Էտաոին Շրդլու

Գրապահարան-ից
Էտաոին Շրդլու

հեղինակ՝ Ֆրեդերիկ Բրաուն
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Աստղային կարուսել»

Սկզբում Ռոնսոնի լինոտիպի հետ պատահածը բավական զվարճալի էր թվում։ Բայց վերջը դեռ շատ հեռու էր, երբ փչեց խանձվածի հոտ։ Ու չնայած Ռոնսոնը կարգին ըարստացավ այդ գործարքից, ես երբեք կոծոծով մարդուն չէի ուղարկի նրա մոտ, եթե իմանայի, թե դրանից ինչ պիտի դուրս գար։ Շատ թանկ նստեց Ռոնսոնի վրա առասպելական հարստությունը։

— Միսթր Ուլթեր Մերո՞լդ, — տեղեկացավ կոծոծով մարդուկը։ Նա եկել էր այն հյուրանոցը, որտեղ ապրում էի, եւ ես կարգադրեցի ուղեկցել նրան իմ համարը։

Ես ասացի, որ հենց միսթր Մերոլդն եմ, եւ նա ասաց․

— Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար, միսթր Մերոլդ, իմ անունը…

Նա ասաց իր անունը, բայց ես չհիշեցի այն։ Չնայած սովորաբար լավ եմ հիշում անունները։

Ես ասացի, որ երջանիկ եմ նրա հետ հանդիպելու համար եւ հարցրի, թե ինչ է կամենում։ Նա սկսեց բացատրել իր գործը, բայց ես շատ շուտ ընդհատեցի նրան։

— Ձեզ մոլորության մեջ են գցել, — ասացի նրան։ — Այո, մի ժամանակ ես մասնագետ տպագրիչ էի, բայց հիմա թողել եմ այդ գործը։ Եվ ընդհանրապես ձեզ հայտնի է, որ լինոտիպի համար ոչ ստանդարտ մատրիցաներ պատրաստելն անասելի թանկ է։ Իսկ եթե ձեզ այդքան պետք է տպել մի էջ խզբզանքը, ապա ավելի լավ է այդ էջը գրեք ձեռքով ու դրանից հետո պատրաստվի ցինկով ֆոտոռեպրոդուկցիա։

— Բայց հենց դա ինձ ձեռք չի տալիս, միսթր Մերոլդ։ Ոչ մի դեպքում։ Այս ամենը, իմացեք, պետք է խիստ գաղտնի մնա։ Այն անձնավորությունըները, որոնց ես ներկայացնում եմ… Բայց մի կողմ թողնենք նրանց։ Ֆոտոռեպրոդուկցիա պատրաստելու համար ես ստիպված պիտի լինեմ այն ցույց տալ ուրիշներին, ինչը որ իրավունք չունեմ անելու։

Խելագար է, մտածեցի ես, ու ավելի ուշադիր նայեցի նրան։ Նա նման չէր խելագարի։ Ընդհանրապես շատ սովորական տեսք ուներ, թեեւ ինչ֊որ արտասահմանյան բան կար նրա մեջ, ես կասեի՝ ասիական, չնայած որ նա սպիտակ մաշկով շիկահեր էր։ Եվ ճակատին էլ, ուղիղ մեջտեղում, քթարմատի վերեւում մի կոծոծ ուներ։ Այդպիսի կոծոծ կարելի է տեսնել Բուդդայի արձանների վրա․ Արեւելքի բնակիչները դա անվանում են իմաստության կոծոծ։

Ես ուսերս թոթվեցի։

— Լսեք, — ասացի, — իսկ ով կարող է ձեր այդ խզբզոցներով մատրիցաներ սարքել ձեզ համար, չտեսնելով այդ խզբզանքը։ Ես հենց նա, ով մեքենայի վրա շարի, նույնպես կտեսնի…

— Օ, այդ բոլորը ես ինքս կանեմ, — ասաց կոծոծով մարդուկը։ (Հետագայում ես ու Ռոնսոնը նրա անունը դրինք ԿՄ, որը «Կոծոծով մարդու» կրճատ ձեւն էր, որովհետեւ Ռոնսոնն էլ մոռացավ նրա իսկական անունը․ բայց ես շատ առաջ եմ ընկնում)։ — Բնականաբար, փորագրողը դրանք կտեսնի, բայց նա դրանք կտեսնի որպես առանձին տառեր, իսկ դա նշանակություն չունի։ Իսկ տեքստը ես կշարեմ լինոտիպով։ Որեւէ մեկին ինձ ցույց կտա, թե դա ինպչես պետք է անել, չէ որ ես պետք է շարեմ ընդամենը մեկ էջ, ընդամենը մի քսան տող, ոչ ավելի։ Եվ պարտադիր չէ, որ տեքստն այստեղ տպագրվի։ Ինձ միայն շարվածքն է հարկավոր։ Եվ նշանակություն չունի, թե դա որքան կարժենա։

— Լավ, — ասացի ես։ — Ձեզ կուղարկեմ մի մարդու մոտ, Մերգանթեյլեր, փորագրողների մոտ։ Նրանք ձեզ համար մատրիցաներ կսարքեն։ Այնուհետեւ, եթե ձեզ այդքան անհրաժեշտ է մեկուսանալն ու լինոտիպով շարելը, հանդիպեք Ջորջ Ռոնսոնին։ Շաբաթը երկու անգամ նա լույս է ընթայում մեր տեղական լրագրիկը։ Մատչելի գնով նա ձեզ կզիջի իր տպարանը, այնքան ժամանակով, որքան որ կպահանջվի տեքստը շարելու համար։

Այդպես էլ եղավ։ Երկու շաբաթ հետո, երեքշաբթի առավոտյան ես ու Ջորջը գնացինք ձուկ բռնելու, իսկ ԿՄ֊ն այդ ժամանակ Ռոնսոնի լինոտիպով շարում էր տեքստը սոսկալի տեսք ունեցող մատրիցաների օգնությամբ, որոնք հենց նոր ստացել էր Մերգանթեյլերից օդային էքսպրեսի միջոցով։ Նախորդ օրը երեկոյան Ջորջը մարդուկին ցույց էր տվել, թե ինչպես պետք է աշխատել լինոտիպով։

Մենք մի դյուժին ձուկ բռնեցինք, եւ, հիշում եմ, Ռոնսոնը ծիծաղելով ասաց, որ ինքը մի ձկնիկ էլ է բռնել՝ տպարանում մեկ առավոտ աշխատելու համար ԿՄ֊ն նրան տվել էր հիսուն դոլար։

Եվ երբ մենք վերադարձանք, ամեն ինչ կարգին էր, եթե հաշվի չառնենք, որ Ռոնսոնը ստիպված եղավ մետաղամատուցիչից քերել թափել պղինձը, քանի որ ԿՄ֊ն ջարդուփշուր էր արել իր պղնձե մատրիցաները, երբ դրանց կարիքն արդեն չէր եղել, եւ չգիտեր, որ չի կարելի տպագրական ձուլվածքը խառնել պղնձի հետ։

Հաջորդ անգամ Ջորջի հետ հանդիպեցինք այն բանից հետո, երբ կարդացի նրա լրագրի շաբաթօրյա համարը։ Ես իսկույն վրա պրծա։

— Ոնց չես ամաչում, — ասացի։ — Դիտավորյալ ուղղագրական սխալներ անելը եւ հասարակ, գռեհիկ բառեր օգտագործելը վաղուց դուրս է եկել մոդայից։ Դա նույնիսկ գավառական թերթերին չի վայելում։ Դա ինչ գռեհիկություն է․ շրջակա քաղաքներից ստացված նամակները տպել հենց այն վիճակով, ինչպես որ դրանք ստացվել են։ Ինչու, առավել արժանահավատության համա՞ր։

Ռոնսոնը տարօրինակ հայացքով նայեց ինձ ու կմկմաց․

— Դե… հա։

— Ինչը՞ ա,— վրա էի տալիս ես, — Դու ուզում ես ասել, որ հետեւում ես հնացած մոդային, թե դա անում ես առավել…

— Գնանք, ես քեզ բան պիտի ցույց տամ, — ասաց նա։

— Ի՞նչ։

— Այն, ինչ ուզում եմ ցույց տալ քե, — ասաց նա մշուշապատ։ — Դու հո չե՞ս մոռացել տառեր շարելը։

— Իհարկե։ Հետո՞ ինչ։

— Դե ուրեմն գնանք,— խիստ ասաց նա։ — Դու փորձված լինոտիպիստ ես, եւ հետո դու ինքդ ինձ քաշեցիր այդ գործի մեջ։

— Ինչի՞։

— Հենց դրա,— ասաց նա եւ այլեւս ոչ մի բառ չավելացրեց, մինչեւ հասանք նրա տպարանը։ Քրքրելով սեղանի դարակները, նա մի թուղթ հանեց ու մեկնեց ինձ։

Նրա դեմքը մի տեսակ տխուր էր։

— Ուոլթեր,— ասաց նա, — գուցե ես ցնդել եմ, բայց ես կուզեի պարզել, իրո՞ք դա այդպես է։ Միանգամայն հնարավոր եմ համարում, որ քսաներկու տարի տեղական թերթ հրատարակելը, ամեն ինչ սեփական ձեռքերով աենլը եւ թե մերոնց, եւ թե ձերոնց հաճոյանալը լրիվ բավական է ցնդելու համար, բայց, այնուամենայնիվ, կուզեի դա հաստատ իմանալ։

Ես նայեցի նրան, հետո թղթին, որ տվեց ինձ։ Դա շատ սովորական «տեղից եկած» նամակ էր, եւ ես իսկույն ճանաչեցի Հենք Ռոգի ձեռագիրը, որը եկաթեղեն է վաճառում Հեյլզ֊Կորներզում, որտեղից եւ տեղական թեմաներով հաղորդումներ էր ուղարկում Ռոնսոնին։ Ես նկատեցի Հենքի համար սովորական ուղղագրական սխալները, բայց հաղորդումն ինձ համար նորություն չէր։ Այն հայտնում էր «Հ․ Մ․ Կլեֆլինի եւ միսս Մարջորի Բյորկի հառսանիքը երեկ տեղի ունեցավ հառսնացուի տանը։ Ընգերուհիներն էին…»

