Կանացի արհամարհանք

Գրապահարան-ից
Կանացի արհամարհանք

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Բովանդակություն

I

Այնպես պատահեց, որ Ֆրեդայի և միսիս Էպինգուելի ճանապարհները հանդիպեցին։ Պետք է ասել, որ Ֆրեդան երիտասարդ պարուհի էր, հույն, ավելի ճիշտ, նա ուզում էր, որ իրեն հույնի տեղ դնեն, բայց նրա ծագման հարցը շատերի համար մնում էր անլուծելի, քանի որ Ֆրեդայի դասական գծերը չափազանց եռանդուն էին թվում, իսկ երբեմն էլ, ճիշտ է հազվադեպ, դիվային կրակներ էին բռնկվում նրա աչքերում, մի բան, որը է՛լ ավելի մեծ կասկածներ էր հարուցում նրա ազգային պատկանելության նկատմամբ։ Սոսկ քչերը, և այն էլ միայն տղամարդիկ էին արժանացել տեսնելու այդ կրակները, բայց նա, ով տեսել էր, այլևս չէր մոռանա մինչև կյանքի վերջը։ Ֆրեդան ինքը ոչինչ չէր պատմում իր մասին, և երբ նա հանգիստ էր լինում, իրոք թվում էր, թե հելլենական ինչ֊որ բան կա նրա մեջ։ Ամբողջ երկրամասում՝ Չիլկութից մինչև Սենթ֊Մայքլ, ոչ ոք ավելի շքեղ մորթիներ չուներ, քան Ֆրեդան, և նրա անունը տղամարդկանց շուրթերից չէր իջնում։ Իսկ միսիս Էպինգուելը կապիտանի կին էր, նույնպես առաջին մեծության աստղ, և նրա ուղեծիրը ընդգրկում էր Դոուսոնի ամենաընտիր հասարակությունը, այն հասարակությունը, որը անտեղյակ մարդիկ անվանել էին «պեդանտ պաշտոնյաներ»։ Սիտկա Չարլին մի անգամ շներով ճանապարհորդել էր միսիս Էպինգուելի հետ՝ դաժան սովի տարին, երբ մարդու կյանքը մի բաժակ ալյուրից ավելի էժան էր, և նա այդ կնոջը մնացած բոլորից բարձր էր դասում։ Սիտկա Չարլին հնդկացի էր. նա դատում էր իր միամիտ տեսակետով, բայց Բևեռային շրջագծի մոտերքում տեղավորված ավաններում հավատում էին նրա խոսքին, և նրա դատավճիռը չէին վիճարկում։

Երկու կանայք էլ տղամարդկանց անդիմադրելի նվաճողներ ու գերողներ էին՝ յուրաքանչյուրը իր տեսակի մեջ։ Միսիս Էպինգուելը իշխում էր իր սեփական տան մեջ, նշանավոր ընտանիքների կրտսեր որդիներով լեցուն Զորանոցներում, ինչպես նաև ոստիկանության, վարչության ու դատարանի բարձր շրջաններում։ Ֆրեդան իշխում էր քաղաքում, բայց նրան հպատակվող տղամարդիկ նրանք էին, որոնց միսիս Էպինգուելը թեյ էր տալիս ու պահածոներով կերակրում բլրի լանջին գտնվող իր գերանաշեն տանը։ Այդ երկու կանայք միաժամանակ նույնքան հեռու էին իրարից, որքան Հյուսիսային բևեռը՝ Հարավայինից։ Ու թեև նրանք, հավանաբար, որոշ բան լսել էին մեկմեկու մասին, գուցե և ուզում էին ավելի շատ իմանալ, բայց երբեք իրենց ցանկությունը չէին արտահայտել։ Եվ կյանքը հանգիստ կընթանար, եթե չհայտնվեր մի նոր դեմք՝ ինչ֊որ մի հմայիչ էքս֊բնորդուհի, որը առաջին իսկ սառցի հետ Դոուսոն էր ժամանել հրաշալի շներով ու կոսմոպոլիտական հռչակի լուսապսակով։ Հնչեղ և աղմուկ հանած անունով հունգարուհի Լորեն Լիսնաին արադացրեց ճակատամարտի սկսվելը, և նրա մեղքով միսիս Էպինգուելը իջավ բլրի լանջից ու մտավ Ֆրեդայի կալվածքները, իսկ Ֆրեդան իր հերթին թողեց քաղաքը, որպեսզի շփոթություն և իրարանցում սերմանի նահանգապետական պարահանդեսում։

Այս իրադարձությունները Քլոնդայկի համար թերևս արդեն պատմություն են, բայց Դոուսոնում միայն քչերը գիտեին դրանց իսկական պատճառը, իսկ ով չգիտեր, մինչև վերջ չէր կարող հասկանալ ոչ կապիտանի կնոջը, ոչ էլ հույն պարուհուն։ Եվ եթե հիմա բոլորը հնարավորություն ունեն ըստ արժանվույն գնահատելու նրանց, ապա դա Սիտկա Չարլիի ծառայությունն է։ Սույն պատմության գլխավոր փաստերը գրի են առնված նրա պատմածով։ Դժվար է ենթադրել, որ Ֆրեդան ինքը իր անկեղծ բացատրությանը արժանացներ որևէ թուղթ մրոտողի, կամ թե միսիս Էպինգուելը բարեհաճեր պատմել տեղի ունեցածի մասին։ Իհարկե, հնարավոր է, բայց քիչ հավանական։

II

Ֆլոյդ Վանդերլիպը, ըստ երևույթին, ուժեղ մարդ էր. դատելով նրա կյանքի առաջին տարիներին վերաբերող պատմություններից, նրան չէին խռովում ոչ ծանր աշխատանքը, ոչ էլ հասարակ ուտելիքը։ Վտանգի պահին նա իսկապես առյուծ էր, և երբ մի անգամ ստիպված է եղել հինգ հարյուր սովահար մարդկանց գրոհը զսպել, իր հրացանի փայլփլող նշանահատիկին է նայել այնպիսի սառնասրտությամբ, որպիսին շատ քիչ մարդ կարող է ունենալ այդ պահին։ Նա մի թուլություն աներ, բայց, ըստ էության, հորդացող ուժի արգասիք լինելով՝ այն բոլորովին էլ թուլություն չէր։ Նրա բնավորության բոլոր հատկությունները ցայտուն կերպով արտահայտված էին, բայց վատ էին հավասարակշռված։ Եվ ահա այնպես էր ստացվել, որ թեև Ֆլոյդ Վանդերլիպը ի ծնե շուտ սիրահարվող էր, բայց այդ հատկությունր նրա մեջ քնած էր մնացել այն բոլոր տարիների ընթացքում, երբ նա միայն եղջերվի մսով ու չորացրած ձկնով էր սնվում ու, հեքիաթային ոսկե հանքահող որոնելով, թափառում էր սառցակալած լեռնաշղթաներում։ Երբ նա վերջապես հայտարքի սյուն և կենտրոնական ցցանշեր տնկեց Քլոնդայկի ամենահարուստ ոսկեբեր հողամասերից մեկում, զգաց, որ սիրահարվելու ցանկություն է ունենում։ Իսկ երբ նա պատշաճ տեղ գրավեց հասարակության մեջ, որպես բոլորի կողմից ճանաչված Բոնանզի արքա, այն բոլորովին արթնացավ ու տիրեց նրան։ Եվ ահա հանկարծ հիշեց Միացյալ Նահանգներում մնացած մի աղջկա մասին և հսմակվեց այն համոզմունքով, թե նա սպասում է իրեն, և թե կինը շատ հաճելի գյուտ է մի տղամարդու համար, որը հյուսիսային լայնության վաթսուներեքերորդ աստիճանից այն կողմ է ապրում։ Եվ այսպես նա մի պատշաճ նամակ շարադրեց, դրան կցեց այնպիսի գումարի մի ակրեդիտիվ, որը բավական էր հարսնացուի բոլոր կարիքները հոգալու համար, ներառյալ օժիտի գնումն ու ընկերակցողի հետ կապված ծախսերը, և այդ բոլորը ուղարկեց մի ոմն Ֆլոսիի հասցեով։ Ֆլոսի՞։ Դժվար չէ կռահել, թե նա իրենից ինչ է ներկայացնում։ Այսպես թե այնպես, նամակն ուղարկելով, նա մի հարմար տնակ կառուցեց իր հողամասում, մի տուն գնեց Դոուսոնում և ծանոթներին հաղորդեց, թե շուտով ամուսնանալու է։

Եվ հենց այստեղ էլ դրսևորվեց Ֆլոյդի անհավասարակշռվածությունը։ Հարսնացուին սպասելը բավական տխուր էր, իսկ նրա այնքան երկար քնած սիրտը ոչ մի ուշացում չէր հանդուրժում։ Ֆլոսին շուտով գալու էր, բայց Լորեն Լիսնաին արդեն եկել էր։ Եվ բանը ոչ միայն այն էր, որ Լորեն Լիսնաին արդեն եկել էր, այլև այն, որ նրա միջազգային հռչակը փոքր-ինչ խունացել էր, և Լորենն այժմ այնպես երիտասարդ չէր, ինչպես այն ժամանակներում, երբ ինչ֊որ դիրքով նստում էր թագակիր սիրող֊նկարչուհիների ստուդիաներում, իսկ կարդինալներն ու արքայազները իրենց այցետոմսերն էին թողնում նրա նախասրահում։ Բացի այդ, նրա դրամական գործերր ևս խախտվել էին։ Ժամանակին լավ կյանք վարելով, նա այժմ մտածել էր գրոհել Բոնանզի որևէ արքայի, որի հարստությունն այնքան մեծ լիներ, որ վեցանիշ թվի մեջ չտեղավորվեր։ Ինչպես երկար տարիների ծառայությունից հոգնած վաստակավոր զինվորն է հանգիստ տեղ որոնում, այնպես էլ նա Հյուսիս էր եկել ամուսնանալու համար։ Եվ ահա մի անգամ նա հայացք գցեց Ֆլոյդ Վանդերլիպի վրա, երբ սա Խաղաղօվկիանոսյան ափի Ընկերության խանութում ճաշասենյակի սպիտակեղեն էր գնում Ֆլոսիի համար, և այդ հայացքը անմիջապես ամեն ինչ վճռեց։

Ամուրիին ներում են շատ այնպիսի բաներ, որպիսիք հասարակությունն անմիջապես ի ցույց կդնի, եթե նա իրեն ընտանեկան թելերով կապի հապճեպորեն։ Այդպես պատահեց նաև Ֆլոյդ Վանդերլիպի հետ։ Շուտով գալու էր Ֆլոսին, այդ պատճառով էլ, երբ Լորեն Լիսնաին նրա շնասահնակով անցավ գլխավոր փողոցով, խոսակցություններ սկսվեցին։ Իսկ երբ Դոուսոնում ինչ֊որ լրազրողուհի հայտնվեց՝ «Կանզաս֊սիթի Սթար» թերթի թղթակիցը, Լորենը նրան ուղեկցեց և տեսավ, թե ինչպես սա լուսանկարում է Վանդերլիպի Բոնանզ գետակի վրա գտնվող ոսկու հանքերը և թե ինչպես է ծնվում վեցսյունականոց լրագրային ակնարկը։ Այդ օրերին երկու տիկիններին էլ արքայավայել ճաշ էին տալիս Ֆլոսիի համար կառուցված տանը, այն սեղանի վրա, որը ծածկված էր Ֆլոսիի համար գնված սփռոցով։ Սկսվեցին այցելություններ, զբոսանքներ, խնջույքներ, որոնք պարկեշտության շրջանակներից բոլորովին դուրս չէին գալիս. և ահա տղամարդիկ սկսեցին խստորեն դատապարտել այդ ամենը, իսկ կանայք՝ չարախնդալ։ Միայն միսիս Էպինգուելն էր, որ ոչինչ չէր ուզում լսել։ Ճիշտ է, բամբասանքների հեռավոր աղմուկը հասնում էր նրան, բայց նա հակված էր հավատալու մարդկանց վերաբերյալ լավ լուրերին և չլսելու վատերը, ուստի ուշադրություն չէր դարձնում ասեկոսեներին։

