Թե ինչպես անհետացավ Մարկուս Օ՚Բրայենը
հեղինակ՝ Ջեկ Լոնդոն |
— Այսպես ուրեմն, դատարանը որոշում է, որ դուք պետք է թողնեք իջևանատեղը... սովորական ճանապարհով, սըր, սովորական ճանապարհով։
Դատավոր Մարկուս Օ՚Բրայենը մի պահ մտքերի մեջ ընկավ, և Մուքլուք Չառլին թեթևակի հրեց նրան։ Մարկուս Օ՚Բրայենը հազաց ու շարունակեց.
— Ծանրութեթև անելով հանցանքի ամբողջ մեծությունը, սըր, և մեղմացուցիչ հանգամանքները, դատարանը որոշեց և վճիռ կայացրեց, որ դուք ձեզ հետ տանելու համար երեք օրվա պարեն կստանաք։ Դա, ես կարծում եմ, բավական կլինի։
Արիզոնա Ջեկը մի մռայլ հայացք գցեց Յուքոնին, որի մուգ շագանակագույն հեղեղը բարձրացել էր ու տարածվել մոտ մեկ մղոն լայնությամբ և այնպիսի խորությամբ, որը ոչ ոք դեռ չէր չափել։ Այն ափը, որտեղ կանգնած էր Արիզոնա Ջեկը, սովորաբար տասը֊աասներկու ֆուտ բարձր էր լինում ջրերից, իսկ հիմա գետը շառաչում էր հենց եզերքի մոտ և անընդհատ պոկում ու տանում էր հողի վերին շերտերի կտորները։ Հողի այդ կտորները ընկնում էին անհաշիվ կատաղի ջրապտույտների լայն բացած երախները և անհետանում էին։ Եթե ջուրը մի քանի մատնաչափ էլ բարձրանար, ապա կծածկեր Ռեդ Քաուն։
— Ո՛չ, բավական չէ,— տաք֊տաք առարկեց Արիզոնա Ջեկը։- Երեք օրվա համար այդ պարենը քիչ է։
— Բա Մանչեստերը ի՞նչ աներ,— ծանրակշիռ պատասխանեց Մարկուս Օ՚Բրայենը։— Նա առհասարակ ոչ մի բան էլ չստացավ։
— Դե հա՛, և նրա աճյունը գտան ներքին գետի մոտ, շները հոշոտել էին նրան,— տակից դուրս եկավ Արիզոնա Ջեկը։— Եվ, դրանից բացի, երբ նա սպանեց, ապա դա առանց որևէ պատճառի էր։ Ջո Գիվսը ոչ մի վատ բան էլ չէր մտածել, ոչ մի ժամանակ երգելու փորձ չէր արել։ Եվ միայն այն պատճառով, որ Մանչեստերի ստամոքսը կարգին չէր, զայրացավ ու դանակը խրեց Ջոյի փորը։ Ես քեզ ուղղակի կասեմ, որ դու անարդարացի ես իմ նկատմամբ։ Ինձ մի շաբաթվա պարեն տվեք և ես կփորձեմ խաղը տանուլ չտալ։ Իսկ թե երեք օրվա պարեն տաք, ես անշուշտ կկորչեմ։
— Նրա համար, որ դու Ֆերգյուսոնի գլուխը կերա՞ր,— հարցրեց Օ՚Բրայենը։— Համբերությունս հատել է, անընդհատ առանց մի պատճառի, իրար սպանում են։ Ժամանակն է, որ վերջ տանք այդ բանին։ Ռեդ Քաունում առանց այն էլ քիչ բնակիչ կա։ Մեր իջևանատեղը լավն էր, և երբեք այստեղ սպանություններ չէին կատարվում։ Իսկ հիմա ոնց որ համաճարակ լինի։ Ես խղճում եմ քեզ, Ջեկ, բայց այս դեպքը պետք է օրինակ ծառայի։ Ֆերգյուսոնը քեզ այնքան էլ չզայրացրեց, որ հարկ լիներ սպանել նրան։
— Զայրացրե՛ց,— փնչաց Արիզոնա Ջեկը։— Ա՛խր, դու պարզապես ոչինչ էլ չես հասկանում, Օ՚Բրայեն։ Դու արտիստական ոչ մի հոտառություն չունես։ Ինչո՞ւ էր Ֆերգյուսոնը երգում. «Ես ուզում եմ փոքրիկ թռչնակ դառնալ»։ Ահա թե ի՛նչ եմ ցանկանում իմանալ։ Պատասխանի՛ր ինձ։ Նա ինչո՞ւ էր երգում «փոքրիկ թռչնակ, փոքրիկ թռչնակ»։ Մի թռչնակն էլ բավական էր։ Մի թռչնակ դեռ կարող էի տանել։ Ես չէ՞ որ նրան մտածելու հնարավորություն տվեցի։ Մոտեցա նրան և շատ քաղաքավարի ու սիրալիր խնդրեցի մի թռչնակ դեն նետել։ Ես աղաչեցի նրան։ Վկաներ կան չէ՞, որոնք կարող են հաստատել այս բանը։
— Իսկ Ֆերգյուսոնի ձայնը իսկի էլ սոխակի ձայն չէր,— ավեացրեց ինչ-որ մեկը ամբիոնի միջից։
Օ՚Բրայենը նկատելի կերպով տատանվեց։
— Մի՞թե մարդ իրավունք չունի երաժշտական լսողություն ունենալ,— պնդեց Արիզոնա Ջեկը։— Ես չէ՞ որ զգուշացրեցի Ֆերգյուսոնին։ Նրա փոքրիկ թռչնակները վիրավորում էին իմ ամբողջ էությունը։ Երաժշտության նուրբ գիտակները կարող են սպանել և միայն դրա՛ համար։ Ի՜նչ արած, պիտի տուժեմ իմ արիստոկրատական զգացումների պատճառով։ Ես, կարող եմ դեղ ընդունել և մինչև անգամ լիզել գդալը, բայց երեք օրվա պարե՜ն տալ, դա նշանակում է ուղիղ ճանապարհով այն աշխարհը ուղարկել։ Դե՛, ձեզ տեսնեմ, թաղեք ինձ, էլ ի՜նչ եք ուշացնում։
Օ՚Բրայենը տատանվեց։ Նա հարցական նայեց Մուքլուք Չառլիին։
— Դատավո՛ր, ինձ թվում է, որ, երեք օրվա պարենը շատ դաժան բան է,— ասաց Մուքլուք Չառլին,— բայց այստեղ որոշողը դուք եք։ Երբ մենք ձեզ դատավոր ընտրեցինք, պայմանավորվեցինք ենթարկվել ձեր որոշումներին և ասաված տեսնում է, թե մենք ինչպես ենք ենթարկվում ու պետք, է ենթարկվենք հետագայում։
— Գուցե ես իսկապես շատ խիստ եմ, Ջեկ,— զղջացող ձայնով սկսեց Օ՚Բրայենը,— բայց էլ չեմ կարող այդ սպանությունները տանել։ Ես համաձայն եմ, որ մի շաբաթվա պարեն տան։— Նա հանդիսավոր հազաց և արագ շուրջը նայեց։— Իսկ հիմա մենք կարող ենք այս գործը վերջացնել։ Մակույկը պատրաստ է։ Լեքլեր, գնա՛ և բեր պարենը։ Մնացածը մենք հետո կորոշենք։
Արիզոնա Ջեկը երախտագիտությամբ նայեց նրան և քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով «այդ անիծյալ փոքրիկ թռչնակների մասին» գնաց դեպի ափին զարնվող մակույկը։ Դա բավականին մեծ մի մակույկ էր, պատրաստված չտաշված սոճու տախտակներից՝ սղոցված այստեղից մի քանի հարյուր մղոն հեռու գտնվող Լինդերման լճի մոտ, Չիլկութի ստորոտում։ Մակույկում երկու զույգ թիակներ էին դրված և մեկ էլ Արիզոնա Ջեկի վերմակը։ Լեքլերը բերեց պարենը, լցրեց ալյուրի պարկի մեջ, դրեց մակույկը և շշնջաց.
