևույթին շատ բախտավոր ժողովուրդ են։ Ֆրանսիացիներն էլ նույնն են անում, որչափով դրան չեն խանգարում բազմաթիվ տոները, որոնք ընդհատում են աշխատանքային օրերը...[124] Բայց մեր խուժանն ամուր կերպով իր գլուխն է մտցրել այն միտքը, թե իրեն՝ որպես անգլիացու, ծննդյան իրավունքով արտոնություն է պատկանում ավելի ազատ ու անկախ լինելու, քան եվրոպական որևէ ուրիշ (բանվոր ժողովրդին)։ Այդ իդեան, որչափով ազդում է մեր զինվորների քաջության վրա, գուցե, որոշ չափով օգուտ է բերում, բայց որքան քիչ են վարակված այդ իդեայով մանուֆակտուրային բանվորները, այնքան ավելի լավ է թե՛ հենց նրանց համար և թե՛ պետության համար։ Բանվորներն իրենց երբեք չպետք է համարեին իրենց իշխանավորներից անկախ (independent of their superiors)։ Չափազանց վտանգավոր է երես տալ խուժանին մի այնպիսի արդյունաբերական պետության մեջ, ինչպիսին մերն է, որտեղ ամբողջ բնակչության գուցե ⅞ մասը միայն փոքր սեփականություն ունի կամ բոլորովին չունի...[125] Բուժումը լիակատար չի լինի, մինչև որ մեր արդյունաբերական չքավորությունը չենթարկվի 6 օր աշխատելու անհրաժեշտությանն այն գումարով, որ նա հիմա վաստակում է 4 օրում[126]։ Այս նպատակով, ինչպես և «ծուլությունը, անառակությունն ու ազատության վերաբերյալ ռոմանտիկ զառանցանքներն արմատախիլ անելու համար», ditto [ինչպես նաև] «աղքատների օգտին գանձվող հարկերը կրճատելու, ձեռներեցության ոգին խրախուսելու և մանուֆակտուրաների մեջ աշխատանքի գներն իջեցնելու համար» կապիտալի մեր հավատարիմ Էկկարտն առաջարկում է մի փորձված միջոց,— այն բանվորներին, որոնք դիմում են հասարակական բարեգործության, այսինքն՝ պաուպերներին, փակել «իդեալական աշխատատան մեջ» (an ideal workhouse)» «Այդպիսի տունը պետք է դարձվի սարսափի տուն» (house of terror)[127]։ Այդ «սարսափի տան» մեջ, այդ «Workhouse-ի [աշխատատան] իդեալի» մեջ աշխատանքը պետք է տևի օրական 14 ժամ, դրա մեջ հաշվելով, սակայն, նաև ուտելու համար սահմանված ժամանակը, այնպես որ մնում է ամբողջ 12 ժամվա աշխատանք»[128]։
Տասներկուժամյա աշխատանքային օր «ideal workhouse»-ում [«իդեալական, աշխատատանը»], 1770 թվականի սարսափի տանը։ Վաթսուներեք տարի հետո, 1833 թվականին, երբ անգլիական պառլամենտը 13-ից մինչև 18 տարեկան երեխաների աշխատանքային օրն իջեցրեց 12 լրիվ աշխատաժամի գործարանների չորս ճյուղերում, կարելի էր կարծել, թե հնչեց անգլիական արդյունաբերության վերջին ժա՜մը։ 1852 թվականին, երբ Լ. Բոնապարտը բուրժուազիայի աչքում ամրանալու համար ուզեց ոտնահարել օրենքով սահմանված աշխատանքային օրը, ֆրանսիական բանվոր ժողովուրդը միաբերան հայտարարեց, «Աշխատանքային օրը 12 ժամով սահմանափակող օրենքն այն միակ բարիքն է, որ մնացել է մեզ ռեսպուբլիկայի օրենսդրությունից»[129]։ Ցյուրիխում 10 տարեկանից մեծ երեխաների աշխատանքը սահմանափակված է 12 ժամով, Աարգաուում 13-ից մինչև 16 տարեկան երեխաների աշխատանքը 1862 թվականին 12½ ժամից իջեցվեց 12 ժամի. Ավստրիայում 14-ից մինչև 16 տարեկան երեխաների համար աշխատանքի տևողությունը ditto [նույնպես] կրճատվեց մինչև 12 ժամ[130]։ Ինչպիսի «առաջադիմություն 1770 թվականից սկսած»,— կբացականչեր Մակոլեյը «exultation»-ով [հրճվանքով]։
Պաուպերների համար նախորոշված «սարսափի տունը», որի մասին կապիտալիստական հոգին 1770 թվականին միայն երազում էր, մի քանի տարի հետո իրականացավ հենց մանուֆակտուրային բանվորների համար կառուցված վիթխարի «աշխատատան» ձևով։ Այն կոչվում էր գործարան։ Բայց այս անգամ իդեալը դժգունացավ իրականության առաջ...
6. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ։ 1833-1864 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Այն բանից հետո, երբ կապիտալին ամբողջ դարեր հարկավոր եղան, որպեսզի աշխատանքային օրը երկարացնի մինչև նրա նորմալ առավելագույն սահմանները, իսկ հետո այդ սահմաններից է՛լ ավելի, մինչև բնական 12-ժամյա օրվա սահմանը[131], XVIII դարի վերջին երրորդում խոշոր արդյունաբերության առաջանալու հետ միասին այդ բնագավառում սկսվում է սրընթաց, լավա հիշեցնող, բոլոր արգելքները խորտակող մի շարժում։ Խորտակվեցին բարքերի ու բնության, տարիքի ու սեռի, ցերեկվա ու գիշերվա հաջորդափոխության դրած ամեն տեսակ սահմանները։ Նույնիսկ ցերեկվա ու գիշերվա հասկացողությունները, որոնք գեղջկորեն պարզ էին հին ստատուտների համար, այնքան անորոշ դարձան, որ մի անգլիական դատավոր դեռևս 1860 թվականին իսկական թալմուդիստական իմաստություն պետք է հանդես բերեր՝ «դատավճռի կարգով» պարզաբանելու համար, թե ի՛նչ է ցերեկը և ի՛նչ է գիշերը[132]։ Կապիտալը իր խրախճանքն էր կատարում։
Հենց որ արտադրության դղրդյունից շշմած բանվոր դասակարգը որոշ չափով ուշքի եկավ, նա սկսեց դիմադրել, և ամենից առաջ՝ խոշոր արդյունաբերության ծննդավայրում, Անգլիայում։ Սակայն երեք տասնամյակ շարունակ նրա ձեռք բերած զիջումները զուտ անվանական էին մնում։ Պառլամենտը 1802—1833 թվականներին 5 օրենք հրատարակեց աշխատանքի մասին, բայց այնքան խորամանկ էր, որ ոչ մի կոպեկ չհատկացրեց այդ օրենքների պարտադիր կենսագործման, պաշտոնյաների անհրաժեշտ անձնակազմի համար և այլն[133]։ Օրենքները մնացին մեռյալ տառ։ «Փաստն այն է, որ 1833 թվականի օրենքից առաջ երեխաներին ու պատանիներին ստիպում էին աշխատել («were worked») ամբողջ գիշերը, ամբողջ ցերեկը կամ և՛ գիշերը, և՛ ցերեկը ad libitum [կամայականորեն][134]։
Միայն 1833 թվականի գործարանային օրենքի ժամանակվանից է, որը տարածվում էր բամբակեղենի, բրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարանների վրա, սկիզբ առնում նորմալ աշխատանքային օրը ժամանակակից արդյունաբերության մեջ։ Ո՜չ մի բան այնպես չի բնորոշում կապիտալի ոգին, ինչպես անգլիական գործարանային օրենսդրության պատմությունը 1833 թվականից մինչև 1864 թվականը։
1833 թվականի օրենքը հայտարարում է, որ սովորական աշխատանքային օրը գործարանում պետք է սկսվի առավոտյան Ժամի 5½-ին և վերջանա երեկոյան ժամի 8½-ին։ Այդ 15 ժամվա ժամանակամիջոցի սահմաններում օրենքը թույլ է տալիս օգտվել դեռահասների (այսինքն՝ 13-ից մինչև 18 տարեկան անձերի) աշխատանքից օրվա մեջ ամեն մի ժամանակ, սակայն այն անխախտ պայմանով, որ այդ հասակի միևնույն անձը մի օրվա մեջ չպետք է 12 ժամից ավելի աշխատի, բացի առանձնապես նախատեսված որոշ դեպքերից։ Օրենքի 6-րդ կետը սահմանում է, «որ ամեն մի անձի, որի աշխատաժամանակը սահմանափակված է, պետք է ուտելու համար հատկացվի օրական առնվազն 1½ ժամ»։ 9 տարեկանից փոքր երեխաների աշխատանքի կիրառումը արգելվում էր այն միակ բացառությամբ, որի մասին կհիշատակվի ներքևում։ 9—13 տարեկան երեխաների աշխատանքը սահմանափակված էր օրական 8 ժամով։ Գիշերային աշխատանքը, այսինքն՝ այս օրենքի համաձայն այն աշխատանքը, որ կատարվում է երեկոյան ժամի 8½-ի ու առավոտյան ժամի 5½-ի միջև, արգելված էր 9-ից մինչև 18 տարեկան բոլոր անձերի համար։
Օրենսդիրներն այնքան հեռու էին կապիտալի կողմից չափահասների աշխատուժը ազատորեն ծծելու կամ, ինչպես իրենք էին ասում, «աշխատանքի ազատության» դեմ ոտնձգություն անելու ցանկությունից, որ մի հատուկ սիստեմ հնարեցին գործարանային օրենքի այդքան սարսափելի հետևանքները կանխելու նպատակով։
«Գործարանային սիստեմի մեծ չարիքը, ինչպես այդ սիստեմը կազմակերպված է ներկայումս, այն է,— ասված է հանձնաժողովի կենտրոնական խորհրդի 1833 թ. հունիսի 25-ի առաջին հաշվետվության մեջ,— որ նա անհրաժեշտություն է ստեղծում երեխաների աշխատանքը երկարացնելու մինչև չափահասների աշխատանքային օրվա ծայրահեղ չափերը։ Այդ չարիքի դեմ կռվելու միակ միջոցը, որը չի դիմում չափահասների աշխատանքի սահմանափակման, քանի որ այդ սահմանափակման հետևանքով առաջ կգար մի ավելի մեծ չարիք, քան այն, որ ենթադրվում է վերացնել,— այդ միակ միջոցը երեխաների երկու հերթափոխություն մտցնելու պլանն է»։ Այդ «պլանն» էլ հենց իրականացվեց Relaissystem անվան տակ («System օf Relays». անգլերեն, ինչպես և ֆրանսերեն Relay նշանակում է փոստի ձիերի փոխումը տարբեր կայարաններում). ընդ որում 9-ից մինչև 13 տարեկան երեխաների մեկ հերթափոխը աշխատանքի է լծվում, օրինակ, առավոտյան ժամի 5½-ից մինչև կեսօրվա ժամի 1½-ը, մյուս հերթափոխը՝ կեսօրվա ժամի 1½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը և այլն։
Որպես վարձատրություն այն բանի, որ պարոնայք գործարանատերերն ամենալկտի կերպով անտեսում էին երեխաների աշխատանքի մասին վերջին 22 տարում հրատարակված բոլոր օրենքները, այս անգամ էլ ոսկեզօծվեց նրանց կուլ տալիք դեղահատը։ Պառլամենտը որոշեց, որ 1834 թ. մարտի 1-ից հետո 11 տարեկանից փոքր ոչ մի երեխա, 1835 թ. մարտի 1-ից հետո 12-ից փոքր ոչ մի երեխա և 1836 թ. մարտի 1-ից հետո 13-ից փոքր ոչ մի երեխա չպետք է գործարանում 8 ժամից ավելի աշխատի։ «Կապիտալի» նկատմամբ այդքան ներողամիտ այդ «լիբերալիզմը» է՛լ ավելի մեծ ուշադրության էր արժանի, որովհետև դ-ր Ֆառեն, սըր Ա. Կառլեյլը, սըր Բ. Բրոդին, սըր Չ. Բելլը, միստր Գութրին և այլն, կարճ ասած՝ Լոնդոնի ամենանշանավոր physicians [թերապևտները] և surgeons [վիրաբույժները] իրենց ցուցմունքներում հայտարարեցին ստորին պալատի առաջ, թե «periculum in mora!» [«վտանգը դանդաղելն է»։] Դ-ր Ֆառեն նույնիսկ ավելի խիստ արտահայտվեց այս հարցի մասին. «Օրենսդրությունը հավասարապես անհրաժեշտ է՝ կանխելու համար վաղաժամ մահը այն բոլոր ձևերով, որոնցով նա կարող է պատճառվել, իսկ այս եղանակը (գործարանային եղանակը) պետք է, իհարկե, համարել մահ պատճառելու ամենադաժան եղանակներից մեկը»[135]։ Հենց նույն «բարենորոգված» պառլամենտը, որը պարոնայք գործարանատերերի նկատմամբ ունեցած քնքուշ զգացմունքից դրդված՝ դեռ երկար տարիներ 13 տարեկանից փոքր երեխաներին փակեց շաբաթը 72 ժամ տևող գործարանային աշխատանքի դժոխքի մեջ, ազատագրական մի հրամանագրով, որը նույնպես կաթիլներով էր ազատություն տալիս, պլանտատորներին արգելեց դրանից հետո նեգր-ստրուկներին ստիպել շաբաթական 45 ժամից ավելի աշխատելու։
Բայց ամենևին չբավարարված՝ կապիտալն այժմ սկսեց մի աղմկալի ագիտացիա, որը մի քանի տարի շարունակվեց։ Ագիտացիան պտտվում էր գլխավորապես այն կատեգորիաների տարիքի շուրջը, որոնք երեխայի անվան տակ պետք է 8 ժամից ավելի չաշխատեին և որոնց համար որոշ իմաստով պարտադիր ուսուցում էր մտցվում։ Կապիտալիստական մարդաբանության համաձայն՝ մանկական հասակը վերջանում էր 10-րդ տարում կամ, ծայրահեղ դեպքում, 11-րդ տարում։ Որքան ավելի էր մոտենում գործարանային օրենքի լիակատար կիրառման ժամկետը, ճակատագրական 1836 թվականը, այնքան ավելի կատաղաբար էր մոլեգնում գործարանատերերի խաժամուժը։ Նրան իսկապես հաջողվեց այն աստիճան վախեցնել կառավարությանը, որ սա 1835 թվականին առաջարկեց մանկական տարիքի սահմանը 13-ից իջեցնել 12-ի։ Մինչ այդ սպառնագին աճում էր pressure from without [դրսից ճնշումը]։ Արիությունը դավաճանեց ստորին պալատին։ Նա հրաժարվեց տասներեք տարեկան երեխաներին օրական 8 ժամից ավելի գցել կապիտալի Ջագերնաուտյան կառքի տակ, և 1833 թվականի օրենքը լիակատար ուժի մեջ մտավ։ Նա անփոփոխ մնաց մինչև 1844 թ. հունիսը։
Այն տասնամյակի ընթացքում, երբ հիշյալ օրենքն սկզբում մասամբ, իսկ հետո լիակատար չափով կարգավորում էր գործարանային աշխատանքը, գործարանային տեսուչների պաշտոնական հաշվետվությունները լիքն են գանգատներով այն մասին, թե անկարելի է դրա կիրառումը։ Որովհետև 1833 թվականի օրենքը պարոնայք կապիտալիստներին էր վերապահում առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½ տևող տասնհինգժամյա ժամանակամիջոցի ընթացքում նշանակել այն ժամը, երբ ամեն մի «դեռահաս» և ամեն մի «երեխա» պետք է սկսի, ընդհատի ու վերջացնի իր տասներկուժամյա կամ ութժամյա աշխատանքը, այլև նրանց հայեցողությանն էր վերապահում տարբեր անձերի համար ուտելու տարբեր ժամեր նշանակելը՝ ուստի այդ պարոնները շուտով հնտրեցին մի նոր «Relaissystem», որի համաձայն բանող ձիերը որոշ փոստային կայարաններում չեն փոխում, այլ նորից ու նորից լծվում են փոփոխվող կայարաններում։ Մենք մանրամասն կանգ չենք առնում այս սիստեմի սքանչելիքների, վրա, որովհետև հետո պետք է նորից վերադառնանք դրան։ Բայց հենց առաջին իսկ հայացքից պարզ է, որ այս սիստեմը ոչնչացնում էր ամբողջ գործարանային օրենքի ոչ միայն ոգին, այլև հենց տառը։ Գործ ունենալով մի այնպիսի բարդ հաշվապահության հետ, որը կիրառվում էր ամեն մի առանձին երեխայի ու ամեն մի դեռահասի վերաբերմամբ, գործարանային տեսուչներն ինչպե՞ս կարող էին գործարանատերերին հարկադրել պահպանելու օրենքով սահմանված աշխատաժամանակը և նշանակելու ուտելու համար օրենքով սահմանված դադարը։ Գործարանների մեծ մասում շուտով նորից անպատիժ կերպով ծաղկել սկսեց նախկին դաժան այլանդակությունը։ Ներքին գործերի մինիստրի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում (1844 թ.) գործարանային տեսուչներն ապացուցեցին նորահնար Relaissystem-ի պայմաններում ամեն մի վերահսկողության ամբողջ անհնարինությունը[136]։ Մինչդեռ հանգամանքները խիստ փոխվել էին։ Գործարանային բանվորները, հատկապես 1838 թվականից սկսած, տասժամյա բիլլը դարձրել էին իրենց տնտեսական լոզունգը այնպես, ինչպես խարտիան դարձել էր նրանց քաղաքական լոզունգը։ Նույնիսկ գործարանատերերի մի մասը, որը գործարանային արտադրությունը կարգավորում էր 1833 թվականի օրենքի համաձայն, պառլամենտի գլխին հուշագրերի տարափ էր տեղում այն «նենգամիտ եղբայրների» անբարոյական «կոնկուրենցիայի» առթիվ, որոնց ավելի մեծ լկտիությունը կամ տեղական ավելի հաջող պայմանները թույլ էին տալիս խախտել օրենքը։ Բացի դրանից, որքան էլ առանձին գործարանատերերն ուզում էին ազատություն տալ իրենց նախկին ագահությանը, գործարանատերերի դասակարգի իդեոլոգներն ու քաղաքական առաջնորդները բանվորների նկատմամբ ուրիշ վարքագիծ և ուրիշ լեզու էին հանձնարարում։ Նրանք կամպանիա սկսեցին հացի օրենքները վերացնելու օգտին և հաղթության համար բանվորների՜ օգնության կարիքն էին զգում։ Այդ պատճառով նրանք խոստացան ո՛չ միայն կրկնապատկել հատավաճառ հացի քաշը, այլև առևտրի ազատության հազարամյա թագավորության հովանու ներքո ընդունել տասժամյա բիլլը[137]։ Հետևապես, նրանք արդեն ամենևին շահագրգռված չէին պայքարելու այն միջոցառման դեմ, որը լոկ պետք է կենսագործեր 1833 թվականի օրենքը։ Վերջապես, տորիները, որոնց ամենասրբազան շահին, հողային ռենտային, վտանգ էր սպառնում, զայրագին մարդասիրական ֆիլիպպիկներով հանդես եկան իրենց թշնամիների «խայտառակ վարքագծի» դեմ[138]։
Այսպես հրապարակ եկավ 1844 թ. հունիսի 7-ի լրացուցիչ գործարանային օրենքը։ Նա ուժի մեջ մտավ 1844 թ, սեպտեմբերի 10-ից։ Նա օրենքի պաշտպանության տակ է առնում բանվորների մի նոր կատեգորիա, այն է՝ 18 տարեկանից բարձր կանանց։ Նրանք ամեն կողմից հավասարվեցին դեռահասներին, նրանց աշխատաժամանակը սահմանափակված է 12 ժամով, գիշերային աշխատանքն արգելված է և այլն։ Հետևաբար, օրենսդրությունն առաջին անգամ ստիպված եղավ անմիջական ու պաշտոնական վերահսկողության ենթարկել նաև չափահասների աշխատանքը։ 1844—1845 թվականների գործարանային հաշվետվության մեջ հեգնաբար ասված է. «Մենք չենք լսել և ոչ մի դեպքի մասին, երբ մեծահասակ կանայք բողոքեին իրենց իրավունքներին այդպես միջամտելու դեմ[139]։ 13 տարեկանից փոքր երեխաների աշխատանքային օրը կրճատվեց մինչև 6½ ժամ, իսկ որոշ պայմաններում՝ մինչև 7 ժամ[140]։
Կեղծ Relaissystem-ի չարաշահումները վերացնելու նպատակով օրենքը, ի միջի այլոց, սահմանեց հետևյալ կարևոր մանրամասն կանոնները. «Երեխաների ու դեռահասների աշխատանքային օրն այն ժամանակվանից պետք է հաշվել, երբ թեկուզ մի երեխա կամ դեռահաս առավոտյան աշխատել է սկսում գործարանում»։ Այսպիսով, օրինակ, եթե Ա-ն աշխատանքն սկսում է առավոտյան ժամի 8-ին, իսկ Բ-ն՝ ժամի 10-ին, ապա աշխատանքային օրը Բ-ի համար պետք է վերջանա նույն ժամին, ինչպես և Ա-ի համար։ Աշխատանքային օրվա սկիզբը պետք է որոշվի որևէ հրապարակային ժամացույցով, օրինակ մոտակա երկաթուղային ժամացույցով, որին համաձայնեցվում է նաև գործարանի զանգը։ Գործարանատերը պարտավոր է գործարանում կախել խոշոր տառերով տպված ցուցակ, նշանակելով աշխատանքային օրվա սկիզբը, վերջն ու ընդմիջումները։ Իրենց աշխատանքը ժամի 12-ից առաջ սկսող երեխաներին չի կարելի նորից ստիպել աշխատելու կեսօրվա ժամի 1-ից հետո։ Այսպիսով, հետճաշյա հերթափոխությունը չպետք է այն երեխաներից կազմված լինի, որոնցից կազմված է առավոտյան հերթափոխությունը։ Ճաշելու համար տրվող 1½ ժամը պետք է հատկացվի օրենքի պաշտպանությունը վայելող բոլոր բանվորներին օրվա միևնույն ժամանակ, ընդ որում առնվազն 1 ժամը պետք է տրամադրվի կեսօրվա ժամի 3-ից առաջ։ Մինչև ժամի 1-ն աշխատող երեխաները կամ դեռահսաները չպետք է 5 ժամից ավելի աշխատեն, եթե ուտելու համար նրանց առնվազն կես ժամ չի տրվում։ Երեխաները, դեռահասները կամ կանայք ուտելու համար նշանակված որևէ ընդմիջումի ժամանակ չպետք է մնան գործարանային այնպիսի շենքում, որտեղ աշխատանքի որևէ պրոցես է կատարվում և այլն։
Մենք տեսանք, որ այս մանրունքային որոշումները, որոնք ռազմական այսպիսի միակերպությամբ զանգի հնչյունով կարգավորում են աշխատանքի ժամանակը, սահմանները, ընդմիջումները, ամենևին պառլամենտական հնարամտության արդյունք չէին։ Նրանք աստիճանաբար առաջ էին գալիս տվյալ հարաբերություններից, որպես արտադրության արդի եղանակի բնական օրենքներ։ Նրանց ձևակերպումը, պաշտոնական ճանաչումն ու պետության կողմից ազդարարվելը դասակարգային երկարատև պայքարի արգասիք էին։ Նրանց ամենամերձավոր հետևանքներից մեկն այն եղավ, որ պրակտիկան գործարանային հասակավոր բանվորների աշխատանքային օրն էլ ենթարկեց նույն սահմանափակումներին, որովհետև արտադրության պրոցեսների մեծամասնության մեջ անհրաժեշտ է երեխաների, դեռահասների ու կանանց համագործակցությունը։ Ուստի ընդհանրապես ու ամբողջությամբ առած, 1844—1847 թթ. ժամանակաշրջանում տասներկուժամյա աշխատանքային օրն իր ընդհանուր ու միատեսակ ներգործությունը տարածում էր արդյունաբերության այն բոլոր ճյուղերի վրա, որոնք ենթակա էին գործարանային օրենսդրությանը։
Սակայն գործարանատերերն այս «առաջադիմությունը» թույլատրեցին ոչ առանց փոխհատուցող «հետադիմության»։ Նրանց պնդումների հետևանքով ստորին պալատը գործարանային մշակմանը ենթակա երեխաների նվազագույն տարիքը 9-ից կրճատեց 8-ի՝ ապահովելու նպատակով կապիտալի համար «գործարանային երեխաների հավելյալ առաջարկը»[141], որ հասնում է նրան աստվածային ու մարդկային բոլոր օրենքների համաձայն։
1846—1847 թվականները դարաշրջան են կազմում Անգլիայի տնտեսական պատմության մեջ։ Հացի օրենքների վերացում, բամբակի և ուրիշ հում նյութերի ներմուծման մաքսերի վերացում, առևտրի ազատության հայտարարում՝ որպես օրենսդրության ուղեցույց ա՜ստղ։ Մի խոսքով՝ սկսվում էր հազարամյա թագավորությունը։ Մյուս կողմից, նույն տարիներում իրենց բարձրագույն կետին հասան չարտիստական շարժումն ու տասժամյա աշխատանքային օրվա ագիտացիան։ Սրանք դաշնակիցներ գտան ի դեմս վրեժից այրվող տորիների։ Չնայած առևտրի ազատության ուխտադրուժ բանակի մոլեռանդ դիմադրության՝ Բրայտի ու Կոբդենի գլխավորությամբ, տասժամյա աշխատանքային օրվա բիլլը, որին այնքան երկար ձգտում էին, ընդունվեց պառլամենտի կողմից։
1847 թ. հունիսի 8-ի գործարանային նոր օրենքը սահմանում էր, որ 1847 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնում «դեռահասների» (13-ից մինչև 18 տարեկանների) և բոլոր բանվորուհիների աշխատանքային օրվա նախնական կրճատումը՝ մինչև 11 ժամ, իսկ 1848 թ. մայիսի 1-ից — բանվորների այդ նույն կատեգորիաների աշխատանքային օրվա վերջնական սահմանափակումը 10 ժամով։ Մնացած բոլոր կետերում այդ օրենքը 1833 ու 1844 թվականների օրենքների ուղղված լրացումն էր։
Կապիտալը նախնական արշավանքի ձեռնարկեց՝ 1848 թվականի մայիսի 1-ից օրենքի լիակատար կենսագործումը արգելելու համար։ Եվ այն էլ՝ հենց իրենք բանվորները, իբր թե փորձից խրատված, պետք է օգնեին իրենց սեփական գործը տապալելուն։ Մոմենտը բարեհաջող էր ընտրված։ «Պետք է հիշեցնել, որ 1846—1847 թվականների սարսափելի ճգնաժամի հետևանքով գործարանային բանվորները մեծ կարիքի մեջ էին, որովհետև շատ գործարաններ միայն կրճատված ժամանակով էին աշխատում, մյուսները բոլորովին կանգ էին առել։ Այդ պատճառով էլ զգալի թվով բանվորներ ամենանեղ դրության մեջ էին գտնվում, շատերը թաղված էին պարտքերի մեջ։ Ուստի կարելի էր բավականաչափ վստահությամբ ենթադրել, թե բանվորները կգերադասեն ավելի երկար աշխատանքային օրը, որպեսզի անցյալում կրած կորուստները ետ բերեն, գուցե պարտքերը վճարեն կամ իրենց կահ կարասիքը լոմբարդից հանեն, կամ ծախած իրերը նորերով փոխարինեն, կամ իրենց ու իրենց ընտանիքի համար նոր հագուստներ ձեռք բերեն»[142]։ Պարոնայք գործարանատերերը փորձեցին այս հանգամանքների բնական ազդեցությունն ուժեղացնել աշխատավարձն ընդհանրապես 10% իջեցնելով։ Այդ քաղաքականությունը, այսպես ասած, ազատ առևտրի նոր դարագլխի սրբագործման տոնն էր։ Այնուհետև, հենց որ աշխատանքային օրը կրճատվեց մինչև 11 ժամ, դրան հետևեց աշխատավարձի հետագա իջեցումը [math]8^1/_3[/math]%-ով և հետո կրկնակի իջեցումը, հենց որ աշխատանքային օրը վերջնականապես կրճատվեց մինչև 10 ժամ։ Այդ պատճառով ամենուրեք, որտեղ միայն թույլ էին տալիս հանգամանքները, աշխատավարձի կրճատում տեղի ունեցավ առնվազն 25%-ով[143]։ Հենց այդպես հաջող կերպով նախապատրաստված հանգամանքներում է, որ բանվորների մեջ ագիտացիա սկսվեց 1847 թվականի օրենքի վերացման համար։ Խաբեբայություն, գայթակղություն, սպառնալիքներ — այդ միջոցներից ոչ մեկը չարհամարհվեց, բայց ոչինչ չօգնեց։ Եթե հաջողվեց էլ մի կես դյուժին պետիցիա հավաքել, որոնցով բանվորները գանգատվում էին, թե «այդ օրենքը ճնշում է իրենց», ապա իրենք՝ պետիցիան ստորագրողները, բերանացի հարցաքննության ժամանակ հայտարարում էին, որ հարկադրված են եղել ստորագրելու։ «Նրանք ճնշված են, այդ ճիշտ է, բայց ոչ թե գործարանային օրենքի, այլ մի ինչ-որ ուրիշի կողմից»[144]։ Բայց եթե գործարանատերերին չհաջողվեց բանվորներին խոսել տալ իրենց ցանկալի ոգով, ապա նրանք իրենք սկսեցին մամուլի մեջ ու պառլամենտում է՛լ ավելի բարձր աղաղակել բանվորների անունից։ Նրանք գործարանային տեսուչներին բնութագրում էին որպես Կոնվենտի կոմիսարների նման մարդկանց, որոնք թշվառ բանվորներին անգթորեն զոհաբերում են աշխարհը բարելավելու իրենց ցնորքին։ Բայց այդ մանյովրն էլ չհաջողվեց։ Գործարանային տեսուչ Լեոնարդ Հորներն անձամբ ու իր օգնականների միջոցով վկաների բազմաթիվ ցուցմունքներ հավաքեց Լանկաշիրի գործարաններում։ Հարցուփորձի ենթարկված բանվորների մոտավորապես 70%-ն արտահայտվեց 10-ժամյա աշխատանքային օրվա օգտին, անհամեմատ ավելի պակաս թվով բանվորներ՝ 11-ժամյա և բոլորովին աննշան փոքրամասնությունը՝ հին 12-ժամյա աշխատանքային օրվա օգտին[145]։
Մի ուրիշ «բարեմիտ» մանյովրն էլ այն էր, որ մեծահասակ տղամարդ բանվորներին հարկադրեն 12-ից մինչև 15 ժամ աշխատելու, և հետո էլ հայտարարեն, թե այդ փաստը իսկական պրոլետարական ցանկությունների արտահայտությունն է։ Բայց գործարանային «անողոք» տեսուչ Լեոնարդ Հորները դարձյալ վրա հասավ։ Արտաժամ աշխատող բանվորների մեծամասնությունը հայտարարեց, որ «իրենք վճռականապես կգերադասեին 10 ժամ աշխատել ավելի քիչ աշխատավարձով, բայց ընտրություն անելու ճար չունեին, նրանց մեջ այնքան շատ գործազուրկներ կան, այնքան շատ մանողներ են հարկադրված որպես սոսկական piecers [ծերկապիչներ] աշխատելու, որ եթե իրենք հրաժարվեին աշխատանքային օրը երկարացնելուց, իրենց տեղն իսկույն ուրիշները կբռնեին, այնպես որ իրենց համար հարցը հանգում էր հետևյալին՝ կա՛մ ավելի երկար ժամանակ աշխատել — կա՛մ փողոց նետվել[146]։
Կապիտալի նախնական արշավանքն անհաջող անցավ, և տասժամյա աշխատանքային օրվա օրենքն ուժի մեջ մտավ 1848 թ. մայիսի 1-ին։ Մինչ այդ չարտիստական պարտիայի ֆիասկոն,— որի առաջնորդները բանտարկվել էին և որի կազմակերպությունը քայքայվել էր,— խախտեց Անգլիայի բանվոր դասակարգի վստահությունը իր ուժերի նկատմամբ։ Դրանից կարճ ժամանակ անց Փարիզի հունիսյան ապստամբությունն ու նրա արյունալի ճնշումը ինչպես մայր-ցամաքային Եվրոպայում, այնպես էլ Անգլիայում սեփականությունը, կրոնը, ընտանիքը և հասարակությունը փրկելո՜ւ մեկ ընդհանուր լոզունգով համախմբեցին տիրապետող դասակարգերի բոլոր ֆրակցիաներին — հողատերերին ու կապիտալիստներին, բորսային գայլերին ու խանութպաններին, պրոտեկցիոնիստներին ու ֆրիտրեդերներին, կառավարությանն ու օպոզիցիային, տերտերներին ու ազատամիտներին, երիտասարդ պոռնկուհիներին ու պառավ միանձնուհիներին։ Ամեն տեղ բանվոր դասակարգը բանադրվեց, հալածանքների ենթարկվեց, դրվեց «loi des suspect»-ի [«կասկածելիների դեմ օրենքի»] ներգործության տակ։ Այդպիսով, պարոնայք գործարանատերերը կարող էին չքաշվել։ Նրանք բացահայտ ապստամբություն բարձրացրին ո՛չ միայն տասժամյա օրենքի, այլև այն ամբողջ օրենսդրության դեմ, որը 1833 թվականից սկսած ձգտում էր որոշ չափով սանձահարել աշխատուժի «ազատ» ծծումը։ Այդ մի Proslavery Rebellion [խռովություն ի պաշտպանություն ստրկության] էր մինիատյուր չափերով, որը երկու տարուց ավելի կատարվում էր ցինիկ անպատկառությամբ, տեռորիստական եռանդով, ընդ որում այդ այնքան ավելի հեշտ էր, որքան ըմբոստացած կապիտալիստը ոչ մի բան ռիսկի չէր ենթարկում, բացի իր բանվորի կաշուց։
Հետագա դեպքերը հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, որ 1833, 1844 ու 1847 թվականների գործարանային բոլոր երեք օրենքներն էլ, որչափով մեկը մյուսի մեջ որևէ փոփոխություն չի մտցնում, պահպանում են իրենց օրինական ուժը, և որ նրանցից ոչ մեկը չի սահմանափակում 18 տարեկանից բարձր տղամարդ բանվորների աշխատանքային օրը, և որ 1833 թվականից սկսած՝ առավոտվա ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը տևող տասնհինգժամյա ժամանակամիջոցը մնում էր օրինական «օր», որի սահմաններում միայն պետք է կատարվեր դեռահասների ու կանանց սկզբում տասներկուժամյա, հետո էլ տասժամյա աշխատանքը օրենքի թելադրած պայմաններում։