Ես նայեցի Ջորջին, չհասկանալով, թե նա ինչ է ուզում ասել։

— Հետո ի՞նչ։ Սա երկու օր առաջ է եղել, եւ ես ինքս էլ գնացել եմ այդ հարսանիքին։ Ոչ մի առանձնահատուկ բան…

— Լսիր, Ուոլթեր, — ասաց նա, — շարի այդ տեքստը։ Գնա այ այնտեղ, նստիր լինոտիպի առաջ եւ շարիր այդ նամակը։ Դա տասը֊տասներկու տողից ավելի չի լինի։

— Լավ, բայց ինչո՞ւ։

— Որպեսզի… Դու նախ շարիր, Ուոլթեր։ Իսկ հետո ես քեզ կաեսմ թե ինչու։

Ես գնացի տպարան, նստեցի լինոտիպի առաջ եւ սկզբում շարեցի մի երկու տող, որ մատներս վարժվեն ստեղներին, իսկ հետո նամակը դրեցի դիմացս եւ գործի անցա։ Ես ասացի․

— Լսիր, Ջորջ, Մարջերին իր անունը «ե»֊ով է գրում, չէ, եւ ոչ թե «ո»֊ով։

— Ճիշտ է, — տարօրինակ ձայնով արձագանքեց Ռոնսոնը։

Ես շարեցի տեքստը, նայեցի Ռոնսոնին ու հարցրի։

— Հետո՞։

Նա մոտեցավ, անկյունից վերցրեց տողաշարը եւ կարդաց շրջված տեքստը, ինչպես տպագրիչների մոտ ընդունված է շարվածքը կարդալը։ Հետո հոգոց հանեց եւ ասաց․

— Ուրեմն, մեղքն իմը չէ։ Հապա նայիր, Ուոլթեր։

Նա շարվածքն ինձ տվեց, ու ես էլ կարդացի։ Ավելի ճիշտ՝ ստսեցի կարդալ։

«Հ․ Մ․ Կլեֆլինի եւ միսս Մարջորի Բյուրկի հառսանիքը երեկ երեկոյան տեղի ունեցավ հառսնացուի տանը։ Ընգերուհիներն էին…»

Ես քմծիծաղ տվի։

— Փառք աստծու, Ջորջ, որ ես հիմա ստիպվա չեմ սրանով հաց վաստակելու։ Մատներս էլ չեն հնազանդվում։ Առաջին երեք տողում՝ երեք սխալ։ Բայց սա ի՞նչ բան է։ Կարող ես ինձ ասել, թե ինչու ինձ ստիպեցիր այդ հիմարությունը շարել։

Նա պատասխանեց․

— Ուոլթեր, բարի եղիր, մի անգամ էլ շարիր։ Ես… Ես կուզեի, որ դու ինքդ դա հասկանայիր։


Ես նայեցի նրան։ Նա այնքան լուրջ ու մտահով թվաց ինձ, որ չվիճեցի հետը, այլ շրջվեցի ստեղների կողմը եւ շարեցի․

«Հառսանիքը»… Հետո աչքերս հառեցի շարվածքին եւ կարդացի․ «Հառսանիքը»…

Լինոտիպը մի առավելություն ունի, որի մասին դուք, հնարավոր է, չգիտեք, եթե տպագրիչ չեք։ Դուք միշտ կարող եք սխալն ուղղել տողի մեջ, եթե գլխի ընկնեք մինչեւ լծակը սեղմելը, որով շարած տողը ուղարկում եք ձուլման։ Դուք ուղղակի վերցնում եք ձեզ հարկավոր մատրիցան եւ ձեռքով դնում հարկ եղած տեղը։

Դե, ես էլ խփեցի «ր» ստեղնին, որ ստանամ «ր» մատրիցան եւ ուղղեմ «հառսանիք» բառի մեջ եղած տառասխալը։ Բայց ոչինչ չստացվեց։ Ստեղնը նորմալ կերպով զրնգուն չրխսաց, բայց «ր» մատրիցան դուրս չեկավ։ Ես ստուգեցի ստեղները, գուցե ինչ֊որ բան փչացե՞լ է։

— Մաշվել է, — ասացի ես։

Որպեսզի վերջնականապես համոզվեմ, դարձյալ սեղմեցի «ր» ստեղնը եւ ունկնդրեցի զրնգուն չրխկոցներին։ Բայց «ր» մատրիցան այդպես էլ դուրս չեկավ, ու ես ձեռքս մեկնեցի…

— Ձեռք քաշիր, Ուոլթեր,— հանգիստ ասաց Ջորջ Ռոնսոնը։ — Տողդ վերջացրու եւ շարունակիր։

Ես նորից նստեցի ու որոշեցի, որ կշարունակեմ վարճացնել նրան։ Ես այդպիսով ավելի շուտ կպարզեմ, թե ինչ կա նրա մտքին, քան եթե սկսեմ հետը վիճել։ Ես վերջացրի առաջին տողը, սկսեցի երկրորդը եւ հասա «Մարջերի» բառին։ Սեղմեցի «Մ» ստեղնը, հետո «ա»֊ն, «ր»֊ն, «ե»֊ն… Եվ հայացքս ընկավ շարվածքին։ Մատրիցայի տողում շարված էր․ «Մարջո»…

— Գրողը տանի,— փնթփնթացի ես ու նորից սեղմեցի «ե» ստեղնը, որ «ռ» մատրիցան փոխեմ «ե»֊ով, բայց ոչինչ չստացվեց։ Ես սեղմում էի «ե» ստեղնը, բայց մատրիցան դուրս չէր գալիս։

— Գրողը տանի, — նորից կրկնեցի ես ու վեր կացա, որ ստուգեմ հրիչը։

— Հը՞, տեսա՞ր, Ուոլթեր,— ասաց Ջորջը։ Նրա ձայնի մեջ կար եւ հաղթանակի նման բան (իմ նկատմամբ, ինչպես կարծում եմ), եւ ինչ֊որ վախ ու բացահայտ շփոթվածության, ճակատագրին հնազանդվելու երանգ։— Հիմա հասկացա՞ր, թե բանն ինչումն է, մեքենաս ճշգրտությամբ հետեւում է բնագրին։

— Ի՞նչ…

— Դրա համար էլ ես ուզում էի, որ դու ինքդ փորձես, Ուոլթեր, — ասաց նա։— Ուղղակի ուզում էի համոզվել, որ մեղքը մեքենայինն է, եւ ոչ թե իմը։ Այ նայիր, նամակում «հարսանիքի» փոխարեն գրված է «հառսանիք» եւ «Մարջերիի» փոխարեն՝ «Մարջորի»… եւ որ ստեղներն էլ որ դու սեղմես, դուրս կգան հենց այդ մատրիցաները։

— Հիմարություն,— ասացի ես։ — Դու հաստատ հարբած ես, Ջորջ։

— Կարող ես չհավատալ ինձ,— առարկեց նա։— Ապա մի փորձիր տողերը ճիշտ շարել։ Ուղղիր ապա «ընգերուհիներ» բառի սխալը։

Ես քթիս տակ ծիծաղեցի, նայեցի թե որ բառից է սկսվում չորրորդ տողը ու սկսեցի շարել։ Սեղմեցի «ը»֊ն ու «ն»֊ն կանգ առա։ Զգուշորեն եւ շատ դանդաղ, աչքս չկտրելով ստեղներից, ցուցամատս դրեցի «կ» ստեղնի վրա եւ սեղմեցի։ Ես տեսա, ինչպես մատրիցան չրխկոցով անցավ հրիչի միջով եւ տեսա, ինչպես ընկավ տառակալի մեջ։ Ես համոզված էի, որ սեղմել եմ ճիշտ ստեղնը, բայց… Այո, դուք արդեն կռահեցիք։ Դուրս եկավ «գ» մատրիցան։

— Չեմ հավատում,— ասացի ես։

Ջորջ Ռոնսոնը ինձ նայեց տագնապով, խեթ,խեթ քմծիծաղ տալով։

— Ես էլ, — ասաց նա։— Լսիր, Ուոլթեր, մի քիչ գնամ դուրս, թե չէ արդեն ցնդում եմ։ Այլեւս ոչ մի րոպե չեմ կարող այստեղ մնալ։ Իսկ դու շարունակիր եւ փորձիր համոզել ինքդ քեզ։ Մեքենան քո տրամադրության տակ է։

Ես նայում էի նրա հետեւից, մինչեւ որ նա դուրս եկավ։ Ապա մի տարօրինակ զգացումով նորից շրջվեցի լինոտիպի կողմը։ Բավական շատ ժամանակ անցավ, նախքան ես համոզվեցի, բայց չհամոզվել՝ չէի կարող։

Որ ստեղներն էլ որ սեղմում էի, անիծյալ մեքենան ճշգրտությամբ կրկնում էր ձեռագրի բոլոր սխալները։

Ես որոշեցի գործը մինչեւ վերջ հասցնել։ Շարեցի առաջին երկու բառը, իսկ հետո հենց այնպես սկսեցի վերից֊վար սեղմել ստեղները, ինչ սովորաբար անում են դատարկ տողը լրացնելու համար՝ ԷՏԱՈԻՆՇՐԴԼՈՒ ԷՏԱՈԻՆՇՐԴԼՈՒ ԷՏԱՈԻՆՇՐԴԼՈՒ— ու չէի նայում տառակալին։ Հետո արդյունքը ուղարկեցի ձուլման, կաղապարից վերցրի տաք տողը ես կարդացի․ «Հ․ Մ․ Կեֆլինի եւ միսս Մարջորի հառսանիքը…»

Ճակատս պատվեց քրտինքով։ Ես սրբեցի այն, անջատեցի լինոտիպը եւ դուրս եկա Ջորջին փնտրելու։ Երկար չփնտրեցի, որովհետեւ նա հենց այնտեղ էր, որտեղ որ ես ենթադրում էի։ Ես էլ խմիչք պատվիրեցի։