— Քեզ համար լավ բաժին եմ դրել, Ջե՛կ։ Դու ստիպված էիր այդպես անել։
— Բա՛ց թողեք,— ձայն տվեց Արիզոնա Ջեկը։
Ինչ-որ մեկը քանդեց պարանի ծայրը և գցեց մակույկի մեջ։ Հոսանքը թափով խլեց մակույկը և տարավ։ Մարդասպանը չէր մտածում թիավարելու մասին։ Նա նստել էր նավախելին և ծխախոտ էր փաթաթում։ Հետո չրթացրեց լուցկին ու վառեց ծխախոտը։ Ափին կանգնածները տեսան միայն նրա ծխախոտի բարակ ծուխը։ Նրանք այնքան կանգնեցին ափին, մինչև որ մակույկը մի կես մղոն ներքևում թեքվեց ոլորանի հետևն ու անհետացավ աչքից։ Արդար դատաստանը իրականացվեց։
Ռեդ Քաունի բնակիչները իրենք էին սահմանել իրենց օրենքները և դատավճիռները ի կատար էին ածվում առանց որևէ քաշքշուկի, մի բան, որը հատուկ է փափկասուն քաղաքակիրթ հասարակությանը։ Յուքոնում ուրիշ ոչ մի օրենքներ չկային, բացի նրանցից, որոնք իրենք էին սահմանել իրենց համար։ Նրանք ստիպված էին այդպես վարվել։ Ռեդ Քաունի ծաղկումը վերաբերվում էր 1887 թվականին, այն վաղ օրերին, երբ դեռ ոչ ոք չէր էլ ենթադրում, որ կբացվի Քլոնդայքը և բազմաթիվ մարդիկ այնտեղ կշտապեն։ Քաունի բնակիչները չգիտեին անդամ՝ իրենց իջևանատեղը գտնվում է Ալյասկայո՞ւմ, թե՞ Հյուսիօ֊Արևմտյան շրջանում, չգիտեին, թե ինչ դրոշի հովանու տակ են իրենք ապրում՝ աստղա֊գծավո՞ր, թե՞ բրիտանական։ Տեղացիները չէին հասել մինչև այստեղ, որ ասեին, թե ո՛ր լայնության ու երկարության վրա են գտնվում։ Ռեդ Քաուն գտնվում էր Յուքոնի վրա, ինչ-որ տեղ և այդ բանը նրանց համար բավական էր։ Ինչ վերաբերում էր պետական դրոշներին, ապա այստեղի բնակիչները ամեն տեսակի իրավասությունից գուրա էին։ Ինչ վերաբերում է օրենքներին, ապա դրանք գոյություն ունեին Ոչոքի երկրում։
Նրանք հաստատել էին իրենց սեփական օրենքները և այգ օրենքները շատ պարզ էին։ Յուքոնը ի կատար էր ածում նրանց դատավճիռները։ Ռեդ Քաունից մոտ երկու հազար մղոն ներքև Յուքոնը իր դելտայում տարածվելով հարյուրավոր մղաններով, թափվում էր Բերինգի ծովը։ Այդ երկու հազարի ամեն մի մղոնը բոլորովին վայրի մի շրջան էր։ Ճիշտ է, Բևեռային շրջագծից այն կողմ, ուր Փորքուփայնը թափվում էր Յուքոնի մեջ, Հուդզոնի ծոցի ընկերության ֆակտորիաներն էին։ Բայց մինչև այդ ֆակտորիաները հարյուրավոր մղոն ճանապարհ կար։ Լուրեր էին պտտվում նաև, որ հարյուրավար մղոն ներքևում առաքելական մի կազմակերպություն կա։ Բայց դրանք լուրեր էին։ Ռեդ Քաունի բնակիչներից ոչ ոք այնտեղ չէր եղել։ Նրանք այդ լքված երկիրն էին հասնում Չիլկութի վրայով և Յուքոնի վերին հոսանքներով։
Ամեն մի փոքր հանցագործություն Ռեդ Քաունի բնակիչները հանցագործություն չէին համարում։ Հարբելը, անկարգություն անելն ու ամենաետին խոսքերով հայհոյելն անգամ, այստեղ բնական բան էր ու յուրաքանչյուրի անկապտելի իրավունքն էր համարվում։ Ռեդ Քաունի բնակիչները կատաղի անհատապաշտներ էին և հարգում էին միայն երկու բան՝ սեփականությունը և կյանքը։ Այստեղ կանայք չկային, որոնք կարող էին բարդացնել նրանց այս պարզ բարոյականությանը։ Ռեդ Քաունում միայն երեք հյուղակներ կային. բնակչության մեծամասնությունը, որը մի քառասուն մարդ կլիներ, ապրում էին վրաններում կամ հոլիկներում։ Այստեղ բանտ չկար, որտեղ կարողանային պահել չարագործներին, իսկ բնակիչները շատ էին զբաղված որսով ու ոսկի որոնելով և ժամանակ չունեին նույնիսկ մեկ օր վատնելու բանտ կառուցելու համար։ Բացի դրանից, առաջնահերթ կարևորության հարցը՝ պարենը, բացառում էր այդպիսի բարդ արարողության հնարավորությունը։ Դրա համար էլ, երբ որևէ մեկը խախտում էր սեփականության կամ կյանքի օրենքները, նրան նստեցնում էին մակույկը և Յուքոնի հոսանքով ներքև ուղարկում։ Այն պարենի պաշարը որ նա էր ստանում, կախված էր նրա գործած հանցանքի չափից։ Այսպիսով, սովորական գողը կարող էր մի֊երկու շաբաթվա պարեն ստանալ, իսկ մեծ գողը՝ այդ պարենի կեսից ոչ շատ։ Մարդասպանը առհասարակ ոչինչ էչ չէր ստանում։ Ոչ կանխամտածված սպանության մեջ մեղադրվող մարդը պարեն էր ստանում մինչև երեք-չորս օրվա համար։ Մարկուս Օ՚Բրայենը, որը դատավոր էր ընտրված, որոշում էր, թե քանի օրվա պարեն պետք է տալ։ Օրենքը խախտող մարդը գիտեր, թե իրեն ինչ է սպասում։ Յուքոնը նրան քշում տանում էր և կամ հաջողվում էր կամ էչ չէր հաջողվում մինչև Բերինգի ծովը հասնել։ Պարենի պաշարը հնարավորություն էր տալիս կռվել իր կյանքի համար։ Պարեն չտալը գործնականորեն մահապատիժ էր նշանակում, չնայած որ այդ ժամանակ էլ փրկվելու հույս դեռ էլի մնում էր. ամեն ինչ կախված էր տարվա եղանակից։