Գործարանատերերը տեղ-տեղ սկսեցին այն բանից, որ իրենց մոտ զբաղված դեռահասների ու բանվորուհիների մի մասին, որոշ դեպքերում էլ կեսին, արձակեցին և փոխարենը վերականգնեցին մեծահասակ տղամարդ բանվորների համարյա մոռացված գիշերային աշխատանքը։ Տասժամյա աշխատանքային օրվա օրենքը,— հավատացնում էին նրանք,— այլ ելք չի՜ տալիս իրենց[147]։
Երկրորդ քայլը վերաբերում էր ուտելու համար օրինականացված ընդմիջումներին։ Լսենք՝ ինչ են ասում գործարանային տեսուչները։ «Այն ժամանակվանից սկսած, երբ աշխատանքային օրը սահմանափակվեց տաս ժամով, գործարանատերերը պնդում են,— թեև նրանք գործնականում դեռ վերջին եզրակացությունները չեն հանում իրենց կարծիքից,— որ իրենք բավարար չափով կատարում են օրենքի պահանջը, եթե, օրինակ, առավոտվա ժամի 9-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող աշխատանքի ժամանակ կերակուր ուտելու համար մեկ ժամ տալիս են առավոտյան ժամի 9-ից առաջ և կես ժամ էլ երեկոյան ժամի 7-ից հետո, այդպիսով, բանվորներին 1½ ժամ տրամադրելով ուտելու համար։ Մի քանի դեպքերում հիմա նրանք կես ժամ կամ մի ամբողջ ժամ են հատկացնում ճաշի համար, բայց միաժամանակ պնդում են, որ իրենք ամենևին պարտավոր չեն այդ 1½ ժամի որևէ մասը մտցնելու տասժամյա աշխատանքային օրվա մեջ»[148]։ Այդպիսով, պարոնայք գործարանատերերը պնդում էին, թե 1844 թվականի օրենքի պեդանտորեն ճշգրիտ որոշումները կերակուր ընդունելու համար նշանակված ժամանակի մասին, բանվորներին միայն թույլ են տալիս ուտել ու խմել գործարան գալուց առաջ ու գործարանից հեռանալուց հետո, այսինքն՝ իրենց տա՜նը։ Եվ ինչո՞ւ բանվորները չպետք է ճաշեն հենց առավոտյան ժամի 9-ից առաջ։ Սակայն պետական իրավաբանները վճռեցին, որ ուտելու համար օրենքով սահմանված ժամանակը «պետք է տրվի իրական աշխատանքային օրվա ընդմիջումներին, և որ հակաօրինական է ստիպել առավոտյան ժամի 9-ից մինչև երեկոյան ժամի 7-ը իրար հետևից 10 ժամ առանց ընդմիջումների աշխատելու»[149]։
Այդ բարեհոգի ցույցերից հետո կապիտալը խռովություն նախապատրաստելու կարգով մի այնպիսի քայլ արեց, որը համապատասխանում էր 1844 թ. օրենքի տառին և, հետևապես, օրինական էր։
1844 թվականի օրենքը, իհարկե, արգելում էր ցերեկվա ժամի 1-ից հետո վերսկսել 8-ից մինչև 13 տարեկան այն երեխաների աշխատանքը, որոնք աշխատել էին մինչև ցերեկվա ժամի 12-ը։ Բայց հիշյալ օրենքն ամենևի՜ն չէր կարգավորում այն երեխաների 6½-ժամյա աշխատանքը, որոնց աշխատաժամանակը ցերեկվա ժամի 12-ին կամ ավելի ուշ էր սկսվում։ Այդ պատճառով էլ ութ տարեկան երեխաները, որոնք աշխատանքն սկսել էին ցերեկվա ժամի 12-ին, կարող են աշխատանքի համար օգտագործել ժամի 12-ից մինչև 1-ը, որ կազմում է մեկ ժամ, ժամի 2-ից մինչև ճաշից հետո ժամի 4-ը, որ կազմում է 2 ժամ, և երեկոյան ժամի 5-ից մինչև ժամի 8½-ը, որ կազմում է 3½ ժամ, ընդամե՜նը՝ օրենքով սահմանված 6½ ժամ։ Կամ է՛լ ավելի լավ։ Որպեսզի երեխաների աշխատանքի կիրառումը զուգադիպի մինչև ժամի 8 և կեսը աշխատած մեծահասակ տղամարդ բանվորների աշխատանքին, գործարանատերերին միայն հարկավոր էր երեխաներին կես օրվա ժամի 2-ից առաջ՝ աշխատանք չտալ, իսկ հետո նրանց պահել գործարանում մինչև երեկոյան ժամի 8 և կեսն առանց որևէ ընդմիջումի։ «Եվ հիմա արդեն պարզորոշ խոստովանում են, թե վերջերս գործարանատերերի մեքենաները 10 ժամից ավելի աշխատեցնելու ագահ ձգտման հետևանքով Անգլիայում պրակտիկա է հաստատվել 8—13 տարեկան երկու սեռի երեխաներին միմիայն մեծահասակ տղամարդկանց հետ աշխատեցնել մինչև երեկոյան ժամի 8½-ը, բոլոր դեռահասների ու կանանց գնալուց հետո»[150]։ Բանվորներն ու գործարանային տեսուչները բողոքում էին՝ առողջապահական ու բարոյական նկատառումներով։ Բայց կապիտալը պատասխանում էր,
«Թող արարքներս իմ գլխին թափվեն,
Ես պահանջում եմ դատ օրինական,
Ես պահանջում եմ վճարել
Մուրհակիս համաձայն»։
Եվ իրոք, այն վիճակագրական տվյալների համաձայն, որոնք ներկայացվել էին ստորին պալատին 1850 թ. հուլիսի 26-ին, չնայած բոլոր բողոքներին, առ 15 հուլիսի 1850 թվականի 257 գործարաններում 3742 երեխա ենթարկվում էին այդ «պրակտիկային»[151]։ Բայց այս էլ դեռ քիչ է։ Կապիտալի լուսանական աչքը հայտնագործեց, որ 1844 թվականի օրենքը ճաշից առաջ հինգժամյա աշխատանք չի թույլատրում առանց հանգստի առնվազն 30 րոպե ընդմիջումի, բայց հետճաշյա աշխատանքի վերաբերմամբ ոչ մի նման բան չի պատվիրում։ Ուստի նա պահանջեց և ձեռք բերեց այն երջանկությունը, որ ութ տարեկան բանվոր-երեխաներին ստիպում էր ո՛չ միայն ժամի 2-ից մինչև երեկոյան ժամի 8 և կեսը անընդհատ ուժասպառ, լինել աշխատելուց, այլև քաղցած մնալ։
«Այո՛, նրա կուրծքը. այդպես է ասված մուրհակումս»[152]։
Սակայն Շեյլոկին վայել այս նվիրվածությունը 1844 թվականի օրենքի տառին, որչափով հիշյալ օրենքը կարգավորում է երեխաների աշխատանքը, պետք է լոկ նախապատրաստեր բացահայտ խռովություն նույն օրենքի դեմ, որչափով նա կարգավորում է «դեռահասների ու կանանց» աշխատանքը։ Հարկավոր է հիշեցնել, որ «սխալ Relaissystem»-ի ոչնչացումը կազմում է այդ օրենքի գլխավոր նպատակն ու գլխավոր բովանդակությունը։ Գործարանատերերն իրենց խռովությունը սկսեցին այն պարզ հայտարարությամբ, թե 1844 թվականի օրենքի այն կետերը, որոնք արգելում են դեռահասների ու կանանց աշխատուժի կամայական օգտագործումը գործարանային տասնհինգժամյա օրվա յուրաքանչյուր ուզածդ կարճ ժամանակամիջոցում, «համեմատաբար անվնաս (comparatively harmless) էին, քանի դեռ աշխատաժամանակը սահմանափակված էր 12 ժամով։ Տասժամյա աշխատանքի օրվա օրենքը գործելիս՝ դրանք անհանդուրժելի անարդարություն են» (hardship)[153]։ Այդ պատճառով էլ նրանք ամենասառը ձևով հայտարարեցին տեսուչներին, որ չեն ուզում ուշադրություն դարձնել օրենքի տառի վրա և ուզում են սեփական իշխանությամբ հին սիստեմը մտցնել[154]։ Այդ կլինի վատ խորհուրդներով մոլորեցված բանվորների օգտին, որովհետև «հնարավորություն կտա ավելի բարձր աշխատավարձ վճարել նրանց»։ «Այս միակ միջոցն է տասժամյա աշխատանքային օրվա օրենքի պայմաններում պահպանելու Մեծ Բրիտանիայի արդյունաբերական գերակշռությունը»[155]։ «Կարող է պատահել, որ մի քիչ դժվար լինի հերթափոխությունների սիստեմի պայմաններում երևան հանել օրինախախտումները, բայց ի՞նչ կա որ (what of that?)։ Մի՞թե ներելի է այս երկրի արդյունաբերական մեծ շահերը գիտել որպես մի երկրորդական բան, միայն թե գործարանային տեսուչներն ու նրանց օգնականներն ազատվեն հոգսերի մի փոքր ավելացումից (some little trouble)»[156]։
Այդ բոլոր հնարքները, իհարկե, ամենևին չօգնեցին։ Գործարանային տեսուչներն սկսեցին դատական հետապնդումներ հարուցել։ Բայց շուտով ներքին գործերի մինիստր սըր Ջորջ Գրեյի գլխին գործարանատերերի պետիցիաների մի այնպիսի տարափ տեղաց, որ նա 1848 թ. օգոստոսի 5-ի մի շրջաբերականով տեսուչներին հանձնարարում էր «ընդհանրապես չհետապնդել օրենքի տառի խախտումները, մինչև չապացուցվի, որ Relaissystem-ը չարաշահում են այն ձևով, որ դեռահասներին ու կանանց ստիպում են 10 ժամից ավելի աշխատել»։ Դրանից հետո գործարանային տեսուչ Ջ. Ստյուարտը թույլատրեց, այսպես կոչված, հերթափոխերի սիստեմը գործարանային օրվա տասնհինգժամյա տևողության ընթացքում ամբողջ Շոտլանդիայում, որտեղ այդ սիստեմը նորից ծաղկեց առաջվա պես։ Անգլիայի գործարանային տեսուչները, ընդհակառակը, հայտարարեցին, որ մինիստրը ոչ մի դիկտատորական իշխանություն չունի օրենքների կիրառումը կասեցնելու, և շարունակեցին դատական հետապնդումները proslavery rebel-ների [ստրկության օգտին խռովություն բարձրացնողների] դեմ։
Բայց ի՞նչ օգուտ դատի ենթարկելուց, քանի որ դատարանները, country magistrates[157], արդարացնող դատավճիռներ էին արձակում։ Այդ դատարաններում նստած էին նույն պարոնայք գործարանատերերը` իրենք իրենց դատելու համար։ Բերենք մի օրինակ։ Ոմն Էսքրիջ` Կերշո, Լիզ և Ընկ. բամբակամանական ֆիրմայից, իր օկրուգի գործարանային տեսչին ներկայացրեց Relaissystem-ի սխեման, որ նախանշված էր իր գործարանի համար։ Մերժում ստանալով` նա սկզբում հետագա ոչ մի քայլի չդիմեց։ Մի երկու ամիս անց Ռոբինզոն անունով մի անհատ, նույնպես բամբակամանարանատեր, եթե ոչ Էսքրիջի Ուրբաթը, համենայն դեպս նրա ազգականը, կանգնեց Ստոկպորտի հաշտարար դատավորի առաջ, մեղադրվելով հերթափոխի այնպիսի սիստեմ մտցնելու մեջ, որը նույնն է, ինչ որ Էսքրիջի հորինածը։ Նիստին մասնակցում էին 4 դատավոր, որոնց թվում 3 բամբակամանարանատեր՝ դարձյալ նույն անխուսափելի Էսքրիջի գլխավորությամբ։ Էսքրիջն արդարացրեց Ռոբինզոնին և հայտարարեց, թե ինչ որ օրինական է Ռոբինզոնի համար, իրավացի է նաև Էսքրիջի համար։ Հենվելով օրենքի ուժ ստացած իր սեփական վճռի վրա, նա անմիջապես մտցրեց այդ սիստեմը նաև իր սեփական գործարանում[158]։ Իհարկե, այդ դատարանների նման կազմն արդեն օրենքի բացահայտ խախտումն էր[159]։ «Դատական այդպիսի ֆարսերը,— բացականչում է տեսուչ Հաուելը,— աղաղակում են, որ պետք է վերջ դնել դրան... երկուսից մեկը՝ կա՛մ օրենքը հարմարեցրեք այդ դատավճիռներին, կա՛մ դատավճիռ հանելու իրավունքը վերապահեցեք ավելի պակաս արատավոր տրիբունալի, որը բոլոր այդպիսի դեպքերում... իր վճիռները հարմարեցնում է օրենքին։ Ստիպված ես բուռն կերպով ձգտելու, որ դատավորի պաշտոնը վճարովի լինի»[160]։
Պետական իրավաբանները անհեթեթ հայտարարեցին 1848 թվականի օրենքի այն մեկնաբանությունը, որ տալիս էին գործարանատերերը, բայց հասարակության փրկիչները թույլ չտվին, որ իրենց մոլորեցնեն։ «Այն բանից հետո,— հաղորդում է Լեոնարդ Հորները,— երբ ես փորձեցի դատական 7 տարբեր շրջանում 10 հետապնդում հարուցելով հարկադրել, որ օրենքը կատարվի, և միայն մեկ դեպքում դատավորների մոտ պաշտպանություն գտա... ես օրենքի անտեսումների համար հետագա հետապնդումներն այլևս անօգուտ եմ համարում։ Օրենքի այն մասը, որը կազմված է աշխատաժամերի մեջ միակերպություն մտցնելու նպատակով... այլևս գոյություն չունի Լանկաշիրի համար։ Բացի դրանից, ո՛չ ես, ո՛չ էլ իմ օգնականները բացարձակապես ոչ մի միջոց չունենք համոզվելու համար, թե այն գործարաններում, որտեղ, այսպես կոչված, Relaissystem-ն է իշխում, դեռահասներին ու կանանց չե՞ն ստիպում 10 ժամից ավելի աշխատելու... 1849 թ. ապրիլի վերջերին իմ շրջանում արդեն 114 գործարան աշխատում էին այդ մեթոդով, և նրանց թիվը վերջին ժամանակներս բուռն թափով աճում է։ Ընղհանուր առմամբ, նրանք հիմա աշխատում են 13½ ժամ, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 7½-ը. մի քանի դեպքերում նրանք աշխատում են 15 ժամ, առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը»[161]։ 1848 թ. դեկտեմբերին արդեն Լեոնարդ Հորներն ուներ 65 գործարանատիրոջ ու 29 գործարանային հսկիչի մի ցուցակ, որոնք միաձայն պնդում էին, թե վերահսկողության ոչ մի սիստեմ չի կարող այդ Relaissystem-ի պայմաններում խանգարել չափից դուրս աշխատանքի ամենալայն տարածմանը[162]։ Մերթ միևնույն երեխաներին ու դեռահասներին մանարան-արհեստանոցից փոխադրում էին ջուլհականոց և այլն, մերթ 15 ժամվա ընթացքում նրանք մի գործարանից մի ուրիշ գործարան էին փոխադրվում (shifted)[163]։ Էլ ինչպե՞ս վերահսկես այդպիսի մի սիստեմի, «որը հերթափոխ բառը չարաշահում է, որպեսզի վերադասավորի բանվորներին մի անվերջ բազմազանությամբ, ինչպես խաղաթղթերի, և տարբեր անձանց աշխատանքի ու հանգստի ժամերն ամեն օր այնպես տեղաշարժի, որ բանվորների միևնույն լրիվ խումբը երբեք միևնույն տեղում միևնույն ժամերին չաշխատի»[164]։
Բայց նույնիսկ բոլորովին մի կողմ թողնելով իսկական չափից ավելի աշխատանքը, այդ, այսպես կոչված, Relaissystem-ը կապիտալի երևակայության մի այնպիսի ծնունդ էր, որից Ֆուրյեն էլ չի գերազանցել իր հումորիստական՝ «courtes séances» [աշխատանքի կարճ սեանսներ] ուրվագրերում, այն տարբերությամբ միայն, որ սերը դեպի աշխատանքը այստեղ կապիտալի կողմից փոխարկվել է հարկադրանքի։ Նայենք գործարանատերերի հորինած այդ սխեմաներին, որ բարեմիտ մամուլը գովաբանեց որպես օրինակ այն բանի, «թե ի՛նչ կարելի է անել անհրաժեշտ աստիճանի հոգացողության ու մեթոդականության դեպքերում» («what a reasonable degree of care and method can accomplish»)։ Բանվորական անձնակազմը երբեմն բաժանվում էր 12—15 կատեգորիայի, որոնց բաղկացուցիչ մասերը իրենց հերթին շարունակ փոփոխվում էին։ Գործարանային օրվա տասնհինգ ժամերի ընթացքում կապիտալը բանվորին աշխատանքի էր քաշում մերթ 30 րոպեով, մերթ մեկ ժամով, հետո նորից ետ էր վանում նրան, որպեսզի ապա նրան նորից քաշի գործարան և նորից ետ վանի, ժամանակի ցաքուցրիվ ու պատառոտած բեկորներում նրան մերթ այստեղ, մերթ այնտեղ քշելով, բայց նրան իր ձեռքից բաց չթողնելով, մինչև որ լրիվ վերջանա տասժամյա աշխատանքը։ Միևնույն անձերը, ինչպես թատրոնի բեմի վրա, փոփոխակիորեն պետք է հանդես գային տարբեր գործողությունների տարբեր տեսարաններում։ Բայց ինչպես որ դերասանը դրամայի ամբողջ տևողության ընթացքում պատկանում է բեմին, այնպես էլ բանվորները հիմա ամբողջ 15 ժամվա ընթացքում պատկանում էին գործարանին, չհաշված գործարան գնալու ու վերադառնալու ժամանակը։ Այսպիսով, հանգստի ժամերը դառնում էին հարկադրական պարապության ժամեր, որոնք դեռահաս բանվորներին մղում էին գինետուն, իսկ ջահել բանվորուհիներին՝ հասարակաց տուն։ Ամեն մի նոր հնարանք, որ հրամցնում էր կապիտալիստը յուրաքանչյուր օր, ձգտելով առանց բանվորական անձնակազմը մեծացնելու իր մեքենաները 12 կամ 15 ժամ բանեցնել, հանգեցնում էր այն բանին, որ բանվորը պետք է իր ճաշը մաս-մաս կուլ տար ժամանակի մերթ այս, մերթ այն պատառիկում։ Այն ագիտացիայի ժամանակ, որ մղվում էր տասժամյա աշխատանքային օրվա համար, գործարանատերերը բղավում էին, թե բանվորական խաժամուժը պետիցիաներ է ներկայացնում տասժամյա աշխատանքի համար տասներկու ժամվա աշխատավարձ ստանալու հույսով։ Գործարանատերերը հիմա շուռ տվին մեդալը։ Նրանք տասժամյա աշխատավարձ էին վճարում աշխատուժերը տասներկու և տասնհի՜նգ ժամ տնօրինելու համար[165]։ Ահա հենց այդտեղ էլ թաղված էր շան գլուխը. դա տասժամյա օրենքի հրատարակոյթյո՜ւնն էր գործարանատերերի կողմից։ Դրանք նույն մեղրածոր, մարդասիրությամբ լեցուն ֆրիտրեդերներն էին, որոնք հացի օրենքների դեմ մղվող ագիտացիայի ժամանակ ամբողջ 10 տարի ամենամանրակրկիտ հաշվառումների հիման վրա հավատացնում էին բանվորներին, թե հացի ազատ ներմուծման ժամանակ անգլիական արդյունաբերության ունեցած միջոցներով տասժամյա աշխատանքը լիովին բավական կլիներ կապիտալիստներին հարստացնելու համար[166]։
Կապիտալի երկամյա խռովությունը վերջապես պսակվեց Անգլիայի չորս բարձրագույն դատական հիմնարկներից մեկի, Court of Exchequer-ի [գանձատան դատարանի] վճռով, որը իրեն հասած դեպքերից մեկի առթիվ 1850 թ. փետրվարի 8-ին որոշեց, որ թեև գործարանատերերը 1844 թվականի օրենքի իմաստին հակառակ են վարվել, բայց հենց ինքը՝ այդ օրենքը պարունակում է որոշ բառեր, որոնք անիմաստ են դարձնում այն։ «Այդ որոշումով վերացվեց տասժամյա օրվա օրենքը»[167]։ Բազմաթիվ գործարանատերեր, որոնք մինչև այժմ վախենում էին դեռահասների ու բանվորուհիների նկատմամբ Relaissystem-ի կիրառելուց, հիմա երկու ձեռքով կառչեցին դրան[168]։
Բայց կապիտալի այդ, թվում էր թե, վճռական հաղթանակին անմիջապես հաջորդեց մի շրջադարձ։ Բանվորները մինչև այդ ցույց էին տալիս պասսիվ, թեկուզ և համառ ու ամեն օր վերսկսվող դիմադրություն։ Հիմա նրանք սկսեցին սպառնալի միտինգներում բարձրաձայնն բողոքել Լանկաշիրում ու Յորկշիրում։ Ուրեմն, կարծեցյալ տասժամյա օրենքը լոկ մի խարդախություն է, պառլամենտական խաբեբայություն, այն երբե՜ք գոյություն չի ունեցել։ Գործարանային տեսուչները համառորեն նախազգուշացնում էին կառավարությանը, որ դասակարգային հակամարտությունը լարման աներևակայելի աստիճանի է հասել։ Տրտնջում էր նույնիսկ գործարանատերերի մի մասը. «Դատարանների հակասական վճիռները բոլորովին աննորմալ ու անարխիկ դրություն են ստեղծել։ Յորկշիրում գործում է մի օրենք, Լանկաշիրում մի ուրիշ օրենք, մի երրորդ օրենք Լանկաշիրի որևէ ծխում, չորրորդ օրենքը՝ նրա անմիջական հարևանության մեջ։ Մեծ քաղաքների գործարանատերը օրենքը շրջանցելու հնարավորություն ունի, գյուղական վայրերի գործարանատերը անհրաժեշտ անձնակազմ չի գտնում Relaissystem-ի համար և մանավանդ բանվորներին մեկ գործարանից մի ուրիշը փոխադրելու համար և այլն»։ Իսկ աշխատուժի շահագործման հավասարությունը մարդու առաջին իրավունքն է կապիտալի համար։
Այդ պարագաներում գործարանատերերի ու բանվորների միջև կայացավ մի կոմպրոմիս, որը պառլամենտի հավանությունն ստացավ 1850 թ. օգոստոսի 5-ի գործարանային նոր լրացուցիչ օրենքի մեջ։ «Դեռահասների ու կանանց» աշխատանքային օրը շաբաթվա առաջին 5 օրում 10-ից բարձրացվեց 10½ ժամի և շաբաթ օրվա համար սահմանափակվեց 7½ ժամով։ Աշխատանքը պետք է կատարվի առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը ժամանակամիջոցում`[169] ուտելու 1½ ժամվա ընդմիջումներով, որոնք բանվորներին պետք է տրվեն միաժամանակ և համաձայն 1844 թվականի որոշման և այլն։ Դրանով միանգամ ընդ միշտ ոչնչանում էր Relaissystem-ը[170]։ Երեխաների աշխատանքի համար 1844 թվականի օրենքը պահպանեց իր ուժը։
Գործարանատերերի մի կատեգորիա առաջվա նման այս անգամ էլ ապահովեց իր սենիորալ հատուկ իրավունքները պրոլետարական երեխաների վերաբերմամբ։ Դրանք մետաքսագործարանների տերերն էին։ 1833 թվականին նրանք սպառնագին բղավում էին, որ «եթե խլեն իրենց այն ազատությունը, որով նրանք ամեն հասակի երեխաների ստիպում են օրական 10 ժամ աշխատելու, ապա դրանով նրանց գործարանները կկանգնեցնեն» (if the liberty of working children of any age for 10 hours a day were taken away, it would stop their works)։ Նրանց ասելով՝ նրանք ի վիճակի չեն բավարար քանակությամբ 13 տարեկանից մեծ երեխաներ գնելու։ Նրանք ձեռք բերին ցանկալի արտոնությունը։ Հետագա քննությունը պարզեց, որ պատրվակը զուտ կեղծիք էր[171], որը, սակայն, նրանց չխանգարեց մի ամբողջ տասնամյակ օրական 10 ժամ մետաքսյա մանվածք դուրս քաշելու այն փոքրիկ երեխաների արյունից, որոնց պահանջվում էր կանգնեցնել աթոռների վրա իրենց աշխատանքը կատարելու համար[172]։ Թեև 1844 թվականի օրենքը «հափշտակեց» նրանց «ազատությունը», որի շնորհիվ նրանք 11 տարեկանից փոքր երեխաներին օրական 6½ ժամից ավելի էին աշխատեցնում, բայց փոխարենը այդ օրենքը ապահովեց նրանց արտոնությունը՝ 11—13 տարեկան երեխաներին մշակելու օրական 10 ժամ, և վերացրեց գործարանային մյուս երեխաների համար սահմանված պարտադիր դպրոց հաճախելը։ Այս անգամ հետևյալ պատրվակը բերվեց. «Գործվածքի նրբությունը պահանջում է մատների քնքշություն, որը կարելի է ձեռք բերել միայն վաղ գործարան մտնելու պայմանով»[173]։ Քնքուշ մատների համար կոտորում էին երեխաներին, ինչպես Ռուսաստանի հարավում եղջերավոր անասուններին մորթում են կաշվի ու ճարպի համար։ Վերջապես, 1844 թվականին տրված արտոնությունը 1850 թվականին թողնվեց միայն մանելու և կծկելու բաժանմունքներում. բայց իր «ազատությունից» զրկված կապիտալի վնասները հատուցելու համար 11—13 տարեկան երեխաների աշխատաժամանակը 10-ից բարձրացվեց 10½ ժամի։ Պատրվակն այս էր. «Մետաքսագործարաններում աշխատանքն ավելի թեթև է, քան մյուս գործարաններում, և ոչ մի դեպքում այնպես վնասակար չէ առողջության համար»[174]։ Պաշտոնական բժշկական հետազոտությունը ցույց տվեց հետագայում, որ, ընդհակառակը, «մետաքսագործական շրջաններում միջին մահացությունը բացառիկ կերպով բարձր է, իսկ բնակչության կանացի մասի համար նույնիսկ ավելի բարձր է, քան Լանկաշիրի բամբակեղենի արտադրության շրջաններում»[175]։ Չնայած գործարանային տեսուչների՝ յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ կրկնվող բողոքներին, այդ այլանդակությունը շարունակվում է մինչև հիմա[176]։
1850 թվականի օրենքը միայն «դեռահասների ու կանանց» համար 15-ժամյա ժամանակամիջոցը առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը դարձրեց տասներկուժամյա ժամանակամիջոց՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը։ Այսպիսով, այդ չէր վերաբերում երեխաներին, որոնց դեռ կարելի էր շահագործել կես ժամ այդ ժամանակամիջոցն սկսելուց առաջ և 2½ ժամ այն վերջանալուց հետո, թեև նրանց աշխատանքի ընղհանուր տևողությունը չպետք է գերազանցեր 6½ ժամից։ Օրենքը քննարկելիս գործարանային տեսուչները վիճակագրական տվյալներ ներկայացրին պառլամենտին այն խայտառակ չարաշահումների մասին, որոնց հասցնում էր այղ աննորմալ երևույթը։ Սակայն զուր։ Գաղտնի դիտավորությունն այն էր, որ ծաղկման տարիներում երեխաների միջոցով մեծահասակ բանվորների աշխատանքային օրը կրկին երկարացնել մինչև 15 ժամ։ Հաջորդ 3 տարվա փորձը ցույց տվեց, որ այդ ոտնձգությունը պետք է ձախողվեր՝ բախվելով մեծահասակ տղամարդ բանվորների դիմադրությանը[177]։ Այդ պատճառով 1850 թվականի օրենքը, վերջապես, 1853 թվականին լրացվեց՝ արգելելով «կիրառել երեխաների աշխատանքը դեռահասների ու կանանց առավոտյան աշխատանքից առաջ և երեկոյան աշխատանքից հետո»։ Այդ ժամանակից սկսած 1850 թվականի գործարանային օրենքը, սակավ բացառություններով, կարգավորում էր արդյունաբերության իրեն ենթակա ճյուղերի բոլոր բանվորների աշխատանքային օրը[178]։ Առաջին գործարանային օրենքի հրապարակումից մինչև այդ ժամանակն անցել էր կես դար[179]։
1845 թվականին հրատարակված «Printwork's Act»-ում (Չթադրոշմիչ ու այլ գործարաններին վերաբերող օրենք) օրենսդրությունը առաջին անգամ դուրս եկավ իր գործողության սկզբնական ոլորտի սահմաններից։ Այն դժգոհությունը, որով կապիտալը թույլատրեց այդ նոր «խելառությունը», երևում է օրենքի ամեն մի տողից։ Նա տարեկան երեխաների և կանանց աշխատանքային օրը սահմանափակում է 16 ժամով՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 10-ը, առանց որևէ օրինական ընդմիջում սահմանելու ուտելու համար։ Նա թույլ է տաղիս աշխատանքով հյուծել 13 տարեկանից մեծ տղաներին օր ու գիշեր՝ գործարանատիրոջ բարեհայեցողությամբ[180]։ Դա մի պառլամենտական վիժվածք է[181]։
Այնուամենայնիվ, սկզբունքը վճռական հաղթանակ տարավ, հաղթելով արդյունաբերության խոշոր ճյուղերում, որոնք արտադրության արդի եղանակի սպեցիֆիկ ծնունդն են։ Այդ ճյուղերի ապշեցուցիչ զարգացումը 1853—1860 թվականների ժամանակաշրջանում, որ կատարվում էր գործարանային բանվորների ֆիզիկական ու բարոյական վերածնությանը զուգընթաց, բաց արեց նույնիսկ կույրերի աչքերը։ Իրենք՝ գործարանատերերը, որոնցից կես դար տևող քաղաքացիական պատերազմի միջոցով քայլ առ քայլ նվաճվում էր աշխատանքային օրվա օրենսդրական սահմանափակումն ու կարգավորումը, պարծենկոտությամբ մատնանշում էին արդյունաբերության այդ ճյուղերի և շահագործման այն բնագավառների միջև եղած հակադրությունը, որոնք դեռևս «ազատ» էին մնում[182]։ «Քաղաքատնտեսության» փարիսեցիներն շտապեցին հռչակել, թե աշխատանքային օրը օրենսդրաբար կարգավորելու անհրաժեշտության իդեան իրենց «գիտության» նոր բնորոշ նվաճումն է[183]։ Հեշտ է հասկանալը, որ երբ գործարանային մագնատները հարկադրված եղան հպատակվելու անխուսափելիին և հաշտվելու նրա հետ, կապիտալի դիմադրության ուժը աստիճանաբար թուլանում էր, իսկ բանվոր դասակարգի հարձակման ուժը, ընդհակառակը, աճում էր այն չափով, որչափով աճում էր նրա դաշնակիցների թիվը անմիջաբար չշահագրգռված հասարակական խավերում։ Դրանով է բացատրվում համեմատաբար արագ առաջադիմությունը 1860 թվականից սկսած։
Ներկարարական ու ճերմակացման արհեստանոցները[184] 1850 թվականի գործարանային օրենքին ենթարկվեցին 1860 թվականին, ժանյակի ու գուլպայի գործարանները՝ 1861 թվականին։ «Երեխաների աշխատանքի հանձնաժողովի» առաջին հաշվետվության (1863) հետևանքն այն եղավ, որ նույն վիճակին արժանացան կավեղեն արտադրանքի բոլոր մանուֆակտուրաները (ոչ միայն կավագործարանները), լուցկու, հրապատիճների, փամփուշտների արտադրությունը, պաստառագործարանները, թավշագործությունը (fustian cutting) ու այն բազմաթիվ պրոցեսները, որոնք միավորված են «finishing» (վերջնական մշակում) անվան տակ։ 1863 թ. «բացօթյա ճերմականոցները»[185] և փռերը ենթարկվեցին հատուկ օրենքների, որոնցից առաջինն արգելում է, ի միջի այլոց, երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը գիշեր ժամանակ (երեկոյան ժամի 8-ից մինչև առավոտյան ժամի 6-ը), իսկ երկրորդը՝ 18 տարեկանից փոքր հացագործ-ենթավարպետների աշխատանքի օգտագործումը երեկոյան ժամի 9-ի ու առավոտյան ժամի 5-ի միջև։ Մենք դեռ կվերադառնանք հիշյալ հանձնաժողովի հետագա առաջարկներին, որոնք սպառնում էին խլել անգլիական արդյունաբերության բոլոր կարևոր ճյուղերի «ազատությունը», բացի հողագործությունից, հանքերից ու տրանսպորտային արդյունաբերությունից [Տես 185a ծանոթ.]։
7. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ
Ընթերցողը հիշում է, որ հավելյալ արժեքի արտադրությունը կամ հավելյալ աշխատանք կորզելը կապիտալիստական արտադրության սպեցիֆիկ բովանդակությունն ու նպատակն է կազմում, անկախ արտադրության եղանակի այն փոփոխություններից, որոնք առաջ են գալիս աշխատանքը կապիտալին ենթարկելուց։ Նա հիշում է, որ մեր մինչև այժմ զարգացրած տեսակետից, միայն ինքնուրույն և, հետևապես, իրավաբանորեն չափահաս բանվորն է, որպես ապրանք վաճառող, գործարք կնքում կապիտալիստի հետ։ Ուստի, եթե մեր պատմական ուրվագծում գլխավոր դերը խաղում է, մի կողմից, արդի արդյունաբերությունը, իսկ մյուս կողմից, ֆիզիկապես ու իրավաբանորեն անչափահասների աշխատանքը, ապա առաջինը նշանակություն ուներ մեզ համար որպես աշխատանք ծծելու հատուկ ոլորտ միայն, իսկ երկրորդը՝ լոկ որպես այդ ծծման առանձնապես ցայտուն օրինակ։ Սակայն նույնիսկ առանց առաջ վազելու, մենք պատմական փաստերի սոսկ ընդհանուր կապակցությունից հանգում ենք հետևյալ եզրակացություններին.