Ուրիշ բան էր Ֆրեդան։ Նա տղամարդկանց խղճալու հիմք չուներ, բայց ինչ֊որ քմահաճությունների հետևանքով նրա սիրտը ձգվում էր դեպի կանայք... դեպի կանայք, որոնց խղճալու ավելի քիչ հիմք ուներ նա։ Եվ ահա Ֆրեդայի սիրտը ձգվեց դեպի Ֆլոսին, որն արդեն սկսել էր իր հեռավոր ճանապարհորդությունը դեպի խստաշունչ Հյուսիս, որտեղ նրան, գուցե, արդեն չէին էլ սպասում։ Ամաչկոտ, մտերմունակ մի աղջիկ, փոքր-ինչ թոշնած բերանի գեղեցիկ շուրթերով, գանգուր խարտյաշ մազերով, այնպիսի աչքերով, որոնցում սակավապահանջ ուրախությունը և կյանքի անխարդախ հրճվանքն էին շողում, — ահա թե Ֆրեդան ինչպիսին էր պատկերացնում Ֆլոսիին։ Բայց նրան պատկերանում էր նաև մեկ ուրիշ Ֆլոսի՝ սառնամանիքից կապտած, մինչև աչքերը փաթաթված դեմքով, շների հետևից քարշ գալիս։ Եվ ահա մի անգամ պարելիս Ֆրեդան ժպտաց Ֆլոյդ Վանդերլիպին։

Աշխարհում քիչ կգտնվեն այնպիսի տղամարդիկ , որոնց չհուզեր Ֆրեդայի ժպիտը։ Եվ Ֆլոյդ Վանդերլիպը դրանց թվին չէր պատկանում։ Հմայիչ էքս-բնորդուհի Լորեն Լիսնաիի բաբեհաճությունը Ֆլոյդին ստիպեց նոր ձևով նայելու իրեն, իսկ հույն պարուհու բարյացակամությունը հաստատեց այդ վերագնահատումը. նա «հետւաքրքիր տղամարդ» զգաց իրեն։ Ըստ երևույթին, մտածում էր նա, ինքը ինչ֊որ թաքնված արժանիքներ ունի, և երկու կանայք էլ այդ նկատել են։ Ֆլոյդն ինքը լավ չգիտեր, թե այդ ինչ թաքնված արժանիքներ են, բայց այն աղոտ զգացումն ուներ, որ դրանք գոյություն ունեն, և ահա նա գոռոզացավ։ Այն տղամարդը, որր կարող է այդպիսի երկու կանանց հետաքրքրել, դժվար թե սովորական մարդ լինի։ Մի ազատ ժամանակ ինքը կփորձի հասկանալ իր այդ արժանիքները, մտածում էր նա, բայց առայժմ ինքը պարզապես կվերցնի այն, ինչ աստվածներն են շնորհում։ Եվ այդ ժամանակ Ֆլոյդի գլխում մի փոքրիկ միտք խլրտաց՝ սատանան տանի, ախր ինչո՞վ է իրեն գրավել Ֆլոսին։ Եվ նա սկսեց դառնորեն զղջալ, որ կանչել է նրան։ Իհարկե, Ֆրեդայի հետ ամուսնանալու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Իր ոսկու հանքերը ամենահարուստն են Բոնանզում, ինքը աչքի ընկնող դիրք է գրավում հասարակության մեջ և իր արարքների համար որոշ պատասխանատվություն է կրում նրա առջև։ Եվ ահա Լորեն Լիսնաին հենց այն կինն է, որն իրեն հարկավոր է։ Նա միժամանակ շքեղ է ապրել, նա կարող է արժանի տիրուհի լինել իր տանը և փայլ տալ իր դոլլարներին։

Բայց Ֆրեդան ժպտացել էր նրան ու շարունակում էր ժպտալ, և նա սկսեց շատ ժամանակ անցկացնել այդ աղջկա ընկերակցությամբ։ Եվ ահա մի գեղեցիկ օր սա ևս նրա սահնակով անցավ գլխավոր փողոցով, իսկ էքս-բնորդուհին մտածմունքի մեջ ընկավ ու Ֆլոյդ Վանդերլիպի հետ հաջորդ հանդիպման ժամանակ նրան շշմեցրեց արքայազների ու կարդինալների, պալատական կյանքի զանազան դրվագների մասին արած իր պատմություններով, որոնցում գործող անձինք թագավորներ էին, ազնվականներ և անձամբ ինքը։ Բացի դրանից, նա Ֆլոյդին ցույց տվեց նուրբ թղթի վրա գրված նամակներ, որոնք սկսվում էին «Իմ սիրելի Լորեն», ավարտվում էին «Ձեզ սիրող» բառերով ու ստորագրված էին այժմ կենդանի և իշխանության գլուխ կանգնած ինչ֊որ թագուհու անունով։ Իսկ Ֆլոյդը հոգու խորքում զարմանում էր, թե ինչպես է այսքան բարձր անձնավորությունը իրեն թույլ տալիս թեկուզ մեկ րոպե վատնել իր հետ խոսելու համար։ Բայց Լորենը խաղը խելացի էր վարում, նրան համեմատում էր այդ բոլոր նշանավոր ուրվականների հետ, որոնք մեծ մասամբ իր երեվակայության արդյունքն էին, և այնպես էր համեմատում, որ համեմատությունները Ֆլոյդի օգտին էին լինում, իսկ սրա գլուխը պտտվում էր իրենով հիանալուց և ամբողջ աշխարհի նկատմամբ ներողամիտ խղճահարությունից, որ այսքան ժամանակ չէր նկատել իր արժանիքները։ Ֆրեդան ավելի հմտորեն էր գործում։ Եթե նա որևէ մեկին շոյում էր, ոչ ոք այդ մասին գլխի չէր ընկնում, եթե նա ստիպված էր լինում ստորանալ, ոչ ոք չէր նկատում նրա ստորացումը։ Եթե տղամարդը զգում էր նրա բարեհաճությունը, ապա այդ զգացումը այնքան հմտորեն էր ներշնչվում նրան, որ սա ամենայն ցանկության դեպքում էլ չէր կարող ասել, թե ինչո՛ւ և ինչպե՛ս առաջացավ այն։ Այսպես ուրեմն, Ֆրեդան ավելի ու ավելի էր կախարդում Ֆլոյդ Վանդերլիպին և ամեն օր զբոսնում նրա շնասահնակով։

Եվ այստեղ էր, որ միսիս Էպինգուելը սխալ գործեց։ Ֆլոյդ Վանդերլիպի մասին սկսեցին ավելի բարձրաձայն և ավելի որոշակի խոսել, նրա անունը կապելով պարուհու անվան հետ, և այս բոլորը հասավ միսիս Էպինգուելին։ Նա նույնպես պատկերացրեց, թե ինչպես այժմ Ֆլոսին մոքասիններով հազիվհազ քայլում է անվերջանալի ճանապարհով, և ահա Ֆլոյդ Վանդերլիպին սկսեցին մի բաժակ թեյի հրավիրել բլրալանջին գտնվող տանը, ու հաճախակի էին հրավիրում։ Ֆլոյդը պարզապես խելքը կորցրեց և արբեց ինքնասիրահարվածությունից։ Տղամարդը դեռ երբեք այդպիսի խարդավանքի զոհ չէր դարձել։ Երեք կանայք, և այն էլ ի՜նչ կանայք, կռվում էին նրա սրտի համար, մինչդեռ չորրորդը շտապում էր, որ իր իրավունքները ներկայացնի նրա նկատմամբ։

Սակայն պատմենք միսիս Էպինգուելի և նրա սխալի մասին։ Միսիս Էպինգուելը նախ այդ ամենի մասին զգուշությամբ խոսեց Սիտկա Չարլիի հետ, որից մի անգամ հույն պարուհին շներ էր գնել։ Բայց միսիս Էպինգուելը անուններ չէր տալիս։ Այն կնոջ մասին, որով հրապուրվել էր Ֆլոյդ Վանդերլիպը, նա այսքանն ասաց. «Դա... ը՜ը... սարսափելի անձնավորություն է», իսկ Սիտկա Չարլին, հասկանալով էքս֊բնորդուհուն, կրկնեց. «Դա... ը՜ը... սարսափելի անձնավորություն է»։ Եվ նա համաձայնվեց միսիս Էպինգուելի հետ, որ շատ վատ է, երբ կինը փորձում է հարսնացուից խլել փեսացուին։

— Ախր նա փոքրիկ աղջիկ է, Չարլի,— ասաց միսիս Էպինգուելը,— երևի շատ ջահել է։ Եվ ահա նա կգա օտար տեղ ու այստեղ կմնա բոլորովին մենակ, առանց որևէ բարեկամի։ Ինչ֊որ բան պետք է ձեռնարկել։

Սիտկա Չարլին խոստացավ օգնել ու գնաց, մտածելով, թե ինչ վատ կնիկ է այդ Լորեն Լիսնաին և որքան ազնիվ են միսիս Էպինգուելն ու Ֆրեդան, եթե նրանք այդպիսի մասնակցություն են ունենում իրենց անծանոթ ինչ֊որ Ֆլոսիի ճակատագրի մեջ։