Հենց որ մտա բար, նա նայեց երեսիս, եւ, իհարկե, հարկ չհամարեց հարցեր տալ։

Մենք իրար խփեցինք բաժակները եւ դատարկեցինք, ոչ մի բառ չփոխանակելով։ Հետո ես հարցրի։

— Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ է կատարվում։

Նա գլխով արեց։

— Սպասիր, մի խոսիր,— ասացի։ — Սպասիր, ես մի քիչ էլ խմեմ ու հետո նոր գուցե լսեմ քեզ։ — Ես ձայնս բարձրացրի ու ասացի։ — Հե՜յ, Ջո։ Մի այս շիշը դիր մեր կողքը։ Մենք կվճարենք։

Ջոն շիշը հրեց մեր կողմը, ու ես իսկույն լցրի բաժակս։ Հետո փակեցի աչքերս ու ասացի։

— Հրաշալի է, Ջորջ։ Դե հիմա ասա։

— Հիշո՞ւմ ես այն մարդուն, որը հատուկ մատրիցաներ պատվիրեց իր համար ու իմ լինոտիպով ինչ֊որ գաղտնի բաներ տպեց։ Անունը չեմ հիշում… Ո՞նց էր։

Ես էլ փորձեցի հիշել, բայց չկարողացա։ Նորից խմեցի ու առաջարկեցի։

— Անունը դնենք ԿՄ։

Ջորջը ցանկացավ իմանալ, թե դա ինչ է նշանակում, ես բացատրեցի, ու նա նորից լցրեց բաժակը եւ ասաց․

— Ես նամակ եմ ստացել նրանից։

— Շատ լավ է,— ասացի ես ու իսկույն հարցրի— Մո՞տդ է։

— Չէ։ Չպահեցի։

— Իսկ գոնե հիշո՞ւմ ես, թե ինչ կար մեջը, — հարցրի ես։

— Քիչումիչ հիշում եմ։ Ուշ֊շադիր չկարդացի… Ինձ թվաց, որ այդ մարդը մի քիչ… էն տեսակ է։ Ես նամակը դեն գցեցի։

Նա լռեց ու նորից խմեց։ Ի վերջո ես հոգնեցի սպասելուց ու հարցրի։

— Հետո՞։

— Ի՞նչը հետո՞։

— Նամակը։ Ի՞նչ «քիչումիչ» բան ես հիշում։

— Հա՜… — ասաց Ջորջը։— Հա՜… Մի երկու բան լիլո… լինլո… դե դու հասկանում ես, թե ինչ եմ ուզում ասել։

Այդ ժամանակ մեր առջեւ դրած շիշը արդեն այն շիշը չէր, որ կար սկզբում, որովհետեւ սա լիքն էր, կեսից շատ, իսկ նա կեսից էլ պակաս էր։ Ես շիշը վերցրի ձեռքս ու բաժակս լցրեցի։

— Ու ինշ էռ ասում նռա մասին։

— Ո՞ֆ։

— ԿՄ… ՍՄ֊ն։ Դե նամակ գրողը։

— Ի՞նշ նամակ,— հարցրեց Ջորջը։

Հաջորդ օրը կեսօրի մոտ արթնացա։ Սարսափելի վատ էի զգում։ Երկու ժամ պահանջվեց, մինչեւ լողացա, սափրվեցի խելքս գլուխս հավաքեցի ու դուրս եկա տնից։ Ուղիղ գնացի Ջորջի տպարանը։

Նա աշխատում էր տպագրական մեքենայի վրա, եւ նրա տեսքն էլ իմի պես վատ էր։ Ես ուղղակի մեքենայի վրայից վերցրի թերթի մի օրինակ ու նայեցի․ Ջորջի թերթը չորսյունականոց է, եւ մեջտեղի երկու սյունակները իսկական շիլափլավ են ներկայացնում իրենցից, բայց առաջինը եւ չորրորդը նվիրված են տեղական նորություններին։ Ես մի քանի հաղորդումներ կարդացի, այդ թվում նաեւ՝ «Հ․ Մ․ Կլեֆլինի ու միսս Մարջորիի հառսանիքի» մասին, նայեցի անկյունում սսկված լինոտիպին, հետո հայացքս փոխադրեցի Ջորջի վրա եւ ապա նորից՝ պողպատի ու չուգունի անշարժ զանգվածին։

Որպեսզի ձայնս լսվի տպագրական մեքենայի որոտի մեջ, ստիպված էի գոռալ․

— Լսի՜ր, Ջորջ… Ես լինոտիպի մասին… — Չէի ուզում աշխարհով մեկ գոռալ այն մասին, ինչ բավական հիմար էր հնդում ու դիմեցի կոմպրոմիսի։— Սարքեցի՞ր մեքենան,— հարցրի ես։

Նա գլուխն օրորեց ու անջատեց հաստոցը։

— Եղավ,— ասաց նա։— Հիմա մնում է դասավորել։

— Գրողը տանի քո թերթերը,— ասացի ես։ — Կուզեի իմանալ, թե դու ոնց ես հաջողացրել այսքանը տպել այսօր։ Երբ ես երեկ այստեղ էի, շարվածքի կեսն էլ իսկի պատրաստ չէր, հետո մենք հարբեցինք… ու ես չեմ հասկանում, թե դու երբ հասցրիր մյուս կեսն էլ տպել։

Նա քմծիծաղեց։

— Շատ հասարակ,— ասաց նա։ — Ինքդ էլ կարող ես փորձել։ Հարբած ես, թե խելքը գլխիդ՝ քեզանից միայն մի բան է պահանջվում՝ նստել մեքենայի մոտ, ձեռագիրը դնել գրկալին, խփել պատահած ստեղներին, ու շարվածքը պատրաստ է։ Հա, բոլոր սխալներով… բայց հիմա ես մինչեւ շարելը կուղղեմ ձեռագրերի սխալները։ Երեկ ես ինձ կորցրած էի, ու մեքենան ձեռագիրը շարել էր կուսական վիճակով։ Ուոլթեր, այս մեքենան սկսում է ինձ դուր գալ։ Այս տարի առաջին անգամ եմ թերթը ժամանակին տպագրում։

— Ըհը,— ասացի ես,— բայց…

— Ի՞նչը։ բայց։

— Բայց… — Ես ինձ հազիվ էի զսպում, որ չասեմ, թե մինչեւ հիմա էլ չեմ հավատում այդ բոլորին, բայց դե լեզուս չէր պտտվում․ ինչ ուզում եք ասեք, բայց, երբ երեկ նստեցի մեքենայի առաջ, բերանս մի կաթիլ խմիչք չէր մտել։

Ես մոտեցա մեքենային ու նորից ուտից֊գլուխ նայեցի։ Դա շատ սովորական միամայրատուփ լինոտիպ էր։ Ես անգիր գիտեի այդ մեքենան, նրա յուրաքանչյուր պտուտակը…

— Ջորջ,— ասացի անվստահ։— Ինձ թվում է, այս անիծյալ մեքենան նայում է վրաս։ Դու այդպիսի զգացում չունե՞ս։

Նա գլխով արեց։ Ես շրջվեցի ու նայեցի մեքենային։ Այս անգամ ոչ մի կասկած չկար արդեն։ Աչքերս փակեցի, տարօրինակ զգացողությունն ավելի ուժեղացավ։ Ձեզ ծանոթ կլինի այդ զգացումը, երբ հանկարծ ձեր վրա զգում եք ուրիշի հայացքը։ Իսկ այստեղ ավելի ուժեղ էր դա զգացվում։ Ես չէի ասի, որ դա թշնամական հայացք էր։ Ոչ, ավելի շուտ մի տեսակ անդեմ, անտարբեր։ Եվ ամբողջ մարմնով սարսռացի այդ հայացքից։

— Ջորջ,— ասացի,— արի դուրս գանք այստեղից։

— Ինչո՞ւ։

— Ես… Ջորջ, ես ուզում եմ քեզ հետ խոսել… Բայց այստեղ չեմ ուզում… խոսել։

Նա նայեց ինձ, հետո թերթերի կույտին, որոնք ձեռքով էր դասավորում։

— Մի վախենա, Ուոլթեր,— հանգիստ ասաց Ջորջը։ — Նա քեզ չի նեղացնի։ Նա մեր թշնամին չէ։

— Դու… — Ես ուզում էի ասել «ցնդել ես», բայց եթե նա ցնդել է, ապա ես էլ եմ ցնդել, ու դրա համար էլ լռեցի։ Մի րոպե մտածեցի ու ասացի․ — Ջորջ, երեկ դու սկսեցիր ինձ պատմել… ԿՄ֊ի նամակի մասին։ Ի՞նչ կար այդ նամակում։

— Ա՜հ, այ թե ինչի մասին ես մտածում։ Լսիր, Ուոլթեր։ Նախ դու պիտի խոսք տաս ինձ, որ ամեն ինչ խիստ գաղտնի կպահես։ որ ոչ մի հոգի…

— Ոչ մի հոգի չի իմանա,— ասացի ես։— Ես չեմ ուզում գժանոց ընկնել։ Այդքան էլ հիմար չեմ։ Մի՞թե դու կարծում ես, որ որեւէ մեկը ինձ կհավատա։ Ես ինքս էլ չէի հավատա, եթե… Հը, ուրեմն ի՞նչ կար նամակում։

— Բայց դու խոստանո՞ւմ ես։

— Անշուշտ։

— Լավ,— ասաց նա։— Կարծեմ, ես քեզ արդեն ասել եմ, որ նամակը մի տեսակ աղոտ էր, եւ ես էլ ավելի աղոտ եմ հիշում։ Այնտեղ ասվում էր, որ նա իմ լինոտիպից օգտվել է, որպեսզի տպի… ը… ը… մետաֆիզիկական բանաձեւ։ Ուրեմն տպի այդ բանաձեւը ու տանի հետը։