Առաջին։ Ջրի, շոգու և մեքենաների միջոցով ամենից վաղ ռևոլյուցիոնացված արդյունաբերության ճյուղերի մեջ, արտադրության արդի, եղանակի այս առաջին ծնունդների մեջ, բամբակեղենի, բրդեղենի, վշեղենի, մետաքսեղենի մանարաններում ու ջուլհականոցներում ամենից առաջ բավարարվում է կապիտալի ձգտումը՝ անսահման ու անխնա կերպով երկարացնելու աշխատանքային օրը։ Արտադրության նյութական եղանակի փոփոխությունները և արտադրողների սոցիալական հարաբերությունների համապատասխան փոփոխությունները[186] սկզբում առաջացնում են աշխատանքային օրվա սահմանների անսահման խախտում, իսկ հետո, արդեն որպես հակազդեցություն, կյանքի են կոչում հասարակական վերահսկողությունը, որն օրենսդրական կարգով սահմանափակում է աշխատանքային օրը իր ընդմիջումներով, կարգավորում է այն և միօրինակություն մտցնում նրա մեջ։ Այդ պատճառով XIX դարի առաջին կեսում օրենսդրությունը այդ վերահսկողությունը սահմանում է բացառության կարգով[187]։ Բայց հենց որ այդ վերահսկողությունը տարածվեց արտադրության նոր եղանակի այն բնագավառի վրա, որտեղ այդ եղանակը կիրառվում էր սկզբից,— բանից դուրս եկավ, որ արտադրության ո՛չ միայն բազմաթիվ ուրիշ ճյուղեր գործարանային այս ռեժիմին ենթարկվեցին, այլև այն մանուֆակտուրաները, որոնք արտադրության ավելի կամ պակաս հնացած մեթոդ ունեն, ինչպես կավագործական արհեստանոցները, ապակեգործարանները և այլն, և հնավանդ արհեստները, ինչպես, օրինակ, հացագործականը, և, վերջապես, նույնիսկ փոշիացած, այսպես կոչված, տներում կատարվող աշխատանքը, ինչպես մեխագործությունը և այլն[188],— վաղուց արդեն նույնքան ենթարկվել են կապիտալիստական շահագործման ազդեցությանը, որքան և գործարանը։ Ուստի օրենսդրությունը հարկադրված էր հետզհետե հրաժարվելու իր բացառիկ բնույթից կամ թե — այնտեղ, որտեղ նա հռոմեական կազուիստիկային է հետևում, ինչպես Անգլիայում,— կամայականորեն գործարան (factor) հայտարարելու ամեն մի տուն, որտեղ աշխատում են[189]։
Երկրորդ։ Աշխատանքային օրվա կարգավորման պատմությունը արտադրության մի քանի ճյուղերում և այդ կարգավորման համար դեռ շարունակվող պայքարը մյուս ճյուղերում ակնառու կերպով ապացուցում են, որ մեկուսացած բանվորը, բանվորը որպես իր աշխատուժի «ազատ» վաճառորդ, կապիտալիստական արտադրության հասունացման որոշ աստիճանում ի վիճակի չէ որևէ դիմադրություն ցույց տալու։ Այդ պատճառով նորմալ աշխատանքային օրվա սահմանումը կապիտալիստների դասակարգի և բանվոր դասակարգի միջև մղվող երկարատև, ավելի կամ պակաս քողարկված, քաղաքացիական պատերազմի արդյունք է։ Որովհետև պայքարն սկսվում է արդի արդյունաբերության ոլորտում, ուստի նա առաջին անգամ բորբոքվում է այդ արդյունաբերության հայրենիքում՝ Անգլիայում[190]։ Անգլիայի գործարանային բանվորները ոչ միայն անգլիական, այլև ընդհանրապես ժամանակակից բանվոր դասակարգի առաջամարտիկներն էին, ճիշտ այնպես, ինչպես նրանց թեորետիկներն առաջինը մարտահրավեր նետեցին կապիտալիստական թեորիային[191]։ Ուստի գործարանի փիլիսոփա Յուրը պարսավում է, որպես անգլիական բանվոր դասակարգի անջնջելի նախատինք, այն հանգամանքը, որ նա իր դրոշի վրա գրել է «գործարանային օրենքների ստրկություն», հակադրելով այդ լոզունգը կապիտալին, որն արիաբար հանդես է գալիս ի պաշտպանություն «աշխատանքի լիակատար ազատության»[192]։
Ֆրանսիան դանդաղ քարշ է պալիս Անգլիայի հետևից։ Հարկավոր եղավ Փետրվարյան ռևոլուցիան, որպեսզի աշխարհ գա տասներկուժամյա օրենքը[193], որը շատ ավելի անբավարար է, քան նրա անգլիական օրիգինալը։ Չնայած դրան, ֆրանսիական ռևոլյոլցիոն մեթոդն ևս երևան է բերում իր առանձին առավելությունները։ Նա մի հարվածով բոլոր արհեստանոցներին ու գործարաններին, առանց խտրության, աշխատանքային օրվա միևնույն սահմանն է թելադրում, այնինչ անգլիական օրենսդրությունը, դիմադրելով մերթ այս, մերթ մի ուրիշ կետում, տեղի է տալիս հանգամանքների ճնշմանը և ընտրում է իրավաբանական նորանոր խորամանկություններ ծնելու ամենահաստատ ուղին[194]։ Դրա հետ միասին ֆրանսիական օրենքը որպես սկզբունք է հռչակում այն, ինչ որ Անգլիայում նվաճվում է միայն հանուն երեխաների, անչափահասների ու կանանց, և որը միայն վերջերս է պահանջվում որպես ընդհանուր իրավունք[195]։
Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում բանվորական ամեն մի ինքնուրույն շարժում մնում էր ջլատված, քանի դեռ ստրկությունն այլանդակում էր ռեսպուբլիկայի մի մասը։ Սպիտակամորթների աշխատանքը չի կարող ազատագրվել այնտեղ, որտեղ սևամորթների աշխատանքը նախատինքի դրոշմ է կրում իր վրա։ Բայց ստրկության մահը անմիջապես մի նոր երիտասարդ կյանք ծնեց։ Քաղաքացիական պատերազմի առաջին պտուղը ութժամյա աշխատանքային օրվա օգտին մղվող ագիտացիան էր, որը շոգեքարշի յոթմղոնանոց քայլերով Ատլանտյան օվկիանոսից անցնում է մինչև Խաղաղ օվկիանոսը, Նոր Անգլիայից մինչև Կալիֆորնիա։ Բալտիմորի ընդհանուր բանվորական կոնգրեսը (1866 թ. օգոստ. 16-ին) հայտարարում է. «Արդիականության առաջին և մեծ պահանջը այս երկրի աշխատանքը կապիտալիստական ստրկությունից ազատագրելու համար ա՛յն օրենքի հրատարակումն է, որը ութժամյա օրը նորմալ աշխատանքային օր ճանաչեր ամերիկյան միության բոլոր նահանգներում։ Մենք վճռել ենք մեր բոլոր ուժերը լարել պայքարելու հանուն այդ փառապանծ հետևանքին հասնելու»[196]։ Միաժամանակ (1866 թ. սեպտեմբերի սկզբին) «Բանվորների միջազգային ընկերության» կոնգրեսը Ժնևում, համաձայն Լոնդոնի գլխավոր խորհրդի առաջարկի, որոշեց. «Այն նախնական պայմանը, առանց որի անհաջողության պետք է մատնվեն բանվորների դրության բարելավման ու նրանց ազատագրության բոլոր հետագա փորձերը,— աշխատանքային օրվա սահմանափակումն է... Մենք առաջարկում ենք աշխատանքի ութ ժամը համարել աշխատանքային օրվա օրինական սահման»։
Այսպիսով, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում բուն իսկ արտադրական հարաբերություններից բնազդորեն աճած բանվորական շարժումը արդարացնում է անգլիական գործարանային տեսուչ Ռ. Ջ. Սոնդերսի հետևյալ հայտարարությունը. «Անհնարին է հաջողության որևէ ակնկալությամբ ձեռնարկել հասարակության բարենորոգման ճանապարհին եղած հետագա քայլերին, եթե նախապես չսահմանափակվի աշխատանքային օրը և չստիպեն խստորեն պահպանել այդ օրվա համար որոշված սահմաններր»[197]։
Պետք է խոստովանել, որ մեր բանվորն արտադրության պրոցեսից դուրս է գալիս այլ կերպարանքով, քան մտել էր նրա մեջ։ Նա շուկայում մյուս ապրանքների տերերի դեմ կանգնած էր որպես «աշխատուժ» ապրանքի տեր, այսինքն՝ որպես ապրանքատեր՝ ապրանքատերերի դեմ։ Այն պայմանագիրը, որով նա իր աշխատուժը վաճառում էր կապիտալիստին, այսպես ասած՝ ցերեկվա լույսի պես ցույց էր տալիս, որ նա իր անձի ազատ տնօրենն է։ Գործարքը կնքելուց հետո պարզվում է, որ նա բնավ «ազատ ագենտ» չի եղել, որ այն ժամանակը, որի տևողությամբ նա ազատ է իր աշխատուժը վաճառելու, այն ժամանակն է, որի տևողությամբ նա հարկադրված է այն վաճառելու[198] և որ, իրապես, վամպիրը նրան բաց չի թողնում, քանի դեռ «թեկուզ մի մկան, մի ջիղ, արյան մի կաթիլ կա ծծելու»[199]։ Որպեսզի իրենց «պաշտպանած» լինեն die Schlange ihrer Qualen-ից [իրենց չարչարանք պատճառող օձից], բանվորները պետք է միանան և, որպես դասակարգ, հարկադրեն հրատարակելու մի այնպիսի պետական օրենք, մի հասարակական հզոր արգելք, որը հենց իրենց՝ բանվորներին արգելեր կապիտալի հետ կամավոր պայմանագրով իրենց ու իրենց սերունդը մահվան ու ստրկության վաճառելու[200]։ «Մարդկային անօտարելի իրավունքների» պերճաշուք ցուցակի փոխարեն հանդես է գալիս օրենքով սահմանափակված աշխատանքային օրվա համեստ Magna Charta-ն [մեծ խարտիան], որը, «վերջապես, ճշգրտորեն սահմանում է, թե երբ է վերջանում ա՛յն ժամանակը, որ բանվորը վաճառում է, և երբ է սկսվում ա՛յն ժամանակը, որ նրան՝ իրեն է պատկանում»[201]։ Quantum mutatus ab illo! [Ինչպիսի՜ փոփոխություն առաջվա համեմատությամբ։]
ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՍԱՆ
Ինչպես նախորդ գլուխներում, այստեղ ևս մենք ենթադրում ենք, որ աշխատուժի արժեքը, հետևապես, աշխատանքային օրվա այն մասը, որն անհրաժեշտ է աշխատուժի վերարտադրության կամ պահպանման համար, մի տվյալ, հաստատուն մեծություն է։
Այսպիսի ենթադրության դեպքում հավելյալ արժեքի նորմայի հետ տրված է նաև հավելյալ արժեքի այն մասսան, որ առանձին բանվորը տալիս է կապիտալիստին որոշ ժամանակամիջոցում։ Եթե անհրաժեշտ աշխատանքն օրական կազմում է, օրինակ, 6 ժամ, որը ոսկու քանակով արտահայտած, կազմում է 3 շիլլինգ կամ 1 թալեր, ապա 1 թալերն աշխատուժի մի օրվա արժեքն է կամ աշխատուժի գնման համար ավանսավորած կապիտալային արժեքը։ Այնուհետև, եթե հավելյալ արժեքի նորման = 100%-ի, ապա այդ 1 թալեր փոփոխուն կապիտալն արտադրում է հավելյալ արժեքի 1 թալերանոց մասսա, կամ բանվորն օրական տալիս է 6 ժամվա հավելյալ աշխատանքի մասսա։
Բայց փոփոխուն կապիտալն այն բոլոր աշխատուժերի ընդհանուր արժեքի փողային արտահայտությունն է, որ կապիտալիստը կիրառում է միաժամանակ։ Հետևաբար, ավանսավորած փոփոխուն կապիտալի արժեքը հավասար է մեկ աշխատումի միջին արժեքին՝ բազմապատկած կիրառվող աշխատուժերի թվով։ Ուստի, աշխատուժի արժեքը հայտնի լինելու դեպքում փոփոխուն կապիտալի մեծությունն ուղիղ հարաբերական է միաժամանակ զբաղված բանվորների թվին։ Այսպիսով, եթե մեկ աշխատուժի օրական արժեքը = 1 թալերի, ապա անհրաժեշտ է 100 թալեր կապիտալ ավանսավորել՝ օրական 100 աշխատուժ շահագործելու համար և n թալեր կապիտալ օրական n աշխատուժ շահագործելու համար։
Ճիշտ այդպես էլ, եթե 1 թալեր փոփոխուն կապիտալը, մեկ աշխատուժի օրական այդ արժեքը, արտադրում է օրական 1 թալերի հավելյալ արժեք, ապա 100 թալեր փոփոխուն կապիտալն արտադրում է օրական 100 թալերի հավելյալ արժեք, իսկ n թալեր կապիտալը՝ օրական 1 թալեր ×n հավելյալ արժեք։ Հետևապես, արտադրվող հավելյալ արժեքի մասսան հավասար է այն հավելյալ արժեքին, որ տալիս է առանձին բանվորի աշխատանքային օրը՝ բազմապատկած բանեցվող բանվորների թվով։ Բայց, այնուհետև, քանի որ առանձին բանվորի արտադրած հավելյալ արժեքի մասսան, աշխատուժի արժեքը հայտնի լինելու դեպքում, որոշվում է հավելյալ արժեքի նորմայով, ուստի դրանից բխում է հետևյալ առաջին օրենքը — արտադրվող հավելյալ արժեքի մասսան հավասար է ավանսավորած փոփոխուն կապիտալի մեծությանը` բազմապատկած հավելյալ արժեքի նորմայով, կամ որոշվում է միևնույն կապիտալիստի կողմից միաժամանակ շահագործվող աշխատուժերի թվի և առանձին աշխատուժի շահագործման աստիճանի բարդ հարաբերությամբ։
Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի մասսան նշանակենք M տառով, մեկ օրվա ընթացքում առանձին բանվորի տված հավելյալ արժեքը` m տառով, մեկ աշխատուժի գնման համար օրական ավանսավորվող փոփոխուն կապիտալը` v տառով, փոփոխուն կապիտալի ընդհանուր գումարը` V տառով, միջին աշխատուժի արժեքը` k տառով, նրա շահագործման աստիճանը` [math]\frac{a'}{a}\left(\frac{հավելյալ \ աշխատանք}{անրաժեշտ \ աշխատանք}\right)[/math] և բանեցվող բանվորների թիվը՝ n, ապա կստանանք
M = | [math]\frac{m}{v} \ × \ V[/math] | ||||
[math]k \ × \ \frac{a'}{a} \ × \ n[/math] |
Մենք կանգ չենք առնում այն փոփոխությունների մանրամասնությունների վրա, որ կրել է կապիտալիստի ու վարձու բանվորի միջև ստեղծվող հարաբերությունը արտադրության պրոցեսի ընթացքում, հետևապես, կանգ չենք առնում բուն իսկ կապիտալի սահմանումների հետագա ծավալման վրա։ Նշենք միայն միքանի գլխավոր կետեր։
Արտադրության պրոցեսում կապիտալը զարգանալով դարձավ հրամանատարություն աշխատանքի, այսինքն՝ գործող աշխատուժի, կամ հենց բանվորի վրա։ Անձնավորված կապիտալը, կապիտալիստը, հսկում է, որ բանվորը իր գործը կատարի ինչպես հարկն է և պատշաճ աստիճանի ինտենսիվությամբ։
Այնուհետև, կապիտալը զարգանալով դարձավ հարկադրական հարաբերություն, որը բանվոր դասակարգին ստիպում է ավելի շատ աշխատանք կատարելու, քան այդ պահանջում է նրա սեփական կենսական պահանջմունքների նեղ շրջանակը։ Եվ կապիտալը, ուրիշի աշխատասիրությունը խթանելով, հավելյալ աշխատանք դուրս քաշելով և աշխատուժը շահագործելով՝ իր եռանդով, ագահությամբ ու էֆեկտիվությամբ այդ տեսակետից մեծ չափով գերազանցում է արտադրության բոլոր նախկին սիստեմներին, որոնք հիմնված էին ուղղակի հարկադրական աշխատանքի վրա։
Կապիտալն աշխատանքն իրեն է ենթարկում սկզբում այն տեխնիկական պայմաններում, որոնց մեջ նա պատմականորեն գտնում է աշխատանքը։ Հետևաբար, նա միանգամից չի փոփոխում արտադրության եղանակը։ Ուստի, հավելյալ արժեքի արտադրությունն այն ձևով, որ մենք մինչև այժմ քննում էինք, այսինքն՝ աշխատանքային օրը պարզապես երկարացնելու միջոցով, անկախ էր արտադրության բուն եղանակի որևէ փոփոխությունից։ Այդ արտադրությունը հնավանդ փռում պակաս իրական չէր, քան արդի բամբակամանարանում։
Եթե մենք արտադրության պրոցեսը քննում ենք աշխատանքի պրոցեսի տեսակետից, ապա բանվորն արտադրության միջոցներին վերաբերվում է ոչ որպես կապիտալի, այլ լոկ որպես իր նպատակահարմար արտադրողական գործունեության միջոցներին ու նյութին։ Կաշեգործարանում, օրինակ, նա կաշու հետ վարվում է լոկ որպես իր աշխատանքի առարկայի հետ։ Նա կաշին կապիտալիստի համար չի դաբաղում։ Ուրիշ բան կստացվի, եթե մենք արտադրության պրոցեսը քննենք արժեքի աճման պրոցեսի տեսակետից։ Արտադրության միջոցներն իսկույն դառնում են ուրիշի աշխատանքը ծծելու միջոցներ։ Եվ արդեն ո՛չ թե բանվորն է գործադրում արտադրության միջոցները, այլ արտադրության միջոցներն են գործադրում բանվորին։ Ոչ թե նա է սպառում արտադրամիջոցները, որպես իր արտադրողական գործունեության նյութական տարրեր, այլ սրանք են բանվորին սպառում որպես իրենց սեփական կենսական պրոցեսի ֆերմենտի, իսկ կապիտալի կենսական պրոցեսը հենց նրա՝ որպես ինքնաճուն արժեքի շարժումն է։ Հալոցային վառարաններն ու արհեստանոցները, որոնք գիշերը հանգստանում են և կենդանի աշխատանք չեն ծծում, «զուտ կորուստ» («mere loss») են կապիտալիստի համար։ Ուստի հալոցային վառարաններն ու նշած արհեստանոցները հիմնավորում են աշխատուժերի նկատմամբ «գիշերային աշխատանքի որոշ պահանջ»։ Փողի պարզ վերածումը արտադրության պրոցեսի նյութական գործոնների, արտադրության միջոցների, վերջինները դարձնում է ուրիշի աշխատանքի ու հավելյալ աշխատանքի նկատմամբ իրավաբանական տիտղոս ու հարկադրական տիտղոս։ Վերջում հետևյալ օրինակը ցույց կտա մեզ, թե կապիտալիստների գլուխներում ինչպես է արտացոլվում կապիտալիստական արտադրությանը հատուկ ու նրան բնորոշող այս փոխաշրջումը, նույնիսկ մեռյալ ու կենդանի աշխատանքի միջև, արժեքի ու արժեք ստեղծող ուժի միջև եղած հարաբերության աղճատումը։ Անգլիական գործարանատերերի 1848—1850 թվականների խռովության ժամանակ «Պեյզլիի վշամանարանի ու բամբակամանարանի — արևմտյան Շոտլանդիայի այդ ամենահին ու ամենապատկառելի ֆիրմաներից մեկի — 1752 թվականից գոյություն ունեցող ու սերնդե սերունդ միևնույն ընտանիքի ձեռքով պահվող Կառլեյլ, որդիք և Ընկ. կոմպանիայի պարագլուխը»—այդ չափազանց ինտելիգենտ ջենտլմենը 1849 թ. ապրիլի 25-ի «Glasgow Daily Mail»-ին մի նամակ գրեց[207] «Relaissystem» վերնագրով, որտեղ, ի միջի այլոց, հանդիպում ենք հետևյալ աներևակայելիորեն միամիտ կտորին. «Հապա մի քննենք այն աղետները, որոնք առաջ կգան աշխատաժամանակը 12 ժամից մինչև 10 ժամ կրճատելուց... Դրանք «հանգում են» գործարանատիրոջ հեռանկարներին ու սեփականությանն սպառնացող ամենալուրջ վնասին։ Եթե նա [այսինքն՝ նրա «ձեռքերը»] 12 ժամ էր աշխատում և սահմանափակվելու է 10 ժամով, ապա նրա գործատան յուրաքանչյուր 12 մեքենա կամ իլիկ կրճատվելով դառնում են 10 («then every 12 machines or spindles, in his establishment, shrink to 10»), և եթե նա ուզենար իր գործարանը վաճառել, ապա նրա մեքենաներն ու իլիկները կգնահատվեին միայն որպես 10, այնպես որ ամբողջ երկրում ամեն մի գործարան կկորցներ իր արժեքի մեկ վեցերորդ մասը»[208]։
Արևմտյան Շոտլանդիայի այդ ժառանգական-կապիտալիստական ուղեղի համար արտադրության միջոցների, իլիկների ու այլ բաների արժեքն այնքան սերտ է միաձուլվում նրանց՝ ինքնաճելու կամ ամեն օր որոշ քանակությամբ ուրիշի ձրի աշխատանք կլանելու կապիտալիստական հատկության հետ, որ Կառլեյլ և Ընկ. ֆիրմայի պարագլուխն իրոք երևակայում է, թե իր գործարանը վաճառելիս նրան վճարում են ո՛չ միայն իլիկների արժեքը, այլ, բացի դրանից, նաև նրանց արժեքի աճումը, ո՛չ միայն նրանց մեջ պարունակվող և նույն տեսակ իլիկներ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքը, այլ նաև այն հավելյալ աշխատանքը, որ նրանց օգնությամբ ամեն օր ծծվում է Պեյզլիի կտրիճ արևմտյան շոտլանդացիներից, և հենց այդ պատճառով — կարծում է նա,— աշխատանքային օրը երկու ժամ կրճատելու հետևանքով յուրաքանչյուր 12 մանամեքենայի վաճառքի գինը կրճատվելով՝ կիջնի՜ 10 մեքենայի գնին։
- ↑ «Թվում է,— և իրոք հենց այդպես էլ է,— թե հողի սկզբնական արդյունքները, որոնք սահմանափակ քանակությամբ են և որոնք գոյություն ունեն մարդուց բոլորովին անկախ, բնության կողմից տրված են բոլորովին այնպես, ինչպես մի փոքր գումար փող է տրվում երիտասարդին՝ նրան գործունեության ճանապարհի վրա դնելու և նրա վիճակը տնօրինելու հնարավորություն տալու նպատակով» (James Steuart: «Principles of Political Economy», հրատ. Dublin 1770, հ. I, էջ 116)։
- ↑ «Բանականությունը նույնքան խորամանկ է, որքան և հզոր։ Խորամանկությունն ընդհանրապես այն միջնորդվող գործունեությունն է, որը առարկաներին հարկադրելով իրենց բնության համեմատ, իրար վրա ներգործելու և փոխադարձ մշակման ենթարկվելու, ընդ որում խորամանկությունն անմիջաբար չի միջամտում այդ պրոցեսին,— այնուամենայնիվ միայն իր նպատակն է իրագործում» (Hegel: «Encyklopádie». Մաս I, «Die Logik>. Berlin 1840, էջ 382)։ [Հմմտ. Гегель: «Энциклопедия философских наук». Часть I: «Логика». Госиздат, 1929, էջ 318—319։]
- ↑ «Théorie de l’Économie Politique, Paris 1815» [Հատ, I, էջ 266)] ընդհանրապես խղճուկ աշխատության մեջ Գանիլը, ֆիզիոկրատների դեմ բանավիճելով, հաջող կերպով թվարկում է աշխատանքի այն պրոցեսների երկար շարքը, որոնք բուն հողագործության նախադրյալն են կազմում։
- ↑ «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses» (1766)-ում [Oeuvres, հրատ, Daire, հատ. I] Տյուրգոն լավ պարզաբանում է ընտելացրած կենդանիների կարևորությունը կուլտուրայի սկզբնավորումների համար։
- ↑ Բոլոր ապրանքներից բուն պերճանքի առարկաներն ամենից քիչ նշանակություն ունեն արտադրության տարբեր դարաշրջանները տեխնոլոգիապես համեմատելիս։
5a 2-րդ հրատ. ծանոթագրություն.— Որքան էլ մինչև այժմ պատմական գիտությունը քիչ է ծանոթ նյութական արտադրության զարգացմանը, հետևապես, ամբողջ հասարակական կյանքի հիմքին, ուստի և ամբողջ իրական պատմությանը, այնուամենայնիվ, գոնե նախապատմական ժամանակները շրջանների են բաժանվում բնագիտական և ոչ թե, այսպես կոչված, պատմական հետազոտությունների հիման վրա, ըստ գործիքների ու զենքերի նյութին քարե դար, բրոնզե դար, երկաթե դար։ - ↑ Պարադոքսային է թվում, օրինակ, այն ձուկը, որ դեռ բռնված չէ, ձկնորսության համար արտադրամիջոց անվանելը։ Բայց մինչև հիմա դեռ չի գտնված այն արվեստը, որով կարելի լիներ ձուկ որսալ այն ջրերում, որտեղ ձկներ չկան։
- ↑ Արտադրողական աշխատանքի այդ սահմանումը, որ աշխատանքի պարզ պրոցեսի տեսակետից է ստացվում, բոլորովին բավական չէ արտադրության կապիտալիստական պրոցեսի համար։
- ↑ Շտորխը տարբերություն է դնում բուն հում նյութի՝ որպես «matière»-ի և օժանդակ նյութերի` որպես «matériaux»-ի միջև [H. Storch: «Cours d’Économie Politique», Paris 1815, հ. I, գլ. 6, գիրք II, էջ 288։ Հմմտ. Г. Шторх: «Kypc политической экономии», հ. I, գիրք II, գլ. 6, էջ 129։ Թարգմ. Վերնադսկու խմբագրությամբ, ՍՊԲ, 1881]։ Շերբուլյեն օժանդակ նյութերն անվանամ է «matières instrumentales» [Cherbuliez: «Richesse ou Pauvreté», Paris 1841, էջ 14]։
- ↑ Վերին աստիճանի տրամաբանական այս հիմքից ելնելով, գնդապետ Տորրենսը կապիտալի սկիզբը հայտնագործում է — վայրենու քարի մեջ։ «Առաջին քարի մեջ, որ վայրենին շպրտում է իր հետապնդած գազանի վրա, առաջին փայտի մեջ, որ նա բռնում է այն պտուղները ցած քաշելու համար, որոնք իր ձեռքը չի հասնում, մենք տեսնում ենք մի առարկայի յուրացում՝ մի ուրիշը ձեռք բերելու նպատակով, և այսպիսով հայտնագործում ենք կապիտալի սկիզբը» (R. Torrens։ «An Essay on the Production of Wealth etc.», էջ 70, 71)։ Հավանորեն, հենց այդ առսջին փայտով [stock] պետք է բացատրել, թե ինչու անգլերենում stock-ը կապիտալ բառի հոմանիշն է։
- ↑ «Արդյունքները յուրացվում են նախքան նրանց փոխարկումը կապիտալի. այդ փոխարկումը նրանց չի ազատում այդպիսի յուրացումից» (Cherbuliez: «Richesse ou Pauvreté», հրատ. Paris, 1841, էջ 54)։ «Պրոլետարը, իր աշխատանքը վաճառելով կենսամիջոցների (approvisionnement) մի որոշ քանակով, բոլորովին հրաժարվում է արդյունքի որևէ բաժնից։ Արդյունքների յուրացումը մնում է նույնը, ինչպես և առաջ. այդ յուրացումը ամենևին չի փոխվում հիշյալ պայմանագրով։ Արդյունքը պատկանում է բացառապես կապիտալիստին, որը տվել է հում նյութերն ու approvisionnement-ը։ Այս մի խիստ հետևություն է յուրացման օրենքից, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, այն էր, թե ամեն մի բանվոր սեփականության բացառիկ իրավունք ունի իր արդյունքի վրա» (նույն տեղում, էջ 58)։ «Քանի որ բանվորները աշխատավարձով են աշխատում..., ապա կապիտալիստը ո՛չ միայն կապիտալի [այստեղ հասկացվում են արտադրամիջոցները], այլ նաև աշխատանքի (of the labour also) սեփականատերն է։ Եթե, ինչպես այս սովորաբար արվում է, կապիտալ հասկացության մեջ մտցվում է այն, ինչ որ տրվում է որպես աշխատավարձ, ապա անհեթեթություն է աշխատանքի մասին կապիտալից անջատ խոսելը։ Կապիտալ բառն այս իմաստով ընդգրկում է թե՛ մեկը և թե՛ մյուսը, թե՛ կապիտալը և թե՛ աշխատանքը»։ (James Mill: «Elements of Political Economy etc.». London 1821, էջ 70, 71)։
- ↑ «Ապրանքների արժեքի վրա ազդում է ո՛չ միայն այն աշխատանքը, որն անմիջաբար ծախսված է նրանց արտադրության վրա, այլև այն աշխատանքը, որ ծախսված է արտադրության պրոցեսին մասնակցող մեքենաների, գործիքների և շենքերի վրա»։ (Ricardo: «The Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 16): [Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1926, էջ 12]։
- ↑ Այստեղ թվերը բոլորովին կամայական են։
- ↑ Այս այն հիմնական դրույթն է, որի վրա հաստատված է ֆիզիոկրատների ուսմունքն այն մասին, թե ոչ-հողագործական ամեն մի աշխատանք անարտադրողական է, և այս դրույթն անհերքելի է մասնագետ տնտեսագետի համար։ «Մեկ իրին ուրիշ շատ իրերի արժեք (օրինակ կտավին՝ ջուլհակի սպառած առարկաների արժեքը) վերագրելու, մի քանի արժեքներ մի արժեքի վրա, այսպես ասած՝ շերտ-շերտ դնելու այդ եղանակն այն հետևանքին է հասցնում, որ արժեքը համապատասխանորեն ուռչում է... Գումարում տերմինը լավ է պատկերում այն եղանակը, որով կազմվում է աշխատանքի արդյունքների գինը, այս գինը սպառած ու միասին գումարած բազմաթիվ արժեքների ամբողջությունն է միայն, բայց գումարել չի նշանակում բազմապատկել» (Mercier de la Rivière: «L’Ordre Naturel et Essentiel etc.», «Physiocrates», հրատ. Daire, մաս II, էջ 599)։
- ↑ Այսպես, օրինակ, 1844—1847 թթ. նա իր կապիտալի մի մասը հանեց արտադրողական ձեռնարկություններից, որպեսզի այն նետի երկաթուղային ակցիաների սպեկուլյացիայի մեջ։ Նույն ձևով էլ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ նա փակեց գործարանները և գործարանային բանվորներին փողոց նետեց՝ Լիվերպուլի բամբակի բորսայում սպեկուլյացիայով զբաղվելու նպատակով։
- ↑ «Գլուխդ գովիր, զարդարվիր ու պճնվիր... Բայց ով ավելի շատ կամ ավելի լավն է վերցնում (քան նա տվել է), նա վաշխառու է և այդ նշանակում է, որ նա իր մերձավորին ո՛չ թե ծառայություն է մատուցել, այլ վնաս, ինչպես այդ լինում է գողանալիս կամ կողոպտելիս։ Ո՛չ այն ամենն է ծառայություն ու բարերարություն մերձավորին, ինչ ծառայություն և բարերարություն է անվանվում։ Որովհետև անառակուհին ու անառակը իրար մեծ ծառայություն են մատուցում, իրար հաճույք են պատճառում։ Հեծյալ զինվորը հեծելային մեծ ծառայություն է մատուցում մարդասպանին ու հրձիգին՝ օգնելով ճանապարհների վրա կողոպուտով զբաղվելու, և երկրի ու մարդկանց վրա հարձակվելու։ Պապականները մերոնց մեծ ծառայություն են մատուցում նրանով, որ ոչ բոլորին են ջրի մեջ խեղդում, այրում, սպանում, փտեցնում բանտերում, այլ ոմանց թույլ են տալիս ապրելու և նրանց արտաքսում են կամ նրանցից խլում են՝ ինչ ունեն։ Հենց սատանան ինքն իր ծառաներին մեծ, անչափ ծառայություն է մատուցում... Մի խոսքով, աշխարհը լի է մեծ, գերազանց, ամենօրյա ծառայություններով ու բարերարություններով») (Martiո Luther: «An die Pfarrherrn, wider den Wucher zu predigen etc.». Wittenberg 1540 [էջ 8—9])։