Պետք է ասել, որ միսիս Էպինգուելը մեծ հոգու տեր կին էր։ Սիտկա Չարլին մի անգամ նրա հետ անցել էր Լռության Լեռներով և հետո նրա հռչակը տարածել՝ պատմելով նրա պարզ, փորձախույզ հայացքի, հստակ, հնչեղ ձայնի և կատարյալ անկեղծության ու շիտակության մասին։ Նրա շուրթերն ասես իրենք իրենց էին դասավորվում հրամայելու համար, և նա սովոր էր միշտ պարզորոշ խոսել։ Սակայն նա չհամարձակվեց այդպես վարվել Ֆլոյդ Վանդերլիպի հետ, քանի որ արդեն նրա գինն իմացավ, բայց թե չվախեցավ գնալ քաղաք՝ Ֆրեդայի մոտ։ Նա օրը ցերեկով իջավ բլրից ու մոտեցավ պարուհու տանը։ Միսիս Էպինգուելը և նրա ամուսինը՝ կապիտանը, դատարկ ասեկոսեներից բարձր էին կանգնած։ Նա անհրաժեշտ էր համարում սեփական աչքերով տեսնել այդ կնոջը ու նրա հետ խոսել, և դրա մեջ ոչ մի ամոթալի բան չէր տեսնում։ Եվ ահա նա ամբողջ հինգ րոպե կանգնեց ձյան մեջ, վաթսուն աստիճանի սառնամանիքի տակ, ջահել պարուհու տան առջև, բանակցություններ վարելով սպասուհու հետ, որից հետո հաճույք ունեցավ լսելու, որ իրեն չեն թողնի այդ տունը մտնել, ու վերադարձավ զայրացած՝ ծանր ապրելով այդ վիրավորանքր։ «Ինչի տեղ է դրել իրեն այդ կինը, որը հրաժարվում է ինձ ընդունել»,— ինքն իրեն հարցնում էր միսիս Էպինգուելը։ Կարելի էր կարծել, թե իրենք դերերը փոխել են, թե միսիս Էպինգուելը մի հասարակ պարուհի է, որին կապիտանի կինը չուզեց ընդունել։ Իսկ եթե Ֆրեդան գար իր մոտ, բլրի վրա գտնվող իր տունը, միևնույն է, թե ինչ նպատակով, ինքը՝ միսիս Էպինգուելը, սրտաբաց կընդուներ նրան, և իրենք միասին կնստեին կրակարանի մոտ, ինչպես հավասարը հավասարի հետ, և անկեղծ կզրուցեին։ Նա խախտեց ընդունված պայմանականությունները և ստորացրեց իրեն, սակայն ինքը այդպիսի խախտումների նկատմամբ վարվում էր ոչ այնպես, ինչպես մյուս կանայք, որոնք ապրում էին ներքևում՝ քաղաքում։ Իսկ հիմա ամաչում էր, որ հենց ինքը այդպիսի խայտառակության ենթարկեց իրեն, և հոգու խորքում դատապարտում էր Ֆրեդային։

Բայց Ֆրեդան արժանի չէր դրան։ Միսիս Էպինգուելը ստորացավ մինչև այդ անառակի հետ հանդիպելը, իսկ Ֆրեդան, որ խստորեն պահպանում էր իր նախկին դիրքի սովորությունները, թույլ չտվեց, որ տեղի ունենար այդ հանդիպումը։ Նա պատրաստ էր աստվածացնելու այնպիսի մի կնոջ, ինչսլիսին միսիս Էպինգուելն էր, և իր համար ավելի մեծ ուրախություն չէր լինի, քան նրան իր տանը ընդունելն ու նրա հետ նստելը՝ պարզապես նստելը, թեկուզ մեկ ժամ. բայց նա հարգում էր միսիս Էպինգուելին և հարգում էր իրեն, թեև նրան ոչ ոք չէր հարգում, ահա հենց այդ էլ նրան խանգարեց զիջելու իր ամենաջերմ ցանկությանը։

Նա դեռ լրիվ ոլշքի չէր եկել միսիս Մաք֊Ֆիի՝ քահանայի կնոջ վերջին այցելությունից հետո, երբ սա քարոզների ու սպառնալիքների մի ամբողջ փոթորիկ տեղաց նրա գլխին, և պարզապեես չէր կարող պատկերացնել, թե ինչ նպատակ ուներ կապիտանի կնոջ այցելությունը։ Նա գիտեր, որ ինքը առանձնապես ոչ մի մեղք չի գործել և, իհարկե, այս անգամ իր դուռը ծեծած կինը իր հոգու փրկության մասին չէր մտածում։ Ապա ինչո՞ւ էր նա եկել։ Որքան էլ մեծ էր Ֆրեդայի միանգամայն օրինական հետաքրքրությունը, նա գազազեց հոգու խորքում և հպարտ, ինչպես հպարտ են բոլոր նրանք, ովքեր հպարտանալու ոչինչ չունեն, այժմ ամբողջ մարմնով դողում էր իր սենյակում, ինչպես աղջիկը սիրածի առաջին շոյանքից հետո։ Եթե միսիս Էպինգուելը տառապում էր բլրալանջով տուն բարձրանալիս, ապա Ֆրեդան տառապում էր երեսնիվայր մահճակալին պառկած, չոր աչքերով ու չորացած շուրթերով։

Միսիս Էպինգուելը լավ էր ճանաչում մարդու բնությունը։ Նա ձգտում էր ամեն ինչ հասկանալ։ Նրա համար դժվար չէր հեռանալ քաղաքակիրթ մարդկանց աշխարհազգացողությունից և իրերին նայել վայրենու տեսանկյունից։ Նա հասկանում էր, որ սոված շունը և սոված մարդը ինչ֊որ ընդհանուր բան ունեն, և կարող էր կռահել թե՛ մեկի և թե՛ մյուսի արարքները համանման հանգամանքներում։ Նրա համար կինը միշտ մնում էր կին, միևնույն է՝ նա թագավորական ծիրանի էր հագած, թե մուրացկանի ցնցոտի, իսկ Ֆրեդան կին էր։ Միսիս Էպինգուելր չէր զարմանա, եթե իրեն ներս թողնեին պարուհու տունը և դիմավորեին, ինչպես հավասարի, չէր զարմանա նաև այն դեպքում, եթե իրեն ընդունեին իսկական հպարտությունից զուրկ կանանց ցուցադրական ամբարտավանությամբ։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, անսպասելի էր ու տհաճ։ Նշանակում է՝ ինքը չի հասկացել Ֆրեդայի տեսակետը։ Եվ լավ է, որ չի հասկացել։ Կան այնպիսի տեսակետներ, որոնք կարելի է հասկանալ միայն ինքնանվաստացման ծանր տառապանքներ անցնելով և, իհարկե, աշխարհի համար ավելի լավ, որ միսիս Էպինգուելի նման կանայք ամեն ինչ հասկանալ չեն կարող։ Չի կարելի հասկանալ, թե ինչ է նշանակում կեղտոտվել, առանց ձեռքերը թանձր ձյութի մեջ կոխելու, իսկ սա շատ կպչուն է. սակայն շատերը հաճույքով են այդ փորձը կատարում։ Այնուամենայնիվ այդ բոլորը կարևոր չէ, եթե հաշվի չառնենք այն, որ միսիս Էպինգուելը վշտացավ, իսկ ջահել պարուհին է՛լ ավելի մեծ սիրով լցվեց դեպի նա։

III

Եվ մի ամբողջ ամիս ամեն ինչ ընթացավ այսպես. միսիս Էպինգուելն աշխատում էր Ֆլոյդ Վանդերլիպին հեռու պահել հույն պարուհու թովչանքներից, մինչև Ֆլոսիի ժամանումը. Ֆլոսին մղոն առ մղոն հաղթահարում էր իր տանջալից ճանապարհը։ Ֆրեդան ամբողջ ուժով կռվում էր էքս֊բնորդուհու դեմ. էքս֊բնորդուհին իր ամեն մի նյարդը լարում էր որսին տիրելու համար, իսկ Ֆլոյդ Վանդերլիպը, ինքն իրենից շատ գոհ, մաքոքի պես պտտվում էր նրանց միջև, իրեն երևակայելով երկրորդ Դոն֊Ժուան։

Նա ինքն էր մեղավոր, որ Լորեն Լիսնաին վերջապես ձեռք գցեց նրան։ Դեպի կնոջ սիրտը տանող տղամարդու ուղիները երբեմն այնքան զարմանալի են, որ դրանք հասկանալը հեշտ չէ, բայց դեպի տղամարդու սիրտը տանող կանանց ճանապարհները արդեն բոլորովին անըմբռնելի են. ուրեմն անզգույշ կլիներ այն մարգարեն, որր կհամարձակվեր կանխագուշակել, թե մոտակա օրերի ընթացքում ինչպես կզարգանան իրադարձությունները Ֆլոյդ Վանդերլիպի կյանքում։ Գուցե նա էքս֊բնորդուհով հրապուրված էր այն պատճառով, որ սա շատ գեղեցիկ կենդանի էր, գուցե սա նրա երևակայությունը գերել էր հին Աշխարհի պալատների և արքայազների վերաբերյալ իր շաղակրատանքով, ինչ էլ որ լիներ, նա կուրացրել էր Ֆլոյդ Վանդերլիպին, որի կյանքը դասավորվել էր խուլ ու վայրի տեղում, և Ֆլոյդը վերջապես ենթարկվեց միասին Յուքոնով ցած իջնելու և Քառասուներորդ Մղոնում թաքուն պսակվելու նրա հորդորանքներին։ Այդ որոշմանը հանգելով, Ֆլոյդը շներ գնեց Սիտկա Չարլիից. երբ Լորեն Լիսնաիի նման կինն է ճանապարհորդում, ապա մի շնալծվածքը քիչ է, իսկ այնուհետև գնաց Բոնանզի ստորին հոսանքները, որպեսզի իր բացակայության ընթացքում հանքերն հսկելու կարգադրություններ անի։

Նա, թեև բավական մշուշոտ կերպով, բացատրեց, որ շներն իրեն հարկավոր են գերանները սղոցարանից ողողման փողրակների մոտ տեղափոխելու համար, և այստեղ էր, որ Սիտկա Չարլին դրսևորեց իր հնարամտությունը։ Նա համաձայնեց շներ ճարել նշված օրվա համար. բայց հենց որ Ֆլոյդ Վանդերլիպը մեկնեց Բոնանզի վերին հոսանքները, Չարլին մեծ հուզմունքով եկավ Լորեն Լիսնաիի մոտ։ Արդյոք տիկնոջը հայտնի՞ է, թե ուր է գնացել միստր Վանդերլիպը։ Ինքը՝ Սիտկա Չարլին, պարտավորվել է որոշակի օրվա համար մեծ թվով շներ մատակարարել այդ ջենթլմենին, բայց անամոթ առևտրական գերմանացի Մայերսը նախապես գնել է բոլոր շներն ու այժմ նրանց պահում է իր մոտ։ Ինքր՝ Սիտկա Չարլին, անպայման պետք է տեսնվի միստր Վանդերլիպի հետ և նրան հաղորդի, որ անամոթ գերմանացու մեղքով ինքը մի ամբողջ շաբաթ կուշացնի շների մատակարարումը։ Ուրեմն տիկինը գիտե՞, թե ուր է գնացել Վանդերլիպը, Բոնանզի հոսանքով դեպի վերև։ Հիանալի է։ Սիտկա Չարլին անմիջապես կհասնի նրա հետևից և կնախազգուշացնի, որ, ցավոք սրտի, գործն ուշանալու է։ Ի՞նչ ասաց տիկինը։ Շները միստր Վանդերլիպին հարկավոր կլինեն ուրբաթ օրը երեկոյա՞ն։ Դրանք անպայման պետք է հասցնել այդ օ՞րը։ Այ անհաջողություն։ Բայց այդ բոլորի մեղավորը անամոթ գերմանացին է. այդ նա է բարձրացրել գները։ Յուրաքանչյուր շան գինը հասել է հիսուն դոլլարի, և եթե Սիտկան այդքան թանկ գնի դրանք, ապա վնաս կկրի։ Եվ հայտնի չէ, արդյո՞ք միստր Վանդերլիպը կհամաձայնի ավելի թանկ վճարել, քան պայմանավորվել էին։ Տիկինը համողված է, որ նա կհամաձայնի՞։ Եվ որպես միստր Վանդերլիպի բարեկամ, նույնիսկ ի՞նքը կվճարի տարբերությունը։ Միստր Վւանդերլիպը հո դեմ չի՞ լինի դրան։ Տիկնոջ կողմից շատ սիրալիր է Վանդերլիպի շահերն այդպես պաշտպանելը։ Ուրեմն ուրբաթ օրը երեկոյա՞ն։ Հիանալի է։ Շներր կլինեն։