Ազատվելով Արիզոնա Ջեկից և նայելով նրա հետևից, մինչև նա ծածկվեց աչքից, Ռեդ Քաունի բնակիչները թողեցին ափը և գնացին իրենց հողամասերում աշխատելու, բացի Քերլի Ջիմից։ Նա ամբողջ հյուսիսում միակն էր, որ փարավոնի խաղաթղթեր ուներ և ոսկեբեր հողամասերի առուծախով էր զբաղվում։
Այդ օրը երկու մեծ իրադարձություններ եղան։ Մինչև կեսօր Մարկուս Օ՚Բրայենի բախտը բանեց։ Առաջին տեփուրից նա մեկ դոլարի ոսկե ավազ ստացավ, երկրորդից՝ մեկուկես, երրորդից՝ երկու դոլարի։ Նա ոսկու երակի էր հանդիպել։ Քերլի Ջիմը նայեց հորի մեջ, սեփական ձեռքով մի քանի տեփուր լվաց և Օ՚Բրայենին առաջարկեց ամբողջ հողամասի իրավունքը ձեռք բերելու համար՝ տասը հազար դոլար, հինգ հազարը ոսկե ավազով, իսկ մնացած հինգ հազարի համար փարավոնից ստացած եկամտի կեսը։ Օ՚Բրայենը հրաժարվեց։ Նա տաքացած հայտարարեց, որ այստեղ է եկել նրա համար, որ հողից փող քամի, ոչ թե իր ընկերներից։ Ընդհանրապես, ինքը փարավոն չի սիրում։ Բացի դրանից, նա իր հողամասը տասը հազարից էլ թանկ է գնահատում։
Երկրորդ դեպքը կատարվեց օրվա վերջին, երբ Սիսքո Փերլին իր մակույկով ափին մոտեցավ։ Նա գալիս էր քաղաքակիրթ աշխարհից և իր հետ չորս ամսվա հնություն ունեցող մի թերթ էր բերել։ Դրանից բացի, նա բերել էր վիսկի՝ մի կես դյուժին տակառ, որը Քերլի Ջիմի համար էր։ Ռեդ Քաունի բնակիչներն անմիջապես թողեցին իրենց աշխատանքները։ Նրանք փորձեցին վիսկին, բաժակին մի դոլար տալով. ոսկե ավազը կշռեցին Քերլի Ջիմի կշեռքով և սկսեցին խոսել նորություների մասին։ Եվ ամեն ինչ լավ կվերջանար, եթե Քերլի Ջիմի մտքով մի ստոր բան չանցներ, նա մտածեց նախ՝ հարբեցնել Օ՚Բրայենին, և երկրորդ՝ գնել նրա հողամասը։
Նրա մտադրության առաջին մասը հրաշալի հաջողվեց։ Նրանք սկսեցին իրիկնամուտին, իսկ իննի մոտ Օ՚Բրայենը հասավ այն աստիճանին, երբ սկսում են երգել ու գոռգոռալ։ Նա գրկեց Քերլի Ջիմի պարանոցը և բանն այնտեղ հասավ, որ ամբողջ կոկորդով մեկ սկսեց երգել հանգուցյալ Ֆերգյուսոնի երգը՝ փոքրիկ թռչնակների մասին։ Նա կարծում էր, որ այդ երգը կարող է երգել բոլորովին ազատ, քանի որ իջևանատեղի արտիստական զգացումներ ունեցող միակ մարդուն Յուքոնի հոսանքը հիմա ներքև է տանում՝ ժամում հինգ մղոն արագությամբ։
Բայց մտադրության երկրորդ մասը չհաջողվեց։ Ինչքա՜ն էլ շատ վիսկի լցրեցին Օ՚Բրայենի կոկորդը, նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե իր սուրբ ու ընկերական պարտքը կայանում է նրանում, որ պարտավոր է վաճառել սեփական հողամասը։ Ճիշտն ասած, նա տատանվում էր և երբեմն պատրաստ էր համաձայնել։ Իր մշուշված գիտակցության խորքում նա ծիծաղում էր։ Նա հասկանում էր Քերլի Ջիմի խաղը և գոհ էր իր խաղաքարտերից։ Վիսկին հիասքանչ էր։ Խմիչքը լցնում էին մի հատուկ տակառից և մի տասը անգամ ավելի լավն էր, քան մյուս հինգ տակառներինը։
Սիսքո Փերլին եռանդով վիսկի էր ծախում Ռեդ Քաունի մնացած բնակչությանն այն ժամանակ, երբ Օ՚Բրայենը և Քերլին խոհանոցում, բաժակների շուրջը, որոշում էին իրենց գործերը։ Բայց Օ՚Բրայենը մեծ հոգի ուներ։ Նա գնաց բար և վերադարձավ Մուքլուք Չառլիի և Պերսի Լեքլերի հետ։
— Իմ ընկերներն են, իմ գործընկերները,— հայտարարեց նա, աչքով անելով իր բարեկամներին և մի անմեղ ժպիտով դարձավ Քերլիի կողմը։— Ես միշտ հաշվի եմ առնում նրանց կարծիքները և միշտ էլ վստահում եմ։ Լա՜վ մարդիկ են։ Նրանց համար էլ կրակե ջուր լցրու, Քերլի, և արի խոսենք։
Գործընկերները պարզապես ուզում էին հյուրասիրվել, բայց Քերլի Ջիմը հիշելով Օ՚Բրայենի ասածը այն մասին, որ նա վերջին տեփուրից յոթ դոլարի ոսկի է ստացել, մտածեց արժե մի քանի բաժակ ավելի վիսկի ծախսել, մինչև անգամ այն ժամանակ, երբ հարևան սենյակում նույն բաժակը մի դոլարով է գնում։
— Ես մինչև անգամ չեմ ուզում քննարկել այդ,— Օ՚Բրայենը զկռտալով՝ գործի էությունը բացատրեց իր ընկերներին։— Ես ո՞վ եմ։ Ծախել տասը հագար դոլարո՞վ։ Երբե՜ք։ Ես ինքս պիտի ոսկի հանեմ, իսկ հետո կգնամ այն դրախտային երկիրը՝ հարավային Կալիֆորնիա... Ահա այդտեղ եմ ուզում անցկացնել իմ մնացած օրերը... իսկ հետո կսկսեմ... ինչպես արդեն ասացի, կսկսեմ... իսկ ի՞նչ ասացի... ի՞նչ պիտի սկսեմ...