- ↑ Այս առթիվ «Zur Kritik der Politischen Oekonomie»-ում, Berlin 1859, էջ 14, ես նկատում եմ. «Հասկանալի է, թե «ծառայության» (service) կատեգորիան ինչպիսի «ծառայություն» պետք է մատուցի այնպիսի տնտեսագետներին, ինչպես Ժ. Բ. Սեյն ու Ֆ. Բաստիան են» [Կ. Մարքս, «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ, XII, մ, I, էջ 23]։
- ↑ Սա մեկն է այն հանգամանքներից, որոնք թանկացնում են ստրկության վրա հիմնված արտադրությունը։ Բանվորը, հների դիպուկ արտահայտության համաձայն, այստեղ լոկ որպես instrumentum vocale [խոսուն գործիք] տարբերվում է կենդանուց՝ որպես instrumentum semivocale [ձայնով օժտված գործիքից] և աշխատանքի անշունչ գործիքից որպես instrumentum mutum [համր գործիքից]։ Բայց ինքը՝ բանվորը կենդանուն ու աշխատանքի գործիքին զգալ է տալիս, որ ինքը նրանց նման չէ, որ ինքը մարդ է։ Նա նրանցից տարբերվելու գիտակցությանն է հասնում՝ նրանց հետ վատ վարվելով և con amore [մեծ հաճույքով] փչացնելով նրանց։ Ուստի արտադրության այդ եղանակի տնտեսական սկզբունքն է՝ կիրառել աշխատանքի ամենակոպիտ, ամենածանրաշարժ գործիքները, որոնք հենց իրենց այդ կոպտության ու ծանրաշարժության պատճառով դժվարությամբ են փչացման ենթարկվում։ Այս պատճառով Մեքսիկայի ծովածոցի մոտ ընկած ստրկատիրական պետություններում քաղաքացիական պատերազմի սկզբնավորությունից առաջ գործածական էին հին չինական կառուցվածքով գութաններ, որոնք գետինը փորփրում էին խոզի կամ խլուրդի պես, բայց այն չէին ակոսում ու չէին շուռ տալիս։ Հմմտ. J. E. Cairnes: «The Slave Power», London 1862, էջ 46 և հաջ.։ Իր «Sea Bord Slave States»-ի մեջ Օլմստեդը ի միջի այլոց պատմում է. «Այստեղ ինձ ցույց էին տալիս այնպիսի գործիքներ, որոնք ոչ մի խելքը գլխին մարդ չէր տա վարձով աշխատող բանվորին, որովհետև նրանք կծանրաբեռնեին նրան, նրանց արտակարգ ծանրությունն ու անճոռնիությունը, կարծում եմ, առնվազն 10 տոկոսով ավելացնում են աշխատանքն այն գործիքների համեմատությամբ, որոնք սովորաբար գործածական են մեզանում։ Բայց ինձ հավատացնում էին, որ այն անփույթ ու կոպիտ վերաբերմունքի պատճառով, որին ենթակա են գործիքները ստրուկների ձեռքին, անհնարին կլիներ նրանց ձեռքը ավելի թեթև ու պակաս կոպիտ գործիքներ տալ, և որ այն գործիքները, որ մենք միշտ տալիս ենք մեր բանվորներին և օգուտ ենք քաղում այդ անելով, մեկ օր էլ չէին դիմանա Վիրգինիայի հացահատիկային դաշտերում, թեև այնտեղ հողը ավելի թեթև է և այնպես քարքարոտ չէ, ինչպես մեզանում։ Ճիշտ այդպես էլ, երբ ես հարցրի, թև ինչո՞ւ բոլոր ֆերմաներում ձիերը փոխարինված են ջորիներով, ապա առաջին ու, իհարկե, ամենահամոզիչ նկատառումն այն էր, թե ձիերը չէին դիմանա այն վերաբերմունքին , որին նրանք միշտ ենթակա են նեգրերի կողմից. ձիերն այդ վերաբերմունքի պատճառով ավելի շուտ են ուժասպառվում ու խեղանդամացվում, այնինչ ջորիները դիմանում են ծեծերին ու կերի պակասությանը և դրանից էական վնաս չեն կրում, չեն մրսում ու չեն հիվանդանում, եթե նրանց անուշադրության են մատնում կամ չափից դուրս են բանեցնում։ Ասենք, բավական է, որ ես մոտենամ այն սենյակի լուսամուտին, որտեղ գրում եմ, և ես համարյա ամեն անգամ անասուններին ցույց արվող այնպիսի վերաբերմունք եմ տեսնում, որի համար համարյա ամեն մի ֆերմեր հյուսիսում անմիջապես կվռնդեր բանվորին» [էջ 46, 47]։
- ↑ Բարդ և պարզ աշխատանքի միջև «skilled» [որակյալ] և «unskilled labour» [ոչ-որակյալ աշխատանք]-ի միջև հղած տարբերությունը մասամբ հիմնվում է սոսկ պատրանքների վրա կամ, առնվազն, այն տարբերությունների վրա, որոնք վաղուց դադարել են իրական լինելուց և շարունակում են գոյություն ունենալ որպես ավանդական պայմանականություն, մասամբ էլ հիմնվում են բանվոր դասակարգի որոշ խավերի ավելի անօգնական դրության վրա, որի շնորհիվ նրանք հնարավորություն չունեն ստիպելու, որ իրենց աշխատուժի արժեքի համեմատ իրենց վճարեն։ Ընդսմին պատահական պարագաներն այնքան մեծ դեր են խաղում, որ աշխատանքի միևնույն տեսակները մեկը մյուսի տեղն են բռնում։ Օրինակ, որտեղ բանվոր դասակարգի ֆիզիկական ուժերը թուլացել են և համեմատաբար հյուծվել են, ինչպես այդ տեսնում ենք զարգացած կապիտալիստական արտադրություն ունեցող բոլոր երկրներում, այնտեղ այն կոպիտ աշխատանքները, որոնք մեծ մկանային ուժ են պահանջում, ընդհանրապես ավելի բարձր աստիճան են գրավում շատ ավելի նուրբ աշխատանքների համեմատությամբ, որոնք իջնում են պարզ աշխատանքի աստիճանին» օրինակ, Անգլիայում bricklayer-ի [որմնադրի] աշխատանքը շատ ավելի բարձր տեղ է բռնում, քան կամկա կոչվող մետաքսի գործվածքների վրա աշխատող ջուլհակների աշխատանքը։ Մյուս կողմից, fustian cutter-ի [թավիշը խավատողի] աշխատանքը համարվում է «պարզ աշխատանք», չնայած որ ֆիզիկական մեծ լարում է պահանջում և, բացի այդ, խիստ վնասակար է։ Ասենք՝ չպետք է երևակայել, թե այսպես կոչված «skilled labour» [որակյալ աշխատանք]-ը ազգային աշխատանքի մեջ քանակապես զգալի տեղ է բռնում։ Լենգը հաշվում է, որ Անգլիայում (և Ուելսում) 11 միլիոնից ավելի մարդկանց գոյությունը պարզ աշխատանքի վրա է հիմնված։ Մեկ միլիոն արիստոկրատներին ու մեկ ու կես միլիոն պաուպերներին, թափառաշրջիկներին, հանցագործներին, պոռնկությամբ ապրողներին և ուրիշներին հանելով այն 18 միլիոնից, որը նրա աշխատության լույս տեսնելու ժամանակ բնակչության թիվն էր կազմում երկրում, մնում է 4 650 000 հոգի միջին դասակարգի մարդ, սրանց մեջ հաշված մանր ռանտյեներին, պաշտոնյաներին, գրողներին, արվեստագետներին, դպրոցական, ուսուցիչներին և այլն։ Այդ 4[math]^2/_3[/math] միլիոնն ստանալու նպատակով նա միջին դասակարգի աշխատող մասի մեջ է հաշվում, բացի բանկիրներից և ուրիշներից, բոլոր ավելի լավ վարձատրվող «գործարանային բանվորներին»։ Նույնիսկ bricklayer-ները [որմնադիրները] «բարդ աշխատանքի բանվորների» կատեգորիան են ընկել։ Այս բոլորից հետո նրա հաշվի մեջ մնում են վերոհիշյալ 11 միլիոնը (S. Laing: «National Distress etc.». London 1844 [էջ 5l-52])։ «Այն մեծ դասակարգը, որը սննդի հետ փոխանակելու համար ոչինչ չի կարող տալ, բացի պարզ աշխատանքից, կազմում է ժողովրդի գլխավոր մասսան» (James Mill-ը «Colony» հոդվածում։ «Encyclopaedia Britannica»-ի հավելված, 1831)։
- ↑ «Երբ մատնանշում են աշխատանքը որպես արժեքի չափ, ապա անհրաժեշտորեն ենթադրում են մի որոշ տեսակի աշխատանք... նրա հարաբերությունը դեպի ուրիշ տեսակի աշխատանքները հեշտությամբ կարելի է որոշել («Outlines of Political Economy». London 1832, էջ 22, 23)։
- ↑ «Աշխատանքը նոր կերտվածք է ստեղծում՝ իր ոչնչացրածի փոխարեն» («An Essay on the Political Economy of Nations». London 1821, էջ 13)։
- ↑ Այստեղ խոսքն աշխատանքի միջոցների՝ մեքենաների, շենքերի և այլ հարմարանքների նորոգման մասին չէ։ Նորոգման ենթարկվող մեքենան գործում է ո՛չ թե որպես աշխատանքի միջոց, այլ որպես աշխատանքի նյութ։ Ո՛չ թե նրանով են աշխատում, այլ հենց նրան են մշակում՝ նրա սպառողական արժեքի թերությունը վերացնելու համար։ Մեր նպատակի համար մենք միշտ կարող ենք պատկերացնել, որ նորոգման այդպիսի աշխատանքները մտնում են աշխատանքի միջոցների արտադրման համար պահանջվող աշխատանքի մեջ։ Բնագրում խոսքը վերաբերում է այնպիսի մաշվածքին, որը ոչ մի բժիշկ բուժել չի կարող և որը հետզհետե մոտեցնում է մահվան, «այնպիսի մաշվածքի, որն անկարելի է նորոգել ժամանակ առ ժամանակ և որը, ինչպես դանակի դեպքում, վերջիվերջո, նրան կհասցնի մի այնպիսի դրության, որ դանակագործը կասի, թե նորոգել չարժե»։ Բնագրում տեսանք, որ մեքենան, օրինակ, աշխատանքի ամեն մի առանձին պրոցեսի մեջ մտնում է ամբողջովին, բայց արժեքի աճման միաժամանակ կատարվող պրոցեսի մեջ՝ միայն մաս-մաս։ Ուստի մենք կարող ենք պատշաճ ձևով գնահատել հասկացությունների հետևյալ շփոթումը. «Պ-ն Ռիկարդոն գուլպա գործող մեքենայի վրա ծախսված մեքենաշինական աշխատանքի մասի վերաբերմամբ ասում է», որ նա պարունակվում է, օրին., մի զույգ գուլպայի արժեքի մեջ։ «Մինչդեռ այն ամբողջ աշխատանքը, որ ծախսվում է գուլպաների յուրաքանչյուր զույգն արտադրելու վրա, պարունակում է մեքենաշինարարի ամբողջ աշխատանքը և ոչ թե նրա մի մասը, որովհետև թեև մեքենան շատ զույգեր է պատրաստում, բայց այս զույգերից ոչ մեկը չի կարող պատրաստվել առանց մեքենայի բոլոր մասերի օգնության» («Observations on certain verbal disputes in Political Economy, particularly relating to Value, and to Demand and Supply». London 1821, էջ 54)։ Հեղինակը, արտասովոր կերպով ինքնաբավական մի «wiseacre» [«խելքի տոպրակ»], իր խառնաշփոթության ու միաժամանակ իր բանակռվի մեջ լոկ այն իմաստով է իրավացի, ո՛ր ոչ Ռիկարդոն, ո՛չ էլ որևէ այլ տնտեսագետ, ո՛չ նրանից առաջ, ո՛չ էլ նրանից հետո, խստորեն չեն սահմանագծել աշխատանքի երկու կողմերը, ուստի և, ինչպես պետք էր պասել, չեն տվել նրանց տարբեր դերի վերլուծությունը, արժեքի գոյացման պրոցեսում։
- ↑ Ուստի հեշտությամբ կարելի է ըմբռնել գռեհիկ Ժ. Բ. Սեյի անհեթեթությունը, երբ հավելյալ արժեքը (տոկոսը, շահույթը, ռենտան) նա ուզում է բխեցնել այն «Services productifs»-ից [«արտադրողական ծառայություններից»], որ արտադրության միջոցները՝ հողը, գործիքները, կաշիները և այլն, իրենց սպառողական արժեքներով մատուցում են աշխատանքի պրոցեսում։ Պարոն Վիլհելմ Ռոշերը, որը երբեք առիթը բաց չի թողնում սևով սպիտակի վրա գրանցելու ջատագովական կոկիկ հերյուրանքներ, բացականչում է. «Շատ ճիշտ է նկատում Ժ. Բ. Սեյը» (Traté, հ. I, գլ. 4). «Բոլոր ծախքերը հանած՝ ձիթագործարանի արտադրած արժեքն անշուշտ մի ինչ-որ նոր բան է, որ էապես տարբեր է այն աշխատանքից, որով հենց ինքը ձիթագործարանն է ստեղծվել» (Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 82, ծանոթագրություն)։ Շա՜տ ճիշտ է։ Ձիթագործարանի արտադրած «ձեթը» մի շատ տարբեր բան է այն աշխատանքից, որ նստել է ձիթագործարանի կառուցումը։ Իսկ պարոն Ռոշերը «արժեք» ասելով հասկանում է մի այնպիսի բան, ինչպես «ձեթը», որովհետև «ձեթը» արժեք ունի, իսկ որովհետև «բնության մեջ» հանքային ձեթ է պատահում, թեև համեմատաբար ոչ «այնքան շատ», ապա նա այս առթիվ անկասկած անում է մի ուրիշ դիտողություն. «նա (բնությանը) փոխանակային արժեքներ գրեթե բոլորովին չի արտադրում» [նույն տեղում, էջ 79]։ Ռոշերի մոտ բնությունը փոխանակային արժեքի նկատմամբ նույն դիրքն է բռնում, ինչ դիրք որ բռնում էր հիմար օրիորդը երեխայի նկատմամբ, որը «չէ՞ որ բոլորովին պստլիկ էր»։ Նույն «գիտունը» («savant sérieux») վերոհիշյալ առթիվ դարձյալ նկատում է. «Աշխատանք հասկացողության տակ Ռիկարդոյի դպրոցը նկատի ունի նաև կապիտալը՝ որպես «տնտեսված աշխատանք»։ Այդ անշնորհք (!) բան է, որովհետև (!) չէ՞ որ (!) կապիտալի տերը (!) այնուամենայնիվ (!) ավելի (!) բան է արել, քան նրա (ինչի՞) սոսկական (?!) արտադրումը (?) ու (??) պահպանումը, այն է՝ (?!?) սեփական վայելքներից հրաժարվելը, որի համար նա, օրինակ (!!!) տոկոս է պահանջում» (նույն տեղում)։ Ինչքա՞ն «շնորհքով» է քաղաքատնտեսության այդ «անատոմիական-ֆիզիոլոգիական մեթոդը», որը «արժեքը» պարզապես հենց «պահանջից» է դուրս բերում։
22a «Ֆերմերային արտադրության բոլոր գործիքների մեջ մարդկային աշխատանքը... այնպիսի գործիք է, որից ֆերմերն ամենից շատ կարող է սպասել իր կապիտալի վերադարձը։ Մյուս երկուսը — անասուններից բաղկացած կապիտալը և... սայլերը, գութանները, բահերը և այլն — ոչ մի նշանակություն չունեն, եթե չեն միանում առաջինի որոշ քանակի հետ» (Edmund Burke: «Thoughts and Details on Scarcity, originally presented to the Right Hon. W. Pitt in the Month of November 1795», հրատ. London 1800, էջ 10)։ - ↑ Մի գործարանատեր, որի մանարանում 800 բանվոր է զբաղված և շաբաթական միջին հաշվով 150 հակ արևելա-հնդկական կամ համարյա 130 հակ ամերիկյան բամբակ է սպառվում, 1862 թվականի նոյեմբերի 26-ի «Times»-ում հասարակությանը գանգատվում է իր գործարանում տարեկան դադարներից առաջացած ծախքերի մասին։ Նա այդ ծախքերը հաշվում է 6 000 ֆ. ստեռլինգ։ Այդ անարտադրողական ծախքերի մեջ կան շատ այնպիսի հոդվածներ, որոնք այստեղ մեզ չեն հետաքրքրում, ինչպես՝ հողային ռենտան, հարկերը, ապահովագրական պրեմիաները, տարով վարձվող աշխատողների, կառավարչի, հաշվապահի, ինժեների և մյուսների ռոճիկը։ Բայց հետո նա սրա մեջ հաշվում է 150 ֆ. ստեռլինգի ածուխ՝ ժամանակ առ ժամանակ գործարանը տաքացնելու և մեկ-մեկ էլ շոգեմեքենաները բանեցնելու համար, բացի դրանից՝ այն բանվորների աշխատավարձը, որոնք իրենց ժամանակավոր աշխատանքով «պատրաստ» են պահում մեքենայի սարքավորանքը։ Վերջապես, 1 200 ֆ. ստեռլինգ էլ մեքենաների փչացման համար, որովհետև, «եղանակն ու բնական ավերիչ ազդեցությունները չեն դադարեցնում իրենց ներգործությունն այն բանի հետևանքով, որ շոգեմեքենաները դադարել են շարժվելուց»։ Նա պարզորոշ ասում է, որ 1200 ֆունտ ստեռլինգի այդ գումարը այդպես քիչ է, որովհետև մեքենաները արդեն շատ մաշված դրության մեջ են գտնվում։
- ↑ «Արտադրողական սպառում է, երբ ապրանքի սպառումը արտադրության պրոցեսի մի մասն է կազմում... Այս դեպքերում արժեքի սպառում չկա» (S. P. Newman: «Elements of Political Economy». Andover and New York 1835, էջ 296)։
- ↑ Հյուսիս-ամերիկյան մի ձեռնարկի մեջ, որը գուցե 20 հրատարակություն է ունեցել, կարդում ենք. «Ամենևին նշանակություն չունի, թե կապիտալն ինչ ձևով է կրկին հայտնվում»։ Շատախոսությամբ արտադրության այն բոլոր հնարավոր տարրերը թվարկելուց հետո, որոնց արժեքը նորից երևան է գալիս արդյունքի մեջ, վերջում ասվում է. «Պարենային միջոցների, հագուստի ու բնակարանի տարբեր տեսակները, որոնք անհրաժեշտ են մարդու, ապրուստի ու բարեհարմարության համար, նույնպես փոփոխություններ են կրում։ Նրանք ժամանակ առ ժամանակ սպառվում են, և նրանց արժեքը կրկին հայտնվում է մարդու մարմնական ու մտավոր նոր ուժի մեջ, որը կազմում է նոր կապիտալ, որը նորից կարելի է գործադրել գործի մեջ» (F. Wayland: «The Elements of Political Economy». Boston 1843, էջ 31, 32)։ Մյուս բոլոր տարօրինակությունների մասին չխոսելով, նկատենք, որ, օրինակ, նորոգված ուժի մեջ կրկին երևան է գալիս ո՛չ թե հացի գինը, այլ հացի՝ արյուն կազմող տարրերը։ Իսկ, ընդհակառակը, որպես ուժի արժեք նորից հայտնվում են ո՛չ թե կենսամիջոցները, այլ նրանց արժեքը։ Միևնույն կենսամիջոցները, եթե նրանք երկու անգամ պակաս արժեն, ճիշտ նույնքան մկաններ, ոսկրեր ու այլ մասեր, կարճ ասած, բոլորովին նույնպիսի ուժ կարտադրեն, բայց ոչ նույն, ոչ առաջվա արժեքն ունեցող ուժը։ «Արժեքի» այդ փոխակերպումը «ուժի» և այդ ամբողջ փարիսեցիական անորոշությունը քողարկում է ֆոկուսնիկական այն, իհարկե, զուր փորձը, որ արվում է հավելյալ արժեքը ավանսավորած արժեքների վերադարձի հասարակ փաստից բխեցնելու համար։
- ↑ «Միևնույն֊ տեսակի բոլոր արդյունքները կազմում են, իսկապես ասած, մի մասսա, որի արժեքը որոշվում է միասին վերցրած, անկախ առանձին դեպքի հատուկ պայմաններից (Le Trosne: «De l’Intérêt Social». «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 893)։
26a «Եթե մենք հաշվի առնենք այն հիմնական կապիտալի արժեքը, որ գործադրվում է որպես ամբողջ ավանսավորած կապիտալի մի մասը, ապա մենք տարվա վերջում ստիպված կլինենք հաշվի առնելու այդպիսի կապիտալի արժեքի մնացորդը որպես տարեկան մուտքի մի մասը» (Mallthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1838, էջ 269)։ - ↑ 2-րդ հրատ. ծանոթագրություն.— Ինքնըստինքյան հասկանալի է, որ, ինչպես Լուկրեցիոսն է ասում, «nil posse creari de nihilo»։ Ոչնչից ոչինչ չի կարելի ստեղծել։ [Titus Lucretius Carus: «De rerum natura», գիրք I, ոտան. 155—156։] «Արժեքի ստեղծումը» աշխատուժի փոխարկումն է աշխատանքի։ Իր հերթին, աշխատուժը նախ և առաջ բնության մի նյութ է, որը փոխարկվել է մարդկային օրգանիզմի։
- ↑ Ճիշտ այնպես, ինչպես անգլիացիներն ասում են «rate of profits», «rate of interest» [«շահույթի նորմա», «տոկոսի նորմա»] և այլն։ 3-րդ գրքից ընթերցողը կտեսնի, շահույթի նորման հեշտ է ըմբռնելը, եթե հայտնի են հավելյալ արժեքի օրենքները։ Հակառակ կարգով չի կարելի հասկանալ «ni l’un, ni l’autre» [ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը]։
{28a 3—րդ հրատ. ծանոթագրություն.— Հեղինակն այստեղ տնտեսագիտական սովորական լեզու է գործածում։ Հիշեցնենք, որ ինչպես ցույց է արված 137-րդ էջում [այս հատորի 184—185 էջերը], իրականության մեջ ո՛չ թե կապիտալիստն է «ավանսավորում» բանվորին, այլ բանվորը՝ կապիտալիստին։— Ֆ. Է.} - ↑ Մինչև այժմ մենք այս աշխատության մեջ «անհրաժեշտ աշխատաժամանակ» բառերը գործ ենք ածել այն աշխատաժամանակի վերաբերմամբ, որ հասարակականորեն անհրաժեշտ է որոշ ապրանք արտադրելու համար։ Հիմա մենք նույն բառը գործ կածենք նաև այն աշխատաժամանակի վերաբերմամբ, որն անհրաժեշտ է մի այնպիսի առանձնահատուկ ապրանք արտադրելու համար, ինչպիսին է աշխատուժը։ Միևնույն termini technici [տեխնիկական տերմինները] տարբեր իմաստներով գործածելն անհարմար է, բայց ոչ մի գիտության մեջ չի հաջողվում լիովին խուսափել դրանից։ Համեմատեցեք, օրինակ, մաթեմատիկայի բարձրագույն ու ստորին բաժինները։
- ↑ Պարոն Վիլհելմ Թուկիդիտես Ռոշերը իսկական գոտտշեդյան հանճարեղությամբ հայտնագործում է, որ հավելյալ արժեքը կամ հավելյալ արդյունքը և նրանց հետ կապված կուտակումն իրենց գոյացման համար ներկայումս պարտական են կապիտալիստի «խնայողությանը» կապիտալիստի, որը «դրա համար, օրինակ, տոկոս է պահանջում», ապա, ընդհակառակը, «կուլտուրայի ստորին աստիճանների վրա... ավելի ուժեղներն ավելի թույլերին հարկադրում են խնայողության» («Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 82, 78)։ Աշխատանքի՞, թե՞ արդյունքների գոյություն չունեցող ավելցուկի խնայողության։ Արժեքի ու հավելյալ արժեքի բարեխիղճ վերլուծության հանդեպ և ոստիկանական տեսակետից վտանգավոր հետևանքի հանդեպ ջատագովական վախը իրական տգիտության հետ միասին,— ահա ինչն է Ռոշերին ու Ընկ. հարկադրում՝ հավելյալ արժեքի ծագման հիմք դարձնելու ավելի կամ պակաս բարեմիտ այն պատճառաբանությունները, որոնցով կապիտալիստն արդարացնում է արդեն գոյություն ունեցող հավելյալ արժեքի յուրացումը։
30a 2-րդ հրատ. ծանոթագրություն.— Հավելյալ արժեքի նորման, աշխատուժի շահագործման աստիճանի ճիշտ արտահայտությունը լինելով, այնուամենայնիվ, ամենևին չի կարող շահագործման բացարձակ մեծության արտահայտություն ծառայել։ Օրինակ, եթե անհրաժեշտ աշխատանքը = 5 ժամի և հավելյալ աշխատանքը = 5 ժամի, ապա շահագործման աստիճանը = 100%-ի։ Շահագործման մեծությունն այստեղ չափվում է 5 ժամով։ Իսկ եթե անհրաժեշտ աշխատանքը = 6 ժամի և հավելյալ աշխատանքը = 6 ժամի, ապա 100% շահագործման աստիճանը մնում է անփոփոխ, այնինչ շահագործման մեծությունն աճում է 20%-ով, 5 ժամից դառնում է 6 ժամ։ - ↑ 2-րդ հրատ. ծանոթագրություն.— Այն մանագործարանի օրինակը, որը մեջ էր բերված աոաջին հրատարակության մեջ և վերաբերում էր 1860 թվականին, մի քանի փաստական սխալ էր պարունակում։ Բնագրում բերված միանգամայն ստույգ թվերն ինձ հաղորդել է Մանչեստրի մի գործարանատեր։ — Պետք է նկատել, որ Անգլիայում հին ձիաուժը հաշվվում էր գլանի տրամագծի համեմատ, իսկ նոր ձիաուժը հաշվվում է այն իրական ուժի համեմատ, որ ցույց է տալիս ինդիկատորը։
31a Մեջ բերված հաշվումները միայն լուսաբանման համար են։ Այս դեպքում մենք ելնում ենք այն ենթադրությունից, թե գները = արժեքներին։ III գրքում կտեսնենք, որ այս հավասարությունը մինչև անգամ միջին գների համար այդքան հասարակ կերպով չի սահմանվում։ - ↑ Senior: «Letters on the Factory Act etc.». London 1837, էջ 12, 13։ Մենք կանգ չենք առնում այն մի քանի կուրյոզների վրա, որոնք նշանակություն չունեն, մեր նպատակի համար, օրինակ, այն պնդման վրա, թե կապիտալիստները մաշված մեքենաների և արտադրության այլ միջոցների, այսինքն՝ կապիտալի մի բաղկացուցիչ մասի արժեքի փոխհատուցումը հաշվում են բրուտտո թե նետտո, համախառն թե զուտ շահույթի մեջ։ Կանգ չենք առնում նաև թվական տվյալների ճիշտ կամ սխալ լինելու վրա։ Որ դրանք ավելի չարժեն, քան այսպես կոչված վերլուծությանը», այդ ապացուցել է Լեոնարդ Հորները «A Letter to Mr. Senior etc.». London 1837 [էջ 30—42] աշխատության մեջ։ Գործարանների վիճակն ուսումնասիրող 1833 թվականի հանձնաժողովի անդամներից մեկը և գործարանային տեսուչ Լեոնարդ Հորները, որը իրապես գործարանների ցենզորն էր մինչև 1859 թ., անմահ ծառայություններ է մատուցել անգլիական բանվոր դասակարգին։ Իր ամբողջ կյանքում նա պայքար է մղել ոչ միայն գազազած գործարանատերերի, այլև մինիստրների դեմ, որոնց համար անհամեմատ ավելի կարևոր էր գործարանատերերի «ձայները» հաշվել ստորին պալատում, քան «բանող ձեռքերի» ժամերը գործարանում։
32-րդ ծանոթագրության հանելում.— Սենիորի շարադրանքը խառնաշփոթ է, չխոսելով արդեն բովանդակության կեղծ լինելու մասին։ Նա իսկապես միայն այս է ուզեցել ասել. գործարանատերը բանվորին ստիպում է աշխատել օրական 11½ կամ [math]^{23}/_2[/math] ժամ։ Առանձին աշխատանքային օրվա պես տարեկան ամբողջ աշխատանքը կազմված է 11½, կամ [math]^{23}/_2[/math] ժամից (բազմապատկած աշխատանքային օրերի տարեկան թվով)։ Այս ենթադրելու դեպքում [math]^{23}/_2[/math] աշխատաժամն արտադրում է 115 000 ֆնտ, ստեռլինգի տարեկան արդյունք. ½ աշխատաժամն արտադրում է [math]^1/_{23}[/math] × 115 000 ֆնտ. ստ., [math]^{20}/_2[/math] աշխատաժամն արտադրում է [math]^{20}/_{23}[/math] × 115 000 ֆնտ. ստ. = 100 000 ֆնտ. ստ., այսինքն՝ միայն փոխհատուցում է ավանսավորած կապիտալը։ Մնում է [math]^3/_2[/math] աշխատաժամ, որն արտադրում է [math]^2/_{23}[/math] × 115 000 ֆնտ. ստ. = 15 000 ֆնտ. ստ., այսինքն՝ համախառն շահույթը։ Այդ [math]^3/_2[/math] աշխատաժամից ½ աշխատաժամն արտադրում է [math]^1/_{23}[/math] × 115 000 ֆնտ. ստ. = 5 000 ֆնտ. ստ., այսինքն՝ արտադրում է գործարանի ու մեքենաների մաշվածքի փոխհատուցումը միայն։ Աշխատաժամի վերջին երկու կեսը, այսինքն՝ վերջին աշխատաժամն արտադրում է [math]^2/_{23}[/math] × 115 000 ֆնտ. ստ. = 10 000 ֆնտ. ստ., այսինքն՝ զուտ շահույթը։ Բնագրում Սենիորը արդյունքի [math]^2/_{23}[/math] մասը դարձնում է բուն իսկ աշխատանքային օրվա մասեր։