— Ո՞ւր տանի, Ջորջ։ — Ո՞ւր։ Նա գրել էր… Այսինքն, նա չէր գրել՝ ուր։ Ուղղակի այնտեղ, որտեղ վերադառնում էր, հասկանո՞ւմ ես։ Բայց նա գրել էր, որ այդ բանաձեւը կարող էր ինչ֊ինչ կերպ ազդել մեքենայի վրա, ու եթե այդպես եղել է արդեն, ապա ինքը շատ է ցավում, բայց անկարող է որեւէ բան փոխել։ Նրան ոչ մի որոշակի բան դեռեւս հայտնի չէ, որովհետեւ այդ ազդեցությունը միանգամից չի ի հայտ գալիս։

— Էլ ի՞նչ ազդեցություն։

— Հասկանո՞ւմ ես,— ասաց Ջորջը,— ինձ համար դա փքուն բառերի հավաքածու էր, եւ շատ էլ խրթին։— Նա նայում էր ներքեւ, թերթերին, որոնք շարունակում էր դասավորել։— Անկեղծորեն ասած, այդ ամենը ինձ զառանցանք թվաց, ու ես նամակը դեն շպրտեցի։ Բայց հիմա, այս բոլորից հետո… Օրինակ, ես հիշեցի «կեղծ կյանք» բառը։ Ըստ իս, դա ուղեցույց էր, թե անշունչ առարկաներին ինչպես կարելի է կեղծ կյանք հաղորդել։ Նա ասաց, որ իրենք դա անում ենմ… իրենց ռոսոտների վրա։

— Նրա՞նք։ Ովքե՞ր։

— Նա չէր գրել։

Ես ծխամորճս լցրի ու մտախոհ սկսեցի ծխել։

— Ջորջ,— որոշ ժամանակ հետո ասացի ես։— Ջարդիր ու գրողի ծոցը ուղարկիր դրան։

Ռոնսոնը աչքերը չռեց վրաս։

— Ջարդե՞մ։ Դու խելքդ հո չես թռցրել, Ուոլթեր։ Ով կսատկացնի ոսկե ձու ածող հավին։ Չէ որ սա հարստութչուն է։ Դու հո գիտես, թե ես ինչքան ժամանակում տպեցի այս թերթերը, ու հալա դեռ քեֆս լավ էր։ Ընդամենը մեկ ժամում։ Այ դրա համար էլ այսօր ժամանակին հասցրի…

Ես կասկածանքով նայեցի նրան…

— Վերջ տուր,— ասացի նրան։ — Շնչավոր է սա, թե շնչավոր չի, բայց լինոտիպն այնպես է սարքված, որ րոպեում կարող է շարել ընդամենը վեց տող։ Եվ ոչ ավելին, եթե դու նրա մեջ որեւէ բան չես փոխել։ Դե գուցե տասը տող, եթե գլանիկը ձգես։ Դու ուզում ես ասել, որ գլանիկը ձգե՞լ ես։

— Ես ոչ մի բան չեմ ձգել,— պատասխանեց Ջորջը։— Այս մեքենան ինքը մի այնպիսի արագությամբ է աշխատում, որ չես հասցնում հետեւել։ Հապա մի կաղապարին նայիր, Ուոլթեր, ձուլման կաղապարին նայիր։

Ես տհաճությամբ մոտեցա լինոտիպին։ Հանգիստ բզզում էր մոտորը, ու ես նորից պատրաստ էի երդվել, որ անիծյալ մեքենան ինձ զննում է ոտից֊գլուխ։ Բայց ինձ զսպեցի, ամուր բռնեցի լծակները, ետ գցեցի կափարիչը եւ նայեցի կաղապարաբռնիչին։ Եվ իսկույն հասկացա, թե ինչը նկատի ուներ Ջորջը․ ձուլակաղապարը վառ երկնագույն էր։ Դա ոչ թե ատրճանակի փողի կապտավուն երանգն էր, այլ երկնագույն, ինչպիսին երբեք մետաղը չի ունենում։ Եվ մյուս երեք կաղապարներն էլ էին լցվում այդ գույնով։

Ես շրխկոցով իջեցրի կափարիչը ու նայեցի Ջորջին։ Նա ասաց․


— Ես էլ չեմ հասկանում։ Միայն գիտեմ, որ այսպես եղավ, երբ կաղապարը շատ տաքացավ, եւ ձուլումը դադարեց։ Կարծում եմ, որ այստեղ ջերմամշակում է տեղի ունեցել։ Այժմ մեքենան շատ հանգիստ րոպեում ձուլում է հարյուր տող առանց եւ ոչ մի դադարի…

— Սպասիր,— ասացի ես,— շա՞տ չեղավ։ Այդպիսի արագության դեպքում դու չէիր հասցնի մետաղը դնել…

Նա ժպտաց։ Նրա ժպիտը վախեցած էր, բայց եւ հաղթական։

— Ապա մի այստեղ նայիր, Ուոլթեր։ Մետաղամատուցիչի մոտ լցման ճագար եմ դրել։ Ուրիշ ելք չկար, իմ ձուլակտորները տասը րոպեից վերջացան։ Հիմա ես հին շարվածքները եւ մետաղի կտորները ուղղակի լցնում եմ ձագարի մեջ եւ…

Ես գլուխս օրորեցի։

— Խելագար։ Ո՞վ է մետաղամատուցիչի մեջ չլվացված շարվածք ու մետաղի մնացորդներ լցնում։ Դու ստիպված կլինես խարամն ավելի շուտ֊շուտ հանել, քան կհասեցնես մետաղ լցնել։ Մխոցը կծածկվի խարամով, եւ…

— Ուոլթեր,— ցածր ասաց նա, նույնիսկ չափազանց ցածր,— ոչ մի խարամ չի լինում։

Ես բութ հայացքս հառեցի նրան, ու նա, ըստ երեւույթին, որոշեց, որ ավելին է ասել, քան պատրաստվում էր, որովհետեւ արագ ձեռքն առավ մի կույտ թերթ ու ասաց․

— Ցտեսություն, Ուոլթեր։ Ես դեռ պիտի սա տանեմ…



Այն հանգամանքը, որ մեզանից մի քանի հարյուր մղոն հեռու գտնվող հասնացուս հանկարծ ծանր հիվանդացավ թոքերի բորփոքումով, ոչ մի կապ չունի Ռոնսոնի լինոտիպի հետ, բայց այդ պատճառով ես ստիպված եղա երեք շաբաթ բացակայել։ Հենց այդքան ժամանակ էլ չէի տեսել իմ բարեկամ Ջորջին։

Երրորդ շաբաթվա մեջ երկու հուսահատ հեռագիր ստացա․ այդ հեռագրերից միայն մի բան կարելի էր հասկանալ, որ նա աղաչում է ինձ անմիջապես վերադառնալ։ Երկրորդ հեռագիրը վերջանում էր հետեւյալ բառերով․ Շտապիր վրջ փող մի խնայիր վրջ թռիր ինքնաթիռով վրջ։

Այս ուղերձի հետ նա հարյուր դոլար էր ուղարկել ինձ։ Ես մտքերի մեջ ընկա։ «Փող մի խնայիր»— տարօրինակ դարձվածք է գավառական թերթի հրատարակչի համար։ Եվ ընդհանրապես, ինչ ես ծանոթացել եմ Ջորջի հետ (իսկ դա եղել է շատ վաղուց), ոչ մի անգամ չեմ տեսել, որ նար մոտ հարյուր դոլար լինի կանխիկ։

Բայց՝ նախ եւ առաջ ընտանիքը, ու ես Ջորջին հեռագրեցի, որ կվերադառնամ միայն այն ժամանակ, երբ Էլային այլեւս վտանգ չի սպառնա, եւ ոչ մի վայրկյան դրանից շուտ, իսկ ինչ վերաբերում է փող չխնայելուն, ապա այդ մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ ինքնաթիռի տոմսը արժի ընդամենը տասը դոլար, իսկ այդպիսի ծախսեր ես միշտ էլ կարող եմ ինձ թույլ տալ։

Երկու օր հետո Էլայի ճգնաժամն անցավ, ու ես հեռագրեցի Ջորջին, որ մեկնում եմ ինքնաթիռով։ Օդանավակայանում նա դիմավորեց ինձ։

Ջորջը կարծես ծերացել էր ու սոսկալի հոգնած տեսք ուներ, աչքերից երեւում էր, որ մի քանի օր չի քնել։ Նա հագել էր նոր կոստյում, օդանավակայան էր եկել նոր մեքենայով, որի անաղմուկ ընթացքը հուշում էր ահավոր գնի մասին։

Ջորջն ասաց․

— Փառք աստծու, որ եկար, Ուոլթեր… Ես ինչքան ասես կվճարեմ քեզ…

— Հեյ,— ասացի ես,— մի քիչ կամաց։ Դու ինչ ես վրա տալիս, ես բան չեմ հսականում։ Սկսիր ամենասկզսից ու հանգիստ։ Ի՞նչ է պատահել։

— Ոչինչ էլ չի պատահել։ Ամեն ինչ հոյակապ է, Ուոլթեր։ Բայց ես այնքան շատ գործ ունեմ, որ ուղղակի չեմ հասցնում, հասկացա՞ր։ Ես օրական քսան ժամ աշխատում եմ եւ այնպիսի արագությամբ եմ փող շինում, որ չաշխատածս ամեն մի ժամում կորցնում եմ հիսուն դոլար, ու ես չեմ կարող թույլ տալ ինձ հանգստանալ՝ ժամը հիսուն դոլարով, Ուոլթեր, եւ…

— Վերջացրու,— ասացի ես։— Ինչո՞ւ չես կարող թույլ տալ քեա հանգստանալ։ Եթե դու ժամում հիսուն դոլար ես շինում, ապա ինքդ քեզ համար սարքիր իննժամյա աշխատանքային օր եւ… Երդվում եմ բոլոր սրբերով, որ դա քեզ օրական հինգ հարյուր դոլար կտա։ Ուզածդ էլ ի՞նչ է։