— Ջայլամի ֆերմա կստեղծես,— ենթադրություն արեց Մուքլուք Չառլին։
— Ճի՜շտ է, ահա հենց այդ գործն էլ ուզում եմ սկսել,— Օ՚Բրայենի գինովությունը կարծես թե անցավ և նա ջերմեռանդ սարսուռով նայեց Մուքլուք Չառլիին։— Իսկ դու որտեղի՞ց գիտես։ Չէ՞ որ երբեք դրա մասին չեմ խոսել։ Ես միայն մտածում էի ասել։ Չառլի՛, դու կարողանում ես մտքեր կարդալ։ Արի մի-մի բաժակ էլ խմենք։
Քերլի Ջիմը լցրեց բաժակները և նրան վիճակվեց տեսնել, թե չորս դոլար արժողությամբ վիսկին ինչպես մի ակնթարթում անհետացավ։ Ի միջի այլոց, մի դոլարով էլ ինքն իրեն վնասեց, որովհետև Օ՚Բրայենը պնդեց, որ տանտերը հյուրերի հետ հավասար խմի։
— Ավելի լավ է փողը հիմա վերցրու,— համոզեց Լեքլերը։— Չէ՞ որ երկու տարի է պետք այդ փոսը մի լավ մաքրելու համար, իսկ այդ ընթացքում քեզ համար հանգիստ ու խաղաղ կարող ես փոքրիկ ջայլամներ աճեցնել և մեծ ջայլամների փետուրները հավաքել։
Օ՚Բրայենը ծանրութեթև արեց այդ առաջարկությունը և գլուխը թափ տվեց, ի նշան համաձայնության։ Քերլի Ջիմը գոհունակ նայեց Լեքլերին ու նորից լցրեց բաժակները։
— Չէ՛, սպասեք,— փնթփնթաց Մուքլուք Չառլին, որի լեզուն արդեն բոլորովին կապ էր ընկել,— որպես քո հոգևոր հայրը... ես պետք է... ինչպես քո եղբայրը... հը՛, սատանան տանի։— Նա լռեց, հավաքեց ուժերը։— Որպես քո ընկերը... ես կասեմ, որպես քո գործի ընկերը... ավելի շուտ կառաջարկեի... ես ինձ թույլ կտայի ասել... ես կուզեի ասել, որ այնտեղ գուցե շատ ջայլամներ կան... Է՛խ, սատանան տան։— Նա մի բաժակ էլ կոնծեց և մեծ դժվարությամբ ընտրելով բառերը, շարունակեց։— Ես ուզում եմ ասել, որ... Իսկ ի՞նչ եմ ուզում ասել։— Այս խոսքի վրա նա բռունցքով մի քանի անգամ հարվածեց իր ծոծրակին, որպեսզի այնտեղից դուրս բերի իր մտքերը։— Բռնեցի՜,— հաղթական գոռաց նա։— Բայց... ո՛վ իմանա... մեկ էլ այնտեղ տասը հազարից ավելի ոսկի լինի...
Հենց այս խոսքի վրա Օ՚Բրայենը, որը, դատելով ամեն ինչից, արդեն պատրաստ էր գործարքը վերջացնել, անսպասելի փոխվեց։
— Ճի՛շտ է,— բացականչեց նա։— Փայլո՜ւն գաղափար է։ Ախր մտքովս անգամ չէր էլ անցնի։— Նա քնքշորեն գրկեց Մուքլուք Չառլիին։— Թանկագի՜ն բարեկամս... Լա՜վ ընկերս։— Եվ նա կռվարար աքլորի պես դարձավ դեպի Քերլի Ջիմը։— Գուցե այդ հորում մի հարյուր հազար դոլարի ոսկի կա։ Դու ախր չես ուզում թալանել քո հին ընկերոջը, Քերլի, այդպես չէ՞։ Իհարկե՛, չես ուզում։ Ես քեզ... ավելի լավ գիտեմ, քան ինքդ քեզ, այո՛, այո՛, ավելի լավ։ Արի մի-մի բաժակ էլ խմենք։ Մենք բոլորս էլ լավ ընկերներ ենք, բոլորս, ասում եմ ձեզ, բոլո՜րս։
Խոսակցությունը այդպես էլ շարունակվում էր, վիսկին հոսում էր, իսկ Քերլի Ջիմի հույսերը մերթ մեծանում էին, մերթ էլ կորչում։ Նորից Լեքլերը ապացուցում էր անմիջապես գործարք կնքելու անհրաժեշտությունը և համարյա թե համոզեց Օ՚Բրայենին, բայց այս անգամ էլ նրա փայլուն փաստարկները հանդիպեցին Մուքլուք Չառլիի ավելի փայլուն փաստարկներին։ Իսկ հետո Մուքլուք Չառլին առաջ քաշեց ուրիշ համոզիչ փաստարկներ՝ վաճառքի օգտին, իսկ Պերսի Լեքլերը համառ կերպով գործը այլ կողմ էր շուռ տալիս։ Մի որոշ ժամանակից հետո ինքը՝ Օ՚Բրայենը սկսեց պնդել, որ իր հողամասը պիտի ծախի, իսկ նրա երկու ընկերները, արցունքներով ու անեծքներով, աշխատում էին համոզել, որ այդ բանը չանի։ Ինչքան շատ վիսկի էին խմում, այնքան նրանց երևակայությունը անսանձ էր դառնում։ Ծախելու կամ չծախելու ամեն մի ծանրակշիռ փաստարկի դեմ նրանք բազմաթիվ հարբած առարկություններ էին գտնում և ամեն անգամ այնպես հեշտ էր հաջողվում համոզել իրար, որ նրանք անընդհատ փոխում էին իրենց դիրքերը։