32a Եթե Սենիորն ապացուցում էր, որ գործարանատերերի զուտ շահույթը, անգլիական բամբակեղենի արդյունաբերության գոյությունը և Անգլիայի դրությունը համաշխարհային շուկայում կախված են «աշխատանքի վերջին ժամից», ապա դոկտոր Էնդրյու Յուրը [Տե՛ս «The Philosophy of Manufactures». London 1835, էջ 406], որպես դրան վերադիր, իր հերթին, ապացուցում էր, որ եթե գործարանային երեխաներին ու 18 տարեկանից փոքր դեռահասներին լրիվ 12 ժամ չփակեն գործարանային շենքի բարոյական տաքուկ ու մաքուր մթնոլորտում, այլ նրանց «մի ժամ» ավելի շուտ շպրտեն անհրապույր ու այլասերված արտաքին աշխարհը, ապա պարապությունն ու ախտերը կխլեն նրանց ամբողջ հոգեկան առողջությունը։ 1848 թվականից սկսած գործարանային տեսուչներն իրենց կիսամյա «Report»-ներում [հաշվետվություններում] շարունակ գործարանատերերին գրգռում են «վերջին», «ճակատագրական ժամով»։ Այսպես, պ. Հաուելը 1855 թ. մայիսի 31-ի իր գործարանային հաշվետվության մեջ ասում է. «Եթե հետևյալ սրամիտ հաշվարկումը ճիշտ լիներ (նա ցիտատ է բերում Սենիորից) ապա կպարզվեր, որ 1850 թվականից բամբակեղենի ամեն մի գործարան վնասով է աշխատել Միացյալ թագավորության մեջ» («Reports of the Inspection of Factories for the half year, ending 30th April 1855», էջ 19, 20)։ 1848 թվականին, երբ տասժամյա աշխատանքային օրվա բիլլը պառլամենտով անցավ, Դորսետ և Դոմերսետ կոմսությունների արանքում ցրված գյուղական վշամանարանների գործարանատերերը հարկադրեցին մի քանի բանվորների, որոնց վրա տարածվում էր աշխատանքային օրվա նորմավորումը, մի հակահանրագիր տալ, որի մեջ ի միջի այլոց ասված է. «Մենք, խնդրատու ծնողներս, կարծում ենք, որ մի լրացուցիչ պարապ ժամը ուրիշ ոչ մի հետևանք չի կարող ունենալ, բացի մեր երեխաների անբարոյացումից, որովհետև պարապությունը բոլոր մոլությունների ծնողն է։ Այս առթիվ 1843 թ. հոկտեմբերի 31-ի գործարանային հաշվետվությունը նկատում է. «Այն վշամանարանների մթնոլորտը, որտեղ այս առաքինի ու քնքշասիրտ ծնողների զավակներն են աշխատում, այնպես է հագեցած փոշով ու հում նյութի մանրաթելերով, որ չափազանց անախորժ է մինչև անգամ միայն 10 րոպե մանարանում մնալը, որովհետև դուք չեք կարող այդ անել՝ առանց այն ամենատանջալից զգացումն ստանալու, որ ձեր աչքերը, ականջները, քթածակերն ու բերանն արագությամբ լցվում են վշի փոշու ամպերով, որոնցից ոչ մի փրկություն չկա։ Մեքենաների տենդագին արագության պատճառով բուն աշխատանքը զգաստ ճարպկության ու շարժման կիրառում է պահանջում անդուլ ուշադրության վերահսկողության տակ, և մի քիչ խստասրտություն է թվում՝ ծնողներին «ծուլություն» արտահայտությունը գործածել տալն իրենց սեփական երեխաների հասցեին, որոնք, կերակուր ընդունելու ժամանակը դուրս եկած, լրիվ 10 ժամ գամված են այդպիսի աշխատանքի, այդպիսի մթնոլորտում... Այդ երեխաներն աշխատում են ավելի երկար, քան գյուղատնտեսական բատրակները հարևան գյուղերում... Այդպիսի անխիղճ մեղադրանքները նրանց «պարապության ու ախտերի» վերաբերմամբ՝ պետք է նշավակել որպես կատարյալ կեղծ բարեպաշտություն ու ամենաանամոթ կեղծավորություն... Հասարակության այն մասը, որ մոտավորապես տասներկու տարի առաջ վրդովվում էր այն ինքնավստահությունից, որով հրապարակորեն ու միանգամայն լուրջ հայտարարում էին՝ բարձր հեղինակության սանկցիայի վրա հենվելով, թե իբր գործարանատիրոջ ամբողջ «զուտ շահույթը» առաջ է գալիս աշխատանքի «վերջին ժամից», ուստի և աշխատանքային օրվա մի ժամով կրճատումը վերացնում է ամբողջ զուտ շահույթը,— հասարակության այդ մասը, ասում ենք, հազիվ թե հավատա իր աչքերին, երբ նա տեսնի, որ «վերջին ժամի» բարերարության վերաբերող օրիգինալ հայտնագործումն այն ժամանակվանից սկսած այնքան է կատարելագործվել, որ հավասար չափով շարունակում է թե՛ «բարոյականություն» ու թե՛ «շահույթ», այնպես որ եթե երեխաների աշխատանքի տևողությունը կրճատվելով՝ վերածվի լրիվ 10 ժամի, ապա ձեռնարկատերերի զուտ շահույթի հետ կգոլորշիանա երեխաների բարոյականությունն էլ, որովհետև թե՛ մեկը, թե՛ մյուսը կախված են այդ վերջին, այդ «ճակատագրական ժամից» («Reports of Insp. of Fact. for 31st Oct. 1848», էջ 101)։ Նույն գործարանային հաշվետվությունն այնուհետև նմուշներ է մեջ բերում այդ պարոն գործարանատերերի «բարոյականությունից» ու «առաքինությունից», այն խորամանկություններից, հնարամտություններից, հրապուրանքներից, սպառնալիքներից, կեղծիքներից ու այլ միջոցներից, որ նրանք գործադրում էին բոլորովին կորած-մոլորած սակավաթիվ բանվորների ստորագրել տալու համար այդպիսի պետիցիաների տակ և հետո պառլամենտի առաջ այդ պետիցիաները ցուցադրելու որպես արդյունաբերության մի ամբողջ ճյուղի, ամբողջ կոմսությունների պետիցիաներ։— Այսպես կոչված տնտեսական «գիտության» արդի վիճակի համար վերին աստիճանի բնորոշ է մնում այն փաստը, որ ո՛չ Սենիորն ինքը, որը հետագայում, ի պատիվ իր, եռանդով հանդես եկավ գործարանային օրենսդրության օգտին, և ո՛չ էլ նրա սկզբնական ու հետագա հակառակորդները չկարողացան գլուխ հանել «օրիգինալ հայտնագործության» սոփեստություններից։ Նրանք ուղղակի դիմում էին փաստերին ու փորձին։ Why-ն ու wherefore-ը [ինչպեսն ու ինչուն] նրանց համար գաղտնիք մնաց։ - ↑ Սակայն պարոն պրոֆեսորը, այնուամենայնիվ, որոշ օգուտ քաղել է Մանչեստր կատարած իր շրջագայությունից։ «Letters on the Factory Act» գրքում ամբողջ զուտ շահույթը — «օգուտն» ու «տոկոսը» և նույնիսկ «something more»-ը [«մի բան էլ ավելի»] կախված է բանվորի չվարձատրված մի աշխատաժամից։ Մի տարի առաջ իր «Outlines of Political Economy» աշխատության մեջ, որ գրված է Օքսֆորդի ուսանողների ու կրթված ֆիլիստերների օգտին, Ռիկարդոյի այն դրույթի դեմ բանակռվելիս, ըստ որի արժեքը որոշվում է աշխատաժամանակով, Սենիորը «հայտնագործեց», որ շահույթը ծագում է կապիտալիստի աշխատանքից, իսկ տոկոսը՝ նրա ճգնակեցությունից, նրա «Abstinenz»-ից [«ժուժկալությունից»]։ Բարբաջանքը հին էր, բայց «Abstinenz» [«ժուժկալություն»] բառը նոր էր։ Պ-րն Ռոշերն այդ բառը ճիշտ է թարգմանել գերմաներեն՝ «Enthaltung» [«ժուժկալություն»] բառով։ Լատիներենին ավելի պակաս տեղյակ նրա հայրենակիցները,— Վիրտերը, Շուլցերն ու այլ Միխելները,— բառին վանականի զգեստ են հագցրել, «ժուժկալությունը» դարձնելով «Entsagung» [հրաժարում]։
- ↑ «20 000 ֆնտ. ստեռլինգ կապիտալ ունեցող մարդու համար, կապիտալ, որից տարեկան 2 000 ֆնտ. ստ. շահույթ է ստանում, բոլորովին միևնույն է, թե արդյոք նրա կապիտալը 100 թե 1 000 բանվոր է զբաղեցնում, արդյոք արտադրված ապրանքը 10 000 թե 20 000 ֆնտ. ստեռլինգով է վաճառվում, եթե միայն նրա ստացած շահույթը ոչ մի դեպքում 2 000 ֆնտ. ստեռլինգից չի իջնում։ Արդյոք տվյալ ազգի իրական շահն էլ նույնը չէ՞։ Եթե միայն նրա իրական զուտ եկամուտը, նրա ռենտան ու շահույթը չի փոփոխվում, ապա ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, թե արդյոք այդ ազգը 10 թե 12 միլիոն բնակիչներից է կազմված» (Ricardo: «The Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 416)։ [Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XXVI, էջ 222։] Հավելյալ արդյունքի ֆանատիկոս Արթուր Յունգը, ընդհանրապես շաղակրատ, քննադատական ոգուց զուրկ մի հեղինակ, որի հռչակը հակառակ հարաբերական է նրա մատուցած ծառայություններին, Ռիկարդոյից շատ առաջ գրում էր ի միջի այլոց. «Ի՞նչ օգուտ կստանար արդի պետությունը մի ամբողջ նահանգից, որի հողը հին հռոմեականի նմանությամբ մշակեին մանր, անկախ գյուղացիներ, թեկուզ ամենալավագույն եղանակով։ Ի՞նչ նպատակի կհասներ այդ, բացի այն միակ նպատակից, որ այդտեղ մարդիկ կարտադրվեին («the mere purpose of breeding men»), մի բան, որ ինքնըստինք֊յան ոչ մի նպատակ չանի («is a most useless purpose») (Arthur Young: «Political Arithmetic etc.». London 1774, էջ 47)։
34-րդ ծանոթագրության հանելում.— «Տարօրինակ է, զուտ եկամուտը... բանվոր դասակարգի համար օգտավետ ցույց տալու բուռն հակումը... այնինչ պարզ է, որ նա կարող է օգտավետ լինել ոչ իր զուտ լինելու պատճառով» (Th. Hopkins: «Օո Rent of Land etc.», London 1828, էջ 126)։ - ↑ «Աշխատանքային օրը անորոշ մեծություն է, այն կարող է երկար լինել կամ կարճ» («An Essay on Trade and Commerce; containing Observations on Taxes etc.». London 1770. էջ 73)։
- ↑ Այս հարցը անսահման ավելի կարևոր է, քան սըր Ռոբերտ Պիլի այն հռչակավոր հարցը, որ նա առաջարկեց Բիրմինհամի առևտրական պալատին՝ «Ի՞նչ բան է ֆունտ ստեռլինգը», մի հարց, որը կարող էր դրվել միայն այն պատճառով, որ փողի էությունը նույնքան վատ էր հասկանում Պիլը, որքան և Բիրմինհամի «little shilling men»-ները [բառախաղ՝ «դևալվացիայի կողմնակիցները» և միևնույն ժամանակ «մարդիկ, որոնց արժեքը մի գրոշ է»]։
- ↑ «Կապիտալիստի խնդիրն այն է, որ ծախսված կապիտալի միջոցով աշխատանքի ըստ կարելույն ավելի մեծ գումար ստանա» (J. G. Courcelle-Seneuil: «Traité Théorique et Pratique des Entreprises Industrielles», 2-րդ հրատ., Paris 1857, էջ 63)։
- ↑ «Օրվա մեջ մի ժամվա աշխատանքի կորուստը վիթխարի վնաս է հասցնում առևտրական պետությանը»։ «Նկատվում է, որ այս թագավորության չքավոր բանվորությունը, մանավանդ մանուֆակտուրային խաժամուժը, չափազանց մեծ չափով է սպառում պերճանքի առարկաներ. ընդ որում նրանք սպառում են նաև իրենց ժամանակը, մի վատնողություն, որ մյուս բոլոր տեսակներից ամենակորստաբերն է»։ («An Essay on Trade and Commerce etc.». London 1770, էջ 47 և 153)։
- ↑ «Եթե բանվորը, աշխատանքից ազատվելով, մի րոպե հանգիստ է վայելում, ապա ագահ էկոնոմիան, որ անհանգստացած հետևում է նրան, սկսում է պնդել, որ բանվորը նրան կողոպտում է։» (N. Linguet: «Théorie des Lois Civiles etc.». London 1767, h. II, էջ 466)։
- ↑ Լոնդոնի շինարարական բանվորների 1860—1861 թվականների մեծ գործադուլի ժամանակ, երբ բանվորները պահանջում էին աշխատանքային օրը կրճատել մինչև 9 ժամ, նրանց կոմիտեն մի հայտարարություն հրապարակեց, որը համարյա համընկնում է մեր բանվորի ճառի հետ։ Այդ հայտարարության մեջ ոչ առանց հեգնանքի մատնանշվում է, թե «building master»-ներից [շինարարական ձեռնարկատերերից] ամենաշահամոլը — մի ոմն սըր Մ. Պիտո «սուրբ մարդու համբավն է վայելում։ (Հենց այս Պիտոն 1867 թվականից հետո նո՜ւյն վախճանն ունեցավ, ինչ և Շտրուսբերգը։)
- ↑ «Նրանք, ովքեր աշխատում են... իրոք կերակրում են թե՛ այն թոշակառուներին,... որոնք հարուստներ են կոչվում,... և թե՛ իրենք իրենց» (Edmund Burke: «Thoughts and Details on Scarcity», London 1800, էջ 2, 3)։
- ↑ Նիբուրը շատ միամիտ կերպով նկատում է իր «Römische Geschichte»-ում [5-րդ հրատ., 1853 թ., էջ 74]։ «Կարիք չկա թաքցնելու, որ այնպիսի արտադրանքներ, ինչպես էտրուսկական արտադրանքները, որոնք զարմանք են պատճառում նույնիսկ իրենց բեկորներով, ենթադրել են տալիս, որ մանր (!) պետությունների մեջ գոյություն են ունեցել տերեր ու ստրուկներ»։ Սիսմոնդին անհամեմատ ավելի խորն է նկատել, որ «բրյուսելյան ժանյակները» ենթադրել են տալիս տերերի և վարձու բանվորների գոյություն։
- ↑ «Առանց նրանց ողբալի վիճակին կարեկցելու չի կարելի տեսնել այդ դժբախտներին (Եգիպտոսի, Եթովպիայի ու Արաբիայի միջև գտնվող ոսկեհանքերում աշխատողներին), որոնք հնարավորություն չունեն թեկուզ իրենց մարմինը մաքուր պահելու կամ իրենց մերկությունը ծածկելու մասին հոգալու։ Որովհետև այստեղ հիվանդների, թույլերի, ծերերի, այլև կանացի թուլության նկատմամբ զիջողություն չկա։ Բոլորը, մտրակի հարվածներից հարկադրված, պետք է աշխատեն, և միայն մահն է վերջ դնում նրանց տանջանքներին ու նրանց կարիքին» («Diodor’s von Sicilien Historische Bibliothek». [Stuttgart 1828], գիրք 3, գլ. 13 [էջ 260])։
- ↑ Հաջորդ գրածը վերաբերում է ռումինական նահանգների դրությանը, ինչպես որ այն ստեղծվել էր Ղրիմի պատերազմից հետո կատարված հեղաշրջումից առաջ։
44a {3-րդ հրատ. ծանոթագրություն.— Այս վերաբերում է նաև Գերմանիային և հատկապես Օստ-էլբյան Պրուսիային։ XV դարում գերմանական գյուղացին, թեև պարտավոր էր համարյա ամենուրեք մթերքով ու աշխատանքով որոշ պարհակներ կրելու, բայց, գոնե փաստորեն, ազատ մարդ էր ընդհանրապես։ Բրանդենբուրգի, Պոմերանիայի, Սիլեզիայի և Արևելյան Պրուսիայի գերմանական կոլոնիստներն իրավաբանորեն էլ ազատ էին համարվում։ Գյուղացիական պատերազմի մեջ ազնվականության տարած հաղթանակը վերջ դրեց դրան։ Ոչ միայն Հարավային Գերմանիայի պարտված գյուղացիները կրկին ճորտ դարձան, այլև XVI դարի կեսերից սկսած արդեն Արևելյան Պրուսիայի, Բրանդենբուրգի, Պոմերանիայի ու Սիլեզիայի, իսկ հետո շուտով նաև Շլեզվիգ-Հոլշտայնի ազատ գյուղացիները ճորտերի վիճակի իջեցվեցին։ (Maurer: «Geschichte der Fronhöfe, der Bauernhöfe und Hofverfassung in Deutschland». Erlangen 1862—1863, հ. IV. — Meitzen: «Der Boden und die landwirtschaftlichen Verhältnisse des preussischen Staates nach dem Gebietsumfange von 1866». Berlin 1873.— Hanssen: «Leibeigenschaft in Schleswig-Holstein»)։— Ֆ. Է.} - ↑ Հետագա մանրամասնությունները կարելի է գտնել E. Regnault-ի «Historie Politique et Sociale des Principautés Danubiennes» աշխատության մեջ, Paris 1855 [էջ 304 և հաջ.]։
- ↑ Ընդհանուր առմամբ միջին հասակաչափի գերազանցումն օրգանական էակի ծաղկումն է ցույց տալիս որոշ չափով... Մարդու մարմնի չափը փոքրանում է, երբ նրա բարօրությանը վնաս են հասցնում ֆիզիկական կամ սոցիալական պայմանները... Եվրոպական բոլոր երկրներում, որտեղ գոյություն ունի զինվորագրությունը, նրա մտցնելու օրից սկսած չափահաս տղամարդկանց մարմնի միջին չափը և ընդհանրապես զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը պակասել է։ Ֆրանսիայում ռևոլյուցիայից (1789 թ.) առաջ հետևակ զինվորի հասակաչափի մինիմումը 165 սանտիմետր էր, 1818 թվականին (մարտի 10-ի օրենք)՝ 157, իսկ 1832 թվականի մարտի 21-ի օրենքով՝ 156 սանտիմետր։ Ֆրանսիայում միջին հաշվով նորակոչիկների կեսից ավելին համարվում է ոչ-պիտանի անբավարար հասակաչափի և մարմնական արատների պատճառով։ Սաքսոնիայում 1780 թվականին զինվորական չափը 178 սանտիմետր էր, հիմա՝ 155 սմ։ Պրուսիայում հիմա 157 սմ է։ Դոկտոր Մայերի այն տվյալներից, որոնք հրատարակված են 1862 թ. մայիսի 9-ին «Bayrische Zeitung»-ում երևում է, որ Պրուսիայում 9-ամյա ժամանակամիջոցում միջին հաշվով 1000 նորակոչիկներից 716 հոգին անպետք էին համարվում զինվորական ծառայության համար. 317 հոգին մարմնի չափի փոքրության և 399-ը՝ մարմնական արատների պատճառով... 1858 թվականին Բեռլինը չկարողացավ տալ նորակոչիկների սահմանված կոնտինգենտը, պակասում էր 156 մարդ» (J. V. Liebig: «Die Chemie in ihrer Anwerdung auf Agrikultur und Physiologie». 7-րդ հրատ., 1862, հ. I, էջ 117, 118)։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений», թարգմ. պրոֆ. Իլյենկովի, 2-րդ հրատ., Մոսկվա 1870, էջ 83։]
- ↑ 1850 թվականի գործարանային օրենքի պատմությունը տրվում է այս գլխի շարունակության մեջ։
- ↑ Անգլիայում խոշոր արդյունաբերության առաջ գալուց մինչև 1845 թվականը ընդգրկող ժամանակաշրջանի վրա ես կանգ եմ առնում միայն տեղ-տեղ և ընթերցողին նրան ծանոթանալու համար մատնանշում եմ. «Die Lage der arbeitenden Klasse in England» von Friedrich Engels, Leipzig 1845 աշխատությունը [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկ., հ. III]։ Թե Էնգելսը որքան խոր է ըմբռնել արտադրության կապիտալիստական եղանակի ոգին, ցույց են տալիս 1845 թվականից հետո լույս տեսած Factory Reports [գործարանային տեսուչների հաշվետվությունները], Reports of Mines [հանքային տեսուչների հաշվետվությունները] և այլն, իսկ թե նա որքան զարմանալի կերպով է ուրվագծել բանվոր դասակարգի գրության մանրամասնությունները, ցույց է տալիս նրա աշխատության ամենամակերեսային համեմատությունը «Children’s Employment Commission» [«Երեխաների աշխատանքի հանձնաժողով»]-ի պաշտոնական հաշվետվությունների հետ, որոնք հրապարակվել են 18—20 տարի հետո (1863—1867)։ Այդ հաշվետվությունները խոսում են արդյունաբերության հատկապես այն ճյուղերի մասին, որտեղ մինչև 1862 թվականը գործարանային օրենսդրությունը դեռ չէր մտցվել, մասամբ դեռ մինչև այժմ էլ չի մտցված։ Այսպիսով, Էնգելսի պատկերած դրության մեջ քիչ թե շատ էական փոփոխություններ չեն մտցվել դրսից։ Իմ օրինակները ես վերցնում եմ ազատ առևտրի՝ գլխավորապես 1848 թվականից հետո եկող ժամանակաշրջանից, այն դրախտային ժամանակաշրջանից, որի մասին գերմանացիներն այնքան առասպելորեն շատ բան են լսել ազատ առևտրի իդեաների որքան պարծենկոտ, այնքան էլ գիտական տեսակետից բոբիկ շրջավաճառներից։ Ասենք, Անգլիան այստեղ առաջին շարքում է լոկ այն պատճառով, որ նա կապիտալիստական արտադրության կլասիկ ներկայացուցիչն է և միայն նա ունի քննարկվող առարկաների վերաբերյալ պաշտոնական անընդհատ վիճակագրություն։
- ↑ «Suggestions etc. by Mr. L. Horner, Inspector of Factories», «Factories Regulation Act. Ordered by the House of Commons to be printed 9 August 1859» հրատարակության մեջ, էջ 4, 5։
- ↑ «Reports of the Insp. of Fact. for the half year, October 1856», էջ 35։
- ↑ «Reports etc. 30th April 1858», էջ 9։
- ↑ Նույն տեղում, էջ 10։
- ↑ Նույն տեղում, էջ 25։
- ↑ «Reports etc. for the half year ending 30th April 1861»։ Տե՛ս հավելված № 2, «Reports etc. 31st October 1862», էջ 7, 52, 53։ Խախտումներն այստեղ հաճախանում են 1863 թ. վերջին կիսամյակում։ Հմմտ. «Reports etc. ending 31st October 1863», էջ 7։
- ↑ «Reports etc. 31st October 1860», էջ 23։ Թե ինչպիսի մոլեռանդությամբ են նրանց գործարանային ձեռքերը դիմադրում գործարանային աշխատանքի ամեն մի ընդհատման, այդ մասին վկայում է, ըստ գործարանատերերի՝ դատարանում տված ցուցմունքների, հետևյալ կուրյոզը։ 1836 թ. հունիսի սկզբին Դյուսբերիի (Յորքշիր) ոստիկանական դատավորին տեղեկացրին, թե Բետլիի մոտերքում 8 խոշոր գործարանների տերեր գործարանային օրենքը խախտում են։ Այդ պարոնների մի մասը մեղադրվում էր նրա համար, որ 12-ից մինչև 15 տարեկան հինգ տղայի նրանք ստիպել էին աշխատել ուրբաթ օրվա առավոտյան ժամի 6-ից մինչև հաջորդ շաբաթ օրվա երեկոյան ժամի 4-ը, առանց ամենափոքր հանգիստ տալու նրանց, բացի հաց ուտելու ժամանակից և կես գիշերվա մի ժամ քնից։ Եվ այղ երեխաներն ստիպված էին եղել անընդհատ 30-ժամյա աշխատանք կատարել «shoddy hole»-ում ինչպես կոչվում է այն խոռոչը, որտեղ բրդեղենի լաթն է քրքրվում և որտեղ օդն այն աստիճան հագեցած է փոշով, մազերով և այլ նյութերով, որ նույնիսկ չափահաս բանվորները հարկադրված են շարունակ բերանները կապել թաշկինակներով՝ իրենց թոքերը պաշտպանելո՜ւ համար։ Պարոնայք մեղադրյալները երդվելու փոխարեն,— որպես քվակերներ, նրանք այնքան բծախնդիր-կրոնասեր մարդիկ էին, որ չէին կարող երդում ուտել,— հավատացնում էին, թե իրենց մե՜ծ գթասրտությամբ իրենք կարող էին թույլ տալ երեխաներին 4 ժամ քնել, բայց այդ կամակորները բոլորովին չեն ուզում անկողին մտնել։ Պարոնայք քվակերները դատապարտվեցին 20 ֆնտ. ստ. տուգանքի։ Դրայդենը նախատեսել է այդ քվակերներին՝
«Fox full fraught in seeming sanctity,
That feared an oath, but like the devil would lie,
That look’d like Lent, and had the holy leer,
And durst not sin! before he said his prayer!»[Կեղծ սրբությամբ լեցուն աղվեսը սարսում է երդումից, բայց ստեր կասի, ինչպես մեծ պասին բարեպաշտ մի դև, և մեղք չի գործի, մինչև չաղոթի]։
- ↑ «Reports etc. 31st October 1856», էջ 34։
- ↑ Նույն տեղում, էջ 35։
- ↑ Նույն տեղում, էջ 48։
- ↑ Նույն տեղում։
- ↑ Նույն տեղում։
- ↑ «Reports etc. 31st October 1856», էջ 48։
- ↑ «Reports of the Insp. etc. 30th April 1860», էջ 56։
- ↑ Արտահայտությունը քաղաքացիության պաշտոնական իրավունք է վայելում ինչպես գործարանում, այնպես էլ գործարանային հաշվետվությունների մեջ։
- ↑ «Գործարանատերերի ագահություն, որոնք շահույթի հետևից ընկած այնպիսի անգթություններ են գործում, որոնց հազիվ թե գերազանցած լինեին իսպանացիների անգթությունները Ամերիկան նվաճելիս ոսկի ձեռք բերելու համար» (John Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 114)։ Այս գրքի թեորիական մասը, քաղաքատնտեսության իր տեսակի մի ուրվագիծ, պարունակում է իր ժամանակի համար ինքնատիպ որոշ բաներ, օրինակ, առևտրական ճգնաժամերի վերաբերյալ հայացք։ Ինչ վերաբերում է պատմական մասին, ապա այն մի անխիղճ բանագողություն է Sir M. Eden-ի «The State of the Poor» աշխատությունից, London 1797։
- ↑ «London Daily Telegraph»-ի 1860 թվ. հունվարի 17-ի №-ը։
- ↑ Հմմտ. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 249—251 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 489—490]։
- ↑ «Children’s Employment Commission. First Report etc. 1863». Հավելված, էջ 16, 19, 18։
- ↑ «Public Health. 3rd Report etc.», էջ 103, 105։
- ↑ «Children’s Employment Commission. 1863», էջ 22, 24 և XI։
- ↑ Նույն տեղում, էջ XLVII։
- ↑ Նույն տեղում, էջ LIV։
- ↑ Այդ չպետք է համարել հավելյալ աշխատաժամանակ բառի մեր իմաստով։ Այդ պարոնները 10½-ժամյա աշխատանքը համարում են նորմալ աշխատանքային օր, որը, հետևաբար, պարունակում է նաև նորմալ հավելյալ աշխատանք։ Դրանից հետո սկսվում է «արտաժամանակը», որը մի փոքր ավելի լավ է վարձատրվում։ Հետագայում մենք դեռ կտեսնենք, որ այսպես կոչված նորմալ օրվա ընթացքում աշխատուժի կիրառումը վարձատրվում է արժեքից ցած, այնպես որ «արտաժամանակը» ոչ այլ ինչ է, եթե ոչ կապիտալիստների մի խորամանկություն, որ նրանք գործ են դնում ավելի շատ «հավելյալ աշխատանք» քամելու համար. ասենք՝ այդ անփոփոխ է մնում նույնիսկ այն դեպքում, եթե «նորմալ օրվա» ընթացքում կիրառված աշխատուժը իսկապես լրիվ վարձատրվում է։
- ↑ «Children’s Employment Commission. 1863», Ցուցմունքները, էջ 123, 124, 125, 140 և LIV։
- ↑ Պաղլեղը, մանր ծեծած կամ աղի հետ խառնած, առևտրի մի նորմալ առարկա է, որը «baker’s stuff» [հացթուխների փոշենյութ] բնորոշ անունն է կրում։
- ↑ Մուրը, ինչպես հայտնի է, ածխածնի շատ զորավոր ձևն է և կազմում է պարարտանյութ, որ ծխնելույզ մաքրող կապիտալիստական ձեռնարկատերերը վաճառում են անգլիական ֆերմերներին։ Բրիտանական «juryman»-ը [երդվյալ դատավորը] 1862 թվականին մի դատական պրոցեսի ժամանակ պետք է վճռեր, թե արդյոք այն մուրը, որին, առանց գնորդի գիտության, 90% փոշի ու ավազ էր խառնած, «առևտրական» իմաստով «իսկական» մուր կլինի, թե «օրինական» իմաստով՝ «կեղծած» մուր։ «Amis du Commerce» [«առևտրի բարեկամները»] վճռեցին, որ այդ «իսկական» առևտրական մուր է, և առանց բավարարման թողին ֆերմերի հայցը, որը, բացի դրանից, ստիպված եղավ դատական ծախքերն էլ հատուցելու։
- ↑ Ֆրանսիացի քիմիկոս Շեվալյեն ապրանքների «սոփեստացումների» [կեղծումների] վերաբերյալ մի հոդվածում հաշվում է, որ իր քննած 600-ից ավելի ապրանքներից շատերի համար կեղծման 10, 20, 30 տարբեր եղանակներ կան։ Նա ավելացնում է, թե իրեն հայտնի են ոչ բոլոր եղանակները, և որ ինքը հիշատակում է իրեն ծանոթ ոչ բոլոր եղանակները։ Շաքարի համար նա մատնանշում է կեղծման 6 եղանակ, ձիթապտղի յուղի համար՝ 9, կովի յուղի համար՝ 10, աղի համար՝ 12, կաթի համար՝ 19, հացի համար՝ 20, օղու համար՝ 23, ալյուրի համար՝ 24, շոկոլադի համար՝ 28, գինու համար՝ 30, սուրճի համար՝ 32 և այլն։ Նույնիսկ ողորմած տեր-աստծուն չի հաջողվել խուսափել այդ ճակատագրից» Տե՛ս Rouard de Card: «De la Falsification des Substances Sacramentelles». Paris 1856։
- ↑ «Report, etc. relative to the Grievances complained of by the Journeymen Bakers etc.», London 1862, և «Second Report etc.», London 1863։
- ↑ Նույն տեղում, «First Report etc.», էջ VI։
- ↑ Նույն տեղում, էջ LXXI։
- ↑ George Read: «The History of Baking». London 1848, էջ 16։
- ↑ Report (First) etc. Evidence. «Full priced baker». Չիզմենի ցուցմունքը, էջ 108։
- ↑ George Read: «The History of Baking». London 1848. XVII դարի վերջում և XVIII դարի սկզբում Factors [միջնորդները], որոնք խցկվում էին ամեն տեսակ զբաղմունքների մեջ, պաշտոնապես որակվում կին որպես «public nuisances» [«հասարակական աղետ»]։ Այսպես, օրինակ, Grand jury-ն [երդվյալների դատարանը] Սոմերսետ կոմսության հաշտարար դատավորների չորրորդ սեսիայի ժամանակ մի առաջարկ մտցրեց ստորին պալատը, որտեղ, ի միջի այլոց ասված էր. «Բլեկուել Հոլլի այդ գործակալները հասարակական աղետ են և վնասակար են հագուստեղենի առևտրի համար, ուստի, որպես աղետ, պետք է արմատախիլ արվեն» («The Case of our English Wool etc.» London 1685, էջ 6, 7)։
- ↑ First Report etc. relative to the Grievances complained of by the Journeymen Bakers etc.», London 1862, էջ VIII։
- ↑ «Report of Committee the Baking Trade in Ireland for 1861»։
- ↑ Նույն տեղում։
- ↑ Գյուղատնտեսական բանվորների հրապարակային միտինգը Լեսուեյդում, Գլազգոյի մոտ, 1866 թ. հունվարի 5-ին (տե՛ս 1866 թ. հունվարի 13-ի «Workman’s Advocate»)։ 1865 թվականի վերջերին գյուղատնտեսական բանվորների տրեդ-յունիոնի կազմակերպումը, ամենից առաջ Շոտլանդիայում, մի պատմական իրադարձություն է։ Անգլիայի հողագործական ամենաճնշված շրջաններից մեկում, Բեկինգհեմշիրում, վարձու բանվորները 1867 թ. մարտին մի մեծ գործադուլ սարքեցին շաբաթական աշխատավարձը 9—10 շիլլինգից 12 շիլլինգի բարձրացնելու նպատակով։ (Նախընթացից երևում է, որ անգլիական գյուղատնտեսական պրոլետարիատի շարժումը, որը 1830 թվականից հետո նրա հզոր ցույցերը ճնշելուց ու հատկապես աղքատների վերաբերյալ նոր օրենքը մտցնելուց հետո բոլորովին ընկճված էր, դարձյալ սկսվում Է 60-ական թվականներին, մինչև որ, վերջապես, 1872 թվականից նոր դարաշրջան է բաց անում։ II գրքում ես վերադառնում եմ այդ հարցին, ինչպես և անգլիական գյուղատնտեսական բանվորի դրությանը վերաբերող Կապույտ գրքերին, որոնք լույս են տեսել 1867 թվականից հետո։ 3-րդ հրատ. հավելում։)