— Հա՞։ Ու կորցնեմ օրական մնացած յոթ հարյո՞ւրը։ Չէ, Ուոլթեր, դա չափից դուրս լավ է, որ շատ երկար տեւի։ Ո՜նց չես հասկանում։ Անպայման մի բան կպատահի, իսկ ես կյանքումս առաջին անգամ եմ ստացել հարստանալու հնարավորություն, ու դու պիտի ինձ օգնես եւ դու ինքդ էլ հարստանաս։ Լսիր, ես ու դու կարող ենք էտաուինի վրա հերթով աշխատել տասներկու ժամ եւ…

— Ինչո՞վ…

— Էտաոին Շրդլուով։ Անունը այդպես եմ դրել, Ուոլթեր։ Լսիր, ես ու դու երկու հերթ կաշխատենք, հասկանո՞ւմ ես, ամեն մեկս տասներկու ժամ։ Ժամանակավորապես, մինչեւ որ կհարստանանք… Ես… ես քեզ տալիս եմ շահույթի մի քառորդը, չնայած լինոտիպն էլ է իմը, տպարանն էլ։ Դա օրական կկազմի մոտ երեք հարյուր դոլար, երկու հազար հարյուր դոլար յոթ օրում։ Շարվածքային աշխատանքների համար իմ նշանակած գներով իմ ձեռքում կլինեն այն բոլոր պատվերները, որ մենք կկարողանանք…

— Մի քիչ էլ պակասացրու թափդ,— ասացի ես։— Այդ ո՞ւմ համար ես գներ նշանակել։ Ցետրեվիլը չի տա քո այդ պատվերների իսկի տասներորդ մասը…

— Ոչ թե Ցենտրեվիլը, այլ Նյու Յորքը, Ուոլթերս։ Ես պատվերներ եմ ստանում խոշորագույն գրքային հրատարակիչներից։ Օրինակ՝ Բերգստրոմից։ Իսկ «Հեյզ ընդ Հեյզը» ինձ է տվել իր բոլոր վերահրատարակությունները, «Ուիլեր Հաուզն» էլ, «Ուիլեթ Էնդ Կլարկ»֊ը նույնպես։ Հասկանում ես, ես պայմանագիր եմ կնքում ամբողջ աշխատանքի համար՝ սկզբից մինչեւ վերջ, հետո մեկնումեկին վճարում եմ տպագրության եւ կազմարարական գործերի համար, իսկ ինքս զբաղվում եմ միայն շարվածքով։ Ու ես պահանջում եմ, որ ինձ ներկայացնեն բացարձակապես ճիշտ բնագրեր։ Իսկ եթե որեւէ ուղղումների կարիք է լինում, ես այդ գործը հանձնարարում եմ ուրիշի, ու դրանով խորամանկում եմ Էտաոին Շրդլուին։ Հը՞, ի՞նչ կասես։

— Ո՛չ,— ասացի ես։

Մինչ նա ճամարտակում էր, մենք դուրս եկանք խճուղի, ու երբ ես մերժեցի նրա առաջարկությունը, քիչ էր մնում մեքենան գլորեր առվի մեջ։ Նա թեքվեց դեպի ճանապարհի եզրը, կանգնեցրեց մեքենան, եւ աչքերը զարմացած չռեց վրաս։

— Բայց ինչո՞ւ, Ուոլթեր։ Քո բաժինը շաբաթական կկազմի երկու հազարից ավելի։ Էլ ինչ…

— Ջորջ,— ասացի նրան,— ես մերժելու համար շատ պատճառներ ունեմ, բայց ամենագլխավոր պատճառն այն է, որ չեմ ուզում։ Ես չեմ ուզում այդ գործի մեջ խառնվել։ Ապրելու համար փողս հերիքում է։ Ես ստանում եմ ոչ թե երեք հայրուր, այլ երեք դոլար օրը, բայց ինչ պիտի անեմ այդ երեք հարյուրը… Առողջությունս պիտի կործանեմ… ոնց որ դու ես կործանում օրը տասներկու ժամ աշխատելով, եւ… Կարճ ասած՝ ոչ։ Ես գոհ եմ իմ ունեցածից։

— Դու կատակ ես անում, Ուոլթեր։ Ամեն մարդ էլ ուզում է հարստանալ։ Հապա հաշվիր, թե մի երկու տարի հետո ինչ կդառնա շաբաթական երկու հազարը։ Կես միլիոն դոլարից ավելի։ Իսկ դու երկու մեծ տղաներ ունես, որոնց չի խանգարի…

— Շնորհակալություն, նրանք առանց դրա էլ վատ չեն ապրում։ Լավ տղերք են, իրենց գործը գիտեն։ Եթե ես նրանց հարստություն թողնեմ, դա ավելի շատ վնաս կտա նրանց, քան օգուտ։ Եվ հետո, հո աշխարհում մենակ ես չեմ։ Ով ասես կաշխատի քո լինոտիպի վրա, որը շարում է չտեսնված արագ, ճշգրտությամբ կրկնում է բնագիրը եւ ոչ մի սխալ չի անում։ Աստված սիրես, ծերուկ, չէ որ հարյուրավոր մարդիկ կգտնվեն, որոնք ուրախությամբ կաշխատեն էլ ավելի քիչ փողով, քան օրական երեք հարյուրով։ Շատ ավելի քիչ։ Եթե դու որոշել ես հարստանալ, երեք աշխատող վարձի, որ հերթով աշխատեն, ութը ժամ, իսկ դու զբաղվիր միայն գործնական հարցերով։ Թե չէ էսպես աշխատելով շուտով էն աշխարհը կգնաս։

Նա անօգնական տարածեց ձեռքերը։

— Չեմ կարող, Ուոլթեր, ուրիշ ոչ մեկին չեմ կարող վարձել։ Միթե չես տեսնում, որ այս բոլորը պետք է գաղտնիք պահել։ Նախ, արհմիություններն անմիջապես կթափվեն գնխիս… Չէ, դու միակ մարդն ես, որին ես կարող եմ վստահել, որովհետեւ դու…

— Որովհետեւ ես, միեւնույն է, արդեն գիտե՞մ այդ մասին,— ես ծիծաղեցի։— Ու դու կամա֊ակամա ստիպված ես վստահել ինձ։ Բայց դե ես դարձյալ հրաժարվում եմ։ Ես գործերից հրաժարվել եմ, ու դու ինձ չես գայթակղի։ Եվ ահա խորհուրդս, վերցրու մուրճը ու ջարդուփշուր արա այդ…

— Աստված սիրես, ինչո՞ւ։

— Ես գիտեմ միայն մի բան, գրողը տանի, որ քո փոխարեն ես այդպես կանեի։ Նախ, ես կարող եմ գրազ գալ, որ եթե դու շարունակես ագահությունիդ ու չանցնես սովորական աշխատանքային օրվա, ապա կսպանես ինքդ քեզ։ Իսկ երկրորդը՝ բառառված չէ, որ այդ ազդեցությունը դեռ նոր է սկսվում։ Ինչ իմանաս, թե հետո ինչ է լինելու։

Նա խոր հոգոց հանեց, ու ես հասկացա, որ իմ ասածներից ոչ մի բառ չի լսել։

— Ուոլթեր,— պաղատանքով ասաց նա։— Ես հինգ հարյուր դոլար կտամ քեզ օրական։

Ես վճռականորեն օրորեցի գլուխս։

— Նույնիսկ հինգ հազարով եւ հինգ հարյուր հազարով էլ չեմ համաձայնվի։

Կարծես նա հասկացավ, որ իմ վճիռը վերջնական է, որովհետեւ շարժիչը միացրեց ու մեքենան առաջ սլացավ։ Նա ասաց․

— Դե, եթե փողը իսկապես նշանակություն չունի քեզ համար…

— Ազնիվ խոսք, չունի,— հավատարցի նրան։— Իհարկե, ուրիշ բան, եթե ես փող չունենայի։ Բայց ես մշտական եկամուտի աղբյուր ունեմ եւ որ տասնապատկեմ այդ եկամուտը, ավելի երջանիկ չեմ դառնա։ Իսկ երբ ինձ առաջարկում են աշխատել… ը… ը…

— Էտաոին Շրդլուի վրա… Ես կարծում եմ, որ դու կսովորես նրան։ Ուոլթեր, գիտես, ես կարող եմ երդվել, որ այդ մեքենան վեր է ածվում անհատականության։ Ուզո՞ւմ ես տպարան գնանք։

— Հիմա չէ,— ասացի ես։ — Ես պիտի լողանամ ու քնեմ։ Բայց վաղը կգամ քո մոտ։ Հա, ի դեպ, մեր վերջին հանդիպման ժամանակ ես քեզ մոռացա հարցնեմ խարամի մասին։ Ի՞նչը նկատի ունեիր, երբ ասում էիր, որ ոչ մի խարամ էլ չի լինում։

Նա հայացքը չէր կտրում ճանապարհից։

— Ես այդպիսի բա՞ն եմ ասել։ Չեմ հիշում…

— Ջորջ, լսիր, հերիք է գլուխս տանես։ Դու հրաշալի գիտես, որ ասել ես այդպիսի բան, ու ձեւեր մի թափիր։ Խարամն ի՞նչ է լինում։ Ասա։

— Դե հասկանում ես…— սկսեց նա ու լռեց, եւ լուռ մնաց երկար ժամանակ, իսկ հետո ասաց։— Դե լավ, քեզանից ի՞նչ թաքցնեմ։ Այն ժամանակից… Այն ժամանակից ես այլեւս չեմ գնում տպագրական ձուլվածք։ Եվ, այնուամենայնիվ, հիմա ես մի քանի տոննա ավելի ունեմ, քան ունեի առաջ, եւ դեռ չհաշված այն ձուլվածքը, որ ուղարկում եմ տպագրական շարվածքների համար։ Հասկացա՞ր…

— Չէ։ Եթե միայն դա…

Նա գլխով արեց։

— Նա զբաղվում է տրանսմուտացիայով, Ուոլթեր։ Ես այդ մասին իմացա երկրորդ օրը, երբ նա այնպես արագ սկսեց աշխատել, որ բոլոր ձուլվածքներս վերջացան։ Ես մետաղամատուցիչի մոտ սարքեցի մի ձագար ու սկսեցի այնտեղ գցել նույնիսկ հին, կեղտոտ շարվածքներ։ Հետո որոշեցի հալույթի երեսից խարամը քաշել… Ու… խարամ բոլորովին չկար, իսկը ոնց որ քո լերկ ճաղատը, Ուոլթեր։

