Ծղրիդն ու խխունջը

Գրապահարան-ից
Ծղրիդն ու խխունջը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Մի շատ գոռոզամիտ ծղրիդ կար, անունն էլ՝ Դենդի։ Երբ նա դեռ փոքրիկ էր եւ նոր֊նոր էր սովորում ցատկել ուրիշ փոքրիկ ծղրիդների հետ, միտ բոլորից բարձր էր ցատկում։ Բայց ուսուցիչը նրան ասում էր․

— Դենդի, դու ոչ միայն բարձր ցատկումներ պիտի սովորես, այլեւ ցածր։

— Չէ,— պատասխանում էր Դենդին։— Ես յուրահատուկ ծղրիդ եմ, ես նման չեմ ուրիշներին։ Ես միայն բարձր ցատկեր եմ սիրում։

Եվ այդպես էլ ցածր ցատկեր չսովորեց։

Մի անգամ նա տնից դուրս եկավ ցատկոտելու ու հանդիպեց Օլիվիա խխունջին։

— Չե՞ս ձանձրացել այդքան դանդաղաշարժ կյանքից,— հարցրեց նա խխունջին։— Ամբողջ օրը սեփական տունդ շալակիդ առած սողում ես ու սողում։

— Ինչե՜ր ես ասում,— պատասխանեց Օլիվիան։— Ես սողալ շատ եմ սիրում։ Ես շատ գոհ եմ, որ խխունջ եմ, հատկապես, երբ անձրեւ է գալիս… իմ խեցիում միշտ չոր է ու տաքուկ։ Բացի այդ, ես երբեք չեմ ուշանում տուն գնալիս։ Տունը միշտ ինձ հետ է։ Կարծում եմ, որ հասկանում ես, թե ինչ նկատի ունեմ։ Գիտե՞ս, ինչ հետաքրքիր բան է խխունջ լինելը։

— Ի՞նչ արած,— ասաց Դենդին,— ճաշակի հարցերում չեն վիճում։ Ես գնամ… Ցը…— Եվ ինքն իրենով հիանալով ցատկեց հեռու։

Նա իսկապես հիանալի ցատկող էր։ Բոլոր ծղրիդներն էլ, իհարկե, լավ ցատկողներ են։ Բայց Դենդին մի անգամ ցատկելով կտրում֊անցնում էրերեսուն սանտիմետր տարածություն։ Դա վիթխարի բան էր, եթե նկատի ունենանք, որ ինքը տասն անգամ փոքր է։ Սակայն ինչ֊որ բաներ նա չէր կարողանում անել։ Ասենք՝ փոքր տարածություններ ցատկելը։ Նա չէր կարող թռչել տասնհինգ կամ տասը սանտիմետր, այլ միայն՝ երեսուն։ Ցատկ․ եւ երեսուն սանտիմետրը մնում էր ետեւում։

Մինչ նա զրույցի էր բռնվել Օլիվիայի հետ, եկավ ճաշի ժամանակը, եւ Դենդին տուն շտապեց։ Արդեն գրեթե տուն էր հասել, մնացել էր ընդամենը մի տասը սանտիմետր, բայց խեղճը ոչ մի կերպ չկարողացավ տուն մտնել, որովհետեւ ամեն անգամ ցատկելիս թռչում֊անցնում էր իր տան վրայով։ Չէ՞ որ նա փոքր ցատկեր անել չէր կարողանում։

Դենդին արդեն կորցնում էր համբերությունը եւ սկսեց զայրանալ, բայց այդ պահին, բարեբախտաբար հայտնվեց… ի՞նչ եք կարծում՝ ո՞վ։ Իր տունը շալակին առած Օլիվիա խխունջը։

— Տեսնո՞ւմ ես, Դենդի,— ասաց նա։— Խխունջներն էլ պարծենալու բան ունեն։ Համենայն դեպս, նարնք առանց գլխացավանքի կարողանում են մտնել իրենց տուն։

Օլիվիան բարեսիրտ խխունջ էր (այսինքն բոլոր խխունջներն էլ բարի են, եթե միայն այդ օրը ձախ ոտքի վրա չեն վերկացել) եւ Դենդիին առաջարկեց․

— Նստիր մեջքիս, քեզ տուն կհասցնեմ։

Դենդին շատ ուրախացավ եւ անմիջապես ելավ խխունջի շալակը։ Իսկ խխունջը սողաց դեպի տուն։

— Շնորհակալ եմ, Օլիվիա,— ասաց Դենդին։— Հիմա արդեն համոզվեցի, որ խոշոր ու բարձր ցատկերը այնքան էլ կարեւոր չեն աշխարհում։

— Իրավացի ես,— ասաց Օլիվիան։— Փոքրիկ ցատկերն էլ են անհրաժեշտ։ Ողջ եղիր, Դենդի։ Ցտեսությո՜ւն։