- ↑ «Reynolds’ Newspaper», 20 հունվարի 1866 թ.։ Նույն շաբաթաթերթն այնուհետև յուրաքանչյուր համարում հաղորդում է երկաթուղային նորանոր աղետների մի ամբողջ շարք «sensational heading»-ների [«սենսացիոն վերնագրերի»] տակ.— «Fearful and fatal accidents», «Appalling tragedies» [«Զարհուրելի ու ճակատագրական դիպված», «Ցնցող ողբերգություն.»] և այլն։ Սրան պատասխանում է Հյուսիսային-Ստաֆֆորդշիրի երկաթուղագծի մի բանվոր. «Ամենքին էլ հայտնի են այն հետևանքները, երբ մեքենավարի ու հնոցապանի ուշադրությունը թուլանում է թեկուզ մի ակնթարթ։ Եվ ուրիշ կերպ կարո՞ղ է լինել աշխատաժամանակն անսահման երկարացնելիս, չնայած ամենադաժան եղանակին, բոլորովին առանց դադարների և հանգստի։ Վերցնենք հետևյալ օրինակը, որ կրկնվում է ամեն օր.— հնոցապանը անցյալ երկուշաբթի օրը աշխատանքն սկսեց առավոտյան վաղ։ Նա գործը վերկացրեց 14 ժամ 50 րոպեից հետո։ Նա դեռ նոր էր թեյ խմել, երբ նորից կանչեցին աշխատանքի... Այդպիսով, նա աշխատեց 29 ժամ 15 րոպե անընդհատ։ Շաբաթվա նրա հետևյալ օրերն այսպես էին զբաղված — չորեքշաբթի՝ 15 ժամ, հինգշաբթիի՝ 15 ժամ 35 րոպե, ուրբաթ՝ 14½ ժամ, շաբաթ՝ 14 ժամ 10 րոպե, ընդամենը շաբաթվա մեջ՝ 88 ժամ 30 րոպե։ Դրանից հետո դժվար չէ պատկերացնել նրա զարմանքը, երբ նրան վճարեցին միայն 6 աշխատանքային օրվա վարձը։ Նա նորեկ էր և խնդրեց բացատրել իրեն, թե աշխատանքային օր ասելով ինչ է հասկացվում։ Պատասխան՝ 13 ժամ, այսինքն՝ շաբաթական 78 ժամ։ Այդ դեպքում հապա ավելցուկ 10 ժամ 30 րոպեի վարձատրությո՞ւնը։ Երկար վիճելուց հետո նրան հաջողվեց որպես հատուցում ստանալ 10 պենս»։ (Նույն տեղում։ 1866 թ. փետրվարի 4-ի №-ը։)
- ↑ Հմմտ. F. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 253, 254 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ., հ. III, էջ 492—494]։
- ↑ Դոկտոր Լիզբին, Board of Health-ի [սանիտարական վարչության] բժիշկը այն ժամանակ հայտարարեց. «Չափահասի ննջարանը պետք է պարունակի առնվազն 300 խորանարդ ոտնաչափ օդ, իսկ բնակելի սենյակը՝ առնվազն 500 խորանարդ ոտնաչափն։ Ահա ինչ է ասում դոկտոր Ռիչարդսոնը, Լոնդոնի մի հիվանդանոցի գլխավոր բժիշկը. «Զանազան տեսակի կարուհիները՝ մոդիստկաները, դերձակուհիներն ու սպիտակեղեն կարողները դատապարտված են եռակի դժբախտության՝ չափից դուրս աշխատանք, օդի պակասություն և սննդի պակասություն, մարսողության խանգարում։ Ընդհանուր առմամբ այս տեսակ աշխատանքը համենայն դեպս ավելի հարմար է կանանց, քան տղամարդկանց։ Բայց այս զբաղմունքի դժբախտությունն այն է, որ նա, մանավանդ մայրաքաղաքում, մոնոպոլիայի է ենթարկվել ընդամենը 26 կապիտալիստների կողմից, որոնք օգտագործելով կապիտալի ստեղծած ճնշման միջոցները (that spring from capital), խնայողություն են քամում աշխատանքից» (force economy out of labour; այդ ասելով՝ նա հասկանում է, թե ծախքերը անտեսում են՝ շռայլելով աշխատուժը)։ «Նրանց իշխանությունն զգում է աշխատող կանանց այդ ամբողջ դասակարգը։ Եթե մի դերձակուհի կարողացել է պատվիրատուների թեկուզ մի փոքրիկ շրջան ձեռք բերել, ապա կոնկուրենցիան նրան հարկադրում է տանը մահու չափ չարչարվել իր հաճախորդներին չկորցնելու համար և նա ստիպված է նույնպիսի չափից դուրս աշխատանքով անհրաժեշտորեն տանջել իր օգնականուհիներին։ Եթե նրա գործը ձախողվում է կամ նա չի կարողանում ինքնուրույն ձեռնարկություն պահել, դիմում է որևէ ձեռնարկության, որտեղ ավելի քիչ չպետք է աշխատել, բայց վարձատրությունն ավելի է ապահավված։ Այսպիսով, նա դառնում է մի իսկական ստրկուհի, որին դեսուդեն է նետում հասարակական կյանքի ամեն մի ալիք. նա մերթ տանը մի փոքրիկ սենյակում սովամահ է լինում կամ մոտ է սովամահության, մերթ նորից 24 ժամվա մեջ 15, 16 ու նույնիսկ 18 ժամ աշխատում է այնպիսի օդում, որը հազիվ կարելի է շնչել, և այնպիսի սնունդ է ստանում, որը, նույնիսկ եթե լավ էլ լինի, չի կարող օրգանիզմի կողմից մարսվել մաքուր օդի բացակայության պատճառով։ Ահա ինչպիսի զոհերով է սնվում թոքախտը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ վատ օդի հետևանքով առաջացող հիվանդությունն (Dr. Richardson: «Work and Overwork», 1863 թվականի հուլիսի 18-ի «Social Science Review»-ում)։
- ↑ «Morning Star», 1863 թ. հունիսի 23-ին։ «Times»-ն առիթն օգտագործեց ամերիկյան ստրկատերերին պաշտպանելու ընդդեմ Բրայտի և ուրիշների։ «Մեզանից շատերը կարծում են,— ասում է «Times»-ը թե քանի դեռ մենք խարազանի հարվածների փոխարեն քաղցի հարվածների սպառնալիքով մեր սեփական երիտասարդ կանանց մահու չափ տանջում ենք, հազիվ թե իրավունք ունենք շանթ ու որոտ տեղալու այն ընտանիքների դեմ, որոնց անդամները ստրկատեր են ծնվել և որոնք իրենց ստրուկներին գոնե լավ են կերակրում և նրանցից միայն «չափավոր աշխատանք» են պահանջում» («Times», 1863, հուլիսի 2)։ Տորիների «Standard» թերթը խիստ հարվածում էր արժանապատիվ Նյումեն Հոլլին. «Նա եկեղեցուց արտաքսում է ստրկատերերին, բայց աղոթում է այն առաքինի մարդկանց հետ՝, որոնք Լոնդոնի հանրակառքերի կառապաններին ու կոնդուկտորներին ու ուրիշներին օրական 16 ժամ են աշխատեցնում շան վարձատրություն տալով»։ Վերջապես հնչեց պատգամախոսի, պ. Թոմաս Կառլեյլի ձայնը, որի մասին ես դեռ 1850 թվականին գրել եմ. «Հանճարի պաշտամունքի մեջ... հանճարը գնացել է գրողի ծոցը, իսկ պաշտամունքը մնացել է». [Հմմտ. Կ. Մարքս. «Թ. Կառլեյլ. Ժամանակակից պամֆլետներ»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 282։] Կառլեյլը մի կարճ առակի մեջ ժամանակակից պատմության միակ մեծ իրադարձությունը՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմը, վեր է ածում այն բանին, որ հյուսիսցի Պետրոսը իր ամբողջ ուժով ուզում է հարավցի Պողոսի գանգը փշրել, որովհետև հյուսիսցի Պետրոսը իր բանվորին «օրով» է վարձում, իսկ հարավցի Պողոսը՝ «ցմահ է վարձում («Macmillan’s Magazine». Ilias Americana in nuce. 1863 թվականի օգոստոս)։ Այսպես պայթեց, վերջապես, տորիների այն համակրանքների պղպջակը, որ նրանք տածում էին դեպի քաղաքային — բայց ո՛չ երբեք գյուղական — վարձու բանվորներ։ Այդ համակրանքների միջուկը կոչվում է ստրկությո՜ւն։
- ↑ Dr. Richardson: «Work and Overwork», «Social Science Review»-ում, հուլիսի 1863 թ.։
- ↑ «Children’s Employment Commission. Third Report». London 1864, էջ IV, V, VI։
- ↑ «Ստաֆֆորդշիրում և հարավային Ուելսում երիտասարդ աղջիկներն ու կանայք քարածխահանքերում և կոքսարաններում աշխատում են ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Պառլամենտին ներկայացվող հաշվետվություններում հաճախ այս երևույթը նշվում էր որպես լուրջ ու հանրածանոթ չարիքի պատճառ։ Կանայք, որոնք աշխատում են տղամարդկանց հետ և նրանցից հազիվ են տարբերվում իրենց հագուստով, ծածկված կեղտ ու մրով, իրենց բարոյական կերպարանքը կորցնելու վտանգին են ենթարկվում՝ սեփական արժանապատվությունը կորցնելու հետևանքով, մի բան, որ անխուսափելիորեն պայմանավորված է կնոջը ոչ հատուկ զբաղմունքով» (նույն տեղում, 194, էջ XXVI։ Հմմտ. Fourth Report (1865) 61, էջ XIII)։ Նույնն է նաև ապակու գործարաններում։
- ↑ «Բնական է թվում,— նկատում է մի պողպատագործարանատերը, որի մոտ երեխաների գիշերային աշխատանք է կիրառվում,— որ գիշերն աշխատող դեռահասները ցերեկը հնարավորություն չեն ունենում քնելու և անհրաժեշտ հանգիստ ստանալու, այլ ստիպված են ամբողջ հաջորդ օրն առանց հանգստի թափառելու» («Children’s Employment Commission. Fourth Report», 63, էջ XIII)։ Ահա ի միջի այլոց ինչ է ասում մի բժիշկ այն կարևորության մասին, որ արևի լույսն ունի մարմնի պահպանման ու զարգացման համար. «Լույսն անմիջական ազդեցություն է ունենում մարմնի հյուսվածքների վրա, որոնց նա ամրություն ու ճկունություն է տալիս։ Այն կենդանիների մկանները, որոնք զրկված են լույսի նորմալ քանակից, թույլ են դառնում և կորցնում են իրենց առաձգականությունը, ներվային ուժը կորցնում է իր տոնուսը գրգռիչ մղումների բացակայության հետևանքով, և կասեցվում է աճման պրոցեսում գտնվող ամեն ինչի զարգացումը... Ինչ վերաբերում է երեխաներին, ապա օրվա մի մասում ցերեկվա առատ լույսի հոսանքը և արեգակի ճառագայթների անմիջական ազդեցությունը առանձնապես կարևոր է նրանց առողջության համար։ Լույսը նպաստում է, որ կերակուրները փոխարկվեն լավորակ ու պլաստիկ արյան, և ամրացնում է նոր գոյացող մարմնաթելիկները։ Լույսը նմանապես ներգործում է տեսողության օրգանների վրա, որպես հարուցիչ և այդպիսով ուղեղի տարբեր ֆունկցիաների ավելի ինտենսիվ գործունեություն է առաջ բերում»։ Պարոն Վ. Ստրենջը, Ուստերի «General Hospital»-ի գլխավոր բժիշկը, որի «Առողջության մասին» աշխատությունից (1864) ենք վերցնում այս հատվածը, քննիչ հանձնաժողովի անդամ Ուայտին ուղղած նամակում գրում է. «Ես առաջ Լանկաշիրում հնարավորություն եմ ունեցել դիտելու այն ներգործությունը, որ գիշերային աշխատանքն անում է գործարանային երեխաների վրա, և, հակառակ մի քանի գործատուների սովորական հավաստիացումներին, վճռականորեն պնդում եմ, որ այդ աշխատանքը երեխաների առողջությանը շուտ է վնասում» («Children’s Employment Commission. 4th Report» 284, էջ 55)։ Այն հանգամանքը միայն, որ այդպիսի բաներն ընդհանրապես կարող են լուրջ քննարկման առարկա լինել, ամենից լավ է ապացուցում, թե կապիտալիստական արտադրությունն ինչպես է ներգործում կապիտալիստների ու նրանց արբանյակների «ուղեղի ֆունկցիաների» վրա։
- ↑ Նույն տեղում, 57, էջ XII։
- ↑ նույն տեղում (4th Report, 1865., 58, էջ XII։
- ↑ Նույն տեղում։
- ↑ Նույն տեղում էջ XIII։ Այս «աշխատուժերի» զարգացման մակարդակը անխուսափելիորեն այնպես պետք է լինի, ինչպես պատկերանում է քննիչ հանձնաժողովի անդամներից մեկի հետ ունեցած հետևյալ դիալոգի մեջ. Երեմիա Հեյնս, 12 տարեկան. «...չորս անգամ չորսն անում է ութ, բայց 4 քառյակը (4 fours) անում է 16... Նրա համար թագավորը նա է, ով ամբողջ փողի ու ոսկու տերն է (A king is him that has all the money and gold)։ Մենք թագավոր ունենք. ասում են, որ նա թագուհի է, նրան անվանում են իշխանուհի Ալեքսանդրա։ Ասում են՝ նա ամուսնացել է թագուհու տղայի հետ։ Իշխանուհին տղամարդ է»։ Վ. Տերներ, տասներկու տարեկան. «Ես Անգլիայում չեմ ապրում։ Կարծում եմ, որ այդպիսի երկիր կա, բայց մինչև այժմ ես ոչինչ չգիտեի նրա մասին»։ Ջոնն Մոռիս, տասնչորս տարեկան. «Լսել եմ, որ աստված է ստեղծել աշխարհը և որ ամբողջ ժողովուրդը խեղդվել է ջրի մեջ, բացի մեկ հոգուց լսել եմ, որ այդ մեկ մարդը մի փոքրիկ թռչուն էր»։ Վիլիամ Սմիթ, տասնհինգ տարեկան. «Աստված ստեղծեց տղամարդուն, տղամարդն է ստեղծեց կնոջը»։ Էդուարդ Տեյլոր, տասնհինգ տարեկան. «Լոնդոնի մասին ոչ մի բան չեմ իմանում»։ Հենրի Մետյումեն, տասնյոթ տարեկան. «Մի քանի անգամ եղել եմ եկեղեցում... մի անուն, որի մասին նրանք քարոզում են, ինչ-որ Հիսուս Քրիստոսն է, բայց ես ուրիշ անուններ տալ չեմ կարող, և նրա մասին էլ չեմ կարող ոչինչ ասել։ Նա չի սպանվել, այլ մեռել է մյուս բոլոր մարդկանց պես։ Նա մի տեսակ տարբերվում էր մյուս մարդկանցից, որովհետև մի տեսակ կրոնասեր էր, իսկ ուրիշները կրոնասեր չեն»։ (He was not the same as other people in some ways, because he was religious in some ways, and others isn't) (նույն տեղում, 74, էջ XV)։ «Սատանան բարի էակ է։ Ես չեմ իմանում, թե նա որտեղ է ապրում»։ «Քրիստոսը չար մարդ էր» («The devil is a good person. I don’t know where he lives». «Christ was a wicked man»)»։ «Այս աղջիկը (10 տարեկան) God [աստված] բառի փոխարեն ասում է Dog [շուն] և թագուհու անունը չգիտեր» («Children’s Employment Commission. 5tհ Report», 1866, էջ 55, № 278)։ Նույն սիստեմը, որ կա մետաղեղենի հիշյալ մանուֆակտուրաներում, իշխում է ապակու և թղթի գործարաններում։ Թղթի այն գործարաններում, որտեղ թուղթը մեքենաներով է արտադրվում, գիշերային աշխատանքը, որպես ընդհանուր կանոն, գոյություն ունի բոլոր պրոցեսների համար, բացի ձորձերի տեսակավորումից։ Մի քանի դեպքերում հերթափոխությունների շնորհիվ գիշերային աշխատանքն անընդհատ շարունակվում է ամբողջ շաբաթ, սովորաբար կիրակի գիշերվանից մինչև հաջորդ շաբաթ օրը գիշերվա ժամի 12-ը։ Ցերեկվա հերթափոխում գտնվող բանվորական անձնակազմը շաբաթական 5 ցերեկ աշխատում է 12 ժամ և մի ցերեկ 18 ժամ, իսկ գիշերային հերթափոխի մեջ գտնվողը 5 գիշեր աշխատում է 12 ժամ և մի գիշեր՝ 6 ժամ։ Ուրիշ դեպքերում յուրաքանչյուր հերթափոխ հերթափոխությունների կարգը փոխվելու օրերին աշխատում է 24 ժամ և իրար հետևից փոխառփոխ։ Մի հերթափոխն աշխատում է 6 ժամ երկուշաբթի և 18 ժամ շաբաթ օրը, որպեսզի լրիվ 24 ժամ դուրս գա։ Որոշ դեպքերում մտցված է միջակա սիստեմ, որի ժամանակ այն բոլոր բանվորները, որոնք թուղթ շինող մեքենաների վրա են զբաղված, շաբաթվա մեջ ամեն օր աշխատում են 15—16 ժամ։ «Այս սիստեմը,— ասում է քննիչ հանձնաժողովի անդամ Լորդը,— կարծես իր մեջ միացնում է 12-ժամյա և 24-ժամյա հերթափոխությունների ամբողջ չարիքը։ Գիշերային աշխատանքի այդ սիստեմի պայմաններում աշխաքտում են 13 տարեկանից փոքր երեխաներ, 18 տարեկանից փոքր դեռահասներ և կանայք։ Երբեմն, տասներկուժամյա սիստեմի ժամանակ, բացակայող բանվորներին փոխարինելու համար նրանք հարկադրված են լինում կրկնակի հերթափոխ, 24 ժամ աշխատելու։ Վկաների ցուցմունքները պարզում են, որ տղաներն ու աղջիկները շատ հաճախ թողնվում են արտաժամյա աշխատանքներ կատարելու, որոնք շատ անգամ ձգձգվում դառնում են 24 ու նույնիսկ 36 ժամվա անընդհատ աշխատանք։ Ողորկման «շարունակական ու փոփոխական պրոցեսում» կարելի է հանդիպել 12 տարեկան աղջիկների, որոնք ամբողջ ամիսն օրական աշխատում են 14 ժամ «առանց որևէ կանոնավոր հանգստի կամ աշխատանքի ընդմիջման, բացի կերակուր ընդունելու համար երկու, ամենաշատը երեք անգամ կես-կես ժամ դադարից»։ Մի քանի գործարաններում, որտեղ բոլորովին վերացված է գիշերային կանոնավոր աշխատանքը, արտաժամանակի տևողությունը սարսափելի չափերի է հասնում և «դա շատ անգամ ամենակեղտոտ, շիկացած ջերմաստիճանում կատարվող և ամենամիապաղաղ պրոցեսներում»» («Children’s Employment Commission. 4th Report, 1865», էջ XXXVIII և XXXIX)։
- ↑ «Fourth Report etc. 1865», 79, էջ XVI։
- ↑ Նույն տեղում, 80, էջ XVI։
- ↑ Նույն տեղում, 82, էջ XVII։
- ↑ «Խորհրդածությամբ հարուստ ու իմաստակասեր մեր ժամանակներում այն մարդը, որ չի կարողանում ամեն ինչի համար, նույնիսկ ամենավատ ու ամենահեղհեղուկ մտքերի ու արարքների համար լավ հիմունք ցույց տալ, պետք է շատ սահմանափակ մտքի տեր լինի։ Այն ամենը, ինչ որ աշխարհումս փչացած է, փչացել է լավ հիմունքներով» (Hegel: «Encyklopädie». Մասն I, «Die Logik». Berlin 1840, էջ 249)։ [Гегель: «Энциклопедия философских наук». Մասն առաջին. «Логика». Հատված երկրորդ, § 121, Госиздат, 1929 թ., էջ 212։]
- ↑ «Children’s Employment Commission. 4tհ Report etc.», 1865, 85, էջ XVII։ Ապակեգործարանի պարոն սեփականատերերից մեկի նույնպիսի նրբավարի դատողություններին, թե իբր երեխաների համար «ճաշելու կանոնավոր ժամանակ սահմանելը» անկարելի է, որովհետև այդ առաջ կբերեր վառարանների արձակած տաքության մի որոշ քանակի «զուտ կորուստ» և «վատնում»,— այսպես է պատասխանում քննիչ հանձնաժողովի անդամ Ուայտը, որն ամենևին նման չէ Յուրին, Սենիորին և ուրիշներին ու նրանց գերմանացի այն խղճուկ ձայնակիցներին, ինչպես Ռոշերը և ուրիշները, որոնք զգացված են կապիտալիստների «ժուժկալությունից», «անձնուրացությունից» ու «խնայողությունից» իրենց փողը ծախսելիս և նրանց թեմուր-թամերլանյան «շռայլումից», երբ հարցը վերաբերում է մարդկային կյանքին.— «Եթե ճաշելու կանոնավոր ժամանակն ապահովելու հետևանքով ջերմության որոշ ավելորդ քանակ վատնվի էլ այժմյան համեմատությամբ, ապա, նույնիսկ փողային արժեքով արտահայտած, այդպիսի վատնումը չի կարելի համեմատել կենսական ուժի այն վատնումի հետ («the waste of animal power»), որից պետությանը հիմա տուժում է այն պատճառով, որ ապակու գործարաններում աշխատող ու աճման հասակում գտնվող երեխաները ազատ ժամանակ չունեն իրենց կերակուրը հանգիստ ուտելու և մարսելու համար» (նույն տեղում, էջ XLV)։ Եվ այս տեղի է ունենում 1865 «ծաղկմա՜ն թվականին»։ Մենք արդեն չենք խոսում այն մասին, թե ուժի ինչպիսի ծախսում է պահանջվում ծանրություններ բարձրացնելու և կրելու համար. այն գործարաններում, որոնք շշեր ու ֆլինտգլաս կոչվող ապակի են պատրաստում, երեխան իր աշխատանքը անընդհատ կատարելով, 6 ժամում պետք է 15-ից մինչև 20 (անգլիական) մղո՜ն ճանապարհ անցնի։ Իսկ աշխատանքը շատ անգամ տևում է 14-ից մինչև 15 ժամ։ Ապակու գործարաններից շատերում վեցժամյա հերթափոխությունների նույնպիսի սիստեմ է իշխում, ինչպես Մոսկվայի մանարաններում։ «Շաբաթական աշխատաժամանակի ընթացքում ամենաերկարատև անընդհատ հանգիստը տևում է վեց ժամ։ Բայց դրանից պետք է հանել գործարան գնալ-գալու, լվացվելու, հագնվելու, կերակուր ընդունելու անհրաժեշտ ժամանակը, իսկ այդ բոլորը ժամանակ է պահանջում։ Այսպիսով, իրոք միայն մի ամենակարճ ժամանակ է մնում հանգստի համար։ Եթե քնելու ժամանակից ժամ չխլվի, ապա ոչ մի րոպե չի մնում խաղալու և թարմ օդ ծծելու համար, մի բան, որ այնպես անհրաժեշտ է այդքան տաքացած մթնոլորտում ու այնպիսի լարված աշխատանքով զբաղված երեխաներին... Բայց երեխայի կարճ քունն էլ գիշերը խանգարվում է այն հոգսի պատճառով, որ քնած չմնա, ժամանակին արթնանա, իսկ ցերեկը նրան զարթեցնում է դրսի աղմուկը»։ Պ-ն Ուայտը մեջ է բերում դեպքեր, երբ մի դեռահաս աշխատել է 36 ժամ անընդհատ, երբ 12 տարեկան աղաները աշխատում են մինչև գիշերվա ժամի 2-ը, իսկ հետո քնում են գործարանում մինչև առավոտյան ժամի 5-ը (3 ժա՜մ), որպեսզի նորից սկսեն ցերեկային աշխատանքը։ «Աշխատանքի այն քանակը,— ասում են ընդհանուր հաշվետվության խմբագիրներ Տրեմենհիրն ու Տեֆնելը,— որ կատարում են տղաները, աղջիկներն ու կանայք ցերեկվա կամ գիշերվա իրենց հերթափոխության (spell of labour) ժամանակ, ուղղակի առասպելական է» (նույն տեղում, էջ XLIII ու XLIV)։ Մինչդեռ «անձնուրացությամբ առլեցուն» ապակեարդյունաբերական կապիտալը, պորտվեյնից օրորվելով, գուցե, ուշ գիշերով ակումբից տուն է վերադառնում և ապուշի պես քթի տակ երգում՝ «Britons never, never, shall be slaves!»։ [Ո՛չ, բրիտանացիները երբեք ստրուկ չե՛ն լինի։]
- ↑ Անգլիայի զանազան վայրերում, օրինակ, դեռ մինչև օրս էլ որևէ բանվորի, մեկ էլ տեսար՝ իր տան առջևի պարտեզում աշխատելու հետևանքով՝ շաբաթ օրվա սրբությունը պղծելու համար բանտարկության դատապարտեցին։ Միևնույն բանվորը պայմանադրությունը խախտելու համար պատժվում է, եթե, նույնիսկ կրոնական շարժառիթներից դրդված, կիրակի օրը չի գնում մետաղագործարան, թղթի կամ ապակու գործարան։ Օրթոդոքս պառլամենտը խուլ է շաբաթը պղծելու փաստերի նկատմամբ, երբ այդ կատարվում է կապիտալի «արժեքի աճման պրոցեսում»։ Մի հուշագրում (1883 թվականի օգոստոս), որի մեջ Լոնդոնի ձկնավաճառանոցների ու թոչնավաճառանոցների օրավարձու բանվորները պահանջում են վերացնել կիրակնօրյա աշխատանքը, ասված է, թե շաբաթվա առաջին 6 օրում նրանց աշխատանքը միջին հաշվով տևում է օրական 15 ժամ, իսկ կիրակի օրը՝ 8-ից մինչև 10 ժամ։ Նույն հուշագրից երևում է, որ այդ «կիրակնօրյա աշխատանքը» խրախուսվում է հատկապես Էկզետեր Հոլլի արիստոկրատ կեղծ բարեպաշտների նրբաճաշակ խորտկասիրությամբ։ Այդ «սուրբ արարածները», որոնք այնքան նախանձախնդիր են «in cute curanda» [իրենց ֆիզիկական բարեկեցության մասին հոգալու գործում], իրենց քրիստոնեական հոգին երևան են բերում այն հեզությամբ, որով նրանք տանում են երրորդ անձերի չափից դուրս աշխատանքը, զրկանքներն ու քաղցը։ Obsequium ventris istis (բանվորների համար) perniciosius est [որկրամոլություւնը նրանց (բանվորների) համար շատ ավելի կործանարար է]։
- ↑ «Նախընթաց հաշվետվությունների մեջ մենք տվինք զանազան փորձառու գործարանատերերի կարծիքներն այն մասին, որ չափից ավելի աշխատանքն... անկասկած հասցնում է մարդկային աշխատուժի վաղաժամ սպառման» («Children’s Employment Commission. 4th Report, 1865», 64, էջ XIII)։
- ↑ J. E. Cairnes: «The Slave Power». London 1862 էջ 110, 111։
- ↑ John Ward: «The Borough of Stoke-upon-Trent etc.». London 1843, էջ 42։
- ↑ Ֆեռենդի ճառը համայնքների պալատում 1863 թ. ապրիլի 27-ին։
- ↑ «Այն կկլանվի ու կսպառվի գործարանատերերի կողմից։ Տառացիորեն այսպես էր ասում բամբակեղենի գործարանատերերի հայտարարությունը» (նույն տեղում)։
- ↑ Նույն տեղում։ Չնայած գործարանատերերի նկատմամբ տածած իր ամբողջ համակրանքին, Վիլյերսը «օրենքի» կողմից դրվեց այնպիսի դրության մեջ, որ ստիպված եղավ մերժելու գործարանատերերի ապօրինի պահանջները։ Սակայն այդ պարոններն իրենց նպատակին հասան աղքատների տեղական հոգաբարձությունների ծառայակամության շնորհիվ։ Գործարանային տեսուչ պ. Ա. Ռեդգրեյվը հավատացնում է, որ այս անգամ այն «սիստեմը», ըստ որի որբերն ու աղքատների երեխաները «օրենքով» համարվում են աշկերտներ (apprentices), չուղեկցվեց առաջվա չարաշահումներով»։ (Այդ «չարաշահումների» մասին հմմտ. Engels: «Die Lage der arbeitenden Klasse in England», Leipzig 1845 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ [Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III]),— թեև, իհարկե, մի դեպքում «սիստեմի չարաշահում թույլատրվեց այն աղջիկների ու դեռատի կանանց նկատմամբ, որոնք Շոտլանդիայի հողագործական շրջաններից բերվեցին Լանկաշիր ու Չեշիր»։ «Սիստեմը» այն է, որ գործարանատերը որոշ ժամկետով պայմանագիր է կնքում աղքատանոցների վարչության հետ։ Գործարանատերը պարտավոր է երեխաներին կերակրել, հագցնել ու կացարան տրամադրել և մի քիչ էլ փող տալ։ Տարօրինակ է հնչում պ. Ռեդգրեյվի հետևյալ դիտողությունը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ 1860 թվականը անգլիական բամբակեղենի արդյունաբերության նույնիսկ ծաղկման տարիների շարքում եզակի տեղ է գրավում, և աշխատավարձը արտասովոր բարձր մակարդակի հասավ, որովհետև նոր բանվորներ վարձելու արտակարգ պահանջարկը դեմ առավ Իռլանդիայի բնակչության պակասելուն, անգլիական ու շոտլանդական հողագործական շրջանների բնակչության անօրինակ արտագաղթին դեպի Ավստրալիա ու Ամերիկա, անգլիական մի քանի հողագործական շրջանների բնակչության դրականապես պակասելուն, որ տեղի ունեցավ մասամբ այն բանի հետևանքով, որ հաջողությամբ գլուխ բերվեց կենսական ուժի խորտակումը, մասամբ էլ այն բանի հետևանքով, որ մարդկային մսի առևտրականներն արդեն օգտագործել էին ամբողջ ավելցուկ բնակչությունը։ Եվ, չնայած այդ բոլորին, պ. Ռեդգրեյվն ասում է. «Այնուամենայնիվ, այս տեսակի աշխատանքը (աղքատանոցների երեխաների աշխատանքը) միայն այն ժամանակ է կիրառվում, երբ ուրիշ բանվորներ գտնել բնավ չի լինում, որովհետև այն թանկ աշխատանք է (high-priced labour)։ 13 տարեկանից մեծ դեռահասի սովորական աշխատավարձը հավասար է շաբաթական մոտավորապես 4 շիլլինգի. բայց 50 կամ 100 այդպիսի դեռահասների կացարան տալ, հագցնել, կերակրել, ապահովել նրանց բժշկական օգնությունն ու պատշաճ հսկողությունը և, բացի դրանից, դեռ մի փոքրիկ գումար էլ փողով տալ,— դրա համար շաբաթական մարդագլուխ 4 շիլլինգը քիչ է» («Reports of the Insp. of Factories for 30th April 1860», էջ 27)։ Պարոն Ռեդգրեյվը մոռանում է ասել, թե բանվորն ինքն, ինչպե՛ս կարող է իր երեխաների համար այդ բոլորն անել իր 4 շիլլինգ աշխատավարձով, եթե գործարանատերը չի կարող այդ անել 50 կամ 100 տղաների համար, որոնք միասին են ապրում, ընդհանուր ապրուստ ու հսկողություն ունեն։ Որպեսզի բնագրի հիման վրա հնարավոր սխալ հետևություններ չարվեն, ես պետք է նկատեմ նաև, որ անգլիական բամբակեղենի արդյունաբերությունն այն ժամանակվանից, երբ նա ենթարկվեց 1850 թվականի գործարանային օրենքին, որը կարգավորում էր աշխատանքային օրը և այլն,— այն պետք է Անգլիայի օրինակելի արդյունաբերությունը համարել։ Անգլիական բամբակարդյունաբերական բանվորն ամեն տեսակետից բարձր է կանգնած մայր ցամաքում բնակվող իր բախտակից ընկերոջից։ «Պրուսական գործարանային բանվորը շաբաթական առնվազն 10 ժամ ավելի է աշխատում, ֊քան նրա անգլիական մրցակիցը, իսկ եթե նա տանը աշխատում է իր սեփական ջուլհակահաստոցով, այն ժամանակ վերանում է նրա հավելյալ աշխատաժամերի այդ սահմանը ևս» («Reports of Insp. of Fact. 31st Oct. 1855», էջ 103)։ Վերոհիշյալ գործարանային տեսուչ Ռեդգրեյվը 1851 թվականի արդյունաբերական ցուցահանդեսից հետո ուղևորվեց մայր ցամաք, առանձնապես Ֆրանսիա ու Պրուսիա, որպեսզի այնտեղի գործարանային կարգերը հետազոտի։ Ահա թե նա ինչ է ասում պրուսական գարծարանային բանվորի մասին. «Նա ստանում է մի աշխատավարձ, որ բավական է այն հասարակ սնունդն ու չնչին կոմֆորտը ձեռք բերելու համար, որոնց նա սովոր է և որոնցից գոհ է... Նա ավելի վատ է ապրում ու ավելի է աշխատում, քան իր անգլիական եղբայրակիցը» («Reports of Insp. of Fact. 31st Oct. 1853», էջ 85)։