Վերջապես մի այնպիսի պահ եղավ, որ Մուքլուք Չառլին և Լեքլերը միասին պնդեցին վաճառել և հեշտությամբ ջախջախեցին Օ՚Բրայենի ամեն մի առարկություն, որը նա առաջ էր քաշում։ Օ՚Բրայենը արդեն հուսահատվել էր։ Նա սպառել էր իր վերջին փաստարկները և լուռ նստած էր։ Նա միայն աղերսող հայացքով նայում էր իր ընկերներին, որոնք լքել էին իրեն այդ դժվար պահին։ Նա սեղանի տակից հրեց Մուքլուք Չառլիին, բայց այդ ուրացողն անմիջապես վաճառելու օգտին մի նոր, ավելի խելացի փաստարկ առաջ քաշեց։ Քերլի Ջիմը թանաք, թուղթ բերեց և կայքագիր կազմեց։ Օ՚Բրայենը, գրիչը ձեռքին, դեռ տատանման մեջ էր։
— Մի֊մի բաժակ էլ լցրու,— խնդրեց նա։— Մի֊մի հատ էլ, նախքան իմ ստորագրելը և հարյուր հազար դոլարից հրաժարվելը։
Ցնծացող Քերլի Ջիմը լցրեց բաժակները։ Օ՚Բրայենը խմեց իր բաժակը և մոտեցավ նրան, պատրաստվելով իր դողացող ձեռքերով ստորագրել։ Թղթին թանաք կաթեցնելով, նա հանկարծ ոտքի կանգնեց, կարծես թե նրան վեր թռցրեց մի միտք, որն անսպասելի փայլել էր նրա գիտակցության մեջ։ Օ՚Բրայենը ոտքի կանգնեց մի կողմից մյուսն օրորվելով և նրա շփոթված աչքերում արտացոլվեց մտավոր այն զարթոնքը, որը կատարվում էր նրա գլխում։ Ի վերջո, նա մի եզրակացության հանգեց։ Նրա դեմքը բարեհոգությունից բոլորովին փայլեց։ Նա դարձավ խաղաքարտերի տիրոջը, բռնեց նրա ձեռքից և հանդիսավոր ասաց.
— Քերլի, դու իմ բարեկամն ես։ Ահա՛ իմ ձեռքը։ Սեղմիր այն։ Ծերո՛ւկ, ես այդ բանը չեմ անի։ Չե՛մ ծախի։ Ես չեմ կարող թալանել իմ ընկերոջը։ Ոչ մի սրիկա չի կարող ասել, թե Մարկուս Օ՚Բրայենը թալանել է իր ընկերոջը, երբ նա հարբած է եղել։ Դու հարբած էս, Քերլի, և ես չեմ կարող թալանել քեզ։ Ես հենց հիմա մտածեցի դրա մասին... մինչև հիմա մտքովս չէր անցել։ Չգիտեմ, թե ինձ հետ ի՞նչ է պատահել, բայց այս բանը մտքովս անգամ չէր անցել։ Պատկերացրու, Քերլի, մի պատկերացրու, է՛... բա որ հանկարծ այն անիծված հողամասում հարյուր հազար չկա՞։ Չէ՞ որ դու կսնանկանաս։ Ո՛չ, սը՛ր, ես այդ բանը չեմ անի։ Մարկուս Օ՚Բրայենը փող է կորզում հողից, ոչ թե իր ընկերներից։
Պերսի Լեքլերը և Մուքլուք Չառլին փարավոնի տիրոջ բոլոր առարկությունները խլացրեցին ծափերով՝ որոնք ուղղված էին իրենց բարեսիրտ ընկերոջը։ Նրանք երկու կողմից վրա պրծան Օ՚Բրայենին և սիրով գրկեցին նրա պարանոցը։ Լեքլերը և Չառլին շատ էին ցանկանամ ասել, թե չեն լսել Քերլիի առաջարկը փաստաթղթի մեջ մի վերապահում մտցնելու մասին, որ եթե հորը տասը հազարից քիչ տա, ապա նա կստանա վաճառքի գնի և հանույթից ստացածի տարբերությունը։ Նրանք ինչքան շատ էին խոսում, այնքան վեճը սենտիմենտալ ու ազնվաբարո էր դառնում։ Ամեն մի շահադիտական նկատառում մի կողմ էր նետվում։ Նրանք հիմա իրենցից մարդասերների մի եռյակ էին ներկայացնում, որը աշխատում էր Քերլի Ջիմին փրկել հենց իրենից և իր մարդասիրական ցանկություններից։ Նրանք պնդում էին, որ Քերլին մարդասեր է։ Նրանք հրաժարվեցին ենթադրել, թե աշխարհում, թեկուզ ամենաչնչին չափով, ինչ-որ ստոր զգացումներ կարող են լինել։ Նրանք մագլցում, բարձրանում ու հասնում էին բարոյագիտության անհասանելի ոլորտները կամ էլ սուզվում էին սենտիմենտալիզմի ծովը։
Քերլի Ջիմը քրտնած ու փնչալով, նորից ու նորից վիսկի էր լցնում։ Նրան խեղդեցին փաստարկների մեջ, որոնցից ո՛չ մեկը, ո՛չ մի առնչություն չուներ այն ոսկեբեր հողամասի հետ, որը նա ցանկանում էր ձեռք բերել։ Նրանք ինչքան շատ էին խոսում, այնքան հեռանում էին ոսկեբեր հողամասից և գիշերվա ժամը երկուսին մոտ Քերլի Ջիմը հասկացավ, որ ինքը պարտություն է կրել։ Մեկը մյուսի հետևից նա իր անօգնական հյուրերին տարավ խոհանոցով և դուրս հրեց։ Ամենավերջինը դուրս եկավ Օ՚Բրայենը, և երեքն էլ օրորվելով ու իրարից բռնած, որ ցած չգլորվեն, համարձակ գնացին դեպի արտասանդուղքը։
— Դու գործունյա տղա ես, Քերլի,— ասաց Օ՚Բրայենը,— պետք է ասեմ, որ ինձ դուր է գալիս քո աշխատելու ձևը... նրբանկատ ու ազնիվ, քո առատաձեռն հյուրա... հյուրա... հյուրասիրությունը։ Դա քեզ պատիվ է բերում։ Քո արարքների մեջ ստորության կամ շահամոլության հետք անգամ չկա։ Ես արդեն ասել եմ...