Մի ժամ անց Ֆրեդան իմացավ, որ սիրահարների փախուստը նշանակված է ուրբաթ օրը։ Իմացավ նաև, որ Ֆլոյդ Վանդերլիպը գնացել է Բոնանզի վերին հոսանքները, հետևապես իր ձեռքերը կապված են։ Ուրբաթ առավոտյան սառցի վրայով եկավ Դևերոն՝ կառավարական սուրհանդակը, որը ճեպագրեր էր բերել նահանգապետից։ Ճեպագրերի հետ նա լուրեր էր բերել նաև Ֆլոսիի մասին։ Ինքը Վաթսուներորդ Մղոնում անցել է նրա կանգատեղիի մոտով, ասաց նա, մարդիկ ու շները լավ վիճակում են, իսկ Ֆլոսին, անպայման կժամանի շաբաթ օրը։ Այս լսելով՝ միսիս Էպինգուելը մեծ թեթևություն զգաց։ Հիմա Ֆլոյդ Վանդերլիպը հեռու է, Բոնանզի վերին հոսանքում, մտածում էր նա, և նախքան պարուհին կհասցնի նորից տիրանալ նրան, հարսնացուն արդեն այստեղ կլինի։ Բայց հենց նույն օրը միսիս Էպինգուելի վիթխարի գամփռը, որր փայլուն կերպով պաշտպանում էր առաջամուտքը, ենթարկվեց ճանապարհին սովի մատնված, կեր որոնելու համար թափառող տասնյակ շների հարձակմանը, որոնք տապալեցին նրան։ Կես րոպեի ընթացքում նա թաղվեց բրդոտ մարմինների կույտի տակ, մինչև որ նրան դուրս քաշեցին կացիններով զինված երկու հաղթանդամ տղամարդիկ։ Եթե նրանք մի երկու րոպե էլ ուշանային, ապա գամփռը, հավանաբար, բզկտված կլիներ և հարձակվողներից յուրաքանչյուրը իր բաժինը կստանար, բայց գործը այլ կերպ դասավորվեց և գամփռին կարողացան միայն վիրավորել։ Կանչեցին Սիտկա Չարլիին, և սա ստիպված եղավ առանձնապես զբաղվել առջևի աջ թաթով, որը օտար երախում մի ակնթարթ ավելի էր մնացել, քան կարելի էր։ Երբ հնդկացին գնալուց առաջ թաթմաններն էր հագնում, խոսք բացվեց Ֆլոսիի մասին և, բնականաբար, փոխադրվեց «այդ... ըը՜... սարսափելի անձնավորության» շուրջը։ Սիտկա Չարլին պատահականորեն ասաց, որ ինքը պատրաստվում է այս գիշեր Ֆլոյդ Վանդերլիպի հետ միասին Յուքոնով ներքև մեկնել և, բացի այդ, ակնարկեց, որ տարվա այս եղանակին ամեն ինչ կարող է պատահել ճանապարհին։

Այն ժամանակ միսիս Էպինգուելը է՛լ ավելի խստորեն սկսեց դատապարտել Ֆրեդային։ Նա մի երկտող գրեց և Ֆլոյդ Վանդերլիպին ուղարկեց սուրհանդակի միջոցով, որ հասցեատիրոջը պետք է սպասեր Բոնանզի գետաբերանում։ Ֆրեդայից երկտող ստացած մեկ ուրիշ սուրհանդակ նրան էր սպասում նույն ստրատեգիական կետում։ Եվ այսպես Ֆլոյդ Վանդերլիպը, որը հանգչող օրվա լույսի տակ շներով սլացել էր Բոնանզով դեպի ներքև, երկու գրությունն էլ ստացավ միաժամանակ։ Նա Ֆրեդայի գրությունը պատռեց։ Ո՛չ, ինքը Ֆրեդայի մոտ չի գնա։ Այո գիշեր ինքը ավելի կարևոր գործերով զբաղված կլինի։ Բացի այդ, Ֆրեդայի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Բայց միսիս Էպինգուե՜լը։ Ինքը կկատարի նրա վերջին ցանկությունը, ավելի ճիշտ՝ կօգտվի նրա ցանկությունը կատարելու վերջին հնարավորությունից, և նահանգապետական պարահանդեսում կհանդիպի նրա հետ, որպեսզի լսի այն, ինչ նա ուզում է ասել իրեն, Դատելով գրության տոնից, գործը մի ինչ֊որ շատ կարևոր բանի է վերաբերում, իսկ եթե հանկարծ... նա երանությամբ ժպտաց, բայց այնպես էլ մինչև վերջ չտարավ առկայծած միտքը։ Գրո՜ղը տանի, համա թե իր բախտը բերում է կանանց հարցում։ Գրության կտորները ձյան մեջ շպրտելով՝ նա շներին արագ քշեց դեպի իր տունը։ Պարահանդեսը գիմակավոր զգեստով էր։ Ֆլոյդ Վանդերլիպը պետք է դուրս բերեր այն զգեստը, որ երկու ամիս առաջ հագել էր «օպերայում» տեղի ունեցած պարահանդեսի ժամանակ. նաև հարկավոր էր սափրվել և ուտել։ Ահա թե ինչու բոլոր շահագրգռված անձանցից միայն նա չգիտեր, որ Ֆլոսին արդեն շատ մոտ է։

— Ճիշտ կեսգիշերին շներին կքշես հիվանդանոցի հետևում գտնվող սառցանցքի մոտ։ Միայն թե տես, անհարմար դրության մեջ չգցես,— հրամայեց նա Սիտկա Չարլիին, որը ներս մտավ զեկուցելու, որ կազմը լրիվ դարձնելու համար միայն մեկ շուն է պակասում, բայց դա էլ կգտնվի մոտավորապես մեկ ժամ հետո։— Ահա պարկը։ Իսկ կշեռքն այստեղ է։ Ինքդ կշռիր, ինչքան քեզ հասնում է, և ինձնից ձեռ քաշիր։ Ես պետք է պարահանդեսի պատրաստվեմ։

Սիտկա Չարլին կշռեց իր հասանելիքը և հեռացավ, հետը տանելով Լորեն Լիսնաիին հասցեագրված մի նամակ, որի բովանդակությունը, ինչպես նա կռահեց, վերաբերում էր ճիշտ կեսգիշերին հիվանդանոցի հետևում գտնվող սառցանցքի մոտ հանդիպելուն։

IV

Ֆրեդան երկու անգամ սուրհանդակներ ուղարկեց Զորանոցներy, որտեղ պարերն արդեն հունի մեջ էին ընկել, և երկու անգամն էլ նրանք վերադարձան առանց պատասխան ստանալու։ Այն ժամանակ Ֆրեդան վարվեց այնպես, ինչպես կարող էր վարվել միայն ինքը. փաթաթվեց իր մորթիների մեջ, հագավ դիմակը և անձամբ գնաց պարահանդես։ Պետք է ասել, որ «պեդանտ պաշտոնյաների» մոտ մի սովորություն կար (ճիշտ է, ոչ ինքնատիպ), որը նրանք վաղուց պահպանում էին։ Դա մի շատ իմաստուն սովորություն էր, քանի որ նրանց կանանց ու դուստրերին պահպանում էր անցանկալի հանդիպումներից և ապահովում զվարճացող հասարակության խիստ ընտրությունը։ Ամեն անգամ հենց որ դիմակահանդես էր կազմակերպվում, ընտրում էին հանձնաժողով, որի միակ պարտականությունն էր՝ կանգնել մուտքի դռան մոտ և նայել առանց բացառության յուրաքանչյուր ներս մտնողի դիմակի տակ։ Սովորաբար տղամարդիկ չէին ձգտում այդպիսի գործով զբաղվել, բայց ընտրությունը միշտ ընկնում էր հենց նրանց վրա, ովքեր ամենից քիչ էին այդ ուզում։ Քահանան դեմքով վատ էր ճանաչում քաղաքացիներին և բավականաչափ չէր ջոկում նրանց հասարակական դիրքը, ուստի և չէր կարող վճռել, թե ում կարելի է ներս թողնել և ում՝ չի կարելի։ Նույնքան անտեղյակ էին նաև մի քանի ուրիշ հարգարժան ջենթլմեններ, որոնք ոչ մի բան այնքան չէին տենչում, որքան՝ ծառայել հասարակությանը։ Միսիս Մաք֊Ֆին նույնիսկ պատրաստ էր հոգու փրկությունը վտանգի տակ դնել այդ հանձն աժողովի մեջ ընկնելու համար, և մի անգամ այդ բանը նրան հաջողվեց, բայց նույն երեկոյան նրա քթի տակով անցան երեք դիմակներ, որոնք նախքան մերկացվելը, կարողացան իրենց անելիքն անել։ Այդ դեպքից հետո սկսեցին հանձնաժողովի մեջ ընտրել միայն շրջահայաց մարդկանց, թեև սրանք մեծ դժկամությամբ էին համաձայնում։

Այդ երեկոյան դռան մոտ կանգնած էր Փրինսը։ Նրա վրա ճնշում դործադրեցին, և նա զարմանքից դեռ ուշքի չէր եկել, երբ համաձայնվեց այդ պաշտոնն ստանձնել, ռիսկ անելով իր բարեկամների կեսին կորցնել սոսկ այն բանի համար, որպեսզի գոհացնի մյուս կեսին։ Ներս չթողնվածներից երեք-չորս հոգին այնպիսի մարդիկ էին, որոնց հետ նա ծանոթացել էր հանքերում կամ ճանապարհին, ու նրանք բոլորն էլ լավ տղաներ էին, թեկուզև ոչ այնքան հարմար այդպիսի ընտիր հասարակության համար։ Եվ Փրինսն արդեն սկսել էր մտածել, թե ինչ հնարքով շուտ դուրս պրծնի իր պաշտոնից, երբ հանկարծ լուսավորված շքամուտքից ներս ճախրեց մի կին։ Ֆրեդա՜ն։ Փրինսը կարող էր երդվել, որ այդ նա է, եթե նույնիսկ նրա մորթիներն էլ չճանաչեր. չէ որ նրան քաջ ծանոթ էր այդ գլխի դիրքը։ Ով՝ ով, բայց որ Ֆրեդա՛ն այստեղ հայտնվեր, երբեք չէր սպասում։ Նա մտածում, էր, որ Ֆրեդան խելոք է և չի ուզենա այսպես խայտառակվել մերժում ստանալ կամ, եթե նրան հաջողվի ծպտված պարահանդես թափանցել, ճաշակել կանացի արհամարհանքի ամբողջ ծանրությունը։ Փրինսը գլուխն օրորեց, առանց դիմակի տակ նայելու. նա շատ լավ էր ճանաչում այդ կնոջը և չէր կարող սխալվել։ Բայց սա բավականաչափ մոտեցավ, արագորեն բարձրացրեց իր մետաքսե սև դիմակը և նույնքան արագորեն իջեցրեց։ Փրինսը սոսկ մի պահ տեսավ նրա դեմքը, բայց այդ պահն էլ հավերժություն թվաց նրան։ Իզուր չէին ասում, թե Ֆրեդան տղամարդկանց հետ խաղ է անում այնպես, ինչպես երեխան օճառի պղպջակների հետ։ Ոչ ոք ոչ մի բառ չասաց։ Փրինսը մի քայլ ետ գնաց, իսկ մի քանի րոպե անց մարդիկ լսեցին, թե ինչպես նա բուռն կերպով, բայց կցկտուր խնդրում էր իրեն ազատել այդ պարտականությունից, որը ինքը անբարեխղճությամբ էր կատարում։