- ↑ «Չափից դուրս աշխատանքից մարդիկ մեռնում են ապշելի արագությամբ, բայց մեռնողների տեղերը իսկույն լցվում են նորից, և անձերի հաճախակի հաջորդափոխությունը ոչ մի փոփոխություն առաջ չի բերում բեմի վրա» («England and America». London 1833, հ. I, 55։ Հեղինակն է Է. Գ. Ուեկֆիլդը)։
- ↑ Տե՛ս «Public Health. Sixth Report of the Medical Officer of the Privy Council, 1863»։ Հրապարակված է Լոնդոնում 1864 թվականին։ Այս հաշվետվությունը խոսում է հենց հողագործական բանվորների մասին։ «Սետեռլենդ կոմսությունը ներկայացրել են որպես այնպիսին, որտեղ լուրջ բարելավումներ են արված, բայց վերջերս կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ այդ կոմսության այն շրջաններում, որոնք մի ժամանակ այնպես հռչակված էին տղամարդկանց գեղեցկությամբ ու զինվորների քաջությամբ, բնակչությունն ապասերվել, դարձել է մի չորացած ու հիվանդոտ ռասա։ Ամենաառողջ ծովամերձ վայրերում, որոնք ընկած են բլրալանջերին, երեխաների դեմքերն այնպես նիհար ու գունատ են, ինչպես կարող էին լինել Լոնդոնի որևէ խուլ փողոցի նեխած մթնոլորտում միայն» (Thornton: «Overpopulatian and its Remedy». London 1846, էջ 74, 75)։ նրանք փաստորեն նման են այն 30 000 «gallant Highlander»-ին [«քաջառողջ լեռնցիներին»], որոնց Գլազգոն տեղավորում է իր wynd-երում ու close-ներում [նկուղներում ու որջերում] պոռնիկների ու գողերի հետ մի կույտի մեջ։
- ↑ «Թեև բնակչության առողջությունն ազգային կապիտալի այնքան կարևոր տարրն է, բայց, դժբախտաբար, թվում է, թե պետք է խոստովանել, որ կապիտալիստներն ամենևին տրամադիր չեն այդ գանձը պահպանելու և գնահատելու... Գործարանատերերը հարկադրված էին ուշադիր լինելու դեպի բանվորների առողջությունը» («Times», 5 նոյեմբերի 1861 թ.)։ «Վեստ Ռայդինգի տղամարդիկ ամբողջ մարդկության մահուդագործներն են դարձել... Բանվոր բնակչության առողջությունը զոհաբերվեց, և մի քանի սերունդ անց ռասան կայլասերվեր, եթե տեղի չունենար դիմադրություն։ Երեխաների աշխատանքի ժամերը սահմանափակվեցին և այլն» («Reports of the Registrar General for October 1861»)։
- ↑ Այս պատճառով մենք տեսնում ենք, օրինակ, որ 1863 թվականի սկզբին 26 ֆիրմա, որոնք ընդարձակ բրուտանոցներ ունեին Ստաֆֆորդշիրում, նույն թվում նաև Ջ. Ուեջվուդ և որդիներ ֆիրման, մի առանձին հուշագրով «պետության հզոր միջամտության մասին են միջնորդում»։ «Կոնկուրենցիան ուրիշ կապիտալիստների հետ» նրանց թույլ չի տալիս երեխաների աշխատաժամանակի որևէ «հոժարակամ» սահմանափակում մտցնել և այլն։ «Ուստի որքան էլ մենք գանգատվենք վերոհիշյալ չարիքից, անկարելի կլիներ այն վերացնել գործարանատերերի միջև որևէ համաձայնությամբ... Նկատի ունենալով այս բոլոր հանգամանքները, մենք այն համոզմունքին ենք եկել, որ անհրաժեշտ է մի հարկադրական օրենք» («Children’s Employment Commission. 1st Report, 1863», էջ 322)։
114-րդ ծանոթագրության հավելում.— Շատ ավելի զարմանալի օրինակ է տալիս մեզ ամենամոտիկ անցյալը։ Գործերի տենդագին ընթացքի շրջանում բամբակի բարձր գները Բրեկբեռնի բամբակեղենի մանածագործարանների տերերին դրդեցին փոխադարձ համաձայնությամբ իրենց գործարաններում աշխատաժամանակը մի որոշ ժամկետով կրճատել։ Այդ ժամկետը լրացավ մոտավորապես նոյեմբերի վերջին (1871 թ.)։ Մինչ այդ այն հարուստ գործարանատերերը, որոնք մանումը միացրել էին գործելու հետ, օգտագործեցին արտադրության այդ համաձայնությամբ պայմանավորված կրճատումը՝ իրենց սեփական գործն ընդարձակելու և այդպիսով մանր ձեռնարկատերերի հաշվին մեծ շահույթներ կորզելու համար։ Վերջինները, այդ դժվարին դրությունից ելք որոնելով, դիմեցին գործարանային բանվորներին, կոչ անելով նրանց՝ լրջորեն զբաղվելու իննժամյա աշխատանքային օրվա ագիտացիայով, և այդ նպատակի համար փողով օգնություն խոստացան նրանց։ - ↑ Բանվորական այդ ստատուտները, որ մենք միաժամանակ գտնում ենք նաև Ֆրանսիայում, Նիդեռլանդիայում և այլն, Անգլիայում միայն 1813 թվականին պաշտոնապես վերացվեցին արդեն այն բանից հետո, երբ նրանք վաղուց վերացված էին հենց արտադրական հարաբերությունների հետևանքով։
- ↑ «12 տարեկանից փոքր ոչ մի երեխա որևէ մանուֆակտուրային ձեռնարկության մեջ չպետք է 10 ժամից ավելի աշխատի օրվա ընթացքում» («General Statutes of Massachusetts», 63, գլ. 12)։ (Այս որոշումները հրատարակվել են 1836—1858 թվականներին)։ «Բամբակեղենի, բրդեղենի, մետաքսեղենի թղթեղենի, ապակեղենի, քաթանեղենի բոլոր գործարաններում և երկաթեղենի ու պղնձեղենի գործարաններում օրվա մեջ 10 ժամ տևող աշխատանքը պետք է դիտվի որպես օրենքով սահմանված օրական աշխատանք։ Նաև պատվիրվում է որևէ գործարանում աշխատող ոչ մի փոքրահասակի այսուհետև աշխատանքի մեջ չպահել կամ աշխատելու չհարկադրել օրական 10 ժամից կամ շաբաթական 60 ժամից ավելի, և որ 10-ժամյա հասակը չլրացրած ոչ մի փոքրահասակ այս նահանգի սահմաններում այսուհետև ոչ մի գործարան չընդունվի որպես բանվոր։ (State of New-Jersey. An act to limit the hours of labour etc.», § 1 և 2։ 1851 թ. մարտի 11-ի օրենք)։ «Արգելվում է 12—15 տարեկան փոքրահասակներին ստիպել որևէ մանուֆակտուրային ձեռնարկության մեջ աշխատելու օրական 11 ժամից ավելի, այն էլ առավոտյան ժամի 5-ից վաղ և երեկոյան 7½-ից ուշ» («Revised Statutes of the State of Rhode Island etc.», գլ.139, § 23, 1 հուլիսի 1857 թ.)։
- ↑ «Sophisms of Free Trade», 7-րդ հրատ., London 1850, էջ 205։ Իդեպ, միևնույն տորին ավելացնում է. «Պառլամենտական այն օրենքները, որոնք կարգավորում էին աշխատավարձը ի վնաս բանվորների և հօգուտ աշխատանքը վարձողների, պահպանվեցին 464 տարի տևող մի երկար ժամանակաշրջան։ Բնակչությունն աճել է։ Այդ օրենքներն այժմ դարձել են ավելորդ ու ծանրաբեռնիչ» (նույն տեղում, էջ 206)։
- ↑ Ջ. Ուեյդը իրավամբ նկատում է այս ստատուտի առթիվ. «1496 թվականի ստատուտից հետևում է, որ սննդի ծախսը արհեստավորի եկամտի [math]^1/_3[/math]-ի և հողագործական բանվորի եկամտի ½-ի համարժեքն էր համարվում, իսկ այդ ցույց է տալիս, որ այն ժամանակ բանվորների դրությունն ավելի անկախ էր, քան հիմա, երբ հողագործական ու մանուֆակտուրային բանվորների սնունդը նրանց աշխատավարձի ավելի մեծ մասն է կազմում» (J. Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 24, 25, 577)։ Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ իբր թե այդ տարբերությունը բացատրվում է սննդամիջոցների ու հագուստեղենի այն ժամանակվա ու արդի գների տարբերությամբ, ապա այդ հերքվում է ամենամակերեսային ծանոթությամբ հետևյալ աշխատությանը, «Chronicon Preciosum etc.». By Bishop Fleetwood. 1-ին հրատ. London 1707, 2-րդ հրատ. London 1745։
- ↑ W. Petty: «Political Anatomy of Ireland», 1672, հրատ. 1691, էջ 10։
- ↑ «A Discourse of the Necessity of Encouraging Mechanic Industry». London 1690, էջ 13։ Մակոլեյը, որ կեղծել է անգլիական պատմությունը վիգերի ու բուրժուազիայի օգտին, հետևյալ դեկլամացիաներին է դիմում. «Երեխաներին վաղաժամ աշխատանքի նստեցնելու սովորությունը... XVII դարում իշխում էր այն աստիճան, որ գրեթե աներևակայելի է արդյունաբերության այն ժամանակվա վիճակի համար։ Բրդեղենի արդյունաբերության գլխավոր կենտրոն Նորվիչում 6 տարեկան երեխան աշխատունակ էր համարվում։ Այն ժամանակվա զանազան հեղինակներ,— նրանց մեջ շատերը վերին աստիճանի բարեմիտ էին համարվում,— «exultation»-ով (հրճվանքով) են հիշատակում այն բանը, որ այդ քաղաքում միայն տղաների ու աղջիկների աշխատանքով այնպիսի հարստություն է ստեղծվում, որը նրանց մեկ տարվա սեփական ապրուստից 12 000 ֆնտ. ստ. ավելի մի գումար է կազմում։ Որքան ավելի հանգամանորեն ենք ուսումնասիրում անցյալի պատմությունը, այնքան ավելի շատ հիմունք ենք գտնում այն մարդկանց կարծիքին չհամաձայնելու, որոնք գտնում են, թե մեր դարը հղի է սոցիալական նոր աղետներով... Նորը հենց այն կրթվածությունն է, որ բացահայտում է այդ աղետները, և այն մարդասիրությունը, որ բուժում է դրանք» («History of England», հ. 1, էջ 417)։ Մակոլեյը կարող էր պատմել նաև, որ XVII դարի «վերին աստիճանի բարեմիտ» amis du commerce [առևտրի բարեկամները] «exultation»-ով [հրճվանքով] պատմում են, թե ինչպես Հոլանդիայի մի աղքատանոցում ստիպում էին աշխատել մի 4 տարեկան երեխայի, ընդ որում «vertu mise en pratique»-ի [«գործնականում կիրառվող առաքինության»] այդ օրինակը հանդես է գալիս մարդասիրության à la Մակոլեյ [նրա տիպի] ներկայացուցիչների բոլոր աշխատություններում մինչև Ա. Սմիթի ժամանակները։ Ճիշտ է երբ ծագում է մանուֆակտուրան, ի տարբերություն արհեստի, երևում են երեխաների շահագործման նշաններ, շահագործում, որ հնուց գոյություն ուներ գյուղացիների մեջ մի որոշ աստիճան և այնքան ավելի էր զարգանում, որքան ավելի ծանր էր հողագործի վրա ընկած լուծը։ Կապիտալի տենդենցը պարզ է, բայց բուն փաստերը դեռ այնքան բացառիկ բնույթ են կրում, որքան երկգլխանի երեխաների լույս աշխարհ գալը։ Այդ պատճառով էլ ապագայի նախազգացումով լեցուն «amis du commerce»-ները [«առևտրի բարեկամները»] այդ փաստերը «exultation» [հրճվանք]-ով պատկերել են ի խրատ ժամանակակիցների և հետնորդների՝ իբրև առանձնապես ուշագրավ ու զարմանքի արժանի երևույթներ, և հանձնարարել են օրինակ վերցնելու համար։ Նույն շոտլանդական սիկոֆանտ ու շաղակրատ Մակոլեյն ասում է. «Ներկայումս մենք լսում ենք միայն հետադիմության մասին, իսկ տեսնում ենք միայն առաջադիմություն»։ Ի՜նչ աչքեր, իսկ որ գլխավորն է՝ ի՜նչ ականջներ։
- ↑ Բանվորներին մեղադրողներից ամենաչարամիտը «An Essay on Trade and Commerce: containing Observations on Taxes etc.». London 1770 գրքի անանուն հեղինակն է, որ հիշատակված է բնագրում։ Է՛լ ավելի վաղ նա հանդես է եկել որպես այդպիսին իր «Consideration on Taxes». London 1765 երկի մեջ։ Նույն շարքը պետք է դասել նաև Պոլոնիուսին — Արթուր Յունգին, վիճակագրության մեջ այդ աննկարագրելի շաղակրատին։ Բանվորներին պաշտպանողների շարքում աչքի են ընկնում Ջեկոբ Վանդերլինտը «Money answers all Things», London 1734 աշխատության մեջ, աստվածաբանության դոկտոր, պաստոր Նաթենիել Ֆորստելը «An Enquiry into the Causes of the Present High Price of Provisions». London 1767 գրքում, դ-ր Պրայսը և հատկապես Պոստլտվեյտը ինչպես իր «Universal Dictionary of Trade and Commerce» երկի մի հավելվածում, այնպես էլ «Great Britain’s Commercial Interest explained and improved», 2-րդ հրատ., London 1775 աշխատության մեջ։ Բուն փաստերը հավաստում են այն ժամանակի բազմաթիվ այլ հեղինակներ, ի միջի այլոց՝ Ջոզայ Տեկկերը։
- ↑ Postletwayt. Նույն տեղում. «First Preliminary Discourse», էջ 14։
- ↑ «An Essay on Trade and Commerce etc.». London 1770. Նա ինքը 96-րդ էջում պատմում է, թե արդեն 1770 թվականին ինչ էր անգլիական հողագործական բանվորների «բախտավորությունը»։ Նրանց աշխատուժը («their working power ») միշտ լարված է ծայր աստիճան («on the stretch»). նրանք չէին կարող ոչ ավելի վատ ապրել, քան ապրում են («they cannot live cheaper than they do»), ոչ էլ ավելի շատ աշխատել («nor work harder»)։
- ↑ Բողոքականությանը կապիտալի ծագման մեջ կարևոր դեր է խաղում հենց նրանով, որ գրեթե բոլոր ավանդական տոն օրերը դարձնում է աշխատանքային օրեր։
- ↑ «An Essay on Trade and Commerce etc.». London 1770, էջ 41, 15, 96, 97, 55, 56, 57։
- ↑ Նույն տեղում, էջ 69։ Ջեկոբ Վանդերլինտը դեռևս 1734 թվականին բացատրել է, թե բանվորների ծուլության մասին կապիտալիստների բոլոր գանգատների գաղտնիքը պարզապես այն է, որ նրանք կուզեին առաջվա աշխատավարձով 4-ի փոխարեն 6 աշխատանքային օր ստանալ։
- ↑ Նույն տեղում, էջ 242—243. «Այդպիսի իդեալական աշխատատունը պետք է դարձնեք «սարսափի տուն» և ոչ թե աղքատների ապաստարան, որտեղ նրանք ստանում են առատ, կերակուր, տաք ու վայելուչ հագուստ և որտեղ շատ քիչ են աշխատում։
- ↑ Նույն տեղում [էջ 260]. «Ֆրանսիացիները,— ասում է նա,— ծիծաղում են ազատության վերաբերյալ մեր խանդավառ իդեաների վրա» (նույն տեղում, էջ 78)։
- ↑ «Նրանք առարկում էին գլխավորապես օրվա մեջ 12 ժամից ավելի տևող աշխատանքի դեմ, որովհետև այդպիսի աշխատանքային օր սահմանող օրենքը միակ բարիքն է, որ մնացել է նրանց ռեսպուբլիկայի օրենսդրությունից» (Reports of Insp. of Fact. 31st Octob. 1855, էջ 80]։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա ֆրանսիական 1850 թ. սեպտեմբերի 5-ի օրենքը, որ ժամանակավոր կառավարության 1848 թ. մարտի 2-ի դեկրետի՝ բուրժուազիայի օգտին փոփոխված հրատարակությանն էր, իր ուժը տարածում է առանց խտրության բոլոր արհեստանոցների վրա։ Այդ օրենքից առաջ աշխատանքային օրը Ֆրանսիայում սահմանափակ չէր։ Գործարաններում նրա տևողությունն էր 14, 15 ու ավելի ժամ։ Տես «Des classes ouvrières en France pendant l’année 1848. Par Mr. Blanqui»։ Պ-ն Բլանկիին,— տնտեսագետին և ոչ ռևոլյուցիոներին,— կառավարության կողմից հանձնարարված էր բանվորների դրության մասին անկետային հետազոտություն կատարել։
- ↑ Աշխատանքային օրը կարգավորելու բնագավառում ևս Բելգիան օրինակելի բուրժուական պետություն է։ Բրյուսելի անգլիական դեսպան լորդ Հովարդ դե Ուելդենը 1862 թվականի մայիսի 12-ին Foreign Office-ին [արտաքին գործերի մինիստրությանը] հաղորդում է. «Մինիստր Ռոժյեն ինձ հայտնեց, թե երեխաների աշխատանքը սահմանափակված չէ որևէ ձևով՝ ո՛չ ընդհանուր օրենքով, ո՛չ էլ տեղական որոշումներով. որ կառավարությունը վերջին երեք տարվա ընթացքում ամեն մի նստաշրջանում զբաղված է եղել այն մտքով, որ ինքն այդ առարկային վերաբերող օրենք մտցնի պալատը, բայց միշտ մի անհաղթահարելի արգելքի է հանդիպել՝ բախվելով այն էգոիստական երկյուղին, որով վերաբերվում են աշխատանքի լիակատար ազատությա՜ն սկզբունքին հակասող ամեն մի օրենսդրության»։
- ↑ «Անկասկած՝ շատ ցավալի է այն փաստը, որ մարդկանց որևէ դասակարգ ստիպված է օրական 12 ժամ տևող աշխատանքով տրորվելու։ Եթե սրա վրա ավելացնենք կերակուր ընդունելու ժամանակն ու արհեստանոց գնալ-գալու ժամանակը, ապա այդ կկազմի օրվա 24 ժամից 14 ժամ։ Չխոսելով դեռ առողջության մասին, ես հույս ունեմ, որ ոչ ոք չի սկսի ժխտել, թե բարոյական տեսակետից մի անչափ վնասակար բան ու սարսափելի չարիք է աշխատավոր դասակարգերի ժամանակն այդպես ամբողջովին կլանելը, որ տեղի է ունենում անընդհատ 13 տարեկան վաղ հասակից, իսկ արդյունաբերության «ազատ» ճյուղերում՝ է՛լ ավելի վաղ հասակից... Հասարակական բարոյականության, առողջ բնակչություն դաստիարակելու և ժողովրդի մեծամասնության համար կյանքից խելացիորեն օգտվելու հնարավորություն ապահովելու համար անհրաժեշտ է պնդել, որ արդյունաբերության բոլոր ճյուղերում աշխատանքային յուրաքանչյուր օրվա մի մասը մնա հանգստի ու ազատ ժամանցի համար» (Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 31st December 1841»-ում։
- ↑ Տե՛ս «Judgement of Mr. J. H. Otway, Belfast, Hilary Sessions, County Antrim 1860»։
- ↑ Բուրժուաների թագավոր Լուի-Ֆիլիպպի ռեժիմի համար շատ բնորոշ է այն հանգամանքը, որ նրա ժամանակ հրատարակված 1841 թ. մարտի 22-ի միակ գործարանային օրենքը երբեք չկենսագործվեց։ Ասենք՝ այդ օրենքն էլ վերաբերում է միայն երեխաների աշխատանքին։ Նա սահմանում է 8-ից 12 տարեկան երեխաների համար ութ ժամվա, 12-ից 16 տարեկան երեխաների համար՝ տասներկու ժամվա աշխատանք և այլն, ընդ որում բազմաթիվ բացառություններ է անում, որոնք գիշերային աշխատանքը թույլատրում են նույնիսկ ութամյա երեխաների համար։ Ա՛յն երկրում, որտեղ ամեն մի մուկ ոստիկանական հսկողության տակ է գտնվում, հիշյալ օրենքի կատարման վերահսկողությունն ու նրա կիրառման հարկադրումը թողնված էր «amis du commerce»-ի [«առևտրի բարեկամների»] բարի կամքին։ Միմիայն 1853 թվականից մի հատիկ դեպարտամենտում՝ Département du Nord [Հյուսիսի Դեպարտամենտ]-ում հիմնվում է կառավարության կողմից վարձատրվող տեսչի պաշտոն։ Ֆրանսիական հասարակության զարգացման համար ընդհանրապես պակաս բնորոշ չէ այն հանգամանքը, որ մինչև 1848 թվականի ռևոլուցիան Լուի-Ֆիլիպպի օրենքը միակ օրենքն էր այդ բնագավառում, թեև ֆրանսիական օրենսդրական ֆաբրիկան իր ցանցով ընդգրկում է, կաշկանդո՜ւմ է կյանքի բոլոր կողմերը։
- ↑ «Reports on Insp. of Fact. for 30th April 1860», էջ 50։
- ↑ «Legislation is equally necessary for the prevention of death, in any form in which it can be prematurely inflicted, and cerlainly this must be viewed as a most cruel mode of inflicting it» [«Report of the select Committee on the Bill to regulate the Labour of Children in the Mills and Factories». London 1831—1832, էջ 602]։
- ↑ «Reports of Insp. of Fact. for 31st October 1849», էջ 6։
- ↑ «Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 98։
- ↑ Լեոնարդ Հորները նույնիսկ պաշտոնապես գործ է ածում «nefarious practices» [զզվելի վարքագիծ] արտահայտությունը («Reports of Insp. of Fact. for 31st October 1859», էջ 7)։
- ↑ «Reports etc. for 30th Sept. 1844», էջ 15։
- ↑ Օրենքը թույլ է տալիս երեխաների աշխատանքից օգտվել օրական 10 ժամ այն դեպքերում, երբ նրանք աշխատում են ոչ թե ամեն օր, այլ օրընդմեջ։ Ընդհանուր առմամբ այս վերապահությունը մնաց առանց գործադրության։
- ↑ Քանի որ նրանց աշխատանքային ժամերի կրճատումը կմեծացնի աշխատանքի համար պահանջվող երեխաների թիվը, ուստի որոշվեց, որ մեծացող պահանջարկը կարող էր ծածկվել ութից-ինը տարեկան երեխաների հավելյալ առաջարկով» («Reports etc. for 30th Sept. 1844», էջ 13)։
- ↑ «Reports of Insp. of Fact. for 31st October 1848». էջ 16։
- ↑ «Ես համոզվեցի, որ շաբաթական 10 շիլլինգ ստացող մարդկանցից 1 շիլլինգ կրճատում էին՝ հիմք ընդունելով աշխատավարձի 10%-անոց ընդհանուր իջեցումը, և այնուհետև ևս 1 շիլլինգ 6 պ., հենվելով աշխատաժամանակի կրճատման վրա,— ընդամենը 2 շիլլինգ 6 պ.,— և, չնայած դրան, մեծամասնությունը հաստատապես տասժամյա աշխատանքային օրվա բիլլի կողմն էր» («Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 16)։
- ↑ «Պետիցիան ստորագրելիս ես միաժամանակ հայտարարեցի, որ ինչ-որ վատ բան եմ անում։ — Հապա ինչո՞ւ այդ դեպքում ստորագրեցիք։ — Որովհետև մերժման դեպքում ինձ փողոց կշպրտեին։ Պետիցիոները իսկապես իրեն «ճնշված» էր զգում, բայց ոչ ամենևին գործարանային օրենքի կողմից» («Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 102։
- ↑ «Reports of Insp. of Fact. for 31st Octobcr 1848», էջ 17։ Պ-ն Հորների օկրուգում, այդպիսով, հարցուփորձի ենթարկվեցին 181 գործարանի 10 270 մեծահասակ բանվոր։ Նրանց ցուցմունքները կարելի է գտնել գործարանային տեսչության 1848 թվականի հոկտեմբերով վերջացող կիսամյակի հաշվետվության հավելվածում։ Վկաների այդ ցուցմունքներն ուրիշ կողմերից էլ թանկարժեք նյութ են տալիս։
- ↑ «Reports of Insp. of Fact. for 31st October 1848»։ Տես №№ 69, 70, 71, 72, 92, 93 ցուցմունքները, որ Լեոնարդ Հորներն ինքն է հավաքել, ինչպես և «հավելվածի» №№ 51, 52, 58, 59, 62, 70 ցուցմունքները, որ հավաքել է տեսչի օգնական Ա-ն։ Պարզ ու շիտակ արտահայտվել է նույնիսկ մի գործարանատեր։ Տե՛ս նույն տեղում № 265-ից հետո եկող № 14-ը [էջ 37]։
- ↑ «Reports etc. for 31st October 1848», էջ 133, 134։
- ↑ «Reports etc. for 30tհ April 1848», էջ 47։
- ↑ «Reports etc. for 31st October 1848», էջ 130։
- ↑ Նույն տեղում, էջ 142։
- ↑ «Reports etc. for 31st October 1850», էջ 5, 6։
- ↑ Կապիտալի բնությունը նույնն է ինչպես նքա անզարգացած, այնպես էլ զարգացած ձևերում։ Օրենքների ա՛յն ժողովածուում, որ ստրկատերերի իշխանությունը թելադրեց ամերիկյան քաղաքացիական պատերազմն սկսվելուց քիչ առաջ Նոր Մեքսիկայի տերիտորիայում, ասված է. «Բանվորը, որչափով կապիտալիստը գնել է նրա աշխատուժը, նրա (կապիտալիստի) փողն է» («The labourer is his (the capitalist’s) money»)։ Նույն հայացքը տարածված էր հռոմեական պատրիկների մոտ։ Այն փողը, որ նրանք փոխ էին տալիս պլեբեյ պարտապանին, սրա կողմից կենսամիջոցներ ընդունելու փաստով դառնում էր պարտապանի միս ու արյունը։ Հետևաբար, այդ «միսն ու արյունը» պարտատերերի «փողն էր»։ Այստեղի՜ց էլ 10 տախտակների շեյլոկյան օրենքը։ Լենգեի այն հիպոթեզը, թե վարկատու պատրիկները ժամանակ առ ժամանակ Տիբերից այն կողմ տոնական խնջույքներ էին սարքում, որտեղ պարտապանների եփած միս էր մատուցվում, նույնքան չապացուցված է մնում, որքան և Դաումերի հիպոթեզը քրիստոնեական հաղորդության մասին։
- ↑ «Reports etc. for 30th April 1848», էջ 28։
- ↑ Ի թիվս ուրիշների այդ հայտարարել է նաև մարդասեր Էշֆորտը Լեոնարդ Հորներին ուղղած քվակերական մի զզվելի նամակում («Reports etc. April 1849», էջ 4)։
- ↑ «Reports etc. for 31st October 1848», էջ 138։
- ↑ «Reports etc. for 31st October 1848», էջ 140։
- ↑ Այդ «county magistrates», «great unpaid»-ները [«մեծ անվճարները»], ինչպես նրանց անվանում է Վ. Կոբբետը, մի տեսակ ձրի հաշտարար դատավորներ են, որոնց ընտրում են կոմսությունների պատվավոր անձերի շարքից։ Փաստորեն, նրանք իշխող դասակարգերի տեղական դատարաններ են։
- ↑ «Reports etc. for 30th April 1849», էջ 21, 22։ Հմմտ. նույնպիսի օրինակներ նույն տեղում, էջ 4, 5։
- ↑ Վիլյամ IV-ի 1 և 2 օրենքով, § 24, էջ 10, որ հայտնի է սըր Ջոն Հոբհաուզի գործարանային օրենք անունով, բամբակամանարանի կամ մանածագործարանի որևէ տիրոջ, ինչպես նաև նրա հորը, որդուն կամ եղբորն արգելում է հաշտարար դատավորի պարտականություններ կատարել այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գործարանային օրենքին։ [«Reports etc. for 30th April 1849», էջ 22, ծանոթագրություն։]
- ↑ «Reports etc. for 30th April 1849», [էջ 22]։
- ↑ Նույն տեղում, էջ 5։
- ↑ «Reports etc. for 31st October 1849», էջ 6։
- ↑ «Reports etc. for 30th April 1849», էջ 21։
- ↑ «Reports etc. for 31st October 1848», էջ 95։
- ↑ Տե՛ս «Reports etc. for 30th April 1849», էջ 6 և shifting system-ի [տեղափոխումների սիստեմի] ընդարձակ բացատրությունը, որ գործարանային տեսուչներ Հաուելն ու Սոնդերսը սալիս են «Reports etc. for 31st October 1848»-ի մեջ։ Տե՛ս նաև Էշտոնի ու շրջակայքի հոգևորականության պետիցիան, որ 1849 թվականի գարնանը արվեց թագուհուն ընդդեմ shift system-ի [տեղափոխումների սիստեմի]։
- ↑ Ср. напр., R. H. Greg: «The Factory Question and the Ten Hours Bill». [London] 1837։
- ↑ F. Engels: «Die englische Zehnstundenbill» (իմ հրատարակած «Neue Rheinische Zeitung. Politisch-ökonomische Revue»-ում, Aprilheft 1850, էջ 13). [Ֆ. Էնգելս. «Տասժամյա աշխատանքային օրվա անգլիական բիլլը» Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 108։] Նույն «բարձր» դատարանն ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ հայտնագործեց մի բառական պատրվակ, որը ծովահենների նավերը զինելու դեմ ուղղված օրենքը նրա ուղղակի հակադրությունն էր դարձնում։
- ↑ «Reports etc. for 30th April 1850»։
- ↑ Ձմեռն այդ ժամանակաշրջանը թույլատրվում էր փոխարինել առավոտյան ժամի 7-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող ժամանակաշրջանով։
- ↑ «Ներկա օրենքը (1850 թ.) այն կոմպրոմիսի արդյունքն էր, որի համաձայն բանվորները հրաժարվեցին տասժամյա օրենքի օգուտներից՝ փոխանակելով այն առավելության հետ, որ միանման ժամանակում սկսվի ու ավարտվի աշխատանքը այն բանվորների համար, որոնց աշխատանքն ընդհանրապես սահմանափակված էր» («Reports etc. for 30th April 1852», էջ 14)։
- ↑ «Reports etc. for 30th Sept. 1844», էջ 13։
- ↑ Նույն տեղում։
- ↑ «Reports etc. for 31st October 1846», էջ 20։
- ↑ «Reports etc. for 31st October 1861», էջ 26։
- ↑ «Reports etc. for 31st October 1861», էջ 27։ Գործարանային օրենքի ներգործությանը ենթակա բանվոր բնակչության ֆիզիկական վիճակն ընդհանուր առմամբ զգալի չափով լավացավ։ Բժիշկների բոլոր կարծիքները միաձայն են այս տեսակետից, և տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող իմ անձնական դիտողություններն ինձ համոզել են, որ այդ այդպես է։ Չնայած այս հանգամանքին և մի կողմ թողած կյանքի առաջին տարիներում երեխաների աներևակայելի բարձր մահացությունը, դոկտոր Գրինհաուի պաշտոնական հաշվետվությունները ցույց են տալիս գործարանային օկրուգներում առողջության անբարենպաստ գրությունը «նորմալ առողջություն ունեցող հողագործական օկրուգներիդ համեմատությամբ։ Իբրև ապացույց բերում եմ, ի միջի այլոց, հետևյալ աղյուսակը 1861 թվականի նրա հաշվետվությունից.