Բայց փարավոնի տերը շրխկացրեց դուռը։ Երեքն էլ, կանգնած արտասանդուղքին, ծիծաղեցին։ Նրանք երկար ծիծաղեցին։ Հետո Մուքլուք Չառլին ճառ արտասանեց.
— Ծիծաղելի է... Մի լավ ծիծաղեցինք... Բայց ես այդ չէի ուզում ասել։ Ես ուզում էի ասել... Ի՞նչ էի ուզում։ Ա՜, բռնեցի։ Զարմանալի է, թե մտքերը ոնց են անհետանում։ Միտքը փախչում է... նրան բռնելը... դժվար գործ է։ Պերսի, բարեկամս, դու երբևէ ճագարի որս արե՞լ ես։ Ես մի շուն ունեի... հիանալի շուն էր, ճագար որսալու համար։ Անունը ի՞նչ էր։ Չե՛մ հիշում... Անունները մտքումս չեն մնում... մոռացել եմ։ Անունը փախե՜լ է... փախած անունը բռնել... ո՛չ, միտքը, միտքն է փախել... Բայց ես կբռնեմ նրան... Ի՞նչ էի ուզում ասել... Ա՛խ սատանան տանի։
Դրանից հետո մի երկար լռություն տիրեց։ Օ՚Բրայենը դուրս պրծավ նրանց գրկից և նստելով արտասանդուղքին, հանգիստ քնեց։ Մուքլուք Չառլին սկսեց փնտրել փախած միտքն իր ուղեղի բոլոր նրբանցքներում ու ոլորաններում։ Լեքլերը, հմայվածի նման սպասում էր, թե նա նորից ինչ պիտի ասի։ Հանկարծ Մուքլուք Չառլին խփեց ընկերոջ մեքքին։
— Գտա,— որոտաձայն գոռաց նա։
Հարվածից ստացած ցնցումը կտրեց Լեքլերի մտքի թելը։
— Մի տեփուրից ինչքա՞ն,— հարցրեց նա։
— Տեփուրն այստեղ ի՜նչ գործ ունի,— զայրացավ Մուքլուք Չառլին։— Միտքը... ես բռնեցի միտքը... բռնեցի այդ սրիկային... հասա նրան...
Լեքլերի դեմքին հիացմունքի մի շող հայտնվեց, և նա ամբողջովին լսողություն դարձավ։
Այդ պահին էլ բացվեց խոհանոցի դուռը և Քերլի Ջիմը գոռաց.
— Դե, տո՛ւն չքվեք։
— Ծիծաղելի է՜,— ասաց Մուքլուք Չառլին,— հենց նույն միտքն է... այո՛, հենց նույն միտքն է, որը ծագել էր իմ գլխում։ Տո՛ւն գնանք։
Նրանք երկու կողմից բռնեցին Օ՚Բրայենին և ճանապարհ ընկան։ Մուքլուք Չառլին գոռգոռոցով սկսեց իր նոր մտքի հետևից սլանալ։ Լեքլերը հիացմունքով հետևեց այդ հետապնդումին։ Միայն Օ՚Բրայենն էր, որ ոչ մի կերպ չէր կարողանում հետևել իր ընկերոջ մտքին։ Նա ոչինչ չէր լսում, ոչինչ չէր ասում և ոչինչ չէր հասկանում։ Նա պարզապես մի օրորվող ավտոմատ էր, որին այնպես սիրով ու զգուշությամբ բռնել էին Մուքլուք Չառլին ու Լեքլերը։
Ընկերները գնում էին մի արահետով, որը դեպի Յուքոնի ափն էր տանում։ Նրանք հակառակ կողմում էին ապրում, բայց միտքը, երևի, այդ ճանապարհով էր փախել։ Մուքլուք Չառլին ծիծաղում էր իր մտքերի վրա, բայց ոչ մի կերպ չէր կարողանում բռնել, որ դրանով կարողանար խրատել Լեքլերին։
Նրանք հասան այնտեղ, ուր կապված էր Սիսքո Փերլիի մակույկը։ Պարանը, որից կապված էր մակույկը, ձգվում էր արահետի լայնքով, մինչև սոճու կոճղը։ Երեքի ոտքերն էլ դիպան պարանին և երեքն էլ փռվեցին, ընդ որում, Օ՚Բրայենը ընկավ մյուսների տակը։ Գիտակցության մի փոքրիկ կայծ փայլեց նրա ուղեղում։ Նա զգաց իր վրա թափված մարմինների ծանրությունը և անմիջապես, խելագարի նման, սկսեց բռունցքներով հարվածել։ Հետո անմիջապես էլ քնեց։ Շրջապատը արձագանքեց նրա թեթև խռմփոցին և Մուքլուք Չառլին հանկարծ ծիծաղեց։
- Մի նո՜ր միտք ծնվեց,— ասաց նա,— մի հիանալի նո՜ր միտք։ Հենց հիմա բռնեցի... առանց որևէ դժվարության։ Ուղիղ դեպի ինձ եկավ, և ես բռնեցի նրա գլխից։ Հիմա նա ի՜մն է։ Օ՚Բրայենը հարբած է... անասունի պես լակել է։ Ամո՜թ... հազա՜ր ամոթ... պիտի նրան մի դաս տալ։ Ա՜յ, հրեն Փերլիի մակույկը։ Արի Օ՚Բրայենին Փերլիի մակույկում պառկեցնենք։ Հետո պարանը քանդենք... թող Յուքոնով ներքև գնա։ Օ՚Բրայենը կարթնանա առավոտյան։ Հոսանքը շատ ուժեղ է, թիավարելով հոսանքին հակառակ գնալ չես կարող... Ստիպված կլինի ոտքով ետ գալ։ Կգա սատանայի պես կատաղած։ Արի ցույց տանք, որ մենք բարձր բարոյականության տեր մարդիկ ենք։ Թող սա մի լավ դաս լինի նրա համար։
Սիսքո Փերլիի մակույկում մի զույգ թիերից բացի, ուրիշ ոչինչ չկար։ Մակույկը կողով քսվում էր ափի հենց այն տեղին, ուր պառկած էր Օ՚Բրայենը։ Ընկերները նրան գլորեցին մակույկի մեջ։ Մուքլուք Չառլին քանդեց պարանը, իսկ Լեքլերը մակույկը դեպի հորձանուտը հրեց։ Դրանից հետո, հոգնած ծանր աշխատանքից, նրանք հենց այդտեղ էլ փռվեցին գետնին և սկսեցին խռմփացնել։