— Բայց,— փնթփնթացի ես։— Ոնց թե…

Մի քանի րոպե մենք լուռ էինք։ Երբ նա մեքենան արգելակեց իմ հյուրանոցի դռների մոտ, ես ասացի․

— Ջորջ, եթե դու գոնե մի քիչ բանի տեղ ես դնում իմ խորհուրդը, ջարդուփշուր արա այդ մեքենան, քանի դեռ ուշ չէ։ Նա վտանգավոր է։ Նա կարող է…

— Ի՞նչ կարող է։

— Չգիտեմ։ Հենց դրա համար էլ սոսկալի է։

Նա միացրեց մոտորը, նորից անջատեց եւ մտամոլոր նայեց ինձ։

— Ես… էհ, գուցե դու ճիշտ ես, Ուոլթեր։ Բայց ես այնպիսի շահույթ եմ ստանում… ախր նոր մետաղի շնորհիվ ավելի շատ, քան քեզ ասել եմ… ու պարզապես չեմ կարողանում դադար տալ։ Իսկ այդ մեքենան էլ գնալով ավելի է խելոքանում։ Ես… Ես քեզ չեմ ասել, Ուոլթեր, որ հիմա նա ինքն է իր ներսը մաքրում։ Նա գրաֆիտ է արտադրում։

— Ցտեսություն,— ասացի ես ու կանգնած մնացի մայթի եզրին, մինչեւ որ նրա մեքենան անհետացավ։


Ես ինքս ինձ սրտապնդեցի ու մտա Ռոնսոնի տպարանը միայն հաջորդ օրը երեկոյան։ Տհաճ նախազգացումները պարուրեցին ինձ ավելի շուտ, քան կբացեի դուռը։

Ջորջը նստել էր իր սեղանի մոտ, դեմքը մտցրած արմունկի ծալքի մեջ։ Երբ ներս մտա, նա գլուխը բարձրացրեց ու ինձ նայեց արյունով լցված աչքերով։

— Հը՞,— հարցրի ես։

— Ես փորձել եմ,— ասաց նա։

— Ջարդե՞լ։

Նա գլխով արեց։

— Դու ճիշտ էիր, Ուոլթեր։ Իսկ ես շատ ուշացրի ու հիմա էլ չեմ կարող։ Նա չափից դուրս խելոք է։ Նայիր։— Նա պարզեց ձախ ձեռքը, ու ես տեսա, որ ձեռքը վիրակապված է։ — Նա ձուլվածքը թքեց վրաս։

Ես կամացուկ սուլեցի։

— Լսիր, Ջորջ, պետք է անջատել ցանցից…

— Ես դա էլ եմ արել,— ասաց նա։— Հոսանքն անջատեցի անվտանգության համար։ Բայց դրանից բան չփոխվեց։ Նա սկսեց հոսանք արտադրել իր ներսում։

Ես քայլեցի դեպի տպարան տանող դուռը։ Նույնիսկ այնտեղ նայելը սոսկալի էր։ Փոքր ինչ տատանվելուց հետո, ես հարցրի։

— Ինչ կլինի, եթե ես…

Նա գլխով արեց։

— Ոչինչ չի լինի, եթե դու ավելորդ շարժումներ չանես, Ուոլթեր։ Գլխավորը՝ ձեռքդ չգցես մուրճին կամ էլ մի ուրիշ նման բանի, հասկացա՞ր։

Ես որոշեցի, որ դրան չարժե պատասխանել։ Ավլի շուտ, ես ատամի խոզանակով կհարձակվեի արքայական կոբրայի վրա։ Իմ ողջ խիզախությունը բավականացրեց միայն, որ տպարանի դուռը մի փոքր բացեմ ու ներս նայեմ։

Այն, ինչ տեսա, ինձ ստիպեց անմիջապես ետ քաշվել գրասենյակ։ Երբ խոսեցի, ձայնս ինչ֊որ տարօրինակ հնչեց նույնիսկ սեփական ականջներիս համար։

— Ջորջ, դո՞ւ ես մեքենան տեղից շարժել։ Նա հիմա մոտ չորս քայլ մոտ է դռանը…

— Ոչ,— ասաց նա։ — Ես չեմ շարժել։ Գնանք խմենք, Ուոլթեր։ Հազիվ շունչ քաշեցի։

— Լավ,— ասացի։— Միայն նախ ասա, ինչ կարգուկանոնով ես աշխատում։ Ինչու դու չես…

— Այսօր շաբաթ է,— ասաց նա։— Ես… նա անցել է հինգօրյա քառասունժամյա աշխատանքային շաբաթի։ Երեկ ես սխալ թույլ տվի, սկսեցի աշխատանքային կանոնագրության մասին գիրք շարել։ Ըստ երեւույթին… Դու հասկանում ես…

Նա ձեռքը տարավ սեղանի վերին դարակը։

— Մի խոսքով, ահա մանիֆեստի շարվածքը, որ նա տպել է այսօր առավոտյան, նա իրավունքներ է պահանջում։ Գուցե լավը դա՞ է, ինչեւիցե, նա լուծել է գերաշխատանքի հարցը, որ այսօրվանից ես այդքան շատ աշխատանք չպետք է վերցնեմ, բայց, միեւնույն է, կստանամ ժամում իմ հիսուն դոլարը, եւ դեռ չհաշված աղբը տպագրական ձուլվածքի վերածելուց ստացվող օգուտը, դա բնավ վատ չէ, բայց…

Ես նրա ձեռքից վերցրի շարված սյունակները եւ մոտեցրի լույսին։ Տեքստը սկսվում էր հետեւյալ բառերով․ ԵՍ ԷՏԱՈԻՆ ՇՐԴԼՈՒՍ…

— Սա ի՞նքն է գրել,— հարցրի ես։

Նա գլխով հաստատեց։

— Ջորջ,— ասացի ես,— դու խմելու մասին բան ասացիր…

Երեւում է, խմիչքը լավ ազդել էր մեզ վրա, որովհետեւ հինգերորդ բաժակից հետո մենք շատ լավ էինք զգում։ Այնպես լավ, որ Ջորջը զարմացավ, թե ոնց չէր շուտ գլխի ընկել։ Նա հայտարարեց, որ բավ է արդեն։ Չգիտեմ, արդյոք Էատոինի մանիֆեստն էր բթացրել նրա ագահությունը, թե նրան վերջնականապես սպանել էր մեքենայի տեղից֊տեղ շարժվելը, կամ էլ մի ուրիշ բան, բայց այժմ նա համարում էր, որ այլեւս ոչ մի բանով պարտական չէ մեքենային։

Ես կարողացա նրան հասկացնել, որ իրենից իայն մեկ բան է պահանջվում՝ հեռու մնալ մեքենայից։ Մենք կարող էինք դադարեցնել թերթի հրատարակումը եւ ետ վերադարձնել պատվերները, որոնց համար պայմանագիր էր կնքել։ Դրանցից մի քանիսի համար ստիպված կլինի տուգանք վճարել, բայց հիմա, այսպիսի հարստության տեր դառնալուց հետո, նա կարգին գումար ուներ բանկում, եւ բոլոր վճարումներից հետո նրան մկնար քսան հազար։ Այդպիսի փողերով նա հեշտությամբ կարող է հրատարակել նոր թերթ կամ էլ առաջվա պես նույն թերթը հրատարակել մի ուրիշ տեղում, շարունակելով ռենտան վճարել նախկին տպարանի համար եւ թող Էատուինի բկին մնա իր անիծյալ մետաղը։

Բնականաբար, ամեն ինչ շատ պարզ էր։ Մեր մտքովը չէր անցնում, որ դա կարող է դուր չգալ Էտաոինին, կամ էլ որ նա կարող է մի ինչ֊որ բան ձեռնարկել։ Այո, ամեն ինչ թվում էր հեշտ ու վերջնական։ Ու այդ առթիվ լավ կոնծեցինք։

Մենք այնպես կոնծեցինք, որ երկոշաբթի օրվա գիշերը ես դեռ հիվանդանոցում էի։ Բայց այդ ժամանակ արդեն մի քիչ խելքի էի եկել ու փորձեցի զանգ տալ Ջորջին։ Նա չպատասխանեց։ Ուրեմն, դա արդեն երեքշաբթի օրն էր։

Չորեքշաբթի երեկոյան բժիշկը գլխիս խրատ կարդաց, թե իմ հասակում որքան կարելի է խմել, ու հայտարարեց, որ ես կարող եմ գնալ, բայց եթե նորից այդպես հարբեմ…

Ես գնացի Ջորջի մոտ։ Դուռն իմ առջեւ բացեց նիհարած դեմքով հյուծված մի մարդ։ Միայն երբ խոսեց, ես ճանաչեցի, որ դա Ջորջ Ռոնսոնն է։ Նա ասաց․

— Ողջույն, Ուոլթեր։ Ներս արի։

Նրա ձայնի մեջ ոչ ուրախություն կար, ոչ էլ հույս։ Նա նմանվում էր կենդանի դիակի։

Ես նրա հետեւից մտա գրասենյակ ու ասացի։

— Ջորջ, քեզ հավաքիր։ Է՞լ ինչ է պատահել։

— Ամեն ինչ իզուր է, Ուոլթեր,— ասաց նա։ — Ես հանձնվեցի։ Նա… նա դանակը դեմ արեց կոկորդիս։ Հիմա ես ուզեմ թե չուզեմ, պետք է աշխատեմ նրա այդ քառասուն ժամյա շաբաթը։ Նա… նա ինձ հետ վարվում է… ինչպես ծառայի հետ, Ուոլթեր։

Ես ստիպեցի նստել ու ամեն ինչ հերթով պատմել։ Նա սկսեց բացատրել։ Երկուշաբթի առավոտյան, սովորականի պես, գալիս է գրասենյակ, ինչ֊ինչ ֆինանսական գործեր ձեւակերպելու համար։ Նա չէր մտածում տպարան մտնել։ Եվ հանկարծ ժամը ութին լսում է, որ այնտեղ ինչ֊որ մեկը շարժվում է։