Ճկուն, նրբիրան, բայց, թերևս, ուժեղ կինը (այնքա՜ն հստակ ու ռիթմիկ էին նրա շարժումները) մերթ կանդ էր առնում հյուրերի մի խմբի մոտ, մերթ նայում մեկ ուրիշ խմբի, անընդհատ խուսանավելով բազմության մեջ։ Տղամարդիկ ճանաչում էին նրա մորթիներն ու զարմանում՝ հենց այն տղամարդիկ, որոնց հարկավոր էր մուտքը պահպանող հանձնաժողովի մեջ ընտրել։ Բայց նրանք չէին ուզում աղմուկ բարձրացնել։ Ուրիշ բան են կանայք։ Նրանց մոտ ընդհանրապես ավելի լավ է զարգացած կազմվածքի ու կառուցվածքի հիշողությունը, և նրանք անմիջապես կռահեցին, որ այդ հյուրը իրենց շրջանակին չի պատկանում, այսպիսի մորթիներ էլ չէին տեսել նրանք։ Բայց ահա միսիս Մաք֊Ֆին, դուրս գալով սրահից, որտեղ արդեն Ընթրիքի սեղանները բացված էին, մետաքսե դիմակի արանքից որսաց փայլատակող, որոնող հայացքը ու ցնցվեց։ Հիշողությունը լարած, նա ջանում էր մտաբերել, թե որտեղ է տեսել այդ աչքերր, և նրա առջև հառնեց այն հպարտ ու ըմբոստ մեղավոր կնոջ կենդանի կերպարը, որին ինքը՝ քահանայի կինը, մի անգամ ապարդյուն փորձել էր ճիշտ ճանապարհի բերել ի փառս աստծու։

Եվ ահա այս առաքինի կինը, կրակոտ և արդար զայրույթով բռնկված, ընկավ թարմ հետքի վրա, իսկ այդ հետքը նրան բերեց միսիս Էպինգոլելի և Ֆլոյդ Վանդերլիպի մոտ։ Միսիս Էպինգուելը հենց նոր էր հարմար ժամանակ գտել Վանդերլիպի հետ զրուցելու համար։ Նա վճռել էր այսպես, քանի որ Ֆլոսին այդքան մոտ է, պետք է բացեիբաց խոսել, և արդեն պատրաստ էր շուրթերից Բաց թողնելու խայթող հակիրճ քարոզը, երբ հանկարծ մի երրորդ անձնավորություն խանգարեց նրանց զրույցը։ Մորթիներով կինը անհապաղ տիրեց Ֆլոյդ Վանդերլիպին, նախապես ասելով. «Ներեցեք, խնդրեմ», իսկ միսիս Էպինգուելը, նկատելով, որ նա օտարերկրացու հաճելի առոգանությամբ ասաց այդ բառերը, գլուխը քաղաքավարությամբ խոնարհելով՝ նրանց երկուսին թույլ տվեց առանձնանալ։

Այ ստեղ էր, որ միսիս Մաք֊Ֆիի պատժիչ ձեռքն իջավ ու կասկածելի կնոջ սև դիմակը պոկեց։ Սքանչելի դեմք ու փայլատակող աչքեր. ահա թե ինչ տեսան այդ տեսարանի հետաքրքրասեր, բայց համր վկաները, իսկ վկա էին բոլորը։ Ֆլոյդ Վանդերլիպը իրեն կորցրեց։ Այնպիսի դրություն էր ստեղծվում, որ իր գինն իմացող տղամարդը պարտավոր էր անհապաղ ինչ֊որ բան ձեռնարկել, իսկ Ֆլոյդը իրեն կորցրեց։ Նա միայն անօգնական կերպով շուրջն էր նայում։ Միսիս Էպինգուելը մտահոգված էր։ Նա ոչինչ չէր կարող հասկանալ։ Միսիս Մաք-Ֆին պետք է մի կերպ բացատրեր իր արարքը, և նա չհապաղեց այդ անել։

— Միսիս Էպինգուել,— ծվծվաց նրա կելտական սուր ձայնը,— թույլ տվեք ինձ Ֆրեդա Մոլուֆին ձեզ ներկայացնելու հաճույքն ունենալ։ _Միսս_ Ֆրեդա Մոլուֆին՝ եթե չեմ սխալվում։

Ֆրեդան ակամայից շրջվեց։ Այժմ, երբ նրա դեմքը բաց էր, նրան, ասես քնի մեջ, թվում էր, թե ինքը մերկ կանգնած է վառվող աչքերի ու դիմակներով ծածկված դեմքերի օղակում։ Թվում էր, թե սոված շների ոհմակը շրջապատել է իրեն և ուր որ է վրա կպրծնի։ Բայց գուցե և ոմանք խղճում են իրեն, մտածեց նա, և այդ մտածելիս՝ կատաղեց։ Ո՛չ, ավելի լավ է թող արհամարհեն։ Նա՝ այդ կինը, ուժեղ է հոգով, ու թեև նպատականշված զոհին որսալը գայլի ոհմակի հենց խորքն էր բերել իրեն, իսկ կողքին հենց ինքը միսիս Էպինգուելն էր կանգնած, այնուամենայնիվ, նրա մտքով չանցավ իր որսից հրաժարվել։

Եվ այստեղ միսիս Էպինգուելը մի անհասկանալի արարք թույլ տվեց։ Ա՜յ թե ինչպիսին է Ֆրեդան,— մ տա ծում էր նա,— այդ պարուհին և տղամարդկանց կործանողը, այն կինը, որը իրեն չրնդունեց։ Բայց միևնույն ժամանակ միսիս Էպինգուելը շատ պարզորոշ հասկանում էր, թե ինչպիսի ամոթ է կրծում այդ տիրական սիրտը, կարծես հենց ինքն էր մերկացված։ Հնարավոր է անհավասար հակառակորդի հետ կռվելու անգլոսաքսերին հատուկ անցանկալիությունը խոսեց նրա մեջ, հնարավոր է, որ խոսեց այդ տղամարդու համար պայքարում սեփական ուժերն ամրապնդելու ցանկությունը, բայց գուցե և թե՛ մեկը, թե՛ մյուսը, բայց այսպես կամ այնպես՝ նա շատ անսպասելի վարվեց։ Հենց որ միսիս Մաք-Ֆիի բարակ, չարախնդությունից դողացող ձայնը հնչեց, ու Ֆրեդան ակամայից շրջվեց, միսիս Էպինգուելը նայեց նրան, հանեց իր դիմակը և գլուխը խոնարհեց՝ ի նշան ծանոթանալու համաձայնության։

Այդ երկու կանայք սոսկ մի ակնթարթ իրար նայեցին, բայց, ինչպես Փրինսին՝ մուտքի մոտ, այդ ակնթարթը նրանց հավերժություն թվաց։ Մեկը՝ հրացայտ, փայլատակող աչքերով, հալածված ու գազազած, նախապես տառապած, նախապես վրդովված անխուսափելի արհամարհանքից, ծաղր ու ծանակից, վիրավորանքներից, որոնք ինքն էր բերել իր գրի խին,— մարմնի և հոգու բոցկլտացող, քլթքլթացող մի հրաշագեդ հրաբուխ։ Իսկ մյուսր՝ փոքր֊ինչ սառը, հանգիստ, պարզ, իր անբասիրության գիտակցումից ուժեղ, իր նկատմամբ վստահ, իրեն բոլորովին ազատ զգացող, անկիրք, անվրդով սառը մարմարից կերտված արձան։ Եթե նրանց միջև անդունդ կար, ապա միսիս Էպինգուելը պարզապես չցանկացավ այդ նկատել։ Նրան հարկավոր չէր ոչ կամուրջ գցել, ոչ էլ բարձունքներից իջնել Ֆրեդային մոտենալու համար. նա իր ամբողջ տեսքով ցույց էր տալիս, որ նրան համարում է իրեն հավասար։ Հանգիստ հասկացնել էր տալիս, որ իրենք երկուսն էլ ամենից առաջ կին են։ Եվ դրանով էլ կատաղեցրեց Ֆրեդային։ Դա տեղի չէր ունենա, եթե Ֆրեդան ավելի պարզ լիներ, բայց նրա հոգին զդայուն գործիք էր և այդ պատճառով էլ կարող էր ուրիշի հոգին թափանցել մինչև ամենանվիրական խորքերը։ «Ինչո՞ւ դուք ձեզ չեք քաշում ձեր զգեստի փեշը, որ ինձ չկպչի,— պատրաստ էր բացականչելու նա այդ հավերժական պահին։— Վիրավորեցեք ինձ, թքեք ինձ վրա, դա ավելի լավ է, ավելի բարեգութ, քան այդպես վարվելը»։ Նա դողում էր։ Նրա ռունգները լայնացան ու թրթռացին, բաչց նա իրեն հավաքեց ու գլխի շարժումով պատասխանեց միսիս Էպինգուելի գլխի շարժումին և շրջվեց դեպի Վանդերլիպը։

— Գնանք, Ֆլոյդ,— ասաց նա ուղղակի։— Դուք հիմա ինձ պետք եք։

— Ինչ գրո...— բռնկվեց հանկարծ Ֆլոյդը, բայց խոսքի վերջավորությունը կուլ տվեց ժամանակին։ Ո՞ւր կորավ նրա հնարամտությունը։ Այս հիմար դրության մեջ ընկնելն էր պակաս։ Նա հազաց, կռնչաց, անվճռականորեն լաչն ուսերը բարձրացրեց և աչքերը աղերսանքով հառեց երկու կանանց։

— Մի րոպե ներեցեք, բայց թույլ կտա՞ք, որ նախ ես խոսեմ միստր Վանդերլիպի հետ։

Միսիս Էպինգուելի խաղաղ ձայնը հիշեցնում էր սրինգը, բայց նրա ելևէջների մեջ հաստատ կամքն էր հնչում։

Ֆլոյդը շնորհակալությամբ նայեց միսիս Էպինգուելին։ Դե՛, իհարկե, ինքը հաճույքով կխոսի միսիս Էպինգուելի հետ։

— Ներեցեք,— ասաց Ֆրեդան,— դրա համար այլևս ժամանակ չկա։ Նա պետք է ինձ հետ հեռանա հենց այս րոպեին։

Այս քաղաքավարի արտահայտությունները հեշտութչամթ էին պոկվում նրա շուրթերից, բայց նա ժպտաց հոգու խորքում. դրանք այնքա՜ն անարտահայտիչ, այնքա՜ն թույլ թվացին իրեն։ Շատ ավելի լավ կլիներ բարձրաձայն գոռալ.