Արդյունաբերության մեջ զբաղված մեծահասակ տղամարդկանց տոկոսը Ամեն մի 100 000 տղամարդուն ընկնող մահացությունը թոքերի հիվանդություններից Օկրուգների անունը Ամեն մի 100 000 կնոջն ընկնող մահացությունը թոքերի հիվանդություններից Արդյունաբերության մեջ զբաղված մեծահասակ կանանց տոկոսը Կանանց զբաղմունքների տեսակը 14,9 598 Վիգան 644 18,0 Բամբակ 42,6 708 Բլեկբերն 734 34,9 Նույնը 37,3 547 Հալիֆաքս 564 20,4 Բուրդ 41,9 611 Բրեդֆորդ 603 30,0 Նույնը 31,0 691 Մեքլսֆիլդ 804 26,0 Մետաքս 14,9 588 Լիկ 705 17,2 Նույնը 36,6 721 Ստոկ-էպոն-Տրենտ 665 19,3 Կավեղեն ապրանքներ 30,4 726 Վուլստենտոն 727 13,9 Նույնը — 305 Ութ ձուլագործական առողջ օկրուգներ 340 — — - ↑ Հայտնի է, թե անգլիական «ֆրիտրեդերներն» ինչպիսի տատանումներով մերժեցին մետաքսեղենի, մանուֆակտուրայի հովանավորական մաքսերը։ Ֆրանսիական ներմուծումից պաշտպանվելը այժմ փոխարինվում է Անգլիայի գործարանային երեխաների անպաշտպանությամբ։
- ↑ «Reports etc. for 30th April 1853», էջ 31։
- ↑ Անգլիական բամբակեղենի արդյունաբերության ամենաբարձր ծաղկման տարիներին, 1859 և 1860 թվականներին, մի քանի գործարանատերեր փորձում էին արտաժամյա աշխատանքի համար տրվող բարձր աշխատավարձով հրապուրելով մեծահասակ տղամարդ մանողներին և ուրիշներին համոզել աշխատանքային օրը երկարացնելու կողմը։ Ձեռքի մյուլով ու սելֆակտորով աշխատող մանողները վերջ դրին այդ փորձին իրենց ձեռնարկատերերին տված մի գրությամբ, որտեղ, ի միջի այլոց, ասված է. «Ճիշտն ասած, մեր կյանքը մի բեռ է մեզ համար, էլ քանի դեռ մենք շաբաթվա մեջ համարյա 2 օր (20 ժամ) ավելի ենք գամված գործարանին, քան մյուս բանվորները, մենք այս երկրում մեզ զգում ենք որպես հելոտներ և ինքներս մեզ կշտամբում ենք այն բանի համար, որ հավերժացնում ենք այն սիստեմը, որը հենց մեզ և մեր սերնդին վնասում է ֆիզիկապես ու բարոյապես... Ուստի մենք սրանով հարգանքով հայտնում ենք ձեզ, որ մենք, նոր տարվա առաջին օրից սկսած, մի րոպե ավելի չենք աշխատի, քան շաբաթական 60 ժամ, ժամի 6-ից մինչև ժամի 6-ը, հանած 1½ ժամ օրենքով սահմանված ընդմիջումները» («Reports etc. for 30th April 1860», էջ 30)։
- ↑ Այն միջոցների մասին, որ այդ օրենքը խախտելու համար ընձեռում է նրա խմբագրված տեքստը, տե՛ս պառլամենտական հաշվետվությունը՝ «Factories Regulation Acts» (6 օգոստոսի 1859 թ.)։ Եվ հենց նույն տեղում էլ Leonard Horne-ի «Suggestions for Amending the Factory Acts to enable the Inspectors to prevent Illegal Working, now become very prevalent».
- ↑ «Վերջին կիսամյակում (1857 թ.) իմ օկրուգում 8 տարեկան ու ավելի մեծ երեխաներին փաստորեն խոշտանգում են առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 9-ը» («Reports etc. for 31st October 1857», էջ 39)։
- ↑ «Printwork’s Act-ը [Չթադրոշմիչ գործարանների օրենքը] անբավարար է համարվում թե՛ ուսուցմանը և թե՛ աշխատանքի պաշտպանությանը վերաբերող որոշումների տեսակետից» («Reports etc. for 31st October 1862», էջ 52)։
- ↑ Այդպես է աատահայտվսւմ,օրինակ, Է. Պոտտերը 1863 թ. մարտի 24-ին «Times»-ին ուղղած նամակի մեջ։ «Times»-ը նրան հիշեցնում է գործարանատերերի խռովությունը տասժամյա օրենքի դեմ։
- ↑ Այդպես էր արտահայտվում, ի միջի այլոց, Տուկի «History of Prices» գրքի աշխատակից ու հրատարակիչ պ. Վ. Նյումարչը։ Մի՞թե հասարակական կարծիքին վախկոտ զիջումներ անելը գիտական առաջադիմություն է։
- ↑ Ճերմակացման ու ներկարարական արհեստանոցների վերաբերյալ 1860 թվականին հրատարակված օրենքը սահմանում է, որ աշխատանքային օրը 1861 թ. օգոստոսի 1-ից նախապես կրճատվելու է մինչև 12 ժամ, իսկ 1862 թ. օգոստոսի 1-ից վերջնականապես կրճատվելու է մինչև 10 ժամ, այսինքն՝ աշխատանքի օրերին մինչև 10½ ժամ, իսկ շաբաթ օրերը՝ մինչև 7½ ժամ։ Բայց երբ հասավ չարաբաստիկ 1862 թվականը, կրկնվեց հին ֆարսը։ Պարոնայք գործարանատերերը մի պետիցիայով դիմեցին պառլամենտին, խնդրելով դեռ մեկ տարի էլ հանդուրժել դեռահասների ու կանանց տասներկուժամյա աշխատանքը... «Արդյունաբերության այժմյան կացությունը (բամբակի սովը) բանվորների համար խիստ ձեռնտու է, եթե նրանց թույլ տան օրական 12 ժամ աշխատել և ըստ կարելույն շատ աշխատավարձ ստանալ... Արդեն հաջողվել էր այդ ոգով կազմված մի բիլլ մտցնել ստորին պալատը։ Այդ բիլլը տապալվեց Շոտլանդիայի ճերմակացման արհեստանոցների բանվորների ագիտացիայի շնորհիվ» («Reports etc. for 31th October 1862», էջ 14, 15)։ Այդ կերպ հարվածներ կրելով հենց այն բանվորներից, որոնց անունից նա խոսում էր ըստ իր հավաստիացումների, կապիտալն իրավաբանական ակնոցի օգնությամբ հիմա հայտնագործեց, որ 1860 թվականի օրենքը, «աշխատանքի պաշտպանությանն պառլամենտական բոլոր օրենքների նման, կազմված լինելով իմաստը մթագնող արտահայտություններով, պատրվակ է ընձեռում նրա ուժը չտարածելու «calenderers»-ի [մամլողների] և «finishers»-ի [վերջին մշակողների] վրա։ Անգլիական իրավագիտությունը, կապիտալի մշտական հավատարիմ ծառան, «Common PIeas»-ի [դատարանի քաղաքացիական բաժանմունքի] միջոցով վավերացրեց այդ պատրվակաբանությունը։ «Այդ բանը մեծ դժգոհություն հարուցեց բանվորների շրջանում, և պետք է խիստ ցավել, որ օրենսդրության պարզ դիտավորությունները ոչնչացվում են բառերի անբավարար որոշակիության պատրվակով» (նույն տեղում, էջ 18)։
- ↑ Ճերմակացման արհեստանոցների վերաբերյալ 1860 թվականի օրենքի ներգործությունից «բացօթյա ճերմականոցները» ազատվեցին այն ստահոդ հայտարարության միջոցով, թե իբր իրենց մոտ գիշերները ոչ մի կին չի աշխատում։ Սուտը մերկացրին գործարանային տեսուչները, իսկ միաժամանակ բանվորական պետիցիաները խախտեցին պառլամենտի իդիլլիական պատկերացումները «հոտավետ, զով մարգագետիններում գործող բացօթյա ճերմականոցների» մասին։ Օդում գործող այդ ճերմականոցներում գոյություն ունեն չորանոցներ՝ 90—100 աստիճան ջերմությամբ ըստ Ֆարենհայտի [Ցելսիուսի 32—38 աստիճան], որտեղ գլխավորոպես աղջիկներ են աշխատում։ Գոյություն ունի մինչև անգամ «сooling» [զովացում] տեխնիկական արտահայտությունը, որով արտահայտվում է չորանոցից ժամանակ առ ժամանակ ազատ օդի մեջ դուրս գալը։ «Չորանոցում լինում են տասնհինգ աղջիկ, ջերմությունը 80—90 աստիճան [Ցելսիուսի 27—32 աստիճան] քաթանի համար, 100 [Ցելսիուսի 38 աստիճան] և ավելի աստիճան բատիստի համար» Տասներկու աղջիկ արդուկում և ծալում են (բատիստը և այլն) մոտավորապես 10 քառակուսի ոտնաչափ մի փոքրիկ սենյակում, որի մեջտեղում կա մի պինդ փակված վառարան։ Աղջիկները բոլորաձև շրջապատում են վառարանը, որը մի սարսափելի տաքություն է ժայթքում և, արագ չորացնում արդուկողների ստացած բատիստը։ Այդ «ձեռքերի» ժամերի թիվը սահմանափակված չէ։ Եթե գործը շատ է, նրանք շատ օրեր իրար հետևից աշխատում են մինչև գիշերվա ժամի 9-ը կամ 12-ը» («Reports etc. for 31th October 1862», էջ 56)։ Մի բժիշկ հայտարարում է. «Զովանալու համար ոչ մի առանձին ժամ չկա, բայց եթե ջերմաստիճանն անտանելի է դառնում, կամ բանվորուհիների ձեռքերը կեղտոտվում են քրտինքից, նրանց թույլատրվում է մի քանի րոպե դուրս գալ... Այդ բանվորուհիների հիվանդությունները բուժելու իմ փորձն ինձ ստիպում է հավաստելու, որ նրանց առողջական վիճակը շատ ավելի ցածր է, քան բամբակ մանող կանանց առողջությունը (իսկ կապիտալը պառլամենտին տված իր պետիցիաներում Ռուբենսի ոճով գերառո՜ղջ է պատկերել նրանց)։ Ամենից ավելի հաճախ պատահող նրանց հիվանդություններն են՝ բարակացավը, բրոնխիտը, արգանդի հիվանդությունները, ամենասոսկալի ձևի հիստերիան և ռևմատիզմը։ Դրանք բոլորը, ինչպես ես եմ կարծում, ուղղակի կամ անուղղակի առաջ են գալիս նրանց արհեստանոցների անչափ տաք օդից ու բավականաչափ տաք այնպիսի հագուստի պակասությունից, որը կարողանար ձմեռվա ամիսներին տուն վերադառնալիս նրանց պաշտպանել ցուրտ ու խոնավ մթնոլորտից» (նույն տեղում, էջ 56, 57)։ Գործարանային տեսուչները «բացօթյա ճերմականոցների» կենսուրախ տերերից լրացուցիչ կերպով պոկած 1863 թվականի օրենքի մասին հետևյալն են նկատում. «Այս օրենքը ոչ միայն չի հասնում բանվորներին պաշտպանելու նպատակին, որը, նա իբր թե պիտի աներ... նա հենց այնպես է ձևակերպված, որ աշխատանքի պաշտպանությունն սկսվում է այն պահից միայն, երբ երեխաներին ու կանանց երեկոյան ժամի 8-ից հետո բռնում են աշխատանքի վրա, բայց նույնիսկ այս դեպքում ապացուցման այն մեթոդը, որը սահմանում է այդ օրենքը, այնքան է խարդախված, որ հազիվ թե կարելի լինի օրենքը խախտողներին պատժել» (նույն տեղում, էջ 52)։ «Մարդասիրական ու կրթական նպատակների հասնելու իմաստով այս օրենքը բոլորովին անպետք է։ Դժար թե կարելի է մարդասիրական անվանել այն վարմունքը, երբ կանանց ու երեխաներին թույլ են տալիս կամ, որ նույն բանն է դուրս դալիս, հարկադրում են օրական 14 ժամ, գուցե և ավելի երկար աշխատելու, ուտելու ընդմիջումներով կամ առանց դրանց, ինչպես պատահի, սահմանափակումներ չանելով տարիքի նկատմամբ, առանց սեռի խտրության և առանց ուշադրության դարձնելու այն ընտանիքների հասարակական սովորությունների վրա, որոնք ճերմականոցների կողքին են ապրում» («Reports etc. for 30th April 1863», էջ 40)։
185a (2-րդ հրատ. ծանոթագրությունը։) 1866 թվականից սկսած, երբ ես գրել եմ այս տողերը, նորից ռեակցիա է սկսվել։ - ↑ «Այս երկու (կապիտալիստների ու բանվորների) դասակարգերից յուրաքանչյուրի վարքագիծը հետևանք էր այն փոխհարաբերությունների, որոնց մեջ դրված էին նրանք» («Reports etc. for 31st October 1854», էջ 113)։
- ↑ «Սահմանափակումների ենթարկված ձեռնարկություններն այս կամ այն ձևով կապված էին տեքստիլ ապրանքների արտադրության հետ, որի մեջ ջրի կամ շոգու ուժ է կիրառվում։ Երկու պայման էր անհրաժեշտ, որպեսզի աշխատանքի մի որոշ ճյուղ կարողանար վերահսկողության ենթարկվել, այն է՝ շոգու կամ ջրի ուժի կիրառում և որոշ տեսակի մանրաթելի մշակում» («Reports etc. for 31st October 1864», էջ 8)։
- ↑ Այդ՝ այսպես կոչված, տնային արդյունաբերության վիճակի մասին անչափ հարուստ նյութ են տալիս «Children's Employment Commission»-ի վերջին հաշվետվությունները։
- ↑ «Վերջին սեսիայի (18Տ4 թ.) օրենքները... վերաբերում են զանազան արտադրությունների, որոնց արտադրական մեթոդները շատ տարբեր են. մեքենաները շարժման մեջ դնելու համար մեքենական ուժի կիրառումն առաջվա նման այլևս անհրաժեշտ պայման չէ, որպեսզի ձեռնարկությունը օրենքի լեզվով «գործարան» համարվի («Reports etc. for 31st October 1864», էջ 8)։
- ↑ Բելգիան, մայր-ցամաքային լիբերալիզմի դրախտը, այս շարժման հետքեր անգամ երևան չի բերում։ Նույնիսկ նրա ածխահանքերում ու մետաղահանքերում երկու սեռի ու ամեն հասակի բանվորները գործ են ածվում լիակատար «ազատությամբ» ամեն ժամանակ և ամեն տևողությամբ։ Արդյունաբերության այդ ճյուղերում զբաղված յուրաքանչյուր հազար մարդու ընկնում է 733 տղամարդ, 88 կին, 135 տղա ու 44 աղջիկ 16 տարեկանից փոքր, հալոցագործարաններում և այլն՝ յուրաքանչյուր հազար մարդու ընկնում է՝ 668 տղամարդ, 149 կին, 98 տղա և 85 աղջիկ 16 տարեկանից փոքր։ Սրա վրա դեռ ավելանում է հասուն ու տհաս աշխատուժերի հսկայական շահագործման համար տրվող ցածր աշխատավարձը, որ միջին հաշվով օրական անում է 2 շիլլինգ 8 պենս տղամարդկանց, 1 շիլլինգ 8 պենս կանանց, 1 շիլլինգ 2½ պենս դեռահասների համար։ Դրա փոխարեն Բելգիան 1863 թվականին, 1850 թվականի համեմատությամբ, համարյա կրկնապատկել է իր արտահանած քարածխի, երկաթի ու այլ ապրանքների քանակն ու արժեքը։
- ↑ Երբ Ռոբերտ Օուենն այս դարի երկրորդ տասնամյակի հենց սկզբին հանդես եկավ ո՛չ միայն թեորիապես պաշտպանելու աշխատանքային օրը սահմանափակելու անհրաժեշտությունը, այլև տասժամյա օրն իսկապես մտցրեց Նյու-Լենարկի իր գործարանում, այդ փորձը ծաղրում էին որպես կոմունիստական ուտոպիա,— ճիշտ այնպես, ինչպես ծաղրում էին նրա «Արտադրողական աշխատանքի միացումը երեխաների կրթության հետ» կամ բանվորների կոոպերատիվ ձեռնարկությունները, որ նա էր կյանքի կոչել։ Ներկայումս առաջին ուտոպիան դարձել է գործարանային օրենք, երկրորդը ամեն մի «Factory Act»-ում [գործարանային օրենքում] գործ է ածվում որպես պաշտոնական ֆրազ, երրորդը մինչև անգամ ծառայում է որպես ռեակցիոն շառլատանության քողարկում։
- ↑ Ure: (ֆրանս. թարգմ.) «Philosophie des Manufactures». Paris 1836, հ. II, էջ 39, 40, 67, 77 և այլն։
- ↑ «Փարիզի միջազգային վիճակագրական կոնգրեսի 1855 թվականի» Compte Rendu-ի [հաշվետվության] մեջ ի միջի այլոց ասված է. «Ֆրանսիական օրենքը, որը գործարաններում ու արհեստանոցներում օրական աշխատանքի տևողությունը սահմանափակում է 12 Ժամով, այդ աշխատանքի համար չի սահմանում որոշակի հաստատուն ժամեր (ժամանակաշրջաններ), որովհետև միայն երեխաների աշխատանքի համար է ժամանակաշրջան նշանակվում առավոտյան ժամի 5-ի ու երեկոյան ժամի 9-ի միջև։ Այդ պատճառով գործարանատերերի մի մասն օգտվում է այն իրավունքից, որ նրան ընձեռում է այս ճակատագրական լռությունը, որպեսզի բանվորներին առանց ընդմիջումի հարկադրի աշխատելու ամեն օր, թերևս բացի կիրակի օրերից։ Դրա համար նրանք կիրառում են բանվորների երկու՝ տարբեր հերթափոխեր, որոնցից ոչ մեկը արհեստանոցում 12 ժամից ավելի չի անցկացնում, բայց ձեռնարկության մեջ արտադրությունը շարունակվում է թե՛ ցերեկը և թե՛ գիշերը։ Օրենքի պահանջները բավարարված են, բայց արդյոք մարդասիրության պահանջնե՞րն էլ են բավարարված»։ Բացի այն «քայքայիչ ազդեցությունից, որ գիշերային աշխատանքն անում է մարդկային օրգանիզմի վրա», նշվում է֊ նաև «աղոտ լուսավորված միևնույն արհեստանոցներում երկու սեռերի գիշերային համատեղ աշխատանքի ճակատագրական ազդեցությունը»։
- ↑ «Այսպես, օրինակ, իմ օկրուգում միևնույն գործարանային շենքի մեջ միևնույն գործարանատերը, որպես ճերմականոցի տեր ու ներկարանի տեր, ենթարկվում է «ճերմականոցների ու ներկարանների օրենքին», որպես չթադրոշմանոցի տեր՝ «Printwork’s Act»-ին [«Չթադրոշմիչ գործարանների օրենք»-ին], և որպես finisher [վերջին մշակող] — «Factory Act»-ին [«Գործարանային օրենքին»]»։ (Պ. Բեկերի զեկուցագիրը «Reports etc. for 31th October 1861»-ում էջ 20։) Այս օրենքների տարբեր որոշումներն ու նրանցից առաջացող բարդությունները թվելուց հետո պարոն Բեկերն ասում է. «Տեսնում ենք, թե ինչպես դժվար է այս 3 պառլամենտական օրենքների կատարումն ապահովելը, եթե գործարանի տերն ուզենա օրենքը շրջանցել»։ Բայց դրա փոխարեն պարոնայք իրավաբանների համար այդ արդեն հաստատապես ապահովում է դատական պրոցեսները։
- ↑ Այսպես, գործարանային տեսուչները, վերջապես, սիրտ են անում ասել. «Այդ առարկությունները (որ կապիտալն անում է աշխատաժամանակի օրենսդրական սահմանափակման դեմ) պետք է խոնարհվեն աշխատանքի իրավունքների լայն սկզբունքի առաջ... Գալիս է ժամանակը, երբ դադարում է գործատիրոջ իրավունքը իր աշխատողի աշխատանքի նկատմամբ, և աշխատողի ժամանակը նրա սեփականությունն է դառնում նույնիսկ այն դեպքում, երբ դեռևս չկա ուժասպառման հարցը» («Reports etc. for 31st October 1862», էջ 54)։
- ↑ «Մենք, Դանկերկի բանվորներս, հայտարարում ենք, որ աշխատաժամանակի այն տևողությունը, որ պահանջվում է ներկա սիստեմի օրով, չափազանց մեծ է և հանգստանալու ու զարգանալու ժամանակ չի թողնում բանվորին, այլ, ընդհակառակը, նրան իջեցնում է ստրկացման վիճակի, որը ստրկությունից առանձնապես չի տարբերվում («a condition of servitude but little better than slavery»)։ Այս պատճառով մենք վճռեցինք, որ աշխատանքային օրվա համար 8 ժամը բավական է, և օրենքը պետք է բավարար համարի այն. մենք մեզ աջակցելու կոչ ենք անում մամուլին, այդ հզոր լծակին... իսկ այն բոլոր մարդկանց, ովքեր կզլանան այդ աջակցությունը, մենք կհամարենք բանվորական ռեֆորմի ու բանվորների իրավունքների թշնամի» (Նյու-Յորքի նահանգի Դանկերկի բանվորների որոշումները, 1866 թ.)։
- ↑ «Reports etc. for 31th October 1848», էջ 112։
- ↑ «Այդ գործողությունները (կապիտալի մանեվրները, օրինակ, 1848—1850 թվականներին), բացի դրանից, անհերքելի ապացույց տվին, թե որքան սխալ է այնքան հաճախ առաջ քաշվող այն պնդումը, թե իբր բանվորները հովանավորման կարիք չունեն և պետք է դիտվեն որպես ագենտներ, որոնք միանգամայն ազատորեն տնօրինում են իրենց միակ սեփականությունը, այսինքն՝ իրենց ձեռքի աշխատանքը և իրենց ճակատի քրտինքը» («Reports etc. for 30th April 1850», էջ 45)։ «Ազատ աշխատանքը, եթե ընդհանրապես կարելի է այդ անունը տալ նրան, նույնիսկ ազատ երկրում օրենքի ուժեղ ձեռք է պահանջում իր պաշտպանության համար» («Reports etc. for 31st October 1864», էջ 34)։ «Թույլատրել կամ, որ միևնույն բանն է, հարկադրել... օրական 14 ժամ աշխատեի ուտելու ընդմիջումներով կամ առանց դրանց և այլն» («Reports etc. for 30th April 1863», էջ 40)։
- ↑ Friedrich Engels: «Die englische Zehnstundenbill» («Neue Rheinische Zeitung», Aprilheft, 1850, էջ 5)։ [Ф. Энгельс: «Английский билль о десятичасовом рабочем дне»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 101։]
- ↑ Տասժամյա աշխատանքային օրվա բիլլն արդյունաբերության այն ճյուղերում, որոնք ենթարկված են նրան,— «բանվորներին փրկեց կատարյալ այլասերումից և իր պաշտպանության տակ առավ նրանց ֆիզիկական առողջությունը» («Reports etc. for 31st October 1859», էջ 47)։ «Կապիտալը (գործարաններում) չի կարող մեքենաները շարժման մեջ պահել սահմանափակված ժամանակից ավելի՝ առանց վնաս պատճառելու նրանցով զբաղված բանվորների առողջությանն ու բարոյականությանը, իսկ բանվորներն ի վիճակի չեն իրենք իրենց պաշտպանելու» (նույն տեղում, էջ 8)։
- ↑ «Է՛լ ավելի մեծ բարիքն այն է, որ, վերջապես, պարզ սահման է անցկացվում բանվորի սեփական ժամանակի և նրա գործատիրոջ ժամանակի միջև։ Բանվորը հիմա գիտե, թե ե՛րբ է վերջանում իր վաճառած ժամանակը և ե՛րբ է սկսվում իր սեփական ժամանակը, և, առաջուց իր ժամանակը ճիշտ իմանալով, նա կարող է ամենանպատակահարմար կերպով բաշխել իր սեփական րոպեները» (նույն տեղում, էջ 52)։ «Իր սեփական ժամանակի տերը դարձնելով բանվորին, նրանք (գործարանային օրենքները) նրան բարոյական ուժ ներշնչեցին, որը նրան մղում է քաղաքական իշխանությանը տիրապետելու» (նույն տեղում, էջ 47)։ Գործարանային տեսուչները զսպված հեգնանքով ու շատ զգույշ արտահայտություններով, ակնարկում են, որ տասժամյա աշխատանքային օրվա այժմյան օրենքը որոշ չափով կապիտալիստին էլ, որպես կապիտալի սոսկ մարմնացման, ազատեց նրան իբնե հատուկ կոպտությունից և նրան ժամանակ տվեց մի քիչ «կրթվելու» համար։ Առաջ «գործատերը ոչ մի բանի ժամանակ չուներ, բացի փող դատելուց, իսկ ծառայողը ոչ մի բանի ժամանակ չուներ բացի աշխատելուց» (նույն տեղում, էջ 48)։
- ↑ Ինչպես երևում է, այս տարրական օրենքն անծանոթ է վուլգար տնտեսագիտության լագերին պատկանող պարոններին,— այդ թարսած Արքիմեդները երևակայում են, թե իբր աշխատանքի շուկայական գինը պահանջարկով ու առաջարկով որոշելով գտել են հենակետը, սակայն ոչ թե երկրագունդը շուռ տալու, այլ նրա շարժումը կանգնեցնելու համար։
- ↑ Այս մասի ավելի մանրամասն «Չորրորդ գրքում»։
- ↑ «Հասարակության աշխատանքը, այսինքն՝ տնտեսության մեջ կիրառվող ժամանակը, տվյալ մեծություն է, ասենք մեկ միլիոն բնակչությունից ամեն մեկին օրական 10 ժամ, կամ տասը միլիոն ժամ... Կապիտալն ունի աճման իր սահմանը։ Այդ սահմանին կարելի է հասնել ամեն մի տվյալ ժամանակաշրջանում օգտագործելով այն ամբողջ ժամանակը, որը տրամադրվում է արտադրողական կիրառման համար» («An Essay on the Political Economy of Nations». London 1821, էջ 47, 49)։
- ↑ «Ֆերմերը չի կարող հույս դնել իր սեփական աշխատանքի վրա, իսկ եթե նա այդ անում է, ապա ես ցույց կտամ, որ նա տուժում է դրանից։ Նրա զբաղմունքը պետք է լինի ընդհանուր հսկողությունը ամբողջի վրա. հարկավոր է հսկել կալսողին, ապա թե ոչ վերջինի վճարած վարձը կկորչի, որովհետև հացահատիկ չի կալսվի. նա պետք է հսկի իր հնձվորներին, քաղվորներին և այլն. նա պետք է շարունակ շրջի իր տնտեսությամբ զբաղեցրած ամբողջ տարածությունը. նա պետք է հետևի, որ այտեղ ոչ մի թերացում չլինի, այդ կպատահի, եթե նա գամված մնա մի որևէ տեղում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms etc. By a Farmer». London 1773, էջ 12)։ Այս աշխատությունը շատ հետաքրքրական է։ Նրա հիման վրա կարելի է ուսումնասիրել, թե ինչպես է ծագել «Capitalist farmer»-ը [«կապիտալիստ ֆերմերը»] կամ «merchant farmer»-ը [«առևտրական ֆերմերը»], ինչպես որ նա ուղղակի անվանված է այստեղ, և լսել նրա ինքնամեծարումը «small farmer»-ի [«մանր ֆերմերի»] հանդեպ, որի գործն ըստ էության ապրուստի միջոցներ ճարելն է։ «Կապիտավիստների դասակարգը սկզբում մասամբ, իսկ վերջիվերջո բոլորովին ազատագրվում է ձեռքի աշխատանքի անհրաժեշտությունից» («Text-book of Lectures on the Political Economy of Nations. By the Rev. Richard Jones». Hertford 1852, Lecture III, էջ 39)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 316։]
205a Արդի քիմիայում կիրառում գտած և առաջին անգամ Լորանի և Ժերարի կողմից գիտականորեն զարգացված մոլեկուլյար թեորիան հենց այս օրենքի վրա է հիմնվում։
3-րդ հրատ. հավելում.— Քիմիային անծանոթ անձերի համար բավական մութ այս դիտողությունը պարզաբանելու նպատակով մատնանշենք, որ հեղինակն այստեղ խոսում է ածխաջրածնային միացությունների մասին, որոնք սկզբում Ժերարը 1843 թվականին անվանեց «Հոմոլոգիկական շարքեր». սրանցից յուրաքանչյուրն իր սեփական հանրահաշվական ֆորմուլան ունի։ Օրինակ, պարաֆինի շարքը՝ [math]C_nH_{2n+2}[/math] նորմալ ալկոհոլների շարքը` [math]C_nH_{2n+2}O[/math], նորմալ ճարպային թթուների շարքը՝ [math]C_nH_{2n}O_2[/math] և ուրիշ շատերը։ Բերված օրինակներում մոլեկուլյար ֆորմուլային [math]CH_2[/math]-ի սոսկ քանակական հավելում անելու միջոցով ամեն անգամ որակապես տարբեր մարմին է ստացվում։ Այս կարևոր փաստը հավաստելու գործում Լորանի և Ժերարի մասնակցության մասին, որ գերագնահատել է Մարքսը, հմմտ. Kopp: «Entwicklung der Chemie», München 1873, էջ 709 և 719, և Schorlemmer: «Rise and Development of Organic Chemistry», London 1879, էջ 54։ Ֆ. Է. - ↑ Մարտին Լութերն այս տեսակ հաստատություններն անվանում է «die Gesellschaft-Monopolia» [«մոնոպոլիա-ընկերություն»]։
- ↑ «Reports of Insp. of Fact. for 30th April 1849», էջ 59։
- ↑ «Reports of Insp. of Fact. for 30th April 1843», էջ 60։ Գործարանային տեսուչ Ստյուարտը, ինքն էլ շոտլանդացի և, անգլիական գործարանային տեսուչներին հակառակ, ամբողջովին տոգորված կապիտալիստական մտածելակերպով, ուղղակի հայտարարում է, թե այդ նամակը, որ նա կցում է հաշվետվությանը, «ամենա օգտակար հաղորդումն է, որ երբևիցե արել է Relaissystem-ը կիրառող գործարանատերերից որևէ մեկը, և առանձնապես ուղղված է այն նպատակին, որ վերացնի այդ սիստեմի վերաբերմամբ եղած նախապաշարմունքներն ու առարկությունները»։