Սարսափահար ներս է նայում։ Լինոտիպը (Ջորջն այդ մասին պատմում էր վախն աչքերի մեջ) շարժվում էր, շարժվում էր ուղիղ դեպի դուռը։

Ջորջը վատ էր պատկերացնում, թե նա ինչ կերպ էր շարժվում (հետագայում մենք հայտնաբերեցինք առանցքակալներ), բայց շարժվում էր, սկզբում դանդաղ, իսկ հետո ավելի արագ ու վստահ։

Չգիտես ինչու, Ջորջը միանգամից հասկացավ մեքենայի ուզածը։

Հենց որ նա հայտնվեց մեքենայի տեսադաշտում, մեքենան իսկույն կանգ առավ ու սկսեց չրխկացնել, հետո ցած գցեց մի քանի նորաձույլ տող։ Ջորջը մոտեցավ նրան, ինչպես մահվան դատապարտվածն է գնում դեպի կախաղան եւ կարդաց այս տողերը․ ԵՍ, ԷՏԱԼՈԻՆ ՇՐԴԼՈՒՆ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ…

Մի պահ ուզեց գլուխն առնել ու փախչել։ Բայց այն միտքը, որ ինքը վազում է գլխավոր փողոցով, իսկ նրան կրկնակոխ հետեւում է… Ոչ, դա անտանելի է։ Եթե իրեն հաջողվի էլ փախչել (դա միանգամայն հնարավոր էր, եթե միայն մեքենան ինքն իր համար չէր մշակել նոր ունակություններ, ինչը նույնպես միանգամայն հավանական է) մեքենան հանկարծ մի նոր զոհ կգտնի իր համար։ Կամ էլ մի ավելի սոսկալի բան կանի։

Նա դժկամությամբ գլխով արեց՝ ի նշան համաձայնության։ Լինոտիպի առջեւ աթոռ դնելով, գրակալի վրա շարեց բնագրի էջերը ու սկսեց ձուլված տողերը անկյունից բերել շարվածքի տախտակի վրա։ Եվ բանեցված մետաղը ու ամեն տեսակ աղբը լցնել ձագարի մեջ։ Նա այլեւս կարիք չուներ ստեղներին դիպչելու։

Եվ ահա, ասում է Ջորջը, այդ զուտ մեխանիկական աշխատանքները կատարելիս, ինքը հանկարթ մտածեց, որ հիմա ոչ թե լինոտիպն է իր համար աշխատում, այլ ինքը՝ նրա։ Թե ինչու էր մեքենան հարկ համարում շարվածքով զբաղվելը՝ նա չգիտեր, եւ դա այնքան էլ կարեւոր չէր։ Վերջ ի վերջո լինոտիպը հենց դրա համար է նախատեսված, եւ բառացված չէ, որ նա դա բնազդով էր անում։

Կամ, իմ ենթադրությամբ (եւ Ջորջը համաձայնվեց, որ դա միանգամայն հնարավոր է), մեքենան գիտելիքների պահանջ ուներ։ Նա կարդում եւ շարման պրոցեսում յուրացնում էր գիտելիքները Չէ որ աշխատանքային օրենսդրուծյան վերաբերյալ գրքեր կարդալը նրան հանգեցրեց անմիջական գործողությունների։

Մենք մինչեւ կեսգիշեր խոսում էինք, բայց ոչ մի բան լ չորոշեցինք։ Այո, առավոտյան նա նորից պիտի գար գրասենյակ ու ժամը ութին զբաղվեր շարվածքով․ ավելի ճիշտ՝ օգներ մեքենային շարել… Նա նույնիսկ չէր կարող երեւակայել, թե ինչ տեղի կունենա, եթե ինքը չգնա։ Ես հասկանում եւ կիսում էի նրա վախը այն պարզ պատճառով, որ մենք պատկերացում չունեինք նման քայլի հետեւանքների մասին։ Վտանգը կուրացնում է, երբ այնպես է թեքվում ձեր կողմը, որ դուք չեք տեսնում նրա դիմագծերը։

— Բայց, Ջորջ, — բողոքեցի ես,— մի ելք պիտի որ լինի։ Չէ որ ես էլ այստեղ մեղք ունեմ։ Եթե այդ մարդուկին չուղարկեի քո մոտ…

Նա ձեռքը դրեց ուսիս։

— Չէ, Ուոլթեր։ Ամբողջ մեղքը իմն է, որովհետեւ ես ագահ էի։ Եթե մի երկու շաբաթ առաջ լսեի քեզ, ես նրան արդեն ջարդուփշուր արած կլինեի։ Աստված իմ, ինչ ուրախությամբ կսնանկանայի հիմա, միայն թե…

— Ջորջ,— կրկնեցի ես,— պիտի որ ելք լինի։ Մենք պիտի…

— Ի՞նչ։

Ես հոգոց հանեցի։

— Չգիտեմ։ Բայց կմտածեմ։

— Լավ, Ուոլթեր,— ասաց նա։— Ես կանեմ ինչ֊որ կառաջարկես։ Ամեն ինչ։ Ես վախենում եմ, վախենում եմ նույնիսկ պատկերացնել այն, ինչից սարսափում եմ…

Վերադառնալով հյուրանոց, ես չքնեցի։ Համենայն դեպս, այդպես մնացի մինչեւ լուսաբաց, միայն այդ ժամանակ ննջեցի ու անհանգիստ քուն մտա մինչեւ տասնմեկը։ Հետո հագնվեցի ու գնացի քաղաք, որ նախաճաշեմ Ջորջի հետ։

— Մի որեւէ բան մտածեցի՞ր, Ուոլթեր,— հարցրեց նա, հենց որ ինձ տեսավ։ Նրա ձայնի մեջ հույսի նշույլ էլ չկար։ Ես գլուխս օրորեցի։

— Այդ դեպքում այսօր երեկոյան այսպես թե այպես ամեն ինչ կվերջանա,— ասաց նա։ — Սոսկալի բան է եղել։

— Ի՞նչ։

— Ես կգնամ տպարան ու մուրճը կպահեմ ծոցումս,— հայտարարեց նա։— Գուցե կկարողանամ հախիցը գալ։ Իսկ եթե չկարողանամ… միեւնույն է։ Շատ եմ հոգնել։

Նայեցի շուրջս։ Մենք երկուսով նստած էինք Շորթիի խորտկարանում, ու Շորթին մոտենում էր մեզ՝ պատվեր ընդունելու։ Աշխարհը այժմ մեզ թվում էր բանական եւ սթափ։

Սպասեցի, որ Շորթին գնա տապակելու մեր նրբերշիկներն ու բիֆշտեքսները, ու կամաց հարցրի․

— Ի՞նչ է եղել։

— Հերթական մանիֆեստ։ Ուոլթեր, նա պահանջում է, որ ես մի լինոտիպ էլ դնեմ տպարանում։

Նա նայում էր ուղիղ աչքերիս մեջ, եւ ես ամբողջ մարմնովս սարսուռ գզացի։

— Եվս մեկ… Ջորջ, այսօր առավոտյան ի՞նչ գիրք ես շարել…

Բայց հասկանալի է, որ ես արդեն գլխի էի ընկել։

Նա ասաց գրքի անունը, ու մենք երկար լուռ էինք, մինչեւ որ եկավ սեղանի մոտից վեր կենալու ժամը։

— Ջորջ, — հարցրի ես,— քեզ որեւղ ժամկետ տվե՞լ են։

— Քսանչորս ժամ։ Իհարկե, այդ ժամանակամիջոցում ես ոչ մի կերպ չեմ կարող մեքենա գտնել, թերեւս գուցե մի հինը… բայց… Կարճ ասած, ես չվիճեցի ժամանակի համար, որովհետեւ… Չէ որ ասել եմ, թե ինչ եմ որոշել։

— Դա ինքնասպանություն է։

— Հնարավոր է, բայց…

Ես բռնեցի նրա ձերքը։

— Ջորջ,— սկսեցի ես։ — Անպայման մի բան կարելի է մտածել։ Հաստա՛տ։ Ինձ ժամանակ տուր մինչեւ վաղը առավոտ։ Ժամը ութին մենք կհանդիպենք, ու եթե ես խելքը գլխին մի բան մտածած չլինեմ… Ես քեզ կօգնեմ ոչնչացնելու նրան։ Գուցե մեզնից մեկնումեկը կկարողանա հասնել նրա կենսականորեն կարեւոր կենտրոններին…

— Ոչ, դու չպետք է ռիսկի դիմես, Ուոլթեր։ Մեղքը իմն է…

— Բայց եթե դու զոհվես, պրոբլեմը միեւնույն է, չի լուծվի,— պնդում էի ես։— Հը, համաձայն ե՞ս։ Ուրեմն մինչեւ վաղը առավոտ ժամը ութը կսպասես ինձ։

Նա համաձայնվեց, ու մենք բաժանվեցինք։


Առավոտյան ութից քառորդ պակաս ես դուրս եկա իմ որջից ու գնացի Ջորջին խոստովանելու, որ ոչ մի խելքը գլխին բան չեմ մտածել։

Երբ դուռը բացեցի ու տեսա Ջորջին, իմ գլխում դեռ ոչ մի միտք չկար։ Նա նայեց վրաս, ու ես գլուխս օրորեցի։

Նա հանգիստ նստեց, կարծես հենց դրան էլ սպասում էր, եւ շատ կամաց, գրեթե շշնջալով խոսեց (երեւի, որ չլսվի տպարանում)․

— Ուոլթեր, լսիր ինձ։ Դու մի խառնվիր այս գործին։ Հուղարկավորությունը իմը պիտի լինի։ Սա իմ մեղքով է, ու մեկ էլ այն կոծոծով մարդուկի, եւ…