— Բակց, միսս Մոլուֆ, ո՞վ եք դուք, որ ձեզ թույլ եք տալիս տնօրինել միստր Վանդերլիպին և ղեկավարել նրա քայլերը։

Ֆլոյդը ցնծաց, թեթևություն զգալով, և գոհունակությամբ գլխով արեց. Միսիս Էպինգուելը, անշուշտ, իրեն կօգնի դուրս պրծնելու այս խճողումից։ Այս անգամ Ֆրեդան ընդհարվեց արժանի հակառակորդուհու հետ։

— Ես...ես...— կմկմաց Ֆրեդան, բայց նրա կանացի խելքն անմիջապես ճիշտ տակտիկա թելադրեց ,— իսկ դո՛ւք ո՞վ եք, որ ձեզ թույլ տվեցիք այդպիսի հարց տալ։

— Ով եմ ե՞ս։ Ես միսիս Էպինգուելն եմ և...

— Դե՛, իհարկե,— խիստ ընդհատեց նրան Ֆրեդան։— Դուք կապիտանի կին եք և, հետևաբար, դուք կապիտան ամուսին ունեք։ Իսկ ես սոսկ մի պարուհի եմ։ Ձեր ինչի՞ն է պետք այս մարդը։

Չլսվա՜ծ հանդգնություն։ Միսիս Մաք֊Ֆին բորբոքվեց և արդեն կռվի պատրաստվեց, բայց միսիս Էպինգուելը հայացքով նրան ստիպեց լռել ու նոր գրոհի անցավ.

— Միսս Մոլուֆը, ըստ երևույթին, ինչ֊որ իրավունքներ ունի ձեր նկատմամբ, միստր Վանդերլիպ, և այնքան է շտապում, որ ձեր ժամանակից նույնիսկ մի քանի վայրկյան չի կարող ինձ հատկացնել, ուստի ես հարկադրված եմ անմիջականորեն դիմել ձեզ։ Կարելի՞ է ձեզ հետ առանձին խոսել հենց հիմա։

Միսիս Մաք֊Ֆին ատամները կրճտացրեց։ Վերջապես ամոթալի դրությունից ելք գտնվեց։

— Այո՛, ը՜... այսինքն, իհարկե, հաճույքով...— թոթովեց Ֆլոչդ Վանդերլիպը։— Իհարկե, իհարկե,— ավելացրեց նա, աշխուժանալով այն մտքից, որ ինքը շուտով կազատվի։

Տղամարդիկ սոսկ ողնաշարավորներ են, վարժեցված ու ընտելացված, և հետագա ամբողջ ընթացքը բացատրվում է, հավանաբար, նրանով, որ հույն պարուհին ժամանակին երկոտանիննրի այդ ցեղի է՛լ ավելի վայրի ներկայացուցիչների հետ է գլուխ հանել։ Նա շրջվեց դեպի Վանդերլիպը, և դիվային կրակներ բռնկեցին նրա փայլատակող աչքերում։ Թվում էր, թե փայլփլումներով օծված զգեստով այդ գազան հնազանդեցնողը նայում է առյուծին, որը, ի դժբախտություն իրեն, պատկերացրել էր, թե իբր ինքն ազատ է իր գործողություններում։ Եվ տղամարդու մեջ նստած գազանը պոչը ոլորեց, ինչպես մտրակի հարվածի տակ։

— Այսինքն, ը՜ը... ես հետո կխոսեմ ձեզ հետ։ Վաղը, միսիս Էպինգուել, այո, այո։ Վաղը։ Հենց այդ էլ ուզում էի ասել։

Ֆլոյդը իրեն մխիթարում էր նրանով, որ եթե ինքն այստեղ մնա՝ ավելի վատ կլինի։ Իսկ դրանից բացի, ինքը պետք է տեսակցության գնա հիվանդանոցի հետևում գտնվող սառցանցքի մոտ։ Բայց սատանա՛ն տանի։ Պարզվում է, որ վատ էր ճանաչում ինքը Ֆրեդային։ Ա՜յ քեզ ապշեցուցիչ կին։

— Բարի եղեք վերադարձնելու իմ դիմակը, միսիս Մաք֊Ֆի։

Այս անգամ միսիս Մաք֊Ֆին չկարողացավ ոչ մի բառ ասել, բայց դիմակը վերադարձրեց։

— Բարի գիշեր, միսս Մոլուֆ։— Միսիս Էպինգուելը, նույնիսկ պարտված, իրեն թագուհու պես էր պահում։

Ֆրեդան նույնպես «բարի գիշեր» ասաց, թեև հազիվ իր մեջ զսպեց այդ կնոջ ծնկները գրկելու և նրանից ներումն աղերսելու ցանկությունը... ո՛չ, ոչ ներումն, այլ մեկ ուրիշ բան, որր նա պարզ չէր պատկերացնում, բայց, այնուամենայնիվ, տենչում էր։

Ֆլոյդ Վանդերլիպն ուզում էր թևանցուկ անել Ֆրեդային, բայց չէ՞ որ սա իր որսը ճանկել էր այդ գայլի ոհմակի հենց խորքից, և այն զգացումը, որը հնում թագավորներին դրդում էր պարտվածներին իրենց ռազմակառքից կապել, նրան ստիպեց մենակ գնալ դեպի մուտքը, իսկ Ֆլոյդ Վանդերլիպը, հազիվ ոտքերը փոխելով, գնաց նրա հետևից, աշխատելով վերադարձնել իր հոգեկան հավասարակշռությունը։

V

Շատ ցուրտ էր։ Ճանապարհը ոլորվում էր, հարկ եղավ առնվազն չորս մղոն գնալ. և մինչև նրանք գնում էին դեպի պարուհու տունը, սառչող շնչառությունը եղյամով պատեց Ֆրեդայի հոնքերն ու մազերը, իսկ Ֆլոյդի թավ բեղերն այնպես էին սառցակալել, որ նույնիսկ մի բառ արտասանելը ցավ էր պատճառում։ Հյուսիսափայլի կանաչավուն լույսի տակ երևում էր, որ դրսում, դռան մոտ կախված ջերմաչափի սնդիկը սառել էր։ Հարյուրավոր շներ էին ոռնում թախծոտ խմբերգով, անտարբեր աստղերին գանգատվելով իրենց հավերժական վիրավորանքի մասին և կարեկցանք խնդրելով նրանցից։ Օդը բոլորովին անշարժ էր։ Այդ շները ցրտից թաքնվելու տեղ չունեին, այստեղ չկար մի առանձին անկյուն, ուր նրանք կարողանային խցկվել։ Սառնամանիքը թափանցում էր ամենուրեք, իսկ նրանք պառկած էին բաց երկնքի տակ, ժամանակ առ ժամանակ ձգվելով, ուղղելով ճանապարհին հոգնած մկանները և իրար ձայնակցելով գայլանման երկարաձիգ ոռնոցով։

Տանտիրուհին և հյուրը անմիջապես զրույցի չբռնվեցին։ Մինչ սպասուհին մորթիներն էր հանում Ֆրեդայի վրայից, Ֆլոյդ Վանդերլիպը փայտ էր գցում կրակի մեջ, իսկ երբ սպասուհին անցավ մյուս սենյակը, նա երկաթե վառարանի վրա կռացած, դեռևս աշխատում էր հալեցնել իր եղյամակալած բեղերը։ Այդ ավարտելով՝ նա մի ծխախոտ փաթաթեց ու սկսեց բուրումնավետ ծխի օղակների միջից ծուլորեն նայել Ֆրեդային։ Սա թաքուն նայեց ժամացույցին։ Մինչև կեսգիշեր դեռ կես ժամ էլ կար։ Ինչպե՞ս պահել նրան։ Արդյոք նա իր վրա բարկանո՞ւմ է, թե՝ ոչ։ Ի՞նչ տրամադրության մեջ է նա։ Ինչպե՞ս վարվի նրա հետ։ Ոչ, նա իր ուժերի վրա չէր կասկածում։ Ո՛չ, ոչ։ Մինչև Սիտկա Չարլին և Դևերոն նույնպես չանեն այն, ինչ նրանց հանձնարարված է, նա Ֆլոյդին բաց չի թողնի, թեկուզ ատրճանակի սպառնալիքի տակ։

Նրան պահելու շատ եղանակներ կային և, դրանք ծանր ու թեթև անելով, Ֆրեդան է՛լ ավելի արհամարհանքով լցվեց դեպի այդ մարդը։ Նա գլուխը դրեց ձեռքին, և նրա հայացքի առջևով անցավ իր սեփական աղջկությունը, որն այնքան տխուր, այնքան ողբերգականորեն վերջացավ, և նա քիչ մնաց, որ այդ մասին պատմեր Ֆլոյդին, որպեսզի իր ճակատագիրը խրատ լիներ նրա համար։ Աստվա՜ծ իմ։ Այդ պատմությունը այնպես, ինչպես կկարողանար Ֆրեդան պատմել, չէր գթաշարժի միայն ավելի ստոր մի արարածի, քան երկոտանի կենդանին է, բայց... սատանան տանի։ Նա չարժի դրան, չարժի այն տանջանքներին, որ այդ պատմությունը կպատճառի Ֆրեդային։ Մոմը դրված էր նրա թիկունքում, ու մինչ Ֆրեդան իր անցյալի մասին էր մտածում՝ իր համար և՛ սրբազան, և՛ ամոթալի, Ֆլոյդը հրճվում էր նրա վարդագույն ականջիկով։ Այս նկատելով, Ֆրեդան անմիջապես հասկացավ, թե ինչպես պետք է պահի իրեն, և կիսադեմով շրջվեց դեպի Ֆլոյդը։ Իսկ այդ կիսադեմը Ֆրեդայի հմայքներից ամենաչնչինը չէր։ Իհարկե, աղջիկը չէր կարող փոխել ոչ իր դեմքը, ոչ իր կառուցվածքը, և դրա կարիքը չէր էլ զգում. նրանք հրաշագեղ էին. բայց նա վաղուց արդեն ուշադրությամբ ուսումնասիրել էր դրանք և հարկ եղած դեպքում դեմ չէր ցուցադրելու ամենաշահավետ կողմից։ Մոմն սկսեց թարթել. Ֆրեդայի բոլոր շարժումները համակված էին բնածին գեղեցկությամբ, բայց և այնպես, դեղին բոցով շրջապատված կարմիր պատրույգի այրուքը հանելիս նա աշխատեց այդ բանն անել մի առանձին, ընդգծված նրբագեղությամբ։ Հետո նա նորից գլուխը դրեց ձեռքին և այս անգամ մտախոհ աչքերը հառեց Ֆլոյդի վրա։ Իսկ ո՞ր տղամարդը անտարբեր կմնա, երբ գեղեցիկ կինը իրեն է նայում այդպիսի աչքերով։