Հաջորդ առավոտ ամբողջ գյուղակը իմացավ այդ կատակի մասին, որ խաղացել էին Մարկուս Օ՚Բրայենի գլխին։ Մինչև անգամ գրազ եկան այն բանի վրա, թե ի՜նչ կլինի երկու կատակասերների հետ, երբ նրանց զոհը վերադառնա։ Կեսօրից հետո մարդիկ նշանակեցին, որ երբ նա հայտնվի, անմիջապես իմանան։ Բոլորն էլ ուզում էին տեսնել, թե նա ինչպես կվերադառնա։ Բայց Մարկուս Օ՚Բրայենը չերևաց, չնայած որ նրանք մինչև կեսգիշեր սպասեցին։ Նա չերևաց ո՛չ հաջորդ և ո՛չ էլ երրորդ օրը։ Ռեդ Քաունն էլ երբեք չտեսավ Մարկուս Օ՚Բրայենին և չնայած շատ ենթադրություններ եղան, բայց անհետացման գաղտնիքը բացելու բանալին այնպես էլ երբեք չգտնվեց։
Գաղտնիքը միայն Մարկուս Օ՚Բրայենը գիտեր, բայց նա չվերադարձավ, որպեսզի բացեր այն։
Նա արթնացավ մյուս առավոտ, սարսափելի ցավերից։ Նրա ստամոքսը այրվում էր նախորդ օրն անասելի քանակությամբ վիսկի խմելուց։ Ամբողջ ներսը չորացել ու այրվում էր։ Գլուխը ցավից կտոր-կտոր էր լինում և ամենավատը, թերևս, այն էր, որ դեմքն էլ էր ցավում։ Անթիվ-անհամար մլակներ վեց ժամ անընդհատ թափվել էին նրա վրա և դեմքը խայթոցներից սարսափելի ուռել էր։ Միայն կամքի չտեսնված չարումով նա կարողացավ աչքերը ծերպել և մի կերպ նայեց լույս աշխարհին։ Նա պատահաբար շարժեց ձեռքերը և զգաց, թե ինչպես են ցավում։ Նա դեպի վար թեքեց աչքերը և չճանաչեց իր ձեռքերը, այնքան որ ուռել էին մլակների խայթոցից։ Նա կորցրել էր իրեն կամ, ավելի ճիշտ, կորցրել էր իր կերպարանքը։ Օ՚Բրայենն իր վրա ոչ մի ծանոթ բան չէր գտնում, մի այնպիսի բան, որն օգներ գոնե զուգորդությամբ գիտակցության մեջ վերականգնելու իր գոյությանը։ Նա բացարձակ կերպով կտրվել էր իր անցյալից, քանի որ ոչինչ իր մեջ չէր հիշեցնում այդ անցյալը։ Բացի դրանից, նա իրեն այնպես հիվանդ ու դժբախտ էր զգում, որ ոչ ուժ ուներ, ոչ էլ ցանկություն պարզելու, թե ով և ինչ էր ինքը։
Այսպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նկատեց իր ծուռ ճկույթը (որը կոտրվելուց հետո ծուռ էր մնացել) և այն ժամանակ միայն գլխի ընկավ, որ ինքը Մարկուս Օ՚Բրայենն է։ Հենց այդ պահին էլ նա անմիջապես հիշեց բոլորը։ Իսկ երբ բթամատի եղունգի տակ նկատեց կապտուկը, որն անցած շաբաթ էր առաջացել, նա արդեն չէր կասկածում այն բանում, թե ինքն ով է և հաստատ գիտեր, որ այդ անծանոթ ձեռքերը պատկանում են Մարկուս Օ՚Բրայենին, կամ էլ, ընդհակառակը, Մարկուս Օ՚Բրայենը պատկանում է այս ձեռքերին։ Նրա առաջին միտքը այն էր, որ ինքը հիվանդ է ու դողացնում է։ Աչքերը բացելիս սարսափելի ցավեր էր զգում և նա պառկած էր փակ աչքերով։ Կողքից լողացող ճյուղը խփվեց նավակողին։ Նրան թվաց, թե ինչ-որ մեկը բախում է խրճիթի դուռը և ասաց. «Մտե՜ք»։ Քիչ սպասելով, նա զայրացած գոռաց. «Դե այդտեղ էլ մնացեք, սատանա՜ն ձեզ տանի»։ Բայց և այնպես նա ուզում էր, որ ներս մտնեն, որ ասեն թե ինչով է ինքը հիվանդ։
Մինչ այդպես պառկած էր, կամաց-կամաց նրա ուղեղում սկսեցին վերականգնվել անցած գիշերվա դեպքերը։ Նա մտածեց, թե ինքը բոլորովին էլ հիվանդ չէ, այլ պարզապես շատ է խմել և որ Ժամանակն է վեր կենալ ու գործի գնալ։ Գործը կապված էր ոսկեբեր հողամասի պատկերացման հետ և նա հիշեց, թե ինքը հրաժարվեց տասը հազար դոլարով վաճառել իր հողամասը։ Նա կտրուկ վեր կացավ, նստեց և ուժի զոռով բացեց աչքերը։ Նա տեսավ, որ գտնվում է ինչ-որ մակույկում, կատաղի ու փրփրադեզ Յուքոնի հենց մեջտեղը։ Փշատերև անտառներով ծածկված ափերը և կղզիները նրան ծանոթ չէին։ Եվ նա երկար ժամանակ բոլորովին շշմած նրստած էր, նա ոչինչ չէր հասկանում։ Հիշում էր միայն երեկվա կերուխումը, բայց դրա և իր հիմիկվա դրության մեջ ոչ մի կապ չէր տեսնում։
Նա փակեց աչքերը և տնքացող գլուխն իջեցրեց ձեռքերին։ Ի՞նչ է պատահել։ Կամաց-կամաց նրա գլուխը մի սարսափելի միտք սողոսկեց։ Նա դիմադրեց այդ մտքին, աշխատեց մի կողմ վանել, բայց դա նորից համառ կերպով վերադառնում էր. երևի ինչ-որ մեկի է սպանել։ Միայն դրանով կարելի էր բացատրել, թե ինչու է ինքը մակույկում, որին Յուքոնի հոսանքը ներքև էր քշում։ Ռեդ Քաունի օրենքը, որը նա երկար ժամանակ կիրառում էր ուրիշների նկատմամբ, հիմա իր վրա էր գործադրված։ Նա սպանել է ինչ-որ մեկին և նրան ուղարկել են գետի հոսանքն ի վար։ Բայց ո՞ւմ է սպանել։ Նա լարեց հիշողությունը, սակայն միակ բանը, որը հայտնվեց նրա