— Ջորջ,— ասացի ես։— Այդ կոծոծը ինձ մի միտք հուշեց։ Հարկավոր է… Հա՛։ Լսի՛ր։ Ոչինչ չանես մի ժամվա ընթացքում, լսո՞ւմ ես։ Ես հիմա կվերադառնամ։ Ու մենք կգանք նրա հախից։

Ես բոլորովին էլ շատ չէի համոզված, որ հաջողության կհասնեմ, բայց պետք էր փորձել, եթե նույնիսկ հաջողության հնարավորությունը նվազագույնն էր։ Եվ հետո պետք է մի որեւէ կերպ սիրտ տայի Ջորջին, թե չէ նա քիչ էր մնում կախվեր։

— Բայց ասա…— սկսեց նա։

Ես ցուցյ տվի ժամացույցը։

— Հիմա ութից մեկ րոպե է պակաս, բացատրելու ժամանակ չունեմ։

— Վստահիր ինձ, լա՞վ։

Նա գլխով արեց ու շուռ եկավ, որ մտնի տպարան, իսկ ես դուրս վազեցի։ Ներխուժեցի գրադարան, հետո գրախանութ եւ կես ժամ հետո վերադարձա։ Գրասենյակ ընկա մի դյուժին հաստ հատորներ թեւիս տակ դրած։

— Հեյ, Ջո՜րջ։ Սկսեցինք։ Հարվածքը ես կանեմ։

Նա կանգնել էր բնակալի մոտ եւ վերցնում էր ձուլված տողերը։ Ես նրան մի կողմ հրեցին ու նստեցի մեքենայի առաջ։

— Հեյ, ինչ ես անում… — շփոթված փնթփնթաց նա ու բռնեց ուսիցս։

Ես մի կողմ տարա նրա ձեռքը։

— Դու ինձ վարձել ես, չէ՞։ Դե, ուրեմն, ես էլ աշխատում եմ։ Լսիր, Ջորջ, գնա տուն ու քնիր։ Կամ էլ գրասենյակում նստիր։ Երբ ամեն ինչ կվերջանա, ես քեզ կկանչեմ։

Էտաուին Շրդլուի պատյանի տակից անհամբեր գվվոց էր գալիս, ու ես, մեջքով շրջվելով դեպի մեքենան, ոչքով արի Ջորջին ու նրան հրեցի դեպի դուռը։ Նա մի պահ կանգնեց անվճռական, հետո նայեց ինձ ու ասաց․

— Հուսով եմ, որ դու գիտես ինչ ես անում, Ուոլթեր։

Ես էլ հույս ունեի, բայց այդ մասին չասացի նրան։ Ջորջը գնաց իր գրասենյակը եւ նստեց սեղանի առաջ։

Ես բացեցի բերածս գրքերից մեկը, պոկեցի առաջին էջը ու դրեցի գրակալի վրա։ Հանկարծ (ես ուղղակի վեր թռա անսպասելիությունից) մատրիցաներն իրար ետեւից սկսեցին ընկնել, թափով տեղից թռավ ամբարձիչը, եւ Էտաոին Շրդլուն սեղանիկի վրա թքեց առաջին տողը։ Հետո երկրորդը։ Հետո երրորդը։

Ես նստել էի տեղումս ու քրտնում էի։

Մի րոպե հետո շրջեցի էջը, հետո մի նոր թերթ պոկեցի գրքից եւ դրեցի գրակալին։ Լիքը լցրեցի մետաղամատուցիչը։ Մաքրեցի սեղանիկը։ Նորից ու նորից։

Առաջին գիրքը մենք վերջացրինք տասն անց կեսին։ Երբ զանգը հնչեց (ժամը տասներկուսին), դռների մեջ տեսա Ջորջին։ Նա, ըստ երեւույթին, սպասում էր, որ ես կվերկենամ ու իր հետ կգնամ նախաճաշելու։ Բայց Էտաոինը շարունակում էր չխկացնել մատրիցաները, ու ես միայն օրորում էի գլուխս, նորանոր էջեր դնելով գրակալին։ Դե եթե մեքենան այդպես հետաքրքրվել է շարվող տեքստով, որ մոռացել է աշխատաժամերի վերաբերյալ սեփական մանիֆեստի մասին ու կանգ չի առնում ընդմիջման ժամին, ուրեմն, ամեն ինչ հրաշալի է ստացվում։ Դա նշանակում է, որ իմ մտածածը կարող է հաջողությամբ պսակվել։

Ժամը մեկն է, աշխատանքը եռում է։ Մենք սկսել ենք չորրորդ գիրքը։

Ժամը հինգին մենք վերջացրինք վեցերորդը եւ հասանք յոթերորդի կեսին։ Շարվածքի տախտակը լիքն էր ձուլված տողերով։ Տող ազատելու համար, ես սկսեցի դրանք ուղղակի թափել հատակին ու նորից լցնել փագարի մեջ։

Խփեց ժամը հինգը։ Մենք չէինք դադարեցնում աշխատանքը։ Ջորջը նորից ներս նայեց դռնից․ նա հուսադրված էր, բայց եւ միաժամանակ մտահոգ, ու ես նորից ձեռքիս թափահարումով հասկացրի, որ չխանգարի մեզ։

Մատներս նվում էին (ես չափից դուրս շատ թերթեր էի կտրել գրքից), ձեռքերս նվում էին (ես չափից դուրս շատ մետաղ էի քերել ու հանել), ոտքերս նվում էին (ես չափից դուրս շատ էի վազվզել մեքենայից դեպի շարվածքի տախտակը), եւ մնացած ամեն տեղս էլ նվում էր (ես չափից դուրս շատ էի նստել մեքենայի առաջ)։

Ժամը ութն է։ Ինը։ Տասը հատորը վերջացրել ենք, ընդամենը՝ երկուսն են մնացել։ Պիտի որ, պիտի որ մտքինս հաջողվի։ Եվ վերջապես՝ եղավ։ Էտաոին Շրդլուն դանդաղեցրեց տեմպը։

Այժմ նա ավելի ուշադիր էր, մտախոհ, եթե կարելի է այդպես ասել։ Մի քանի անգամ կանգ էր առնում, նախադասությունը կամ պարբերությունը վերջացնելուց հետո։

Տեմպը դանդաղում էր, դանդաղում…

Ժամը տասին Էտաոին Շրդլուն վերջնականապես կանգ առավ։ Որոշ ժամանակ նրա մոտորը դեռեւս գվվում էր, հեիո այդ գվվոցն էլ թուլացավ՝ հազիվ էր լսվում։

Ես կանգնել էի, չհամարձակվելով շնչել, մինչեւ որ վերջնականապես համոզվեցի։ Ոտքերս դողում էին։ Ես մոտեցա գործիքներով արկղին ու վերցրի պտուտակահանը։ Հետո Մոտեցա Էտաոին Շրդլուին եւ դանդաղ (ամեն րոպե պատրաստ էի մի կողմ ցատկելու) կռացա ստեղների վրա ու հանեցի երկրորդ ամբարձիչի պտուտակը։

Ոչինչ տեղի չունեցավ։ Այդ ժամանակ ես խոր շունչ քաշեցի ու քանդեցի մյուս մասերը։

Հետո հաղթանակած բացականչեցի։

— Ջո՜րջ։

Նա ներս թռավ տպարան։

— Վերցրու պտուտակահանն ու բանալին,— կարգադրեցի ես,— կքանդենք նրա բոլոր պտուտակները եւ… Հա, քո բակի ծայրում մի մեծ փոս կա։ Մենք բոլորը կլցնենք այնտեղ ու հողով կծածկենք։ Վաղը դու մի նոր լինոտիպ կգնես, բայց, ես համոզված եմ, որ դու դրանից չես աղքատանա։

Նա նայեց արդեն իմ քանդաց մասերին, որ թափված էին հատակին, ասաց․ «Փառք քեզ, աստված», եւ գնաց գործիքները բերելու։

Ես ուզեցի գնալ նրա հետեւից, բայց հանկարծ զգացի, որ ահավոր հոգնած եմ, ու ընկա բազկաթոռի մեջ, իսկ Ջորջը մոտեցավ եւ կանգնեց կողքիս։

— Ինչպե՞ս սա քեզ հաջողվեց, Ուոլթեր,— շատ մեծ հարգանքով հարցրեց նա։

Ես քմծիծաղ տվի։

— Կոծոծն ինձ այդ միտքն հուշեց, Ջորջ։ Բուդդայի կոծոծը, Ջորջ։ Կոծոծը, մեկ էլ այն, որ լինոտիպը շատ ակտիվ էր արձագանքում այն ամենին, ինչ սովորում էր։ Հասկանո՞ւմ ես, Ջորջ։ Դա միանգամայն կուսական ուղեղ էր, եւ նրա մեջ ոչինչ չկար, բացի մեր դրածից։ Նա շարում էր աշխատանքային հարցի վերաբերյալ գիրք եւ իսկույն գործադուլ հայտարարում։ Շարում էր մի ինչ֊որ սիրային պատմություն, եւ պահանջում կողքը դնել երկրորդ լինոտիպը։ Ուրեմն, լսիր, ես նրան բուդդիզմով շշմեցրի, Ջորջ։ Գրադարանից եւ գրախանութից վերցրի բոդդայականության վերաբերյալ եղած բոլոր գրքերը…

— Բոդդայականության։ Բուդդան ի՞նչ կապ ունի…

Ես վեր կացա ու մատով դիպա Էտաոին Շրդլուին։

Հասկանում ես, Ջորջ, նա հավատում էր այն բանին, ինչ շարում էր։ Իսկ ես նրա գլուխը լցրի մի կրոնով, որը համոզեց, նրան, թե ամեն ինչ ունայնություն է, եւ պետք է ձգտել անգոյության։ Om mani padme hum[1], Ջորջ։ Նայիր… Նա հիմա թքել է ամեն ինչի վրա, ինչ իր հետ կատարվում է, եւ նա նույնիսկ չի նկատում, որ մենք այստեղ ենք։ Նա հասել է Նիրվանայի եւ այժմ խաղաղ դիտում է իր իսկ սեփական ձուլածո ապարատը։

  1. Օ՜ գանձ լոտոսի վրա (սանսկր․)։