Ֆրեդան չէր շտապում խոսք բաց անել։ Եթե Ֆլոյդը չի շտապում՝ խնդրե՛մ, ինքը նրան չի շտապեցնի։ Իսկ նա իրեն հրաշալի էր զգում՝ ծխախոտով քաղցրացնելով իր թոքերը և նայելով աղջկան։ Այստեղ հաճելի էր ու տաք, իսկ այնտեղ, սառցանցքի մոտ սկսվում էր այն կածանը, որով ինքը շուտով մեկնելու էր ցուրտ մթության միջով։ Ֆրեդայի վրա պետք էր բարկանալ նրա սարքած տեսարանի համար, բայց չգիտես ինչու բոլորովին էլ չէր բարկանում։ Եվ հետո ոչ մի տեսարան էլ չէր լինի, եթե Մաք֊Ֆին չմիջամտեր։ Եթե ինքը՝ Ֆլոյդը նահանգապետ լիներ, ապա Ֆրեդային ու նրա նմաններին և ընդհանրապես բոլոր բարեպաշտներին ու տերտերներին կստիպեր հարկ վճարել. եռամսյակում հարյուր ունցիա ոսկի ավազ կվերցներ յուրաքանչյուրից։ Ֆրեդան, անկասկած, իսկական տիկնոջ պես էր պահում իրեն... և ոչնչով չզիջեց միսիս Էպինգուելին։ Ֆլոյդը չգիտեր էլ, թե ինչպիսի զսպվածություն ունի նա՝ այդ աղջիկը։ Վանդերլիպը անշտապ զննում էր նրան, ժամանակ առ ժամանակ աչքերով հանդիպելով նրա հետ, բայց նա չէր կարող կռահել, որ խորապես լուրջ այդ հայացքի մեջ է՛լ ավելի խոր ծաղր կար։ Եվ, գրողը տանի, որքան շքեղ է հագնված նա։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է այդպես նայում իրեն։ Գուցե նա նույնպե՞ս ուզում է իր հետ ամուսնանալ։ Շատ հնարավոր է, միայն նա՛ չէ, որ այդ ուզում է։ Ի՞նչ կա որ, նա, իհարկե, առավելություն ունի մյուսների նկատմամբ՝ գեղեցկությունը։ Եվ ջահել է, Լորեն Լիսնաիից ավելի ջահել։ Նա, երևի, քսաներեք֊քսանչորս տարեկան լինի, ոչ ավելի, քան քսանհինգ տարեկան։ Եվ նա երբեք չի ճարպակալի։ Անմիջապես երևում է. Իսկ Լորենի մասին այդ բանն ասել չես կարող։ Լորենը, անկասկած, գիրացել է այն ժամանակից ի վեր, երբ բնորդուհի է եղել։ Լա՛վ։ Թող մի դուրս գան, ինքը նրան կստիպի թափ տալու ճարպը։ Նրան կստիպի դահուկների վրա կանգնել ու ձյունը տրորել շնալծվածքի առջև։ Դա փորձված միջոց է, գործում է անխափան։ Բայց հանկարծ Ֆլոյդի մտքերը գնացին հեռու, Միջերկրական ծովի ափին գտնվող այն դղյակը, որտեղ երկինքն ինքը ծուլության է տրամադրում... Ի՞նչ կդառնա այնտեղ Լորենը։ Ոչ սառնամանիք, ոչ ճանապարհորդություն, ոչ սովահարություն, որոնք այստեղ, Հյուսիսում ժամանակ առ ժամանակ բազմազան են դարձնում կյանքը, իսկ Լորենը կծերանա ու կծերանա և օրեցօր ավելի շատ կճարպակալի։ Իսկ այս աղջիկը, այս Ֆրեդա՜ն... Նա հոգոց հանեց, ակամայից ափսոսալով, որ ծնվել է ոչ Թուրքիայում, որտեղ բազմակնություն է թույլատրվում, ու նորից վերադարձավ իրականություն՝ Ալյասկա։

— Դե՞,— խոսեց նա։

Ժամացույցի երկու սլաքներն էլ կանգնած էին ուղղաձիգ, ցույց տալով կեսգիշեր. վաղուց արդեն սառցանցք մեկնելու ժամանակն էր։

— Օ՜ֆ,— ցնցվեց Ֆրեդան, և այնքան հրապուրիչ ձևով, որ ամբողջովին հիացրեց Ֆլոյդին։ Երբ տղամարդը արդեն վստահ է, որ կինն ուղղակի մոռացության մեջ է ընկել իրեն նայելով, նա պետք է բացառիկ սառնարյուն անձնավորություն լինի, որպեսզի ձեռքում ամուր պահի առագաստապարանը և, զգոն առաջ նայելով, ճիշտ ընթացքով գնա ալիքների միջով։

— Հենց նոր ինքս ինձ հարցնում էի, թե դուք ինչո՞ւ կամեցաք ինձ տեսնել,— ասաց Ֆլոյդը, իր աթոռը մոտեցնելով սեղանին, Ֆրեդային ավելի մոտիկ։

— Ֆլոյդ,— սկսեց նա՝ սևեռուն նայելով նրա աչքերի մեջ,— ես այս ամենից հոգնել եմ։ ես ուզում եմ մեկնել։ Ես չեմ կարող այստեղ նստել ու սպասել մինչև գետը բացվի։ Եթե ես հիմա չմեկնեմ՝ կմեռնեմ։ Անպայման կմեռնեմ։ Ես ուզում եմ ամեն ինչ թողնել ու գնալ, գնալ անհապաղ։

Ֆրեդան համր կանչով ափը դրեց նրա ձեռքին, իսկ սա շրջվեց, և Ֆրեդայի ձեռքը գերի ընկավ։ «Դե ահա,— մտածեց նա,— մեկն էլ է վզովս ընկնում։ Իսկ Լորենը թող մի քիչ սառչի սառցանցքի մոտ, դրանից ոչինչ չի լինի նրան»։

— Դե՞,— այս անգամ մեղմ ու տագնապալից սկսեց Ֆրեդան։

— Չգիտեմ, թե ինչ ասեմ,— շտապեց պատասխանել նա, մտքում ավելացնելով, թե իրադարձությունները ավելի արագ են զարգանում, քան կարելի էր սպասել։— Ֆրեդա, ես ավելի լավը չեմ ցանկացել։ Դա քաջ հայտնի է ձեզ։— Նա ամուր սեղմեց նրա ձեռքը՝ ափը ափին։

Ֆրեդան գլխով արեց։ Ի՞նչ կա զարմանալու, եթե նա արհամարհում է այս ամբողջ ցեղը։

— Բայց բանն այն է, որ ես... նշանված եմ։ Դուք, իհարկե, այդ մասին դիտեք։ Եվ իմ հարսնացուն այստեղ է գալիս, որպեսզի ինձ հետ ամուսնանա։ Չգիտեմ ինչու մտքովս անցավ առաջարկություն անել նրան, բայց չէ որ դա վաղուց է եղել, երբ ես դեռ խակ տղա էի։

— Ես ուզում եմ այստեղից գնալ, միևնույն է թե ուր,— շարունակեց Ֆրեդան, ուշադրություն չդարձնելով այն խոչընդոտի վրա, որ հարուցեց Ֆլոյդը և որի համար ներողություն խնդրեց։— Ես մտքումս ծանրութեթև արեցի իմ ճանաչած բոլոր տղամարդկանց և եկա այն եզրակացության, որ... որ...

— Ես ամենահարմա՞րն եմ։

Ֆրեդան ժպիտով նրան շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ նա իրեն ազատեց խոստովանություն անելու տհաճ անհրաժեշտությունից։ Ֆլոյդը ազատ ձեռքով նրա գլուխը քաշեց դեպի իր ուսը և զգաց նրա մազերի բույրը։ Նրա մյուս ձեռքի ափը ասես թե ձուլվեց Ֆրեդայի ափի հետ, և նա զգաց, որ իրենք մի ընդհանուր զարկերակ ունեն, որը բաբախում է՝ տուկ֊տուկ֊տուկ... Դա դժվար չէ բացատրել կազմախոսական տվյալներով, բայց այն տղամարդու համար, որը առաջին անգամ է ծանոթացել այդ երևույթի հետ, դա հրաշք է թվում։ Ֆլոյդ Վանդերլիպը ավելի շատ բահի կոթ էր սեղմել, քան կնոջ ձեռք, այդ պատճառով էլ անսպասելի զգացումը չափազանց տարօրինակ ու քաղցր թվաց նրան։ Իսկ երբ Ֆրեդան, գլուխը նրա ուսից չբարձրացնելով, փոքր-ինչ շրջվեց այնպես, որ իր մազերը քսվեցին նրա երեսին, իսկ աչքերը, խոշոր, հարազատ, մեղմ շողացող և... այո՛, և քնքուշ աչքերը հանդիպեցին նրա աչքերին,— ո՞ւմ էր հարկավոր մեղադրել այն բանում, որ նա բոլորովին կորցրեց ինքնատիրապետումը։ Նա դավաճանել էր Ֆլոսիին, ուրեմն ինչո՞ւ չդավաճանել նաև Լորենին։ Եթե կանայք վազում են նրա հետևից, ապա դա բոլորովին էլ չի նշանակում, թե պետք է շտապի ընտրություն անել։ Նա շատ փող ունի, և Ֆրեդան հենց այն աղջիկն է, որը կարող է փայլ տալ դրանց։ Սա բոլորի համար նախանձելի կին կլինի։ Բայց չպետք է շտապել։ Ավելի զգո՜ւյշ։

— Դուք, կարծեմ, այնքան էլ տրամադիր չեք պալատներում ապրելու, ճի՞շտ է,— հարցրեց Ֆլոյդը։

Ֆրեդան գլուխն օրորեց։

— Իսկ ես մի ժամանակ ուզում էի, բայց վերջերս մտածեցի ու որոշեցի, որ այդպես ապրելուց անպայման կհաստանաս, կծուլանաս, կթուլանաս։

— Այո, դա հաճելի է որոշ ժամանակ, բայց երևի շատ շուտ ձանձրացնում է,— Ֆրեդան շտապեց ցրել նրա կասկածները։— Անդորրությունը լավ բան է, բայց կյանքը պետք է բազմակողմանի լինի։ Ինչ֊որ ժամանակ աշխատել, կռվել տարերքի դեմ, իսկ հետո հանգստանալ ինչ֊որ տեղ։ Զբոսանավով գնալ հարավային ծովերը, տեսնել Փարիզը, ձմեռն անցկացնել Հարավային Ամերիկայում, ամառը՝ Նորվեգիայում, մի քանի ամիս՝ Անգլիայում...

— Լավ հասարակության մե՞ջ։

— Անպայման, ամենալավ, իսկ հետո հե՜յ֊հե՜յ, շներով, սահնակով դեպի Հուդզոնի ծոցի ափերը։ Բազմազանություն՝ ահա թե ինչ է հարկավոր։ Ձեզ նման ուժեղ մարդը՝ կենսալից, եռանդուն, մի տարի էլ չէր դիմանա պալատում։ Դա լավ է փափկասունների համար, իսկ դուք այդպիսի կյանքի համար չեք ստեղծված։ Դուք տղամարդ եք, իսկական տղամարդ։

— Այդպե՞ս եք կարծում։

— Այստեղ կարծելու բան չկա։ Ես այդ գիտեմ։ Իսկ դուք նկատե՞լ եք, թե ձեզ համար որքան հեշտ է կանանց գրավելը։

Ֆլոյդի միամիտ անվստահությունը նմանը չուներ։

— Շա՜տ հեշտ է։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև դուք իսկական տղամարդ եք։ Դուք կարող եք կպչել կանացի սրտի ամենանվիրական լարերին։ Կանայք ուզում են հպվել ձեզ, որովհետև դուք այսքան մկանուտ եք, ուժեղ ու քաջ։ Մի խոսքով, որովհետև դուք իսկապես տղամարդ եք։

Ֆրեդան նայեց ժամացույցին։ Նշանակված ժամկետից կես ժամ անցել էր։ Նա Սիտկա Չարլիին թույլ էր տվել ուշանալ երեսուն րոպեից ոչ ավելի, այնպես որ այժմ նշանակություն չուներ, թե երբ կգար Դևերոն։ Ֆրեդայի գործն արված էր նա գլուխը բարձրացրեց, ծիծաղեց ամենաանկեղծ ծիծաղով, ձեռքը ազատեց ու վեր կենալով կանչեց սպասուհուն.