մշուշված ուղեղում՝ հիշողությունն էր այն մարմինների մասին, որոնք ընկել էին իր վրա և այն մասին, թե ինքը ինչպես էր պայքարում դրանց տակից դուրս գալու համար։ Բայց ովքե՞ր էին։ Գուցե ինքը ոչ թե մեկին, այլ մի քանի հոգու է սպանել։ Նա ձեռքը գոտուն տարավ։ Դանակը չկար։ Ոչ մի կասկած չմնաց, որ ինքը դանակով ինչ-որ մարդու է խփել։ Բայց չէ՞ որ սպանության համար մի որևէ պատճառ պիտի չիներ։ Նա բացեց աչքերը և խուճապահար սկսեց նավակի մեջը նայել։ Այնտեղ մթերք չկար, մի ունցիա անգամ։ Նա տնքոցով նորից պառկեց մակույկի հատակին։ Դա նշանակում էր, որ ինքը մարդ է սպանել առանց որևէ պատճառի։ Եվ իր նկատմամբ կիրառել են օրենքը՝ ամեննայն խստությամբ։
Մոտ կես ժամ նա նստած էր անշարժ, ձեռքերով բռնած ցավից տրաքվող գլուխը և աշխատում էր գոնե մի բան հասկանալ։ Հետո իր ստամոքսը հանգստացրեց մի կում ջրով, որը գետից խմեց և իրեն մի քիչ լավ զգաց։ Նա ոտքի ելավ և մակույկում կանգնած, հորդառատ Յուքոնի հենց մեջտեղում, ուր նրան ոչ ոք չէր կարող լսել, բացի նախնադարյան վայրի բնությունից, սկսեց անիծել ոգելից խմիչքները։ Հետո ձեռքը գցեց մոտերքում լող տվող մի մեծ սոճու. ծառը խորն էր թաղվել ջրի մեջ և այդ պատճառով էլ հոսանքը ավելի արագ էր քշում։ Նա լվաց դեմքն ու ձեռքերը, նստեց նավախելին և մտքերի մեջ ընկավ։ Հուլիսի վերջն էր։ Մինչև Բերինգի ծովը երկու հազար մղոն կլիներ։ Մակույկը միջին հաշվով ժամում հինգ մղոն էր գնում։ Տարվա այդ եղանակին, այս բարձր լայնություններում, գիշեր֊ցերեկ լույս է և նա կարող է քսանչորս ժամ շարունակ լողալ։ Այսպիսով մեկ օրվա մեջ նա կարող է հարյուր քսան մղոն գնալ։ Քսան օրվա ընթացքում, կհասնի Բերինգի ծովին։ Եվ ոչ մի ուժ էլ չպիտի գործադրի. նրա փոխարեն աշխատելու է գետը։ Նա կարող է պառկած մնալ մակույկի հատակին և խնայել իր ուժերը։
Երկու օր նա ոչինչ չկերավ։ Հետո ափ ելավ մի զառիկող կղզում և վայրի սագերի ու բադերի ձվեր հավաքեց։ Լուցկի չկար և նա ձվերը հում-հում կերավ։ Ձվերը բավականին սննդարար էին և պահպանեցին նրա ուժերը։ Երբ կտրեց անցավ Բևեռային շրջանը, նա հանդիպեց Հուդզոնի ծոցի ընկերության ֆակտորիային։ Ջոկատը Մաքենզիից դեռ չէր վերադարձել և ֆակտորիայում ուտելիքի մի փշուր անգամ չկար։ Նրան վայրի բադի ձվեր առաջարկեցին, բայց նա ասաց, որ իր մոտ, մակույկում, մի բուշելի այդպիսի մթերք ունի։ Առաջարկեցին վիսկի խմել, սակայն մերժեց և նրա դեմքն անկեղծ զզվանք արտահայտեց։ Բայց էլի բան է, նա ֆակտորիայում լուցկի ճարեց և հիմա կարող էր ձվերը եփել։
Գետի ստորին հոսանքում հանդիպակաց քամիները խանգարեցին նրան և քսանչորս օր նա մնաց ձվերի հույսին։ Դժբախտաբար երկու անգամ էլ քնած էր, երբ նրա մակույկն անցնում էր Սուրբ Պավլոսի և Սուրբ Խաչի միաբանությունների մոտով։ Դրա համար էլ նա կարող էր բոլորովին անկեղծ հավատացնել, և հետո էլ հավատացնում էր, թե Յուքոնի միաբանությունների մասին եղած խոսակցությունը դատարկ խոսքեր են։ Այնտեղ ոչ մի միաբանություն էլ չկա, ինքն այդ բանը հաստատ գիտի։
Հասնելով Բերինգի ծովին, նա հնարավորություն ստացավ ձվի օրապահիկը փոխարինել փոկի մսով և ոչ մի կերպ չէր կարողանում որոշել, թե դրանցից որն է վատը։ Տարվա վերջին նրան վերցրեց Միացյալ Նահանգների մաքսատան կատերը և հաջորդ ձմեռ նա Սան֊Ֆրանցիսկոյում կարդացած իր դասախոսութհուններով՝ գինեմոլության դեմ մոլեռանդ մարտնչողի համբավ ձեռք բերեց։ Հենց այդ ասպարեզում էլ նա գտավ իր կոչումը։ «Խուսափեցեք շշից»,— այս էր նրա լոզունգը և մարտական կոչը։ Նա ակնարկում էր, որ իր սեփական կյանքում շիշը սարսափելի աղետի պատճառ է դարձել։ Նա մինչև անգամ հիշատակում էր, որ այդ սատանայական խայծի պատճառով կորցրել է իր ունեցվածքը։ Բայց լսողները զգում էին, որ այդ դեպքի նկարագրության տակ թաքնված է մի սարսափելի և առեղծվածային ողբերգություն, որի պատճառը շիշն է եղել։
Նա այդ ասպարեզում մեծ հաջողությունների հասավ, մազերը սպիտակեցին ոգելից խմիչքների դեմ կազմակերպած խաչակրաց արշավանքներում և համընդհանուր հարգանքի արժանացավ։ Բայց Յուքոնում Մարկուս Օ՚Բրայենի անհետանալն այդպես էլ առեղծված մնաց։ Դա մի այնպիսի գաղտնիք էր, որը կարելի է դնել սըր Ջոն Ֆրանքլինի անհետանալու կողքին։