— Ալիսա, միստր Վանդերլիպի մորթե վերարկուն տվեք իրեն։ Իսկ թաթմանները վառարանի մոտ, լուսամուտի գոգին են։

Ֆլոյդը ոչինչ չէր կարող հասկանալ։

— Շնորհակալություն, Ֆլոյդ, սիրալիրության համար։ Դուք շատ բարի եք, որ այսքան ժամանակ հատկացրիք ինձ, և ես դա գնահատում եմ։ Երբ այստեղից դուրս կգաք, կրթեքվեք ձախ, դա սառցանցք տանող ամենակարճ ճանապարհն է։ Բարի գիշեր։ Ես գնում եմ քնելու։

Ֆլոյդ Վանդերլիպը թունդ բառերով արտահայտեց իր զարմանքն ու հիասթափությունը։ Ալիսան տղամարդու հայհոյանք լսել չէր սիրում, ուստի և մորթե վերարկուն գցեց հատակին, իսկ թաթմանները՝ վերարկուի վրա։ Այն ժամանակ Ֆլոյդը նետվեց դեպի Ֆրեդան, իսկ սա չհասցրեց թաքնվել հարևան սենյակում, որովհետև կպավ մորթե վերարկուին և ընկավ։ Ֆլոյդը կոպտորեն բռնեց նրա ձեռքն ու բարձրացրեց, բայց Ֆրեդան միայն բարձրաձայն ծիծաղեց։ Նա տղամարդկանցից չէր վախենում։ Ավելի վատ բան, քան այն, ինչ նրանք արել էին իրեն հետ, այլևս անել չէին կարող։ Բայց չէ՞ որ ինքը, այնուամենայնիվ, դիմացավ, այնպես չէ՞։

— Վերջ տվեք,— դուրս թռավ աղջկա բերանից։— Ի դեպ,— Ֆրեդան նայեց իր գերված ձեռքին,— ես միտքս վախեցի և որոշեցի առայժմ չքնել։ Ավելի հարմար տեղավորվեցեք և ծիծաղելի մի՛ եղեք։ Հարցեր կա՞ն։

— Այո, տիրուհի, և բացի այդ, մենք պետք է հաշիվներս մաքրենք։— Նա դեռևս բաց չէր թողել աղջկա ձեռքը։— Ի՞նչ է ձեզ հայտնի սառցանցքի մասին։ Ի՞նչ նկատի ունեիք, երբ... սակայն, ոչ, այդ մասին հետո։ Նախ պատասխանեցեք առաջին հարցին։

— Առանձնապես ոչինչ էլ հայտնի չէ։ Սիտկա Չարլին այնտեղ տեսակցություն է նշանակել մի անձնավորության հետ, որին դուք, հավանաբար, ճանաչում եք, և նա ինձ խնդրել է ձեզ մի փոքր ուշացնել, վախենալով, որ այսքան հմուտ մի սրտակեր, ինչպիսին դուք եք, կարող է այդ տեսակցությունը փչացնել։ Ահա և բոլորը։ Այժմ նրանք արդեն կես ժամ առաջ գնացել են...

— Ո՞ւր։ Յուքոնով դեպի ներքև՞, և առանց ի՞նձ։ Ախր չէ որ նա հնդկացի է։

— Դուք դիտեք, որ ճաշակի հարցում չեն վիճում, առանձնապես՝ կանանց ճաշակի։

— Բակց թե ի՜նչ դրության մեջ ընկա ես։ Չորս հազար դոլլար ծախսեցի շների վրա և հետո էլ մի լավ կին բաց թողեցի, և փոխարենը ոչինչ չեմ ստանա։ Ձեզնից բացի,— հանկարծ ավելացրեց նա,— և նշանակում է, ես էժան ձեռք բերեցի ձեզ։

Ֆրեդան ուսերը ցնցեց։

— Պատրաստվեցե՛ք։ Ես կգնամ մեկնումեկից երկու շնալծվածք կխնդրեմ, և անմիջապես կմեկնենք։

— Ներեցեք, բայց ես հիմա գնում եմ քնելու։

— Դասավորեցեք ձեր իրերը, և խորհուրդ եմ տալիս չհակառակվել։ Քնել եք ուզում, թե ոչ, բայց երբ ես շներին այստեղ կքշեմ, անիծված լինեմ, եթե դուք սահնակ չնստեք։ Գուցե դուք ինձ հիմարացրել եք, բայց ինձ հետ կատակելը վատ է։ Ես կստիպեմ, որ դուք ձեր խոստումը կատարեք։ Հասկանալի՞ է,

Ֆլոյդը այնպիսի ուժով էր աեղմում Ֆրեդայի դաստակը, որ սա ցավ զգաց, սակայն ուշադիր ականջ դնելով բակում բարձրացած աղմուկին, ժպտաց։ Զնգզնգացին շնալծվածքի զանգակները, մի տղամարդու ձայն «հո՛» արեց, ինչ֊որ մեկի սահնակը անկյունում թեքվեց ու մոտեցավ տանը։

— Դե, այժմ ինձ թույլ կտա՞ք քնել։

Եվ Ֆրեդան դուռը բացեց։ Սենյակ ներխուժեց ցուրտը և հյուսիսափայլի լույսի տակ անվճռական կերպով ոտք ներս դրեց ճանապարհին տրորված հագուստով, մինչև ծնկները գոլորշու քուլաներով պարուրված մի կին։ Նա հանեց վզնոցը, որով մինչև աչքերը ծածկված էր նրա դեմքը, և կանգնեց՝ մոմի լույսից կուրացած աչքերը թարթելով։ Ֆլոյդ Վանգերլիպը առաջ մղվեց։

— Ֆլոյդ,— ուրախ ու թեթևացած բացականչեց կինը և հոգնած ընդառաջ գնաց նրան։

Ի՞նչ կարող էր անել նա, եթե ոչ համբուրել մորթիների այդ կույտը։ Իսկ «կույտը» շատ լավիկն էր, և սա հոգնած, բայց երջանիկ, սեղմվեց նրան։

— Որքա՜ն լավ ես արել, որ միստր Դևերոյին չհոգնած շներով ուղարկել ես իմ հետևից,— խոսեց մորթու «կույտը»։— Եթե նա չլիներ՝ ես միայն վաղը տեղ կհասնեի։

Ֆլոյդը շփոթված նայեց Ֆրեդային և հանկարծ կռահեց.

— Դևերոն շատ սիրալիր գտնվեց, համաձայնելով ձեզ ընդառաջ գալ,— ասաց նա։

— Դու անհամբեր էիր դարձել և ուզում էիր ինձ ավելի շուտ տեսնել, այնպես չէ՞, սիրելիս։— Եվ Ֆլոսին ավելի ամուր սեղմվեց նրան։

— Այո, ես արդեն սկսել էի ջղայնանալ,— խոստովանեց նա աշխուժորեն և, նրան գրկելով, տարավ դեպի մուտքը։

Հենց նույն գիշերը բոլորովին անբացատրելի մի դեպք տեղի ունեցավ կուսակրոն Ջեյմս Բրաունի՝ առաքելականի հետ, որը ապրում էր Յուքոնի հոսանքով մի քանի մղոն ներքև, բնիկների շրջանում, քարոզելով նրանց ճշմարիտ ճանապարհի դուրս գալ, մի ճանապարհ, որը դրախտ է տանում սպիտակամորթին։ Նրան արթնացրեց մի անծանոթ հնդկացի, որը նրա խնամակալությանը հանձնեց ինչ֊որ անհայտ մի կնոջ ոչ միայն հոգին, այլև մարմինը, իսկ ինքը արագորեն մեկնեց։ Կինը չաղլիկ էր, գեղեցիկ, բարկացած, և զայրույթի մեջ վատ խոսքեր էին թռչում նրա շուրթերից։ Հարգարժան առաքելականը շփոթված էր. չէ՞ որ նա դեռ երիտասարդ էր և կնոջ ներկայությունը նրա տան մեջ կարող էր դատապարտելի երևալ իր պարզամիտ հոտին, բարեբախտաբար, հենց որ սկսեց լուսանալ, անծանոթուհին ոտքով գնաց Դոուսոն։

Իսկ բավական ժամանականց, երբ ամառն սկսվեց, շփոթվելու հերթը հասավ Դոուսոնին. տեղի բնակչությունը, Յուքոնի ափը հավաքված լինելով՝ ի պատիվ թագավորական գերդաստանից ինչ֊որ վինձորյան լեդիի, ողջունեց Սիտկա Չարլիին, երբ նա հայտնվեց գետի վրա և, արևի տակ փայլատակող թիակը թափահարելով, առաջինը անցավ վերջնագիծը։ Մրցումների օրը միսիս Էպինգուելը, որն արդեն հասցրել էր շատ բան իմանալ և շատ բաներում իր կարծիքը փոխել, հիշարժան պարահանդեսից հետո առաջին անգամ տեսավ Ֆրեդային։ «Նկատի ունեցեք, բոլորի ներկայությամբ», ինչպես միսիս Մաք֊Ֆին արտահայտվեց, «ոչ մի ուշադրություն և հարգանք չդրսևորելով հասարակության բարոյական հիմքերի նկատմամբ», նա մոտեցավ պարուհուն ու ձեռքը մեկնեց նրան։ Սկզբում, ինչպես ականատեսներն են հիշում, հույն պարուհին ետ֊ետ գնաց, հետո նրանք երկուսն էլ ինչ֊որ բան ասացին իրար, և Ֆրեդան, սքանչելի Ֆրեդան, չդիմացավ ու լաց եղավ, գլուխը հենելով կապիտանի կնոջ ուսին։ Դոուսոնին վիճակված չէր իմանալ, թե միսիս Էպինգուելը ինչ մեղք էր գործել ինչ֊որ հույն պարուհու հանդեպ, բայց միսիս Էպինգուելը Ֆրեդայից ներողություն խնդրեց բոլորի ներկայությամբ, իսկ դա անվայելուչ էր։

Չպետք է մոռանալ նաև միսիս Մաք֊Ֆիին։ Նա նավասենյակ վերցրեց Յուքոն գնացող առաջին իսկ շոգենավում։ Նա իր հետ տարավ այն տեսությունը, որ մշակել էր երկարատև մութ գիշերների անքուն ժամերին. նա համոզված էր, որ Հյուսիսը չի նպաստում հոգևոր աճին, որովհետև այնտեղ չափազանց ցուրտ է։ Այս պնդումը, թերևս, մերկապարանոց է, բայց այդպիսին է միսիս Մաք-Ֆիի տեսությունը։